ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Խախտումները չարձանագրելու համար կաշառք են պահանջել եւ ստացել. կալանավորվել է ՔՏՀԱ տեսչական մարմնի 5 պաշտոնյա

Խախտումները չարձանագրելու համար կաշառք են պահանջել եւ ստացել. կալանավորվել է ՔՏՀԱ տեսչական մարմնի 5 պաշտոնյա

Ձերբակալվել են Հայաստանի քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 6 պաշտոնատար անձինք և շինարարական գործունեություն իրականացնող կազմակերպությունների 6 ներկայացուցիչներ, այդ թվում` ղեկավարներ։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ տեսչական մարմնի պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել կառուցապատվող շինություններում հրդեհային անվտանգության, ինչպես նաև քաղաքաշինական գործունեության ոլորտի խախտումները չարձանագրելու դիմաց շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներից կաշառք պահանջելու և ստանալու համար։ Ձերբակալված 6 պաշտոնատար անձանցից 5-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բոլորը բավարարվել են:
13:47 - 22 դեկտեմբերի, 2023
Կաշառք ստանալու համար մեղադրվող՝ Մարաշի անձնագրային խմբի պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Կաշառք ստանալու համար մեղադրվող՝ Մարաշի անձնագրային խմբի պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրերի և վիզաների վարչության Մարաշի անձնագրային խմբի երկու պաշտոնատար անձանց կողմից քաղաքացիներից տարբեր չափերի կաշառք ստանալու և գումարների հափշակության 50 դեպք: Ընդ որում՝ մի շարք դեպքերում քաղաքացիներն իրենք են իրենց նախաձեռնությամբ առաջարկել և տվել կաշառքի գումարները՝ որպես մատուցված անձնագրային ծառայությունների դիմաց «շնորհակալություն»: Այս մասին տեղեկացրին Հակակոռուպցիոն կոմիտեից: «Քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Ա. Ս.-ն, զբաղեցնելով վերը նշված անձնագրային խմբի քաղաքացիական հատուկ ծառայության առաջին կարգի մասնագետի պաշտոնը, տասներկու դեպքում անձամբ, իսկ երեսունհինգ դեպքում նույն անձնագրային խմբի առաջատար մասնագետ-խմբի ղեկավար Լ. Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ, խախտել են օրենսդրությամբ սահմանված արգելքը և բազմաթիվ քաղաքացիների ու նրանց մատնանշած անձանց օգտին իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով անձնագրային գործողություններ կատարելու համար վերջիններից պահանջել և ստացել են կաշառք: Մասնավորապես՝ Ա. Ս.-ն և Լ. Հ.-ն  նույնականացման քարտերի տրամադրման սահմանափակումների պայմաններում վերոհիշյալ անձանց նախապատվություն տալու ու նշված քարտերը տրամադրելու, անձնագրային գործողություններն արտահերթ կատարելու կամ անձնագրային և վիզաների վարչության գործառույթներից բխող այլ գործողություններ իրականացնելու համար, պետական տուրքի գումարներից բացի, քաղաքացիներից պահանջել և ստացել են տարբեր չափերի՝ 2.000-ից 50.000 ՀՀ դրամ կաշառք: Օրինակ՝ անձնագրային խումբ դիմած անձանցից մեկի անվամբ ՀՀ քաղաքացու անձնագիր ձևակերպելու և տրամադրելու, ինչպես նաև համապատասխան հասցեում վերջինիս հաշվառելու համար 2023 թվականի հունվարի 11-ին հիշյալ պաշտոնատար անձինք պետական տուրքի գումարներից բացի, նրանից պահանջել և ստացել են 50.000 ՀՀ դրամ կաշառք: Մեկ այլ քաղաքացու նույնականացման քարտի ձևակերպումներն էլ կատարելու համար նրանից, բացի 3.300 ՀՀ դրամ պետական վճարից, որպես կաշառք պահանջել են 20.000 ՀՀ դրամ, որից բացի, տվյալ քաղաքացին իր նախաձեռնությամբ տվել է ևս 5.000 ՀՀ դրամ կաշառք: Վերը նկարագրված հանցավոր արարքների համար Ա. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (35 դրվագ), 435-րդ հոդվածի 1-ին մասով (12 դրվագ) և 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ): Լ. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (35 դրվագ) և 44-435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ): Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է:  Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
18:44 - 07 դեկտեմբերի, 2023
1 մլն 300 հազար դրամ կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է «Մուշական-Ջրաշեն» գերեզմանատան վարիչը. ևս 5 անձ ձերբակալվել է

1 մլն 300 հազար դրամ կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է «Մուշական-Ջրաշեն» գերեզմանատան վարիչը. ևս 5 անձ ձերբակալվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի «Մուշական-Ջրաշեն» գերեզմանատան վարիչի պաշտոնը զբաղեցնող Հ. Ղ.-ի կողմից մի շարք անձանցից տարբեր չափերի կաշառք ստանալու վերաբերյալ: Այդ մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Մասնավորապես՝ Հ. Ղ.-ն, իր իշխանական լիազորություններն օգտագործելով երեք տարբեր անձանց օգտին գործողություն կատարելու, այն է՝ «Մուշական-Ջրաշեն»  գերեզմանատանը վերջիններիս ազգականներին հուղարկավորելու նպատակով նախընտրելի տարածքներում գերեզմանատեղիներ տրամադրելու համար, 2023 թվականի մայիսի 22-ից հունիսի 9-ն ընկած ժամանակահատվածում միջնորդների միջոցով և գերեզմանատան բանվոր Ն. Վ.-ի օժանդակությամբ վերը նշված երեք անձանցից ստացել է համապատասխանաբար 500.000, 200.000 և 600.000 ՀՀ դրամ կաշառք: Վերը նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով 30.11.2023 թվականին քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ գերազմանատան վարիչը: Նույն օրը Հ. Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել  ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Հ. Ղ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է: Եվս 5 անձի մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալուն օժանդակելու, կաշառք տալու և  կաշառքի միջնորդություն կատարելու համար: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
17:58 - 01 դեկտեմբերի, 2023
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Բրյուսովի համալսարանի նախկին դեկան Ցոլակ Ակոպյանի նկատմամբ

