Եղիշե Կիրակոսյան

Եղիշե Կիրակոսյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ ներկայացուցիչն է։

Ծնվել է 1982-ին։ 2002-ին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ բակալավրիատը, 2004-ին՝ մագիստրատուրան, 2007-ին՝ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը, 2010-ին Ջորջթաունի համալսարանի  Իրավունքի կենտրոնի  մագիստրատուրան, 2018-ին՝ Սթենֆորդի համալսարանի իրավունքի դպրոցի մագիստրատուրան։

ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս է, 2011-ից դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ 2008-2012  թթ. եղել է ՀՀ վարչապետի օգնական, 2012-2014 թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։

2018 թ. հոկտեմբերի 25-ին նշանակվել է Վարչապետի խորհրդական։ 2018 թ. նոյեմբերի 7-ին նշանակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ, 2019 թ. օգոստոսի 5-ին՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ

Իրավաբանական գիտությունների թեկնածու է, անկուսակցական։

Բաքուն մանիպուլացնում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը միջանցքի վերաբերյալ. Եղիշե Կիրակոսյան |azatutyun.am|

Բաքուն մանիպուլացնում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը միջանցքի վերաբերյալ. Եղիշե Կիրակոսյան |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Բաքուն մանիպուլացնում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, հայտարարում է Հայաստանի կառավարության միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը։ Եղիշե Կիրակոսյանը պնդում է՝ Ադրբեջանը պետք է կատարի դատարանի՝ օրերս կայացրած որոշումը առանց վերապահումների՝ ապաշրջափակելով Լաչինի միջանցքը։ «Ադրբեջանը, բնականաբար, հերթական անգամ մանիպուլացնում է դատարանի որոշման իմաստն ու բովանդակությունը։ Հետևյալն է ասել դատարանը, որ այս հանգամանքներում անհրաժեշտություն չի գտնում, որ փոփոխի իր կիրառած ժամանակավոր միջոցը», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։ Փետրվարին կայացված որոշումից ու դրա չկատարումից հետո Հայաստանը վերջերս դարձյալ դիմել էր Հաագայի դատարան՝ ահազանգելով, որ Բաքուն ոչ միայն չի բացում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, այլ նաև միջանցքում անցակետ է տեղադրել։ «Միևնույն ժամանակ դատարանը երկրորդ կետով միաձայն վերահաստատել է փետրվարի 22-ին կիրառած ժամանակավոր միջոցը, որը փաստացի նշանակում է մի բան, որ դատարանը ներկա իրավիճակում էլի անհրաժեշտ է համարում ու կիրառելի է համարում այն, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել կամ ձեռնարկել իր իրավասությամբ եղած բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ անցումը Լաչինի միջանցքով։ Եվ վստահաբար այս որոշումը դրա մասին է», - նշեց նա։ Բաքուն, սակայն, պնդում է՝ Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է « Ադրբեջանի՝ իր սահմանները վերահսկելու իրավունքը»։ Ադրբեջանի արտգործնախարարությունը տարածած հայտարարությամբ ողջունել է դատարանի որոշումը, որն, ըստ Բաքվի, հայկական կողմը սխալ է մեկնաբանել։ Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները «անցնում են սահմանային անցակետով», իսկ անցակետի տեղադրումը, ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, «պայմանավորված էր Ադրբեջանի ինքնիշխան տարածք զենքի, ռազմական տեխնիկայի և զինվորների անօրինական հոսքը դադարեցնելու հրատապ անհրաժեշտությամբ»։
18:13 - 08 հուլիսի, 2023
Եղիշե Կիրակոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը

Եղիշե Կիրակոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների ու օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին, Եվրոպայի խորհրդի քաղաքական հարցերով տնօրեն Միրոսլավ Պապային և  Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգին։ Այս մասին հայտնել է ներկայացուցչի գրասենյակը։ «Եղիշե Կիրակոսյանը և Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հյուրերին են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռների կատարման ընթացքին վերաբերվող հարցերը։ Եղիշե Կիրակոսյանը անդրադարձ է կատարել նաև Ադրբեջանի վարած խտրական և հայատյաց քաղաքականության հետևանքով իրավունքների կոպտագույն խախտումներին առնչվող խնդիրներին։ Բարձրացվել են նաև 44 օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված, անհետ կորած և բռնի անհետացած անձանց իրավունքներին առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։
18:32 - 06 հուլիսի, 2023
Հայաստանն Արդարադատության միջազգային դատարանին կներկայացնի նոր ապացույցներ ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ |armenpress.am|

