ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Առարկայական բանակցությունները հնարավոր են միայն խաղաղ պայմաններում․ Տաթևիկ Հայրապետյան |hhpress.am|

Առարկայական բանակցությունները հնարավոր են միայն խաղաղ պայմաններում․ Տաթևիկ Հայրապետյան |hhpress.am|

hhpress.am: Նախօրեին կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տեսակոնֆերանսը։ Այն երկրորդն էր կորոնավիրուսի համավարակից հետո, առաջինը տեղի էր ունեցել ապրիլի 21-ին։ Տեսակոնֆերանսի ընթացքում անդրադարձ կատարվեց համավարակային պայմաններում խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակին։ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ եւ ապակառուցողական հայտարարությունների անթույլատրելիությունը, քանի որ «դրանք վնաս են հասցնում խաղաղ գործընթացի միջավայրին եւ խոչընդոտում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացումը»։ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարեւորել է Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության շարունակական ապահովման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ազատ եւ անվտանգ տեղաշարժի միջոցով։Հատկանշական է, որ ի տարբերություն ապրիլի 21—ի տեսակոնֆերանսից հետո արված հայտարարության, որը հնգակողմ էր, այս անգամ այն տարածվել է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անունից։ Ի՞նչ եզրակացություններ կարող ենք անել հայտարարությունից։ Որո՞նք էին այս տեսակոնֆերանսի օրակարգային թեմաները։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Հայրապետյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հայտարարությունները տարբեր են լինում, եւ այն հանգամանքը, որ միայն համանախագահների անունից են, որեւէ բան չի փոխում։ «Համանախագահները, որոնք կազմակերպում են եւ միջնորդ են հանդիսանում, բնականաբար այդ տեքստերը համաձայնեցնում են կողմերի հետ։ Առանց դրա հրապարակային չէին դառնա»,–նկատեց պատգամավորը։ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության մեջ կարեւոր տեղ էր հատկացված այն փաստարկին, որ հնարավոր չէ ունենալ առարկայական բանակցություններ, երբ կողմերից մեկը սպառնում է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով։ Հայրապետյանի կարծիքով՝ «վերջին սադրիչ հայտարարություններից» եւ «ռազմատենչ հռետորաբանությունից» զերծ մնալու մասին խոսքերի հասցեատերը Ադրբեջանն է. «Բոլորս քաջ գիտենք, որ հայկական կողմերից ո՛չ Հայաստանի Հանրապետությունը, ո՛չ Արցախի Հանրապետությունը նմանատիպ հայտարարություններով երբեք հանդես չեն եկել։Այդ կոչերը վերաբերում են բացառապես Ադրբեջանին։ Հասկանալի է, որ առանց համապատասխան միջավայրի հնարավոր չէ առաջ գնալ բանակցային գործընթացում»,–ընդգծեց նա։ Հայտարարության մյուս կարեւոր շեշտադրումն այն է, որ Մինսկի խմբի համանախագահները խոսում են մթնոլորտի առողջացման վերաբերյալ թեզից, որն առաջ է քաշվել հայկական կողմից։ Այս հայտարարությունը, դրան նախորդող բազմաթիվ հայտարարություններ նույնպես փաստում են, որ հայկական կողմի ներկայացրած օրակարգային հարցերն ընդունելի են միջազգային գործընկերների համար։Հայտարարության մեջ համանախագահները հատուկ ընդգծել են, որ «հակամարտությունը չունի ռազմական լուծում»։ Դա բխում է երեք գլխավոր սկզբունքներից, այն է՝ «ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման բացառումից»։ Մինչդեռ Ադրբեջանը վերջին շրջանում թե՛ երկրի ղեկավարի, թե՛ պաշտպանության նախարարի մակարդակով շարունակ խոսում է այն մասին, որ իրենք պատրաստ են նաեւ ռազմական լուծման, ուղղակի սպասում են համապատասխան իրավիճակի ստեղծման, երբ կկարողանան կրկին գնալ էսկալացիայի։ «Դա ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը, մեղմ ասած, ազնիվ չէ այս գործընթացներում։ Սակայն նրանք չպետք է մոռանան, որ հայկական կողմից համարժեք պատասխանը չի ուշանա»,–շեշտեց զրուցակիցս։Փաստորեն, կարող ենք արձանագրել, որ հայկական կողմից առաջ քաշված օրակարգային կետերն ամբողջությամբ արտացոլվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ, եւ խիստ գնահատականներ են տրվում հնչող ռազմատենչ հայտարարություններին։ Պատգամավորը առարկայական եւ կարեւոր է համարում ուղիղ կապի վերաբերյալ շեշտադրումը, որ կրկին իրականացվել է հայկական կողմի նախաձեռնության շնորհիվ։ Խոսքը վերաբերում է 2018 թ. սեպտեմբերին Դուշանբեում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ստեղծված օպերատիվ կապին։ Շարունակությունը՝ hhpress.am-ում
14:15 - 02 հուլիսի, 2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Արևելյան գործընկերության նախարարական տեսաժողովին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Արևելյան գործընկերության նախարարական տեսաժողովին

