#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության մասին բոլոր ահազանգերը պետք է մանրամասն քննվեն․ Նիկոլ Փաշինյան

Ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության մասին բոլոր ահազանգերը պետք է մանրամասն քննվեն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՏԻՄ ընտրություններում հաղթած ուժերին:  «ՀՀ քաղաքացին ազատորեն ընտրություն կատարելու հնարավորություն ունի։ Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է։ Շնորհավորում եմ Քաղաքացու վստահությանը արժանացած, ընտրություններում հաղթած բոլոր քաղաքական ուժերին եւ թեկնածուներին։ Հ․Գ․ Ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության մասին բոլոր ահազանգերը պետք է մանրամասն քննվեն, դրանց հետագա կրկնությունը բացառելու առաջնահերթ նպատակադրմամբ»,- գրել է ՀՀ վարչապետը իր ֆեյսբուքյան էջում: Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրիում կայացած ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել են հետևյալ ուժերը՝ ՔՊ կուսակցությունը, որը գլխավորում է Սարիկ Մինասյանը, երկրորդ տեղում Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, նրան հաջորդում է «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը, որի առաջին համարը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է, չորրորդ տեղում «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է՝ Ռուբեն Մխիթարյանի գլխավորությամբ, իսկ 5-րդ տեղում «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքն է՝ Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ։
09:53 - 31 մարտի, 2025
Գյումրիում անցողիկ շեմը հաղթահարած 2 ընդդիմադիր ուժ հայտարարել է, որ ավագանիում քվեարկելու է Վարդան Ղուկասյանի օգտին

Գյումրիում անցողիկ շեմը հաղթահարած 2 ընդդիմադիր ուժ հայտարարել է, որ ավագանիում քվեարկելու է Վարդան Ղուկասյանի օգտին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքներով Գյումրու ավագանին ձևավորող 5 ուժերից 2-ը՝ «Մայր Հայաստան» դաշինքը (5-րդ տեղում է) և «Իմ Հզոր Համայնք» կուսակցությունը  (4-րդ տեղում է), հայտարարել են, որ միանում են Գյումրիում ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր ուժին՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությանը։ Վերջինիս քաղաքապետի թեկնածուն Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է: «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը կոչ է արել մյուս ընդդիմադիր ուժերին ևս «անձնական ամբիցիաներից վեր կանգնել» և միանալ։ «Իմ Հզոր Համայնք» կուսակցության թեկնածու Ռուբեն Մխիթարյանն էլ գրել է. «Պատրաստ եմ մեր ավագանիների կազմով առանց որևէ նախապայմանի, առանց որևէ պաշտոնի հավակնելու քվեարկել գյումրեցիների կողմից առավելագույն ձայներ ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին, քանի որ առաջադրվելուց ես ձեզ խոստացել էի` չհաղթելու դեպքում սատարելու եմ գյումրեցիների առավել շատ քվեները ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուին:Ուրախ եմ, որ իմ դերն եմ ունեցել այն բանում, որ այս պատուհաս իշխող ուժը չկարողանա հաղթել  Գյումրիում: Հավատում եմ, որ սրանց անկումների շարքը սկսված է»: Նշենք, որ մարտի 30-ին Գյումրիում կայացած ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել են հետևյալ ուժերը՝ ՔՊ կուսակցությունը, որը գլխավորում է Սարիկ Մինասյանը, երկրորդ տեղում Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, նրան հաջորդում է «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը, որի առաջին համարը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է, չորրորդ տեղում «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է՝ Ռուբեն Մխիթարյանի գլխավորությամբ, իսկ 5-րդ տեղում «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքն է՝ Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ։
09:30 - 31 մարտի, 2025
Գյումրու ավագանին կձևավորի 5 ուժ․ ՔՊ-ն մեծամասնություն չի ապահովել

