ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

ՄԽ համանախագահներն աշխատում են կողմերի հետ կրակի դադարեցման հստակ պարամետրերը համաձայնեցնելու շուրջ  |armenpress.am|

ՄԽ համանախագահներն աշխատում են կողմերի հետ կրակի դադարեցման հստակ պարամետրերը համաձայնեցնելու շուրջ |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով-ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի-Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր-ԱՄՆ) հայտարարություն են տարածել, որով ողջունել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման վերաբերյալ և կողմերին կոչ են արել ամբողջությամբ կատարել իրենց ստանձնած պարտավորությունները: Հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ ակտիվ քննարկում են զոհվածների մարմինների և պահվող անձանց փոխանակման պայմանները և լոգիստիկան: Համանախագահները կողմերին կոչ են արել անհապաղ տրամադրել անվտանգության և նյութա-տեխնիկական ապահովման անհրաժեշտ երաշխիքներ: Համանախագահները շարունակում են ակտիվ փոխգործակցությունը կողմերի հետ՝ կրակի դադարեցման հստակ պարամետրերը համաձայնեցնելու և համաձայնեցված սկզբունքների և ձևաչափի հիման վրա կարգավորման հասնելու շուրջ ինտենսիվ բանակցություններն ավարտին հասցնելու նրանց ջանքերին նպաստելու համար:
22:15 - 10 հոկտեմբերի, 2020
Խաղաղ բնակավայրերում լրագրողների թիրախավորումը նպատակ ունի խոչընդոտելու ադրբեջանական բանակի պատերազմական հանցագործությունների ներկայացումը միջազգային հանրությանը․ ՀՀ ԱԳՆ

Խաղաղ բնակավայրերում լրագրողների թիրախավորումը նպատակ ունի խոչընդոտելու ադրբեջանական բանակի պատերազմական հանցագործությունների ներկայացումը միջազգային հանրությանը․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինուժը կրկին ռմբակոծել է Շուշիի կենտրոնում գտնվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարը, որի արդյունքում վիրավորվել և մարմնական վնասվածքներ են ստացել օրվա առաջին կեսին նույն տաճարի ռմբակոծման հետևանքները լուսաբանելու նպատակով տեղում գտնվող օտարերկրացի լրագրողներ Յուրի Կոտյոնոկը, Լևոն Արզանովը և նրանց ուղեկցող խմբի անդամ Հրանտ Բալադյանը: Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերում իրենց մասնագիտական գործունեությունը ծավալող լրագրողների թիրախավորումը կրում է միտումնավոր բնույթ և նպատակ ունի խոչընդոտելու ադրբեջանական բանակի  պատերազմական հանցագործությունների փաստագրումն ու ներկայացումը միջազգային հանրությանը:  Մաղթում ենք շուտափույթ ապաքինում տուժած լրագրողներին և խստորեն դատապարտում Ադրբեջանի հերթական պատերազմական հանցագործությունը։ Միաժամանակ հրավիրում ենք ողջ միջազգային հանրության, մարդու իրավունքների և խոսքի ազատության բնագավառում մասնագիտացված կառույցների ուշադրությունը տեղեկատվության ձեռքբերման իրավունքը բռնի միջոցներով ոտնահարելու այս աղաղակող փաստին»։
23:27 - 08 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանը փորձում է հայրենիքից և պատմական հիշողությունից զրկել արցախահայությանը․ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Շուշիի կրոնական պաշտամունքի վայրերի թիրախավորման վերաբերյալ

Ադրբեջանը փորձում է հայրենիքից և պատմական հիշողությունից զրկել արցախահայությանը․ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Շուշիի կրոնական պաշտամունքի վայրերի թիրախավորման վերաբերյալ

