Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Գերմանիայի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճել է. փոխնախարարն ավելի լայն համագործակցության հնարավորություն է տեսնում
 |armenpress.am|

Գերմանիայի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճել է. փոխնախարարն ավելի լայն համագործակցության հնարավորություն է տեսնում |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի հետ Հայաստանի առևտշրջանառությունը նախորդ տարի զգալի աճ է գրանցել, աճել է ինչպես ներմուծումն, այնպես էլ արտահանումը: Հայաստանը նախորդ տարի նաև վերականգնել է իր տեղը Գերմանիայի միջազգային համագործակցության երկրների ցանկում, ինչի արդյունքում ավելի լայն համագործակցության հնարավորություններ են բացվում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, ով Գերմանիայում է ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում: Փոխնախարարը նշեց, որ այցի օրակարգում կան տնտեսական հարցեր: «Վարչապետն իր խոսքում էլ որոշակի հղումներ կատարեց տնտեսական օրակարգին: Նշվեց «կանաչ ջրածնի» հնարավոր համագործակցության դաշտի մասին: Մեր կարծիքով՝ դա բավականին հեռանկարային է»,-ասաց փոխնախարարը: Նա ընդգծեց՝ Գերմանիայի հետ առևտրաշրջանառությունը նախորդ տարվա ընթացքում բավականին աճ է գրանցել: Աճել է ինչպես ներմուծումը, այնպես էլ արտահանումը: Այդ պատկերն է նաև եվրոպական  մի շարք երկրներում: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ Հայաստանից Գերմանիա արտահանումը 2022 թվականին կազմել է 106 մլն 72.2 հազար դոլար, ինչը 2021-ի համեմատ աճել է 36.7 տոկոսով: Իսկ ներմուծումը նախորդ տարի կազմել է 457 մլն  46.3 հազար դոլար, ինչը 2021-ի համեմատ ավելի է 2.1 անգամ: Փոխնախարարը նկատեց՝ այդ բավականին մեծ աճը եվրոպական կողմում որոշակի շրջանակներում անհանգստություն է առաջացրել՝ այն մտավախությամբ, թե արդյոք դրանք ինչ-որ ձև առնչվո՞ւմ են Ռուսաստանի նկատմամբ արևմտյան սանկցիաների շրջանցմանը: «Կան մի շարք այլ պատճառաբանություններ, թե ինչու է առևտրաշրջանառութունը նման աճ գրանցել: Երբ աշխարհում մատակարարման որոշ շղթաներ փոխվում են, տրամաբանական է, որ տնտեսավարողները փորձում են գտնել նոր շղթաներ: Եվ Հայաստանն այդ մատակարարման շղթաների մեջ ունի իր դիրքը: Դա փորձում ենք լավագույնս օգտագործել՝ ամենևին չխաթարելով գոյություն ունեցող երկկողմանի պատժամիջոցների միջավայրը: Մենք աչալուրջ հետևում ենք բոլոր գործարքներին և հետևողական ենք, որ բոլոր տեսակի օրենսդրական պահանջները պահպանենք»,-վստահեցրեց փոխնախարարը: Նա հիշեցրեց, որ Հայաստանը որոշ ժամանակ  դուրս էր մնացել Գերմանիայի միջազգային համագործակցության երկրների ցանկից: Սակայն անցյալ տարի հաջողվել է վերականգնվել: «Եվ մենք այսուհետ նույնպես կլինենք Գերմանիայի երկկողմ համագործակցության երկրների ցանկում: Սա նշանակում է, որ բավականին հետաքրքիր հնարավորություններ են բացվում՝ ավելի լայն համագործակցության, ավելի խոշոր ֆինանսական ծրագրեր կարող են ներգրավվել Հայաստանում: Այս առումով աշխատանքները շարունակվում են»,-ասաց Ռաֆայել Գևորգյանը: Երկու երկրները տարբեր ոլորտներում ունեն  բավականին հագեցած օրակարգ: Անդրադառնալով տնտեսականին՝ փոխնախարարն  ասաց, որ փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացումից սկսած մինչև խոշոր արդյունաբերական ներդրումներ տեղ են գտել այդ օրակարգում: «Կարծում եմ՝ հենց այդ ուղղությամբ էլ համագործակցությունը պետք է շարունակել: Կարծում ենք, որ այն պայմանագրային ու իրավական դաշտը, որ այսօր գոյություն ունի Հայաստանի և Գերմանիայի միջև, թույլ են տալիս խոսել խոշոր ներդրումային ծրագրերի մասին, և այդ ուղղությամբ առաջիկայում ակտիվ աշխատանք ենք տանելու»,-նշեց Գևորգյանը: Նա հնարավոր համարեց Հայաստանի ու Գերմանիայի միջև առաջիկայում վերամշակման ոլորտում որոշակի համագործակցություն սկսելը:  
12:30 - 03 մարտի, 2023
Արագած լեռան լանջին լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական նոր համալիր կկառուցվի. կառավարությունը հավանություն տվեց ծրագրին
 |armenpress.am|

