Հայաստան

Հայաստանը տարբեր ժամանակաշրջանների քարտեզներում ինքն իրեն չգտնելու մտավախություն չունի․ ՀՀ ԱԳ նախարարի պատասխանն Ալիևին

Հայաստանը տարբեր ժամանակաշրջանների քարտեզներում ինքն իրեն չգտնելու մտավախություն չունի․ ՀՀ ԱԳ նախարարի պատասխանն Ալիևին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե Հայաստանի հետ սահմանների ճշգրտման գործընթացում հիմք կընդունեն 1918 թվականի և մինչև 1991թ. Խորհրդային Միության փլուզումը եղած բոլոր քարտեզները, և որ 1918-20 թվականների որոշ քարտեզներով Երևանը, Սյունիքը իբր Ադրբեջանի կազմում են։ Հարց - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանների ճշգրտման գործընթացում հիմք կընդունեն 1918 թվականի և մինչև 1991թ. Խորհրդային Միության փլուզումը եղած բոլոր քարտեզները, և որ 1918-20 թվականների որոշ քարտեզներով Երևանը, Սյունիքը իբր Ադրբեջանի կազմում են: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները: Պատասխան – Մենք քարտեզների ուսումնասիրություններին դեմ չենք: Բայց ինչու՞ սահմանափակվել 20-րդ դարով: Կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարում Բաբելոնում ստեղծված, կամ Հերոդոտոսի կողմից Քրիստոսից առաջ 5-րդ դարում ստեղծված, կամ Ստրաբոնի կողմից Քրիստոսից առաջ 1-ին դարում ստեղծված, կամ Կլավդիոս Պտղոմեոսի կողմից արդեն Քրիստոսից հետո 2-րդ դարում ստեղծված, կամ նույն ժամանակահատվածում Պլինիոս Ավագի կողմից ստեղծված քարտեզներից և շարունակել հետագա ժամանակաշրջանների բազմաթիվ լատինական, բյուզանդական, արաբական և այլ աշխարհագրական նկարագրություններով և քարտեզներով: Հայաստանն ինքն իրեն այդ քարտեզներում չգտնելու մտավախություն չունի: Այնուամենայնիվ, շահագրգռված լինելով ապագա սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի արդյունավետ աշխատանքով՝ Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ այդ աշխատանքը պիտի հիմնվի երկու կողմից ընդունված, իրավական ուժ ունեցող քարտեզների վրա։
10:19 - 30 ապրիլի, 2022
Հակոբ Արշակյանը Նիդերլանդների դեսպանի հետ խոսել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին

Հակոբ Արշակյանը Նիդերլանդների դեսպանի հետ խոսել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ապրիլի 29-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: Խորհրդարանի փոխխոսնակը շնորհավորել է Հոլանդիայի բարեկամ ժողովրդին Նիդերլանդների Ազգային տոնի կապակցությամբ: Խոսելով երկկողմ համագործակցությունից` Հակոբ Արշակյանը կարևորել է Նիդերլանդների խորհրդարանական կառավարման փորձի ուսումնասիրումը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչմանը` ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Նիդերլանդների խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը և հետևողական կեցվածքը Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացում, ինչը վկայում է համամարդկային արժեքների պահպանման և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման հարցում Նիդերլանդների հավատարմության մասին: Հակոբ Արշակյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը: Նա նշել է, որ դեռևս լուծված չեն կարևոր հումանիտար հարցերը: Դրանք են` Ադրբեջանում պահվող ռազմագերիների, Արցախի պատմամշակութային և կրոնական ժառանգության պատշաճ պահպանման խնդիրները, որոնք պետք է լինեն եվրոպացի գործընկերների ուշադրության ներքո: Նիկո Սխերմերսը խոսել է երկկողմ կապերի խորացման անհրաժեշտությունից, ներկայացրել դեսպանատան կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը` ուղղված ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և օրենքի գերակայության ամրապնդմանը: Կողմերը կարևորել են Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության խորացումը ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման շրջանակում: Հակոբ Արշակյանը խոսել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի շուրջ և հույս հայտնել, որ Նիդերլանդներն իր քաղաքական աջակցությունը կհայտնի այս հարցում: Քննարկվել են երկու երկրների խորհրդարանների հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր, տարբեր բնագավառներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը և Մերի Գալստյանը:
20:01 - 29 ապրիլի, 2022
Իրանից փորձել են Հայաստան տեղափոխել մարիխուանայի նմանվող զանգված, ծխախոտ, հաբեր. ՊԵԿ

