Կիպրոս

Սուրեն Պապիկյանը Կիպրոսի իր գործընկերոջը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Սուրեն Պապիկյանը Կիպրոսի իր գործընկերոջը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Դեկտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Կիպրոսի Հանրապետություն մեկնարկել է դիմավորման հանդիսավոր արարողությամբ՝ Կիպրոսի ազգային գվարդիայի պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության պետական օրհներգերը: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: «Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Միխալիս Յորղալասի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-կիպրական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Կողմերն ամփոփել են համագործակցության ներկայիս ընթացքն ու նախանշել դրա զարգացման նոր հնարավորությունները` պատրաստակամություն հայտնելով գործակցել ավելի ընդգրկուն օրակարգով՝ ուսումնավարժական ծրագրեր, փորձի փոխանակում տարբեր ոլորտներում, ռազմատեխնիկական համագործակցություն և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Սուրեն Պապիկյանն իր գործընկերոջը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Հանդիպման ավարտին երկու երկրների պաշտպանության նախարարները հանդես են եկել լրատվամիջոցների համար համատեղ հայտարարությամբ, որի ընթացքում վերահաստատել են հագեցած օրակարգով համագործակցելու պատրաստակամությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
14:06 - 12 դեկտեմբերի, 2023
Կիպրոսը ողջունում է Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարությունը. Կոնստանտինոս Կոմբոս
 |1lurer.am|

Կիպրոսը ողջունում է Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարությունը. Կոնստանտինոս Կոմբոս |1lurer.am|

1lurer.am: ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպել է Կիպրոսի Հանրապետության արտգործնախարար Կոնստանտինոս Կոմբոսը: «Ուրախ եմ հանդիպել Հայաստանի արտգործնախարարի հետ: Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չեն և պետք է հարգվեն: Կիպրոսը ողջունում է Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարությունը ռազմագերիների փոխանակման, երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքի և վստահության միջոցառումների ամրապնդման մասին։ Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Հարավային Կովկասում կենսունակ և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին»,- գրել է արտգործնախարար Կոնստանտինոս Կոմբոսը X-ի իր միկրոբլոգում։
18:10 - 11 դեկտեմբերի, 2023
ԵԱՀԿ ԽՎ պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԵԱՀԿ ԽՎ պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Երևանում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի, Կիպրոսի և Շվեդիայի պատգամավորները նոյեմբերի 18-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: «Մենք կարևորում ենք Հայոց ցեղասպանության դատապարտումը: Ունենք նաև մեր հստակ դիրքորոշումն այն ամենի վերաբերյալ, ինչ կատարվել է Ադրբեջանի կողից: Մենք հայ ժողովրդի կողքին ենք»,- ասել է ԵԱՀԿ ԽՎ Ֆրանսիայի պատվիրակության անդամ Պասկալ Լըկանը: ԵԱՀԿ ԽՎ Կիպրոսի պատվիրակության ղեկավար Արին Խարալամբիդեսը նշել է, որ Կիպրոսն առաջին երկրներից է, որ դատապարտել է հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Նա հավելել է, որ այն ամենը, ինչ կատարվել է Լեռնային Ղարաբաղի բնակչության հետ, նույնպես պետք է խստորեն դատապարտվի:
18:40 - 18 նոյեմբերի, 2023
Տեղի են ունեցել հատուկ նշանակության ուժերի՝ Հունաստան-Կիպրոս-Հայաստան եռակողմ ձևաչափով համատեղ վարժանքներ

Տեղի են ունեցել հատուկ նշանակության ուժերի՝ Հունաստան-Կիպրոս-Հայաստան եռակողմ ձևաչափով համատեղ վարժանքներ

Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային համագործակցության ծրագրի շրջանակներում ս․թ․ նոյեմբերի 6-ից - 10-ը Ատիկայի նահանգի Նեա Պերամոս քաղաքում տեղի են ունեցել հատուկ նշանակության ուժերի՝ Հունաստան – Կիպրոս – Հայաստան եռակողմ ձևաչափով համատեղ վարժանքներ։ Այս մասին ասված է Հունաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ։  «Համատեղ վարժանքները Հունաստան-Կիպրոս-Հայաստան 2023 թվականի Համատեղ Գործողությունների Ծրագրի մի մասն են կազմում, որի նպատակն է՝ նպաստել մասնակից երկրների հատուկ նշանակության ուժերի փոխըմբռնման մակարդակի բարձրացմանը և գիտելիքների փոխանակմանը, ինչպես նաև նրանց գործնական կարողությունների զարգացմանը։ Հունաստանի ԶՈՒ-ը մասնակցել են համատեղ վարժանքներին՝ Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի հատուկ պատերազմի հրամանատարության 1 օպերատիվ խմբով` (Special Operations Task Unit – SOTU). Համատեղ վարժանքների ընթացքում մասնակիցներն իրականացրել են հետևյալ գործողությունները․ • Արագ արձագանքման մարտական կրակ, • Դիպուկահարության մարտավարություն և մեթոդներ, • Բնակելի տարածքում մարտի վարման մեթոդներ, մարտավարություն ու ընթացակարգ, • Փոքր ծավալի վարժանքի պլանավորում ու իրականացում»,- ասված է գրառման մեջ։
15:54 - 13 նոյեմբերի, 2023
Կիպրոսի ուղղափառ եկեղեցին դեղորայքային օգնություն կտրամադրի արցախահայությանը

Կիպրոսի ուղղափառ եկեղեցին դեղորայքային օգնություն կտրամադրի արցախահայությանը

Կիպրոսի ուղղափառ եկեղեցին ՀՀ առողջապահական ոլորտում դեղորայքային օգնություն կցուցաբերի արցախահայությանը օգնելու համար։ Այդ մասին նշվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Կիպրոսի ուղղափառ եկեղեցու պետ Տ. Գեորգիոս արքեպիսկոպոս Պապաքրիստոմուի օգնական Նեոպոլիսի Պորֆիրիոս եպիսկոպոսի` Մայր աթոռ սուրբ Էջմիածնում տեղի ունեցած հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։ Նշվում է, որ Ամենայն հայոց կաթողիկոսն իր շնորհակալությունն է հայտնել Կիպրոսի ուղղափառ եկեղեցուն այս դժվարին օրերին հայրենազրկված արցախահայությանը և Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար։ «Վեհափառ հայրապետը ընդգծել է, որ երկու բարեկամ ժողովուրդներն ունեն պատմական համանմանություններ, և իրենց զորեղ հավատքով կարողացել են դիմագրավել բազմաթիվ փորձություններ ու դժվարություններ»,- նշված է հաղորդագրության մեջ։ Զրույցի ընթացքում Գարեգին 2–րդն անդրադարձել է նաև բռնի տեղահանված արցախցիների առջև ծառացած մարտահրավերներին։ Իր հերթին Պորֆիրիոս Սրբազանը նշել է, որ իր այցը նպատակ ունի նաև Կիպրոսի ուղղափառ եկեղեցու զորակցությունը հայտնելու հայ ժողովրդին։
22:48 - 24 հոկտեմբերի, 2023
Հարիս Գեորգիադեսի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հարիս Գեորգիադեսի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Այս դժվարին ժամանակահատվածում մենք եկել ենք ձեզ հետ կիսելու ձեր ցավը: Մեր հարաբերությունները պատմական եւ եղբայրական հենք ունեն, դրանց զարգացման մեծ ներուժ կա։ ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է Կիպրոս-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսը: Նրա ղեկավարած պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ եւ ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության  Սուրբ նահատակների հիշատակը: Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, դիտել Հայոց մեծ եղեռնը հավաստող ցուցանմուշները, ծանոթացել վավերագրերին: Հարիս Գեորգիադեսը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում` նշելով. «Մենք աջակցում ենք արդարության վերականգնմանը, հայ ժողովրդի պատմական պայքարին»: 
17:27 - 03 հոկտեմբերի, 2023
Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ հայության բռնի տեղահանման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները

Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ հայության բռնի տեղահանման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները

Հոկտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։ Հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: «Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի շարունակական ագրեսիվ և Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի մանրամասները՝ իրադրության միջազգային քաղաքական և հումանիտար բաղկացուցիչները: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի 100.000-ից ավել հայության բռնի տեղահանման հետևանքով առաջացած հումանիտար մարտահրավերները և դրանց հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Ադրբեջանի կողմից ուժի հետագա կիրառման կանխման, Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների բացառման հրամայականը և կարևորել դրան ուղղված միջագզային դերակատարների միասնական քայլերը: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության հարցերի»,- նշվում է հաղորդագրության մեջ:
12:00 - 03 հոկտեմբերի, 2023
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Կիպրոսի խորհրդարանական պատվիրակությանը

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Կիպրոսի խորհրդարանական պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Կիպրոսի խորհրդարանի պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել երկու երկրների միջխորհրդարանական համագործակցությունն ու քաղաքական երկխոսության մակարդակը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերաբերյալ ընդունված բանաձևի փաստը և շնորհակալություն հայտնել հստակ գնահատականների համար: Վարչապետը կարևորել է նաև Հայաստանի և Կիպրոսի միջև տնտեսական փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ քայլերի իրականացումը` նշելով, որ այդ ոլորտում ևս առկա է համագործակցության մեծ ներուժ: Հարիս Գեորգիադեսը դատապարտելի է համարել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ էթնիկ զտման քաղաքականության իրականացումը և կարևորել միջազգային հանրության հումանիտար աջակցությունը բռնի տեղահանված ԼՂ բնակչությանը: Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահը շեշտել է Կիպրոսի աջակցությունը ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցերի:
18:05 - 02 հոկտեմբերի, 2023
ՀՀ ԱԳ նախարարը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի՝ տարբեր խմբակցություններ ներկայացնող պատվիրակության հետ, որը ղեկավարում էր ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների, այդ թվում՝ սեպտեմբերի 19-ի լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստիպված էր լքել իր բնօրրանը՝ ենթարկվելով էթնիկ զտման: ԱԳ Նախարարը հիշեցրել է, որ հայկական կողմը բազմիցս ահազանգում էր ԼՂ-ում ահագնացող իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, այդուհանդերձ միջազգային հանրությունը, մասնավորապես ՄԱԿ-ը և հիմնական դերակատարները ճիշտ ժամանակին չձեռնարկեցին հասցեական թիրախային գործողություններ՝ կանխելու այս արհավիրքը։ Անդրադառնալով խնդրի վերաբերյալ Կիպրոսի դիրքորոշմանը՝ նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Կիպրոսի խորհրդարանի սկզբունքային մոտեցումն ու բանաձևերի ընդունումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելու Կիպրոսի պատրաստակամությունը:  Երկուստեք ընդգծվել է՝ ստեղծված իրավիճակը ցույց տվեց, որ քաղաքական հայտարարությունները բավարար չեն, և անհրաժեշտ են հստակ քայլեր՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման, Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների բացառման նպատակով: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարբեր ձևաչափերով և բազմակողմ հարթակներում երկու երկրների և խորհրդարանների միջև փոխգործակցությանը: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Կիպրոսի միջև ձևավորված ընդգրկուն երկկողմ օրակարգն ու տարբեր ոլորտներում ընդլայնվող համագործակցությունը: Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը նաև շնորհավորել է կիպրացի խորհրդարանականներին՝ Կիպրոսի անկախության տոնի առթիվ՝ լավագույն մաղթանքները հղելով Կիպրոսի բարեկամ ժողովրդին և կառավարությանը:
17:58 - 02 հոկտեմբերի, 2023
Մեր երկրները միեւնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին

Մեր երկրները միեւնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել օրեր առաջ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից միաձայն ընդունված եւս մեկ բանաձեւի համար, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիան եւ էթնիկ զտումների քաղաքականությունը: Նա բարձր է գնահատել սեպտեմբերի 28-ին Դուբլինում տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում Կիպրոսի խորհրդարանի նախագահ Անիտա Դիմիտրիուի սկզբունքային ելույթը, որտեղ բարձրաձայնվել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացվող ոճրագործությունները, կոչ է արվել միջազգային հանրությանն անհապաղ քայլեր ձեռնարկել՝ էթնիկ զտումները կանխելու նպատակով: Հանդիպմանը քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածներին վերաբերող հումանիտար խնդիրներ: Կիպրոսցի խորհրդարանականները նշել են, որ համերաշխության նշանաբանով են առաջնորդվում Հայաստանի հանդեպ եւ պատրաստ են հնարավորինս աջակցել: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ մեր երկրները միեւնույն մարտահրավերներն ունեն եւ խաղաղասիրությամբ եւս նման են, ուստի մեկը մյուսի ցավի հանդեպ առավել զգայուն են: Հանդիպմանը քննարկվել են նաեւ օրենսդիր մարմինների երկկողմ օրակարգային հարցեր՝ երկուստեք կարեւորելով խորհրդարաններում գործող համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների կարեւոր դերակատարությունը:  
14:53 - 02 հոկտեմբերի, 2023
Հայաստանը կարևորում է բարեկամ Կիպրոսի հետ եղբայրական հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը կարևորում է բարեկամ Կիպրոսի հետ եղբայրական հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին՝ Անկախության օրվա առթիվ, որում, մասնավորապես, ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Կիպրոսի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Հայաստանը կարևորում է բարեկամ Կիպրոսի հետ եղբայրական հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը։ Երկու երկրների միջև տարբեր մակարդակներով հանդիպումների ինտենսիվությունը վկայում է առկա փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով առավել ընդլայնելու մեր հաստատուն հանձնառության մասին: Ընդհանուր պատմամշակութային հարուստ ժառանգության և նույնական արժեհամակարգի վրա խարսխված երկու եղբայրական ժողովուրդների ավանդական բարեկամական հարաբերությունները սերտ համագործակցության շնորհիվ շարունակում են ամրանալ՝ ռազմավարական համագործակցության հիմք հանդիսանալով: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ առաջիկայում երկկողմ և բազմակողմ ձևաչափերում մեր երկրների փոխգործակցությունն էլ ավելի կամրապնդվի՝ ի շահ բարեկամ երկու ժողովուրդների»։
12:00 - 01 հոկտեմբերի, 2023
Կիպրոսը դիտարկում է ԼՂ-ից տեղահանված հայերին ընդունելու ուղիները |hy.armradio.am|

Կիպրոսը դիտարկում է ԼՂ-ից տեղահանված հայերին ընդունելու ուղիները |hy.armradio.am|

hy.armradio.am: Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում և 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի համաձայնագրի կոպտագույն խախտումը։ «Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով տասնյակ հազարավոր հայեր տեղահանվել են իրենց պապենական տներից։ Անկասկած, Ադրբեջանի այս միակողմանի գործողությունները հանդիսանում են էթնիկ զտումների ակտեր և հետևաբար պետք է արժանանան միջազգային հանրության համանման ու վճռական արձագանքին»,- ասվում է երկրի ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Կիպրոսն աջակցում է բոլոր պետությունների ինքնիշխանությանն և տարածքային ամբողջականությանը՝ որպես սկզբունքներ և կոչ է անում Ադրբեջանին զերծ մնալ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ հետագա ռազմական գործողություններից՝ հիմնվելով Ալմաթիի հռչակագրի վրա (1991թ․.)։ Արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ շարունակաբար բարձրացնում է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հարցը ինչպես ԵՄ-ի, այնպես էլ այլ միջազգային հարթակներում։ Նախարարությունը վերահաստատում է համապարփակ, շարունակական և ընդգրկուն երկխոսության իր կոչը՝ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հասնելու համար։ Նախարարությունը նշել է, որ հաշվի առնելով Կիպրոսի և Հայաստանի միջև ավանդական պատմական և ամուր կապերը՝ ԱԳ նախարարը կապի մեջ է հայաստանյան գործընկերների հետ և նշել, որ Կիպրոսի կառավարությունը պատրաստ է անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերել ԼՂ տեղահանված հայերին, որոնք վտարվել են իրենց նախնիների տներից: «Ի թիվս այլնի՝ մենք դիտարկում ենք մի շարք տեղահանված հայերի մեր երկրում հյուրընկալելու ուղիները, եթե նման անհրաժեշտություն առաջանա»,- ասված է նախարարության գրառման մեջ։
10:34 - 30 սեպտեմբերի, 2023