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերը օդային հարվածներ են հասցրել հայկական ճարտարապետության գոհար՝ Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշիի կենտրոնում գտնվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին՝ պատճառելով նրան զգալի ավերածություններ։ Սա Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հերթական հանցագործությունն է, որը բացահայտում է նրա հակամարդկային Էությունը։ Այնուհանդերձ, այս քայլը լիովին տեղավորվում է տասնամյակներ ի վեր իրականացվող  հայատյացության  քաղաքականության մեջ։ Ադրբեջանը, որն ամբողջովին բնաջնջել է հայկական մշակութային ժառանգությունը Նախիջևանում և հայ ժողովրդի պատմական հայրենիքի այլ մասերում, այժմ փորձում է Արցախի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի շրջանակներում հայրենիքից և պատմական հիշողությունից զրկել արցախահայությանը։  Իր այս գործողություններում Ադրբեջանն ուղղակիորեն ընդօրինակում է իր նորօրյա դաշնակիցների՝ միջազգային հայտնի ահաբեկչական կազմակերպությունների գործելաոճը, որի արդյունքում Մերձավոր Արևելքում ոչնչացվել են բազմաթիվ պատմամշակութային կոթողներ։ Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի այս հրեշավոր հանցանքը, որը միաժամանակ նաև մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ մարդկությանը։  Այս առիթով հիշեցնում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ կրոնական պաշտամունքի վայրերի և մշակութային հուշարձանների թիրախավորումն ամրագրված է միջազգային հումանիտար իրավունքում՝ որպես պատերազմի հանցագործություն, որի համար պատասխանատվությունը չունի վաղեմության ժամկետ։
19:16 - 08 հոկտեմբերի, 2020
Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հոկտեմբերի 7-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ իր չեխ գործընկերոջ՝ Տոմաշ Պետրժիչեկի հետ։ Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում  իրադրության վերջին զարգացումների շուրջ։  Ներկայացնելով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ԱԳ նախարարն իր խորը մտահոգությունն արտահայտեց հակառակորդի կողմից Արցախի խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը՝ ի խախտումն միջազգային իրավունքի։ ԱԳ նախարար Մնացականյանը դատապարտեց հակամարտության գոտում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման և վերջիններիս ռազմական գործողություններին անմիջական ներգրավման միջոցով տարածաշրջանում ապակայունություն սերմանելու Թուրքիայի գործելաոճը։  Երկուստեք ընդգծվեց ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կարևորությունը։
23:52 - 07 հոկտեմբերի, 2020
Նիդերլանդահայերը շարունակում են խորհրդարանի դիմաց ակցիան` Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու պահանջով

Նիդերլանդահայերը շարունակում են խորհրդարանի դիմաց ակցիան` Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու պահանջով

