Մինսկի խումբ

Մինսկի խումբը (ՄԽ) ձևավորվել է 1992 թվականին։  ՄԽ-ի գործունեության նպատակը Արցախյան հակամարտության խաղաղ կարգարումն է:

Մինսկի խմբի համանախագահող երկրներն են Ֆրանսիան (Ստեֆան Վիսկոնտի), Ռուսաստանի Դաշնությունը (Իգոր Խովաև) և Ամերիկայի Միացյալ Նահանգները (Էնդրյու Շոֆեր):

Լիպարիտյանի հրեշավոր առասպելները․ Սուրեն Սահակյան

Լիպարիտյանի հրեշավոր առասպելները․ Սուրեն Սահակյան

2023թ․ մայիսի 11-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակվեց Ժիրայր Լիպարիտյանի հետ հարցազրույցը, որը քննարկումների մեծ ալիք բարձրացրեց Հայաստանի անվտանգային միջավայրով մտահոգված հանրության շրջանում։ Բանն այն է, որ պարոն Լիպարիտյանի դատողությունները շփոթության աստիճանի նման են Արցախի հարցով ներկայումս բանակցային հարթակներում, ինչպես նաև ԱԺ և այլ ամբիոններից կառավարող ուժի շատ ներկայացուցիչների հնչեցրած տեսակետներին ու փաստարկներին։ Տպավորություն է, որ դատապարտվածության ու անճարության այդ քարոզը բարձրացվել է վարվող պետական քաղաքականության մակարդակ, իսկ Լիպարիտյանը, որպես այդպիսի մտածողության կենդանի վկայություն, հրավիրվել էր Հանրային հեռուստաընկերություն՝ իր փորձով ու գիտելիքներով նման քաղաքականության դեսպանությունը ստանձնելու։ Ներկայումս կառավարող ուժի վերոնշյալ ներկայացուցիչների դեպքում այդ պարտվողական մոտեցումները կարելի է բացատրել հանգամանքով, որ նրանց գործադրած առավելագույն ջանքերը, միևնույն է, 2020թ․-ին հանգեցրել են խայտառակ պարտության։ Հասարակ ռեֆլեքսիայի անընդունակ այդ գործիչները հակված չեն կարծել, որ խնդիրն իրենց մտածողության ծավալների և կառավարման հմտությունների մեջ է։ Ի տարբերություն սրա՝ Լիպարիտյանը սկսել է պաշտոնավարել մի շրջանում, երբ հայկական զինված ուժերը Ադրբեջանի հետ լայնամասշտաբ պատերազմ դեռևս չէին սկսել, իսկ դադարել է պաշտոնավարել, երբ արդեն այդպիսի բախումը ավարտվել է հայկական ուժերի հաղթանակով։ Չնայած սրան, Լիպարիտյանի տարածած մտքերը բովանդակային փոփոխությունների չեն ենթարկվել, ինչը խիստ տարօրինակ է։  Տեսեք, մարդը հեռավոր 90-ականներից սկսած մինչ օրս պնդում է, թե Հայաստանը պետք է իր կենսական շահերի հարցում հարևանների (մասնավորապես Թուրքիայի և Ադրբեջանի) հետ զիջումների գնա, համաձայնվի նրանց պահանջներին, փորձի թշնամական վարք դրսևորող հարևաններից ստանալ պահի հնարավոր առավելագույնը, քանի որ դրա այլընտրանքը պատերազմն է, որն անխուսափելիորեն ավարտվելու է պարտությամբ՝ հաշվի առնելով Հայաստանի տնօրինած սահմանափակ ռեսուրսները, դեմոգրաֆիական իրավիճակը, բարեկամներ չունենալու հանգամանքը և այլն։ Ի հեճուկս սրա, մեր հանրությունը 90-ականներին որոշում է զենքով պաշտպանել իր տարրական իրավունքները և այդ կռվում հաղթող է դուրս գալիս։ Տրամաբանական կլիներ կարծել, որ մարդը կընդունի իր սխալը և կվերանայի վերաբերմունքը այսպիսի կենսական կարևորության հարցերին։ Այս պարագայում մարդու մտածողության շրջանակում և խոսույթում անկալվող նվազագույն փոփոխությունը կլինի այն, որ նա ընդունի՝ հաղթանակի և պարտության հարցերում տնօրինած ռեսուրսներից, բնակչության թվաքանակից և նշված այլ հանգամանքներից զատ կան նաև այլ, իր համար գուցե «միստիկ» հանգամանքներ։ Ստիպված ենք փաստել, որ Լիպարիտյանի դեպքն այլ է։  Թվում է, թե մենք քննելու այլ, ավելի կարևոր հարցեր ունենք, քան աշխարհին նայելու Լիպարիտյանի կերպը։ Այդպես կլիներ, եթե հաշվի չառնենք 1991թ․-ից մինչ օրս Հայաստանի վարած արտաքին քաղաքականության վրա նրա քարոզած թեզերի կործանարար ազդեցությունը և այդ թեզերով զինված փոքր, բայց աղմկոտ հանրույթը, որի առանձին ներկայացուցիչներ տասնամյակների դադարից հետո կրկին սողոսկել են պետական կառավարման համակարգ և որոշ դեպքերում նաև Հայաստանի համար կենսական հարցերում որոշումներ կայացնելու իրավունք ստացել։ Խնդիրն ամենևին այն չէ, թե կան մտքեր, որոնք հրապարակման ու քննարկման ենթակա չեն։ Հակառակը՝ միմյանց բազմակարծությունը հարգելը մարդկային քաղաքակրթական զարգացման ամենակարևոր և անուրանալի նվաճումներից է։ Խնդիրն այն է, որ այդ թեզերը չպետք է խեղված իրականության և դոգմաների վերածված կեղծ «ճշմարտությունների» վրա կառուցվեն։  Արդեն ավելի քան երկու տասնամյակ Հայաստանում քաղաքական մտքի զարգացման հեռանկարները այդպիսի «ճշմարտությունների» խիստ ճնշման տակ են։ Տարիներ շարունակ անդադար կրկնվող այդ թեզերն ամրապնդելու համար բազմաթիվ առասպելներ են հյուսվել, որոնցից մի քանիսին էլ կուզեի անդրադառնալ այս հոդվածում։ Բայց մինչ այդ հետաքրքիր է պարզել «քաղաքական ռեալիզմի» տեսության և «ռացիոնալություն» անվան տակ ապահով քողարկված այդ առասպելաբանության ստեղծման համար գործադրած մեծ ջանքերի իրական նպատակը։ Փաստերի համադրումը թույլ է տալիս հիպոթեզ առաջարկել, որ դա սեփական ձախողումների համար այլ մեղավորներ փնտրելու ամենասովորական նպատակն է հետապնդում։ Պատերազմում ռեսուրսների սահմանափակության, բնակչության թվաքանակի, բարեկամների բացակայության պայմաններում անհնարին թվացող հաղթանակի վերաբերյալ առասպելի մասին արդեն խոսվեց։ Մենք մեր 90-ականների փորձով համոզվել ենք, որ կա՛մ մեր ունեցած ռեսուրսները բավարար են հաղթանակի համար (եթե բարեկամներ չունենք ու երբեք էլ չենք ունեցել), կա՛մ էլ նշվածները որոշիչ գործոնների կարևոր, բայց ոչ ամբողջական շարքն են։ Ավելին, Լիպարիտյանը, որը պատերազմի 90-ականների փուլի ընթացքում մի շարք առանցքային պաշտոններ է զբաղեցրել, վկայում է․ «Մենք իրականությունը չտեսնելը արվեստի մակարդակի ենք հասցրել։ …Չենք ուզում տեսնել, որ… ամբողջ աշխարհը մեր դեմ էր։ Մենք բարեկամ չունեինք …»։ Ստացվում է, որ կա՛մ նա կեղծում է, և մենք բարեկամներ ունենք և ունեցել ենք, կա՛մ էլ կան հնարավորություններ, երբ նույնիսկ Հայաստանի պես սահմանափակ ռեսուրսներով, աշխարհի դեմ միայնակ ելած երկիրը պատերազմում կարող է հաղթանակել կամ գոնե պարտությունը 100 տոկոսով երաշխավորված չլինի, ինչպես նա պնդում է։ Պատերազմի ողջ շրջանում Լիպարիտյանը Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականն էր, հատուկ ներկայացուցիչը, այնուհետև՝ փոխարտգործնախարար, հետո՝ գլխավոր խորհրդական։ Նույն շրջանում Ադրբեջանում ևս կար այդ ճանապարհը նույնությամբ կրկնած պաշտոնյա՝ Տոֆիկ Զուլֆուգարովը, որը նաև վերջում Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար դարձավ։ Համացանցում կարելի է գտնել նրա հարցազրույցներից մեկը, որտեղ խնդրի ծագման շրջանում դրա կարգավորման լուծումների մասին նշում է հետևյալը․ «Ի սկզբանե հայկական կողմից հարցի կարգավորման երկու թեզ էր առաջարկվում։ Առաջինը՝ ԼՂԻՄ-ը միացնել Հայաստանին և երկրորդը՝ պահուստայինը, զարգացնել «անջատողական» շարժումը, հասնել ԼՂԻՄ-ի քվազի-անկախությանը, հետո իրականացնել միավորումը։ 1991թ․-ի դեկտեմբերին ԵԱՀԽ-ում (ներկայիս ԵԱՀԿ) տեղի ունեցավ հանդիպում, որտեղ հրավիրված էին նաև Ադրբեջանի ներկայացուցիչներ Ռասիմ Մուսաբեկովն ու Յաշար Ալիևը։ Հենց այդ (հայկական) տրամաբանությունն էր գերակայում արդեն այդ միջազգային հարթակում, որը ցանկություն էր հայտնել խնդրի կարգավորման հարցում միջնորդական ջանքեր գործադրել… Մի շարք նիստեր տեղի ունեցան, որոնց արդյունքներով ընդունվեց Մինսկի համաժողովի մանդատը, որը պետք է զբաղվեր ԼՂԻՄ կարգավիճակի հարցով։ … Ընդ որում, ԼՂԻՄ-ը ներկայացնող հայերը այդ նիստերին մասնակցում էին եթե ոչ որպես մյուսներին հավասար պետություն, ապա գոնե հատուկ կարգավիճակով։ Ամեն ինչ գնում էր նրան, որ այդ կողմը հետագայում անկախություն էր ստանալու և միանար Հայաստանին։ Դա՛ էր այդ գործընթացների ընդհանուր աստառը»։ Այսինքն՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում գտնվող ԼՂԻՄ մասին նույնիսկ խոսք չկար։ Այս նույն շրջանում՝ 1991թ․ դեկտեմբերին, փաստորեն, ըստ Լիպարիտյանի, Հայաստանում համոզված էին, որ «մենք բարեկամներ չունենք, և ոչ ոք մեզ չէր ասում, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը կճանաչենք»։ Եվ այդ կեղծ համոզմունքներից ելնելով, համոզված լինելով նաև, որ հնարավոր պատերազմը մի երաշխավորված ելք ունի՝ պարտություն, տեղի էր ունենում իրավունքներից հրաժարման գործընթաց։ Այսպես, Զուլֆուգարովի նշած գործընթացները բերեցին նրան, որ արդեն 1992թ․ հունվարի 30-ին Հայաստանն ու Ադրբեջանը միաժամանակ անդամագրվեցին ԵԱՀԽ-ին, որն էլ պետք է զբաղվեր խնդրի կարգավորմամբ։ Անդամագրվելիս երկու երկրներն ընդունում են կազմակերպության պահանջները, որոնցից են Լեռնային Ղարաբաղի խնդրի առկայության փաստի ընդունումը և դրա լուծման համար խաղաղ կարգավորման գնալու պահանջը՝ զերծ ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքներից։ Կազմակերպությունն արդեն փետրվարին պատվիրակություն է ուղարկում տարածաշրջան՝ ծանոթանալու խնդրի էությանը, հակամարտող կողմերի դիրքորոշումներին և դրանց շրջանակում կարգավորման լուծումներ առաջարկելու։ Պատվիրակությունը՝ նախագահ Կառլ Շվարցենբերգի ղեկավարությամբ, փետրվարի 12-18-ը լինում է տարածաշրջանում՝ այցելելով Ռուսաստան, Հայաստան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Ադրբեջան։ Ի մի բերելով աշխատանքը՝ պատվիրակությունը միջանկյալ զեկույց է պատրաստում, որտեղ մանրամասն նկարագրված են տեղում ստեղծված իրավիճակը և կողմերի դիրքորոշումները։ Զեկույցի «Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը» բաժնում գրված է․ «Չնայած այն հանգամանքին, որ 1989թ․-ին Հայաստանի Գերագույն Խորհուրդը ընդունել է շրջանը Հայաստանին միացնելու՝ Լեռնային Ղարաբաղի հանրության պահանջը, 1992թ․ փետրվարի 18-ին խորհրդարանի նախագահ Բաբկեն Արարքցյանի հետ հանդիպմանը պատվիրակությունը տեղեկացվեց, որ Հայաստանին ԼՂԻՄ միավորման մասին որոշումը ուժի մեջ է եղել կարճ ժամանակ և հետագայում օրինական գործածության մեջ չի եղել։ Պարոն Բ․ Արարքցյանը նաև նշեց, որ Հայաստանը ԼՂՀ կարգավիճակը որոշելու իրավազորություն չունի և մտադիր է ենթարկվել միջազգային իրավունքին»։ Հիշեցնեմ, որ Բաբկեն Արարքցյանը Հայաստանի անունից այս դիրքորոշումը հայտնում էր պայմաններում, երբ միավորման մասին որոշումը գործում էր։ Այն ընկած է Հայաստանի Անկախության հռչակագրի և Հայաստանի Սահմանադրության հիմքում և ներկայումս էլ դե յուրե չեղարկված չէ։ Միջանկյալ զեկույցի մյուս կետում գրված է․ «Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը պատվիրակությանը ասվեց, որ Հայաստանի, որպես հետաքրքրված երրորդ կողմի, մտահոգության հիմնական առարկան կարգավորմանն աջակցությունն է, որը անվտանգության երաշխիքներ և մարդու իրավունքների իրացման հնարավորություններ կստեղծի Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց համար՝ առանց հաշվի առնելու նրանց էթնիկ պատկանելությունը, լինեն դրանք հայեր, թե ադրբեջանցիներ։ Նախագահը նաև պնդում էր, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է ներգրավված լինեն խնդրի կարգավորման գործընթացին»։ Հետագայում էլ, չնայած նրան, որ պաշտոնական Երևանը հայտարարում էր, թե իր համար ընդունելի է ցանկացած լուծում, որ կգոհացնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, բայց մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանը տարբեր առիթներով նշել է կարգավորման իր օպտիմալ տարբերակին հավատարմությունը։ 1992թ․-ի մարտի 5-ին ռուսական «Комсомольская правда» թերթին տված իր հարցազրույցում նա նշում է․ «Ադրբեջանի կազմում գտնվող ինքնավար հանրապետության կարգավիճակը ամբողջությամբ կբավարարի բոլոր կողմերին։ Այդ դեպքում Ղարաբաղը կմնա Ադրբեջանի կազմում»։  Այս հնարավորությունն Ադրբեջանը ձեռքից բաց չի թողնում։ Ծանոթանալով Հայաստանի դիրքորոշմանը, որով Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս էր, հետևաբար խնդրի կարգավորումն այլևս այդ տրամաբանությամբ է իրականացվելու, անտեսելով ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման ակտի առկայության փաստը, անտեսելով ԵԱՀԿ առաջ ստանձնած խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու իր պարտավորությունը, վկայաբերելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրավունքի վերաբերյալ 51-րդ հոդվածը՝ արդեն 1992թ․ մարտի 21-ին գրոհեց Ստեփանակերտը՝ սկսելով 1992-94թթ․ լայնամասշտաբ պատերազմը, որը, հակառակ բոլոր պատկերացումների, պարտվեց՝ իրականացված ագրեսիայի հետևանքով կորցնելով միջազգայնորեն ճանաչված իր տարածքի մի մասը ևս։ Բայց ինչո՞ւ էր Հայաստանը հետևողականորեն հրաժարվում հայ ժողովրդի այդ մասի իրավունքներից։ Մի կողմ թողնելով «հող հանձնողի» և «չհանձնողի» մասին արդեն անիմաստ դատողությունները՝ փորձենք ժամանակի հեռվից մտածել Հայաստանի կողմից վարվող քաղաքականության մասին։ Թերևս, Հայաստանի ղեկավարության վարած քաղաքականությունը հիմքում ուներ Արցախում տեղի ունեցող մանր ու մեծ զինված բախումները լայնածավալ պատերազմի չվերածելու բարի նպատակը։ Դա կարող էր ողջամիտ լինել, եթե հաշվի առնենք Հայաստանի վիճակը 1988թ․-ի երկրաշարժից հետո, ԽՍՀՄ փլուզման հետևանքով տնտեսական աղետալի վիճակը և այլն։ Գուցե այն ժամանակ, այն իրողությունների պայմաններում կարող էին տրամաբանական դիտվել Լիպարիտյանի ներկայումս հնչող փաստարկները, թե դեմոգրաֆիական առումով, տնտեսական ու ռազմական ռեսուրսների առումով պատերազմը հայ ժողովրդի համար կործանարար կլինի։ Լավ, բայց արդյո՞ք իրավունքները զիջելու քաղաքականությամբ հաջողվեց խուսափել լայնածավալ պատերազմից։ Իհարկե ոչ։ Եվ սա հաշվի առնելով՝ պետք է լրացուցիչ քննել Լիպարիտյանի այն պնդումը, թե «առաջին պատերազմը (1992-94թթ․) մեզ պարտադրված էր, իսկ երկրորդը (2020թ․) մեր ընտրությունն էր»։ Իսկ գուցե նույնիսկ առաջին պատերա՞զմը չլիներ, եթե Հայաստանի վարած քաղաքականությունը գործընթացի կեսից կտրուկ ու շատ վտանգավոր շրջադարձ չկատարեր։  Բայց սա Լիպարիտյանի և նրա քաղաքական թիմի խոշոր ձախողումների դրվագներից միայն մեկն է։ 1992-94թթ․ պատերազմում հայկական կողմին հաջողվում է հաղթանակ տանել, իսկ արդեն 1996թ․ դեկտեմբերի 3-ին Լիսաբոնում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթնաժողովին կազմակերպության անդամ բոլոր երկրները փորձում են ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող մի փաստաթուղթ, ինչին միայն Հայաստանի կիրառած վետոն է խանգարում։ Ընդ որում, արդեն հաղթանակած հայկական կողմը, Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի շուրթերով պատասխանում է՝ վկայաբերելով Սումգայիթում և Գանձակում՝ 1988-ին, Բաքվում 1990-ին տեղի ունեցած հայկական ջարդերը, ինչպես նաև Ղարաբաղի 24 գյուղերի հայկական բնակչության տեղահանման դեպքերը և պնդում, որ խնդիրը պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու միջոցով։ Այսինքն՝ սա մի դիրքորոշում է, որ արմատապես տարբերվում է 4-5 տարի առաջ պաշտոնական Երևանի ունեցած դիրքրոշումից, այնինչ վկայաբերվում են դեպքեր, որոնք տեղի էին ունեցել մինչև Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին նախկին դիրքորոշումը կձևավորվեր 1992թ․-ին։  Իսկ ի՞նչն էր փոխվել, որ Արցախի խնդրի լուծումը հայկական թեզերի շրջանակում պատկերացնող ԵԱՀԿ-ն տրամագծորեն փոխել էր իր դիրքորոշումը։ Վերոհիշյալ Զուլֆուգարովը նույն հարցազրույցում պատմում է դրա մասին․ «Լիսաբոնի միջոցառմանը մեր պատրաստությունը սկսվել էր գագաթնաժողովից շատ ամիսներ առաջ։ Բոլորը ստացան համապատասխան առաջադրանքները՝ մայրաքաղաքներով… Ես Հելսինկիում էի աշխատում, իմ գործընկեր Արաս Ազիմովն աշխատում էր սկզբում Վիեննայում, հետո՝ Լիսաբոնում։ Հետո Խալաֆ Խալաֆովը եկավ Հելսինկի և այլն։ Մի խոսքով, ամեն մեկն ուներ իր առաջադրանքը։ Մենք մշտական կապի մեջ էինք կենտրոնի հետ։ Տեքստը պետք է Մինսկի խմբի տեքստից բերվեր Լիսաբոնի տեքստի հիմքին։ Հեյդար Ալիևն այն ժամանակ ասաց, որ եթե դա ստացվի, ես բոլոր մասնակիցներին Լիսաբոնի ամենալավ ռեստորանում ընթրիք կկազմակերպեմ…»։ Նրան ընդհատում է զրուցակից Էլդար Նամազովը, որն այդ տարիներին Ալիևի աշխատակազմի ղեկավարի և նրա օգնականի պաշտոններն է զբաղեցրել․ «Շատերը չէին հավատում, որ դա հնարավոր է։ Ես հիշում եմ, որ երբ առաջին անգամ նախագահի հետ այդ թեմայով խոսեցինք, նա հանձնարարեց և ես ու Վաֆա Գուլուզադեն հավաքվեցինք իմ առանձնատանը՝ այդ հարցով։ Հարցը մեկն էր՝ դա ընդհանրապես հնարավո՞ր է իրականացնել, թե՞ ոչ։ Մի քանի ժամ քննարկումից հետո Ալիևին զեկուցեցի, որ Տոֆիկն ու Վաֆան գտնում են, որ դա հնարավոր է անել։ Չնայած նրա շուրջ կային այլ մարդիկ, որոնք գտնում էին, որ դա անհնար է, ինչպե՞ս կարելի է հասնել այդպիսի որոշման։ Բայց Հեյդար Ալիևը վստահ էր, որ դա կլինի, շատ հստակ հրամաններ ու կարգադրություններ էր տալիս, յուրաքանչյուրն իր տեղում դա իրագործում էր ինչպես ժամացույցի մեխանիզմը։ Երևի 5-6 ամիս շարունակվում էր այդ աշխատանքը բոլոր մակարդակներում՝ ԵԱՀԿ, ԱԳՆ, և մենք գագաթնաժողովին այդպիսի պատրաստի որոշում հասցրինք, ինչին Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ չէր, չէր սպասում»։  Իր հարցազրույցներից մեկում Լևոն Տեր Պետրոսյանն այդ դրվագի մասին պատմում է․ «… Բալանսը շատ պարզ պատճառով հօգուտ Ադրբեջանի խախտվեց 1996-97թթ․-ին, երբ Ադրբեջանում ստեղծվեց նավթային կոնսորցիումը, որտեղ և՛ ամերիկացիներն էին ներկայացված, և՛ «Բրիթիշ փեթրոլիում» և այլ, և այլն… Սրանից հետո Ալիևի խոսքը փոխվեց։ Լիսաբոնում ի՞նչ եղավ։ Մինչև կոնֆերանսի սկսման նախորդ օրը Լիսաբոնում դրված էր մի սովորական փաստաթուղթ Ղարաբաղի վերաբերյալ, որը մի քանի անգամ ընդունվել է… Եկանք հասանք Լիսաբոն, Վարդան Օսկանյանը գունատված, կակազելով ասում է պարոն նախագահ, բան է փոխվել… Նախորդ գիշեր Ամերիկան մի նոր բանաձև է բերել և համաձայնեցրել է բոլորի հետ, բացի մեզնից։ Դե գիտեք, վետո դրեցի… Ես գիտեմ, թե այդ բանաձևն ինչպես է հայտնվել Քլինթոնի սեղանին։ Դա հենց Տեխասի նավթային լոբբին էր… Գիտեմ նաև անձամբ ով էր՝ Քլինթոնի հակառակորդն էր խորհրդարանում՝ Գինգրիչը։ Գինգրիչն էր բերել այդ թուղթը տվել Քլինթոնին…»։ Իհարկե սա Լևոն Տեր-Պետրոսյանի և իր թիմի, առավել ևս Լիպարիտյանի դիվանագիտության աղետալի ձախողումն էր, ինչը Տեր-Պետրոսյանը փորձում է քողարկել ինչ-որ չար ուժերի լարած թակարդներով, որոնց վրա նա օբյեկտիվորեն չէր կարող ազդել։ Դա սեփական մեղքը ուրիշի վրա բարդելու անհաջող փորձ է, որը, թերևս, այլ երկրում հնարավոր չէր նույնքան հեշտությամբ իրականացնել, որքան դա եղավ Հայաստանում։ Ադրբեջանի նավթային կոնսորցիումը ստեղծվել էր 1994թ․-ին, իսկ փաստաթուղթը և Արցախի հարցում վարած քաղաքականության փոփոխությունը Հայաստանը զգացել էր միայն Լիսաբոնի գագաթնաժողովի օրը։ Եթե հայկական դիվանագիտությունը ամիսներով պարապուրդի մատնված չլիներ, ապա ոչ մի Գինգրիչ չէր կարող նախագահին նման անակնկալ մատուցել և կանխորոշել Արցախի հարցով բանակցությունների ամբողջ հետագա ընթացքը։ Իսկ ինչո՞վ էր Լիսաբոնին նախորդած ամիսներին զբաղված Հայաստանի պետական կառավարման համակարգը, որ չէր նկատել իր քթի տակ Ադրբեջանի՝ ամիսներով ծավալած աշխատանքը։ Ինչպես դասականը կասեր՝ շատ պարզ… ընտրակեղծարարությամբ։ Նույն 1996թ․ սեպտեմբերի 22-ին տեղի էին ունեցել նախագահական ընտրություններ, որոնց արդյունքները կեղծվել էին։ Իսկ արդեն սեպտեմբերի 26-ին Երևանի փողոցներում էին հայտնվել զրահապատ մեքենաներ և զինված մարդիկ, որոնք ակնհայտ նպատակ ունեին ճնշել դրա հետ կապված ժողովրդական վրդովմունքի ալիքը։ Բայց այստեղ պետք է մի պահ կանգ առնենք, քանի որ սահուն մոտեցել ենք Լիպարիտյանի խոսքում առկա մի այլ առասպելական դրվագի։ Ընդհանրապես, նրա դատողությունների սկզբնակետը համարվում է այն, որ հայ ժողովորդի դժբախտությունների պատճառը նրա մաքսիմալիզմն է, արկածախնդրությունը և հարևանների հետ համաձայնության գալու պատրաստակամության բացակայությունը։ Փորձենք պարզել՝ այդպե՞ս է արդյոք։ 1998թ․ փետրվարի 3-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Դրան երկու կարևոր դեպք էր նախորդել՝ Լիսաբոնի գագաթնաժողովում Հայաստանի դիվանագիտության տապալումը և նախագահական կեղծված ընտրություններին հաջորդած հետընտրական գործընթացները։ Հրաժարականը ներկայացվեց որպես Արցախի կարգավորման փուլային տարբերակի հարցում անհամաձայնության պատճառով «հայտնի ուժերի» կողմից ներկայացված վերջնագրի հետևանք։ Այսինքն, ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի, ինքը հեռանում էր, որպես Հայաստանը խաղաղության տանող ռացիոնալ քաղաքական գործիչ-«հերոս», որին հաջողությամբ չեզոքացրել են անհեռատես ու արկածախնդիր «հայտնի ուժերը»՝ «հակահերոսները»։ Սա այն դեպքն է, որ գալիս է ապացուցելու՝ ճշմարտությունն իր արդյունավետությամբ պարտվում է կեղծիքին։ Կեղծիքն իրադարձությունների տրամաբանությունը կատարելության հասցնելու անվերջ հնարավորություններ է ընձեռում։ Այն կարելի է հղկել այնքան, մինչև կեղծիքը կատարյալ գեղեցիկ կդառնա։ Մինչդեռ ճշմարտությունը երբեմն տգեղ է՝ միշտ չափից դուրս հասկանալի, որպեսզի նորմալ ընկալվի, դրան հավատան։ Ճշմարտությունն այն է, որ հանրային ընկալման մեջ 1995թ․-ի խորհրդարանական ընտրությունների և Սահմանադրության ընդունման հանրաքվեի արդյունքները կեղծվել էին, կեղծվել էին նաև 1996թ․-ի նախագահական ընտրությունների արդյունքները՝ Լևոն Տեր-Պետրոսյանին զրկելով կառավարելու ներքին լեգիտիմությունից։ Կառավարման իրական լծակներն անցել էին նրանց, ովքեր իրականացրել էին այդ կեղծիքներն ու ուժային մեթոդներով ճնշել դրանից դժգոհ հանրությանը։ Տեր-Պետրոսյանը, Արմեն Սարգսյանին նշանակելով, փորձեց շտկել իրերի դրությունը, սակայն «հայտնի ուժերը» բավականին կոպիտ ձևով նրան ևս հեռացրին ոչ միայն կառավարման լծակներից, այլև ընհանրապես Հայաստանից։ Ժամանակին Վանո Սիրադեղյանը իր հարցազրույցներից մեկում այդ կապակցությամբ ասում է․ «… Զարմանալի կլիներ, որ իշխանափոխությունից հետո, մի իշխանությունը փոխելուց հետո, այսպես ասած գահընկեց անելուց հետո այնպիսի ընտրություններ լինեին, որ ինչ-որ երրորդ մեկը գար՝ անկապ… նախագահ դառնար…»։ Տեր-Պետրոսյանին այլ բան չէր մնացել, քան հեռանալը, առավել ևս հաշվի առնելով Լիսաբոնի տապալումը, որ մեծ հետևանքներ էր առաջացրել բանակցային գործընթացներում։ «Հայտնի ուժերին», իրենց հերթին, բավականին ձեռնտու էր «հերոսացման» այս դրվագը։ Որպես այդ առասպելի շրջանառման արդյունք՝ նրանք այնքան մեծ օգուտներ էին ստանում, որ անհնար էր դարձնում այդ քաղաքական առասպելը բացահայտելու գայթակղությանը տրվելը։ Այդ առասպելի շնորհիվ հնարավոր էր դառնում նախկին կառավարող շրջանակին ներկայացնել որպես «հող հանձնող» կամ պատերազմի հաղթական արդյունքները զիջելու պատրաստ «հակահերոսներ», իսկ իրենց՝ դրա իրական արդյունքներն ապահոված, ոչ մի թիզ հող չհանձնող «հերոսներ»։ Սա նաև Արցախի նախկին նախագահ Քոչարյանի՝ որպես Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրվելու լեգիտիմության էական կռվան էր, ինչը, ի վերջո, մեծ ազդեցություն ունեցավ Հայաստանի քաղաքացիների ընտրական վարքագծի վրա։ 1997թ․-ին «Պատերա՞զմ, թե խաղաղություն․ լրջանալու պահը» հոդվածի միջոցով հյուսելով «խաղաղարար-հերոսի» և «հող չհանձնող-հերոսների» առասպել՝ Տեր-Պետրոսյանը պայմանավորվեց ոչ միայն ներքաղաքական հարցերում ապագայի խոսույթները, այլև Հայաստանի վարած քաղաքականության դուալիզմը հետագա տասնամյակների համար, երբ հետևած բոլոր կառավարությունները դրսում խոսում էին «հող հանձնելու» (փոխզիջումների միջոցով խնդրի կարգավորմանը հասնելու) մասին, իսկ ներքաղաքական կյանքում՝ վերոնշյալ առասպելաբանությունը կենդանի պահելու համար՝ ոչ մի թիզ հող չզիջելու մասին։ Մինչդեռ մենք գիտենք, որ հետագայում Հայաստանի բոլոր կառավարությունները բանակցությունները վարում էին փոխզիջումներով խաղաղության հանգելու շուրջ, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ «հող հանձնող» լինելուց շատ հեռու էր, երբ 2008թ․-ի հոկտեմբերի 17-ին հրավիրած հանրահավաքում հնչեցրած ելույթում Հայաստանի Ազգային ժողովին առաջարկում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման փաստը։ Մինչդեռ հայ ժողովուրդը, որին Լիպարիտյանը մեղադրում է մաքսիմալիզմի և արկածախնդրության մեջ, միջազգային օրենքով ամրագրված իր տարրական իրավունքների նկատմամբ հարգանք էր պահանջում։ Ընդամենը։ Մնացած ածականները՝ «հող հանձնող», «ոչմիթիզական», «հայդատական», «արկածախնդիր» և այլն, ներքաղաքական գզվրտոցի մեջ միմյանց պիտակավորելու և բանավեճին իռացիոնալ բնույթ հաղորդելու արատավոր երևույթներ են, ինչի մեջ ներքաշել են նաև ժողովրդի տարբեր հատվածների։ Նկարագրված ապաշնորհ քաղաքականության պայմաններում նույնիսկ 2007թ․-ին մշակված Մադրիդյան սկզբունքները, որտեղ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հետ համահավասար նշվում է նաև ազգերի ինքնորոշման սկզբունքը, կարելի է անսպասելի և անհավանական հաջողություն համարել։ 1992թ․-ին, հրաժարվելով միավորման մասին 1989թ․-ի որոշումից, նույնիսկ հրաժարվելով ճանաչել 1991թ․-ի դեկտեմբերի 10-ի ԼՂՀ անկախության հանրաքվեի արդյունքները, ստանում ենք պատերազմ։ Պատերազմի արդյունքները 1994թ․-ին հայկական կողմի օգտին են, Ադրբեջանը՝ պարտված, ներքաղաքական ցնցումների մեջ։ Սեփական իրավունքներից հրաժարվելու այդ մոտեցումը աշխարհի և տարածաշրջանի համար ստեղծում է խիստ պայթյունավտանգ իրավիճակ, երբ տարածքների նկատմամբ իրավունքները դե յուրե ամրագրված են Ադրբեջանի օգտին, սակայն փաստացի գտնվում են հայկական ռազմաքաղաքական վերահսկողության ներքո։ Բայց նույնիսկ 1994-96թթ․-ի հաղթանակած Հայաստանը, իր առաջ ջախջախված Ադրբեջան ունենալով, մի քայլ չի ձեռնարկում, որ այդ իրավունքները կասկածի տակ դնի, իսկ 1996թ․-ին արդեն ստանում ենք Լիսաբոնի տապալում, իսկ հետագայում նաև կիսապատերազմական տարիներ, 2020թ․-ին՝ հետաձգված պատերազմ։ Մինչ օրս հայկական ապաշնորհ դիվանագիտությունը նման վեճ հարուցելու ոչ մի հնարավորություն չի տեսել։ Հիմա անհասկանալի է, թե Լիպարիտյանն ո՞ւմ է մեղադրում նոր պատերազմի ու նոր զոհերի համար, եթե հենց իր քաղաքական թիմի և դրան հաջորդած թիմերի նկարագրված դիրքորոշումներն ու վարած քաղաքականությունն են ստեղծել այն պատային, անլուծելի իրավիճակը, որն անպայման հանգեցնելու էր նոր բախումների։ Եվս մի փաստարկ բերեմ, որը կնկարագրի հայ ժողովրդի իրական և լիպարիտյանական «մաքսիմալիզմի ու արկածախնդրության» միջև ընկած ահռելի անդունդը։ Հայաստանը և Ադրբեջանը 1992թ․ նույն օրը՝ հուլիսի 8-ին, ստորագրել են Հելսինկյան եզրափակիչ ակտը, որը եվրոպական տարածաշրջանում իրավահարաբերություններ կարգավորող հիմնարար փաստաթղթերից մեկն է։ Հարաբերությունների կարգավորման Հելսինկիի եզրափակիչ ակտի 8-րդ սկզբունքն ասում է․ «Ելնելով ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքից` բոլոր ժողովուրդները միշտ իրավունք ունեն լիակատար ազատության պայմաններում, երբ և ինչպես նրանք ցանկանում են, որոշել իրենց ներքին ու արտաքին քաղաքական կարգավիճակը` առանց արտաքին միջամտության, և սեփական հայեցողությամբ իրականացնել իրենց քաղաքական, տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը»։ Ինքնորոշվելու արցախահայության իրավունքը ճանաչում են Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, հակամարտության կարգավորման Մադրիդյան առաջարկը մշակած ու կողմերին ներկայացրած մյուս համանախագահ-երկիրը՝ Ռուսաստանը, Հելսինկյան ակտը ստորագրած մյուս երկրները, բայց ոչ Հայաստանը։ Նույնիսկ այսօրվա՝ 2023թ․-ի Հայաստանը բանակցում է ոչ թե հայ ժողովրդի իրավունքների կենսագործման շուրջ, այլ Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս․ իրավունքներից հրաժարվելու քաղաքականություն, որն արդեն ապացուցել է՝ դա հանգեցնում է պատերազմի և/կամ կենսագործունեության համար անհաղթահարելի խնդիրներ է ստեղծում։ Ուրեմն, հայ ժողովրդի ի՞նչ մաքսիմալիզմից է խոսում Լիպարիտյանը, երբ հայ ժողովուրդը, ապավինելով Լիպարիտյանի ներկայացրած շերտի «քաղաքական մտքի զորությանը», նույնիսկ իր տարրական իրավունքները չի փորձել կենսագործել։ Հայ ժողովուրդն ընդամենը փորձում է արժանապատվորեն դուրս գալ ռուս-թուրք-հայ-ադրբեջանական պաշտոնական կողմերի ստեղծած այս թնջուկից։ Փորձում է զոհելով կարևորը՝ կյանքեր, հույսեր, բարեկեցություն ու երջանկություն։ Բայց սա՛ էլ դեռ ամենը չէ։ Լիպարիտյանի հարցազրույցում կարմիր թելով անցնում է այն միտքը, թե 1997թ․-ին մենք բաց ենք թողել խաղաղ կարգավորման մեր հնարավորությունը և պետք է սթափ նայենք աշխարհին, զիջենք ինչ հնարավոր է, որպեսզի այդքան բաղձալի խաղաղությունը ստանանք։ Ընդ որում, նա չի նշում, թե համաձայնվելով թշնամիների ներկայացրած պահանջներին՝ մենք կստանանք այդ խաղաղությունը։ Նրա խոսքերով՝ դրա հավանականությունը 10-20 տոկոս է, և մենք իրավունք չունենք բաց թողնել այդ եզակի հնարավորությունը, այլապես պետք է ճամպրուկները հավաքենք և չքվենք այստեղից, որովհետև այլընտրանքը 100 տոկոսանոց պատերազմն ու պարտությունն է։ Այս հրեշավոր միտքն ու իր էությամբ ադրբեջանա-թուրքական սպառնալիքը կարծես 90-ականներից ժամանակի միջով անցած ու ծվարած լինեն մեր հարկերով սնվող հեռուստաընկերության տարբեր եթերներում։ Արդյո՞ք արդար է և բարոյական է հայ ժողովրդի առանց այդ էլ տառապած ուսերին բարդել «չստորագրելու» մեղադրանքը։ Արդյո՞ք Ադրբեջանը երբևէ պատրաստ է եղել ստորագրել խաղաղ կարգավորման որևէ փաստաթուղթ, որը նրան չէր տալիս ամեն ինչ, իսկ հայկական կողմին՝ միայն ցեղասպանվելու կամ էթնիկ զտումների հարյուր տոկոսանոց հավանականություն, ինչի մասին Լիսաբոնում խոսում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, հիմա էլ՝ Նիկոլ Փաշինյանը։  1997թ․-ին Ադրբեջանի հետ հաշտության եզրեր գտնելու մասին