Ռուստամ Բադասյան

Ռուստամ Բադասյանը ՀՀ Պետական եկամուտների նախագահն է 2021թ․ օգոստոսի 4-ից։

Իրավաբան, փաստաբան է։ 2019 թվականի հունվարի 27-ից զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։

2012-2013 թթ.  եղել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության իրավաբանական եւ հարկադիր գանձումների բաժնում որպես առաջատար մասնագետ , 2013-2014 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչություն (ներկայումս՝ Իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականցման վարչություն) որպես հետաքննիչ։

2014-2015 թթ.  Վիրտուլեքս իրավաբանական գրասենյակում որպես ավագ իրավաբան, 2015թ. մայիսից մինչեւ 21.05.2018 ֊ «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակ, իրավաբան, ավագ իրավաբան: Մասնագիտացում՝ հարկային իրավունք, տնտեսական հանցագործություններ, մրցակցություն։ 24.05.2018թ.-19.06.2019թ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ նախագահի 2019 թվականի հունիսի 19-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։

2011 թվականին ավարտել է Երեւանի պետական համալասարանի Իրավագիտության ֆակուլտետը բակալավրի աստիճանով 2013 թվականին ավարտել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով 2015 թվականին ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը եւ ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր։ 2018թ. շնորհվել է «ՀՀ հարկային ծառայության 1-ին դասի ավագ խորհրդական»-ի դասային կոչում: 

Հրայր Թովմասյանի քրեական հետապնդման համար ՍԴ-ի թույլտվությունը այս պարագայում պետք չէ․ Բադասյան |news.am|

Հրայր Թովմասյանի քրեական հետապնդման համար ՍԴ-ի թույլտվությունը այս պարագայում պետք չէ․ Բադասյան |news.am|

news.am: Բազմիցս հայտարարվել է, որ որևէ անձ երաշխիք չունի, որ ինքը չի հետապնդվելու քրեական դատավարության սահմանված կարգով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքի մասին հարցին։ «Մեր երկրում նայեք, թե քանի ներկա և նախկին պաշտոնատար անձ կա, որոնց մասով իրականացվում է քրեական հետապնդում։ Այսինքն՝ եթե կա կառուպցիոն գործ, անկախ նրանից թե դա ինչ զուգահեռներ տանելու հնարավորություն կընձեռի որոշ անձանց, բնականաբար քրեական գործերը պետք է քննվեն արդյունավետությամբ»,-նշեց նա։ Պնդմանը, թե Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքը դիտարկվում է որպես ճնշում ՍԴ-ի վրա, Բադասյանն ասաց․ «Եթե այսօր չառաջադրվեր մեղադրանք, այլ մեկ շաբաթ առաջ, կասեին քանի որ Աժ-ում քննարկվում է վաղ կենսաթոշակի մասին նախագիծը, դրա հետ է կապված, եթե լիներ հունվարին,կասեին՝ այ քանի որ ուժի մեջ է մտել վաղ կենսաթոշակի մասին օրենքը, դրա հետ է կապված, եթե վաղ կենսաթոշակի մասին օրենքը չլիներ, կասեին կապված է նրա հետ, որ վերահսկելի ՍԴ չունեն, այսինքն միշտ կարելի է զուգահեռներ տանել, բայց եթե նայենք քանի պաշտոնատար անձ է այսօր քրեական գործերով անցնում, ապա դրանք կարելի է որակել որպես շահարկումներ»։ Իսկ Սահմանադրական դատարանի թույլտվությամբ Հրայր Թովմասյանին քրեական հետապնդման ենթարկելու մասին հարցին Բադասյանն ասաց․ «Գործը չի վերաբերում դատավորի կարգավիճակից բխող գործողություններին, վերաբերում է պարոն Թովմասյանի՝ նախարար աշխատած ժամանակահատվածում ինչ-ինչ ենթադրյալ չարաշահումներին, այդ մասով ՍԴ-ի թույլտվությունը քրեական հետապդման մասով չի պահանջվում, ՍԴ դատավորը անձեռմխելիություն չունի»։
09:15 - 27 դեկտեմբերի, 2019
Արդարադատության նախարարն Աբու Դաբիում ներկայացրել է «նոր սերնդի» հակակոռուպցիոն ռազմավարության հայկական տեսլականը