Հայաստանն Արդարադատության միջազգային դատարանին կներկայացնի նոր ապացույցներ ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն Արդարադատության միջազգային դատարանին առաջիկա շաբաթվա ընթացքում կներկայացնի լրացուցիչ ապացույցներ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ և բետոնե պատնեշներ տեղադրելու և դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ Այս մասին հուլիսի 6-ին Հայաստան-Արցախ հեռուստակամուրջ-ասուլիսի ընթացքում ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ «Միջազգային դատարանների հետ աշխատանքը սկսվել էր դեռ Լաչինի միջանցքը արգելափակելու առաջին օրվանից՝  նախորդ տարվա դեկտեմբեր ամսից։ Առաջինը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումն էր, որով դատարանը պարտավորեցնում էր Ադրբեջանին ապահովել հիվանդերի և անօթևան մնացած անձանց անցումը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով՝ հիմնվելով նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանության վրա։ Բնականաբար, ՄԻԵԴ-ի նման շրջանակ ֆիքսելը պայմանավորված է իր առանձնահատկություններով, քանի որ այդ ատյանը միջանկյալ կամ ժամանակավոր միջոց կայացնելու որոշման դեպքում կենտրոնանում է երկու իրավունքների վրա՝ կյանքի իրավունքի և անմարդկային դաժան վերաբերմունքի դեմ։ Այդ տրամաբանությամբ էլ որոշումը ձևակերպվել էր։ Ցավոք, որոշման կայացումից հետո որևէ փոփոխություն տեղի չունեցավ»,- ասաց Կիրակոսյանը։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի խոսքով՝ ՄԻԵԴ-ի որոշումից հետո ավելի սրվեց իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ էլեկտրաէներգիայի, գազի մատակարարման շարունակական խափանումներ եղան, որը ստիպեց հայկական կողմին հաջորդ քայլը ձեռնարկել և ներկայացնել պահանջ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան։ «Արդարադատության միջազգային դատարանը բավականին արագ հրատապ նիստ հրավիրեց արդեն հունվարի վերջին և փետրվարի 22-ին կայացրեց իր հայտնի որոշումը, որն ավելի լայն ձևակերպում տվեց և պարտավորեցրեց Ադրբեջանին ձեռնարկել իր իրավասության տակ գտնվող բոլոր միջոցները, որպեսզի ապահովվի մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան անցումը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով՝ հիմնվելով կրկին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա։ Այդ որոշումից հետո, ցավոք, չունեցանք որևէ դրական տեղաշարժ, հակառակը՝ ավելի բացասական հետևանքներ եղան։ 2023 թվականի ապրիլ ամսին տեղադրվեցին անցակետերը, և դրանց տեղադրումից հետո ավելի սրվեց իրավիճակը, հետո տեղադրվեցին բետոնե պատնեշները, որով գրեթե ամբողջությամբ սահմանափակեց շարժը Լաչինի միջանցքով։ Այս զարգացումներին հետևելով՝ Արդարադատության միջազգային դատարան ներկայացրեցինք երկրորդ դիմումը, որով խնդրեցինք, որպեսզի  փետրվարի 22-ի որոշումը ավելի հստակեցվի և նշվի, որ ցանկացած խոչընդոտ պետք է վերացվի, այդ թվում՝ անցակետերը։ Դատարան ներկայացվել են լրացուցիչ ապացույցներ այդ ժամանակարշջանում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ։ Այս շաբաթվա ընթացքում  նորից լրացուցիչ տեղեկություն կտրամադրենք։ Հուսով ենք, որ Արդարադատության միջազգային դատարանը շատ չի ուշացնի որոշումը, որովհետև բավականին ժամանակ անցել է մեր ներկայացրած պահանջից՝ շուտով կլրանա երկու ամիսը»,- նշեց Կիրակոսյանը։
11:40 - 06 հուլիսի, 2023
ՀՀ ԱԳՆ-ն և Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովը համատեղ միջոցառում են անցկացրել

ՀՀ ԱԳՆ-ն և Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովը համատեղ միջոցառում են անցկացրել

Հունիսի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) հետ համատեղ կայացել է Impact of the international health crisis on legal infrastructure for trade‎ խորագրով հիբրիդային միջոցառումը: ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և հանձնաժողովի քարտուղար Աննա Ժուբան-Բրետը: Հանդիպմանն Ա. Ժուբան-Բրետը ներկայացրել է երկրների համար COVID-19 համավարակի շուրջ ուսումնասիրությունների գործիքակազմի փաստաթղթի նախագիծը: Միջոցառմանը քննարկվել են միջազգային առևտրի համար COVID-19 գլոբալ համաճարակի և այլ արտակարգ իրավիճակների հետևանքների հաղթահարման հետազոտական աշխատանքները, արձագանքման և կայունության վերաբերյալ օրենսդրական պրակտիկայի փոխանակման, մասնավորապես՝ անդրսահմանային անթուղթ առևտրի, ինչպես նաև էլեկտրոնային գնումների, բիզնեսի վերակազմակերպման, միջազգային փոխադրումների, ապրանքների միջազգային վաճառքի և վեճերի կարգավորման հարցերը: Հանդիպմանն ինչպես ֆիզիկական ներկայությամբ, այնպես էլ հեռավար ձևաչափով ներկա էին ՀՀ-ում հավատարմագրված մի շարք դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք քննարկվող թեմաների վերաբերյալ կարճ զեկույցներով ներկայացրել են իրենց տեսլականները, դիրքորոշումները և մատնանշել համագործակցության նոր ուղղությունները:
12:08 - 14 հունիսի, 2023
ՀՀ-ն և Ադրբեջանը կմասնակցեն ՄԻԵԴ հրապարակային լսումներին |1lurer.am|

