ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Ադրբեջանի ղեկավարությունը հանդես է գալիս որպես սպառնալիք տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ սեփական ժողովրդի համար․ ԱԳՆ

Ադրբեջանի ղեկավարությունը հանդես է գալիս որպես սպառնալիք տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ սեփական ժողովրդի համար․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի ՊՆ կողմից Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծման վերաբերյալ սպառնալիքի առնչությամբ․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության հնչեցրած սպառնալիքը հրթիռակոծելու Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը վկայում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հուսահատության մակարդակի և մտքի ճգնաժամի մասին:  Այն գործողությունները, որոնցով սպառնում է Ադրբեջանի ՊՆ-ն, հանդիսանում են  ընդհանուր առմամբ միջազգային հումանիտար իրավունքի և, մասնավորապես, Ժնևյան կոնվենցիայի առաջին լրացուցիչ արձանագրության աղաղակող խախտում: Նմանօրինակ սպառնալիքները  պետական ահաբեկչության ուղղակի դրսևորում են և արտահայտում են Ադրբեջանի ցեղասպան մտադրությունները:  Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունը նման հայտարարություններով հանդես է գալիս որպես սպառնալիք տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ սեփական ժողովրդի համար: Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հնչեցրած միջուկային սպառնալիքները, որոնք վկայում են միջազգային հանրության այդ անդամի ողջամտության և պատասխանատվության բացարձակ բացակայության մասին: Ադրբեջանը պետք է օր առաջ հրապարակայնորեն հրաժարվի այս սպառնալիքներից»:
21:59 - 16 հուլիսի, 2020
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին

Հուլիսի 16-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին: Հանդիպման ընթացքում նախարար Մնացականյանը դեսպաններին ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող շարունակական ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը: ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ ընդգծեց մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ առավել վաղ ձեռք բերված պայմանավորվածության խախտմամբ հուլիսի 16-ին Ադրբեջանի կողմից գործողությունների վերսկսումը ՀՀ պետական սահմանի ուղղությամբ՝ Տավուշի մարզի Մովսես և Այգեպար գյուղերի հատվածում: Նախարարի խոսքով՝ ադրբեջանական կողմի այս գործողություններն ուղեկցվել են քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության դիտավորյալ թիրախավորմամբ։ ԱԳ նախարարն առանձնահատուկ ընդգծեց կրակի դադարեցման և 1994թ. հրադադարի լիակատար վերականգնման, պահպանման և ամրապնդման անհրաժեշտությունը։  Տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման համատեքստում Զոհրաբ Մնացականյանը դատապարտեց Թուրքիայի ռազմաքաղաքական վերնախավի կողմից տարածաշրջանի անվտանգային համակարգի խարխլմանն ուղղված հայտարարությունները և Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին ցուցաբերվող բացահայտ աջակցությունը։   
20:54 - 16 հուլիսի, 2020
Թուրքիայի ԱԳՆ-ը արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի՝ Թուրքիայում հնչած վերջին հայտարարությունների առնչությամբ հուլիսի 15-ի հայտարարությանը |ermenihaber.am|

Թուրքիայի ԱԳՆ-ը արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի՝ Թուրքիայում հնչած վերջին հայտարարությունների առնչությամբ հուլիսի 15-ի հայտարարությանը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի արտգործնախարարությունը արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի՝ Թուրքիայում հնչած վերջին հայտարարությունների առնչությամբ հուլիսի 15-ի հայտարարությանը։ Հայտարարության մեջ Թուրքիան Հայաստանին մեղադրել է «երկերեսանի պահվածք դրսևորելու և Հարավային Կովկասում մնայուն խաղաղության և կայունության հաստատման դեմ  իրական խոչընդոտ հանդիսանալու մեջ»։ Թուրքիայի համոզմամբ՝ Հայաստանի մոտեցումը մի մտածելակերպի դրսևորում է, որն «իր ինքնությունը ստեղծում է  պատմության միակողմանի ընկալումից միայն թշնամանք քաղելով և ջանում է միջազգային իրավունքի դեմ իր ագրեսիան օրինական ներկայացնել» և հավելել, որ այդ դիրքորոշումը  Թուրքիայի համար «զարմանալի չէ»։ Այնուհետև կրկնելով իրենց գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հոխորտանքը, շեշտվել է․ «անհրաժեշտ է, որ Հայաստանի պետական մարմինները խելքները գլուխները հավաքեն և հնարավորինս շուտ սովորեն լինել Հարավային Կովկասում ոչ թե խնդրիների, այլ լուծումների մաս»։
13:32 - 16 հուլիսի, 2020
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձեռնարկում է արկածախնդիր քայլեր, որոնց համար պատասխան է տալու նաև սեփական ժողովրդի առաջ․ ԱԳՆ

