ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է սննդամթերքի անվտանգության եւ համապատասխանության գնահատման, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառների պետական կարգավորումը, օրենքով, իսկ առանձին դեպքերում դեպքերում իրականացնում է նաեւ վերահսկողական գործառույթներ եւ կիրառում պատասխանատվության միջոցներ այդ բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։ Այս կառույցը հիմնադրվել է 2018թ.-ին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ հիմքի վրա։ Տեսչական Մարմնի ղեկավարը Գեորգի Ավետիսյանն է։

Ռիսկերի գնահատումն ու կառավարումը՝ առաջնահերթություն

Ռիսկերի գնահատումն ու կառավարումը՝ առաջնահերթություն

ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) և ՀՀ կառավարության «Սննդի անվտանգության և կենդանիների առողջության ռիսկի գնահատման եւ կառավարման կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին և մի քանի գիտական կենտրոններ են այցելել ՊԳԿ միջազգային փորձագետ Միրզեթ Սարիբովիչը, Իտալիայի առողջապահության ազգային ինտիտուտի սննդի և անասնաբուժական բաժնի թունաբան Ալբերտո Մանտովանին և ՊԳԿ Սննդի անվտանգության ոլորտի փորձագետ Գոգչէ Աքբալիկը: Ինչպես հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցերի նպատակն էր ծանոթանալ ՀՀ-ում սննդամթերքի անվտանգության, բույսերի և կենդանիների առողջության ռիսկի գնահատման ու կառավարման  բնագավառներում կարողությունների զարգացման համար երկրում առկա հնարավորություններին: Տպավորություններն ամփոփվել են ՀՀ ՍԱՏՄ ղեկավարի Գեորգի Ավետիսյանի հետ հանդիպման ընթացքում: Տեսչական մարմնի ղեկավարը կարևորել է համագործակցությունը և առկա վիճակի այն վերլուծությունը, որը ՊԳԿ-ն կներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Ծրագրի շրջանակներում մասնագետների համար նախատեսված դասընթացներն արդեն մեկնարկել են:
10:36 - 13 փետրվարի, 2020
Թունավորված քաղաքացիների օգտագործած էկլերում հայտնաբերվել է սալմոնելայի մանրէ. ՍԱՏՄ

Թունավորված քաղաքացիների օգտագործած էկլերում հայտնաբերվել է սալմոնելայի մանրէ. ՍԱՏՄ

Հայաստանի Լոռու և Սյունիքի մարզերում գրանցված՝ «Զեյթուն Սվիթ» ՍՊԸ արտադրության ջնարակապատ էկլերից բնակիչների թունավորման դեպքերի կապակցությամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային կառույցների մասնագետները ձեռնարկել էին վերահսկողական գործողություններ: «Զեյթուն Սվիթ» ՍՊԸ արտադրությունում ՍԱՏՄ տեսուչների ստուգման արդյունքում պարզվել էր, որ «Էկլեր ջնարակապատ» արտադրատեսակը չի անցել համապատասխանության գնահատում և չունի անվտանգության հայտարարագիր։ ՍԱՏՄ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ կատարվել էր նաև նմուշառում այդ պահին արտադրությունում առկա հումքից՝ ձու, կարագ, սփրեդ, ինչպես նաև պատրաստի արտադրանքից՝ ջնարակապատ էկլերից: Արտադրամասից վերցված թե հումքի, թե պատրաստի արտադրանքի նմուշներում լաբորատոր փորձաքննության արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել: Թեև մարզերի խանութներում Էկլերի տվյալ խմբաքանակը սպառված է եղել, սակայն լաբորատոր փորձաքննության է տրվել նաև Սյունիքի մարզում տուժած քաղաքացիներից մեկի կողմից տրամադրված չխախտված փաթեթավորմամբ էկլերը: Այդ նմուշի փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է սալմոնելա տեսակի մանրէ: «Զեյթուն Սվիթ» ՍՊԸ-ին տրվել է կարգադրագիր «Արտադրանքի իրացումը արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին», սահմանվել է ժամկետ թերությունը շտկելու համար: Արտադրությունում անցկացվել են սանիտարահիգիենիկ ախտահանման աշխատանքներ: ՍԱՏՄ
18:34 - 11 փետրվարի, 2020
Խոզերի անկման պատճառը անաէրոբային և կոկային ինֆեկցիայի հարուցիչներն են. ՍԱՏՄ

Խոզերի անկման պատճառը անաէրոբային և կոկային ինֆեկցիայի հարուցիչներն են. ՍԱՏՄ

Օրերս Լոռու մարզի Աքորի համայնքի երեք տնտեսություններում արձանագրվել էր կենդանիների, մասնավորապես՝ խոզերի, անկում: Այդ մասին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին տեղյակ չի պահվել: Սակայն, արձագանքելով զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներին, Տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի մասնագետներն այցելել են Աքորի գյուղի հիշատակված տնտեսություններ: Արձանագրվել է, որ երեք կենդանատեսակ՝ խոշոր եղջերավոր, մանր եղջերավոր և խոզ, պահվում են մեկ անասնագոմում, զոոհիգիենիկ շատ վատ պայմաններում: Այցելության առաջին օրը հայտնաբերվել է 22 անկած խոզ: Վերահսկողական գործառույթների շրջանակում վերցրել են անհրաժեշտ նմուշներ՝ լաբորատոր փորձաքննությամբ անկման պատճառները ճշտելու համար: Համայնքը և նշված տնտեսությունները ՍԱՏՄ ամենօրյա հսկողության ներքո են: Հունվարի 27-ից փետրվար 5-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ անկել է 62 խոզ: Ստացված լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ կենդանիների անկման պատճառը եղել են անաէրոբային և կոկային ինֆեկցիայի հարուցիչները: Վարակված կենդանիները թաղվել են, տնտեսությունները մեկուսացվել, ինչպես թաղման, այնպես էլ պահման տարածքներում անցկացվել են ախտահանման աշխատանքներ: Փորձանմուշներ են վերցվել նաև խոզերի կերերից, որոնց հետազոտության արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես:
13:05 - 07 փետրվարի, 2020
Կասեցվել է կարագի փոխարեն սփրեդի մատակարարումը Սիսիանի մանկապարտեզներին

