Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Պատգամավորները քննարկում են բնապահպանական տեսչական մարմնին նոր գործիքակազմ տրամադրող նախագիծ |armenpress.am|

Պատգամավորները քննարկում են բնապահպանական տեսչական մարմնին նոր գործիքակազմ տրամադրող նախագիծ |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնին վերապահել հատուկ գործիքակազմ, որով կկարողանա տեղում անհապաղ կասեցնել տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը, իսկ եթե տնտեսավարողը դիմի դատարան, ապա կասեցման որոշումը կմնա ուժի մեջ այնքան ժամանակ, մինչև դատարանի կողմից վճիռ կհրապարակվի: «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը: «Գործող իրավակարգավորումներով հաճախ ստուգման ընթացքում լինում են դեպքեր, երբ անհրաժեշտություն է լինում տեղում անմիջապես կասեցնել տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը: Սակայն գործող իրավակարգավորումները դրա հնարավորությունը չեն տալիս: Նախատեսել ենք տեսչական մարմնին վերապահել հատուկ գործիքակազմ, որի միջոցով այն կարող է տեղում անհապաղ կասեցնել տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը: Եթե կասեցման պարագայում տնտեսավարողը դիմում է դատարան, ապա կասեցման որոշումը մնում է ուժի մեջ այնքան ժամանակ, մինչև դատարանի կողմից վճիռ կհրապարակվի»,- ասաց Ասոյանն ու հավելեց՝ միայն դատարանի որոշմամբ կամ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կարող է այդ կասեցումն ուժը կորցրած ճանաչվել: Նա նշեց՝ հաճախ, երբ տեսչական մարմինը որոշում է կայացնում որոշակի գործունեության կասեցման վերաբերյալ, տնտեսավարողն ամիջապես դիմում է դատարան: Եվ գործող իրավակարգավորումներով՝ դատարան դիմելու պարագայում տեսչական մարմնի վարչական ակտը մնում է կախված այնքան ժամանակ, մինչև դատարանը կունենա վճիռ: Եվ փաստացի լինում են իրավիճակներ, երբ կասեցված գործունեության պարագայում տնտեսավարողը շարունակում է գործել: Կասեցման գործիքը տեսչական մարմինը կօգտագործի 10 բացառիկ դեպքերում, որոնք սահմանված են օրենքով: Փաթեթում, բացի գործունեության դադարեցումից, նախատեսված է նաև գործողության դադարեցումը:
11:10 - 15 սեպտեմբերի, 2020
Բադասյանը ԱԺ-ում ներկայացրեց ՍԴ դատավորի պաշտոնում Էդգար Շաթիրյանի թեկնածության հարցը |armenpress.am|

Բադասյանը ԱԺ-ում ներկայացրեց ՍԴ դատավորի պաշտոնում Էդգար Շաթիրյանի թեկնածության հարցը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Էդգար Շաթիրյանի թեկնածության հարցը: Կառավարության առաջադրած թեկնածուին ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Էդգար Շաթիրյանը ծնվել է 1980 թվականի օգոստոսի 18-ին Երևանում, 2000 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրաբանական ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2012-ին՝  նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2002-2005 թթ. Շաթիրյանը եղել է ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի Սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնի ասպիրանտ, իրավաբանական գիտությունների թեկնածու է: Շուրջ 30 գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ և համահեղինակ է: Անդրադառնալով Շաթիրյանի աշխատանքային գործունեությանը՝ Բադասյանը ներկայացրեց հիմնականները: 2002-2005 թվականներին աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչությունում՝ որպես մասնագետ: 2004-2017 թթ դասավանդել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնում: 2007-ին աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում՝ որպես խորհրդական: 2015-2019 թթ հանդիսացել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ, այնուհետև ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ: Ներկայումս աշխատում է միջազգային զարգացման իրավունքի կազմակերպությունում՝ որպես ավագ փորձագետ: Անդրադառնալով հանգամանքներին, որոնցով կառավարությունն առաջնորդվել է Շաթիրյանի թեկնածությունն առաջադրելիս՝ նախարարը նախ նշեց Շաթիրյանի մասնագիտական լուրջ կարողությունները, մարդկային հատկանիշները, փորձառությունը՝ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման, սահմանադրական իրավունքի ոլորտներում: ՍԴ երեք դատավորների թափուր տեղի համար իրենց թեկնածուներին առաջադրել են Կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը: Դատավորների ընդհանուր ժողովի թեկնածուն է Երվանդ Խունդկարյանը, ՀՀ նախագահինը՝ Արթուր Վաղարշյանը, Կառավարությանը՝ Էդգար Շաթիրյանը:
17:37 - 14 սեպտեմբերի, 2020
Եթե Վահե Գրիգորյանին տրվել է հնարավորություն 2-րդ անգամ առաջադրվելու, արդար չէր լինի, եթե մյուս թեկնածուներին այդ հնարավորությունը չտրվեր. Է. Տարասյանը՝ Ա. Վաղարշյանի թեկնածության մասին |tert.am|

