Հայաստան

Ադրբեջանի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հաջորդ հանդիպումը կանցկացվի մայիսին Բրյուսելում․ Ալիև

Ադրբեջանի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հաջորդ հանդիպումը կանցկացվի մայիսին Բրյուսելում․ Ալիև

tert.am: Ադրբեջանի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել մայիսին Բրյուսելում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը, գրում է minval.az-ը։Երկրի ղեկավարը նշել է Եվրամիության, մասնավորապես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ակտիվ դերն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում՝ հիշեցնելով, որ ԵՄ նախաձեռնությամբ արդեն կայացել է 2 եռակողմ հանդիպում:«Մենք նաև հեռախոսազրույցներ ենք անցկացնում։ Նախատեսվում է մայիսի սկզբին կրկին անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումը Բրյուսելում»,- ասել է Ադրբեջանի նախագահը։Նա ընդգծել է, որ Բաքուն բարձր է գնահատում ԵՄ դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հետկոնֆլիկտային կարգավորման գործում։
12:38 - 29 ապրիլի, 2022
Բաքվի ու Երևանի միջև պահպանվում են ԼՂ կարգավիճակի շուրջ սկզբունքային տարաձայնությունները. Զախարովա

 |armenpress.am|

Բաքվի ու Երևանի միջև պահպանվում են ԼՂ կարգավիճակի շուրջ սկզբունքային տարաձայնությունները. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը ներկայում ջանքերը կենտրոնացրել է այն ձևաչափերի վրա, որոնք Լեռնային Ղարաբաղի հարցով իրական արդյունք են ապահովում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Մասնավորապես, ըստ Զախարովայի, խոսքը վերաբերում է Մոսկվայի, Երևանի ու Բաքվի միջև՝ բարձր մակարդակով եռակողմ համաձայնություններին: «Բաքվի ու Երևանի միջև պահպանվում են սկզբունքային տարաձայնությունները Ղարաբաղի կարգավիճակի շուրջ։ Մենք տեսնում ենք մեր դերակատարությունը կողմերի մերձեցման հարցում»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: Զախարովան հայտարարել է, որ աջակցություն ցուցաբերելով Երևանին և Բաքվին խաղաղության համաձայնագրի նախապատրաստման հարցում՝ ռուսական կողմն առաջնորդվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքների վերաբերյալ առաջարկներով։ «Դրանք պատրաստվել են Բաքվում և կառուցողական արձագանք ստացել Երևանից: Մենք կարծում ենք, որ դրանք լավ հիմք են դիրքորոշումների ներդաշնակեցման համար»,- հայտարարել է Զախարովան:
18:03 - 28 ապրիլի, 2022
Հայաստանում Կանադայի՝ առևտրի գծով ավագ հանձնակատարն այցելել է Ամուլսար

Հայաստանում Կանադայի՝ առևտրի գծով ավագ հանձնակատարն այցելել է Ամուլսար

Հայաստանում Կանադայի՝ առևտրի գծով ավագ հանձնակատար Հեթեր Բայստրիկին ապրիլի 27-ին այցելել է Ամուլսար, հայտնում է «Լիդիան Արմենիա» ընկերությունը։ «Հանդիպման ընթացքում Ամուլսարի ծրագրի վերաբերյալ կարճ պրեզենտացիայով հանդես եկավ Լիդիանի գլխավոր մենեջեր Ռոդնի Ստուպարիկը, որից հետո քննարկվեցին ընկերության ապագա պլանները: Ցանկանում ենք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել տիկին Բայստրիկին այցի համար: Որպես ամերիկա-կանադական ընկերություն` Լիդիան Արմենիան բարձր է գնահատում Կանադական դեսպանության ցուցաբերած հետաքրքրությունը ընկերության գործունեության հանդեպ»,- ասված է ընկերության հայտարարությունում։ Օրերս Ամուլսար էր այցելել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանը։ Ապրիլի 20-ին Լին Թրեյսին ծանոթացել էր «Լիդիան» ընկերության հանքարդյունաբերական ծրագրին։
17:03 - 28 ապրիլի, 2022
Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի նիստը կկայանա մոտ ժամանակներս․ Զախարովա

Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի նիստը կկայանա մոտ ժամանակներս․ Զախարովա

Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի նիստը կկայանա մոտ ժամանակներս, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ։ Նա նշել է, որ որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացման հիմք Ռուսաստանը դիտարկում է բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունները և շարունակում ակտիվորեն աշխատել Երևանի և Բաքվի հետ բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաարգելափակում, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկ, խաղաղության պայմանագրի համաձայնեցում։ «Ապաարգելափակման հարցերը քննարկվել են [ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ] Օվերչուկի և [Ադրբեջանի նախագահ Իլհամ] Ալիևի հետ հանդիպման ընթացքում, որը կայացել է ապրիլի 26-ին։ Հայկական և ադրբեջանական կողմերի հետ պայմանավորվածություն կա նաև մոտակա ժամանակներս եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստի անցկացման շուրջ՝ փոխվարչապետների համանախագահությամբ։ Ինչ վերաբերում է սահմանային հարցերին, ապա մինչև այս շաբաթվա վերջ պլանավորվում են ԱԳՆ գծով շփումներ Բաքվի հետ», - ասել է Զախարովան։ Ռուսական կողմը նշում է Հայաստանի և Ադրբեջանի պատրաստակամությունը՝ միմյանց ընդառաջ գնալու, այս թեմայով մշակվում են բարձր մակարդակի եռակողմ շփումներ, հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։ «Մենք, այսպես թե այնպես, մնում ենք առկա ձևաչափերի մեջ, տեսնում ենք, որ այնտեղ աշխատանք է արվում։ Հիմնական նշանակությունը տալիս ենք այն ձևաչափերին և այն փաստաթղթերի իրականացմանը, որոնք միասին իրական արդյունք են տալիս։ Այս արդյունքը զգում են խաղաղ բնակիչները, տնտեսական օպերատորները, տարածաշրջանն ամբողջությամբ», - ասել է նա։   Նորա Վանյան  
17:02 - 28 ապրիլի, 2022
Լևոն Տեր-Պետրոսյան. Ողորմելի մանիֆեստ
 |aravot.am|

Լևոն Տեր-Պետրոսյան. Ողորմելի մանիֆեստ |aravot.am|

aravot.am: Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկնաբանել է մի շարք դիվանագետների,  ակադեմիկոսների և այլ գործիչների՝ ապրիլի 25-ին արված հայտարարությունը: «Երեք օր առաջ կարդացի «Արցախի Հանրապետության ճակատագիրը համազգային պատասխանատվություն է» վերնագիրը կրող հայտարարությունը՝ ստորագրված չորս տասնյակից ավելի դիվանագետների, ակադեմիկոսների, պատմաբանների եւ մշակույթի գործիչների կողմից (mediamax.am, 25.04.2022)։ Առաջին միտքս էր՝ անմիջապես պատասխանել այդ հայտարարությանը, սակայն մի քիչ մտածելուց հետո որոշեցի հապաղել, տեսնելու համար, թե ինչպիսի արձագանքների է արժանանալու այն այլոց կողմից։ Արձագանքներ չեղան, չհաշված հայտարարությանը միացած քառասունից ավելի նոր մարդկանց անունները։ Ինչեւիցե, վերջիվերջո ես որոշեցի հրաժարվել հայտարարությանն անդրադառնալու գաղափարից, դա համարելով անիմաստ զբաղմունք, քանի որ նրանում կա ամեն ինչ, բացի քաղաքական մտքից։ Հոռետեսության գիրկը չընկնելու համար ինձ այլ բան չէր մնում, քան, սովորությանս համաձայն, խորասուզվել Էդգար Հովհաննիսյանի «Երեւան դարձած իմ Էրեբունի», Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր հայրենի», Ռուբեն Հախվերդյանի «Իմ փոքրիկ նավակ» եւ Էդգար Էլբակյանի «Ա՜խ լուսին, լուսին» հոգեպարար քնարերգության մեջ։ Հավատացնում եմ, այդ երգերում ազգային ոգու շատ ավելի խորքային եւ մնայուն գանձեր կան, քան խնդրո առարկա հայտարարությունը ստորագրած կարկառունների մտքի ազգափրկիչ փայլատակումներում»։
16:48 - 28 ապրիլի, 2022
Բաքվում տեղի է ունեցել Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների հանդիպումը
 |factor.am|

Բաքվում տեղի է ունեցել Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների հանդիպումը |factor.am|

factor.am: Բաքվում ԱՄՆ դեսպանատանը տեղի է ունեցել ամերիկյան առաքելությունների ղեկավարների տարածաշրջանային հանդիպումը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։Նշվում է, որ տարածաշրջանային համաժողովին մասնակցել են Ադրբեջանում, Վրաստանում և Հայաստանում ԱՄՆ դեսպաններ Լիտցենբերգերը, Դեգնանն ու Թրեյսին, պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը, Պետքարտուղարության Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերը, Եվրոպային և Եվրասիային ԱՄՆ աջակցության համակարգողի պաշտոնակատար Գրեգ Նաարդենը։«Տարածաշրջանի և Վաշինգտոնի գործընկերները հավաքվել էին կարծիքներ և տեղեկատվություն փոխանակելու համար: Նշելով Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի հետ ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը՝ մենք ընդգծում ենք մեր հանձնառությունը՝ ամրապնդելու գործընկերային հարաբերությունները և ապահովելու Հարավային Կովկասի ժողովուրդների համար ավելի ապահով, կայուն և բարգավաճ ապագա»,- ասվում է հայտարարության մեջ։
15:04 - 28 ապրիլի, 2022
Դրոյի շիրիմի մոտից մեկնարկեց «Դիմադրություն» շարժման երրորդ խմբի քայլերթը դեպի Երևան |news.am|

