Ղրղզստան

Ղրղզստանն ու Ուզբեկստանը հաստատել են սահմանագծման փաստաթղթերը
 |1lurer.am|

Ղրղզստանն ու Ուզբեկստանը հաստատել են սահմանագծման փաստաթղթերը |1lurer.am|

1lurer.am: Ղրղզստանն ու Ուզբեկստանը Սամարղանդում կայացած բանակցությունների ընթացքում հաստատել են համատեղ սահմանի սահմանագծման վերաբերյալ նորմատիվ-իրավական և տեխնիկական փաստաթղթերը, հայտնել Է Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայությունը, հաղորդում է Interfax-ը: Բանակցությունները վարել են կառավարական պատվիրակությունները, որոնց ընթացքում տեղի են ունեցել աշխատանքային խմբերի հանդիպումներ և սահմանագծման համատեղ հանձնաժողովի առաջին հանդիպումը։ «Նիստում քննարկվել են ղրղզա-ուզբեկական սահմանի առանձին հատվածներում իրականացված համատեղ դաշտային հետազոտությունների արդյունքները: Դրանց հիման վրա էլ կողմերը հաստատել են նորմատիվ իրավական և տեխնիկական փաստաթղթերը, ստորագրել համապատասխան արձանագրություններ»,- նշել են մամուլի ծառայությունից: Այսպիսով, Ղրղզստանն ու Ուզբեկստանն ավարտել են սահմանազատման գործընթացը և սկսել սահմանագծումը։
17:47 - 29 մայիսի, 2023
Կա ՌԴ և Բելառուսի միութենական պետություն, և կա Ղազախստան, Ղրղզստան, Հայաստան․ Տոկաև
 |panarmenian.net|

Կա ՌԴ և Բելառուսի միութենական պետություն, և կա Ղազախստան, Ղրղզստան, Հայաստան․ Տոկաև |panarmenian.net|

panarmenian.net: Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Մոսկվայում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովում ունեցած ելույթում հայտարարել է, որ ԵԱՏՄ շրջանակում գոյություն ունի ՌԴ և Բելառուս միութենական պետություն, բայց կա նաև «ինտեգրման այլ մակարդակ», որը ներկայացված է Ղազախստանով, Ղրղզստանով և Հայաստանով։ «Մենք ԵԱՏՄ շրջանակում ունենք միութենական պետություն, այսինքն` համաշխարհային պատմության մեջ եզակի նախադեպ է ստեղծվել կամ ֆենոմեն, ինչպես կուզեք՝ պետության ստեղծում «երկու երկիր-մեկ պետություն» բանաձևով, միասնական քաղաքական, իրավաբանական, ռազմական, տնտեսական, արժույթային, մշակութային, հումանիտար տարածքով։ Միասնական միութենական կառավարությամբ, միասնական միութենական խորհրդարանով, ներողություն եմ խնդրում, նույնիսկ միջուկյաին զենքը մեկն է երկուսի համար»,-ասել է Տոկաևը, հայտնում է Meduza-ն։ Տոկաևը նաև նշել է, որ ԵԱՏՄ-ում կա նաև «ինտեգրման այլ մակարդակ», որը ներկայացված է Ղազախստանով, Ղրղզստանով և Հայաստանով։ «Այս իրողության հետ պետք է հաշվի նստել։ Թե ինչպես ենք աշխատելու այս պայմաններում՝ դա սկզբունքային հարց է։ Կարծում եմ, մենք պետք է քննարկենք այդ հարցը»,-ասել է նա։ 2022-ի ամռանը Պետերբուգի տնտեսական համաժողովում Տոկաևը «կվազիպետական տարածքներ» էր անվանել և Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունները և ասել էր, որ Ղազախստանը նրանց անկախությունը չի ճանաչի, ինչպես չի ճանաչում Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։
13:45 - 25 մայիսի, 2023
ՀԱՊԿ պետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները կհանդիպեն Մինսկում |armeniasputnik.am|

ՀԱՊԿ պետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները կհանդիպեն Մինսկում |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանության նախարարները այսօր Մինսկում կքննարկեն կոալիցիոն փոխգործակցության հարցեր, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»: «Նիստի մասնակիցները կքննարկեն ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգության տարածաշրջաններում, ինչպես նաև ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցերը»,- հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։ Նրա խոսքով՝ «նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների և ուժերի ու միջոցների կազմավորումների համատեղ պատրաստմանը, ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև այլ փաստաթղթեր»: Նիստը կանցկացվի Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի նախագահությամբ, կմասնակցեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը, հայտնել է մամուլի քարտուղարը: ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:
10:05 - 25 մայիսի, 2023
ԱՄՆ պատժամիջոցներ նոր ցանկում կան նաև հայկական և ղրղըզական ընկերություններ
 |azatutyun.am|