Կասեցվել է կարագի փոխարեն սփրեդի մատակարարումը Սիսիանի մանկապարտեզներին

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2020թ. հունվարի 20-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի համայնքապետարանից ստացել է գրության, որում կասկածներ են եղել այն մասին, թե պետական գնումների շրջանակներում համայնքի մանկապարտեզներին մատակարարվող կարագը չի համապատասխանում պայմանագրով նախատեսված չափանիշներին: Տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Սիսիան քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Նախ կատարվել է մատակարարվող կարագի հսկիչ գնում, որի շրջանակներում էլ, ապրանքատեսակի նույնականացման նպատակով, իրականացվել է նաև նմուշառում մանկապարտեզներից: Նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության: Միաժամանակ անցկացված փաստաթղթային փորձաքննության շրջանակներում պարզվել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունների մատակարար հանդիսացող «Սիսիանի Հաց» ՍՊԸ-ն որպես «սերուցքային կարագ» մատակարարել է «Крестянское Раздолье» անվանմամբ ապրանքատեսակ, որին կից ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության ««Молочный комбинат» Светловодский» կազմակերպության համապատասխանության հայտարարագրերը: Կազմակերպության հայտարարագրերում սակայն բացակայել են «Крестянское Раздолье» ապրանքատեսակի մասին հղումները:  Բացի այդ ապրանքի արկղի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրա վրա առկա մակնշումը կրկնապիտակ է և արտադրողի բնօրինակ մակնշումը բացակայում է: Տեսչական մարմնի մասնագետները կապ են հաստատել նաև Ռուսաստանի ««Молочный комбинат» Светловодский» կազմակերպության հետ, որի տնօրենը պաշտոնապես հերքել է իրեց կապը տվյալ ապրանքատեսակի հետ և հայտնել, որ «Крестянское Раздолье» ապրանքանիշով արտադրանք իրենց կողմից չի արտադրվում: Որպես ներմուծող կրկնապիտակի վրա նշված է եղել Ա/Ձ Վիգեն Ստեփանյանը, որի գործունեությունը, սակայն, համաձայն պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում առկա տեղեկատվության, ժամանակավորապես դադարեցված է: Կրկնապիտակի տակ առկա մասամբ ջնջված մակնշման հետքերի վերծանումից պարզվել է, որ տվյալ տուփի պարունակությունը Ռուսաստանի Դաշնության «ДМФ» կազմակերպության կողմից արտադրված է բուսակաթնային արտադրանք է՝ «Սփրեդ»: Զուգահեռաբար «Հանրապետական անասնաբուժասանիտսրական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված լաբորատոր փորձաքննության արդյունքները ևս փաստել են, որ փորձաքննության ներկայացված ապրանքատեսակն իր ճարպաթթվային կազմով չի համապատասխանում կարագին ներկայացվող պահանջներին և պարունակում է բուսական յուղեր: Այդպիսով, Սիսիանի մանկապարտեզներին սերուցէքային կարագի փոխարեն մատակարարվել է բուսաճարպային սպրեդ: Սիսիանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում առկա խմբաքանակների իրացումը կասեցվել է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ կեղծիքի ամբողջ շղթան բացահայտելու ուղղությամբ:
08:44 - 27 հունվարի, 2020
ՍԱՏՄ-ն դիտարկումներ է անցկացրել Հայաստանի 37 դպրոցներում ու մանկապարտեզներում |armenpress.am|

ՍԱՏՄ-ն դիտարկումներ է անցկացրել Հայաստանի 37 դպրոցներում ու մանկապարտեզներում |armenpress.am|