Դրոյի շիրիմի մոտից մեկնարկեց «Դիմադրություն» շարժման երրորդ խմբի քայլերթը դեպի Երևան |news.am|

news.am: «Դիմադրություն» շարժման երրորդ խումբը Ապարանից՝ Դրոյի շիրիմի մոտից քայլերթով շարժվում է դեպի Երևան։ «Թուրք-ադրբեջանական հրոսակները չեն թաքցնում իրենց նպատակները ոչնչացել Հայաստանը, հայ ազգը։ Հայաստանի իշխանությունները փոխանակ  բռունցքվելու, փոխանակ մեր ոխերիմ թշնամիներին հակահարված տալու, խոսում են հաշտության, խաղաղության մասին, խոսում են միակողմանի զիջումների մասին»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա ընդգծեց, որ իրենք դեմ չեն խաղաղության, իրենք են խաղաղության կողմնակցիներ և  հայտարարում են՝ քանի Հայաստանը հզոր պետություն չի, Հայաստանը չի  կարող այս տարածաշրջանում խաղաղ ապրել։ «Մեր բոլոր քաղաքացիներին փորձում են համոզել, խաբել, թե իբրև այս ուժերը գան, կբերեն պատերազմ։ Ոզում եմ ասել՝ ոչ, մենք կկարողանանք ապահովել Հայաստանի անվտանգությունը, խաղաղություն Արցախում, Հայաստանի սահմաններին և ներդաշնակություն Հայաստանի ներսում։ Ուրեմն զարթնիր լաո դեպի առաջ, դեպի ազատ, անկախ, հզոր, միացյալ Հայաստան»,- ասաց Արթուր Խաչատրյանը։ «Մենք թույլ չենք տա, որ դրսի թշնամիները և նրանց ներսի համախոհները Հայաստանը, Արցախը տանեն դեպի կործանում։ Առաջ դեպի հաղթանակ»,- քայլերթի մեկնարկին ասաց Ա. Խաչատրյանը։ Այնուհետև քայլերթի մասնակիցները կատարեցին «Ելի՛ր դաշնակ Դրո» երգը։ Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի մեկ այլ խումբ դեպի Երևան ուղղություն էր վերցրել Տավուշի մարզի Իջևան համայնքից ապրիլի 25-ից, մեկ այլ խումբ ապրիլի 26-ից Արարատի մարզի Տիգրանաշեն (Քյարքի) բնակավայրից։ Այսօր մեկ այլ խումբ քայլերթով դեպի Երևան է գալու Սարդարապատից։
11:35 - 28 ապրիլի, 2022
Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ․ Արայիկ Հարությունյան

Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 27-ին հանդիպում է ունեցել Արցախի դատախազության և քննչական կոմիտեի պատասխանատուների հետ։ Բարձր գնահատելով երկրում օրինականության պահպանման, հանցավորության դեմ պայքարի, այդ թվում՝ կոռուպցիոն երևույթների բացահայտման գործում ունեցած հաջողությունները՝ նախագահը նշել է, որ արդյունավետ փոխգործակցության սկզբունքով անհրաժեշտ է հետևողական կերպով շարունակել աշխատանքը՝ հանցագործության ցանկացած դեպքի մանրակրկիտ քննությամբ և պատժողական քաղաքականությամբ ապահովելով քրեական արդարադատության նպատակները, ներառյալ՝ նոր հանցագործությունների կանխումը: Անդրադառնալով ներքին և արտաքին մարտահրավերներին՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ անկախ բոլոր տեսակի շահարկումներից՝ Արցախի իշխանությունների համար գերակա է մնում Արցախի ժողովրդի խաղաղ ու արժանապատիվ կյանքի իրավունքի իրացումն ու պաշտպանությունը սեփական հայրենիքում: «Մեկ անգամ ևս վերահաստատում եմ, որ ընտրել ենք խաղաղության օրակարգը: Սակայն ինչպես նշել եմ անցած տարեվերջին իմ հայտարարության մեջ, արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ, և այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է»,- ասել է Արցախի նախագահը և ավելացրել, որ Արցախի իշխանություններն ամբողջությամբ հավատարիմ են մնում այն որդեգրած սկզբունքներին, որոնց հիման վրա անցած ավելի քան երեք տասնամյակներում պետականություն է կառուցվել:
18:36 - 27 ապրիլի, 2022
Ադրբեջանի բռնցքամարտի հավաքականը հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

