ԿԱՐԴԱԼԻՔ

Ռուսական պատվիրակությունը դադարեցնում է աշխատանքը ԵԽԽՎ-ում

Ռուսական պատվիրակությունը դադարեցնում է աշխատանքը ԵԽԽՎ-ում

Ռուսական պատվիրակությունը դադարեցնում է աշխատանքը Եվրախորհրդի Խորհրդրանական վեհաժողովում (ԵԽԽՎ) և չի մասնակցելու դրա նիստերին, ՌԻԱ Նովոստիին ասել է ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության անդամ Ալեքսանդր Բաշկինը։ «Որոշում է կայացվել չմասնակցելու ԵԽԽՎ կոմիտեների և մարմինների աշխատանքին, լիագումար նիստերին», - ասել է նա։ Բաշկինի խոսքով՝ այս քայլը կապված է վեհաժողովի հակառուսական ուղղվածության հետ։ Նա հիշեցրել է, որ Մոսկվան դիտարկում է Եվրախորհրդին իր մասնակցության դադարեցման հարցը։ Ինչպես հաղորդել է գործակալությանը ռուսական պատվիրակության ևս մեկ անդամ Վլադիմիր Կրուգլին, ԵԽԽՎ-ն արդեն իրազեկել է ռուսական կողմին վեհաժողովին նրա անդամակցության կասեցման մասին։ Որոշումը կայացվել է ԵԽ նախարարների կոմիտեի նիստի արդյունքում։ Իր հերթին, ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյը նշել է, որ Մոսկվան չի մասնակցում վեհաժողովի և Եվրախորհրդի մյուս մարմինների աշխատանքին։ Մոտ ժամանակներս Ռուսաստանը կարող է խզել համաձայնագիրն ու դուրս գալ կազմակերպությունից, ասել է նա։ Ավելի վաղ Ստրասբուրգը կասեցրել էր Մոսկվայի լիազորությունները ԵԽԽՎ-ում Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման պատճառով։ Նորա Վանյան
18:58 - 14 մարտի, 2022
Որքա՞ն հեռուն է պատրաստ գնալ Ռուսաստանի նախագահը․ Spiegel

Որքա՞ն հեռուն է պատրաստ գնալ Ռուսաստանի նախագահը․ Spiegel

Spiegel հեղինակավոր ամսագիրն անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքական ուղուն, փորձել պարզել, թե ինչն է հանգեցրել ուկրաինական ճգնաժամին և ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները։ Ամսագրի այս շաբաթվա համարում հրապարակված հոդվածը կրճատումներով ներկայացնում ենք ստորև։ Արևմուտքը շոկի մեջ է ընկել Վլադիմիր Պուտինի Ուկրաինա ներխուժումից։ Բայց կրեմլյան բոսն արդեն երկար տարիներ է՝ անթաքույց խոսում է ռուսական կայսրության վերաբերյալ իր տեսլականի մասին։ Այս սրացմանը նա ուզում էր հասնել 20 տարի։ 2001 թ-ի սեպտեմբերի 25-ին Ռուսաստանի նախագահը, որը երկիրը կառավարում էր արդեն մեկ ու կես տարի, ելույթ ունեցավ Գերմանիայի խորհրդարանի առջև։ Ունկնդիրների թվում էին Գերմանիայի նախագահ Յոհաննես Ռաուն և կանցլեր Գերհարդ Շրյոդերը։ Պուտինը ելույթ ունեցավ գերմաներենով՝ ասելով, թե խոսում է Գյոթեի, Շիլլերի և Կանտի լեզվով։ Ռուսաստանի առաջնորդը խոսեց «ժողովրդավարության և ազատության գաղափարների» մասին և ասաց, որ «Ռուսաստանը բարեկամ երկիր է, մենք մեր ավանդն ենք ունենում եվրոպական ընտանիքի շինարարությանը»՝ հավելելով, որ իր նպատակը խաղաղությունն է աշխարհամասում։ Երբ նա ավարտեց իր ելույթը, գերմանացի խորհրդարանականները ոտքի կանգնեցին։ Նրանք մի քանի րոպե ծափահարում էին Պուտինին՝ Ռուսաստանին նոր հույս բերողին։ Այսօր Գերմանիայում քչերը նրան կծափահարեին։ Եվրոպական ընտանիքի համար Պուտինի ավանդն այսօր դրա ռմբակոծումն է։ Ոչ ոք էլ չի կապի նրա անունը ժողովրդավարության կամ ազատության հետ։ Պուտինն արեց այն, ինչ ոչ ոք Եվրոպայում չեր համարձակվում անել Ադոլֆ Հիտլերի ժամանակներից ի վեր․ նա հարձակվեց աշխարհամասի կենտրոնում գտնվող երկրի վրա՝ իր զորքերով և ավիացիայով, ավելի քան 100 հազար զինվորով։ Եթե ավելի մանրամասն դիտարկենք, ապա գերմանացի օրենսդիրների էյֆորիան այն ժամանակ արդեն անտեղի էր։ Նրանք թույլ տվեցին կուրացնել իրենց։ Գուցե այն պատճառով, որ գոնե մեկ ակնթարթ Պուտինի մեջ տեսան երկրորդ Գորբաչովին։ Գուցե որովհետև նրա խոսքում չնկատեցին քողարկված ակնարկներն այն մասին, որ Եվրոպան պետք է երես թեքի ԱՄՆ-ից, որ լոյալությունը ՆԱՏՕ-ին խնդրահարույց է, և Եվրոպայի անվտանգության համակարգն այլևս չի համապատասխանում Ռուսաստանի շահերին։ Բայց նրանք պետք է արթուն կենային մեկ այլ պատճառով․ Պուտինը, որը գառան մորթի էր հագել Բեռլին գալիս, 20 ամիս առաջ իր պաշտոնավարումը սկսել էր ամենադաժան կերպ։ Անգամ 2001 թ-ին գերմանացիները պետք է գլխի ընկնեին, որ նրա խաղաղության ելույթն ու իրական գործողությունները Ռուսաստանում չեն համընկնում։ Պատերազմն Ուկրաինայում շարունակությունն է այն բանի, ինչ սկսվեց 2000 թ-ի Ամանորի առավոտը չեչենական Գուդերմես քաղաքում՝ Ռուսաստանի վերածննդի, գոնե այն տեսքով, ինչպես տեսնում է Պուտինը։ «Դուք ոչ միայն պաշտպանում եք Ռուսաստանի պատիվը Չեչնիայում։ Խոսքը մեր երկրի մասնատումը թույլ չտալու մասին է», - ռուսական 42-րդ մոտոհրաձգային դիվիզիայի առջև ելույթ ունենալիս ասաց հեռավոր Մոսկվայից ժամանած մեկը, որին այն ժամանակ շատերը չէին ճանաչում՝ Վլադիմիր Պուտինը։ Նրա նախագահության 24 ժամը դեռ չէր լրացել։ Եվ այն, որ Պուտինը մեկնել էր չեչենական պատերազմի առաջնագիծ, կանխամտածված ժեստ էր։ Նա այս պատերազմը սրտին մոտ էր ընդունում․ Չեչնիան սպառնում էր անջատվել Ռուսաստանից։ Պուտինը դա դիտարկում էր որպես ռուսական հզորության թուլացում, որը պետք է կասեցնել։ Դաղստնաում և Մոսկվայի բնակելի շենքերում և Ռուսաստանի հարավում մի քանի պայթյուններից հետո Պուտինն արդեն պատերազմ հայտարարեց «չեչեն ահաբեկիչներին» 1999 թ-ի վերջին։ Ապացուցված չէ, որ այդ պայթյուններն իրականացրել են չեչենները։ Ավելին՝ կան ապացույցներ, որ դրանց մասնակից է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը, որը ոչ այնքան վաղ գլխավորում էր Պուտինը։ Ամենօրյա օդային հարձակումները Չեչնիայի վրա սկսվեցին 1999 թ-ի սեպտեմբերին, իսկ նույն տարվա հոկտեմբերին ռուսական բանակը ներխուժեց Չեչնիա։ Ինչպես այժմ Ուկրաինայում, այն պատերազմը «պատերազմ» չէր կոչվում, այլ «հակաահաբեկչական գործողություն Հյուսիսային Կովկասում»։ Հարյուր հազարավոր մարդիկ զոհվեցին կամ փախան այդ պատերազմից, որովհետև ռուս զինվորականները գործում էին անհավանական դաժանությամբ։ Եթե որպես հիմք ընդունենք Չեչնիայի պատերազմն, այնուհետև հաշվի առնենք կարևորագույն քաղաքական որոշումները, որոնք Մոսկվան կայացրել է հետագա տարիներին, ապա հարց է առաջանում․ ինչո՞ւ Արևմուտքը Պուտինի մեջ լուրջ սպառնալիք չի տեսել շատ ավելի վաղ։ Չէ՞ որ այն, ինչ նա անում էր, ծառայում էր միայն մեկ նպատակի՝ վերականգնել Ռուսաստանի երբեմնի փառքն ամեն գնով։ Սակայն իր կառավարման տարիներին Պուտինը պարտություններ էլ է կրել, որոնք նրան էլ ավելի են բորբոքել։ Դրանցից մեկը «նարնջագույն» հեղափոխությունն էր Ուկրաինայում, որը սկսվեց այն բանից հետո, երբ Պուտինի բարեհաճությունը վայելող և Ռուսաստանի հովանու տակ գտնվող Վիկտոր Յանուկովիչը հաղթեց ուկրաինական նախագահական ընտրություններում 3 մլն կեղծ ձայների միջոցով։ Ավելի քան 100 հազար մարդ փողոց դուրս եկավ բողոքելու, ինչը ստիպեց քվեարկության երրորդ փուլ անցկացնել։ Արդյունքում՝ հաղթեց ընդդիմության առաջնորդ Վիկտոր Յուշչենկոն։ Նույնատիպ մի բան տեղի ուենցավ 2005 թ-ի մարտին, երբ Ղրղզստանում «կակաչների հեղափոխություն» տեղի ունեցավ։ Ռեժիմի հակառակորդները գրավեցին կառավարության շենքը Բիշքեկում, իսկ նախագահ Ասկար Ակաևն ընտանիքի հետ ուղղաթիռով փախավ Ռուսաստան։ Մոսկվայում հիասթափությունն անսապասելիորեն ձախողակ Պուտինից դարձավ համատարած։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ ազդեցություն գործեց այս քննադատությունը Պուտինի վրա։ Դա կարող էր իսկական բեկումնային կետ լինել, և դա ոչ մի կապ չուներ ՆԱՏՕ-ի հետ։ Միայն մեկ տարի անց Պուտինն ապացուցեց, որ դասեր է քաղել։ Այն ժամանակ նա ընդունեց «Մեծ ութնյակի» գագաթաժողովը Սանկտ Պետերբուրգում և հռչակեց, որ Ռուսաստանը «կրկին գերտերություն է տնտեսկան աճի տեսակետից»։ Եվ այն ժամանակ ռուսական տնտեսությունն իրոք բարգավաճում էր։ 2006 թ-ի գագաթաժողովի գլխավոր թեման գլոբալ էներգետիկ անվտանգությունն էր։ Այդ հանդիպման նախաշեմին սկսեց քննադատություն հնչել Արևմուտքի հասցեին, որը հայտարարվեց գլխավոր թշնամի։ Իսկ դրանից մի քանի ամիս առաջ «Գազպրոմ» պետական ընկերությունը դադարեց գազ մատակարարել Ուկրաինային և նրա ոչ պոպուլյար ռեֆորմատոր նախագահ Յուշչենկոյին։ Դա ազդակ էր աշխարհին, որ Պուտինն ու նրա շրջապատը գիտեն այն խաղաթղթերի գինը, որոնք իրենց ձեռքում էին։ Այսպիսով, աշխարհաքաղաքական հակադրությունները փաստացի սկսվել են 16 տարի առաջ։ Սակայն ոչ մի փոփոխության չեն հանգեցրել Արևմուտքի մտածողությունում։ Չնայած նրան, որ այն ժամանակ արդեն Եվրոպայում սկսել էին խոսել էներգամատակարարման դիվերսիֆիկացման մասին։ Պուտինը նաև վերականգնեց իր դիրքերն արտաքին քաղաքականությունում։ Նա վերականգնեց կորցրած ազդեցությունը հետխորհրդային երկրների վրա և դաշինք կնքեց Չինաստանի, Հնդկաստանի և Պակիստանի հետ։ 2008 թ-ին Պուտինը ժամանակավորապես համաձայնեց պաշտոններով փոխվել վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ՝ չխախտելու համար սահմանադրությունը, որի համաձայն՝ Ռուսաստանի նախագահ անընդմեջ կարելի է լինել միայն երկու ժամկետով։ Այդ տարվա օգոստոսին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փորձն՝ իր վերահսկողության տակ վերադարձնելու Հարավային Օսիա ինքնավար մարզը, հանգեցրեց պատերազմի։ Ռուսաստանը ներխուժեց Վրաստան։ Ռուսաստանն այդ պատերազմը կոչեց «խաղաղություն պարտադրելու գործողություն»։ Իրականում նա պատժում էր Վրաստանին, որը Սաակաշվիլիի օրոք շրջվում էր դեպի Արևմուտք։ Արևմուտքը ցուցադրեց իր անկարողությունը ռուսական նեոիմպերիալիզմի առջև այնպես, ինչպես այժմ՝ Ուկրաինա ներխուժման առջև։ Մեդվեդևի հետ կրկին տեղերով փոխվելով՝ Պուտինը վերադարձրեց նախագահի պաշտոնը և հրաժարվեց բոլոր պատրվակներից։ 2013 թ-ին նա համոզեց իր ուկրաինացի գործընկեր Յանուկովիչին չեղարկել ասոցացման համաձայնագիրը Եվրամիության հետ, որը մշակվել էր տարիներով։ Դա հուզումներ առաջացրեց Ուկրաինայում, այնուհետև պատերազմ սկսվեց Ուկրաինայի արևելքում և տեղի ունեցավ Ղրիմի օկուպացիան։ Պուտինը Ռուսաստանն առանձնացրեց ողջ աշխարհից և իր երկիրն ամրոց հռչակեց։ Նա ակնհայտորեն արժանին էր մատուցում բռնությանը։ Այս ամենը պետք է հիշեն նրանք, ովքեր այսօր գլուխ են կոտրում Պուտինի՝ Ուկրաինա ներխուժման շարժառիթների վրա և զարմանում, թե որքան վտանգավոր է նա։ Եվ այս պատերազմի երրորդ շաբաթասզկբին հարց է առաջանում․ չի՞ սխալվել, արդյոք, Պուտինն այս անգամ։ Արդյո՞ք իրականությունից շատ չէ հեռացել։ Ռուսական զորքերը դանդաղ են առաջ շարժվում։ Տնտեսական տեսակետից վնասն ավելի մեծ է լինելու, քան Կրեմլը հայտնում է ռուս հասարակությանը։ Արդյո՞ք սա նշանակում է, որ հատուկ ծառայությունները ձախողել են իրավիճակի վերլուծությունը։ Թե՞ Պուտինն է անտեսել նրանց գնահատականները։ Ոչ խորհրդարանի, ոչ նախագահի վարչակազմի պաշտոնյաներն իրավունք չունեն միջամտելու կարևոր հարցերին։ Ռուս օլիգարխներն ու գործարարները նույնպես այլևս ուղիղ ազդեցություն չունեն Պուտինի վրա։ Այս պահին նա, ըստ ամենայնի, լսում է միայն իր ամենամոտ վստահված անձանց, ինչպիսիք են պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։ Նրանք նախագահին ասում են այն, ինչ նա ուզում է լսել, և նրանցից ոչ ոք կասկածի տակ չի դնելու Պուտինի դատողությունները։ Եթե Պուտինը պատերազմը հաղթեր երկու օրում, նա, հավանաբար, կունենար ռուսական էլիտայի և բնակչության լայն զանգվածների լիակատար աջակցությունը։ Բայց բլիցկրիգը տապալվեց։ Կարելի է ենթադրել, որ Պուտինը հիասթափված է։ Իսկ, ինչպես ցույց են տվել վերջին երկու տասնամյակը, նա հիասթափությունը հաղթահարում է ավելացնելով դաժանությունը։ Բանակի՝ առանց հաղթանակի Ռուսաստան վերադառնալու մասին խոսք անգամ լինել չի կարող։ Դա կստիպի Պուտինին ճշմարտանման բացատրություն հորինել, թե Ուկրաինայում նա արդեն «հաղթել է» «նացիզմի» և «ցեղասպանության» դեմ պայքարում։ Իրադարձությունների զարգացման առավել հավանական սցենարը կլիներ զորքերը Դնեպրի արևելյան ափին կանգնեցնելը և դեպի արևմուտք շարժվելուց հրաժարվելը, սակայն դա Պուտինին չի բերի ոչ քաղաքական, ոչ ռազմական բավարարում։ Հակառուսական տրամադրություններ ունեցող Արևմտյան Ուկրաինայի օկուպացիան անխուսափելիորեն կբերի պարտիզանական պայքարի։ Ռուսաստանի համար այս դիլեմայի լուծումներից մեկը կարող է լինել հերթական քարոզչական հնարքը։ Նա կարող է հայտարարել ուկրաինացիների հետ բանակցություններում իբր ձեռք բերված առաջընթացի մասին, այնուհետև մեծահոգաբար հայտարարել հրադադարի մասին, որը հետագայում կարող է օգտագործել ուրիշ տարբերակներ գտնելու համար։ Սակայն այս տարբերակներից որևէ մեկը հաշվի չի առնում, թե արդյոք «ճաքեր» են առաջանում ռուսական իշխանական շրջանակում։ Համացանցում դեռ առկա մի քանի ընդդիմադիր լրատվամիջոցներ այս շաբաթ հիշել էին «ծխատուփի սցենարը»՝ հղում անելով Եկատերինա Մեծի որդի ռուս կայսր Պավել Առաջինի սպանությանը։ Պավել Առաջինը շատ կասկածամիտ էր, անկանխատեսելի և անկայուն։ Երբ նա առաջարկեց հարձակվել Բրիտանական Հնդկաստանի վրա ֆրանսիացիների հետ միասին, ռուսական արիստոկրատիան որոշեց, որ նա խելագարվել է և դավադրություն կազմակերպեց։ Ներկա պահին Ռուսաստանում, կարծես, այդպիսի դավադիրներ չկան։ Սակայն ռուսաստանցիներից շատերն են սկսել մտածել, թե ով է գալու Պուտինից հետո։ Ոչ ոք չգիտի, թե ինչ է անելու Պուտինն իր հեռանալու դեպքում, նա մի քանի ֆավորիտ ունի։ Սակայն կա մեկը, որի մասին ռուսական շրջանակներում բազմիցս խոսվել է՝ որպես Պուտինի հնարավոր հետնորդի։ Նախկինում նա շատ մոտ է եղել Պուտինի հետ, բայց մի քանի տարի առաջ նրան Մոսկվայից տեղափոխել են այլ շրջան։ Նրա անունն Ալեքսեյ Դյումին է, նա Տուլայի մարզպետն է։ Երբ Պուտինը կրկին նախագահ դարձավ 2008 թ-ին, Դյումինը դարձավ նրա անվտանգության ծառայության պետն ու օգնականը, 2012-ին՝ Պետական հետախուզական վարչության տեղակալը։ Դյումինն առանցքային դեր էր խաղում Ղրիմի բռնակցման գործում։ Ավելի ուշ նա նշանակվեց պաշտպանության նախարարի տեղակալ։ Այն փաստը, որ Պուտինը նրան Տուլայի մարզպետ նշանակեց դրանից մի քանի ամիս անց՝ 2016 թ-ին, զարմացրեց շատերին, այդ թվում՝ Դյումինին։ Սակայն սա իր տրամաբանությունը կարող է ունենալ։ Ռուսական քաղաքական տիեզերքում նորեկներն արագ են սպառում իրենց ներուժը։ Պուտինը գնահատում է Դյումինին նրա հավատարմության, հատուկ ծառայությունների հետ կապի և բարդ գործողություններին մասնակցության փորձի համար։ Բացի այդ, Դյումինը, որը 20 տարով ավելի երիտասարդ է, թարմ ուժ կհամարվի բարձր իշխանական շրջանակներում, որը չի ասոցացվի նախկին իշխանության հետ։ Սակայն անգամ Պուտինն ինքը չգիտի, թե երբ կհեռանա քաղաքական բեմից։ Դա, հավանաբար, կախված կլինի նաև նրանից, թե ինչպես կզարգանա պատերազմն Ուկրաինայում։ Նորա Վանյան
21:42 - 13 մարտի, 2022
Ուկրաինայի պնդմամբ՝ ՌԴ-ն փորձում է Խերսոնում «ժողովրդական հանրապետություն» հռչակելու նպատակով հանրաքվե անցկացնել