ՀՀ-ն և Ադրբեջանը կմասնակցեն ՄԻԵԴ հրապարակային լսումներին |1lurer.am|

1lurer.am: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են հայտնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մասնակցելու հրապարակային լսումների: Բաց քննարկումը տեղի կունենա 2021-ի փետրվարի 1-ին ներկայացված «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» առաջին միջպետական գանգատի շրջանակում: Միջազգային իրավական հարցերի Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «Լուրերին» ասել է, որ գրավոր ընթացակարգն ավարտվել է, սպասում է դատարանի կողմից հրապարակային լսումների անցկացմանը: ՄԻԵԴ ներկայացված առաջին միջպետական գանգատը վերաբերում է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում Ադրբեջանի թույլ տված կոնվենցիոն խախտումներին: Հայաստանը պնդել է, որ Ադրբեջանը խախտել է անձանց կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, կրթության և մի շարք այլ իրավունքները: Գանգատում բարձրացված են նաև գերիների, Արցախի տեղահանված բնակչության, զոհերի և վիրավորների, տեղական և միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության հարցեր։
20:49 - 13 հունիսի, 2023
Հայաստանը կրկին դիմել է միջազգային դատարան՝ Լաչինի միջանցքում անցակետի առնչությամբ |azatutyun.am|

Հայաստանը կրկին դիմել է միջազգային դատարան՝ Լաչինի միջանցքում անցակետի առնչությամբ |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը երկրորդ անգամ դիմել է միջազգային դատարան՝ Ադրբեջանի կողմից Հայաստանը Ղարաբաղի հետ կապող ճանապարհին Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու կապակցությամբ։ Այս մասին երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնեց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Նրա խոսքով՝ Երևանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Բաքվի նկատմամբ կկիրառի ժամանակավոր միջոց՝ պահանջելով անարգել տեղաշարժ Լաչինի միջանցքով մինչև հայցի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը բարձրացրել է նաև այն հարցը, որ Բաքուն ոչ միայն չի ենթարկվում ՄԱԿ-ի դատարանի միջանկյալ որոշումներին, այլև անտեսում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները։ Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Լաչինի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխափան տեղաշարժն ապահովելու համար։ Ադրբեջանին ժամանակ է տրվել պատասխանել հայկական կողմի միջնորդությանը մինչև մայիսի վերջ, ինչից հետո դատարանը պետք է որոշում կայացնի։ Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմամբ Ադրբեջանը պարտավոր էր ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար, որը, սակայն, Արդբեջանը չիրականացրեց։  
10:21 - 22 մայիսի, 2023
Պարզաբանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործերի վերաբերյալ

Պարզաբանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործերի վերաբերյալ

Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Արդարադատության միջազգային դատարանում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործերով Հայաստանն իր ամբողջական հայցադիմումն ընդդեմ Ադրբեջանի ներկայացրել է Դատարան հունվարի 23-ին՝ միաժամանակ ստանալով նաև Ադրբեջանի ամբողջական հայցադիմումն ընդդեմ Հայաստանի։ Այս մասին տեղեկացնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը:   «Դատարանի Կանոնների համաձայն՝ պետություններն իրավունք ունեն ներկայացնել նախնական առարկություններ (Preliminary Objections) մյուս կողմի ամբողջական հայցադիմումի վերաբերյալ՝ այն ստանալուց հետո 3 ամսվա ընթացքում։ Նախնական առարկություններով պետությունները բարձրացնում են Դատարանի իրավազորության բացակայության և հայցապահանջների անընդունելիության վերաբերյալ փաստարկներ և հիմնավորումներ։   Նախնական առարկություններ ստանալուց հետո Դատարանը, իր կանոնների համաձայն, կասեցնում է գործի ըստ էության քննությունը մինչև նախնական առարկությունների վերաբերյալ որոշում կայացնելը։   Ապրիլի 21-ին Հայաստանը սահմանված ժամկետում ներկայացրել է նախնական առարկություններ Ադրբեջանի հայցադիմումի վերաբերյալ։ Հայաստանի կողմից ներկայացրած նախնական առարկությունները վերաբերում են Ադրբեջանի հայցադիումում տեղ գտած պահանջների մեծ մասին։ Միաժամանակ Հայաստանը ստացել է նաև Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունները Հայաստանի կողմից ներկայացրած հայցադիմումի վերաբերյալ։   Կողմերը հնարավորություն ունեն ներկայացնել իրենց դիտարկումները մյուս կողմի ներկայացրած նախնական առարկութունների վերաբերյալ Դատարանի կողմից սահմանվելիք ժամկետում»,- ասված է հաղորդագրության մեջ։
13:05 - 25 ապրիլի, 2023
Հայաստանը Լաչինի անցակետի հարցով կդիմի Արդարադատության միջազգային դատարան. Կիրակոսյան |armeniasputnik.am|

