Գյումրի

Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքն է, որը գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թ. դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թ․-ից։ Գործող քաղաքապետը Սամվել Բալասանյանն է։

Գյումրիում հերթական անգամ հետաձգվեց Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով դատական նիստը |armenpress.am|

Գյումրիում հերթական անգամ հետաձգվեց Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով դատական նիստը |armenpress.am|

armenpress.am: Գյումրիի բնակիչ Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով մարտի 6-ին կայանալիք դատական նիստը հետաձգվեց  հերթական անգամ՝ ամբաստանյալի՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող  Անդրեյ Ռազգիլդեևի  և մեղադրող կողմի բացակայության պատճառով: Կողմերի չներկայանալու վերաբերյալ դատարանին ներկայացվել է փաստաթուղթ ինչպես 102-րդ ռազմաբազայի հրամանատարության, այնպես էլ Շիրակի մարզի դատախազության կողմից:  Նիստին ներկա չէր նաև տուժողի իրավահաջորդը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայկ Հակոբյանը  նիստը նախագահող, Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանին միջնորդություն ներկայացրեց՝ միջոցներ ձեռնարկել 102-րդ ռազմաբազայի կողմից գործով արդարադատության խոչընդոտները՝ այն է  Անդրեյ Ռազգիլդեևին դատարան չբերելու գործողությունները, վերացնելու մասին:   Խոսելով 102-րդ ռազմաբազայի  կողմից նախորդ դատական նիստին ներկայացված՝  դատարանի կողմից Անդրեյ Ռազգիլդեևի  և նրան ուղեկցող անձանց  անվտանգության գրավոր  երաշխիքի տրամադրման պահանջի մասին, Հայկ Հակոբյանը պահանջը  փաստացի հիմնավորումից զուրկ համարեց: «Ռազգիլդևին դատարան չներկայացնելով, և վերջինիս և նրան ուղեկցող անձանց անվտանգության գրավոր երաշխիքի պահանջով հանդես գալով, ռուսական ռազմաբազան՝ հանձինս իր հրամանատարի  և  ՌԴ   ՊՆ, գործում  է ՀՀ որպես պետության և Սահմանադրության պահանջներից դուրս, միաժամանակ խախտելով հայ-ռուսական նորմերի պահանջները՝ ՀՀ տարածքում խոչընդոտելով արդարադատության իրականացմանը: Սա իրավաչափ չէ »: Դատարանը հիմք ընդունելով ամբաստանյալի, ամբաստանյալի պաշտպանի և մեղադրող կողմի բացակայությունը, միջնորդության քննությունը հետաձգեց հաջորդ դատական նիստին՝ մարտի 20-ին:  «Փաստացի, ռազմաբազայի հրամանատարությունը չի կատարում դատարանի օրինական պահանջը և չի ներկայացնում անձին ՀՀ դատական ատյան, որի հետևանքով էլ, ըստ էության, մենք չենք կարողանում գործը քննել: Ամբաստանյալը ընդհանրապես դեռ դատարան չի ներկայացվել: Ռազմաբազայի գործողությունները բացառապես ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ են պարունակում»,-նիստի ավարտին լրագրողներին նշեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայկ Հակոբյանը: Անդրեյ Ռազգիլդեևին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 07-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ, գտնվելով Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցում և տեսնելով նույն փողոցով քայլող Գյումրի քաղաքի բնակիչ, 02.12.1961 թվականին ծնված Ջուլիետա Ստյոպայի Ղուկասյանին, հետևել է նրան: Ռազգիլդեևը, հասնելով Ջուլիետա Ստյոպայի Ղուկասյանին, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր մասերին` ձևերով պատճառելով մարմնական վնասվածքներ՝ անզգուշությամբ առաջացնելով Ջուլիետա Ստյոպայի Ղուկասյանի մահը, այն է՝ վերջինս դեպքի վայրից ստացած մարմնական վնասվածքներով Գյումրի շտապբուժօգնություն ծառայություն ՓԲ ընկերության ավտոմեքենայով տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն ՓԲ ընկերություն, որտեղ նույն օրը` ժամը 11:30-ին, մահացել է։ 
20:45 - 06 մարտի, 2020
Գյումրիում 12-ամյա աղջկան ծեծելու և նրա մորը սպանելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Գյումրիում 12-ամյա աղջկան ծեծելու և նրա մորը սպանելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