Ուկրաինայի պնդմամբ՝ ՌԴ-ն փորձում է Խերսոնում «ժողովրդական հանրապետություն» հռչակելու նպատակով հանրաքվե անցկացնել

Ուկրաինական կողմի պնդմամբ՝ ռուսական կողմը փորձում է Խերսոնում «ժողովրդական հանրապետություն» հռչակելու նպատակով հանրաքվե անցկացնել։ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան իր թվիթերյան միկրոբլոգում գրել է․ «Ռուսները հուսահատորեն փորձում են կեղծ «հանրաքվե» կազմակերպել՝ Խերսոնում կեղծ «ժողովրդական հանրապետության» համար: Հաշվի առնելով ժողովրդի զրո աջակցությունը՝ այն ամբողջությամբ կբեմադրվի: Եթե դա շարունակվի, պետք է հետևեն Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցները։ Խերսոնը կա և միշտ կլինի Ուկրաինա»։ Ավելի վաղ Խերսոնի շրջանային խորհրդի պատգամավոր Սերգեյ Խլանը հայտարարել էր, որ Խերսոնի մարզում հանրաքվե է նախապատրաստվում «Խերսոնի Ինքնավար Հանրապետություն» ստեծղելու նպատակով։  «Օկուպանտները (նկատի ունի ռուսներին- խմբ․) հեռախոսով զանգահարում են Խերսոնի շրջանային խորհրդի պատգամավորներին և հարցնում, թե պատրա՞ստ ենք համագործակցելու նրանց հետ։ Ես կտրականապես մերժել եմ»,- գրել էր նա։ Գլխավոր լուսանկարը՝ Reuters-ի    
22:29 - 12 մարտի, 2022
Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունները շարունակվում են տեսակապի միջոցով

Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունները շարունակվում են տեսակապի միջոցով

Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունները, որոնք նախկինում անցկացվում էին Բելառուսում, շարունակվում են տեսակապի միջոցով։ Այս տեղեկությունը հաստատել են և՛ ռուսական կողմը, և՛ ուկրաինականը։ «Այո՛, բանակցությունները շարունակվում են վիդեոֆորմատով, պատվիրակությունը շարունակում է գլխավորել Վլադիմիր Մեդինսկին»,- interfax.ru-ին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա այլ մանրամասներ հրաժարվել է հայտնել։ Բանակցություններում Ուկրաինայի պատվիրակության անդամ Միխայել Պոդոլյակն էլ իր թվիթերյան միկրոբլոդում գրել է․ «Ռուսական պատվիրակության հետ բանակցությունները շարունակվում են վիդեոֆորմատով։ Ստեղծվել են աշխատանքային հատուկ ենթախմբեր։ Ուկրաինայի դիրքորոշումը սահմանված է նախկին խիստ կոշտ ցուցումների հիման վրա»։ Գլխավոր լուսանկարը՝ Ալեքսանդր Կրյաժևի (TASS)
21:45 - 12 մարտի, 2022
Արդյո՞ք ԵՄ-ն կսկսի լուրջ վերաբերվել Ուկրաինայի անդամակցությանը․ Guardian