Հայաստանը Լաչինի անցակետի հարցով կդիմի Արդարադատության միջազգային դատարան. Կիրակոսյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհին` Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման փաստով Հայաստանը առաջիկա օրերին դիմելու է Արդարադատության միջազգային դատարան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում հայտնեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ «Այս վերջին զարգացումը, որը վերաբերում է արդեն անցակետ դնելուն, կարծում եմ` արդեն շատ աղաղակող անհամապատասխանություն է։ Եթե մինչև այս պահը իբրև թե էկոակտիվիստների գործողությունների նկատմամբ ազդեցություն չունենալն էր շահարկվում, որն, իհարկե, ոչ մի տեղ լուրջ չէր ընդունվում, հիմա արդեն շատ ավելի կոնկրետ գործողություններով է խախտում դատարանի որոշումը։ Մենք, բնականաբար, այս ուղղությամբ քայլեր կձեռնարկենք և արդեն աշխատում ենք։ Առաջիկայում կլինի քայլ մեր կողմից` դատարանի շրջանակներում»,– ասաց Կիրակոսյանը։ Խոսքը Արդարադատության միջազգային դատարանի` Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը վերաբերող միջանկյալ որոշման մասին է, որն Ադրբեջանն արդեն 2 ամիս է, ինչ չի կատարում։ Հիշեցնենք` ս.թ. փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։  
17:18 - 24 ապրիլի, 2023
Միջազգային դատարանը կասեցրել է Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործի ըստ էության քննությունը մինչև ՀՀ ներկայացրած նախնական առարկությունների վերաբերյալ որոշման կայացումը

Միջազգային դատարանը կասեցրել է Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործի ըստ էության քննությունը մինչև ՀՀ ներկայացրած նախնական առարկությունների վերաբերյալ որոշման կայացումը

Արդարադատության միջազգային դատարանը կասեցրել է Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործի ըստ էության քննությունը մինչև Հայաստանի կողմից ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ որոշման կայացումը։ Այս մասին հայտնում են Միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։   «Այսօր Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործով Հայաստանի Հանրապետության անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Նախնական Առարկություններն Ադրբեջանի կողմից ներկայացված ամբողջական հայցադիմումի վերաբերյալ՝ փաստարկված կերպով հիմնավորելով Ադրբեջանի հայցադիմումում ներկայացված պահանջների մեծամասնության վերաբերյալ Դատարանի իրավազորության բացակայությունը, դրանց անընդունելի լինելու հանգամանքը։   Դատարանը կասեցրել է տվյալ գործի ըստ էության քննությունը մինչև Հայաստանի կողմից ներկայացված Նախնական Առարկությունների վերաբերյալ որոշման կայացումը»,- նշված է հաղորդագրության մեջ։
19:18 - 21 ապրիլի, 2023
Կբարելավվեն Հայաստանի շահերի պաշտպանության որակը և միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գործունեության արդյունավետությունը

Կբարելավվեն Հայաստանի շահերի պաշտպանության որակը և միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գործունեության արդյունավետությունը

Օրինագծի ընդունմամբ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի օրենսդրորեն ամրագրված լիազորություններն ավելի հստակ կարգավորում կստանան, կբարելավվեն Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության որակը և ներկայացուցչի գործունեության արդյունավետությունը: Կառավարության հեղինակած ««Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 5-ի նիստում: ՄԻԵԴ-ում միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագիծը որոշակի լրամշակման է ենթարկվել. կատարվել են տեխնիկական և իրավական տեխնիկայի պահանջներից բխող փոփոխություններ, բովանդակային փոփոխություններ չեն եղել: Լրամշակված նախագիծը դրական եզրակացություն է ստացել ՀՀ արդարադատության նախարարության կողմից: Հարակից զեկուցող պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, նշելով, որ առաջին ընթերցմամբ նախագիծը բավականին մանրամասն քննարկվել է, առաջարկել է կողմ քվեարկել նախագծին: Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
11:51 - 05 ապրիլի, 2023
Նման որոշումների չկատարումը Բաքվի կողմից հանգեցնում է միջազգային անվտանգության և խաղաղության սպառնալիքների. Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանի որոշման մասին |1lurer.am|

Նման որոշումների չկատարումը Բաքվի կողմից հանգեցնում է միջազգային անվտանգության և խաղաղության սպառնալիքների. Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանի որոշման մասին |1lurer.am|

