Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Հայաստանում ներդրումների ծավալը 2022 թ. աճել է շուրջ 20 տոկոսով. Վահան Քերոբյան

Հայաստանում ներդրումների ծավալը 2022 թ. աճել է շուրջ 20 տոկոսով. Վահան Քերոբյան

Հայաստանում մշակվող արդյունաբերության տեմպերը 2022 թվականին էապես աճել են, թողարկման ծավալը 13,5 տոկոսով ավելացել է՝ կազմելով 1,8 տրիլիոն դրամ: Փոխարենը մի փոքր նվազել են հանքարդյունաբերության տեմպերը: Թե՛ Կառավարության ծրագրով եւ թե՛ Կառավարության միջոցառումների ծրագրով մենք նախանշել ենք էապես ավելացնել մշակվող արդյունաբերության դերը համախառն ներքին արդյունքում՝ թիրախը սահմանելով 15 տոկոս. այժմ գտնվում ենք 12 տոկոսի միջակայքում: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 10-ի ԱԺ նիստում:  Նախարարն առաջին ընթերցմամբ ներկայացրել է ««Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը մշակվել է ՀՀ վարչապետի հանձնարարականի կատարման շրջանակում: «ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների համաձայն՝ Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել՝ ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր»,- ընդգծել է զեկուցողը: Վահան Քերոբյանի խոսքով նախաձեռնությամբ նախատեսվում է արդյունաբերական քաղաքականության իրականացման պետական կարգավորման շրջանակում Կառավարությանը լիազորել ոլորտի հիմնական ուղղությունների մասով հաստատել պետական օժանդակության եւ աջակցության ծրագրեր: Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ նախարարը փաստել է, որ 2022 թվականին ներդրումների ծավալն աճել է շուրջ 20 տոկոսով: Նշվել է, որ Էկոնոմիկայի նախարարությունն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ մշակել եւ շուտով Կառավարության հաստատմանը կներկայացնի Ներդրումային քաղաքականության ռազմավարությունը: Խոսելով օտարերկրյա ներդրումների ներգրավման մասին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ այդ հարցում մեր առաջնային թիրախը լինելու են առաջատար 500 ընկերությունները, որոնց մուտքը Հայաստան կաշխուժացնի տնտեսությունը: Գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը: Ելույթներում պատգամավորները կարեւորել են Կառավարության ներկայացրած նախաձեռնությունը, անդրադարձել են մեր երկրում արդյունաբերության զարգացմանը, տնտեսության մեջ տեղի ունեցող փոփոխություններին: Արտահերթ ելույթում ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նշել է, որ այս տարի 60 տոկոսից ավելի աճ է գրանցվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Զեկուցողի խոսքով տասնյակ հայկական ընկերություններ պետական գրանտային ծրագրերի շրջանակում ստացել են նորարարական գրանտներ: Հակոբ Արշակյանը փաստել է, որ Կառավարությունը կրկնապատկել է գիտության ֆինանսավորումը, որն իր հերթին կբերի նոր ինտելեկտուալ սեփականությունների գրանցման, որի հիման վրա էլ մեր երկիր կգան նոր ներդրումներ:
14:50 - 10 փետրվարի, 2023
Վահան Քերոբյանն ու Էդուարդո Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման նախագիծը

Վահան Քերոբյանն ու Էդուարդո Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման նախագիծը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր հանդիպել է արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանի հետ։ Այդ մասին Քերոբյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: «Նրա Corporación América միջազգային հոլդինգը գործում է մի քանի ոլորտներում՝ ներառյալ օդանավակայանների կառավարումը, գյուղատնտեսությունը, էներգետիկան և տրանսպորտային ենթակառուցվածքները: Անգնահատելի է Էդուարդո Էռնեկյանի ներդրումը Հայաստանի տնտեսության մեջ։ Corporación América հոլդինգի իրականացրած ամենանշանակալի ծրագրերից է «Զվարթնոց» օդանավակայանը, որը երկար տարիներ համարվում էր տարածաշրջանի լավագույն օդանավակայանը։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք հոլդինգի նոր նախագծերը, որոնց թվում է Զվարթնոց օդանավակայանի ընդլայնումը, ինչը թույլ կտա ապահովել շատ ավելի մեծ թվով ուղևորահոսք և ավելացնել թռիչքների ու ուղղությունների թիվը։ Բացի այդ, մենք քննարկել ենք պետական կառավարման ոլորտում հայկական սփյուռքի մարդկային ներուժի օգտագործման հնարավորությունը, ինչն, անշուշտ, կօգնի մեր երկրին արագ ինտեգրվել համաշխարհային գործընթացներին և միտումներին»,- գրել է նա։
23:46 - 06 փետրվարի, 2023
Հայաստանը նախորդ տարի արտահանել է ավելի քան 400 մլն դոլարի մշակված ադամանդ. Քերոբյանն ավելի բարձր ցուցանիշ է սպասում
 |armenpress.am|