2020 թվականի մարտի 5-ին` ժամը 14:50-ին, ապա՝ 15:15-ին, «Գյումրու շտապ բուժօգնության կայան» ՓԲ ընկերությունից Գյումրի քաղաքի Մուշի բաժին ահազանգեր են ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկում մահացել է նույն տան 42-ամյա բնակչուհին, իսկ նրա 12-ամյա դուստրը՝ «տրավմատիկ շոկ, գանգուղեղային փակ վնասվածք» ախտորոշմամբ, տեղափոխվել է բուժօգնության, հայտնում են ՔԿ լրատվական ծառայությունից։  Ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած իրավապահները նշված տանը հայտանաբերել են նույն տան 42-ամյա բնակչուհու դին՝ բռնության հետքերով, ինչպես նաև՝ վերջինիս ծանոթ, Գյումրի քաղաքի 28-ամյա բնակչին: Վերջինս առերևույթ հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել և խոստովանել, որ ինքն է ծեծի ենթարկել 42-ամյա կնոջը և նրա անչափահաս դստերը: Նույն օրը հանցագործությունը կատարելու կասկածանքով նա ձերբակալվել է: Դեպքի առթիվ 2020 թվականի մարտի 5-ին Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին (երկու կամ ավելի անձանց նկատմամբ) և 14-րդ (անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ) կետերով: Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
16:38 - 06 մարտի, 2020
Գյումրիում դաժան ծեծի ենթարկված երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր |factor.am|

Գյումրիում դաժան ծեծի ենթարկված երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր |factor.am|

factor.am: Գյումրիում նախօրեին դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Երեխային Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» վիրահատել են, ապա գիշերը ռեանիմոբիլով տեղափոխել Երևան։«Երեխան ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի, կրծքավանդակի, որովայնի սալջարդ, աջ անրակի կոտրվածք։ Վիճակը շարունակում է մնալ  ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառության սարք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ Մարտի 5-ին ժամը 15:40-ին հիվանդանոցից Ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «տրավմային շոկ, գանգուղեղային փակ վնասվածքով» Պռոշյան փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները բնակարանում հայտնաբերել են աղջկա մոր՝ 43-ամյա Մարինե Խ.-ի դին՝ բռնության հետքերով։ Երեխան տեղափոխվել է «Գյումրու մոր և մանկան ավստրիական մանկական» հիվանդանոց։Ոստիկանության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են որոշ հանգամանքներ։ Հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 28-ամյա մի տղամարդ։ Ըստ տեղեկությունների՝ տղամարդը եղել է մահացած կնոջ ընկերը։ Հենց նա էլ կենցաղային հողի վրա  դաժան ծեծի է ենթարկել կնոջն ու նրա դստերը։  Տղամարդը ձերբակալված է, քննությունը շարունակվում է: Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանն այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն` տեսակցելու Գյումրուց մայրաքաղաք տեղափոխված բռնության ենթարկված 13-ամյա երեխային:
12:31 - 06 մարտի, 2020
Ֆինանսների նախարարությունում ստորագրվել է Գյումրու ճանապարհներն ու փողոցների լուսավորությունը արդիականացնելու մասին դրամաշնորհային համաձայնագիրը

Ֆինանսների նախարարությունում ստորագրվել է Գյումրու ճանապարհներն ու փողոցների լուսավորությունը արդիականացնելու մասին դրամաշնորհային համաձայնագիրը

ՀՀ ֆինանսների նախարարությունը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Գյումրիի քաղաքապետարանը այսօր Ֆինանսների նախարարությունում ստորագրել են դրամաշնորհ ներգրավելու մասին համաձայնագիր: Ստորագրված համաձայնագրով ՎԶԵԲ-ը E5P հիմնադրամի միջոցներից 2 մլն եվրո գումարի դրամաշնորհ է հատկացնելու Գյումրի քաղաքի ճանապարհների, ինչպես նաև փողոցների լուսավորության արդիականացման համար: Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և E5P տարածաշրջանային հիմնադրամում գլխավոր կառավարիչ Էվա Մանիկը: Դրամաշնորհի միջոցներով կտեղադրվի էներգախնայող նոր LED (լուսադիոդային) լուսավորություն, կառավարման և մոնիտորինգի համակարգ, կփոխարինվեն և կնորոգվեն սյուները, ինչպես նաև հոսանքի մալուխները: Կատարվելիք աշխատանքների արդյունքում կկրճատվի էներգիայի սպառումը, և նվազագույնի կհասցվեն շահագործման և տեխսպասարկման ծախսերը: Նոր LED լուսավորությունը զգալիորեն կնվազեցնի էներգիայի սպառման արժեքը, ինչի արդյունքում քաղաքապետարանը կտնտեսի էլեկտրանէներգիայի տարեկան ծախսը:
17:46 - 03 մարտի, 2020
Շիրակի մարզում «ԱՅՈ» նախընտրական շտաբի աշխատանքները կհամակարգեն «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներն ու Շիրակի մարզպետը |armtimes.com|