Իրանից փորձել են Հայաստան տեղափոխել մարիխուանայի նմանվող զանգված, ծխախոտ, հաբեր. ՊԵԿ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, ինչպես նաև չհայտարարագրված  ապրանքների Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Վերջերս ակտիվացել է համագործակցությունը ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցների հետ: Մարտ-ապրիլ ամիսների ընթացքում համատեղ գործողությունների արդյունքում, հայ-իրանական սահմանին մաքսային զննության ենթարկված տրասնպորտային միջոցներում հայտնաբերված մաքսանենգ և չհայտարարագրված ապրանքների դեպքերով նախապատրաստվել են նյութեր, իրականացվում է նախաքննություն: Ստորև բերված աղյուսակում ներկայացվում են այդ դեպքերի վիճակագրությունը և այլ մանրամասներ: 1. «Ագարակ» պետական սահմանի անցակետում զննության է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած  ավտոբուս: Տրանսպորտային միջոցի  նստատեղերից մեկի ետնամասի կառուցվածքում  հայտնաբերվել է 2․8 գրամ ընդհանուր քաշով պոլիէթիլենային փաթեթ դեղնականաչավուն զանգ-վածի պարունակությամբ, սուր հոտով `«մարիխուանա» թմրամիջոց հիշեցնող։ Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267․1-րդ հոդվածի հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, իրականացվում է նախաքննություն։ 2. «Ագարակ» պետական սահմանի անցակետում մաքսային զննման է ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած մեքենա: Տրանսպորտային միջոցի նստատեղերից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված՝ ընդհանուր 2460 տուփ  ծխախոտ: Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267․1-րդ հոդվածի հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, իրականացվում է նախաքննություն։ 3.«Ագարակ» պետական սահմանի անցակետում մաքսային զննման է ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած ավտոբուս: Տրասպորտային միջոցի նստատեղերից մեկի  աջակողմյան հատվածից հայտնաբերվել է 0,9 գ ընդհանուր քաշով թվով 1 պոլիէթիլենային փաթեթ՝ սպիտակ բյուրեղանման զանգվածի պարունակությամբ, «Acetaminofen Codein 300/20» գրառմամբ՝ ընդհանուր 81 հաբ և «Cobra 150» գրառմամբ՝ ընդհանուր 5 հաբ։ Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267․1-րդ հոդվածի հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, իրականացվում է նախաքննություն։  4. «Ագարակ» պետական սահմանի անցակետում մաքսային զննման է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած բեռնատար: Բեռնատարում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված հետևյալ ապրանքները՝ հորատոր հաստոցի 1 գլան, 68կգ համաքաշով  43  տուփ կտրիչ նախատեսված խառատի հաստոցի համար, հորատման գլանի 5 հատ գլխիկ,  11 զսպակցուկային կապիչ, 40 տարբեր տրամաչափերի գայլիկոն և 2  յուղի պոմպ: Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր։ Նշված դեպքով իրականացվում է վարչական վարույթ։ 5. Կանխվել է  ալկոհոլային խմիչքի ապօրինի արտահանումը: «Ալվանք» կոչվող սահմանապահ ուղեկալի ազդանշանային համալիրի 3-րդ հատվածից հայտնաբերվել և կանխել են Ագարակ քաղաքի բնակչի կողմից 50 շիշ (0.5 լիտր  տարողությամբ)  կոնյակի ապօրինի տեղափոխումը դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի  200-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, իրականացվում է վարչական վարույթ: 6. «Ագարակ» պետական սահմանի անցակետում մաքսային զննման է ենթարկվել ՀՀ-ից Իրանի Իսլամական Հանրապետություն մեկնող բեռնատար: Բեռնատարի և վարորդի քնելու համար նախատեսված խցիկից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված հետևյալ ապրանքները՝ 2 ունիվերսալ բաժանարար գլխիկ, 5  էլեկտրական վահանակ` անջատիչով, 390 (РЭС8 գրառմամբ) փոփոխական ռելեյի կոնտակտ, 405 (РЭС 60 գրառմամբ) ցածր ընթացիկ ունիվերսալ ռելե, 313 շրջանաձև միացիչ, 3200 հոսանքի մետաղային դետալ։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, իրականացվում է վարչական վարույթ:
18:32 - 29 ապրիլի, 2022
Արմեն Գրիգորյանը Բրյուսելում կհանդիպի Ալիևի օգնական Հաջիևի հետ
 |azatutyun.am|

Արմեն Գրիգորյանը Բրյուսելում կհանդիպի Ալիևի օգնական Հաջիևի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երկուշաբթի` մայիսի 2-ին, Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: «Քննարկելու ենք մի շարք հարցեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող», - «Ազատության» եթերում ասաց Արմեն Գրիգորյանը` հնարավոր համարելով, որ սրան կարող է հաջորդել Փաշինյան-Ալիև հանդիպումը: «Եթե մենք կարողանանք այն բոլոր հարցերի պատասխանները ստանալ Բրյուսելում, ապա կարող ենք նաև քննարկել երկրի առաջնորդների մակարդակով հանդիպում Բրյուսելում», - նշեց ԱԽ քարտուղարը: Ադրբեջանի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ մայիսի սկզբին Բրյուսելում կարող են հանդիպել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները: Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն հայտել էր՝ Բրյուսելում նման հանդիպման մասին այս պահին տեղեկատվություն չկա: Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի նախորդ հանդիպումը կայացել էր մարտի վերջին Բրյուսելում՝ Եվրամիության հարկի տակ, ըստ ԵՄ դիվանագիտական ծառայության հաղորդագրության, «առաջ մղելու երկու երկրների միջև մի շարք խնդիրների լուծում գտնելու ջանքերը»։  
17:57 - 29 ապրիլի, 2022
Ալիևը հայտարարել է, թե ՌԴ-ի հետ դաշնակցային հռչակագիրն արտացոլում է Ադրբեջանի ռազմավարական շահերը
 |factor.am|

Ալիևը հայտարարել է, թե ՌԴ-ի հետ դաշնակցային հռչակագիրն արտացոլում է Ադրբեջանի ռազմավարական շահերը |factor.am|

factor.am: Այսօր Բաքվում միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Բաքվի և Մոսկվայի հարաբերություններին՝ նշելով, որ երկու երկրները համագործակցում են հարցերի լայն շրջանակի շուրջ, և որ 2022թ․ փետրվարին ստորագրված դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը լիովին համապատասխանում է Բաքվի շահերին, գրում են տեղական լրատվամիջոցները։«Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրն արտացոլում է մեր ռազմավարական շահերը, քանի որ Ռուսաստանը մեր հարևանն է, գործընկերը, որն ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտի գործում, որի խաղաղապահներն այսօր գտնվում են Ղարաբաղում։ Կան այլ հարցեր ևս, որոնց շուրջ մենք համագործակցում ենք արդեն շատ տարիներ՝ տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար, մշակութային և այլն»,- ասել է Ալիևը։Նա նաև ընդգծել է, որ Բաքուն համագործակցում է Ռուսաստանի հետ նաև ռազմական ոլորտում, մասնավորապես, սպառազինություն ու զինտեխնիկա գնում է։ «Բացի այդ, մենք Ռուսաստանից գնում ենք շատ զինտեխնիկա, իհարկե, շուկայական գներով՝ ի տարբերություն Հայաստանի, որն այդ զենքերն «անվճար է» ստացել»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։  
16:19 - 29 ապրիլի, 2022
«ՍԱՍ»-ի Արտակը՝ «Պանդորայի փաստաթղթերում». նախկին պատգամավորը չի հայտարարագրել արտերկրում գրանցված ընկերությունները
 |hetq.am|

