Տիգրան Ուրիխանյան

Ծնվել է 1979թ. օգոստոսի 27-ին Երեւանում:

1996թ. ընդունվել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետ: 2000թ. դադարեցրել է ուսումը, այնուհետեւ  2004-2007թթ. շարունակել Երեւանի կառավարման եւ կրթության զարգացման համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում: Լեզվաբան: 2001թ. ավարտել է «R & R» ուսումնական կենտրոնը: Ձեռնարկությունների կառավարիչ: 2008թ. ավարտել է Երեւանի միջազգային հարաբերությունների համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբան:

2001-2004թթ.  եղել է «Սարեկ» ՍՊԸ գլխավոր տնօրեն: 2008թ.` «Տրանսկոնսերվիս» ՍՊԸ գործադիր տնօրեն: 2009-2011թթ.` Հայռուսգազարդի «ԷյԻՋԻ սերվիս» ՍՊԸ գլխավոր տնօրենի խորհրդական:

2000թ. հիմնադրել է Հայաստանի Առաջադիմական կուսակցությունը, 2007-2009թթ. եղել է կուսակցության վարչության նախագահ: 2002թ. հիմնադրել է «Երեւանի օժանդակ օրինապահ ջոկատներ» ՀԿ-ն, 2004թ.` «Կայունություն» հասարակական միավորումը: 2011թ. եղել է Հայ-ռուսական հասարակական կազմակերպությունների միության (ՀՌՀԿՄ) նախաձեռնող խմբի ղեկավար: ՀՌՀԿՄ վարչության անդամ է, ՀՌՀԿՄ համակարգող: 2011-2015թթ. եղել է ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ: 2012-2015թթ.՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու: 2015թ. մայիսի 16-ին ընտրվել է «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության նախագահ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել  համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Պարգեւատրվել է «Սուրբ Գեորգի հաղթանակող» մեդալով (2011թ., ՌԴ), Վ.Ի.Լենինի 140-ամյա տարելիցի հուշամեդալով (2011թ., ՌԴ ԿԿ), Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի հոբելյանական մեդալով (2014թ., ԲՀ ՊՆ), ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գործունեությանը մասնակցության եւ ԱՊՀ պետությունների ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման գործում  ներդրման համար մեդալով եւ պատվոգրով (2015թ.):

Ամուսնացած է:

Տիգրան Ուրիխանյանի առաջարկած նախագծերն ԱԺ օրակարգ չընդգրկվելու լուրը մանիպուլյատիվ է ներկայացվում

Տիգրան Ուրիխանյանի առաջարկած նախագծերն ԱԺ օրակարգ չընդգրկվելու լուրը մանիպուլյատիվ է ներկայացվում