Շիրակի մարզում «ԱՅՈ» նախընտրական շտաբի աշխատանքները կհամակարգեն «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներն ու Շիրակի մարզպետը |armtimes.com|

armtimes.com: «ԱՅՈ» նախընտրական շտաբի աշխատանքները Շիրակի մարզում եւ Գյումրիում կհամակարգեն Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը,  «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Սոֆիա Հովսեփյանը, Նազելի Բաղդասարյանը: Թիվ 30 Տարածքային ընտրական հանձնաժողովի աշխատանքները համակարգելու է ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը: ՏԸՀ-ն ընդգրկում է Մարմաշեն, Արփի, Ամասիա, Աշոցք, Առափի, Հայկավան,Ոսկեհասկ, Սարապատ համայնքները: Թիվ 31 Տարածքային ընտրական հանձնաժողովի աշխատանքները համակարգելու է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Այն ընդգրկում է Գյումրի քաղաքը: Թիվ 32 Տարածքային ընտրական հանձնաժողովի աշխատանքները համակարգելու է ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը: Այն ընդգրկում է Ախուրյան, Ազատան, Ախուրիկ, Բայանդուր, Բենիամին, Գետք, Երազգավորս, Ղարիբջանյան համայնքներն, ինչպես նաեւ Գյումրի քաղաքի հյուսիային սահմանից` ՂորՂոբի գետակ, Սավոյան փողոց, Դանիելյան փողոց, Շինարարների փողոց, Մանուշյան փողոց, Գարեգին Նժդեհի փողոց, Խրիմյան Հայրիկ փողոց, Հ.Ղանդիլյան փողոց, կայարանամերձ հրապարակ, Տիգրան Մեծի պողոտա, Լ. Մադոյան փողոց, Գորկու փողոց, Հաղթանակի պողոտա, Տերյան փողոց, Մադոյան փողոց, Հացամթերման ձեռնարկության հյուսիսային սահման, Երևանյան խճուղի, քաղաքի հարավային սահման, քաղաքի արևելյան սահման, քաղաքի հյուսիսային սահման։ Թիվ 33 Տարածքային ընտրական հանձնաժողովի աշխատանքները համակարգելու է ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը: ՏԸՀ-ն ընդգրկում է Արթիկ քաղաքը, Անի, Անուշավան, Արևշատ, Գեղանիստ, Գետափ, Լեռնակերտ, Լուսակերտ, Հայկասար, Հայրենյաց, Հառիճ, Հոռոմ, Հովտաշեն, Մեծ Մանթաշ, Մեղրաշեն, Նահապետավան, Նոր Կյանք, Պեմզաշեն, Սարալանջ, Սարատակ, Սպանդարյան, Վարդաքար, Տուֆաշեն, Փանիկ, Փոքր Մանթաշ համայնքները:
09:48 - 27 փետրվարի, 2020
Վարդան Ղուկասյանին առնչվող քրեական գործը դատախազությունից տեղափոխվել է քննչական կոմիտե |24news.am|

Վարդան Ղուկասյանին առնչվող քրեական գործը դատախազությունից տեղափոխվել է քննչական կոմիտե |24news.am|

24news.am: Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին առնչվող քրեական գործը Շիրակի մարզի դատախազությունից տեղափոխվել է քննչական կոմիտե։ Այդ մասին հայտնեցին դատախազությունից։  Հարցին՝ հարցաքննվե՞լ է Վարդան Ղուկասյանը, թե՞ ոչ՝ քննչական կոմիտեից տեղեկացրին՝ ոչ, գործը դեռ նախաքննական փուլում է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Վարդան Ղուկասյանը հարցաքննության կհրավիրվի «Թումո» կենտրոնի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում, որը վերաբերում է «Թումո»-ին տրված Գյումրու քաղաքային զբոսայգում առկա շինություններին։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել էր Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Դատախազը նշել էր, որ վիճարկվում է Վարդան Ղուկասյանի կողմից այգում որոշ տարածքների և շինությունների ապօրինի օտարման հարցը: Հարուցված է քրեական գործ ՀՀ ՔՕ 308 հոդվածի և 314 հոդվածի հատկանիշներով: Քրեական գործի շրջանակներում, ըստ դատախազի, պարզել են նաև, որ Ղուկասյանի կողմից տարբեր անձանց օտարված շինություններ կան, որոնք գտնվում են Կումայրի արգելոց-թանգարանի կազմում: Հատկացման իրավաչափությունն ու հիմնավորվածությունը պարզելու համար նշանակվել են դատաշինարարատեխնիկական, դատաապրանքագիտական փորձաքննություններ: Խոսքը նաև Ղուկասյանների ընտանիքին պատկանող «Օազիս» սրճարանին է վերաբերում:
16:33 - 20 փետրվարի, 2020
Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի անանցանելի հատվածը կհիմնանորոգվի |shantnews.am|

Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի անանցանելի հատվածը կհիմնանորոգվի |shantnews.am|

shantnews.am:  Գյումրի-Արմավիր 30 կմ երկարության հանրապետական ավտոճանապարհը վարորդներին ու շատերին հայտնի է տակի ճամփա անունով։ Սա համարվում է այլընտրանքային Գյումրի-Երևան ճանապարհ։ Վարորդներն այն նախընտրում են այն ժամանակ, երբ ձնաբքի կամ մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է դառնում Երևան-Գյումրի միջպետական ճանապարհը կամ շինաշխատանքներ են տարվում, թեկուզ, որ ճանապարհը երկարում է մոտ 20 կմ-ով ու անցնում Անիի տարածաշրջանի 7 գյուղերի տարածքով։ Ձյունառատ օրերը վերջին երկու տարում, թեև քիչ են, բայց անկախ տեղումների քանակից, ասֆալտաշերտը չի դիմանում։ 30կմ ճանապարհի ամենավատ վիճակում գտնվող հատվածը 8 կմ երկարության՝ Ղարիբջանյանից Բագրավան ճանապարհն է: Որպես այլընտրանքային ու հանրապետական նշանակութան ճանապարհ՝ Գյումրի-Արմավիրը աշնանը ուսումնասիրությունների է ենթարկվել։ Շիրակի մարզպետարանի Տրանսպորտի և ճանապարահաշինության բաժինն աշխատանքները կատարել է համապատասխան  հանձնարարականով։ Արդյունքում՝ կազմվել է եզրակացություն, ըստ որի՝ ճանապարհի վիճակը շատ վատն է ու հետագա  շահագործման համար հրատապ է հիմնային նորոգումը: Հիմնանորոգման ենթակա ճանապարհների ցանկում հայտնվել է մոտ 8 կմ երկարության ճանապարհը, որը Ղարիբջանյանից մինչև Բագրավան ամենավատ վիճակում գտնվող հատվածն է։ Հիմնանորոգման աշխատանքների համար պետական միջոցներից կուղղվի 991 մլն դրամ: Սա միակ կարևոր նշանակության ճանապարհը  չէ, որ Շիրակի մարզից ընդգրկվել է ճանապարհաշինական  ծրագիր։  
09:18 - 19 փետրվարի, 2020
ՍԱՏՄ-ն Գյումրիում կասեցրել է կասկածելի հավի կրծքամսի իրացումը

ՍԱՏՄ-ն Գյումրիում կասեցրել է կասկածելի հավի կրծքամսի իրացումը

Օրերս ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասում գտնվող «Գլենդել» խանութից գնել է հավի կրծքամիս: Եփելուց հետո սպառողը նկատել էր, որ կրծքամիսը փշրվում է և ունի դոնդողանման սորուն արտադրություն: Այս մասին հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Արագ արձագանելով ահազանգին՝ Գյումրիի երկու՝ «Գլենդել» և «Կինգ», սուպերմարկետներում ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի մասնագետ-տեսուչներն անցկացրել են իրացվող թռչնամսի դիտարկում և հսկիչ գնում: Երկու վաճառակետերում էլ հայտնաբերվել են թռչնամսի իրացմանը ներկայացվող պահանջների խախտումներ, մասնավորապես՝ բացակայել են իրացվող թռչնամսի համար օրենսդրությամբ անհրաժեշտ ինչպես արտադրանքի ուղեկցող, այնպես էլ որակն ու անվտանգությունը հավաստող փաստաթղթերը: Իրացման կետի պատասխանատուները չեն ներկայացրել իրացվող խմբաքանակի նույնականացման որևէ փաստաթուղթ, հավի կրծքամսի, ազդրամսի ու ամբողջական հավի առկա խմբաքանակները չեն ունեցել հայերեն մակնշում: Առանց հայերեն մակնշման են եղել նաև խանութների պահեստային մասում հայտնաբերված արկղերը: Բոլոր խմբաքանակները կապարակնքվել են, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրվել են կարգադրագրեր իրացումը կասեցնելու, ոչնչացնելու կամ օգտահանելու վերաբերյալ: Վերահսկողության ընթացքում վերը նշված սուպերմարկետների սեփականատերերը՝ Ա/Ձ Դավիթ Հակոբյանը «Գլենդել» և Ա/Ձ Արմեն Քրդոյանը («Կինգ») հայտնել են, թռչնամսի մատակարարը Արտակ Սողոմոնյանն է: Վերջինս ներկայացրել իր կողմից մատակարարվող թռչնամսի արկղերի վրայի մակնշման օրինակները (ՌԴ, Ստավրապոլի տարածաշրջան «Птицекомбинат» ՍՊԸ («Գլենդել») և ՌԴ, Տամբովի շրջան, «Токаревская птицефабрика» ՍՊԸ («Կինգ»)) և վստահեցրել, որ խանութներին մատակարարել է հենց այդ ապրանքատեսակը` հավաստիացնելով, որ խանութներում առկա հավի կրծքամիսն ինքը  ձեռք է բերել «Սիլիկոն Թրեյդ» ներմուծող ՍՊ ընկերությունից:  Ներկայացված արկղերի վրայի մակնշման ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ որպես սառեցված հավի կրծքամիս իրացման կետերում վաճառվել է «բրոյլեր հավի ֆիլե տապակայի համար» և մակնշվածքում հստակ նշված է, որ արտադրանքը հանդիսանում է մարինացված կիսաֆաբրիկատ: Սակայն այն, խանութում մակնշման բացակայության պատճառով, վաճառվել է որպես սառեցված հավի կրծքամիս: «Գլենդել» և «Կինգ» իրացման կետերում առկա հավի կրծքամսի խմբաքանակներից վերցվել են նմուշներ՝ լաբորատոր փորձաքննության ներկայցնելու նպատակով: Արդյունքում «Գլենդել» սուպերմարկետում վերցված հավի կրծքամսի նմուշում հայտնաբերվել է Լիստերիա խմբի Listeria monocitogenes մանրէ, իսկ խոնավության զանգվածային փաստացի մասը կազմել է 80%: Նշված խմբաքանակը ճանաչվել են վտանգավոր և սննդում օգտագործման համար ոչ պիտանի, ուստի դրա իրացումը կասեցվել է, այն հանվել է վաճառքից և ոչնչացվել: Այժմ Տեսչական մարմնինը պետական վերահսկողության միջոցառումներ է անցկացնում «Սիլիկոն Թրեյդ» ներմուծող ՍՊԸ-ում, մատակարարի մոտ, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները ամբողջ շղթան բացահայտելու ուղղությամբ:
16:29 - 17 փետրվարի, 2020
Սիանն օգնություն է խնդրել Գյումրիից. Չինաստան կուղարկվեն դիմակներ, բախիլներ, բժշկական այլ պարագաներ |armtimes.com|

