Չեխիա

Բարձր եմ գնահատում Չեխիայի աջակցությունը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործընթացին. Փաշինյանը՝ Պետր Ֆիալային

Բարձր եմ գնահատում Չեխիայի աջակցությունը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործընթացին. Փաշինյանը՝ Պետր Ֆիալային

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության վարչապետ Պետր Ֆիալային ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Չեխիայի ազգային տոնի առթիվ: Գոհունակությամբ պետք է արձանագրեմ ընթացիկ տարում Հայաստանի և Չեխայի միջև միջպետական հարաբերությունների ակտիվացումը: Ջերմությամբ եմ հիշում այս տարվա մայիսին Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում մեր հանդիպումը և կառուցողական քննարկումը: Բարձր եմ գնահատում Չեխիայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման գործընթացին: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ Չեխիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:
11:13 - 28 հոկտեմբերի, 2023
Չեխիայի Սենատը բանաձև է ընդունել ԼՂ-ում հայերի հումանիտար կարիքների և իրավիճակի վերաբերյալ
 |factor.am|

Չեխիայի Սենատը բանաձև է ընդունել ԼՂ-ում հայերի հումանիտար կարիքների և իրավիճակի վերաբերյալ |factor.am|

factor.am: Չեխիայի Սենատը հոկտեմբերի 18-ին Լեռնային Ղարաբաղում հայերի հումանիտար կարիքների և իրավիճակի վերաբերյալ բանաձև է ընդունել։ Այս մասին X-ում գրառմամբ հայտնում է Չեխիայում Հայաստանի դեսպանատունը։ Հաղորդվում է, որ բանաձևը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ բռնության բոլոր ձևերը և կոչ է անում հակամարտող բոլոր կողմերին՝ հարգել միջազգային հումանիտար իրավունքի հիմնական նորմերը, կոչ է անում Ադրբեջանին՝ թույլ տալ միջազգային դիտորդների մուտքը Լեռնային Ղարաբաղ տարածաշրջան՝ վերահսկելու տեղի բնակչության նկատմամբ վերաբերմունքը։ Բանաձևով կոչ է արվում նաև բոլոր ներգրավված կողմերին զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող մշակութային և պատմական հուշարձանները վնասելուց և պահպանել համաշխարհային մշակութային ժառանգությունը։ Ընդգծվում է տուժած տարածաշրջանի մարդկանց մարդասիրական օգնության և աջակցության տրամադրման կարևորությունը։ Սենատը կոչ է անում Չեխիայի կառավարությանն իր հնարավորությունների սահմաններում պատրաստ լինել օգնություն ցուցաբերել, հատկապես առավել խոցելի մարդկանց, ինչպիսիք են մայրերը և առանց ուղեկցության երեխաները։
12:26 - 20 հոկտեմբերի, 2023
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Չեխիայում

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Չեխիայում

 ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամ Հասմիկ Հակոբյանը, եռօրյա աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում է: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, հոկտեմբերի 9-ին Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Չեխիայի Հանրապետության Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Դրահոշին եւ խորհրդարանի Սենատի կրթության, գիտության, մշակույթի, մարդու իրավունքների եւ միջնորդագրերի հանձնաժողովի նախագահ Յիրժի Ռուժիչկային: «Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ Չեխիան Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկն է Եվրոպայում: Նա գոհունակությամբ արձանագրել է Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը եւ համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն հայտնել: Հանդիպման ընթացքում հանգամանալից ներկայացվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, քննարկվել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ տարվող ագրեսիվ քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին պատշաճ աջակցության ցուցաբերումը: Քննարկվել է նաեւ տարածաշրջանում տեւական խաղաղության հասնելու անհրաժեշտությունը: Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Դրահոշը կարեւորել է միջխորհրդարանական շփումների ակտիվացումն ու ՀՀ ԱԺ պատվիրակության այցը Չեխիա: Նա նշել է, որ Չեխիայի Հանրապետությունն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, սկզբունքների պահպանմանը եւ մերժում տարածքային ամբողջականության որեւէ խախտում: Սենատի առաջին փոխնախագահը նաեւ նշել է, որ աջակցում է ՀՀ վերջին տարիների ժողովրդավարական բարեփոխումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաեւ Չեխիայի Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Սկոպեչեկին: Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Չեխիայի հետ դինամիկ զարգացող բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ վստահության եւ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: Երկկողմ օրակարգում նա անչափ կարեւորել է միջխորհրդարանական համագործակցությունը եւ միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնումն ու ամրապնդումը: Կողմերը խոսել են տարածաշրջանում տիրող իրավիճակից եւ Լեռնային Ղարաբաղի  հայ բնակչության նկատմամբ  էթնիկ զտումների քաղաքականությունից:  Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Սկոպեչեկը նշել է, որ հետեւում է տարածաշրջանում տիրող իրավիճակին՝ հավելելով, որ Չեխիայի Հանրապետությունը միշտ աջակից է հակամարտությունների խաղաղ լուծմանը: Նշվում է, որ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարեկ Բենդայի եւ խմբի անդամների հետ հանդիպմանն էլ մեծապես կարեւորվել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ օրակարգի առաջմղման գործում: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը բարձր է գնահատել բարեկամական խմբերի դերը, որոնք կարեւոր օղակ են երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ: Հանդիպմանը քննարկվել են սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած հերթական լայնածավալ հարձակման մանրամասներն ու հետեւանքները: Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ բանաձեւերի ընդունումը եւ համոզմունք հայտնել, որ չեխ գործընկերները կշարունակեն աջակցել հայ ժողովրդին եւ կնպաստեն ռազմագերիների վերադարձին: Բարեկամական խմբի անդամները մտահոգություն են հայտնել տարածաշրջանում առկա մարտահրավերների վերաբերյալ, նշել, որ այսօր առավել քան երբեւէ պետք է մտածել հետագա համագործակցության մասին, որը կտարածվի բոլոր ուղղություններով:
22:23 - 10 հոկտեմբերի, 2023
Ռազմատեխնիկական համագործակցություն Հայաստանի և Չեխիայի միջև. ԱԺ-ին ներկայացվեց համաձայնագիրը
 |armenpress.am|