Արդարադատության նախարարն Աբու Դաբիում ներկայացրել է «նոր սերնդի» հակակոռուպցիոն ռազմավարության հայկական տեսլականը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Աբու Դաբիում անցկացվող ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի անդամ պետությունների կոնֆերանսի 8-րդ նստաշրջանի պանելային քննարկման ժամանակ անդրադարձել է «նոր սերնդի» հակակոռուպցիոն ռազմավարություններին: Արձանագրելով, որ կոռուպցիան դարձել է ամենամեծ մարտահրավերներից մեկը ոչ միայն համաշխարհային տնտեսության և օրենքի գերակայության, այլև խաղաղության ու անվտանգության համար՝ նախարարը կարևոր խնդիր է համարել ազգային մակարդակով կոռուպցիայի դեմ պայքարի համապարփակ և արդյունավետ ռազմավարության իրականացումն ու տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում ջանքերի համադրումը: Ռուստամ Բադասյանը, խոսելով հոկտեմբերին Կառավարության կողմից հաստատված Հակակոռուպցիոն ռազմավարությունից, նշել է, որ «նոր սերնդի» հակակոռուպցիոն ռազմավարություններն այլևս չեն դիտարկվում որպես միայն կառավարության ռազմավարություններ. դրանք ժողովրդի ռազմավարություններն են: Այդ համատեքստում նախարարը ներկայացրել է մեկ ու կես տարվա ընթացքում մշակված Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության ներառական աշխատանքները՝ քաղհասարակության 500 առաջարկ, որի հիման վրա սկզբնական նախագիծը 85%-ով փոփոխովել է, առնվազն 15 հանրային քննարկումների կազմակերպում, այդ թվում` բոլոր մարզերում, ՀՀ վարչապետի գլխավորությամբ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում երկու քննարկման կազմակերպում և այլն: Նշված Ռազմավարության մշակման հարցում Ռուստամ Բադասյանը կարևորել է նաև ֆինանսական գնահատականն ու թիրախային ցուցանիշների սահմանումը՝ ընդգծելով, որ Կառավարության նպատակը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի կողմից հրապարակվող Կոռուպցիայի ընկալման համաթվի զեկույցում Հայաստանի գնահատականը 35-ից մինչև 55 հասցնելն է: Հակակոռուպցիոն իստիտուցիոնալ բարեփոխումներին անդրադառնալով՝ նախարար Բադասյանը ներկայացրել է արդեն իսկ ձևավորված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները և կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքներում կարևորել նաև ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանի դերը, հակակոռուպցիոն կրթական ծրագրերի մշակումն ու իրականացումը, կոռուպցիոն հանցագործությունների ազդարարման համակարգի ու առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման քաղաքացիաիրավական մեխանիզմների ներդրումը: Ամփոփելով ելույթը՝ Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ նույնիսկ ամենալավ ինստիտուցիոնալ համակարգերն ու ամենաուժեղ մեխանիզմներն ունենալու դեպքում երկրները երբեք հաջողության չեն հասնի առանց մարդկանց մտածելակերպը փոխելու և կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն ձևավորելու:
11:05 - 18 դեկտեմբերի, 2019
Ռուստամ Բադասյանը ԱՄԷ-ի Պետական վերահսկողության գրասենյակի նախագահի հետ քննարկել է փոխգործակցության զարգացման հնարավորությունները

Ռուստամ Բադասյանը ԱՄԷ-ի Պետական վերահսկողության գրասենյակի նախագահի հետ քննարկել է փոխգործակցության զարգացման հնարավորությունները

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբի կատարած այցի ընթացքում այսօր հանդիպել է ԱՄԷ-ի Պետական վերահսկողության գրասենյակի նախագահ Հարիբ Սաիդ ալ-Ամիմին: Նախարարը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի անդամ պետությունների կոնֆերանսի 8-րդ նստաշրջանը գերազանց կազմակերպելու և ջերմ հյուրընկալության համար, այնուհետև գործընկերոջ հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են միջպետական հետաքրքրություն ներկայացնող թեմաներին և միջազգային համագործակցության ոլորտում առկա խնդիրներին: Ռուստամ Բադասյանն ու Հարիբ Սաիդ ալ-Ամիմին փոխգործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել:
13:00 - 17 դեկտեմբերի, 2019
Ռուստամ Բադասյանը ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոնֆերանսի ընթացքում ներկայացրել է Հայաստանի հակակոռուպցիոն պայքարը