Արդյո՞ք ԵՄ-ն կսկսի լուրջ վերաբերվել Ուկրաինայի անդամակցությանը․ Guardian

Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից ի վեր Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության հարցն առավել քան արդիական է դարձել։ Սակայն ինչպիսին են այդ հեռանկարները։ Այս հարցին է անդրադարձել բրիտանական The Guardian պարբերականը, որի հոդվածը որոշ կրճատումներով ներկայանցում ենք ընթերցողին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դերասանական անցյալում մի հոլովակ կա, որում նա մարմնավորում է Ուկրաինայի նախագահին «Ժողովրդի ծառա» հանրահայտ հեռուստաշոուում։ Նրա հեռախոսին զանգ է գալիս, Զելենսկին ձեռքը տանում է գրպանը։ Գերմանիայի կանցլերն է զանգահարում՝ ասելու՝ «որոշել ենք ձեր երկիրն ընդունել Եվրամիություն»։ «Գրողը տանի», ասում է Զելենսկին և հնչում է Բեթհովենի «Ձոն ուրախության» ստեղծագործությունը՝ Եվրամիության հիմնը։ Այս հոլովակը նկարահանվել է Ռուսաստանի հուժկու գրոհից, այն բանից առաջ, երբ, Ուկրաինայի պաշտոնյաների պնդմամբ, արկերն ընկել են պաշարված Մարիուպոլի ծննդատան վրա, այն բանից առաջ, երբ վեցամյա աղջնակը ջրազրկումից մահացել է իր ավերված տան փլատակների տակ։ Անցյալ շաբաթ այս հոլովակն ակնթարթորեն տարածվեց, որովհետև ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության թեման արդեն հեռուստաշոուի կատակ չէ, այլ կենսական հարց։ Իրական նախագահ Զելենսկին Ուկրաինայի անդամակցության հարցով ԵՄ-ին է դիմել Ռուսաստանի ներխուժումից հինգ օր անց՝ կոչ անելով «անհապաղ ընդունել երկիրը նոր հատուկ ընթացակարգով»։ «Ուկրաինան քաջ և խելացի ազգ է, որը հսկայան ավանդ կունենա ԵՄ քաղաքական, տնտեսական, մշակութային և սոցիալական կյանքում այս պատերազմի ավարտից հետո, - ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Financial Times-ին։ - Եվրամիության համար հեղինակության և ուժի հարց է մեզ պես անդամ ունենալը»։ Թեև Եվրամիությունն այս օրերին զարմացնում է Ռուսաստանի ագրեսիային դիմակայելուն միտված իր միասնականությամբ և հին դոկտրինները մի կողմ թողնելու պատրաստակամությամբ, Ուկրաինայի համար անդամակցությունը ԵՄ-ին շատ հեռավոր ապագա է թվում։ Դրա պատճառն աջակցության բացակայությունը չէ։ Եվրամիությունը հիշում է 2014 թ-ի Եվրամայդանը, որի ժամանակ ցուցարարներ էին զոհվում՝ պաշտպանելով եվրոպական ապագա ունենալու ընտրության Ուկրաինայի իրավունքը։ Ութ անդամ պետություններ այն ժամանակ Եվրամիությանը կոչ արեցին «անհապաղ» Ուկրաինային տրամադրել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ և բանակցային գործընթաց սկսել։ Սակայն այս հարցի ջատագովները գիտեն, որ դա հեշտ պայքար չէ։ «Նրանք նույնիսկ ավելի շատ արժեքների տեր են, քան մեզնից շատերը, սակայն գործնական առումով դա շատ դժվար կլինի», - ասել է բարձրաստիճան մի պաշտոնյա։ Միության հին անդամները, մասնավորապես, Ֆրանսիան, Գերմանիան, Նիդերլանդներն ու Դանիան, չեն ուզում, որ Ուկրաինայի ճանապարհը դեպի ԵՄ կարճ լինի։ Պաշտոնյաները նշում են, որ Ուկրաինան պետք է ի վիճակի լինի յուրացնել ԵՄ 80-հազարանոց կանոնակարգը՝ acquis communautaire-ը (իրավական հայեցակարգ ԵՄ իրավական նորմերի համակարգում – խմբ․), որը ներառում է ամեն ինչ՝ օդի աղտոտումից մինչև կենդանիներից փոխանցվող ինֆեկցիոն հիվանդությունների մշտադիտարկում։ Տեխնիկական կանոնների այս հսկա հավաքածուն միտված է արդյունավետ պետական կառավարմանն, անկախ դատական համակարգին և շուկայական տնտեսությանը։ «Անկեղծ լինենք․ Ուկրաինան դեռ մոտ չէ այս ամենին հատկապես այն պատճառով, ինչ արեց Պուտինը», - ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետներից մեկը՝հավելելով, որ անգամ պատերազմից առաջ Ուկրաինան «ճիշտ ուղով չէր ընթանում»՝ ըստ Կոպենհագենի չափանիշների՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և տնտեսության ոլորտում ԵՄ ստանդարտների։ «Մենք ուզում ենք «այո» ասել Ուկրաինային այնքան, որքան հնարավոր է՝ բարոյապես աջակցելով, համակրելով ուկրաինացի ժողովրդին, հասկացնելով, որ նա մեր արժեհամակարգի մի մասն է», - ասել է դիվանագետը։ «Կարծում եմ՝ ուկրաինացիներն (անդամակցությունը) դարձնում են չափազանց մեծ հարց և լսում ուրիշներին, որոնք սա վերածում են թեթև քաղաքական որոշման», - ասել է նա։ Դիվանագետը չի համաձայնել, որ ԵՄ դժկամությունը կապված է Կրեմլին հակադրվելու վերաբերյալ մտահոգության հետ, սակայն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության կողմնակիցները կարծում են, որ իսկական պատճառը հենց սա է։ Ինչպես ՆԱՏՕ-ում, այնպես էլ ԵՄ-ում կա փոխօգնության մասին կետ, որի համաձայն՝ հարձակումն անդամներից մեկի վրա նշանակում է հարձակում բոլորի վրա։ «[Հին անդամ երկրներում] կան կառավարություններ, որոնք կարծում են, որ մենք կարող ենք Պուտինի հետ համաձայնության գալ և Ուկրաինայի եվրոպական մղումները փոխանակել խաղաղության հետ, - Guardian-ին ասել է մեկ այլ բարձրաստիճան դիվանագետ։ - Իսկ ես կարծում եմ, որ դա պատրանք է»։ «Ընդլայնումը որոշակի առումով փոխում է Եվրամիության էությունը, այդ պատճառով էլ այս հարցը հիմնարար էքզիստենցիալ կարևորություն ունի առաջնորդներից, երկրներից յուրաքանչյուրի համար», - ասել է ԵՄ պաշտոնյաներից մեկը։ Իսկ Ուկրաինայի արագացված մասնակցությունը կարող է առաջացնել բալկանյան վեց երկրների դժգոհությունը, որոնք ԵՄ անդամակցության հերթի տարբեր փուլերում են այն պահից սկսած, երբ գրեթե 20 տարի առաջ առաջնորդները հայտարարեցին, որ նրանք «եվրոպական հեռանկար» ունեն։ Այս տարաձայնությունը դեռևս հանգեցրել են դասական բրյուսելյան փոխզիջման․ ԵՄ առաջնորդները կհայտարարեն, որ «Ուկրաինան պատկանում  է մեր եվրոպական ընտանիքին»՝ Guardian-ի տնօրինության տակ հայտնված տեքստի նախագծի համաձայն։ ԵՄ առաջնորդները Եվրախորհրդարանին կոչ կանեն եզրակացություն տալ Ուկրաինայի դիմումի առնչությամբ՝ հավելելով, որ «մինչև դրա ստանալը շարունակելու ենք ամրապնդել մեր կապերն ու խորացնել մեր գործընկերությունը»։ Եվրահանձնաժողովի նախկին աշխատակից Հիզեր Գրաբեն, որն աշխատել է ԵՄ ընդլայնման հարցերի վրա, կարծում է, որ ԵՄ-ն ավելին կարող էր անել։ «Այն, ինչ իրականում պետք է Ուկրաինային, հավաստումն է, որ Եվրոպան նրան մենակ չի թողնի ռուսական ագրեսիայի դեմ, որ Եվրոպան նրան չի ստիպի ընտրել Եվրոպայի և Ռուսաստանի միջև, որ նրանք եվրոպացի են, ինչ էլ Ռուսաստանն անի», - ասել է նա՝ հավելելով, որ Պուտինի ռազմական հաղթանակներից մեկը կլինի այն, եթե ԵՄ-ն իր սահմանները որոշի՝ հաշվի նստելով Կրեմլի կարծիքի հետ։ Սակայն, նրա կարծիքով՝ ԵՄ անդամակցության խիստ չափանիշները չպետք է մեղմացվեն Ուկրաինայի համար։ Հորինված հոլովակում Ուկրաինայի անդամակցության մասին երազն ավարտվում է նրանով, որ Գերմանիայի կանցլերը գլխի է ընկնում, որ սխալվել է․ նա ուզում էր Չեռնոգորիային տեսնել ԵՄ-ում։ «Ուրախության ձոնն» ընդհատվում է, նախագահի դեմքը՝ խոժոռվում․ «Պարզ է, եղավ, շնորհավորանքներս, այո, Չեռնոգորիային»։ Մինչ ուկրաինացիները մահանում են այն բանի համար, ինչն իրական Զելենսկին անվանել է «Եվրոպայի լիիրավ անդամ» դառնալու համար պայքար, Ուկրաինայի կառավարությունը պակաս հանդուրժող կգտնվի, եթե զգա, որ Եվրամիության դռները դեռ փակ են մնալու։ Նորա Վանյան
20:54 - 11 մարտի, 2022
Facebook-ն ու Instagram-ը ժամանակավորապես կթույլատրեն ռուս զինվորականների հասցեին ատելության կոչ անող գրառումները․ Reuters

Facebook-ն ու Instagram-ը ժամանակավորապես կթույլատրեն ռուս զինվորականների հասցեին ատելության կոչ անող գրառումները․ Reuters

Meta Platforms-ը, որի մեջ են մտնում Facebook և Instagram սոցցանցերը, որոշ երկրների օգտատերերին թույլ կտա բռնության կոչ անել ռուսաստանցիների և ռուս զինվորականների հասցեին՝ Ուկրաինա ներխուժման համատեքստում։ Սա ընկերության ատելության սերմանման քաղաքականության ժամանակավոր փոփոխությունն է, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության ներքին էլեկտրոնային նամակները։ Ընկերությունը նաև ժամանակավորապես թույլատրում է որոշ գրառումներ, որոնք մահվան կոչեր են պարունակում Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հասցեին։ «Որպես Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման արդյունք մենք ժամանակավորապես թույլատրել ենք քաղաքական արտահայտությունների այն ձևերը, որոնք նորմալ պայմաններում խախտում են մեր կանոնները, օրինակ՝ բռնության կոչերը, «մահ ռուս զավթիչներին» արտահայտությունները։ Մենք նախկինի պես թույլ չենք տա ռուսաստանցի քաղաքացիական անձանց ուղղված բռնության կոչերը»,- ասված է Meta-ի մամուլի ծառայության հայտարարությունում։ Առաջնորդների հասցեին մահվան կոչերը կթույլատրվեն, եթե դրանք այլ նպատակներ չեն հետապնդում և արժանահավատության երկու ցուցանիշ ունեն, օրինակ՝ տեղակայումը կամ մեթոդը, ասված է Reuters-ի տնօրինության տակ հայտնված նամակներից մեկում։ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը, հիմնվելով Reuters-ի հոդվածի վրա, Վաշինգտոնից պահանջել է դադարեցնել Meta-ի «էքստրեմիստական գործունեությունը»։ «Facebook-ի և Instragram-ի օգտատերերն այս հարթակների սեփականատերերին իրավունք չեն տվել որոշելու ճշմարտության չափորոշիչները կամ ժողովուրդներին միմյանց դեմ դուրս բերել»,- ասված է դեսպանական թվիթերյան գրառման մեջ։ Ռուս զինվորականների դեմ բռնության կոչերին ուղղված քաղաքականության ժամանակավոր փոփոխություններն, ըստ այդ նամակներից մեկի, տարածվում են Հայաստանի, Ադրբեջանի, Էստոնիայի, Վրաստանի, Հունգարիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ռումինիայի, Ռուսաստանի, Սլովակիայի և Ուկրաինայի օգտատերերի վրա։ Մոդերատորներին ուղարկված էլեկտրոնային նամակում Meta-ն ընդգծել է, որ ատելության սերմանման քաղաքականության փոփոխությունները վերաբերում են ռուս զինվորականներին և ներխուժման հետ կապ ունեցող ռուսաստանցիներին։ «Մենք նախաձեռնել ենք փոփոխություն, որը թույլատրում է Т1 տեսակի բռնության կոչեր, որոնք այլ դեպքերում կհեռացվեին՝ ատելության սերմանման քաղաքականության համաձայն, եթե դրանք ուղղված են ռուս զինվորականներին (բացառություն են ռազմագերիները) կամ ռուսաստանցիներին, երբ հասկանալի է, որ համատեքստը վերաբերում է Ռուսաստանի Ուկրաինա ներխուժմանը (օրինակ՝ եթե բովանդակությունում նշվում է ներխուժումն, ինքնապաշտպանությունը և այլն)»,- ասված է նամակում։ «Մենք սա անում ենք, քանի որ նկատել ենք, որ տվյալ համատեքստում «ռուս զինվորներ» արտահայտությունն օգտագործվում է «ռուս զինվորականներ» արտահայտության փոխարեն։ Ատելության խոսքի քաղաքականությունը նախկինի պես արգելում է գրոհները ռուսաստանցիների դեմ»,- ասված է նամակում։ Էլեկտրոնային նամակները նաև նշում են, որ Meta-ն թույլ է տալիս գովել ուկրաինական ուլտրաաջ «Ազով» գումարտակը, ինչը սովորաբար արգելված է։ Meta-ի խոսնակն ավելի վաղ հայտարարել էր, որ ընկերությունը «բացառություն է անում «Ազով» գումարտակի գովաբանման համար», բայց միայն Ուկրաինայի պաշտպանության համատեքստում։Նորա Վանյան
13:37 - 11 մարտի, 2022
Ո՞ր երկրներն են ամենաշատը կախված ռուսական նավթից․ Al Jazeera

Ո՞ր երկրներն են ամենաշատը կախված ռուսական նավթից․ Al Jazeera

Նավթի գները կտրուկ աճել են այն բանից հետո, երբ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա փետրվարի 24-ին։ Արևմտյան պատժամիջոցները, հավանաբար, էլ ավելի կբարձրացնեն նավթի գինը: Ի՞նչ է սա նշանակում և ինչ է պետք իմանալ նավթի մասին։ Ներկայացնում ենք Al Jazeera-ի ինֆոգրաֆիկան։ Ո՞ր երկրներն ունեն նավթի ամենամեծ պաշարները Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ 2019 թ-ին աշխարհում սպառվել է օրական 99,7 մլն բարել նավթ։  Միայն ԱՄՆ-ն սպառում է նավթի օրական համաշխարհային սպառման շուրջ մեկ հինգերորդ մասը (օրական 20,48 մլն), երկրորդ տեղում Չինաստանն է (օրական 13,07 մլն բարել), երրորդում՝ Հնդկաստանը (օրական 4,84 մլն բարել)։ Աշխարհում նավթի 1,55 տրլն բարել ապացուցված պաշարների կեսը բաժին է ընկնում  Վենեսուելային  (303 806 մլն բարել), Սաուդյան Արաբիային (258 600 մլն բարել) և Իրանին  (208,600 մլն բարել)։   Ո՞ր երկրներն են ամենաշատը նավթ արտադրում Նավթի արտադրության մեջ կենտրոնական տեղ է զբաղեցնում Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ)։ Այն ստեղծվել է Բաղդադում 1960 թ-ին և կազմված է 13 պետություններից, որոնք բոլորը միասին ունեն անմշակ նավթի համաշխարհային ապացուցված պաշարների շուրջ 80 տոկոսը։ Այս կազմակերպության անդամ չհանդիսացող երկրներից անմշակ նավթի ամենամեծ պաշարներն ունեն Ռուսաստանն ու ԱՄՆ-ն։ ԱՄՆ էներգետիկայի մասին տեղեկությունների վարչության տվյալներով՝ ՕՊԵԿ անդամ-երկրներն արտադրում են աշխարհում անմշակ նավթի շուրջ 40 տոկոսը և ապահովում միջազգային շուկայում վաճառվող նավթի ընդհանուր ծավալի շուրջ 60 տոկոսը։ 2020 թ-ին աշխարհում նավթի խոշորագույն 10 արտադրողներն էին ԱՄՆ-ն (օրական 18,61 մլն բարել), Սաուդյան Արաբիան (օրական 10,81 մլն բարել), Ռուսաստանը (օրական 10,5 մլն բարել), Կանադան (օրական 5,23 մլն բարել) և Չինաստանը (օրական 4,86 մլն բարել)։   Ինչպե՞ս է արդյունահանվում և օգտագործվում անմշակ նավթը Բենզինը, դիզելային և այլ տիպի վառելիքներն արտադրվում են անմշակ նավթից, որն արդյունահանվում է երկրի ընդերքից։ Բազում կենցաղային ապրանքներ, այդ թվում՝ պլաստիկը, լվացող հեղուկներն ու հագուստը նույնպես արտադրվում են անմշակ նավթից։ Անմշակ նավթի գների աճն ազդում է արդյունաբերության մի շարք ճյուղերի վրա՝ սկսած տրանսպորտից, ավարտած արտադրությունով։ Նավթը տեսակավորվում է՝ ըստ խտության (ծանր, միջին և թեթև) և ծծմբի պարունակության («քաղցր»՝ ծծմբի ցածր պարունակությամբ, «թթու»՝ ծծմբի բարձր պարունակությամբ)։ Թեթև «քաղցր» նավթն ամենաբարձր տեսակն է։ Այն մշակելն ավելի հեշտ է և ավելի էժան է, այդ պատճառով էլ այն շատ պահանջված է։ «Brent»-ն ու «WTI»-ը թեթև, «քաղցր» նաթի համաշխարհային էտալոնային ապրանքանիշներն են։ «Brent»-ն արդյունահանվում է Մեծ Բրիտանիայի և Նորվեգիայի միջև Հյուսիսային ծովից, «WTI»-ը (West Texas Intermediate)՝  ԱՄՆ նավթահանքերից։ Ո՞ր երկրներն են ամենաշատը կախված ռուսական նավթից 2019 թ-ին՝ աշխարհում անմշակ նավթի առաջատար արտահանողներն էին Սաուդյան Արաբիան ($145 մլրդ), Ռուսաստանը ($123 մլրդ), Իրաքը ($73.8 մլրդ), Կանադան ($67.8 մլրդ) և ԱՄՆ-ն ($61.9 մլրդ)։ Չինաստանը գնել է արտահանված ռուսական նավթի մեկ քառորդ մասը (27%), որն արժեցել է $34 մլրդ։ Սակայն, հաշվի առնելով Չինաստանի հսկայական էներգետիկ կարիքները, դա կազմել է նրա ներկրած նավթի ընդհանուր ծավալի ընդամենը 16%-ը։ Նվազագույնը 48 երկիր է 2019 թ-ին ներկրել ռուսական նավթը։ Ռուսական նավթից ամենամեծ կախվածություն ունեցող երկրներից են Բելառուսը, Կուբան, Կյուրասաոն, Ղազախստանը, Լատվիան։ Նրանցից յուրաքանչյուրն անմշակ նավթի 99%-ը ներկրում է Ռուսաստանից։   Ի՞նչ է նշանակում ռուսական նավթի արգելքը Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո մի շարք պետություններ պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Դրան հետևած էներգետիկ պատերազմը բերեց նրան, որ նավթի գներն աննախադեպ թռիչք ապրեցին, նման բան չէր եղել 2008 թ-ի ճգնաժամից ի վեր։ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան մարտի 8-ին հայտարարեցին ռուսական նավթի ներկրման արգելքի մասին։ 2021 թ-ին ԱՄՆ-ն Ռուսաստանից ներկրել է օրական միջինում 209 000 բարել անմշակ նավթ և 500 000 բարել այլ նավթաթերք։ Դա կազմում է ԱՄՆ անմշակ նավթի ներկրման 3%-ը և ամերիկյան նավթամշակման գործարանների մշակած անմշակ նավթի ընդհանուր ծավալի 1%-ը։ Ռուսաստանի համար դա կազմել է արտահանման ընդհանուր ծավալի 3%-ը։ Վերլուծաբանների կարծիքով՝ ԱՄՆ-ն կարող է իրեն թույլ տալ արգելել ռուսական նավթը։ Այս շաբաթվա սկզբին Brent ապրանքանիշի նավթի մեկ բարելի գինը հասել է ավելի քան 140 դոլարի, այնուհետև՝ նվազել մինչև 120 դոլար։ Ռուսական էներգետիկ հատվածի դեմ կոշտ պատժամիջոցների սահմանումից հետո դրանց հետևանքները զգացվելու են ողջ աշխարհում, քանի որ էներգակիրների գներն աճելու են արդեն բարձր արժեզրկման ֆոնին։   Նորա Վանյան  
22:52 - 10 մարտի, 2022
Խարկովի լաբորատորիայից արտերկիր են ուղարկվել չղջիկների էկտոմակաբույծների կոնտեյներներ․ ՌԴ ՊՆ

