Գյումրի

Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքն է, որը գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թ. դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թ․-ից։ Գործող քաղաքապետը Սամվել Բալասանյանն է։

Գյումրիի բուհերում դասերը բնականոն ընթանում են. ուսանողական բողոքներ չկան |factor.am|

Գյումրիի բուհերում դասերը բնականոն ընթանում են. ուսանողական բողոքներ չկան |factor.am|

factor.am:  Շուրջ մեկ շաբաթ է՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարել և պահանջում են Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Ուսանողների պահանջն է՝ չեղարկել «Բարձրագույն կրթության ու գիտության» մասին օրենքը նախագիծը, որով առաջարկվում է հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն առարկաները հանել բուհերի պարտադիր առարկայացանկից։ Ի տարբերություն մայրաքաղաքի բուհերի՝ Գյումրիում իրավիճակը հանգիստ է։ Նախօրեին միայն Շիրակի պետահամալսարանում մի խումբ ուսանողներ մեկ դասաժամ դասադուլ են հայտարարել, որից հետո դասերը վերսկսվել են։ Այս մասին ասաց ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը։ «Բողոքողները մի քանի բաժիններից էին՝ արվեստի, փիլիսոփայության, տնտեսագիտության, պատմության, երևի մի 7-8 հոգի էլ դասախոսներ էին ներկա։ Ես, համենայնդեպս, ինքս տեսել եմ ֆեյսբուքյան էջում նրանց 15 րոպեանոց ակցիան։ Ընդ որում՝ ասեմ, որ ակցիայից հետո նորից հետ են եկել լսարաններ»,- ասաց Երվանդ Սերոբյանը: Նա նշեց, որ հաջորդ օրն էլ ուսանողները փոքրիկ ակցիա են արել ու ոչ մի պահանջ չեն ներկայացրել։ «Ես չեմ ասում ընդհանրապես ոչինչ չի եղել, բայց եղել է շատ փոքր՝ մի 40 ուսանողով: Ուղղակի մոտեցա, խնդրեցի, որ ոչ մեկը չխանգարի, չոտնահարի մյուսի իրավունքը, իրենց իրավունքն է՝ կարող են բողոքի ակցիա անել, բայց ով է ուզում է դասի մասնակցել, նրան էլ պիտի հարգենք: Մեր զրույցից հետո գործնականում բոլոր ուսանողները գնացել են դասի»,- ասաց Սերոբյանը։ Նշենք նաև, որ նոյեմբերի 16-ին ՇՊՀ-ում տեղի է ունենալու բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահի և հետաքրքրված անդամների հանդիպումը ուսանողների ու աշխատակիցների հետ: Քննարկելու են «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում ևս հանգիստ իրավիճակ է, ուսանողական բողոքներ չկան։ Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Աշոտ Պապոյանի խոսքով՝ դասերը նորմալ ընթանում են: Նա նշեց նաև, որ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը չի քննարկվել, բայց ինքն անձամբ կողմ է նման փոփոխությանը։ «Գլոբալ առումով՝ մենք կողմ ենք նախագծին, կոնկրետ իմ դիրքորոշումն է՝ կողմ եմ դրան, որովհետև դա ճիշտ կողմնորոշում է, պետք չէ քաղաքականացնել։ Ուզում են, թող իրենց գիտական խորհուրդներով որոշեն և հայոց լեզուն ուսումնասիրեն՝ ինչքան ուզում են: Կողմ եմ, որ կամընտրական լինեն առարկաները։Ես գտնում եմ, որ եթե 12 տարի դպրոցում չի սովորել, 2 տարի բուհում էլ չի սովորելու։ Մանիպուլյացիաներ թող չանեն, որ բուհի հույսին է մնացել հանրակրթության իրականացումը»,- ասաց Աշոտ Պապոյանը:      
13:20 - 14 նոյեմբերի, 2019
Բողոքի ակցիա Գյումրիի հակատուբերկուլյոզային ինֆեկցիոն հիվանդանոցի հակատուբերկուլյոզային բաժանմունքում |shantnews.am|

Բողոքի ակցիա Գյումրիի հակատուբերկուլյոզային ինֆեկցիոն հիվանդանոցի հակատուբերկուլյոզային բաժանմունքում |shantnews.am|

shantnews.am։ Գյումրիի ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցի հակատուբերկուլյոզային բաժանմունքի աշխատակիցները հերթական ծանուցումն են ստացել, համաձայն որի` դեկտեմբերի 15-ից ազատվում են աշխատանքից: Օրեր առաջ աշխատակիցներն առաջին ծանուցումն էին ստացել, որը բուժաշխատողները հրաժարվել էին ստորագրել: Աշխատակիցները կառավարության որոշման դեմ բողոքի հերթական ակցիան են անցկացրել: Ըստ որոշման` մինչև տարեվերջ լուծարվելու են մարզային երկու և մայրաքաղաքում գործող տուբերկուլյոզային դիսպանսերները, իսկ ծառայությունների մատուցումը կենտրոնացվելու է միայն Աբովյանի ինֆեկցիոն տուբերկուլյոզային հիվանդանոցում: Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի հակատուբերկուլյոզային բաժանմունքի աշխատակիցները պահանջում են որոշման վերանայում: Իրենց բողոքի ակցիան բուժաշխատողները ո´չ աղմկելով, ո´չ էլ գործադուլով էին անցկացնում` աշխատակիցները հավաքվել էին միջանցքում ու իրենց պահանջն էին ներկայացնում: Բաժանմունքի լուծարման մասին նորից խոսելու առիթը հերթական, բայց փոխված բովանդակությամբ ծանուցումն էր, որը բուժաշխատողները ստացել են հոկտեմբերի 29-ին։ «Ծանուցման մեջ նշված է, որ բաժանմունքը արդեն փակվում է, չի օպտիմալացվում։ Առաջին ծանուցման մեջ նշված էր «օպտիմալացում», իսկ երկրորդում արդեն գրված է, որ «լուծարվում է բաժանմունքը»»,- ասում է Գյումրիի ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոցի հակատուբերկուլյոզային բաժանմունքի բուժքույր Վալյա Մելքոնյանը։ «Գոնե մեզ հետ կարող էին նստել, զրուցել, ալտերնատիվ առաջարկել, բայց նման վերաբերմունք, ճիշտն ասած, չէի սպասում: Առհասարակ, իմ մտքով չէր էլ անցնում, որ այս բաժանմունքը կփակվի»,- նշում է բաժանմունքի բժիշկ Ռուբեն Հակոբյանը: «Չլսել մարդկանց, մարդկանց խնդիրը տեղում չքննարկել, ճիշտ չէ, ուղղակի մարդիկ են որոշում կայացրել, որոնք շատ ծանոթ չեն Շիրակի մարզի մենթալիտետին ու բնակչությանը»,- անձնակազմի դժգոհությունն է ներկայացնում բաժանմունքի վարիչ Գայանե Մելքոնյանը։ Որպես բաժանմունքի լուծարման հիմնավորում` Առողջապահության նախարարությունը ներկայացրել էր հիվանդների քիչ թիվն ու թերբեռնվածությունը: Սա, ըստ բժիշկների, անհիմն է։ Շարունակությունը՝ shantnews.am-ում
12:48 - 08 նոյեմբերի, 2019
Ավտոմեքենաների մաքսազերծման համար մոտ 3 կմ-անոց հերթեր Գյումրիում |shantnews.am|

