Սուրեն Պապիկյան

Սոււրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։ 

Ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին։ 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 2009-2012 թվականներին գլխավորել  է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը: Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի: Ուսմանը զուգահեռ՝ 2010-2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում: 2012-2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2016թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։

2018թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է։

2018թ. մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում և ընտրվել ԱԺ պատգամավոր։

2019թ. հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։

2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ 2021-ի նոյեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

Բելառուսի հետ քննարկվել են երկաթուղային, ավիացիոն և ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր

Բելառուսի հետ քննարկվել են երկաթուղային, ավիացիոն և ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Բելառուս կատարած եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում հուլիսի 8-ին հանդիպում է ունեցել ԲՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար Ա․Ն․ Ավրամենկոյի հետ։ Հանդիպման ընթացքում, ինչպես հաղորդում է նախարարության հանրային կապերի բաժինը, քննարկվել են երկաթուղային, ավիացիոն և ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Կողմերը տվյալներ են փոխանակել արտաքին առևտրի հաշվեկշռում ապրանքների և ծառայությունների վիճակագրական ցուցանիշների վերաբերյալ։ «Մեզ համար շատ կարևոր է Հայաստանի և Բելառուսի միջև տրանսպորտային հաղորդակցության ձևավորումը, ինչը կխթանի առևտրային շրջանառությունը երկու երկրների միջև: Ցավոք, մենք չունենք ուղիղ հաղորդակցություն, բայց ԵԱՏՄ-ի շրջանակներում հնարավորություն կա այն ստեղծելու »,- նշել է նախարար Սուրեն Պապիկյանը։ Իր հերթին Բելառուսի տրանսպորտի և հաղորդակցության նախարար Ա․Ն․ Ավրամենկոն ընդգծել է․ «Անկասկած, մենք նույնպես դրանում շահագրգռված ենք, բացի այդ անհարժեշտ է հիմնել դեպի մեր երկրներ և մեր երկրներից դուրս ապրանքների առաքումն ու տարանցիկ փոխադրումներն ապահովող ենթակառուցվածքներ։ Առաջարկում եմ դիտարկել Հայաստանից դեպի Բելառուս և նրա տարածքով տարանցիկ արտանահվող բեռների երկաթուղային տրանսպորտով փոխադրելու հնարավորությունը»։ Նախարար Պապիկյանը հայտնել է, որ Հայաստանում ընթանում է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը, որը Հայաստանի տարածքով Վրաստանի և Իրանի միջև կհաստատի միջազգային չափորոշիչներին համապատասխան ցամաքային տրանսպորտային ուղի։ «Իրանի սահմանի մոտ` Մեղրու ազատ տնտեսական գոտին դեպի Հայաստան, Իրան և Միջին Արևելք բելառուսական ապրանքների մատակարարման աշխարհագրությունն ընդարձակելու լավ հնարավորություն է ստեղծում»,-ընդգծել է Սուրեն Պապիկյանը: Ա․ Ավրամենկոն իր հերթին առաջարկել է ծանոթանալ «Бремино - Орша», ինչպես նաև «Великий камень» հատուկ տնտեսական գոտիներում աշխատանքային պայմաններին և հետաքրքրվածության դեպքում դիտարկել ռեզիդենտի կամ ներդրողի կարգավիճակով դրանց մասնակցությունը։ Նախարարներն անդրադարձել են նաև օդային տրանսպորտին, որն այժմ ապահովվում է Մինսկ-Երևան-Մինսկ ուղղությամբ շաբաթական երկու անգամյա կանոնավոր չվերթերով, իսկ ամառային շրջանում (2019թ․ հունիս-սեպտեմբեր) ավելացվել է լրացուցիչ 3-րդ հաճախականությունը։ Այդուհանդերձ, բելառուսական կողմը առաջարկել է քննարկել բելառուսական ավիափոխադրումների, մասնավորապես` զբոսաշրջային փոխադրումների սուբսիդավորման հնարավորությունը՝ այս ուղղության գնային գրավչության ձևավորման նպատակով։ Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի վերաբերյալ քննարկումներում առանցքային է համարվել երկու երկրների միջև փոխադրումներ իրականացնելու թույլտվությունների սահմանաչափը։ Այսպես, բելառուսական կողմը հայկական կողմին առաջարկել է Համատեղ հանձնաժողովի հերթական նիստին քննարկել լրացուցիչ թույլտվությունների տրամադրման հարցը։ Հայկական կողմը նաև իր հետաքրքրվածությունն է արտահայտել ճանապարհային բնագավառում Բելառուսի փորձի վերաբերյալ։ Բելառուսական ճանապարհների կառուցապատման մեջ առկա և օգտագործվող տեխնոլոգիաներին ծանոթանալու նպատակով առաջարկվել է կազմակերպել հայկական պատվիրակության այց։ Ավարտին նախարարները պայմանավորվել են պետությունների միջև համակարգված տրանսպորտային քաղաքականության կազմակերպման, ինչպես նաև ընթացիկ տարվա սեպտեմբերին Երևանում կայանալիք հանդիպման վերաբերյալ, որտեղ կքննարկվեն նախանշված բոլոր հարցերը։
11:16 - 09 հուլիսի, 2019
Տեղի է ունեցել ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագրի հանձնաժողովի 9-րդ նիստը |lragir.am|