Գյումրու ավագանին կձևավորի 5 ուժ․ ՔՊ-ն մեծամասնություն չի ապահովել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է Գյումրու բոլոր 82 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները։ Ըստ այդմ՝ 2025թ․ մարտի 30-ին Գյումրիում անցկացված ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով մասնակից 9 ուժերից ոչ մեկին չի հաջողվել հավաքել ձայների 50%-ից ավելին՝ իշխանություն ձևավորելու համար։ Ըստ ԿԸՀ տվյալների՝ քվեարկությանը 111 271 ընտրողից մասնակցել է 47 443-ը կամ 42.63%-ը։ 624 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ ԿԸՀ նախնական արդյունքներն են․   ՔՊ կուսակցություն - 16 938 ձայն կամ 36.28% Հայաստանի կոմունիստական կուսակցություն - 9 537 ձայն կամ 20.43% «Ապրելու երկիր» կուսակցություն - 1658 ձայն կամ 3.5% «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք - 2844 ձայն կամ 6.09% «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն» - 642 ձայն կամ 1.37% «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք - 2071 ձայն կամ 4.43% «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն - 1387 ձայն կամ 2.97% «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք - 7 296 ձայն կամ 15.62% «Իմ հզոր համայնք» կուսակցություն - 3 659 ձայն կամ 7.83% Նշենք, որ անցողիկ շեմը կուսակցության դեպքում 4%-ն է, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում՝ 6%-ը։ Այսինքն՝ անցողիկ շեմը հաղթահարել են հետևյալ ուժերը․ ՔՊ կուսակցությունը, որը գլխավորում է Սարիկ Մինասյանը, երկրորդ տեղում Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, նրան հաջորդում է «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը, որի առաջին համարը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է, չորրորդ տեղում «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է՝ Ռուբեն Մխիթարյանի գլխավորությամբ, իսկ 5-րդ տեղում «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքն է՝ Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ։ Լուսանկարը՝ «Ինֆոքոմ» / Գյումրու 31/70 ընտրատեղամաս, 30․03․2025
07:58 - 31 մարտի, 2025
Փարաքարում անցողիկ շեմը հաղթահարել է 3 ուժ․ «Միասնություն» դաշինքը 56%-ով առաջատար է

Փարաքարում անցողիկ շեմը հաղթահարել է 3 ուժ․ «Միասնություն» դաշինքը 56%-ով առաջատար է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Փարաքարի բոլոր 16 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները։ Ըստ այդմ՝ 2025թ․ մարտի 30-ին համայնքում անցկացված ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով «Միասնություն» կուսակցությունների դաշինքը ավելի քան 56%-ով առաջատար է։ Քվեարկությանը 21 004 ընտրողից մասնակցել է 11 528-ը կամ 54.8%-ը։ 23 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել ԿԸՀ նախնական արդյունքներն են․   ՔՊ կուսակցություն - 3669 ձայն կամ 31․8%  «Միասնություն» կուսակցությունների դաշինք - 6508 ձայն կամ 56․45% «Ազգային առաջընթաց» կուսակցություն - 900 ձայն կամ 7․8% «Կայունություն» կուսակցություն - 426 ձայն կամ 3․69% Նշենք, որ անցողիկ շեմը կուսակցության դեպքում 4%-ն է, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում՝ 6%-ը։ Այսինքն «Կայունություն» կուսակցությունը չի անցնում ավագանու կազմ։ «Միասնություն» կուսակցությունների դաշինքի համայնքապետի թեկնածուն Վալոդյա  Գրիգորյանն է, «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածուն՝ Լյուդվիգ Գյուլնազարյանը, իսկ «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածուն Դավիթ Մինասյանը։ Գլխավոր լուսանկարը՝ Վալոդյա Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից / քարոզարշավ Փարաքարում, 27․03․2025
01:27 - 31 մարտի, 2025
Փարաքարի 13 տեղամասերի նախնական արդյունքներով հաղթել է «Միասնություն» դաշինքը

Փարաքարի 13 տեղամասերի նախնական արդյունքներով հաղթել է «Միասնություն» դաշինքը

Փարաքարի 16 ընտրատեղամասից 13-ի քվեարկության արդյունքներով առաջատարը «Միասնություն» կուսակցությունն է՝ ըստ ԿԸՀ տվյալների։ Նախնական արդյունքներն են` ՔՊ կուսակցություն - 2 658 «Միասնություն» կուսակցությունների դաշինք - 5 592 «Ազգային առաջընթաց» կուսակցություն - 524 «Կայունություն» կուսակցություն - 345 Փարաքարում «Միասնություն» կուսակցության համայնքապետի թեկնածուն Վալոդյա Գրիգորյանն է։ Վերջինս իր ֆեյսբուքյան էջում արդեն շնորհակալություն է հայտնել ընտրողներին վստահության համար։ «Փարաքար համայնքի սիրելի՛ բնակիչներ, շնորհակալ եմ վստահության համար։ Վստահեցնում եմ, միասին կերտելու ենք մեր երազանքների համայնքը»,- գրել է Գրիգորյանը։ Համացանցում տեսանյութեր են տարածվել նաև, թե ինչպես են դաշինքի նախընտրական շտաբում տոնում հաղթանակը։
00:46 - 31 մարտի, 2025
«Հաստատում ենք, որ ընտրակաշառք բաժանվել է»․ «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյան

«Հաստատում ենք, որ ընտրակաշառք բաժանվել է»․ «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյան

«Մենք հաստատում ենք, որ ընտրակաշառք բաժանվել է»,- լրագրողներին հայտնել է «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը ասուլիսի ժամանակ։ Ընտրակաշառքի կասկածանքով ձերբակալումների շուրջ Դանիել Իոաննիսյանը ստույգ տեղեկություն չուներ, թե արդյոք հենց այդ անձինք են ընտրակաշառք բաժանել, բայց իրենց տեղեկության համաձայն՝ նման դեպքեր Գյումրիում տեղի են ունեցել։   Ընդհանուր առմամբ դիտորդական առաքելությունը առանձնացրել է Փարաքարի 7 և Գյումրիում 11 ընտրատեղամաս, որտեղ ամենաշատն են խախտումներ արձանագրվել։ Դիտորդական աշխատանքի իրականացմանը խոչընդոտելու 2 դեպք է արձանագրվել` մեկը Գյումրիում, մյուսը՝ Փարաքարում։ Դիտորդական առաքելությունը 9 ընտրատեղամասում անբավարար է գնահատել հանձնաժողովի աշխատանքը՝ իր իրավունքները և պարտականություններին չտիրապետելու, ընտրական օրենսգիրքին չտիրապետելու հիմքով։ Արձանագրվել են ընթացակարգային խախտման դեպքեր 12 տեղամասում,  կուտակումներ 8 տեղամասում, բաց քվեարկության դեպք 6 տեղամասում, 5  տեղամասում գրանցվել է վիճաբանության 6 դեպք՝ երկու դեպք մեկ տեղամասում։ Ինչ վերաբերում է բաց քվեարկության դեպքերին՝ Իոաննիսյանը ներկայացրեց, որ դա մեծամասամբ ծրարների անորակ լինելու հետևանք է․ վատ են արտադրված և լրիվ չեն բացվում և ընտրողը պետք է ջանք գործադրի, որ քվեաթերթիկը կարողանա ամբողջությամբ տեղավորել և ծրարել։ Ընտրողները, ովքեր դժվարացել են այդ գործընթացում, փորձել են քվեախցիկից դուրս գալ հասկանալու ինչպես վարվել, և դա համարվել է բաց քվեարկություն։ Դանիել Իոաննիսյան նորից անդրադարձավ քվեաթերթիկի հափշտակման մասին միջադեպին, որպես աննախադեպ խախտում, երբ ընտրողը չէր ցանկացել քվեարկել, փոխարենը դատարկ ծրար նետել։ Ընտրատեղամասում մի քանի անգամ զգուշացրել են կտրոնը թողնել և դուրս գալ, սակայն ընտրողը դուրս է եկել քվեաթերթիկով։ Այս միջադեպը «Ինֆոքոմը» ևս արձանագրել էր, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Անդրդառնալով «Մեր քաղաքը» դաշինքի հայտարարությանը, թե Հակակոռուպցիոն կոմիտեն խոչընդոտել է քաղաքական ուժի գործողություններին, Իոաննիսյան նշել է՝ «Ընտրությունների օրը քաղաքական ուժի միակ գործառույթը ընտրատեղամասում իր քվեներին տեր կանգնելն է, ընտրական օրենսգրքի տրամաբանությունը չի ենթադրում, որ ընտրության օրը քաղաքական ուժը ընտրությունների հետ կապված որևէ այլ կազմակերպչական աշխատանք կարող է անել…։ Ոչ մի քաղաքական ուժ չի կարող հուշել, հիշեցնել ընտրողին իր ընտրության մասնակցության մասին կամ ուղեկցել ընտրատեղամաս»։ 
22:10 - 30 մարտի, 2025
Ընտրական գործընթացում արձանագրվել է ատելության, խտրական խոսքի ու հասարակության բևեռացման բարձր մակարդակ․ ՄԻՊ

Ընտրական գործընթացում արձանագրվել է ատելության, խտրական խոսքի ու հասարակության բևեռացման բարձր մակարդակ․ ՄԻՊ