Ավտոմեքենաների մաքսազերծման համար մոտ 3 կմ-անոց հերթեր Գյումրիում |shantnews.am|

shantnews.am: Մինչ Գյումրու նոր ավտոմաքսատան շինաշխատանքների ավարտը, Բավրայի և Բագրատաշենի անցակետերով Հայաստան ներմուծվող մեքենաների մաքսազերծումը կազմակերպվում է հյուսիսային մաքսատուն-վարչությունում: Հոկտեմբերի 14-ից Գյումրիում սկսվեց Վրաստանից և Ճապոնիայից ներկրվող մեքենաների մաքսազերծումը, իսկ հոկտեմբերի 21-ից արդեն այստեղ են կատարվում նաև ինքնաշարժ եղանակով Հայաստան մուտք գործած մարդատար մեքենաների մաքսային ձևակերպումները: Հյուսիսային մաքսատուն-վարչությունում մեքենաների հերթեր են: Մաքսատունն աշխատում է ծանրաբեռնված՝ օրական մինչև 400 մեքենայի մաքսազերծում են ձևակերպում: Սա հյուսիսային մաքսատուն-վարչության համար աննախադեպ ծավալ է: Մաքսազերծման համար հերթ կանգնած մեքենաների շարասյունը Գյումրիում երեկ ձգվում էր մոտ 3 կմ, Շիրակացի փողոցում գտնվող մաքսատան տարածքից մինչև Անի թաղամասի վերջնամաս։ Ավտոմեքենա ներկրողներից ոմանք դեռ երեկ նախորդ օրվա ուշ երեկոյից են սպասում մաքսազերծմանը: Սա այն դեպքն է, երբ հերթը հաշվվում է ոչ թե մարդկանց քանակով, այլ ավտոմաքսատան վարչությունից ունեցած հեռավորությամբ: Խցանումներում են ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի, Ղազախստանի քաղաքացիներ: Մաքսազերծման սպասողների մեծ հերթ է գոյացել այն պատճառով, որ Հայաստան ներմուծվող մեքենաների քանակն է մեծացել: Ու նաև ինքնաշարժ եղանակով Բավրայի և Բագրատաշենի մաքսակետերով Հայաստան ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծումը միայն Գյումրիում է կատարվում: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանը տարանցիկ երկիր է դարձել նաև ԵԱՏՄ երկրների ավտոներկրողների համար:   Ներկրողները մի քանի տասնյակ մեքենա են միանգամից բերում: Նրանք մաքսազերծման համար մի քանի օր են Գյումրիում անցկացնում: Այդ նպատակով Գյումրիում բնակարաններ են վարձել: Սպասվում է, որ ավտոմեքենաների ներկրումների ծավալներն էլի կավելանան, ինչին Հյուսիսային մաքսատանը պատրաստ են: Հյուսիսային մաքսատուն-վարչության պետ Ռուսլան Գրիգորյանի խոսքերով՝ մինչ այս որոշումը, Հյուսիսային մաքսատանը օրական 50 մեքենա էր մաքսազերծվում, իսկ հիմա մինչև 400, ու սա առավելագույն քանակը չէ: Իսկ այսօրվա վիճակագրությունն այսպիսին էր, որ 3 ժամում 250 մեքենա էին մաքսազերծել: Ավտոներկրողները ևս մաքսային ձևակերպումների տևողությունից դժգոհ չէին ու ամեն ինչ համեմատության մեջ է: Ասում են` հիմա մաքսային ձևակերպումներն ավելի արագ ու հեշտ են կատարվում, քան, ասենք, 1 տարի առաջ Երևանում: Շարունակությունը՝ shantnews.am-ում
06:25 - 29 հոկտեմբերի, 2019
Բողոքի ակցիա Գյումրու լոկոմոտիվային դեպոյում. մարդատար եւ բեռնատար գնացքները չեն շահագործվի նաեւ վաղը |armtimes.com|