Տեղի է ունեցել ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագրի հանձնաժողովի 9-րդ նիստը |lragir.am|

lragir.am: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և ՌԴ ատոմային էներգիայի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, զարգացման և միջազգային բիզնեսի գծով տնօրեն Կիրիլ Կոմարովի համանախագահությամբ այսօր Երևանում տեղի է ունեցել Հայկական ԱԷԿ- ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագրի համատեղ համակարգող հանձնաժողովի 9-րդ նիստը։ Նիստին մասնակցել են ՏԿԵ նախարարության, ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կառավարման պետական կոմիտեի, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի, «Հայատոմ» ՓԲԸ-ի, Ռուսաստանի Դաշնության ատոմային էներգիայի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի, «Ռոսէներգոատոմ» կոնցերնի, ինչպես նաև «Ռուսատոմ Սերվիս» ընկերության ներկայացուցիչներ: Նիստին ներկայացվել է երկարաձգման ծրագրով պլանավորված աշխատանքների իրականացման ընթացքը և նախատեսված աշխատանքների կատարման ժամանակացույցը, քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման պայմանները՝ պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքներից հետո, ինչպես նաև Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման շրջանակում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման հարցը: Ներկայացվել է նաև «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գործունեությունը հումանիտար ոլորտում, անդրադարձ է եղել ատոմային էներգետիկայի բնագավառում կադրերի պատրաստման ուղղությամբ։
14:18 - 04 հուլիսի, 2019
Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է Համաշխարհային բանկի տրանսպորտային ոլորտի մասնագիտական խմբի պատվիրակությանը։Նախարար Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստանի ու Համաշխարհային բանկի երկարամյա և արդյունավետ փոխգործակցությունը՝ ընդգծելով բանկի հետ հարաբերությունների դինամիկ զարգացման և որակապես նոր հանգրվան տեղափոխելու հայկական կողմի շահագրգռվածությունը։ Նախարարը միաժամանակ հարկ է համարել նշել, որ բանկի հետ համատեղ իրականացված և ընթացքի մեջ գտնվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիրը Հայաստանի տնտեսական զարգացման և ենթակառուցվածքային արդիականացման համար կարևոր նախադրյալներ է ստեղծում։ ՀԲ-ի տրանսպորտի մասնագետ Նարգիզ Ռիսկուլովան շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և համոզմունք հայտնել, որ Հայաստանի հետ գործընկերային ու արգասաբեր համագործակցությունը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ իրականացվող ծրագրերի միջոցով զարգացման նոր դրսևորումներ կստանա։ Նարգիզ Ռիսկուլովան նաև ուրախությամբ հայտնել է, որ ՀԲ-ի տնօրենների խորհուրդը ս․թ․ մայիսին հաստատել է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար երկրորդ լրացուցիչ 13,4 մլն եվրո ֆինանսավորումը, որով նախատեսվում է վերականգնել շուրջ 65 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ ՀՀ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու և Սյունիքի մարզերում։ Նկատենք, որ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի առաջին փուլով նախատեսված 170 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհ արդեն վերականգնվել է։ Ավելին՝ ծրագրի տնտեսումների հաշվին հնարավոր է եղել վերականգնել ծրագրով նախատեսվածից ավելին՝ լրացուցիչ 41,1 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհներ։ Ֆինանսավորման ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում նախատեսվում է վերականգնել 360 կմ ընդհանուր երկարությամբ (ներառյալ հիմնական ծրագրի 170կմ-ը) կենսական նշանակության ճանապարհահատվածներ։
09:44 - 03 հուլիսի, 2019
ՀՀ մարզերը ներկայացրել են սուբվենցիայի 352 հայտ. նախարար Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ

ՀՀ մարզերը ներկայացրել են սուբվենցիայի 352 հայտ. նախարար Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է ունեցել ՀՀ մարզպետների հետ, որի ընթացքում քննարկվել են մարզային, համայնքային և ենթակառուցվածքային նշանակության մի շարք հարցեր։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը։ Ի թիվս օրակարգային մի շարք հարցերի՝ նախարար Պապիկյանն անդրադարձել է մարզերի բնակավայրերում խմելու ջրամատակարարման բնագավառում առկա խնդիրներին և դրանց լուծման տարբերակներին։ Այդ ուղղությամբ նախարարը մարզպետներին հանձնարարել է գույքագրել և ըստ լուծման հրատապության նախարարություն ներկայացնել խմելու ջրի խնդիր ունեցող համայքների անվանացանկը։ Նրա խոսքով խնդրի համակարգային լուծումը անհրաժեշտ է դիտարկել պետություն-մասնավոր հատված ձևաչափի շրջանակներում, այդ իսկ պատճառով ոլորտի տնտեսվարողների հետ հարկավոր է քննարկել ու համաձայնեցնել տեղորոշված համայնքներում խմելու ջրի ներքին ջրագծերի անցկացման և ջրամատակարարման ցանցի բարելավման ներդրումային ծրագրերը։ Խորհրդակցության ընթացքում մարզպետներին է ներկայացվել նաև ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի թվով հինգ նիստերի ընթացքում հաստատված ծրագրային հայտերը։ Համաձայն դրա ՀՀ մարզերից հանձնաժողով է ներկայացվել 352 հայտ, որից հաստատվել է 330-ը՝ շուրջ 16մլրդ դրամ արժողությամբ։ 20 ծրագրի մասով շինարարական աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են, 125 ծրագիր գտնվում է մրցութային փուլում, որոշ նախագծեր դեռևս գտնվում են լրամշակման և նախամրցութային փուլում։ Նախարարը խոսել է նաև մարզերում ընթացքի մեջ գտնվող ճանապարհաշինական ծրագրերի մասին և հորդորել մարզպետներին աջակցել շինարարական աշխատանքների անխափան ապահովման ընթացքին։  
17:27 - 27 հունիսի, 2019
Սուրեն Պապիկյանն այցելել է Թեղուտի հանքավայր. Նա նաեւ ծանոթացել է միջպետական ճանապարհների շինարարությանը