Մարտի 30-ին՝ Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատել է վաղ առավոտից։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻՊ գրասենյակը։ «Պաշտպանի հանձնարարությամբ, ի թիվս այլնի, ուսումնասիրվել է լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում զետեղված ավելի քան 300 հրապարակում։ Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են ընտրողների ուղղորդումների, տեղամասերում կողմնակի անձանց ներկայության, կուտակումների, քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրատեղամասերի կահավորման վիճակի, տեղամասային կենտրոններում ընտրողների ցուցակների` տեսանելի տեղում փակցված չլինելու հետ կապված և այլ խնդիրների առնչությամբ հրապարակումներ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հատուկ ուշադրությամբ ուսումնասիրել է լրագրողների և դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվությունը։ Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել տեղամասային կենտրոններ՝ ընտրական գործընթացի՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիությունը դիտարկելու նպատակով։ Մշտադիտարկման չհայտարարված այցին մասնակցել են նաև հաշմանդամություն ունեցող անձինք։ Այդ համատեքստում արձանագրվել են տեղամասային կենտրոնին հարող տարածքի, շենքերի, քվեարկության սենյակի, այդ թվում՝ սենյակի գտնվելու հարկի, բավարար լուսավորության, սանհանգույցի մատչելիության ապահովման հետ կապված խնդիրներ։ Ընդ որում, նշված խնդիրներն արձանագրվել են նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված մատչելի և մասամբ մատչելի տեղամասային կենտրոնների ցանկում՝ որպես այդպիսիք նշված տեղամասային կենտրոններում։ Այսպես, օրինակ՝ արձանագրվել է, որ ցուցակում քվեարկության սենյակը նշված է եղել առաջին հարկում, մինչդեռ, գտնվել է նկուղային հարկում, իսկ մուտքը եղել է միայն աստիճաններով։ Արձանագրվել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղեկատվության մատչելիության ապահովման հետ կապված խնդիրներ։ Տեղամասային կենտրոններն ապահովված չէին խոշորացույցերով, առկա էր քվեաթերթիկների համար բրայլյան կաղապարների կիրառության վերաբերյալ իրազեկվածության պակաս և այլն։ Տեղեկատվություն է ստացվել նաև այն մասին, որ անձը, հաշմանդամությամբ պայմանավորված, չի կարողացել տանից դուրս գալ և իրացնել իր ընտրական իրավունքը, ինչը հետևանք է նաև շրջիկ արկղի միջոցով քվեարկությանը մասնակցելու օրենսդրական հնարավորության բացակայության։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրական գործընթացների ընթացքում արձանագրվել է ատելության, խտրական խոսքի ու հասարակության բևեռացման բարձր մակարդակ, ինչն անթույլատրելի է: Ընտրական գործընթացների ժամանակահատվածում արձանագրված խնդիրները կամփոփվեն և գրություններ կհասցեագրվեն պետական իրավասու մարմիններին»,- ասվում է ՄԻՊ հաղորդագրության մեջ։
21:54 - 30 մարտի, 2025
Ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում․ ընտրության օրվա վերաբերյալ ՆԳՆ տվյալները ժամը 20։00-ի դրությամբ

Ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում․ ընտրության օրվա վերաբերյալ ՆԳՆ տվյալները ժամը 20։00-ի դրությամբ

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ընտրությունների օրը իրականացված աշխատանքների մասին։ Հաղորդագրությունն ամբողջությամբ՝ ստորև․ «Մարտի 30-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, ՆԳՆ ոստիկանության կողմից նախաքննական մարմին է ուղարկվել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում։ Մասնավորապես՝ քարոզչություն կատարելուն կամ կատարելուց հրաժարվելուն հարկադրելու, կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելու՝ 1, խուլիգանության ու ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ առարկաները հափշտակելու՝ 1, քվեարկության գաղտնիությունը խախտելու՝ 2, ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացմանը խոչընդոտելու 2 հաղորդում։ Որպես պատահար գրանցված և ստուգման փուլում գտնվող 14 հաղորդումներից 4 ահազանգ ստացվել է քաղաքացիներից, իսկ 6-ը՝ մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումներից։ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքների մասին․ ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք է ստացել 61 անձ, որոնցից՝ Գյումրի համայնքում՝ 33 քաղաքացի, Փարաքար համայնքում՝ 28 քաղաքացի։ Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել է 13 անձ, որոնցից՝ Գյումրի համայնքում՝ 8 քաղաքացի Փարաքար համայնքում՝ 5 քաղաքացի, ՆԳՆ շրջիկ ձևաչափով սպասարկման գրասենյակների աշխատակիցները 311 քաղաքացու տրամադրել են խորհրդատվություն․ Գյումրի համայնքում՝ 210 քաղաքացի, Փարաքար համայնքում՝ 101 քաղաքացի: ՆԳՆ թեժ գծին ընտրությունների վերաբերյալ հեռախոսազանգեր չեն ստացվել։ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել է 2 զանգ»։
21:27 - 30 մարտի, 2025
Ձերբակալված Անահիտ Խալաթյանին գաղտնի տեղափոխել են Երևան՝ առանց պաշտպանին տեղյակ պահելու․ իրավապաշտպան