Սիանն օգնություն է խնդրել Գյումրիից. Չինաստան կուղարկվեն դիմակներ, բախիլներ, բժշկական այլ պարագաներ |armtimes.com|

armtimes.com: Գյումրիից Սիան մինչեւ փետրվարի 15-ը 320 կգ քաշով ծանրոցներ կուղարկվեն: 1 մլն 480 հազար դրամի շրջանակներում Գյումրու քաղաքապետարանը ձեռք է բերել բժշկական պարագաներ՝ 1000 հատ մեկանգամյա օգտագործման խալաթ, 14.230 հատ դիմակ, 20.000 բախիլ և 10.000 հատ ձեռնոց: Գումարը ներառում է նաեւ փոստային ծառայության համար պահանջվող վճարումները: Այդ պարագաները նամակով Գյումրիից խնդրել էր Սիանի քաղաքապետարանը: Ընտրությունը եղել է Գյումրին, քանի որ 2015 թվականին կնքված հուշագրով Սիանն ու Գյումրին դարձել են քույր քաղաքներ: «88-ին ամբողջ աշխարհը մեզ օգնության ձեռք մեկնեց, հիմա մարդիկ իրենք են դիմել մեզ օգնության խնդրանքով: Հիմա պարագները փաթեթավորվում են, հետո կտեղափոխվի փոստային  փոստային բաժանմունք, կուղարկվի Չինաստան»,- ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ տեղեկացնելով, որ տրանսպորտային և տեղափոխման ծախսերը հաշվի առնելով, գումարը կարող է 2 մլն դրամից ավելի լինել:  
21:52 - 11 փետրվարի, 2020
Վարդան Ղուկասյանը կհրավիրվի հարցաքննության. ՇՄ դատախազ |armtimes.com|