Սուրեն Պապիկյանն այցելել է Թեղուտի հանքավայր. Նա նաեւ ծանոթացել է միջպետական ճանապարհների շինարարությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը փոխնախարար Բագրատ Բադալյանի ուղեկցությամբ հունիսի 26-ին աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի, Լոռու և Տավուշի մարզերում՝ միջպետական և հանրապետական նշանակության Մ6 և Մ4 ճանապարհների ընթացիկ և ավարտված շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով։ Նախարարի այցի առաջին կանգառն եղել է (Մ-4) Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ճանապարհի Սևանի թերակզի տանող ճանապարհահատվածում։ Նախարար Պապիկյանը կապալառու ընկերության ղեկավարների և մասնագետների հետ քննարկել է նորոգման ավարտական փուլում գտնվող այս ճանապարհահատվածի աշխատանքների որակին ու սպասարկմանը, երթևեկության անվտանգության ապահովման համար ձեռնարկված միջոցառումներին առնչվող հարցեր, ինչպես նաև զրուցել թերակղզու հարակից տարածքում մանրածախ առևտրով զբաղվող անձանց և տեղացիների հետ թերակղզի տանող նորոգված ճանապարհների հարմարավետության և պատշաճ պահպանման մասին։ Նախատեսվում է զբոսաշրջային կարևորագույն այս ճանապարհահատվածում միջին նորոգման աշխատանքներն ավարտին հասցնել մինչև հուլիսի սկիզբ՝ հանգստի ակտիվ շրջանի մեկնարկը։Հաջորդիվ Սուրեն Պապիկյանն այցելել է Վանաձոր-Ալավերդի- Վրաստանի սահման (Մ6) ավտոճանապարհի հիմնանորոգվող հատվածներ, նախ եղել Վանաձորից «Թումանյան» կայարան ձգվող ճանապարհահատվածում, որի շինարարությունն ավարտվել է 2018 թվականի վերջին։ Փոխնախարար Բագրատ Բադալյանը նախարարին ներկայացրել է իրականացված աշխատանքները՝ նշելով, որ 38,5կմ ճանապարհահատվածն ամբողջությամբ ասֆալտապատված է, կառուցվել և նորոգվել են հենապատերը, վերականգնվել է ջրահեռացման համակարգը, տեղադրվել են մետաղական արգելափակոցներ և ճանապարհային նշաններ, կատարվել է գծանշում, վերանորոգվել են մայթերը։ Շրջայցը շարունակվել է Վրաստանի հետ կապող Մ6 միջպետական ճանապարհի երկրորդ՝ Թումանյանից և մինչև Բագրատաշենի մաքսային անցակետ ձգվող 51,74 կիլոմետրանոց հատվածում, որի՝ 2018թ. մայիսին սկսված հիմնանորոգումը շարունակվում է։ Նախարարը ծանոթացել է այստեղ կատարվող աշխատանքներին։ Նախարարի ուշադրության կենտրոնում էր հատկապես Ալավերդի քաղաքով անցնող շինարարական տեղամասը։ Ալավերդու տարածքում կապալառու կազմակերպությունն այս պահին կատարում է մայթերի եզրաքարերի տեղադրման, ջրահեռացման համակարգի վերակառուցման, հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորման, հողային շերտի լիցքի և ճանապարհային հագուստի կառուցման աշխատանքներ։ Նախարար Պապիկյանը զրուցել է կապալառու կազմակերպությունների, շինաշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատու ընկերության ներկայացուցիչների, շինարարների հետ։ Անդրադարձ է եղել շինարարության ընթացքում առաջացող խնդիրներին ու դրանց լուծման մեխանիզմներին։ Նշվել է, որ ճանապարհի հիմնանորոգման ընթացքում երևան են գալիս հաղորդակցուղիների հետ կապված, նախագծային որոշ հարցեր, սակայն դրանք ընթացքում լուծվում են։ «Մենք խնդիր ենք դրել ունենալ բարձր որակի ճանապարհներ և հետամուտ ենք լինելու այս խնդրի լուծմանը։ Այստեղ կարևոր է ոչ միայն ոլորտի քաղաքականությունը մշակող մարմնի, այլ նաև շինարարի հետևողական և բարեխիղճ աշխատանքը»,- նշել է նախարարը՝ հանձնարարելով պատասխանատուներին ուշադրության կենտրոնում պահել նախագծման և մրցութային գործընթացները, հետևել շինարարության ժամկետների պահպանմանը։ Այնուհետև նախարարն այցելել է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայր՝ ծանոթանալու լեռնահանքային համալիրի տնտեսությանը։ Վերադարձին Սուրեն Պապիկյանը դիտարկել է նաև Մ4 միջպետական ճանապարհի մնացյալ հատվածները՝ Բագրատաշենի անցակետից Իջևան-Սևան-Երևան ձգվող ուղղությամբ։
12:22 - 27 հունիսի, 2019
Մենք ունենք օդային հաղորդակցությունն արդյունավետ կազմակերպելու կարևոր դերակատարություն.Սուրեն Պապիկյանն այցելել է Զվարթնոց օդանավակայան

Մենք ունենք օդային հաղորդակցությունն արդյունավետ կազմակերպելու կարևոր դերակատարություն.Սուրեն Պապիկյանն այցելել է Զվարթնոց օդանավակայան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե, շրջայց իրականացրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Պողոսյանի և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում ոլորտի պատասխանատուները նախարարին են ներկայացրել ընթացիկ ամսվա ուղևորահոսքի ծավալները։ Կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Պողոսյանը մանրամասներ է հաղորդել հունիսի 24-ին ՀՀ կանոնավոր փոխադրումներ իրականացնող ավիաընկերություների ներկայացուցիչների հետ հանդիպումից, որի օրակարգում եղել են ռուս-վրացական օդային փոխադրումների ոլորտում ստեղծված ներկայիս իրավիճակը, Հայաստանի տարածքով ուղևորահոսքերի սպասարկման, չվերթների ավելացման հնարավորությունները։ «Աշխարհաքաղաքական և գլոբալ շուկաների զարգացումների համատեքստում մենք ունենք օդային հաղորդակցությունը արդյունավետ կազմակերպելու կարևոր դերակատարություն, որը պետք է բխի ինչպես մեր երկրի, այնպես էլ տարածաշրջանի ընդհանուր շահերից,- նշել է Սուրեն Պապիկյանը և հավելել, որ հարևան պետությունների հետ ոլորտի զարգացմանն ուղղված փոխլրացնող քաղաքականության մշակումը հնարավորություն կտա արդիականացնել ավիացիոն ենթակառուցվածքները և միևնույն ժամանակ բարձրացնել Հայաստանի զբոսաշրջային գրավչությունն ու խթանել տնտեսական ակտիվությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես ուղևորահոսքերին առնչվող, այնպես էլ օդային տրանսպորտի ոլորտում անհրաժեշտ ռազմավարական բարեփոխումներին վերաբերող հարցեր: «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունում նախարարը ծանոթացել է կառույցի տեխնիկական հագեցվածությանը, անվտանգության ապահովման համակարգին և անձնակազմի աշխատանքներին։ Օդանավակայի տարածքում շրջել է ժամանման և մեկնման սրահներում, հետաքրքրվել ուղևորների սպասարկման գործընթացի կազմակերպման աշխատանքներով։
14:20 - 25 հունիսի, 2019
Նախարար Սուրեն Պապիկյանն անցկացրել է էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի նիստ

