Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ։

Վահագն Գառնիկի Խաչատուրյան (ապրիլի 22, 1959, Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար։

1982-1992 թթ.- գիտամանկավարժական գործունեություն Երևանի Ժողվրդական տնտեսության ինստիտուտում։ 1982-1990 թթ. աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ։ 1990-1992 թթ. եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ։

1990-1995 թթ. - Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։

1992 թ. դեկտեմբերի 22-1996 թ. փետրվարի 22 - Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ[2]։

1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

1996-1998 թթ. - ՀՀ նախագահի խորհրդական։

2000 թ. - «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ։

2006 թ. - «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ։

2008-2013 թթ. - Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ։

ՀՀ վարչապետն ու նախագահը ուղերձներ են հղել ԱՄԷ Ազգային տոնի առթիվ

ՀՀ վարչապետն ու նախագահը ուղերձներ են հղել ԱՄԷ Ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին և փոխնախագահ, վարչապետ շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումին՝ Ազգային տոնի առթիվ: ԱՄԷ նախագահին ուղղված ուղերձում նշված է. «Ձերդ վսեմություն, Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Արաբական Միացյալ Էմիրությունների անկախության 51-երորդ տարեդարձի կապակցությամբ: Անցած հինգ տասնամյակները նշանավորվում են Ձեր երկրի և ժողովրդի տքնաջան աշխատանքով, ինչը հնարավոր դարձրեց Միացյալ Էմիրությունների տպավորիչ ձեռքբերումներն ու առաջընթացը: Բարձր եմ գնահատում Ձեր ջանքերը՝ ուղղված աշխարհում խաղաղ համակեցության պահպանմանը և կայուն զարգացման մթնոլորտ ստեղծելուն: Խորապես արժևորում եմ Հայաստանի և Միացյալ Էմիրությունների միջև առկա բարեկամական, օրեցօր զարգացող հարաբերությունները և վճռական եմ նպաստելու դրանց էլ ավելի խորացմանը: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և զարգացում: Ընդունեք խնդրեմ, Ձերդ վսեմություն, խորին հարգանքիս հավաստիքը»: ԱՄԷ փոխնախագահին ուղղված ուղերձում ասված է. «Ձերդ վսեմություն, Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ Արաբական Միացյալ Էմիրությունները գալիք տարիներին ևս շարունակելու է առաջընթացի և բարգավաճման իր հաստատակամ ուղին: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի Էմիրության կառավարիչ, շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ Մաքթումին Ազգային տոնի կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Համոզված եմ, որ Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն:Լիահույս եմ, որ երկուստեք ջանքերի գործադրմամբ մեր երկրների միջև առկա համագործակցությունն ավելի կընդլայնվի և կխորանա՝ շոշափելի արդյունքներ արձանագրելով տարբեր ոլորտներում:Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»: Բարձր եմ գնահատում մեր երկրների ավանդական, ջերմ հարաբերությունները և վստահ եմ, որ դրանք հիմք կդառնան մեր երկրների միջև առկա ներուժի լիարժեք իրացման համար: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն: Ընդունեք խնդրեմ, Ձերդ վսեմություն, խորին հարգանքիս հավաստիքը»:
12:36 - 02 դեկտեմբերի, 2022
Էկվադորի նորանշանակ դեսպանի հետ հանդիպմանը ՀՀ նախագահը կարևորել է միջկառավարական և միջխորհրդարանական շփումների ակտիվացումը

Էկվադորի նորանշանակ դեսպանի հետ հանդիպմանը ՀՀ նախագահը կարևորել է միջկառավարական և միջխորհրդարանական շփումների ակտիվացումը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Էկվադորի Հանրապետության նորանշանակ դեսպան Խուան Ֆերնանդո Օլգին Ֆլորեսը (նստավայրը՝ Մոսկվա):Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ նախագահ Խաչատուրյանը շեշտել է, որ նորանշանակ դեսպանի դիվանագիտական փորձառությունը միանշանակ ծառայելու է Հայաստանի և Էկվադորի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների առավել սերտացմանը:Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է Հայաստանի և Էկվադորի առևտրատնտեսական կապերին և նշել դրանց զարգացման առկա հնարավորությունները: Իր խոսքում նախագահը նաև շնորհավորել է Էկվադորին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու կապակցությամբ և շեշտել, որ միջազգային հարթակներում Հայաստանն ու Էկվադորը շատ հաճախ են հանդես գալիս միասնական մոտեցումներով ու սկզբունքներով, ինչը շատ կարևոր է:«Ներկայիս իրողությունների պայմաններում ՄԱԿ-ի դերակատարությունն ավելի է բարձրանում և սրանով պայմանավորված Էկվադորին ես հաջողություններ եմ մաղթում իր կարևոր և պատասխանատու պարտականությունների իրականացման գործում»,- նշել է նախագահը՝ շեշտելով, որ Հայաստանը ձգտում է խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատման իր բոլոր հարևանների հետ:Նորանշանակ դեսպանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շեշտել է, որ իր համար պատիվ է ներկայացնել Էկվադորը Հայաստանում: Խուան Ֆերնանդո Օլգին Ֆլորեսը նշել է, որ Էկվադորը մշտապես խաղաղության և հակամարտությունները քաղաքական երկխոսությամբ լուծելու կողմնակից է և հանձնառու է նաև ՄԱԿ-ի հարթակում ջանքեր գործադրել նաև մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու համար:Դեսպանն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի և Էկվադորի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և նշել, որ այս տարիների ընթացքում զգալի առաջընթաց կա, մասնավորապես, առևտրատնտեսական կապերի առևտրաշրջանառության աճի առումով:Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը կարևորել է միջկառավարական և միջխորհրդարանական շփումների ակտիվացումը, ինչպես նաև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության, կրթության և գիտության ոլորտներին առնչվող երկկողմ համաձայնագրերի կնքումը, որոնք ներկայումս նախագծային փուլում են:
18:34 - 29 նոյեմբերի, 2022
Հայաստանում Ուրուգվայի դեսպանության բացումը նոր խթան կհանդիսանա հարաբերությունների զարգացման համար. Խաչատուրյան