Եթե Վահե Գրիգորյանին տրվել է հնարավորություն 2-րդ անգամ առաջադրվելու, արդար չէր լինի, եթե մյուս թեկնածուներին այդ հնարավորությունը չտրվեր. Է. Տարասյանը՝ Ա. Վաղարշյանի թեկնածության մասին |tert.am|

tert.am: Ազգային ժողովը քննարկում է ՀՀ նախագահի կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանի ընտրության հարցը: Վաղարշյանին ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը Էմիլ Տարասյանին հիշեցրեց, որ երբ անցած տարի առաջադրվեց Վաղարշյանի թեկնածությունը վերջինս ստացել էր ընդամենը 30 կողմ ձայն և նշեց, որ այս մեկ տարվա ընթացքում խորհրդարանի գումարումը չի փոխվել, ինչո՞վ է պայմանավորված նույն խորհրդարանին մեկ անգամ չընտրված թեկնածուին առաջադրելը: Էմիլ Տարասյանը պատասխանեց, որ թեկնածուներն իրենց կամաարտահայտությունը հայտնել են հայտարարության հիման վրա և առաջադրել են իրենց թեկնածությունները, ձևավորվել է մասնագիտական աշխատանքային խումբ և առավել դրական կարծիք հավաքած երեք թեկնածուները ներկայացվել են նախագահին:«Եթե այդ երեք թեկնածուներից մեկը՝ վահե Գրիգորյանը, երկրորդ անգամ խորհրդարանին առաջադրվելու հնարավորություն է ունեցել, արդարացի չէր լինի մյուս թեկնածուներին այդ հնարավորությունը չընձեռել, երբ Գոռ Հովհաննիսյանը հրաժարվել է, իսկ Արթուր Վաղարշյանը համաձայնել ՝ զուտ արդարության սկզբունքից ելնելով, առաջադրվել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը»,- պարզաբանեց Տարասյանը: Վահագն Հովակիմյանն էլ արձագանքեց, թե Տարասյանի պատասխանն ավելի մտահոգիչ է, քանի որ Վահե Գրիգորյանի դեպքում 6–րդ գումարման խորհրդարանը չէր ընտրել, 7-րդ գումարման ԱԺ-ն էլ 90 տոկոսով այլ կազմ ուներ:«Պատգամավորները փակ գաղտնի քվեարկությամբ կարծիք են արտահայտելու, ո՞նց կարող են մեկ տարի հետո նույն պատգամավորին նույն բանն առաջարկել, ակնկալել, որ կտրուկ փոխված լինի դիրքորոշումը: Մենք սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում քննարկում էինք սահմանադրական ինստիտուտների փոխադարձ հարգանքի հարցը, արդյո՞ք պետք է  Սահմանադրության մեջ բերվի այդ ձևակերպումը, թե ոչ: Ձեր դեպքում հասկացա, որ այդպես է պետք, որովհետև ոչինչ չի փոխվել, դուք մերժված, չընտրված թեկնածուին նորից առաջադրում եք նույն խորհրդարանին, նույն պատգամավորներին»,- ասաց Վահագն Հովակիմյանը: Շարունակությունը՝ tert.am-ում
15:45 - 14 սեպտեմբերի, 2020
Վստահ չեմ, որ ՊՆ-ի դիրքորոշումը դրական կլինի․ Հայրապետյանը՝ զինծառայության վերաբերյալ օրենքի նոր նախագծի մասին |armtimes.com|

