Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյանը (փետրվարի 15, 1972, Աշտարակ) ՀՀ փոխվարչապետն է (2018 թ., մայիսի 12), ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, իրավաբան: 1989-1991 թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1991-1994 թթ․ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 1997-1998 թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թ․ ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան։ 1999-2005 թթ․ աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում (հետագայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ), 2002-2006 թթ. մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ Համաշխարհային բանկին: 2004-2005 թթ. համատեղության կարգով աշխատել է HSBC Բանկ Հայաստանի իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում:

2005 թ․ նշանակվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 2007-2011 թթ․ զբաղեցրել է «ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: 2011 թ․ նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ և աշխատել մինչև 2018 թ․ մայիսի 12-ը:

Փոխվարչապետի կարծիքով՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդրի ճիշտ լուծումը կարող է անվտանգային երաշխիք լինել |armenpress.am|

Փոխվարչապետի կարծիքով՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդրի ճիշտ լուծումը կարող է անվտանգային երաշխիք լինել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարծում է, որ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդրի ճիշտ լուծումը կարող է ինքնին անվտանգային երաշխիք լինել: Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով ԼՀԿ-ից պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին: Պատգամավորը հետաքրքրվեց Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցության վերականգնմամբ: Ըստ պատգամավորի՝ խնդիրն ունի քաղաքական, իրավական, տնտեսական կողմ: Ըստ նրա՝ ակնհայտ է, որ հաղորդակցությունների վերականգնումը բխում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերից: «Այս բոլոր խնդիրների առկայության պայմաններում ո՞վ և ինչի՞ հիման վրա է որոշել երկրի շահի առկայությունը տվյալ դեպքում»,-հարցրեց պատգամավորը:   ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արձագանքեց. «Տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակման պարագայում չկա որևիցե բաղադրիչ, որը հաշվի չպետք է առնվի: Սակայն, այնուամենայնիվ, որպեսզի մենք այդ ճանապարհով գնանք, պետք է ձևավորվի հարթակ, որտեղ պետք է այդ հարցերը քննարկվեն, իմպուլսներ ստացվեն, այդ իմպուլսների հակաիմպուլսներ ձևավորվեն, որպեսզի ի վերջո հնարավոր լինի ապաբլոկավորել տնտեսությունը և լուծել տրանսպորտային ապաբլոկավորման խնդիրը: Ես անձամբ կարծում եմ, որ այդ խնդիրը պետք է լուծվի: Այդ խնդիրը չլուծելը մեզ ավելի անվտանգային իրավիճակում է դնում, քան այդ խնդրի լուծումը: Այդ խնդրի ճիշտ լուծումն ինքնին անվտանգային երաշխիք կարող է լինել»: Իսկ թե ինչի վրա և ինչպես կանդրադառնա դա, փոխվարչապետը կարծում է, որ դա կարգավորումների խնդիր է: Նա համաձայնեց, որ այդ հարցում կա և իրավական, և տնտեսական վերլուծություններ, և ռիսկերի գնահատման խնդիր: Ըստ նրա, սակայն այդ խնդիրները պետք է քննարկել: «Եթե կա տպավորություն, թե այսօր այդ բոլոր խնդիրները լուծված են, և պատրաստի լուծումներ կան, որոնք պետք է հենց այսօր պայմանավորվեն և կնքվեն, դա այդպես չէ»,-ասաց Գրիգորյանը: Նա հիշեցրեց, որ այս պահին դեռևս քննարկումների փուլը չի էլ սկսվել: Ամսվա վերջին լինելու է առաջին հանդիպումը ռուսական և ադրբեջանական կողմերի հետ միասին:
17:31 - 20 հունվարի, 2021
Արցախում հումանիտար աղետի հակազդմանն ուղղված հարցերով զբաղվող աշխատանքային խումբը նիստ է անցկացրել