Ռազմատեխնիկական համագործակցություն Հայաստանի և Չեխիայի միջև. ԱԺ-ին ներկայացվեց համաձայնագիրը |armenpress.am|

armenpress.am:  Խորհրդարանի վավերացմանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր, որով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները Համաձայնագրի նախագիծը խորհրդարանում ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը: Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի ապրիլի 9-ին, Երևանում: «Համաձայնագրով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, որոնք ներառում են ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, ներմուծման, արտահանման, լիցենզավորման, որակի նկատմամբ հսկողության ապահովման, անհրաժեշտ մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացները, ռազմատեխնիկական ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցության տրամադրումը, տեղեկությունների փոխանակման և պահպանման հետ կապված հարաբերությունները»,-ասաց փոխնախարարը: Լիազոր մարմիններ են հանդիսանալու Հայաստանի և Չեխիայի Պաշտպանության նախարարությունները:  
11:39 - 11 սեպտեմբերի, 2023
«Ցանկացա սեփական աչքերով տեսնել այն տեղը, որի մասին շատ եմ լսում եւ հաճախ խոսում ու գրում»․ ՀՀ-ում Չեխիայի դեսպանը այցելել է Լաչինի միջանցք

«Ցանկացա սեփական աչքերով տեսնել այն տեղը, որի մասին շատ եմ լսում եւ հաճախ խոսում ու գրում»․ ՀՀ-ում Չեխիայի դեսպանը այցելել է Լաչինի միջանցք

ՀՀ-ում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկն այցելել է Լաչինի միջանցք։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրառում է արել՝ կից հրապարակելով լուսանկարներ․ «Լաչինի միջանցքում․ ցանկացա սեփական աչքերով տեսնել այն տեղը, որի մասին շատ եմ լսում եւ հաճախ խոսում ու գրում։ Հակարիի կամուրջը հիմա հայտնի տեղ է։ Պաշտոնական պատվիրակությունը գալիս է այստեղ համարյա ամեն օր։ Եւ դա իրականում լավ է։ Չեմ ձեւացնի, թե գիտեմ բաղադրատոմսը՝ դուրս գալու բարդ իրավիճակից, որում հիմա գտնվում են տարածաշրջանն ու հայերը, որոնք ապրում են Լեռնային Ղարաբաղում։ Այնուհանդերձ, միշտ լավ է առավելագույն տեղեկություններ ունենալ առաջին ձեռքից։ Սահմանի հայկական կողմից մենք տեղեկություններ ենք ստացել շնորհիվ ՀՀ-ում ԵՄ առաքելության, որի դիտորդները մեծ գործ են անում։ Ես նաեւ իմ աչքերով տեսա, թե որքան լավ է աշխատում ԵՄ դիտորդական առաքելության համագործակցությունը հայ սահմանապահների, ոստիկանության եւ բանակի հետ»։  
14:02 - 04 օգոստոսի, 2023
Սյունիքի մարզպետը Կապանում հանդիպումներ կունենա Հայաստանում Ֆրանսիայի, Լեհաստանի և Չեխիայի դեսպանների հետ
 |armenpress.am|

Սյունիքի մարզպետը Կապանում հանդիպումներ կունենա Հայաստանում Ֆրանսիայի, Լեհաստանի և Չեխիայի դեսպանների հետ |armenpress.am|

armenpress.am: Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտնել է, որ առանձին հանդիպումներ կունենա Հայաստանում Ֆրանսիայի, Լեհաստանի և Չեխիայի դեսպանների հետ։  «Ես երեք պաշտոնական հանդիպում կունենամ։ Մեկը նորանշանակ դեսպանի հետ, մյուսը՝ Լեհաստանի նորանշանակ դեսպանի հետ, երրորդը՝ Չեխիայի դեսպանի հետ, որոնք այստեղ են գտնվում։ Կքննարկենք տարբեր հարցեր, բնականաբար, չենք շրջանցի կարևոր՝ բոլորիս հուզող հարցերը։ Մենք տեսնում ենք այդ երկրների կողմից գործադրվող ջանքերը,  հատկապես Ֆրանսիայի կողմից, որն անում է ամեն ինչ։ Ես շատ շնորհակալ եմ Ֆրանսիային, որովհետև մենք բոլոր առումներով ամենամեծ ջերմությունը ստանում ենք հենց այդ երկրից»,- «Արմենպրես»-ի և Հանրային հեռուստաընկերության լրագրողների հետ զրույցում ասաց Ղուկասյանը։   Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Լեհաստանի դեսպան Պյոտր Սքվեչինսկին և Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը Կապանում մասնակցել են ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակի բացման արարողությանը։ 
15:06 - 02 օգոստոսի, 2023
Հայաստանի և Չեխիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը ԱԺ հանձնաժողովում դրական եզրակացություն է ստացել
 |1lurer.am|

Հայաստանի և Չեխիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը ԱԺ հանձնաժողովում դրական եզրակացություն է ստացել |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019 թ. ապրիլի 9-ին Երևանում ստորագրված Հայաստանի և Չեխիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու վերաբերյալ օրենքի նախագծին։ «Ըստ այդ համաձայնագրի՝ սահմանվելու են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, որոնք ներառում են ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, ներմուծման և արտահանման, լիցենզավորման, որակի նկատմամբ հսկողության ապահովման, անհրաժեշտ մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացը, ռազմատեխնիկական ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցությունը, տեղեկությունների փոխանակման և պահպանման հետ կապված այլ հարաբերություններ։ Համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով կողմերի լիազոր մարմիններ են հանդիսանալու պաշտպանության նախարարությունները, ինչպես նաև հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ստեղծվելու է ռազմատեխնիկական համագործակցության աշխատանքային խումբ: Համաձայնագրի նախագիծը, բացի շահագրգիռ պետական մարմինների հետ համաձայնեցվելուց, նաև Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել է Սահմանադրության պահանջներին համապատասխանող»,- հանձնաժողովի նիստում ասաց Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Նշենք, որ Չեխիան 2019 թվականին Հայաստանին ծանուցել է համաձայնագրի ընթացակարգերի կատարման մասին։ 
12:28 - 07 հունիսի, 2023
Պետությանը պետք է դադարել վերաբերվել որպես որբանոցի. Փաշինյան