Վստահ չեմ, որ ՊՆ-ի դիրքորոշումը դրական կլինի․ Հայրապետյանը՝ զինծառայության վերաբերյալ օրենքի նոր նախագծի մասին |armtimes.com|

armtimes.com: Արդեն տեւական ժամանակ է, ինչ սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքը չի գործում։ Գործող օրենսդրության համաձայն՝ մեր բոլոր քաղաքացիները, որոնք գտնվում են արտերկրում եւ քրեական հետախուզման տակ են, կա միայն մեկ սցենար՝ ենթարկվել պատասխանատվության եւ հայտնվել բանտում։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։ Նրա փոխանցմամբ՝ հենց սա էլ իրենց ստիպեց գտնել նոր լուծումներ, տարբերակներ՝ սփյուռքում գտնվող մեր հայրենակիցներին օգնելու համար։ Նա փոխանցեց, որ այս ընթացքում հարյուրավոր դիմումներ են եղել՝ առաջարկվով, որ պատգամավորները գտնեն լուծում, եւ իրենք հեղինակել են օրենքի նախագիծ։ «Մեր նպատակը հետեւյալն է, որ մենք պետք է օգտագործենք սթյուռի ռեսուրսները՝ հնարավորություն առաջարկելով նրանց մի քանի տարբերակ։ Առաջինը՝ այն քաղաքացիները, որոնց 27 տարին լրացել է, կկարողանան հետ վերադառնալ Հայաստան, վճարել  տարվա պայմանագրային զինծառայողի աշխատավարձ եւ հավելավճարներ, որը նախնական հաշվարկով կազմելու է 5-5,5 մլն դրամ»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ այստեղ հիմքում դրված է ոչ թե ֆինանսական բաղադրիչը, այլ՝ պատասխանատվությունը, որ նրանք ունեն պետության առջեւ։ Բայց եթե քաղաքացին ցանկանա առաջիկա 3 տարում ներգրավվել ԶՈՒ-ում, ապա զինծառայության անցնելու պարագայում հետ կստանա այդ գումարը։ Կա նաեւ մեկ այլ փոփոխություն, ըստ որի այս հանցագործությունը մարդու վրա տարածվելու է 20 տարի՝ նախկին 10 տարվա փոխարեն։ Այսինքն՝ անձի 37 տարեկան դառնալուն պես քրեական գործը կարճվում էր, իսկ այս նախագծի ընդունման պարագայում այդ գործը կշարունակվի մինչեւ անձի 47 տարեկան դառնալը։ Հայրապետյանը փոխանցեց, որ Կառավարության դիրքորոշումն առայժմ հայտնի չէ, սակայն ՊՆ-ի դիրքորոշումն իրենք արդեն կռահում են։ «ՊՆ-ի դիրքորոշումը, վստահ չեմ, որ կլինի դրական»,- ասաց պատգամավորը՝ միեւնույն ժամանակ կոչ անելով սպասել քննարկումներին։
15:39 - 14 սեպտեմբերի, 2020
Որեւէ մեկը ինձ վրա՝ որպես դատավորի, որեւէ ազդեցություն ոչ ունեցել է, ոչ էլ կարող էր ունենալ․ Երվանդ Խունդկարյան |armtimes.com|

Որեւէ մեկը ինձ վրա՝ որպես դատավորի, որեւէ ազդեցություն ոչ ունեցել է, ոչ էլ կարող էր ունենալ․ Երվանդ Խունդկարյան |armtimes.com|