 Նիդերլանդների խորհրդարանի դիմաց արդեն երրորդ օրը առավոտից մինչև երեկո հայերը բողոքի ցույց են իրականացնում` իշխանություններից ադեկվատ արձագանք պահանջելով Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ: Այս մասին հայտնեց Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: «Հորդառատ անձրևի տակ հայերը 15-20 հոգով հերթափոխով կանգնած են: Կորոնավիրուսի համավարակի պատճառով չեն կարող ավելի մեծ թվով ակցիա իրականացնել: Քանի որ խորհրդարան են մտնում և' նախարարները և' պատգամավորները, հայերն այս ակցիայով նրանց ուշադրությունն են փորձում հրավիրել ագրեսիայի նկատմամբ ու պահանջում են ադեկվատ արձագանք»,- ասաց դեսպանը: Տիգրան Բալայանը նշեց, որ ակցիան կազմակերպել է Նիդերլանդահայ համագործակցող կազմակերպությունների խորհուրդը:
23:23 - 07 հոկտեմբերի, 2020
Զավեշտալի է, որ մտացածին ահաբեկչական գործողութան մասին խոսում է մի երկիր, որը ամեն ինչ արել է տարածաշրջան օտարազգի վարձկան ահաբեկիչներ ներմուծելու ուղղությամբ. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Զավեշտալի է, որ մտացածին ահաբեկչական գործողութան մասին խոսում է մի երկիր, որը ամեն ինչ արել է տարածաշրջան օտարազգի վարձկան ահաբեկիչներ ներմուծելու ուղղությամբ. ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանն Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարության վերաբերյալ հարցմանը․ Հարց. Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ առ այն, որ հոկտեմբերի 6-ին իբրև հրթիռակոծման է ենթարկվել Եվլախի շրջանով անցնող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը: Ինչպես մեկնաբանեք այս հայտարարությունը: Պատասխան. Նախ ցանկանում եմ նշել, որ այդ տեղեկատվության հերքմամբ արդեն իսկ հանդես է եկել իմ գործընկեր ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: Սա ադրբեջանական կողմի հերթական սուտն է, որը նախևառաջ նպատակ է հետապնդում արդարացնելու իր կողմից Արցախի և Հայաստանի խաղաղ բնակավայրերի շարունակական ռմբակոծումները: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության աշխատանքի նման գործելաոճը դատապարտելի է: Զավեշտալի է, որ մտացածին ահաբեկչական գործողութան մասին խոսում է մի երկիր, որը, հատկապես վերջին շրջանում, ամեն ինչ արել է Եվրոպայի էներգետիկ անվտանգության տեսակետից կարևորություն ունեցող այս տարածաշրջան օտարազգի վարձկան ահաբեկիչներ ներմուծելու ուղղությամբ:
00:55 - 07 հոկտեմբերի, 2020
Դիվանագիտական խողովակներով տարածվել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների վերաբերյալ ԱՀ ՄԻՊ նախնական զեկույցը

Դիվանագիտական խողովակներով տարածվել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների վերաբերյալ ԱՀ ՄԻՊ նախնական զեկույցը

Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական խողովակներով տարածվել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված նախնական զեկույցը և փաստահավաք առաքելության արդյունքներն Ադրբեջանի զինված ուժերի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ Արցախի Հանրապետության դեմ ծավալվող ռազմական ագրեսիայի հետևանքով հարուցած մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ: Համաձայն Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փաստահավաք առաքելության տվյալների՝ հոկտեմբերի 4-ը ներառյալ սպանվել է ընդհանուր 19 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 11 տղամարդ: Մանկահասակ երեխան, հինգ կանայք և չորս տղամարդիկ սպանվել են իրենց տան բակում, իսկ մյուսները՝ տարբեր բնակավայրերի հանրային վայրերում (կենտրոնական հրապարակ, թաղամաս): Մահվան դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ (7 անձ), Մարտունի (6 անձ), Հադրութ (1 անձ) և Մարտակերտ (3 անձ) քաղաքներում, Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում (1 անձ) և Մեծ շեն համայնքին հարակից վայրում (1 անձ): Մարմնական վնասվածքներ են ստացել ընդհանուր առմամբ շուրջ 80 մարդ, որից 60 անձինք ստացել են լուրջ վնասվածքներ: Նրանցից 48-ը արական, իսկ 12-ը` իգական սեռի քաղաքացիներ են: Հիշյալ անձանցից 24-ը վիրավորվել են անմիջապես իր բնակության վայրում` բնակելի տանը կամ դրա մոտակայքում արկի պայթյունի հետևանքով, 6-ը` համեմատաբար անվտանգ վայր տեղափոխվելիս մարդատար տրանսպորտային միջոցի թիրախավորման և խոցման հետևանքով, 7-ը՝ հումանիտար գործառույթ իրականացնող արտակարգ իրավիճակների պետական ծառայության շենքի արկակոծման, իսկ 23-ը` հասարակական այլ վայրերի թիրախավորման հետևանքով: Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են Արցախի Հանրապետության ավելի քան 60 քաղաքացիական բնակավայր, ինչի հետևանքով արձանագրվել են բազմաթիվ ենթակառուցվածքների ու մասնավոր գույքի ոչնչացման կամ վնասման դեպքեր: Մասնավորապես, նախնական տվյալներով լրջորեն վնասվել է ավելի քան 2100 մասնավոր սեփականության անշարժ գույք (բնակելի տներ, խանութներ և այլն), ավելի քան 240 մեքենա, շուրջ 350 ենթակառուցվածքային ու արտադրական նշանակության օբյեկտներ: Վերոնշյալ տվյալները վերջնական չեն, քանի որ ադրբեջանական կողմն առ այսօր շարունակվում է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի և խաղաղ բնակավայրերի կանխամտածված հրետակոծումը:
16:24 - 06 հոկտեմբերի, 2020
Հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. ՀՀ ԱԳՆ

Հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությանը: «Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների կողմից արված հայտարարությունը, որտեղ աներկբա կերպով դատապարտվում է քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների աննախադեպ մեծ ծավալների թիրախավորումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, որպես անընդունելի սպառնալիք տարածաշրջանային կայունության համար: Հայաստանը վերահաստատում է կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, որի մասին ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ 2020թ․ հոկտեմբերի 2-ին: Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ հակամարտության խաղաղ կարգավորումը ու խաղաղ գործընթացն այլընտրանք չունեն, և ցանկացած փորձ` տանելու այն ռազմական լուծմանը վճռականորեն կասեցվելու է»,- ասված է հայտարարությունում:
12:00 - 06 հոկտեմբերի, 2020
Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան սպառնալիք է գլոբալ անվտանգությանը. ԱԳ փոխնախարար Ապիտոնյան

Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան սպառնալիք է գլոբալ անվտանգությանը. ԱԳ փոխնախարար Ապիտոնյան

Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի Գործադիր կոմիտեի 71-րդ նստաշրջանին հանդես եկավ ելույթով։ Նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձավ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողություններին: Վերջինս նշեց, որ Ադրբեջանի ագրեսիան, որը վայելում է Թուրքիայի անվերապահ աջակցությունը, սպառնալիք է գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը, իսկ դրա արդյունքը կարող է հանգեցնել տարածաշրջանային հումանիտար ճգնաժամի: Արտակ Ապիտոնյանը նշեց, որ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր և բազմաթիվ վիրավորներ, և շարունակվող ռազմական գործողություններն անմիջական սպառնալիք են ստեղծում Արցախի 150,000 ազգաբնակչության գոյութենական անվտանգության համար։ Նա ընդգծեց, որ Ադրբեջանը տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ դիտավորյալ թիրախավորում է Արցախի քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքները (հիվանդանոցներ, դպրոցներ, ճանապարհներ, հաղորդակցության միջոցներ և այլն)՝ օգտագործելով նաև կասետային մահացու զենք։ Նախարարի տեղակալը հավելեց, որ ադրբեջանական կողմի այս սադրիչ գործողությունները միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում՝ Ժնևի կոնվենցիայի կոպտագույն խախտում են։ Արտակ Ապիտոնյանն անդրադարձավ նաև Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությանը, որի անմիջական աջակցության արդյունքում Ադրբեջանը ռազմական գործողությունների աշխարհագրությունը տեղափոխել է նաև ՀՀ տարածք՝ մասնավորապես թիրախավորելով Վարդենիսի շրջանի քաղաքացիական բնակչությանը։ Նա նշվեց նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա ահաբեկիչների՝ Արցախի դեմ վարվող ռազմական գործողություններում  ներգրավելու հանգամանքի մասին։ Ապիտոնյանը հավելեց, որ ադրբեջանա-թուրքական զինված ուժերի նման գործողությունները լրջորեն վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը և խոչընդոտում են մարտական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը: Արտակ Ապիտոնյանը բարձր գնահատեց Բարձր հանձնակատարի՝ լարվածության թուլացմանն ուղղված կոչը և հավելեց, որ, չնայած միջազգային հանրության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կոչերին, Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են լայնածավալ ռազմական գործողությունները՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու նպատակով։ ԱԳ նախարարի տեղակալը հավաստիացրեց, որ Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և համոզմունք հայտնեց, որ Արցախի ժողովրդին միջազգային հրատապ մարդասիրական օգնության ցուցաբերումը պետք է իրականացվի անկախ բոլոր հանգամանքներից, այդ թվում՝ Արցախի կարգավիճակից։
23:57 - 05 հոկտեմբերի, 2020
ԱՀ ԱԳ նախարարը նամակ է հղել ԵԽ Գլխավոր քարտուղարին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացվող ագրեսիայի ակտի կապակցությամբ

