Գորիս համայնք

Գորիսը խոշորացված համայնք է Սյունիքի մարզում, ձևավորվել է 2017 թվականին։

Համայնքի կազմում միավորվել են հետևյալ բնակավայրերը․

  • Գորիս,
  • Վերիշեն,
  • Ակներ,
  • Քարահունջ,
  • Հարթաշեն,
  • Խնձորեսկ,
  • Ներքին Խնձորեսկ,
  • Որոտան,
  • Բարձրավան,
  • Շուռնուխ,
  • Աղբուլաղ,
  • Ձորակ,
  • Վանանդ։

2017-ին Գորիսի համայնքապետ է ընտրվել Առուշ Առուշանյանը։ 2021-ի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին Առուշ Առուշանյանն առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակով։

Քանի որ 8-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքները սկսվելու ժամանակ Առուշանյանն արդեն կալանավորված էր։

Առուշ Առուշանյանը կալանավորված է ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։ Նրան մեղադրանք է առաջադրվել ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալու կասկածանքով։

Ավարտվել է ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից այլ անձանց հետ չարաշահումներ կատարելու դեպքերով հարուցված բազմադրվագ քրգործի նախաքննությունը. որպես մեղադրյալ է ներգրավվել 22 անձ

Ավարտվել է ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից այլ անձանց հետ չարաշահումներ կատարելու դեպքերով հարուցված բազմադրվագ քրգործի նախաքննությունը. որպես մեղադրյալ է ներգրավվել 22 անձ

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով իրականացված համակողմանի քննության արդյունքում ձեռք է բերվել փոխկապակցված, հավաստի և բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող Հ.Դ-ն 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում դրսևորել է հակաիրավական վարքագիծ, որի շրջանակում կատարել է 12 դրվագ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ: Մասնավորապես. Հ.Դ-ն մի շարք քաղաքացիներից պահանջել և ստացել է տարբեր, այդ թվում՝ խոշոր և առանձնապես խոշոր չափերի՝  ընդհանուր շուրջ 8 միլիոն ՀՀ դրամ կաշառքներ, չարաշահել է իշխանությունը և պաշտոնեական դիրքը՝ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող, ինչպես նաև զորահավաքի շրջանակներում զորակոչվող անձանց առաջնագիծ չտանելու, իրենց նախընտրած զորամասում ծառայության անցնելու, ծառայության վայրն ինքնակամ թողնելուն նպաստելու, ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակցին նախընտրած վայրում աշխատանքի տեղափոխելու և այլնի համար, որպիսի գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառել զինվորական ստորաբաժանումների առջև դրված խնդիրների կատարման բնականոն ընթացքին, խախտվել է ստորաբաժանումների մարտական հաշվարկը, խաթարվել է ռազմական դրության ժամանակ զորահավաքի կազմակերպման և զորահավաքային զինծառայողների համալրման բնականոն գործընթացը: Զուգահեռաբար նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների անհրաժեշտ  համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության՝ կոչումով գնդապետ պաշտոնյան, 2020 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, իր ծառայողական պարտականությունները կատարելու նպատակով գտնվելով Սյունիքի մարզի Գորիս քաղաքում,  գաղտնի եղանակով հափշտակել է ռազմական դրության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված առանձնապես խոշոր չափերի՝ 3.680.000 ՀՀ դրամ արժողությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությանը պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան: Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով որպես մեղադրյալ են ներգրավվել ընդհանուր թվով 22 անձ, որոնցից 13-ի մասով քրեական գործը անջատվել է առանձին վարույթում և 2021 թվականի նոյեմբերի 12-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար, իսկ մնացած դրվագներով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:54 - 16 նոյեմբերի, 2021
Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների վերաբերյալ Անվտանգության խորհրդի այսօրվա հայտարարությունը խախտում է ՀՀ Սահմանադրության և մարդու իրավունքների միջազգային պահանջները․ ՄԻՊ

Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների վերաբերյալ Անվտանգության խորհրդի այսօրվա հայտարարությունը խախտում է ՀՀ Սահմանադրության և մարդու իրավունքների միջազգային պահանջները․ ՄԻՊ

ՀՀ անվտանգության խորհրդի (ԱԽ) այսօրվա հայտարարությունը՝ կապված Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների հետ, խախտում է ՀՀ Սահմանադրության և մարդու իրավունքների միջազգային պահանջները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։   «1) Մասնավորապես, ԱԽ-ի նոյեմբերի 15-ի հայտարարությունը հղում է անում ԽՍՀՄ չկոնկրետացված ինչ-որ քարտեզների ու նշում, որ Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող հատվածները ՀՀ տարածքում չեն գտնվում: Այնուհետև, ԱԽ հայտարարությունը խոսում է այլընտրանքային ճանապարհների ցանցի ստեղծման մասին ու դրանով իսկ, ըստ էության, թույլատրելի է համարում ադրբեջանական վերահսկողությունը նշված ճանապարհների նկատմամբ:   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վստահ համոզմամբ՝ ԱԽ-ի այս հայտարարությամբ ամբողջությամբ անտեսված են մարդու իրավունքների պահանջները, անտեսված է այն, որ ադրբեջանական վերահսկողությունը նշված ճանապարհների նկատմամբ ոտնահարում է Հայաստանի բնակչության՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված և միջազգայնորեն ճանաչված կենսական իրավունքները:   2) Նախ, ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ «1.Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: 2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: 3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»:   Սահմանադրության 2-րդ գլուխը երաշխավորում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները:   ՀՀ Սահմանադրության 191-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը:   Սահմանադրության 52-րդ հոդվածն ամրագրում է նշված մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իր իրավունքների և ազատությունների խախտման դեպքում Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու յուրաքանչյուր անձի բացարձակ սահմանադրական իրավունքը:   ԱԽ-ի հայտարարությունը միջազգային պահանջների թվում անտեսել է ԵԱՀԿ 2017թ. դեկտեմբերի 19-ի պաշտոնական ուղեցույցը Պետական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի 2021թ. ուղեցույցը միջազգային սահմաններին մարդու իրավունքների վերաբերյալ և այլն: Այս ակտերն ամրագրում են մարդու իրավունքները՝ որպես սահմանային ցանկացած գործընթացի պարտադիր բաղադրատարր:   3) Խնդիրն այն է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո մինչ օրս, այդ թվում՝ կապված 2021թ. նոյեմբերի 10-ին և 14-ին հայտարարված համապատասխանաբար Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին, այսպես կոչված, ադրբեջանական սահմանային ու մաքսային հսկողության անցակետեր սահմանելու հետ, տեղում այցերով և մշտադիտարկմամբ, Պաշտպանին հասցեագրված անհատական ու կոլեկտիվ կոնկրետ բողոքների քննությամբ ձեռք է բերել հավաստի փաստեր այն մասին, որ այդ ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների հայտնվելու պահից խախտված են Հայաստանի քաղաքացիական բնակչության կյանքի, անվտանգության, ազատ տեղաշարժի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության, տնտեսական գործունեության ազատության իրավունքները, երեխայի շահերը և այլն: Չկան այս իրավունքների