Արագած լեռան լանջին լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական նոր համալիր կկառուցվի. կառավարությունը հավանություն տվեց ծրագրին |armenpress.am|

armenpress.am: Ապարան համայնքում լեռնադուհակային և էկոգյուղատնտեսական նոր համալիր կկառուցվի. ընդհանուր ներդրումային ծավալը 190 մլն դոլար է: Կառավարությունը մարտի 2-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում «Արագած» ներդրումային ծրագրին և ծրագիրն իրականացնելու նպատակով «Ռիդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն:  «Ծրագիրը նախատեսում է «Արագած» լեռան լանջին լեռնադուհակային և էկոգյուղատնտեսական նոր համալիրի ստեղծում, որը վերաբերվելու է Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերին: Նախագծով 4400 հա տարածքի վրա ստեղծվելու է, կարելի է ասել, նոր գյուղ՝ 300 մինի ֆերմաներով, նրանց կից հյուրատներ: Այնտեղ կկառուցվի նաև 3 մլն խմ տարողությամբ ջրամբար, որ գյուղատնտեսական համալիրն ունենա ջրի հասանելիություն: Այնտեղ կառուցվելու է լեռնադահուկային համալիր՝ 5 ճոպանուղիների գծերով, մոտ 30 կմ սահուղիներով, հյուրանոցներով և այլն: Կառուցվելու է 25 հազար 260 քմ ճանապարհ և 104 հազար 920 քմ բակային ճանապարհ, ավտոկայանատեղիներ: Ընդհանուր ներդրումային ծավալը կազմելու է  190 մլն դոլար»,-ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Այս ծրագիրը քննարկման է ներկայացվել դեռևս 2019 թվականի նոյեմբերին, դրա վերաբերյալ 2020 թվականի մարտին կնքվել է փոխըմբռնման հուշագիր: Սակայն պատերազմով, կորոնավիրուսով, նաև մրցակցային այլ ծրագրերի առկայության պատճառով 2021 թ. օգոստոսին վարչապետի հանձնարարականով ստեղծվել է հանձնաժողով, որը որոշում է կայացրել հավանություն տալ հենց այս նախագծին: «Մենք, ըստ էության, ստեղծում ենք օրինակելի համայնք, որը բարձրադիր գոտում տալու է ինքնաբավ և կայուն ապրելու միջավայր»,-նշեց Քերոբյանը՝ կարևորելով ծրագիրը: Կառավարությունն ըստ էության համաձայնություն է տալիս հողատարածքի ուղղակի վաճառքին: «Մենք գերակա շահի վերաբերյալ որոշում ենք կայացնելու 113 հա տարածքի վերաբերյալ: Եվ 3643 հա տարածքի երկարաժամկետ վարձակալության պայմանագրի ենք հավանություն տալու, որ Ապարան համայնքը կնքի: Բացի այդ՝ ընկերությունը կօգտվի նաև մեր «Ենթակառուցվածքներ՝ ներդրումների դիմաց» ծրագրից, որի շրջանակներում մենք որոշակի ենթակառուցվածքային օժանդակություն ևս կտրամադրենք»,-ասաց նախարարը: Ծրագրի իրագործողը «Ռիդ» ընկերությունն է: Փոխվարչապետը Տիգրան Խաչատրյանը հավելեց, որ գնահատումը պետք է իրականացվի խոշոր 4 աուդիտորական ընկերություններից մեկի կողմից: Եթե 4-րդ տարվա ավարտին փաստացի կատարված ներդրումները չգերազանցեն 20 մլրդ դրամը, ապա փաստացի կատարված ներդրումների պակաս չափի նկատմամբ նախատեսվել է որոշակի ֆինանսական տուգանային միջոց: 7-րդ տարվա ավարտին ծրագիրն իր բոլոր բաղադրիչներով պետք է ավարտված լինի: Եթե այդպես չլինի, ապա ներդրողը կամ պետք է հրաժարվի այն վարձակալված տարածքների նկատմամբ իրավունքից, որը կառավարությունը սահմանափակում ու տրամադրում է իրեն, կամ պետք է պատրաստ լինի  յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարել տարեկան 500 մլն դրամ, որ շարունակի պահպանել իր վարձակալության իրավունքներն այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտել բոլոր 4 բաղադրիչներով խոստացած ներդրումները:
12:34 - 02 մարտի, 2023
ՀՀ Կառավարության, «Լիդիան Արմենիա»-ի եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ փոխըմբռնման հուշագիրը ստորագրվեց