ԱՄՆ պատժամիջոցներ նոր ցանկում կան նաև հայկական և ղրղըզական ընկերություններ |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել յոթ տասնյակ ընկերությունների նկատմամբ, այդ թվում՝ հայաստանյան Medisar ՍՊԸ-ի նկատմամբ, որոնք ամերիկյան կողմի հաղորդմամբ՝ աջակցում են Ռուսաստանի բանակին և ռազմական արդյունաբերությանը: Ըստ բաց աղբյուրներում առկա տեղեկատվության՝ 2001 թվականին ստեղծված Medisar ՍՊԸ-ն արդյունաբերական և լաբորատոր քիմիական նյութերի, սննդանյութերի և լաբորատոր սարքավորումների խոշոր ներմուծողներից է Հայաստանում: Պատժամիջոցների ցանկում կան նաև ղրղըզական ընկերություններ, որոնց անունները հրապարակված չեն։ Ռուսական ընկերություններից են ավիացիայի համար ռադիոկապի սարքավորումներ ստեղծող «ПРИМА» գիտաարտադրական ձեռնարկությունը, «Իժևսկի անօդաչու համակարգեր» գիտաարտադրական միավորումը, «Ստրելա», «Ռոստվերտոլ», «Պրոլետարսկի զավոդ», «Տեխմաշ», «Ուրալ» ընկերությունները և ևս մի քանի տասնյակ հիմնարկներ: ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը որոշումը հրապարակել է մայիսի 19-ին՝ Հիրոշիմայում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի մեկնարկի օրը: «Մեծ յոթնյակը» հայտարարել է, որ կշարունակի Ուկրաինայի վրա հարձակված Ռուսաստանի նկատմամբ սանկցիոն քաղաքականությունը:
19:35 - 19 մայիսի, 2023
Երևանում անցկացվել է ԵԱՏՄ մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 41-րդ նիստը

Երևանում անցկացվել է ԵԱՏՄ մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 41-րդ նիստը

Երևանում ապրիլի 6-7-ը կայացել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 41-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի մաքսային ծառայությունների պատվիրակությունները՝ ծառայությունների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը: Ողջունելով մասնակիցներին՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը վստահություն է հայտնել, որ 41-րդ նիստը ևս մեկ քայլ է՝ ուղղված ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միջև համագործակցության խորացմանը և արդյունավետության բարձրացմանը: «Միայն մեր մաքսային ծառայությունների համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք հասնել ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացմանը և կայուն զարգացման պայմանների ստեղծմանը՝ ի նպաստ անդամ պետությունների բնակչության կենսամակարդակի բարելավմանը: Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միջև ձևավորված փոխըմբռնման և համագործակցության բարձր մակարդակը հնարավորություն է տալիս արագ արձագանքել և փոխընդունելի ու արդյունավետ լուծումներ գտնել ծագած խնդիրների դեպքում»,- ընդգծել է Ռուստամ Բադասյանը։ ՊԵԿ նախագահը համոզմունք է հայտնել, որ քննարկումը հնարավորություն կտա համատեղ լուծումներ գտնել ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը դյուրացնելու,  ինչպես նաև մաքսային ընթացակարգերը պարզեցնելու ուղղությամբ:   Միավորված կոլեգիայի որոշմամբ Միավորված կոլեգիայի նախագահ է ընտրվել Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովը՝ 1 տարի ժամկետով։ Նիստի ընթացքում ստորագրվել է 22 որոշում, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին: Մասնավորապես, ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգմանը և հայտարարագրման առանձնահատկություններին, անձնական օգտագործման ապրանքների և դրանց բացթողնման հետ կապված առանձին հարցերին, մաքսային վճարների չվճարման ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաև ապրանքների դասակարգման ռիսկերի պրոֆիլների մշակմանն ուղղված մի շարք հարցեր։ Հաստատվել են նաև միավորված կոլեգիայի և դրան կից գործող աշխատանքային խմբերի 2023 թվականի աշխատանքային ծրագրերը և միջոցառումների ցանկերը։ Որոշում է կայացվել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 42-րդ նիստն անցկացնել Բելառուսի Հանրապետությունում:
19:01 - 07 ապրիլի, 2023
ԱՊՀ երկրների Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները կհանդիպեն Մինսկում
 |armtimes.com|