Պետությանը պետք է դադարել վերաբերվել որպես որբանոցի. Փաշինյան

Հայաստանը ժողովրդավարական երկիր է և իշխանությունը ձևավորվում է ընտրություններով. խելացի, ուժեղ մարդիկ կարող են մասնակցել, հաղթել և կառավարել երկիրը։ Այս մասին Չեխիայում հայ համայնքի ներակայացուցիչների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ՝ անդրադառնալով հնչած այն դիտարկմանը, որ եթե կառավարումը չի հաջողվում, ապա կարող է հեռանալ և այլոց տալ հնարավորություն։  «Խելացի և ուժեղ մարդիկ կարող են մասնակցել ընտրություններին, հաղթել և կառավարել։  2018 թվականից ամեն ինչ արել եմ, որ պաշտպանության բանակը պատրաստ լինի պատերազմի։ Դուք հողեր հանձնելուց եք խոսում, գիտեք որ բանակցային ողջ գործընթացի ընթացքում հողերի զիջումը եղել է առանցքային խնդիր։ Դա հրապարակված փաստ է։ Ես նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրել եմ՝ հասկանալով, որ 30 հազար զինվոր գերի է ընկնելու, Ղարաբաղում հայեր չեն ապրելու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։  ՀՀ վարչապետը նշեց, որ հայրենիքը, հողը պահվում է բնակչությամբ։ Նա նկատեց, որ 90-ական թվականների պատերազմի հաղթանակից հետո Հայաստանի բնակչությունը նվազել էր, իսկ Ադրբեջանինն՝ ավելացել։ «Քա՞նի մարդ էր ապրում  այդ հողում ու ի՞նչ ավելացված արժեք էր ստեղծում, քա՞նի  կոպեկի հարկ է գեներացվել,  որ մեր զինվորն ավելի շատ աշխատավարձ ստանա։ 2017թ-ի համեմատ 2 մլրդ դոլարով ՀՀ բյուջեն ավելացրել ենք։ Բյուջեն հող պահելու ընդունակությունն է», - ասաց ՀՀ վարչապետն՝ ավելացնելով, որ  պետությանը պետք է դադարել վերաբերվել որպես որբանոցի, անհրաժեշտ է ապրել հայրենիքում, արարել, արժեք ստեղծել, ինչն էլ կնպաստի պետության ուժեղացմանը։
19:35 - 05 մայիսի, 2023
Տեսանք ՀԱՊԿ-ի անգործությունը 2021 թվականին, 2022 թվականին․ Փաշինյանը Չեխիայում հայ համայնքի հետ հանդիպմանը
 |tert.am|

Տեսանք ՀԱՊԿ-ի անգործությունը 2021 թվականին, 2022 թվականին․ Փաշինյանը Չեխիայում հայ համայնքի հետ հանդիպմանը |tert.am|

tert.am: Անվտանգության միայն մի երաշխիք կա․ դա խաղաղությունն է։ Այս մասին այսօր Չեխիայում հայ համայնքի հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Աշխարի 70 տոկոս երկրները, որոնք ինքնուրույն իրենց անվտանգությունը չեն կարող ապահովել։ Ո՞նց են ապահովում իրենց անվտանգությունը, խաղաղության շնորհիվ։ Որ պահին պատերազմ սկսի այդ երկրները չեն կարող դիմակայել»,- նշեց Փաշինյանը։ Ըստ գործադիր իշխանության ղեկավարի՝ կան երկրների ղեկավարներ, որոնք խոստովանում են, որ չեն կարող դիմակայել։ «Ինչո՞ւ չկարողացանք կառավարել պատերազմի հետ կապված իրադրությունը։ Որովհետև պատարազմի հետ կապված իրադրությունը կառավելու համար մենք պետք է անենք մի շարք արձանագրումներ, որոնք որևէ կերպ չէինք կարող անել»,- ասաց Փաշինյանը՝ խոսելով 44-օրյա պատերազմի մասին։ «Մենք ինքներս մեզ հետ պետք է առերեսվենք՝ մեր ընկալումների, մեր պատկերացումների, անվտանգային մեր համակարգերի հետ։ Օրինակ՝ մենք տեսանք ՀԱՊԿ-ի անգործությունը 2021 թվականին, 2022 թվականին։ Մենք պետք է առերեսվենք այս իրականության հետ»,- ընդգծեց Փաշինյանը։
19:24 - 05 մայիսի, 2023
ՀՀ վարչապետը և Չեխիայի Սենատի նախագահը կարևորել են երկու երկրների խորհրդարանականների համագործակցության զարգացումը

ՀՀ վարչապետը և Չեխիայի Սենատի նախագահը կարևորել են երկու երկրների խորհրդարանականների համագործակցության զարգացումը

Պաշտոնական այցով Պրահայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները կարևորել են երկու երկրների խորհրդարանականների միջև համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը, անդրադարձել վարչապետ Փաշինյանի` Չեխիա կատարած պաշտոնական այցի բանակցություններին ու արդյունքներին: Ըստ աղբյուրի՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությանը և այլ թեմաների:
18:43 - 05 մայիսի, 2023
Պրահայում կայացել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի նիստը