Հայաստանը նախորդ տարի արտահանել է ավելի քան 400 մլն դոլարի մշակված ադամանդ. Քերոբյանն ավելի բարձր ցուցանիշ է սպասում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանից մշակված ադամանդի արտահանման ծավալները տարեցտարի ավելանում են, 2022-ին արտահանվել է ավելի քան 400 մլն դոլարի ադամանդ, աշխարհի առաջատար ադամանդագործական ընկերություններ Հայաստանում մշակման գործարաններ հիմնելու նախագծեր են սկսել, որոնք հիմա ավարտին են մոտենում: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Հայաստանից արտահանումը նախորդ տարի աճել է 77.7 տոկոսով: Քերոբյանի խոսքով՝ այս աճը ապահովվել է շատ տարբեր ապրանքատեսակների արտահանման հաշվին: Վերաարտահանումը զգալի մաս է կազմել: Իսկ վերաարտահանման նպատակով տեղում արվում են որոշակի վերամշակման գործողություններ: «Որոշակի կատեգորիաների մասով մեր հետևողական աշխատանքը սկսում է արդեն շատ լավ արդյունքներ տալ: Օրինակ, պետք է նշեմ ադամանդագործությունը: 2020 թվականին ընդհանուր 75 մլն դոլարի կարգի մշակված ադամանդի արտահանում ենք ունեցել, 2021-ին՝ մոտ 175 մլն դոլարի, 2022-ին՝ ավելի քան 400 մլն դոլարի: Իսկ այս տարի պլանավորում ենք էլ ավելի բարձր ցուցանիշներ, քանի որ անցյալ տարի մի քանի խոշոր ադամանդագործական ընկերություններ աշխարհի առաջատարներից Հայաստանում մշակման գործարաններ հիմնելու նախագծեր են սկսել, որոնք հիմա ավարտին են մոտենում: Եվ կարծում ենք, որ այս տարի, օրինակ, ադամանդագործության ոլորտում մեր արած աշխատանքը տալիս է զգալի արդյունք»,-ասաց Քերոբյանը: Նախարարը հավանական է համարում, որ տարվա առաջին եռամսյակում այդ նոր գործարաններն արդեն բացվեն: 2022-ին նաև ոսկերչական ապրանքների արտահանումն առաջին անգամ գերազանցել է 100 մլն դոլարը: Նախարարի վստահեցմամբ՝ կառավարության ներդրած ջանքերի արդյունքում է, որ այսպիսի արդյունքներ կան, սակայն, դեռ երկար ճանապարհի սկզբին են:
11:17 - 03 փետրվարի, 2023
Թուրքիայի հետ սահմանի բացումը հանգեցնելու է տնտեսական բարձր աճի. Քերոբյան |armenpress.am|