Հայաստանում Ուրուգվայի դեսպանության բացումը նոր խթան կհանդիսանա հարաբերությունների զարգացման համար. Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ դեսպան Էդուարդո Ռոսենբրոկ Բիդարտը:Շնորհավորելով Ուրուգվայի առաջին ռեզիդենտ դեսպանին, նախագահ Խաչատուրյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Ուրուգվայի դեսպանության բացումը և այս նշանակումը նոր խթան կհանդիսանա հայ-ուրուգվայական բարեկամական հարաբերությունների զարգացման համար:Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նորանշանակ դեսպանը նշել է, որ իր առաքելության ընթացքում ջանք չի խնայելու հայ-ուրուգվայական տնտեսական ու մշակութային կապերի սերտացման և քաղաքական երկխոսությունը որակական նոր մակարդակի բարձրացման համար:Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է հայ-ուրուգվայական հարաբերությունների լավագույն ավանդույթներին, շեշտել, որ դեռևս Խորհրդային միության տարիներից Ուրուգվայը հայ հասարակության համար հարազատ երկիր է, որն հայտնի է որպես Հայոց Ցեղասպանությունն առաջինը ճանաչած պետություն: Իր խոսքում նախագահը մասնավորապես նշել է. «Համոզված եմ, որ մեր դեսպանատունն էլ շուտով կբացվի և դա իրականում նոր խթան կլինի մեր հարաբերություններին, և մենք կարող ենք մեր հնարավորություններն ավելի շատ օգտագործել, խոսքը գնում է հատկապես տնտեսական հարաբերությունների և ինչու չէ, նաև տուրիզմի ու մշակույթի մասին»:Զրույցի ընթացքում դեսպան Էդուարդո Ռոսենբրոկ Բիդարտը Հանրապետության նախագահին է փոխանցել Ուրուգվայի նախագահ Լուիս Ալբերտո Լոկալլեի ողջույնները և նշել, որ իր համար պատիվ է լինել Ուրուգվայի առաջին ռեզիդենտ դեսպանը Հայաստանում: Իր խոսքում դեսպանը մասնավորապես ասել է. «Ուրուգվայն առաջին անգամն է, որ ունի պաշտոնական ներկայություն Հայաստանում, չնայած այն հանգամանքին որ Հայաստանի կառավարության և հայ ժողովրդի հետ Ուրուգվայն ունի ավելի քան հարյուրամյա բարեկամություն, չնայած այն հանգամանքին, որ Ուրուգվայի հայ համայնքն այնքան մեծ չէ որքան Արգենտինայի Հանրապետության հայկական համայնքը, բայց անկախ դրանից պետք է նշեմ, որ հայ համայնքի դերը երեքուկես միլիոնանոց Ուրուգվայում շատ էական և կարևոր է: Համայնքի կարևոր հանձնառությունն է եղել, որ Հայաստանը ներկայացված լինի Ուրուգվայում»:Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահն ու նորանշանակ դեսպանը քննարկել են թվայնացման, բարձր տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում հայ-ուրուգվայական փոխգործակցության ներուժին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել Ուրուգվայում Թումո կենտրոնի բացման հնարավորությանը: Հանդիպման ավարտին երկուստեք ընդգծվել է հաջորդ տարվա ընթացքում Մոնտեվիդեոյում Հայաստանի դեսպանատան բացման կարևորությունը:
18:38 - 25 նոյեմբերի, 2022
Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով դատավորներ են նշանակվել։ Ըստ այդմ՝ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի նոյեմբերի 21-ի ԲԴԽ-111-Ո-353 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Յուզբաշյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:   Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի նոյեմբերի 21-ի ԲԴԽ-111-Ո-352 որոշմամբ ներկայացված առաջարկու-թյունը. Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նոնա Գալստյանին նշանակել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
18:14 - 25 նոյեմբերի, 2022
Հայաստանն էներգետիկ շուկայի ազատականացման ուղղությամբ առաջին քայլերն է անում. նախագահ