պաշտպանության, խախտում կատարողներին պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ և այլն:   Մասնավորապես, Գորիս-Կապան ճանապարհին արձանագրվել են ՀՀ բնակչության իրավունքները խախտող ադրբեջանական արարքների այնպիսի փաստեր, ինչպիսիք են՝ ճանապարհը Որոտանի և Դավիթ Բեկի հատվածներում օգոստոսի 25-27-ը դիտավորությամբ կամայական փակելը, դրանով ՀՀ Նոր Առաջաձոր, Բարձրավան, Որոտան, Շուռնուխ բնակավայրեր մեկուսացման և հումանիտար ճգնաժամի առաջ դիտավորյալ կանգնեցնելը, քաղաքացիական մեքենաների ուղղությամբ քարեր նետելը, մայթեզրին՝ ադրբեջանական դիրքերի հարևանությամբ կանգնելու փորձ կատարող քաղաքացիական մեքենաներին զենքով սպառնալը, ահաբեկելու նպատակով ավտոբուսով երեխաների կանգնեցնելը, ՀՀ-ում օրինական հիմունքներով գտնվող Իրանի քաղաղացիներից անօրինական վճարներ գանձելը, նրանցից մեքենայի վառելիք տրամադրելու և այլ անօրինական պահանջներ ներկայացնելը և այլն:   Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական, այսպես կոչված, անցակետի պատճառով հումանիտար լրջագույն խնդիրների վտանգի առաջ է կանգնում Կապան համայնքի 6 գյուղի՝ Ճակատենի, Շիկահողի, Սրաշենի, Ծավի, Ներքին Հանդի, Շիշկերտի բնակչությունը: Դրանից բացի, փաստերը հաստատում են, որ պատերազմից հետո ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունն այդ ճանապարհի տարբեր հատվածներում ինքնին խաթարել է նշված բնակավայրերի քաղաքացիական բնակչության ազատ տեղաշարժը, արձանագրվել են ճանապարհի մայթեզրին նրանց զենքով ու դիմակավորված հայտնվելու փաստեր (այդ թվում՝ նոյեմբերի 14-ին): Պետք է հիշել, որ 2021թ. փետրվարի 26-ին այս ճանապարհը մի քանի ժամով փակվել էր ադրբեջանական զինված ծառայողների սադրանքի պատճառով:   Եվս մեկ կարևոր հանգամանք՝ այլընտրանքային ճանապարհների կառուցում չի նշանակում, թե դրանով վերացվում է Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ներկա ադրբեջանական զինված ու դիմակավորված ծառայողներից բխող իրական սպառնալիքները ՀՀ բնակչության ու հատկապես նրանց տեղակայման դիրքերի հարևանությամբ գտնվող համայնքների բնակիչների կյանքին ու անվտանգությանը:   Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական այն ծառայություններն են, որոնք պատերազմի ընթացքում խոշտանգել, սպանել են մեր զինծառայողներին ու քաղաքացիական անձանց և դրա համար չեն պատժվել:   Պատերազմից հետո ադրբեջանական իշխանությունները խորացրել հայատյացությունն ու թշնամանքի քարոզը: Ադրբեջանական զինված ծառայողներն այդ ճանապարհներին են հայտնվել պատերազմի սպառնալիքի ու ցեղասպան քաղաքականության արդյունքում (այս փաստերը հաստատվում են ապացույցներով):   Երկու երկրների միջև տեղի չի ունեցել դելիմիտացիա կամ դեմարկացիա: Ուստի, ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունն ինքնին մեր գյուղերի մոտ ու ճանապարհներին ՀՀ բնակչության իրավունքների խախտում է:   ՀՀ հանրային իշխանության ցանկացած մարմին, այդ թվում՝ ՀՀ անվտանգության խորհուրդը պարտավոր է իր գործունեության մեջ, նաև հրապարակային հայտարարություններում ղեկավարվել մարդու իրավունքների պահանջներով և չի կարող անել այնպիսի հայտարարություններ, որոնք անհնար են դարձնում կամ վտանգում են մարդու իրավունքները»,-ասված է ՄԻՊ գրառման մեջ։ 
20:11 - 15 նոյեմբերի, 2021
Դեմարկացիոն և դելիմիտացիոն գործընթացը առաջին հերթին պետք է Հայաստանին. ԱԺ նախագահ |armenpress.am|