Թուրքիայի հետ սահմանի բացումը հանգեցնելու է տնտեսական բարձր աճի. Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահ է՝ եթե աշխարհաքաղաքական հանգամանքները հօգուտ Հայաստանի դասավորվեն, և Թուրքիայի հետ սահմանը բացվի, ապա Հայաստանի բոլոր տնտեսավարողները կզգան դրա դրական էֆեկտը:  Քերոբյանը նման տեսակետ հայտնեց՝ անդրադառնալով Թուրքիայի կողմից վերջերս Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացման արգելքը հանելու որոշմանը և Հայաստանի տնտեսության վրա դրա հնարավոր ազդեցության վերաբերյալ հարցին:   «Մեր տեղեկություններով դեռևս կանոնավոր օդային բեռնափոխադրումներ տեղի չեն ունենում: Եվ, ճիշտն ասած, հաշվի առնելով երկրների իրար մոտ լինելը՝ հավանական է, որ չլինեն էլ, քանի որ տրանսպորտային կապը ցամաքով՝ Վրաստանի միջոցով, բավականին մատչելի է: Եվ օդային հաղորդակցությունն առաջին հայացքից այդքան էլ գրավիչ չէ»,-ասաց Քերոբյանը: Նախարարը, այնուամենայնիվ, չբացառեց, որ որոշակի ապրանքատեսակների համար այսպիսի կանոնավոր փոխադրումներ տեղի ունենան: «Համենայնդեպս, օդային ուղևորափոխադրումների հետ մեկտեղ նաև բեռներ էլ են տեղափոխվում, որն ըստ էության, օդային բեռնափոխադրումների մի տարատեսակ է: Ուղղակի բեռնատար օդանավեր չկան դեռ, գուցեև չլինեն էլ: Մենք դրա համար առանձնապես շատ չենք անհանգստանում»,-ասաց նախարարը: Իսկ ինչ վերաբերվում է Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացման ազդեցությանը տնտեսության վրա՝  Քերոբյանն ասաց. «Թուրքիայի հետ սահմանի բացումը հանգեցնելու է տնտեսական բարձր աճի, քանի որ թուրքական շուկան, հաղորդակցությունների բացումը տալու է լայն հնարավորություն, հասանելիություն՝ թե հենց թուրքական շուկային, թե մերձավորարևելյան երկրներ ապրանքներ տեղափոխելու մասով: Այս ամբողջը, բնականաբար, պետք չէ լոկալ, փոքր պատկերով նայել: Սա մեծ պատկերի փոքր մաս է: Եվ, եթե աշխարհաքաղաքական հանգամանքները հօգուտ մեզ դասավորվեն, և մենք ի վերջո հասնենք այդ պահին, ապա վստահ եմ, որ Հայաստանի բոլոր տնտեսավարողները կզգան դրական էֆեկտը»: Շարունակությունը՝ armenpress.am-ում 
10:07 - 03 փետրվարի, 2023
Գործադիրը հաստատեց Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը
 |1lurer.am|

Գործադիրը հաստատեց Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը |1lurer.am|

1lurer.am: ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող՝ 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը: «2011-2020 թթ. ընթացքում միջինում ավելի քան 40 տոկոս աճ է նկատվել նշված ոլորտի արտահանման դինամիկայում: 2022 թվականին նկատեցինք, որ արտահանման ծավալները հատել են 200 միլիոն դոլարի սահմանը: 2021 թվականի նկատմամբ ունեցել ենք 15,7 տոկոս աճ: Այս ամենը թույլ է տալիս եզրակացնել, որ կա բավականին բարձր ներուժ ոլորտի զարգացման համար»,- ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը: Նրա խոսքով՝ հագուստի արտադրությունը 2020-2022 թթ. ապահովել է մոտ 11 հազար 500 աշխատատեղ: «Ծրագրով նախանշվել է 3 առանցք՝ մարդկային կապիտալի զարգացում, արտադրական կարողությունների զարգացում և օպտիմալացում, արտահանմանն ու վաճառքներին միտված ծրագրեր»,- ասաց նա: Այս ուղղությունների համար առաջիկա տարիներին նախատեսվում է տրամադրել մոտ 14 միլիարդ դրամ:  «Ծրագրի իրականացման արդյունքում արտադրողականությունը կկարողանանք բարձրացնել 1,8 անգամ»,- նշեց փոխնախարարը:
12:05 - 02 փետրվարի, 2023
ՀՀ վարչապետի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել հարկային պոտենցիալի գնահատմանը վերաբերող խորհրդակցություն

ՀՀ վարչապետի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել հարկային պոտենցիալի գնահատմանը վերաբերող խորհրդակցություն

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված հարկային պոտենցիալի գնահատմանը: Ինչպես հայտնում են Կառավարությունից, խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և այլ պաշտոնատար անձինք: «Ինչպես նախորդ տարեվերջին ենք պայմանավորվել, այս տարի ժամանակ առ ժամանակ քննարկումներ կունենանք Հայաստանի Հանրապետության հարկային պոտենցիալի գնահատման վերաբերյալ: Կփորձենք գնահատել, թե մեր հարկային եկամուտներն ինչքանով, ինչ հարաբերության կամ հեռավորության մեջ են մեր երկրի հարկային պոտենցիալից»,- խորհրդակցության սկզբում նշել է Նիկոլ Փաշինյանը: Հաջորդիվ անդրադարձ է կատարվել ավելացված արժեքի հարկի, եկամտային հարկի և սոցիալական վճարների, ինչպես նաև՝ շահութահարկի գծերով փաստացի պետական բյուջե կատարված մուտքերին, հարկային եկամուտների մեծացման պոտենցիալ հնարավորություններին և ստվերի կրճատման ուղղությամբ իրականացվելիք քայլերին: Ներկայացված գնահատականների շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, հնչեցվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ՝ հարկային պոտենցիալ միջոցները պետական բյուջե ներգրավվելու ուղղությամբ: Քննարկվել են նաև Շրջանառության հարկի ուղղությամբ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները: Վարչապետ Փաշինյանը կարևորել է հարկային, մաքսային և այլ ոլորտներում կոռուպցիայի, ինչպես նաև՝ ստվերային դրսևորումների դեմ հետևողական ու արդյունավետ պայքարը: Հարկային պետոնցիալն իրացնելու համատեքստում վարչապետը նշել է. «Պետք է հասկանալ, թե որն է աշխատանքի արդյունավետ մեթոդաբանությունը, հստակ ֆիքսել խնդիրները և գնալ կոնկրետ լուծումների: Այս առումով, անհրաժեշտ են խորը և արմատական բարեփոխումներ»: Վարչապետը հանձնարարել է շարունակել քննարկումները և ներկայացնել հարկային պոտենցիալի լիարժեք իրացմանն ուղղված համապատասխան առաջարկություններ:
17:38 - 26 հունվարի, 2023
Հայաստանն ու Լեհաստանը քննարկում են առևտրաշրջանառությունն ընդլայնելու հնարավորությունները

