Հայաստան

Իմ պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում ես երբեք չեմ բանակցել Արցախի հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու շուրջ․ Սերժ Սարգսյան

Իմ պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում ես երբեք չեմ բանակցել Արցախի հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու շուրջ․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․«Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ԱԺ-ի այսօրվա ելույթում հերթական անգամ ի ցույց դրեց ստախոսի և մանիպուլյատորի իր ողջ էությունը: Նա կրկին ստում է և փորձում մոլորեցնել հանրությանը, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին խոսելիս:Իմ պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում ես երբեք չեմ բանակցել Արցախի հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու շուրջ:Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կա՛մ մինչև հիմա չի հասկացել փուլային և փաթեթային տարբերակների տարբերությունը, կա՛մ գործի է դրել իր հիմնական զենքը՝ մանիպուլյացիան:Փուլայինի և փաթեթայինի տարբերության մասին մի քանի անգամ հրապարակային խոսել եմ, նաև հանգամանորեն բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ միանշանակ պետք է լուծվի փուլերով:Թող վերընթերցի տարբեր ժամանակահատվածներում իմ տված հարցազրույցները և որքան էլ իր համար դժվար լինի, հասկանա այդ երկու տարբերակների տարբերությունը և առանձնահատկությունները:Ի դեպ, վերոհիշյալ թեմայով ասածներս հաստատել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Էլ չեմ խոսում իր կողմից «կառուցողական» բնորոշված Ալիևի խոստովանությունների մասին»:
20:31 - 13 ապրիլի, 2022
Արցախի նախագահը ԱԳ նախարարի և ԱԽ քարտուղարի մասնակցությամբ աշխատանքային հրատապ խորհրդակցություն է հրավիրել

Արցախի նախագահը ԱԳ նախարարի և ԱԽ քարտուղարի մասնակցությամբ աշխատանքային հրատապ խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 13-ին հրավիրել է աշխատանքային հրատապ խորհրդակցություն, որին մասնակցում էին խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, Արտաքին գործերի նախարարը և Անվտանգության խորհրդի քարտուղարը: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ Երկրի ղեկավարը նշել է, որ հանդիպումը կայանում է Արցախում գործող մի շարք հասարակական  կազմակերպությունների ներկայացուցիչների պահանջով, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ապրիլի 13-ին ՀՀ Ազգային ժողովում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման վերաբերյալ արված հայտարարությունը հանրության շրջանում  լուրջ մտահոգությունների տեղիք է տվել: «Մեր հանրությունը շատ հստակ պահանջներ է ներկայացնում, որոնց պետք է ընդառաջ գնանք՝ կազմակերպելով շահագրգիռ ու բազմակողմանի քննարկումներ»,- ընդգծել է Արցախի նախագահը: Հանդիպման ընթացքում քննարկվել է արտաքին մարտահրավերներին ուղղված հարցերի լայն շրջանակ:  
20:21 - 13 ապրիլի, 2022
Պապիկյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը

Պապիկյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը

Ապրիլի 13-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին: Այս մասին հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, կարևորվել է փոխգործակցության խորացումը ռազմատեխնիկական, ռազմակրթական, մարտական պատրաստության և խաղաղապահության ոլորտներում։ Կողմերը շեշտադրել են ռազմաքաղաքական խորհրդատվությունների, բարձր մակարդակով փոխայցելությունների, ինչպես նաև Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման կարևորությունը»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում:
18:55 - 13 ապրիլի, 2022
Քերոբյանը և Մանտուրովը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության ծավալների վերականգնման հարցեր

Քերոբյանը և Մանտուրովը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության ծավալների վերականգնման հարցեր

Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հանդիպել են ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ներկա վիճակը, ինչպես նաև համատեղ գործունեության առաջնահերթ ուղղությունները։ «2021 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջև փոխադարձ առևտուրն աճել է 12,7%-ով և կազմել 2,5 մլրդ դոլար։ Ռուսական արդյունաբերական արտադրանքի արտահանումը տարեկան կտրվածքով աճել է 14%-ով, իսկ հայկական ապրանքների ներմուծումը նույնպես աճ է գրանցել՝ ավելանալով 10%-ով։ Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը գոհունակությամբ է ընդգծել երկու երկրների միջև  ընթացիկ տարվա հունվար-փետրվարին գրանցված առևտրաշրջանառության ծավալների էական աճի փաստը և անհանգստություն հայտնել  մարտին  ցուցանիշների նկատելի նվազման առիթով՝ առաջարկելով աշխատանքներ իրականացնել հրատապ վերացնելու նվազման պատճառները  և վերականգնելու աճը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Զրուցակիցներն առանձին անդրադարձել են տարբեր ոլորտներում իրականացվող մի շարք համատեղ ծրագրերին։ Դենիս Մանտուրովը կարևորել է համագործակցության զարգացումը հանքարդյունաբերության, մետալուրգիայի, քիմիական արդյունաբերության և գյուղատնտեսական մեքենաշինության ոլորտներում։ Հանդիպման ավարտին Դենիս Մանտուրովը Վահան Քերոբյանին հրավիրել է մասնակցելու Տաշքենդում կայանալիք «INNOPROM. Կենտրոնական Ասիա» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին։
18:52 - 13 ապրիլի, 2022
Արարատ Միրզոյան. «Մենք տեսնում ենք ԼՂ խնդրի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում» |hetq.am|

Արարատ Միրզոյան. «Մենք տեսնում ենք ԼՂ խնդրի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում» |hetq.am|

hetq.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միզրոյանի հետախոսազրույցը Ադրբեջանի իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ եղել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ: Այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին ասաց Արարատ Միրզոյանը: «Քննարկել ենք այն, ինչ վերջին մեկ տարվա ընթացքում քննարկվել է և արձանագրվել է Բրյուսելում երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով` սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման մեխանիզմների, ինչպես նաև Հայաստանի ու Ադբեջանի միջև կնքվելիք ենթադրյալ կարգավորման պայմանագրին ուղղված բանակցությունների մեկնարկի շուրջ երկու կողմերի պատկերացումների մասին»,- ասաց Արարատ Միրզոյանը: Պատգամավոր Սոնա Ղազարյանը հետաքրքրվեց, թե այդ համատեքստում ինչպիսին է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԼՂ խնդրի կարգավորման հարցի վերաբերյալ, արդյոք այդ հարցում փոփոխություններ կա՞ն, թե՞ ոչ: ԱԳ նախարարն արձագանքեց` Հայաստանի մոտեցումներն ուժի մեջ են: «Մենք տեսնում ենք ԼՂ խնդրի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ Ըստ էության այն կոնֆերանսը, որով հիմնադրվել է այդ ձևաչափը, այդ կոնֆերանսի որոշումը ոչ ոք չի չեղարկել, այն ուժի մեջ է: Ցավոք սրտից համանախագահող երկրների միջև հակասություններն այս պահին հայտնի պատճառներով այնքան բարենապաստ չեն, որպեզի երեքով կարողանան քննարկում կազմակերպեն»,- ասաց Միրզոյանը:
17:52 - 13 ապրիլի, 2022
Կա պատկերացում, որ հայ գերիների հերթական խումբը պետք է ազատ արձակվի, շարունակում ենք բանակցել. Միրզոյան