ՀՀ Կառավարության, «Լիդիան Արմենիա»-ի եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ փոխըմբռնման հուշագիրը ստորագրվեց

ՀՀ Կառավարության, «Լիդիան Արմենիա» ընկերության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ փոխըմբռնման հուշագիրը ստորագրվեց։ ««Լիդիան» ընկերությունը հարյուրավոր աշխատատեղեր է ստեղծելու ազդակիր համայնքներում եւ էական տնտեսական աճ է ապահովելու։ Գնահատված է, որ Ամուլսարի, «Լիդիան»-ի աշխատանքը Հայաստանի ՀՆԱ-ն ավելացնելու է 1%-ով մոտավորապես, եւ դա բավականին բարձր ցուցանիշ է, մենք հնարավորություն չունենք հրաժարվելու մնան հնարավորություններից»։   Այս մասին հուշագրի ստորագրման արարողությանը ասաց Վահան Քերոբյանը՝ նշելով, որ ընկերությունը արդեն ունի անհրաժեշտ բոլոր թույլատվությունները աշխատանքը սկսելու համար, այսինքն՝ որեւէ օրենսդրական արգելք չկա այս պահին էլ։ Քերոբյանի խոսքով՝ կառավարությունը ստանալու է ընկերության բաժնետոմսերը, սակայն դրա դիմաց որեւէ բան չի վճարելու, փոխարենը ապահովելու է գործարքի ապահովագրումը որոշակի ռիսկերից նաեւ որպես բաժնետեր։ Նա նշեց, որ ազդակիր համայնքները ամեն տարի ստանալու են 7 մլրդ դրամի աջակցություն ընկերության կողմից։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Քերոբյանը հայտնել էր, որ Հայաստանի կառավարությունը 250 միլիոն դոլարի համաձայնագիր կստորագրի «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան։  Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել էին՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դիմաց Հայաստանը կստանա «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը։  
17:34 - 22 փետրվարի, 2023
Ամուլսարի հանքավայրի շահագործման դիմաց Հայաստանը կստանա «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը
 |armenpress.am|