խոսել է Լևոն Տեր-Պետրոսյանը, որն այս հարցում խիստ շահագրգիռ անձ էր։ Նրա շահագրգռությունն այն էր, որ հեռանա ոչ թե որպես ընտրակեղծիքներով ու բռնաճնշումներով կառավարման երկրորդ ժամկետի անցած հանցագործ, ոչ թե հանցավոր անգործության պատճառով Արցախյան խնդրի կարգավորման հարցում Հայաստանի քաղաքականությունը տապալած պաշտոնյա, այլև Հանրապետություն հիմնադրած և դրա խաղաղ ապագայի համար կարիերան զոհած հերոս, առավել ևս, որ ընտրակեղծիքների և հետագա բռնաճնշումների վերջնական որոշմանը նրա մասնակցությունը իր մի հարցազրույցում փորձ է անում կասկածի տակ դնել նույն Վանո Սիրադեղյանը։ Ոչ մի փաստ չկա, որ Ադրբեջանը Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին նախորդող ժամանակահատվածում պատրաստ է եղել ստորագրել խնդրի կարգավորման փուլային տարբերակով լուծման միջնորդ երկրների առաջարկը։ Տվյալ ժամանակահատվածի վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի պատրաստած նյութում էլ խոսվում է այն մասին, որ խնդրի կարգավորմամբ զբաղվող գերտերությունները պայմանավորվել են ճնշումներ գործադրել կողմերի նկատմամբ՝ Ադրբեջանի դեպքում Արևմուտքի միջոցով կիրառելով նավթի արդյունահանման հարցում չաջակցելու շանտաժը, իսկ Հայաստանի դեպքում՝ զենք չտրամադրելու հեռանկարի շանտաժը։ Պատրաստված նյութում խոսվում է Հայաստանի ու Արցախի նկատմամբ կիրառված ճնշումների մասին, բայց ոչ մի խոսք չկա, թե արդյոք Ադրբեջանը թեկուզ վերբալ մակարդակում համաձա՞յն էր որևէ փոխզիջումային տարբերակի։ Ստանում ենք ևս մի փաստարկ, որ Տեր-Պետրոսյանի «հրաժարական-հերոսացումը» և «պատերազմի կուսակցության հաղթանակի» դրվագն ընդամենը երկու կողմերին ձեռնտու առասպել էին, որոնք ապագայում ևս կիրառվելու էին ներքաղաքական պայքարում։ Մինչ օրս սա անհաշտ թևերի է բաժանում հանրության տարբեր շրջանակներ, և խոսույթների բախումը ապարդյուն է դարձնում խնդրի լուծման շուրջ համերաշխության գալու հանրության շանսերը։ Հետագայում՝ արդեն Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, կողմերը հաշտությանը ամենամոտը եղել են 2001թ․-ին ԱՄՆ-ի կազմակերպած քիվեսթյան բանակցությունների շրջանում։ Ըստ տեղեկատվական հոսքի՝ բանակցությունների արդյունքներով կողմերը լի էին հաջող հանգուցալուծման հույսով և շտապում են իրենց երկրներ՝ ժողովուրդներին պատրաստելու խաղաղության։ Այնինչ Ալիևին չի հաջողվում ոչ միայն հանրությանը համոզել փոխզիջումների հնարավորությանն իսկ, այլ իր նեղ շրջապատին։ Բանակցությունները տապալվում են։ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին այդպիսի հնարավորությունների բարձրակետը 2011թ․-ին Կազանի փաստաթղթի ստորագրման պատմությունն է, որը Սերժ Սարգսյանը ներկայացնում է այսպես․ «Տարիներ շարունակվող, ինչպես առաջընթաց, այնպես էլ հետընթաց արձանագրած բանակցությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համաձայնել են փաթեթային լուծմանը 2011թ․ հունիսին. Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահները իրենց գոհանակությունն արտահայտեցին շրջադարձային առաջընթացի վերաբերյալ: Ռուսաստանը հանդես եկավ հանրային հայտարարությամբ, և Ադրբեջանի նախագահն ու ես հրավիրվեցինք Կազան՝ ձեռք բերված համաձայնությունը հաստատելու նպատակով: Երբ բոլորս նույն հարկի տակ էինք, Ալիևը մի թուղթ հանեց գրպանից՝ տասնյակից ավելի էական փոփոխություններով։ Այդ բոլոր դրույթները ամիսներ շարունակ քննարկվել էին կողմերի միջև բանակցությունների ընթացքում և մանրակրկտորեն պարզաբանված կամ հեռացված էին պատշաճ կերպով ձևակերպված փաստաթղթում: Բոլորը ցնցված էին, և չնայած միջնորդների հիասթափությանը՝ Ալիևը հայտարարեց, որ չի տալու իր համաձայնությունը փաստաթղթին»: Նիկոլ Փաշինյանն էլ բազմիցս հայտարարել է, որ երբ ադրբեջանական կողմի հետ մոտ են լինում պարզելու «խաղաղության պայմանագրի» շրջանակները, ի հայտ է գալիս մի նոր պահանջ, ինչը խաթարում է բանակցությունների ընթացքը։ Լևոն Տեր-Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերությանը 2017թ․-ի մարտի 22-ին տված իր հարցազրույցում ասում է․ «…Կազանում պետք է վերցնեին Մեդվեդևի ձեռքից, ստորագրեին և ասեին՝ վերջ, մենք էլ ասելիք չունենք։ Ես այդ հնարքը օգտագործել եմ, և շատ մեծ արդյունք է տվել։ Աշխաբադում տեղի ունեցած ԱՊՀ երկրների գագաթաժողովներից մեկում հայր Ալիևը իր ստանդարտ ելույթն ունեցավ, թե Հայաստանն այսքան տարածք է գրավել, այսքան գաղթականներ ունենք, բացարձակապես չի ուզում հարցը լուծել և այլն։ Ելցինը շրջվեց դեպի ինձ և հարցրեց՝ ի՞նչ կպատասխանեք։ Ասեցի շատ պարզ՝ վերջերս էլի Մինսկի խմբի առաջարկների հիման վրա մի նոր պլան եք առաջարկել երկու կողմերին։ Բերեք այդ պլանը և ես հենց հիմա սեղանի վրա պատրաստ եմ այդ պլանը ստորագրել, հենց այստեղ, ձեր ներկայությամբ։ Նայեցին իրար, Ելցինը ասեց՝ Հեյդար Ալիև, ի՞նչ կպատասխանեք, ձայն չհանեց։ ՈՒ վերջացավ, դրանից հետո երկու տարի մեր վրա ոչ մի ճնշում չեղավ։ Ո՛չ մի… Ապացուցվեց, որ Ադրբեջանն էր դեմ գնում այդ ծրագրերին»։ Սա փաստում է այն մասին, որ բանակցությունների ամբողջ ընթացքում այս պրակտիկան կատարելության է հասել՝ հայկական կողմը կարող էր ստորագրել ցանկացած տարբերակի տակ՝ վստահ լինելով որ Ադրբեջանը չի ստորագրելու, քանի որ նրան ոչ թե զիջումներ են պետք, այլ ամբողջը։ Ընդ որում, ամբողջը պետք է ոչ թե դրանով բավարարվելու, այլև, ինչպես ներկայումս տեսնում ենք, որպես Հայաստանի նկատմամբ ագրեսիայի և հնարավոր անեքսիայի նախերգանք, նախապատրաստական ակտ։ Այս առումով Ադրբեջանը, ի տարբերություն մեզ, նախանձելի հետևողականությամբ տասնամյակներով հավատարիմ է իր դիրքորոշմանը։ Դեռ 1992թ․-ի իրադարձությունների ժամանակ Ադրբեջանի վարչապետ Հասան Հասանովն էր անընդհատ կրկնում միտքը, թե «Ղարաբաղյան հակամարտության լուծումը և դրա հետ կապված բոլոր հարցերը, առաջին հերթին՝ կարգավիճակի հարցը, Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն ու ներքին գործն են, որը երբեք չի հանդուրժի որևէ արտաքին միջամտություն»։ Նույնը այսօր՝ 31 տարի անց, բառացիորեն կրկնվում է հարցի վերաբերյալ պաշտոնական Բաքվի հայտնած ցանկացած դիրքորոշման մեջ։ Այդ դիրքորոշումը կոչվում է իրավունքները չզիջելու քաղաքական կուրս, որը չի փոխվել ոչ 90-ականներին, ո՛չ պատերազմի ամենաակտիվ փուլերում, ո՛չ պարտությունից, ո՛չ էլ առավել ևս հաղթանակից հետո։ Ի տարբերություն մեզ, Ադրբեջանում գիտեն՝ երբ բանակցային գործընթացում իրավունքները քո ձեռքերում են, վաղ, թե ուշ ստեղծվելու է մի իրավիճակ, երբ քո իրավունքների կենսագործման ամենահարմար պահն է լինելու, իսկ երբ զիջում ես իրավունքներդ, դրանք վերանվաճելու համար հարյուրապատիկ ավելի ջանք է պահանջվելու։ Այդ դեպքում ինչո՞ւ է Ժիրայր Լիպարիտյանը խնդրի կարգավորված չլինելու մեղքը բարդում հայ ժողովրդի կամ ինչ-որ «արկածախնդիրների» վրա։ Մի՞թե դա նույնպես հրեշավոր չէ, երբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մեծ զրկանքներ կրած, ընդամենը մյուս ժողովուրդների նման իրենց հողի վրա ազատ ապրելու միջազգային օրենքով ամրագրված իրենց իրավունքը իրացնելու համարձակություն ունեցող, այդ իրավունքի իրացման համար բավականին արյուն թափած, բայց խաղաղ գոյակցության ձգտող ժողովուրդը մի անգամ էլ պետք է ստիպված լինի հիմա էլ «ներսից» նման կեղծ մեղադրանքներ հանդուրժել։ Մի՞թե հրեշավոր չէ ագրեսորին մեղադրելու փոխարեն ագրեսիայի զոհին մեղադրել ապակառուցողականության ու մաքսիմալիզմի մեջ։ Ընդհանրապես, պարոն Լիպարիտյանի կես ժամ տևած հարցազրույցում հնչել է մոտ 3000 բառ, որոնցից «իրավունք» բառը նա կրկնել է 7 անգամ։ 2 անգամ դա վերաբերել է նրան, որ եթե Ադրբեջանը չի կատարում Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ միջազգային հանրության պահանջը, ապա մենք ի՞նչ իրավունք ունենք որևէ ավելի մեծ բան ակնկալել։ Մեկ անգամ իրավունք բառը հնչել է այն համատեքստում, որ մենք իրավունք չունենք ծանր զիջումների գնով խաղաղության հասնելու 10-20 տոկոսանոց շանսը չօգտագործել։ 3 անգամ այն կիրառվել է որպես «այս ժողովուրդը հանգիստ ապրելու իրավունք ունի» մտքի մաս և, թե դրա համար պարտավոր է ընդունել Ադրբեջանի պահանջները։ Եվ վերջին մեկ անգամը՝ ժողովուրդը իրավունք ունի նոր սերունդ չնահատակելու։ Վերջինը, իհարկե, իրավունքի ոլորտից չէ, այլ լրիվ բարոյական դաշտում գտնվող երևույթ։ Վե՞րջ։ Ուրիշ իրավունք չունի՞ մեր ժողովուրդը։ Ելնելով Լիպարիտյանի դատողությունների շրջանակից՝ նշված իրավունքներից զատ մի իրավունք էլ ունի՝ ցանկացած ուժի հանդեպ ծնկի գալու և վախից դողալու իրավունքը։ Թերևս այդքանով, ըստ Լիպարիտյանի, կարելի է սահմանափակել հայ ժողովրդի իրավունքների շրջանակը։ Բայց Ժիրայր Լիպարիտյանը, ի վերջո, ընդամենը մի սխալական մարդ է։ Մեր խնդիրը քննադատական մտքի բացակայությունն է, ինչի պարագայում Լիպարիտյանի այս խայտառակ ձեռնածությունները համոզիչ են թվում։ Մեր խնդիրը պետական քարոզչության մակարդակ հասած այն քաղաքական մտածողությունն է, որը հին օրինակով կարող է նոր պատերազմի հանգեցնել։ Այն, ինչ այսօր առաջարկվում է նման պետական քարոզչության միջոցով, առանց քննելու, անձայն ու մեծ ախորժակով կլանվում է հանրության անպաշտպան մասի կողմից։ Բայց այն, ինչ ուտում են, մարսում ու «սեփական սուբյեկտիվ կարծիք» և «քաղաքական ռեալիզմ» բարձրագոչ բառերի տակ դուրս նետում հանրություն, չի դադարում ունենալ այն բնական հոտը, որ հատուկ է մարսողության արգասիքներին։ Եվ, ինչպես դասականը կասեր, այս գաղջ մթնոլորտում, անխուսափելի ու վերջնական դեգրադացիայի պայմաններում հայ ժողովուրդը ստիպված է չհուսահատվել, պայքարել իր լինելիության համար և նոր Հայաստան ու Արցախ կերտել։ Սուրեն Սահակյան
17:58 - 22 մայիսի, 2023
Որո՞նք են երաշխիքները, որ Ադրբեջանը չի խախտի խաղաղության հնարավոր պայմանագիրը․ Մարուքյանի արձագանքը՝ միջազգային հանրության կոչերին |armenpress.am|

