ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարարի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարարի հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 28-ին հանդիպեl է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությանը:  Կողմերը գոհունակությամբ ընդգծել են պատմական բարեկամության և բարիդրացիական հարաբերությունների բարձր մակարդակը՝ վերահաստատելով երկկողմ պատրատասկամությունը՝ քայլեր ձեռնարկելու հայ-վրացական համապարփակ օրակարգի ընդլայնման և հարստացման ուղղությամբ: ԱԳ նախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր մակարդակներում առկա է երկխոսության և համագործակցության հագեցած օրակարգ, որը պայմանավորված է նաև երկու երկրների ռազմավարական փոխկապակցվածությամբ:  Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային մի շարք հարցերի: Նախարար Մնացականյանը վրացական կողմին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Երկուստեք ընդգծվել է, որ հակամարտությունների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
16:48 - 28 փետրվարի, 2020
ԱԳՆ-ում կայացել է կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման հարցով հանդիպում՝ դեսպանների մասնակցությամբ

ԱԳՆ-ում կայացել է կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման հարցով հանդիպում՝ դեսպանների մասնակցությամբ

 ՀՀ արտաքին գործերի նախարարությունում փետրվարի 27-ին կայացել է կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման հարցով հանդիպում՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։   «Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ (նախարարի պաշտոնակատար) Ավետ Ադոնցը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։ Նախարար Թորոսյանն իր խոսքում ներկայացրեց ՀՀ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը՝ վիրուսի դեմ պայքարի, այդ թվում նաև Հայաստան ժամանող ուղևորների մոտ սահմանային կետերում հիվանդության հայտնաբերման դեպքերում տարածման կանխարգելման ուղղությամբ։ Նախարարի խոսքի ավարտին դեսպաններն իրականացվող քայլերի շուրջ հարցեր ուղղեցին Արսեն Թորոսյանին։ Հանդիպմանը ելույթով հանդես եկավ նաև Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունը, որը ներկայացրեց համաճարակի շուրջ իր երկրում վերջին վիճակագրությունը՝ հայտնելով, որ ապաքինվածների թիվը համեմատական կարգով օրեցօր աճում է և Չինաստանի իշխանություններն ակնկալում են ընթացիկ գարնանն արդեն իսկ կանխել վիրուսի տարածումը։ ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոն ներկայացրեց Իտալիայում համաճարակային իրավիճակը՝ նշելով, որ երկրում վարակվածների թիվը գերազանցել է 400-ը, սակայն և՛ քանակային, և՛ տարածքային իմաստով վիճակագրությունը չնչին է և չի գերազանցում տոկոսի տասներորդական մասը։ Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող Շոմբի Շարփը տեղեկացրեց կազմակերպության կողմից ձեռնարկվող քայլերի մասին։ Հանդիպման արդյունքներն ամփոփվեցին առողջապահության նախարարի կողմից, իսկ Ավետ Ադոնցը հայտարարեց, որ դիվանագիտական ներկայացուցչությունների մասնակցությամբ նմանատիպ հանդիպումները կկազմակերպվեն կանոնավոր կերպով՝ ըստ անհրաժեշտության»,- նշված է հաղորդագրության մեջ։
21:22 - 27 փետրվարի, 2020
Սումգայիթյան եղեռնագործությունը ձևավորեց ղարաբաղյան հիմնախնդրի էությունը. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Սումգայիթյան եղեռնագործությունը ձևավորեց ղարաբաղյան հիմնախնդրի էությունը. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Սումգայիթյան եղեռնագործությունը նշանավորեց ղարաբաղյան հակամարտության սկիզբը, երբ Ադրբեջանը ԼՂ ժողովրդի ինքնորոշման խաղաղ հայտին պատասխանեց հայերի հանդեպ զանգվածային բռնությամբ և ջարդերով։ Այն փաստորեն ձևավորեց նաև ղարաբաղյան հիմնախնդրի էությունը. Արցախի ժողովրդի անվտանգության ապահովում ինքնորոշման իրավունքի իրականացմամբ: Այս մասին նշված է սումգայիթյան հակահայկական ջարդերի տարելիցի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարության մեջ։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հայտարարությամբ ընդգծվել է. «Այսօր մենք ոգեկոչում ենք Սումգայիթյան հակահայկական ջարդերի զոհերի հիշատակը։ 1988թ․ փետրվարի վերջին օրերին Սումգայիթի հայ բնակչությունը ենթարկվեց անասելի դաժանությամբ ուղեկցվող զանգվածային սպանությունների և վայրագությունների։ Սումգայիթյան եղեռնագործությունը նշանավորեց ղարաբաղյան հակամարտության սկիզբը, երբ Ադրբեջանը ԼՂ ժողովրդի ինքնորոշման խաղաղ հայտին պատասխանեց հայերի հանդեպ զանգվածային բռնությամբ և ջարդերով։ Այն փաստորեն ձևավորեց նաև ղարաբաղյան հիմնախնդրի էությունը․ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովում ինքնորոշման իրավունքի իրականացմամբ:  Սումգայիթյան ոճրագործությունը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եվրոպական մայրցամաքում ինքնության հողի վրա կատարված առաջին զանգվածային ոճրագործությունն էր, որին հաջորդեցին Ադրբեջանի կողմից առավել ծրագրված և մեծ մասշտաբներով  իրականացված նոր ոճիրներ՝ Բաքվում, Կիրովաբադում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օկուպացված տարածքներում՝ Շահումյանի շրջանում, Մարտակերտի և Մարտունու առանձին հատվածներում։ Սումգայիթյան եղեռնագործության վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների գնահատականը լավագույնս է արտահայտում ԼՂ հակամարտությունը կարգավորելու Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամության բացակայությունը։ Երեք տասնամյակի ընթացքում փոխվել են շեշտադրումները՝ ջարդարարների հերոսացումից մինչև զոհերին ջարդերի կազմակերպման մեջ մեղադրելը։ Անփոփոխ են մնացել ադրբեջանական կողմից իրականացված մարդու իրավունքների զանգվածային և ծանրագույն խախտումների համար որևէ պատասխանատվություն ստանձնելու ցանկության բացակայությունը և հայերի հանդեպ ունեցած ցեղասպան մտադրությունը։   Այսօր մենք ոգեկոչում են սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը՝ հայ ժողովրդի հանդեպ նման ոճրագործությունները կանխելու հանձնառությամբ»։
20:41 - 27 փետրվարի, 2020
Սիրիահայերի համար կառավարությունը ՀՀ ԱԳՆ-ին ավելի քան 12 միլիոն դրամ հատկացրեց |aysor.am|