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Բրյուսովի համալսարանի նախկին դեկան Ցոլակ Ակոպյանի նկատմամբ

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 30-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել 2018-2022 թվականներին «Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկանի պաշտոնը զբաղեցրած Ց.Ա.-ի նկատմամբ՝ դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելու համար, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից: Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Ց.Ա.-ն, զբաղեցնելով ՊՈԱԿ-ի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկանի պաշտոնը, համատեղության կարգով հանդիսանալով «Փիլիսոփայության և պատմության», «ԲՊՀ հիմնադրամի Յունեսկոյի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության» ամբիոնների ավագ դասախոս, ՊՈԱԿ-ի ռեկտորի հրամաններով հանձնաժողովների կազմում ընդգրկված չլինելու պայմաններում, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից: Մասնավորապես՝ 2019-2022 թվականների ընթացքում անգլերեն առարկայից անբավարար գնահատականներ ստացած ուսանողներից՝ Ռ.Ն.-ից, Հ.Ս.-ից, Մ.Ա.-ից, Մ.Ծ.-ից, Ս.Ա.-ից, Վ.Մ.-ից և Ն.Պ.-ից, ընդունել է «1-ին օտար լեզու (անգլերեն) 4», «Գրավոր խոսք (անգլերեն)», «Գրավոր խոսք (անգլերեն) 2», «Բանավոր խոսք (անգլերեն) 3» առարկաների լուծարային քննություններն ու նշանակել դրական` «60» գնահատականներ՝ քննական տեղեկագրում հանձնաժողովի անդամի փոխարեն դնելով իր ստորագրությունը: Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) (4 դրվագ) և գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելը) (3 դրվագ):              Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:39 - 30 նոյեմբերի, 2023
«Քոչարյանին պատկանող գույքն ամբողջությամբ իրենն է և օրինական»․ փաստաբան
 |hetq.am|

«Քոչարյանին պատկանող գույքն ամբողջությամբ իրենն է և օրինական»․ փաստաբան |hetq.am|