Ռուստամ Բադասյանը ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոնֆերանսի ընթացքում ներկայացրել է Հայաստանի հակակոռուպցիոն պայքարը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբի կատարած այցի շրջանակում այսօր ելույթ է ունեցել ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի (UNCAC) անդամ պետությունների կոնֆերանսի 8-րդ նստաշրջանին: Շնորհակալություն հայտնելով հրավերի ու ջերմ հյուրընկալության համար՝ նախարարը տեղեկացրել է, որ 7-րդ նստաշրջանից հետո, վերջին 2 տարիների ընթացքում, Հայաստանը քաղաքական և ինստիտուցիոնալ առումով անցում է կատարել դեպի ժողովրդավարություն՝ հատկապես տարբեր մակարդակներում կոռուպցիայի դեմ պայքարի ու կանխարգելման առումով: Այդ համատեքստում Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ նոր Կառավարության գործունեությունը նվիրված է կոռուպցիայի դեմ պայքարին, օրենքի գերակայության ամրապնդմանը, կայուն հասարակության կառուցմանն ու հավելել, որ 2018 թվականի դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները միջազգային և տեղական դիտորդական կազմակերպությունների կողմից գնահատվել են իրապես ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական: Նախարարը, մասնավորեցնելով կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում իրականացվող աշխատանքները, ներկայացրել է 2017 թվականի համեմատ 2018թ-ին կոռուպցիոն հանցագործությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործերի վիճակագրությունը, ըստ որի՝ այն աճել է 60%-ով, ինչպես նաև ինստիտուցիոնալ առումով ձեռնարկված միջոցառումները՝ Հակակոռուպցիոն ռազմավարության ընդունում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծում, ՀԿ-ների և միջազգային գործընկերների առաջարկությունների հիման վրա կատարելագործված հայտարարագրման գործընթաց, հակակոռուպցիոն կրթական ծրագրերի մշակում ու իրականացում, կոռուպցիոն հանցագործությունների ազդարարման համակարգի ներդրում և ազդարարների պաշտպանության օրենսդրական երաշխիքների ապահովում և այլն: Հակակոռուպցիոն պայքարում ՀՀ արդարադատության նախարարն ընդգծել է նաև իրավական ակտերի մշակման գործընթացում հասարակության ներգրավվածության ապահովման ու կրթական և իրազեկման միջոցառումների իրականացման կարևորությունը: Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Ռուստամ Բադասյանը հատկանշական է համարել նաև UNCAC- ի սկզբունքների հիման վրա մշակված, Կառավարության կողմից օրեր առաջ ընդունված ու Ազգային ժողով ուղարկված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի մշակումը, որով նախատեսված իրավական մեխանիզմը թույլ կտա բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը նախատեսված էական ծավալներով չի հիմնավորվի օրինական եկամտի աղբյուրներով:
09:11 - 16 դեկտեմբերի, 2019
Որ դեպքերում է բռնագանձվելու գույքը |lragir.am|