1lurer.am: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն անդրադարձավ Ադրբեջանի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի վճռին: Հիշեցնենք, որ Ադրբեջանը չի կատարում դատարանի որոշումը, համաձայն որի՝ այդ երկիրը պետք է իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներն օգտագործի՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով: «Ցավոք սրտի, Ադրբեջանի կողմից անտեսվում է որոշումը: Դա նորություն չէ, Ադրբեջանի կողմից անընդհատ են որոշումներն անտեսվում: Այս որոշումը հստակ է: Մեր ջանքերը պետք է ուղղված լինեն նաև հարցը բարձրացնելու ՄԱԿ-ի ԱԽ-ում որովհետև դա այն մարմինն է, որը ունի լիազորություն՝ իրականացնելու դատարանի վճիռների կատարման վերահսկողություն»,- ասաց Կիրակոսյանը: Նման որոշումների չկատարումը, ըստ Կիրակոսյանի, հանգեցնում է միջազգային անվտանգության և խաղաղության սպառնալիքների:
18:26 - 24 մարտի, 2023
Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ միշտ էլ հնարավոր են, բայց դրանք ունեն կիրառման որոշակի նախապայմաններ. Կիրակոսյան |news.am|

Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ միշտ էլ հնարավոր են, բայց դրանք ունեն կիրառման որոշակի նախապայմաններ. Կիրակոսյան |news.am|

news.am: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը չի կատարվում, որովհետեւ Ադրբեջանի վարքագիծը իր ողջ տրամաբանությամբ հակասում է միջազգային իրավունքին: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ –ում լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Նրա խոսքով, Ադրբեջանը ոչ միայն չի կատարում այդ որոշումը, այլեւ աղավաղում է դրա բովանդակությունը, որի դեմ ՀՀ պետական մարմինները պետք է իրականացնեն հակընդդեմ պայքար, ներկայացնեն որոշման իրական բովանդակությունը: «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է այն հարթակը, որ նմանատիպ հարցերը քննարկելու համար լավագույն տեղն է, այդ ուղղությամբ պետք է աշխատանքներ տանել, որ հարցը մտնի ՄԱԿ-ի ԱԽ օրակարգ: Բացի այդ, երկկողմ մակարդակում պետք է տարբեր գործընկեր պետությունների հետ աշխատել, հարցը անընդհատ բաց պահելու, նաեւ միջազգային հանրությանը որոշման բովանդակության աղավաղման փորձերը  կանխելու համար»,-ասաց նա: Կիրակոսյանը ընդգծեց, որ Հաագայի դատարանի որոշումն ունի մեծ քաղաքական կշիռ եւ նաեւ դաշտ է բացում քաղաքական ու դիվանագիտական աշխատանքի համար. «Մենք ունենք շատ հստակ, իրավական առումով լավ հիմնավորված որոշում»: Հարցին, թե ինչ կլինի, եթե Ադրբեջանը այդպես էլ չկատարի այդ որոշումը, Եղիշե Կիրակոսյանը պատասխանեց. «Միջազգային հանրության կողմից արդեն հնչել են արձագանքներ: Մի շարք երկրների ԱԳՆ-ներ հնչեցրել են կոչեր, հայտարարելով, որ Արդարաատության միջազգային դատարանի որոշումը պետք է կատարվի, նույնիսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից արվեց հայտարարություն: Պետք է աշխատել այս տրամաբանության մեջ: Ուրիշ ճանապարհ չկա, պետք է աստիճանաբար աշխատել, Սփյուռքն էլ իր դերն ունի այստեղ»: Նա նկատեց, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ միշտ էլ հնարավոր են, բայց դրանք ունեն կիրառման որոշակի նախապայմաններ. «Սանկցիաների հարցերը ունեն որոշակի իրավական մեխանիզմներ, կախված նրանից, թե ինչ սանկցիաների մասին է խոսքը: Ես որեւէ բան չեմ բացառում, բայց դա ավելի շատ վերաբերում է մարդասիրական օրենքի կոպիտ խախտումներին, պատերազմական հանցագործություններին կամ մարդկության դեմ ուղղված հանցագործություններին: Այո, այդ իրականությունը, ցավոք, ունենք, բայց դե սա նաեւ մի քիչ այլ հարթության աշխատանք է»:
13:42 - 20 մարտի, 2023
ԱԳՆ-ն աշխատում է Ադրբեջանի կողմից Հաագայի դատարանի որոշումը չկատարելու հարցը ՄԱԿ-ի ԱԽ-ում բարձրացնելու ուղղությամբ |armenpress.am|

ԱԳՆ-ն աշխատում է Ադրբեջանի կողմից Հաագայի դատարանի որոշումը չկատարելու հարցը ՄԱԿ-ի ԱԽ-ում բարձրացնելու ուղղությամբ |armenpress.am|