Հայաստանն էներգետիկ շուկայի ազատականացման ուղղությամբ առաջին քայլերն է անում. նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ներկա է եղել «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը: Հաշվարկային կենտրոնն իրականացնում է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի կառավարման և շահագործման և էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման գործառույթներ՝ մատուցելով կենտրոնացված միջնորդային ծառայություն։ Այն հանդիսանում է Հայաստանի էներգետիկ համակարգի կարևորագույն ընկերություններից մեկը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է կենտրոնի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ և հանդես եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես ասել է. «Կենտրոնը մատուցվող ծառայություններից զատ, յուրահատուկ դեր ունի էլեկտրաէներգետիկական շուկայում: Ժամանակակից աշխարհում զարգացող երկրների էներգետիկ շուկան արդեն իսկ ազատականացված է: Հայաստանն այս ուղղությամբ առաջին քայլերն է անում՝ հաշվի առնելով ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման ընթացքը և Եվրամիության համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պահանջները։ Այս գործընթացում անհնար է գերագնահատել «Հաշվարկային կենտրոնի» դերակատարությունը, քանի որ ներկայիս և հետագա մարտահրավերներին դիմակայելու համար կենտրոնն իր ակտիվ մասնակցությունն ունի Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի նոր կառուցվածքի և էլեկտրաէներգիայի առևտրի մեխանիզմների Հայեցակարգի մշակման գործում: Նշվում է, որ վերջին մի քանի տարիներին էլեկտրաէներգետիկական համակարգի բարեփոխումները մեծապես ազդել են նաև ընկերության գործունեության վրա, մասնավորապես, էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմամբ պայմանավորված, ընկերությանը հատկացվել է շուկայի օպերատորի դերը, որը բավականին բարդ, պատասխանատու և լարված աշխատանք է պահանջում։ Այս պատասխանատու գործունեության վերջնանպատակը էլեկտրաէներգետիկ շուկայի նոր մոդելի անցումն է, որը հիմնված կլինի էլեկտրաէներգիայի առևտրի ժամանակակից կանոնների վրա, կգործի պահանջարկի և առաջարկի հավասարակշռման միջոցով և կսահմանի առևտրի ընթացքում շուկայի մասնակիցների պատասխանատվության մեխանիզմները»: Նախագահը «Հաշվարկային կենտրոնի» տնօրինությանը և ողջ աշխատակազմին մաղթել է արգասաբեր աշխատանք և հաջողություններ:
15:12 - 25 նոյեմբերի, 2022
ՀՀ նախագահն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

ՀՀ նախագահն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱԶԲ առաքելության մշտական տնօրեն Պաոլո Սպանտիգատին և ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, ողջունելով Եվգենի Ժուկովին, նախագահ Խաչատուրյանը նշել է, որ 2005 թվականից, երբ պաշտոնապես մեկնարկեց Ասիական զարգացման բանկի և Հայաստանի Հանրապետության համագործակցությունը, բանկը դարձել է Հայաստանի կարևոր միջազգային գործընկերներից մեկը: Հանրապետության նախագահը շեշտեց, որ առանձնահատուկ կարևորում է ինչպես Հայաստանի Կառավարության, այնպես էլ մասնավոր սեկտորի հետ համատեղ Բանկի կողմից իրականացվող ծրագրերը: Եվգենի Ժուկովը, շնորհակալություն հայտնելով նախագահին ընդունելության համար, նշել է, որ Հայաստանն Ասիական զարգացման բանկի կարևորագույն գործընկերներից մեկն է, և իրենք թե՛ մասնավոր հատվածում, թե՛ Հայաստանի Կառավարության հետ, միտված են շարունակել ու առավել ընդլայնել բազմաշերտ փոխգործակցային ծրագրերը, որոնք վերաբերում են տրանսպորտային հաղորդակցության, «կանաչ տնտեսության», կրթության և բազմաթիվ այլ ոլորտների: Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է Հարավային Կովկասի տնտեսական և քաղաքական իրողություններին և տարածաշրջանի տնտեսական զարգացման վրա դրանց ազդեցությանը: Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի տնտեսության զարգացման որակական փոփոխության առաջնային պայմաններից մեկը խաղաղությունն ու անվտանգային միջավայրն են, և Հայաստանը հաստատակամ է բոլոր հարևանների հետ խաղաղ ու բարիդրացիական հարաբերությունների հաստատման իր դիրքորոշմանը: Հանդիպման մասնակիցները երկուստեք կարևորել են ապագայում էլ Հայաստանի և Ասիական զարգացման բանկի փոխգործակցության շարունակականությունը:
15:34 - 24 նոյեմբերի, 2022
Առանց նախապայմանների ձևակերպումը վերաբերում է նաև Ցեղասպանության ճանաչման խնդրին․ Խաչատուրյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին

Առանց նախապայմանների ձևակերպումը վերաբերում է նաև Ցեղասպանության ճանաչման խնդրին․ Խաչատուրյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել SpecialEurasia-ին, որը ներկայացնում ենք ստորև․ SpecialEurasia - Հաշվի առնելով վերջին շրջանում Հարավային Կովկասում գրանցված աշխարհաքաղաքական զարգացումները, (2020 թ-ի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, 2022թ-ի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական ագրեսիան), և Ուկրաինայի հակամարտության արդյունքում ներկայումս միջազգային հարթակում առկա իրավիճակը, ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի ապագան և ի՞նչ ուղի կընտրի Ձեր երկիրն այս փոփոխվող աշխարհում։ - 2020 թվականի 44-օրյա պատերազմը ծանր փորձություն էր մեր ժողովրդի համար, ընդհանրապես պատերազմների ավերիչ հետևանքները դժվար է ամբողջական կերպով գնահատել՝ ընդ որում բոլոր պատերազմող կողմերի համար: Այսօր մեր տարածաշրջանում և, համարձակվում եմ ասել, ամբողջ աշխարհում տեղի է ունենում մինչ 2020 թվականը գոյություն ունեցած աշխարհակարգի վերափոխում և եթե դիտարկենք այս տեսանկյունից, ապա լոկալ հակամարտություններն այդ փոփոխության մասնակի դրսևորումներն են: Անշուշտ, առկա միջազգային իրադրության լարվածության և փոփոխությունների ֆոնին հարկ է, որ ցանկացած պետություն ընտրություն կատարի, բայց այդ ընտրությունը կարծում եմ ավելի շատ արժեքների դաշտում է: Հայաստանն այս տեսանկյունից իր միանշանակ որոշումը կայացրել է, այն է՝ անշեղորեն առաջնորդվել ժողովրդավարության սկզբունքներով և գնալ ժողովրդավարական ինստիտուտների կայացման ուղիով: Մենք փոքր հնարավորություններով երկիր ենք, նկատի ունեմ այն, որ Հայաստանը հարուստ չէ օգտակար հանածոներով, էներգակիրներով, մենք չունենք նավթ ու գազ և նման պայմաններում ժողովրդավարությունը, մշակույթը, գիտությունը դառնում են մեր առաջնային ռեսուրսն աշխարհին ներկայանալու և մոլորակի վրա մեր ուրույն տեղն ու դիմագիծն ունենալու համար: Իսկ այս ամենի համար անհրաժեշտ է խաղաղություն: Հայաստանի համար վերջինս այլընտրանք չունի, քանի որ խաղաղությունն ամենակարևոր նախապայմանն է ինչպես առանձին վերցրած քաղաքացու, այնպես էլ պետությունների կայացման, զարգացման ու քաղաքակրթական վերելքի համար: Եթե փորձենք ձևակերպել շատ հակիրճ, ապա Հայաստանն աներկբա կերպով ընտրել է խաղաղ, ժողովրդավար և մարդակենտրոն զարգացման ուղին: SpecialEurasia - Խոսելով Հայաստանի արտաքին հարաբերություններից, Դուք կարծու՞մ եք, որ հնարավոր է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, չնայած նրան, որ Անկարան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ինչպե՞ս կարող է հայ բնակչությունն արձագանքել այս խնդրին։ - Հայաստանի Հանրապետության համար բարիդրացիական հարաբերությունների հաստատումն իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի հետ երբևէ վիճարկելի գաղափար չի եղել: Մենք մշտապես հանդես ենք եկել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման, սահմանների բացման դիրքորոշմամբ: Պետք է շեշտել, որ առանց նախապայմանների ձևակերպումը դիվանագիտական խուսանավում չէ և վերաբերում է նաև Ցեղասպանության ճանաչման խնդրին:Ցավոք, պետք է ասեմ, որ տասնամյակներ շարունակ առաջինը Թուրքիան է Հայաստանի հետ սահմանների բացման և հարաբերությունների կարգավորման համար նախապայմաններ առաջադրել՝ ինչ-որ առումով սպասարկելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ադրբեջանական օրակարգը: Միևնույն ժամանակ, կարևոր եմ համարում ընդգծել, որ 1990-ականների սկզբին և 2008-2009 թվականներին Հայաստանն ու Թուրքիան ունեին հնարավորություն գնալ արմատական փոփոխության և շարժվել կարգավորման ուղղությամբ: Այդ հնարավորությունները լիարժեք կերպով չօգտագործվեցին, բայց այսօր ես առավել կարևոր եմ համարում ոչ թե անցյալի բացթողումների կամ ինչ-ինչ կորսված հնարավորությունների մասին խոսելը, այլ ապագային նայելը:Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում են: Անգամ տեղեկատվական-քարոզչական դաշտում ես տեսնում եմ դրական միտումներ և հույս ունեմ, որ մեր արևմտյան հարևանի հետ մենք կարող ենք հաստատել քաղաքակիրթ, կարգավորված և կանխատեսելի բարիդրացիական հարաբերություններ: Ես այն համոզմանն եմ, որ անգամ բարդագույն խնդիրների լուծման բանալին զարգացումն ու ժողովրդավարությունն է, որոնք չենք կարող գոյություն ունենալ նախապայմաններով կամ բացառություններով: Այս տեսանկյունից քաղաքակիրթ հարաբերությունների հաստատումը Թուրքիայի և ընդհանարապես, բոլոր հարևան երկրների հետ, Հայաստանը տեսնում է որպես հնարավորություն, ինչպես արդեն ասեցի, ժողովրդավարության և զարգացման հասնելու և բարդագույն խնդիրների հաղթահարման համար: SpecialEurasia - Արևմուտքը հաճախ է երկակի ստանդարտների քաղաքականություն կիրառել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Արդյո՞ք տեսնում եք որևէ փոփոխություն 2022 թվականի սեպտեմբերից հետո: - Ես չէի ցանկանա միանշանակ ու միարժեք կերպով գնահատականներ հնչեցնել, ղարաբաղյան հիմնախնդրում Արևմուտքի դերակատարության մասին: 1992 թվականին ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբն այս տարիների ընթացքում գնահատելի աշխատանք է տարել հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ հանդես գալով մի շարք առաջարկներով, այլ հարց է, որ 2020 թվականին Ադրբեջանը փորձեց ուժի կիրառմամբ հասնել իր համար ցանկալի արդյունքի:Ինչ վերաբերում է, 2022 թվականի սեպտեմբերից հետո Արևմուտքի և կարելի է ասել առաջադեմ աշխարհի