«ՍԱՍ»-ի Արտակը՝ «Պանդորայի փաստաթղթերում». նախկին պատգամավորը չի հայտարարագրել արտերկրում գրանցված ընկերությունները |hetq.am|

hetq.am: Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանն իր հայաստանյան բիզնեսին աջակցելու նպատակով ընկերություններ է հիմնել արտերկրում: Սրանց հետ իր կապը քողարկելու համար նախկին պաշտոնյան օգտագործել է օֆշորում գրանցված ձեւական ընկերություններ, իսկ մի պարագայում էլ որպես վերջնական շահառու (բենեֆիցիար) սեփականատեր գրանցվել է նրա զոքանչը: Սարգսյանի հայտարարագրերում այս ընկերությունների մասին ոչինչ չկա, այնինչ 2017-ի հուլիսից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ տվյալ թաքցնելը քրեորեն պատժելի արարք է: Առավելագույն պատիժը կարող է լինել 4 տարի ազատազրկումը: Սարգսյանի արտասահմանյան ընկերությունների մասին տվյալները եւ դրանց ներկայացուցիչների նամակագրությունները հայտնվել են «Pandora Papers» թղթապանակում, որի մասին հետաքննող լրագրողները հայտարարեցին նախորդ տարվա հոկտեմբերին: Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումն (International Consortium of Investigative Journalists, ICIJ) ու դրա հետ համագործակցող լրատվամիջոցները, այդ թվում՝ «Հետքը», մինչ օրս ուսումնասիրում են տարբեր օֆշորային գոտիներից արտահոսած փաստաթղթեր, որոնք լրագրողներն անվանել են «Pandora Papers»: Այս փաթեթում առկա ավելի քան 27 հազ. հատ ընկերություններն ու դրանց սեփականատերերը (շուրջ 30 հազ. մարդ) կապ ունեն աշխարհի ավելի քան 200 երկրի եւ տարածքային միավորի հետ, ինչը խոսում է արտահոսած փաստաթղթերի աշխարհագրական շատ մեծ մասշտաբի մասին: 2,94 տերաբայթ ծավալով թղթապանակում, որը Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի կողմից երբեւէ հրապարակված ամենածավալուն փաթեթն է, կան նաեւ ընկերությունների շահառու սեփականատեր հանդիսացող հայեր, այդ թվում՝ պաշտոնյաներ ու գործարարներ, նրանց փոխկապակցված անձինք: Փաստաթղթերն արտահոսել են օֆշորային գոտիներում ծառայություններ մատուցող 14 ընկերություններից: Սրանք միջնորդ կամ գործակալ կազմակերպություններ են, որոնք օգնում են հարկային դրախտ հանդիսացող օֆշորային գոտիներում ձեւական ընկերություններ հիմնել ամենատարբեր նպատակներով: Այդ 14-ից մեկը կիպրական «Demetrios A. Demetriades» իրավաբանական ընկերությունն է, որն այլ կերպ հայտնի է իբրեւ «DADLAW»: Սրա հաճախորդներից են եղել Արտակ Սարգսյանն ու նրա մտերիմները: Արտակ Սարգսյանը, որն առավել հայտնի է որպես «ՍԱՍ»-ի Արտակ, «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի հիմնադիրն է: 2004-2007 եւ 2012-2019 թթ. նա Ազգային ժողովի պատգամավոր էր: Մինչեւ 2006 թ. Սարգսյանը «Օրինաց երկիր» կուսակցության անդամ էր, իսկ 2006-2018 թթ.՝ ՀՀԿ-ի: Սարգսյանների գլխավոր ընկերությունը՝ «ՍԱՍ-Գրուպ» ՍՊԸ-ն, հիմնադրվել է 1998-ի փետրվարին Արտակ Սարգսյանի ավագ եղբոր՝ Արամի կողմից: 2006-ի մայիսին՝ պատգամավորության շրջանում, նրան է միացել Արտակը: Մինչ օրս եղբայրները 50-50 համամասնությամբ տնօրինում են ընկերությունը: Արտակ Սարգսյանը չի հայտարարագրել օֆշորային ընկերությունում իր բաժնեմասը 2011-ի մարտին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի այն հասցեում, որտեղ գրանցված է «DADLAW»-ն, նոր ընկերություն է ծնվել՝ «SDA Trade Chain Group Limited»-ը: Ինչպես որ «ՍԱՍ»-ն է կրում իր հիմնադիրների անունը՝ Սարգսյան Արամ/Արտակ Սամվելի, այնպես էլ «SDA Trade Chain Group Limited»-ն է անվանակոչվել Արտակ Սարգսյանի ավագ որդու՝ Դավիթի անունով (ՍԴԱ - Սարգսյան Դավիթ Արտակի): Կիպրական նորաստեղծ ընկերության կանոնադրական կապիտալը եղել է 2000 եվրո, որը 50-50 համամասնությամբ կիսել են Արտակ եւ Արամ Սարգսյանները։ Սակայն նրանց բաժնեմասերը հավատարմագրային կառավարման են հանձնվել «DADLAW»-ի երկու ածանցյալներին՝ «DADLAW Nominees Limited»-ին ու «DADLAW Secretarial Limited»-ին: «SDA Trade Chain Group Limited»-ի համար բանկային հաշիվ բացելու փաստաթղթերից մեկում նշվել է, թե ընկերությունը Հայաստանում սուպերմարկետների ամենամեծ մանրածախ ցանցը («ՍԱՍ» սուպերմարկետներ) ներկայացնող հոլդինգի անդամ է լինելու եւ կիրառվելու է՝ ներդրումներ կատարելու, շահույթ ստանալու եւ փոխանցելու համար: Բանկային հաշվի վրա ակնկալվող գումարի չափը նշվել է 5 մլն դոլար։ «SDA»-ի գործունեության վայր են ներկայացվել Հայաստանն ու Վրաստանը: Հիմնադրումից մեկ ամիս անց՝ 2011-ի ապրիլին, «SDA»-ում փոփոխություն է եղել: Արտակ եւ Արամ Սարգսյանների բաժնեմասերը փոխանցվել են օֆշորային Բրիտանական Վիրջինյան Կղզիներում (ԲՎԿ) գրանցված «SADA Holding and Investment Inc.»