armtimes.com: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) եզրակացությանը ես ծանոթ չեմ, չեմ էլ կարող ծանոթ լինել, որովհետեւ ըստ օրենքի՝  այն գաղտնի է եւ տրամադրվում է միայն ընտրություն կատարող անձանց։ Ես ընդամենը կարող եմ տեղեկացված լինել ԿԿՀ-ի ենթադրյալ կարծիքի մասին միայն այն կտորից, որը տեսել եմ մամուլում։ Բայց մամուլում առկա տեղեկությունն այնպիսին է, որ ինձ մոտ խիստ կասկածներ է առաջացնում, թե արդյո՞ք ԿԿՀ-ի կողմից կարող էր նման որակի վերլուծություններ լինել։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Վճռաբեկ դատարանի նախագահ, ՍԴ անդամի թեկնածու Երվանդ Խունդկարյանը՝ անդրադառնալով ԿԿՀ-ի՝ իր բարեվարքության թերթիկի վերաբերյալ եզրակացությանը։ Նա մեջբերեց նաեւ «Մելտեքս» ՍՊԸ-ի գործին վերաբերող օրինակը, եւ հավելեց, որ իր մոտ տարակուսանք է առաջանում՝ արդյո՞ք այն մարդիկ, որոնք իրեն մեղադրում են խախտումներ թույլ տալու եւ հեռուստաընկերությունը փակելու մեջ, կարդացե՞լ են Եվրոպական դատարանի համապատասխան վճիռը, թե՝ ոչ։ Նրա փոխանցմամբ՝ այդ վճռով արդար դատական իրավունքի որեւէ խախտում դատավոր Խունդկարյանի գործով տեղի չի ունեցել։ Ընդհակառակը՝ Խունդկարյանը ստեղծել է համապատասխան միջավայր, մրցակցելու տեսանկյունից ստեղծել է զենքերի հավասարություն  եւ կողմերի ներկայացված բոլոր միջնորդությունները քննության են առվել։ Հարցին, թե ի վերջո նա համաձա՞յն չէ ԿԿՀ-ի կարծիքի հետ, Խունդկարյանը պատասխանեց, որ այն չի կարդացել։ Թե ինչպիսի ազդեցություն կթողնի այդ եզրակացությունն իր ընտրության հարցում, ՍԴ դատավորի թեկնածուն դժվարացավ պատասխանել։ «Այդ կարծիքն ընդամենը պատգամավորներին տրված կարծիք է եւ պետք է ուղղորդի նրանց։ Եթե պատգամավորներն իրենց հարցուպատասխանի ժամանակ չեն ստանա բավարարող պատասխաններ եւ կգտնեն, որ դա խոչընդոտ է ընտրությանը, ընտրությունն իրենցն է, ես չեմ կարող որեւէ կերպ մեղադրել»,- ասաց Խունդկարյանը։ Վերլուծելով մամուլում առկա տեղեկություններն այդ եզրակացությունից, Խունդկարյանը շեշտեց, որ կան մի շարք գործեր, որոնց հետ ինքն ընդհանրապես կապ չունի։ Ըստ նրա՝ կա նաեւ գործերի մի շարք, որտեղ պետք է իրական վերլուծություն, թե որ ատյանի թերացումների արդյունքում է տեղի ունեցել խախտումը։ Նա շեշտեց նաեւ, որ Վճռաբեկ դատարանը կաշկանդված է բողոքի հիմքերով եւ հիմնավորումներով։ Այն չի կարող բողոքի հիմքերից եւ հիմնավորումներից դուրս գալ եւ փորձել լուծել այն խախտումները, որ տեսնում է։ Խունդկարյանի պնդմամբ՝ Թեղուտի գործերի մի խումբ, որտեղ մատնանշված էր նաեւ իր մասնակցությունը, իրականությանը չի համապատասխանում։ Հենց այս պատճառով, Խունդկարյանի պնդմամբ, նա վերապահումով է մոտենում այն տեղեկություններին, թե մամուլում հատյնված եզրակացությունը ԿԿՀ-ինն է։ «Որեւէ մեկը ինձ վրա՝ որպես դատավորի, որեւէ ազդեցություն ոչ ունեցել է, ոչ էլ կարող էր ունենալ, եւ հավատացած եղեք, որ որեւէ դատավոր որեւէ մեկի քիմքին հաճո արդարադատություն չի իրականացնում։ Ես չեմ ընդունում այդպիսի դատավորի կերպարը»,- ասաց Խունդկարյանը։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:42 - 14 սեպտեմբերի, 2020
Երբ հայտարարում էինք, թե չենք ուզում մեր սիրելի դատավորներով ՍԴ, կատակ չէինք անում. Ռուբինյան |armenpress.am|