 |armenpress.am|

Կա պատկերացում, որ հայ գերիների հերթական խումբը պետք է ազատ արձակվի, շարունակում ենք բանակցել. Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Կա պատկերացում, որ Ադրբեջանը պետք է ազատ արձակի հայ գերիների հերթական խումբը, այդ ուղղությամբ բանակցությունները շարունակվում են:  Այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի բրյուսելյան հանդիպմանը: «Անհետ կորածների, գերիների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդիրը մեր առաջնային ուշադրության կենտրոնում է: Դա մեր ամենօրյա, ամենժամյա աշխատանքի առարկան է, թեման և թիրախը: Չեմ կարող մտաբերել որևէ լուրջ քննարկում, հանդիպում, որտեղ այս թեման չի արծարծվում: Այո, Ադրբեջանը ցայսօր չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունը, այն է՝ անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց: Տարբեր պատրվակներ բերելով, այնուհետև խնդիրը կապելով ականապատված դաշտերի քարտեզների հետ, թեև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ որևիցե այդպիսի կորելյացիա չկար, ապա այլ պատրվակներ բերելով, այժմ Ադրբեջանը փորձում է խնդիրը կապել Ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած անձանց փնտրելու հարցի հետ»,-ասաց Միրզոյանը: Նա ընդգծեց, որ այդ հարցերն ընդհանրապես իրար հետ կապ չունեն: Եվ հայկական կողմն այնուամենայնիվ, որպես բարի կամքի նշան, արել և շարունակում է անել իր շատ մարդասիրական քայլերը և ակնկալում է, որ նույնպիսին էլ պետք է լինի Ադրբեջանի պահվածքը՝ և մարդասիրական նկատառումներից ելնելով և նաև նրանից, որ դա իր ուղակի պարտավորությունն է՝ թղթի վրա գրված: «Ինչպես և ակնկալելի էր թեման քննարկվել է նաև վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Շառլ Միշելի վերջին բրյուսելյան հանդիպման ընթացքում: Եվ կա պատկերացում, որ հայ պատանդների հերթական խումբը պետք է ազատ արձակվի: Հիմա շարունակում ենք բանակցել դրա շուրջ»,-ասաց ԱԳ նախարարը: Նրա խոսքով՝ գերիների հարցով միջնորդությունները շատ են, քանի որ հարցը ընդգծված մարդասիրական բնույթ ունի: Միրզոյանը հիշեցրեց, որ  միջնորդությամբ հանդես են եկել և շարունակաբար հանդես են գալիս ռուսաստանյան գործընկերները, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, և նրանցից յուրաքանչյուրն ինչ-որ ժամանակահատվածում հաջողություն արձանագրել է այս առումով, բայց նաև այլ գործընկերներ՝ ինչպես օրինակ Շառլ Միշելի գրասենյակը, Հունգարիան իր ջանքերի շնորհիվ ևս հայրենիք վերադարձան որոշ գերիներ:   
17:27 - 13 ապրիլի, 2022
«Այն կայացել է պրոֆեսիոնալ և կառուցողական հունով»․ Բայրամովը Միրզոյանի հետ հեռախոսազրույցի մասին |hetq.am|

«Այն կայացել է պրոֆեսիոնալ և կառուցողական հունով»․ Բայրամովը Միրզոյանի հետ հեռախոսազրույցի մասին |hetq.am|

hetq.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցը կայացել է պրոֆեսիոնալ և կառուցողական հունով։ Այդ մասին ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա նշել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի և ԵՄ-ի առաջնորդների պայմանավորվածությունների շարունակման հետագա քայլերը։ Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին՝ Բայրամովը նշել է, որ ադրբեջանական կողմը ողջունում է Հայաստանի կողմից արվող դրական քայլերը։ Բայրամովի ընդգծմամբ՝ առաջիկա օրերին և շաբաթներին չեն սպասվում որևէ արդյունքներ՝ այս գործընթացի հետ կապված։ «Իհարկե, կլինեն գործընթացի արդյունքներ, կձեռնարկվեն հաջորդող քայլեր։ Ադրբեջանական կողմն իր բարի մտադրություններն է հայտնել և ցուցադրում ոչ միայն խոսքերով, այլև գործնականում։ Դա տեղի կունենա, երբ մենք հակառակ կողմից դրական քայլեր կտեսնենք»,- ընդգծել է Բայրամովը։ Ըստ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ կարևոր է, որ Հայաստանը կարծիք է արտահայտել, որ Ադրբեջանի կողմից առաջարկված հինգ սկզբունքներն ընդունելի են Հայաստանի համար։ «Դա պարզ է դարձել նաև Բրյուսելի հանդիպման ժամանակ: <...> Մենք սա շատ կարևոր քայլ ենք համարում, և կան նախանշաններ այս ուղղությամբ աշխատանքների շարունակման համար»,- եզրափակել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։ Դեռ նախորդ ամիս Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում, հայտարարել էր, որ Բաքուն Երևանին 5 կետանոց առաջարկ է արել, որոնք կարող են դառնալ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի բանակցային կետերը։ Մարտի 14-ին պաշտոնական Բաքուն հրապարակեց այդ կետերը: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ առաջարկված սկզբունքներն են. Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում։ Երկու պետությունների` միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում։ Ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալիք ներկայացնելուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ հանգամանքներից։ Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում։ Տրանսպորտի և հաղորդակցությունների բացում, այլ հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ նշվում էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը, հենց այս սկզբունքների հիման վրա իրականացնելով ինտենսիվ, բովանդակային և արդյունքին միտված բանակցություններ, կարող են կնքել խաղաղության երկկողմ պայմանագիր։
13:45 - 13 ապրիլի, 2022
Վարչապետը խոսեց հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման իրագործման ժամկետների մասին |armenpress.am|