Արցախում հումանիտար աղետի հակազդմանն ուղղված հարցերով զբաղվող աշխատանքային խումբը նիստ է անցկացրել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Արցախում հումանիտար աղետի հակազդմանն ուղղված հարցերով զբաղվող աշխատանքային խմբի հերթական նիստը: Նիստի սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակիցներին ներկայացրել է այս պահին հաստատված աջակցության ծրագրերի արդյունքները և հետագա անելիքները: Այնուհետև նիստին հրավիրված Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը զեկուցել է ծրագրերի իրականացման ընթացքը: Քննարկման շրջանակներում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի կողմից ներկայացվել են նաև շահառուներից ստացված արձագանքները: Նիստի արդյունքներով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից հանձնարարականներ են տրվել համապատասխան գերատեսչություններին՝ շարունակել ուշադրության կենտրոնում պահել աջակցության ծրագրերի իրականացման գործընթացը՝ արձագանքելով ընթացիկ խնդիրներին և նոր միջոցառումների առաջարկներ ներկայացնել:
20:14 - 15 հունվարի, 2021
Ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը հայկական կողմից կգլխավորի Մհեր Գրիգորյանը |armenpress.am|

Ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը հայկական կողմից կգլխավորի Մհեր Գրիգորյանը |armenpress.am|

armenpress.am: Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ ստեղծվող եռակողմ աշխատանքային խումբը հայկական կողմից կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:  Այս մասին տեղեկացավ ՀՀ փոխվարչապետի գրասենյակից: Մոսկվայում հունվարի 11-ին կայացած՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն: Հայտարարության առաջին կետով մասնավորապես նշվել է՝ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման նպատակով աջակցում ենք Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի առաջարկը: Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը, որի արդյունքների հիման վրա կկազմի հայտարարության 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև համաձայնեցված այլ ուղղություններ:
15:21 - 12 հունվարի, 2021
ԵՄ-ն ՀՀ-ին հատկացնում է հավելյալ 24 մլն․ եվրո դրամաշնորհ COVID-19 դեմ պայքարի շրջանակում

ԵՄ-ն ՀՀ-ին հատկացնում է հավելյալ 24 մլն․ եվրո դրամաշնորհ COVID-19 դեմ պայքարի շրջանակում