Որո՞նք են երաշխիքները, որ Ադրբեջանը չի խախտի խաղաղության հնարավոր պայմանագիրը․ Մարուքյանի արձագանքը՝ միջազգային հանրության կոչերին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու մասին միջազգային հանրության կոչերին՝ կասկած հայտնելով, որ Ադրբեջանը կպահպանի խաղաղության հնարավոր պայմանագրի դրույթները։ Մարուքյանը իր կասկածները հիմնավորում է այն փաստով, որ Ադրբեջանը շարունակաբար խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, իսկ բոլորովին վերջերս էլ, հերթական անգամ կոպտորեն խախտելով եռակողմ հայտարարությունը, անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում։ Մարուքյանը հարց է բարձրացնում՝ արդյոք կողմերին խաղաղության կոչեր հնչեցնող երկրները պատրա՞ստ են երաշխավորել Ադրբեջանի կողմից հնարավոր պայմանագրի կատարումը։ «Խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը Լաչինի միջանցքում անցակետ է տեղադրել։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը, ինչպես նաև ԵՄ-ն իրենց մտահոգությունն են հայտնել այս առնչությամբ։ Հետաքրքիր է, որ բոլոր այս երեկ երկրները և Եվրոպական Միությունը կողմերին կոչ են անում համաձայնության գալու և խաղաղության պայմանագիր ստորագրելու։ Այստեղ կարևոր հարց է առաջ գալիս։ Եթե Ադրբեջանը շարունակաբար խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այդ դեպքում որո՞նք են Հայաստանի երաշխիքները, որ Ադրբեջանը չի խախտելու նաև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը։ Միջազգային հանրության նույն անդամները՝ ԱՄՆ-ն Ֆրանսիան, Ռուսաստանը և Եվրոպական Միությունը պատրա՞ստ են երաշխավորել Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի իրականացումը»,- իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Մարուքյանը։ Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում: Դեպքից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։  Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը: Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի սկզբնամասում անցակետի տեղադրումը, որը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնաս է հասցնում բանակցային գործընթացին։ Իսկ ՌԴ ԱԳՆ-ն «կողմերին կոչ է արել անհապաղ վերադառնալու առկա պայմանավորվածություններին»։
16:42 - 25 ապրիլի, 2023
Փաշինյանն ընդունել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին

Փաշինյանն ընդունել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Նշվում է, որ վարչապետը կարևորել է ԱՄՆ վարչակազմի՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ ներդրվող ջանքերը և ներկայացրել առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները: «Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ու ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունն ու ռազմատենչ հռետորաբանությունը: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորմանը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
14:37 - 20 ապրիլի, 2023
Վարդան Օսկանյանն անդրադարձել է Մադրիդյան սկզբունքներին ու Նիկոլ Փաշինյանի պնդումներին |civilnet.am|

Վարդան Օսկանյանն անդրադարձել է Մադրիդյան սկզբունքներին ու Նիկոլ Փաշինյանի պնդումներին |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և անդրադարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների և 2007-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ներկայացրած Մադրիդյան փաստաթղթի վերաբերյալ պնդումներին։ Ապրիլի 18-ին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ «Վարդան Օսկանյանը Մադրիդյան սկզբունքներով էս շիլաշփոթն ավելի խորը շիլաշփոթ է սարքել»։ Օսկանյանը նշել է, որ Հայաստանն իր անկախության տարիներին դիվանագիտական երկու կարևոր ձեռքբերում է ունեցել։ Առաջինը, նրա խոսքով, 1994-ին ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովում էր, երբ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վետո կիրառեց «կոնսենսուս մինուս մեկ» սկզբունքի վրա՝ չնայած միջազգային մեծ ճնշմանը։ Օսկանյանը դիվանագիտական երկրորդ մեծ ձեռքբերումը համարել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների՝ 2007-ի վերջին ներկայացրած Մարդիդյան փաստաթուղթը, ինչը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախագահության ավարտին։ «Այսօր իշխանությունն իրեն արդարացնելու համար մեր այդ ձեռքբերումը փոշիացնում է։ Համոզված եղե՛ք՝ ճիշտ դիվանագիտության ճիշտ օգտագործման պարագայում այդ փաստաթուղթը դեռևս իր ուժը չի կորցրել։ Դա հիմնարար փաստաթուղթ է, դրանով մենք կարող ենք մեծ հաջողությունների հասնել»,- ասել է Օսկանյանը։ Մադրիդյան փաստաթղթի նախաբանում մի քանի կարևոր արձանագրում կա Օսկանյանն ընդգծել է, որ Մադրիդյան փաստաթղթի նախաբանում մի քանի կարևոր արձանագրում կա․ «Առաջին, որ այնտեղ նշվում են ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտի երեք հիմնարար սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշում և ուժի կամ ուժի սպառնալիքի բացառում։ Երկրորդ, այդ փաստաթղթի հենց նախաբանում ասվում է, որ նախագահները հանձնարարում են իրենց արտաքին գործերի նախարարներին հետամուտ լինել այս փաստաթղթի մշակմանը, և այդ փաստաթուղթը, չակերտներում ասված է՝ «հետայսու՝ խաղաղության պայմանագիր»։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանը, որն այսօր խոսում է խաղաղության համաձայնության մասին, Մադրիդյան փաստաթուղթը հենց այդ համաձայնագիրն էր։ Հենց այդպես էլ նշված է՝ «հետայսու խաղաղության համաձայնագիր […] Երրորդ, երբ 2007-ի նոյեմբերի վերջին – դեկտեմբերի սկզբին ԵԱՀԿ նախարարների խորհրդում համանախագահները դա ներկայացրեցին,- առաջին անգամ կոնֆլիկտի այդ քսան տարիների ընթացքում, որ արդեն հինգ փաստաթուղթ էր ներկայացվել, ու սա վեցերորդն էր,- առաջին անգամ նրանք ասացին, որ սա մեր վերջնական և լավագույն առաջարկն է՝ best guess: Սա դիվանագիտության մեջ ընդունված տերմինաբանությունն է․ միջնորդները տարիներով աշխատանք են անում, հետո գալիս ասում են՝ մեր առաջարկած լուծումը սա է։ Առաջին անգամ այդ առաջարկությունը դրվեց ԵԱՀԿ դեպոզիտարիայում։ Նման բան երբեք չի եղել․ նախկին հինգ առաջարկությունները չեն դրվել ԵԱՀԿ դեպոզիտարիայում։ Այս մեկը դրվել է և դեռևս այնտեղ է»։ Նախկին արտգործնախարարն ասել է, որ հենց այս նախաբանի մասում արդեն իսկ Մադրիդյան փաստաթուղթն առանձնանում է։ Վարդան Օսկանյանն անդրադարձել է նաև, թե Մադրիդյան փաստաթուղթն ըստ էության ինչ հնարավորություններ էր տալիս։ Նրա խոսքով՝ այն հիմնական մի քանի բաղադրիչ ուներ։ Առաջինը, ըստ Օսկանյանի, հանրաքվեն էր, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է անցկացներ, որոշեր սեփական ճակատագիրը։ «Այնտեղ թվական չկար։ Այնտեղ կոնկրետացում չկար։ Պարզապես սկզբունքն էր ֆիքսվում։ Բոլորը հասկանում էին, որ դա կարող է որոշ ժամանակ հետո տեղի ունենալ, դրա համար էլ երկրորդ կարևոր կոմպոնենտը կար»։ Երկրորդ կարևոր կոմպոնենտը, ըստ Օսկանյանի, միջանկյալ կարգավիճակի մասին դրույթն էր․ «Դա այդ օրերին Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո անկախ կարգավիճակի օրինականացումն էր, դրան դե յուրե ինչ-որ հիմք տալը։ Միջանկյալ կարգավիճակը պետք է ճանաչեր ողջ աշխարհը, միջազգային հանրությունը, ներառյալ՝ Ադրբեջանը, Թուրքիան․․․ բոլորը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է բանաձև անցկացներ այդ միջանկյալ կարգավիճակի շարունակականությունը ապահովելու համար մինչև հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվելը։ Դրանից հետո գալիս էր տարածքների վերադարձը՝ հինգը, հետո մյուս երկուսը։ Այնտեղ կար՝ Լաչինի միջանցքը՝ մոտ 20 կմ լայնությամբ, որը պետք է ունենար նույն կարգավիճակը, ինչ միջանկյալ կարգավիճակ որ տրվում էր Լեռնային Ղարաբաղին»։ Օսկանյանի խոսքով՝ դրանով երկարաժամկետ, եթե ոչ՝ հավերժ, ամրագրվում էր Լեռնային Ղարաբաղի առնվազն դե ֆակտո անկախությունը․ «Եթե հետագայում լիներ այդ հանրաքվեն, դե յուրե էր ամրագրվում։ Եթե ուշանում էր հանրաքվեն կամ չէր լինում, համենայն դեպս երաշխավորվում էր Լեռնային Ղարաբաղի հայկականությունը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հաստատումը»։ Օսկանյանն անդրադարձել է նաև Հայաստանի ներկայիս կառավարության կողմից արծարծվող այն պնդմանը, որ Շուշին մշտապես եղել է առևտրի առարկա։ Նախկին արտգործնախարարն ասել է, որ 1991-ից ի վեր Շուշին երբեք չի եղել առևտրի առարկա․ «Շուշին համարվել է Լեռնային Ղարաբաղի անքակտելի մաս։ Դրա մասին նույնիսկ Ադրբեջանը հարց չի բարձրացրել։ Շուշիի մասին խոսք է եղել միայն ու միայն ադրբեջանաբնակների այնտեղ հնարավոր վերադարձի կոնտեքստում»։ Անդրադառնալով այլ շահարկումների՝ Օսկանյանն ընգծել է, որ Հայաստանի որևէ իշխանություն երբեք ուղղակի կամ անուղղակի Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել որպես Ադրբեջանի մաս։ Մադրիդյան փաստաթուղթը կարգավորման երեք հնարավորություն էր տալիս Վարդան Օսկանյանը նշել է, որ Մադրիդյան փաստաթուղթը խնդրի կարգավորման երեք հնարավորություն էր տալիս։ «Առաջինը, որը մաքսիմումն էր և մեզ համար ամենացանկալին, այն էր, որ կլիներ հանրաքվեն, արդյունքները հայտնի կդառնային, և հանրաքվեին դրվելիք հարցերը որևէ սահմանափակում չունեին։ Լինելու էր հանձնաժողով, որը զբաղվելու էր ժամկետով, հարցումներով և այլն։ Բայց սկզբունքն արդեն իսկ ֆիքսվել էր, որ հարցումները սահմանափակում չեն ունենալու»։ Ըստ Օսկանյանի՝ հանրաքվեին դրվելիք հարցերի շարքում կլիներ անկախությունը, Հայաստանին միացումը, ինքնավարությունը․ «Այսինքն՝ տրվելու էին բոլոր այլընտրանքները՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքը պետք է ընտրեր, թե ինչ կարգավիճակ է ուզում իր համար»։ Օսկանյանը նշել է, որ առաջին տարբերակով հանրաքվեի անցկացումից հետո Ադրբեջանը կստանար հինգ պլյուս երկու շրջանները՝ բացառությամբ 20 կմ Լաչինի միջանցքի։ «Երկրորդ հնարավորությունն այն էր, որ եթե հանձնաժողովը հանրաքվեի ժամկետների շուրջ շատ արագ համաձայնության չէր գալիս, կամ մենք արդեն առաջին օրվանից չէինք կարողանում հենց պայմանագրում, Մադրիդյան փաստաթղթում նշել հանրաքվեի թվականը, կարգավորման երկրորդ տարբերակն այն էր լինելու, որ միջանկյալ կարգավիճակն էր դառնալու գլխավորը։ Ադրբեջանին տրվելու էին հինգ շրջանները, իսկ երկուսը՝ Քելբաջարն ու Լաչինի ոչ միջանցքային մասը, կապվելու էին հանրաքվեի արդյունքներին։ Այսինքն՝ Ադրբեջանը կստանար հինգ տարածք, հանձնաժողովը կաշխատեր հանրաքվեի թվականը, մյուս մանրամասները ճշտելու համար, միջանկյալ կարգավիճակը ուժ կստանար, անվտանգության երաշխիքները ուժի մեջ կմտնեին, բոլոր ճանապարհները կբացվեին, Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններ կհաստատվեին, և Լաչինն ու Քելբաջարը կմնային հայկական տնօրինության տակ մինչև հանրաքվեի անցկացումն ու դրա արդյունքների հստակեցումը»։ Երրորդ հնարավոր տարբերակը, ըստ Օսկանյանի, այն էր, որ ստորագրման պահից Ադրբեջանին տրվում էին հինգ տարածքները, մնացած դրույթները ուժի մեջ էին մտնում, իսկ Քելբաջարն ու Լաչինի ոչ միջանցքային մասը չէին կապվում հանրաքվեի արդյունքների հետ․ «Այնտեղ առանձնակի նշվում էր տարի՝ երկու տարի, երեք տարի, հինգ տարի։ Այսինքն՝ ստորագրման պահին Ադրբեջանը ստանում էր հինգ շրջանը, մնացած բոլորը [դրույթները] մտնում էին ուժի մեջ, և այնտեղ նշվում էր, որ Քելբաջարն ու Լաչինի ոչ միջանցքային մասը վերադարձվելու են Ադրբեջանին երեք տարուց կամ հինգ տարուց։ Այն, ինչին մենք կհամաձայնեինք բանակցությունների արդյունքում, այդպես էլ կնշվեր»։ «Ադրբեջանը, ես կարող եմ ձեզ ասել, որ պատրաստ էր մինչև հինգ տարի սպասելու այդ երկու տարածքներին։ Ուղղակի նրանք պնդում էին, որ այդ երկու տարածքների վերդադարձը չկապվի հանրաքվեի հետ՝ մտավախություն ունենալով, որ միգուցե հանրաքվեն շատ ուշ կարող է լինել կամ ընդհանրապես չլինել»։ Շարունակելով՝ Օսկանյանը բացատրել է, թե ինչու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չգնաց իր թվարկած երեք տարբերակներից մեկն ընդունելուն։ «Երբ մենք այս փաստաթուղթը ձեռք բերեցինք, չմոռանանք, որ 2007-ի վերջն էր։ 2008-ին կային նախագահական ընտրություններ, Քոչարյանը երրորդ ժամկետ չէր գնալու, բնականաբար, իրավունքը չուներ։ Իրեն մնացել էր՝ մեր իշխանությանը՝ այսպես ասած, մի քանի ամիս։ Ակնկալել, որ այդ փաստաթուղթը քիչ թե շատ տեսք ստանալուց հետո մենք պետք է գնայինք այդ երեք տարբերակներից որևէ մեկով և հասնեինք հարցի կարգավորմանը, տրամաբանական չէր լինի, որովհետև ժամանակը շատ կարճ էր։ Դա պետք է անեին արդեն հաջորդ իշխանությունները,- ասել է նախկին արտգործնախարարը։- Մենք այդ փաստաթուղթն ենք ստեղծել, այդ փաստաթուղթն ենք ձեռք բերել, այդ փաստաթուղթն ենք դրել սեղանի վրա»։ «Ես չեմ ուզում որևէ մեկին մեղադրել հաջորդ իշխանություններից, որ նրանք տասը տարում չկարողացան այս փաստաթղթից լավագույնս օգտվել։ Ո՛չ»։ Շարունակությունը՝ civilnet.am-ում
17:13 - 19 ապրիլի, 2023
ԱԽ քարտուղարը Լուի Բոնոյին է ներկայացրել Տեղ համայնքի մոտակայքում Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքը

ԱԽ քարտուղարը Լուի Բոնոյին է ներկայացրել Տեղ համայնքի մոտակայքում Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 14-ին ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։ Ա. Գրիգորյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից ապրիլի 11-ին Տեղ համայնքի մոտակայքում իրականացրած սադրանքը՝ ընդգծելով, որ նման քայլերի միակ նպատակը հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին ուղղված ջանքերն ի չիք դարձնելն է: Այս համատեքստում Լ. Բոնոն շեշտել է կառուցողական քայլերի իրականացման և խաղաղության գործընթացին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը՝ հետագա էսկալացիաներից խուսափելու համար: ԱԽ քարտուղարը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը բանակցային գործընթացին՝ ներկայացնելով առկա խնդիրների կարգավորման հարցում Հայաստանի մոտեցումները:
14:37 - 14 ապրիլի, 2023
ՀՀ վարչապետը և ԵԱՀԿ գործող նախագահն անդրադարձել են Մինսկի խմբի գործունեությանը

ՀՀ վարչապետը և ԵԱՀԿ գործող նախագահն անդրադարձել են Մինսկի խմբի գործունեությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիին: Վարչապետը ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահի այցը տարածաշրջան և նշել, որ այն լավ հնարավորություն է ծանոթանալու այստեղ ստեղծված բարդ իրավիճակին: Նիկոլ Փաշինյանը նշել է ՀՀ կառավարության շահագրգռվածությունը՝ զարգացնելու և ընդլայնելու համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ: Բույար Օսմանին իր հերթին ևս ընդգծել է Հայաստանի հետ փոխգործակցության կարևորությունը և հավելել, որ կազմակերպության նպատակն է նպաստել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի իրականացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ինստիտուտի առավել ակտիվ դերակատարության ապահովմանը: Վարչապետ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրիչ և ապակառուցողական գործողություններին համարժեք ու հետևողական արձագանքը:
17:25 - 13 ապրիլի, 2023
Հայաստան-Ադրբեջան սահմանին զինված ուժերի փոխարինումը սահմանապահներով պետք է լինի վերջնական կարգավորումների մաս. Միրզոյան

