Կարեն Գիլոյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։ 

Ծնվել է 1970 թ. ապրիլի 26, ք. Ախալքալաքում (Վրաստան)։ 

1996-2000 թթ. սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում (ավարտել է գերազանցությամբ), 1987-1993 թթ.՝ ԵրՊԻ մեքենաշինական արդյունաբերության էկոնոմիկա-կառավարում ֆակուլտետում (ավարտել է գերազանցությամբ)։

2020 թ.-ից ՀՖԿՍՊԻ դասախոս է, 2018 թ. եղել է բասկետբոլի Եվրասիական լիգայի հիմնադիր խորհրդի նախաձեռնող խմբի անդամ և ընտրվել է լիգայի նախագահ։ 2016-2020 թթ.՝ Հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի ղեկավար, 1996-2016 թթ.՝ Հանրային հեռուստաընկերության «Սպորտ» ստուդիայի ավագ լրագրող, հաղորդավար, մեկնաբան, 2007-2014 թթ.՝ «Ուլիս» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար։

2005 թ.-ից՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, 2002-2019 թթ.՝ Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, 2019-2021 թթ.- նախագահի տեղակալ, 2000 թ.-ից՝ Հայաստանի դարթսի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ, 1995թ.՝ «Նորք» հեռուստատեսության «Լուրեր» բաժնի լրագրող։

1998 թ.-ին լուսաբանել է Մոսկվայում կայացած աշխարհի պատանեկան խաղերը։ Մեկնաբանել է 2004 թ.-ին՝ Աթենքում, 2008 թվականին՝ Պեկինում, 2012 թվականին՝ Լոնդոնում և 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած ամառային օլիմպիական խաղերը։ Մեկնաբանել է նաև 2006 թ.-ին՝ Թուրինում, 2010 թվականին՝ Վանկուվերում և 2014 թ.-ին Սոչիում կայացած ձմեռային օլիմպիական խաղերը։ Մրցավայրից լուսաբանել է ավելի քան աշխարհի 22 և Եվրոպայի 31 առաջնություն: 2014 թ.-ին ղեկավարել է Էջմիածնում կայացած նետաձգության Եվրոպայի առաջնության մամուլի կենտրոնը։ 2015 թ.-ին եղել է Բաքվում կայացած Եվրոպական առաջին ամառային խաղերի հայաստանյան պատվիրակության մամուլի ղեկավարը:

1988-1989 թթ. ծառայել է բանակում, ԽՍՀՄ ՀՕՊ, ավագ, մարտական հաշվարկի հրամանատար։

Տիրապետում է ռուսերենին, անգլերենին, վրացերենին և գերմաներենին:

