Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար։ Ծնվել է 1976թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ մայրաքաղաք Երևանում։

1996-1997թթ` «Արմինկո» ՍՊԸ` համակարգչային համակարգերի ինժեներ

1997-1998թթ՝ ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն, ցանցային տեղեկատվության բաժնի գլխավոր մասնագետ

1998թ․՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` համակարգչային բաժնի գլխավոր մասնագետ

1998-1999թթ․՝ «Տրաստբանկ» ՓԲԸ` տեխնոլոգիաների զարգացման և վերլուծության բաժնի մասնագետ

1999-2004թթ․՝ «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան»` առևտրավարկային վարչության մասնագետ, ավագ մասնագետ, վարիչ

2005-2006թթ․՝ «Վալլետա» ՍՊԸ` «Սթար» պրոյեկտի մենեջեր

2006-2012թթ․՝ «Սթար Դիվայդ» ՓԲԸ` գործադիր տնօրեն

2012-2020թթ․՝ «Menu Group – Menu Group UK Ltd»` հիմնադիր, տնօրեն

2020թ․ նոյեմբերի 26-ից ՀՀ էկոնոմիկայի նախարար

Վահան Քերոբյանը հանդիպել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչների հետ

Վահան Քերոբյանը հանդիպել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչների հետ

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 9-ին հանդիպել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչների հետ։   Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը, մակրոտնտեսական ցուցանիշները, տնտեսության զարգացման հիմնական միտումները, ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, ընթացիկ ու մշակման փուլում գտնվող խոշոր նախագծերը։   Վահան Քերոբյանն անդրադարձել է ընկերությունների արտադրողականության բարձրացմանն ուղղված աջակցության գործիքակազմին, այդ թվում՝ տնտեսության արդիականացման միջոցառման բաղադրիչներին, տնտեսապես բարդ ապրանքների արտադրության խթանման, ինչպես նաև թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագրերին։ Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանում զբոսաշրջության ոլորտի օրենսդրական փոփոխությունները։ Նա նաև նշել է, որ պետությունը խոշոր ներդրումներ է իրականացնում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, և առաջիկայում նախատեսվում է ստեղծել 20 զբոսաշրջային կլաստեր։   Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը պատասխանել է միության անդամների հարցերին ու լսել նրանց առաջարկները։
18:57 - 09 փետրվարի, 2024
«Պատժվում են մարդիկ, որոնք չեն գողացել»․ Քերոբյանը՝ կոռուպցիոն գործով կալանավորված փոխնախարարի մասին
 |civilnet.am|

«Պատժվում են մարդիկ, որոնք չեն գողացել»․ Քերոբյանը՝ կոռուպցիոն գործով կալանավորված փոխնախարարի մասին |civilnet.am|

civilnet.am: «Ինտենսիվ այգիների հիմնման ծրագրում չարաշահումները ոչ թե գողության, այլ շահառուների կողմից խարդախություն անելու մասին են։ Դրա համար պատժվում են մարդիկ, որոնք չեն գողացել»։ Կառավարության փետրվարի 8-ի նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ խոսելով մեկ շաբաթ առաջ Քննչական կոմիտեի կողմից ինտենսիվ այգիների հիմնման ծրագրում հայտնաբերված խախտումների ու խարդախությունների մասին։ Այս գործով կա կալանավորված պաշտոնատար անձ էկոնոմիկայի նախարարությունից։ Ըստ Քերոբյանի՝ այդ ամենը պարալիզացնում է էկոնոմիկայի նախարարության աշխատանքը։ «Մեր գյուղատնտեսական վարչությունները հարց են տալիս՝ լավ, մենք ինչպե՞ս շարունակենք աշխատել, որ վստահ լինենք՝ մեր ազնիվ աշխատանքը վերջում չի պատժվելու»,- կառավարության նիստում հարց բարձրացրեց Քերոբյանը։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց՝ իր մոտեցումն այն է, որ պետք է հասկանալ՝ պետական միջոցների գողություն տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ։ «Պլանավորված չարաշահումը, յուրացումն ու կաշառքը ուրիշ բան է։ Մեր ընթացակարգերը բարդ ու խճճված են»,- հայտարարեց Փաշինյանը։ Հիշեցնենք՝ քննչական կոմիտեն հայտնել էր, որ փաստական տվյալներ են ստացվել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները: Մասնավորապես՝ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մասնակից բաժնետիրական ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» օրենքի և Կառավարության որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակցին համարել են պայմաններին չհամապատասխանող և փաստացի հեռացրել մրցույթից: Այս գործի շրջանակներում կալանավորվել են «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, ընկերության աշխատակցուհի Լիլի Մկրյանը և Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, որը «Սիներջի» ընկերությունում բիզնեսի զարգացման տնօրեն է եղել։ Իսկ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ 
12:16 - 08 փետրվարի, 2024
Ոսկու, պլատինի և պալադիումի ձուլակտորների վրա արտահանման տուրք կսահմանվի. նախագիծ |1lurer.am|