Բողոքի ակցիա Գյումրու լոկոմոտիվային դեպոյում. մարդատար եւ բեռնատար գնացքները չեն շահագործվի նաեւ վաղը |armtimes.com|

armtimes.com։ Երեկ կեսօրն անց բողոքի ակցիա է սկսվել Գյումրու լոկոմոտիվային դեպոյում: Մարդատար եւ բեռնատար գնացքները չեն շահագործվել: Գնացքները ոչ միայն Գյումրիից չեն շարժվել, այլեւ չեն եկել Երեւանից: Թբիլիսի մեկնող գնացքը եւս չի շահագործվել: Մեքենավարները ասացին, սա ոչ թե գործադուլ է, այլ իրենց իրավունքի պաշտպանություն: Ըստ նրանց, իրենք 11 ամիս առաջ էին նման բողոքի ակցիա արել, եւ ՀԿԵ ղեկավարությունից պահանջել էին աշխատավարձի չափի վերանայում: Խոստացել էին եւ խնդրել ժամանակ, որի հետ մեքենավարները համաձայնել եւ շարունակել են աշխատանքը մինչեւ երեկ առավոտ: «11 ամիս ամեն ամիս խաբելով աշխատցրել են: Ամեն անգամ մյուս ամիս, մյուս ամիս, ու դրանից հետո էլ էս նոր պռիկազն եղավ: Մենք կստանայինք 50 տոկոս երկարամյա աշխատավարձ, իրանք ասեցին արեք էդ 50 տոկոսն աշխատավարձ չհաշվենք, 25 տոկոսը դարձնենք պարգեւավճար, մյուս 25 տոկոսն էլ տանք մյուս աշխատակիցներին, որ ոգեւորվեն, աշխատեն: Հետո նոր հրաման եկավ, որ եթե երկաթգծի ղեկավարությունը չկարողանա իրա պատվերները կատարե, պռեմիան կկտրենք, մենք էլ բողոքեցինք ու բացատրեցինք, որ մեր աշխատանքը եթե թերի չի եղել, իրանք իրավունք չունին նման քայլ ենեն: Իրանք էդ մեր փողը տվեցին: Ու մենք էլ իրանց առաջարկեցինք, որ մեր գումարն ավելացնեն, էլ պռեմիա ու ուրիշ բաներ չտան: Իրանք համ գիշերային աշխատանքից են կտրել, 50-ից իջըցրին 30 տոկոս, համ վռեդնստից են կտրել էլի 20 տոկոս: Եղավ որ 40 տոկոս մեզնից հանել են: Հմի արդեն մեզի 40 պետք չէ, 30 տոկոս բարձրացնեն, մեկ ժամի համար 290 դրամ սարքեն, էլի աշխատինք: Ըսեցին ֆինանսկաան դակումենտ է, Ռուսաստանով է, մենք էլ համաձայնեցինք նորմալ աշխատանք, մինչեւ իրանք էդ հարցերը կարգավորեն: Էդ պակասով մինչեւ էսօր աշխատել ենք, բայց հմի լրիվ ուրիշ բան են բերել ու գումարն էլ չեն ավելցրել: Մենք համաձայն չենք, ու չենք աշխատի: Ոչ թե գործադուլ է, այլ, ով համաձայն չէ նոր պայմանի հետ չի աշխատել: Եթե մեկը կա, որ կաշխատի, ուրեմն թող աշխատի»,-ասացին մեքենավարները: Գյումրի ժամանած Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, պահանջվում է ներկա պահին գործող աշխատավարձի 30 տոկոսի բարձրացում: Ծագած խնդիրն օրվա ընթացքում քննարկել են ՀԿԵ ղեկավարության հետ: «Մենք ֆինանսական բլոկի հետ էլ զրուցեցինք, էն հնարավորությունը որը որ կա, եթե բոլորինն ենք բարձրացնում, 10 տոկոսի սահմաններում կլինի: Ես նաեւ առաջարկեցի, որ բոլոր հարցերը քննարկենք հոկտեմբերի 25-ին Մոսկվայում կայանալիք տնօրենների խորհրդի նիստում, բայց աշխատակիցներն ուզում են հենց հիմա այդ լուծումը գտնել: Նման բան հնարավոր չէ, որովհետեւ այդ տոկոսների տակ լուրջ ֆինանսական միջոցներ են, դա լուրջ հաշվարկ է պահանջում եւ այս պահին ՀԿԵ-ն չի կարող իրենց խոսք տա, որ 30 տոկոսով կբարձրացնի աշխատավարձը: Իրենց աշխատավարձը միջինն,առանց հարկերը հանելու 360.000-ից 400.000-ի կարգի է, հարկերը չհանած, իրենք ուզում են դա 30 տոկոսով բարձրանա, որովհետեւ ասում են մեքենավարի աշխատանքն ամենապատասխանատու աշխատանքներից մեկն է, եւ լարված են աշխատում:Շարունակությունը՝ armtimes.com-ում
05:45 - 23 հոկտեմբերի, 2019
Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրիի ավտոմաքսատան բացումը. օրական կմաքսազերծվի 800-1000 մեքենա |news.am|

Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրիի ավտոմաքսատան բացումը. օրական կմաքսազերծվի 800-1000 մեքենա |news.am|