2020 թ. դեկտեմբերի 29-ին նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ։

Կարեն Գիլոյանը քննարկում է ունեցել մարզադպրոցներում առկա խնդիրների վերաբերյալ

Կարեն Գիլոյանը քննարկում է ունեցել մարզադպրոցներում առկա խնդիրների վերաբերյալ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը քննարկում է ունեցել նախարարության ենթակա 26 մանկապատանեկան մարզադպրոցների ներկայացուցիչների հետ: Քննարկմանը մասնակցել են նաև ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը և վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը: Օրակարգում մի քանի հարց է ներառված եղել: Քննարկվել են մարզադպրոցների՝ 2021 թվականին կատարած աշխատանքները, մարզադպրոցներում առկա խնդիրները: Խոսելով նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին՝ Նարինե Շահբազյանն ընդգծել է, որ 2021 թվականին առաջին անգամ հաջողվել է մարզադպրոցներին ֆինանսավորել միջոցառումների կազմակերպման և անցկացման համար ոչ թե սիմվոլիկ, այլ հենց այն գումարով, որը ներկայացրել էին ֆեդերացիաները. «Կարծում եմ՝ այդ գումարն արդյունքների ձեռքբերման նպատակով կարող է տարեցտարի ավելանալ: Խոսքն այն մասին է, որ արդյունքներ գրանցած մարզադպրոցներն ու մարզիչները որոշակի առավելություններ կունենան: 2021 թվականին այցեր ենք կատարել մարզադպրոցներ, վերհանել ենք որոշակի խնդիրներ և դրանց մեծ մասին լուծում ենք տվել: Այսօր, ցավոք սրտի, մեր մարզադպրոցներում տիրում է մի իրավիճակ, երբ մարզիչը, 5 տարի աշխատելով, ոչ մի մասնակից չի ներկայացնում Հայաստանի առաջնություններում: Տարիներ շարունակ Հայաստանի առաջնություններին մասնակցում են նույն մարզիչների նույն սաները»: Մասնավորապես, ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետի խոսքով, ըմբշամարտի մարզիչների քանակը բավականին մեծ է, բայց Հայաստանի պատանեկան առաջնություններին մինչև 100, իսկ մեծահասակների առաջնություններին առհասարակ 60-70 մարզիկ է մասնակցում. «Այս թիվը, իհարկե, չի կարող բավարարել ԿԳՄՍ նախարարությանը: Այս առումով մենք անելիքներ շատ ունենք: Մեր ենթակայության ներքո գտնվող 26 մարզադպրոցների ու 2 քոլեջների հանրագումարով 102 մեդալ ենք նախորդ տարում նվաճել, ինչը ևս բավականին մտահոգիչ ցուցանիշ է»: Նարինե Շահբազյանը կարևորել է նաև մարզիչների կրթության հարցը, ինչը, վարչության պետի խոսքով, իսկապես թերի է մի շարք մասնագետների պարագայում: Քննարկման ընթացքում արծարծվել են նաև մարզադպրոցների խնդիրներին առնչվող հարցեր. մարզադպրոցների ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարի տեղակալին և ոլորտի պատասխանատուներին են ներկայացրել իրենց թե՛ գույքային, թե՛ վերանորոգման աշխատանքների հետ կապված հարցերը: Կարեն Գիլոյանը խոստացել է ուսումնասիրել բոլոր դիտարկումները և հնարավորության սահմաններում լուծում տալ առկա խնդիրներին:
18:15 - 18 փետրվարի, 2022
«Տարվա 10 լավագույն մարզիկներից» բացի կպարգևատրվեն նաև մարզիչները, բժիշկները և մերսողները |armenpress.am|

«Տարվա 10 լավագույն մարզիկներից» բացի կպարգևատրվեն նաև մարզիչները, բժիշկները և մերսողները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ»-ից բացի այս տարի կպարգևատրվեն հավաքականի մարզիչները, անձնական մարզիչները, բժիշկներն ու մերսողները: «Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր հասարակությունում լավագույն տասնյակի ընտրությունը նորից արժեքավորվի: Դրա համար ՀՀ կառավարությունը հատկացրել է գումար: Այս տարի առաջին անգամ տասնյակի մարզիկներ, հավաքականի մարզիչները, անձնական մարզիչ և բժիշկները, մերսողները առանձին կպարգևատրվեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Այս տարի առաջին անգամ SMS քվեարկության միջոցով կորոշվի «Հանդիսատեսի համակրանք»-ը, որին ներկայացված կլինեն այլ երկրների դրոշի ներքո հանդես եկող հայազգի մարզիկները, որոնք հանրահռչակում են Հայաստանը: «Տարվա լավագույն տասնյակը»-ի համար ընդհանուր առմամբ տրամադրվել է 50 միլիոն դրամ: Նախնական տվյալներով ընտրությունը կկայանա դեկտեմբերի 21-ին, իսկ պարգևատրման արարողությունը կկայանա 23-25-ն ընկած ժամանակահատվածում:
16:42 - 30 նոյեմբերի, 2021
Վահրամ Դումանյանը և Կարեն Գիլոյանն աշխատանքային այց են կատարել Գյումրի