Որ դեպքերում է բռնագանձվելու գույքը |lragir.am|

lragir.am: Կառավարության նիստում հաստատվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության նիստում ներկայացրեց նախագիծը։ Ըստ նրա՝ փաթեթով նախատեսվում են գործողություններ, որոնք թույլ կտան իրականացնել ակտիվների ուսումնասիրություն և հօգուտ պետության բռնագանձել օրենքի իմաստով չհիմնավորվող հարստությունը։ «Իրավասու մարմինը կգործի ՀՀ գլխավոր դատախազության կազմում։ Ուսումնասիրության համար հիմք կհանդիսանան որոշակի ազդակներ, մասնավորապես, որոշակի հանցագործությունների քրեական գործերի շրջանակներում ապօրինի ծագում ունեցող, այսինքն՝ օրինական եկամուտներով չհիմնավորվող գույքի առկայության տվյալները։ Իրավասու մարմինն իր լիազորությունների շրջանակներում կիրականացնի ուսումնասիրություն և առնվազն երեք տարվա ընթացքում կնախապատրաստի հայց ու կներկայացնի դատարան»,- ասաց նախարարը։ Գույքը ենթակա է բռնագանձման, եթե հայցվորն ապացուցում է, որ պատասխանողին պատկանող գույքը օրենքով նախատեսված ծավալներով չի հիմնավորվում օրինական եկամուտներով։ Այսինքն՝ սա պետության ապացուցման բեռն է, ասաց նախարարը։ Երկրորդ պայմանն այն է, որ պատասխանողը չի հերքում իր գույքի ապօրինի ծագման հնարավորությունը՝ եթե այդ գույքի արժեքը գերազանցում է օրենքով նախատեսված շեմը։ Ըստ նախարարի՝ երկար ժամանակ այդ շեմը 50 մլն դրամն էր, բայց ԵԽ փորձագետների կարծիքի համաձայն՝ միջին աշխատավարձի համեմատ այդ շեմը բարձր է և անհրաժեշտ է իջեցնել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց Բադասյանին՝ սա վերաբերում է պաշտոնյաների՞ն, թե ընդհանրապես բոլորին։ Նախարարը պատասխանեց, որ առաջին հերթին ազդակ են հանդիսանում կոռուպցիոն բնույթի հանցագործությունները։ «Դա նշանակում է, որ պարտադիր ինչ-որ թեմայով պետք է հարուցված քրեական գո՞րծ լինի»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը։ «Կա հոդվածների շրջանակ, որոնք ազդակ են հանդիսանում ուսումնասիրություններ սկսելու համար։ Հիմնականում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են։ Վեց հիմք ունենք։ Առաջին հիմքը, եթե կա օրինական ուժի մեջ մտած մեդադրական դատավճիռ, և կան ապօրինի ծագման գույքի մասին տվյալներ։ Երկրորդ, կա հարուցված քրեական գործ, և անձը մեղադրյալ է ներգրավվել նախագծով սահմանված հանցագործություններից մեկով, երրորդ, առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, բայց քրեական հետապնդումն անհնար է։ Չորրորդ, առկա են բավարար հիմքեր կասկածելու՝ առկա է ապօրինի ծագման գույք, բայց քրեական գործը կասեցվել է։ Հինգերորդ, օպերատիվ հետախուզական տվյալներով՝ առկա են բավարար հիմքեր, որ բացառապես պաշտոնատար անձինք ունեն ապօրինի ծագման գույք, այս դրույթը բացառապես պաշտոնյաներին է վերաբերում, մնացածներն ավելի լայն են, և վերջին հիմքը՝ միջազգային հարցումներին պատասխանելու միջոցով»,- ասաց Բադասյանը։      
10:41 - 12 դեկտեմբերի, 2019
Դատարանների վրա ճնշումների մասին հայտարարությունները զավեշտից բացի այլ տպավորություն չեն թողնում․ Բադասյան |news.am|

Դատարանների վրա ճնշումների մասին հայտարարությունները զավեշտից բացի այլ տպավորություն չեն թողնում․ Բադասյան |news.am|