Պրահայում կայացել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի նիստը

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մայիսի 4-ին անցկացվել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 6-րդ նիստը։ Ինչպես հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, հանձնաժողովի չեխական կողմի համանախագահն էր Չեխիայի Հանրապետության առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ Էդվարդ Կոժուշնիկը, հայկական կողմի համանախագահը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը: Նիստի շրջանակներում քննարկվել է առևտրատնտեսական հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ արդյունաբերության և արդյունաբերական կոոպերացիայի, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, տրանսպորտի, գիտատեխնիկական, կրթության, մշակույթի, շրջակա միջավայրի, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցությունը, ինչը կնպաստի երկու երկրների տնտեսական կապերի ամրապնդմանը։ Նիստի արդյունքում չեխական կողմի հետ ձեռք բերված պայամանավորվածությունների հիման վրա ստորագրվել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 6–րդ նիստի արձանագրությունը։ Միջոցառման մասնակից գործարարների համար կազմակերպվել են փոխադարձ հետաքրքրություն ներակայացնող մի շարք հանդիպումներ։
12:30 - 05 մայիսի, 2023
Նիկոլ Փաշինյանը Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ հանդիպմանն անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին

Նիկոլ Փաշինյանը Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ հանդիպմանն անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ: Զրուցակիցները կարևորել են երկու երկրների խորհրդարանականների միջև համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը, ինչպես նաև միջազգային կառույցներում փոխգործակցությանը միտված քայլերը: Մարկետա Պեկարովա Ադամովան տեղեկացրել է, որ նախատեսում է առաջիկայում այցելել Հայաստան` երկկողմ բարեկամական խմբի պատգամավորների ուղեկցությամբ: Վարչապետ Փաշինյանը ողջունել է նախաձեռնությունը և հավելել, որ Հայաստանը շահագրգիռ է տարբեր ուղղություններով ընդլայնելու կապերը Չեխիայի հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությանը և այլ թեմաների:
22:12 - 04 մայիսի, 2023
ՀՀ վարչապետը և Չեխիայի նախագահը անհրաժեշտ են համարել Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշման կատարումը

ՀՀ վարչապետը և Չեխիայի նախագահը անհրաժեշտ են համարել Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշման կատարումը

Պաշտոնական այցով Չեխիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայի ամրոցի նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության նախագահ Պետր Պավելի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները քննարկել են հայ-չեխական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, կարևորվել է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտում փոխգործակցությունը: Հեռանկարային է համարվել բարձր տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության բնագավառներում գործակցությունը: Չեխական կողմը նշել է, որ հետաքրքրված են հայաստանյան «Թումո» կենտրոնների փորձով և Պրահայում նման կենտրոնի բացման ուղղությամբ համագործակցությամբ:
21:39 - 04 մայիսի, 2023
Շատ բարձր եմ գնահատում ՀՀ վարչապետի՝ խաղաղությանը միտված տեսանկյունը. Պետր Ֆիալայի և Փաշինյանի հայտարարությունները ԶԼՄ-ներին

Շատ բարձր եմ գնահատում ՀՀ վարչապետի՝ խաղաղությանը միտված տեսանկյունը. Պետր Ֆիալայի և Փաշինյանի հայտարարությունները ԶԼՄ-ներին