hetq.am: Հակակոռուպցիոն դատարանում նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքի անդամներին պատկանող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին դատական նիստը։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հայցադիմում է ներկայացրել Ռոբորտ Քոչարյանի և նրա կնոջ՝ Բելլա Քոչարյանի, դստեր՝ Գայանե Քոչարյանի, վերջինիս ամուսնու՝ Վիգեն Չատինյանի, երկու որդիների՝ Լևոն ու Սեդրակ Քոչարյանների, նրանց կանանց՝ երգչուհի Սիրուշոյի (Սիրանուշ Քոչարյան) և Զարուհի Բադալյանի դեմ։ Պատասխանողների ներկայացուցիչներ փաստաբաններ Արամ Օրբելյանը, Արթուր Հովհաննիսյանը և Հարություն Հարությունյանն առարկեցին դատական նիստի տեսանկարահանման և լուսանկարահանման դեմ։ Ավելին, Արամ Օրբելյանը միջնորդեց դատական նիստը շարունակել դռնփակ ռեժիմով։ Դռնփակության հարցը շուրջ 10 րոպե քննելուց հետո դատարանը որոշեց նիստը շարունակել դռնբաց ռեժիմով։ Սակայն, ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց Արամ Օրբելյանը, դատարանը որոշել է գործի քննությունն իրականացնել մասնակի դռնփակ և մասնակի դռնբաց։ «Էնտեղ, որտեղ բանկային գաղտնիքի հարցեր կլինեն, կանենք դռնփակ, մնացած հարցերում՝ դռնբաց»,- դատարանի որոշումը մեզ փոխանցեց Օրբելյանը։ Դատական նիստին Օրբելյանը ներկայացրեց միջնորդություն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ։ Ըստ պատասխանողի ներկայացուցչի՝ գոյացել է ավելի քան 20 մլն դրամ պարտավորություն պետության նկատմամբ։ Այն ներառում է վերջին տարվա գույքահարկը և հողի հարկը, ինչպես նաև նախորդ երկու տարիներին հողի հարկի ծավալի վերահաշվարկի հետ կապված առաջացած հավելյալ պարտավորությունը։ Նշենք, որ խոսքը Քոչարյանին պատկանող, Իսակովի պողոտայում գտնվող առանձնատան գույքահարկի և այդ տարածքի հողի հարկի մասին է։ Օրբելյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ արգելանք է դրված Քոչարյանին պատկանող մի շարք անշարժ գույքերի և դրամական միջոցների վրա՝ ավելի քան 21․5 մլրդ դրամի չափով։ Միայն արգելանք չի դրվել Քոչարյանի կենսաթոշակային հաշվի վրա, քանի որ այդ գումարը նախատեսված է կենսական կարիքները հոգալու համար, և օրենքը թույլ չի տալիս։ Քոչարյանի ներկայացուցիչը խնդրեց թույլատրել արգելադրված հաշիվներից 20 մլն դրամի չափով արգելանքը հանել, որ կարողանան պետության նկատմամբ պարտավորություններն մարել։ Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը չառարկեց միջնորդության դեմ։ Օրբելյանը գրավոր տարբերակով բանկային հաշվի համարը կփոխանցի դատախազին, դատախազն էլ իր գրավոր համաձայնությունը կտա։ Այն փուլում, երբ դատախազը պատրաստվում էր ներկայացնել հայցադիմումը, թե ինչ գույքեր են ցանկանում բռնագանձել Քոչարյանից և նրա ընտանիքից, փաստաբաններ Հարություն Հարությունյանը և Արամ Օրբելյանը հայտնեցին, որ իրենք լիարժեք չեն հասցրել ծանոթանալ գործի նյութերին և խնդրեցին դատական նիստը հետաձգել՝ իրենց ժամանակ տալու համար։ Դատախազ Գևորգ Քոչարյանն առաջարկեց սկսել ներկայացնել հայցադիմումը և քանի որ աշխատանքային օրվա ավարտը մոտ էր, նա առաջարկեց՝ հաջորդ նիստին էլ ներկայացուցիչներն իրեն հարցեր ուղղեն։ Դատարանն ասաց, որ ամբողջությամբ պետք չէ հրապարակել հայցադիմումը, քանի որ և դատարանն է դրան ծանոթ, և կողմերը։ Ըստ Նարինե Ավագյանի՝ հայցի առարկայի հիմքը պարզելու են հարցերի միջոցով։ Որոշվեց նիստը հետաձգել։ Գործով հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին՝ 14։00-ին։ Արամ Օրբելյանը դատական նիստից հետո լրագրողներին հայտնեց, որ նախնական դատական նիստերի ընթացքում նպատակահարմար չեն գտել, որ նիստերը տեսագրվեն և լուսանկարահանվեն, որ անխոչընդոտ կարողանան աշխատել։ Լրագրողների հարցին, թե ինչով են խոչընդոտում լուսանկարահանումը և տեսանկարահանումը իրենց աշխատանքին, Օրբելյանն ասաց․ «Խոչընդոտում է, երբ կողմերը փորձում են ոչ թե դատավարական գործընթաց իրականացնել, այլ փորձում են այդ գործընթացը վերածել պայմանականորեն հանրության համար ինչ-որ գործընթացի»։ Անդրադառնալով Դատախազության հայցադիմումին՝ Օրբելյանն ասաց․ «Մենք գտնում ենք, որ պարոն Քոչարյանին պատկանող գույքն ամբողջությամբ իրենն է և օրինական է»։ Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։
21:24 - 28 նոյեմբերի, 2023
Երևանի կայազորային հոսպիտալի՝ շուրջ 7,000 դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող պետի ու ևս 13 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Երևանի կայազորային հոսպիտալի՝ շուրջ 7,000 դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող պետի ու ևս 13 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ե. Հ.-ն, զբաղեցնելով «Երևանի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկի պետի պաշտոնը, հոսպիտալի այլ աշխատակիցների հետ խմբի կազմում, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով ժամկետային զինծառայողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար, վերջիններիս ազգականներից և մտերիմներից պարբերաբար ստացել է տարբեր չափերի կաշառք: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ե. Հ.-ն վերը նշված հոսպիտալի անզգայացման և վերակենդանացման բաժնի վարիչ Ս. Ս.-ի խնդրանքով նույն բաժնի բուժքույր Թ. Ս.-ի ազգականին՝ հոսպիտալացման համար անհրաժեշտ բժշկական ախտորոշում չունեցող ժամկետային զինծառայողին ապօրինի ստացիոնար պայմաններում պահելու համար, բուժծառայության գծով տեղակալ Մ. Դ.-ի միջոցով համապատասխան ցուցումներ է տվել իր ենթակայության ներքո գտնվող բժիշկներին: Արդյունքում զինծառայողին տրամադրվել է իրականությանը չհամապատասխանող ախտորոշում, որի հիման վրա վերջինս հոսպիտալացվել է: Դրանից հետո՝ 2023 թվականի մարտի 21-ին, Թ. Ս.-ն հոսպիտալի անզգայացման և վերակենդանացման բաժնի վարիչ Ս. Ս.-ի և բուժծառայության գծով տեղակալ Մ. Դ.-ի միջոցով փոխանցել է 500 ԱՄՆ դոլար կաշառք, որից 200 ԱՄՆ դոլարը ստացել է Ե. Հ.-ն, իսկ մնացածը բաժանվել է հոսպիտալի 3 այլ բժիշկների միջև: Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ 2023 թվականի հունվարի 11 ին Երևանի կայազորային հոսպիտալ տեղափոխված մեկ այլ զինծառայողի օգտին ապօրինի գործողություն կատարելու՝ իրականությանը չհամապատասխանող ախտորոշման հիմքով վերջինիս ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու և վաղաժամկետ զորացրելու համար, հիշյալ զինծառայողի ազգական Ս. Հ.-ն Երևանի կայազորային հոսպիտալի պետ Ե. Հ.-ին տվել է 3000 ԱՄՆ դոլար կաշառք: Դրանից 1000 ԱՄՆ դոլարը Ե. Հ.-ն տվել է բուժծառայության գծով տեղակալին, իսկ 2000 ԱՄՆ դոլարը պահել է իրեն: Բացի այդ, պարզվել է, որ 2022 թվականի հունիսից պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացու հայրը՝ Ա. Խ.-ն, որդուն Երևանի կայազորային հոսպիտալ տեղափոխելու, այնտեղ տևական ժամանակ ստացիոնար բուժում տրամադրելու և, հնարավորության դեպքում, նախքան ծառայության ժամկետի ավարտը զորացրելու հարցում օգնելու համար դիմել է իր ազգական, տվյալ հոսպիտալի նախկին աշխատակից Ռ. Ա.-ին, ով իր հերթին հիշյալ հարցով դիմել է հոսպիտալի պետ Ե. Հ.-ի վարորդին: Արդյունքում՝ հիշյալ գործընթացը կազմակերպելու և իրականացնելու համար  Ե. Հ.-ն իր վարորդի միջոցով Ռ. Ա.-ից պահանջել և ստացել է 3500 ԱՄՆ դոլար կաշառք: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Երևանի կայազորային հոսպիտալի պետ Ե. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Ե. Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Եվս 13 անձի, այդ թվում՝  Ե. Հ.-ի՝ բուժծառայության գծով տեղակալ Մ. Դ.-ին և հոսպիտալի այլ աշխատակիցներին մեղադրանքներ են ներկայացվել կաշառք ստանալու, տալու, կաշառք ստանալուն օժանդակելու համար: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
18:28 - 28 նոյեմբերի, 2023
Վարորդական վկայականի համար դիմած շուրջ 3 տասնյակ քաղաքացիներից ՃՈ տեսուչի կաշառք ստանալու վերաբերյալ վարույթով ձերբակալվել է 15 անձ