news.am։ Քրեական ենթամշակույթի առկայությունը եւ ընդհանրապես կազմակերպված հանցավորությունը հասարակական շատ ոլորտներում է խնդիրներ առաջացնում, այդ ոլորտի խնդիրների լուծման քայլերից մեկը հենց քրեական պատասխանատվություն նախատեսելն է այնպիսի արարքների համար, որոնք մենք նկարագրել ենք։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով կառավարության մշակած կարգավորմանը, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար։ «Բնականաբար այդքանով ոչ սկսում է, ոչ ավարտվում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը, ուղղակի հանրային առավել վտանգավորության արարքները քրեականացնող նախագիծ ենք ներկայացրել»,-նշեց նա։ Անդրադառնալով իր այն հայտարարությանը, որ դատավորներ կան, որոնք «Երրորդ մասում» քրեական հեղինակությունների հետ են հանդիպում, հետո քրեական վճիռներ են կայացնում եւ հարցին՝ արդյոք հիմա չկա՞ն համապատասխան մեխանիզմներ նման դատավորներին պատասխանատվության ենթարկելու համար, և Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու՝ դատարնների վրա ճնշումների մասին հայտարարությանը, Բադասյանը համոզմունք հայտնեց, որ հանրությունն իրավունք ունի իմանալ, թե արդարադատություն իրականացնող անձիք ովքեր են․ «Դրա համար մենք դատական օրենսգրքում ներառել ենք դատավորների թեկնածուների ստուգման որոշակի մեխանիզմներ: Դեռ շարունակելու ենք նման մեխանիզմների ներդրումը, ինչպես նաեւ կարգապահական պատասխանատվության ինստիտուտն ենք կատարելագործում, ավելացնելու ոչինչ չունեմ, բացի նրանից, որ վերից վար կոռումպացված հստակ մեխանիզմներով գործող դատական համակարգը, որը գոյություն է ունեցել մինչեւ 2018 թվականի մայիս-հունիս ամիսները, որտեղ ուղղակի հաստատված դրույքաչափերով կաշառքները վերից վար, վարից վեր իջել են, օրինակ նախկին ՄԻՊ-ի հայտարարությունը, նմանատիպ դատական համակարգի պայմաններում լռել, լռել այն պայմաններում, երբ այդ համակարգը բացառապես կախված է եղել գործադիրից եւ իշխանափոխությունից հետո, երբ մենք ձեռնարկում ենք դատաիրավական բարեփոխումներ, երբ մենք ասում ենք՝ եկեք դատական համակարգի անկախությունն ապահովենք, քաղհասարակությանն ասում ենք՝ եկեք ներգրավվեք, եւ այդ պայմաններում որոշ հայտարարություններ մեկնաբանել որպես դատարանի նկատմամբ ճնշում, զավեշտից բացի որեւէ այլ տպավորություն չի թողնում»։ Բադասյանն ասաց, որ իր հայտարարությունը վերաբերել է նախկին դատավորներին, իսկ թե հիմա ունե՞նք դատավորներ, որոնք քրեական հեղինակությունների հետ կապ ունեն, նա ասաց. «Տեղեկությունները թող իրավապահ մարմիններն ունենան՝ նման բան կա՞, թե չկա: Ես ասել եմ այն, ինչ ասել եմ»:
07:47 - 12 դեկտեմբերի, 2019
Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Նախարարը ողջունել է դեսպանին Արդարադատության նախարարությունում և ընդգծել, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումների շրջանակում Ճապոնիայի հետ համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա: Դեսպանը բարձր է գնահատել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումները և այդ համատեքստում ընդգծել Արդարադատության նախարարության կատարած աշխատանքների էական նշանակությունը: Ռուստամ Բադասյանը դեսպանին ներկայացրել է քրեական արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև քրեակատարողական համակարգի բարեփոխումների շրջանակում համագործակցելու հնարավորությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև 2020 թվականին Ճապոնիայի Կիոտո քաղաքում կայանալիք ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսին՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մասնակցության հնարավորությունները: Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան վերը նշված ոլորտներում համագործակցութունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:
11:59 - 11 դեկտեմբերի, 2019
Ռուստամ Բադասյանը IRZ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է անչափահասների արդարադատության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Ռուստամ Բադասյանը IRZ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է անչափահասների արդարադատության ոլորտում համագործակցության հնարավորությունները

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Միջազգային իրավական համագործացության գերմանական հիմնադրամի (IRZ) Հարավային Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Ֆրանկ Հուփֆելդի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը կարևորել է IRZ-ի հետ համագործակցությունը և ներկայացրել Նախարարության բարեփոխումների օրակարգի առաջնահերթությունները, որոնք վերաբերել են քրեակատարողական օրենսդրության հետագա կատարելագործմանը՝ ենթաօրենսդրական ակտերի մակարդակում: Ռուստամ Բադասյանն առանձնահատուկ կարևորել է նաև Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերի նախագծերով առաջարկվող կարգավորումները: Այդ համատեքստում, նախարարը տեղեկացրել է, որ Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերը մինչև տարեվերջ կուղարկվեն ՀՀ վարչապետի աշխատակազմ, իսկ Քրեակատարողական օրենսգրքի նախագծի ընդունումը կիրականացվի նշված երկու օրենսգրքերի կիրառմանը զուգահեռ: IRZ-ի ներկայացուցիչ Ֆրանկ Հուփֆելդը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և վերահաստատել կազմակերպության փոխգործակցության պատրաստակամությունը՝ մի շարք ոլորտների զարգացմանն աջակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում, Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությամբ նախատեսված կադրային նոր քաղաքականության շրջանակում, քննարկվել են նաև քրեակատարողական և պրոբացիայի ծառայողների պատրաստման, ինչպես նաև ՔԿՀ-ներում պատիժ կրող և պրոբացիայի շահառու անչափահասների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքակազմի ներդրման ու վերասոցիալականացման ուղղությամբ տարվող աշխատանքների փորձի ուսումնասիրության հնարավորությունները:
13:50 - 10 դեկտեմբերի, 2019
«Մեր ծրագրերը մնում են նույնը»․ Ռուստամ Բադասյանը՝ ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի հայտարարության մասին |news.am|