Երկօրյա պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Պետր Ֆիալայի հետ: Նախ տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, հնչել են երկու երկրների պետական օրհներգերը, որից հետո վարչապետները ողջունել են պատվիրակությունների անդամներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, այնուհետև տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Պետր Ֆիալայի առանձնազրույցը, որից հետո բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով` պաշտոնական ճաշի շրջանակում: Հանդիպմանը քննարկվել են հայ-չեխական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը և դրանց խորացման հեռանկարներին: Ըստ աղբյուրի՝ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և կարևորել միջազգային հանրության հետևողական արձագանքը տեղի ունեցողին:  Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Պետր Ֆիալան ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով և պատասխանել նրանց հարցերին: Չեխիայի Հանրապետության վարչապետ Պետր Ֆիալա - Բարի օր տիկնայք և պարոնայք: Շատ ուրախ եմ, որ կրկին հնարավորություն ունեմ ողջունելու Հայաստանի Հանրապետության վարչապետին այստեղ՝ Պրահայում: Շատ ուրախ եմ, քանի որ այս տարի նշում ենք մեր գերազանց դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը: Վարչապետի հետ նախորդ հանդիպման ժամանակ համաձայնեցինք, որ շատ բարձր ենք գնահատում մեր բարիդրացիական հարաբերությունները: Մենք համաձայնեցինք, որ ժողովրդավարական միևնույն արժեքները կրող ենք, և դա հաստատեցինք՝ հիմա ստորագրելով մեր դիվանագիտական հարաբերությունների մասին համատեղ հայտարարությունը: Երկու կողմերն էլ հույս ունեն, որ համագործակցությունը կընդլայնվի և կխորանա տարբեր ոլորտներում: Երբ նշում եմ, որ ժողովրդավարական նույն արժեքներն ենք կրում՝ ես դա հենց այնպես չեմ ասում, ինքնանպատակ հայտարարություն չէ դա, մենք պետք է գնահատենք՝ ինչպիսի դեր ունի Հայաստանը տարածաշրջանում: Մենք պետք է նաև գնահատենք այն հանգամանքը, որ Եվրոպական խորհրդարանն այս տարի մարտին զեկույց հրապարակեց, որում ընդգծեց, որ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է ժողովրդավարության առումով: Նման բաները հենց այնպես տեղի չեն ունենում, պետք է այդ ուղղությամբ աշխատանք տանել, մենք պետք է անպայման սատարենք, աջակցենք այդ դիրքորոշմանը, այդ իրավիճակին և աջակցենք երկրին: Ես համոզված եմ, որ դրա արտացոլումը կտեսնենք մեր երկու երկրների հարաբերություններում, ինչպես նաև Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում: Հայաստանն այս կերպ առաջ է գնում, ավելի բարձր մակարդակի է բարձրանում, և սա շահագրգռող գործոն է լրացուցիչ հետագա բարեփոխումների համար: 2022 թվականի հոկտեմբերին վարչապետը մասնակցեց «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին գագաթնաժողովին: Այդ գագաթնաժողովում մենք խոսեցինք բազմաթիվ գլոբալ հարցերի, տարբեր մարտահրավերների մասին և կարողացանք նաև կազմակերպել վարչապետի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Այդ իմաստով, Պրահան դարձավ այն վայրերից մեկը, որտեղ փորձ է արվել հայ-ադրբեջանական հարաբերություններում քայլ կատարել դեպի առաջ: Մեր վերափոխման համագործակցության ծրագրում Հայաստանն առաջնահերթ երկրների շարքում է: Այդ ծրագիրը հիմնականում վերաբերում է քաղաքացիական հասարակությանը, մարդու իրավունքներին և անկախ մեդիաներին աջակցելուն: Նշեցի արդեն, որ Չեխիայի Հանրապետության և Հայաստանի միջև գոյություն ունեն բարիդրացիական հարաբերություններ, հաջող հարաբերություններ, որոնք մենք ուզում ենք էլ ավելի խորացնել: Մենք նաև տեսնում ենք մեր համագործակցությունը խորացնելու լրացուցիչ հնարավորություններ տնտեսության ոլորտում, գիտության, հետազոտությունների և կրթության բնագավառներում: Նշեմ մի քանի ոլորտներ, օրինակ, միջուկային էներգետիկան և ընդհանրապես էներգետիկան: Միջուկային էներգետիկան շատ կարևոր է Չեխիայի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի համար: Չեխ գիտնականները ներգրավված են Մեծամորի ատոմակայանի անվտանգության բարելավման աշխատանքներին, մեր փորձագետներն ընթացիկ վերանորոգումներին մասնակցում են, և դա մեր հաջողված համագործակցության օրինակ է: Չեխիայի Հանրապետությունը կարող է նաև բարձրակարգ շատ տեխնոլոգիաներ առաջարկել Հայաստանին, օրինակ, խելացի քաղաքների բնագավառում: Մենք մեր խելացի քաղաքների տեխնոլոգիաները ներկայացրեցինք նախորդ տարի կոնֆերանսի ընթացքում, որը կազմակերպել ենք Արևելյան գործընկերության պետությունների համար: Ուրախ ենք նաև տեսնել, որ մեր համագործակցությունն ավիացիայի բնագավառում շարունակում է խորանալ: Կա ծրագիր, հնարավոր է, որ արտադրվեն «Balus Tech» ընկերության փոքր օդանավեր Ստեփանավան քաղաքում, որտեղ երկրաշարժից հետո կառուցվել է օդանավակայան: Մի քանի կարևոր այլ հանգամանքներ էլ կան, չեխ-հայկական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստն է տեղի ունենալու այստեղ` Պրահայում: Դա միջկառավարական հանձնաժողով է, որը զբաղվելու է տնտեսական և արդյունաբերական համագործակցության հարցերով: Այդ հանդիպման ժամանակ, բնականաբար, համագործակցության այլ ոլորտներ էլ կբացվեն: Ես նաև ուրախ եմ, որ մեր հասարակությունները շատ ավելի լավ են հիմա կարողանում իրար ճանաչել, մեր ժողովուրդներն ավելի շատ հնարավորություններ ունեն տեղեկանալու, իմանալու, սովորելու հայկական մշակույթի մասին, Հայոց լեզվի մասին: Երկու նախաձեռնություններ, թարմ նախաձեռնություններ հիշատակեմ: Առաջինը, Մասարիկի համալսարանում՝ Չեխիայի Հանրապետությունում, այս տարվա