Դեմարկացիոն և դելիմիտացիոն գործընթացը առաջին հերթին պետք է Հայաստանին. ԱԺ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Սահմանազատման և սահմանագծման գործընթացի պարագայում եթե պարզվի, որ ինչ-որ հատվածներից Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ գնան, նրանք միանշանակ հետ կգնան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ հիմքով են Սյունիքի մարզի որոշ տարածքներ անցել Ադրբեջանին, եթե դեռևս դեմարկացիոն և դելիմիտացիոն աշխատանքներ չեն իրականացվել: «Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ նույնպես նշվում է մեր կողմից, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի  գործընթացը պետք է սկսվի: Պետք է հասկանանք, որ այն ինչ-որ այսօր կատարվում է, դա իր հետքը թողելու է բոլոր տեսակի բանակցությունների վրա, որովհետև այն գործունեությունը, որն այսօր Ադրբեջանը ծավալում է, չի բխում նոյեմբերի 9-ի հայտարարության տրամաբանությունից: Դրա մասին բարձր ասվել է և մենք մեր բոլոր միջազգային գործընկերների, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության հետ այս հարցը նույնպես քննարկել են և քննարկում ենք»,- ընդգծեց Սիմոնյանը: Նրա խոսքով` դեմարկացիոն և դելիմիտացիոն գործընթացը, սահմանների ճշտումը առաջին հերթին պետք է Հայաստանի Հանրապետությանը:  «Մենք պետք է ֆիքսենք՝ Հայաստանը որտեղ է սկսվում և որտեղ է ավարտվում, որպեսզի շահարկումներ չլինեն, որպեսզի չփորձեն դրա հիման վրա ներքին և արտաքին քաղաքական ազդեցություններ ունենալ, որից կարող են օգտվել նաև մեր հակառակորդները»,- եզրափակեց Սիմոնյանը:
18:05 - 15 նոյեմբերի, 2021
Ադրբեջանի ներխուժման հետևանքով չորս դիրք հայտնվել էր շրջափակման մեջ․ բանակցություններից հետո ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դուրս են եկել այդ դիրքերից․ ԱԽ հայտարարությունը

Ադրբեջանի ներխուժման հետևանքով չորս դիրք հայտնվել էր շրջափակման մեջ․ բանակցություններից հետո ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դուրս են եկել այդ դիրքերից․ ԱԽ հայտարարությունը

Հայաստանի անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ նոյեմբերի 14-ին ժամը 13.00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանագծի արեւելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան եւ զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: Նշենք, որ երեկ ՊՆ-ն հերքում էր այս տեղեկությունները՝ ընդգծելով, թե «սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈՒ զրահատեխնիկա է մտել, չեն համապատասխանում իրականությանը»։ Հայաստանի անվտանգության խորհրդի հայտարարությունը ստորեւ. «Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետեւանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան եւ զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: Այնուամենայնիվ՝ նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռեւս ս/թ մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ: Լուրերը, թե ՀՀ ԶՈւ վերադաս հրամանատարության կամ քաղաքական իշխանության կողմից դիմադրություն ցույց չտալու հրաման է արձակվել՝ իրականությանը չեն համապատասխանում: Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը համապատասխան մարմիններին հանձնարարել է իրականացնել միջադեպի պատշաճ քննություն: Անվտանգության խորհուրդը Ռուսաստանի Դաշնության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության եւ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի զինված ուժերի շարունակական ագրեսիվ գործողությունների վրա եւ ընդգծում, որ այդ գործողություններն ուղղված են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ տարածաշրջանային անվտանգության ու կայունության դեմ, ինչպես նաեւ հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին: Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը արտահայտում է իշխանությունների եւ ժողովրդի վճռականությունը հայրենիքի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ անկախությունը պաշտպանելու գործում: Անդրադառնալով Գորիս-Կապան եւ Կապան-Ճակատեն ավտոճանապարհների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներին, հարկ ենք համարում ընդգծել, որ դրանք դեռեւս ԽՍՀՄ տարիների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններին վերաբերվող ուղղակի իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում չեն գտնվում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը միջոցներ է ձեռնարկել Սյունիքի մարզում այլընտրանքային ճանապարհների նոր ցանցի ստեղծման ուղղությամբ եւ այդ աշխատանքներն առաջիկայում ավարտին կհասցվեն: Հարկ ենք համարում ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության որեւէ բնակավայր կենսապահովման ճանապարհից զրկված չէ: Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը շարունակում է ընդգծել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը, այն է՝ Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագծից զորքերի հայելային ետքաշում եւ միջազգային հովանու ներքո սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացի մեկնարկ: Նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը կոչ ենք անում ակտիվացնել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ համապարփակ կարգավորման ուղղությամբ»:
13:45 - 15 նոյեմբերի, 2021
ԱԻՆ-ի մեքենայով հաց է հասցվել Բարձրավան, Շուռնուխ ու Որոտան գյուղեր. Սյունիքի մարզպետարանը հերքում է Գորիսի փոխհամայնքապետի հայտարարությունը