Եվրոպական միությունը հայտնել է ՀՀ կառավարությանը ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով Հայաստանին հավելյալ 24 միլիոն եվրո դրամաշնորհ հատկացնելու մասին։ Այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԵՄ գրասենյակից: ԵՄ որոշումը կայացվել է ԵՄ-ի և ՀՀ կառավարության միջև ստորագրված «ՔՈՎԻԴ-19 համավարակի դիմակայման  պայմանագրի» շրջանակներում նախատեսված «Միջնաժամկետ սոցիալ-տնտեսական վերականգնման ծրագիր»-ի մշակման, ինչպես նաև մակրոտնտեսական կայունության, պետական ֆինանսների կառավարման և պետական բյուջեի թափանցիկության բարեփոխումների առաջընթացի վերաբերյալ դրական գնահատականի արդյունքում: 24 միլիոն եվրո արժողությամբ այս նոր հատկացումը ԵՄ-ի կողմից Հայաստանին ՔՈՎԻԴ-19 համավարակի դիմակայման նպատակով տրամադրվող 92 մլն եվրո աջակցության բաղկացուցիչ մաս է՝ միտված օգնելու Հայաստանին ՔՈՎԻԴ-19 ճգնաժամի դեմ պայքարում և ամրապնդելու երկրի տնտեսական և ֆինանսական դիմակայունությունը։ Այսօր հայտարարված այս աջակցությունը տրամադրվում է ի լրումն նախորդ ամիս տրամադրված 35,6 միլիոն եվրո աջակցությանը՝ լրացուցիչ ֆիսկալ տարածք բացելով Կառավարության առողջապահական և հակաճգնաժամային միջոցառումների իրականացման համար՝ ուղղված ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով տուժած խոցելի խմբերի և ձեռնարկությունների օժանդակությանը։ «Մենք բարձր ենք գնահատում Եվրոպական միության աջակցությունն այս բարդ ժամանակներում և մեր երախտագիտությունն ենք հայտնում ԵՄ-ի կառուցողական և արագ արձագանքի համար՝ ի լրումն նախորդ ամիս տրամադրված 35.6 մլն. եվրո աջակցությանը: Այս նոր հատկացումը տրամադրվել է ՀՀ կառավարության և Եվրոպական միության միջև 2020թ. ստորագրված բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում, որն ուղղված է ՔՈՎԻԴ-19 համավարակի դիմակայմանը: Մենք համոզված ենք, որ այն մեծապես կնպաստի համավարակից  Հայաստանի վերականգնմանը՝ օգնելով Կառավարությանը հաղթահարել ճգնաժամի արդյունքում առաջացած դժվարությունները»,-նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Եվրոպական միությունը և ԵՄ անդամ պետությունները վճռականորեն աջակցում են Հայաստանին ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պայքարում՝ դրամաշնորհային օժանդակության միջոցով նպաստելով առողջապահության և սոցիալ-տնտեսական վերականգնմանն ու դիմակայունության ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերին: Այս տարի մենք Հայաստանին արդեն հատկացրել ենք ՔՈՎԻԴ-19–ի հետևանքների չեզոքացմանն ուղղված շուրջ 60 միլիոն եվրո դրամաշնորհ ուղղակի բյուջետային աջակցության տեսքով, և դեռ սպասվում է ավելին: Ակնկալվում է, որ մեր օժանդակությունը կօգնի իրականացնել կարևոր տնտեսական բարեփոխումներ, պահպանել աշխատատեղեր և փոքր ձեռնարկություններ, ինչպես նաև խթանել Հայաստանի ներառական տնտեսական աճը: Համավարակի դեմ պայքարը վստահաբար դեռ չի ավարտվել, բայց մենք կարող ենք այն հաղթահարել միայն միասնական լինելով»,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: ԵՄ արձագանքը բխում է «Team Europe» մոտեցումից, որի նպատակն է փրկել կյանքեր՝ մեր գործընկերներին ցուցաբերելով արագ և նպատակային աջակցություն՝ ուղղված այս համաճարակի դիմակայմանը: Այն համատեղում է ԵՄ-ի, նրա անդամ պետությունների և եվրոպական ֆինանսական կառույցների ռեսուրսները՝ աջակցելու գործընկեր երկրներին, ինչպես նաև արձագանքելու նրանց կարճաժամկետ կարիքներին և հասարակության ու տնտեսության վրա երկարաժամկետ կառուցվածքային ազդեցություններին։
14:36 - 23 դեկտեմբերի, 2020
«Գազպրոմի» ղեկավարն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը քննարկել են 2021 թվականի գազամատակարարման պայմանները   |tert.am|

«Գազպրոմի» ղեկավարն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը քննարկել են 2021 թվականի գազամատակարարման պայմանները |tert.am|

tert.am: Ռուսական «Գազպրոմ» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը քննարկել են 2021 թվականի համար գազի մատակարարման պայմանները: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով գազային ընկերության հաղորդագրությունը: «Կողմերը քննարկել են 2020 թվականին Հայաստան գազի մատակարարմանն ուղղված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև գազամատակարարման պայմանները 2021 թվականի համար»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: «Գազպրոմը» գազի միակ մատակարարն է Հայաստանի սպառողների համար: Երկրի ներքին շուկա գազի մատակարարն է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: 2019 թվականի հունվարի 1-ից ռուսական գազի գինը Հայաստանի համար 150 դոլարից բարձրացել է 165 դոլարի՝ 1000 խորանարդ մետրի դիմաց:
22:13 - 17 դեկտեմբերի, 2020
Տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ փոխվարչապետերի հանդիպումը

Տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ փոխվարչապետերի հանդիպումը

ՀՀ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Ավինյանն ընդունել են աշխատանքային այցով Երևան ժամանած Ռուսաստանի կառավարական պատվիրակության անդամներին՝ ՌԴ փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի և Ալեքսեյ Նովակի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել ՌԴ կառավարությանը հրադադարի հաստատման գործում ներդրված ջանքերի, ինչպես նաև այժմ Արցախում ստեղծված հումանիտար աղետի հետևանքների հակազդմանն ու չեզոքացմանն ուղղված միջոցառումներին ակտիվ մասնակցելու համար: Կողմերը մանրամասն քննարկել են Արցախում բնականոն կենսագործունեության վերականգնման և տեղահանվածների ապահով ու արժանապատիվ վերադարձի կազմակերպման ուղղությամբ անելիքների ծրագիրը: Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև տրանսպորտի, էներգետիկայի և գործարարության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:
16:57 - 21 նոյեմբերի, 2020
Փոխվարչապետը վերահաստատել է` ԼՂ հակամարտության կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ ՄԽ համանախագությունն է |armenpress.am|

Փոխվարչապետը վերահաստատել է` ԼՂ հակամարտության կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ ՄԽ համանախագությունն է |armenpress.am|

armenpress.am: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱՊՀ անդամ-երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը: «Ադրբեջանական կողմի հայտարարությունների հետ կապված՝ պետք է հիշեցնեմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ձևաչափը, որն օժտված է միջազգային հանրության մանդատով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է` Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների տեսքով»,- ասել է Գրիգորյանը: Փոխվարչապետը նշել է, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմում Ադրբեջանը հրթիռակոծում և ռմբակոծում է Արցախի բոլոր քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտն ու մեծությամբ երկրորդ քաղաք Շուշին, քաղաքացիական ենթակառուցվածքները, բժշկական հաստատությունները, դպրոցները, մանկապարտեզները, կրթաշմակութային և կրոնական հուշարձանները: «Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, բազմաթիվ երկրների ղեկավարների ու միջազգայն հեղինակավոր կազմակերպությունների կոչերին, Ադրբեջանը բազմաթիվ անգամ խախտել է և շարունակում է խախտել կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները»,- նշել է փոխվարչապետը:
16:16 - 06 նոյեմբերի, 2020
ԱՊՀ նիստում Հայաստանն Ադրբեջանին մեղադրել է ԼՂ-ում ռազմական հանցագործությունների կատարման մեջ |armenpress.am|

ԱՊՀ նիստում Հայաստանն Ադրբեջանին մեղադրել է ԼՂ-ում ռազմական հանցագործությունների կատարման մեջ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում Թուրքիայի ռազմա-քաղաքական ղեկավարության կողմից աջակցվող Ադրբեջանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում ռազմական հանցագործություններ կատարելու մեջ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: «Այս պահի դրությամբ շարունակվում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան, ընդ որում ագրեսիան իրականացվում է Թուրքիայի ռազմաքաղաքական անմիջական աջակցությամբ և Սիրիայից ու Լիբիայից ահաբեկիչների ներգրավմամբ: Ադրբեջանական կողմից կռվողները կիրառում են ահաբեկչական խմբավորումների մեթոդները, այնպիսիք, ինչպիսիք են տանջանքները, գնդակահարություններն ու ռազմագերիների գլխատումները, զոհվածների մարմինների նկատմամբ ոտնձգությունները: Ադրբեջանի ղեկավարության խղճին մի շարք ռազմական հանցագործություններ են»,- ասել է Գրիգորյանը:
14:58 - 06 նոյեմբերի, 2020
Կառավարությունը քննարկում է ՀՀ տեղափոխված արցախցիների խնդիրներին կանոնակարգված լուծում տալու հարցը |armenpress.am|