փետրվարին հայկական արվեստի և մշակույթի բաժին բացվեց, կամ ամբիոն և Կառլի համալսարանում ապագայում կրկին վերսկսելու են դասավանդել Հայոց լեզուն: Տեսնում եք, տիկնայք և պարոնայք, մեր երկու երկրները բազմաթիվ ուղղություններով են համագործակցում հասարակական տարբեր բնագավառներում՝ մշակույթ, կրթություն, գիտահետազոտական աշխատանքներ, և դա հրաշալի է: Մենք անուշադրության չենք մատնում բոլոր այն խնդիրները և մարտահրավերները, որոնք Հայաստանի առջև ծառացած են: Մենք տեղյակ ենք բարդ իրավիճակի մասին, քաղաքական իրավիճակը, անվտանգության, աշխարհագրական: Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակով, որի պատճառը Լաչինի միջանցքի շրջափակումն է: Մենք այդ հարցում համաձայն ենք Եվրամիության դիրքորոշման հետ: Մենք հավատացած ենք, որ պետք է բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկվեն, որպեսզի խաղաղություն և կայունություն հաստատվի Լեռնային Ղարաբաղում և ամբողջ Կովկասի տարածաշրջանում: Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությանը և Ադրբեջանի և Հայաստանի միջև քննարկումներին, ապա մենք կարևորում ենք այն հանգամանքը, որ կնքվի խաղաղության պայմանագիր, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար: Վարչապետի հետ մեր քննարկումների միջոցով ես հասկացա, որ Հայաստանը, ինչ խոսք, հետաքրքրված է խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում ամրապնդելու հեռանկարով: Հայաստանը շատ է հետաքրքրված, որպեսզի տևական լուծումներ լինեն, տևական լուծում գտնվի: Կրկին շնորհակալ եմ, պարոն վարչապետ, այցի համար, շնորհակալ եմ, որ բաց և անկեղծ քննարկում ինձ հետ ունեցաք, շնորհակալություն չեխ-հայկական հարաբերությունների զարգացման համար, շնորհակալություն, որ նոր այլ ոլորտներ ենք որոնում համագործակցելու համար: Եվ ես կարող եմ հավաստիացնել, որ Չեխիայի Հանրապետությունն իր միջազգային քաղաքականության մեջ, միջազգային բոլոր հարթակներում կկատարի անհրաժեշտ քայլեր, որպեսզի Ձեզ օգնենք տևական կայունության և խաղաղության հասնելու ձեր երկրում: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մեծարգո վարչապետ, Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ այսօր գտնվել Չեխիայի Հանրապետությունում՝ պաշտոնական այցով։ Այցը տեղի է ունենում Հայաստանի և Չեխիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձի առիթով։ Հայաստանը մեծապես կարևորում է Չեխիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը, ինչի համար առկա են բոլոր նախադրյալները: Դրա մասին են վկայում նաև մեր երկրների միջև բարձրաստիճան փոխայցելությունները: Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ մեր ժողովուրդների՝ ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված բարեկամական հարաբերությունները հետևողական աշխատանքի շնորհիվ շարունակում են ամրապնդվել և խորանալ: Խորին երախտագիտությունս եմ հայտնում պարոն Ֆիալային՝ հրավերի և ջերմ ընդունելության համար: Այսօր ես և պարոն վարչապետը կառուցողական մթնոլորտում ունեցել ենք բավական հագեցած քննարկումներ, որոնք ներառում են երկկողմ համագործակցության ամենատարբեր ոլորտներ։ Երկկողմ օրակարգից զատ անդրադարձել ենք նաև անվտանգային և տարածաշրջանային նշանակության հարցերի: Բարձր եմ գնահատում մեր երկու երկրների միջև առկա համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում, ինչպես նաև Չեխիայի գործուն աջակցությունն այդ հարաբերությունների զարգացմանը: Վարչապետ Ֆիալային շնորհակալություն եմ հայտնել Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու համար: Այս համատեքստում ընդգծել եմ Չեխիայի աջակցությունը Հայաստանի տարածքում՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ երկարաժամկետ մոնիտորինգի առաքելություն տեղակայելու որոշմանը: Ցավով պետք է նշեմ, որ ի հեճուկս բոլոր ջանքերի, իրավիճակը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ լարված: Դրա պատճառն այն է, որ չնայած հանրահայտ պայմանավորվածություններին, Ադրբեջանը շարունակում է ուժի և ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը, անընդհատ էսկալացնելով իրավիճակը Հայաստանի հետ սահմանին, Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում: Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումը, և դրան նախորդած միջանցքի արգելափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարին կայացված միջանկյալ որոշման կոպիտ խախտում են: Արդեն չորս ամիս Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված է ազատ տեղաշարժի հնարավորությունից: Ավելին՝ Ադրբեջանը խափանել է Լեռնային Ղարաբաղի բնական գազի և էլեկտրական էներգիայի մատակարարումը: Սնունդը Լեռնային Ղարաբաղում վաճառվում է կտրոններով և այսպիսով այնտեղ հաստատված է հումանիտար ճգնաժամ: Մենք կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է իրավիճակի հստակ և հասցեական գնահատական տա, մանավանդ որ մեր գնահատմամբ Ադրբեջանի վերը նշված գործողությունները Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումներ իրականացնելու նախապատրաստություններ են: Այս համատեքստում, Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք խմբի առաքումը համարում ենք անհրաժեշտ: Միևնույն ժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների` Հայաստանի կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը: Մենք կարծում ենք, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի և ոչ միայն նպատակ է, այլև միջոց ժողովուրդների և պետությունների հարաբերությունների կարգավորման և հետագա զարգացման համար: Մենք լիարժեք