Վահան Հունանյան

Վահան Հունայանը ՀՀ արտաքին գործերի նախարարության՝ մամուլի քարտուղարն է, այդ պաշտոնը զբաղեցնում է 2021թ․ օգոստոսի 4-ից։

2004-2008թթ. սովորել է ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետում, 2011-2013թթ.՝ ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում, 2011-2012թթ․՝ ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցում։

2012-2013թթ. եղել է ՀՀ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության վարչության կցորդ, 2013-2017թթ.՝ Թուրքմենստանում ՀՀ դեսպանության կցորդ, ապա` երրորդ քարտուղար, 2017թ․ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ ՀՀ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության վարչության երրորդ քարտուղար։

2018-2020թթ․ եղել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարը, 2020-2021թթ․՝ Տիգրան Ավինյանի խորհրդականը։

ՀՀ ԱԳՆ-ն առայժմ չի մեկնաբանում Բայրամովի հայտարարությունը՝ սահմանազատման հանձնաժողովի կազմի հաստատման մասին

 |factor.am|

ՀՀ ԱԳՆ-ն առայժմ չի մեկնաբանում Բայրամովի հայտարարությունը՝ սահմանազատման հանձնաժողովի կազմի հաստատման մասին |factor.am|

factor.am: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն առայժմ չի մեկնաբանում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի կազմի հաստատման վերաբերյալ լուրերը։ Այս մասին այսօր Factor TV-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ Նա հղում կատարեց դեռևս ապրիլի 25-ին հրապարակված պաշտոնական հաղորդագրությանը, որում նշվում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույցում համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել։ Հարցին՝ արդյո՞ք ստեղծվել է հանձնաժողովը և հաստատվել է կազմը, Հունանյանը հորդորեց հավելյալ տեղեկությունների համար գրավոր հարցում ուղարկել։  
14:48 - 10 մայիսի, 2022
Հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու գործողությունները Ադրբեջանի՝ Արցախն առանց հայերի թողնելու քաղաքականության շարունակությունն է. Վահան Հունանյան

Հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու գործողությունները Ադրբեջանի՝ Արցախն առանց հայերի թողնելու քաղաքականության շարունակությունն է. Վահան Հունանյան

Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական վերահսկողության տակ անցած Հադրութ քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցու նկատմամբ վանդալիզմի և սրբապղծման գործողությունները։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանի տարածած հաղորդագրության մեջ: «Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրված կերպով իրականացվող այս գործողությունները՝ ուղղված ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելուն և ինքնությունը կեղծելուն, Ադրբեջանի՝ էթնիկ և կրոնական անհանդուրժողականության հերթական դրսևորումն է և Արցախն առանց հայերի ու հայկական հետքի թողնելու հետևողական քաղաքականության շարունակությունը: Արցախում հայկական եկեղեցիների, մշակութային և կրոնական այլ հուշարձանների դեմ վայրագությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021թ. դեկտեմբերի 7-ին կայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը: Նշյալ դեպքը ևս մեկ անգամ վերահաստատվում է հայկական կողմի պնդումներն առ այն, որ հրատապորեն անհրաժեշտ է իրականացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ»,- ասված է հաղորդագրության մեջ:
16:00 - 30 ապրիլի, 2022
Հայաստանն առաջիկայում թերևս կդիմի ՄԽ համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով. ԱԳՆ |armenpress.am|

Հայաստանն առաջիկայում թերևս կդիմի ՄԽ համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով. ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: Այս մասին ասել է ՀՀ ԱԳ Ն մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Հարց – Հայաստանը բազմիցս հայտարարել է Ադրբեջանի հետ խաղաղություն պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին, նման հայտարարություններ արել է նաև Ադրբեջանը: Այս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկվու՞մ են: Պատասխան – Պայմանագրի ստորագրմանը, բնականաբար, պետք է նախորդի այդ թեմայով բանակցային գործընթացը, ու քանի որ փոխադարձ հայտարարությունները մինչև օրս կոնկրետ բանակցային գործընթացի չեն վերածվել, քանի որ երկու երկրները ուղիղ բանակցությունների հարուստ փորձ չունեն, Հայաստանն առաջիկայում թերևս կդիմի միջնորդներին (ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը) Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: Հարցը ներկայումս գտնվում է մշակման փուլում:
18:04 - 11 մարտի, 2022
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը կառավարության օրակարգային առաջնահերթություններից է. ԱԳՆ