Սիրիահայերի համար կառավարությունը ՀՀ ԱԳՆ-ին ավելի քան 12 միլիոն դրամ հատկացրեց |aysor.am|

aysor.am: Կառավարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարությանը 12 միլիոն 275 հազար դրամ հատկացրեց՝ սիրիահայերին անձնագիր տալու համար նախատեսված պետական տուրքը վճարելու: Օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որն սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը: Որոշման 2-րդ կետով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով պետք է ՀՀ կառավարություն ներկայացնի առաջարկություն տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից յուրաքանչյուր եռամսյակի համար ներկայացված գումարի չափով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը տվյալ որոշման 1-ին կետում նշված պետական տուրքի վճարումից ազատված անձնագիր տալու կամ փոխանակելու համար նախատեսված պետական տուրքի գումարների փոխարեն ՀՀ պետական բյուջե վճարելու նպատակով գումար հատկացնելու մասին: Նշենք, որ 2019թ. 4-րդ եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 205 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության (60 գործ) և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (145 գործ) կողմից տվյալ քաղաքներում ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար:
12:12 - 27 փետրվարի, 2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ

Փետրվարի 25-ին Ժնևում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ: Գործընկերներն անդրադարձան հայ-հունական բարեկամական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի: Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում եղբայրական Հունաստանի հետ հաստատված ջերմ հարաբերությունները՝ հիմնված դարերից եկող պատմական կապերի և փոխադարձ հարգանքի ու վստահության վրա: Արտգործնախարարները վերահաստատեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելուն ուղղված համատեղ նախաձեռնություններով հադես գալու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ անցյալ տարի հաստատված Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափը գալիս է համալրելու երկկողմ օրակարգը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին եռակողմ ձևաչափի շրջանակներում 2020 թ․ ապրիլին Երևանում կայանալիք առաջին գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ: Դրական գնահատելով Հայաստանի և Հունաստանի միջև քաղաքական երկխոսության ներկայիս մակարդակը՝ արտգործնախարարները շեշտեցին բարձրաստիճան փոխայցելություններին և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններին նոր լիցք հաղորդելու կարևորությունը: ԱԳ նախարարներ Մնացականյանը և Դենդիասը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների շուրջ:
12:58 - 26 փետրվարի, 2020
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի հետ