Հուլիսի 1-ին տեղի ունեցավ ԱլԳ ԱԳ նախարարական տեսաժողովը, որին մասնակցում էին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին և Արևելյան գործընկերության երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները: Վերջիններս տեսաժողովի ընթացքում հանգամանորեն մտքեր փոխանակեցին ԱլԳ հետ-2020 օրակարգի հինգ երկարաժամկետ նպատակների շուրջ և անդրադարձ կատարեցին Առաջնորդների տեսագագաթաժողովի ժամանակ ծավալված քննարկումներին ու հաջորդ տարվա մարտին ծրագրվող լիարժեք գագաթաժողովին ընդառաջ իրականացվելիք աշխատանքներին: Իր խոսքում անդրադառնալով ԱլԳ հետ-2020 օրակարգի հինգ երկարաժամկետ նպատակներին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանի պարագայում բոլոր այդ նպատակները, մասնավորապես՝ տոկուն, կայուն և ինտեգրված տնտեսությունները, հաշվետու կառույցները, իրավունքի գերակայությունը, անվտանգությունը, տոկուն, արդար և ներառական հասարակությունները, ինչպես նաև թվային փոխակերպումն ու բնապահպանական տոկունությունը, մեծապես համընկնում են Հայաստանի կառավարության, նրա մանդատի առաջնահերթություններին. ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն իր հերթին ևս ներառում է սույն նպատակները: «Մենք ունենք Եվրամիության հետ մեր համագործակցության հիմքը հանդիսացող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, և այն բավականին ընդգրկուն է. ունի այդ թվում ոլորտային համագործակցությանը, ազատությանը, արդարադատությանը վերաբերող մասեր, որոնք ներառում են վերոնշյալ հինգ նպատակները: Կարծում եմ՝ Արևելյան գործընկերությունը եղել և մնում է համախմբման շատ կարևոր հարթակ՝ ուժեղացնելու ազգային ջանքերը, ծրագրերը և առաջնահերթությունները: Ուստի քննարկումներն առավել պետք է կենտրոնանան այն մանրամասների վերհանման վրա, որոնք հնարավորություն կընձեռեն ամրապնդելու մեր ազգային առաջնահերթությունների հասցեագրմանն ուղղված ազգային ջանքերը և ուրվագծել համագործակցության առավելությունները: Եվրամիությունը շարունակում է լինել Հայաստանի համար շատ կարևոր գործընկեր բոլոր ոլորտներում, որոնք ուրվագծված են ՀԸԳՀ-ով և մեր բարեփոխումների և զարգացման ծրագրով»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը: Արևելյան գործընկերության համատեքստում տարբերակման սկզբունքը լավագույնս օգտագործելու առումով նախարար Մնացականյանն ընդգծեց, որ տարբերակումը պետք է զուգակցվի ներառականությամբ, ինչն անչափ կարևոր է: «Եթե տարբերակումը դիտարկենք որպես մասնատում և տարանջատում, կարծում ենք՝ դա կարող է վտանգավոր լինել այս նախագծի համար. մասնատումն ու տարանջատումը կարող են հանգեցնել Արևելյան գործընկերության անկմանը, հետագայում՝ նաև ավարտին։ Կարծում եմ, որ կողմերից և ոչ մեկը դա չի ցանկանա: Ուստի, տարբերակումն ու ներառականությունը չպետք է կիրարկվեն մասնատման և տարանջատման համատեքստում»։ 
10:12 - 02 հուլիսի, 2020
Ավետ Ադոնցը մասնակցել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ ԱՀԿ կողմից ձեռք բերված թեստերի ներկայացման արարողությանը