Հայաստանն ու Լեհաստանը քննարկում են առևտրաշրջանառությունն ընդլայնելու հնարավորությունները

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Բեռլինում հանդիպել են նաև Լեհաստանի փոխվարչապետ, գյուղատնտեսության զարգացման նախարար Հենրիկ Կովալչիկի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:    Երկուստեք կարևորվել են հայ-լեհական հարաբերությունները՝ հատկապես գյուղատնտեսության ոլորտում առկա զարգացման մեծ ներուժն ու հեռանկարները:   Այս համատեքստում առանձնացվել են ՀՀ-ում լեհական ներդրումների ակտիվացման, Հայաստանի և Լեհաստանի առևտրաշրջանառության՝ մասնավորապես գյուղատնտեսական մթերքների արտահանման ծավալների աճի հնարավորությունը:   Անդրադարձ է կատարվել առաջիկայում հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման կարևորությանը։
15:37 - 24 հունվարի, 2023
Վահան Քերոբյանն իտալական ընկերությունների ներկայացուցիչներին է ներկայացրել Հայաստանի տնտեսության զարգացման միտումները

Վահան Քերոբյանն իտալական ընկերությունների ներկայացուցիչներին է ներկայացրել Հայաստանի տնտեսության զարգացման միտումները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ընդունել է իտալական մի քանի ընկերությունների ներկայացուցիչների, որոնք ցանկանում են ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում։ Այս մասին նախարարը տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում:   «Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, զարգացման միտումները և միաժամանակ ընդգծել, որ արտասահմանյան գործընկերների հետ համագործակցության ընդլայնումն ու նոր ներդրումների ներգրավումը մեզ համար շատ կարևոր են։   Այնուհետև հյուրերի հետ քննարկել ենք ջերմատնային տնտեսությունների և խոզաբուծության ոլորտներին վերաբերող ներդրումային ծրագրերի նախագծերը։   Ներկայացրել եմ գյուղատնտեսական նշանակության հողերի կոնսոլիդացիայի փորձնական ծրագիրը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել մեր գործընկերների մոտ։   Խոսել ենք նաև արևային էներգիայի և կանաչ ջրածնի արտադրության մասին։ Հյուրերին տեղեկացրել եմ, որ մենք կանաչ ջրածնի ուսումնասիրման փուլում ենք, շուտով կունենանք առաջին արդյունքները»,- գրել է Քերոբյանը:
20:29 - 23 հունվարի, 2023
Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև հետագա համագործակցության հնարավորությունները

Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև հետագա համագործակցության հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նրա տեղակալ Ռաֆայել Գևորգյանն այսօր Բեռլինում հանդիպել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պետքարտուղար Նիլս Աննենի հետ:   Հանդիպմանը ներկա էր նաև Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը:   Վահան Քերոբյանը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին՝ Հայաստանին Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային նախարարության (BMZ) տրանսֆորմացիոն գործընկերների ցանկում կրկին ընդգրկելու համար:   Քննարկվել են երկու երկրների միջև հետագա համագործակցության հնարավորությունները՝ մասնավորապես վերականգնվող էներգետիկայի, կանաչ ջրածնի արտադրության, զբոսաշրջության, ապակենտրոն համագործակցության, աշխատանքի արտադրողականության խթանման ուղղություններով:
18:05 - 16 հունվարի, 2023
Առաջարկվում է հանել ԱԱՀ-ն արտադրության մեջ օգտագործվող, սակայն Հայաստանում չարտադրվող հումքի ու նյութերի ներկրման համար |1lurer.am|