-ին, որն էլ դարձել է կիպրական ընկերության միակ տերը: Բայց «SADA»-ի ներկայությունը, ըստ էության, Սարգսյանների մասնակցությունը քողարկելու համար էր, որովհետեւ հենց եղբայրներն էին «SADA Holding and Investment Inc.»-ի իրական տերերը (50-50 համամասնությամբ), իսկ ձեւական սեփականատեր էր գրանցվել Ջոն Պատրիկ Մյուրեյը (John Patrick Murray): Այդուհանդերձ, կիպրական ռեգիստրի համաձայն՝ 2018-ի մայիսին «SDA Trade Chain Group Limited»-ը լուծարվել է: Բայց անկախ դրանից՝ նախկին պաշտոնյա Արտակ Սարգսյանը 2012 եւ 2017 թթ., երբ ընտրվել է պատգամավոր, ինչպես նաեւ 2019 թ., երբ հանձնել է մանդատը, չի հայտարարագրել օֆշորային «SADA Holding and Investment Inc.»-ում իր 50 տոկոս բաժնեմասը: 2017-ի հուլիսից հետո հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը պատժվում է 200.000-300.000 դրամ տուգանքով կամ 2-3 տարի ազատազրկմամբ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից մինչեւ 3 տարի զրկելով կամ առանց դրա: Իսկ եթե չի հայտարարագրվել առանձնապես խոշոր չափերով գույք կամ եկամուտ, ապա անձը կարող է պատժվել 2-4 տարի ազատազրկմամբ՝ մինչեւ 3 տարի զրկվելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից կամ առանց դրա: Ու՞մ է պատկանում «Baldi» ապրանքանիշը «ՍԱՍ-Գրուպ» ՍՊԸ-ն, որը շահագործում է «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցը, Հայաստան է ներկրում մի շարք հայտնի ապրանքանիշեր ոչ միայն սննդի ոլորտում, այլեւ հագուստի։ Սարգսյանների ընկերությունն է բրիտանական «Next» եւ «Debenhams» (վերջինս այլեւս չի գործում), ինչպես նաեւ կանադական «Aldo» բրենդների ներկրողը Հայաստանում։ Սարգսյանները Հայաստանում ներկայացնում են նաեւ կոշիկի, հագուստի եւ աքսեսուարների «Baldi» ապրանքանիշը։ Վերջինիս կայքում ասվում է, որ «Baldi»-ի պատմությունը սկսվել է Անտոնիո Բալդի անունով իտալացի մի կոշկագործից, որի թոռները 2005-ին կոշիկ արտադրող ընկերություն են հիմնել։ «Համագործակցելով լոնդոնյան ներդրումային կազմակերպություններից մեկի հետ՝ «Baldi»-ն իր առաջին քայլերն արեց դեպի նոր շուկա եւ դեպի աշխարհով մեկ տարածվելուն»,- ասվում է կայքում, որի համաձայն՝ «Baldi» խանութներ կան Հայաստանում (Երեւան), Վրաստանում (Թբիլիսի), Ղազախստանում (Նուր Սուլթան, Ալմաթի), Ուկրաինայում (Դնեպր), ԱՄԷ-ում (Դուբայ), Քաթարում (Դոհա), իսկ օնլայն խանութներ՝ Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում, Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում։ Այդուհանդերձ, ոչ միայն Հայաստանում, այլեւ Վրաստանում, Ուկրաինայում, Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում «Baldi»-ն ներկայացնող բոլոր ընկերություններն էլ կապ ունեն Սարգսյանների հետ, ինչից կարելի է հետեւություն անել, որ այս ապրանքանիշի տերը նախկին պատգամավորի ընտանիքն է։ Ներկայացված ինֆոգրաֆիկայում «Baldi»-ի ցանցի ընկերություններից ամենահինը 2011-ի սեպտեմբերին Լոնդոնում գրանցված «Baldi Retail Ltd»-ն է, որի գործունեության ոլորտը մասնագիտացված խանութներում կոշիկի մանրածախ վաճառքն է։ Ըստ էության, սա հենց այն «լոնդոնյան ներդրումային կազմակերպությունն է», որը, «Baldi»-ի պաշտոնական կայքի համաձայն, համագործակցելով իտալացի կոշկագործ Անտոնիո Բալդիի թոռների հետ, հիմք է դրել նոր ապրանքանիշին։ Լոնդոնյան ընկերության տնօրենը հիմնադրումից ի վեր Ռուսաստանի քաղաքացի, Ուլյանովսկ քաղաքի բնակչուհի, ազգությամբ հայ Եվգենիա Թումասովան է, ով Արտակ Սարգսյանի զոքանչն է, իսկ «Baldi Retail Ltd»-ի