Երբ հայտարարում էինք, թե չենք ուզում մեր սիրելի դատավորներով ՍԴ, կատակ չէինք անում. Ռուբինյան |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը վստահեցնում է՝ իշխանությունը տարեսկզբին կատակ չէր անում, երբ հայտարարում էր, որ չի ուզում իր սիրելի դատավորներով Սահմանադրական դատարան: Ռուբինյանն այս մասին հայտնեց ԱԺ նիստում ՍԴ դատավորի պաշտոնում Երվանդ Խունդկարյանի թեկնածության քննարկմանը՝ մասնավորապես անդրադառնալով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթին: Ռուբինյանը նախ նշեց՝ իր տպավորությամբ քննարկում են ոչ թե թեկնածուին, այլ դատական համակարգի փոոփոխությունների փիլիսոփայությունը: Պատգամավորի դիտարկմամբ՝  ԱԺ-ում կա երեք փիլիսոփայություն: Նրա կարծիքով՝ առաջին փիլիսոփայությունը, որը ըստ իրեն, կրում են «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները, ոչինչ չանելն է: «Երկրորդ փիլիսոփայությունը, որը կրում է Արման Բաբաջանյանը և  դահլիճից դուրս այլ գործիչներ, անելն է այնպես, որ նոր ՍԴ-ն կամ նոր դատական համակարգը լինի մեր սիրելին: Ես վստահ եմ, որ եթե այսօրվա թեկնածուների և, մասնավորապես, Երվանդ Խունդկարյանի փոխարեն լիներ մեզ կամ Ձեզ պարոն Բաբաջանյան, հաճելի քաղաքական հայացքներով անձ, դուք ուրախ կլինեիք: Բայց խնդիրը հետևյալն է՝ երբ մենք այս տարվա սկզբին հայտարարում էինք, որ չենք ուզում խամաճիկային Սահմանադրական դատարան, մեր սիրելի դատավորներով ՍԴ, մենք կատակ չէինք անում:  Նոր ՍԴ ունենալն արդեն մեզ հաճելի քաղաքականացված անձանցով, նույնն է, ինչ նախկինում էր՝ ուղղակի հակառակ ուղղությամբ»,- ասաց Ռուբինյանը: Նա շեշտեց՝ թավշյա հեղափոխության ամենակարևոր արժեքներից մեկը համերաշխությունն էր և բոլորին հեղափոխության արդյունքում ստեղծված հնարավորություններով նոր Հայաստանի կառուցմանը մասնակցելու հնարավորություն տալը: Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը կտրականապես դեմ էր արտահայտվել Խունդկարյանի թեկնածությանը: Պատգամավորը, մասնավորապես անդրադառնալով Ա1+ հեռուսատընկերության փակման գործին,  կարծիք էր հայտնել, թե Խունդկարյանը, նախորդ իշխանության թելադրանքով, վճիռներ կայացնելով, անձամբ մասնակից ու հանցակից է դարձել պետության բռնազավթման գործին:  «Ընտրելով Խունդկարյանին՝ մենք գործնականում ՍԴ ենք վերադարձնում  նրանց, ում մերժել ենք առաջին օրից»,- նշել էր նա ու միևնույն ժամանակ վստահություն հայտնել, որ իշխանական խմբակցությունը հեղափոխության հաղթանակն անշրջելի դարձնելու համար է խորհրդարանում, և իրենք այդ գործում դաշնակիցներ են:
14:13 - 14 սեպտեմբերի, 2020
Խունդկարյանը ՍԴ-ի և Վճռաբեկ դատարանի միավորմամբ Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին կողմ չէ |armenpress.am|

Խունդկարյանը ՍԴ-ի և Վճռաբեկ դատարանի միավորմամբ Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին կողմ չէ |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի համար այնքան էլ ընդունելի տարբերակ չէ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորմամբ Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգը: Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված թեկնածուն նման տեսակետ հայտնեց խորհրդարանի նիստում իր թեկնածության հարցի քննարկմանը՝ պատասանելով «Իմ քայլից» Տաթևիկ Հայրապետյանի հարցին, թե ինչ մոտեցում ունի Գերագույն դատարանի ստեղծման վերաբերյալ: «Ներկայում Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի գործառույթները էականորեն տարբերվում են միմյանցից: Մենք՝ դատավորներս, շատ ավելի պահպանողական բնավորություն ունենք: Եվ, իմ կարծիքով, դատական իշխանության հետ կապված ցանկացած գործողություն պետք է ավելի շատ բխի պահպանողական մտածելակերպից: Ինձ համար կտրուկ փոփոխություններն անընդունելի են, և շատ ավելի արժեքավոր են իրավիճակները ֆիքսելը և հասկանալը, թե որոնք են խնդիրները և դրանք վերացնելը, քան շատ ավելի մեծ անորոշության գնալը  և նոր միայն հասկանալը, թե ինչքան նոր խնդիրներ կարող են ստեղծվել մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում»,- ասաց Խունդկարյանն ու հավելեց՝ թեև այդ հարցը որոշողն ինքը չէ: Նա շեշտեց՝ ցանկացած փոփոխություն պետք է լինի խիստ կշռադատված, և ցանկացած փոփոխության կետրոնում պետք է լինի մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ իրագործումը:
12:33 - 14 սեպտեմբերի, 2020
ՍԴ դատավորի թեկնածուն հերքում է դատավորներին պատժելու մեղադրանքը |lragir.am|