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը կառավարության օրակարգային առաջնահերթություններից է. ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե Ադրբեջանը բազմիցս Հայաստանին խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկություն է արել:  ՀՀ ԱԳՆ-ն մամուլի խոսնակ Վահան Հունանյանը մեկնաբանել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը: Հարց-Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանը բազմիցս Հայաստանին խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկություն է արել եւ որ չնայած դժվարություններին, կարելի է մտածել հարաբերությունների կարգավորման մասին: Ի՞նչպես կմեկնաբանեիք այս հայտարարությունը: Պատասխան – ՀՀ կառավարությունը Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ռազմավարություն է որդեգրել եւ բնականաբար այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն է դրսեւորում: Ինչ վերաբերում է կոնկրետ խաղաղության պայմանագիր ստորագրելուն, մի քանի անգամ բարձրագույն մակարդակով հայտարարվել է, որ դա կառավարության օրակարգային առաջնահերթություններից է: Հարց – Իր հերթին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին: Ինչպիսի՞ն է Հայաստանի ԱԳ նախարարության դիրքորոշումը այս հայտարարության վերաբերյալ: Պատասխան – Մեզ համար դա անհասկանալի խոսույթ է, եւ սրա մասին գիտեն բոլորը: Մյուս կողմից՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը նույնպես Կառավարության առաջնահերթություններից է, եւ այս ուղղությամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում, այդ թվում՝ «Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակներում:
13:25 - 07 մարտի, 2022
Հուսով ենք, որ ՌԴ-Ադրբեջան դաշնակցային համագործակցության հռչակագիրը առաջ կմղի եռակողմ հայտարարությունների իրականացումը. Վահան Հունանյան

Հուսով ենք, որ ՌԴ-Ադրբեջան դաշնակցային համագործակցության հռչակագիրը առաջ կմղի եռակողմ հայտարարությունների իրականացումը. Վահան Հունանյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը պատասխանել է հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրման վերաբերյալ:   հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ պատասխանելով «Sputnik Արմենիա» լրատվական գործակալության հարցին.  «Հայաստանի և Ռուսաստանի միջև հաստատված միջպետական դաշնակցային համագործակցությունը, որը հիմնված է ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, իր բնույթով ինքնաբավ է և որևէ կերպ  պայմանավորված չէ երրորդ երկրների հետ հարաբերություններով, եթե դրանք կողմերը չեն զարգացնում ի վնաս հայ-ռուսական դաշնակցության: Դրա մասին են վկայում նաև պատմությունն ու կնքված փաստաթղթերը: Երևանն ու Մոսկվան տարբեր մակարդակներում, այդ թվում` բարձր և բարձրագույն, հետևողականորեն քայլեր են ձեռնարկում հարաբերությունները թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում ընդլայնելու ուղղությամբ՝ ի շահ անվտանգության երաշխավորված պայմաններում մեր երկրների զարգացման։ Հուսով ենք, որ Մոսկվայում ս.թ. փետրվարի 22-ին ստորագրված հռչակագիրը լրացուցիչ հնարավորություն կընձեռի առաջ մղելու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված եռակողմ երեք հայտարարությունների դրույթների իրականացումը, ինչը կարող է նպաստել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորմանը»,- հայտարարել է Վահան Հունանյանը՝ պատասխանելով «Sputnik Արմենիա» լրատվական գործակալության հարցին։
18:37 - 23 փետրվարի, 2022
Հայաստանի օրակարգում Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու հարց չկա. ԱԳՆ |armenpress.am|

Հայաստանի օրակարգում Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու հարց չկա. ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի օրակարգում Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու հարց չկա: Այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Հարց . Ինչպիսի՞ դիրքորոշում ունի Հայաստանը ռուս-ուկրաինական հարաբերություններում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Պատասխան․ Մենք, բնականաբար, ցանկանում ենք, որ երկու բարեկամ պետությունների միջև առկա խնդիրները լուծվեն դիվանագիտական երկխոսության և բանակցությունների միջոցներով` միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա: Եվ հուսով ենք, որ անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն՝ լարվածության նվազեցման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար։ Հարց. Արդյոք հավանական եք համարում Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչումը ՀՀ կողմից: Պատասխան․ Նման հարց օրակարգում չկա:
10:29 - 23 փետրվարի, 2022
ԼՂ հակամարտության գոտի փաստահավաք առաքելության իրականացումը համարում ենք առաջնահերթ և հրատապ. ՀՀ ԱԳՆ

ԼՂ հակամարտության գոտի փաստահավաք առաքելության իրականացումը համարում ենք առաջնահերթ և հրատապ. ՀՀ ԱԳՆ