ԱՊՀ երկրների Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները կհանդիպեն Մինսկում |armtimes.com|

armtimes.com: ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները ուժային կառույցների անձնակազմի հետհանդիպում կունենան Մինսկում, կքննարկվեն աշխատանքային հարցեր: Տեղեկությունը հայտնում է Բելառուսի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ ապրիլի 6-7-ը Մինսկում կկայանա Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների անձնակազմի հետ աշխատանքների (դաստիարակչական աշխատանքի) մարմինների ղեկավարների կոմիտեի և Անկախ Պետությունների Համագործակցության պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմական-հիշատակի կոմիտեի համատեղ նիստը: Նիստին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները:  
14:59 - 06 ապրիլի, 2023
Ռուսաստանը կչեղարկի միջազգային ռոումինգը Հայաստանի հետ. «Վեդոմոստի» |tert.am|

Ռուսաստանը կչեղարկի միջազգային ռոումինգը Հայաստանի հետ. «Վեդոմոստի» |tert.am|

tert.am: Ռուսաստանը մինչև 2025 թվականը կչեղարկի միջազգային բջջային ռոումինգը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի հետ։ Այս մասին ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հարցման հավելվածում, որը 2023 թվականի մարտի 16-ին ուղարկվել է դաշնակից պետությունների բոլոր խոշոր բջջային օպերատորներին և Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությանը։Փաստաթուղթը «Վեդոմոստիի» տրամադրության տակ է, դրա իսկությունը հաստատել են ԶԼՄ-ի աղբյուրները։ Մինչև 2024 թվականի վերջ այս երկրների հեռահաղորդակցական ընկերությունները պետք է մշակեն ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում կապի ծառայությունների արդար սակագների կիրառման կանոններ։ Այնուհետև օպերատորները պետք է իջեցնեն միջազգային կապի սակագները և ԵԱՏՄ երկրների բաժանորդների համար բջջային կապի ծառայությունների համար համապատասխան սակագներ կսահմանեն։
12:56 - 29 մարտի, 2023
The Economist-ը հրապարակել է Ռուսաստանի դաշնակիցների վարկանիշը. Հայաստանը 2-րդն է
 |tert.am|

The Economist-ը հրապարակել է Ռուսաստանի դաշնակիցների վարկանիշը. Հայաստանը 2-րդն է |tert.am|