Հայաստան-Ադրբեջան սահմանին զինված ուժերի փոխարինումը սահմանապահներով պետք է լինի վերջնական կարգավորումների մաս. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարարությունը ներկայացնում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ մամուլի համար հայտարարությունը և պատասխանները լրագրողների հարցերին ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ․ «Ապրիլի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ: Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված ձևաչափով, որին հաջորդել է երկու երկրների ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը: ԱԳ նախարար Միրզոյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Հարգելի պարոն նախարար, պարո՛ն Օսմանի, Հարգելի գործընկերներ, Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ Երևանում՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ Հայաստան Ձեր այցի շրջանակներում: Այս այցը տեղի է ունենում Հայաստանի համար դժվար ժամանակաշրջանում, երբ մենք բախվում ենք սպառնալիքների և մարտահրավերների, որոնք ուղղակիորեն առնչվում են ԵԱՀԿ հիմնարար սկզբունքներին ու մանդատին, տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը, և ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան լավ հնարավորություն է քննարկելու տարածաշրջանում առկա խնդիրները, ընդգծելու ԵԱՀԿ դերը, ներգրավվածության հնարավորությունը, կառույցի հետ մեր հետագա համագործակցության հեռանկարները: Իհարկե, Հայաստանը ԵԱՀԿ գործընկերներին մշտապես տրամադրում է տարածաշրջանում անվտանգային իրավիճակի, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն: Այսօրվա հանդիպման ընթացքում մենք անդրադարձ ենք կատարել իրավիճակի շուրջ վերջին զարգացումներին, ես գործընկերոջս ներկայացրել եմ 2021թ. մայիսից Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի և հարձակումների, օկուպացիայի, ինչպես նաև ապրիլի 11-ին՝ այցի նախօրեին, ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական սադրանքի, ագրեսիվ գործողությունների հետևանքները: Պետք է ընդգծեմ, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները հանդիսանում են ԵԱՀԿ արժեքների և Հելսինկիի եզրափակիչ ակտի մի շարք հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտումներ: Այս համատեքստում կարևորել եմ 2022թ. սեպտեմբերյան ագրեսիայից անմիջապես հետո ԵԱՀԿ փաստահավաք առաքելության գործուղումը Հայաստան, որը հնարավորություն ընձեռեց ԵԱՀԿ դիտորդներին տեղում ծանոթանալ Ադրբեջանի ռազմական ագրեսիային և դրանց մարդասիրական հետևանքներին։ Հավելեմ, որ մեր կարծիքով առաքելության դիտարկումները և վերջնական զեկույցը պետք է հասանելի դառնան բոլոր մասնակից-պետությունների, ինչպես նաև` միջազգային հանրության մյուս ներկայացուցիչների համար՝ որպես ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության աղբյուր։ Հարգելի ներկաներ, Գործընկերոջս հետ քննարկոււմների ընթացքում անդրադարձ ենք կատարել նաև ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի նախագահության գերակայություններին, ինչպես նաև կազմակերպության առջև ծառացած խոչընդոտներին և դրանց լուծմանն ուղղված հնարավոր ջանքերին: Վերջին աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ։ Այդ մարտահրավերները պահանջում են բոլոր մասնակից-պետությունների կողմից ԵԱՀԿ պատասխանատվության գոտում կազմակերպության գործիքակազմի բոլոր մեխանիզմների կիրառմամբ առկա խնդիրների հասցեագրում և դրանց վերաբերյալ հստակ դիրքորոշումների արտահայտում՝ առանց ընտրողականության, քաղաքական նախապատվությունների և աշխարհաքաղաքական առաջնահերթությունների: Հարգելի ներկաներ, Ինչպես գիտեք, լրանում է չորրորդ ամիսը, ինչ Ադրբեջանն ապօրինաբար արգելափակված է պահում Լաչինի միջանցքը՝ արհամարհելով Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումը և դրա կատարումն ապահովելուն ուղղված միջազգային հանրության հստակ պահանջը: Լաչինի միջանցքի արգելափակմամբ, ահաբեկումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայությանն իրենց տները հարկադրաբար լքելուն դրդող այլ գործողություններով Ադրբեջանը ձգտում է Լեռնային Ղարաբաղում իրականացնել էթնիկ զտումների համակարգված քաղաքականություն: Ցանկանում եմ հատկապես ընդգծել, որ Արդարադատության միջազգային դատարանը փաստել է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնասներ հասցնելու անմիջական վտանգի առկայությունը: Այս համատեքստում, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ևս մեկ անգամ ընդգծել եմ, որ Լեռնային Ղարաբաղ միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքը, միջազգային փաստահավաք առաքելության ուղարկումը Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք կարող է կարևոր նշանակություն ունենալ Ադրբեջանի կողմից պարբերաբար շրջանառվող կեղծ թեզերին վերջ դնելու, վերահաս ագրեսիան կանխելու, մարդկային տառապանքները դադարեցնելու և տարածաշրջանում կայունություն հաստատելու գործում: Գործընկերոջս ուշադրությունն եմ հրավիրել նաև Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մյուս դրույթների խախտումներին: Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում պահվող քաղաքացիական անձանց՝ նրանց նկատմամբ իրականացնելով շինծու դատավարություններ: Նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխան ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ չապահովելուն զուգահեռ Բաքուն ադրբեջանցիներով է բնակեցնում իր վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրերը: Բացահայտ արհամարհանք ցուցաբերելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների նկատմամբ ադրբեջանական կողմը շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունն ու ատելության խոսքը՝ սպառնալով նոր ագրեսիայով և լրջորեն վտանգելով տարածաշրջանային կայունությունը: Հարգելի ներկաներ, Հայաստանը հետևողական է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակներում ստանձնած իր պարտավորությունների կատարման և տարածաշրջանում համապարփակ ու երկարատև կայունության հաստատման ուղղությամբ ջանքերի գործադրման հարցում: Այդ նպատակով Հայաստանը բարեխղճորեն շարունակում է բանակցություններն Ադրբեջանի հետ՝ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ: Կցանկանայի ընդգծել, որ վերջնական կարգավորման համար, իհարկե, առանցքային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրումը՝ միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմների ներքո: Հավատացած ենք, որ ԵԱՀԿ-ն, որպես կազմակերպություն, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ 1990-ականներից, պետք է ակտիվացնի իր ներգրավվածությունը՝ այդ թվում կանխելու ուժի կիրառման ցանկացած դրսևորում: Մեծապես կարևորում ենք ԵԱՀԿ նախագահության դերակատարությունը, ինչպես նաև` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ստեղծված կառույցների ներգրավումն՝ իրենց մանդատին համապատասխան։ Եզրափակելով նշեմ, որ օգտվելով այցի ընձեռած հնարավորությունից՝ այսօր մենք մտքեր ենք փոխանակել նաև Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի շուրջ: Հայաստանը կարևորում է իր հարաբերությունները Հյուսիսային Մակեդոնիայի հետ և պատրաստ է հետագայում ևս խթանել մեր երկկողմ օրակարգը և փոխշահավետ համագործակցությունը։ Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Պարո՛ն Օսմանի, Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում այսօրվա քննարկումների համար և խոսքը սիրով փոխանցում եմ Ձեզ»:***Հարց («Հանրային հեռուստաընկերություն»). Հարցս ուղղված է երկու արտաքին գործերի նախարարներին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում ընդգծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի, ԵԱՀԿ գործուն ներգրավվածության անհրաժեշտությունը, բայց ինչպես հայտնի է պատերազմից հետո Ադրբեջանի նախագահը բազմիցս նշել է, որ հակամարտությունն այլևս գոյություն չունի, չնայած փաստերը հակառակն են ապացուցում: Ինչպես նաև, խոսելով Մինսկի խմբի դերակատարության մասին՝ նշել է, որ այն սպառել է իրեն, և այլևս դրա անհրաժեշտությունը չկա: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա: Արդյո՞ք սա չի նպաստում հակամարտության ավելի սրացմանը: Արարատ Միրզոյան. Կարծում եմ, որ մենք չենք կարող առաջնորդվել ադրբեջանական պնդումներով՝ առավել ևս հաշվի առնելով փաստը, որ շատ հաճախ տարբեր թեմաների առնչությամբ ադրբեջանական զանազան պնդումներն իրենք իրենց ներսում հակասություններ ունեն: Կարող ենք հիշատակել միայն Լաչինի միջանցքի օրինակը, երբ Ադրբեջանը պնդում էր և, կարծում եմ, մինչև օրս էլ պնդում է, որ միջանցքը փակ չէ, արգելափակված չէ, հետո զուգահեռաբար կամ երկու օրվա տարբերությամբ պնդում, որ միջանցքն արգելափակված է շրջակա միջավայրի ոլորտով զբաղվող քաղաքացիական ակտիվիստներով, ովքեր շրջակա միջավայրի հետ կապված մտահոգություններ ունեն, հետո ասում են, որ այդ ակտիվիստները պետք է ստուգեն միջանցքով անցնող բեռներն ու անձանց և այլն: Եթե մենք առաջնորդվենք ադրբեջանական պնդումներով, կատարյալ շփոթի մեջ կհայտնվենք: Ավելին ասեմ, Ադրբեջանը պնդում է, որ ոչ միայն Մինսկի խումբն այլևս գոյություն չունի, այլև Լեռնային Ղարաբաղը գոյություն չունի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը գոյություն չունի, ընդհանրապես այդ կոնտեքստում հարց չկա, որը ենթակա է հասցեագրման, միջազգային քննարկման, լուծման և այլն: Եթե մասնավորեցնեմ պատասխանը և հենց Ձեր բարձրացրած թեմայի մասին խոսեմ, փաստն այն է, որ ԵԱՀԿ անդամ որևէ երկիր միայնակ չի կարող վերջ դնել մի մեխանիզմի, մի ինստիտուտի, մի որոշման, որի հիմնադրման շուրջ միակարծիք են եղել բոլոր անդամ երկրները և որը հիմնադրվել է, ըստ էության, բոլոր անդամ երկրների կողմից: Մինսկի գործընթացը, Մինսկի ձևաչափը գոյություն ունի, այլ բան, որ բազմաթիվ պատճառներով՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ, համանախագահության գործունեությունն այս պահին սառեցված է: Ես վստահ եմ, որ Մինսկի գործընթացը և Մինսկի կոնֆերանսը, որի մասին ի սկզբանե եղել է, դեռ իր անելիքն ունի և դերակատարումն ունի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման գործում: Եվ առհասարակ նաև ԵԱՀԿ-ն անելիք ունի, որովհետև ոչ միայն Մինսկի գործընթացի, այլ նաև մյուս ինստիտուտների, օրինակ՝ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա ունեցած մանդատի ու նրա հնարավորությունների գործադրման մասին է խոսքը: Վստահ եմ, որ ԵԱՀԿ-ն իր անելիքն ունի: Նաև փաստահավաք առաքելության մասին խոսեցինք, որը դեկտեմբերին էր գործուղվել տարածաշրջան, այնպես որ, ինչպես դասականը կասեր, այդ լուրերը փոքր-ինչ չափազանցված են: Հարց («Ազատություն ռադիոկայան»). Մի քանի օր, գուցե շաբաթներ առաջ, վարչապետ Փաշինյանը խոսեց, որ ըստ պլանի նախատեսվում է Հայաստանի սահմանի երկայնքով պաշտպանության նախարարության ստորաբաժանումները փոխարինել սահմանապահ ստորաբաժանումներով: Տեսնելով, թե հիմա ինչ է տեղի ունենում, մենք գիտենք, որ ադրբեջանցիներ են ներխուժել Հայաստանի սահման, և նրանցից մեկին այդպես էլ չգտանք, համենայնդեպս և՛ մեր սահմանապահները, և՛ բանակը, Դուք հավելյալ ռիսկեր այստեղ չե՞ք տեսնում, և արդյո՞ք Բաքուն համաձայնություն տվել է բանակը փոխարինել սահմանապահներով: Շնորհակալություն: Արարատ Միրզոյան. Անշուշտ, բանակի, զինված ուժերի փոխարինումը Հայաստան-Ադրբեջան սահմանին, սահմանապահ ներկայացուցիչներով վստահ եմ, պետք է լինի վերջնական կարգավորումների մաս: Սա կարևոր է մի քանի առումներով՝ նաև հասկանալով, որ, անշուշտ, սահմանապահ ծառայությունը բոլոր երկրներում սահմանապահ առաքելություն է իրականացնում, բայց նաև գործիքակազմն է տարբեր, ընդհուպզենքերն են, զինատեսակներն են տաբեր և այլն: Եվ վստահ եմ, որ սահմանի հսկողության հանձնումը սահմանապահ ծառայությանն էականորեն կնվազեցնի հետագա նոր կոնֆլիկտների, այդ թվում նաև՝ ՀՀ տարածք նոր ներխուժումների հավանականությունը: Այս գաղափարը քննարկվում է, այս գաղափարը նոր չէ, իրականում մենք նախկինում էլ հրապարակավ առաջարկել ենք զինված ուժերը միմյանցից որոշակի հեռավորության վրա հետ քաշելու հնարավորությունը, այս պահին էլ դա քննարկվում է: Եվ կարող եմ նաև փոքր ինչ գաղտնիք բացել. դա նաև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումների մաս է՝ առնվազն մեր առաջարկների տեսքով: Կրկնում եմ, մենք կարևոր ենք համարում այս մեխանիզմի ներդրումը: Այժմ արդեն Հայաստան-Ադրբեջան սահմանին մասնակիորեն որոշակի հատվածներում այդպիսի մեխանիզմ ունենք, սահմանապահ ծառայությունն է իրականացնում հսկողությունը: Եվ փորձը ցույց է տալիս, որ այդ տարածքներում բախումների հավանականությունը, այսինքն պատմությունը, համենայն դեպս, ցույց է տալիս, որ մեխանիզմի արդյունավետությունը, որ ես նշեցի, կա, իրականում աշխատում է: Ցավոք սրտի, մենք գործ ունենք բազմաթիվ չլուծված խնդիրների հետ. ես նշեցի, օրինակ, բանակցում էինք, այդ հարցը բանակցությունների մաս է, բայց նաև բանակցություններին զուգահեռ մենք տեսնում ենք, որ գետնի վրա Ադրբեջանը փորձում է, շարունակում է ուժի գործադրման իր անթաքույց քաղաքականությունը: Եվ երբ, ինչպես ասում են, գետնի վրա, ուժը չի կիրառվում, մենք շարունակաբար լսում ենք ամենաբարձր մակարդակով այդ ուժի կիրառման սպառնալիքները և խաղաղ բնակչության, քաղաքացիական բնակչության ահաբեկումը: Եվ այս առավելապաշտական, ագրեսիվ մոտեցումները դրսևորվում են նաև մնացյալ շաղկապված, փոխկապակցված հարցերում, այդ թվում նաև՝ զինված ուժերը սահմանապահներով փոխարինելու, այդ թվում նաև բանակցությունների ընթացքում և այլն: Այսինքն դրանց զուգահեռ սա, իհարկե, մեզ հետ չի պահում շարունակել աշխատել այդ ուղղությամբ, և կրկին վերադառնալով մասնավոր բարձրացված հարցին, այո, դա ընդհանուր կարգավորումների և վերջնական կարգավորումների մաս պետք է լինի»։ 
16:04 - 13 ապրիլի, 2023
Մինսկի խմբի աշխատանքը սառեցված է, բայց ձևաչափը կարող է անհրաժեշտ լինել. ԵԱՀԿ ղեկավար
 |armeniasputnik.am|