Նախարար Սուրեն Պապիկյանն անցկացրել է էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի նիստ

արածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավարությամբ այսօր տեղի է ունեցել օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգին տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի նիստ, որին մասնակցել են նախարարության ոլորտային պատասխանատուներ, ինչպես նաև համակարգի մի շարք ընկերությունների ղեկավարներ։ Նիստի ընթացքում քննարկվել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում իրականացվելիք անվտանգության միջոցառումներին, սարքավորումների արդիականացմանն ու մրցութային գործընթացներին վերաբերող հարցեր։Օրակարգային հարցերի թվում համակարգի ընկերությունների ղեկավարների կողմից ներկայացվել են այս տարվա առաջին եռամսյակում իրականացված աշխատանքները։Նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է նախատեսված միջոցառումները բարձր մակարդակով իրականացնելու անհրաժեշտությունը, միաժամանակ հորդորել խորհրդի անդամներին հետագա աշխատանքներում լինել առավել հետևողական՝ վերհանված թերություններն ու բացթողումները շտկելու և բացառելու ուղղությամբ։ Նիստի արդյունքներով նախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։
13:30 - 24 հունիսի, 2019
Արդյունքում կունենանք 25 մլն խմ ծավալով ջրատար, նաեւ ոռոգման ենթակա կդառնա եւս 740 հա նոր հողատարածքներ. Պապիկյան |armtimes.com|

Արդյունքում կունենանք 25 մլն խմ ծավալով ջրատար, նաեւ ոռոգման ենթակա կդառնա եւս 740 հա նոր հողատարածքներ. Պապիկյան |armtimes.com|

armtimes.com: Այսօր կառավարության նիստում որոշում կայացվեց հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, փուլ 2» ծրագրի ուղեկցող միջոցառումներն իրականացնելու նպատակով 2,7 մլն եվրո գումարի չափով դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:Նախագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ Հայաստանի եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ նախատեսվում է ստորագրել 2,7 մլն եվրո գումարի չափով դրամաշնորհային համաձայնագիր՝ հիշյալ ծրագրի ուղեկցող միջոցառումների փորձագիտական ծառայությունները ֆինանսավորելու, ինչպես նաեւ հիմնականում արտարժույթի փոխանակման ծախսերը վճարելու համար։ «Սրանով նախատեսվում է KFW բանկի հետ ստորագրված համաձայնագրի համաձայն ստանալ 18,5 մլն եվրո գումար Կապսի ջրամբարի կառուցման, վերականգնողական որոշակի աշխատանքների համար: Խոսքը Կումայրի ջրատարի խողովակաշարի վերականգնման մասին է, որի արդյունքում կունենանք 25 մլն խմ ծավալով ջրատար, նաեւ ոռոգման ենթակա կդառնա եւս 740 հա նոր հողատարածքներ»,- ասաց Պապիկյանը:
12:27 - 20 հունիսի, 2019
Մարզերում գծատերեր են եղել, ովքեր, իշխանության մաս լինելով, հաճախ գործել են անգամ մինուսով․ Ս․ Պապիկյան |tert.am|

Մարզերում գծատերեր են եղել, ովքեր, իշխանության մաս լինելով, հաճախ գործել են անգամ մինուսով․ Ս․ Պապիկյան |tert.am|

tert.am: Տրանսպորտի ոլորտում խնդիրներն օր օրի շատանում են, և կառավարության մոտեցումը մինչև հիմա անհասկանալի է․Կառավարության հետ հարցուպատասխանին հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Արթուր Դալլաքյանը։ «Այնքան է խորացել խնդիրը, որ տրանսպորտային ընկերությունները, որ նաև սպասարկող են, լուրջ խնդիրների առաջ են կանգնել»,-ասաց նա և նշեց, որ միասնական ցանց ունենալու մոտեցումը, չի կարծում, որ կարող է ոլորտը կանոնակարգել։ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ով համաձայնեց, որ իրավացի է և խնդիրը ՀՀ-ում շատ վատ ավանդույթներ ունի։ «Սկսած նրանից, որ տարբեր մարզերում կան կամ եղել են գծատերերի մենաշնորհներ, որոշ դեպքերում էլ այդ գծատերերը պարտավորություններից ելնելով, որ մաս են կազմել իշխանությանը, հաճախ գործել են՝ աշխատելով անգամ մինուսով։ Սա խնդիր է, որ լայն քննարկման կարիք ունի և պետք է ներգրավել նաև մտահոգ պատգամավորների ներուժը, ինչպես նաև սպասարկող ընկերությունների»,-ասաց նա։ Պապիկյանը նշեց, որ օրերս ոլորտային փոխնախարար է նշանակել, ով արդեն իսկ ձեռնամուխ է եղել տեսլականը ներկայացնելուն:
16:10 - 19 հունիսի, 2019
Կապանում այս պահին կառուցվում է օդանավակայան, որը դառնալու է երրորդ հանրապետության փոքր ավիացիայի առաջնեկը․ Սուրեն Պապիկյան |tert.am|