Վարչապետը խոսեց հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման իրագործման ժամկետների մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չափազանց դժվար է նշել, թե հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման իրագործումը որքան կտևի, սակայն, ըստ գործադիրի ղեկավարի, հաշվի առնելով հարցի հատուկ կարգավիճակը և հրատապությունը, այն պետք է իրագործվի հնարավորինս շուտ։ Ազգային ժողովում վարչապետն ասաց, որ գործընթացը պետք է սկսվի և հընթացս կերևա, որ դա մեկ-երկու օրվա կամ ամսվա գործ չէ։ «Դա ակնհայտ է, որովհետև կան բազմաթիվ նյուանսներ, որոնք պետք է ճշգրտվեն։ Իհարկե, իմ զեկույցում ասել եմ, որ հասկանում ենք նաև, որ Ադրբեջանը փորձում է ինչ-որ ձևով ռազմական լարվածության իրավիճակը պահել սահմանի երկայնքով՝ դեմարկացիայի գործընթացում Հայաստանի նկատմամբ թաքնված կամ անթաքույց տարածքային պահանջներ ներկայացնելու համար։  Կարծում եմ, որ մեր այս դիրքորոշումը ընկալված է միջազգային հանրության կողմից, և մենք պետք է առաջ գնանք՝  պաշտպանելով մեր երկրի շահերը և սահմանները»,- ասաց վարչապետը։ Նա նշեց, որ օրինակ՝ Հայաստանի և Վրաստանի միջև և Ադրբեջանի և Վրաստանի միջև դեմարկացիան մինչև օրս չի ավարտվել, չնայած սկսվել է 1996-97 թվականներից։ «Կարծում եմ, այս պարագայում, հաշվի առնելով հատուկ կարգավիճակը և հրատապությունը, երկու կողմերի մոտ էլ կա շահագրգռություն, որ հնարավորինս շուտ անենք։ Այսինքն՝ դա չտևի 20 տարի, այլ տևի հնարավորինս կարճ։ Նաև սա է պատճառը, որ մենք գտնում ենք, որ միջազգային փորձագետների ներգրավումը, ովքեր փորձ ունեն արդեն իրենց երկրներում դեմարկացիայի և դելիմիտացիայի, այն իրականացնելու ժամանակ բախվել են բազմաթիվ խնդիրների և հաղթահարել են այդ խնդիրները, կարող են մեզ օգնել, որպեսզի մենք պատրաստի բանաձևեր ունենանք։  Ասեմ, որ կան շատ հետաքրքիր ձեռնարկներ, օրինակ՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի մեթոդոլոգիաների մասին, թե ինչ մեթոդներով կարելի է իրագործել։ Բայց կոնկրետ գնահատական տալ ժամկետների մասով, չափազանց դժվար է։ Դեռ մինչև ապրիլի վերջ հստակ գիտենք, որ հանձնաժողովը ձևավորվի, մնացած հարցերին հանձնաժողովը կպատասխանի»,- եզրափակեց Փաշինյանը։
12:16 - 13 ապրիլի, 2022
Կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու ԼՂ հայության անվտանգությունն ու իրավունքները. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

Կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու ԼՂ հայության անվտանգությունն ու իրավունքները. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Մենք բազմիցս ենք հայտարարել խաղաղության պայմանագրի գործընթացը սկսելու մեր պատրաստակամության մասին: Այս մասին ապրիլի 13-ին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը տեղեկացրեց, որ մարտի 10-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից մեկը Հայաստանին է փոխանցել Ադրբեջանի պատկերացումները խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքների վերաբերյալ: «Այդ սկզբունքները հետեւյալն են՝  - փոխադարձաբար միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, քաղաքական անկախության ճանաչում եւ հարգում,  - միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության արձանագրում եւ դե յուրե պարտավորությունների արձանագրում ապագայում միմյանց նկատմամբ նման պահանջներ չառաջադրելու վերաբերյալ,  - միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգության, տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության համար այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքներ չստեղծելու, ՄԱԿ-ի նպատակներին չհամապատասխանող գործողություններ չձեռնարկելու փոխադարձ պարտավորություն,  - սահմանների դելիմիտացիա եւ դեմարկացիա եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում,  - տրանսպորտային եւ այլ կոմունիկացիաների ապաշրջափակում, նոր կոմունիկացիաների ստեղծում, եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն: Այս առաջարկությունները մենք օպերատիվ ձեւով քննարկել ենք, եւ արձանագրել, որ դրանցում Հայաստանի համար անընդունելի ոչինչ չկա, մանավանդ որ դե յուրե, Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելիությունը ճանաչել է դեռեւս 1992 թվականին Անկախ Պետությունների Համագործակցություն ձեւավորելու մասին համաձայնագիրը վավերացնելով եւ այդ ճանաչումը այսօր էլ մեր ներպետական օրենսդրության մաս է: Մենք արձանագրել ենք, որ Հայաստանը երբեք Ադրբեջանից տարածքային պահանջներ չի ունեցել եւ Ղարաբաղի հարցը ոչ թե տարածքի, այլ իրավունքի հարց է: Եւ հետեւաբար, մենք արձանագրել ենք, որ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեն Ղարաբաղի հայության անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների եւ ազատությունների ապահովումը եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով՝ օրակարգի այս լրացումով Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների մեկնարկին եւ այս դիրքորոշումը արձանագրվել է Բրյուսելում տեղի ունեցած վերջին հանդիպման ընթացքում: Փաշինյանն ընդգծեց՝ այս իրավիճակում կարեւոր է արձանագրել մի շատ էական նրբություն: «Եթե նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, դրանից բխեցնելով կարգավիճակը: Այլ կերպ ասած՝ մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները»,- ՀՀ վարչապետը:
11:52 - 13 ապրիլի, 2022
Միջազգային հանրությունն ասում է` մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը․ Նիկոլ Փաշինյան |hetq.am|

Միջազգային հանրությունն ասում է` մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը․ Նիկոլ Փաշինյան |hetq.am|