Վահրամ Դումանյանը և Կարեն Գիլոյանն աշխատանքային այց են կատարել Գյումրի

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց են կատարել Գյումրի քաղաք՝ տեղում ծանոթանալու «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման շինաշխատանքներին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։ Նախարարն ընթացիկ աշխատանքները գնահատել է բավարար և հույս հայտնել, որ դրանք ավարտին կհասցվեն սահմանված ժամկետում։ Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ՝ սպորտային համալիրի կառուցման համար հատկացվել է 500 մլն ՀՀ դրամ՝ ԿԳՄՍ նախարարության 2021 թվականի բյուջետային տնտեսումների վերաբաշխմամբ: ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում իր տեսակով առանձնահատուկ մարզական համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Համալիրն իր հագեցվածությամբ եզակի է լինելու ոչ միայն Գյումրի քաղաքի, այլև ամբողջ Հայաստանի համար:
14:38 - 20 նոյեմբերի, 2021
Վահրամ Դումանյանն ու Կարեն Գիլոյանն աշխատանքային այցով մեկնել են ՌԴ

Վահրամ Դումանյանն ու Կարեն Գիլոյանն աշխատանքային այցով մեկնել են ՌԴ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը սեպտեմբերի 7-12-ն աշխատանքային այցով կլինեն Ռուսաստանի Դաշնությունում: Վահրամ Դումանյանը և Կարեն Գիլոյանը Կազանում կմասնակցեն «Ռուսաստան – սպորտային պետություն» («Россия – спортивная держава») ֆորումին, դրա շրջանակում նախատեսված խորհրդակցություններին և քննարկումներին, ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերով խորհրդի նիստին: Այցի շրջանակում նախատեսված են նաև առանձին հանդիպումներ ԱՊՀ երկրների սպորտի ոլորտի ղեկավարների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության պետական մարզական կառույցների պատասխանատուների հետ:  Հավելենք նաև, որ ԿԳՄՍ նախարարը և նախարարի տեղակալը կհետևեն այս օրերին Կազանում ընթացող ԱՊՀ երկրների առաջին խաղերին, որտեղ Հայաստանը ներկայացված է 55 մարզիկով:
13:42 - 07 սեպտեմբերի, 2021
Արմեն Սարգսյանը Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում հետևել է մարմնամարզիկ Արթուր Դավթյանի մրցելույթին

Արմեն Սարգսյանը Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում հետևել է մարմնամարզիկ Արթուր Դավթյանի մրցելույթին

Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում հետևել է ամառային օլիմպիական խաղերում մեր երկիրը ներկայացնող մարմնամարզիկ Արթուր Դավթյանի մրցելույթին։ Մարզիկը հանդես է եկել հենացատկի որակավորման փուլում և բարձր միավորներ վաստակել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախագահ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ տպավորված է մեր մարզիկի ելույթով, և Հայաստանի օլիմպիական հավաքականին հաջողություններ է մաղթել։ «Սպորտը լավագույն ձևերից մեկն է աշխարհին ներկայանալու և աշխարհի հետ ծանոթանալու համար։ Օլիմպիական խաղերին մասնակցելն ինքնին արդեն հսկայական հաջողություն է։ Պատկերացրեք՝ գործ ունենք երիտասարդ մարդկանց հետ, որոնք իրենց կյանքը ներդնում են նպատակին հասնելու համար»,-նշել է նախագահ Սարգսյանը։
16:28 - 24 հուլիսի, 2021
Նոր հեռանկարներ հայկական բռնցքամարտի զարգացման համար. Կարեն Գիլոյանն ընդունել է AIBA-ի նախագահին