ներգրավված ենք Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում և առաջիկայում էլ ներգրավված կմնանք, տրամադրված լինելով արդյունքներ գրանցել և ոչ թե բանակցել բանակցելու համար: Այս նպատակին հասնելու համար մենք հույս ունենք, որ Ադրբեջանը կհրաժարվի ուժի և ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունից և ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը նույնպես Ադրբեջանին ուղղված նման ուղերձով հանդես կգա: Հարգելի՛ ներկաներ, Հայաստանը և Չեխիան ունեն սերտ փոխգործակցության համար անհրաժեշտ իրավական արդյունավետ գործիքակազմ, առկա են երկկողմ հարաբերությունների առավել խորացման համար անհրաժեշտ նախադրյալները, ինչը դուք նույնպես իրավացիրորեն ընդգծեցիք: Այսօր Պրահայում անց է կացվում հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ վեցերորդ նիստը, որի շրջանակներում կանցկացվի նաև հայ-չեխական գործարար համաժողով։ Վստահ եմ, որ թե՛ վերոնշյալ նիստը, թե՛ գործարար համաժողովը, էլ ավելի կնպաստեն հայ-չեխական տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը։ Հայաստանը մեծապես կարևորում է մեր երկու երկրների՝ տնտեսական, առևտրային և ներդրումային ոլորտներում առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործումը,  և մենք հետաքրքրված ենք բոլոր այն ուղղություններով համագործակցության զարգացմամբ, որոնք դուք թվարկեցիք: Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Վստահ եմ, որ այս այցը նոր որակ և բովանդակություն կհաղորդի հայ-չեխական հարաբերություններին: Շնորհակալություն: «Արմենպրես» լրատվական գործակալություն– Իմ հարցը վերաբերում է երկու երկրների տնտեսական գործակցությանը: Երբ առևտրատնտեսական ցուցանիշներին նայում ենք, 2022 թվականին, իհարկե, աճ գրանցվել է նախորդ տարվա համեմատ, բայց ցուցանիշները, կարծես, համեստ են, և հիմնական կառուցվածքում բաժին է ընկնում Չեխիայից Հայաստան ներկրումը, իսկ Հայաստանից Չեխիա ավելի փոքր է ցուցանիշը: Որտե՞ղ եք տեսնում խնդիրները և ի՞նչ առաջնահերթություններ կնշեք առաջիկայում երկու կողմերի տնտեսական հարաբերություններն ակտիվացնելու ուղղությամբ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան  - Մենք, իհարկե, քննարկել ենք նաև այդ օրակարգը և խոսել ենք Հայաստանից դեպի Չեխիայի շուկա արտահանման ակտիվացման վերաբերյալ: Իհարկե, շնորհակալ եմ վարչապետ Ֆիալային այդ գործում աջակցություն ցուցաբերելու պատրատակամության համար: Իհարկե, մենք Հայաստանում նույնպես այդ հարցերը քննարկում ենք: Եվրամիության շուկա մուտք գործելու հետ կապված կան և՛ քաղաքական, և՛ տնտեսական և՛ այլ խնդիրներ, բայց այս ուղերձը հղելով հիմնականում մեր տնտեսությանը, ես կարծում եմ, որ ինչպես Հայաստանում բազմիցս առիթ եմ ունեցել նշելու, կարևոր է, որ մենք մեր արտադրության և արտադրանքի որակի ստանդարտները շարունակաբար բարձրացնելու ուղղությամբ աշխատենք: Չնայած հիմա էլ կարող ենք արձանագրել, որ կան արտադրանքներ, որոնք արդեն իսկ այսօր իրենց ստանդարտներով կարող են մրցունակ լինել Չեխիայի շուկայում: Մեր դեսպանները հանդիպման ընթացքում հաստատեցին, որ այդ պոտենցիալը կա, և իրենք էլ խոստացան, որ ակտիվ կզբաղվեն այդ հարցով: Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալա – Ես միայն կուզեի ասել, որ մենք ուրախ ենք, որ առևտրի ծավալն ավելանում է. 2022-ին քիչ չափով չի ավելացել՝ 157 տոկոսով է իրականում ավելացել, դա արտաքին առևտրի կտրուկ ավելացում է: Եվ դա լավ է: Իհարկե, Դուք իրավացի եք, երբ ասում եք, որ ամբողջովին հավասարակշռված չէ արտաքին առևտրաշրջանառությունը: Մենք խոսեցինք նաև այն մասին, թե ինչ ապրանքներ կարող են հետաքրքիր լինել արտահանվելու համար Չեխիայի շուկա: Ես կարծում եմ, որ մենք կազմել ենք այդ ապրանքների համապատասխան ցուցակը: Ինչ վերաբերում է երկուստեք առևտուրն ավելացնելուն, դա բազմաթիվ հանգամանքների հետ է կապված: Օրինակ՝ մենք պայմանավորվեցինք, որ ցանկանում ենք կապերը խորացնել. խորացնել կապերը ժողովուրդների միջև, զբոսաշրջությունը: Այդ ամենը կնպաստի փոխադարձ երկուստեք համագործակցությանը և վստահության ամրապնդմանը:  Ի վերջո մարդիկ ձեր ապրանքները նաև ավելի գրավիչ կհամարեն: Ես կարծում եմ, որ նաև այլ քայլեր և միջոցառումներ էլ են ձեռնարկվում առևտրի և տնտեսական միջոցառումներից զատ, որոնք կնպաստեն առևտրաշրջանառության բալանսի բարելավմանն ապագայում: Հանրային հեռուստաընկերություն- Հարցս ուղղված է երկու վարչապետներին: Նախ պարոն Ֆիալա, արդեն խոսվեց Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի մասին, նշեցիք, որ պարոն Փաշինյանի հետ զրույցից հասկացել եք, որ Հայաստանը պատրաստակամ է խաղաղության հաստատմանը և գնում է դեպի դա, փոխարենն Ադրբեջանը շարունակում է սպառնալիքները` Լաչինի միջանցքում անցակետ է տեղադրում, հռետորաբանությունն է անընդհատ կոշտացնում, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա է իրականացնում: Որքանով է այս պայմաններում հնարավոր գնալ խաղաղության, ինչպես եք գնահատում Ադրբեջանի այս գործողությունները: Եվ նաև, արդյոք անհրաժեշտություն չեք տեսնում Ադրբեջանի իշխանության, ղեկավարության նկատմամբ պատժամիջոցների կիրառման: Նաև պարոն Փաշինյան, ինչպե՞ս է հնարավոր այս պարագայում գնալ խաղաղության Ադրբեջանի հետ: Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալա- Չեխիայի Հանրապետությունը կարող է աջակցել և կաջակցի խաղաղության նախաձեռնություններին ու այն ջանքերին, որոնք կհանգեցնեն տարածաշրջանում կայունացման: Ավելի վաղ, իմ ներածական խոսքում,  Հայաստանի և Ադբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ճանաչման