tert.am: Հեղինակավոր The Economist ամսագիրը հրապարակել է հոդված «Ռուսաստանի դաշնակիցները՝ խայտաբղետ ու կրճատվող թիմ» վերտառությամբ հոդվածը, որում ներկայացրել է Մոսկվայի ռազմավարական դաշնակիցների վարկանիշը։ Ցուցակում ընդգրկված է 12 երկիր. առաջին տեղում Բելառուսն է, երկրորդում՝ Հայաստանը: Ընդհանուր առմամբ, վարկանիշում, որը հոդվածի հեղինակներն անվանել են նաև «Պուտինի ընկերների ինդեքս», ներառվել են նաև Ղրղզստանը, Իրանը, Տաջիկստանը, Ղազխստանը, Սիրիան, Չինաստանը, Վենեսուելան, Նիկարագուան, Հնդկաստանն ու Ուզբեկստանը: Նշվում է, որ վարկանիշը կազմվել է 11 գործոնի հիման վրա: Օրինակ՝ հեղինակները երկրները դասակարգելիս հաշվի են առել դիվանագիտկան, ռազմական, էներգետիկ և տնտեսական գործոնները. արդյոք երկիրը դե՞մ է քվեարկել ՄԱԿ-ի՝ հակառուսական հիմնական բանաձևերին, ձեռնպա՞հ է մնացել, թե՞ աջակցել է Ռուսաստանին, երկիրը Ռուսաստանի հետ համագործակցության պաշտոնական պայմանագիր ունի՞, երկրում կա՞ն ռուսական զորքեր կամ վարձու զինվորականներ, արդյոք երկիրը զենք  մատակարարե՞լ է Ռուսաստանին Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո, արդյոք այն կախվա՞ծ է ռուսական զենքից, պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացրե՞լ է, արդյոք երկիրը կախվա՞ծ է ռուսական գազից, ատոմակայաններից կամ միջուկային տեխնոլոգիաներից, արդյոք Ռուսաստանի մասնաբաժինը գերազանցո՞ւմ է ընդհանուր առևտրի 10%-ը, պատերազմի սկզբից ի վեր արտահանումը Ռուսաստան ավելացե՞լ է։ Ցանկում հայտնված երկրների կեսը, որոնք ստացել են ամենաբարձր ինդեքսային միավորները (Հայաստանը ստացել է 9 միավոր), հիմնականում կապված են Ռուսաստանի հետ քաղաքականության, պատմության և աշխարհագրության ոլորտներում. խոսքը Բելառուսի, Հայաստանի, Իրանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ղազախստանի մասին է: «Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ունի հինգ պաշտոնական դաշնակից՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Նրանք բոլորը պարտավոր են օգնել միմյանց՝ նրանցից մեկի վրա հարձակվելու դեպքում։ Սակայն այդ երկրներից ոչ մեկն իր զորքերով չի աջակցել Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում։ Բելառուսը որպես ռազմաբազա տրամադրում է միայն իր տարածքը», - գրում է The Economist-ը։ Աղբյուրը նկատում է, որ այս երկրներից ոմանք նույնիսկ փորձում են հեռու մնալ պատերազմից: «Հայաստանը վրդովված է, որ 2020 թվականին Ադրբեջանի հետ պատերազմի ժամանակ իր տարածքում գտնվող 3500 ռուս զինվորականներն օգնության չեն հասել։ Նա հրաժարվել է ՀԱՊԿ-ի այս տարվա զորավարժություններից և այժմ, թվում է, փորձում է ինքն իրեն ապահովագրել, երբ խոսքը վերաբերում է քաղաքական հովանավորներին՝ ԵՄ առաքելությանը հրավիրելով վերահսկելու Ադրբեջանի հետ սահմանը», - նշում են հոդվածի հեղինակները։ «Դիվանագիտական տեսանկյունից Ռուսաստանը գրեթե մեկուսացված է թվում: Միայն չորս երկիր (Բելառուս, Նիկարագուա, Հյուսիսային Կորեա և Սիրիա) միշտ նրա կողքին են եղել ՄԱԿ-ի յոթ բանաձևերի քվեարկության ժամանակ՝ սկսած 2014 թվականից, երբ Ռուսաստանի Դաշնությունը բռնակցեց Ղրիմը», - շարունակում է The Economist-ը։  Մոտ 30 այլ երկիր անվանականորեն չեզոք է և սովորաբար ձեռնպահ է մնում Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի քվեարկության ժամանակ: Այդ երկրներից մի քանիսը կազմում են այսպես կոչված «ԽՍՀՄ հիշողության համայնք»։ Նրանք Մոսկվային չեն առաջարկում որևէ լուրջ դիվանագիտական կամ ռազմական աջակցություն, բայց հաճախ հակված են Ռուսաստանին՝ անցկացնելով համատեղ զորավարժություններ կամ «կրկնելով ռուսական նարատիվները ՆԱՏՕ-ի ընդլայնման և պատերազմում Ուկրաինայի մեղքի մասին», հավելում է պարբերականը: Շարունակությունը՝ tert.am-ում
16:24 - 16 մարտի, 2023
ՀԱՊԿ խաղաղապահների զորախաղերն այս տարի տեղի կունենան Ղրղզստանում
 |azatutyun.am|

ՀԱՊԿ խաղաղապահների զորախաղերն այս տարի տեղի կունենան Ղրղզստանում |azatutyun.am|

azatutyun.am: Ղրղզստանը 2023 թվականին իր տարածցքում կանցկացնի ՀԱՊԿ-ի խաղաղապահների «Անխախտելի եղբայրություն-2023» զորախաղերը, ասել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար, Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալի Տասմագամբետովի հետ հանդիպման ընթացքում։ «Նախագահն ընդգծել է, որ Ղրղըզստանը մեծ կարևորություն է տալիս համագործակցությանը ՀԱՊԿ շրջանակներում և այդ կառույցը համարում է տարածաշրջանում անվտանգության երաշխավոր: Ռազմական, տեղեկատվական և մարդասիրական բնույթի միջոցառումների կարգավորման համար Ղրղըզստանը որոշել է այս տարի իր տարածքում անցկացնել զորավարժությունները»,- նշվում է նախագահ Ժապարովի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում: Նշենք, որ հունվարի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ-ի միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ ՀՀ-ն Հայաստանում ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորավարժությունններ անցկացնելը նպատակահարմար չի համարում այս իրավիճակում։  Կազմակերպության քարտուղարությունից ևս արձագանքել էին հայտարարությանը՝ նշելով, թե «ներկա դրությամբ ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորավարժությունների չեղարկման վերաբերյալ հայկական կողմից պաշտոնական ծանուցում չի ստացվել», ինչին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել էր․ «Քարտուղարության՝ որպես ՀԱՊԿ աշխատանքային մարմնի իրավասությունների շրջանակը չի ներառում կազմակերպության բարձրագույն մարմնի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամների հայտարարությունների մեկնաբանումը»։ Իսկ այսօր՝ մարտի 10-ին, ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտարրեց, որ Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից:   
15:27 - 10 մարտի, 2023
5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստան-Ղրղզստան սահմանին |armenpress.am|