Ոսկու, պլատինի և պալադիումի ձուլակտորների վրա արտահանման տուրք կսահմանվի. նախագիծ |1lurer.am|

1lurer.am: Ոսկու, պլատինի և պալադիումի ձուլակտորների վրա կսահմանվի արտահանման տուրք՝ հաշվի առնելով այն, որ այս առևտրով զբաղվող ընկերությունները պետք է որոշակի մասնակցություն ունենան ՀՀ բյուջեին: Այդ մասին Ազգային ժողովի՝ փետրվարի 6-ի նիստին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: «Առաջարկում ենք այս երեք տեսակի ապրանքների վրա սահմանել արտահանման տուրք մոտավորապես իրենց շուկայական արժեքի 0,8-1 տոկոսի սահմաններում՝ կախված՝ այդ պահին շուկայական ինչ գին է, սակայն պետտուրքի մասին օրենքում դա ֆիքսված գին է, ասենք՝ 1 կգ ոսկու համար դա մոտավորապես 200 հազար դրամ է,  մոտավորապես 1 տոկոսն է: Պետք է նշեմ, որ վերջին ժամանակահատվածում այս տիպի առևտուրն էական աճ է արձանագրել, և կարիք կա հնարավորինս արագ դա կարգավորել: Մինչ այժմ մենք, ըստ էության, շատ սերտ աշխատել ենք այս գործունեությամբ զբաղվող ընկերությունների և ՊԵԿ գործընկերների հետ, որպեսզի ապահովենք այս գործունեությամբ զբաղվող ընկերությունների հաշվապահական շահութաբերությունը, որպեսզի դրանից էլ բխեն բյուջեի եկամուտները: Հիմա կարիք կա դա ինստիտուցիոնալացնել և, ըստ էության, մենք առաջարկում ենք այս տուրքերի միջոցով սա ֆիքսել»,- ասաց նա: Քերոբյանը հիշեցրեց, որ արդեն հայտնի են 2023 թվականի տարեկան ցուցանիշները, և որ արտահանման և ներմուծման առումներով գրանցվել է զգալի աճ: «Բայց առաջին անգամ ՀՀ-ի արտաքին առևտրաշրջանառությունը՝ ապրանքների և ծառայությունների, մոտեցել է կամ մենք գնահատում ենք, որ կանցնի 110 տոկոսը մեր ՀՆԱ-ի, իսկ արտաքին առևտրային բացասական սալտոն ավելի մեծ է, քան -2 տոկոսը, այսինքն՝ -2 տոկոսից 0 միջակայքում է լինելու, և դա ցույց է տալիս, որ այն տնտեսական քաղաքականությունը, որը մենք վարում ենք, մեզ բավականին արագ մոտեցնում է մեր Կառավարության դրած թիրախին, այն է՝ հասցնել ապրանքների և ծառայությունների արտահանման ցուցանիշը ՀՆԱ-ի 60 տոկոսին»,- ասաց նա: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց՝ ինչպես է ստացվել, որ Հայաստանում ոսկու վերամշակումը նոյեմբերին 13 անգամ մեծացել է, ադամանդի արտահանումը մոտ 660 միլիոն դոլարի է հասել: Քերոբյանը նախ նշեց, որ խոսքը մոտ 10 ընկերությունների մասին է, որոնք Հայաստանում զբաղվում են ոսկու, պալադիումի և պլատինի արտաքին առևտրով: Նա նաև նշեց, որ արտահանված անմշակ ոսկին Հայաստանում չի դառնում վերջնական բանկային ստանդարտի ոսկու ձուլակտոր, բայց այդ ուղղությամբ աշխատանք է իրականացվում, և հավանական է, որ առաջիկայում այդ մասով կլինեն նորություններ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նկատեց՝ մետաղի ջարդոնների արտահանման մասին նախագծի և այս նախագծի միջև հակասություն է տեսնում, ապա հարցրեց՝ երկաթի դեպքում չի խրախուսվում արտահանումը, իսկ, օրինակ, ոսկու դեպքում խրախուսվո՞ւմ է: Քերոբյանը պարզաբանեց՝ Հայաստանը չի արտադրում ոսկու ձուլակտոր, այսինքն՝ այս դեպքում միջազգային առևտրի մասին է, ոչ թե մեր երկրի ներսում ձևավորված հումքի: «Մեր երկրի ներսում ձևավորված հումքը որևէ այլ կերպ չի կարող արտահանվել՝ բացի Հայաստանից արտահանվելուց, իսկ միջազգային առևտրի մեջ ընդգրկված ընկերությունները հանգիստ կարող են դա անել ուրիշ յուրիսդիկցիայով, մի քանի այլ երկրների միջոցով, և հիմա մենք ունենք մրցակցություն այդ երկրների հետ, որպեսզի ապահովենք այնպիսի միջավայր, որ ընկերությունները ոչ թե ընտրեն այլ յուրիսդիկցիա, այլ, այնուամենայնիվ, Հայաստանի միջոցով դա անեն»,- մեկնաբանեց Քերոբյանը:
11:39 - 06 փետրվարի, 2024
Հայաստանը կմասնակցի Համաշխարհային ներդրումային համաժողովին