Ամուլսարի հանքավայրի շահագործման դիմաց Հայաստանը կստանա «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը |armenpress.am|

armenpress.am: Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դիմաց Հայաստանը կստանա «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը։   Տեղեկությունը հաստատեցին Էկոնոմիկայի նախարարությունից։ Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ  Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ 250 միլիոն դոլարի պայմանագիր է կնքվելու։ Ճշտող հարցին՝ արդյոք Կառավարությունը 250 միլիոն դոլարով գնելո՞ւ է այդ բաժնետոմսերը, Էկոնոմիկայի նախարարությունից պատասխանեցին․ «Ոչ, Կառավարությունը ոչ մի բան չի ծախսում»,- ասացին Էկոնոմիկայի նախարարությունից։ Նշենք, որ Հայաստանի կառավարությունը 250 միլիոն դոլարի համաձայնագիր կստորագրի «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան։ՀՀ կառավարության, Եվրասիական Զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության միջև կստորագրվի Եռակողմ փոխըմբռնման հուշագիր։ ՀՀ կառավարության կողմից փաստաթուղթը կստորագրի ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։      
15:08 - 22 փետրվարի, 2023
Հայաստանում ներդրումների ծավալը 2022 թ. աճել է շուրջ 20 տոկոսով. Վահան Քերոբյան

Հայաստանում ներդրումների ծավալը 2022 թ. աճել է շուրջ 20 տոկոսով. Վահան Քերոբյան

Հայաստանում մշակվող արդյունաբերության տեմպերը 2022 թվականին էապես աճել են, թողարկման ծավալը 13,5 տոկոսով ավելացել է՝ կազմելով 1,8 տրիլիոն դրամ: Փոխարենը մի փոքր նվազել են հանքարդյունաբերության տեմպերը: Թե՛ Կառավարության ծրագրով եւ թե՛ Կառավարության միջոցառումների ծրագրով մենք նախանշել ենք էապես ավելացնել մշակվող արդյունաբերության դերը համախառն ներքին արդյունքում՝ թիրախը սահմանելով 15 տոկոս. այժմ գտնվում ենք 12 տոկոսի միջակայքում: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 10-ի ԱԺ նիստում:  Նախարարն առաջին ընթերցմամբ ներկայացրել է ««Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը մշակվել է ՀՀ վարչապետի հանձնարարականի կատարման շրջանակում: «ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների համաձայն՝ Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել՝ ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր»,- ընդգծել է զեկուցողը: Վահան Քերոբյանի խոսքով նախաձեռնությամբ նախատեսվում է արդյունաբերական քաղաքականության իրականացման պետական կարգավորման շրջանակում Կառավարությանը լիազորել ոլորտի հիմնական ուղղությունների մասով հաստատել պետական օժանդակության եւ աջակցության ծրագրեր: Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ նախարարը փաստել է, որ 2022 թվականին ներդրումների ծավալն աճել է շուրջ 20 տոկոսով: Նշվել է, որ Էկոնոմիկայի նախարարությունն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ մշակել եւ շուտով Կառավարության հաստատմանը կներկայացնի Ներդրումային քաղաքականության ռազմավարությունը: Խոսելով օտարերկրյա ներդրումների ներգրավման մասին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ այդ հարցում մեր առաջնային թիրախը լինելու են առաջատար 500 ընկերությունները, որոնց մուտքը Հայաստան կաշխուժացնի տնտեսությունը: Գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը: Ելույթներում պատգամավորները կարեւորել են Կառավարության ներկայացրած նախաձեռնությունը, անդրադարձել են մեր երկրում արդյունաբերության զարգացմանը, տնտեսության մեջ տեղի ունեցող փոփոխություններին: Արտահերթ ելույթում ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նշել է, որ այս տարի 60 տոկոսից ավելի աճ է գրանցվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Զեկուցողի խոսքով տասնյակ հայկական ընկերություններ պետական գրանտային ծրագրերի շրջանակում ստացել են նորարարական գրանտներ: Հակոբ Արշակյանը փաստել է, որ Կառավարությունը կրկնապատկել է գիտության ֆինանսավորումը, որն իր հերթին կբերի նոր ինտելեկտուալ սեփականությունների գրանցման, որի հիման վրա էլ մեր երկիր կգան նոր ներդրումներ:
14:50 - 10 փետրվարի, 2023
Վահան Քերոբյանն ու Էդուարդո Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման նախագիծը