Վարդան Ղուկասյանը կհրավիրվի հարցաքննության. ՇՄ դատախազ |armtimes.com|

armtimes.com: Շուտով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կհրավիրվի հարցաքննության: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը: Ղուկասյանը հրավիրվելու եւ հարցաքննվելու է «Թումո» կենտրոնի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում: Հաղորդումը «Թումո»-ին տրված Գյումրու քաղաքային զբոսայգում առկա շինությունների մասին է: Դատախազն ասաց, մասնավորապես վիճարկվում է Վարդան Ղուկասյանի կողմից այգում որոշ տարածքների եւ շինությունների ապօրինի օտարման հարցը:  Հարուցված է քրեական գործ ՀՀ ՔՕ 308 հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ  314 հոդված հատկանիշերով (Պաշտոնեական կեղծիքը): Քրեական գործի շրջանակներում, ըստ դատախազի, պարզել են նաեւ որ Ղուկասյանի կողմից տարբեր անձանց օտարված շինություններ կան, որոնք գտնվում են Կումայրի արգելոց-թանգարանի կազմում: Հատկացման իրավաչափությունն ու հիմնավորվածությունը պարզելու համար նշանակվել են դատաշինարարատեխնիկանան, դատաապրանքագիտական փորձաքննություններ: Խոսքը նաեւ Ղուկասյանների ընտանիքին պատկանող «Օազիս» սրճարանին է վերաբերում: Հարցաքննվե՞լ է արդյոք Վարդան Ղուկասյանը: Դատախազն ասաց՝ դեռ՝ ոչ: «Ես առերեւույթ տեսել եմ խախտումներ, դրա համար մեր կողմից հարուցվել է քրեական գործ, բայց վերջնական գնահատական ստանալու համար երբ կունենանք փորձաքննության եզրակացությունը, նոր կորոշենք անձանց մեղադրանք առաջադրելու հարցը»,-ասաց դատախազը: Վարդան Ղուկասյանի՝ քաղաքապետ եղած տարիներին այլ գործողություններ էլ կան իրականացված, որոնք եւս դատախազության ուշադրության կենտրոնում են: Մասնավորապես «Հոկտեմբեր» կինոթատրոնի օտարումը «Մոսկվա», Գյումրու նախկին «Տրոլեյբուսային պարկ»-ի, «Մայիսյանի» եւ այլ կաթսայատների օտարումները: Շարունակությունը՝ armtimes.com-ում
15:17 - 03 փետրվարի, 2020
ՌԴ-ն ծրագրում է ավելացնել 102-րդ ռազմաբազայի ներուժը |armenpress.am|

ՌԴ-ն ծրագրում է ավելացնել 102-րդ ռազմաբազայի ներուժը |armenpress.am|

armenpress.am: Անցնող տարում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առանցքային ուղղություններից է եղել անվտանգությունը: ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում նշեց, որ 2019 թվականը նշանավորվեց երկու երկրների անվտանգության ամրապնդմամբ: «Ընթացիկ տարում մի շարք քայլեր են ձեռնարկվել Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մարտական պատրաստվածության արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Այստեղ լուրջ արդյունքներ ունենք գրանցած: Ունենք ծրագրեր կրկնապատկելու ռազմաբազայի մարտական ներուժն առանց թվաքանակի ավելացման»,-ասաց դեսպանը: Սերգեյ Կոպիրկինը տեղեկացրեց, որ նախատեսում են նշանակալի աշխատանքներ կատարել ռազմաբազայի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: Նա նշեց, որ ներգրավելու են նաև Հայաստանի կապալառուներին: 2019 թվականին հաջողությամբ զարգացել են նաև Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները ռազմատեխնիկական ոլորտում:
11:08 - 24 դեկտեմբերի, 2019
Գյումրիում աղբահանության վարձավճարը 50 դրամով թանկանում է. ավագանին որոշում է կայացրել |factor.am|

Գյումրիում աղբահանության վարձավճարը 50 դրամով թանկանում է. ավագանին որոշում է կայացրել |factor.am|

factor.am: Գյումրիում աղբահանության վարձավճարը թանկանում է՝ 100 դրամից դառնալով 150 դրամ։ Նման որոշում է կայացրել համայնքի ավագանին: Այսինքն՝ կենցաղային աղբի համար, ըստ հաշվառված անձանց քանակի, հաշվառում ունեցող յուրաքանչյուր բնակիչ ամեն ամիս վճարելու է 150 դրամ: Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում կամ շինություններում աղբահանության վճարը սահմանվոմ է՝ ըստ շինության մակերեսի, որի համար էլ գործում են տարբեր դրույքաչափեր: Մասնավորապես, առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների պարագայում մեկ քառակուսի մետր մակերեսի համար նախատեսված է 75 դրամ, հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների պարագայում՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 50 դրամ, վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների պարագայում՝ 20 դրամ, իսկ ահա գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների պարագայում՝ 10 դրամ։ Աղբահանության վճարի թանկացման պատճառներից մեկը ծառայությունների ավելացումն է, փողոցներմ ասֆալտապատվել են և հավելյալ աշխատուժի կարիք կա։ Բացի այդ՝ աղբահանության կազմակերպման համար քաղաքապետարանը մեծ ծախսեր է անում, իսկ մուտքերը մեծ չեն: Նշվում է, որ 50 դրամի ավելացմամբ հնարավոր կլինի ինչ-որ կերպ ծախսերը փոխհատուցել։ «Մենք հիմա մոտավորապես 90 մլն տալիս ենք մեր բյուջեից, որ աղբահանություն կարողանանք իրականացնել: Ֆիզիկական անձանց հետ կապված չնչին գումար է գալիս: Հիմա, որ 150 դրամ է դարձել, ընդամենը 4-5 մլն դրամի տարբերություն է: Մենք ծավալները մեծացրեցինք, փողոցներն ավելացրեցինք, սանմաքրողներն ավելացան և, բնականաբար, աղբը պիտի տեղափոխվի։ Երկրորդական փողոց համարելով՝ չեն մտել, չեն մաքրել այնտեղ, բայց հիմա մաքրվում է: Բնականաբար, մենք պետք է կարողանանք ինչ-որ տեղից գումար ունենալ»,- ավագանու նիստում ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում չկա բնակավայր, որտեղ ֆիզիկական անձից աղբահանության համար 100 դրամ գանձվի. «Անցյալ տարի ուզում էինք 200 դրամ դարձնել, բայց քննարկեցինք, ավագանին համաձայնություն չտվեց: Ես էլ էի դեմ։ Այս տարի էլ, 4 մլն-ը մեծ թիվ չի կազմում, բայց կկարողանանք ոչ թե 94 մլն ծախսել, այլ 90 մլն»: Նշենք, որ Գյումրիում աղբահանությունն իրականացվում է ոչ թե մասնավոր ընկերությունների, այլ քաղաքապետարանի ենթակայության տակ գործող «Գյումրու կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի կողմից:    
11:29 - 11 դեկտեմբերի, 2019
2.65 միլիոն դոլար Գյումրիում ճանապարհաշինական աշխատանքների համար