Ավետ Ադոնցը մասնակցել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ ԱՀԿ կողմից ձեռք բերված թեստերի ներկայացման արարողությանը

Հուլիսի 1-ին ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում» տեղի է ունեցել ԵՄ ֆինանսական աջակցությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ձեռք բերված նոր տիպի կորոնավիրուսի ախտորոշման 10,000 թեստերի ներկայացման արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը: Ներկայացված թեստերը հնարավորություն կընձեռեն երկրի ողջ տարածքում իրականացնել ավելի լայնամասշտաբ անվճար ախտորոշում՝ 75 րոպեի ընթացքում տրամադրելով թեստավորման ճշգրիտ արդյունքներ: Այս աջակցությունը համերաշխության և միասնության ևս մեկ դրսևորում է համավարակի դեմ համատեղ պայքարում։
21:25 - 01 հուլիսի, 2020
Մամեդյարովի հետ տեսակոնֆերանսին Մնացականյանն ընդգծել է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների անթույլատրելիությունը

Մամեդյարովի հետ տեսակոնֆերանսին Մնացականյանն ընդգծել է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների անթույլատրելիությունը

Հունիսի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը, որն անցկացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։ ԱԳՆ լրատվական ծառայությունը հայտնում է, որ տեսակոնֆերանսի ընթացքում անդրադարձ է կատարվել համավարակային պայմաններում խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակին: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ և ապակառուցողական հայտարարությունների անթույլատրելիությունը՝ նշելով, որ դրանք վնաս են հասցնում խաղաղ գործընթացի միջավայրին և խոչընդոտում ժողովուրդների խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացումը: Միևնույն ժամանակ նախարար Մնացականյանը կարևորել է Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության շարունակական ապահովման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ազատ և անվտանգ տեղաշարժի միջոցով: Հանդիպման ընթացքում քննարկվել են առերես հանդիպումների և համանախագահների տարածաշրջան այցի հնարավորությունները՝ կախված համավարակային իրավիճակի զարգացումների հետ: Միևնույն ժամանակ ընդգծվել է գալիք ամիս հեռավար կապով շփումները շարունակելու պատրաստակամությունը:
19:04 - 30 հունիսի, 2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ

Հունիսի 29-ին տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ։ Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների և դրանց հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակով ձեռնարկվող քայլերի շուրջ՝ ընդգծելով համավարակի դեմ պայքարում միջազգային համերաշխության և համագործակցության կարևորությունը։ Այդ համատեքստում նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ կառավարությանը՝ Հայաստանին ցուցաբերվող ֆինանսական աջակցության համար։   Զոհրաբ Մնացականյանը և Ֆիլիպ Ռիքերն անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի: Կարևորվեց հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության և Առևտրի ու ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի շրջանակներում ինչպես հեռավար, այնպես էլ՝ համավարակից հետո անմիջական ձևաչափով շփումների շարունակումը և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:  ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը մտքեր փոխանակեցին Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շուրջ, որը ներառում է կառուպցիայի դեմ պայքարի, արդարադատության, իրավապահ ոլորտները: Այս համատեքստում նախարար Մնացականյանը բարձր գնահատեց ԱՄՆ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև քաղաքացիների հետ ընդունման հարցերով համագործակցությանը: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը հայտնեց, որ արժևորելով այդ ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը՝ ԱՄՆ Ազգային անվտանգության դեպարտամենտը դուրս է բերել Հայաստանը ռիսկային երկրների ցանկից և ներառել քաղաքացիներին հետ ընդունման հարցերով համագործակցող երկրների ցանկում: «Կրոնական ազատությունների դաշինքի» շրջանակներում համագործակցության համատեքստում նախարար Մնացականյանը ներկայացրեց մերձավորարևելյան տարածաշրջանում կրոնական և էթնիկ փոքրամասնությունների պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ Հայաստանի կողմից նախաձեռնված ծրագրերը: Զոհրաբ Մնացականյանը և Ֆիլիպ Ռիքերը քննարկեցին նաև միջազգային և տարածաշրջանային կարևորության մի շարք հարցեր: Հայաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարը մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ:
11:50 - 30 հունիսի, 2020
Մարտի 15-ից մինչ այժմ պարետատան ու ԱԳՆ ջանքերով շուրջ 8000 ՀՀ քաղաքացիներ աշխարհի տարբեր երկրներից տեղափոխվել են Հայաստան

Մարտի 15-ից մինչ այժմ պարետատան ու ԱԳՆ ջանքերով շուրջ 8000 ՀՀ քաղաքացիներ աշխարհի տարբեր երկրներից տեղափոխվել են Հայաստան

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարտի 15-ից մինչ այժմ պարետատան ու ԱԳՆ ջանքերով շուրջ 8000 ՀՀ քաղաքացիներ, որոնք կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված չէին կարողանում վերադառնալ հայրենիք, աշխարհի տարբեր երկրներից տեղափոխվել են Հայաստան: Ընդ որում, 2200-ի տեղափոխումը տարբեր բարերարների աջակցությամբ, ինչպես նաև վարված բանակցությունների արդյունքում կազմակերպվել է անվճար: Տեղափոխումների աշխարհագրությունը շատ լայն է. ԱՄՆ-ից մինչև Թուրքիա, Հնդկաստանից մինչև Ռուսաստան:Իսկ ընդհանուր առմամբ պարետատան կողմից տրված թույլտվությունների հիման վրա իրականացված թռիչքների արդյունքում Հայաստան են վերադարձել ավելի քան 40 000 ՀՀ քաղաքացի:Պարետատան կազմակերպած չորս հատուկ չվերթներով Չինաստանից Հայաստան են տեղափոխվել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակներ, այդ թվում թոքերի արհեստական օդափոխման սարքեր, թթվածնի մատակարարման կայաններ ու կոնցենտրատորներ, կորոնավիրուսի ախտորոշման թեստեր, բիոքիմիական հումք թեստեր պատրաստելու համար, բժշկական պաշտպանիչ արտահագուստ ու դիմակներ»:
10:49 - 30 հունիսի, 2020
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի ելույթը