Կառավարությունը քննարկում է ՀՀ տեղափոխված արցախցիների խնդիրներին կանոնակարգված լուծում տալու հարցը |armenpress.am|

armenpress.am: Արցախից Հայաստան եկած հայրենակիցների կեցության կամ որևէ այլ խնդիր այս պահին որոշակիորեն լուծված են: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Մենք քննարկում ենք խնդիրը, որպեսզի ստեղծենք գործիքներ, որոնք այս հարցերին կտան ավելի կանոնակարգված լուծում: Իհարկե, այդ ամենը կախված կլինի, թե իրադարձություններն ինչպես կզարգանան, կլինի՞, արդյոք, այնպես, ինչպես կանխատեսում ենք»,- նշեց փոխվարչապետը։ Գրիգորյանը վստահեցրեց, որ ժամանակավորապես Հայաստանում գտնվող արցախցիների խնդիրներն օրակարգային են: Նա ընդգծեց՝ կա շտաբ, որը զբաղվում է այդ հարցերով, և կառավարության կողմից լուծում կտրվի ցանկացած խնդրի։ Փոխվարչապետի խոսքով՝ բոլոր հարցերը դեռևս կարգավորվում են Կառավարության աշխատակազմի կողմից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ, սակայն մոտ ժամանակներում ձևափոխումներ կարվեն:
15:54 - 02 նոյեմբերի, 2020
Մհեր Գրիգորյանը հավանական չի համարում «լոքդաուն»-ին անցնելը |hetq.am|

Մհեր Գրիգորյանը հավանական չի համարում «լոքդաուն»-ին անցնելը |hetq.am|

hetq.am: Չեմ կարծում, որ ունենք մի իրավիճակ, որ պետք է դիմենք տնտեսական գործունեության «լոքդաունի»:     Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` անդրադառնալով կորոնավիրուսային համաճարակի թվերի աճին: «Եթե անցած փորձը ամփոփենք, ընդ որում ոչ միայն Վրաստանի, այլ նաև եվրոպական երկրների, նման օրակարգ այս պահի դրությամբ չենք ունենալու, բայց բոլորիս կոչ եմ անում կանխարգելիչ միջոցառումները ինքնակամ ապահովենք»,- ասաց Գրիգորյանը: Անդրադառնալով 2021 թվականի պետական բյուջեի նախագծին փոխվարչապետն ընդգծեց, որ այն այս պահին հաշվեկշռված տեսք ունի, հստակ է, թե ինչ եկամուտներ ենք ունենալու, ինչ մարտահրավերներ ունենք ու ինչ ծախսեր ենք ունենալու: Ըստ Գրիգորյանի` նախագիծը հաշվի է առնում բոլոր հանգամանքները և ունի ֆինանսական տրամաբանություն` կայուն տնտեսություն և կայուն սոցիալական վիճակ ունենալու համար: Մհեր Գրիգորյանի խոսքով` թե՛ ռազմական դրությունը, թե՛ կորոնավիրուսային հիվանդությունը բյուջետային մուտքերի վրա ազդեցություն ունեցել են: Պետական պարտքի շեմի աճ սպասվում է, սակայն ըստ փոխվարչապետի շեմն այդքան կարևոր չէ, որքան ծախսման արդյունավետությունը: «Որևէ մեկը չի պատրաստվում պարտքեր վերցնել ու իրականացնել ծախսեր, որոնք պայմանավորված չեն մարտահրավերներով: Ավելի շատ պետք է հետևեք ֆինանսների նախարարության փորձագետների պարզաբանումներին, թե ինչպես է այդ պարտքը ծախսվելու, և ինչ հավելյալ արժեքներ ենք գեներացնելու, որոնք հնարավորություն կտան պարտքում ներգրավված միջոցները բնականոն սպասարկել: Կարծում եմ` հնարավոր չէ, որ շեմի փոփոխություն չլինի, բայց վստահ եմ շեմի փոփոխության հետևանքով կունենանք այնպիսի մեխանիզմներ, որոնք կերաշխավորեն, որ ծախսերը կնպաստեն արդյունքների գեներացմանը»,- ասաց նա:
12:53 - 02 նոյեմբերի, 2020