Վարորդական վկայականի համար դիմած շուրջ 3 տասնյակ քաղաքացիներից ՃՈ տեսուչի կաշառք ստանալու վերաբերյալ վարույթով ձերբակալվել է 15 անձ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված լայնածավալ միջոցառումների և դրանց հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով կատարված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» գրանցման-հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնի պաշտոնատար անձը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, Գ. Հ.-ի օժանդակությամբ, վարորդական վկայական ստանալու համար դիմած բազմաթիվ անձանցից պարբերաբար ստացել է տարբեր չափերի կաշառք: Ընդ որում՝ կաշառքի գումարի չափը յուրաքանչյուր անձի վարորդական իրավունք տրամադրելու դեպքում կազմել է 380.000-500.000 ՀՀ դրամ: «Մասնավորապես՝ նախաքննությամբ տվյալներ են ստացվել, որ 2023 թ. օգոստոսի 17-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում՝ Գ. Հ.-ի օժանդակությամբ, ՃՈ տեսուչ Վ. Հ.-ն վարորդական վկայական ստանալու համար դիմած շուրջ 3 տասնյակ քաղաքացիներից ձևականորեն ընդունել է տեսական և գործնական քննություններ, վերջիններիս հուշել ինչպես տեսական գիտելիքների ստուգման թեստի հարցերի ճիշտ պատասխանները, այնպես էլ գործնական քննության ընթացքում պահանջվող գործողությունները և դրական գնահատել բավարար գիտելիքներ չունեցող վարորդի թեկնածուներին, որի դիմաց վերջիններից ստացել է տարբեր չափերի կաշառք: Արդյունքում՝ վարորդական վկայականի համար դիմած՝ տեսական և գործնական գիտելիքներ չունեցող բազմաթիվ քաղաքացիներ ապօրինի ստացել են վարորդական վկայականներ: 15 անձ, այդ թվում՝ կաշառք ստացած Ճանապարհային ոստիկանության պաշտոնատար անձը՝ Վ. Հ.-ն ու վերջինիս օժանդակած անձը, ձերբակալվել են: ՃՈ տեսուչ Վ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ վերջինիս օժանդակած Գ. Հ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Վ. Հ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչպես նաև իրականացվում են քննչական և այլ վարութային գործողություններ՝ ենթադրյալ հանցանք կատարած անձանց ամբողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:                         Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:35 - 24 նոյեմբերի, 2023
Տպավորություն ունեմ, որ դատական գործընթացները կարող են 25 տարի տևել․ վարչապետը դժգոհ է կոռուպցիոն գործերի ընթացքից |armenpress.am|