մասին, ասացի, որ  հիմնարար նշանակություն ունի: Այստեղ՝ Պրահայում,  քայլ արվել է  Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի ընթացքում, որի հյուրընկալելու պատիվը ես ունեցել եմ: Դա պատմական հանգրվան կարելի է համարել երկու երկրների հարաբերություններում: Իհարկե, իրավիճակի համար նպաստավոր չէր լինի, եթե ես միակողմանիորեն գնահատեի, թե ով և ինչպես է խախտում, ինչը: Մեր ընդհանուր նպատակը,  Չեխիայի և Եվրամիության  անդամ պետությունների միասնական նպատակն է` հասնել կայունության տարածաշրջանում և մնայուն, տևական խաղաղության, որը նշանակում է նաև երաշխավորել Հայաստանի իրավունքները, երաշխավորել հայերի իրավունքները: Դա կարևոր հանգամանք է: Մենք կոնկրետ քայլեր այս ուղղությամբ արել ենք: Չեխիայի Հանրապետությունը նպաստել է մոնիթորինգի առաքելության տեղակայմանը,  չեխ փորձագետներ կան առաքելության կազմում: Մենք պատրաստ ենք մասնակցել նաև այլ միջոցառումների, այլ համանման աշխատանքների, որոնք կնպաստեն իրավիճակի լարվածության թոթափմանը և թույլ կտան հասնելու տևական և մնայուն խաղաղության և խաղաղ լուծման: Վարչապետն ինձ մանրամասնորեն տեղեկացրեց իր քայլերի մասին և թե ինչպես է ինքը տեսնում իրավիճակը, ինչպես են ընթանում բանակցությունները: Ես կարծում եմ՝ սա շատ արժեքավոր է ինձ համար, քանի որ յուրահատուկ հնարավորություն ունեմ այդ տեղեկությունները փոխանցելու եվրոպացի իմ գործընկերներին, և դրա հիման վրա կարող ենք դիտարկել ու պարզել, թե ինչ քայլեր պատշաճ կլինեն, ինչ քայլերով Եվրամիությունը կարող է աջակցել մշտական և տևական խաղաղության ջանքերին տարածաշրջանում:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան-  Շնորհակալ եմ, հարգելի լրագրողներ, մեծարգո պարոն վարչապետ, ես վերջին շրջանում, հատկապես մեր խորհրդարանական քննարկումների հարթակից անընդհատ ասում եմ, որ հարցերին կարելի է պատասխանել, վերաբերվել և արձագանքել մի քանի դիտանկյուններից: Եվ ես փորձում եմ վերջին շրջանում նաև մեր ունեցած խոսակցությունների համատեքստում այլ դիտանկյուններ նույնպես փորձարկել, բացի ակնհայտից: Այն ինչ հարգաժան լրագրողն ասաց իր հարցի մեջ, բացարձակ և լիարժեք ճշմարտություն է, բայց դիտանկյունի տեսակետից ես հետևյալն եմ ասում՝ Ձեր հարցի մեջ Դուք, այո, նաև իրավացիորեն գուցե հարցականի տակ եք դնում կամ հարց եք տալիս այս պայմաններում խաղաղության հնարավորության մասին: Ես դիտանկյունը փոխելու տրամաբանությամբ կուզեի նկատել, որ Ձեր հարցը և բովանդակությունն ընդգծում է խաղաղության անհրաժեշտությունը, որովհետև հենց մի կողմից՝ կարելի է ասել, թե այս պայմաններում ինչպես է հնարավոր խաղաղությունը, բայց մյուս կողմից՝ դրանից ելնելով, կարելի է ընդգծել, որ խաղաղությունն անհրաժեշտ է: Հենց այդ և նմանատիպ իրադարձություններին մենք փորձում ենք ունենալ ոչ միայն ակնհայտ տեսակետ, ոչ միայն մոտենալ ակնհայտ տեսակետից, այլև փորձել մեկ ուրիշ դիտանկյունից էլ նայել: Եվ ես Ձեր հարցին, նաև այս հարթակն օգտագործելով, և նաև հեղինակավոր գործընկերոջ ներկայությամբ ուզում եմ հենց այդ  ընդգծել, որ այդ ամեն ինչն իրականում ընդգծում է խաղաղության անհրաժեշտությունը, և մենք պետք է սպասարկենք այդ անհրաժեշտությունը, մեր քաղաքականությունը կառուցենք այդ անհրաժեշտության նկատմամբ ճիշտ դիրքավորվելով: Չեխական լրատվամիջոցի հարց- Վարչապետ Ֆիալա, Դուք արդեն նշեցիք Լաչինի միջանցքի արգելափակումը։ Ես կրկին ուզում եմ Ձեզ հարցնել՝ Չեխիայի կառավարությունն ինչու է լռում, չեխական լրատվամիջոցները ինչու են լռում, ինչով կարող է Չեխիան ազդել Ադրբեջանի վրա և ինչու Եվրոպական Միությունը պատժամիջոցներ չի կիրառում, քանի որ մենք այս առումով առաջընթաց չենք տեսնում։ Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալա- Ես այն կարծիքին եմ, որ պետք է շարունակենք ձեռնարկել քայլեր, որոնք կհանգեցնեն խաղաղ լուծման, մենք սրա համար էլ հնարավորություն ստեղծել ենք Պրահայում, աջակցում ենք Հայաստանի ջանքերին՝ միտված խաղաղ լուծմանը։ Կարծում եմ, որ չպետք է այս ճանապարհին խոչընդոտները դիտարկենք կամ խնդիրները, ընդհակառակը՝ պետք է փորձենք տևական խաղաղության հասնել, իսկ դա անելու համար մեզ անհրաժեշտ է նաև մյուս կողմը. մեզ պետք են ադրբեջանցիները, մեզ պետք է երկու կողմերից էլ բարի կամք։ Այդպես չէ, թե մենք լուռ կմնանք և չենք մեկնաբանի։ Բացման խոսքի ընթացքում արդեն ասացի, որ մենք Լեռնային Ղարաբաղի մարդասիրական իրավիճակի մասին մտահոգություններ հայտնել ենք, որի պատճառը Լաչինի միջանցքի շրջափակումն է։ Եվրոպական Միությունը հայտարարություն է արել, և մենք այդ հայտարարությանը կողմ ենք, սատարում ենք, և այնտեղ կոչ է արվում ապահովել անվտանգությունը և Լեռնային Ղարաբաղի բնակիչների տեղաշարժի ազատությունը, մի շարք այլ բաներ ևս։ Բայց մենք պետք է ապագայի մասին մտածենք։ Ես շատ բարձր եմ գնահատում խաղաղությանը միտված տեսանկյունը, դիտանկյունը, որով այս խնդրին անդրադառնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Ես սա ճիշտ մոտեցում եմ համարում, դա է ճիշտ ուղին: Նա կարող է ակնկալել մեր աջակցությունը, Եվրամիության և այլ անդամ պետությունների աջակցությունը, քանի որ մենք պետք է մտքում պահենք մի հանգամանք, սա չի կարող ժամանակավոր լուծում լինել։ Մենք բոլորս պետք է դիտարկենք, թե ինչպես կարելի է լավագույն  մոտեցումն ապահովել և զարգացում ապահովել Հայաստանի համար, իսկ դրա համար անհրաժեշտ է մնայուն տևական խաղաղություն և անվտանգություն տարածաշրջանում։ Սա պետք է մեր ընդհանուր նպատակը լինի մեր բոլոր աշխատանքներում, մենք պետք է  դրան միտված լինենք։
21:31 - 04 մայիսի, 2023