armenpress.am: Արտաշատի թիվ 5 հիմնական դպրոցում 2019թ. հոկտեմբերի 15-ին արձանագրված սննդային թունավորման դեպքից հետո, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, վերահսկողական միջոցառումներ են սկսվել հանրապետության բոլոր մարզերի և մայրաքաղաքի հանրակրթական հաստատություններում գործող հանրային սննդի կետերում՝ բուֆետներում և խոհանոցներում: Այս մասին հայտնեցին սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից: Ամփոփելով արձանագրված արդյունքները՝ տեղեկացնենք, որ այսօրվա՝ դեկտեմբերի 3-ի, դրությամբ դիտարկումներ են անցկացվել հանրապետության 37 դպրոցներում և մանկապարտեզներում. Երևան՝ 4 - Գայի (Հայկ Բժշկյանցի) անվան թիվ 129, Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77, Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 և Անտոն Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցներում հայտնաբերվել են թերի մակնշմամբ և կրեմային հրուշակեղեն, որը դպրոցի տարածքում վաճառելն արգելվում է, պահման պայմանների խախտմամբ պիցցա և հոթդոգ, ինչպես նաև սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Գեղարքունիք՝ 5 - Սևանի տարածաշրջանի Գագարին գյուղի, Մարտունու տարածաշրջանի Վերին Գետաշեն գյուղի, Վարդենիսի տարածաշրջանի Կախակն համայնքի, Գավառի տարածաշրջանի Կարմիր գյուղի թիվ 1 և Ճամբարակի թիվ 4 միջնակարգ դպրոցներում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի, ինչպես նաև սննդամթերքի մակնշման խախտումներ: Արարատ՝ 7 - Նոյակերտ, Բարձրաշեն, Այգեստան գյուղերի, Արարատ գյուղի թիվ 3 և Արարատ գյուղի Վ․Սարգսյանի անվան թիվ 1 դպրոցների, Ոսկետափ համայնքի և Մասիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզներում պայմանագրով նախատեսված փափուկ մսի փոխարեն մատակարավել է ոսկրոտ միս (Արարատ գյուղի թիվ 3 միջնակարգ դպրոց), պայմանագրով նախատեսված 20 տոկոսանոց թթվասերի փոխարեն մատակարարվել է 18 տոկոսանոց թթվասերային բուսասերուցքային արտադրանք, խտացրած կաթը պարունակել է բուսական յուղ, տեղական արտադրության յոգուրտի փոխարեն մատակարվել է ռուսական արտադրության յոգուրտ, արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Արմավիր՝ 4 - Լուկաշին և Տանձուտ գյուղերի միջնակարգ, Արմավիրի Մ. Սիլիկյանի անվան թիվ 6 և Արմավիրի թիվ 10 հիմնական դպրոցներում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի, ինչպես նաև սննդամթերքի մակնշման խախտումներ: Տավուշ՝ 2 - Նոյեմբերյանի թիվ 2 և Դիլիջանի թիվ 6 հիմնական դպրոցներում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի և սննդամթերքի մակնշման խախտումներ: Վայոց Ձոր՝ 1 – Արենի գյուղի միջնակարգ դպրոցում խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը, դպրոցի խոհանոցն ունի վերանորոգման կարիք: Կոտայք՝ 2 – Գեղաշեն և Արգել գյուղերի միջնակարգ դպրոցներում խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը, խոհանոցներն ունեն վերանորոգման կարիք: Շիրակ՝ 3 - Գուսանագյուղ, Քարաբերդ գյուղերի և Մարալիկի թիվ 2 միջնակարգ դպրոցներում եղել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, Մարալիկի թիվ 2 դպրոցում հայտնաբերվել է նաև մակնշման շեղումներով սննդամթերք, ինչպես նաև 90 հատ ժամկետանց ձու: Արագածոտն՝ 4 – Եղիպատրուշ, Նիգավան գյուղերի միջնակարգ, Դդմասար գյուղի հիմնական դպրոցներում մատակարարվում են միայն բուլկիներ և բնական հյութ, իսկ խոհանոցների սանիտարահիգիենիկ անբավարար պայմանները թույլ չեն տալիս գործարկել դրանք: Օշական գյուղի հիմնական դպրոցում արձանագրվել են սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ, հայտնաբերվել է նաև անհայտ ծագման պանիր և պիտանիության ժամկետի բացակայությամբ աղ, որոնք տեղում ոչնչացվել են: Սյունիք՝ 5 – Օխտար, Ծավ, Վաղատին, Դարաբաս գյուղերի միջնակարգ և Գորիսի թիվ 6 հիմնական դպրոցների խոհանոցների գործունեությունը և հանրային սննդի կազմակերպումը դադարեցված է, իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ: Լոռու մարզում վերահսկողությունն ընթացքի մեջ է: Բոլոր դպրոցներում տրվել են մակնշման թերություններով արտադրանքի իրացումը, որոշ դեպքերում՝ խոհանոցների և բուֆետների գործունեությունը կասեցնելու, հիմնանորոգման կամ վերանորոգման կարգադրագրեր, սահմանվել է ժամկետ, իսկ հայտնաբերված ժամկետանց սննդամթերքը տեղում ոչնչացվել է: Պետական վերահսկողություն է իրականացվել նաև Արտաշատ քաղաքի բոլոր 6 դպրոցներում, որտեղ նույնպես հայտնաբերվել էին թե սանիտարահիգիենիկ նորմերի, թե մակնաշման խախտումներ, թե չթույլատրված սննդամթերքի իրացում: Թիվ 2 դպրոցում հայտնաբերվել էր նաև մսի սպանդանոցային ծագումը հավաստող ձև 5 տիպի կեղծված անասնաբուժական վկայական, որի կապակցությամբ հաղորդում էր տրվել ՀՀ դատախազություն: Գործընթացը շարունակական է, վերահսկողական միջոցառումներ կանցկացվեն հանրապետության բոլոր դպրոցներում: Հորդորում ենք նաև հանրակրթական հաստատություններ հաճախող երեխաների ծնողներին ուշադիր լինել դպրոցների ու մանկապարտեզների ճաշարաններում մատուցվող կամ բուֆետներում վաճառվող սննդամթերքի որակի, անվտանգության, սանիտարահիգիենիկ վիճակի նկատմամբ և թերություններ նկատելու դեպքում զանգել ՍԱՏՄ թեժ գծին (010) 20-60-40 հեռախոսահամարով:  
13:13 - 03 դեկտեմբերի, 2019
Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր

Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները Արարատի մարզի դպրոցներում և մանկապարտեզներում: ՍԱՏՄ տեսուչները պարզել են, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 1 և Գեղանիստ համայնքի «Մանուշակ» մանկապարտեզների խոհանոցները գործում են սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջների խախտումներով: Այսպես՝ Գեղանիստի մանկապարտեզի խոհանոցում հայտնաբերվել է չմակնշված կարագ և թերի մակնշմամբ (բացակայել է հայերեն մակնշումը) պանիր, որոնց իրացումը կասեցվել է: Խոհանոցում եղել է նաև ժամկետանց մածուն և ձու, որոնք տեղում ոչնչացվել են: Իսկ Մասիսի թիվ 1 մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. Վաճառքի ենթակա չէ» մակնիշմամբ «ԽԱՔ» ՍՊԸ արտադրության 6 տուփ 200գ-ոց թթվասեր՝ մատակարարված «Ռուզ Մարտի» ՍՊԸ-ի կողմից: Թթվասերի իրացումը Այս կապակցությամբ հաղորդում է ներկայացվել ՀՀ դատախազություն: Այս հանրակրթական հաստատությունում հայտնաբերվել է նաև բուսասերուցքային արտադրանք՝ պատրաստված բուսական յուղով՝ թթվասերի տեխնոլոգիայով, որի իրացումը մանկապարտեզում արգելված է: Թե թթվասերի, թե բուսասերուցքային արտադրանքի իրացումը կասեցվել է: Ստուգում է սկսվել «Զինվորի բաժին. Վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր մատակարարած «Ռուզ Մարտի» ըկերությունում: Մասիսի թիվ 1 մանկապարտեզում վերահսկողութունը շարունակվում է, կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ:
12:36 - 13 նոյեմբերի, 2019
Սպանդանոցային մորթը հավաստող ձև 5 անասնաբուժական փաստաթղթի առկայությունը պարտադիր է