ԱԻՆ-ի մեքենայով հաց է հասցվել Բարձրավան, Շուռնուխ ու Որոտան գյուղեր. Սյունիքի մարզպետարանը հերքում է Գորիսի փոխհամայնքապետի հայտարարությունը

Սյունիքի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանն այսօր ԶԼՄ-ներին հայտնել է, թե Բարձրավան, Շուռնուխ ու Որոտան գյուղեր ինքն է հաց հասցնում, ու հարցրել, թե «ով պետք է այդ մասին մտածի»։ Հայտնում ենք, որ այդ ու գյուղերի բնակիչների մյուս խնդիրների մասին մտածող, ինչպես նաեւ խնդիրները լուծող կա, ու այսօր ՀՀ ԱԻՆ մարզային կառույցի ավտոմեքենայով Սյունիքի մարզպետարանն է կազմակերպել գյուղեր հաց հասցնելը։ Ինչպես նաեւ, այսուհետ եւս ամենօրյա ռեժիմով կկազմակերպվի գյուղեր սնունդ հասցնելը։ Նա նաեւ նշել է, որ Բարձրավանում դիալեզ ստացող հիվանդ կա, եւ չգիտեն, թե ինչպես պետք է նրա բուժսպասարկումը կազմակերպվի։ Դա եւս ապատեղեկատվություն է․ նշված հիվանդը Բարձրավանում շատ քիչ է լինում, վերջերս գտնվել է Երեւանում, իսկ արդեն մեկ շաբաթ է՝ նա գտնվում է Կապանում, ու Կապանի ԲԿ-ն կկազմակերպի նրան անհրաժեշտ բուժսպասարկումը»։ Ավելի վաղ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ դժվարացել է կապը Գորիս քաղաքի ու այլ բնակավայրերի միջև, առաջացել են հացի մատակարարման խնդիրներ, դժվարությամբ է կազմակերպվել երեխաների կրթության հարցը։ Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանը մաքսակետեր է տեղադրել։ Այս մասին նոյեմբերի 10-ին հայտարարել էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա այս հայտարարությանն անդրադարձել էր ՄԻՊ Արման Թաթոյանը՝ մի շարք հարցեր ուղղելով Գրիգորյանին։  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավիճակին անդրադարձել է նոյեմբերի 11-ին՝ կառավարության նիստն սկսելուց առաջ՝ հայտարարությամբ հանդես գալով Գորիս-Կապան ավտոճանապարհին մաքսակետ տեղադրելու Ադրբեջանի որոշման վերաբերյալ և նշելով, թե «Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ հսկողություն չիրականացնելու գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը»։  
22:42 - 12 նոյեմբերի, 2021
Սյունիքում բազմաթիվ ճանապարհներ ենք կառուցում և շարունակելու ենք կառուցել. Սանոսյան |armenpress.am|

