Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Հունաստանը մտադիր է 2020 թվականին Թուրքիայից ընդունել մոտ 100 հազար միգրանտի |news.am|

Հունաստանը մտադիր է 2020 թվականին Թուրքիայից ընդունել մոտ 100 հազար միգրանտի |news.am|

news.am: Հունաստանի իշխանությունները 2019 թվականին սպասում են մոտ 100 հազար նոր փախստականների, որոնք Թուրքիայից են ժամանելու: Հունաստանը վերջին 6 ամիսներին ընդունել է 45 հազար նոր միգրանտների, հայտարարել է տեղական կառավարության փախստականների առաջնային ընդունման լիազոր Մանոս Լոգոտետիսը, հայտնում է DW-ն: Պաշտոնյան նաեւ հայտնել է, որ Աթենքը նախատեսում է 2020 թվականին Թուրքիա վտարել մոտ 10 հազար ապաստան հայցողների: Լոգոտետիսը հայտարարել է ճգնաժամի մասին, որը Հունաստանի համար «զգալիորեն ավելի լուրջ» է եղել, քան 2015 թվականի ճգնաժամը: Այդ ժամանակ գրեթե բոլոր փախստականները մեկնել են ԵՄ այլ երկրներ, իսկ այս անգամ նրանք մնացել են հունական կղզիներում: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը վերջերս Bild am Sonntag-ի հետ հարցազրույցում Գերմանիային կոչ էր արել ավելի շատ փախստականների ընդունել՝ հաշվի առնելով Լեսբոս կղզում սրված իրավիճակը: Ընդ որում՝ չնայած լարված իրավիճակին, այս տարի Գերմանիան զգալիորեն ավելի քիչ պաշտոնյաների է ուղարկել օգնելու հունական իշխանություններին: Բեռլինի կառավարությունը փախստականների գրանցմանն օգնելու համար հունական կղզիներ է ուղարկել ընդհանուր 80 փորձագետի: Միգրացիոն գործընթացների աջակցության եվրոպական բյուրոյի (EASO) տվյալներով՝ 2018 թվականին Գերմանիայից ուղարկվել է 124 պետծառայող, իսկ 2017-ին՝ 130: Նոյեմբերի վերջին հայտնի էր դարձել, որ Հունաստանի իշխանությունները նախատեսում են փակել Լեսբոս, Սամոս եւ Խիոս կղզիներում փախստականների 3 խոշորագույն ճամբարները: Դրանց փոխարեն պետք է ստեղծվեն «մեկնելու եւ նույնականացման կենտրոններ»: Ենթադրվում է, որ այդ կենտրոններում պետք է տեղավորեն ապաստան ստանալու հեռանկար չունեցող միգրանտներին, որոնց անհրաժեշտ է վերադարձնել հայրենիք: Խոսքը ճամբարների մասին է, որոնցից հեռանալը կարգելվի փախստականներին, նշում է dpa գործակալությունը: Ընդ որում՝ միգրանտներին, որոնք ապաստան ստանալու հավանականություն ունեն, կուղարկեն Հունաստանի մայրցամաքային մաս:
10:19 - 18 դեկտեմբերի, 2019
Թուրքիայում 2019թ. բանտարկվել է 25 լրագրող |ermenihaber.am|

Թուրքիայում 2019թ. բանտարկվել է 25 լրագրող |ermenihaber.am|

ermenihaber.am։ «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է պատրաստել մասնագիտական աշխատանքների կատարման ընթացքում սպանված, ինչպես նաև ձերբակալված լրագրողների թվի վերաբերյալ: Նշվում է, որ 2019թ. աշխարհում սպանվել է մասնագիտական գործունեություն ծավալող 49 լրագրող, որից 3-ը կին և 46-ը տղամարդ: Այդ լրագրողներից 20-ը սպանվել են պատերազմական գոտում: 2019թ. ամենից շատ լրագրողներ սպանվել են Սիրիայում և Մեքսիկայում (յուրաքանչյուրում 10 լրագրող): Զեկույցում ասվում է, որ ընդանուր առմամբ վերջին 10 տարիների ընթացքում 941 լրագրող է սպանվել: «Աշխարհում 2019թ. մասնագիտական գործունեություն ծավալելու պատճառով 389 լրագրող է կալանավորվել, որից 120-ը՝ Չինաստանում: Իսկ Թուրքիայում այս տարի բանտարկվել է 25 լրագրող»,- նշվում է զեկույցում: «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» (CPJ) 2019թ. կազմած զեկույցում Չինաստանը (48 բանտարկված լրագրող) և Թուրքիան (47 բանտարկված լրագրող) «աշխարհում լրագրողների ամենամեծ բանտ» էր բնութագրել:
08:06 - 18 դեկտեմբերի, 2019
Բիթլիսի 46 գյուղերում պարետային ժամ է հայտարարվել |ermenihaber.am|