news.am: Հայաստանի հյուսիս-արեւմուտքում` Շիրակի մարզում հատկապես առանձնակի կարեւորություն կստանա արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի գործարկումը: Իսկ մինչ այդ, Գյումրիում` կառույցի համար նախատեսված տարածքում, որտեղ առաջնային տեղափոխվելու է ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումներին առնչվող գործառույթն, այսօր մեծ թափով շինարարություն է ընթանում: Ամբողջ գործընթացը Պետական եկամուտների կոմիկտեի նախագահի ամենօրյա հսկողության ներքո է: Դավիթ Անանյանն աշխատանքային հերթական այցն է կատարել Գյումրի: Նրա գլխավորությամբ աշխատանքային խումբը շրջել է շինհրապարակում, դիտարկել աշխատանքային գործընթացը եւ արձանագրել նախորդ այցից հետո կատարված առաջընթացը: ՊԵԿ նախագահի խոսքով` աշխատանքի տեմպերն այդքան էլ չեն գոհացնում, բայց դա չի նշանակում, որ ահռելի գործ չի կատարվել. «Նախանշված ժամկետները պետք է պահպանել, եւ եթե ընթացքում անհրաժեշտությունն առաջանա, շինարարությունը կիրականացվի 24-ժամյա աշխատանքային ռեժիմով»: Սպասարկման կենտրոն կառուցելու համար հատկացված 21,5 հա տարածքից այժմ ավտոմաքսատան համար նախատեսված 5,5 հեկտարում է մեծածավալ շինարարությունն ընթանում: Ընդամենը մեկ ամիս առաջ այստեղ նոր շենքի հիմքերն են դրվել, իսկ այսօր արդեն շինարարական եռուն շրջանն է: Շինարարները քայլ առ քայլ իրականություն են դարձնում նախագիծը: Աշխատուժի պակաս էլ չկա: Այժմ շուրջ 160 հոգի է այստեղ աշխատում, սակայն հետագայում՝ 24-ժամյա գրաֆիկի անցնելիս` աշխատողների թիվը կարող է 350-ի հասնել: Իսկ տարածքում ստորգետնյա ջրերի բարձրացումը խնդիր չի առաջացնի. դեռեւս նախագծման փուլում հետազոտություններ են արվել, ճարտարապետական ու շինարարական լրացուցիչ խնդիրներ են դրվել եւ հաղթահարվել: Հիմքերն ամուր են, բետոնացման ծավալները՝ նախատեսվածից ավելին: Շենքը շահագործման կհանձվի սահմանված ժամկետում. վերահաստել է կոմիտեի ղեկավարը: «Հոկտեմբերի 11-ին նախատեսված է կառույցի բացումը, դա մեզ համար կարեւոր մարտահրավեր է: Մենք ինքներս մեզ համար մարտահրավեր ենք սահմանում եւ այդպիսի նշաձող: Կարծում եմ, որ ցանկացած ոլորտում, եթե ցանկացած նախաձեռնության մեջ հավակնոտ նշաձող չես սահմանում, ուղղակի հաջողություն չես ունենում եւ առաջընթաց չես ապահովում»,-ընդգծել է Դավիթ Անանյանը: Շրջայցի ընթացքում ի հայտ եկած խնդիրների հետ կապված ՊԵԿ նախագահը խորհրդակցություն է անցկացրել Հյուսիսային մաքսատուն-վարչությունում: Նա հանձնարարել ի մի բերել շինարարական թերացումներն ու շտկել դրանք: Դավիթ Անանյանն ընդգծել է շինարարական աշխատանքները բարձր որակով եւ ժամանակին ավարտին հասցնելու անհրաժեշտությունը: Գյումրիի ավտոմաքսատունը նույնպես մեկ պատուհանի սկզբունքով իրականացնելու է ծառայություններ: Իսկ դա նշանակում է, որ կկատարվեն ոչ միայն մաքսային ձեւակերպումներ, այլեւ տրանսպորտային միջոցների հաշվառում եւ պետհամարանիշի ստացում: Հաշվի առնելով ավտոմեքենաների ներկրման կանխատեսվող ծավալները՝ արդեն հոկտեմբերին այստեղ օրական կմաքսազերծվի 800-1000 մեքենա:
13:21 - 06 սեպտեմբերի, 2019
«Պոբեդան» ձմեռային սեզոնից դադարեցնում է Հայաստան չվերթները. Գյումրիում վառելանյութի թերլիցքավորում է կատարվում |news.am|

«Պոբեդան» ձմեռային սեզոնից դադարեցնում է Հայաստան չվերթները. Գյումրիում վառելանյութի թերլիցքավորում է կատարվում |news.am|

news.am: «Պոբեդա» լոուքոսթերը ձմեռային սեզոնից դադարեցնում է Գյումրի (Հայաստան) չվերթները: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ավիաընկերությունում աղբյուրը: Նրա խոսքով՝ չվերթների դադարեցման վերաբերյալ որոշման պատճառը կապված է Գյումրիի օդանավակայանում վառելանյութի պարբերական թերլիցքավորման հետ: «Գյումրիի օդանավակայանում, ցավոք, վառելանյութի լիցքավորման ընկերությունը պարբերաբար թերլիցքավորում է կատարում: «Պոբեդան» բազմիցս դիմել է օդանավակայանի ղեկավարությանը՝ պահանջելով պարզել իրավիճակը: Սակայն օդանավակայանի միջոցառումներն անբավարար են, եւ վառելանյութ լիցքավորողը շարունակում է թերլիցքավորման պրակտիկան: «Պոբեդան» իր ծրագրած չվերթները Գյումրի կկատարի մինչեւ ամառային սեզոնի վերջը, որպեսզի իր հաճախորդներին դժվար դրության մեջ չդնի, բայց ձմեռային սեզոնից այս երթուղով տոմսերի վաճառքը դադարեցված է»,- ասել է նա: Ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ վաճառքը դադարեցված է:
09:15 - 06 օգոստոսի, 2019
Տնակների հաշվառման աշխատանքային խումբը նախատեսում է մինչև տարեվերջ աղետի գոտին ազատել մոտ 800 տնակից |shantnews.am|

Տնակների հաշվառման աշխատանքային խումբը նախատեսում է մինչև տարեվերջ աղետի գոտին ազատել մոտ 800 տնակից |shantnews.am|