Առաջարկվում է հանել ԱԱՀ-ն արտադրության մեջ օգտագործվող, սակայն Հայաստանում չարտադրվող հումքի ու նյութերի ներկրման համար |1lurer.am|

1lurer.am: Առաջարկվում է մաքսային սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձումը փուլ առ փուլ վերացնել այն հումքից ու նյութերից, որոնք Հայաստանում չկան, սակայն անհրաժեշտ են արտադրությունում վերջնական արտադրանք ստանալու համար: ««Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը հունվարի 16-ի ԱԺ հերթական նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: Էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանն ընդգծել է, որ առաջարկվող ապրանքները սահմանին ԱԱՀ-ից ազատելու պարագայում կավելանան նշված ապրանքների ներմուծման ծավալները: Մեր երկրի արդյունաբերական ճյուղերի զգալի քանակով ընկերություններ արտադրական գործունեություն ծավալելու նպատակով ներմուծում են հումք ու նյութեր, որոնք Հայաստանում չկան, սակայն անհրաժեշտ են արտադրությունում վերջնական արտադրանք ստանալու համար: Այդ ապրանքները Հայաստանի մաքսային տարածքը հատելիս գանձվում են ավելացված արժեքի հարկով, ինչը լրացուցիչ ֆինանսական ծախսեր է պահանջում արդյունաբերական ընկերություններից: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, նշել է, որ ՀՀ Կառավարությունը որդեգրել է բիզնես միջավայրի համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու քաղաքականություն և դրա շրջանակում առաջարկում է որոշ ապրանքատեսակների, որոնք օգտագործվում են հիմնականում արտադրության մեջ` ծառայելով որպես հումք, և չեն արտադրվում ՀՀ-ում, այլ ներմուծվում են, ԱԱՀ-ով գանձումը հետաձգել, այսինքն` սահմանին այդ վճարները տնտեսվարողները չվճարեն:
15:28 - 16 հունվարի, 2023
Ալկոհոլային որոշ խմիչքների արտադրությամբ զբաղվողները կազատվեն լիցենզիայի պարտադիր պահանջից
 |armenpress.am|

Ալկոհոլային որոշ խմիչքների արտադրությամբ զբաղվողները կազատվեն լիցենզիայի պարտադիր պահանջից |armenpress.am|

armenpress.am: Ալկոհոլային խմիչքների առանձին տեսակների արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներն առաջիկայում կազատվեն լիցենզավորման պարտադիր պահանջից։ Կառավարության հերթական նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ օրենքի փոփոխությունները վերաբերելու են մասնավորապես գարեջրի, խնձորի և հատապտղային գինիների, լիկյորների, մինչև 9 տոկոս սպիրտի պարունակությամբ այլ խմիչքների, ինչպես նաև մինչև 100 հազար լիտր շշալցված կոնյակի ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողներին։ «Այս ոլորտներում լիցենզիայի կամ ծանուցման վերացումը թույլ է տալու, որ ընկերությունները կամ ձեռներեցները կարողանան ավելի հեշտ մտնել շուկա և ազատվեն ավելորդ թղթաբանությունից։ Այն, մեր կարծիքով, ավելորդ է, քանի որ ավելի շատ թղթերի հետ ենք աշխատում, քան իրականում ստուգումներ ենք անում»,- ասաց Քերոբյանը։ Նույն նախագծով առաջարկվում է նաև որոշ ալկոհոլային խմիչքների բիզնեսով զբաղվողների համար նվազեցնել պետական տուրքի չափը։ «Դրանք վիսկին, ռոմը, ջինը, սպիրտային այլ թուրմերն են։ Այսօր ընկերությունները պետք է դրանց արտադրության համար վճարեն 15 միլիոն դրամ, հիմա նվազեցնում ենք մինչև 3 միլիոն, ինչը, մեր կարծիքով, խելամիտ պետական տուրք է նմանատիպ գործունեություն սկսելու համար։ Այդ տեսակի արտադրանքը բավական մեծ պահանջարկ ունի թե՛ Հայաստանում, թե՛ արտաքին շուկաներում»,–  նշեց Քերոբյանը։ Նաև առաջարկվում է վերացնել շշալցված կոնյակի արտահանման պետական տուրքը, որը ներկայում 1 լիտրի համար կազմում է 25 դրամ։  «Միայն այս տուրքի առկայության պայմաններում արտահանողները տարեկան ընդհանուր շուրջ 450 մլն դրամ են վճարում»,- եզրափակեց Քերոբյանը։  
15:29 - 12 հունվարի, 2023