Ձերբակալված Անահիտ Խալաթյանին գաղտնի տեղափոխել են Երևան՝ առանց պաշտպանին տեղյակ պահելու․ իրավապաշտպան

Ձերբակալված Անահիտ Խալաթյանին գաղտնի տեղափոխել են Երևան՝ առանց պաշտպանին տեղյակ պահելու։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը: «Հակակոռուպցիոն կոմիտեն մանր ժուլիկություններ է սկսել։ Ձերբակալված Անահիտ Խալաթյանի պաշտպանին Հակակոռուպցիոնը նախ խոստացավ քննիչի Գյումրի ժամանելուն պես տեղեկացնել: Կանխատեսելով, որ ստելու են, պաշտպանը կրկին այցելեց Շիրակի մարզի քրեական ոստիկանություն, որտեղ պահվում էր տիկին Անահիտը: Այցելությամբ պարզվեց, որ քննիչն արդեն ժամանել է: Այս անգամ քննիչը խոստացավ նյութերին ծանոթանալուց անմիջապես հետո հրավիրել պաշտպանին: Նորից կանխատեսելով, որ սուտը շարունակվելու է պաշտպանը կրկին այցելեց Շիրակի մարզային ոստիկանություն: Այս անգամ պարզվեց, որ տիկին Անահիտին գաղտնի տեղափոխել են Երևան: Ահա այն փաստը, որ այս ձերբակալման համար չկա որւեէ հիմք, այլապես այդ կառույցը չէր դիմի նիկոլիզմին: Արդեն հասնում եմ Երևան»: Ավելի վաղ «Մեր քաղաքը» դաշինքը, որի ցուցակը Գյումրու ՏԻՄ արտահերթ ընտրություններում գլխավորում է Մարտուն Գրիգորյանը, հայտարարել է, որ «քաղաքացիական հագուստով անհայտ անձինք բռնի ուժով առևանգել են իրենց ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանին»։ Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ «Մեր քաղաքը» դաշինքը ավագանի անդամի թեկնածուն և մի շարք այլ անձինք ձերբակալվել են կոմիտեի աշխատակիցների կողմից հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով:
20:32 - 30 մարտի, 2025
Արտառոց խախտում է տեղի ունեցել Գյումրու 31/70 ընտրատեղամասում

Արտառոց խախտում է տեղի ունեցել Գյումրու 31/70 ընտրատեղամասում

Արտառոց խախտում է տեղի ունեցել Գյումրու 31/70 ընտրատեղամասում։ Ընտրող քաղաքացին, քվեախցիկից դուրս գալով, դուրս է բերել դատարկ ծրարը, բոյկոտել, գոռացել, ստեղծել իրարանցում ու դեն նետել ծրարը: Սարքից դուրս եկած կտրոնը վերցրել ու փախել է: Խախտումն արձանագրել են դիտորդները: «Ոստիկանները քաղաքացուն հայտնաբերել են և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ»,- հայտնել է հանձնաժողովի նախագահ Ալլա Գևորգյանը (ՔՊ): Մյուս խախտումները վերաբերում են բաց քվեարկություններին, վստահված անձի կողմից քաղաքացիների ընտրության ուղղորդմանը, հանձնաժողովի նախագահի՝ նույն կուսակցության վստահված անձի իրավախախտման նկատմամբ կողմնապահության, չհրկիզվող պահարանի բաց լինելուն, քվեարկության ծրարի վնասմանը: «Աննախադեպ խախտումներ են թե՛ քվեարկության թերթիկի հափշտակման դեպքը, թե՛ դրոշմանիշների թվի անհամապատասխանությունը՝ 100-ի փոխարեն 101 է եղել: Դրոշմանիշը ամենախիստ հաշվարկվող և պաշտպանվող ընտրական փաստաթուղթն է և ըստ դրա ընտրական գործընթացում վստահություն է ձևավորված, որ դրոշմանիշների քանակը, տպագրությունը իդեալական է:  Բայց մեր տեսածից եզրահանգում ենք, որ այդ աքսիոմատիկ մոտեցումը սխալ էր,- «Ինֆոքոմ»-ին հայտնե է «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը: Իոաննիսյանը նաև նկատել է, որ տվյալ ընտրատեղամասում շատ աղմկոտ է ընթացել, տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ բղավել են: Ինչպես նաև նշեց, որ բաց քվեարկության ցուցանիշն է բարձր, որը ոչ թե բխում է ընտրողների իրազեկվածության պակասից, այլ ծրարների որակից. քաղաքացիները դժվարացել են քվեաթերթիկը տեղադրել և ծրարել:
20:09 - 30 մարտի, 2025
Արմավիրի մարզպետը՝ Լյուդվիգ Գյուլնազարյանի շանսերի, նրա տան մոտ մեքենաների կուտակումների մասին |news.am|