Խարկովի լաբորատորիայից արտերկիր են ուղարկվել չղջիկների էկտոմակաբույծների կոնտեյներներ․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ապացուցվել է Խարկովի կենսալաբորատորիայից չղջիկների էկտոմակաբույծների ավելի քան 140 կոնտեյների տեղափոխումն արտերկիր։ Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այսօր հայտարարել է Ռուսաստանի Զինված ուժերի ճառագայթման, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը։ «Ստացված նյութերի վերլուծությունը հաստատում է, որ Խարկովի կենսալաբորատորիայից արտերկիր է ուղարկվել չղջիկների էկտոմակաբույծների՝ լվի և տզի ավելի քան 140 կոնտեյներ», - ասել է Կիրիլովը՝ նշելով, որ Պենտագոնին հետաքրքրում են նաև վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների տարածիչները։ ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ ստացված փաստաթղթերից մեկը հաստատում է․ ուկրաինական «կենսալաբորատորիաներում մեծ վտանգ ներկայացնող բոլոր հետազոտություններն իրականացվել են ԱՄՆ մասնագետների գլխավորությամբ»։ Նրա խոսքով՝ այս մասին են վկայում UP-8 նախագծի վերլուծված նյութերը, որն «ուղղված է Ուկրաինայում Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդի և հանտավիրուսի ուսումնասիրմանը»։ «[Նյութերը] հերքում են ԱՄՆ հրապարակային այն պնդումը, թե Ուկրաինայում Պենտագոնի կենսալաբորատորիաներում աշխատում են բացառապես ուկրաինացի գիտնականներ՝ առանց ամերիկացի կենսաբանների միջամտության», - նշել է Կիրիլովը։ Նա հայտարաել է նաև, որ  «չղջիկներից մարդուն փոխանցվող պաթոգենների վերլուծությունն իրականացվել է ԱՄՆ-ին ենթարկվող ուկրաինական լաբորատորիաների կողմից՝ վրացական լաբորատորիաների և ամերիկյան ինստիտուտի հետ համատեղ։ «[Ուկրաինայում կենսալաբորատորիաների] առաջնահերթությունների թվում նշված է բակտերիալ և վիրուսային պաթոգենների ուսումնասիրությունը, որոնք չղջիկներից կարող են փոխանցվել մարդուն, խոսքը ժանտախտի, լեպտոսպիրոզի, բրուցելոզի, ինչպես նաև կորոնավիրուսների և ֆիլովիրուսների հարուցիչների մասին է։ <…> Նախագիծն իրականացվում է ոչ միայն ուկրաինական, այլև Պենտագոնի ենթակայության տակ գտնվող վրացական կենսալաբորատորիաների ներգրավմամբ՝ ԱՄՆ Վիրջինիայի պոլիտեխնիկ ինստիտուտի և երկրաբանական ծառայության հետ համագործակցությամբ», - ասել է նա։ Կիրիլովը նշել է, որ հետազոտություններն անցկացվում են «Ռուսաստանի սահմանների անմիջական հարևանությամբ՝ սևծովյան շրջաններում և Կովկասում»։ Նորա Վանյան
19:15 - 10 մարտի, 2022
Ուկրաինան պատրաստ է քննարկելու ՄԱԿ-ի ԱԽ-ից անվտանգության երաշխիքներ ստանալու հարցը

Ուկրաինան պատրաստ է քննարկելու ՄԱԿ-ի ԱԽ-ից անվտանգության երաշխիքներ ստանալու հարցը

Անթալիայում եռակողմ բանակցություններից հետո կայացած ասուլիսում Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ իրենց հետևողական քաղաքականությունն է եղել միանալ ՆԱՏՕ-ին որպես լիիրավ անդամ և օգտվել անվտանգության երաշխիքներից, որոնք ամրագրված են ՆԱՏՕ կանոնադրությունում։ «Չնայած մենք հասկանում ենք, որ սա (ՆԱՏՕ-ին անդամակցելը- խմբ․)չի կարող մի ակնթարթում իրականանալ, ոչ էլ անգամ մոտ ապագայում, մենք նաև տեսնում ենք ՆԱՏՕ-ի՝ որպես դաշինքի արձագանքը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային, այն, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ հավաքական գործելու պատերազմը կանգնեցնելու և քաղաքացիական անձանց ռուսական օդային հարձակումներից պաշտպանելու համար»,- ասել Է Կուլեբան։ Նրա խոսքով՝ հարց է առաջանում, թե ինչպես է պետք լուծել Ուկրաինայի անվտանգության հարցը մինչև ՆԱՏՕ-ին անդամակցելն ընկած ժամանակահատվածում։  «Եթե մենք կարողանայինք համաձայնության գալ, ըստ որի՝ Հյուսիսատլանտյան դաշինքի պայմանագրով նախատեսված երաշխիքների նման համակարգ Ուկրաինային տրամադրվեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների կողմից, այդ թվում՝ Ռուսաստանից, Թուրքիայի կողմից, մեր բոլոր հարևանների կողմից․․․ Դա այն է, ինչ մենք պատրաստ ենք քննարկելու»,- հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը։
15:59 - 10 մարտի, 2022
Մեդիայի նկատմամբ նոր սահմանափակումներ սահմանելով՝ Պուտինը փակում է Ռուսաստանի «բացությունը»․ New York Times

Մեդիայի նկատմամբ նոր սահմանափակումներ սահմանելով՝ Պուտինը փակում է Ռուսաստանի «բացությունը»․ New York Times

Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի ահագնացող ավտորիտար կառավարման պարադոսքներից մեկը միշտ եղել է այն, որ հասարակությունը համեմատաբար բաց է եղել, գրում է New York Times-ը, որի հոդվածը կրճատումներով ներկայացնում ենք ստորև։ Չնայած լրատվամիջոցների նկատմամբ պետական վերահսկողությանը՝ մարդիկ ազատ էին կարդալու կամ դիտելու այն, ինչ ուզում են, այդ թվում՝ BBC և CNN։ Համացանցը զգալի առումով անսահմանափակ էր՝ պատուհան ծառայելով դեպի արտաքին աշխարհ։ Ի տարբերություն, ասենք, Չինաստանի՝ հնարավոր էր քննադատել նախագահին՝ որոշակի վստահություն ունենալով, որ վաղը ոստիկանությունը դուռդ չի թակելու։ Մինչ այս պահը։ Այն բանից հետո, երբ սկսվեց պատերազմն Ուկրաինայում, Պուտինը խեղդեց ազատ մամուլի վերջին մնացորդներն՝ արդարացնելու համար ներխուժումը, որը դատապարտեցին բոլորը։ Այդ քայլով Պուտինը մոտեցավ Խորհրդային Միության շնչահեղձ անող օրթոդոքսիային։ Արդյունքում՝ երկիրը մեկուսանալու է այնպես, ինչպես Պուտինն իրեն է մեկուսացրել՝ թողնելով դեպի աշխարհն ուղղված միակողմանի դիատկետ, որն անքնին է։ Երկրի անկախ մեդիայի վերջին երկու մոհիկանները՝ «Էխո Մոսկվի» լիբերալ ռադիոկայանն ու «Դոժդ» հեռուստատեսային թվային նորեկը, դադարեցրել են հեռարձակումն անցյալ շաբաթ՝ Ուկրաինայի մասին արժանահավատ ռեպորտաժների պատճառով իշխանության հետապնդումների հետևանքով։ Արգելափակվել է Ֆեյսբուքի, Թվիթերի և Թիք-թոքի՝ Պուտինի պատերազմի մասին հակադիր կարծիքների հարթակների, ինչպես նաև ռուսական այլ առցանց կայքերի հասանելիությունը։ Արտասահմանյան լրատվական կազմակերպություններից շատերն իրենց թղթակիցներին հետ են կանչել կամ դադարել են ռեպորտաժներ պատրաստել Ռուսաստանում այն բանից հետո, երբ մարտի 4-ին նախագահ Պուտինն օրենք է ստորագրել «կեղծ տեղեկությունների» տարածման համար մինչև 15 տարվա ազատազրկում սահմանելու մասին։ «Ընդամենը երկու շաբաթ անց անհնար էր պատկերացնել, թե որքան արագ կփակեն դրանց մեծ մասն, ասում է Նյու Յորքի Նոր դպրոցի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր և խորհրդային առաջնորդ Նիկիտա Խրուշչովի ծոռնուհի Նինա Խրուշչովան, - այնուամենայնիվ, դա այդպես է»։ Հարևանությամբ ընթացող պատերազմի մասին ռուսաստանցիների իրազեկման վրա անմիջական ազդեցություն ունենալուց բացի՝ Պուտինը, թերևս, հատել է երկրի պատմության ռուբիկոնը։ Նա ավելի քան երբևէ մեկուսացնում է ռուսական հասարակությունն այն պահից ի վեր, երբ 1986 թ-ին ԽՍՀՄ առաջնորդ Միխայիլ Գորբաչովը սկսեց «հրապարակայնության» քաղաքականությունը, որն առավել հայտնի էր, որպես «բացություն»։ Օտարերկրյա լրատվական ռեպորտաժների և սոցցանցերում անկախ կարծիքների հասանելիությունը մարտահրավեր էր նետել պետական մեդիայի նկատմամբ Կրեմլի մոնոպոլիային այնպես, ինչպես Գորբաչովի ջանքերը խախտեցին ճշմարտության նկատմամբ խորհրդային իշխանության մոնոպոլիան։ Անկախ լրատվամիջոցները, վտանգելով իրենց լրագրողների անվտանգությունը, չարաշահումներ բացահայտեցին Չեչնիայում Ռուսաստանի վարած պատերազմում, ինչպես նաև քաղաքական և մարդու իրավունքների ոտնահարման դեպքեր, Պուտինին մոտ աձանց անհավանական հարստությունների մասին տեղեկություններ, որոնք մինչ այդ տաբու էին պետական մեդիայում։ Լրատվամիջոցներին լռեցնելու հետևանքները կարող են շատ ավելի մեծ և տևական լինել, քան պատերազմը՝ ավտորիտարիզմից երկիրը հրելով դեպի ավելի վատ մի տեղ։ «Պուտինը փորձում է կրկին Ռուսաստանը վերածել տոտալիտար բռնապետության, ինչպես Գորբաչովից առաջ էր, - ասում է Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը։ - Ի վերջո, նա ձախողելու է, բայց իր փորձերով մեծ վնաս է հասցնելու ռուսական հասարակությանը»։ Կրեմլի քարոզչությունն ու սահմանափակումներն արդեն հեռացրել են սովորական ռուսաստանցիներին սարսափազդու բռնությունից, որը մոլեգնում է Ուկրաինայի քաղաքներում, անգամ նրանց, ում հարազատներն այնտեղից այլ բան են ասում։ Կրեմլը թաքցնում է ՌԴ զինված ուժերի դժվարությունները, ինչպես նաև ուկրաինացիների մարդկային կորուստները, որոնց, ինչպես պնդում է Պուտինը, պետք է պաշտպանի։ Նրանք, ովքեր ռուսական հեռուստատեսություն են դիտում, դրա փոխարեն տեսնում են, թե ինչպես են երկրի զորքերը մասնակցում նեոնացիստական կառավարությունից ուկրաինական խաղաղ բնակչությանը պաշտպանելու անարյուն «հատուկ գործողությանը»։ Այդ այլընտրանքային իրականությունում ռուսական զորքերն օգնություն են բաժանում խաղաղ բնակիչներին կամ օգնում են նրանց տարհանել անվտանգ վայր, իսկ ուկրաինացիները կեղծ լուրեր են տարածում ռուսական զորքերի անհաջողությունների մասին, անգամ հրետակոծում են սեփական քաղաքները։ Արդյունքում՝ ստեղծվել է պատերազմի վերաբերյալ ոչ սթափ հայացք, որը քչերը կհամարձակվեն կասկածի տակ դնել։ Պետդումայի ոչ մի պատգամավոր դեմ չի քվեակել «ֆեյք նյուզի» քրեականացման մասին օրինագծին։ «Արևմուտքից ստացվող արժանահավատ տեղեկությունների հասանելիությունը գնալով կրճատվում է ահագնացող պետական հիստերիկ պրոպագանդայի ֆոնին», - ասում է Ջոն Հոփքինսի անվան միջազգային հետազոտությունների եվրոպական դպրոցի պրոֆեսոր Սերգեյ Ռադչենկոն։ Սակայն թվային տեխնոլոգիաներ ունեցող ժամանակակից աշխարհում նախագահ Պուտինի համար դժվար կլինի ամբողջությամբ կտրել Ռուսաստանն արտաքին աշխարհից։ Անգամ Խորհրդային Միությունում տեղեկատվության համար սահմանները խոչընդոտ չէին։ Վիրտուալ մասնավոր ցանցերը՝ VPN-ները, որոնք մարդկանց թույլ են տալիս շրջանցել համացանցային սահմանափակումները, կարող են օգնել տեղեկությունների տարածմանն այնպես, ինչպես խորհրդային ժամանակներում ընդհատակյա ձևով տարածվում էր «սամիզդատը»՝ գրքերի կամ հոդվածների ոչ պաշտոնական և գրաքննության չենթարկված անօրինական պատճենները։ «Ռուսաստանի կառավարության համար դժվար կլինի արգելափակել ողջ արտաքին ինֆորմացիան։ Պատմությունը ցույց է տալիս, որ մարդիկ հիմա շատ բանի կգնան՝ ճշմարտությունը գտնելու համար», - ասում է Ազատություն ռադիոկայան/Ազատ Եվրոպա ռադոյի գործադիր տնօրեն Ջեյմի Ֆլայը։ Նրանք, ովքեր դա կանեն հիմա, փոքրամասնություն կլինեն։ Վերլուծաբանները մտավախություն ունեն, որ Պուտինի կառավարման երկարաձգմանը զուգահեռ՝ նա էլ ավելի խիստ միջոցների է դիմելու՝ Կրեմլի անհերքելի իշխանությունը պահպանելու համար։ Նորա Վանյան
20:54 - 09 մարտի, 2022
Պուտինը պնդում է, թե ժամկետային զինծառայողներին Ուկրաինա չեն ուղարկում, բայց դա այնքան էլ այդպես չէ․ Meduza