Մինսկի խմբի աշխատանքը սառեցված է, բայց ձևաչափը կարող է անհրաժեշտ լինել. ԵԱՀԿ ղեկավար |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը ներկայումս սառեցված է, սակայն այն կարող է համապատասխան հանգամանքներում կիրառվել։ Այս մասին այսօր հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն աջակցում է Մինսկի խմբին։ Կազմակերպությունը տեղյակ է իր աշխատանքի վերաբերյալ որոշ կողմերի տարբեր տեսակետներին, ինչպես նաև փոփոխված աշխարհաքաղաքական հանգամանքներին, համանախագահների միջև հարաբերությունների դինամիկային և համատեղ աշխատանքի բացակայությանը։ «Մինսկի խմբի աշխատանքն այս պահին սառեցված է: Բայց ես չեմ կարող հերքել, որ Մինսկի խմբի ձևաչափը կարող է անհրաժեշտ լինել, համապատասխան պայմանների առկայության դեպքում: ԵԱՀԿ-ն միայն Մինսկի խումբը չէ, կազմակերպությունն ունի բազմաթիվ այլ գործիքներ և մեխանիզմներ, որոնք կարող են օգտագործվել հայերի և ադրբեջանցիների միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար»,- ասել է Օսմանին։ Նրա խոսքով՝ ինքը տարածաշրջան է ժամանել հենց այդ գործընթացին նպաստելու, կայուն կարգավորման հասնելու համար։ Ավելի վաղ ԵԱՀԿ նախագահ Բույար Օսմանին այցելել էր Ադրբեջան, որտեղ հանդիպումներ էր ունեցել երկրի բարձրագույն ղեկավարության հետ։
12:30 - 13 ապրիլի, 2023
«Միջնորդները միշտ որոշակի հատուկ մոտեցում են ցուցաբերել Լաչինի շրջանի նկատմամբ, Հայաստանն անընդունելի է համարել Լաչինի շրջանի վերադարձն Ադրբեջանին»․ Ալիև

«Միջնորդները միշտ որոշակի հատուկ մոտեցում են ցուցաբերել Լաչինի շրջանի նկատմամբ, Հայաստանն անընդունելի է համարել Լաչինի շրջանի վերադարձն Ադրբեջանին»․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մասիմ Մամեդովին նշանակել է «Լաչինի շրջանում նախագահի հատուկ ներկայացուցիչ»։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի նախագահի աշխատակազմից։  Ալիևը Մամեդովի հետ հանդիպմանը մի շարք հայտարարություններ է արել։ Նա, մասնավորապես նշել է, թե «շրջանը հսկայական ներուժ ունի և որ փախստականները երբ վերադառնան Լաչինի շրջան, պետք է հարմարավետ ապրեն Լաչինում, և Ադրբեջանը կհետևի դրան»։ Ալիևը նշել է, թե «տարիների ընթացքում բանակցությունների ժամանակ միջնորդները միշտ որոշակի հատուկ մոտեցում են ցուցաբերել Լաչինի շրջանի նկատմամբ, և Հայաստանն ընդհանուր առմամբ անընդունելի է համարել Լաչինի շրջանի վերադարձն Ադրբեջանին»։ «Չնայած նրանք չէին պատրաստվում հեռանալ մյուս շրջաններից նույնպես։ Հիմա՝ պատերազմից երկուսուկես տարի անց, սա ավելի ակնհայտ է դարձել բոլորի համար։ Միջազգային միջնորդները՝ նախկին ԵԱՀԿ Մինսկի խումբը, բանակցություններ վարելիս փաստացի փորձել են ամրապնդել այդ օկուպացիան։ Հիմա ամեն ինչ պարզ է դարձել․ Ֆրանսիայի անարդար ու բացասական վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ պատահական չէ։ Պարզապես օկուպացիայի ժամանակ ինչ-որ չափով ուզում էին դա կոծկել, այսինքն՝ մեզ շփոթեցնել։ Բայց տեսեք՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո երկուսուկես տարվա ընթացքում ինչպիսի կեղտոտ գործողություններ են արվում մեր նկատմամբ, ինչ անհիմն մեղադրանքներ են հնչում։ Այս ամենն ակնհայտ է, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ Եվրախորհրդարանի ընդունած մի շարք բանաձեւեր, որոնք դարձյալ հանդիսանում են հայամետ, կոռումպացված ու հակաադրբեջանական խմբավորումների արդյունք են, եւ այստեղ գլխավոր դեր են խաղում ֆրանսիացի պատգամավորները։ Բնականաբար, մենք դա զգացել ենք օկուպացիայի ժամանակ, բայց ոչ այդ աստիճանի։ Մենք չէինք էլ կարող պատկերացնել, որ երկրները կարող են այդքան կեղծավոր ու խաբեբա լինել։ Նրանք, նայելով մարդու երեսին, կարող են մի բան ասել, իսկ թիկունքում մեկ այլ բան անել»,- ասել է Ալիևը։  Ալիևը հայտնել է, թե Հայաստանի հետ սահմանամերձ Լաչինի շրջանում բոլոր ինժեներական և ամրակայման աշխատանքները գրեթե ավարտված են։ «Կառուցվել են ճանապարհներ, որոնք այնտեղ երբեք չեն եղել։ Կառուցվել են 100 կիլոմետրանոց տեղական ճանապարհներ Լաչինի և Քալբաջարի շրջաններում, ինչպես նաև դեպի մարտական դիրքեր տանող ճանապարհները։ Այնպես որ, մենք շատ բարենպաստ դիրքեր ենք ձեռք բերել ադրբեջանա-հայկական սահմանի ուղղությամբ, մենք ամրապնդվում ենք այս դիրքերում, և մնալու ենք այս դիրքերում»,- նշել է նա։ 
14:58 - 28 մարտի, 2023
Արմեն Գրիգորյանը Բրիս Ռոքֆոյի հետ հանդիպմանն ընդգծել է միջազգային ներկայության անհրաժեշտությունը ԼՂ-ում և Լաչինի միջանցքում

Արմեն Գրիգորյանը Բրիս Ռոքֆոյի հետ հանդիպմանն ընդգծել է միջազգային ներկայության անհրաժեշտությունը ԼՂ-ում և Լաչինի միջանցքում

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ծանր իրավիճակը: Կողմերն ընդգծել են Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի բացման առնչությամբ կայացված իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումն ի կատար ածելու անհրաժեշտությունը: ԱԽ քարտուղարն իր զրուցակցի ուշադրությունն է հրավիրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ահաբեկչական հարձակման դեպքին և ընդգծել միջազգային ներկայության անհրաժեշտությունը ԼՂ-ում և Լաչինի միջանցքում:
14:05 - 07 մարտի, 2023
Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի

Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 18-ին հանդիպել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոյի հետ: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից։ Արարատ Միրզոյանը շնորհավորել և հաջողություն է մաղթել Լուիս Բոնոյին իր կարևոր առաքելության մեջ:  Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի:  Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել հայկական կողմի վերջին առաջարկներն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման նախագծի վերաբերյալ։  Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։ ԱԳ նախարարը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտման ենթարկելու Ադրբեջանի քաղաքականությունը, շարունակական սադրանքները, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումները խաթարում են տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն ուղղված միջազգային հանրության և հայկական կողմի ջանքերը: Կարևորվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և ավտանգության երաշխիքների քննարկման համար միջազգային մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը։
16:43 - 18 փետրվարի, 2023
Զախարովայի պնդմամբ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը խաթարել են արևմտյան երկրները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ

Զախարովայի պնդմամբ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը խաթարել են արևմտյան երկրները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ

Եթե որևէ մեկը խաթարել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ջանքերը, դրանք հենց իրենք՝ արևմտյան երկրներն են՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով ԱՄՆ Պետդեպի փոխխոսնակ Վեդանտ Փաթելի հայտարարությանը։  Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետդեպի փոխխոսնակը փետրվարի 11-ին հայտարարել էր․ «․․․Փաստն այն է, որ ռուսական ագրեսիան և միակողմանիությունը խաթարել են մի շարք ուղղություններով տարվող ջանքերն ու Մինսկի խմբի ձևաչափում արդյունավետ աշխատանքի մի շարք հեռանկարներ»:  Զախարովան նշել է՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը «պատմության աղբանոց» է ուղարկվել անցյալ տարվա փետրվարին, երբ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները մտացածին պատրվակով դադարեցրին շփումները իրենց ռուս գործընկերոջ հետ»։ «Ընդ որում, այդ գործողությունների համար հասկանալի բացատրություններ այդպես էլ չեն եղել: Հաշվի առնելով այդ փաստը՝ մենք կենտրոնացել ենք եռակողմ ձևաչափերի շրջանակում Երևանին և Բաքվին օգնություն տրամադրելու վրա՝ հիմնված ամենաբարձր մակարդակով համապատասխան համաձայնագրերի վրա։ Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ի միջնորդությանը, ապա մենք չենք տեսնում, որ այն պարունակի ինչ-որ իրական քայլեր կամ ավելացրած լինի որևէ արժեք»,- հայտարարել է Զախարովան։ 
14:22 - 17 փետրվարի, 2023
Բայրամովը և Խովաևը քննարկել են հայ - ադրբեջանական գործընթացը, Լաչինի միջանցքի հարցը
 |azatutyun.am|

Բայրամովը և Խովաևը քննարկել են հայ - ադրբեջանական գործընթացը, Լաչինի միջանցքի հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա իրավիճակը, խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները, ինչպես նաև «Լաչինի ճանապարհին բողոքի ցույցերի տարբեր ասպեկտներ» են քննարկվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի երեկ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Բայրամովն ասել է, որ «չնայած Ադրբեջանի կառուցողական մոտեցմանը, խաղաղ գործընթացի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելուն, Հայաստանը մշտապես դանդաղեցնում է այդ գործընթացը»: Նա պնդել է, թե Հայաստանը բոյկոտել է անցյալ տարվա դեկտեմբերին նախատեսված՝ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը։ Ըստ հաղորդագրության՝ Բայրամովը նաև հայտարարել է, թե Լաչինի ճանապարհը չի օգտագործվում եռակողմ հայտարարությամբ նախատեսված նպատակներով։ «Նախարարն ընդգծել է, որ ցուցարարների օրինական պահանջները դեռ չեն կատարվել, հայկական կողմն օգտագործում է ստեղծված իրավիճակը սեփական քաղաքական նպատակների համար և հարցը սխալ հունով տանում», - ասված է պաշտոնական Բաքվի հաղորդագրությունում:
11:42 - 15 փետրվարի, 2023
Հայաստանն աշխատում է Ադրբեջանի կողմից վերջերս ուղարկված առաջարկների վրա

Հայաստանն աշխատում է Ադրբեջանի կողմից վերջերս ուղարկված առաջարկների վրա

Հայաստանն աշխատում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի ուղղությամբ, վերջերս ստացել է ադրբեջանական կողմի առաջարկները, ներկայում աշխատանքներ են տարվում այդ առաջարկների վրա: Այս մասին հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Խանդանյանը հիշեցրեց, որ հայկական և ադրբեջանական կողմերը խաղաղության պայմանագրի տեքստի առաջարկներ են ներկայացրել իրար: Վերջերս Ադրբեջանն է Հայաստանին ներկայացրել իր առաջարկները: «Հայաստանն աշխատում է այդ առաջարկների վրա: Երբ պատրաստ կլինեն մեր առաջարկները, դրանք կուղարկվեն Ադրբեջանին»,-ասաց Խանդանյանը: Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ, ՌԴ ԱԳ նախարարի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների  կարգավորմանն աջակցելու հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի՝ Հայաստան այցին՝ նա ասաց, որ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները ռուսաստանցի համանախագահի հետ քննարկել են Լաչինի միջանցքի ապաշրջափակման, անվտանգության ապահովման, Հայաստանի արտաքին քաղաքականության բոլոր օրակարգային հարցերը: Սա համանախագահի հերթական այցն էր Հայաստան, ըստ նրա՝ արդյունքները պետք է ավելի մեծ պատկերի մեջ տեսնել:  
12:30 - 13 փետրվարի, 2023