5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստան-Ղրղզստան սահմանին |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի և Ղրղզստանի սահմանին 5,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել երկուշաբթի օրը, Աստանայի ժամանակով 05:58-ին (Երևանի ժամանակով 03:58-ին), հաղորդել են Ղազախստանի ԱԻՆ-ից։ Այդ մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը։ «Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ալմաթի քաղաքից 278 կիլոմետր դեպի հարավ-արևելք, Ղրղզստանի և Չինաստանի սահմանին: Երկրաշարժի էներգետիկ դասը 12,1 է, MPV-ի մագնիտուդը՝ 5,6, խորությունը՝ 10 կիլոմետր», - ասվում Է գերատեսչության հաղորդագրության մեջ: Միևնույն ժամանակ, ըստ սեյսմոլոգների տվյալների՝ դրանից մի քանի ժամ առաջ՝ Աստանայի ժամանակով 03.42-ին (Երևանի ժամանակով 01:42-ին), այդ նույն շրջանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժ, որի ցնցումներն Ալմաթիում զգացվել են 2 բալ ուժգնությամբ։
14:29 - 27 փետրվարի, 2023
Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ զորավարժությունները կանցկացվեն Ղրղզստանում. Սիդորով
 |armeniasputnik.am|

Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ զորավարժությունները կանցկացվեն Ղրղզստանում. Սիդորով |armeniasputnik.am|

armeniasputnik.am: «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունները, որոնք իսկզբանե նախատեսվում էր անցկացնել Հայաստանում, կանցկացվեն Ղրղզստանում։ Այս մասին այսօր հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկրի ՊՆ–ն ՀԱՊԿ–ին տեղեկացրել է, որ Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի «Անքակտելի եղբայրություն-2023» զորավարժությունների անցկացումն աննպատակահարմար է։ «Եզրափակիչ փուլում նախատեսվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ «Անքակտելի եղբայրություն» վարժանքներն անցկացնել Ղրղզստանի Հանրապետության տարածքում, որոնց ընթացքում կմշակվեն հետհակամարտային խնդիրների լուծման եղանակները, ճգնաժամային գոտում իրավիճակի կարգավորման հարցերը, ինչպես նաև խաղաղության և անվտանգության պահպանման նպատակով ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների կիրառմամբ խաղաղապահ զորավարժությունների անցկացումը», -մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սիդորովը։ Նա նաև նշել է, որ Բելառուսի տարածքում նախատեսվում է համատեղ և հատուկ զորավարժություններ անցկացնել, որոնք միավորելու են ՀԱՊԿ հավաքական ուժերի տարբեր զորքերի։
12:30 - 14 փետրվարի, 2023
Դեկտեմբերի 26-27-ը Սանկտ Պետերբուրգում կկայանա ԱՊՀ ոչ-պաշտոնական գագաթնաժողովը
 |azatutyun.am|

Դեկտեմբերի 26-27-ը Սանկտ Պետերբուրգում կկայանա ԱՊՀ ոչ-պաշտոնական գագաթնաժողովը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՊՀ ոչ-պաշտոնական գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 26-27-ը Սանկտ Պետերբուրգում: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը։ «Ռուսաստանի նախագահի հրավերով դեկտեմբերի 26-27-ը տեղի կունենա այդ հանդիպումը, հուսով ենք, որ դա լրացուցիչ խթան կհաղորդի համագործակցությանը», - երեքշաբթի օրը Մինսկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լեբեդևը։ Անկախ պետությունների համագործակցություն կազմակերպությանը անդամակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Մոլդովան: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը ու Իլհամ Ալիևը կարող են ոչ ֆորմալ ձևով խոսել ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում։ 
13:42 - 20 դեկտեմբերի, 2022
ՀՀ-ի և ԵԱՏՄ երկրների միջև հունվար-սեպտեմբերին ապրանքաշրջանառությունը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 80 տոկոսով. վարչապետ