Վահան Քերոբյանն ու Էդուարդո Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման նախագիծը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր հանդիպել է արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանի հետ։ Այդ մասին Քերոբյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: «Նրա Corporación América միջազգային հոլդինգը գործում է մի քանի ոլորտներում՝ ներառյալ օդանավակայանների կառավարումը, գյուղատնտեսությունը, էներգետիկան և տրանսպորտային ենթակառուցվածքները: Անգնահատելի է Էդուարդո Էռնեկյանի ներդրումը Հայաստանի տնտեսության մեջ։ Corporación América հոլդինգի իրականացրած ամենանշանակալի ծրագրերից է «Զվարթնոց» օդանավակայանը, որը երկար տարիներ համարվում էր տարածաշրջանի լավագույն օդանավակայանը։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք հոլդինգի նոր նախագծերը, որոնց թվում է Զվարթնոց օդանավակայանի ընդլայնումը, ինչը թույլ կտա ապահովել շատ ավելի մեծ թվով ուղևորահոսք և ավելացնել թռիչքների ու ուղղությունների թիվը։ Բացի այդ, մենք քննարկել ենք պետական կառավարման ոլորտում հայկական սփյուռքի մարդկային ներուժի օգտագործման հնարավորությունը, ինչն, անշուշտ, կօգնի մեր երկրին արագ ինտեգրվել համաշխարհային գործընթացներին և միտումներին»,- գրել է նա։
23:46 - 06 փետրվարի, 2023
Հայաստանը նախորդ տարի արտահանել է ավելի քան 400 մլն դոլարի մշակված ադամանդ. Քերոբյանն ավելի բարձր ցուցանիշ է սպասում
 |armenpress.am|

Հայաստանը նախորդ տարի արտահանել է ավելի քան 400 մլն դոլարի մշակված ադամանդ. Քերոբյանն ավելի բարձր ցուցանիշ է սպասում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանից մշակված ադամանդի արտահանման ծավալները տարեցտարի ավելանում են, 2022-ին արտահանվել է ավելի քան 400 մլն դոլարի ադամանդ, աշխարհի առաջատար ադամանդագործական ընկերություններ Հայաստանում մշակման գործարաններ հիմնելու նախագծեր են սկսել, որոնք հիմա ավարտին են մոտենում: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Հայաստանից արտահանումը նախորդ տարի աճել է 77.7 տոկոսով: Քերոբյանի խոսքով՝ այս աճը ապահովվել է շատ տարբեր ապրանքատեսակների արտահանման հաշվին: Վերաարտահանումը զգալի մաս է կազմել: Իսկ վերաարտահանման նպատակով տեղում արվում են որոշակի վերամշակման գործողություններ: «Որոշակի կատեգորիաների մասով մեր հետևողական աշխատանքը սկսում է արդեն շատ լավ արդյունքներ տալ: Օրինակ, պետք է նշեմ ադամանդագործությունը: 2020 թվականին ընդհանուր 75 մլն դոլարի կարգի մշակված ադամանդի արտահանում ենք ունեցել, 2021-ին՝ մոտ 175 մլն դոլարի, 2022-ին՝ ավելի քան 400 մլն դոլարի: Իսկ այս տարի պլանավորում ենք էլ ավելի բարձր ցուցանիշներ, քանի որ անցյալ տարի մի քանի խոշոր ադամանդագործական ընկերություններ աշխարհի առաջատարներից Հայաստանում մշակման գործարաններ հիմնելու նախագծեր են սկսել, որոնք հիմա ավարտին են մոտենում: Եվ կարծում ենք, որ այս տարի, օրինակ, ադամանդագործության ոլորտում մեր արած աշխատանքը տալիս է զգալի արդյունք»,-ասաց Քերոբյանը: Նախարարը հավանական է համարում, որ տարվա առաջին եռամսյակում այդ նոր գործարաններն արդեն բացվեն: 2022-ին նաև ոսկերչական ապրանքների արտահանումն առաջին անգամ գերազանցել է 100 մլն դոլարը: Նախարարի վստահեցմամբ՝ կառավարության ներդրած ջանքերի արդյունքում է, որ այսպիսի արդյունքներ կան, սակայն, դեռ երկար ճանապարհի սկզբին են:
11:17 - 03 փետրվարի, 2023
Թուրքիայի հետ սահմանի բացումը հանգեցնելու է տնտեսական բարձր աճի. Քերոբյան |armenpress.am|