shantnews.am: Աղետի գոտում տնակների հաշվառման աշխատանքային խումբն այսօր հերթական նիստն է անցկացրել Գյումրիում։ Ներկայացվել են տնակների ազատման վերաբերյալ կազմված առաջարկների ուղղությամբ անելիքները։ Աշխատանքային խումբը նորից քննարկել է, թե որ տարբերակն է արդյունավետ՝ բնակարանաշինությո՞ւնը, թե՞ բնակարանների գնման վկայականների տրամադրումը։ Դրա համար նոր ուսումնասիրություններ են պետք ոչ միայն բնակարանային շուկայում, նաև եղած բնակֆոնդի տեխնիկական վիճակը գնահատելու համար: Ինչպես արդեն հայտնի է, հաջորդ տարվա պետական բյուջեից նախատեսված է Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում շահառու ճանաչված 453 ընտանիքների բնակապահովման համար հատկացնել 3 մլրդ դրամ։ Այն հիմնականում գյուղական բնակավայրերի անօթևաններին է վերաբերում։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն էլ նշեց, որ գումարի չափը դեռ փոփոխման ենթակա է։ Եթե ուսումնասիրվի, որ գյուղերում չկան անհրաժեշտ թվով վաճառքի տներ, ապա իրենք պատրաստ են 7.5 մլրդ, ընդհուպ մինչև 11 մլրդ դրամ հատկացնել բնակարանաշինություն իրականացնելու համար: Ուսումնասիրությունը մարզպետարաններին է հանձնարարվել, գյուղերի մասով դեռ վերջնական պատկեր չունեն։ Իսկ Գյումրիի համար առաջարկներ եղան։ Հաշվառված է մոտ 2850 տնակ, բայց այս փուլում որևէ ընտանիք դեռ ճանաչված չէ որպես շահառու։ Վերջին տասնամյակում կառուցված բնակարանային ֆոնդում ազատ տներ գրեթե չկան։ Աշխատանքային խմբի անդամ Վահան Թումասյանի խոսքերով՝ բարեգործական հիմնադրամները հիմնականում Գյումրիի նորակառույց Մուշ թաղամասում են բնակարաններ գնում: Որոշակի բիզնես է սկսվել այս թաղամասում, գնում են բնակարաններ ռուս սպաներին վարձակալությամբ տրամադրելու համար, այդ իսկ պատճառով էլ Մուշ թաղամասը որպես բնակարանային շուկա փակ է։ Իսկ քաղաքի մյուս թաղամասերում բնակֆոնդը հին է ու շարքից դուրս եկած։ Առաջարկվեց, որ պետությունը հոգա քաղաքի հին բնակֆոնդի վերանորոգումների հարցը և հատկացնի ընտանիքներին։ Հաջորդ տարբերակը քաղաքի վթարայինների ամրացումն է, որտեղ ևս ազատ բնակարաններ կան։ Սրանք առաջարկներ են, որոնք դեռ քննարկվելու են, իսկ ավելի ռեալը, ըստ պատասխանատուների, ֆինանսավորում չպահանջող խնդիրների լուծումն է: Խոսքը տնակներն ազատելու մասին է: Առանց ֆինանսներ ծախսելու հնարավոր է բնակարան ստացած ու դեռ տնակներում ապրող ընտանիքներին ստիպել իրենց բնակարաններ տեղափոխվել ու տնակը քանդել։ Բայց ինչպես այս, այնպես էլ մնացած բոլոր դեպքերում, ըստ Վահագն Վերմիշյանի, խնդիրն անհատական մոտեցում է պահանջում։ Ամեն ընտանիքի հարցն առանձին է քննարկվելու, խորությամբ, որպեսզի այլ խնդիրներ չառաջանան։ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն էլ խոսեց բնակարանների գնման վկայագրերի ծրագրի սխալներից։ Օրինակ բերեց, երբ Գյումրիում 4-րդ աստիճանի վթարայնության Անտառավան 26 շենքում տարիներ առաջ բգվ-ով բնակարաններ են գնվել։ Փակ տնակների քանդումը ևս հնարավոր է արագ կազմակերպել: Այլ համայնքներում սեփականություն ունեցող և Գյումրիում՝տնակներում բնակվող ընտանիքներին աջակցություն չի լինելու։ Նրանց տնակները ևս սեղմ ժամկետներում քանդման ենթակա են: Ու ամենակարևորը, ըստ Քաղշին կոմիտեի պատասխանատուի, տնակների շրջանառությունը բացառող քայլեր անելն է։ Սա ևս կկարգավորվի օրենսդրական ճանապարհով։ Կոմիտեի պատասխանատուները ոստիկանությունից ստացել են Գյումրիի տնակների վերաբերյալ տվյալներ ու ֆիքսել, որ տնակների մեծ մասը վաղուց ապամոնտաժված է, բայց դրանցում ընտանիքներ կան հաշվառված։ Աշխատանքային խումբը նախատեսում է մինչև հոկտեմբերի 1-ը նշված խնդիրների լուծման ուղղությամբ օրենքի նախագծեր մշակել ու ներկայացնել կառավարությանը: Դրանց՝ օրինական ուժ ստանալու դեպքում, մինչև տարեվերջ հնարավոր է տնակների թիվը մոտ 800-ով պակասեցնել։
14:00 - 03 օգոստոսի, 2019
21,5 հա հող ՊԵԿ-ին՝ Գյումրիում ավտոմաքսատուն ու արտաքին տնտեսական գործունեության կենտրոն կառուցելու համար |civilnet.am|

21,5 հա հող ՊԵԿ-ին՝ Գյումրիում ավտոմաքսատուն ու արտաքին տնտեսական գործունեության կենտրոն կառուցելու համար |civilnet.am|

civilnet.am։ Հայաստանի կառավարությւոնը սկսել է գործնական քայլեր ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու ուղղությամբ։ Ապրիլի 9-ին ՊԵԿ Արարատյան մաքսատուն կատարած շրջայցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր ավտոմաքսատունը Երևանից տեղափոխել Գյումրի։ Սիվիլնեթը գրել էր, որ ՊԵԿ-ը չէր կատարում վարչապետի հանձնարարականը և ավտոմաքսատունը տեղափոխելու փոխարեն առաջարկում էր ստեղծել արտաքին տնտեսական գործունեության կենտրոն Գյումրիում։ Օգոստոսի 1-ին կառավարության նիստի օրակարգ է ընդգրկվել այս հարցը։ ՊԵԿ-ը,ըստ որոշման հիմնավորման, համատեղել է արտաքին տնտեսական գործունեության կենտրոն հիմնելու գաղափարը ավտամաքսազերծման գործընթացը Գյումրի տեղափոխելու հետ։ ՊԵԿ-ը նախնական ուսումնասիրություն է կատարել և պարզ է դարձել, որ նման կենտրոն հիմնելու համար անհրաժեշտ է 20 հեկտար մակերեսով հողատարածք, որից 4.5 հեկտարը բավարար է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների համապատասխան սրահների ու կայանման հրապարակի համար։ Որոշվել է, Գյումրիում պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գտնվող 21.5 հեկտար մակերեսով տարածքը հատկացնել ԱՏԳ կենտրոնի ու մաքսայի ձևակերպումների համար։ Ոստիկանության ստորաբաժանում այս կենտրոնում ևս տեղակայված է լինելու։ Գյումրիում այս կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ է լինելու 181 միլիոն դրամ։ Բացի այս՝ ՊԵԿ-ը մեկ անձից գնման ընթացակարգով նախագծի պատրաստման, հողի ուսումնասիրության, երկրաբանական հետազոտությունների համար գնումներ է կատարելու «Ատրիում թիմ» ՍՊԸ-ին, «Հայնախագիծ» ՓԲԸ-ին ու Զավեն Բաբասյան անհատ ձեռնարկատիրոջը։ Հուլիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ավտոմաքսատունը Գյումրի կտեղափոխվի մինչ տարվա վերջ։
05:56 - 01 օգոստոսի, 2019
ՀՀ կառավարությունը հաստատել է Գյումրիի քաղաքապետարանի ներկայացրած սուբվենցիոն 4 ծրագրերը |shantnews.am|