Սպանդանոցային մորթը հավաստող ձև 5 անասնաբուժական փաստաթղթի առկայությունը պարտադիր է

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է հանրապետության 5 խոշոր թռչնաֆաբրիկաների՝ «Արաքս թ/ֆ» և «Նուբարաշեն թ/ֆ» ՓԲԸ-ների, ինչպես նաև «Սպիտակի թ/ֆ», «Շիրառ» և Լուսակերտ «Ագրոտեքինվեստ» ՍՊԸ-ների տնօրենների ու իրացման պատասխանատուների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը և Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Թռչնաբուծության ոլորտի տնտեսավարողների մոտ առաջացել էին հարցեր՝ կապված թարմ մսի սպանդանոցային մորթն ու անվտանգությունը հավաստող ձև 5 անասնաբուժական փաստաթղթի կամ դրա պիտակի տրամադրման, այն որպես ուղեկցող փաստաթուղթ գործնականում շրջանառելու հետ: Նշում էին, որ դա իրենցից պահանջելու է լրացուցիչ մարդկային և ֆինանսական ռեսուրսներ, որ իրացման ցանցում հնարավոր են պիտակի կեղծումներ և այլն: ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը նախ ներկայացրել է ձև 5 անասնաբուժական փաստաթղթի կամ դրա պիտակի առավելությունները. այն նպաստելու է հենց արտադրողների միջև հավասար մրցակցության ապահովմանը և ավելի է հեշտացնելու վերահսկողության հետագծելիությունը: «Այն ռեսուրսները, որ դուք տրամադրելու եք ձև 5 անասնաբուժական փաստաթղթով գործունեություն ծավալելու համար, չնչին է, համեմատած այն օգուտի հետ, որն ունենալու է պետությունը, սպառողը և հենց դուք՝ սննդամթերքի անվտանգության ու վերահսկելիության տեսակետից»,- ասել է Գեորգի Ավետիսյանը: Նա նաև հավաստիացրել է, որ անասնաբուժական այս փաստաթղթի կեղծումների նկատմամբ վերաբերմունքը լինելու է շատ խիստ, կտրուկ և դրանով, արդյունքում, զբաղվելու են իրավապահ մարմինները: Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը տեղեկացրել է, որ ձև 5-ը տնտեսվարողը, մասնավորապես՝ սպանդանոցը, հնարավորություն ունի Տեսչական մարմնից ստանալ էլեկտրոնային եղանակով, ինքնուրույն լրացնել և տրամադրել իրացման ցանցին՝ արագ, թափանցիկ, առանց լրացուցիչ ծախսերի՝ ապահովելով պետական, հանրային և տնտեսավարողի հսկողությունը: Հիշեցնենք, որ թարմ միս ձեռքբերող-իրացնողը պարտավոր է պահանջել դրա սպանդանոցային մորթն ու անվտանգությունը հավաստող ձև 5-ը կամ պիտակը և համոզվել, որ տվյալ մսի խմբաքանակն անվտանգ է, իսկ սպառողը կարող է պահանջել և ստուգել դրա իսկությունը հեռախոսի օգնությամբ՝ QR-կոդի միջոցով, տեղում ստանալով վաճառվող մթերքի մասին ամբողջ տեղեկատվությունը:  
16:34 - 06 նոյեմբերի, 2019
ՍԱՏՄ-ն լայնամասշտաբ մշտադիտարկումներ է անցկացում Շիրակի մարզում