Թուրքիայի հետ սահմանի բացումը հանգեցնելու է տնտեսական բարձր աճի. Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահ է՝ եթե աշխարհաքաղաքական հանգամանքները հօգուտ Հայաստանի դասավորվեն, և Թուրքիայի հետ սահմանը բացվի, ապա Հայաստանի բոլոր տնտեսավարողները կզգան դրա դրական էֆեկտը:  Քերոբյանը նման տեսակետ հայտնեց՝ անդրադառնալով Թուրքիայի կողմից վերջերս Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացման արգելքը հանելու որոշմանը և Հայաստանի տնտեսության վրա դրա հնարավոր ազդեցության վերաբերյալ հարցին:   «Մեր տեղեկություններով դեռևս կանոնավոր օդային բեռնափոխադրումներ տեղի չեն ունենում: Եվ, ճիշտն ասած, հաշվի առնելով երկրների իրար մոտ լինելը՝ հավանական է, որ չլինեն էլ, քանի որ տրանսպորտային կապը ցամաքով՝ Վրաստանի միջոցով, բավականին մատչելի է: Եվ օդային հաղորդակցությունն առաջին հայացքից այդքան էլ գրավիչ չէ»,-ասաց Քերոբյանը: Նախարարը, այնուամենայնիվ, չբացառեց, որ որոշակի ապրանքատեսակների համար այսպիսի կանոնավոր փոխադրումներ տեղի ունենան: «Համենայնդեպս, օդային ուղևորափոխադրումների հետ մեկտեղ նաև բեռներ էլ են տեղափոխվում, որն ըստ էության, օդային բեռնափոխադրումների մի տարատեսակ է: Ուղղակի բեռնատար օդանավեր չկան դեռ, գուցեև չլինեն էլ: Մենք դրա համար առանձնապես շատ չենք անհանգստանում»,-ասաց նախարարը: Իսկ ինչ վերաբերվում է Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացման ազդեցությանը տնտեսության վրա՝  Քերոբյանն ասաց. «Թուրքիայի հետ սահմանի բացումը հանգեցնելու է տնտեսական բարձր աճի, քանի որ թուրքական շուկան, հաղորդակցությունների բացումը տալու է լայն հնարավորություն, հասանելիություն՝ թե հենց թուրքական շուկային, թե մերձավորարևելյան երկրներ ապրանքներ տեղափոխելու մասով: Այս ամբողջը, բնականաբար, պետք չէ լոկալ, փոքր պատկերով նայել: Սա մեծ պատկերի փոքր մաս է: Եվ, եթե աշխարհաքաղաքական հանգամանքները հօգուտ մեզ դասավորվեն, և մենք ի վերջո հասնենք այդ պահին, ապա վստահ եմ, որ Հայաստանի բոլոր տնտեսավարողները կզգան դրական էֆեկտը»: Շարունակությունը՝ armenpress.am-ում 
10:07 - 03 փետրվարի, 2023
Գործադիրը հաստատեց Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը
 |1lurer.am|

Գործադիրը հաստատեց Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը |1lurer.am|

1lurer.am: ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող՝ 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը: «2011-2020 թթ. ընթացքում միջինում ավելի քան 40 տոկոս աճ է նկատվել նշված ոլորտի արտահանման դինամիկայում: 2022 թվականին նկատեցինք, որ արտահանման ծավալները հատել են 200 միլիոն դոլարի սահմանը: 2021 թվականի նկատմամբ ունեցել ենք 15,7 տոկոս աճ: Այս ամենը թույլ է տալիս եզրակացնել, որ կա բավականին բարձր ներուժ ոլորտի զարգացման համար»,- ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը: Նրա խոսքով՝ հագուստի արտադրությունը 2020-2022 թթ. ապահովել է մոտ 11 հազար 500 աշխատատեղ: «Ծրագրով նախանշվել է 3 առանցք՝ մարդկային կապիտալի զարգացում, արտադրական կարողությունների զարգացում և օպտիմալացում, արտահանմանն ու վաճառքներին միտված ծրագրեր»,- ասաց նա: Այս ուղղությունների համար առաջիկա տարիներին նախատեսվում է տրամադրել մոտ 14 միլիարդ դրամ:  «Ծրագրի իրականացման արդյունքում արտադրողականությունը կկարողանանք բարձրացնել 1,8 անգամ»,- նշեց փոխնախարարը:
12:05 - 02 փետրվարի, 2023
ՀՀ վարչապետի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել հարկային պոտենցիալի գնահատմանը վերաբերող խորհրդակցություն