Հայաստանը կմասնակցի Համաշխարհային ներդրումային համաժողովին

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող «Համաշխարհային ներդրումային կոնգրես»-ի գլխավոր տնօրեն Վալիդ Ա. Ֆարղալին։ Հանդիպմանը մասնակցել է նաև «Enterprise Armenia» հիմնադրամի ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը։ Հանդիպման ընթացքում քննարկել են Կոնգրեսի կողմից կազմակերպվող Համաշխարհային ներդրումային համաժողովին (AIM) Հայաստանի մասնակցությանը և հայկական տաղավարի ներկայացվածությանը վերաբերող հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել ներդրումային միջավայրի բարելավման և ներդրումային գրավչության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։ Համաժողովը ներդրումների և զարգացման գլոբալ հարթակ է, որը տարին երկու անգամ հավաքում է ավելի քան 6000 ներդրումային շահագրգիռ կողմերի 160 երկրներից:
16:37 - 03 փետրվարի, 2024
«Արհեստական բանականությունն իր նշանակությամբ համեմատվում է գրերի գյուտի հետ, այն շրջադարձային նշանակություն ունի մարդկության եւ տնտեսությունների համար»․ Քերոբյան
 |aravot.am|

«Արհեստական բանականությունն իր նշանակությամբ համեմատվում է գրերի գյուտի հետ, այն շրջադարձային նշանակություն ունի մարդկության եւ տնտեսությունների համար»․ Քերոբյան |aravot.am|