«Մեր ծրագրերը մնում են նույնը»․ Ռուստամ Բադասյանը՝ ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի հայտարարության մասին |news.am|

news.am: Մեր ծրագրերը մնում են նույնը, իսկ հայտարարությունն ընդունում ենք ի գիտություն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի հայտարարությանը։ Եվրամիության Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը, որը միավորում է Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության վեց պետությունների քաղաքացիական հասարակության մոտ 1000 կազմակերպությունների, ընդունել է 2019թ. համաժողովի հռչակագիրը, որը նաեւ անդրադառնում է Հայաստանում Սահմանադրական դատարանի ճգնաժամին եւ կոչ անում Հայաստանի իշխանությանը շուտափույթ կազմավորել լեգիտիմ Սահմանադրական դատարան: Բադասյանը շեշտեց՝ որեւէ բան այդ հայտարարությունը ԱՆ-ի ծրագրերում չի փոխում։ «Իմ կարծիքով՝ նորություն չէ, որ մեր քաղհասարակության ավանդական ներկայացուցիչները կամ հիմնական հատվածը կիսում է այդ դիրքորոշումը, որ ՍԴ-ում ճգնաժամ կա, իրենք բազմիցս կոչ են արել լուծել ՍԴ-ի շուրջ ստեղծված վիճակը, մենք այս նոր հայտարարությունն ընդունել ենք ի գիտություն։ Քաղհասարակության ներկայացուցիչների կարծիքն է, ԵԽ-ում նման դիրքորոշում չկա»,-ասաց Բադասյանը։ Հարցին՝ եթե ՍԴ դատավորները հրաժարվեն վաղ կենսաթոշակի գնալ, ինչ քայլերի է գնալու Արդարադատության նախարարությունը ՍԴ ճգնաժամը լուծելու համար, Բադասյանն ասաց․ «Եթե ես հիմա ասեմ, որ մենք նախատեսել ենք սա, կստացվի, որ եթե սա չաշխատի, մեկ է՝ մենք ձեր ետեւից գալու ենք։ Բայց դա չի մեր նպատակը, մեր նպատակը դատական համակարգում բարեվարքության ստեղծման մեխանիզմներ ապահովելն է, այսինքն սա ունիվերսալ գործիք է»։ Հարցին՝ կառավարությունը ունի՞ գործիքներ ապացուցելու համար, որ իրականացվող քայլերը ճնշում չեն դատական համակարգի վրա, ինչպես միջազգային որոշ շրջանակների մոտ տպավորություն կա, նախարարն ասաց․ «Հասկանալի է՝ որ շրջանակների մոտ այդպիսի տպավորություն կա, սակայն նման խնդիր չկա, մենք ազնիվ եւ բաց աշխատում ենք մեր գործընկերների հետ։ Բոլոր նախագծերը, որոնցով հիմնարար փոփոխություններ են նախատեսվում, սերտ համագործացում ենք ԵԽ տարբեր մարմինների, Վենետիկի հանձնաժողովի, ԳՐԵԿՕ-ի հետ, բոլոր դեպքերում փորձում ենք հասնել նրան, որ հակակոռուպցիոն միջոցառումները չընկալվեն դատական իշխանության անկախության համատեքստում եւ մինչեւ այժմ մեզ դա հաջողվել է»։
13:42 - 09 դեկտեմբերի, 2019
Ռուստամ Բադասյանը պատասխանել է ենթամշակույթի դեմ պայքարին առնչվող հարցերի |armenpress.am|

Ռուստամ Բադասյանը պատասխանել է ենթամշակույթի դեմ պայքարին առնչվող հարցերի |armenpress.am|

armenpress.am: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նոյեմբերի 20-ին «Հոդված 3» ակումբի հրավերով հանդիպում-քննարկում է ունեցել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ուսանողների և մարդու իրավունքների խնդիրներով հետաքրքրված այլ քաղաքացիների հետ: Նախարարը ողջունել է հանդիպման մասնակիցներին և անկեղծ զրույցի պատրաստակամություն է հայտնել: ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրել են, որ, Ռուստամ Բադասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող քաղաքականության հիմնական ուղղությունները և ընդգծել ՄԻՊ ռազմավարության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման հարցում հասարակական կառույցների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը: Հարցուպատասխանի ընթացքում նախարարն անդրադարձել է նաև քրեական ենթամշակույթի դեմ պայքարին, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելմանը, հավասար իրավունքների ապահովմանն ու երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցերի: Հանդիպումը կազմակերպվել էր Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։
14:15 - 20 նոյեմբերի, 2019
Ես եմ առաջարկել Աննա Վարդապետյանին այլևս չշարունակել փոխնախարարի աշխատանքը. Արդարադատության նախարար |tert.am|