 44-օրյա պատերազմի ավարտից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի կողմից առաջարկված`  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի փաստահավաք առաքելության իրականացումը համարում ենք առաջնահերթ և հրատապ։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի տարածած հաղորդագրության մեջ. «Հայաստանը սատարում է այս առաքելության՝ հնարավորինս արագ կյանքի կոչմանը` «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիային և դրան կից երկու արձանագրություններին համահունչ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անհապաղ իրականացման անհրաժեշտությունն առաջացել է պատերազմի հետևանքով ադրբեջանական  վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացման վերահաս վտանգից պաշտպանելու համար: Հայկական հուշարձանների հանդեպ արդեն իսկ արձանագրված վանդալիզմի դեպքերը, ինչպես նաև Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից օրեր առաջ հայկական պատմամշակութային ժառանգության ինքնությունը խեղաթյուրելուն ուղղված աշխատանքային խմբի ստեղծման ազդարարումը փաստում են, որ նման վտանգն առավել քան իրական է։ Երևան և Բաքու ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակության այցելության առաջարկը դիտարկում ենք բացառապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի կողմից առաջարկված վերոնշյալ առաքելության շրջանակում»:
16:27 - 10 փետրվարի, 2022
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Բայրամովի հայտարարություններին

ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Բայրամովի հայտարարություններին

ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին, որոնք վերաբերում են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հնչեցրած հայտարարություններին: Ներկայացնում ենք հարց ու պատասխանն ամբողջությամբ:  – Ադրբեջանի ԱԳ նախարարը, խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացի մասին, կրկին հայտարարել է, որ հայկական կողմը նախապայմաններ է առաջ քաշում՝ ընդգծելով, որ Հայաստանը չունի իրավական, քաղաքական կամ բարոյական իրավունք սահմանների սահմանազատման հարցում որևէ պայման դնելու: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը:  – Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի նախագահը եւ Ադրբեջանի նախագահը 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ստորագրել են հայտարարություն, որը հրապարակային է եւ հասանելի համացանցում: Այդ հայտարարության մեջ հստակ արձանագրված է, որ երեք երկրների ղեկավարները պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության եւ անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ եւ գործընթացը տանել դեպի դելիմիտացիայի եւ դեմարկացիայի երկկողմ հանձնաժողովի ձեւավորում: Երեք երկրների ղեկավարների ստորագրած հայտարարությունից բխում է, որ սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի գործունեությանը պետք է նախորդի հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը եւ դրանց իրագործումը: Սա տրամաբանական է նաեւ այն պատճառով, որ դժվար է պատկերացնել սահմանազատման աշխատանքների իրականացում այն սահմանին, որտեղ ամեն օր տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտումներ: Հայաստանի Հանրապետությունը, իրապես շահագրգռված լինելով պայմանավորվածությունների լիարժեք իրագործմամբ, դրանց իրականացման իր պատկերացումներն է ձեւակերպել: Ադրբեջանական կողմը որեւէ բովանդակային արձագանք չի տվել, բայց մերժել է դրանք՝ փոխարենը չառաջարկելով երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունները կյանքի կոչելու տարբերակներ: Հայաստանի առաջարկները «պայման», «նախապայման» անվանելը, ապա դրանց վերաբերյալ բարոյական, քաղաքական, իրավական գնահատականներ հնչեցնելը ոչ մի տրամաբանական կապ չունի վերը նշված գործընթացի հետ:  – Ադրբեջանի ԱԳ նախարարը նաեւ նշել է, թե Հայաստանը վիժեցրել է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը: Ինչ կասեք այս հայտարարության առիթով:  – Եթե նկատի է առնվում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով Եռակողմ աշխատանքային խումբը, զավեշտալի զուգադիպությամբ նույն օրը առավոտյան տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ  Հայաստանը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգման գործնական քայլերի փուլում է եւ աշխատանքային խմբի հայաստանյան համանախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փետրվարի 2-ին Երեւանում այս թեմայով առարկայական քննարկում է ունեցել ռուսաստանցի իր գործընկերոջ՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի եւ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի հետ: Վարչապետ Փաշինյանը գնահատելով իրադրությունը հայտարարեց, որ Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի առաջին արդյունքների արձանագրումը շատ մոտ է թվում: Այս համատեքստում Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունները առնվազն տարօրինակ են եւ հույս ունենք երկաթուղու վերագործարկման հարցում Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածություններից Ադրբեջանի հրաժարում չեն նշանակում: Նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունը ձեռք բերված պայմանավորվածություններին, որի մասին ՀՀ վարչապետը մի քանի անգամ հրապարակային հայտարարել է: Նշենք նաեւ, որ ավտոճանապարհների բացման մասին նույնպես Հայաստանը առաջարկություններ է արել ադրբեջանական կողմին: Այդ առաջարկություններին մինչեւ օրս որեւէ պատասխան ադրբեջանական կողմից չի հնչել: Հայաստանը պատրաստ է օր առաջ սկսել այդ առաջարկների իրագործումը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, թե «Հայաստանը, որը 30 տարի օկուպացրել է ադրբեջանական հողերը, չունի իրավական, քաղաքական կամ բարոյական իրավունք սահմանների սահմանազատման հարցում որևէ պայման դնելու»։
22:21 - 03 փետրվարի, 2022