ՀՀ-ի և ԵԱՏՄ երկրների միջև հունվար-սեպտեմբերին ապրանքաշրջանառությունը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 80 տոկոսով. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Վերջինիս մասնակցել են նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջնորդները` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը: Ընդլայնված կազմով նիստին մասնակցել է նաև ԵԱՏՄ-ում դիտորդ երկիր Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովը: ԵԱՏՄ երկրների առաջնորդներին Բիշքեկի Ալա-Արչա պետական կեցավայրում դիմավորել է Ղրղզստանի նախագահը, որից հետո տեղի է ունեցել համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը: Նախ կայացել է նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հարգելի անդամներ, Պատվիրակությունների հարգելի անդամներ, Ուրախ եմ ողջունելու ձեզ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի եզրափակիչ նիստում։ Թույլ տվեք երախտագիտությունս հայտնել նախագահող կողմին և անձամբ Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին` ավանդական հյուրընկալության և այսօրվա հանդիպման կազմակերպման, ինչպես նաև Ղրղզստանի նախագահության ընթացքում նախանշված առաջնահերթ ոլորտների, նպատակների և խնդիրների իրականացման համար: Անկեղծորեն ողջունում եմ նաև Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովին և ցանկանում հայտնել Հայաստանի Հանրապետության՝ դիտորդ երկրների հետ համատեղ նախագծերի իրականացման շրջանակներում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը։ Մինչ հանդիպման օրակարգային առանցքային հարցերին անդրադառնալը, նշեմ, որ վերջին տարիներին ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացումն ընթանում է ոչ դյուրին պայմաններում։ Ներկա իրավիճակն, իհարկե, ազդում է Միության բոլոր անդամ-պետությունների հիմնական տնտեսական ցուցանիշների վրա, և բոլորիս համար այս դժվարին պահին պետք է մեր ջանքերը կենտրոնացնենք, որպեսզի առավելագույնի հասցնենք եվրասիական ինտեգրման ներգործությունը՝ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական զարգացման ազգային առաջնահերթությունները։ Չնայած ստեղծված իրավիճակին, ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ փոխադարձ առևտրում աճի միտում կա։ Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունն այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմել է ավելի քան 3 մլրդ դոլար և 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 80 տոկոսով։ Հարգելի գործընկերներ, Ի շարունակություն նեղ ձևաչափով օրակարգային առանցքային հարցերի շուրջ մեր քննարկումների՝ ցանկանում եմ բարձրաձայնել տնտեսական միության համար արդիական մի շարք հարցեր։ Եվրասիական տարածաշրջանում տնտեսական ինտեգրման կարևոր տարր է արդյունաբերական համագործակցությունը, և մենք պետք է կենտրոնացնենք մեր ջանքերը՝ բոլոր խոստումնալից ձեռնարկումները խթանելու համար։ Այս համատեքստում այսօր մենք գործարկում ենք արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսական աջակցության նոր մեխանիզմ։ Համոզված եմ, որ այս ֆինանսավորման գործիքը կնպաստի մեր պետությունների տեխնոլոգիական զարգացմանը։ Հանձնաժողովի հետ միասին մենք սկսել ենք իրականացնել ճանապարհային քարտեզը՝ կլիմայական օրակարգի շրջանակներում: Հայաստանի համար հատկապես արդիական է «կանաչ» տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի պահպանության թեման։ Զարգացնելով «կանաչ» էներգիան՝ Հայաստանն ակտիվորեն յուրացնում է վերականգնվող էներգիայի աղբյուրներ։ Իրականացվում են միջոցառումներ մետաղագործական արդյունաբերության դեկարբոնիզացման ուղղությամբ։ Մենք ամեն կերպ խրախուսում ենք էլեկտրական տրանսպորտի օգտագործումը։ Գործընկերներ, Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել պարենային անվտանգության խնդիրների վրա։ Այս տեսանկյունից, ընթացիկ տարում ԵԱՏՄ անդամ-երկրների ներքին շուկաների կայունությունն ապահովելու նպատակով կազմվել են գյուղատնտեսական կարևոր ապրանքների ինդիկատիվ հաշվեկշիռներ։ Սա արդյունավետ գործիք է Միության ներսում փոխադարձ մատակարարումների կարիքներն ու հնարավորություններն արագ որոշելու համար։ Նշեմ նաև Հանձնաժողովի աշխատանքը ներդրումային ագրոարդյունաբերական նախագծերի պորտֆելի ձևավորման ուղղությամբ, ինչը կարող է արդյունավետ գործիք դառնալ համագործակցության զարգացման և ներմուծման փոխարինման համար։ Եվրասիական օրակարգի հաջող իրականացման տեսանկյունից չափազանց կարևոր է բոլոր հարցերի շուրջ փոխընդունելի լուծումներ գտնելը։ Այս առումով, հայկական կողմն առաջնահերթ է համարում էներգառեսուրսների ընդհանուր շուկաների ստեղծմանն ուղղված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը։ Մասնավորապես, մեզ համար զգայուն խնդիր է մնում գազի ընդհանուր շուկայի ձևավորումը։ Կառուցողական երկխոսության և փոխզիջումային լուծումներ գտնելու ճանապարհով գնալու շնորհիվ հաջողվեց ապահովել գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային համաձայնագրի նախագծի պատրաստվածության բարձր մակարդակ։ Սակայն, հաշվի առնելով գործընթացի