Ես եմ առաջարկել Աննա Վարդապետյանին այլևս չշարունակել փոխնախարարի աշխատանքը. Արդարադատության նախարար |tert.am|

tert.am: Զրուցել եմ Աննա Վարդապետյանի հետ, որի ընթացքում ես եմ առաջարկել այլևս չշարունակել համատեղ աշխատանքը, պատճառները մի քանիսն են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանի աշխատանքից ազատմանը։ «Իրականում պատճառը հետևյալն է. 2 ռազմավարություն ենք ընդունել՝ հակակոռուպցիոն և դատաիրավական: Դատարիվական հատվածի հիմնական պատասխանատուն նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն է, հակակոռուպցիոնի մասով՝ Սրբուհի Գալյանը և երկուսի մասով, ըստ էության, կառուցվածքային փոփոխություններ անելու անհրաժեշտություն է առաջացել: Նախարարությունում վարչության կառուցվածքային ստորաբաժանումների փոփոխության համար մենք պետք է փնտրենք այն կառուցվածքը, որն ավելի համապատասխան է 4 փոխնախարարով աշխատանքին»,- ասաց նախարարը: Բադասյանի խոսքով՝ հարց է՝ նոր փոխնախարար պետք կլինի, թե ոչ, բայց եթե անհրաժեշտություն լինի, նոր փոխնախարարը այլ պրոֆիլ է ենթադրում իրենից, քան ուներ տիկին Վարդապետյանը։ Նախարարն ընդգծեց նաև, որ Վարդապետյանի աշխատանքից և պրոֆեսիոնալիզմից դժգոհություններ չկան։ Դիտարկմանը, թե փոխնախարարը Արտակ Զեյնալյանի օրոք էր անցել աշխատանքի, Բադասյանը պատասխանեց. «Կարծեմ նա Զեյնալյանից առաջ էլ կար»։  
14:01 - 13 նոյեմբերի, 2019
Արդարադատության նախարարն ընդունել է Լիտվայի դեսպանին

Արդարադատության նախարարն ընդունել է Լիտվայի դեսպանին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիչե-Տոլոչկիենեին: Նախարարը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել Լիտվայի Խորհրդարանի կողմից Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար: Գործընկերության զարգացման համատեքստում Ռուստամ Բադասյանը կարևորել է նաև Լիտվայի արդարադատության նախարարի՝ առաջիկա օրերին նախատեսվող այցը Հայաստան և ընդգծել, որ գործընկերոջ հետ խոստումնալից քննարկում է սպասվում բարեփոխումների լայն օրակարգի շուրջ: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նախարարի հետ զրույցում քննարկել 2018 թվականի թավշյա, ոչ բռնի հեղափոխության արժեքները նյութականացնելու գործընթացները, մասնավորապես՝ դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումների ընթացքը: Անդրադարձ է կատարվել նաև Ռազմավարական փաստաթղթով ամրագրված էլեկտրոնային արդարադատության ներդրման անհրաժեշտությանը՝ երկուստեք ընդգծելով, որ այն կնպաստի դատական համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանը, ժամանակի, նյութական ռեսուրսների կրճատմանն ու թափանցիկության բարձրացմանը: Հանդիպման ավարտին նախարարն ու դեսպանը փոխգործակցությունը խորացնելու և համագործակցության երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել:  
12:45 - 12 նոյեմբերի, 2019
Իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրմամբ ոլորտը կլինի առավել վերահսկելի |armenpress.am|

Իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրմամբ ոլորտը կլինի առավել վերահսկելի |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանի Հանրապետությունում իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրման առումով լուրջ քայլեր են կատարվում: Գոյություն ունեցող համակարգն արդյունավետ չէ: Հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում տնօրենի կողմից ուղղակի հայտարարությունը առ այն, որ ինքը հանդիսանում է սեփականատեր` առանց ստուգելու, տարբեր աղբյուրներով ճշտելու, չի կարող լինել արդյունավետ: Միայն հայտարարագրման գործիքը չի կարող բավարար լինել բացահայտելու իրական սեփականատերերին: Միջազգային պրակտիկայում մեծ դերակատարում ունեն հարկային մարմինները, ֆինանսական հաստատությունները, որոնք պարտավոր են իրենց հաճախորդին ճանաչել: Այդ տեղեկության հիման վրա է ձևավորվում իրական սեփականատերը»,- ասաց Բադասյանը: Մյուս կողմից հարց է առաջանում, թե այդ տեղեկությունը ում պետք է հասանելի լինի՝ հասանելի լինի միայն իրավապահ մարմիններին, թե ամբողջ հասարակությանը հայտնի դառնա: «Հենց այդ պրակտիկ հարցերը առանձնացրել ենք, որպեսզի քննարկենք մեր միջազգային գործընկերների հետ, ովքեր լավագույն փորձն են կուտակում: Աշխարհում դեռևս հաստատված լուծումներ այդ հարցերին չկա: Այդ ինստիտուտը նոր է ոչ միայն Հայաստանի համար: Բոլոր հարցերը շարունակում են քննարկվել տարբեր երկրներում, տարբեր մակարդակներում»,- ընդգծեց Բադասյանը: Արդարադատության նախարարը նշեց, որ իրական սեփականատերի ինստիտուտն էական նշանակություն կունենա ոչ միայն քրեական գործեր հարուցելու համար, այլ նաև հարկային հարցերով միջազգային փոխօգնության պարտականությունները կատարելու տեսանկյունից: «Սա ևս մեկ գործիք է վերահսկելու ոլորտը` տեսնելու իրական սեփականատերերին: Շատ դեպքերում Հայաստանում ներդրում կատարողների համար հետաքրքիր է և կարևոր, թե իրականում ով է սեփականատերը այս կամ այն բիզնեսի»,- եզրափակեց Բադասյանը: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը նշեց, որ իրենց գործակալությունը մշտապես աջակցում է Կառավարությանը՝ տարբեր ծրագրեր իրականացնելու համար, հատկապես, երբ խոսքը վերաբերում է թափանցիկ գործունեության ծավալմանը: «Իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրման նպատակն է քաջալերել կամ ստիպել ընկերություններին գրանցել իրական սեփականատերերին, որպեսզի ներդրողները իմանան, թե ում հետ են համագործակցելու: Ըստ դրա կորոշեն՝ ցանկանում են արդյոք ներդրում կատարել, թե ոչ: Ներդրողները շատ ավելի վստահ են իրենց զգում ներդրումներ կատարելիս, երբ գիտեն, թե ովքեր են իրական սեփականատերերը»,- ընդգծեց Դեբորան: Իրական սեփականատերերի թափանցիկության թեմայով աշխատաժողովը կազմակերպել է Բաց կառավարման գործընկերությունը՝ Թրանսփերենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հետ համատեղ` Ամերիկայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:
09:47 - 29 հոկտեմբերի, 2019
Արդարադատության նախարարը՝ Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքի մասին |lragir.am|

Արդարադատության նախարարը՝ Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքի մասին |lragir.am|

lragir.am: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հարցին ի պատասխան այսօր անդրադարձավ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքին: «Հանցագործության հետ կապված ցանկացած կասկած պետք է ենթարկվի պատշաճ քննության: Բայց, միաժամանակ, նման բավական նուրբ հարցերի դեպքում իրավապահ մարմինները պետք է բավարար չափի զգուշավորություն ու շրջահայացություն ցույց տան, որովհետև դա կարող է այս կամ այն մեկնաբանությունը ստանալ»,- ասաց նախարարը: Նա հավելեց, որ քննություն է ընթանում, եթե այս փուլում հաղորդագրություն է տարածվել, որ կասկած կա փաստաթղթի կեղծիք է տեղի ունեցել, դրան չհավատալու կամ հավատալու խնդիր չկա: «Պետք է հետևենք հետագա հաղորդագրություններին, քննությունն ընթանում է, ցանկացած բան, որն այս փուլում համարվում է պարզված, կարող է փոխվել»,- ասաց Բադասյանը:
07:21 - 29 հոկտեմբերի, 2019