aravot.am: «Մի քանի ամիս առաջ հանդիպեցի Դավիթ Յանի (ABBYY ընկերության հիմնադիր) հետ, որի հետ խոսակցությունը հեղափոխական ազդեցություն ունեցավ ինձ վրա։ Ես հասկացա, որ անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել, որպեսզի մեր խոշոր բիզնեսին եւ խորհրդատվական ընկերություններին պատմենք աշխարհում տեղի ունեցող տեխնոլոգիական հեղափոխության մասին, փորձենք այնպես անել, որ մեր ընկերությունները ոչ թե վերջում, այլ սկզբում օգտագործեն այս տեխնոլոգիական հնարավորությունները»,- այս մասին այսօր «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» համաժողովում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նրա խոսքով՝ աշխարհում արհեստական բանականությունն իր նշանակությամբ համեմատվում է ոչ թե էլեկտրականության կամ ինտերնետի գյուտի հետ, այլ՝ գրերի գյուտի հետ եւ սա նշանակում է, որ այն շրջադարձային նշանակություն ունի մարդկության եւ տնտեսությունների համար։ «Այս համաժողովը կարեւոր է նրանով, որ այն համընկնում է մեր տնտեսական քաղաքականության նպատակի հետ, որը աշխատանքի արդյունավետության բարձրացումն է։ Արհեստական բանականությունը միջազգային բոլոր խորհրդատվական գիտական կենտրոններում համարվում է արտադրողականության խթանման հզոր գործոն։ Ես կոչ եմ անում, որ բիզնեսը համաժողովին վերաբերվի որպես լավ հնարավորություն մոդեռնիզացիայի եւ արտադրողականությունը բարձրացնելու համար, եւ քայլեր ձեռնարկի աշխարհի մակարդակով մրցունակությունը բարձրացնելու ուղղությամբ»,- ասաց Քերոբյանը։ Նա հիշեցրեց, որ կառավարությունը հաստատել է մի ծրագիր, որով ընկերություններին սուբսիդիաների եւ դրամաշնորհների միջոցով աջակցում են թվային տրանսֆորմացիայի գնալ, այդ թվում՝արհեստական բանականության գործիքներն իրենց ընկերություններում կիրառելու համար։
12:07 - 02 փետրվարի, 2024
Անի Իսպիրյանն անբասիր անձնավորություն է․ նա հիմա տանն է․կասկածում եմ, որ իրավապահներն ունեն այդ ապացույցները. Քերոբյան |news.am|

Անի Իսպիրյանն անբասիր անձնավորություն է․ նա հիմա տանն է․կասկածում եմ, որ իրավապահներն ունեն այդ ապացույցները. Քերոբյան |news.am|