ՍԴ դատավորի թեկնածուն հերքում է դատավորներին պատժելու մեղադրանքը |lragir.am|

lragir.am: ԱԺ նիստում ՍԴ դատվորի թեկնածու Երվանդ Խունդկարյանին հարցեր ուղղելու ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն անդրադարձավ այն տեղեկությանը, որ դատական համակարգում նախկինում գործել է մի սխեմա Արման Միկրտումյանի և Երվանդ Խունդկարյանի գլխավորությամբ, ըստ որի՝ պատժել են դատավորներին։ «Ըստ նախկին ՄԻՊ զեկույցի՝ բոլոր անցականկալի դատավորները, ովքեր չեն իրականացրել ձեր հրահանգները և չեն կայացրել այն վճիռները, որոնք եղել են ցանկալի, այնուհետև կարգապահական պատասխանատվության են ենթարկվել, քանի որ Մկրտումյանը, լինելով կարգապահական հանձնաժողովի անդամ, ունեցել է այդ լիազորությունները՝ դատավորներն պատժելու»,- ասաց Թագուհի Թովմասյանը։ Երվանդ Խունդկարյանն ի պատասխան ասաց․ «Ինչ վերաբերում է Արման Մկիրտումյանի հետ իմ մասնակցությամբ որևէ սխեմաներ մշակելուն և ձեր բնորոշմամբ՝ չենթարկվող դատավորներին  կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջոցներ ձեռնարկելու մասին, ապա ես պաշտոնապես դա հերքում եմ։ Իմ մասով ես հերքում եմ, այդպիսի որևէ գործողություններ իմ կողմից ոչ կատարվել են, ոչ էլ կարող են կատարվել։ Եվ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցում ես՝ որպես Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ, որևէ իրավասություն չեմ ունեցել»։
12:25 - 14 սեպտեմբերի, 2020
Ինչո՞ւ ՍԴ դատավորների թեկնածուների հետ հանդիպում չի կազմակերպվել․ գնալով ավելի վատանում է, այդ պրակտիկան էլ վերացավ. Է. Մարուքյանը՝ Ա. Միրզոյանին |tert.am|

Ինչո՞ւ ՍԴ դատավորների թեկնածուների հետ հանդիպում չի կազմակերպվել․ գնալով ավելի վատանում է, այդ պրակտիկան էլ վերացավ. Է. Մարուքյանը՝ Ա. Միրզոյանին |tert.am|