ՍԱՏՄ-ն լայնամասշտաբ մշտադիտարկումներ է անցկացում Շիրակի մարզում

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնն ավարտել է մարզի ձվի շուկայում անցկացվող վերահսկողության աշխատանքները: Ըստ այդմ մշտադիտարկում է իրականացվել ձու արտադրող 12 կազմակերպություններում և իրացման ցանցում գործունեություն ծավալող 181 տնտեսվարողների մոտ: Ձվի արտադրությամբ զբաղվող 9 տնտեսություններում (Ա/Ձ Պատվական Թորոսյան, Ա/Ձ Գուրգեն Դերձյան, Ա/Ձ Արամայիս Գրիգորյան, Ա/Ձ Սեդրակ Գասպարյան, Ա/Ձ Սուրեն Գրեյան, Ա/Ձ Լևոն Չումարյան, Ա/Ձ Աղասի Համբարձումյան, Ա/Ձ Դավիթ Մանուկյան, Ա/Ձ Հովհաննես Գրեյան) հայտնաբերվել են թերացումներ, խախտումներ և անհամապատասխանություններ (թռչնանոցի սանիտարահիգենիկ ոչ պատշաճ պայմաններ, իրացվող ձվի անվտանգությունը, հիվանդությունների կանխարգելման և պայքարի միջոցառումների՝ կանխարգելիչ պատվաստումների, ախտորոշիչ հետազոտությունների և դրանց կատարումը հավաստող փաստաթղթերի բացակայություն, օգտագործվող անասնաբուժական դեղամիջոցների, կերերի և կերային հավելումների անասնաբուժասանիտարական անվտանգությունը հավաստող փաստաթղթերի բացակայություն, ձվի պահպանման պայմանների և փաթեթավորման պայմանների անհամապատասխանություն սահմանված նորմերին, ախտահանման, կրծողների ու վնասատուների դեմ պայքարի միջոցառումների կատարման մասին փաստաթղթերի բացակայություն, ձվի պահպանման պայմանների անհամապատասխանություն): ՍԱՏՄ տեսուչների կողմից տրվել են խախտումները և թերությունները վերացնելու մասին հանձարարականներ, սահմանվել է հսկողություն դրանց կատարման նկատմամբ: Այս պահին արդեն Ա/Ձ Արամայիս Գրիգորյանը, Ա/Ձ Սեդրակ Գասպարյանը հանձնարարականները կատարել են ամբողջությամբ: Եվս մեկ տնտեսվարողի՝ Ա/Ձ Գուրգեն Դերձյանին, արգելվել է թռչնի ներմուծումը՝ կարանտինային պայմաններ չապահովելու պատճառով: Իրացման ցանցի 181 կետերում անցկացված ձվի և կաթ-կաթնամթերքի մշտադիտարկման ընթացքում ևս հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ: Մասնավորապես՝ վաճառքից հանվել և ոչնչացվել է 537 ժամկետանց և անհայտ ծագման ձու, 31 տուփ ժամկետանց կաթնամթերք: Իրացումից հանվել է նաև 153 թերի մակնշված ձու: 76 տնտեսվարողի տրվել են խախտումները վերացնելու հանձնարարականներ (բացակայել են ձվի և կաթ-կաթնամթերքի անվտանգությունը հավաստող փաստաթղթերը): Շիրակի մարզում վերջին մեկ ամսվա ընթացքում արյան շիճուկաբանական հետազոտության է ենթարկվել գյուղատնտեսական խոշոր և մանր եղջերավոր 8866 կենդանի: Արյան այն նմուշները, որոնցում հայտնաբերվել է բրուցելոզ, մարզային լաբորատորիայում ստուգվելուց հետո պարբերաբար տեղափոխվել են ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ, որտեղ իրականացվել է դրանց վերստուգումը: Բրուցելոզ ախտորոշվել է 171 կենդանու մոտ, որոնք ըստ համայնքների և գյուղացիական տնտեսությունների առանձնացվել են և, Տեսչական մարմնի տեսուչների հսկողության ներքո, ենթարկվել հարկադիր մորթի:
12:23 - 25 հոկտեմբերի, 2019
Երևանում գործարկվել է «Մեկ պատուհան» համակարգը

Երևանում գործարկվել է «Մեկ պատուհան» համակարգը

«Եվրամիությունը Հայաստանի համար. էլեկտրոնային կառավարում» ծրագրի շրջանակներում ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Երևանում մեկնարկվել է «Մեկ պատուհան» համակարգը, որը տեսչական մարմնի վերահսկողության ոլորտի բեռների՝ բույսերի, կենդանիների, բուսական և կենդանական ծագման ապրանքների, սննդային ապրանքների, անասնաբուժական դեղամիջոցների, թունաքիմիկատների և պարարտանյութերի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման հաշվառման էլեկտրոնային համակարգ է: Թվայնացված համակարգը հնարավորություն կտա իրականացնել ՀՀ տարածք ներմուծվող, արտահանվող և երկրի տարածքով տարանցիկ փոխադրվող բեռների ամբողջական հաշվառում, թույլտվությունների տրամադրում և դրանց մասնակի վերահսկում, հաշվետվությունների ավտոմատացում, ինչպես նաև աշխատակիցներին կապահովի վերլուծություններ կատարելու գործիքներով: Ռիսկերի չափորոշիչների սահմանումը համակարգում հնարավորություն կտա ավտոմատացված եղանակով հեշտությամբ բացահայտել ռիսկային գործոնները: Տեսչական մարմինն այս համակարգի առաջին շահառուն է, քանի որ արդեն ունի թվայնացման ուղղությամբ մի շարք ծրագրերի փորձ, նաև՝ ծավալուն ու բազմատեսակ փաստաթղթաշրջանառություն. սերտիֆիկացման հայտեր, ներմուծման և արտահանման փաստաթղթեր և այլն: «Մեկ պատուհան» համակարգը ապահովում է այդ փաստաթղթերի թողարկման գործողությունների բարձր որակ։ ՍԱՏՄ ղեկավարի խորհրդական Էլվիրա Միրզոյանը նկատել է, որ Երևանյան փուլում դեռևս կկիրառվեն թե հին, թե նոր համակարգերը, և դրական արդյունքներն ամփոփելուց հետո միայն համակարգը ամբողջությամբ կներդրվի հանրապետությունում: «Եվ, որ ամենակարևորն է, այդ արդյունքները կլինեն չափելի»,- ասել է Է. Միրզոյանը: Սա կարևոր քայլ է տեղեկատվության ավելորդ հոսքը բացառելու, սահմանային կետերում արտաքին առևտրով զբաղվող տնտեսավարող սուբյեկտների շփումը սահմանահատումը կարգավորող մարմինների հետ նվազեցնելու առումով։ Նաև՝ պարզեցվում են մաքսային ընթացակարգերը, խնայվում է ժամանակն ու կրճատվում են թե պետական մարմինների, թե տնտեսավարող սուբյեկտների և թե քաղաքացիների կողմից արվող ծախսերը։
12:15 - 24 հոկտեմբերի, 2019
Ոչ սակագնային միջոցառումները՝ որպես շուկա մուտքի և կայուն զարգացումը խթանելու գործիք

Ոչ սակագնային միջոցառումները՝ որպես շուկա մուտքի և կայուն զարգացումը խթանելու գործիք