Պուտինը պնդում է, թե ժամկետային զինծառայողներին Ուկրաինա չեն ուղարկում, բայց դա այնքան էլ այդպես չէ․ Meduza

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել էր, որ ժամկետային և պահուստային զինծառայողները չեն ուղարկվելու Ուկրաինա։ «Մեր առջև դրված խնդիրները կատարում են միայն արհեստավարժ զինվորականները», - ասել էր նա։ ՌԴ պաշտպանության նախարարությունը նույնպես հայտնել էր, որ Ուկրաինայում «հատուկ գործողությանը» մասնակցում են միայն պայմանագրային զինծառայողներ։ Սակայն ռուսական Meduza պարբերականը պնդում է, որ դա այնքան էլ այդպես չէ։ Ներկայացնում ենք հոդվածը ստորև։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ոչ մի տեղեկություն չի տրամադրում գերեվարված ռուսաստանցի զինվորականների մասին, սակայն հարազատները նրանց տեսնում են տեսանյութերում, որոնք սկսել են հայտնվել համացանցում։ Այդ տեսանյութերից մեկում ռուս զինծառայող Դամուր Մուստֆաևը պատմում է, որ զորավարժությունների փոխարեն իրեն ու իր ծառայակիցներին «խաբեությամբ» ուղարկել են Ուկրաինա կռվելու։ Չեռնիգովի շրջանի տարածքում տանկը, որում գտնվել է Մոստաֆաևը, փչացել է, տանկերի շարասյունը նրան մենակ է թողել։ Մուստաֆաևը գնացել է ծառայակիցներին փնտրելու և գերեվարվել է։ Meduza-ն խոսել է Մուստաֆաևի հոր հետ։ Նա պատմել է, որ իր որդին ժամկետային զինծառայող է։ Սոբիրժոն Մուստաֆաև, գերեվարված ժամկետային զինծառայող Դամուր Մուստաֆաևի հայրը․ «Որդիս զորակոչվել է 2021 թ-ին։ Նա չէր ուզում ռազմական կարիերա անել։ Նրան երկու կամ երեք անգամ [չեն զորակոչել]․ արյան հետ կապված խնդիրներ ուներ։ Բայց դեղեր էր խմում։ Անցյալ տարի կանչեցին։ «Կարող ես ծառայել», - ասացին։ Արդյունքում՝ ուղարկեցին Չիտայի մերձակայքում ծառայելու, վարորդ-մեխանիկի վերապատրաստում է անցել։ Այնուհետև՝ Նարո-Ֆոմինսկ։ Կարծես, հետո նրանք սկսել են մասնակցել զորավարժությունների։ Նրանց ուղարկում էին Վորոնեժ, Բելգորոդի և Կուրսկի շրջաններ։ Նրա հետ հեռախոսով եմ խոսել։ Վերջին անգամ՝ փետրվարի 22-ին։ Կարծես, ամեն ինչ նորմալ էր։ Եվ 24-ին էլ են հրաման ստացել, ասել են զորավարժությունների մեկնել»։ Դամուր Մուստաֆաևի մասնակցությամբ տեսանյութն առաջին անգամ հայտնվել է «Գտիր հարազատներիդ» Տելեգրամ-ալիքում․ այդտեղ ուկրաինական կողմը տվյալներ է տեղադրում գերեվարված ռուսաստանցի զինծառայողների մասին։ Հայտարարվում է, որ նախագիծը ստեղծվել է «Ուկրաինայի ՆԳՆ ներկայացուցիչների կողից»։ Այս ալիքը Ռուսաստանում արգելափակված է։ «Նա իրոք ժամկետային զինծառայող է։ Չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել նրանց մոտ։ Որդիս ասում էր, որ պայմանագիր չի ստորագրել։ Բայց ես զարմացած էի, որ նրանց փոխարեն կարող են ստորագրել կամ նման մի բան անել։ Նա ասում էր․ «Նրանք են մեզ գրանցել որպես պայմանագրայիններ»։ Այս մասին մենք խոսել ենք ամսի 22-ին։ Ես ասացի․ «Ինչպե՞ս կարող են նման բան անել [առանց ձեր ստորագրության]»։ Նա ասաց, որ դա պահանջում են։ Ասաց, որ ինքը չի ստորագրել։ Պահանջողը սպա է՝ ողջ գումարտակի, վաշտի, զորամասի հրամանատարը։ Չեմ հարցրել, թե կոնկրետ ով։ Այժմ, երբ նայում եմ տեսանյութը․․․ Գերի ընկածներից շատերն այդպես էլ ասում են, որ իրենց փոխարեն ստորագրել են։ Նրանք չեն իմացել, նրանց ասել են, որ զորավարժությունների են տանում, բայց նրանք հայտնվել են մարտի դաշտում։ Նրանց տանկը փչացել է։ Գիշերել են տանկում, հետո որոշել են ծառայակիցների մոտ գնալ։ Ճանապարհին հայտնվել են ճահճում, և նրանց գերեվարել են։ Չգիտեմ՝ ինչ անեմ, ինչպես նրան ազատեմ, ով էր մեղավոր։ Կարծես, մեր նախագահն ասում է, որ հրաման չկա ժամկետայիններին այնտեղ ուղարկելու և այնտեղ ժամկետայիններ ընդհանրապես չկան։ Ես իրոք չգիտեմ՝ ինչ անեմ, ինչպես օգնեմ։ Ո՞վ էր ընդհանրապես սրա համար մեղավոր․․․ Ավագ որդուս ասել եմ, որ նա կապվի գերատեսչությունների հետ, գնա ու հարցուփորձ անի։ Ինքս չեմ կարողանում, ոտքերս ցավում են։ Չգիտեմ՝ դա փակ տեղեկություն է [որդու մասին], թե ոչ։ Փետրվարի 28-ին նա [գերեվարված որդին] ավագ որդուս հայտնել է, որ 27-ին գերի է ընկել։ Նրան գերությունից թույլ են տվել գրել եղբորը։ Նա չի ասել, թե երբ են իրեն ազատ արձակելու։ Որդիս ուրախացել է, որ կենդանի է։ Ասում է․ «Ինձ նրանք չեն ծեծում»։ Նրանց հագուստը թրջվել է ճահիճում, նրանց չոր հագուստ են տվել փոխվելու համար։ Նրան սպասում էինք այս տարվա հունիսին։ Եվ, ինչպես ասում են, միշտ ենք սպասում»։  
17:13 - 09 մարտի, 2022
ԱՄՆ-ն արգելել է ռուսական նավթի ներկրումը։ Ինչպե՞ս է դա ազդելու նավթի և գազի գների վրա․ Al Jazeera

ԱՄՆ-ն արգելել է ռուսական նավթի ներկրումը։ Ինչպե՞ս է դա ազդելու նավթի և գազի գների վրա․ Al Jazeera

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արգելք է սահմանել ռուսական նավթի և մյուս էներգակիրների ներկրման համար՝ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման պատճառով, իսկ Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ աստիճանաբար կհրաժարվի ներկրումից մինչև 2022 թ-ի ավարտը։ Այս պատժամիջոցներն, ըստ ամենայնի, կհանգեցնեն նավթի գների աճի, գրում է Al Jazeera-ն իր վերլուծական հոդվածում, որը չնչին կրճատումներով ներկայացնում ենք ստորև։ Ինչի՞ն է ուղղված արգելքը ԱՄՆ կառավարությունը երեկ հայտարարել է ռուսական նավթի ներկրման արգելքի մասին։ Սա ավելի մեծ պատժամիջոցների մի մասն է, որոնք ներառում են նաև բնական գազն ու ածուխը։ «Ռուսական նավթն այսուհետ չի ընդունվելու ԱՄՆ նավահանգիստներում, և ամերիկացի ժողովուրդն էլ ավելի մեծ հարված է հասցնելու Պուտինի ռազմական մեքենային», - հայտարարել է Բայդենը մարտի 8-ին՝ հավելելով, որ որոշումն ընդունվել է դաշնակիցների հետ «խորհրդակցությունների» արդյունքում։ Ռուսաստանը նավթի և նավթամթերքի խոշորագույն արտահանողն է աշխարհում, որն արտադրում է օրական շուրջ 7 մլն բարել նավթ, կամ համաշխարհային պահանջարկի 7%-ը։ Վառելիքի և նավթաքիմիական մթերք արտադրողների ամերիկյան առևտրային ասոցիացիայի տվյալներով՝ 2021 թ-ին ԱՄՆ-ն Ռուսաստանից ներկրել է միջինում օրական 209 000 բարել անմշակ նավթ և 500 000 բարել այլ նավթամթերք։ Դա կազմել է ԱՄՆ կողմից անմշակ նավթի ներկրման 3 տոկոսը և ամերիկյան նավթամշակման գործարանների վերամշակած նավթի ընդհանուր ծավալի 1%-ը։ Ռուսաստանի համար սա կազմել է արտահանման ընդհանուր ծավալի 3%-ը։ Վերլուծողների կարծիքով՝ արգելքը մի բան է, որն ԱՄՆ-ն կարող է իրեն թույլ տալ։ Արտարժույթի ներայիս փոխարժեքի պայմաններում «ԱՄՆ-ն կարող է դա իրեն թույլ տալ, սակայն կոնտինենտալ Եվրոպայի համար դա շատ ավելի դժվար կլինի», ասել է Meyer Resources ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Քորնելիա Մեյերը։ «Ռուսաստանի՝ ԱՄՆ արտահանման ընդհանուր ծավալների տեսակետից, սա այնքան էլ կարևոր չէ», - հավելել է նա։ «Սակայն սա ցույց է տալիս, որ Արևմուտքը վճռական է տրամադրված, և եթե Եվրոպան այս քայլին դիմի, դա շատ ավելի կարևոր կլինի», - ասել է Մեյերը՝ նշելով, որ Չինաստանն ու Հնդկաստանն, ըստ ամենայնի, կգնեն Արևմուտքից վերաուղղված ռուսական նավթը։ Ինչպե՞ս արգելքը կազդի նավթի և գազի գների վրա Արգելքի հավանականությունը նախորդ ամիս արդեն հանգեցրել էր նավթի գների 30% աճի, և երեկվա տվյալներով՝ նավթի գները կազմել են շուրջ $130 մեկ բարելի դիմաց, իսկ մեկ գալոն (4,5 լիտր) գազի գինն ԱՄՆ-ում կազմել է միջինում 4,17 դոլար։ Էներգետիկ ոլորտի վերլուծաբանները զգուշացնում են, որ մեկ բարելի գինը կարող է բարձրանալ մինչև $160 և անգամ $200, եթե գնորդները խուսափեն ռուսական անմշակ նավթի գնումից, ինչը կբերի ԱՄՆ-ում բենզինի գների աճի՝ ավելի քան $5 մեկ գալոնի դիմաց։ «Ներկա պահին վախը շուկայում մեծ է», - ասում է փորձագետ Ադամ Փանքրանցը։ «Վախը կապված է այն բանի հետ, որ, եթե չհաջողվի նավթ գտնել, որտեղի՞ց այն պետք է հայտնվի։ [Այս արգելքի] հետևանքով՝ աշխարհում նավթի արտադրանքի [7%-ը] դժվարհասանելի է դարձել, այն հնարավոր չէ գնել շատ առումներով, և եթե դա արվում է արդեն սուղ շուկայում, պահանջարկը [և գները] աճում են», - նշում է նա։ Ինչպե՞ս է դա ազդելու ԱՄՆ քաղաքացիների վրա Այս արգելքն անմիջապես արտահայտվելու է արժեզրկման վրա։ Ներկա պահին ԱՄՆ-ում ամենաբարձր արժեզրկման ցուցանիշն է գրանցվել վերջին 40 տարում, իսկ վաղը հրապարակվելիք տվյալներն, ինչպես ակնկալվում է, ցույց կտան, որ սպառողական գների ցուցիչն աճել է 7,9%-ով։ Դա կարող է մեծապես ազդել ամերիկացիների կենսամակարդակի վրա։ Հարց է առաջանում, արդյո՞ք ԱՄՆ-ն կանգնած է նավթի պաշարների սպառման ռիսկի առջև, թե՞ վտանգված է ամրիկյան կենսակերպն, ասում է Ադամ Փանքրանցը։ «Ադյո՞ք սա պահանջարկի փլուզում չէ։ Որովհետև մարդիկ կարող են մտածել․ «Մեքենայով երթևեկելը չափազանց թանկ է։ Ավտոբուսով կամ ոտքով տեղ կհասնեմ»։ Կամ էլ պահանջարկի զանգվածային ոչնչացում է, երբ ընկերությունները չեն կարողանում արտադրել իրենց արտադրանքը, գներն աճում են, իսկ մարդիկ՝ կորցնում աշատանքը»։ «Այնպես որ, այս երկու խնդիրներից մեկն ավելի կառավարելի է․․․ մյուսը հանգեցնում է լուրջ հասարակական հետևանքների, և միշտ չէ, որ հեշտ է ասել, թե որ ուղով կընթանան գործընթացները»։
14:17 - 09 մարտի, 2022
Ի՞նչ են հուշում նախորդ պատերազմներն ուկրաինական ճգնաժամի ավարտի մասին․ CSIS