սեփականատերը դրա ստեղծումից մինչեւ 2020 թ․ դեկտեմբեր եղել է Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցված «Baldi Retail Limited»-ը: Վերջինիս ձեւական սեփականատերն իր հերթին «Palmwood Management Limited»-ն էր, բայց իրական տերը հենց Թումասովան էր։ 2020-ի տարեվերջին «Baldi Retail Limited»-ն արանքից դուրս է եկել, եւ Ա․ Սարգսյանի զոքանչը դարձել է լոնդոնյան «Baldi Retail Ltd»-ի անմիջական սեփականատեր։ Այդուհանդերձ, կարելի է պնդել, որ այս ամենը փաստացի Սարգսյանների բիզնեսն է, իսկ 68-ամյա Թումասովան, որը Բաքվից է, կրթությամբ ինժեներ եւ ավարտել է Ադրբեջանի նավթի ու քիմիայի ինստիտուտը, ընդամենը քողարկող գործոն է։ Ըստ «Baldi Retail Ltd»-ի ֆինանսական փաստաթղթերի՝ 2020 թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ այն ունեցել է ընդամենը մեկ աշխատող, որը եղել է տնօրենը՝ Եվգենիա Թումասովան։ Կանոնադրական կապիտալը եղել է 206.000 ֆունտ ստեռլինգ, հիմնական (ոչ դրամային) միջոցների արժեքը՝ շուրջ 950.000 ֆունտ ստեռլինգ։ Այս ունեցվածքը ներառում է Սարգսյանների լոնդոնյան կազմակերպության դուստր ընկերությունները։ 2020-ի տարեվերջի դրությամբ «Baldi Retail Ltd»-ի երկարաժամկետ պարտավորությունների ծավալը կազմել է մոտ 770.000 ֆունտ ստեռլինգ, որից 617.000-ը փոխառություն է «ASA Investments»-ից (չնայած վերջինիս մասին տվյալներ չկան, ենթադրելի է, որ խոսքը բրազիլական ներդրումային ընկերության մասին է)։ Եվգենիա Թումասովան միայն Լոնդոնում չէ, որ «Baldi» ցանցի ընկերություն է գրանցել։ Կրկին 2011-ի սեպտեմբերին՝ «Baldi Retail Ltd»-ի հիմնադրումից օրեր անց, Թբիլիսիում ստեղծվել է «Բալդոսի» ՍՊԸ-ն։ Մինչեւ 2012-ի դեկտեմբեր Արտակ Սարգսյանի զոքանչն էր վրացական ընկերության 100 տոկոսի տերը, ինչից հետո իր բաժնեմասը փոխանցել է կիպրական «Baldi Cyprus Holding Limited»-ին, իսկ սա էլ 2021-ի հոկտեմբերին իր ամբողջ փայը հանձնել է երեւանցի Տիգրան Զաքարյանին, որը Սարգսյանների վստահելի մարդկանցից է։ 2011-ի սեպտեմբերին Թումասովայի անունով հիմնվել է եւս մի ընկերություն՝ «Բելինի» ՍՊԸ-ն, այս անգամ՝ Երեւանի Մաշտոցի 16 հասցեում, որի հարեւանությամբ՝ Մաշտոցի 18-ում, 1997-ից գործում է առաջին «ՍԱՍ» սուպերմարկետը։ «Բելինիի» տնօրենը Տիգրան Զաքարյանի ավագ եղբայրն էր՝ Վարդան Զաքարյանը, միակ սեփականատերը՝ Եվգենիա Թումասովան։ Այսպիսով՝ 2011-ի սեպտեմբերին գործարար Արտակ Սարգսյանի զոքանչի անունով Մեծ Բրիտանիայում, Վրաստանում եւ Հայաստանում «Baldi» ցանցի մաս կազմող ընկերություններ էին գրանցվել։ Մի փոքր առաջ անցնելով՝ նկատենք, որ երեւանյան «Բելինի» ՍՊԸ-ն մեկ տարի անց՝ 2012-ի դեկտեմբերին, վերակազմավորվեց ու դարձավ ՓԲԸ, սակայն սեփականատերն էլի Ե․ Թումասովան էր, իսկ տնօրենը՝ Վ․ Զաքարյանը, գործունեությունն էլ՝ մասնագիտացված խանութներում կոշիկի մանրածախ առեւտուրը։ 2012-ի հուլիսին կիպրական միջնորդ «DADLAW»-ն Նիկոսիայի իր գրասենյակի հասցեում Սարգսյանների համար նոր ընկերություն հիմնեց՝ «Baldi Cyprus Holding Limited»-ը։ Շուտով սա դարձավ «Baldi» ցանցի կենտրոնական ընկերությունը։ Սրա սկզբնական ֆիկտիվ սեփականատերը «DADLAW Nominee Limited»-ն էր, բայց հաշված օրեր անց ամբողջ բաժնեմասը հանձնվեց Թումասովայի լոնդոնյան «Baldi Retail Ltd»-ին։ Այդուհանդերձ, ինչպես «SDA Trade Chain Group Limited»-ի պարագայում էր, այս դեպքում էլ կիպրական ընկերության կառավարմամբ զբաղվել է «DADLAW»-ն։ Ընկերության կանոնադրական կապիտալը 5000 եվրո է։ Մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերի համաձայն՝ «Baldi Cyprus Holding Limited»-ը տարբեր տարիների բանկային հաշիվներ է բացել կիպրական «Bank of Cyprus», մալթայական «Bank of Valletta», հայկական «Արդշինբանկ» բանկերում։ 2018 թ․ «Bank of Cyprus»-ին ներկայացրած մի հարցաթերթի մեջ Սարգսյանների կիպրական ընկերությունը նշել է, որ զբաղվում է կոշիկի եւ աքսեսուարների մանրածախ վաճառքով, իսկ տարեկան եկամտի չափը 500.000 եվրո է։ Բանկային փոխանցումներով գումար ուղարկելու հասցեակետ եւ ստանալու աղբյուր են նշվել Արաբական Միացյալ Էմիրությունները, Հայաստանը, Ավստրիան, Բրազիլիան, Չինաստանը, Կիպրոսը, Գերմանիան, Իսպանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Վրաստանը, Հոնգ Կոնգը, Հնդկաստանը, Իտալիան, Ղազախստանը, Լատվիան, Նիդերլանդները, Ֆիլիպինները, Պորտուգալիան, Ռումինիան, ԱՄՆ-ն։ Որպես գործընկերներ, որոնց գումար է ուղարկվել, նշվել են ռուսական «Ամբերալ» (բիժուտերիա արտադրող ընկերություն է, որը գործել է 2013-2018 թթ․), վրացական «Բալդոսի», ամերիկյան «Baldi USA Inc․» եւ հայկական «ՍԱՍ-Գրուպ» ընկերությունները։ Նմանատիպ պայմանագիր էր կնքվել նաեւ ղազախական «Բալինա» ՍՊԸ-ի հետ, որը հիմնադրվել է 2012-ի սեպտեմբերին Աստանայում (Նուր Սուլթան), իսկ ավելի ուշ տեղափոխվել է Ալմաթի։ Դրա առաջին սեփականատերը Հայկ Հարությունյանն էր, որը 2013-ի մարտին իր ամբողջ բաժնեմասը փոխանցել է Ե. Թումասովայի լոնդոնյան «Baldi Retail Ltd»-ին: 2018-ի մայիսին բրիտանական ընկերությունը «Բալինա» ՍՊԸ-ն օտարել է ղազախ Տալգատ Կայշիբաեւին: «Բալինայի» գործունեությունը մեծածախ առեւտուրն է: Սարգսյանների գործերը, թերեւս, հաջող զարգանում էին, ինչի արդյունքում էլ 2012-ի սեպտեմբերին Կիեւում հիմնադրվել է նոր ընկերություն՝ «Բելդիանա» ՍՊԸ-ն, որը եւս զբաղվում էր մասնագիտացված խանութներում կոշիկի ու կաշվե իրերի մանրածախ առեւտրով։ «Բելդիանայի» 100 տոկոսի տերը «Baldi Cyprus Holding Limited»-ն է։ 2012-ի տարեվերջին Սարգսյանների կիպրական ընկերությունը լիազորագիր էր տվել ՌԴ քաղաքացի Հովհաննես Նազլոյանին՝ Ռուսաստանում «Baldi Russia» անունով ՍՊԸ հիմնելու համար։ Այդ նոր ընկերությունը գրանցվեց 2013-ի փետրվարին Մոսկվայում, 99 տոկոսը պատկանում էր «Baldi Cyprus Holding Limited»-ին, իսկ մնացած 1 տոկոսը՝ գլխավոր տնօրեն Գալինա Նազլոյանին (հավանաբար Հ․ Նազլոյանի քույրն է)։ Այդուհանդերձ, 2016-ի փետրվարին ռուսական ընկերությունը ապագրանցվեց իրավաբանական անձանց ռեեստրից։ 2013-ի մարտին Ե․ Թումասովան երեւանյան «Բելինի» ՓԲԸ-ում ունեցած իր բաժնետոմսերն ամբողջությամբ փոխանցել է «Baldi Cyprus Holding Limited»-ին, սակայն ավելի ուշ ՓԲԸ-ի գործունեությունը դադարեցվել է։ Փոխարենը 2013-ի ապրիլին Արտակ Սարգսյանի զոքանչը կրկին Մաշտոցի 16-ում հիմնել է «Բալդի» ՓԲԸ-ն, որի միակ բաժնետերն ինքն էր, իսկ տնօրենը՝ նույն Վարդան Զաքարյանը։ Այլ կերպ ասած՝ Հայաստանում «Baldi»-ն սկսել է ներկայանալ այս նոր ընկերությամբ՝ «Բալդի» ՓԲԸ-ով։ Ստեղծումից ամիսներ անց Թումասովան ընկերությունը հանձնել է «Baldi Cyprus Holding Limited»-ին, սա էլ իր հերթին՝ Արտակ Սարգսյանի ավագ եղբորը՝ Արամին։ 2015 թ․ աշնանը վերջինս ՓԲԸ-ն օտարել է Արմավիրի Նալբանդյան գյուղի մի բնակչուհու, ինչով, թերեւս, Սարգսյանները հրաժարվել են այս ընկերությունից։ 2018-ին «Բալդի» ՓԲԸ-ն սնանկ է ճանաչվել, իսկ մեկ տարի անց՝ լուծարվել։ Մենք պարզել ենք, որ Հայաստանում «Baldi» խանութների ցանցը ներկայում շահագործում է «ՍԱՍ-Գրուպը»։ 2014-ին «Baldi» ցանցի հերթական ընկերությունը հիմնադրվել է ԱՄՆ-ում։ Մայիսին Արամ Սարգսյանը հայաշատ Գլենդելում գրանցել է «Baldi USA Inc․»-ը, որն ավելի ուշ տեղափոխվել է Լոս Անջելեսի Վան Նայս թաղամաս։ Ըստ ամերիկյան փաստաթղթերի՝ ընկերության տնօրենը, գործադիր ղեկավարն ու քարտուղարը եղել է հենց Արամ Սարգսյանը։ Այդուհանդերձ, 2021-ի մարտին Կալիֆոռնիա նահանգի պետքարտուղարը (նահանգային պաշտոնյա, որը, ի թիվս այլ պարտականությունների, պահում է ընկերությունների վերաբերյալ փաստաթղթերը) կասեցրել է «Baldi USA Inc․»-ի գործունեությունը, քանի որ ընկերությունը չի ներկայացրել իր մասին տեղեկատվություն (Statement of Information), ինչն օրենքի պահանջ է: 2022-ի հունվարին արդեն հարկային մարմինն է դիմել նույն քայլին, քանի որ «Baldi USA Inc․»-ը չի կատարել հարկ վճարողի իր պարտավորությունները: Առավել մանրամասն՝ hetq.am-ում Լուսանկարները՝ Անի Սարգսյանի, Գագիկ Շամշյանի Գլխավորը նկարը՝ Տիրայր Մուրադյանի
15:46 - 29 ապրիլի, 2022
Արարատ Միրզոյանը համաձայնություն է հայտնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու ռուսական կողմի առաջարկին․ ՀՀ ԱԳՆ