բարդությունը, էներգետիկ ոլորտում երկրների տարբեր հնարավորություններն ու շահերը հաշվի առնելու անհրաժեշտությունից ելնելով, մի շարք չլուծված խնդիրներ են մնում։ Մենք պատրաստ ենք ճկուն մոտեցում ցուցաբերել՝ կոնսենսուսի հասնելու և չլուծված հարցերի շուրջ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների շահերի հավասարակշռությունն ապահովելու համար՝ Միության ընդհանուր գազի շուկայի առավելություններն ու ներուժը լիովին օգտագործելու նպատակով։ Հարգելի գործընկերներ, Նշեմ, որ ընթացիկ տարվա արդյունքներով Հանձնաժողովն անդամ-պետությունների կառավարությունների հետ միասին բարձր մակարդակի աշխատանք է ցուցաբերել Միության ներքին շուկայի հավասարակշռման ուղղությամբ՝ ապահովելով ազգային և վերազգային շահերի պատշաճ համադրումն այս ոչ դյուրին ժամանակաշրջանում։ Իր հերթին, վերազգային կարգավորման առաջնահերթ ոլորտների՝ տեղեկատվական անվտանգության պատշաճ մակարդակով իրականացված թվային վերափոխումը կստեղծի հիմքեր Միության անդամ-պետությունների միջև վստահության համար: Շարունակելով ինտեգրված տեղեկատվական համակարգի անցումը թվային հարթակի՝ մենք կկարողանանք ստեղծել անհրաժեշտ պայմաններ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժն ապահովող ամուր ենթակառուցվածք ձևավորելու համար։ Այս համատեքստում, մենք տեսնում ենք Միության ներքին շուկայի զարգացման նոր առաջնահերթությունները մատնանշող համակարգային փաստաթղթի մշակման մեծ պահանջարկ։ Կարծում եմ, որ այդպիսի փաստաթուղթը հնարավորություն կտա բացահայտել մեր ներքին շուկայի ողջ ներուժը՝ դարձնելով այն ավելի ամուր։ Մեր համագործակցության մեկ այլ կարևոր ուղղություն եմ համարում ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների ու միավորումների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը։ Չինաստանի հետ առևտրատնտեսական համաձայնագրի իրականացումը, Իրանի, Սինգապուրի և Սերբիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրերի իրականացումը, ինչպես նաև Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Իսրայելի, Հնդկաստանի և Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի համաձայնագրերի շուրջ շարունակվող բանակցությունները լրացուցիչ խթան կհաղորդեն Միության՝ համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրման գործընթացին։ Դա իր հերթին կբերի ԵԱՏՄ ապրանքների արտահանման ծավալների ավելացմանը, արտաքին շուկաների դիվերսիֆիկացմանը, ներդրումների ներգրավմանը և երրորդ երկրների հետ միջազգային տնտեսական գործընկերության համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը։ Համաշխարհային տնտեսական ճարտարապետության մեջ հաջողությամբ ինտեգրվելու և երրորդ երկրների հետ փոխշահավետ կապեր հաստատելու համատեքստում մեծ նշանակություն ենք տալիս 2023 թ. ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղություններին։ Այս փաստաթուղթը յուրատեսակ «արտաքին տնտեսական ռազմավարություն» է և խոսում է հաջորդ տարվա համագործակցության լայն ոլորտների մասին։ Հանդիպման հարգելի մասնակիցներ, Անկասկած կարելի է արձանագրել, որ մեր համատեղ ջանքերը բերում են գործնական արդյունքների, և մենք զգում ենք ինտեգրման դրական ազդեցությունը, ինչը հնարավոր է դառնում Միության անդամ երկրների լավ համակարգված փոխգործակցության շնորհիվ։ Անցնող տարին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համար դարձավ հոբելյանական։ Այս տասը տարիների ընթացքում այն, անշուշտ, դարձավ Միության անդամ երկրների համար մի շարք կարևոր որոշումների նախաձեռնողը։ Այս կապակցությամբ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Հանձնաժողովի բոլոր անդամներին՝ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորությամբ, Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում իրենց արժանի ավանդի համար։ Եզրափակելով՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլորին 2022 թվականին ակտիվ համագործակցության համար և հաջողություն մաղթել Միության մարմիններում նախագահությունը ստանձնած ռուսական կողմին։ Օգտվելով առիթից՝ թույլ տվեք ևս մեկ անգամ հաստատել հայկական կողմի հավատարմությունը ԵԱՏՄ մասին պայմանագրի հիման վրա ամրագրված սկզբունքներին ու նպատակներին և բոլոր անդամ երկրների հետ ակտիվ փոխգործակցության պատրաստակամությունը՝ ի շահ եվրասիական ինտեգրման հետագա խթանման։ Շնորհակալություն ուշադրության համար»։ Նիստի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության ընթացիկ խնդիրները, նախանշվել են ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման, ապրանքների և ծառայությունների միասնական շուկայի գործունեության բարելավման ուղիները։ Քննարկվել և հաստատվել են էներգետիկայի և առևտրի ոլորտներին վերաբերող մի քանի որոշումներ: Որոշում է կայացվել մեկնարկել ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցային գործընթաց: Ռուսական կողմը ներկայացրել է 2023 թվականին ԵԱՏՄ-ում իր առաջիկա նախագահության հիմնական առաջնահերթությունները:
14:09 - 09 դեկտեմբերի, 2022
Ամեն կերպ խրախուսում ենք էլեկտրական տրանսպորտի օգտագործումը. վարչապետը՝ ԵԱՏՄ նիստին