news.am: Վերջին իրավիճակը մեծապես խեղաթյուրել է փաստերը և արժեզրկել է Էկոնոմիկայի նախարարության թիմի աշխատանքը, որը վերջին տարիներին հսկայական ռեսուրսներ է դնում տնտեսության ֆենոմենալ աճի համար: Այս մասին նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Էկոնոմիկայի նախարարությունում վերջին սկանդալային զարգացումներին: «Ես առավելապես խոսում եմ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի հետ փոխկապակցված գործի մասին: Անի Իսպիրյանը հիմա տանն է: Նա Ռուսաստանից վերադարձել է Հայաստան «Ի գործ» ծրագրով 2020 թվականին 44-օրյա պատերազմի ժամանակ։ Դա իմ կարծիքով շատ հայանվեր քայլ է, և ես կարող եմ ասել, որ վերջին 3 տարվա իմ համատեղ աշխատանքը իր հետ միայն ամրապնդել է իմ վերաբերմունքը իր նկատմամբ։ Ես ավելի քան վստահ եմ, որ ինքը՝ որպես անձնավորություն, անբասիր անձնավորություն է։ Նախ ասեմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեր ամենօրյա աշխատանքն է։ Եվ ես ունեմ աննկուն հավատարմություն այդ գործընթացի նկատմամբ։ Կոռուպցիան քաղցկեղ է, որը քայքայում է մեր հասարակությունը, մեր տնտեսական աճը, և մեր պարտքն է այն արմատախիլ անել։ Ես հասկանում եմ, որ Անի Իսպիրյանի դեմ մեղադրանքները կարող են կասկածներ առաջացնել հանրության մեջ, բայց պետք չի շտապ եզրակացություններ անել։ 2021 թվականին Էկոնոմիկայի նախարարությունից նույնկերպ ձերբակալեցին այն ժամանակ Լիցենզավորման վարչության պետին։ Արդեն 3 տարի է անցել, բայց մենք դեռևս չունենք մեղադրական ակտ։ Եկեք սպասենք, թե ուր են տանում իրադարձությունները»,- ասաց Քերոբյանը: Անդրադառնալով Անի Իսպիրյանի հետ փոխկապակցված գործին՝ նախարարը նշեց, որ քանի որ դա կառավարության միջոցառումների ծրագրի մեջ ընդգրկված ծրագիր է եղել, ինքը պարբերաբար տեղեկացված է եղել, թե ինչ ընթացք ունի, ինչքան արագ են կարողանում կատարել կառավարության միջոցառումների ծրագրով նախատեսված պարտավորությունները․ «Ես առավել քան վստահ եմ, որ այն պրոցեսները, որոնք ընթացել են, ամբողջությամբ համապատասխանում են Գնումների մասին օրենքին: Ես դետալները չգիտեմ, թե գնումների հանձնաժողովն ինչպիսի գործողություններ է արել, ուղղակի ցանկացած զեկուցման ժամանակ ես վստահեցվել եմ, որ գնումների մասին և ընդհանրապես ՀՀ օրենսդրությունը պաշտպանվել է»։ Նրա խոսքով, ըստ այդ միջոցառման, Էկոնոմիկայի նախարարությունը պետք է ձեռք բերեր «Հանրային ներդրումային ծրագրերի բանկ» կոչվող ծրագրային ապահովումը, որպեսզի այն տասնյակ, հարյուրավոր կապիտալ ներդրումային ծրագրերը, որոնք արվում են պետության կողմից, պատշաճ կերպով վերահսկվեին: Դա IT ծրագիր է: «Դա մրցութային պրոցես է եղել, որին մասնակցել է երկու ընկերություն, և այն մեղադրանքները, որոնք մենք ունենք, որ ինչ-որ մի ընկերության շահերը ոտնահարվել են, իրականում այսօր էկոնոմիկայի նախարարության պայմանագիրը հենց այդ ընկերության հետ է: Այն պնդումը, որ պետությանը էական վնասներ են հասցվել, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Մյուս կազմակերպությունը ինչ-որ փուլում ճանաչվել է հաղթող, սակայն բողոքարկումների ընթացքում վերանայվել է այդ որոշումը և հաղթող է ճանաչվել մյուս ընկերությունը, որի շահերն իբր թե ոտնահարվել են»,- ասաց Վահան Քերոբյանը: Նա օրինակ բերեց, որ նույն էկոնոմիկայի նախարարությունում մարդիկ չեն ցանկանում աշխատել ռիսկային բաժիններում, որտեղ մեծ գումարների հետ կապված գործառույթներ են իրականացվում. «Դա պարալիզացնում է մեր աշխատանքը, մարդիկ ասում են՝ որտե՞ղ է երաշխիքը, որ մեր ցանկացած որոշում չի համարվի պաշտոնի չարաշահում: Իսկ դատարան գնալ;ը համբավի ոտնահարում է, ժամանակի կորուստ է, ընտանիքի հետ կապված բազմաթիվ հարցեր են: Ոչ ոք չի ուզում հասնել այդ փուլին»: Դիտրակմանը, որ ըստ գործի նյութերի Անի Իսպիրյանը մեղադրվում է, որ հօգուտ այդ կազմակերպության ինչ-որ գործողություններ է արել, նախարարն ասաց. «Մեր ցանկացած գործողություն հօգուտ ինչ-որ կազմակերպության է: Պետք է ապացուցվի, որ այդտեղ եղել է կոռուպցիոն շահ: ՔԿ-ի բոլոր հայտարարություններում կոռուպցիոն շահը չի նկարագրվում, չի ասվում՝ էս մարդը որոշում է կայացրել, որովհետև ուներ այս շահը: Թող ապացուցեն, նոր կալանավորեն: Ես կասկածում եմ, որ իրավապահներն ունեն այդ ապացույցները: Երկու դեպքում էլ չեն ասում, որ այս մարդիկ կաշառք են վերցրել, որովհետև այդ մարդիկ իրենց բարեկամն են կամ կա կոռուպցիոն փաստ»,- հայտարարեց Վահան Քերոբյանը: Հիշեցնենք, որ երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ ձերբակալվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։ Նախաքննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392մլն. ՀՀ դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը: Նշված գործողությունների արդյունքում խախտվել են մրցույթի մասնակից հիմնադրամի իրավունքներն ու օրինական շահերը, Էական վնաս է պատճառվել պետությանը:
09:26 - 02 փետրվարի, 2024
Պետք է հասկանալ՝ ինչ է նշանակում «չարաշահում»․ Քերոբյանը՝ Իսպիրյանի ձերբակալման մասին
 |armeniasputnik.am|