Փետրվարի 25-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը  հեռախոսազրույց ունեցավ Եվրոպական Միության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի հետ: Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ գործընկերության բազմաշերտ օրակարգի շուրջ, ընդգծվեց Արևելյան գործընկերության կարևորությունը՝ որպես ԵՄ հետ ընդհանուր արժեքների և ամրագրված նպատակների կյանքի կոչմանն ուղղված կարևոր հարթակ: Զրուցակիցները շեշտեցին Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվեց ՀՀ-ԵՄ երկկողմ և բազմակողմ միջոցառումների առաջիկա ժամանակացույցը: Ըստ հաղորդագրության՝ ԵՄ բարձր ներկայացուցչի խնդրանքով նախարար Մնացականյանը ներկայացրեց ԼՂ հիմնահարցում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները, ինչպես նաև անդրադարձավ խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում վերջին հանդիպումներին:
10:36 - 26 փետրվարի, 2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ

Փետրվարի 25-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով  Ժնևում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիին: Նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Ֆիլիպո Գրանդիին ծավալած գործունեության համար և նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում  գերագույն հանձնակատարի դերը փախստականների ու ներքին տեղահանվածների կարիքների ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում: ՀՀ ԱԳՆ ղեկավարը վերահաստատեց Հայաստանի լիակատար աջակցությունը  և հանձնառությունը Փախստականների համաշխարհային պայմանագրին: Երկուստեք ընդգծվեց այս նոր ձևաչափի կարևոր նշանակությունը փախստականների խնդիրների ուղենշման և դրանց լուծմանն ուղղված համագործակցության խթանման գործում:  Անդրադարձ կատարելով Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներին և Սիրիայի հումանիտար իրավիճակին՝ ԱԳ նախարարը նշեց, որ պայմանավորված մերձավորարևելյան տարածաշրջանում ունեցած պատմական ներկայությամբ և ներգրավվածությամբ՝  Հայաստանը մշտապես ուշադրությամբ է հետևում տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Արտգործնախարարը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակել Սիրիայում մարդասիրական առաքելության իրականացումը՝ աջակցելու Սիրիայի բարեկամ ժողովրդին իր առջև ծառացած մարտահրավերների և մտահոգությունների հասցեագրման գործում:  Նախարար Մնացականյանն իր զրուցակցին ներկայացրեց սիրիահայերի կարիքներին արձագանքելու և Հայաստանում կեցության բարելավման ուղղությամբ ՀՀ կողմից ձեռնարկվող շարունակական քայլերը:
16:15 - 25 փետրվարի, 2020
ԱԳ նախարարը հանդիպել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ. 6 ժամ է տեւել հանդիպումը

ԱԳ նախարարը հանդիպել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ. 6 ժամ է տեւել հանդիպումը