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի ելույթը

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը  մեկնաբանություն է տարածել  Ադրբեջանի նախագահի՝ N զորամասի բացմանն ունեցած ելույթի վերաբերյալ։ Մեկնաբանության մեջ ասվում է․ «Ադրբեջանի նախագահի՝ N զորամասի բացմանն ունեցած ելույթն ակնհայտորեն վկայում է, որ այդ երկրի իշխանությունները տեսնում են Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները որպես իրենց իշխանության սպառնալիք:  Ակնհայտ է, որ մեկ ընտանիքի կողմից մի քանի տասնամյակ ձգվող իշխանությունը, որը պատմության մեջ կմնա կոռուպցիայի գլոբալ ինդեքսներում Ադրբեջանին առաջատար դիրքերի ապահովմամբ, տխրահռչակ լանդրոմատով, սեփական ժողովրդին խոսքի և այլ ազատությունների ճնշմամբ, բոլոր հիմքերն ունի կանխակալ վերաբերմունք ունենալ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին: Կարծում ենք, որ հակամարտության շահարկմամբ ժողովուրդների հանդեպ թշնամանքի խրախուսման մեջ իր լեգիտիմությունը փնտրող Ալիև գերդաստանը պետք է ոչ թե դասարակագային ատելություն ցուցաբերի ժողովրդավարական գործընթացների արդյունքում ձևավորված Հայաստանի իշխանությունների հանդեպ, այլ առնվազն ընդունի, որ ադրբեջանական ժողովուրդը նույնպես արժանի է ժողովրդավարության: Վստահ ենք, որ ժողովուրդներին կարող են հաշտեցնել և տարածաշրջանային խաղաղության և կայունությանը նպաստ բերել ոչ թե իշխանությունը ժառանգած, այլ ժողովրդի կողմից կազմավորված և ժողովրդի առջև հաշվետու իշխանությունները»:
19:03 - 26 հունիսի, 2020
Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Այսօր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին։ Նախարար Մնացականյանը ևս մեկ անգամ շնորհավորեց իր գործընկերոջը պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ` մաղթելով նրան նորանոր հաջողություններ իր ստանձնած կարևոր առաքելության մեջ։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, ի շարունակություն Երևանում հունիսի 19-ին կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի քննարկումներին, մտքեր փոխանակեցին ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: Նախարար Մնացականյանն ընդգծեց Արցախի ժողովրդի և նրա կողմից ընտրված իշխանության դերը խաղաղ կարգավորման գործընթացում: Այդ առնչությամբ երկուստեք կարևորվեց նման ձևաչափով պարբերական հանդիպումների անցկացումը՝ խաղաղ գործընթացի բովանդակային, ռիսկերի նվազեցման և հումանիտար հարցերի շուրջ դիրքորոշումների և մոտեցումների ճշգրտման առումով:  Նախարարներ Մնացականյանը և Մայիլյանը բարձր գնահատեցին Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև միջազգային և տարածաշրջանային տարբեր հարցերի շուրջ խորհրդակցությունների անցկացումը՝ որպես լավ հնարավորություն` անդրադառնալու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին և համագործակցության հեռանկարներին: Նախարարներն անդրադարձան նաև նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրադրությանը և վերջինիս սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: 
19:30 - 25 հունիսի, 2020
Ստորագրվեց Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան․ ԱԳՆ

Ստորագրվեց Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան․ ԱԳՆ

Հունիսի 24-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատտաինի-Դրագոնիի ներկայությամբ ՀՀ անունից ստորագրեց Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Կոնվենցիայով ամրագրվում է պաշտոնական փաստաթղթերի հասանելիության ընդհանուր իրավունքը։ Կոնվենցիան հնարավորություն է ստեղծում չափանիշներ ներդնել ազգային օրենսդրությունում և պրակտիկայում, որոնք ապահովում են պետական կառույցների գործունեության առավել բարձր թափանցիկությունը, ինչը լավ կառավարման և իրապես ժողովրդավար և բազմակարծությամբ նշանավորվող հասարակության կարևոր ցուցանիշ է։ Այն նաև հնարավորություն է ընձեռում անհատին լիարժեքորեն իրացնել իր հիմնարար իրավունքները՝ բարձրացնելով քաղաքացու վստահությունը պետական մարմինների նկատմամբ։ Կոնվենցիան նախատեսում է նաև ազգային օրենսդրությամբ պաշտոնական փաստաթղթերի մատչելիության հնարավոր սահմանափակումներ՝ տարբեր բնագավառներում (ազգային անվտանգություն, պաշտպանություն, միջազգային հարաբերություններ) շահերի պաշտպանության նպատակով։ Կոնվենցիայով սահմանվող հանձնառությունները Հայաստանն արդեն լիովին իրականացրել է ազգային օրենսդրությամբ և պրակտիկայով: Մեր երկիրն արդեն իսկ ունի տեղեկատվության ազատության ոլորտում այլ երկրների համար օրինակելի պրակտիկա, հետևաբար, կոնվենցիային միանալով, Հայաստանի Հանրապետությունը ևս մեկ անգամ վերահաստատում է Եվրոպայի խորհրդի երկրներում պետական մարմինների գործունեության թափանցիկության և տեղեկատվության հանրային մատչելիության առաջմղման կարևորությունը և այդ հարցում ՀՀ կառավարության հանձնառությունը։
09:32 - 25 հունիսի, 2020
Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները ՀՀ ուսումնական հաստատություններ ընդունելության համար փաստաթղթերը կարող են ներկայացնել  առցանց

Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները ՀՀ ուսումնական հաստատություններ ընդունելության համար փաստաթղթերը կարող են ներկայացնել առցանց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 700-Ն և ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 1295-Ն որոշումները, սկսում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2020-2021 ուսումնական տարում ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունվելու համար: Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները փաստաթղթերն առցանց պետք է ներկայացնեն ԿԳՄՍ նախարարություն հետևյալ ժամկետներում՝ անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար.2020թվականի հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ. վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսանելու համար.2020 թվականի հուլիսի 13-ից մինչև սեպտեմբերի 25-ը ներառյալ, վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ուսանելու համար.2020 թվականի հուլիսի 13-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ, վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսանելու համար.2020 թվականի հուլիսի 13-ից մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ, վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ուսանելու համար.2020 թվականի հուլիսի 13ից մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ, վճարովի առկա ուսուցմամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) և վճարովի առկա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանելու համար.2020 թվականի հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ, հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանելու համար2020 թվականի հուլիսի 13-ից մինչև նոյեմբերի 20 -ը ներառյալ, վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում ուսանելու համար2020 թվականի հուլիսի 13-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ: Փաստաթղթերն առցանց ԿԳՄՍ նախարարություն ներկայացվում են` դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից բարձրագույն ուսումնական հաստատության կողմից, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով. Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը Դիմում` համաձայն կից ներկայացված ձևի, Դիմում-հարցաթերթիկ` համաձայն կից ներկայացված ձևի, բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից), անձնագրի պատճեն, սփյուռքահայ դիմորդների համար` ծննդյան վկայականի պատճեն` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականի պատճեն, կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)` թարգմանված և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ), 3x4 չափսի 1 լուսանկար, ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով, հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում, հայերենով, ռուսերենով կամ անգլերենով: Դիմորդները վերոնշյալ 1-9-րդ կետերով պահանջվող փաստաթղթերը սահմանված ժամկետներում պետք է ներկայացնեն առցանց՝ ԿԳՄՍ նախարարության [email protected] էլեկտրոնային հասցեին։ Գիտելիքների գնահատման ընթացքում դիմորդները պարտավոր են 1-9-րդ կետերով պահանջվող փաստաթղթերի բնօրինակները ներկայացնել ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն կամ տվյալ ուսումնական հաստատություն: Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը, սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների գիտելիքների ստուգման ժամանակացույցը կարող է փոփոխվել: Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձինք (այդ թվում՝ օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդներ) Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո ենթակա են 14 օրյա ինքնամեկուսացման: Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության հետևյալ բաժիններին՝ սփյուռքի հետ կապերի բաժին (հեռ.+374 10-599-647) արտաքին կապերի բաժին (հեռ.+374 10-599-646) Առավել մանրամասն՝ escs.am-ում
13:07 - 24 հունիսի, 2020
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցեց ԵԱՀԿ 2020թ. Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցեց ԵԱՀԿ 2020թ. Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին

Հունիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը տեսակապի ձևաչափով մասնակցեց ԵԱՀԿ 2020թ. Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին: Համաժողովի բացման նիստում հանդես եկան ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և արտաքին գործերի նախարար Էդի Ռաման և ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը: Համաժողովին ելույթով հանդես եկավ նաև ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը: Հիշելով Հելսինկիի եզրափակիչ ակտի ստորագրման 45-րդ տարելիցը` նա նշեց, որ 1975թ. ի վեր ԵԱՀԿ ընտանիքի էական ընդլայնումը տեղի է ունեցել դրա սկզբունքների՝ ներառյալ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կիրառման շնորհիվ:: Ապիտոնյանն ընդգծեց, որ Հայաստանը և Արցախը շարունակում են հավատարիմ մնալ 1994թ. հրադադարի մասին անժամկետ համաձայնագրի տառին և ոգուն: ԱԳ նախարարի տեղակալը հիշատակեց լրագրողների փոխանակումը հակամարտության բոլոր երեք կողմերի միջև, որպես վստահության ձևավորման լավ օրինակ, ինչը կարող է նպաստել լարվածության նվազեցմանն ու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար նպաստավոր պայմանների ստեղծմանը։ Ապիտոնյանը մտահոգություն հայտնեց, որ, այդուհանդերձ, հարևան երկրում պետական մակարդակով հնչող շարունակական ռազմատենչ հռետորաբանությունը, տարածքային պահանջների առաջ քաշումը, պատմությունը վերաշարադրելու փորձերը խոչընդոտում են խաղաղ գործընթացին: ԱԳ փոխնախարարն ընդգծեց, որ Հայաստանն առաջիններից էր, ով իր աջակցությունը հայտնեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ գլոբալ հրադադար հաստատելու կոչին: Հայաստանը ողջունեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ զսպվածություն ցուցաբերելու և հակամարտության գոտում իրավիճակը վտանգող ցանկացած գործողությունից հրաժարվելու կոչը՝ նկատի ունենալով ներկայումս դիտարկումների անցկացման սահմանափակումները: ԱԳ նախարարի տեղակալը նշեց, որ չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և Մինսկի խմբի համանախագահների կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը՝ այդ թվում թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները: Ավելին, անցկացվել են լայնածավալ զորավարժություններ՝ ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի դրույթների խախտումներով՝ սրելով առանց այն էլ փխրուն անվտանգային իրավիճակը: Իր խոսքում Արտակ Ապիտոնյանն ընդգծեց, որ ճգնաժամերի դեպքում, ինչպիսին է Covid-19 համաճարակը, առավել կարևորվում է ԵԱՀԿ ներկայությունը հակամարտության գոտում:    
20:51 - 23 հունիսի, 2020
Ջավախքցի դիմորդները զրկված են Հայաստան ընդունվելու հնարավորությունից |jnews.ge|

Ջավախքցի դիմորդները զրկված են Հայաստան ընդունվելու հնարավորությունից |jnews.ge|

<h3jnews.ge: class="post-title">Ջավախքցի դիմորդները զրկված են Հայաստան ընդունվելու հնարավորությունից Դիտումների քանակը: 1834|նորություններ|22.06.2020     Ջավախքցի դիմորդները, ովքեր ուզում են բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանում, փակ սահմանների պատճառով չեն կարողանում մասնակցել ազգային միասնական քննություններին: Մի քանի տասնյակ դիմորդներ հավաքական նամակ են գրել Հայաստանի համապատասխան գերատեսչություններին, խնդրանքով, որ իրենց հնարավորություն տրվի մասնակցել քննություններին: Բանն այն է, որ կորոնավարակի համաճարակի պատճառով արդեն մի քանի ամիս է փակ են միջպետական սահմանները, այդ թվում՝ հայ-վրացական սահմանը: Այդ իսկ պատճառով օտարերկրյա դիմորդները չեն կարողանում Հայաստանում մասնակցել ազգային միասնական քննություններին: Ջավախքցի դիմորդների հավաքական նամակում մասնավորապես նշված է. «Մենք՝ հայ դիմորդներս, չենք կարող հատել հայ-վրացական սահմանը և մասնակցել միասնական ազգային քննություններին Հայաստանում գտնվող քննական կենտրոններում: Խնդրում ենք աջակցել մեզ և ստեղծել քննական հանձնաժողով և քննական կենտրոն Վրաստանի տարածքում: Մենք հայ ենք, Վրաստանի քաղաքացի և ցանկանում ենք բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանի հանրապետության բուհերում»: Վրաստանի քաղաքացի հայ դիմորդները դիմում են՝ Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին, Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Փաշայանին, Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին: Նամակն ստորագրել են մի քանի տասնյակ դիմորդներ: Նրանք հույս ունեն, որ Հայաստանի իշխանություններն ըմբռնումով կմոտենան իրենց խնդրանքին: Ամեն տարի Ջավախքից մոտավոր 250-300 դիմորդ ընդունվում է Հայաստանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ:
10:36 - 23 հունիսի, 2020
Սա մեկ երրորդով թարմացված բանաձև է, եւ ուժեղացնում է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգը․ Արտակ Ապիտոնյան