Տպավորություն ունեմ, որ դատական գործընթացները կարող են 25 տարի տևել․ վարչապետը դժգոհ է կոռուպցիոն գործերի ընթացքից |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր դժգոհությունը հայտնեց կոռուպցիոն գործերով դատական գործընթացների վերաբերյալ։ Կառավարության նիստի ժամանակ վարչապետը նշեց, որ գործադիր իշխանության համար սկզբունքային է եղել, որ գործընթացները լինեն դե յուրե հիմնավորված և օրենքին համապատասխան։ «Այս ընթացքում մենք շատ մեծ աշխատանք ենք կատարել և նաև էական բարեփոխումներ ենք մտցրել դատաիրավական համակարգում, այդ թվում՝ հիշեցնեմ, որ ձևավորվել է Հակակոռուպցիոն կոմիտե, բարձրացվել են աշխատավարձերը քննչական կոմիտեում, դատախազությունում, դատական համակարգում, ձևավորվել են նոր դատական կարողություններ, բայց երբ փորձ ենք անում այս ամենը վերլուծել, տեսնում ենք, որ կան պրոցեսներ, բայց չկան արդյունքներ։ Ունենք շատ հայտնի կոռուպցիոն գործեր, որոնք գտնվում են դատական գործընթացի մեջ, և տպավորություն ունեմ, որ այդ գործերը կարող են 25 տարի տևել։ Սա մեծ խնդիր է»,- ընդգծեց վարչապետը։ Նրա խոսքով՝մարդկանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ, այնուամենայնիվ, կառավարությունը ինչ-որ կուլիսային գործարքների մեջ է, որի արդյունքում այս բոլոր ձգձգումները լինում են։ «Ուզում եմ արձանագրել, որ մենք ոչ մի գործարքի մեջ չենք, բայց մյուս կողմից էլ մենք պետության ինստիտուցիոնալ կայացումը շատ կարևոր ենք համարում և կարևոր ենք համարում, որ ամեն ինչ տեղի ունենա իրավական ընթացակարգերով։ Բայց չենք կարող մեր դժգոհությունը չարտահայտել այն փաստի վերաբերյալ, որ գործեր կան, որ անհասկանալի է, թե ինչպես կարող են այդքան ձգձգվել»,- ասաց Փաշինյանը։  
13:35 - 23 նոյեմբերի, 2023
Կաշառք ստանալու և կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է 9 անձ, այդ թվում՝ պաշտոնյաներ

Կաշառք ստանալու և կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է 9 անձ, այդ թվում՝ պաշտոնյաներ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Արտաշատի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Տ. Կ.-ն և նույն ծառայության  նշանակման վարչության բաժիններից մեկի պետ Հ. Ս.-ն, իրենց լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի օգտին գործողություն կատարելու համար, ավագ սոցիալական աշխատող Լ. Մ.-ի հետ նախնական համաձայնությամբ, բազմաթիվ նպաստառուներից պարբերաբար տարբեր չափերի կաշառք են ստացել: Մասնավորապես, նախաքննությամբ ստացված տվյալների համաձայն, Արտաշատի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի աշխատակից Լ. Մ.-ն, Տ. Կ.-ի հետ նախնական համաձայնությամբ և իր մտերիմ Է. Խ.-ի միջնորդությամբ, 2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Մրգանուշ բնակավայրի բնակչի՝ պետական նպաստ ստանալու ժամկետը երկարաձգելու գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու համար նրանից որպես կաշառք ստացել է 30.000 ՀՀ դրամ: Բացի այդ, դարձյալ Տ. Կ.-ի հետ նախնական համաձայնությամբ և Է. Խ.-ի միջնորդությամբ, Լ. Մ.-ն Մրգանուշ բնակավայրի մեկ այլ բնակչի օգտին գործողություն կատարելու, այն է՝ սոցիալապես անապահով ընտանիքների ցուցակում ընդգրկելու և պետական նպաստ տրամադրելու գործընթացը սահուն և անխոչընդոտ կազմակերպելու համար 2023 թվականի սեպտեմբերին նրանից որպես կաշառք ստացել է 35.000 ՀՀ դրամ: Պարզվել է նաև, որ Տ. Կ.-ն և Լ. Մ.-ն 2023 թվականի հոկտեմբերին և նոյեմբերին Արարատի մարզի ևս երկու նպաստառուից որպես կաշառք ստացել են 50.000 և 35.000 ՀՀ դրամ: Նախաքննությամբ նաև տվյալներ են ստացվել Լ. Մ.-ի հետ նախնական համաձայնությամբ մեկ այլ պաշտոնատար անձի՝ Միասնական սոցիալական ծառայության նշանակման վարչության բաժիններից մեկի պետ Հ. Ս.-ի կողմից նպաստառուից կաշառք ստանալու վերաբերյալ: Մասնավորապես՝ 2023 թվականի հոկտեմբերի 31-ին Լ. Մ.-ն Արարատի մարզի բնակչին տարիքային աշխատանքային կենսաթոշակ ստացողների ցուցակում ընդգրկելու հարցը կարգավորելու դիմաց նրա ամուսնուց որպես կաշառք պահանջել և ստացել է 300.000 ՀՀ դրամ, որից 200.000 ՀՀ դրամը փոխանցել է բաժնի պետ Հ. Ս.-ին: Նպաստառուներից կաշառք ստացած Տ. Կ.-ն, Հ. Ս.-ն և Լ.Մ.-ն, վերջիններիս կաշառք տված 5 անձինք և կաշառքի միջնորդություն կատարած Է. Խ.-ն ձերբակալվել են: Նրանց մեղադրանքներ են ներկայացվել կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության համար: Դատարանի որոշմամբ միասնական սոցիալական ծառայության երկու բաժնի պետերի՝ Տ. Կ.-ի և Հ. Ս.-ի նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են ընտրվել վարչական հսկողությունն ու պաշտոնավարման կասեցումը, իսկ ավագ սոցիալական աշխատող Լ. Մ.-ի նկատմամբ՝ չբացակայելու արգելքը, պաշտոնավարման կասեցումը և գրավը: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչպես նաև իրականացվում են քննչական և այլ վարութային գործողություններ՝ ենթադրյալ հանցանք կատարած անձանց ամբողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
17:00 - 22 նոյեմբերի, 2023
Անձը ձերբակալվել է ապօրինի թմրամիջոց պահելու և պարեկներին 80.000 ՀՀ դրամ կաշառք առաջարկելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով

Անձը ձերբակալվել է ապօրինի թմրամիջոց պահելու և պարեկներին 80.000 ՀՀ դրամ կաշառք առաջարկելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով

Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու և ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե է ներկայացվել Ա. Ս.-ն:  Ինչպես տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ըստ նախաքննությամբ ստացված տվյալների՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության երկու աշխատակիցներ 2023 թվականի նոյեմբերի 20-ին Նուբարաշենի խճուղում ծառայություն իրականացնելիս տեխնիկական զննության ժամկետն անցած լինելու պատճառով կանգնեցրել են Ա. Հ.-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Այդ ընթացքում, նկատելով, որ ավտոմեքենայում գտնվող ուղևորը՝ Ա. Ս.-ն, գրպանից հանել և նետել է կաթուցիչով թմրամիջոցը, պարեկային ծառայողները կանչել են իրենց երկու այլ ծառայակիցներին: Ա. Ս.-ն դեպքի վայր ժամանած պարեկային ծառայողներից մեկին առաջարկել է առանձին զրուցել, որի ընթացքում վերջիններիս և դեպքի վայրում գտնվող մյուս պարեկային ծառայողների կողմից իր օգտին ապօրինի անգործության, այն է՝ ենթադրյալ հանցանք կատարելու փաստը չարձանագրելու ու դեպքի վայրից բաց թողնելու համար առաջարկել է 20.000-ական ՀՀ դրամ կաշառք յուրաքանչյուրին: Ա. Ս.-ն ձերբակալվել է ապօրինի թմրամիջոց պահելու, ինչպես նաև վարչական իրավախախտումները չարձանագրելու դիմաց պարեկային ծառայության 4 աշխատակիցներին ընդհանուր 80.000 ՀՀ դրամ կաշառք առաջարկելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
15:19 - 21 նոյեմբերի, 2023
Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի երկու պաշտոնյա և նրանց կաշառք տված անձինք

Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի երկու պաշտոնյա և նրանց կաշառք տված անձինք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Տ. Մ.-ն, զբաղեցնելով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետի պաշտոնը, նույն բաժնի աշխատակից Ա. Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, տարբեր անձանցից ստացել են ընդհանուր շուրջ 1 մլն 700 հազ. ՀՀ դրամ կաշառք: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Ըստ նախաքննությամբ ստացված տվյալների՝ Կենտրոն վարչական շրջանի վերը նշված պաշտոնատար անձինք իրենց ծառայողական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Կենտրոն վար­չական շրջա­նի՝ հրատապ լուծում պահան­ջող ըն­թա­ցիկ աշ­խա­­տանք­ներն ի­րա­­կա­նացնող ընկերության օգտին թողտվության, հովանավորչության, այն է՝ հրատապ գնման ընթացակարգերի մասին ընկերության տնօրենին տեղեկացնելու և անհրաժեշտ խորհրդատվությամբ այդ ընթացակարգերին տվյալ տնտեսվարողի պարտադիր մասնակցությունն ապահովելու համար, 2023 թվականի հուլիսի 11-ին նրանից ստացել են 1.000.000 ՀՀ դրամ կաշառք: Բացի այդ, Տ. Մ.-ն, դարձյալ Ա. Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ, իրենց ծառայողական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Ն. Ա.-ի և Ա. Ա.-ի օգտին թողտվության և հովանավորչության, այն է՝ վերջիններիս փաստացի պատկանող՝ Երևան քաղաքում գործող սրճարանների դիմաց անցուղիների տեղադրման և նախատեսված գազոնային ծածկի հաշվին մայ­­թի լայնացման աշխատանքներն անտեսելու ու չարձանագրելու համար, նրանցից 2023 թվականի հուլիսին և օգոստոսին ստացել են շուրջ 700.000 ՀՀ դրամ կաշառք: 13.11.2023 թ. կաշառք ստացած երկու պաշտոնյաներն ու վերջիններիս կաշառք տված անձանցից երկուսը ձերբակալվել են: Տ. Մ.-ին ու Ա. Հ.-ին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (երկու դրվագ), իսկ նրանց կաշառք տված անձանց՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:59 - 13 նոյեմբերի, 2023
Շուրջ 2 տասնյակ ուսանողներից կաշառք ստանալու համար մեղադրվող՝ Շիրակի համալսարանի ամբիոնի վարիչի վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է