 |factor.am|

Ադրբեջանի բռնցքամարտի հավաքականը հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը |factor.am|

factor.am: Ադրբեջանի բռնցքամարտի հավաքականը չի մասնակցի մայիսին Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Նշվում է, որ տեղի է ունեցել Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի խորհրդի նիստ, որի ընթացում քննարկվել է Հայաստանի մայրաքաղաքում կայանալիք բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հարցը։ Քննարկումների արդյունքում որոշվել է, որ Ադրբեջանի հավաքականը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը։ Որպես պաշտոնական պատճառ՝ ադրբեջանական կողմը նշում է մայիսին կայանալիք Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի ընտրությունները, մարզիկների ուսումնամարզական հավաքներն ու ուսումնամարզական ծրագրերը աշխարհի առաջնությանն ընդառաջ, ինչպես նաև այլ կարևոր կետեր, որոնք չեն մանրամասնում։
16:59 - 27 ապրիլի, 2022
Ալիևը Հայաստանի և Վրաստանի հետ եռակողմ ձևաչափով համագործակցության պատրաստակամություն է հայտնել

Ալիևը Հայաստանի և Վրաստանի հետ եռակողմ ձևաչափով համագործակցության պատրաստակամություն է հայտնել

Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի և Վրաստանի հետ եռակողմ ձևաչափով համագործակցությանը՝ Հարավային Կովկասի զարգացման համար։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն՝ այսօր Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիին ընդունելիս։ «Նշելով, որ երկու երկրներն ընդհանուր հայացք ունեն Հարավային Կովկասի զարգացման առնչությամբ՝ նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի միջև եռակողմ ձևաչափով համագործակցության լավ հնարավորություններ կան, հատկապես հետկոնֆլիկտային փուլում։ Նախագահը հայտարարել է, որ «ադրբեջանական կողմը պատրաստ է դրան»», - ասված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում։ Ալիևն ասել է նաև, թե հույս ունի, որ «Հայաստանը նույնպես կհասկանա, որ սա տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման միակ ուղին է»։   Նորա Վանյան
14:47 - 27 ապրիլի, 2022
Ադրբեջանը պատրաստ է սկսել Հայաստանի հետ սահմանազատումը․ Բայրամով

Ադրբեջանը պատրաստ է սկսել Հայաստանի հետ սահմանազատումը․ Բայրամով

Բաքուն պատրաստ է սկսել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացը, Interfax.az-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ Բայրամովը նշել է, որ իր վրացի գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկել է տարածաշրջանային գործընթացներն, այդ թվում՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ «Բաքուն պատրաստ է սկսել Հայաստանի հետ սահմանների սահմանազատումը։ Հայ գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է հանձնաժողովի (սահմանազատման հարցերով համատեղ հանձնաժողով) աշխատանքի մեկնարկի հարցը», - ասել է Բայրամովը։ Նախարարն ընդգծել է, որ առաջնահերթ ուղղությունը «տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների բացումն է», իսկ «Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կծառայի Հարավային Կովկասի բոլոր երկրների շահերին»։   Նորա Վանյան  
14:29 - 27 ապրիլի, 2022
Մենք դեմ ենք իրավիճակը սրող միակողմանի քայլերին հատկապես Ադրբեջանի կողմից. Բլինքեն |armenpress.am|

Մենք դեմ ենք իրավիճակը սրող միակողմանի քայլերին հատկապես Ադրբեջանի կողմից. Բլինքեն |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեղադրել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցով իրադրությունը սրող քայլերի մեջ: Ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին հարցերի հանձնաժողովի նիստում, ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը  հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը, սակայն դեմ է այդ կապակցությամբ միակողմանի քայլերին: «Ես բավական ակտիվ և անմիջական փոխգործակցություն եմ հաստատել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարության հետ: Մասնավորապես, մեկ շաբաթ առաջ հեռախոսով զրուցել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարների հետ և փորձում եմ օգնել ու խթանել Ղարաբաղի հարցի երկարատև քաղաքական կարգավորմանը», - ասել է Բլինքենը: Նրա խոսքով ՝ Վաշինգտոնն այդ կապակցությամբ մշակում եւ առաջ է տանում վստահության ամրապնդման տարբեր միջոցներ: «Մենք դեմ ենք իրավիճակն ապակայունացնող միակողմանի բոլոր գործողություններին՝ հատկապես Ադրբեջանի կողմից», - ասել է Էնթոնի Բլինքենը:
13:01 - 27 ապրիլի, 2022