Նոր հեռանկարներ հայկական բռնցքամարտի զարգացման համար. Կարեն Գիլոյանն ընդունել է AIBA-ի նախագահին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) նախագահ Ումար Կրեմլյովին: Աշխատանքային հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Ողջունելով Ումար Կրեմլյովի այցը Հայաստան՝ Կարեն Գիլոյանը կարևորել է բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի հետ սերտ համագործակցությունը և այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն հայտնել:  «Հայկական բռնցքամարտն ընթանում է զարգացման նոր ուղով: Մեզ համար կարևոր է առաջընթացի հեռանկարների շուրջ լիարժեք երկխոսություն ունենալ մարզաձևի միջազգային ֆեդերացիայի հետ և մեր երկրում անցկացնել միջազգային մրցաշարեր: Այս համատեքստում երաշխավորում եմ պետության աջակցությունը: Ցանկանում ենք ակտիվացնել գործընկերային հարաբերությունները և դրանք դարձնել առավել արդյունաբեր»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը և վերահաստատել միջազգային ֆեդերացիայի՝ բռնցքամարտի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամությունը:  Ումար Կրեմլյովը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, փաստել է, որ միջազգային կառույցը ևս ցանկանում է առկա համագործակցությանը նոր որակ հաղորդել: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը դրական է արձագանքել Հայաստանում խոշոր մրցաշար կազմակերպելու առաջարկին՝ չբացառելով անգամ Եվրոպայի մեծահասակների առաջնությունը մեր երկրում անցկացնելու հնարավորությունը:  «Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ընտրությունները բարձր մակարդակով կազմակերպելու համար: Ի դեմս Հովհաննես Հովսեփյանի՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան  շատ ակտիվ և նախաձեռնող ղեկավար ունի: AIBA-ն գործուն քայլեր է ձեռնարկում համաշխարհային սպորտում բռնցքամարտի տեղն առավել ամրապնդելու, մարզաձևի լավագույն ավանդույթները վերականգնելու ուղղությամբ և բաց է համագործակցության համար: Մեծ հարգանքով եմ վերաբերում ձեր պատմական երկրին և ժողովրդին, որը սպորտի նկատմամբ առանձնակի ջերմ վերաբերմունք ունի»,- ասել է Ումար Կրեմլյովը:  Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը Կարեն Գիլոյանին հրավիրել է ներկա գտնվելու հոկտեմբերին Սերբիայում կայանալիք բռնցքամարտի աշխարհի առաջնությանը, ինչին ԿԳՄՍ նախարարի տեղակալը դրական է արձագանքել: 
13:00 - 13 հուլիսի, 2021
Նոր վազքուղու կառուցմամբ Արտաշատը կդառնա աթլետիկայի կենտրոն. Կարեն Գիլոյան

Նոր վազքուղու կառուցմամբ Արտաշատը կդառնա աթլետիկայի կենտրոն. Կարեն Գիլոյան

Արտաշատի քաղաքային մարզադաշտում աթլետիկայի վազքուղու կառուցման աշխատանքները թևակոխում են գործնական փուլ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Արտաշատ: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ համայնքի ղեկավար Կարեն Բենիամինյանի հետ նախարարի տեղակալն այցելել է Արտաշատի քաղաքային մարզադաշտ, որտեղ օրեր անց մեկնարկելու են միջազգային չափանիշներին համապատասխան, Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի կողմից հավաստագրված վազքուղու կառուցման աշխատանքները: Այդ նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել է 71 մլն 860.4 հազար դրամ: «Աշխատանքները պետք է իրականացնել հնարավորինս արագ և արդյունավետ: Հապաղել պետք չէ, քանի որ յուրաքանչյուր օրը կորուստ է սպորտի համար: Վազքուղու կառուցմամբ Արտաշատը կդառնա աթլետիկայի կենտրոն, իսկ հայ մարզիկները միջազգային մրցումներում առավել բարձր արդյունքներ կգրանցեն: Բացի դրանից՝ Արարատի մարզն ավելի սպորտային տեսք կստանա՝ հնարավորություն ունենալով անցկացնելու միջազգային մրցաշարեր»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանը տեղեկացրել է, որ որոշ ընթացակարգային հարցերից հետո առաջիկա օրերին ներկայիս՝ դեռևս 1980-ականներին տեղադրված վազքուղին կապամոնտաժվի, կլուծվեն ջրահեռացման հետ կապված խնդիրները, և կմեկնարկեն նոր վազքուղու կառուցման աշխատանքները: «Շնորհակալ ենք հետևողական վերաբերմունքի համար: Մարզում սպորտային ենթակառուցվածքների զարգացումը բխում է բոլորիս շահերից»,- ասել է Կարեն Բենիամինյանը և վստահեցրել, որ բոլոր աշխատանքները կիրականացվեն պատշաճ մակարդակով: Արտաշատ կատարած աշխատանքային այցի շրջանակում քննարկվել են նաև համայնքի սպորտային կյանքին, ենթակառուցվածքների զարգացմանը, բարձր արդյունքներ գրանցող մարզիկներին և նրանց մարզիչներին խրախուսելու տարբերակներին առնչվող հարցեր:
17:51 - 02 հուլիսի, 2021
Կարեն Գիլոյանը Սոֆիայում ներկա կգտնվի Օլիմպիական խաղերի համաշխարհային վարկանիշային մրցաշարին