Փետրվարի 23-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ ԱԳՆ ղեկավար կազմի հանդիպումը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ դատի կենտրոնական խորհրդի ղեկավար Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ: Ողջունելով հանձնախմբերի ներկայացուցիչներին՝ նախարար Մնացականյանը բարձր է գնահատել նման ձևաչափով հանդիպման անցկացումը, որն իր նպաստն է բերում ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր սկզբունքներից մեկի՝ համահայկականության արդյունավետ իրականացմանը: Նախարարը նաև համոզմունք է հայտնել, որ նման ձևաչափով հանդիպումները կկրեն պարբերական բնույթ, կնպաստեն Հայաստանի և սփյուռքահայ կազմակերպությունների համագործակցության ձևավորմանը և ամրապնդմանը: ԱԳ նախարարը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և գերակայությունները, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ Հայաստանի դիրքորոշումը և այդ ուղղություններով ձեռնարկվող քայլերը: Հայ Դատի հանձնախմբերի ներկայացուցիչները ներկայացրին իրենց աշխատանքների հիմնական ուղղությունները։ Շուրջ վեց ժամ տևած քննարկումների ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում տեղի ունեցավ համահայկական օրակարգի՝ Արցախյան հիմնահարցի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Սևրի պայմանագրի և Վիլսոնյան իրավարար վճռի 100-ամյակի, Մերձավոր Արևելքում զարգացումների և տարածաշրջանի հայ համայնքների դիմագրաված խնդիրների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ: Հայ Դատի հանձնախմբերի կողմից հանդիպմանը մասնակցեցին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամներ Արամ Գալուստյանը և Կիրո Մանոյանը, Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի Բրյուսելի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանը, Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանը, Հայ Դատի Վաշինգտոնի գրասենյակի պատասխանատու Արամ Համբարյանը, Սոցինտերնի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը, Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Ներսես Ներսեսյանը։ ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ նման հանդիպումները սկիզբ են առել 1997 թվականից և ունեցել են պարբերական բնույթ՝ ՀՀ բոլոր իշխանությունների ժամանակ։
13:30 - 25 փետրվարի, 2020
Փետրվարի 26-ին նախատեսվում է չվերթ՝ Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար. ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ |aysor.am|

Փետրվարի 26-ին նախատեսվում է չվերթ՝ Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար. ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ |aysor.am|

aysor.am: Փետրվարի 24-ի դրությամբ, ըստ Իրանի առողջապահության նախարարության տվյալների, այդ երկրում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 61 դեպք՝ 14 մահվան ելքով, ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը։ «Համաձայն ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության՝ դեսպանությունում գործում է թեժ գիծ, պահպանվում է մշտական կապ Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ: Դեսպանությունը մշտական կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը ՀՀ քաղաքացիների կողմից բարձրացվող հարցերի արագ հասցեագրման ուղղությամբ», - ասաց Արսեն Ավագյանը։ Հարցին՝ եթե Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիները ցանկություն հայտնեն վերադառնալ Հայաստան, ի՞նչ քայլեր կձեռնարկվեն, կամ եղե՞լ են քաղաքացիներ, ովքեր դիմել են դեսպանատուն հայրենիք վերադառնալու պահանջով, ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետը պատասխանեց. «Արձագանքելով ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հայտարարություններին՝ դեսպանություն է դիմել 65 ՀՀ քաղաքացի, այդ թվում նաև՝ երկքաղաքացիներ: Փետրվարի 26-ին նախատեսվում է չվերթ՝ Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար»։ Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ՀՀ կառավարությունը երեկ որոշեց երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունն Իրանի հետ, իսկ օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ: «Armenia Airways» ավիաընկերությունը հայտարարել էր, որ այս շաբաթ, մինչև փետրվարի վերջ, Հայաստանից Իրան երկու չվերթ կիրականացնի՝ չորեքշաբթի, փետրվարի 26-ին, և ուրբաթ, փետրվարի 28-ին: Ավիաընկերությունը տեղեկացրել էր, որ այդ երկու թռիչքով Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Իրանի քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ Հայաստանի քաղաքացիները և Հայաստանի կացության կարգավիճակ ունեցող քաղաքացիները:
13:29 - 25 փետրվարի, 2020
Երևանում բացվեց Սլովակիայի Հանրապետության դեսպանությունը