armenpress.am: Լաչինի միջանցքն արգելափակելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումն Ադրբեջանի կողմից չկատարելու հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բարձրացնելու առնվազն 2 տրամաբանություն կա, և Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունն աշխատում է այդ ուղղությամբ: Այս մասին հայտնեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց՝ արդյոք հնարավոր համարո՞ւմ է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, դիտարկելով Հաագայի դատարանի որոշումը, որպես պարտադիր կատարման ենթակա ակտ, կիրառի ՄԱԿ կանոնադրության 7-րդ գլխով սահմանված սանկցիաները, հարկադրանքի միջոցները կամ առնվազն սկսի այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել, և, թե արդյոք Հայաստանն այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկում է: Կիրակոսյանը վերահաստատեց՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումն իրավաբանորեն պարտադիր ուժ ունի՝ համաձայն ՄԱԿ-ի և դատարանի կանոնադրության․ այն Ադրբեջանի կողմից ենթակա է պարտադիր կատարման: «Մենք, ցավոք, առերեսվում ենք իրականության հետ, որ Ադրբեջանն առհասարակ անտեսում է որոշումը, ոչ միայն անտեսում է, այլ ամենաբարձր պաշտոնական մակարդակից մինչև ցածր պաշտոնական մակարդակներում փորձում է նաև աղավաղել որոշման բովանդակությունը: Դա նաև վերջերս արտահայտվել էր Ադրբեջանի ԱԳ նախարարի նամակում, որն ուղղված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որին, ի պատասխան, նամակ ներկայացվել է նաև մեր նախարարի կողմից»,-ասաց Կիրակոսյանը: Նա ընդգծեց, որ ՄԱԿ-ի կանոնադրության 94-րդ հոդվածը որոշակի նեղ ձևակերպում է տալիս, վերաբերում է վճիռներին: Բայց հոդվածի կիրառման պրակտիկան մի քիչ ավելի լայն է: Եվ եղել են փորձեր՝ դատարանի միջանկյալ որոշումները կամ ժամանակավոր միջոց կիրառելու որոշումները ներկայացնել Անվտանգության խորհուրդ: Ցավոք, այդ դեպքերը շատ հաջողությամբ չեն պսակվել: Դեպքերը վերաբերել են մշտական անդամին: Եվ մշտական անդամը, որպես կանոն, կիրառել է վետոյի իրավասությունը, և ԱԽ-ում հարցը վերջնական քննարկման չի արժանացել: «Սակայն մեր պարագայում, կարծում եմ, անհրաժեշտ է այդ ուղղությամբ աշխատել: Ես գիտեմ,որ ԱԳ նախարարության գործընկերներն արդեն աշխատում են այդ ուղղությամբ: Շատ կարևոր է, որ Անվտանգության խորհրդում հարցը բերվի օրակարգ: Եվ պետք է հնարավորինս օգտագործելով բոլոր դիվանագիտական խողովակները՝ այդ ուղղությամբ աշխատանք տարվի հարցի բարենպաստ քննարկում ապահովելու համար»,-ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը: Նա նաև ներկայացրեց, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշման հարցը ԱԽ օրակարգ բերելը երկու տեսանկյուն ունի: Առաջինը ֆորմալ տեսանկյուն է. կա կանոնադրության 94-րդ հոդվածը, որը նման լիազորություն տալիս է ԱԽ-ին: Երկրորդ տրամաբանությունը ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլուխն է՝ միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման լիազորությամբ օժտված լինելը: «Գաղափարը նրանում է, որ այս որոշման չկատարումն ամեն դեպքում ստեղծում է ռիսկեր միջազգային խաղաղության և անվտանգության համար: Այսինքն՝ մենք առնվազն 2 տրամաբանությամբ հարցն ԱԽ-ում բարձրացնելու հնարավորություն ունենք: Ակնհայտ է, որ դատարանի որոշման չկատարումը, այսինքն՝ շրջափակումը շարունակելն առաջացնում է լրջագույն ռիսկեր միջազգային անվտանգության համար»,-նշեց Կիրակոսյանը: Հաագայի դատարանը փետրվարի 22-ին պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղությամբ: Արդարադատության միջազգային դատարանը մերժել է նաև Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու Ադրբեջանի պահանջը:
11:13 - 20 մարտի, 2023
Մինչեւ ՄԱԿ-ի ԱԽ հասնելը շատ այլ միջոցներ կան Հաագայի դատարանի որոշումից մաքսիմալ պտուղներ քաղելու համար. Կիրակոսյան
 |news.am|

Մինչեւ ՄԱԿ-ի ԱԽ հասնելը շատ այլ միջոցներ կան Հաագայի դատարանի որոշումից մաքսիմալ պտուղներ քաղելու համար. Կիրակոսյան |news.am|