Կարեն Գիլոյանը Սոֆիայում ներկա կգտնվի Օլիմպիական խաղերի համաշխարհային վարկանիշային մրցաշարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մեկնել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա՝ ներկա գտնվելու Օլիմպիական խաղերի համաշխարհային վարկանիշային մրցաշարին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Մայիսի 6-ին մեկնարկելիք մրցաշարին Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականից մասնակցելու են Արման Անդրեասյանը (74 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), իսկ հունահռոմեականներից՝ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ): Սա ըմբիշների համար Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունն է: Պայքարի է դուրս գալու 474 ըմբիշ՝ 84 երկրից, ուղեգիր են նվաճելու յուրաքանչյուր քաշային կարգի եզրափակչի մասնակիցները: Այժմ Հայաստանն ըմբշամարտից Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր ունի. Տոկիոյում մեդալների համար պայքարելու են հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը և ազատոճայիններ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը:
13:02 - 05 մայիսի, 2021
Ամեն ինչ արել եմ օրենքի տառին hամապատասխան. Կարեն Գիլոյան |armenpress.am|

Ամեն ինչ արել եմ օրենքի տառին hամապատասխան. Կարեն Գիլոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Գիլոյանը լիահույս է, որ բռնցքամարտի ֆեդերացիայի նորընտիր նախագահը կկարողանա լուծել ասպարեում առկա խնդիրները: «Կարևորն այն էր, որ հայկական բռնցքամարտն իրավունք չուներ լիներ պառակտված: Շնորհակալ եմ ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Գևորգյանին՝ վստահության համար: Ամեն ինչ արել եմ օրենքի տառը պահելով: Հույս ունեմ, որ նորընտիր նախագահն ի վիճակի կլինի լուծել ներկայում բռնցքամարտում առկա խնդիրները»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գիլոյանը: Ապրիլի 29-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության դահլիճում կայացած համաժողովի ընթացքում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Հովհաննես Հովսեփյանը: Համաժողովին ներկա էր նաև Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Յուրի Զայցևը: Մինչ քվեարկության մեկնարկը 4 թեկնածուներից 2-ը հանեցին իրենց թեկնածությունը: Պայքարը ծավալվեց սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանի և Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի միջև: Ընտրությանը նախորդեց թեկնածուների կողմից իրենց ծրագրերը ներկայացնելու գործընթացը: Հովհաննես Հովսեփյանը, ներկայացնելով բռնցքամարտի զարգացման իր ծրագիրը, շեշտեց, որ հայկական բռնցքամարտը պետք է բարձրանա նոր համաշխարհային մակարդակի: Հակոբկոխյանն էլ շեշտեց, որ իր առաջին գործը լինելու է այն, որ մարզիկները ստանան փորձ կուտակելու հնարավորություններ: Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությանը գրանցված 95 մասնակիցներից քվեարկեցին 92-ը: Քվեների 67/10 հարաբերակցությամբ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Հովհաննես Հովսեփյանը: 15 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
16:22 - 29 ապրիլի, 2021
Փաշինյանը ԿԳՄՍ նախարարին և փոխնախարարին գործուղել է Ռուսաստան