Սյունիքում բազմաթիվ ճանապարհներ ենք կառուցում և շարունակելու ենք կառուցել. Սանոսյան |armenpress.am|

armenpress.am: Պետությունը Սյունիքում հիմա կառուցում և շարունակելու է կառուցել բազմաթիվ ճանապարհներ՝ այդ թվում կարևոր ռազմավարական նշանակության ճանապարհներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: «Մենք Սյունիքում բազմաթիվ ճանապարհներ ենք կառուցում հիմա և շարունակելու ենք կառուցել՝ սկսած կարևոր ռազմավարական ճանապարհներից, սկսած Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան և այլ հատվածներից մինչև դաշտամիջյան ճանապարհներ»,-ասաց Սանոսյանը: Պետությունը միայն հաջորդ տարի 500 կմ դաշտամիջյան ճանապարհ է պլանավորում նախագծել կամ դրա մի մասը կառուցել: Կան միջհամայնքային ճանապարհներ, հանրապետական նշանակության ճանապարհներ: «Բազմաթիվ ծրագրեր կան, որոնց մի մասը նախատեսված չէր, մի մասը նախատեսված էր, մի մասի հետ կապված հընթացս խնդիրներ են առաջանում, պլանավորում ենք անել: Պրոցես է, անում ենք»,-ասաց նախարարը: «Հիմա Որոտան, Բարձրավան, Շուռնուխ բոլոր այդ համայնքների ուղղությամբ շինարարներն աշխատում են, ճանապարհները հնարավորինս բարեկարգվում են: Խոսքը այլ ճանապարհների մասին է: Նշված բոլոր համայնքները հիմա էլ կապ ունեն, տրանսպորտ կա, շարժ կա»,-ասաց նախարարը:
14:08 - 12 նոյեմբերի, 2021
Որոտանը օգտվում է այլընտրանքայինից, իսկ Կապան-Ճակատենը այս պահին բաց է |civilnet.am|

Որոտանը օգտվում է այլընտրանքայինից, իսկ Կապան-Ճակատենը այս պահին բաց է |civilnet.am|

civilnet.am: Գլխավոր լուսանկարը՝ Գևորգ Թոսունյանի Որոտան համայնքում նախատեսվում է, որ վաղվանից դպրոցները կանցնեն առցանց ուսուցման՝ ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածին սահմանային կետեր դնելու ու հայերի համար այն փակելու պատճառով։ Այդ մասին  հայտնեց համայնքի բնակիչ Երվանդ Ալավերդյանը։ Նա այսօր Որոտանից Գորիս գնացել է, սակայն այլընտրանքային ճանապարհով՝ շրջանցելով գիշերվանից ադրբեջանցիների կողմից փակած հատվածները։ «Այլընտրանքային Տաթև-Աղվանի ճանապարհին միացող հատվածը վատ վիճակում է, դժվարանցանելի, հիմա էլ անձրև է գալիս ու շատ է բարդացել այնտեղով գնալը։ Այդտեղով «Ժիգուլի» կամ արտասահմանյան ցածր մեքենա չի կարող գնալ, միայն ամենագնացներով է հնարավոր անցնել։ Վերջերս սկսել են այն սարքել, բայց հիմա ավելի ակտիվ են աշխատում, մի քանի տրակտոր ակտիվ գործ է անում»,- ասաց Ալավերդյանը։ Նա նկատել է, որ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածով՝ ադրբեջանական անցակետով, անցնում են միայն իրանական բեռնատարները, այն էլ՝ համապատասխան մուծումներ անելուց հետո։ Իրավիճակն անորոշ է Կապան-Ճակատեն հատվածում, որի մոտ 10 կմ ճանապարհն անցնում է վիճահարույց մասերով։ Այստեղ դեռ 2020-ի դեկտեմբերից տեղակայվել են ռուս սահմանապահներ, ինչպես Գորիս-Կապան ճանապարհի վրա։ Ճակատենի վարչական ղեկավար Արա Հարությունյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ գիշերը՝ 24։00-ից հետո, փորձել է Կապանից գնալ Ճակատեն, սակայն հայկական կողմը թույլ չի տվել՝ պատճառաբանելով, թե շինարարական աշխատանքներ են անում։  Ավելին՝ civilnet.am-ում
17:46 - 11 նոյեմբերի, 2021
Իսկ միգուցե դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում ադրբեջական իշխանությունները զրկվում էին այդ ճանապարհի նկատմամբ իրավասությունից․ ՄԻՊ-ը՝ ԱԽ քարտուղարի հայտարարության մասին