Ի՞նչ են հուշում նախորդ պատերազմներն ուկրաինական ճգնաժամի ավարտի մասին․ CSIS

Նախորդ պատերազմների վերլուծությունը ցույց է տալիս, որ Ուկրաինայում տեղի ունեցող բռնության դադարեցման և սրացումից ելք գտնելու հնարավորությունը նվազում է առաջին 30 օրից հետո։ Վաշինգտոնը պետք է Ուկրաինայի ժողովրդին ցուցաբերվող օգնությանը գումարի դիվանագիտական խողովակներով Մոսկվայի համար խթանի ստեղծումը, որպեսզի վերջինս համաձայնի հրադադար հաստատել և խուսափել էլ ավելի մասշտաբային աղետից, ասված է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի* ավագ գիտաշխատող Բենջամին Ջենսենի հոդվածում, որը, որոշ կրճատումներով, ներկայացնում ենք ստորև․ «Կենտրոնն ուսումնասիրել է 1946 թ-ից ի վեր հակամարտությունների դադարեցման վերաբերյալ տվյալները՝ հասկանալու համար ճգնաժամային դիվանագիտության հնարավորությունները։ Երկրորդ աշխարհամարտից հետո տեղի ունեցած հակամարտությունների մեծ մասը, որպես կանոն, կապված են  հակաապստամբական արշավների և միջորդավորված պատերազմների հետ, ինչը հազվադեպ երևույթ է դարձնում այնպիսի լայնամասշտաբ ներխուժումներն, ինչպիսին է այժմ ուկրաինականը։ Correlates of War նախագծի տվյալների համաձայն՝ երբ նման հակամարտություններն, այնուամենայնիվ, տեղի են ունենում, մարտի դաշտում զոհվածների թիվը միջինում հասնում է 25 000-ի, մինչդեռ քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը շատ ավելի մեծ է լինում։ Դա, որպես հետևանք, հանգեցնում է մարդասիրական խորը ճգնաժամի։ Վերլուծելով 1946 թ-ից ի վեր հակամարտությունների դադարեցման մասին Հակամարտությունների մասին Ուփսալայի ծրագրի հավաքագրած տվյալները՝ գալիս ենք այն եզրահանգման, որ ուկրաինական պատերազմի պես միջպետական պատերազմների 26%-ն ավարտվում է պակաս, քան 30 օրում, ևս 25%-ը՝ պակաս, քան մեկ տարում։ Պատերազմները, որոնք ավարտվում են մեկ ամսվա մեջ, տևում են միջինում ութ օր, իսկ դրանց 44%-ն ավարտվում է հրադադարի կամ խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ։ Մեկ ամսից ավելի, բայց մեկ տարուց պակաս տևող պատերազմների միայն 24%-ն է ավարտվում հրադադարով։ Այն դեպքում, երբ միջպետական պատերազմերը չեն ավարտվում մեկ տարուց, դրանք տևում են միջինում ավելի քան 10 տարի՝ վերածվելով մերթընդմերթ տեղի ունեցող բախումների։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այն ունի պատժիչ արշավների կիրառման տխուր պատմություն, որոնք, որպես կանոն, տևում են երկու օրից մինչև երեք ամիս։ Խորհրդային Միության և Ֆինլանդիայի միջև 1939 թ-ի Ձմեռային պատերազմը տևել է երեք ամիս։ 1956 թ-ին Խորհրդային Միության Հունգարիա ներխուժման ժամանակ ռազմական գործողությունները տևել են յոթ օր, իսկ 1968 թ-ի «Պրահայի գարունը»՝ երկու օր։ 2008 թ-ի ռուս-վրացական պատերազմը տևել է 13 օր, իսկ 2014 թ-ի Ղրիմի ճգնաժամը՝ մեկ ամսից ավելի, որը հանգեցրել է Ուկրաինան պառակտած պրոքսի-պատերազմի։ Թեև յուրաքանչյուր ճգնաժամ իր առանձնահատկություններն ունի, այս դեպքերը ցույց են տալիս, որ զիջումներ կորզելու համար նախապատվությունը տրվում է բռնության կիրառմանը։ Եկել է ճգնաժամային դիվանագիտության ժամանակը։ Որքան երկար է տևում պատերազմը երկու կողմերից զիջումների բացակայության պայմաններում, այնքան մեծ է հավանականությունը, որ այն կվերածվի տևական հակամարտության։ Չնայած ռուսական ագրեսիային ուկրաինացի ժողովրդի դիմադրության խիզախությանը՝ սա վտանգավոր հեռնակար է։ Փախստականների հետ կապված ճգնաժամը խորանալու է։ Ավելի շատ քաղաքացիական անձինք են զոհվելու։ Ռուսաստանն էլ ավելի պարանոյիդալ և իռացիոնալ է դառնալու։ Պատժելուց բացի ռուսաստանցի պաշտոնյաները կենսունակ դիվանագիտական ուղու կարիք ունեն, որը հաշվի է առնում երկու կողմերի շահերը»։   * Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնն ամերիկյան մասնավոր հաստատություն է, որը զբաղվում է միջազգային պետական քաղաքականության հարցերի ուսումնասիրությամբ և վերլուծությամբ։ Նորա Վանյան
19:00 - 08 մարտի, 2022
ՀՀ կուսակցությունների դիրքորոշումները՝ միութենական պետությանն անդամակցության եւ ինքնիշխանության մասին

ՀՀ կուսակցությունների դիրքորոշումները՝ միութենական պետությանն անդամակցության եւ ինքնիշխանության մասին