Ոչ սակագնային միջոցառումներն այսօր գտնվում են գլոբալ առևտրի բանակցությունների կենտրոնում՝ ազդելով համաշխարհային առևտրի գրեթե 90%-ի և մեր առօրյա կյանքի բոլոր ոլորտների վրա: ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կազմակերպության կողմից (UNCTAD) Ժնևում կազմակերպված ոչ սակագնային միջոցառումների՝ որպես շուկա մուտքի և կայուն զարգացումը խթանելու գործիքի, դասակարգման ու կարգավիճակի վերաբերյալ քննարկումներին մասնակցել է նաև ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Էլվիրա Միրզոյանը: Խորհրդաժողովում քննարկվել են սակագներից դուրս առևտրային հարաբերությունների, ոչ սակագնային միջոցառումների և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կայուն զարգացման նպատակների փոխկապակցման, առևտրային կանոնակարգերի թափանցիկության խնդիրները, ինչպես նաև ոչ սակագնային միջոցառումների կանոնները, որոնց պահպանումը պահանջում է զգալի ռեսուրսներ և կարգավորող համագործակցություն բազմակողմ մակարդակում: Էլվիրա Միրզոյանը ներկայացրել է Հայաստանում ոչ սակագնային միջոցառումների մասին տվյալների հավաքագրման, դասակարգման աշխատանքները և դրանց արդյունքները, որոնք շատ բարձր են գնահատվել խորհրդաժողովի մասնակիցների կողմից: Նա նշել է, որ սննդամթերքի անվտանգության պաշտպանությունը և միջազգային ստանդարտների վրա հիմնված ոչ սակագնային միջոցառումների մշակումն ու կիրառումը Հայաստանի առաջնահերթություններից է: Որպես այս խորհրդաժողովի շարունակություն, Է. Միրզոյանը Բրյուսելում մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության և Եվրամիության Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստին, որի ընթացքում քննարկվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի «Առևտուր և առևտրին առնչվող հարցեր»-ի ներքո համագործակցության շրջանակներում իրականացվելիք միջոցառումները և համապատասխան ճանապարհային քարտեզը: Նա ներկայացրել է մեր երկրում պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու գործընթացում ՍԱՏՄ ջանքերն ու աջակցությունը, արտադրության մեջ սննդի հիգիենայի միջազգային ստանդարտների ներդրման աշխատանքները, ռիսկերի գնահատման ու ռեյթինգավորման համակարգի գործարկմանն ուղղված քայլերը: «Ներկայումս ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նախատեսում է շարունակել ոչ սակագնային միջոցառումների պարզեցման, թափանցիկության բարձրացման և մասնավոր հատվածի գիտելիքների բարելավման աշխատանքները»,- ասել է ՍԱՏՄ ղեկավարի խորհրդականը: Եվրամիության պատվիրակության առողջության և սննդամթերքի անվտանգության երկկողմ միջազգային հարաբերությունների Հայաստանի պատասխանատու Ժան Բլոեմենդալը նշել է, որ նախորդ հանդիպումներից հետո ՀՀ ԿԵ ՍԱՏՄ կատարած աշխատանքը բավականին տպավորիչ է: Նա բարձր է գնահատել վերջին մեկ տարվա ընթացքում միջազգային կառույցների հետ Տեսչական մարմնի համագործակցության ակնհայտ ակտիվացումը, ինչպես նաև այն կարևորությունը, որ հայկական կողմը տալիս է միջազգային ստանդարտների ներդրմանը:
09:23 - 23 հոկտեմբերի, 2019
ՍԱՏՄ-ն շարունակում է անասնաշուկայում իրավիճակի կարգավորմանն ուղղված աշխատանքները

ՍԱՏՄ-ն շարունակում է անասնաշուկայում իրավիճակի կարգավորմանն ուղղված աշխատանքները

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը անասնահամաճարակային մշտադիտարկում է անցկացրել Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում գտնվող երկրի ամենամեծ անասնաշուկայում, որտեղ բերվում և վաճառվում են ընտանի կենդանիներ հանրապետության բոլոր մարզերից և Արցախից: Սա Տեսչական մարմնի կողմից անասնաշուկայում իրավիճակի կարգավորմանը միտված հերթական քայլն է: Երկրում կենդանիների համարակալման բացակայության պատճառով՝ այդ գործընթացը գրեթե անվերահսկելի է, և այս մշտադիտարկման նպատակն էր ստուգել-հասկանալ, թե կենդանի վաճառողները որքանով են տիրապետում այն պահանջներին ու պայմաններին, որոնք իրենք պետք է պահպանեն անասնաշուկա կենդանիներին տեղափոխելու համար: ՍԱՏՄ Գեղարքունիքի մարզային կառույցի տեսուչների, մարզի անասնաբույժների, ՀՀ ոստիկանության կարանտինային վաշտի ներկայացուցիչների կողմից անասնահամաճարակային մշտադիտարկման ընթացքում անցկացվող միջոցառումներին հետևել են նաև ՍԱՏՄ ղեկավարությունը և Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչները: Ինչպես նախորդ այցի ժամանակ խոստացել էր ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, անասնաշուկա էր բերվել նաև ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի շրջիկ լաբորատորիան: Մասնագետները ստուգել են, թե արդյո՞ք կենդանի վաճառողների մոտ առկա է անասնաբուժական Ձև 1 վկայականը, որը փաստում է մինչև տեղափոխումը կատարված բուժկանխարգելիչ հետազոտությունների և կենդանու առողջ լինելու մասին: Ամբողջ անասնաշուկայում այդ վկայականն ունեցել է խոշոր եղջերավոր կենդանի վաճառող միայն մեկ քաղաքացի: Մյուսներն արդարանում էին, թե չեն իմացել ուղեկցող փաստաթուղթն ունենալու անհրաժեշտության մասին, թեև պնդում էին, որ իրենց գյուղերում անասնաբույժները բարեխղճորեն կատարում են պատվաստման և կանխարգելման բոլոր պետական միջոցառումները: ՍԱՏՄ մասնագետներն ու տեսուչները շուկայում բաժանել են տեղեկատվական թերթիկներ կենդանիներին տեղափոխելու պահանջների, ինչպես նաև անասնաշուկայի շահագործմանը վերաբերող պայմանների մասին: Անասնաշուկայում անցկացվել է բրուցելոզ հիվանդության նկատմամբ ախտորոշիչ հետազոտություն. կատարվել է արյան ընտարանքային նմուշառում և հետազոտվել տեղում՝ շրջիկ լաբորատորիայում: Բրուցելոզ չի հայտնաբերվել: Գյուղացիների վերաբերմունքը զգուշավոր է եղել, պնդել են, թե առաջին անգամ է այստեղ այսպիսի լայնամասշտաբ գործողություն արվում, սակայն, բացատրական ու խորհրդատվական աշխատանքներից, տեղեկատվական թերթիկներին ծանոթանալուց հետո, նկատել են, որ իրենք էլ դեմ չեն լինի ավելի բարեկարգ վայրում, օրենսդրության պահանջներին համապատասխան միջավայրում կենդանիներ գնել ու վաճառել: Նաև վստահեցրել են, որ գյուղի անասնաբույժից կպահանջեն կենդանու տեղափոխման համար անհրաժեշտ ուղեկցող փաստաթղթերը: Անասնաշուկան պահանջում է համալիր մոտեցում՝ տեղական ինքնակառավարման մարմնինների և իրավասու մյուս կառույցների համագործակցությամբ: Այս պահին Գեղարքունիքի մարզպետարանի հետ համատեղ քայլեր են արվում անասնաշուկայի տարածքը ցանկապատելու, նորմալ պայմաններ ապահովելու և կենդանիների տեղաշարժն ու հիվանդությունները վերահսկելի դարձնելու համար:
11:30 - 21 հոկտեմբերի, 2019
ՍԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել Արտաշատում ստուգված բոլոր դպրոցներում

ՍԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել Արտաշատում ստուգված բոլոր դպրոցներում

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է սկսել Արտաշատ քաղաքի բոլոր դպրոցներում: Դիտարկումների արդյունքում արձանագրվել է հետևյալ պատկերը՝ Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոցի բուֆետում (վարձակալության է տրված Ա/Ձ Արմենուհի Ադամյանին), հայտնաբերվել է թերի մակնշմամբ սննդամթերք` չոր թխվածքաբլիթ, իսկ ճաշարանում մատակարարման պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող նեկտար, բուսական յուղ պարունակող թթվասերային մթերք և յոգուրտային արտադրանք: Արտաշատի թիվ 2 հիմնական դպրոցի բուֆետում (վարձակալության է տրված Ա/Ձ Մարգարիտ Նահապետյանին) և ճաշարանում նույնպես արձանագրվել են խախտումներ: Բուֆետում հայտնաբերվել են պիտանիության ժամկետն անցած և թերի մակնշմամբ շոկոլադե սալիկներ, չոր թխվածքաբլիթ, եգիպտացորենի բոված հատիկներ (pop corn), իսկ ճաշարանում՝ պիտանիության ժամկետն անցած մածուն և մատակարարման պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող հավի մսեղիք: Ճաշարանը չի ունեցել նաև օդափոխման համակարգ և հանդերձարան: Այստեղ հայտնաբերվել է նաև մսի սպանդանոցային ծագումը հավաստող ձև 5 տիպի կեղծված անասնաբուժական վկայական: Խնդրի առնչությամբ արդեն դիտարկում է բացվել թե մսի մատակարարարի մոտ, թե կեղծված փաստաթուղթը տրամադրած սպանդանոցում: Վերահսկողության արդյունքերը կհրապարակվեն: Արտաշատի թիվ 4 հիմնական դպրոցի բուֆետը (վարձակալության է տրված Ա/Ձ Անահիտ Վարդանյանին) ՍԱՏՄ տեսուչների այցելության պահին չի գործել: Ճաշարանում, որտեղ աշակերտներին տրամադրվում է նաև տաք սնունդ, հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած մածուն և մատակարարման պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող հավի մսեղիք: Բացակայել են օդափոխման համակարգը, միջատապաշտպան ցանցերը և հանդերձարանը: Արտաշատի թիվ 5 հիմնական դպրոցի (այստեղ սովորող աշակերտների մոտ է հոկտեմբերի 15-ին արձանագրվել ինքնազգացողության վատացում) բուֆետը (վարձակալության է տրված Ա/Ձ Անահիտ Վարդանյանին) ՍԱՏՄ այցելության պահին կապարակնքված է եղել ՀՀ քննչական կոմիտեի կողմից: Ճաշարանը և ճաշասենյակներն ունեն վերանորոգման կարիք, ճաշարանը չի ունեցել օդափոխման համակարգ, միջատապաշտպան ցանցեր, ճաշասենյակները՝ լվացարաններ: Պիտանիության ժամկետն անցած բոլոր մթերքները Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից տեղում ոչնչացվել են, իսկ թերի մակնշմամբ և մատակարարման պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող մթերքների համար տրվել են իրացումը կասեցնելու կարգադրագրեր: Տրվել են նաև թերությունները վերացնելու հանձնարարականներ, սահմանվել է ժամկետ: Այսօր ՍԱՏՄ տեսուչները դիտարկում կանցկացնեն Արտաշատի թիվ 3 հիմնական և ավագ դպրոցներում: 2019թ. հոկտեմբերի 15-ին, ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եվ կանխարգելման ազգային կենտրոնից ահազանգ է ստացվել, որ սննդային թունավորում ախտորոշմամբ Արտաշատի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արտաշատի թիվ 5 դպրոցի 23 աշակերտ: ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական գործողությունների արդյունքում պարզել էին, որ երեխաների ինքնազգացողությունը վատացել է Ա/Ձ Անահիտ Վարդանյանի կողմից արտադրված և մատակարարված նրբերշիկով պիցցան ուտելուց հետո: Դպրոցի բուֆետում առկա պիցցայից վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության: Լաբորատոր փորձաքննության արդյունքները հայտնի կլինեն շաբաթվա վերջում: Հոկտեմբերի 16-ին ՍԱՏՄ Արարատի մարզային կենտրոնի և Երևանի կենտրոնից գործուղված տեսուչները վերահսկողություն են սկսել Արտաշատի բոլոր դպրոցներում: Գործընթացը շարունակական է, վերահսկողական միջոցառումներ կանցկացվեն հանրապետության բոլոր մարզերի և Երևանի դպրոցներում:  
11:19 - 17 հոկտեմբերի, 2019
ՍԱՏՄ ղեկավարը հետևելու է Արագածոտնի մարզում անասնահամաճարակային իրավիճակին |24news.am|