news.am: Հայաստանը դիմել էր Արդարադատության միջազգային դատարն դեռ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին՝ հիմնվելով Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին  կոնվենցիայի դրույթների վրա. այս ընթացիկ վարույթի շրջանակներում Հայաստանը ներկայացրել է նաեւ  մի շարք ժամանակավոր միջոցներ կիրառելու պահանջներ: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումներին: Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմամբ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։   Նրա խոսքով, առաջին պահանջը ներկայացվել էր դիմումի հետ միասին, եւ 2021-ի հոկտեմբերին տեղի ունեցան լսումներ Հաագայում, որոնք վերաբերում էին ժամանակավոր միջոց կիրառելու առաջին պահանջին. «Արդյունքը եղավ 2021-ի դեկտեմբերի 7-ի որոշումը, որով բավարարվեցին Հայաստանի երեք ուղղությամբ պահանջներ՝ գերեվարված անձանց նկատմամբ իրավունքների խախտումն արգելելու եւ նրանց իրավունքները երաշխավորելու համար, երկրորդը վերաբերում էր հայկական մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանությանը եւ  ավելի կոնկրետ պարտավորեցնում էր Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր վանդալիզմ են իրականացրել կամ  վնասել են այդ օբյեկտները: Եվ երրորդը ատելության խոսքի դադարեցումն էր՝ ներառյալ պաշտոնատար անձանց կողմից, քանի որ ապացույցների մի զգալի մասը  վերաբերում էին բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից շարունակական ատելության խոսքի դրսեւորումներին, այդ թվում Ալիեւի կողմից»,-ասացի Կիրակոսյանը: Նրա խոսքով, եժամանակավոր միջոց կիրառելու երկրորդ դիմումը եղել է սեպտեմբերյան ագրեսիայից հետո, քանի որ այդ ագրեսիայից հետո Հայաստանն ունեցել է նոր գերեվարված զինծառայողներ. «Մենք դիմեցինք, որ դատարանը իր արդեն կիրառած ժամանակավոր միջոցը փոփոխի ու տարածի նոր գերեվարված անձանց վրա: Դատարանը չփոփոխեց իր որոշումը, բայց մեկնաբանություն տվեց՝ ասելով, որ իր որոշումը տարածվում է նաեւ հետագայում գերեվարված անձանց վրա: Երրորդ դիմումը 2022-ի դեկտեմբերին ներկայացված դիմումն էր, որի արդյունքում Հաագայում ունեցանք լսումներ այս տարվա հունվարի 30-31-ին: Բնականաբար, տեսնում եք, որ բոլոր մեր հայցերն ուղեկցվում են Ադրբեջանի կողմից հայելային հայցերով: Դրանց նպատակը հնարավորինս մեծ աղմուկ ստեղծելն է՝ փորձելով որոշակիորեն նվազեցնել Հայաստանի կողմից դիմումների  էֆեկտը, որը կարծում եմ՝ չի հաջողվում: Մեր  վերջին դիմումը վերաբերում էր Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը կոնկրետ, մեր պահանջը շատ հստակ էր, երեք խնդրանք ենք ներկայացրել դատարանին. Առաջինը Լաչինի  միջանցքում «էկոակտիվիստների» ակցիաների դադարեցման պահանջն էր, երրորդը Լաչինի միջանցքում երկու ուղղություններով անձանց, մեքենաների եւ բեռների ազատ տեղաշարժի պահանջ եւ երրորդ պահանջը վերաբերում էր գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման ապահովմանը: Ադրբեջանը ներկայացրել էր հայելային պահանջ, որը վերաբերում էր ականապատմանը: Դեռեւս 2021-ին դատարանը մերժել էր այդ պահանջը՝ համարելով, որ այն չի համապատասխանում ժամանակավոր միջոց կիրառելու պահանջներին: Դատարանը նույնը կրկնեց նաեւ այս որոշման մեջ: Դատարանը կիրառեց միջոց՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ապահովել անխոչընդոտ անցումը մարդկանց, բեռների, տրանսպորտային միջոցների Լաչինի միջանցքով: Դատարանն անհրաժեշտ չհամարեց անդրադառնալ առաջին պահանջին՝ քանի որ արդեն իսկ անհրաժեշտություն չկա Լաչինի միջանցքով անցման համար նոր լրացուցիչ միջոց կիրառելու: Իսկ երրորդ պահանջի հետ կապված, Հայաստանը ըստ դատարանի բավարար ապացույց չի ներկայացրել, որ հենց Ադրբեջանն է մեղավոր կամ պատասխանատու գազի եւ էլեկտրաէներգիայի անջատման հետ կապված»,-ասաց Կիրակոսյանը: Հարցին, թե արդյոք ժամանակավոր միջոցի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը կատարելու ժամանակ ժամկետներ են նշվել, նա պատասխանեց. «Այս անգամ որևէ ժամկետ չի նշվել դատարանի կողմից: Ըստ էության, որոշման մեջ գրված է, որ այն ունի պարտադիր բնույթ, ընդունման պահից այն պարտադիր է կողմերի համար, այն պետության համար, որի նկատմամբ կիրառվել է նման միջոց ու դա  նշանակում է, որ պետությունը պետք է անմիջապես քայլեր ձեռնարկի», - նշեց նա՝ հավելելով, որ եթե ժամկետ չի նշվել, նշանակում է՝ որոշումը անմիջապես պետք է գործի։ Եղիշե Կիրակոսյանը նկատեց, որ միջազգային դատարանի պարագայում չկա մարմին, որը զբաղվում է դատարանի որոշումները պարտադրելով. «Ամբողջ պրոցեսը քաղաքական է, եւ դա ենթադրում է նաեւ աշխատանք: Այն մարմինը, որը որոշակի պատասխանատվություն կրում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարման ապահովման ուղղությամբ ՄԱԿ-ի ԱԽ-ն է, որ երբ պրոբլեմային դառնա հարցը, իրավասու կլինի միջամտելու գործընթացին:  Ինքրես էլ հասկանում ենք, որ ԱԽ միջամտությունն այսօր բարդ է: Որովհետեւ կան մշտական անդամներ, որոնք աշխատում են իրենց տրամաբանությամբ: Այստեղ հարցի քաղաքականացվածությունը շատ  բարձր է: Կարծում եմ՝ մինչեւ դրան հասնելը շատ այլ միջոցներ կան այս իրավական գործընթացից մաքսիմալ պտուղներ քաղելու համար»: Նա դրական է համարեց, որ Հաագայի դատարանի որոշումից հետո շատ երկրների ԱԳՆ-ներ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարություններ արեցին՝ հղում անելով դատարանի որոշման վրա. «Կարծում եմ՝ դրանք կարևոր գործընթացներ են, որոնք պետք է ավելի շատանան, մաքսիմալ պետք է ուժեղացնել ճնշումն այս ուղղությամբ, միակ ճանապարհը սա է, ուրիշ ճանապարհ, ցավոք սրտի, չունենք», - ընդգծեց նա։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը կարծում է, որ Հայաստանը թե՛ դիվանագիտական միջոցներով, թե՛ քաղաքական հնարավոր լծակներով պետք է հետևողական լինի, որ կատարվի Հաագայի դատարանի որոշումը։  
12:48 - 27 փետրվարի, 2023
 Հայաստանը հետամուտ է լինելու Ադրբեջանի կողմից դատարանի որոշումների կատարմանը․ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ

Հայաստանը հետամուտ է լինելու Ադրբեջանի կողմից դատարանի որոշումների կատարմանը․ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտնում է․   «2023թ. փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ իր որոշումները: Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների առնչությամբ Դատարանը գտավ, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը Լաչինի միջանցքով խաթարվել է։ Դատարանը նշեց, որ այս իրավիճակը առաջացրել է մի շարք հետևանքներ, և որ այդ ազդեցությունը պահպանվում է մինչ օրս: Դատարանի նշեց, որ իր տրամադրության տակ եղած տեղեկատվությունը ցույց է տալիս, որ Լաչինի միջանցքով տեղաշարժի խափանումը խոչընդոտել է Լեռնային Ղարաբաղում հոսպիտալացված հայ ազգային կամ էթնիկական պատկանելիություն ունեցող անձանց Հայաստանի բժշկական հաստատություններ անհետաձգելի բժշկական օգնության համար տեղափոխմանը: Դատարանը նաև նշեց, որ ապացույցները ցույց են տալիս, որ խոչընդոտներ են առկա Լեռնային Ղարաբաղ առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման համար՝ առաջացնելով սննդի, դեղորայքի և կյանքի համար անհրաժեշտ այլ բժշկական պարագաների պակաս:   Դատարանը բավարար չհամարելով Ադրբեջանի հավաստիացումներն ու հանձնառություններն առ այն, որ Ադրբեջանը շարունակում է ապահովել Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը, բավարերեց Հայաստանի ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը և պարտավորեցրեց Ադրբեջանին՝ մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտայինմիջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:    Անդրադառնալով Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած ենթադրյալ ականապատման վերաբերյալ պահանջներին՝ Դատարանն ամբողջությամբ մերժել է այդ պահանջները: Հայաստանը հետամուտ է լինելու Ադրբեջանի կողմից դատարանի որոշումների կատարմանը և ծանուցելու է դատարանին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի քննության ողջ ժամկետի ընթացքում ի հայտ եկած ցանկացած խախտման մասին»։
20:46 - 22 փետրվարի, 2023
Ադրբեջանի հայցը ոչ անկեղծ է ու ոչ իրական. Հայաստանը խնդրեց միջազգային դատարանին մերժել այն

 |armenpress.am|

Ադրբեջանի հայցը ոչ անկեղծ է ու ոչ իրական. Հայաստանը խնդրեց միջազգային դատարանին մերժել այն |armenpress.am|

armenpress.am:  ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների հայցն իրենից ներկայացնում է ոչ անկեղծ և ոչ իրական պահանջ:  ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած հայցի քննարկմանը այս մասին իր ամփոփիչ ելույթում նշեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը` հավելելով, որ Հայաստանը խնդրում է դատարանին մերժել Ադրբեջանի ներկայացրած հայցը: «Ինչպես ի ցույց դրեցին իրավախորհրդատուները, Ադրբեջանի միջանկյալ միջոցների հայցն իրենից ներկայացնում է ոչ անկեղծ և ոչ իրական պահանջ: Այն նախատեսված է կեղծ հավասարության տպավորություն ստեղծելու համար: Ելնելով բանավոր ելույթներից` Հայաստանը, հարգանքով դատարանին, խնդրում է ամբողջապես մերժել Ադրբեջանի կողմից միջանկյալ միջոցների հայցը»,- ասաց Կիրակոսյանը:   Եզրափակելով՝ Կիրակոսյանը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի արդադարտության միջազգային դատարանում ՀՀ ամբողջ պատվիրակությանը ընդունելու համար:
21:54 - 31 հունվարի, 2023