ՀՀ վարչապետի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել հարկային պոտենցիալի գնահատմանը վերաբերող խորհրդակցություն

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված հարկային պոտենցիալի գնահատմանը: Ինչպես հայտնում են Կառավարությունից, խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և այլ պաշտոնատար անձինք: «Ինչպես նախորդ տարեվերջին ենք պայմանավորվել, այս տարի ժամանակ առ ժամանակ քննարկումներ կունենանք Հայաստանի Հանրապետության հարկային պոտենցիալի գնահատման վերաբերյալ: Կփորձենք գնահատել, թե մեր հարկային եկամուտներն ինչքանով, ինչ հարաբերության կամ հեռավորության մեջ են մեր երկրի հարկային պոտենցիալից»,- խորհրդակցության սկզբում նշել է Նիկոլ Փաշինյանը: Հաջորդիվ անդրադարձ է կատարվել ավելացված արժեքի հարկի, եկամտային հարկի և սոցիալական վճարների, ինչպես նաև՝ շահութահարկի գծերով փաստացի պետական բյուջե կատարված մուտքերին, հարկային եկամուտների մեծացման պոտենցիալ հնարավորություններին և ստվերի կրճատման ուղղությամբ իրականացվելիք քայլերին: Ներկայացված գնահատականների շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, հնչեցվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ՝ հարկային պոտենցիալ միջոցները պետական բյուջե ներգրավվելու ուղղությամբ: Քննարկվել են նաև Շրջանառության հարկի ուղղությամբ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները: Վարչապետ Փաշինյանը կարևորել է հարկային, մաքսային և այլ ոլորտներում կոռուպցիայի, ինչպես նաև՝ ստվերային դրսևորումների դեմ հետևողական ու արդյունավետ պայքարը: Հարկային պետոնցիալն իրացնելու համատեքստում վարչապետը նշել է. «Պետք է հասկանալ, թե որն է աշխատանքի արդյունավետ մեթոդաբանությունը, հստակ ֆիքսել խնդիրները և գնալ կոնկրետ լուծումների: Այս առումով, անհրաժեշտ են խորը և արմատական բարեփոխումներ»: Վարչապետը հանձնարարել է շարունակել քննարկումները և ներկայացնել հարկային պոտենցիալի լիարժեք իրացմանն ուղղված համապատասխան առաջարկություններ:
17:38 - 26 հունվարի, 2023
Հայաստանն ու Լեհաստանը քննարկում են առևտրաշրջանառությունն ընդլայնելու հնարավորությունները

Հայաստանն ու Լեհաստանը քննարկում են առևտրաշրջանառությունն ընդլայնելու հնարավորությունները

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Բեռլինում հանդիպել են նաև Լեհաստանի փոխվարչապետ, գյուղատնտեսության զարգացման նախարար Հենրիկ Կովալչիկի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:    Երկուստեք կարևորվել են հայ-լեհական հարաբերությունները՝ հատկապես գյուղատնտեսության ոլորտում առկա զարգացման մեծ ներուժն ու հեռանկարները:   Այս համատեքստում առանձնացվել են ՀՀ-ում լեհական ներդրումների ակտիվացման, Հայաստանի և Լեհաստանի առևտրաշրջանառության՝ մասնավորապես գյուղատնտեսական մթերքների արտահանման ծավալների աճի հնարավորությունը:   Անդրադարձ է կատարվել առաջիկայում հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման կարևորությանը։
15:37 - 24 հունվարի, 2023