«Հայաստանը փախչելու տեղ չունի․․․ Ի՞նչ է, կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են․․․»,- փետրվարի սկզբին Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այս հայտարարությունը հանրային եւ քաղաքական շրջանակներում դարձյալ ակտիվացրեց Հայաստանի՝ Ռուսաստանի ու Բելառուսի հետ միութենական պետության մաս կազմելու թեման։ Լուկաշենկոն կարծիք էր հայտնել, թե առաջիկա 15 տարիներին Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած միութենական պետության կազմում կընդգրկվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը՝ Ուկրաինան, Ղազախստանը, այլ պետություններ, որոնց թվում՝ նաեւ Հայաստանը։ Հայաստանի արտաքին գերատեսչությունն այս հայտարարությանն արձագանքեց․ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանի մեկնաբանությամբ՝ «Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը եւ որեւէ առնչություն չունեն Հայաստանի եւ նրա արտաքին քաղաքականության հետ»։ Infocom-ը Հայաստանի քաղաքական կուսակություններից մեկնաբանություններ է խնդրել, թե ինչ դիրքորոշում ունեն միութենական պետության մաս կազմելու հարցով։ Մասնավորապես, 2017, 2018, 2021 թվականների խորհրդարանական ընտրություններին մասնակցած, 2021թ․ տեղական ինքնակառավարման ընտրություններին ակտիվություն ցուցաբերած մի քանի տասնյակ կուսակցությունների գրավոր հարցադրումներ ենք ուղարկել՝ Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում պատկերացնո՞ւմ են ՌԴ-ի եւ Բելառուսի հետ միութենական պետության մաս, եւ եթե այո կամ ոչ, ապա ի՞նչ մեկնաբանությամբ։ Ստորեւ ներկայացնում ենք հարցադրմանը պատասխանած կուսակցությունների դիրքորոշումները։ «Ազգային օրակարագ» կուսակցությունը կարծում է՝ ապազգային եւ հակապետական իշխանական համակարգի ներկայացուցիչներն են եռանդագին քարոզում հայկական պետական ինքնիշխանության ու անկախ պետականության անհնարինությունը՝ պնդելով, որ գոյութենական միակ այլընտրանքը Ռուսաստանի կողմից ձեւավորվող հերթական Միության մաս դառնալն է․ «Օտարի իշխանության ներքո գոյատեւելու բազմադարյա այս կործանարար գաղափարն ու կեցվածքը ի վերջո հանգեցրել են Ցեղասպանության եւ Հայրենազրկման, ու Հայության նկատմամբ ստորացուցիչ կայուն վերաբերմունքի բանաձեւման՝ «КУДА ОНИ ДЕНУТСЯ...»»: Կուսակցության համոզմամբ՝ մենք երկու ուղի ունենք՝ լինել պետություն եւ ունենալ պետականություն, լինել ինքնիշխան պետություն, կամ էլ՝ չլինել այդպիսին։  Ազգային-ժողովրդավարական բեւեռը կտրականապես դեմ է Ռուսաստան֊Բելառուս միութենական պետության (ինչպես նաեւ որեւէ այլ վերպետական կառույցի) մաս կազմելու, քանի որ դա, ըստ կուսակցության դիրքորոշման, նախ նշանակում է ինքնիշխանության զգալի զիջում, եւ երկրորդ՝ ՀՀ ազգային շահերը գոնե ներկա եւ մոտ հեռանկարի ապագայում մեղմ ասած չեն համընկնում ՌԴ-ի եւ Բելառուսի շահերին․ «ԱԺԲ֊ն հանդես է գալիս ՀՀ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ կազմից դուրս գալու օգտին եւ ԱՄՆ ոչ-ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակ ստանալու օգտին։ ԱԺԲն հանդես է գալիս ՀՀ եւ ԵՄ շատ ավելի խորը համագործակցության օգտին»,- ասված է կուսակցության պատասխանում: «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը ոչ մի պարագայում ընդունելի չի կարող համարել Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության գաղափարը։ Կուսակցության պատասխանի համաձայն՝ «Շանթ Դաշինքը» Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը եւ ժողովրդի ազատությունը համարում է անսակարկելի արժեքներ, որոնց սակարկողները կամ դրանց ճշմարտացիությունը կասկածի տակ դնողները պետք է համարվեն պետական դավաճաններ՝ ըստ ՀՀ սահմանադրության համապատասխան հոդվածների։ (Տեխնիկական խնդիրների պատճառով «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության պատասխանը նյութին ավելացվել է հրապարակումից ավելի ուշ,- խմբ․)։ «Քաղացու որոշում» ՍԴ կուսակցությունը մեր հարցադրմանն ի պատասխան հայտնել է, որ երկրի ինքնիշխանությունը նվազեցնող որեւէ միավորման կողմնակից չեն կարող լինել․ ««Քաղաքացու որոշում» կուսակցությունը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետությունում եւ գործում է նրա սահմանադրականության շրջանակներում՝ ի շահ ինքնիշխանության, ժողովրդավարականության, իրավականության եւ սոցիալականության: Սա նշանակում է, որ մեր գործունեության բոլոր դրսեւորումները ուղղված են լինելու Հայաստանի գոյություն ունեցող ինքնիշխանության մակարդակի բարձրացմանը: Հետեւաբար, մենք երկրի ինքնիշխանությունը նվազեցնող որեւէ միավորման կողմնակից չենք կարող լինել»,- ասված է կուսակցության պատասխանում՝ հավելումով, որ առկա իրավիճակում իրենք տեսնում են նման միություններին անդամակցությունից զերծ մնալու հնարավորություն․ «Ուստի պատրաստ չենք քննարկել դեպքեր եւ հանգամանքներ, որոնցում ինքնիշխանության նվազեցումը «ընդունելի կլինի»։ Մեր այս դիրքորոշումը պայմանավորված է մեր արժեքներով, գաղափարներով, ինչպես նաեւ այն պրագմատիկ հաշվարկով, որ միջազգային հարաբերությունների հետզհետե բեւեռացման ժամանակաշրջանում այդ բեւեռների սահմանագծում ապրող ժողովուրդը, բեւեռներից մեկին ինքնամոռաց նվիրվելով, ունենալու է մեծ կորուստներ, իսկ ձեռքբերումների հավանականությունը խիստ փոքր է լինելու»: «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը կտրականապես մերժում է «Ռուսաստանից պարտադրվող եւ Հայաստանի ներսից սպասարկվող միութենական նկրտումները»։ Կուսակցության դիրքորոշմամբ՝ Հայաստանի ինքնիշխանությունը սակարկող ցանկացած ուժ պետք է արժանանա հստակ գնահատականների եւ մերժվի հանրության կողմից․ «Մեր հավատամքին համապատասխան՝ անելու ենք ամեն ինչ, որպեսզի կանխվեն նման սցենարները, այդ թվում՝ փորձելու ենք համախոհ ուժերի հետ անցկացնել խորհրդակցություններ եւ անհրաժեշտության դեպքում նաեւ կոնկրեը գործողություններ։ Անկախ Հայաստանին այլընտրանք չկա»։  «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները եւ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը համարում են, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը բացարձակ արժեք է․ «Եվ ցանկացած պարագայում մեր դիրքորոշումը հիմնված ու կառուցված է լինելու այս սկզբունքային մոտեցման վրա»: Ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ հնարավոր միութենական հանրապետության ձեւավորման հարցին՝ կուսակցության պատասխանի համաձայն՝ օդում կախված լուրերի կամ անհայտ ծագման տեղեկությունների վերաբերյալ «պարզապես չի կարելի, կոռեկտ չէ» դիրքորոշում ակնկալել․ «Եթե կլինեն նման գործընթացներ, նման առաջարկ կամ առաջարկներ, այդ ժամանակ էլ, ելնելով բովանդակությունից, իր բոլոր  մանրամասներով կներկայացնենք մեր դիրքորոշումն ու դիտարկումները՝ վստահաբար հավատարիմ մնալով վերոնշյալ մոտեցմանը»: Հայաստանի Հանրապետական կուսակցության պատասխանի համաձայն՝ ՀՀԿ-ն իր արտաքին քաղաքական գերակայությունները հնչեցրել է ՀՀԿ 17-րդ համագումարում, դրանք ներառված են համագումարի բանաձեւում։ Առաջարկել են կուսակցության դիրքորոշումներին ծանոթանալու համար հետեւել քաղաքական ուժի պաշտոնական դիրքորոշումն արտահայտող ՀՀԿ ներկայացուցիչներին հրապարակային ելույթներին, հարցազրույցներին, ՀՀԿ-ի ընթացիկ հայտարարություններին։ Infocom-ը կուսակցության համագումարի բանաձեւից առանձնացրել է արտաքին քաղաքականությանն առնչվող հատվածները։ Այսպես, կուսակցությունը բանաձեւում նշել է, որ Հանրապետականը եղել եւ մնում է մեր երկրի` միջազգային ամենալայն կապերն ունեցող քաղաքական ուժը եւ կապերի այդ լայն շրջանակը շարունակելու է ծառայեցնել մեր պետության ու ժողովրդի ազգային շահերի սպասարկմանը այն գիտակցումով, որ միայն ուժեղ, ինքնիշխան, արժանապատիվ Հայաստանը կարող է հարգանքի արժանի եւ վստահելի գործընկեր լինել: Կուսակցությունը հայտարարել է, որ իշխանափոխությունից հետո, ի թիվս այլնի, իրենց գործունեության առաջնահերթություններից են լինելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը անվտանգային ողջ գործիքակազմի խելամիտ եւ նպատակային գործադրմամբ, հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության բարելավումը, ընդլայնումը եւ խորացումը՝ ամրապնդելով Հայաստանի եւ Արցախի սահմանների անվտանգության իրական երաշխիքները, Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող գործողությունների ծրագրում ներառված գերակայությունների վերաբանակցումը, եւ այլն։ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում չի պատկերացնում եւ չի ցանկանում պատկերացնել որպես Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ այսպես կոչված «միութենական պետության» մաս․ «Հայաստանի Հանրապետությունն ազատ, անկախ եւ ժողովրդավարական պետություն է, եւ բազում տարիների անօրինակ պայքարով ձեռք բերված այդ կարգավիճակը, հաստատված 1991 թվականի հանրաքվեի անվիճելի արդյունքներով, սկզբունքորեն չի՛ կարող լինել սակարկության կամ նույնիսկ քննարկման առարկա, նույնիսկ տեսականորեն»,- ասված է կուսակցության պատասխանում։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը պատասխանում շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան եւ ժողովրդավարական պետություն է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված, եւ, ըստ այդմ, Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում ոչ միայն չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ Միութենական պետության մաս, այլ անգամ քաղաքական օրակարգ արհեստականորեն բերված քննարկումները, հարցումները, նմանօրինակ հայտարարությունները համարում է խիստ վտանգավոր ու անթույլատրելի եւ ՀՀ անկախության, ինքնիշխանության եւ անվտանգային համակարգի դեմ տարվող բացահայտ գործողություններ․ «Մեր օրակարգում նմանօրինակ հարցի անգամ քննարկում, որն ողիղ սպառնալիք եւ ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, չկա եւ չի էլ կարող երբեւէ լինել»:  Կուսակցությունը կարծում է, որ ակնհայտ է՝ միութենական պետության գաղափարը ՌԴ իշխանությունների աշխարհաքաղաքական նկրտումներին եւ շահերին հարմարեցված հերթական միավորում պետք է լինի, դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով, ինչն էլ ծանր հետեւանքներ է ունենալու ոչ միայն ՀՀ քաղաքական եւ տնտեսական բազմավեկտոր ինտեգրացիոն գործընթացների վրա, այլ նաեւ լուրջ խոչնդոտ է լինելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման եւ միջազգային ճանաչման գործընթացի համար․ «Վստահ ենք՝ բոլորի հիշողությունները դեռ թարմ են, թե ինչպիսի դիրքորոշում հայտնեց ՀԱՊԿ-ը Հայաստանի համար օրհասական եւ անվտանգային առումով ամենաբարդ ու ծանրագույն շրջանում՝ թե՛ քառօրյա , եւ թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո, անգամ ՀՀ սուվերեն տարածք թշնամու ներխուժման եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու ժամանակ: Իսկ, որ հենց այդպիսի դիրքորոշում էր որդեգրելու ՀԱՊԿ-ը, Ազատ Դեմոկրատները բազմիցս են բարձրաձայնել: Եվ, ընդհանրապես, Հայաստանի ապագան քաղաքակիրթ եւ առաջադեմ աշխարհն է, այլ ոչ թե դրանից մեկուսացումը: Հայաստանի իշխանությունը առաջնահերթ պարտավորություն ունի կոշտ ու միանշանակ հակահարված տալ ՀՀ անկախությանն ու ինքնիշխանությանը սպաղնացող որեւէ գործողության եւ առաջնորդվի միմիայն ՀՀ Սահմանադրությամբ եւ պետական շահով»: Հայաստանի կանաչների կուսակցությունը անկախ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս։ «Ազգային առաջընթաց» կուսակցությունն էլ դեմ է ՀՀ ինքնիշխանության մասնակի կամ ամբողջական օտարմանը՝ հօգուտ որեւէ պետության, կամ պետությունների, կամ նրանց դաշինքի կամ միությանը, այդ թվում եւ առավել եւս՝ ՌԴ ու Բելառուսի միութենական պետությանը միանալու տեսքով։  Պահպանողական կուսակցությունը եւս որեւէ պարագայում Հայաստանը չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս։ «Պահպանողական կուսակցության համար ՀՀ Սահմանդրությամբ ամրագրված ինքնիշխանությունն անսակարկելի է, ինչպես նաեւ Պահպանողական կուսակցության Կանոնադրության եւ Ծրագրի մեջ Հայաստանի պետականությունը հռչակված է որպես բարձրագույն արժեք»: Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության ամփոփոխ առաջին հոդվածի բովանդակությունը Հայաստանի Հանրապետռության ինքնիշխանության վերաբերյալ, ինչպես նաեւ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության հաստատուն դիրքորոշումը, անընդունելի եւ հակապետական է համարում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը կասկածի դակ դնող ցանկացած գաղափար եւ ցանկացած ակտ: Հայաստանի եվրոպական կուսակցությունը նույնպես կտրականապես դեմ է միութենական պետության գաղափարին․ «Մեզ մոտ դա անգամ չի քննարկվում, դա քրեական հանցագործություն է։ Նման բան քննարկել, խոսել, մտածել, անգամ չենք պատկերացնում»,- Infocom-ի հարցին ի պատասխան՝ կուսակցության դիրքորոշումը հայտնեց կուսակցության վարչության անդամ Ալլա Հարությունյանը։ «Հայոց հայրենիք» կուսակցությունը կարծում է, որ Հայաստանի Հանրապետությանն անկախությունն ու ինքնիշխանությունը միանշանակ որեւէ կերպ չի կարող խաթարվել, բայց համագործակցությունը որպես մեկ կառույց, «մեկ պետություն»՝ միանշանակ ընդունելի է համարում։ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն էլ է կողմ միութենական պետության գաղափարին, եթե ՀՀ անվտանգության ապահովման համար այդ միությանը միանալը վերջին հնարավորությունն է։ Այս տարվա փետրվարի 17-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսի ժամանակ, պատասխանելով միութենական պետության մասին լրագրողի հարցին, ասաց, որ այսօր աշխարհում կան ինտեգրման այնպիսի մոդելներ, որոնցով բոլորը հիանում են, օրինակ՝ Եվրամիություն․ «Այն միությունը, որ ՌԴ-ի եւ Բելառուսի միջեւ է, հեռու է իր ինտեգրման աստիճանով ԵՄ-ից։ Այսօրվա աշխարհում, իմ կարծիքով, չպետք է ապրիորի վախենալ որեւէ նման ինտեգրումից, ուղղակի պետք է նստել-հասկանալ՝ ինչ ես ստանում, ինչ ես զիջում։ Իմ նախագահության օրոք նման հարց չի քննարկվել, մենք այդպիսի նախաձեռնություն չենք ցուցաբերել եւ չենք համարել, որ դա հասունացած է։ Բայց հիմա նման կարգի գործընթացներին պետք է վերաբերել շատ պրագմատիկ եւ հաշվարկի հիմքի վրա, ոչ թե կենցաղային մոդելով՝ դու՝ ինձ, ես՝ քեզ, այլ կոնկրետ հաշվարկով, ինչ վտանգների առաջ ենք կանգնած, ինչ սպասելիքներ ունենք, ինչ են մեզ առաջարկում, ինչ ենք կորցնում, ինչ ենք ստանում։ Քանի որ չկա առաջարկ, հիմա դժվար է գնահատել»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ երբ կլինի, պետք է սթափ հաշվարկով քննարկել, մտնել-կամ չմտնել նման պրոցեսների մեջ։  Նրա կարծիքով՝ ՌԴ-ի հետ մենք պետք է ունենանք շատ ավելի խոր հարաբերություններ․ «Չկա այլ երկիր, որը շահագրգռված կլինի մեզ նորից գործոն սարքել այս տարածաշրջանում»։ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը Քոչարյանի ասուլիսից հետո անդրադարձավ միութենական պետության մասին վերջինիս հայտարարություններին՝ հնչեցնելով նաեւ իրենց կուսակցության դիրքորոշումը։ Նրա կարծիքով՝ Քոչարյանը երկընտրանքի առաջ է կանգնեցրել հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը՝ առաջարկելով կամ ապավինել ՌԴ-ի հետ առավել խոր ինտեգրմանը՝ չբացառելով անգամ միութենական պետությանն անդամակցելը՝ այդպիսով թուրք-ադրբեջանական սպառնալիքը դիտարկելով որպես անհաղթահարելի գործոն, կամ համակերպվել Քոչարյանի ձեւակերպմամբ «Հայաստանի աջարիզացիային»։ Նորիկյանի կարծիքով՝ Հայաստանին եւ հայ ժողովրդին դնել ծանր երկընտրանքի առջեւ, որ կամ ընտրում ես Թուրքիան, կամ  Ռուսաստանը, ազնիվ չէ մեր պետության, հասարակության նկատմամբ, եւ բացառել զարգացման որեւէ այլ տարբերակ, այդ թվում՝ բոլորի հետ նորմալ բարիդրացիական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը, նույնն է, թե Հայաստանին հավերժորեն գամել պատերազմի դռանը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։  Արդար Հայաստանը կարծում է, որ ՀՀ բոլոր քաղաքական ուժերը պետք է երկու հարցի վերաբերյալ ունենան հարյուրտոկոսանոց կոնսենսուս․ ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունը սակարկման ենթակա չեն, ՀՀ տարածքային ամբողջականությունը սակարկման ենթակա չէ։ Նրանք, որոնք կասկածի տակ կդնեն ինքնիշխանությունն ու պետականությունը, Նորիկյանի խոսքով, պետք է վռնդվեն ՀՀ քաղաքական դաշտից։ Ստորեւ ներկայացնում ենք այն կուսակցությունների ցանկը, որոնք չեն պատասխանել  հարցադրմանը, սակայն հետագայում նրանց դիրքորոշումն ունենալուն պես դրանք եւս կհրապարակենք․ «Վերածնվող Հայաստան» կուսակցություն, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն,  «Հանրապետություն» կուսակցություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,  «Լուսավոր Հայաստան» կուսակցություն,  «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն,  «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն,  «Միասնական հայրենիք» կուսակցություն,  Հայ կառուցողական կուսակցություն,  «Զարթոնք» կուսակցություն,  «Ալյանս» կուսակցություն, «Ազատություն» կուսակցություն,  «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն,  «5165 շարժում» կուսակցություն,  «Վերելք» կուսակցություն,  «Ազատական» կուսակցություն,  «Ժառանգություն» կուսակցություն,  Հայաստանի կոմունիստական կուսակցություն,  «Ազգային ինքնորոշում» կուսակցություն,  «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցություն։ Հետգրություն «Ապրելու երկիր» կուսակցությունը նյութի հրապարակումից հետո հարցադրմանն ի պատասխան տեղեկացրել է, որ կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս, քանի որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը սակարկման եւ քննարկման առարկա չէ։   Լուսանկարի աղբյուրը՝ ria.ruՀայարփի Բաղդասարյան
16:54 - 08 մարտի, 2022
Բարձր գներ և չեղարկված ամրագրումներ․ ինչպե՞ս է ազդելու ուկրաինական պատերազմը համաշխարհային զբոսաշրջային ոլորտի վրա