hetq.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է` ընդունում է իր մեղքն ու պատասխանատվությունը թե՛ 44-օրյա պատերազմի, թե՛ պարտության համար, բայց չի ընդունում ընդդիմադիրների` հողեր հանձնելու և դավաճանության մեղադրանքները: Այս մասին խորհրդարանում Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանն ասաց նա: «Վերջերս հարցազրույցներից մեկում ակնարկել էի, որ եթե ինձ ուզում են օբյեկտիվ մեղադրանք ուղղել, պետք է մեղադրեն ոչ թե հողեր հանձնելու, այլ պետք է մեղադրեն հողեր չհանձնելու մեջ: Հիմա ուզում եմ խոստովանել, որ հնարավոր է մեղավոր եմ դրանում, մեղավոր եմ, որ 2018-2019 թվականներին հանրության առաջ չեմ կանգնել ու բացահայտել, որ մեր բոլոր, կրկնում եմ մեր բոլոր բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք յոթ շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը: Մեղավոր եմ, որ մեր ժողովրդին չեմ ասել, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ մենք էլ ճանաչենք, ակնկալում է նաև, որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները լիարժեք ներգրավված լինեն ԼՂ ապագայի որոշման ու կառավարման հարցերում»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանի խոսքով` հանրության առջև մեղավոր է նրա համար, որ հստակ ու աներկբա չի ասել, որ հայկական կողմի համար նույնիսկ անընդունելի սցենարները ընդունելի չեն եղել Ադրբեջանի համար, և միջազգային հանրության ներկայացուցիչները երբեմն հստակ, երբեմն դիվանագիտական եղանակով ասել են, որ այդ ամենը հայկական կողմի ընդունելուց հետո դեռ պետք է համոզեն ադրբեջանական կողմին այն ընդունել: Փաշինյանը խոստովանում է` այս ամենը պարտավոր էի մանրամասն ներկայացնել ժողովրդին, և դա չանելն է իր իրական մեղքը: «Հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա: Որպեսզի այդ մասին ժողովրդի հետ խոսեի, ինքս ինձ պետք է բացատրեի, որ ճիշտ ճանապարհ է: Երբ ծանոթանում էի բանակցային փաստաթղթերին, համոզվում էի, որ Սերժ Սարգսյանն ամենևին էլ չէր չափազանցնում, երբ ասում էր, թե Հայաստանը պատրաստ էր թողնել հայտնի յոթ շրջանները, բայց ամեն անգամ Ադրբեջանը նոր պահանջներ էր առաջ քաշում: Ինքս ինձ չկարողացա համոզել նաև այն պատճառով, որ հասկացա` Ռոբերտ Քոչարյանն ամենևին էլ չէր չափազանցնում, երբ ասում էր, որ Հայաստանը նույնպես տարածքային ամբողջականության խնդիր ունի: Դժվար էր ինքս ինձ համոզել, որ երեսուն տարիների զրկանքների արդյունքում կարելի է պարզապես հանձնել հաղթանակի պտուղները ու դիմացը չստանալ ոչինչ»,- ասաց նա: Փաշինյանը հայտարարեց` այս ամենի մասին խոսում է ապագայի մասին խոսակցություն բացելու համար: Նրա խոսքով` միջազգային հանրությունը հստակ ասում է` լինել աշխարհի միակ երկիրը, որը երկկողմ մակարդակով չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ միայն վտանգ է Արցախի, այլև Հայաստանի համար: «Միջազգային հանրությունն ասում է` մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, հակառակ դեպքում ասում է` խնդրում եմ մեզ վրա հույս չդնեք»,- ասաց նա: Փաշինյանի խոսքով` այս ամենն ասում է նրա համար, որ հանրությանը հասկանալի լինի` խաղաղության օրակարգը այլընտրանք չունի: Ըստ նրա` հեշտ չէ նման որոշում կայացնելը, սակայն եթե 44-օրյա պատերազմից հետո ժողովուրդը որոշել է, որ ինքը պետք է շարունակի առաջնորդել երկիրը, ուրեմն այդ ամենի պատասխանատվությունը ստանձնելն իր առաքելությունն է:
11:18 - 13 ապրիլի, 2022
Սա հակասում է նոյեմբերի 9-ի հայտարարությանը. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը` ընդդիմադիր պատգամավորների մուտքը Արցախ արգելելու վերաբերյալ

Սա հակասում է նոյեմբերի 9-ի հայտարարությանը. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը` ընդդիմադիր պատգամավորների մուտքը Արցախ արգելելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը մտահոգված է այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ: Ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։ Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները: Նշենք, որ «Հայաստան» դաշինքը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Արցախում խաղաղապահները թույլ չեն տվել ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների մուտքը Արցախ․ «Այս պահին տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հերթական հանցավոր պայմանավորվածության գաղտնազերծումը։ Վերջիններս շատ արագ և միաժամանակ արձագանքեցին ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների հայտարարությանը, որ մեկնում ենք Արցախ և անցակետին փոխանցեցին Արցախ մեկնող քաղաքական գործիչների անունները՝ պահանջելով թույլ չտալ մեր մուտքը Արցախ։ Բացահայտվեց Արցախը մեկուսացնելու, այնուհետև հայաթափելու դավադիր գործարքի հերթական փաստը: Հատկանշական է, որ մեր այցի հետ կապված Ադրբեջանի և ՀՀ օրվա իշխանությունների արձագանքը նույնական էր և փոխլրացնող: Տեղեկացնեմ, որ Արցախի խորհրդարանական բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ մեր հանդիպումն ամեն դեպքում կայացավ՝ Աղավնոյի անցակետում: Մենք միասնական ու վճռական ենք Արցախի և Հայաստանի դեմ իրականացվող քաղաքականությունը վիժեցնելու և մեր երկրի շահերին տեր կանգնելու հարցում»,- ասված է դաշինքի հաղորդագրության մեջ։ 
22:24 - 12 ապրիլի, 2022
Եվրամիությունն ընդունել է հետկոնֆլիկտային շրջանի իրողությունները․ Իլհամ Ալիև