Արմավիրի մարզպետը՝ Լյուդվիգ Գյուլնազարյանի շանսերի, նրա տան մոտ մեքենաների կուտակումների մասին |news.am|

news.am: Նորմալ քաղաքական պրոցեսներ են ընթանում, ընտրողները գալիս են, ընտրում են, ինչպես այստեղ, այնպես էլ Գյումրիում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, որը նույնպես Փարաքարում էր: Հարցին, թե ինչու էին մեքենաներ հավաքված Լյուդվիգ Գյուլնազարյանի տան մոտ, նույնիսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն էր գնացել, Մեխակյանը պատասխանեց, որ չգիտի էլ՝ ոնց պատասխանի, քանի որ Գյուլնազարյանը և նախարարը ընկերներ են, նման ակտիվություն կարող է լինել նաև այլ ՔՊ-ականների տների մոտ: Դիտարկմանը, թե Փարաքարում հանրահավաքին մարդիկ են տարվել, նա ասաց, որ նման բան չի եղել: Հարցին, թե արդյոք կստանա՞ ձայների մեծամասնությունը ՔՊ-ական թեկնածուն, Մեխակյանը նշեց, որ ամեն ինչ արել են, որ իրենց ծրագրերին ծանոթանալով բնակիչները իրենց ձայնը տան ՔՊ-ին, հավաքեն 50+ ձայներ: Դիտարկմանը, թե կրակոցների հետ կապված Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական տվեց, Մեխակյանը նշեց, որ դա լրիվ ուրիշ դեպք էր, Մերձավանի կրակոցներ հետ էլ կապված չէր:
19:47 - 30 մարտի, 2025
Փորձում են կոնֆլիկտ ստեղծել, հունից հանել, որ իմ թեկնածությունը վիճարկեն, ես սովոր եմ. Մարտուն Գրիգորյան |news.am|

Փորձում են կոնֆլիկտ ստեղծել, հունից հանել, որ իմ թեկնածությունը վիճարկեն, ես սովոր եմ. Մարտուն Գրիգորյան |news.am|

news.am: Բոլորիդ աչքի առաջ է, այն, ինչ կատարվում է Գյումրի քաղաքում, ժողովրդավարական բաստիոնում ազատ-արդար թափանցիկ ընտրություններ են տանում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը: «Այս ամենը, ինչը արվում է մեծամասամբ մեր դեմ, տարբեր տեսակի լուրեր ենք ստանում, մարդիկ գալիս են մեր գրասենյակ, զանգահարում են, դժգոհում են, որ տեղամասերում հանձնաժողովականները քվեաթերթիկները տալուց 8-րդ համարի քվեաթերթիկը չեն տալիս: Ես կոչ եմ անում հանձնաժողովի անդամներին, վստահված անձանց, ժողովուրդ ջան, ուշադիր եղեք, որ բոլոր քվեաթերթիկները մարդկանց տրվեն, քանի որ քաղաքացիներ կան, որ նաև կարող են տեղում կողմնորոշվել, թե ում ընտրել: Ես գտնում եմ, որ այստեղ ես կոնկրետ շատ լուրջ տուժում եմ այս առումով։ Երկրորդը, ավագանու անդամության մեր թեկնածուների, «Մեր քաղաքը» դաշինքի, իմ թիմակիցներին մեքենաներն են կանգնեցվում, կա՛մ վարորդներով, կա՛մ առանց վարորդների՝ մեքենաները տանում են մեզ համար անհայտ ուղղությամբ: Մենք ամբողջ ընտրական պրոցեսները թողել ենք, մեր թիմակիցների, աջակիցների, ավագանու թեկնածուների հետ զբաղված ենք, որ կարողանան պահպանել հանդարտությունը, հանգիստ լինեն, պրովոկացիաների չգնան, քանի որ դուք տեսնում եք՝ ամեն րոպե, արդեն քանի օր է նյարդի վրա են խաղում: Ես հասկանում եմ, որ ուզում են հիմքեր ունենալ, որ կարողանան իմ թեկնածության հարցը վիճարկել, որպեսզի կարողանան այնպիսի իրավիճակ ստեղծեն, որ արդյունքները ժամը 8-ից հետո հրապարակելուց հետո իրենք անելիք կամ ասելիք ունենան։ Մենք պահպանելու ենք հանգստությունը, սա ինձ համար նոր կարգավիճակ չէ, ընտրություններին նմանատիպ բաների միջով անցնելը: Ես սովոր եմ, հնարավորինս մաքսիմալ հավասարակշռվածությունը պահել եմ, զսպվածությունը պահել եմ, նույնիսկ այն ժամանակ, երբ որ իմ հորը և տղային ձերբակալեցին, տարան: Այդ նույն սառնասրտությամբ գնացի դատարան, իմ տղային ու հորը այնտեղից ազատեցին»,- հայտարարեց Մարտուն Գրիգորյանը: Նա նշեց, որ այս պահին ունի տեղեկություն, որ որոշակի բաներ կան պլանավորված ու փորձում են անել իր և իր թիմակիցների դեմ: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամի թեկնածու Անահիտ Խալաթյանին և ևս մեկ կնոջ ձերբակալել են հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները:
19:08 - 30 մարտի, 2025
«Ցուցակ չէ»․ Վահագն Ալեքսանյանը պարզաբանել է, թե ինչ թերթիկներ են ՔՊ վստահված անձանց ձեռքին