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձեռնարկում է արկածախնդիր քայլեր, որոնց համար պատասխան է տալու նաև սեփական ժողովրդի առաջ․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի ուղղությամբ ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ. Հուլիսի 16-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը գրոհային խմբերի միջոցով վերսկսել են գործողություններ ՀՀ պետական սահմանի ուղղությամբ՝ Տավուշի մարզի Մովսես և Այգեպար գյուղերի հատվածում, որն ուղեկցվել է ականանետների և հրանոթների կիրառմամբ: ՀՀ ԶՈւ կողմից համարժեք պատասխանից հետո ադրբեջանական ուժերը կորուստներով հետ են մղվել: Հաջողություն չարձանագրելով մարտի դաշտում՝ ադրբեջանական ստորաբաժանումներն անցել են Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծման՝ հանցավոր կերպով թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները և բնակչությունը։ Հատկանշական է, որ այս ագրեսիվ գործողությունը տեղի է ունեցել մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ առավել վաղ ձեռք բերված պայմանավորվածության ուխտադրուժ խախտմամբ և սահմաններին հարաբերական անդորրի հաստատումն արձանագրող ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահների հուլիսի 15-ի հայտարարությունից հետո: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր իսկ անհեռատես քաղաքականության արդյունքում հայտնվել է փակուղային իրավիճակում և այժմ ձեռնարկում է արկածախնդիր և ոչ կշռադատված քայլեր, որոնց համար պատասխան է տալու նաև սեփական ժողովրդի առջև։ ԱԳ նախարարը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ: Ստեղծված իրավիճակում հրամայական են հրադադարի անվերապահ և լիակատար վերականգնման, պահպանման և ամրապնդման ջանքերը:
11:25 - 16 հուլիսի, 2020
Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ին խնդրանքով դիմելու մասին լուրերին |armenpress.am|

Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ին խնդրանքով դիմելու մասին լուրերին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների խնդրով դիմելու մասին լուրերին: Մնացականյանը «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանը հետևողական երկխոսության մեջ է ՀԱՊԿ-ի գործընկերների հետ: Լրագրողի հարցին. «լուրեր կային, որ Հայաստանը խնդրել է ՀԱՊԿ-ին, որը ղեկավարում է Ռուսաստանը, հադիպել այդ հարցի շուրջ և գործողություններ ձեռնարկել, բայց որի արձագանքը, կարծես թե, ինչ-որ տեղ աղոտ էր, ո՞րն է Հայաստանի վերաբերմունքն այդ պատասխանին», Մնացականյանը նշել է, որ չի համաձայնի այդ գնահատականի հետ: «Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Դա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն է, և մեր գործընկերների հետ մենք ակնհայտորեն բարձրացնում ենք հարցեր, որոնք վերաբերում են ՀԱՊԿ տարածքին, որի մաս է կազմում Հայաստանը: Մենք տեղեկացնում ենք մեր գործընկերներին զարգացումների վերաբերյալ և բարձրացնում ենք հարցեր, որոնք, ինչպես այս դեպքում, անհրաժեշտ ենք համարում հավաքական գործողության ներկայացման համար: Ակնհայտորեն, որպես Կազմակերպություն՝ իր կանոնադրությամբ, մենք մեր ձեռքում ունենք ողջ գործիքակազմը, սակայն մենք գնահատում ենք իրավիճակը, գնահատում ենք իրավիճակով պայմանավորված գործողությունները: Մենք կապի մեջ ենք և հետևողական երկխոսության մեջ ենք ՀԱՊԿ մեր գործընկերների հետ»,- ասել է նախարարը:
19:45 - 15 հուլիսի, 2020
Թուրքիայի կողմնակալ և սադրիչ կեցվածքը լուրջ վնաս է հասցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. ԱԳՆ