Իսկ միգուցե դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում ադրբեջական իշխանությունները զրկվում էին այդ ճանապարհի նկատմամբ իրավասությունից․ ՄԻՊ-ը՝ ԱԽ քարտուղարի հայտարարության մասին

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ստացվում է՝ ՀՀ-ից ադրբեջանական սահմանապահ ու մաքսային մարմիններին հուշում են, որ պետք է վճարներ գանձել Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչներից ու օտարերկրացիներից կամ անել իրավունքների այլ միջամտություններ: Բա այդ դեպքում նման հայտարարություն արած պաշտոնյան միգուցե պարզաբանի նաև, թե ադրբեջանական օրենսդրությունը վճարների ու տուրքերի ինչ չափեր է նախատեսում, ինչ իրավունքներ ունեն մարդիկ այդ գանձումների ընթացքում, վճարումները ՀՀ դրամով են արվելու, թե արտարժույթով, որն է բողոքներ ներկայացնելու կարգը ու ինչպես է նա պատրաստվում պաշտպանել քացաքացիների իրավունքները: Կամ ինչպե՞ս է կազմակերպվելու հարակից համայնքների բնակիչների կյանքը, որոնք ստացվում է՝ հայտնվելու են ադրբեջանական մաքսային ու սահմանային վերահսկողության գոտում: Իսկ միգուցե դելիմիտացիան ու դեմարկացիայի արդյունքում ադրբեջական իշխանությունները զրկվում էին այդ ճանապարհի նկատմամբ իրավասությունից, որովհետև մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմները տալիս են այդ հնարավորությունը»:
15:08 - 11 նոյեմբերի, 2021
Սյունիքի մարզի որևէ համայնք շրջափակման մեջ չէ. ԱԽ քարտուղար |armenpress.am|

Սյունիքի մարզի որևէ համայնք շրջափակման մեջ չէ. ԱԽ քարտուղար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վստահեցնում է, որ Սյունիքի մարզի որևէ համայնք շրջափակման մեջ չէ:  Արմեն Գրիգորյանն այդ մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ճանապարհի խնդրահարույց հատվածում մաքսակետեր դնելուց հետո Սյունիքի մարզի բնակավայրերը չեն հայտնվի շրջափակման մեջ: «Իհարկե, ճանապարհների որակը շատ բարձր մակարդակի չէ, բայց վերջին շրջանում լայնածավալ աշխատանքներ են կատարվել ճանապարհները գոնե գրունտային մակարդակում բարեկարգելու համար, այդ աշխատանքները շարունակվում են: Համոզված ենք, որ կունենանք ասֆալտապատ ճանապարհ»,- ասաց Գրիգորյանը: ԱԽ քարտուղարի խոսքով` Գորիս-Կապան ճանապարհի խնդրահարույց հատվածին հարող բնակավայրերում որևէ կոմունիկացիոն խնդիր չի առաջանալու։
13:38 - 11 նոյեմբերի, 2021
Ադրբեջանն այս պահին տեղեկատվություն չի ներկայացրել սահմանային հսկողության իրականացման ընթացակարգի վերաբերյալ |armenpress.am|