ՀՀ Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկվում էր անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մշակած՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանի օրակարգ ընդգրկելու հարցը։ Ուրիխանյանն առաջարկում էր «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 11-րդ հոդվածը լրացնել 2-րդ մասով. «Սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն տրամադրվող գումարները տրամադրվում են 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողություններին մասնակցության հետևանքով 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանց»։ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանվում է․ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերը յուրաքանչյուր պատգամավորի համար սահմանել ամսական 50000 դրամի չափով, որոնց բաշխման կարգը սահմանվում է օրենքով»: Ուրիխանյանի ներկայացրած նախագծի հիմնավորման մեջ նշվում էր, որ  պատերազմական գործողություններին մասնակցելու ժամանակ ծանր վիրավորումների հետևանքով շատ զինծառայողներ ձեռք են բերել 1-ին խմբի հաշմանդամություն․ «ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված փոխհատուցման ենթակա ծախսերի համար տրամադրվող գումարներից զրկվելը, որոնք յուրաքանչյուր ամիս 50000-ական դրամի չափով տրամադրվում են պատգամավորներին, չի կարող էական դժվարություններ առաջացնել պատգամավորների գործունեության իրականացման համար՝ հաշվի առնելով, որ այն կազմում է պատգամավորի փաստացի աշխատավարձի մոտ 11%-ը: Հաշվի առնելով պատգամավորների թիվը՝ այն կազմելու է տարեկան 79200000 դրամ, ինչն էական աջակցություն կլինի մերօրյա հերոսներին սոցիալական խնդիրներ լուծելու համար: Հաշվի եմ առնում, որ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մասին» օրենքով արդեն նախատեսված են պատերազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին և տուժած զինծառայողներին հատուցումներ, սակայն վստահ եմ, որ դա չի կարող դիտարկվել որպես սահմանափակում»: Պատգամավորը նաև առաջարկում էր «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածը լրացնել 8-րդ կետով. «ՀՀ ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված փոխհատուցման ենթակա ծախսերը՝ յուրաքանչյուր պատգամավորի համար սահմանված ամսական 50000 դրամի չափով, ԱԺ աշխատակազմը փոխանցում է ՀՀ պաշտպանության նախարարությանը 2020 թ․ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողություններին մասնակցության հետևանքով 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրամադրելու նպատակով»: «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածով սահմանվում է պատգամավորի աշխատանքային գործունեությունը։ Այսօր՝ նախագծի քննարկման ընթացքում, Տիգրան Ուրիխանյանը նշեց․ «Կցանկանայի, որ պատգամավորները, առավել ևս՝ արդեն լուծարման շեմին գտնվող այս գումարման ԱԺ-ի պատգամավորները գոնե այդ բարոյական քայլը կատարեն, և այսուհետ մենք ունենանք հնարավորություն մարդկանց գոնե ինչ-որ չափով հենց ԱԺ-ի անունից, հենց պատգամավորների անունից հատուցելու»։ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն բացասական եզարակցություն էր տվել նախագծերի փաթեթին, իսկ այսօրվա նիստի ընթացքում փաթեթը 6-րդ նստաշրջանի օրակարգ չընդգրկվեց՝ ձայների 3 կողմ, 67 դեմ և 5 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Տելեգրամյան Mediaport ալիքը փաթեթի քվեարկությունը ներկայացրեց հետևյալ մեկնաբանությամբ․ « «Իմ քայլի» պատգամավորները դեմ քվեարկեցին իրենց աշխատավարձից ամսական ընդամենը 50 հազար դրամ հաշմանդամ դարձած զինծառայողներին փոխանցելու նախագծին։ Դեմ քվեարկողների թվում էին նաև Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը: Ընդ որում՝ առաջին դեմ քվարկածը հենց Միրզոյանն էր, ով ստանում է ամսական 1 միլիոն 190 հազար 520 դրամ աշխատավարձ՝ պարգևավճարները չհաշված: Լենա Նազարյանի ամսական աշխատավարձը կազմում է 925 հազար 960 դրամ՝ դարձյալ առանց հավելավճարի»: Panorama.am-ն էլ «ԱԺ-ն դեմ քվեարկեց պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած անձանց 80 մլն դրամ հատկացնելու Ուրիխանյանի նախագծին» վերտառությամբ լուրում ներկայացրեց միայն Տիգրան Ուրիխանյանի տեսակետը։ Միայն Ուրիխանյանի տեսակետը ներկայացնելը, սակայն, մանիպուլյատիվ է, քանի որ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը փաթեթին բացասական եզրակացություն տալիս նաև հիմնավորում էր ներկայացրել, այդ մասին այսօր իր ելությում նշեց նաև հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը։  Ըստ հանձնաժողովի հիմնավորման՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով չեն կարող սահմանվել աշխատավարձի կամ վարձատրության այլ ձևերի տնօրինման եղանակներ․ «Բացի դրանից՝ «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքը կարգավորում է պատգամավորների գործունեության իրականացման իրավական, սոցիալական և այլ երաշխիքները, ինչպես նաև պատգամավորի գործունեության երաշխիքներին առնչվող այլ հարաբերություններ: Նշված առաջարկը չի հանդիսանում պատգամավորի գործունեության իրականացման երաշխիք։ Նշված առաջարկը, ըստ էության, իր բնույթով պատգամավորների սոցիալական երաշխիք հանդիսացող վարձատրության որոշակի ձևի տնօրինման օրենքով սահմանվող առաջարկ է, ինչը դուրս է նշված օրենքի կարգավորման շրջանակից»: «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում Ուրիխանյանի առաջարկած փոփոխությունների մասով ավելի վաղ առաջարկ էր ներկայացրել ՀՀ կառավարությունը։ Ըստ կառավարության՝ նախագծի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ առաջարկվում է այդ օրենքում լրացնել մի դրույթ, որը դուրս է նշված օրենքի կարգավորման առարկայի շրջանակներից, այսինքն՝ կարգավորում են ոչ թե պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, պետական մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների վարձատրության հետ կապված իրավահարաբերությունները, այլ օրենքով արդեն իսկ նախատեսված վարձատրության կոնկրետ տեսակի տնօրինմանն առնչվող իրավահարաբերությունները․ «Նշված վերլուծության համատեքստում գտնում ենք, որ ընդհանրապես օրենքով, իսկ մասնավորապես «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով չի կարող սահմանվել աշխատավարձի կամ վարձատրության այլ ձևերի տնօրինման եղանակ: Այլ հարց է, որ նշված օրենքով կարող են քննարկվել պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի վճարման վերացման կամ չափի փոփոխության հարցերը»։ Ըստ կառավարության՝ Ուրիխանյանի առաջարկած մեխանիզմը խնդրահարույց է նաև սահմանադրականության տեսանկյունից, քանի որ, ըստ էության, սահմանափակում է անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ և ՄԻԵԿ կոնվենցիայով երաշխավորված սեփականության իրավունքը: Կառավարությունն առաջարկում էր պատգամավորին հետևյալ մեխանիզմը․ ուժը կորցրած ճանաչել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 11-րդ հոդվածը (այս հոդվածով են պատգամավորներին հատկացվում Ուրիխանյանի նշած 50 հազար-ական դրամները) և պետական բյուջեում վերաբաշխում կատարելու միջոցով այդ գումարները համապատասխան ընթացակարգով փոխանցել պատերազմի ընթացքում 1-ին խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինվորականներին։ Այսպիսով, առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն իսկապես բացասական եզրակացություն է տվել Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական առաջարկությանը, «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներն էլ դեմ են քվեարկել նախագծերի փաթեթն ԱԺ օրակարգ բերելուն, բայց բացասական եզրակացության հիմնավորում ներկայացնելիս համապատասխան հանձնաժողովը նշել է, որ պատգամավորը ոչ ճիշտ օրենքում է փոփոխություններ առաջարկում, կառավարությունն էլ փաստացի այլ հնարավոր մեխանիզմ է առաջարկել Ուրիխանյանի նշած փոփոխությունն իրագործելու համար։ Աննա Սահակյան
15:52 - 04 մայիսի, 2021
Ճգնաժամի հանգուցալուծման տարբերակներ առաջարկված են, այդ թվում՝ վարչապետի կողմից. Միրզոյանը՝ Ուրիխանյանին |1lurer.am|