Թուրքիայի կողմնակալ և սադրիչ կեցվածքը լուրջ վնաս է հասցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Թուրքիայում հնչած վերջին հայտարարությունների առնչությամբ․ «Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Տավուշ մարզի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ձեռնարկած հարձակումից հետո Թուրքիայի ղեկավարությունը՝ այդ թվում նախագահը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, հանդես են եկել մի շարք պաշտոնական հայտարարություններով: Այդ հայտարարություններում առկա են ոչ միայն Ադրբեջանին անվերապահ աջակցության հանձնառություն, այլև Հարավային Կովկասի հանդեպ անթաքույց տարածաշրջանային հավակնություններ, որոնք Թուրքիայի նախագահը և նրան ձայնակցող պաշտոնյաները փորձում են հիմնավորել մեր տարածաշրջանում Թուրքիայի ‹‹պատմական առաքելության›› վկայակոչմամբ: Պատմական առաքելության և էթնիկ կամ կրոնական ընդհանրությունների վկայակոչմամբ Թուրքիան արդեն իսկ ապակայունացրել է իրավիճակը հարևան մի շարք տարածաշրջաններում՝ Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրականում և Հյուսիսային Աֆրիկայում՝ անասելի տառապանքներ պատճառելով այդ տարածաշրջանների ժողովուրդներին: Պետք է արձանագրել, որ 21-րդ դարում Թուրքիան մեր տարածաշրջանի հանդեպ քաղաքականությունը կառուցում է ցեղային ընդհանրությունների և Հայոց ցեղասպանության արդարացման և այդ հանցանքի անպատժելիության ավանդույթների վրա: Թուրքիայի կողմնակալ և սադրիչ կեցվածքը լուրջ վնաս է հասցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և փաստում է, որ Թուրքիան միջազգային՝ նախևառաջ ԵԱՀԿ, շրջանակներում չի կարող որևէ ներգրավում ունենալ հակամարտության առնչվող գործընթացներում: Թուրքիան այս մոտեցումներով հանդիսանում է Հայաստանի և մեր տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը, որի դիմակայումը պահանջում է լայն տարածաշրջանային և միջազգային համագործակցություն»:
18:49 - 15 հուլիսի, 2020
Հայաստանը չի դիմի ՌԴ-ին սպառազինությունների հավելյալ մատակարարումների հարցով. դեսպան |civilnet.am|

Հայաստանը չի դիմի ՌԴ-ին սպառազինությունների հավելյալ մատակարարումների հարցով. դեսպան |civilnet.am|

civilnet.am: Երևանը մտադիր չէ դիմել Ռուսաստանին սպառազինությունների հավելյալ մատակարարումների հարցով․ առկա սպառազինությունները բավարար են երկրի անվտանգության ապահովման համար: Այդ մասին «Ռիա նովոստի» գործակալության հետ զրույցում հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը: «Այսօրվա դրությամբ հավելյալ մատակարարումների անհրաժեշտություն չկա», - ասել է նա՝ պատասխանլով հարցին՝ Ադրբեջանի հետ սահմանին լարվածության աճի հետևանքով դիմելո՞ւ է արդյոք Հայաստանը Ռուսաստանին սպառազինությունների հավելյալ մատակարարումների հարցով: «Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը զարգանում է, կան պարտավորություններ և պայմանագրեր, որոնք քննարկում են մեր գերատեսչությունները: Այն պատվերները, որոնք կան և այն, ինչ մենք սպասում ենք պլանային ռեժիմում, այդ ամենը լիովին բավարար է մեր երկրի անվտանգության ապահովման համար: Այնպես որ, այսօր լրացուցիչ մատակարարումների մասին խոսք չկա»,- ընդգծել է դեսպան Տողանյանը:
18:24 - 15 հուլիսի, 2020
Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը Հայաստանի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը |azatutyun.am|

Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը Հայաստանի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն այսօր քննարկել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, օրակարգում են եղել նաև երկկողմ հարաբերություններին ու տարածաշրջանի անվտանգությանը վերաբերող այլ հարցեր։ «Ռուսական կողմը նշել է, որ շահագրգռված է Հայաստանի կայուն և ժողովրդավար զարգացմամբ, երկկողմ ռազմավարական հարաբերությունների հաստատուն խորացմամբ, ի հայտ եկող խնդիրների փոխշահավետ ու կառուցողական կարգավորմամբ, ինչը բնորոշ է մեր երկրների և ժողովուրդների դաշնակցային հարաբերություններին», - ասված է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ։ Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած երկու օրերին մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 11 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ, և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ:
16:28 - 15 հուլիսի, 2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ

Հուլիսի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Արտգործնախարարները քննարկեցին հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: Նախարար Մնացականյանն իր կիպրացի գործընկերոջը մանրամասն տեղեկատվություն տրամադրեց Ադրբեջանի սադրիչ գործողությունների, այդ թվում վերջինիս կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության թիրախավորման վերաբերյալ: Այս առնչությամբ Կիպրոսի ԱԳ նախարարը դատապարտեց Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան: Հայաստանի և Կիպրոսի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության հարցերի: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը խիստ անհանգստացնող գնահատեց հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ Թուրքիայի անվերապահ աջակցությունն Ադրբեջանի ագրեսիային՝ որպես տարածաշրջանում անկայունության հրահրման և անվտանգության խաթարմանն ուղղված թուրքական իշխանությունների գործելակերպի հերթական արտահայտություն:
11:44 - 15 հուլիսի, 2020
Հայաստանում Ուկրաինայի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ

Հայաստանում Ուկրաինայի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ

Հուլիսի 14-ին ՀՀ ԱԳՆ հրավիրվեց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան, որին ընդունեց ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Շավարշ Քոչարյանը դեսպանին ներկայացրեց ՀՀ ԱԳՆ գնահատականն հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության առնչությամբ։     Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին փոխանցեց նաև տեղեկատվություն հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ հուլիսի 12-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի խախտումների, քաղաքացիական ենթակառուցվածքների ու խաղաղ բնակչության շարունակական թիրախավորման, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի մասին: Ուկրաինայի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ ուկրաինական կողմի դիրքորոշումը բխում է Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների տարածքային ամբողջականությունից և ինքնիշխանությունից։
15:24 - 14 հուլիսի, 2020
ՄԻՊ-ը խստորեն դատապարտում է Հայաստանի քաղաքացիական բնակավայրի հրետանակոծումը

ՄԻՊ-ը խստորեն դատապարտում է Հայաստանի քաղաքացիական բնակավայրի հրետանակոծումը

Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անգլերենով պատրաստվում է երկրորդ միջանկյալ զեկույցը Տավուշի մարզի Չինարի, Այգեպար և Բերդ բնակավայրերի հրետանակոծությունների վերաբերյալ միջազգային կազմակերպություններին ուղարկելու համար։ Այս մասին հայտնում է ՄԻՊ-ը։Այսօր՝ հուլիսի 14-ին, Բերդ քաղաքից խաղաղ բնակիչները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել են, որ քաղաքը ենթարկվում է հրետանակոծության և ներկայացրել են մանրամասներ:Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրել է ՀՀ Պաշտպանության նախարարության և ՀՀ Արտաքին գործերի նախարարության հայտարարություններն այն մասին, որ ադրբեջանական կողմը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Հայաստանի Տավուշի մարզի Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակչությանը:Մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է Հայաստանի քաղաքացիական բնակավայրի հրետանակոծումը՝ խաղաղ բնակչության, նրանց առողջության ու կյանքի, սեփականության թիրախավորմամբ:Կատարված աշխատանքների մասին կհայտնենք լրացուցիչ տեղեկություններ:
12:39 - 14 հուլիսի, 2020
Թուրքիայի՝ ՀՀ-ի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում են, որ այդ երկիրը գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ

Թուրքիայի՝ ՀՀ-ի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում են, որ այդ երկիրը գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ

Հուլիսի 12-ին Թուրքիայի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով ոչ միայն իր երկրի անվերապահ աջակցությունն է հայտնում Ադրբեջանին՝ փաստացիորեն արդարացնելով Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին ուժի կիրառումը, այլև տարածում է բացահայտ սուտ և ապակողմնորոշիչ տեղեկատվություն: Թուրքիայի այս սադրիչ կեցվածքը և Հայաստանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում են այն իրողությունը, որ այդ երկիրը գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ: Այս իրողությունն առավել քան անհնար է դարձնում միջազգային՝ նախևառաջ ԵԱՀԿ շրջանակներում Թուրքիայի որևէ դերակատարում, որն առնչվում է ղարաբաղյան հակամարտությանը: Թուրքիայի ձգտումը՝ միջամտելու իր հարևան տարածաշրջաններում առկա հակամարտություններին, արդեն իսկ հանգեցրել են այդ տարածաշրջաններում անվտանգության խաթարմանը և անկայունության տարածմանը: Խստորեն դատապարտում ենք մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը և հաստատում, որ ՀՀ-ն շարունակելու է հետևողականորեն հանդես գալ միջազգային և տարածաշրջանային անվտանգության պահպանման և ամրապնդման դիրքերից՝ այդ ուղղությամբ սերտորեն համագործակցելով իր միջազգային գործընկերների հետ:
16:28 - 13 հուլիսի, 2020