Պետք է հասկանալ՝ ինչ է նշանակում «չարաշահում»․ Քերոբյանը՝ Իսպիրյանի ձերբակալման մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը չի շտապում մեկնաբանել փոխնախարար Անի Իսպիրյանի ձերբակալության լուրը։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը շեշտեց՝ պետք է առաջնորդվել անմեղության կանխավարկածով. քանի դեռ մեղադրական դատավճիռ չկա, մարդը չի կարող համարվել մեղավոր։ Նախարարը հիշեցրեց, որ 2021 թվականի հունվարի 29-ին էկոնոմիկայի նախարարությունում կրկին աղմկահարույց ձերբակալություններ եղան, սակայն 3 տարի անց էլ ձերբակալված կամ բերման ենթարկված մարդկանց վերաբերյալ դատական վճիռ չկա։ Առաջարկեց սպասել՝ մինչև քննչական գործողությունների ավարտը։ «Առաջին դրվագը, որը վերաբերում է Անի Իսպիրյանին, այդտեղ 2 կարևոր արտահայտություն բացակայում է՝ կաշառք բառը կամ այլ կերպով մոտիվացված լինելը և չկա բյուջեի փողերի ծախս։ Ուստի իմ համար լրացուցիչ պարզաբանման կարիք ունի, թե ինչ է նշանակում չարաշահում»,- ասաց Քերոբյանը։ Նա շեշտեց՝ տենդերային գործընթացն անընդհատ եղել է իրավաբանների, մյուս գործընկերների, այդ թվում՝ ֆինանսների նախարարության հսկողության տակ։ Ավելի քան վստահ է, որ դատարանով էլ, քննությամբ էլ կպարզվի, որ գնումների մասին և դրա հետ փոխկապակցված օրենքների որևէ խախտում չի եղել։ «Պետք է հասկանանք, թե քննչական կոմիտեի գործընկերներն ինչ են հասկանում «չարաշահում» ասելով։ Պետք է բացատրեն, թե «առերևույթ կոռուպցիոն»-ը որն է։ Դա պետք է լինի կաշառք կամ իր բարեկամին ինչ-որ տենդեր նվիրել, դրա ներքո փողերի տեղաշարժ, որը չկա»,- ասաց Քերոբյանը։ Նա նաև նշեց, որ գործի շրջանակներում իրեն չեն հարցաքննել։ Հիշեցնենք՝ ըստ ՀՀ ԱԱԾ հաղորդագրության՝ ձերբակալվել է Էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետը՝ կաշառառության կասկածանքով, գործով բերման են ենթարկվել շուրջ մեկ տասնյակ անձինք։
13:30 - 01 փետրվարի, 2024
Ընկերությունը հոսքագծերի ներդրման եւ ֆինանսական խնդիրներն է փորձում լուծել, որից հետո կանցնի հոսքագծային արտադրության․ Քերոբյանը՝ «Սեպուհ 1» ավտոմեքենաների արտադրության մասին |aravot.am|

Ընկերությունը հոսքագծերի ներդրման եւ ֆինանսական խնդիրներն է փորձում լուծել, որից հետո կանցնի հոսքագծային արտադրության․ Քերոբյանը՝ «Սեպուհ 1» ավտոմեքենաների արտադրության մասին |aravot.am|