ԱՀ ԱԳ նախարարը նամակ է հղել ԵԽ Գլխավոր քարտուղարին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացվող ագրեսիայի ակտի կապակցությամբ

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը նամակ է հղել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին«Հոկտեմբերի 5-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը պաշտոնական նամակ է հղել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացվող ագրեսիայի ակտի կապակցությամբ, որում ակտիվ կերպով ներգրավվել են նաև վարձկաններ Մերձավոր Արևելքի ահաբեկչական կազմակերպություններից:Նամակում, մասնավորապես, նշվում է, որ Ադրբեջանը խախտել է Եվրոպայի խորհրդին անդամակցելիս իր ստանձնած հիմնական հանձնառությունը՝ միայն խաղաղ ճանապարհով կարգավորելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը։ Մասիս Մայիլյանը Գլխավոր քարտուղարին նաև տեղեկացրել է Ադրբեջանի կողմից կյանքի իրավունքի ապահովմանն ուղղված իր ստանձնած պարտավորությունները կոպտորեն և զանգվածային կերպով խախտելու փաստերի մասին: Նամակում նաև ընդգծվում է, որ Թուրքիան հավասարապես պատասխանատու է Եվրոպայի խորհրդի տարածքում նոր ռազմական առճակատումը նախաձեռնելու և թեժացնելու, ինչպես նաև Մերձավոր Արևելքի ահաբեկչական կազմակերպություններից վարձկաններ հավաքագրելու և Արցախի Հանրապետության դեմ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Ադրբեջան ուղարկելու համար։Մասիս Մայիլյանը կոչ է անում Եվրոպայի խորհրդին կիրառել իր բոլոր հնարավորությունները՝ անհապաղ դադարեցնելու Եվրոպայի խորհրդի իրավազորության տարածքում Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող՝ որևէ արդարացում չունեցող բռնությունները, մարդու իրավունքների զանգվածային խախտումները և շարունակվող պատերազմական հանցագործությունները»:
21:20 - 05 հոկտեմբերի, 2020
Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիան ուղեկցվում է ողջամտության սահմաններն անցնող ապատեղեկատվության և կեղծիքների արշավով․ ՀՀ ԱԳՆ

Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիան ուղեկցվում է ողջամտության սահմաններն անցնող ապատեղեկատվության և կեղծիքների արշավով․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից տարածվող կեղծ տեղեկատվության վերաբերյալ «Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիան ուղեկցվում է ողջամտության սահմաններն անցնող ապատեղեկատվության և կեղծիքների արշավով: Անկարող լինելով ռազմաճակատում հասնելու որևէ հաջողության՝ ադրբեջանական կողմը մի կողմից խոսում է երևակայական հաջողությունների մասին, իսկ մյուս կողմից կեղծ լուրեր տարածում առ այն, իբրև թե Հայաստանն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ հարվածներ է հասցնում: Այս շարքից է նաև Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի խորքում գտնվող բնակավայրերին հարված հասցնելու մասին վերջին ժամերին տարածված ապատեղեկատվությունը: Ապատեղեկատվական արշավի նպատակն է կոծկել Ադրբեջանի կողմից պատերազմի առաջին իսկ օրերից Լեռնային Ղարաբաղի խոշոր բնակավայրերի զանգվածային հրետակոծումը, որի հետևանքով միայն այսօր արձանագրվել են բազմաթիվ զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում, և լուրջ վնաս է հասցվել քաղաքացիական կենսապահովման ենթակառուցվածքներին: Նման ստահոդ լուրերի տարածմամբ Ադրբեջանը նաև հող է նախապատրաստում իր հանցավոր քաղաքականության շարունակման և պատերազմի աշխարհագրության ընդլայնման համար: Ադրբեջանական կողմի յուրաքանչյուր սադրանք կստանա համարժեք պատասխան Հայաստանի Հանրապետության կողմից»:
01:54 - 05 հոկտեմբերի, 2020
Հարձակումն Արցախը ոչնչացնելու թուրք-ադրբեջանական ծրագրի մաս է. Սերբիայում ՀՀ դեսպան |armenpress.am|