Փաշինյանը ԿԳՄՍ նախարարին և փոխնախարարին գործուղել է Ռուսաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վահրամ Դումանյանին և Կարեն Գիլոյանին Ռուսաստան գործուղելու մասին որոշում է ստորագրել: Այս մասին տեղեկանում է կառավարության պաշտոնական կայքից: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին 2021 թվականի ապրիլի 8-11-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը ներկա գտնվելու և մեդալակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով: 2. Վահրամ Դումանյանի և Կարեն Գիլոյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետու-թյան 2021 թվականի պետական բյուջեով արտասահման-յան պաշտոնական գործուղումների համար նախատես-ված միջոցների հաշվին: 3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի ևnսպորտի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապե-տի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»,-ասված է որոշման մեջ:
12:37 - 30 մարտի, 2021
Նախարարությունը կարևորում է ուժեղ մարզադպրոցներ ունենալը. Կարեն Գիլոյանը հանդիպել է մարզադպրոցների տնօրեններին

Նախարարությունը կարևորում է ուժեղ մարզադպրոցներ ունենալը. Կարեն Գիլոյանը հանդիպել է մարզադպրոցների տնօրեններին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է նախարարության ենթակայությամբ գործող մարզադպրոցների և մարզական հասարակական կազմակերպությունների տնօրեններին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը: Քննարկվել են մարզիչների սոցիալական խնդիրներին, նրանց վերապատրաստումներին, մարզումային նորագույն մեթոդներին և մոտեցումներին, մարզադպրոցներում առկա պայմաններին առնչվող և մի շարք այլ հարցեր: ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է հարցերը դնել իրավական հիմքի վրա, ապա կատարել համապատասխան կարգավորումներ՝ ի նպաստ մարզադպրոցների և մարզական հասարակական կազմակերպությունների: Անդրադառնալով մարզիչներին սոցիալական փաթեթ տրամադրելու վերաբերյալ հարցին՝ Կարեն Գիլոյանը նշել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է, որ նախարարությունը նախատեսում է մեծածավալ ուսումնասիրություն կատարել հանրապետությունում գործող մարզադպրոցներում և համապատասխան կազմակերպություններում՝ առկա իրավիճակի վերաբերյալ հստակ պատկերացում կազմելու համար. «Առաջիկայում կլինեն շրջայցեր նախարարության ենթակայությամբ գործող մարզադպրոցներ և մարզական հասարակական կազմակերպություններ: Միայն իրավիճակի խորքային ուսումնասիրության դեպքում հնարավոր կլինի հանդես գալ համապատասխան առաջարկություններով և կարգավորումներով: Նախարարությունը կարևորում է ուժեղ մարզադպրոցներ ունենալը. դրա համար անհրաժեշտ են փոխադարձ ըմբռնում և համատեղ աշխատանք: Եթե յուրաքանչյուրն իր գործառույթները և լիազորությունները հստակ գիտակցի ու աշխատի դրանց համապատասխան, ապա ոլորտում եղած խնդիրներն արագ կլուծվեն, և առաջ կգնանք զարգացման ճանապարհով»: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև ընդգծել է՝ չափազանց կարևոր են մարզիչների պարբերական վերապատրաստումները. «Ոչ ոք ամենագետ չէ: Սպորտն արագ տեմպերով է զարգանում, մարզումային մեթոդները և մոտեցումները պարբերաբար պետք է վերանայվեն և լինեն ժամանակին համահունչ: Ուստի կոչ եմ անում հարցին լրջությամբ վերաբերվել, ակտիվ և բարեխղճորեն մասնակցել վերապատրաստման միջոցառումներին, ստանալ նոր գիտելիքներ, որոնք կնպաստեն հայկական սպորտի զարգացմանը»: Հանդիպման ավարտին Կարեն Գիլոյանը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, լսել նրանց բարձրաձայնած խնդիրները՝ ընդգծելով, որ դրանց օպերատիվ լուծման համար կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր:
12:47 - 25 մարտի, 2021
Պետք է ունենանք ադապտիվ սպորտի ոչ թե երկու մարզիկով ներկայացող, այլ մեդալների համար պայքարող մրցունակ թիմ. Գիլոյան