Կապանում այս պահին կառուցվում է օդանավակայան, որը դառնալու է երրորդ հանրապետության փոքր ավիացիայի առաջնեկը․ Սուրեն Պապիկյան |tert.am|

tert.am: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկով տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե արդյոք չե՞ն նախատեսում Ստեփանավանի օդանավակայանը վերագործակել։ Պապիկյանը նշեց, որ Ստեփանավանում՝ ոչ, բայց Կապանում այս պահին կառուցվում է օդանավակայան։ «Այն դառնալու է երրորդ հանրապետության փոքր ավիացիայի առաջնեկը»,-ասաց նա։ Պապիկյանը նշեց, որ խորհրդային տարիններին բազմաթիվ փոքր օդանավակայաններ են եղել՝ Ջերմուկում, Սիսիանում: Այժմ նաև մտադիր են Ջերմուկը նույնպես դարձնել փոքր ավիացիայի կենտրոն։ «Կառավարությունը դեմ չի լինի, որ այդ ուղղությամբ ներդրումներ կամ ներդրողներ ի հայտ գան։ Եթե իդեա առաջացել է, պատրաստ ենք աշխատել, ներգրավել Ավիացիայի կոմիտեի աշխատողներին»,-ասաց նա։ Սանդիկովը նշեց, որ գուցե գաղափարներից մեկն այն լինի, որ բանակցեն գործարար Սամվել Կարապետյանի հետ, ով վերջին օրերին 150 մլն դոլար արժողությամբ այգու վերանորոգման ներդրում էր արել։ «Դրանից համեստ գումարով կարելի է նաև Ստեփանավանի օդանավակայանը վերականգնել»,-ասաց նա։
15:32 - 19 հունիսի, 2019
Ջրօգտագործողները պարտքեր ունեն. Սուրեն Պապիկյան |tert.am|

Ջրօգտագործողները պարտքեր ունեն. Սուրեն Պապիկյան |tert.am|

tert.am։ Վերջին ամիսներին ջրային ոլորտում ճգնաժամային կառավարում է իրականացվում: Այս մասին կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը: «Պատճառը կրեդիտորական պարտքերն են, հսկայական քանակը, որը մեծ գումար է կազմել 2018թ.-ին: Մոտավորապես 7 միլիարդ: Սա էլեկտրաէներգիայի կուտակված պարտքն է, որովհետև մենք ջուր ենք մղում պոմպերի միջոցով:Շուրջ մեկ տասնամյակ ոչ մի լումա չի ծախսվել բարեկարգման համար: Ամբողջը ներդրվել է պարտքերը մարելու համար: Ընթացիկ տարվա գումարը մարել է նախորդ տարվա պարտքը»,- ասաց Սուրեն Պապիկյանը:Ըստ նրա՝ ջրօգտագործողների ընկերություններն ունեցել են այլ պարտավորություններ ևս, բայց այսօր ջրօգտագործողները կանգնած են խնդրի առաջ՝ բանկերից վարկ են վերցրել, որ խնդիրները լուծեն: Պապիկյանն ասաց, որ ինքը դիմել է կառավարությանը՝ դրամական միջոցներ տրամադրելու խնդրով, որպեսզի հասնեն զրոյական մակարդակի, ինչից հետո կգնահատեն ջրօգտագործողների այս տեսքով մնալու նպատակահարմարությունը:
13:47 - 19 հունիսի, 2019
Վեդու ջրամբարը կարող է դառնալ Հայաստանում կաթիլային ոռոգման ցանցի ամրացման կարևորագույն ռեսուրսային հանգույց․ Սուրեն Պապիկյան