ՀՀ կառավարությունը հաստատել է Գյումրիի քաղաքապետարանի ներկայացրած սուբվենցիոն 4 ծրագրերը |shantnews.am|

shantnews.am։ Կառավարությունը հաստատել է Գյումրիի քաղաքապետարանի ներկայացրած սուբվենցիոն 4 ծրագրերը, որոնց ընդհանուր արժեքը 1 մլրդ 160 միլիոն դրամ է: 4 ծրագրի դեպքում էլ պահանջը հետևյալն է՝ գումարի 60 տոկոսը հատկացնելու է տեղական բյուջեն, մնացած 40 տոկոսը ֆինանսավորում է պետական բյուջեն: Ըստ այդմ՝ քաղաքի բյուջեից ընդհանուր կներդրվի 600 միլիոն դրամ: Ծրագրերն են՝ քաղաքապետարանի նկուղային հարկում 3 կրթամշակութային կենտրոնների հիմնում, կոմունալ-տնտեսության ավտոպարկի թարմացում և փողոցաշինություն:Սուբվենցիոն ծրագրերից մեկի էսքիզն է. Գյումրիի քաղաքապետարանի նկուղում ՝ 1600 քառակուսի մետր մակերեսով տարածքում, նախատեսում են տեղակայել քաղաքային գրադարանը՝ 30 հազար կտորից ավելի գրականությամբ, բացել գյումրեցի նկարիչների պատկերասրահ և «Կումայրի» արգելոց-թանգարան, որտեղ կցուցադրեն պատմամշակութային հարուստ ժառանգություն ունեցող քաղաքի հազվագյուտ նմուշները: Ծրագիրը հաստատված է, մնում է աշխատանքների մեկնարկի ժամկետները հստակեցնել, իսկ դա կախված է շինմրցույթի անցկացումից: Նկուղում կրթամշակութային կենտրոն ունենալու նախագծի բյուջեն 100 մլն դրամ է, այստեղ տեղական բյուջեից ներդրումը 60 միլիոն է: Քաղաքային գրադարանը տեղափոխելու պատճառը շենքի վթարային վիճակն է: Որտեղ մինչև հիմա գործում է գրադարանը, նաև գրքային ֆոնդի պահպանման խնդիրներ ունի: 19-րդ դարի պատմական շինության պատերն արդեն քանդվում են: Իսկ քաղաքապետարանի նկուղային կամ, այսպես կոչված, 0 հարկի մեծ տարածքն էլ օպտիմալ օգտագործելու՝ 3-ը 1-ում տարբերակն է աշխատելու։ Մի հատվածն էլ կծառայի որպես պատկերասրահ: Շարունակությունը՝ shantnews.am-ում
12:56 - 25 հուլիսի, 2019
Մի՛ բողոքեք, մարզպետարան մի՛ գնացեք, լրատվամիջոցներին մի՛ դիմեք. Գյումրիի «Սասստեքսի» աշխատողներն ու սեփականատերը հանդիպել են |factor.am|

Մի՛ բողոքեք, մարզպետարան մի՛ գնացեք, լրատվամիջոցներին մի՛ դիմեք. Գյումրիի «Սասստեքսի» աշխատողներն ու սեփականատերը հանդիպել են |factor.am|

factor.am: Գյումրիի «Սասստեքս» կարի արտադրամասի՝ աշխատանքային պայմաններից բողոքող աշխատակիցները, որոնք արդեն երկու ամիս հարկադիր պարապուրդում են, երեկ վերջապես հանդիպել են գործարանի սեփականատեր Քրիստիան Գելեջիին։ Աշխատակիցներին զանգահարել և հրավիրել են ժողովի, որը տևել է 3 ժամից ավելի։ Ի՞նչ է քննարկվել՝ շատ բան հայտնի չէ: Աշխատակիցներից մի քանիսն ասացին, որ առանձնապես նոր բան չեն խոսել։ Որոշել են աշխատողներին արձակուրդ ուղարկել, սակայն Քրիստիան Գելեջին չի ասել, թե երբ ամբողջությամբ կվճարեն ապրիլի և մայիսի աշխատավարձը: «Անկեղծ ասեմ՝ ոչ մի հարցի կոնկրետ պատասխան չտվեցին, ուղղակի պարոն Գելեջին մի քանի խոսք ասեց, փորձեց արդարացնել, ժողովրդի հարցերին չէր պատասխանում ընդհանրապես։ Խուսափում էր հարցերից, ոչ մի հարցի կոնկրետ պատասխան չէր տալիս։ Ասում էր այն, ինչ իրեն ձեռք էր տալիս»,- ասաց աշխատակիցներից մեկը: Նշենք, որ այս ընթացքում մի շարք աշխատողներ համաձայնել ու աշխատում էին առաջարկված պայմաններով, իսկ մյուսները շարունակում են բողոքել։ Մի քանիսն էլ ուզում են պարզապես դիմում գրել և հեռանալ, բայց թույլ չեն տալիս։ «Այսօր հարցը բարձրացվել է, ինչո՞ւ չեն ազատում այն մարդկանց, ովքեր ուզում են, սակայն պատասխան չի եղել: Սկզբում առաջարկեցին նոր պայմանագրեր, բայց դրանք էլ չտեսանք: Մտածեցինք՝ կտեսնենք, կհամեմատենք, ձեռք կտա՝ կաշխատենք, եթե ոչ՝ չենք աշխատի, ու այդպես ոչ մի բան չարեցին։ Ինձ պետք է ազատման դիմում, որը մինչև հիմա չեն տվել ու, երևի, ցանկություն էլ չունեն տալու»,- ասաց աշխատակիցներից մեկը:  
11:31 - 24 հուլիսի, 2019
Գյումրու «Սասստեքս» ընկերության տնօրենը խուսափել է լրագրողներից, իսկ աշխատակիցներին հրահանգել է չխոսել |shantnews.am|