դիրքորոշմանը, ապա այստեղ ամեն ինչ առավել քան պարզ էր: 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ոտնձգություն է իրականացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ և փաստացի օկուպացրել: Այս հարցը քննարկվել է ՄԱԿ անվտանգության խորհրդում, բազմաթիվ երկրների կողմից ադրբեջանական ագրեսիան դատապարտվել է և ի վերջո, ԵԱՀԿ կողմից փաստահավաք առաքելություն է ուղարկվել Հայաստան: Կարծում եմ սրանք ցուցիչներ են, որոնք ակնառու կերպով ի ցույց են դնում Արևմուտքի դիրքորոշումը: SpecialEurasia - Վերջերս Դուք ելույթ ունեցաք COP27-ում։ Ո՞րն է կլիմայի փոփոխության մարտահրավերին դիմակայելու՝ Հայաստանի որդեգրած ռազմավարությունը, և ինչպե՞ս կարող են բնապահպանական խնդիրներն ազդել Հայաստանի բիզնես ոլորտների վրա: - Կլիմայի փոփոխություններին ինչ-որ կերպ հակազդելու հիմնախնդրի առաջ կանգնած է համայն մարդկությունը և այդ գործում բոլոր պետություններն ունեն իրենց դերակատարությունը՝ անկախ իրենց աշխարհագրական դիրքից ու տարածքից: Հայաստանը, բնականաբար, հանձնառու է իրականացնել այն միջոցառումները, որոնք մեր երկիրը ստանձնել է «Փարիզյան կոնվենցիայով»: Կարծում եմ, որ Կլիմայի փոփոխության մարտահրավերներին դիմակայելու բանաձևերը բավական պարզ և հստակ են՝ շարժվել դեպի «կանաչ տնտեսություն», զարկ տալ տեխնոլոգիական զարգացմանն ու էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուրների կիրառությանը տնտեսության մեջ, կառավարելի դարձնել շրջակա միջավայրի աղտոտման վրա ուղակի ազդեցություն ունեցող ռիսկերը՝ գտնելով կենցաղային ու արտադրական թափոնների վերամշակման ու նվազեցման մեխանիզմներ: Կցանկայի նաև շեշտել, որ Կլիմայի փոփոխության յուրօրինակ մարտահրավերներից են նաև ռազմական ագրեսիաներն ու պատերազմները, որոնց հետևանքներին մենք ականատես ենք լինում տարիներ շարունակ: SpecialEurasia - Արդյո՞ք Հայկական Սփյուռքը կարող է էական դեր ունենալ այսօրվա Հայաստանում։- Հայկական սփյուռքն այսօր, ինչպես և անցյալում և հուսով եմ ապագայում, անքակտելիորեն կապված է Հայաստանի հետ: Հայաստանի Հանրապետությունն աշխարհի բոլոր հայերի հայրենիքն է, և այստեղ այլ կարծիք լինել չի կարող, այլ հարց է, որ պետք է առավել ինստիտուցիոնալ հիմքի վրա դնել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, որպեսզի դրանք չսահմանափակվեն զուտ բարեգործական նախաձեռնություններով կամ տարբեր հիմնադրամների ու հասարակական կազմակերպությունների գործունեությամբ, թեկուզ և անգնահատելի է այդօրինակ կառույցների բազմոլորտ գործունեությունը հայապահպանության, հայկական մշակույթի զարգացման ու հանրահռչակման ու բազմաթիվ այլ ասպարեզներում: Այս հարցում բնականաբար անելիքներ ունեն և Հայաստանի ղեկավարությունը և Սփյուռքահայ կազմակերպությունները, որովհետև պարզ է նաև այն, որ Սփյուռքը բազմաշերտ, յուրօրինակ երևույթ է, որի հետ հնարավոր չէ միագիծ հարաբերություններ ստեղծել: SpecialEurasia -  Երևան կատարած մեր այցի ընթացքում մենք բացահայտեցինք, որ Պարսից ծոցի որոշ միապետություններ մեծ ակտիվությամբ խթանում և աջակցում են տեղական բիզնեսներին, հատկապես Արաբական Միացյալ Էմիրությունները: Վերջերս դուք հանդիպում ունեցաք Արաբական լիգայի գլխավոր քարտուղարի հետ։ Հաշվի առնելով Միջին Արևելքում հայկական Սփյուռքի կենսական դերը, հավատու՞մ եք, որ Ձեր երկիրը կարող է ամրապնդել իր տնտեսական և քաղաքական հարաբերությունները արաբ-մուսուլմանական աշխարհի հետ: - ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին համաժողովի շրջանակներում ես արդյունավետ հանդիպումներ եմ ունեցել նաև արաբական մի շարք երկրների իմ պաշտոնակիցների և ղեկավարների հետ և վստահաբար կարող եմ ասել, որ արաբական աշխարհում առկա է ցանկություն առավել բարձր մակարդակի հասցնել Հայաստանի հետ հարաբերությունները: Հայկական սփյուռքն, անշուշտ, իր դերակատարությունն ունի այս հարաբերություններում, սակայն կարծում եմ, որ միայն Սփյուռքի ներուժի օգտագործումը բավարար չէ և մենք պետք է շարժվենք քաղաքական տնտեսական ու առևտրա-տնտեսական կապերի սերտացման ու ընդլայնման ուղղությամբ: Հայաստանը բազմաթիվ բարեկամ ու գործընկեր երկրներ ունի արաբա-մուսուլմանական աշխարհում և իմ հանդիպումները՝ ինչպես Արաբական պետությունների լիգայի Գլխավոր քարտուղար պարոն Ղեյթի, այնպես էլ այլ արաբ առաջնորդների հետ նպատակ ունեին զարգացնել փոխշահավետ համագործակցությունն ու ընդլայնել Հայաստան-Արաբական աշխարհ երկխոսությունը: SpecialEurasia - Ի՞նչ կասեք հայ-իտալական հարաբերությունների մասին։ - Հայ-իտալական հարաբերությունները հարյուրամյակների պատմություն ունեն և իրենց արմատներով հասնում են վաղ միջնադար, երբ հայ վաճառականներն առևտուր էին անում Ջենովայի և Վենետիկի հետ: Մեկ այլ մակարդակում են գտնվում հայ-իտալական մշակութային առնչակցությունները, Վենետիկի Սուրբ Ղազար կղզում է գտնվում աշխարհում հայագիտության խոշորագույն կենտրոններից մեկը՝ Մխիթարյան միաբանությունը: Ընդհանրապես, հայ-իտալական հարաբերություններն այնքան խորն ու բազմաշերտ են, որ մեկ կամ մի քանի հարցազրույցների ընթացքում հնարավոր չէ անդրադառնալ դրանց բոլորին: Մեր ժողովուրդներն անգամ բազմաթիվ նմանություններ ունեն՝ սկսած արտաքինից վերջացրած զգացմունքայնությամբ և հախուռն բնավորությամբ: Այնպես որ, կարծում եմ հայ-իտալական հարաբերությունները մշտապես ունեն զարգացման մեծ ներուժ:
17:11 - 22 նոյեմբերի, 2022
Հայաստանի նախագահը ուկրաինահայ գործարարների հետ հանդիպմանը կարևորել է տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների այցը հայրենիք