Վեդու ջրամբարը կարող է դառնալ Հայաստանում կաթիլային ոռոգման ցանցի ամրացման կարևորագույն ռեսուրսային հանգույց․ Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության Արևելյան Եվրոպայի, Կովկասի, Թուրքիայի և Ասիայի տարածաշրջանի տնօրեն Սեսիլ Կուպրիի գլխավորած պատվիրակությանը։ Սուրեն Պապիկյանը ողջունել է հյուրերին և նշել, որ ուրախ է ևս մեկ անգամ, արդեն նոր կարգավիճակով, նախարարությունում ընդունել գործընկեր կազմակերպության ներկայացուցիչներին։ Հայաստանում ԶՖԳ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերից առանձնացնելով Արարատյան հարթավայրի ոռոգվող հողատարածքների վերականգման նպատակով Վեդու ջրամբարի կառուցումը՝ նախարար Պապիկյանը նկատել է, որ իր կենսական նշանակությամբ այն երկրի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման խնդիր է լուծում։ «Վեդու ջրամբարի ենթակառուցվածքային ամբողջական համակարգի ներդրումը կարող է դառնալ Հայաստանում կաթիլային ոռոգման ցանցի ամրացման կարևորագույն ռեսուրսային հանգույցներից մեկը, ինչն էլ իր հերթին տնտեսության տարբեր ճյուղերի համար անխուսափելիորեն կունենա բազմագործոն ազդեցություն»,-ասել է նախարարը։ Իր հերթին ԶՖԳ Արևելյան Եվրոպայի, Կովկասի, Թուրքիայի և Ասիայի տարածաշրջանի տնօրեն Սեսիլ Կուպրին գոհունակություն է հայտնել Վեդու ջրամբարի շինարարարական աշխատանքներն ըստ ժամանակացույցի և սահմանված նորմերին համապատասխան իրականացնելու կապակցությամբ և ընդգծել, որ Վեդու ջրամբարի ծրագիրը ԶՖԳ կողմից երբևէ արտերկրում իրականացված ամենակարևոր և ամենամեծ նախագիծն է։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանում արձանագրված քաղաքական և տնտեսական փոփոխությունները երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման և համագործակցության նոր ուղղություններ նախանշելու հիանալի հնարավորություն են ընձեռնում։ Ավարտին կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել պարբերական հանդիպումների և խորհրդակցությունների միջոցով կանխոշորել համագործակցության առաջնահերթություններն ու ենթակառուցվածքային զարգացման, ջրամբարաշինության, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ոլորտում նոր ծրագրերը։
10:54 - 18 հունիսի, 2019
Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ քննարկել է մարզային և համայնքային նշանակության հարցերի լայն շրջանակ

Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ քննարկել է մարզային և համայնքային նշանակության հարցերի լայն շրջանակ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են մարզային և համայնքային նշանակության հարցերի լայն շրջանակ։ Նախարար Պապիկյանը, խոսելով համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին, մարզպետներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել համայնքների կողմից ներկայացվող ծրագրային հայտերն ու նախագծային փաստաթղթերը՝ անհրաժեշտության դեպքում նրանց ցուցաբերելով մասնագիտական և խորհրդատվական աջակցություն։ Անդրադառնալով հունիսի 8-ին կայանալիք համապետական մաքրության միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին՝ Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ շաբաթօրյակի անցկացման անհրաժեշտությունը բխում է հանրության մոտ շրջակա միջավայրը մաքուր պահելու և հոգատարության մշակույթ ձևավորելու անհրաժեշտությունից։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին և մարզերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին առնչվող հարցեր։
15:02 - 04 հունիսի, 2019
Սուրեն Պապիկյանը Սոչիում մասնակցել է ԵԱՏՄ անդամ-պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 1-ին նիստին

Սուրեն Պապիկյանը Սոչիում մասնակցել է ԵԱՏՄ անդամ-պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 1-ին նիստին