Հարձակումն Արցախը ոչնչացնելու թուրք-ադրբեջանական ծրագրի մաս է. Սերբիայում ՀՀ դեսպան |armenpress.am|

armenpress.am: Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հարցազրույց է տվել N1 հեռուստաընկերությանը՝ ներկայացնելով իրողությունն Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ։ Հարցազրույցի հիման վրա հրապարակված հոդվածի ոչ պատոնական թարգմանությունը ստորև։ ՀՀ դեսպան. «Հարձակումն Արցախը ոչնչացնելու թուրք-ադրբեջանական ծրագրի մաս է» Դեսպան Աշոտ Հովակիմյանն ասում է, որ այսօր տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի քաղաքների «ծանր ռմբակոծությունը»։ Նա համարում է սա մի ազգ կործանելու ծրագրի մեկնարկ: Դեսպանը պնդում է, որ բախումները Արցախը (Լեռնային Ղարաբաղը) ոչնչացնելու թուրք-ադրբեջանական ծրագրի մի մասն են կազմում: Նա ընդգծում է, որ Հայաստանը կողմ է բանակցային սեղանի շուրջ նստելուն: Պատասխանելով Սերբիայից Հայաստան զենքի արտահանման վերաբերյալ հարցին` դեսպանն ասաց, որ նրանք հրապարակավ չեն խոսում ռազմատեխնիկական համագործակցության մասին, և տարեվերջին ամեն ինչ կներառվի զեկույցներում: Մեծ տերությունների պատմական որոշումները Լեռնային Ղարաբաղը դարձրել են դժվար լուծելի տարածքային վեճերից մեկը, ինչպիսին է նաև Կոսովոն: Միջազգայնորեն և իրավական առումով՝ ադրբեջանական, պատմականորեն և ազգաբնակչությամբ՝ հայկական, Լեռնային Ղարաբաղը, այսինքն՝ ինքնահռչակ Արցախի Հանրապետությունը, 25 տարի շարունակ գոյատևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ «փխրուն» զինադադարի պայմաններում: Վեց օր առաջ Հարավային Կովկասում կրկին վերսկսվեց հրաձգություն, շատ լուրջ զենքերից, ներառյալ՝ Սերբիայում արտադրվածները: Սերբիայում Հայաստանի ոչ ռեզիդենտ դեսպան Աշոտ Հովակիմյանը, ով գտնվում է Պրահայում, ասում է. «Հակամարտությունը սկսել են ադրբեջանցիները, ինչը հենց իրենք են հաստատել: Նրանք իրականացնում են այն, ինչ վաղուց փափագում էին՝ Թուրքիայի օգնությամբ, այնպես որ, դա Արցախը ոչնչացնելու թուրք-ադրբեջանական ծրագիրն է», - հայտարարում է դեսպանը՝ N1 Studio Live-ին հյուրընկալման ժամանակ: «Հաղորդումից անմիջապես առաջ լուր ստացա Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի և Հադրութ քաղաքի ծանր ռմբակոծության մասին: Խաղաղ բնակչության մեջ մեծ ավերածություններ կան, այնպես որ, սա ազգի ոչնչացման սկիզբ է, - հայտարարել է դեսպանը: Այն հարցին, թե որն է այս հակամարտությունում Հայաստանի նպատակը, Հովակիմյանն ասաց, որ դա սեփական հողի վրա ապրելն է, զարգացումը, և հայ բնակչության անվտանգության ապահովումը՝ «իրենց պատկանող տարածքում»: Մենք ուզում ենք, որ մեր երեխաները մեծանան այդ տարածքում, այլ ոչ թե՝ ցեղասպանություն լինի: Նա ասում է, որ Արցախը «Հայաստանի կողմից բռնազավթում չէ»՝ հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղը հանրապետություն հռչակեց այն նույն ժամանակ, երբ Ադրբեջանը լքեց ԽՍՀՄ-ը: «Սա ոչ թե հակամարտություն է՝ Հայաստանի և Ադրբեջանի, այլ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև», - ասաց նա:   Հայաստանը կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջ Դեսպանի խոսքով, երկու կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ, «քանի որ կա մեկ միջազգային ձևաչափ, ընդունված միջազգային հանրության կողմից». դեռևս 2009թ.