Երևանում բացվեց Սլովակիայի Հանրապետության դեսպանությունը

Փետրվարի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերով նախարար Միրոսլավ Լայչակի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի Հանրապետության նստավայր դեսպանության բացման արարողությունը, որին մասնակցում էին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ և բազմաթիվ հյուրեր: Դեսպանության բացման կապակցությամբ ողջույնի խոսքով հանդես եկան ԱԳ նախարարներ Մնացականյանը և Լայչակը, որին հետևեց բացման պաշտոնական արարողությունը: Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարը, մասնավորապես, նշեց. «Հարգելի Միրոսլավ, չափազանց ուրախ եմ գտնվել այստեղ` Հայաստանում Սլովակիայի դեսպանության բացման արարողությանը: Հայաստանում դիվանագիտական համայնքը ընդլայնվում է, ինչը շատ ոգևորիչ է, և վստահ եմ, որ Սլովակիայի դիվանագիտական ներկայացուցչությունը նույնպես կգտնի Հայաստանում, Երևանում լինելու բերկրանքը: Նստավայր դեսպանության բացումը արտահայտում է նաև երկկողմ բարեկամության խորը կապերը և զարգացող հարաբերությունները:  1993թ․ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր հարաբերություններն աչքի են ընկել զարգացման դինամիկայով: Սա բնավ Ձեր առաջին այցը չի Հայաստան, և մեր համատեղ փոխգործակցությունը, համատեղ աշխատանքը եղել են շատ ակտիվ:  Մենք ունենք երկկողմ շատ հետաքրքիր և շատ խոստումնալից օրակարգ: Մենք ունենք համագործակցության տարբեր մակարդակներ՝ լինի կառավարական, խորհրդարանական, ապակենտրոնացված կամ այլ մակարդակներում: Առկա են մեր տնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնման հնարավորություններ, և այդ վստահությունն ընդգծվում է գոյություն ունեցող բազմաթիվ ամուր հիմքերով: Ես միանգամայն վստահ եմ, որ Երևանում Սլովակիայի դեսպանությունը շատ զբաղված է լինելու, քանի որ դեսպանատան հիմնումով Հայաստանի և Սլովակիայի միջև առկա շատ համապարփակ օրակարգը նոր զարգացում է ստանալու: Ուստի, բարի գալուստ Երևան: Շնորհակալ ենք Երևանում դեսպանություն բացելու համար, այս քաղաքը շատ հյուրընկալ և հյուրասեր է: Համոզված եմ, որ դեռ շատ առիթներ կունենաք Երևան այցելելու և մեր լավ, կարևոր օրակարգը զարգացնելու համար: Շնորհակալություն և բարի գալուստ»:
11:47 - 25 փետրվարի, 2020
Մյունխենի հանդիպման ձևաչափը որոշել են Փաշինյանն ու Ալիևը |aysor.am|

Մյունխենի հանդիպման ձևաչափը որոշել են Փաշինյանն ու Ալիևը |aysor.am|

aysor.am: Վարչապետի կողմից արտահայտված մյունխենյան սկզբունքները ավելի համապարփակ կերպով արտահայտում են այն, ինչը խոսվեց Մյունխենում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Մյունխենյան սկզբունքների մեջ արտահայտված չէ որևէ բան, որը վերափոխում է, վերաձևավորում է մեր դիրքորոշումները, մոտեցումները Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի ընդհանուր փաթեթի մեջ», -  ասաց նա։ Մնացականյանը համաձայն չէ դիրքորոշումների հետ, թե կարգավիճակի հարցն անտեսվել է։ «Ոչ, չի անտեսվել, անտրամաբական է նման կերպ գնահատել, որովհետև մեր դիրքորոշումը մնում է կայուն», - ասաց նա։ ԱԳ նախարարն ընդգծեց՝ Հայաստանը եղել և մնում է խստորեն հավատարիմ հարցի խաղաղ կարգավորմանը՝ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ «Մենք շարունակելու ենք աշխատել այնպիսի լուծումների համար, ինչպես հայտարարեց վարչապետ Փաշինյանը, որոնք ընդունելի են բոլոր կողմերի, բոլոր ժողովուրդների համար, որը նշանակում է փոխզիջում, իսկ փոխզիջում նշանակում է ճանապարհ, որը ունի երկու ուղղություն ու միակողմանի զիջումների մասին որևէ խոսք երբևէ չի կարող լինել։ Մեզ համար ամենասուր հարցերը եղել ու մնում են ԼՂ մեր հայրենակիցների ռեալ, իրական անվտանգության համակարգի ապահովումը, որից բխում է ստատուսի խնդիրը», - ասաց ՀՀ ԱԳ նախարարը։ Ինչ վերաբերում է մյունխենյան պանելային քննարկմանը, Մնացականյանն ասաց, թե ղեկավարներն են քննարկել՝ ինչպես ներգարվվել այդ ձևաչափի մեջ։ «Երևույթը, կարծում եմ, շատ դրական է, որ մենք կարող ենք նստել ու ղեկավարների մակարդակով բաց զրույցով քննարկել հարցեր», - ասաց նա։
13:30 - 24 փետրվարի, 2020