Եռօրյա աշխատանքային այցով Սոչիում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ հունիսի 1-ին, մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 1-ին նիստին: Նախարարների նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ-պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի գործունեության կազմակերպչական հարցերը, 2018–2020թթ. ժամանակահատվածում ԵԱՏՄ-ի մասնակից-պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և փուլերի իրականացման հարցերով միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզներ») կատարման ընթացքը, մինչև 2025թ. ժամանակահատվածի համար ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացների խորացման և հիմնական ուղղությունների իրականացման հերթական ժամանակահատվածի համար տրանսպորտի ոլորտում ինտեգրման խորացման ուղղությունների սահմանումը, ինչպես նաև այլ հարցեր։ Ներկայացվել է «ճանապարհային քարտեզների» իրականացման վերաբերյալ ընդհանուր տեղեկատվությունը, ինչպես նաև օդային տրանսպորտի մասով «ճանապարհային քարտեզի» առանձին կետերի կատարման ավարտի գործընթացը: Քննարկվել են նաև 2014թ. մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի դրույթների կատարելագործման, «Նավագնացության մասին» Համաձայնագրի և դրա հետագա իրականացման միջոցների, ինչպես նաև ՌԴ տրանսպորտի նախարարարության առաջարկով՝ ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության հարցերով միջազգային բյուրոյի մասին: Հիշեցնենք, որ մայիսի 31-ին նախորդել էր նշյալ միջոցառման նախապատրաստման նպատակով ԵԱՏՄ անդամ-պետությունների փորձագետների նիստը, որի ընթացքում համապատասխան մասնագետներն աշխատել են նախարարական նիստի օրակարգում ընդգրկված հարցերի նախապատրաստման շուրջ, որոնք այնուհետև ններկայացվել են նախարարների քննարկմանն ու հաստատմանը։  
10:08 - 01 հունիսի, 2019
Տաշիր համայնքում երեխաները հնարավորություն կունենան  բացահայտել իրենց տաղանդները․ Սուրեն Պապիկյան

Տաշիր համայնքում երեխաները հնարավորություն կունենան բացահայտել իրենց տաղանդները․ Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Լոռու մարզի Տաշիր համայնքում այսօր մասնակցել է «Տաշիրի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի բացման հանդիսավոր արարողությանը, որը վերակառուցվել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանը, Տաշիր խոշորացված համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը, «Տաշիր» հիմնադրամի ներկայացուցիչները, վարչական շրջանների ղեկավարներ և հրավիրված այլ անձինք: Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Շենքի վերակառուցման և գույքի ձեռքբերման նպատակով «Տաշիր» հիմնադրամը ներդրել է շուրջ 400 մլն դրամ: Կենտրոնում կգործեն տարեցների հանգստի և ժամանցի սենյակ, շախմատի ակադեմիայի դասարան, շախմատի 1 խումբ, նկարչական 2 խումբ, պարի 3 խումբ, դուդուկի, վոկալի դասընթացներ, ձևավորման 1 խումբ, կառվինգի 1 խումբ, կարուձևի ուսուցման 1 խումբ: Մոտ ապագայում իր դռները կբացի նաև գրադարանը: Կենտրոն հաճախում է ընդհանուր թվով 250 երեխա: Այստեղ նախատեսվում է կազմակերպել համերգներ և ներկայացումներ, երաժշտական, թատերական, արվեստի փառատոներ և ցուցահանդեսներ: Դահլիճները և սրահները կտրամադրվեն տարաբնույթ միջոցառումների անցկացման համար: Նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է բնակիչներին համայնքային կյանքում նշանակալի իրադարձության կապակցությամբ և ընդգծել, որ գրեթե ամեն տեսակի հետաքրքրություն բավարարող այս մշակութային տունը հեռավոր համայնքի երեխաների համար իրենց գիտելիքներն ու հնարավորությունները ինքնադրսևորելու հիանալի միջավայր է։ «Մշակութային կենտրոնի բովանդակային հագեցվածությունը թույլ կտա երեխաներին իրենց մեջ բացահայտել դեռևս չիրացված այն կարողություններն ու ունակությունները, որոնց մասին գուցե չգիտեին»,- ասել է նախարարը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել կենտրոնի բարեկարգման համար և նշել, որ երկրի համաչափ զարգացման քաղաքականության համատեքստում առանցքային նշանակություն ունի համայնքներում մշակութային կյանքի զարգացումը, ինչի պակասը, ըստ նախարարի, ցավոք սրտի, այսօր զգացվում է։ «Տաշիր համայնքում երեխաները հնարավորություն կունենան բացահայտել իրենց տաղանդները»,- ուրախությամբ փաստել է նախարարը։ Այցի ընթացքում նախարարը շրջել է Տաշիրի համայնքային զբոսայգում, ծանոթացել այգու բարեկարգման աշխատանքներին, որից հետո եղել է Տաշիրի կարի ֆաբրիկայում, որտեղ արտադրվում է «Արտադրված է Հայաստանում» մակնշմամբ հայկական հագուստ: Նկատենք, որ Տաշիրի մշակույթի տունը շահագործվել է 1978 թվականին: Մշակույթի տանը գործել են նկարչական դպրոց, մանկական գրադարան, ժողովրդական թատրոն, ժողովրդական գործիքների և երգի «Ալաշկերտ» անսամբլ, ժողովրդական, մանկական և ժամանակակից պարերի համույթներ, «Բիգ-բենդ» էստրադային խումբը, փողային նվագախումբ, մանկական երգչախումբ, թատերական խմբակ, կարուձևի խմբակ:  
12:19 - 25 մայիսի, 2019