Բարձր գներ և չեղարկված ամրագրումներ․ ինչպե՞ս է ազդելու ուկրաինական պատերազմը համաշխարհային զբոսաշրջային ոլորտի վրա

Այս տարի ակնկալվում էր համաշխարհային զբոսաշրջային ոլորտի վերականգնում, որը մեծապես տուժել է կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Սակայն Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա կարող է փոխել դա, գրում է CNN պարբերականը, որի հրապարակած հոդվածը ներկայացնում ենք ստորև։ Covid-19-ի բերած սահմանափակումների հետևանքով երկու տարի շարունակ այս ոլորտի կրած զրկանքներից հետո ավիաուղիներն ու զբոսաշրջային ընկերությունները կրկին բախվում են փակ երկնքի, չվերթների չեղարկումների հեռանկարին և անորոշությանը միջազգային զբոսաշրջության ոլորտում։ Ներկա պահին ավելի քան 30 երկրներ փակել են իրենց օդային տարածքը Ռուսաստանի համար, Մոսկվան պատասխանել է նույն կերպ։ Ռուսաստանի Քաղավիացիայի ծառայությունը մարտի 1-ի դրությամբ փակել է երկինքը նվազագույնը 37 երկրների ավիափոխադրողների համար։ Ուկրաինայի, Մոլդովայի և Բելառուսի մի հատվածի օդային տարածքը նույնպես դեռ փակ է։ Կարճաժամկետ հեռանկարում սա նշանակում է չվերթների չեղարկում կամ օդային երթուղիների փոփոխում։ Սակայն զբոսաշրջային ոլորտի համար երկարաժամկետ հետևանքները կարող են շատ ավելի մասշտաբային լինել։   Վառելիքի գների աճը բերելու է ճամփորդությունների արժեքի բարձրացման Անմշակ նավթի համաշխարհային գները կտրուկ աճ են գրանցել, քանի որ նեդրողները մտահոգվում են, որ Ռուսաստանից էներգակիրների արտահանումը կարող է սահմանափակվել կամ դադարեցվել ուկրաինական հակամարտության հետևանքով։ Գների այս բարձրացումը թանկացնելու է ցանկացած տիպի ճամփորդություն։ Իսկ ավելի երկար օդային երթուղիներին զուգահեռ, որոնք ավելի շատ վառելիք են պահանջում Ռուսաստանի փակ օդային տարածքը շրջանցելու համար, բարձր գներն, ի վերջո, կհարվածեն սպառողների գրպանին։ Եվրոպայի խոշորագույն Lufthansa ավիաընկերությունը հայտարարել է, որ Ասիայով շրջանցիկ ուղիներն ամսական արժենալու են մինչև տասը միլիոն եվրո։ Մարտի 3-ին  ընկերության եկամուտների մասին հաշվետվությունը լրագրողներին ներկայացնելիս ընկերության գլխավոր ֆինանսական տնօրեն Ռեմկո Շտեյնբերգենն ասել է, որ ավիափոխադրողը ստիպված է բարձրացնել տոմսերի գները՝ վառելիքի գների աճն ու մյուս ծախսերը փոխհատուցելու համար։ Գների կտրուկ բարձրացումը կարող է հանգեցնել պահանջարկի նվազեցման, և սա վատ լուր է մի ոլորտի համար, որն արդեն զրկանքներ է կրում համավարակի, ինչպես նաև արժեզրկման պատճառով։ Անվտանգության վերաբերյալ մտահոգությունները կարող են նվազեցնել պահանջարկը Եվրամիության Ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA),  զգուշացրել է Ուկրաինայի սահմանին մոտ թռչող քաղաքացիական ինքնաթիռների համար «բարձր ռիսկի» մասին։ Ռուսաստանի, Բելառուսի, Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի օդային տարածքը նույնպես ռիսկի գոտում է։ Ճամփորդողների և ինքնաթիռների անձնակազմերի մեծ մասի համար, որոնք արդեն մտահոգություններ ունեին կորոնավիրուսի առնչությամբ, հակամարտության գոտու մերձակայքով թռչելու գաղափարը կարող է անտանելի լինել։ «Ըստ ամենայնի, Ռուսաստանին մոտ ուղղությունները կտուժեն, քանի որ ուղևորները կվախենան պատերազմի մոտիկությունից, անգամ եթե դա իռացիոնալ է, քանի որ Ռուսաստանի կողմից հայտարարված սպառնալիք չկա», - CNN-ին ասել է ForwardKeys զբոսաշրջային հարցերի վերլուծության ընկերության փոխնախագահ Օլիվիե Պոնտին։ «Ամերիկյան շուկան, ըստ երևույթին, մեծապես կխուսափի այցելել Արևելյան Եվրոպա, ինչպես նաև Արևմտյան Եվրոպա, թեև պակաս չափով», - հավելել է նա։ Covid-19-ը դեռ գոյություն ունի, և փախստականների հետ կապված ճգնաժամը կարող է վատթարացնել իրավիճակը Մենք դեռևս ապրում ենք համավարակի պայմաններում՝ տարբեր երկրների ճամփորդական և կարանտինային սահմափանփակումներով։ Զբոսաշրջային ընկերությունները կոչ էին անում երկրների կառավարություններին չեղարկել ուղևորությունների կորոնավիրուսային սահմանափակումները, քանի որ պատվաստված հասարակությունները հույս ունեին վերադառնալու «նորմալ կյանքի»։ Սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է, որ Ուկրաինայում տիրող իրավիճակն ու փախստականների հետ կապված ճգնաժամը կարող է նպաստել կորոնավիրուսի տարածմանը։ «Մարդիկ հավաքված են միասին, սթրեսի մեջ են և հարկ եղած ձևով չեն սնվում, չեն քնում։ Նրանք շատ խոցելի են վարակի համար։ Եվ մեծ է հավանականությունը, որ հիվանդությունը կտարածվի», - ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մայք Ռայանը։ ՄԱԿ Փախստականների գործակալության տվյալներով՝ ավելի քան երկու միլիոն մարդ ստիպված է լքել իր տունը և, որոշ գնահատականներով, «մինչև չորս միլիոն մարդ կարող է լքել Ուկրաինան մոտակա շաբաթների ընթացքում, եթե հակամարտությունը շարունակվի»։ Վարակի տարածումը հարևան երկրներում կարող է ազդել կորոնավիրուսային սահմանափակումների չեղարկման որոշման վրա, ինչը կազդի զբոսաշրջային ոլորտի վրա։ Զբոսաշրջությունից ստացվող եկամտի կորուստ   Ռուսաստանի զբոսաշրջային ընկերությունների ասոցիացիայի տվյալներով՝ 2021 թ-ին ռուսաստանցիներն ավելի քան 10,1 մլն զբոսաշրջային այց են կատարել արտասահման։ Կազմակերպությունը նշել է, որ զբոսաշրջային հոսքերի 46,5%-ը բաժին է ընկել Թուրքիային, ռուսաստանցի զբոսաշրջիկներն անցյալ տարի 4,7 մլն այց են կատարել այդ երկիր։ Եվ, ըստ ամենայնի, այդ զբոսաշրջային գումարները դեռ ստացվելու են նաև 2022 թ-ին։ ForwardKeys ընկերության վերջին տվյալներով՝ Ուկրաինա ներխուժումից առաջ ռուսաստանցիների կողմից չվերթների ամրագրումները վերականգնվել էին մարտի, ապրիլի և մայիսի համար նախահամավարակային փուլի 32%-ի չափով։ Ամենաշատ ամրագրումները բաժին էին ընկնում Թուրքիային, ԱՄԷ-ին, Մալդիվներին, Թաիլանդին։ Այս ամենը փոխվեց այն բանից հետո, երբ Ռուսաստանը պատերազմ սանձազերծեց իր հարևան երկրի դեմ։ ForwardKeys ընկերության տվյալներով՝ փետրվարի 24-26-ին ամրագրումների չեղարկման ամենաբարձր ցուցանիշներն ունեցող ուղղությունները եղել են Կիպրոսը (300%), Եգիպտոսը (234%), Թուրքիան (153%), Մեծ Բրիտանիան (153%), Հայաստանը (200%) և Մալդիվները (165%)։ Ռուս զբոսաշրջիկների բացակայությունը մեծ հարված կհասցնի զբոսաշրջությունից մեծապես կախված այս պետություններին։ Նորա Վանյան  
19:39 - 07 մարտի, 2022
Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը՝ թվերով․ Al Jazeera

Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը՝ թվերով․ Al Jazeera

Գլխավոր լուսանկարը՝ Associated Press-ի Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա արդեն 11-րդ օրն է ընթանում։ Ընթացիկ իրավիճակի մասին Al Jazeera-ն ամփոփ տվյալներ և քարտեզներ է հրապարակել։ Որոշ կրճատումներով հոդվածը ներկայացնում ենք ստորև։ Ով ինչ է վերասհկում Ուկրաինայում Ռուսաստանը վերսկսել է իր գրոհը ռազմավարական նշանակության Մարիուպոլ ուկրաինական քաղաքի ուղղությամբ այն բանից հետո, երբ ժամանակավոր հրադադարը տապալվել է․ կողմերը միմյանց են մեղադրում այն խախտելու համար։ Ռուսաստանի ֆինանասկան համակարգին ևս մեկ հարված է հասցվել․ Mastercard և Visa միջազգային վճարային համակարգերը հայտարարել են երկրում գործունեությունը կասեցնելու մասին։ Քարտեզում, որը տեղադրված է ստորև, ցուցադրված է, թե Ուկրաինայի որ հատվածներն են Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվում մարտի 6-ին Երևանի ժամով 9:00-ի դրությամբ։ Քարտեզն՝ Al Jazeera-ի   Ո՞ւր են մարդիկ արտագաղթում ՄԱԿ Փախստականների գործակալության տվյալների համաձայն՝ վերջին և դեռ աճող հաշվարկներով՝ 756,303 մարդ է Ուկրաինայից գաղթել Լեհաստան, 157,004-ը՝ Հունգարիա, 103,254-ը Մոլդովա, 101,529-ը՝ Սլովակիա, 53,300-ը՝ Ռուսաստան, 63,192-ը՝ Ռումինիա, 406-ը՝ Բելառուս։ Նազագույնը 133,876 մարդ տեղափոխվել է եվրոպական այլ երկրներ։ Փախստականների մեծ մասը կանայք և երեխաներ են։ 18-60 տարեկան բոլոր տղամարդկանց արգելվել է լքել Ուկրաինան, նրանք պետք է մնան և պաշտպանեն երկիրը։ Քարտեզն՝ Al Jazeera-ի   Հակապատերազմյան ցույցերն աշխարհում Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց և Ռուսաստանի դեսպանատների մոտ բողոքի ակցիաներ անցկացրել աշխարհի տարբեր ծայրերում՝ բողոքելով Ուկրաինա ներխուժումից։ Ռուսական «ՕՎԴ-ինֆո» իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդում է, որ այն պահից սկսած, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայում, շուրջ 5000 ցուցարար է ձերբակալվել ողջ երկրի տարածքում։ Բողոքի մասշտաբային ակցիաներ են տեղի ունեցել աշխարհի ավելի քան 100 խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Բեռլինում, Նյու Յորքում, Բրյուսելում, Մադրիդում, Լիսաբոնում, Կուալա Լումպուրում, Նյու Դելիում։ Մոտակա օրերին նոր ցույցեր են պլանավորվում։ Բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Ռուսաստանի 50 քաղաքներում՝ ներառյալ Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Չելյաբինսկը, Նիժնի Նովգորոդը, Նովոսիբիրսկը, Պերմը, Սամարան և Եկատերինբուրգը։   Ռուս-ուկրաինական ճգնաժամի պատմությունը՝ հակիրճ Ամիսներ տևած լարվածությունից և դիվանագիտական շփումներից հետո ռուսական զորքերը ներխուժեցին Ուկրաինա։ Կիևը ռազմական դրություն հայտարարեց նշելով, որ Ուկրաինան կպաշտպանի իրեն։ Դրան նախորդեցին մի քանի իրադարձություններ։ 2021 թ-ի մարտ․ Ռուսաստանը սկսեց զորքեր կուտակել Ուկրաինայի սահմանների մոտ։ 2021 թ-ի դեկտեմբեր․ շուրջ 100,000 ռուս զինվոր տեղակայվեց Ուկրաինայի սահմանի երկարությամբ։ 2022 թ-ի հունվար․ Ռուսաստանը, ՆԱՏՕ-ն և ԵԱՀԿ-ն բանակցություններ անցկացրին։ ԱՄՆ և Ռուսաստանի ներկայացուցիչները հանդիպում անցկացրին Ժնևում՝ Ուկրաինայում լարվածությունը մեղմելու, սակայն փոխհամաձայնության չեկան։ ՆԱՏՕ-ն զորքերը բերեց բարձր մարտունակության ռեժիմի։ 2022 թ-ի հունվար. Ռուսաստանն ու Ուկրաինան զորավարժություններ անցկացրին։ 2022 թ-ի փետրվար․ Ռուսաստանն իր զորքերն ուղարկեց Ուկրաինայի անջատողական շրջաններ: Արևմտյան երկրները կոչ արեցին պատժամիջոցներ կիրառել։ Ռուսաստանը լայնամասշտաբ ներխուժում իրականացրեց Ուկրաինա։ Քարտեզն՝ Al Jazeera-ի   Նորա Վանյան
17:28 - 06 մարտի, 2022