-ին Աթենքում ԵԱՀԿ նախարարական հանդիպումը հաստատեց, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի երեք սկզբունքների հիման վրա՝ ուժի չկիրառում, պետությունների տարածքային ամբողջականություն, մարդու իրավունքներ և ազգերի ինքնորոշման իրավունք: Այս հարցը պետք է լուծվի տվյալ շրջանակներում, և ոչ թե վերջնագրեր դնելով․ երկու-երեք կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և համաձայնության գան ապագայի վերաբերյալ: Բանակցություններն երբեք չեն դադարեցվել, իսկ 1994-ին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հրադադար հաստատվեց, որն այժմ խաթարում է Ադրբեջանը: Հայաստանը երբեք չի հրաժարվել բանակցություններից, մենք նույնիսկ հիմա կոչ ենք անում նստել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն պարոն (Ադրբեջանի նախագահ Իլհամ) Ալիևը հրաժարվեց ԵԱՀԿ-ի (ՄԽ համանախագահների) մասնակցությունից,- ասում է N1-ի հյուրը: Այդ պատճառով Ադրբեջանը պետք է դադարեցնի ագրեսիան, Ադրբեջանի տարածքից պետք է դուրս մղվեն Թուրքիան և ահաբեկիչները, ովքեր ցանկանում են պայքարել Լեռնային Ղարաբաղի դեմ,- ասաց նա, ավելացնելով, որ հայերն այժմ պայքարում են միջազգային ահաբեկչության դեմ: «Մեր հիմնական պահանջն է՝ Թուրքիային զսպելը, որը մտել է որպես հակամարտության կողմ»,- ընդգծում է N1-ի հյուրը: «Ոչ միայն Հայաստանն ունի ապացույցներ, այլև միջազգային հանրությունը: Այսօր ԵՄ գագաթնաժողովին Թուրքիային կոչ է հղված և վերջինիս դեմ պատժամիջոցներ են նախապատրաստվում: Այն, որ նրանք այնտեղ են բերել ահաբեկիչներին, գաղտնի տեղեկատվություն չէ․ բոլոր խոշոր պետություններն ընդունել են դա: Մեկ այլ բան ևս. Թուրքիան ղեկավարում է նաև Ադրբեջանի օդային հարձակումը: Այնտեղ կան թուրքական F-16 ինքնաթիռներ», - ասում է դեսպանը: «Տեղի են ունենում զանգվածային ռմբակոծություններ: Երեկ Հայաստանի տարածքում հայտնաբերվել է չորս անօդաչու թռչող սարք, իսկ դա արդեն հենց Հայաստանի ներքաշումն է այդ հակամարտության մեջ», - ընդգծում է հաղորդման հյուրը: Կարծես թե, հայերի ցեղասպանությունից 100 տարի անց, Թուրքիան ներգրավվում է և ցանկանում լուծել հայ ժողովրդի գոյության հարցը Հարավային Կովկասում` հայ ժողովրդի բնօրրանում, կարծես թե սա է նրանց ծրագիրը: Այն, ինչ նրանք անում են, դրան է տանում: «Մենք կպաշտպանենք մեր երկիրը մինչ այն պահը, երբ ագրեսիան ավարտվի, բայց կրկնում եմ, որ մենք կողմ ենք խաղաղ, փոխզիջումային լուծմանը, որը կհամապատասխանի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդներին»,- նշում է դեսպանը: Նա գտնում է, որ քարտեզին նայելիս տեսնում ես, թե ինչպես է Հայաստանը «խոչընդոտում թուրքական մի ծրագրի», և որ ամբողջ իրավիճակին պետք է «խորքային» նայել:   Զենքի և Կոսովոյի վերաբերյալ Սերբիայի համար մեծ թեմա է այն, որ այս հակամարտությունում մարդկանց սպանում են մեր երկրում արտադրված զենքով, իսկ 2017 թվականից 19 արտահանման թույլտվություններից 15-ը ձեռք է բերել մեկ մասնավոր ընկերություն: Դեսպանն ասում է, որ Հայաստանը չունի որևէ սահմանափակում զենք ներմուծելու համար, որ տարեվերջին զեկույցներ կներկայացվեն, որոնք, ինչպես ինքն է ասում, Հայաստանը պետք է ներկայացնի, համաձայն ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորությունների: «Մենք հրապարակավ չենք խոսում մեր ռազմատեխնիկական համագործակցության մասին»,-ասաց Հովակիմյանը, հավելելով, որ ամբողջական տեղեկատվություն կտրվի, երբ կգա հաշվետվություններ տալու ժամանակը: «Սերբիայի կառավարությունը տեղեկացրեց, թե ինչպես է այդ ամենն եղել, և մենք դրան ավելացնելու որևէ բան այլևս չունենք», - ասաց դեսպանը: Ըստ նրա՝ Հայաստանը զենք է գնում տարբեր երկրներից, և պնդում է, որ Ադրբեջանն էլ ավելին է գնում: Իսկ Հայաստանն այն, ինչ անում է, անում է օրինական ճանապարհով,- հավելեց դեսպանը: Հարցին, թե ինչպես կանդրադառնան Սերբիայի հնարավոր մերձեցմանը Բաքվի հետ և արդյոք դա կազդի Կոսովոյի նկատմամբ Հայաստանի դիրքորոշման փոփոխության վրա, N1-ի հյուրը պատասխանեց, որ դա Սերբիայի արտաքին քաղաքականության հարց է, որ նա այստեղ ասելիք չունի, սակայն ավելացրեց. «Թող (Սերբիան) նայի, թե ինչ է անում Ադրբեջանը, ահաբեկիչներ ներմուծելով, խաղաղ բնակիչներ սպանելով: «Սուրբ Սավայից մինչև 20-րդ դար բարեկամական շատ կապեր են եղել սերբերի և հայերի միջև: Հայաստանը չի ճանաչում Կոսովոն, բայց դա դիրքորոշում է առանց շանտաժի, մենք սպասում ենք, որ հարցը քաղաքական լուծում ստանա»,- ասում է նա: Հայաստանը չի ճանաչել Կոսովոն ոչ միայն այդ պատճառով, այլև /սերբերի հետ ունեցած/ պատմական խորը հարաբերությունների պատճառով։
20:35 - 04 հոկտեմբերի, 2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

Այսօր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ կայքից: ՌԴ արտաքին գերատեսչության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բարդացող իրավիճակից ելք գտնելուն առնչվող հարցերը:  Ռուսական կողմը մտահոգություն է հայտնել խաղաղ բնակչության շրջանում զոհերի  թվի աճի կապակցությամբ:  Ընգծվել է կրակը անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը: Վերհասատատվել է կողմերին աջակցելու պատրաստակամությունը, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը վերադառնա քաղաքական և դիվանագիտական դաշտ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանապագահների հովանու ներքո՝ համաձայն ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ավելի վաղ արած հայտարարության:
19:27 - 04 հոկտեմբերի, 2020