Հայաստանի նախագահը ուկրաինահայ գործարարների հետ հանդիպմանը կարևորել է տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների այցը հայրենիք

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ուկրաինայից ժամանած հայ գործարարների: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը կարևորել է տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների այցերը հայրենիք՝ Հայաստանի և սփյուռքի միջև սերտ զարգացման և առևտրա-տնտեսական տեսանկյուններից: Իր խոսքում Հանրապետության նախագահը մասնավորապես ընդգծել է, որ ուկրաինահայ գործարարների այցելությունն առանձնահատուկ գնահատելի է՝ նկատի ունենալով նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Նախագահը շեշտել է, որ նման ձևաչափի այցը նոր խթան կդառնա հայ-ուկրաինական գործարար կապերի և առևտրա-տնտեսական փոխգործակցության զարգացման համար և նշանակալի ազդեցություն կունենա նաև ուկրաինահայ համայնքի կյանքում։ Հանդիպման ընթացքում ՀՀ նախագահն անդրադարձել է Հայաստանի տնտեսական իրողություններին, տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, որոնք միտված են նաև գործարար դաշտի համար տնտեսական միջավայրն առավել գրավիչ դարձնելուն, նոր տեխնոլոգիաների ու թվայնացման համակարգերի ներդրմանը: Ուկրաինահայ գործարարների հետ հանդիպման ընթացքում, անմիջական մթնոլորտում, Վահագն Խաչատուրյանը պատասխանել է հյուրերի հարցերին: Քննարկվել են Ուկրաինայի հայկական համայնքի հետ հարաբերություններն առավել սերտացնելուն և գործարար շփումների մակարդակը բարձրացնելուն ուղղված հարցեր:
19:25 - 19 նոյեմբերի, 2022
ՀՀ նախագահը Շվեյցարիայի նախկին նախագահին մանրամասներ է ներկայացրել Հարավային Կովկասում ներկայումս առկա անվտանգության մարտահրավերների վերաբերյալ