Սա մեկ երրորդով թարմացված բանաձև է, եւ ուժեղացնում է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգը․ Արտակ Ապիտոնյան

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի մեկնաբանությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի ընդունման վերաբերյալ ▪️Բանաձևը վայելում էր 58 երկրների համահեղինակումը, ընդ որում՝ այստեղ ներգրավված էին երկրներ բոլոր 5 տարածաշրջաններից՝ ԵՄ բոլոր անդամ երկրները, եվրոպական այլ երկրներ, Ասիայից, Աֆրիկայից, Կենտրոնական և Լատինական Ամերիկայից, Ավտրալիան, Կանադան։ Նման լայնածավալ աջակցությունը վկայում է այն կարևորության մասին, որ միջազգային հանրությունը հատկացնում է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգին։ ▪️Բանաձևը ևս մեկ անգամ կոչ է անում ուշադրություն դարձնել մարդու իրավունքների զանգվածային խախտումներին, քանի որ ընդունված փաստ է, որ այդ զանգվածային խախտումները, որոնք ունենում են էթնիկ, կրոնական և այլ բաղադրիչ, հետագայում կարող են հանգեցնել ցեղասպանությունների։ Մեր ներկայացրած բանաձևը ևս մեկ անգամ ամրապնդում է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի, Ցեղասպանությունների կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի, ՄԱԿ-ում մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունների, մարդու իրավունքների մոնիթորինգային մարմինների հատուկ ընթացակարգերի միջև սերտ կապի հաստատումը՝ որպես վաղ կանխարգելման միջոցների ամրապնդման կարևորագույն գործոն: Հատուկ շեշտադրվում է կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունների կանխարգելման դերը՝ որպես ցեղասպանությունների կանխարգելման կարևորագույն մաս. գաղտնիք չէ, որ ցեղասպանությունների ընթացքում նրանց հանդեպ բռնությունները հանդիսանում են գործողությունների բաղադրիչ։ Այս տարի ներդրված մեկ այլ նորամուծություն հուշարձանների պահպանման և հուշարձանների, հիշատակի վայրերի պահպանման կարևորությունն է՝ որպես ցեղասպանությունների կանխարգելման և ցեղասպանությունների վերաբերյալ հիշողության փոխանցման կարևորագույն խնդիր։ Ներկայացվում է նաև ժխտողականության դեմ պայքարի անհրաժեշտությունը, և, մասնավորապես, նախկինում գործած ցեղասպանությունների ժխտումը կամ արդարացումը համարվում է գործոն, որը կարող է նպաստել բռնությունների վերսկսմանը։ Բանաձևի կարևորագույն բնութագրիչներից է ցեղասպանությունների կանխարգելմանը հատուկ գործնական քայլերով ուղղորդելու անհրաժեշտությունը, որն էլ ավելի ամրապնդում է միջազգային հանրության ջանքերն այդ սարսափելի ոճրագործությունն այլևս երբեք թույլ չտալու ուղղությամբ։  Այս բանաձևը ևս մեկ որակապես նոր քայլ է, մեկ երրորդով թարմացված բանաձև է և բերում է բազմաթիվ նոր բաղադրիչներ ցեղասպանությունների կանխարգելման օրակարգն ուժեղացնելու համար։
22:16 - 22 հունիսի, 2020