Գյումրու «Սասստեքս» ընկերության տնօրենը խուսափել է լրագրողներից, իսկ աշխատակիցներին հրահանգել է չխոսել |shantnews.am|

shantnews.am։ Բողոքներից հետո հարկադիր պարապուրդում գտնվող «Սասստեքս» ընկերության աշխատակիցներին այսօր առավոտյան զանգահարել ու հրավիրել են գործարան՝ ասելով, որ ընկերության սեփականատեր Քրիստիան Գելեջին է ցանկություն հայտնել հանդիպել նրանց հետ։ Հիեշեցնենք, որ բողոքող 150 կարող բանվորուհիներից մոտ 45-ն այս ընթացքում համաձայնել է աշխատել գործավարձային հիմունքներով, իսկ մյուսները հրաժարվել են: Ինչպես նախորդ, այնպես էլ այս անգամ, լրագրողների մուտքը գործարանի տարածք արգելվեց: Աշխատողների հետ հանդիպումը տևեց մոտ 3 ժամ, այդ ընթացքում աշխատակիցներից մի քանիսը բավականին լարված ու նյարդային վիճակում դուրս եկան գործարանից և հայտարարեցին, որ հրաժարվել են նույն պայմաններով աշխատել, մյուսները շտապողական քայլերով հեռացան։ Ոմանք էլ, այլընտրանք չունենալով, հարմարվել են առաջարկված աշխատանքային պայմաններին: Ժողովից հետո շատերը լրագրողների հետ զրույցից խուսափեցին, ներսում հրահանգել էին չշփվել լրատվամիջոցների հետ։ Նույն կերպ վարվեց նաև «Սասստեքս» ընկերության սեփականատեր Քրիստիան Գելեջին, որը ընդամենը փոխանցեց, որ իր աշխատակիցների հետ ինքն այլևս խնդիրներ չունի՝ հուլիս ամսվա համար կձևակերպեն վճարովի արձակուրդ, իսկ օգոստոս ամսվա համար՝ չվարձատրվող։
06:16 - 24 հուլիսի, 2019
Գյումրիում 80 ընտանիք նոր եւ հարմարավետ բնակարան կունենա. արդեն հավաքվել է 1 միլիոն 437 հազար 408 դոլար |armtiems.com|

Գյումրիում 80 ընտանիք նոր եւ հարմարավետ բնակարան կունենա. արդեն հավաքվել է 1 միլիոն 437 հազար 408 դոլար |armtiems.com|

armtimes.com: Հայաստան համահայկական հիմնադրամը Գյումրիում բնակարանաշինարարական ծրագիր է իրականացնում: Գյումրիի ավագանին արդեն որոշում է կայացրել Բուլվարային թաղամասում գտնվող նախկին ռադիոգործարանի հանրակացարանի երկու շենքը տրամադրել հիմնադրամին: Շենքերից մեկը պետական էր, մյուսը 15 մլն դրամով համայնքապետարանն էր ձեռք բերել, որը մոտ մեկ ամիս առաջ տրամադրվեց հիմնադրամին: Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ բնակարանաշինարարական աշխատանքներն իրականացնելու համար 1 միլիոն 437 հազար 408 դոլար արդեն հավաքվել է: «Մեզ տրամադրված երկու շենքերն էլ նույնատիպ են, իրար դեմ դիմաց, սկզբից մի շենքն էինք վերցրել եւ դրա վրա էինք աշխատում, մոտ 1,5 միլիոն ԱՄՆ դոլար էր պետք, որովհետեւ պետք էր շենքն ամրացնել, կտուրը փոխել, ներսն ամբողջովին վերանորոգել»:Գումարը հավաքվել է հուլիսի 14-ին, ժամը 18:00-ից մինչեւ 22:00-ն Լոս Անջելեսում ARTN հեռուստաընկերության եթերով կայացած «Մեր Գյումրի» նախագծին նվիրված դրամահավաքի ընթացքում, որի արդյունքում Գյումրու երկու կիսակառույց շենքեր կհիմնանորոգվեն։ 80 ընտանիք հնարավորություն կունենա ապրել, աշխատել եւ ստեղծագործել մեկ վայրում։ Շենքը կունենա մանկապարտեզ, որը կծառայի շրջակայքում ապրող բոլոր բնակիչներին, շուրջը կստեղծվեն փոքր բիզնեսներ, ուր կաշխատեն ծրագրի շահառուները: Հայկակ Արշամյանի խոսքով՝ շենքի հոսանքն ապահովվելու է արեւային վահանակների ու տաքացուցիչների միջոցով: Հայկակ Արշամյանը հայտնում է, որ պլանավորված է նաեւ շենքի հարակից տարածքում աշխատատեղերի ստեղծում, որպեսզի լուծվի նաեւ բնակիչների զբաղվածության հարցը: Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը նշեց, որ վերջին 3 տարիների ընթացքում 43 բնակարան է հատկացվել Գյումրիի կարիքավոր ընտանիքներին: Ընտրությունը կատարվել է հատկապես ծայրահեղ խոցելի խմբերի համար: Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը նկատեց, որ ընտրել են այն մարդկանց, որոնք երբեւէ բնակարան չեն ստացել, այլ ոչ թե այն մարդկանց, որոնք ստացել, սակայն որոշ ժամանակ հետո վաճառել են: «Նախորդ տարվա դեկտեմբերից դրեցինք եւ մանրամասն հաշվեցինք, հասկացանք, թե ինչ հիմնական խնդրներ ու թերացումներ են եղել: Երբ մարդուն դոմիկից տանում ես կահավորված եւ ավելի լավ պայմաններով բնակարան, խոցելի խմբի մեջ մտնող մարդու համար դու նոր խնդիրներ ես ստեղծում: Նա սկսում է ավելի մեծ գումարներ վճարել, քանի որ բնակարանում պատշաճ ջեռուցում է միացրած, իսկ դոմիկում փայտ էր վառում, իսկ այստեղ ձմռանը 100-ից 150 դոլար ստիպված է լինում վճարել: Ստացվում է՝ դու մարդու համար լավ պայմաններ ես ստեղծում, բայց դրանով ավելի ես աղքատացնում»,-ասաց նա: Երկրոդ խնդիրը, որը մատնանշեց Արշամյանը, այն է, որ նախկինում հիմնադրամի կողմից գնված բնակարանները շատ դեպքերում ձեռք էին բերվում կարիքավոր մարդկանցից: Արդյունքում ստացվում էր, որ բնակարան էին վերցնում մի կարիքավորից, տալիս մեկ ուրիշին. «Նման ձեւով այդ մարդկանց արտագաղթն էինք խթանում, որովհետեւ որոշակի գումար ունենալով եւ տունը կորցնելով՝ հեռանում էին: Հաշվի առնելով նմանատիպ տարբեր նրբությունները՝ որոշեցինք ավելի կոմպլեքս, համապարփակ լուծում տալ եւ այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի բացի սոցիալական վիճակի բարելավումից՝ ինտեգրվեն հասարակության մեջ ու ավելի լավ ապրեն, փոխվի իրենց կյանքի որակը»: Արշամյանը նշեց, որ շենքերի վերանորոգման հետ կապված աշխատանքները նոր են սկսվում, նախ իրականացվելու են նախագծա-նախահաշվարկային աշխատանքներ, ապա մրցույթ է հայտարարվելու, իսկ շինարարություն սկսելու մասին խոսելն այս պահին մի փոքր վաղ է: Տպել
13:05 - 15 հուլիսի, 2019
Բացահայտվել են Գյումրիի թիվ 19 հիմնական դպրոցի նախկին տնօրենի ապօրինությունները