«Ցուցակ չէ»․ Վահագն Ալեքսանյանը պարզաբանել է, թե ինչ թերթիկներ են ՔՊ վստահված անձանց ձեռքին

Սա ցուցակ չէ, ընտրողին նույնականացնելու միջոց չէ, մասնակցությունը արագ հաշվելու միջոց է ընդամենը։ Այս մասին հայտնում է ՔՊ կուսակցության վարչության անդամ, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ՔՊ վստահված անձանց մոտ նկատված թերթիկներին։ Վահագն Ալեքսանյանը հայտնում է, որ ՔՊ բոլոր վստահված անձինք ունեն թերթիկներ, որոնցով հաշվում են բոլոր ընտրողների մասնակցությունը իրենց տեղամասերում։ «Հարգելի կեղծ դիտորդներ և հայտնի ընտրակեղծարարների վստահված անձինք, էդ էժան շոուների վերջը տվեք: Ընտրակաշառքի ցուցակներն էլ փնտրեք ձեր ծոցագրպաններում»,- հավելել է նա՝ կից հրապարակելով թերթիկի լուսանկարը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ դիտորդները նկատել են, որ Գյումրու 31/47 տեղամասում ՔՊ վստահված անձը նախապես տպված թղթի վրա ընտրողների մասնակցության հետ կապված ինչ-որ նշումներ է անում։ Այդ մասին մեկ արձանագրություն եղել է տեղամասի գրանցամատյանում՝ «Ինֆոքոմի» թղթակցի՝ այնտեղ գնալու դրությամբ։ Մեր թղթակիցը նրա ձեռքին ևս նկատել է նման թուղթ, որի վրա նշված են եղել հերթական թվեր, որոնց վրա վստահված անձը պարբերաբար խաչեր է արել՝ ջնջելով թվերը։ Մեր թղթակիցը մի քանի փորձից ի վերջո կարողացել է մեկնաբանություն ստանալ վստահված անձից։ Նա, թեև դժկամությամբ, այնուամենայնիվ, երկու նախադասություն ասել է. «Թղթի վրա նշում եմ ընտրողների թիվը, հետագայում կարող է ճշտումների կարիք լինի»։ «Ինֆոքոմի» թղթակիցը խնդրել է նկարել այդ նշումների թերթիկը, սակայն վստահված անձը մերժել է։ Նշենք, որ հանձնաժողովի անդամները, ըստ էության․ առարկություն չեն հայտնել այդ նշումները շարունակելուն, և Գալոյանը շարունակում է անձանց՝ քվեարկության սենյակ մտնելուն զուգահեռ նշումներ անել։
18:58 - 30 մարտի, 2025
Դիտորդները նկատել են, որ Գյումրու 31/47 տեղամասում ՔՊ վստահված անձը նախապես տպված թղթի վրա ընտրողների մասնակցության հետ կապված ինչ-որ նշումներ է անում

Դիտորդները նկատել են, որ Գյումրու 31/47 տեղամասում ՔՊ վստահված անձը նախապես տպված թղթի վրա ընտրողների մասնակցության հետ կապված ինչ-որ նշումներ է անում