ՀՀ նախագահը Շվեյցարիայի նախկին նախագահին մանրամասներ է ներկայացրել Հարավային Կովկասում ներկայումս առկա անվտանգության մարտահրավերների վերաբերյալ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի տնօրեն Ամիթավ Բաներջին: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, զրույցի ընթացքում Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է ներկայացրել Հարավային Կովկասում ներկայումս առկա անվտանգության մարտահրավերների և ընդհանուր իրավիճակի վերաբերյալ: Նախագահը շեշտել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը, որը, սակայն, հանդիպում է խոչընդոտների՝ ի դեմս Ադրբեջանի պարբերական ագրեսիվ քայլերի:Զրուցակիցները մտքեր են փոխանակել Ղարաբաղյան հիմնախնդրի, հայ-թուրքական երկխոսության ներկա փուլի և հարաբերությունների կարգավորման հեռանկարների վերաբերյալ:
17:41 - 17 նոյեմբերի, 2022
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արևելյան գործընկերության հարցերով բանագնացների պատվիրակությանը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արևելյան գործընկերության հարցերով բանագնացների պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը:Նախագահը ողջունել է պատվիրակների այցը Հայաստան և կարևորել Հայաստան-Եվրամիություն գործընկերության շարունակական ու բազմաշերտ զարգացումը:Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը հետևողականորեն իրականացնում է Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում երկրի ստանձնած պարտավորությունները, որոնք ուղղված են մեր քաղաքացիների բարեկեցության ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, կառավարման արդյունավետության բարձրացմանը, մարդու իրավունքների պաշտպանվածության բարձրացմանն ու սոցիալական, առողջապահական ամենատարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը:Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը ԵՄ պատվիրակներին է ներկայացրել տարածաշրջանային իրողություններն ու գործընթացները, անվտանգային խնդիրները, անդրադարձել 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային և կարևորել է ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության ներկայությունը Հայաստանում:Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանի  սկզբունքային դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության ու հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումն է:Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացի, տարածաշրջանային անվտանգության կարևորության և հայ-թուրքական երկխոսության ներկա փուլի վերաբերյալ:
14:59 - 16 նոյեմբերի, 2022
ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նորանշանակ դեսպանը

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Կիպրոս Յորգալիսը (նստավայրը՝ Մոսկվա):Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից, շնորհավորելով դեսպանին՝ նախագահ Խաչատուրյանը հույս է հայտնել, որ դեսպան Յորգալիսի դիվանագիտական փորձառությունը նպաստելու է հայ-կիպրական հարաբերությունների առավել սերտացմանն ու բազմաշերտ փոխգործակցության զարգացմանը:Նախագահը մասնավորապես նշել է. «Մենք իրականում իրար հետ շատ անելիքներ ունենք, որովհետև միայն միասնական պայքարի միջոցով մենք կարող ենք հաղթահարել ադրբեջանա-թուրքական ծրագրերը և ամենակարևորը մենք տարաձայնություններ չունենք որպես երկու երկրներ, ընդհակառակը, կարծում եմ մենք պետք է ավելի զարգացնենք ու ինտեգրվենք իրար հետ»:Անդրադառնալով հնարավոր համագործակցության ուղղություններին Հանրապետության նախագահը շեշտել է, որ Հայաստանը պատրաստակամ է Կիպրոսի հետ բազմաշերտ փոխգործակցության և այդ կապակցությամբ նպատակահարմար է Հայաստանում Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչություն ունենալ:Զրույցի ընթացքում երկուստեք անդրադարձ է եղել Երևանում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով հանդիպման հնարավորությանն ու նման հանդիպումների կարևոր նշանակությանը:
20:13 - 15 նոյեմբերի, 2022
Նախագահը ԵԱՀԿ ԽՎ երիտասարդների պատվիրակությանը դրվագներ է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության սկզբնավորման վերաբերյալ

Նախագահը ԵԱՀԿ ԽՎ երիտասարդների պատվիրակությանը դրվագներ է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության սկզբնավորման վերաբերյալ