Պետք է ունենանք ադապտիվ սպորտի ոչ թե երկու մարզիկով ներկայացող, այլ մեդալների համար պայքարող մրցունակ թիմ. Գիլոյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է պետական աջակցության ծրագրում ներառված հաշմանդամային սպորտի զարգացման խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և ՀՀ մարզպետարանների ու Երևանի քաղաքապետարանի սպորտի գծով պատասխանատուներին: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ հանդիպման նպատակը հաշմանդամային սպորտին և զանգվածային մարզական միջոցառումներին առնչվող հարցերի քննարկումն է: Կարեն Գիլոյանը տեղեկացրել է, որ այժմ նախարարությունում աշխատում են մի ծրագրի ուղղությամբ, որը հնարավորություն կտա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած երիտասարդներին զբաղվել տարբեր սպորտաձևերով, իսկ հետագայում մասնակցել մրցաշարերի. «Ծրագիրը բաղկացած է լինելու երկու մասից: Առաջին մասով նախատեսվում է հոգեբանական աջակցության միջոցով հաշմանդամություն ձեռք բերած երիտասարդներին ընդգրկել ադապտիվ սպորտում, իսկ երկրորդ մասով՝ աջակցել նրանց արդեն պրոֆեսիոնալ մարզիկ դառնալու ճանապարհին: Այս ծրագրում ընդգրկված կլինեն անվասայլակով բասկետբոլը և հանդբոլը, սեղանի թենիսը, աթլետիկական էստաֆետը, շախմատը, շաշկին: Քննարկում ենք մի մարզահամալիր կահավորելու տարբերակը, որը հարմարեցված կլինի հաշմանդամային սպորտին: Հատկապես պատերազմից հետո նման ծրագիրն անհրաժեշտություն է»: Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև պարալիմպիկ հավաքականը համալրելու և գրանցած արդյունքները բարելավելու խնդրին. «Պարալիմպիկ խաղերի հետ կապված վիճակագրությունը գոհացուցիչ չէ: Պետք է աշխատենք մասնակիցների շրջանակն ընդլայնելու, մեդալներ նվաճելու ուղղությամբ: Հասկանալի է, որ հաշմանդամային սպորտի ֆինանսավորումը դեռևս այն մակարդակի չէ, որ մենք արդյունք պահանջենք, բայց ես խորապես համոզված եմ՝ միայն պետական աջակցությանը պետք չէ սպասել. յուրաքանչյուրս պետք է փորձի իր հնարավորությունների սահմանում լուծել եղած խնդիրները: Պետք է ունենանք ադապտիվ սպորտի ոչ թե պարզապես երկու մարզիկով ներկայացող, այլ մեդալների համար պայքարող մրցունակ թիմ: Սա ինքնանպատակ հայտարարություն չէ. եթե մենք չենք պայքարում հաղթանակի համար, սպորտը վերածվում է զուտ ֆիզիկական կուլտուրայի, իսկ այդպես միջազգային մրցումների մասնակցելն անհարիր է և անընդունելի»: Հաջորդիվ նախարարի տեղակալը խոսել է հանրապետության մարզերում և Երևանում նախատեսված զանգվածային մարզական միջոցառումների՝ այս տարի ոչ մեծ ծավալով անցկացնելու թեմային. «Կորոնավիրուսի համավարակի և պատերազմի առաջացրած տնտեսական խնդիրների պատճառով այս տարի, նախորդների համեմատ, ավելի քիչ զանգվածային մարզական միջոցառումներ կանցկացնենք, սակայն եղածները պետք է կազմակերպվեն հավուր պատշաճի: Շարունակում ենք քննարկել այլընտրանքային տարբերակներ՝ չեղարկված միջոցառումներն անցկացնելու համար»: Նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում ստեղծվելու է սպորտային հեռուստաալիք, որը մարզական կազմակերպություններին իրենց կազմակերպած առաջնությունները ցուցադրելու և այդպիսով մարզաձևերն ավելի մասսայական դարձնելու հնարավորություն կտա: Հանդիպման ավարտին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը պատասխանել է ներկաների հարցերին, լսել նրանց առաջարկները և բարձրաձայնած խնդիրները՝ ընդգծելով, որ դրանց լուծումները հնարավոր են միայն համատեղ և նվիրված աշխատանքի միջոցով:
17:57 - 16 փետրվարի, 2021
Գիլոյանն Արտաշատ այցի ընթացքում քննարկել է քաղաքային մարզադաշտի վերանորոգման և աթլետիկայի վազքուղու կառուցման հարցերը