tert.am: Լրագրողներն անընդհատ հարցնում են՝ ինչո՞ւ ՍԴ դատավորների թեկնածուների հետ չեք հանդիպել, ես ասում եմ՝ որովհետև չեն դիմել, որ հանդիպենք, հիմա ուզում եմ Ձեզ հարցնել՝ ինչո՞ւ չեն կազմակերպվել նման հանդիպումներ. ԱԺ նիստում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:«Ինչպե՞ս է, որ նախկինում միշտ կազմակերպվում էր. մտածում էի, որ գնալով միշտ ավելի լավ կլինի, բայց գնալով ավելի վատ է լինում, այդ պրակտիկան էլ վերացավ էլի: Ցանկացած մարմնի պաշտոնյայի թեկնածություն, եթե առաջադրվում է, թեկնածուի հետ ֆրակցիաները հանդիպում են թեկնածուի կամ առաջադրող մարմնի նախաձեռնությամբ, հիմա ուզում եմ հասկանալ՝ ԱԺ նախագահին դիմե՞լ են նման բան կազմակերպելու համար, թե՞ ոչ»,- ասաց Մարուքյանը:Արարատ Միրզոյանն էլ հակադարձեց Մարուքյանին՝ ասելով. «Պարոն Մարուքյան, ես տրամագծորեն հակառակ կարծիքն ունեմ Ձեր այն կարծիքի մասին, թե գնալով ավելի վատանում է: Ըստ իս, գնալով ամեն ինչ շատ էլ լավանում է, հատկապես թեկնածուների և թափանցիկության ԱԺ-ում ֆրակցիաների հետ քննարկման առումով»: Ինչ վերաբերում է կոնկրետ մասնավոր հարցին, Միրզոյանն ասաց՝ ո՛չ թեկնածուների կողմից, ո՛չ խմբակցությունների կողմից այդպիսի նախաձեռնություն չի եղել, և ցանկացած նախաձեռնության դեպքում ԱԺ նախագահը և աշխատակազմը վստահաբար կանեին ամեն ինչ հանդիպման համար: «Պետք է հավելեմ՝ ցավոք սրտի, հավանաբար, որևէ իմպերատիվ ընթացակարգ սահմանված չկա այդպիսի հանդիպում կազմակերպելու, հետևաբար ԱԺ նախագահն ու աշխատակազմն առաջնորդվել են կողմերի ցանկություններով, տվյալ դեպքում՝ դրանց բացակայությամբ»,- ասաց ԱԺ նախագահը: Էդմոն Մարուքյանն էլ ընդգծեց. «Երբ ասում եմ՝ գնալով վատանում է, նկատի ունեմ՝ նախկինում թեկնածուներն առաջադրող մարմինները նախաձեռնում էին նման հանդիպումներ, հիմա չեն նախաձեռնում նման հանդիպումներ, հիմա դա լավանո՞ւմ է, թե վատանում է, ինձ թվում է՝ վատանում է»:
12:05 - 14 սեպտեմբերի, 2020
Խորհրդարանը նիստերի օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստանի» նախագիծը |armenpress.am|

Խորհրդարանը նիստերի օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստանի» նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստերի օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած, գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացություն ստացած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր միայնակ տարեց և անժառանգ թոշակառուներին նախագծով հատկացնել կոմունալ վարձավճարների փոխհատուցում նվազագույն կենսաթոշակի  20 տոկոսի չափով: Սոցիալական աջակցության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ԼՀԿ-ից Սրբուհի Գրիգորյանը: «Միայնակ տարեց և անժառանգ թոշակառուներին նախագծով առաջարկվում է հատկացնել կոմունալ վարձավճարների փոխհատուցում նվազագույն կենսաթոշակի  20 տոկոսի չափով՝ ամսական ընդամենը 5 հազար դրամ»,- ասաց Գրիգորյանը: Նրա խոսքով՝ կառավարությունը նշել է՝ չկան այդ թիրախային խմբի բազաները, բացի այդ 20 միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների համար սահմանվում են գազի և էլեկտրաէներգիայի վարձավճարի զեղչեր: Գլխադասային հանձնաժողովի անդամ Հերքինազ Տիգրանյանը ներկայացրեց, թե ինչու է հանձնաժողովը բացասական եզրակացություն տվել: «Նախորդ տարվա դեկտեմբերին ընդունել ենք սոցիալական բնակարանային ֆոնդում, կացարաններում բնակվող միայնակ  կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական օգնություն ցուցաբերելու մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն արդեն գործում է, սահմանվել է, որ սոցիալական բնակարաններում բնակվող միայնակ տարեցները և կենսաթոշակառուներն արդեն օգտվում են կոմունալ վճարների համար պետության փոխհատուցման իրավունքից»,- ասաց պատգամավորը:  Նա նշեց, որ նախագիծը նաև հստակեցված չէ, թե խոսքը վերաբերում է միայնակ տարեցներին ընդհանրապե՞ս, թե՞ սոցիալական բնակարաններում ու կացարաններում չբնակվող տարեցներին: «Եվ արդյոք նախագիծը կարո՞ղ է վերաբերվել աշխատող թոշակառուներին:  Կարծում ենք, որ նախագիծն արմատական վերանայման կարիք ունի»,-նշեց Տիգրանյանը: Նախագիծն օրակարգ մտցնելու հարցը քվեարկության դրվեց, ստացավ  35 «կողմ», 72 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներ՝ այսպիսով չընդգրկվելով լիագումար նիստերի օրակարգ:
11:44 - 14 սեպտեմբերի, 2020