ՍԱՏՄ ղեկավարը հետևելու է Արագածոտնի մարզում անասնահամաճարակային իրավիճակին |24news.am|

24news.am: ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, անասնահամաճարակային անկայուն իրավիճակի մասին ստացված ահազանգի հիման վրա, այցելել է Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնք: Գյուղի ավագանու ներկայացուցիչները, անասնաբույժը, ՍԱՏՄ Արագածոտնի մարզային կենտրոնի պետն ու Գեորգի Ավետիսյանը քննարկել են գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ու այդ գործընթացի վերահսկողության ընթացքը: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տեսչական մարմնի ղեկավարը հորդորել է խստորեն հետևել պատվաստումների պլանավորման և պատշաճ կատարման ընթացքին, այն է՝ խոշոր եղեջերավոր կենդանիների պատվաստումներն իրականացնել տարեկան երկու անգամ՝ գարնանը և աշնանը, իսկ մանր եղջերավորներինը՝ տարեկան մեկ անգամ՝ ամբողջ գլխաքանակինը: Նա վստահեցրել է, որ հետևելու է մարզում անասնահամաճարակային իրավիճակին, իսկ վերահսկողությունը լինելու է խիստ, առանց բացառությունների:
17:05 - 03 հոկտեմբերի, 2019
Լոռի պանիր. լաբորատոր փորձաքննության արդյունքները |hetq.am|

Լոռի պանիր. լաբորատոր փորձաքննության արդյունքները |hetq.am|

hetq.am: «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել 9 արտադրողի Լոռի տեսակի պանիր՝ պարզելու արդյոք դրանք պարունակու՞մ են բուսական յուղ և հակաբիոտիկներ: Պանիրները փորձաքննության են ներկայացվել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչի ներկայությամբ: «Լոռի»-ն աղաջրային պանիրների դասին պատկանող հայկական պանիր է։ Բաղադրության մեջ մտնում են պաստերացված կաթ, մանրէական կոնցենտրատ՝ մեզոֆիլիկ կաթնաթթվային հիմքով, մանրէական ծագման կաթ մերող պատրաստուկ (խիմոզին), սեղանի աղ: Չի պարունակում բուսական յուղ: Պանիրը Մաքսային միության «Կաթի և կաթնային արտադրանքի անվտանգության մասին» 033/2013 տեխնիկական կանոնակարգի կարգավորման առարկա է: Մայիսի 13-ին լաբորատոր փորձաքննության էին ներկայացվել 9 արտադրողի Լոռի պանիր:  Քանի որ պանիրները խանութներում վաճառվում էին կտորներով և արդեն իսկ խախտված էր ամբողջականությունը, հետևաբար փորձաքննել ենք միայն դրանցում բուսական յուղի և հակաբիոտիկների առկայությունը: Դրանցից մեկը՝ նմուշ N9` «Սևան Կաթը» պարունակում էր բուսական յուղ, ինչը, «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի համաձայն, համարվում է կեղծված. բաղադրությունը փոփոխվել է՝ առանց մակնշման համապատասխան փոփոխության: Թվարկված 9 նմուշներից և ոչ մեկում լաբորատոր փորձաքննությամբ հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել: Այսպիսով, նմուշներ N 1-8-ը համապատասխանում են սահմանված նորմերին և պիտանի են սննդում օգտագործելու համար: մանրամասները՝ այստեղ
16:06 - 05 հունիսի, 2019
ՍԱՏՄ-ն վերջին 1 տարում կասեցրել է սննդամթերքի ներմուծման 11 դեպք |armenpress.am|

ՍԱՏՄ-ն վերջին 1 տարում կասեցրել է սննդամթերքի ներմուծման 11 դեպք |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերջին 1 տարում իրականացրած սահմանային հսկողության ժամանակ արձանագրել է Հայաստան ապրանքների ներմուծումը կասեցնելու 11 դեպք: Այս մասին ասաց ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Գեորգի Ավետիսյանը: «Ներմուծման կասեցնելու դեպքերը հիմնականում եղել են փաստաթղթային անհամապատասխանության պատճառով: 3 դեպքում լաբորատոր փորձաքննության արդյունքում ի հայտ է եկել վտանգավոր սննդամթերք, որոնց ներմուծումն արգելվել է»,- նշեց Ավետիսյանը: Նրա խոսքով` դրանք եղել են Իրանի Իսլամական Հանրապետությունից բերված ծիրան և նեկտարին (հայտնաբերվել են կարանտին համարվող սալորի օսպա հիվանդությանը բնորոշ ախտանիշներ), լոլիկ (հայտնաբերվել են կարանտին համարվող ցեցի կենդանի թրթուրներ և վնասված լոլիկներ) և ելակ (հայտնաբերվել են կարանտին համարվող արևմտյան ծաղկային թրիփսի կենդանի առանձնյակներ):  
15:51 - 22 մայիսի, 2019