Ադրբեջանն այս պահին տեղեկատվություն չի ներկայացրել սահմանային հսկողության իրականացման ընթացակարգի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանն այս պահին ամբողջական տեղեկատվություն չի ներկայացրել սահմանային հսկողության իրականացման ընթացակարգի վերաբերյալ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Անդրադառնալով հարցին, թե ո՞ր իրավական հիմքով է Գորիս-Կապան ճանապարհահատվածի որոշ մասն ադրբեջանցիներինը համարվում, ԱԽ քարտուղարն ասաց, որ կա ողջամտություն, և այդ ողջամտության տրամաբանությունը Խորհրդային ժամանակին գոյություն ունեցած սահմաններն են, Կառավարությունը ելնում է այդ տրամաբանությունից։ «Սահմանագծման և սահմանազատման գործընթաց չենք ունեցել, բայց մոտավոր ունենք պատկերացում այդ սահմանի մասին, որի հիմքը 1920-ականների քարտեզն է։ Այդ քարտեզի հիման վրա պատկերացնում ենք ընդհանուր առմամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը»,- նշեց Գրիգորյանը: Հարցին՝ ի՞նչ ընթացակարգով է ՀՀ քաղաքացին անցնելու Գորիս-Կապանի այն ճանապարհահատվածը, որտեղ ադրբեջանցիներն իրենց մաքսակետերն են դրել, ԱԽ քարտուղարը ասաց, որ ճանապարհի այդ հատվածը յուրահատուկ կարգավիճակ ունի: «Այս պահին Ադրբեջանը չի տեղեկացրել ընթացակարգի մասին, բայց տրամաբանությունը հուշում է, որ ընթացակարգը որոշակի վճար կամ ինչ-որ բան կարող է լինել, և քաղաքացիները, վճարելով, կարող են անցնել։ Քանի որ ունենք այլընտրանքային ճանապարհ, արդեն կառուցված է, երեկ հայտարարել ենք, որ ճանապարհը բացված է, ապա, բնականաբար, քաղաքացիներին հարմար է, որ այդ ճանապարհից օգտվեն»,- եզրափակեց Գրիգորյանը:
13:21 - 11 նոյեմբերի, 2021
Ինչպե՞ս են իշխանությունները երաշխավորելու Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը. ՄԻՊ

Ինչպե՞ս են իշխանությունները երաշխավորելու Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը. ՄԻՊ

Մեր զինվորներին պատերազմի ընթացքում դաժան խոշտանգումների են ենթարկել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչները, որ ստացվում է՝ պետք է Գորիս-Կապան ճանապարհին իրականացնեն սահմանային վերահսկողություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։   «Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Կովսականում 2020թ. հոկտեմբերի վայրագություններին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վերջերս հրապարակած զեկույցը փաստերով մանրամասն ցույց է տալիս, որ նրանք խոշտանգել են մարդկանց, ապօրինաբար կյանքից զրկել են, հետո կապել են մեքենաներից ու քաշ տվել: Այդ ամենը լուսանկարել ու տեսանկարահանել են ու հետո էլ բաց դեմքերով (վստահ լինելով, որ չեն պատժվելու), երգ ու պարով իրենց «հաղթանակը» նշել են Կովսականի Թաթուլ Կրպեյանի անվան դպրոցում: ՀՀ այն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք իրենց հայտարարություններով լեգիտիմացնում են նրանց ներկայությունն ու արարքները, նրանց հեռացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն, տեղյա՞կ են, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության այդ ներկայացուցիչներից որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Այս պայմաններում ինչպե՞ս են պատրաստվում երաշխավորել Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը: Եվս մեկ անգամ ուզում եմ հստակ նշել, որ խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց որևէ պարագայում չի կարելի մարդկանց իրավունքները դնել զանգվածային խախտումների իրական վտանգների առաջ՝ այն էլ առանց երաշխիքների: Կովսականի դեպքին վերաբերող փաստերը մանրամասն շարադրված են իմ զեկույցում․ առաջարկում եմ մանրամասն ուսումնասիրել»,-գրել է Արման Թաթոյանը։
11:46 - 11 նոյեմբերի, 2021