Հանրապետության նախագահ Վահագն խաչատուրյանը հյուրընկալել է ԵԱՀԿ ԽՎ երիտասարդական ցանցի պատվիրակներին: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը:Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունելով հյուրերին՝ նշել է, որ կարևորում է երիտասարդների ներգրավվածությունը խորհրդարանական դիվանագիտության կայացման գործընթացներում: Հանդիպման ընթացքում  նախագահը Խորհրդարանական վեհաժողովի երիտասարդ պատվիրակներին դրվագներ է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության սկզբնավորման և բովանդակության վերաբերյալ: Անդրադարձել է հիմնախնդրի կարգավորման ներկայիս հնարավորություններին: Նախագահ Խաչատուրյանն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման առաջին տարիներին և նշել, որ հենց այդ շրջանում Հայաստանը որոշեց շարժվել ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների կայացման ուղիով և ներկայումս էլ հետևում է նույն ճանապարհին, անշուշտ, հաղթահարելով նաև բազմաթիվ դժվարություններ և խոչընդոտներ:Անդրադառնալով տարածաշրջանային իրողություններին՝ նախագահը շեշտել է, որ Հայաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասում կայուն և երկարատև խաղաղության հասնելու հարցում միանշանակ է և այլընտրանք չունի: Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարին. «Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում շատ պարզ է, մենք հակված ենք առանց որևէ նախապայմանի սահմանների բացման և հաջորդիվ նաև դիվանագիտական հարաբերությունների հաստատման, շուրջ 13 տարի առաջ նման հնարավորություն կար, սակայն հանգամանքների բերում չստացվեց, այս անգամ, հուսանք, որ կկարողանանք արդյունքի հասնել»,- նշել է նախագահը:Հանդիպմանը Խորհրդարանական վեհաժողովի երիտասարդ պատվիրակները շնորհակալություն են հայտնել հյուրընկալության համար և նշել, որ տպավորված են Հայաստան կատարած իրենց այցելությունից և առաջիկայում էլ կփորձեն սերտացնել հարաբերությունները:
19:09 - 14 նոյեմբերի, 2022
ՀՀ և Կիպրոսի նախագահներն անդրադարձել են Երևանում նախատեսվող Հայաստան- Հունաստան-Կիպրոս եռակողմ հանդիպմանը

ՀՀ և Կիպրոսի նախագահներն անդրադարձել են Երևանում նախատեսվող Հայաստան- Հունաստան-Կիպրոս եռակողմ հանդիպմանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ:Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ողջունելով կիպրացի պաշտոնակցին նախագահ Խաչատուրյանը նշել է, որ երկու եղբայրական երկրների միջև հարաբերությունները հիմնված են ամուր պատմական, մշակութային և քաղաքակրթական կապերի վրա, ինչն ապահովում է միջպետական հարաբերությունների շարունակականությունն և դրանք է՛լ ավելի ընդլայնելու պատրաստակամությունը:«Երկու նախագահները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու երկրները միջազգային հարաբերություններում առկա խնդիրների շուրջ ունեն համանման մոտեցումներ, ինչպես նաև միջազգային տարբեր հարթակներում սերտորեն համագործակցում են:Քաղաքական ու ոլորտային համագործակցությունն առավել խթանելու առումով կարևորվել է երկու երկրներում մշտական դիվանագիտական ներկայացուցչությունների հաստատման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։Ըստ աղբյուրի՝ կողմերը կարևորել են ընդհանուր արժեքների, մշակույթի և ժառանգության վրա հիմնված Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցությունը, անդրադարձել այդ ձևաչափով Երևանում նախատեսված հանդիպմանը: 
21:04 - 08 նոյեմբերի, 2022
Հայաստանի և Ավստրիայի նախագահները կարևորել են հակամարտությունների արագ կարգավորումը

Հայաստանի և Ավստրիայի նախագահները կարևորել են հակամարտությունների արագ կարգավորումը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ավստրիայի Հանրապետության դաշնային նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելլենի հետ։ Ողջունելով ավստրիացի պաշտոնակցին՝ նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Ավստրիայի և Հայաստանի միջև ձևավորվել է քաղաքական երկխոսության գնահատելի ավանդույթ, որը լավագույն նախապայմանն է բազմոլորտ գործընկերության զարգացման համար։ Հանրապետության նախագահը կարևորել է Ավստրիայի ջանքերը և պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Նախագահի խոսքով՝ քաղաքական երկխոսությունը երկկողմ օրակարգի կարևոր մասն է, և Հայաստանը կարևորում է Ավստրիայի հետ տարբեր մակարդակի շփումները և այս համատեքստում երկու երկրներում մշտական դիվանագիտական ներկայացուցչությունների հաստատման անհրաժեշտությունը։ Երկուստեք ընդգծվել է հակամարտությունների հնարավորիս արագ կարգավորման կարևորությունը և երկարատև ու կայուն խաղաղության հաստատումը:
19:53 - 08 նոյեմբերի, 2022