Ճգնաժամի հանգուցալուծման տարբերակներ առաջարկված են, այդ թվում՝ վարչապետի կողմից. Միրզոյանը՝ Ուրիխանյանին |1lurer.am|

1lurer.am: Մեկնարկեց ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստը: Ներկա է 69 պատգամավոր: Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ երկրում ճգնաժամ է, որն ունի հանգուցալուծման անհրաժեշտություն, խորհրդարանական կառավարման երկրում էլ խորհրդարանը հավելվածի կարգավիճակ ունենալ չի կարող: Պատգամավորը քաղաքական մեծամասնությանը կոչ արեց ռազմական դրությունը հանել, ինքնալուծարվել կամ վարչապետին անվստահություն հայտնել, որ ընտրություններ լինեն: ՀՀ Աժ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ ճգնաժամի հանգուցալուծման տարբերակներն առաջարկված են: «Այդ թվում՝ նաև հրապարակավ առաջարկվել է ՀՀ վարչապետի կողմից: Բոլոր խորհրդարանականների համար առաջարկը քննարկելը բաց է: Մինչ այդ՝ հնչել են այլ խմբակցություններից առաջարկներ: Կարելի է նստել, պայմանավորվել, հանգուցալուծումը գտնել»,- ասաց ԱԺ նախագահը:
10:30 - 02 մարտի, 2021