2.65 միլիոն դոլար Գյումրիում ճանապարհաշինական աշխատանքների համար

Հայաստանի Հանրապետության, Գյումրու քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել է «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Բ» դրամաշնորհային համաձայնագիր: Այս մասին հայտնում են Ֆինանսների նախարարությունից: Կնքված համաձայնագրով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանի Հանրապետությանն է տրամադրում 2.65 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհ, որն ուղղվելու է Գյումրի քաղաքում ընտրված ճանապարհների վերակառուցմանը, մայթերի և ջրահեռացման ցանցերի բարելավմանը, ճանապարհային անվտանգության աշխատանքների իրականացմանը, լուսադիոդային (LED) լուսատուների և փողոցային լուսավորության այլ սարքավորումների տեղադրմանը: Նշենք, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Գյումրու ճանապարհային ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված աշխատանքների հիմնական ֆինանսավորողներից է: Այս նպատակով Բանկի կողմից ընդհանուր առմամբ հատկացվել են 14.6 մլն եվրո վարկային և 7.3 մլն եվրո դրամաշնորհային միջոցներ:
11:53 - 29 նոյեմբերի, 2019
Գյումրու փողոցաշինական ծրագրում ներգրավված շինընկերությունները ֆինանսավորում չեն ստացել |shantnews.am|

Գյումրու փողոցաշինական ծրագրում ներգրավված շինընկերությունները ֆինանսավորում չեն ստացել |shantnews.am|

shantnews.am։ Գյումրու փողոցաշինական մեծ ծրագրում ներգրավված շինընկերությունները ամառվանից ֆինանսավորում չեն ստացել։ Նախ ժամկետների ձգձգումների, ապա՝ թերությունների պատճառով կատարողական ակտերը չեն ստորագրվել։ Այս մասին քաղաքապետարանում հրավիրված խորհրդակցությանը խոսել են շինընկերությունների ղեկավարները։ Ֆինանսական տարին դեկտեմբերի 10-ին ավարտվում է, իսկ կատարողականները դեռ քաղաքապետարան չեն հասել։ Քաղաքապետը նշել է, որ ֆինանսական խնդիրները կարգավորելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ տեխնիկական հսկողների դրական եզրակացությունը ստանալուց հետո, իսկ տեխհսկիչները նորից թերություններ են հայտնաբերել փողոցաշինական ծրագրում։ Յուրաքանչյուր շինընկերության կատարածը առանձին տեխհսկիչ է ստուգում: Փողոցաշինության առաջին փուլն արդեն ավարտվում է, բայց տեխհսկիչները դեռ թերություններ են հայտնաբերում: Դրանք վերաբերում են մասնավորապես հենասյուների տեղադրմանը, գծանշումներին ու կրկնակի կատարված ասֆալտապատմանը: Տեխհսկիչները հաշվարկել են, որ արդեն 500 քառակուսի տարածք է կրկնակի ասֆալտապատվել: Կրկնակի աշխատանքներն արդեն շինընկերության հաշվին են, ինչի հնարավորություն այլևս չունեն: Շինընկերությունների ղեկավարները նշում են, որ հայտնվել են ֆինանսական ծանր վիճակում: Ամառվանից ֆինանսավորում չեն ստացել, գործն արել են, կատարողական չի ստորագրվել: «Հունիս ամսից մինչև այսօր կատարողական չի ստորագրվել մեր մոտ: Մինչև հիմա փաստորեն ամբողջ ծրագիրը արել ենք, ծրագրի ընդհանուր գումարի 30 %-ից պակաս ենք ստացել: Ֆինանսական տարին դեկտեմբերի 10-ին փակվում է, ունենք ընդամնեը 15 օր ժամանակ: Պետք է ստորագրվի քաղաքապետարանի հսկիչների, մյուսների կողմից, որ կարողանանք աշխատողներին վճարել իրենց կատարած աշխատանքի դիմաց »,- ասել է «ԱԱԲ Պրոյեկտ» շինընկերության ղեկավար Արմեն Բադալյանը:
05:12 - 27 նոյեմբերի, 2019
ՎԶԵԲ-ը ֆինանսավորում է Երևանի և Գյումրու «Կանաչ քաղաքների գործողությունների ծրագիրը»|shantnews.am|

