Սուրեն Պապիկյան

Սոււրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։ 

Ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին։ 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 2009-2012 թվականներին գլխավորել  է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը: Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի: Ուսմանը զուգահեռ՝ 2010-2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում: 2012-2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2016թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։

2018թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է։

2018թ. մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում և ընտրվել ԱԺ պատգամավոր։

2019թ. հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։

2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ 2021-ի նոյեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

Քննարկվող հարցը հույժ կարևոր է զինված ուժերի մարտունակության ամրապնդման համար. ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է կոլեգիայի նիստ

Քննարկվող հարցը հույժ կարևոր է զինված ուժերի մարտունակության ամրապնդման համար. ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է կոլեգիայի նիստ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 30-ին  պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել են զինվորական ծառայության գրավչության բարձրացման հետ կապված մի շարք հարցեր: Տեսակապի միջոցով կոլեգիայի նիստին մասնակցել են նաև բանակային զորամիավորումների հրամանատարները։ Ինչպես հայտնում են ՊՆ-ից, պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր խոսքում ընդգծել է, որ քննարկվող հարցը հույժ կարևոր է զինված ուժերի մարտունակության ամրապնդման համար, հավելելով, որ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն այս խնդիրն իր ուշադրության կենտրոնում է պահում։ Սուրեն Պապիկյանը վստահեցրել է, որ արդեն տեսանելի ապագայում կարվեն մի շարք քայլեր, որոնք էապես կբարձրացնեն զինվորական, մասնավորապես՝ սպայական ծառայության գրավչությունը։ Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների ելույթների արդյունքներով պաշտպանության նախարարը տվել է հանձնարարականներ՝ բարձրացված խնդիրների առնչությամբ ողջամիտ ժամկետներում և պատշաճ լուծումներ գտնելու վերաբերյալ։
16:25 - 30 մայիսի, 2022
Անդրեյ Վոլկովը Սուրեն Պապիկյանին է ներկայացրել Արցախում ՌԴ խաղաղապահ ստորաբաժանման պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը

Անդրեյ Վոլկովը Սուրեն Պապիկյանին է ներկայացրել Արցախում ՌԴ խաղաղապահ ստորաբաժանման պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը

Մայիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը: Գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել Արցախում ՌԴ խաղաղապահ ստորաբաժանման պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը և ընթացիկ զարգացումները: Զրուցակիցները բարձր են գնահատել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության ջանքերը, ինչպես նաև Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը: Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:
15:23 - 27 մայիսի, 2022
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ անցկացվել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ անցկացվել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը

Մայիսի 24-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախագահությամբ, տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը: Պաշտպանության նախարարները քննարկել են հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների հետ կապված հարցեր, ինչպես նաև Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության արդյունքներով ձևավորված առաջարկությունների իրագործման ընթացքը: Նիստի մասնակիցները հավանության են արժանացրել համատեղ պատրաստության պլանավորման, բազային ուսումնամեթոդական և գիտահետազոտական կազմակերպությունների համակարգի զարգացման ու կատարելագործման, հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմում ռադիացիոն, քիմիական և կենսաբանական անվտանգության, բժշկական ապահովման և մի շարք այլ հարցեր: Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ քարտուղարին առաջարկել է բոլոր ընդունված փաստաթղթերի ստորագրումը կազմակերպել անհատական կարգով: ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի անցկացումը ծրագրվել է 2022 թ. չորրորդ եռամսյակում, Հայաստանի Հանրապետությունում, ՀԱՊԿ հավաքական անվտանգության վեհաժողովի նախօրեին:
16:15 - 24 մայիսի, 2022
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է սահմանագծի մշտադիտարկումն իրականացնող աշխատասենյակների տեխնիկական հագեցվածությանը

Սուրեն Պապիկյանը ծանոթացել է սահմանագծի մշտադիտարկումն իրականացնող աշխատասենյակների տեխնիկական հագեցվածությանը

Մայիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այցելել է 3-րդ բանակային զորամիավորում: Զորամիավորման շտաբում նախարարը ծանոթացել է սահմանագծի մշտադիտարկումն իրականացնող աշխատասենյակների տեխնիկական հագեցվածությանը։ Այնուհետև պաշտպանական գերատեսչության ղեկավարը խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման հրամանատարական կազմի հետ, քննարկել զինված ուժերի բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր: Սուրեն Պապիկյանը զորամիավորման տարածքում կառուցված հուշապատի մոտ հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին։ Այցի ընթացքում պաշտպանության նախարարը եղել է զորամիավորման զորամասերում, ԶՈՒ լեռնային ուսումնական կենտրոնում, ծանոթացել զորամասերի կենցաղային, զորանոցային, մարզական, մարտական պատրաստության պայմաններին, ծանոթացել ընթացող վերանորոգման աշխատանքներին: Սուրեն Պապիկյանը զորամասերի հրամանատարների և զինծառայողների հետ քննարկել է զինված ուժերի արդիականացմանը վերաբերող հարցեր և վստահեցրել, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը գործադրելու է բոլոր ջանքերը՝ զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու և բանակի մարտունակությունն ամրապնդելու ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է նաև ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, շրջել մասնաշենքերում, այնուհետև զրուցել սաների հետ: Նախարար Պապիկյանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում են լայնածավալ բարեփոխումներ՝ ռազմական կրթության որակն էականորեն բարձրացնելու նպատակով, և որ զուգահեռաբար պատրաստվում է նաև զինծառայողների բնակարանային ապահովման փաթեթ, որը կբարձրացնի սպայական ծառայության գրավչությունը:    
11:02 - 20 մայիսի, 2022
Սուրեն Պապիկյանը Վրաստանում հանդիպում է ունեցել Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

Սուրեն Պապիկյանը Վրաստանում հանդիպում է ունեցել Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

Մայիսի 4-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Հանդիպման ընթացքում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ավելի վաղ իր վրացի գործընկերոջ հետ կայացած հանդիպման արդյունքները և պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ ձեռք բերված պամանավորվածությունները: Սուրեն Պապիկյանը ներկայացրել է նաև Հայաստանի կողմից տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը և կարևորել այդ գործընթացներում Վրաստանի դերակատարությունը: ՀՀ պաշտպանության նախարարը Վրաստանի վարչապետին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձման ուղղությամբ գործադրած ջանքերի համար, ինչի շնորհիվ, մասնավորապես, անցյալ տարվա հունիսի 12-ին Հայաստան էր վերադարձել 15 հայ ռազմագերի: Մայիսի 4-ին Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Թբիլիսիի «Հերոսների» հրապարակ, ծաղիկներ խոնարհել հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել:  
20:25 - 04 մայիսի, 2022
Ստորագրվել է Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2022 թ. ռազմական համագործակցության ծրագիրը

Ստորագրվել է Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2022 թ. ռազմական համագործակցության ծրագիրը

Մայիսի 4-ին մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Վրաստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։   Դիմավորման պաշտոնակսն արարողությունից հետո կայացել է Սուրեն Պապիկյանի հանդիպումը վրացի գործընկերոջ հետ:     Հանդիպման ընթացքում Հայաստանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:   Սուրեն Պապիկյանն ու Ջուանշեր Բուրչուլաձեն քննարկել են նաև պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները ռազմակրթության, փորձի փոխանակման, բարեվարքության և մարդու իրավունքների, սոցիալական ապահովման և այլ ուղղություններով:   Հանդիպման ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև 2022 թ. ռազմական համագործակցության ծրագիրը:      
17:48 - 04 մայիսի, 2022
Սուրեն Պապիկյանը կարևորել է Կանզասի Ազգային գվարդիայի շարունակական աջակցությունը ՀՀ ԶՈԻ բարեփոխումներին

Սուրեն Պապիկյանը կարևորել է Կանզասի Ազգային գվարդիայի շարունակական աջակցությունը ՀՀ ԶՈԻ բարեփոխումներին

Մայիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի պատվիրակությանը` Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշերի գլխավորությամբ: Անդրադառնալով Հայաստան-Կանզաս ռազմական համագործակցությանը՝ կողմերը գոհունակությամբ ընդգծել են, որ իրականացվում են արդյունավետ միջոցառումներ խաղաղապահության, ռազմակրթական, ռազմաբժշկական և այլ ոլորտներում: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ԱՄՆ կառավարության և, մասնավորապես, Կանզասի Ազգային գվարդիայի շարունակական աջակցությունը ՀՀ զինված ուժերի բարեփոխումներին: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող  մի շարք հարցեր։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է  ռազմաքաղաքական և անվտանգային իրավիճակը տարածաշրջանում, կարծիքներ են փոխանակվել ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում խաղաղության և կայունության ամրապնդման վերաբերյալ:
14:28 - 03 մայիսի, 2022
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է մարտական հենակետեր

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է մարտական հենակետեր

Ապրիլի 29-ին աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եղել է հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից, Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զորամասում ընթացող շինարարական և հիմնանորոգման աշխատանքներին, մոդուլային տիպի շինություններում զինծառայողների համար ստեղծված կենցաղային պայմաններին։ Սուրեն Պապիկյանը եղել է նաև սահմանագոտու մարտական հենակետերում, ծանոթացել մարտական հերթապահության կրման պայմաններին, զրուցել դիրքապահ զինծառայողների հետ։ Պաշտպանության նախարարն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել մարտական դիրքերի ու ենթակառուցվածքների անվտանգության ապահովման և տեխնիկական հագեցման խնդիրներին, տվել համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ՝ իրականացվող ամրաշինական և կահավորման աշխատանքները պատշաճ որակով և սեղմ ժամկետներում ավարտին հասցնելու վերաբերյալ։
17:50 - 29 ապրիլի, 2022
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է առաջնագիծ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է առաջնագիծ

Ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերում։ Առաջնագծի բարձրադիր հենակետերում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է մարտական հերթապահության կրման պայմաններին, զրուցել դիրքապահ զինծառայողների հետ: Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը ներկայացրել է առաջնագծի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Այցի ընթացքում Սուրեն Պապիկյանը հանդիպել է նաև եռամսյա վարժական հավաքներին ներգրավված և առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմին: Նախարարը հետաքրքրվել է հավաքների մասնակիցների ծառայության պայմաններով, տրամադրվածությամբ և շնորհակալություն հայտնել Հայրենիքի պաշտպանությանը գործուն մասնակցություն ցուցաբերելու համար: Այցի արդյունքներով՝ պաշտպանության նախարարը զորամիավորման և ենթակա զորամասերի հրամանատարներին կոնկրետ հանձնարարականներ և ցուցումներ է տվել՝ արձանագրված բացթողումները սեղմ ժամկետներում շտկելու վերաբերյալ:    
23:12 - 28 ապրիլի, 2022
Սուրեն Պապիկյանը «Բաղրամյան» զորավարժարանում հետևել է հարվածային անօդաչուների փորձարկումներին

Սուրեն Պապիկյանը «Բաղրամյան» զորավարժարանում հետևել է հարվածային անօդաչուների փորձարկումներին

Ապրիլի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը աշխատանքային այցով եղել է զինված ուժերի ուսումնական զորամասերից մեկում։ Սուրեն Պապիկյանը շրջել է զորամասի տարածքում և ուսումնական մասնաշենքում, զրուցել ժամկետային զինծառայողների հետ, հետևել ուսումնական պարապմունքների ընթացքին։ Զորամասի հրամանատար, գնդապետ Դավիթ Ալեքսանյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել զորամասի կառուցվածքն ու գործառույթները։ Պաշտպանության նախարարը զորամասում հարգանքի տուրք է մատուցել և ծաղիկներ խոնարհել Հայաստանի ազգային հերոս Վահագն Ասատրյանի և 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված ու անհայտ կորած զինծառայողների հիշատակը հավերժացնող խաչքարերի մոտ։ Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եղել է նաև «Բաղրամյան» զորավարժարանում, հետևել հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկի նախագծած հարվածային անօդաչուների փորձարկումներին։
18:20 - 27 ապրիլի, 2022
Սուրեն Պապիկյանն ու ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-ղազախական համագործակցության հարցեր

Սուրեն Պապիկյանն ու ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-ղազախական համագործակցության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Ղազախստանի դեսպանության ռազմական կցորդը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Սուրեն Պապիկյանը դեսպանին տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրադրության մասին, ներկայացրել վերջին զարգացումները ՀՀ սահմանամերձ շրջաններում: Զրուցակիցները քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-ղազախական համագործակցության հարցեր, մասնավորապես` փոխգործակցության հետագա ընդլայնման ուղիները, բազմակողմ ձևաչափերի շրջանակներում նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը և ժամկետները: Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ։  
16:20 - 25 ապրիլի, 2022
ՀՀ պաշտպանության նախարար Պապիկյանը հանդիպել է գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատներին

ՀՀ պաշտպանության նախարար Պապիկյանը հանդիպել է գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատներին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ապրիլի 14-ին հանդիպել է 44-օրյա պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ժամանակահատվածում ադրբեջանական գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողների և հարազատների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը լսել է հանդիպման մասնակիցներին, պատասխանել նրանց հուզող հարցերին։ «Սուրեն Պապիկյանը ներկայացրել է գերության մեջ գտնվող մեր համաքաղաքացիների հայրենադարձման ուղղությամբ գործադրվող համակողմանի ջանքերը և հավաստիացրել, որ խնդիրը գտնվում է երկրի քաղաքական ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նման հանդիպումները պարբերական դարձնելու վերաբերյալ։    
18:31 - 14 ապրիլի, 2022
Պապիկյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը

Պապիկյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը

Ապրիլի 13-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին: Այս մասին հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, կարևորվել է փոխգործակցության խորացումը ռազմատեխնիկական, ռազմակրթական, մարտական պատրաստության և խաղաղապահության ոլորտներում։ Կողմերը շեշտադրել են ռազմաքաղաքական խորհրդատվությունների, բարձր մակարդակով փոխայցելությունների, ինչպես նաև Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման կարևորությունը»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում:
18:55 - 13 ապրիլի, 2022