 |armenpress.am|

Ամեն կերպ խրախուսում ենք էլեկտրական տրանսպորտի օգտագործումը. վարչապետը՝ ԵԱՏՄ նիստին |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տարածաշրջանում տնտեսական ինտեգրման կարևոր տարր է արդյունաբերական համագործակցությունը, և ԵԱՏՄ երկրները պետք է կենտրոնացնեն իրենց ջանքերը՝ բոլոր խոստումնալից ձեռնարկումները խթանելու համար։ Բիշքեկում ընթացող Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Միության համար արդիական մի շարք հարցեր։ «Եվրասիական տարածաշրջանում տնտեսական ինտեգրման կարևոր տարր է արդյունաբերական համագործակցությունը, և մենք պետք է կենտրոնացնենք մեր ջանքերը՝ բոլոր խոստումնալից ձեռնարկումները խթանելու համար։ Այս համատեքստում այսօր մենք գործարկում ենք արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսական աջակցության նոր մեխանիզմ։ Համոզված եմ, որ այս ֆինանսավորման գործիքը կնպաստի մեր պետությունների տեխնոլոգիական զարգացմանը»,- ընդգծեց վարչապետը: Փաշինյանը նշեց նաև, որ ԵՏՀ հետ միասին սկսել են իրականացնել ճանապարհային քարտեզը՝ կլիմայական օրակարգի շրջանակներում: «Հայաստանի համար հատկապես արդիական է «կանաչ» տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի պահպանության թեման։ Զարգացնելով «կանաչ» էներգիան՝ Հայաստանն ակտիվորեն յուրացնում է վերականգնվող էներգիայի աղբյուրներ։ Իրականացվում են միջոցառումներ մետաղագործական արդյունաբերության դեկարբոնիզացման ուղղությամբ։ Մենք ամեն կերպ խրախուսում ենք էլեկտրական տրանսպորտի օգտագործումը»,- եզրափակեց Փաշինյանը:  
13:59 - 09 դեկտեմբերի, 2022