aravot.am: Մինչ օրս 8 մեքենա է արտադրվել, ընկերության ներդրողները հոսքագծերի ներդրման հետ կապված խնդիրները, այդ թվում՝ ֆինանսական, փորձում են լուծել, որից հետո կանցնեն հոսքագծային արտադրության։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով «Սեպուհ 1» ավտոմեքենաների հայկական արտադրությանը։  Այս մեքենաների որակի եւ անվտանգության մասին հարցին Քերոբյանը չպատասխանեց, ասաց՝ չեմ քշել։ Հարցին՝ հնարավո՞ր է կառավարության անդամներն անցնեն «Սեպուհ-1» ավտոմեքենաների վարման, Քերոբյանը պատասխանեց՝ մենք աշխատում ենք փոխել մեքենաները էլեկտրականի։ Գյումրիի չոր նավահանգստի մասին էլ նախարարն ասաց՝ անցած շաբաթ տեղի է ունեցել հանրային ներդրումային կոմիտեի նիստ, հաստատվել է նավահանգստի խորը տեխնիկա-տնտեսական վերլուծությունը․ «Վարչապետը հանձնարարեց ձեւավորել ճանապարհային քարտեզ եւ սկսել իրագործումը։ Քննարկվեց եւ ձեռք բերվեց համաձայնություն, որ չոր նավահանգիստը, որը համընկնում է «Խաղաղության խաչմերուկի» հյուսիս-արեւմտյան հանգույցի հետ, ներդրվի «Խաղաղության խաչմերուկի» ընդհանուր ծրագրի մեջ եւ ներկայանա որպես «Խաղաղության խաչմերուկի» բաղադրիչներից մեկը։ Շրջանառության մեջ է դրվել ճանապարհային քարտեզը, սրան զուգահեռ՝ տարբեր աշխատանքներ ենք տանում՝ ներգրավել խորհրդատվական ընկերություն, կազմել մրցութային փաթեթ, եւ արդեն աշխատել կոնկրետ ներդրումային ընկերություններ ներգրավելու ուղղությամբ»։
14:55 - 25 հունվարի, 2024
Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների հետ կապված գլոբալ խնդիր չկա. Վահան Քերոբյան
 |armenpress.am|

Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների հետ կապված գլոբալ խնդիր չկա. Վահան Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Վերին Լարսի անցակետում ներկայումս չկա հայկական բեռնատարների հետ կապված լուրջ խնդիր: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին հայտարարեց  ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Գլոբալ խնդիր չկա: 1-2 օր բեռնատարները կարող է սպասեն, բայց անցանելիությունը ձմեռվա համար նորմալ մակարդակի է»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ, իհարկե, լավ կլիներ, եթե մեքենաները սահուն հատեին Լարսի անցակետը, բայց նախորդ տարիների համեմատ իրավիճակն ավելի բարվոք է:    Նախօրեին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը տեղեկացրել էր, որ Վրաստանից Ռուսաստան տանող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհը հունվարի 24-ի երեկոյան ձյան պատճառով փակ է եղել խոշոր բեռնատարների համար։ Այսօր արդեն հայտարարվել է ճանապարհի բացվելու մասին:
14:52 - 25 հունվարի, 2024
Աղքատությունը 2023 թվականին էապես կրճատվել է. Քերոբյան
 |1lurer.am|

Աղքատությունը 2023 թվականին էապես կրճատվել է. Քերոբյան |1lurer.am|

1lurer.am: Նույնիսկ 2022 թվականին, երբ Համաշխարհային բանկը, ուրիշ խոշոր միջազգային կազմակերպություններ ահազանգում էին, որ Հայաստանում հնարավոր է՝ աղքատությունը 26,5 տոկոսից աճի մինչև 39,6 տոկոսի, որովհետև բարձր գնաճ է, բայց անկախ բարձր տնտեսական աճի հանգամանքից, հաջողվեց նվազագույն աշխատավարձի, թոշակների՝ ավելի արագ բարձրացման, բազմաթիվ այլ գործիքների՝ պլանավորվածից ավելի արագ ներդրման միջոցով հասնել նրան, որ աղքատությունը ոչ միայն չբարձրացավ, այլև աննշան կրճատվեց: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «26,5-ը դարձավ 24,8, բայց կրճատվեց [աղքատությունը: 2023 թվականի համեմատ, երբ մենք ունենք իրական աշխատավարձերի 13 տոկոս աճ, մենք ունենք 37 հազար նոր բացված աշխատատեղ 1 տարվա ընթացքում, մենք ունենք բարձր տնտեսական աճ և ցածր գնաճ, կարող ենք խոսել այն մասին, որ աղքատությունը 2023 թվականին էապես կրճատվել է»,- ասաց Քերոբյանը՝ նշելով, որ հստակ պարզ կդառնա արդյունքները հրապարակելուց հետո։ 
14:35 - 25 հունվարի, 2024
Հայաստանն ու ԱՄԷ-ն պայմանավորվել են խորացնել գործակցությունը արևային էներգետիկայի արտադրության ոլորտում