ՎԶԵԲ-ը ֆինանսավորում է Երևանի և Գյումրու «Կանաչ քաղաքների գործողությունների ծրագիրը»|shantnews.am|

shantnews.am: Վերակառուցման և զարգացման բանկը ֆինանսավորում է Երևանի և Գյումրիի «Կանաչ» քաղաքի գործողությունների ծրագիր: Այսօր Գյումրիում անցկացվել է ծրագրի հանրային քննարկում: Կանաչ կոչվող ծրագիրն ամենևին էլ չի վերաբերում միայն քաղաքի կանաչ տարածքներին: Այն ծրագիր է քաղաքի զարգացման մասին, որտեղ կարևորվում են բնապահպանական պահանջները: Մասնավորապես` մասնագետները խոսել են այն մասին, թե ինչպես է հնարավոր կառուցապատումների և կանաչ տարածքների սահմանագիծն ունենալ, և կառավարելի դարձնել կոյուղաջրերի հոսքը: Գյումրու գլխավոր հատակագիծն այն փաստաթուղթն է, որը «Կանաչ քաղաք» ծրագրի մասնագետները առաջինն են ուսումնասիրել և հատակագծում բնապահպանական խախտումներ են: Մասնավորապես՝ քարտեզագրումով տարածքը նշված է կանաչ գոտի, իսկ իրականում կառուցապատված է կամ տնակներ են տեղադրված: Ծրագրի փորձագետները նշում են՝ այս ամենը Գյումրիում սկսվել է 88-ից հետո, երբ կարևոր չէր, թե բնակարանը կորցրած ընտանիքները տնակները որտեղ էին տեղադրում: Քաղաքի նոր հատակագծում փոփոխություններ կատարել փուլ առ փուլ: Սա առաջարկներից մեկն է, որը ներկայացվում է «կանաչ» քաղաք զարգացման ծրագրով: Իսկ ընդհանուր առաջարկների թիվը 42-ն է: Մինչև 2025 թվականը նախատեսվում է Գյումրիում կանաչ տարածքները սահմանազատել ու ավելացնել: Գյումրին աշխարհի այն քաղաքների ցանկում է, որտեղ մեկ շնչին բաժին ընկող կանաչ տարածքի մակերեսը շատ փոքր է: «1 շնչին ընկնող կանաչ տարածքների հարաբերակցությունը Գյումրիում 3,90 մետր քառակուսի է: Սա պաշտոնական թիվ է, որը բնականաբար, շատ-շատ քիչ է առաջավոր եվրոպական կամ այն բնակավայրերի համար, որոնք համարում են, որ իրենց քաղաքն այն քաղաքն է, որտեղ մարդը պիտի ցանկանա ապրել: Երբեմն ինձ հակադարձում են, թե Փարիզի դեպքում էլ է այդ թիվը փոքր: Բայց հաշվի առնենք, որ Փարիզն ունի այնպիսի ջրային համակարգ, որը ապահովում է օդի մաքրումը: Գյումրիում և Երևանում մենք դա չունենք»,- ասել է ծրագրի փորձագետ Դշխուհի Սահակյանը: Կանաչ տարածքներն ավելացնել, հստակ քաղաքաշինական պլան ունենալ, օդի աղտոտվածությունը նվազեցնել, կառավարելի դարձնել կոյուղաջրերի հոսքը: Այս ամենը բավական մեծ ֆինանսավորում է պահանջում, բայց առայժմ միայն փաստաթղթի տեսքով են մասնագետները մշակել, թե ինչպես է դա հնարավոր կատարել: Հանրային քննարկման մասնակիցներին հնգօրյա ժամկետ տրվեց՝ Գյումրիի կանաչ քաղաքի զարգացման ծրագիրն ուսումնասիրելու, դրանում առաջարկություններ ու փոփոխություններ կատարելու համար: Հետո այն ներկայացվելու է ավագանու հաստատմանը, իսկ փաստաթուղթը քաղաքի կանաչ զարգացումը կսկսի ապահովել միայն կառավարության հավանությանն արժանանալուց հետո:      
12:31 - 21 նոյեմբերի, 2019