Գիլոյանն Արտաշատ այցի ընթացքում քննարկել է քաղաքային մարզադաշտի վերանորոգման և աթլետիկայի վազքուղու կառուցման հարցերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Արարատի մարզ՝ ծանոթանալու սպորտային ենթակառուցվածքների Այս մասին հայտնում է ԿԳՄՍ-ից: Նախարարի տեղակալի այցը մեկնարկել է Արտաշատի քաղաքային մարզադաշտից, որտեղ նա Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի, Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ ծանոթացել է առկա պայմաններին և քննարկել դրանք բարեկարգելու տարբերակները։ Կարեն Գիլոյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի համագործակցությամբ առաջիկա ամիսներին կմեկնարկեն մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ռետինե ծածկույթով վազքուղու կառուցման աշխատանքները։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր հերթին դիտարկում է ներդրումային ծրագրի միջոցով մարզադաշտի տրիբունաները և հանդերձարանային հատվածները վերանորոգելու և խաղադաշտում բարձրակարգ խոտածածկ տեղադրելու հարցերը, ինչն այդտեղ ինչպես Հայաստանի առաջնության, այնպես էլ միջազգային հանդիպումներ անցկացնելու հնարավորություն կտա։ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ վերանորոգման դեպքում ֆեդերացիայի միակ պայմանը լինելու է բուն խոտածածկն աթլետիկայի մրցումների համար չօգտագործելը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը դրական է արձագանքել և ընդգծել հնարավոր բոլոր ուղղություններով համագործակցելու կարևորությունը. «Արարատի մարզը սպորտային լուրջ ավանդույթներ ունի, իսկ Արտաշատի մարզադաշտը հաճախ ասոցացվում է հենց աթլետիկայի հետ։ Նպատակաուղղված աշխատանքը և ներդրումները կնպաստեն ոլորտի զարգացմանը։ Ռոբերտ Էմմիյանը շուրջ 10 տարի փորձում է իրականություն դարձնել վազքուղու կառուցումը, այժմ խնդիրը վերջապես լուծման փուլում է: Եթե արտառոց ոչինչ չպատահի, մինչև մայիս կսկսվի վերանորոգման աշխատանքների առաջնային փուլը»։ Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Ռազմիկ Գոլեցյանի օլիմպիական հերթափոխի ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց և Այգեզարդ համայնքում գտնվող բացօթյա հրաձգարան (ստենդային): Նախարարի տեղակալը ծանոթացել է կառույցների շենքային և գույքային պայմաններին, լսել աշխատակիցների բարձրաձայնած խնդիրները և քննարկել դրանք լուծելու ուղիները: «Հնարավոր չէ մեկ օրում վերացնել բոլոր խնդիրները, սակայն հետևողական և սրտացավ աշխատանքի շնորհիվ ամեն ինչ կկարգավորվի»,- ասել է Կ. Գիլոյանը։ Շրջայցի ավարտին նախարարի տեղակալն Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի հետ քննարկել է համայնքներում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման, եղածների բարեկարգման հնարավորությունները և մարզում միջազգային մրցաշարեր անցկացնելու հեռանկարը։ Ռ. Թևոնյանը տեղեկացրել է, որ Լանջազատ համայնքի մարզադպրոցը, որտեղ կան ազատ ոճի ըմբշամարտի և ձյուդոյի խմբակներ, գործում է համայնքային ֆինանսավորմամբ, որը, սակայն, բավարար չէ գործունեությունն ընդլայնելու և առավել արդյունավետ դարձնելու համար: Մարզպետն առաջարկել է հնարավորության դեպքում դիտարկել մարզադպրոցի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործելու հնարավորությունը, ինչին ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ հարցն անպայման կքննարկվի:
15:52 - 10 փետրվարի, 2021