Հայաստանն ու ԱՄԷ-ն պայմանավորվել են խորացնել գործակցությունը արևային էներգետիկայի արտադրության ոլորտում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Նարիման Ալ-Մուլլայի և Մասդար ընկերության՝ Հայաստանում իրականացվող նախագծերի համակարգող Մուհամմեդ Ալ Շեհիի հետ պայմանավորվել է խորացնել հետագա գործակցությունը՝ արևային էներգիայի արտադրության ոլորտում։ Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրաշրջանառության ծավալը 2023-ին հասել է 2.8 մլրդ դոլարի, ինչը Էմիրությունները դարձնում է Հայաստանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերը: Մինչև 2023-ի սեպտեմբերի վերջը ԱՄԷ-ից ներդրումների հոսքը կազմել է շուրջ 135 235.1 մլն դրամ, որից ուղղակի համախառն հոսքերը՝105 192.0 մլն դրամ։ Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև գործարար և միջպետական գործակցությունը շարունակում է ընդլայնվել։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:  
22:01 - 24 հունվարի, 2024
Վահան Քերոբյանը Ջեմ Օզդեմիրին ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը

Վահան Քերոբյանը Ջեմ Օզդեմիրին ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Բեռլինում անցկացվող Պարենի և գյուղատնտեսության միջազգային համաժողովի (GFFA) շրջանակում հանդիպել է Պարենի և գյուղատնտեսության դաշնային նախարար Ջեմ Օզդեմիրի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Ռաֆայել Գևորգյանը։  Ինչպես հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը։ Այնուհետև զրուցակիցները մտքեր են փոխանակել աղքատության և սովի դեմ պայքարի գործընթացում Հայաստանի ներգրավվածության վերաբերյալ։ Նախարար Վահան Քերոբյանը հրավիրել է գյուղատնտեսության ոլորտի գերմանական ընկերություններին համագործակցել հայկական կազմակերպությունների հետ։   Ջեմ Օզդեմիրն իր հերթին առաջարկել է ավելի ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում և համատեղ մշակել ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր։
20:51 - 19 հունվարի, 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը Նիլս Աննենին ներկայացրել է Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը

ՀՀ էկոնոմիկայի նախարարը Նիլս Աննենին ներկայացրել է Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը

Նախարար Վահան Քերոբյանը հունվարի 18-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում հանդիպել է ԳԴՀ տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենի հետ։   Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։ Կողմերը քննարկել են բանակցությունների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածություններն ու դրանց իրականացման ընթացքը։   Վահան Քերոբյանը գերմանացի գործընկերոջը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ մատնանշելով ընձեռնվող տնտեսական և կապուղիների զարգացման հնարավորությունները։   Զրույցի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարը Նիլս Աննենին ներկայացրել է նաև Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը։
19:34 - 18 հունվարի, 2024
Հայաստանը Հնդկաստանի համար կարող է տարանցիկ երկիր դառնալ դեպի ԵԱՏՄ և եվրոպական երկրներ․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար

Հայաստանը Հնդկաստանի համար կարող է տարանցիկ երկիր դառնալ դեպի ԵԱՏՄ և եվրոպական երկրներ․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հնդկաստանի Գուջարաթ նահանգում անցկացվող «Կենսունակ Գուջարաթ» համաշխարհային գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնովալի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, լոգիստիկ ենթակառուցվածքների ընդլայնմանը, Հնդկաստան-Իրան-Հայաստան առևտրային կապուղիներին վերաբերող մի շարք հարցեր։ Վահան Քերոբյանն ընդգծել է, որ Հայաստանը Հնդկաստանի համար կարող է տարանցիկ երկիր դառնալ դեպի ԵԱՏՄ և եվրոպական երկրներ։
10:31 - 12 հունվարի, 2024