Գյումրու 31/47 ընտրատեղամաս մեր մուտք գործելու պահին այնտեղից դուրս էին գալիս ոստիկանները։ Բանն այն է, որ այստեղ վիճաբանություն է ծագել հանձնաժողովի անդամի եւ ՔՊ կուսակցության վստահված անձի միջեւ։ Պատճառն այն է, որ վստահված անձը՝ Քրիստինե Գալոյանը, հայտարարել է, թե հանձնաժողովի անդամը, որը ընտրողին տրամադրում է քվեարկության համար անհրաժեշտ թերթիկները, ուղղորդել է քաղաքացուն։ Մինչդեռ վերջինս դրանք հանիրավի մեղադրանքներ է համարել, ինչը հաստատում են տեղում եղած դիտորդները՝ «Հայաքվե» առաքելությունից Վահագն Գրիգորյանը եւ «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ՀԿ-ից Աղավնի Խաչատրյանը։ Նրանք «Ինֆոքոմի» հետ զրույցում նշում են, որ հանձնաժողովի անդամը քաղաքացուն պարզապես բացատրել է ընտրության կարգը եւ ոչ ավելին, ասել է՝ ընտրում եք ձեր ուզած թերթիկը, դնում ծրարի մեջ եւ այլն։ Հանձնաժողովի նախագահ Ինեսա Մուրադյանը մեր զրուցում եւս նշեց, որ հանձնաժողովի անդամները միայն քվեարկության կարգն են բացատրում։ Նա ասաց՝ վիճաբանության մասնակիցներն ի վերջո իրար հասկացել են, դրա համար ոստիկանները հավելյալ չեն խառնվել։ Հանձնաժողովի նախագահ Ինեսա Մուրադյանը Տեղամասի գրանցամատյանում մեր գալու դրությամբ մեկ արձանագրություն կար, համաձայն որի՝ դիտորդները նկատել են, որ ՔՊ վստահված անձը նախապես տպված թղթի վրա ընտրողների մասնակցության հետ կապված ինչ-որ նշումներ է անում։ Մենք նրա ձեռքին եւս նկատեցինք նման թուղթ, որի վրա նշված էին հերթական թվեր, որոնց վրա վստահված անձը պարբերաբար խաչեր էր անում՝ ջնջելով թվերը։  Մինչ մենք փորձում էինք միջադեպի մասին կարծքիները լսել, ոստիկանները դարձյալ մոտեցան քվեարկության սենյակին եւ բացատրություն խնդրեցին հանձնաժողովի նախագահից եւ վստահված անձից ու արձանագրություն կազմեցին։ Ոստիկանները չմեկնաբանեցին՝ ով եւ ինչ հաղորդում է տվել ի սկզբանե։ Մենք մի քանի փորձից ի վերջո կարողացանք մեկնաբանություն ստանալ նաեւ վստահված անձին։ Նա, թեեւ դժկամությամբ, այնուամենայնիվ, երկու նախադասություն ասաց. «Թղթի վրա նշում եմ ընտրողների թիվը, հետագայում կարող է ճշտումների կարիք լինի։ ... Ես չեմ ասել, որ հանձնաժողովի անդամը քաղաքացուն ուղղորդում է։ Շնորհակալություն»։ Մենք խնդրեցինք նկարել այդ նշումների թերթիկը, սակայն վստահված անձը մերժեց։ Նշենք, որ հանձնաժողովի անդամները, ըստ էության․ առարկություն չեն հայտնել այդ նշումները շարունակելուն, եւ Գալոյանը շարունակում է անձանց՝ քվեարկության սենյակ մտնելուն զուգահեռ նշումներ անել։ Նշենք, որ այս տեղամասում գրանցված է 1719 ընտրող, նրանցից 650-ը ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել է քվեարկությանը։
17:59 - 30 մարտի, 2025
ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 4 ահազանգ. դրանք ստուգման փուլում են. ՆԳՆ

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 4 ահազանգ. դրանք ստուգման փուլում են. ՆԳՆ

Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, ՆԳՆ Ոստիկանությունում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 4 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։ Քվեարկության գաղտնիությունը խախտելու՝ 1 և խուլիգանության ու ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ առարկաները հափշտակելու 1 դեպքով փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից: «Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։ Արդյունքներով կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքների մասին․ - ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք են ստացել 46 անձ, որոնցից՝ Գյումրի համայնքում՝ 26 քաղաքացի, Փարաքար համայնքում՝ 20 քաղաքացի։ - Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել է 10 անձ, որոնցից՝ Գյումրի համայնքում՝ 6 քաղաքացի Փարաքար համայնքում՝ 4 քաղաքացի, ՆԳՆ շրջիկ ձևաչափով սպասարկման գրասենյակների աշխատակիցները 144 քաղաքացու տրամադրել են խորհրդատվություն․ Գյումրի համայնքում՝ 111 քաղաքացի, Փարաքար համայնքում՝ 33 քաղաքացի: ՆԳՆ թեժ գծին ընտրությունների վերաբերյալ հեռախոսազանգեր չեն ստացվել։ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել է 2 զանգ»,- նշված է հայտարարության մեջ։
17:08 - 30 մարտի, 2025