Արարատ Միրզոյանը համաձայնություն է հայտնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու ռուսական կողմի առաջարկին․ ՀՀ ԱԳՆ

Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ՀՀ վարչապետի ՌԴ պաշտոնական այցի արդյունքների կապակցությամբ, վերահաստատել կողմերի հանձնառությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթներին: ԱԳ նախարարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքը, անդրադարձ կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանը: Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ։ Նախարար Միրզոյանը համաձայնություն է հայտնել մայիսի 13-ին Դուշանբեում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու ռուսական կողմի առաջարկին:
15:41 - 29 ապրիլի, 2022
Խաղաղության օրակարգն ամենևին էլ պարտության օրակարգ չէ․ այն ժողովրդի անվտանգությունը, իրավունքները, ապագան երաշխավորելու օրակարգ է․ Նիկոլ Փաշինյան

Խաղաղության օրակարգն ամենևին էլ պարտության օրակարգ չէ․ այն ժողովրդի անվտանգությունը, իրավունքները, ապագան երաշխավորելու օրակարգ է․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Արցախում իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են Հայաստանի և Արցախի կառավարությունների ֆինանսատնտեսական բլոկը ներկայացնող պաշտոնյաները: Մինչ քննարկման մեկնարկը, Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը հանդես են եկել բացման խոսքերով, որոնք ներկայացվում են ստորև. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան - Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, Հարգելի գործընկերներ, Ուրախ եմ ձեզ տեսնելու համար և ողջունում եմ: Իհարկե, մենք մշտական և ամենօրյա կապի մեջ ենք, բայց նաև այսպիսի հանդիպումները հնարավորություն են տալիս ամփոփել կատարված համատեղ աշխատանքները և պլանավորել հետագա անելիքները: Ես ուզում եմ ընդգծել հետևյալ հանգամանքը. գործնականում մենք, ինչպես 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ, այնպես էլ պատերազմից հետո, նաև պատերազմի ընթացքում մեր աշխատանքները մշտապես կոորդինացրել ենք և կարևոր ենք համարել, որ Արցախի իշխանությունները լիարժեք տեղեկացված լինեն մեր ծրագրերի, անելիքների վերաբերյալ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող բանակցությունների բովանդակությանը և ընթացքին, մարտահրավերներին և հնարավորություններին: Այս սկզբունքը պահվել է միշտ, և շարունակելու է այդպես լինել: Գիտեք, ես երբեմն մտածում եմ, թե այդ մասին հատուկ շեշտադրում անելու անհրաժեշտություն չկա, որովհետև դա այնքան տրամաբանական փաստ է, որ շեշտադրելը նույնիսկ երբեմն կարող է ավելորդ լինել: Բայց ևս մեկ անգամ ուզում եմ արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը: Եվ, հետևապես, այնպիսի բովանդակություն, որ բանակցվի և իրագործվի ծածուկ, ուղղակի անտրամաբանական է, և նման բան երևակայելն ուղղակի անհնար է: Այս է պատճառը, որ մենք մշտապես, պարոն նախագահ, Ձեզ հետ անձամբ կապի մեջ ենք: Նաև մեր մյուս գործընկերներն աշխատում են զուգահեռ Արցախի գործընկերների հետ: Կարևոր եմ համարում և բարձր եմ գնահատում Ձեր՝ վերջին շրջանում արած մի հայտարարություն այն մասին, որ Արցախի իշխանությունները նույնպես, ըստ էության, որդեգրում են խաղաղության օրակարգը: Եվ ես ուզում եմ ասել, որ խաղաղության օրակարգն ամենևին էլ պարտության օրակարգ չէ: Խաղաղության օրակարգը պատերազմի արհավիրքը և պատերազմին հաջորդած դժվարությունները հաղթահարելու, ժողովրդի անվտանգությունը, իրավունքները, ապագան երաշխավորելու օրակարգ է: Եվ պիտի ասեմ, որ շատ դաժան, դժվար աշխատանքի արդյունքում ես պետք է այսօր արձանագրեմ, որ տեսնում եմ այն ճանապարհը, ընդ որում՝ տեսնում եմ այն քայլերի հաջորդականությունը, որոնք մեզ պետք է հանգեցնեն այն հանգրվանին, որի մասին մենք անընդհատ խոսում ենք, քննարկում ենք և որի մասին բարձրաձայնել ենք: Այն է՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգության և իրավունքների երաշխավորումը, և, ինչպես նախկինում ասել եմ, շատ կարևոր սկզբունք կա, որ արցախցին ապրի Արցախում, իրեն համարի արցախցի, ղարաբաղցի և հայ: Եվ այս է այն օրակարգը, որ մենք համատեղ պետք է առաջ մղենք: Բայց ուզում եմ նաև ասել, որ մեր համատեղ աշխատանքի հսկայական հատվածը վերաբերում է սոցիալ-տնտեսական ոլորտին: Եվ սա առանցքային է, որովհետև էլի սկզբունքային է, որ մենք ամեն ինչ անենք, որպեսզի Արցախում մարդիկ ապրեն, իրենց զգան անվտանգ և ապագա տեսնեն Արցախում ապրելով: Իհարկե, նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին է, Հայաստանի Հանրապետության մասին է, և ես համոզված եմ, որ մենք ճիշտ ճանապարհով ենք շարժվում: Սա շատ կարևոր է: Ես համոզված եմ, որ մենք ճիշտ ճանապարհով ենք շարժվում և ուրախ եմ և ուրախ եմ լինում, երբ Արցախի իշխանություններն այդ համոզմունքը կիսում են: Կրկին ողջունում եմ, մեծարգո պարոն նախագահ, հարգելի գործընկերներ, և մեզ այսօր արդյունավետ քննարկում եմ մաղթում:   Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան - Մեծարգո վարչապետ, Հարգելի գործընկերներ, Բարեբախտաբար, այսօր Արցախում քաղաքական առումով ձևավորված է ընդհանուր մթնոլորտ, և արցախահայությունը նախ, առաջինը՝ իհարկե, ողջունում է ու ընդունում է խաղաղության օրակարգը, քանի որ արցախցիներից ավելի շատ խաղաղության գին իմացող երևի թե չկա: Բայց, մյուս կողմից, ուզում եմ ֆիքսել, որ մեր ինքնորոշման իրավունքից, որին մենք սկիզբ ենք դրել շարժման առաջին օրվանից, շեղվելու որևէ ուղղություն չենք տեսնում: Դրա համար այն տեսակետը, որը ձևավորված է՝ որ ցանկացած թեմա, ցանկացած փաստաթուղթ քննարկվելու է Արցախի իշխանության հետ, և, իհարկե, նաև լինելու է ժողովրդի տրամադրություններից բխող, ուզում եմ դրա համար շնորհակալություն հայտնել: Իհարկե, նաև ֆիքսել, որ այլ ձև հնարավոր էլ չէ, այսինքն՝ հնարավոր չէ մի փաստաթուղթ, որն Արցախի ժողովուրդը մերժի: Դա մենք բոլորս հասկանում ենք և այդ առումով հասկանում ենք նաև, որ երկար քաղաքական պայքար ունենք տանելու: Երկրորդը՝ անվտանգային բաղադրիչը, որն այսօր ամենակարևորն է: Բարեբախտաբար, վերջին ժամանակահատվածում արդեն ռուս խաղաղապահների, իհարկե, անմիջապես միջնորդությամբ կարծես թե կայունացել է, և այսօր հիմք և հնարավորություն է տալիս արդեն քննարկելու սոցիալ-տնտեսական ծրագրերը: Իսկ, ամենակարևորը, սոցիալ-տնտեսականն է այս փուլում. եթե չլինի մարդ Արցախում, ապա անիմաստ են դառնում քաղաքական պայքարը և նաև անվտանգության մասին խոսելը: Դրա համար ժողովրդագրությունը և սոցիալ-տնտեսական ծրագրերն այսօր նորից դառնում են կարևոր, ակտուալ, և այն ծրագրերը, որոնց սկիզբ է դրվել պատերազմից հետո, շարունակվում են: Եվ գտնում ենք, որ դրանք ոչ միայն պետք շարունակվեն, այլև այն հավակնոտ ծրագրերը, որ սկսել ենք, ավարտենք: Եվ մեր գլխավոր նպատակը, գլխավոր խնդիրն այս փուլում քաղաքական, անվտանգային, նաև ժողովրդագրական ու սոցիալ-տնտեսական հարցերն են: Այս ամենում որևէ խնդիր չենք ունեցել: Բայց նաև կան հարցեր, որոնց մասով ակնկալում ենք այսօրվա քննարկման ժամանակ ստանալ պատասխաններ, որով պայմանավորված են լինելու մեր հետագա քայլերը՝ այդ ծրագրերը շարունակելու առումով: Շնորհակալություն: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պարոն նախագահ, շատ ճիշտ նկատեցիք, որ անվտանգությունն այսօր թիվ մեկ խնդիրն է, և պիտի արձանագրեմ, որ մեր մտահոգությունը՝ ադրբեջանական ստորաբաժանումների՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ներխուժելու փաստը, իհարկե, շարունակում է մեզ անհանգստացնել, և մենք, ինչպես բազմիցս ասել ենք և շարունակում ենք այդ դիրքորոշումն ունենալ՝ հույս հայտնելով, որ ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները հետևողականորեն կապահովեն ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց: Սա կարևոր խնդիր է, և կարծում եմ՝ նաև արցախցիների համար է կարևոր խնդիր՝ գնահատելու համար անվտանգության երաշխիքների այն համակարգը, որն այսօրվա դրությամբ ներդրված է Արցախում: Շնորհակալ եմ:
13:18 - 29 ապրիլի, 2022
Մոտ ապագայում տեղի կունենա սահմանային համատեղ հանձնաժողովի նիստը․ Ալիև |azatutyun.am|