Եվրամիությունն ընդունել է հետկոնֆլիկտային շրջանի իրողությունները․ Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Եվրամիության հետ շփումները պատերզմից հետո ակտիվացել են, և որ Եվրամիությունը ընդունել է հետկոնֆլիկտային իրողությունները։ Այս մասին հայտնում է apa.az-ը։ Նա հիշեցրել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ դեկտեմբերին և ապրիլին տեղի են ունեցել եռակողմ հանդիպումներ։ «Հանդիպումների մասին տեղեկատվություն է տրամադրվել։ Բայց, իհարկե, և՛ փորձագետները, և՛ ադրբեջանական հանրությունը կարող էին տեսնել, որ եզրափակիչ հաղորդագրությունը չի պարունակում «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը, ինչը միանգամայն բնական է։ Որովհետև Ադրբեջանը սրա դեմ արտահայտեց իր բողոքը, այնտեղ չկա նաև «հակամարտություն» բառը։ Սա բնական է, քանի որ հակամարտություն չկա։ Հակամարտությունը լուծված է»,- նշել է Ադրբեջանի նախագահը։ 
21:50 - 12 ապրիլի, 2022
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը և Իրանի դեսպանը քննարկել են ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը և Իրանի դեսպանը քննարկել են ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ապրիլի 12-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի  նախարարությունից, հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Գայանե Գաբրիելյանը և Աննա Մազմանյանը, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Այսօր հնարավորություն ունենք քննարկելու Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության շրջակա միջավայրերի պահպանությանն ուղղված համագործակցության ներկա վիճակը, փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Իրանի Իսլամական Հանրապետության հետ գործընկերային հարաբերությունների զարգացումը Հայաստանի համար եղել է և շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության տիրույթի կարևոր ուղղություններից մեկը»,- ողջունելով գործընկերներին շրջակա միջավայրի նախարարությունում՝ նշել է նախարար Հակոբ Սիմիդյանը։ Վկայակոչելով հայ-իրանական դարավոր բարեկամական հարաբերութունները, նախարարը փաստել է, որ առկա են բոլոր նախադրյալները բնապահպանության ոլորտում համագործակցության ավելի բարձր նշաձող սահմանելու համար։ Նշվում է, որ հանդիպմանը կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության հեռանկարներին շրջակա միջավայրի ոլորտում, քննարկել ընթացիկ աշխատանքային հարցերի լայն շրջանակ: Նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը զեկույցի տեսքով իրանական կողմի գործընկերներին է ներկայացրել երկկողմ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն։ Հանդիպման ավարտին նախարար Հակոբ Սիմիդյանը կրկին անդրադարձել է երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունների։ «Հաշվի առնելով շրջակա միջավայրի պահպանության ոլորտում մեր երկու երկրների միջև փոխգործակցության արդյունքում ձևավորված միջպետական համագործակցության շարունակական զարգացումն ու ամրապնդման անհրաժեշտությունը՝ մենք կարևորում ենք ոլորտում առկա երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ աշխատանքների ծավալումն ու ակտիվացումը։ Համատեղ ծրագրերի և միջոցառումների կյանքի կոչումը վստահաբար կնպաստի նաև տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը»,-նշել է նախարարը և վերահաստատել հավատարմությունը ընդհանուր հիմնարար արժեքներին։
19:58 - 12 ապրիլի, 2022