Շուրջ 2 տասնյակ ուսանողներից կաշառք ստանալու համար մեղադրվող՝ Շիրակի համալսարանի ամբիոնի վարիչի վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա. Մ.-ն, 2022 թվականի օգոստոսի 23-ից հանդիսանալով «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի տնտեսագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, 2022-2023 թվականներին մի շարք ուսանողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար նրանցից որպես կաշառք ստացել է ընդհանուր ավելի քան 900 հազար ՀՀ դրամ: «Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված համալսարանի երեք ուսանողների մագիստրոսական թեզը գրելու, ինչպես նաև հետագա նախապաշտպանությունը բարեհաջող անցկացնելու համար Ա. Մ.-ն նրանցից պահանջել և ստացել է ընդհանուր  450․000 ՀՀ դրամ կաշառք, որից հետո հիշյալ ուսանողները մագիստրոսական թեզը հանձնել և ստացել են բարձր միավորներ:  Բացի այդ, Ա. Մ.-ն, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, նույն համալսարանի մի շարք այլ ուսանողների՝ 2022-2023 թվականների ուսումնական կիսամյակի քննությունները դրական գնահատելու, ինչպես նաև մագիստրոսական թեզերը կազմելու և դրանց  դիմաց դրական գնահատականներ նշանակելու համար նրանցից յուրաքանչուրից ստացել է 20.000-ական, ընդհանուր՝ 340.000 ՀՀ դրամ կաշառք: Քրեական վարույթով հիմնավորվել է նաև, որ ևս երկու ուսանողի կուրսային աշխատանքներն ու վերահանձնման ենթակա առարկաների քննությունները դրական գնահատելու համար Ա. Մ.-ն նրանցից որպես կաշառք պահանջել և ստացել է 60.000-ական ՀՀ դրամ: 19 ուսանողից տարբեր չափերի կաշառք պահանջելու և ստանալու համար Ա. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Ներկայացված մեղադրանքում վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունք: Ա. Մ.-ին կաշառք տված ուսանողների նկատմամբ էլ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումներ են կայացվել՝ գործուն զղջալու հիմքով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
18:37 - 10 նոյեմբերի, 2023
Երվանդ Զախարյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով Երևանին պատճառվել է ավելի քան 700 մլն դրամի վնաս․ Հակակոռուպցիոն կոմիտե

Երվանդ Զախարյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով Երևանին պատճառվել է ավելի քան 700 մլն դրամի վնաս․ Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ե. Զ.-ն, 2003 թվականի հուլիսի 1-ից մինչև 2009 թվականի մարտի 4-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները`  առանց համապատասխան իրավական հիմքերի որոշում է կայացրել «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ին կադաստրային արժեքից բազմակի անգամ ցածր գնով օտարել «Երիտասարդական պալատ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող, պետական սեփականություն հանդիսացող` Երևան քաղաքի Սարալանջ փողոցի 1-ին հասցեում գտնվող 31.780 քմ մակերեսով հողամասը, որի հետևանքով Երևան համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 742.649.595 ՀՀ դրամի գույքային վնաս: Մասնավորապես՝ 2004 թվականի հունվարի 13-ին «Երիտասարդական պալատ» պետական ՓԲԸ-ին պատկանող՝ Սարալանջ 1 հասցեում գտնվող 24345.2 քմ ընդհանուր մակերեսով անշարժ գույքը հիշյալ ընկերության սնանկության կառավարչի կողմից 506.000.000 ՀՀ դրամով վաճառվել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանը: Նշված անշարժ գույքի զբաղեցրած 31,780 քմ մակերեսով հողամասը եղել է պետական սեփականություն և պայմանագրով չի հանդիսացել առուվաճառքի առարկա: Միաժամանակ նույն պայմանագրով սահմանվել է, որ անշարժ գույքի սեփականության իրավունքը կհամարվի փոխանցված գնորդին՝ պայմանագիրը անշարժ գույքի կադաստրում պետական գրանցման պահից: Սակայն այդ ընթացքում, դեռևս պայմանագիրը պետական գրանցում ստացած չլինելու, այսինքն՝ անշարժ գույքի սեփականության իրավունքը գնորդին փոխանցված չլինելու պայմաններում, Ե. Զ.-ն Սարալանջ փողոցի 1 հասցեում գտնվող 31.780 քմ մակերեսով հողամասը «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանը վաճառելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, առանց համապատասխան իրավական հիմքերի, 2004 թվականի հունվարի 16-ին որոշում է կայացրել, որով վերը նշված ՍՊԸ-ին վերապահել է նշված հողամասի գնման նախապատվության իրավունք՝ վաճառքի գինը սահմանելով տվյալ ժամանակահատվածում գործող կադաստրային արժեքի չափով: Այնինչ պայմանագիրը պետական գրանցում ստացել է միայն նույն թվականի հունվարի 27-ին, երբ ուժի մեջ մտած է եղել ՀՀ կառավարության համապատասխան որոշումը, ըստ որի՝ տվյալ հողամասի կադաստրային արժեքն այդ ժամանակահատվածում արդեն եղել է շատ ավելի բարձր՝ 805.623.000 ՀՀ դրամ: Արդյունքում՝ Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա 2004 թվականի հունվարի 17-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Կ. Դ.-ի և «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերության տնօրեն Լ. Ա.-ի միջև կնքվել է հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագիր, որով Սարալանջ փողոցի 1-ին հասցեում գտնվող 31.780 քմ մակերեսով հողամասը 62.973.405 ՀՀ դրամով օտարվել է հիշյալ ընկերությանը: Այսպիսով՝ Երևանի նախկին քաղաքապետ Ե. Զ.-ի՝ վերը նկարագրված դիտավորյալ գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել հասարակության և պետության օրինական շահերին, այն է՝ հեղինակազրկվել է տեղական ինքակառավարման մարմինը, խախտվել է պետական սեփականության հողերը տնօրինելու և օգտագործելու օրենսդրությամբ սահմանված կարգը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, այն է` Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող, 805.623.000 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 31.780 քմ մակերեսով հողամասը «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանն օտարվել է 62.973.405 ՀՀ դրամով, որի հետևանքով Երևան համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 742.649.595 ՀՀ դրամի գույքային վնաս: Վերը նշված հանցավոր արարքների համար Ե. Զ.-ին մեղադրանք է ներկայացվել նախկին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Կ. Դ.-ին՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
15:02 - 06 նոյեմբերի, 2023
Նորք-Մարաշի գերեզմանատան վարիչը կալանավորվել է 4500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեղադրանքով

Նորք-Մարաշի գերեզմանատան վարիչը կալանավորվել է 4500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեղադրանքով

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Հ. Շ.-ն, զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի Նորք-Մարաշ վարչական շրջանի գերեզմանատան վարիչի պաշտոնը, Վ. Կ.-ի օգտին իր իշխանական լիազորություններն օգտագործելով գործողություն կատարելու, այն է՝ վերջինիս ազգականին Նորք-Մարաշ գերեզմանատանը հուղարկավորելու և նախընտրելի տարածքում գերեզմանատեղի տրամադրելու համար, Վ. Կ.-ից 2023 թվականի հունիսի 22-ին պահանջել և ստացել է խոշոր չափերի՝ 2500 ԱՄՆ դոլար կաշառք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից: «Բացի այդ, Հ. Շ.-ն մեկ այլ անձի՝ Գ. Ե.-ի ազգականին Նորք-Մարաշ գերեզմանատանը հուղարկավորելու և նախընտրելի տարածքում գերեզմանատեղի տրամադրելու համար, Գ. Ե.-ից 2023 թվականի հուլիսի 7-ին պահանջել է կաշառք, այնուհետև միջնորդ Ա. Կ.-ի միջոցով համաձայնության գալով կաշառքի առարկայի չափի շուրջ, նույն օրը Գ. Ե.-ից ստացել է 2000 ԱՄՆ դոլար: 2023 թվականի հոկտեմբերի 27-ին Նորք-Մարաշ վարչական շրջանի գերեզմանատան վարիչ Հ. Շ.-ն, վերջինիս կաշառք տված Գ. Ե.-ն, Վ. Կ.-ն և կաշառքի միջնորդություն կատարած Ա. Կ.-ն ձերբակալվել են: Խոշոր չափերով կաշառք ստանալու համար Հ. Շ.-ին մեղադրանք է ներկայացվել (2 դրվագ) ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Կաշառք տալու համար Գ. Ե.-ին ու Վ. Կ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ Ա. Կ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ կաշառքի միջնորդության համար: Գերեզմանատան վարիչի, ինչպես նաև վերջինիս կաշառք տված Գ. Ե.-ի և Վ. Կ.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:07 - 30 հոկտեմբերի, 2023
Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են ՀՀ ՊԵԿ Բագրատաշենի մաքսակետի պաշտոնատար անձինք

Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են ՀՀ ՊԵԿ Բագրատաշենի մաքսակետի պաշտոնատար անձինք

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի վարչության հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության «Բագրատաշեն» մաքսային կետ-բաժնի գլխավոր մաքսային տեսուչները «Ինտերտրանս» ՍՊ ընկերության կողմից ներմուծված ապրանքները համապատասխան ստուգման չենթարկելու և խախտումը չարձանագրելու համար կաշառք են ստացել: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ «Ինտերտրանս» ՍՊԸ-ի կողմից ներմուծված հագուստի քաշի և տեսակի հետ կապված՝ մաքսակետում առաջացած խնդիրները իրենց օգտին լուծելու, ներկրված բեռը չստուգելու, հայտնաբերված խախտումը չարձանագրելու համար ՍՊԸ տնօրեն Ա. Մ.-ն հիշյալ ընկերության համար բեռներ տեղափոխող ավտոտրանսպորտային միջոցի վարորդ Ա. Վ.-ին դրդել է կաշառք տալ «Բագրատաշեն» մաքսային կետ-բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Վ. Մ.-ին: Վերջինս, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով «Ինտերտրանս» ՍՊ ընկերության, ինչպես նաև վարորդ Ա. Վ.-ի օգտին ապօրինի անգործություն դրսևորելու՝ ներմուծված ապրանքների փաստացի քաշը փաստաթղթերին չհամապատասխանելու պայմաններում համապատասխան ստուգման չենթարկելու և խախտումը չարձանագրելու համար, 2023 թվականի օգոստոսի 15-ին ստացել է 76.200 ՀՀ դրամին համարժեք 20.000 ՌԴ ռուբլի գումար կաշառք: Բացի դրանից՝ նախաքննությամբ պարզվել է, որ «Բագրատաշեն» մաքսային կետ-բաժնի մեկ այլ պաշտոնատար անձ՝ գլխավոր մաքսային տեսուչ Հ. Ք.-ն, վերը նշված նույն ընկերության և վարորդ Ա. Վ.-ի օգտին ապօրինի անգործություն դրսևորելու՝ առանց համապատասխան վերահսկողության ՀՀ ներմուծված ապրանքների բացթողման համար, 2023 թվականի հուլիսի 13-ին վերջինից որպես կաշառք պահանջել է 60.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով «Iqos» անհատական էլեկտրական գոլորշիացնող սարք: «Ինտերտրանս» ՍՊ ընկերության տնօրեն Ա. Մ.-ն, վարորդ Ա. Վ.-ն և երկու մաքսային տեսուչները ձերբակալվել են:  Ա. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Ա. Վ.-ին՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Գլխավոր մաքսային տեսուչներ Վ. Մ.-ին և Հ. Ք.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Վ. Մ.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես համակցված խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, գրավը և պաշտոնավարման կասեցումը, իսկ Հ. Ք.-ի նկատմամբ՝ տնային կալանքը: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:36 - 26 հոկտեմբերի, 2023