Բացահայտվել են Գյումրիի թիվ 19 հիմնական դպրոցի նախկին տնօրենի ապօրինությունները

ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների և Մուշի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով բացահայտվել է Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցի նախկին տնօրենի ապօրինությունները: Ըստ նախնական տվյալների, նախկին տնօրենը օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2014-2018 թվականներին որպես դռնապահ, հավաքարար ու հնոցապան է ձևակերպել երկու քաղաքացուհիների, որոնք փաստացի աշխատանքի չեն հաճախել: Պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով՝ հաշվարկվել և նրանց անվամբ դուրս է գրվել 3.455.000 դրամ աշխատավարձ, և գումարը յուրացվել է:Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն՝ նախաքննության:
08:54 - 12 հուլիսի, 2019
Գյումրիում բացահայտվել են կոռուպցիոն չարաշահումների նոր դեպքեր. հարուցվել են քրգործեր

Գյումրիում բացահայտվել են կոռուպցիոն չարաշահումների նոր դեպքեր. հարուցվել են քրգործեր

Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոցում և Ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստեր են պարզվել, որոնց առթիվ մարզի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր: Մասնավորապես, 2019 թ. հունիսի 25-ին ՀՀ ոստիկանության Մուշի բաժնից զեկուցագիր է ներկայացվել այն մասին, որ ըստ ստացված տեղեկությունների «Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը թույլ է տվել չարաշահումներ:Նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՊՈԱԿ-ի ըմբշամարտի մարզիչ-մանկավարժը 2014-2018թթ. ընթացքում ընդհանուր 29 ամիս բացակայել է ՀՀ-ից, սակայն ՊՈԱԿ-ի տնօրենը պաշտոնեական դիրքն օգտագործելով, այդ ընթացքում Վ. Ս.-ին աշխատանքից չի ազատել, իսկ վերջինիս անվամբ դուրս է գրվել ընդհանուր շուրջ՝ 2.5 մլն ՀՀ դրամի աշխատավարձ:Մյուս դեպքով 2019 թ. հունիսի 26-ին ՀՀ ոստիկանության Մուշի բաժին ՀՀ ԱԱԾ ՇՄ աշխատակիցներից ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոց» ՓԲԸ գործադիր տնօրենը 2011-2019թթ. հիվանդանոցում որպես սանիտար, բուժքույր, ինչպես նաև էլեկտրիկ՝ համատեղության կարգով նաև բակի բանվոր, դռնապահ, վարորդ, աշխատանքի է ընդունել երեք անձանց, մինչդեռ նրանցից երկուսի կողմից տարբեր ամիսների ՀՀ-ից բացակայելու, իսկ երրորդի կողմից իր աշխատանքային պարտականությունները չկատարելու, չաշխատելու պայմաններում յուրաքանչյուր ամիս կեղծել է աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր՝ որոնցում կեղծ տեղեկություններ է ներառել հիշյալ անձանց կողմից կանոնավոր աշխատանքի ներկայանալու և փաստացի աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ: Ապա հիշյալ կեղծ փաստաթղթերի հիման վրա կազմված հաշվետվությունները ներակայացվել են ՀՀ առողջապահության նախարարություն, որի հիման վրա հատկացված խոշոր չափերով՝ շուրջ 2.6 մլն ՀՀ դրամ գումարը պաշտոնեական դիրքն օգտագործելով խաբեության եղանակով հափշտակվել է:Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ, և հանգամանքների լիարժեք պարզման համար անհրաժեշտ է կատարել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, նշված երկու դեպքերով էլ ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների կողմից հարուցվել են քրեական գործեր. «Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՊՈԱԿ-ի դեպքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ «Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոց» ՓԲԸ-ի դեպքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ կետերի հատկանիշներով:Քրեական գործերը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:43 - 11 հուլիսի, 2019