Մոտ ապագայում տեղի կունենա սահմանային համատեղ հանձնաժողովի նիստը․ Ալիև |azatutyun.am|

azatutyun.am: Մոտ ապագայում տեղի կունենա ադրբեջանահայկական սահմանային համատեղ հանձնաժողովի նիստը, գրում է APA գործակալությունը՝ վկայակոչելով ապրիլի 29-ին ADA համալսարանում, «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը: «Մենք լսել ենք, որ Հայաստանի կառավարությունը հայտարարել է խաղաղության օրակարգի մասին։ Սա շատ կարևոր հարց է։ Մենք նույնպես պետք է կոնկրետ աշխատանք տանենք, միջոցներ ձեռնարկենք։ Ես կարծում եմ, որ հիմա մենք այս միջոցները ձեռնարկում ենք, Հայաստանի իշխանությունը խաղաղության մասին տարբեր հայտարարություններ է հնչեցնում», - ասել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահը շեշտել է․ - «Հայաստանը պետք է հասկանա, որ չի կարող շարունակել ապրել որպես մեկուսացված կղզի այս տարածաշրջանում, մեզ հետ հարաբերությունները կարգավորելու կարիք ունեն, նրանք պետք է հրաժարվեն տարածքային պահանջներից՝ ուղղված Ադրբեջանին և Թուրքիային և չպետք է վարանեն Հարավային Կովկասում եռակողմ մակարդակով որևէ հարաբերությունների հարցում»։  
12:47 - 29 ապրիլի, 2022
Ադրբեջանի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հաջորդ հանդիպումը կանցկացվի մայիսին Բրյուսելում․ Ալիև

Ադրբեջանի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հաջորդ հանդիպումը կանցկացվի մայիսին Բրյուսելում․ Ալիև

tert.am: Ադրբեջանի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել մայիսին Բրյուսելում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը, գրում է minval.az-ը։Երկրի ղեկավարը նշել է Եվրամիության, մասնավորապես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ակտիվ դերն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում՝ հիշեցնելով, որ ԵՄ նախաձեռնությամբ արդեն կայացել է 2 եռակողմ հանդիպում:«Մենք նաև հեռախոսազրույցներ ենք անցկացնում։ Նախատեսվում է մայիսի սկզբին կրկին անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումը Բրյուսելում»,- ասել է Ադրբեջանի նախագահը։Նա ընդգծել է, որ Բաքուն բարձր է գնահատում ԵՄ դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հետկոնֆլիկտային կարգավորման գործում։
12:38 - 29 ապրիլի, 2022