Բիթլիսի 46 գյուղերում պարետային ժամ է հայտարարվել |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի Բիթլիս նահանգի 46 գյուղերում պարետային ժամ է (փողոց դուրս գալու արգելք) հայտարարվել: Բիթլիսի նահանգապետարանի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ տարածաշրջանում «անջատողական ահաբեկչական կազմակերպության» անդամների ու նրանց թաքստոցների առկայության մասին ստացված տեղեկությունների հիման վրա անցկացվելու են ուժային գործողություններ: «Անջատողական ահաբեկչական կազմակերպության անդամներին ձերբակալելու, ժողովրդի կյանքի ու գույքի անվտանգությունն ապահովելու նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 17-ի ժամը 6:00-ից սկսած մինչև հաջորդ հրամանի արձակումը հայտարվում է պարետային ժամ».- ասված է հայտարարության մեջ: Նշենք, որ Թուրքիայում ահաբեկչական է համարվում «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) կոչվող ռազմաքաղաքական կազմակերպությունը:
05:55 - 18 դեկտեմբերի, 2019
Մենք ընտրել ենք այստեղ ապրելը, և դա մեզ Սփյուռքի և Հայաստանի հայերից տարբեր է դարձնում․ Մաշալյան |ermenihaber.am|

Մենք ընտրել ենք այստեղ ապրելը, և դա մեզ Սփյուռքի և Հայաստանի հայերից տարբեր է դարձնում․ Մաշալյան |ermenihaber.am|

ermenihaber.am։ Պոլսո հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել թուրքական «Sabah» թերթին՝ խոսելով նաև ԱՄՆ-ի Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման մասին։ Մաշալյանը բանաձևի ընդունման մասին նշել է. «Կան բաներ, որոնք չպետք է կարևորել։ Խորհրդարաններում անընդհատ ինչ֊որ բանաձևեր են ընդունվում։ Դրանք այնպիսի բաներ չեն, որ մեզ հետաքրքրեն և ուղղակիորեն մեր միջամտությունը պահանջեն։ Որպես Թուրքիայի հայեր` մեզ ցավ է պատճառում, որ 100 տարի առաջ այս հողերում տեղի ունեցած ցավալի դեպքերը այլ երկրների խորհրդարաններում օգտագործվում են որպես ռազմավարական, տնտեսական, քաղաքական ճնշման միջոց։ Մենք ցանկանում ենք, որ այս հողերում տեղի ունեցած խնդրի մասին այս հողերում ապրող մարդիկ խոսեն։ Հատկապես ցանկանում ենք, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները կարգավորվեն, կողմերը կարողանան երկխոսել։ Քանի որ կողմերը միմյանց հետ չեն կարողանում խոսել, խոսելու իրավունքը վերապահվում է երրորդ, չորրորդ կողմերին, օվկիանոսի մյուս կողմում գտնվողներին։ Երանի Հայաստան-Թուրքիա արձանագրությունները հնարավոր լիներ կյանքի կոչել, Վիեննայի հանդիպումները իրականացնել, պատմաբանների համատեղ հանձնաժողովը հիմնել։ Այս ամենը բաներ են, որ մենք պետք է կարգավորենք։ Քանի որ այս ամենը հետաձգվում է, հետևաբար հարցն օգտագործվում է որպես լծակ Թուրքիային ճնշելու համար։ Այս նպատակով ասպարեզ բերված «հայկական թեզը» այնպիսի զգացողություն է առաջացնում, որ մենք պարզապես օգտագործվում ենք։ Սա բարոյական չեմ համարում։ Հարցը քաղաքական կողմ ունի։ Այն մեկնաբանելու հարցը քաղաքական գործիչների գործն է։ Ես քաղաքական գործիչ չեմ։ Որպես հայ համայնք՝ մենք ինտեգրված ենք Թուրքիայի հասարակությանը։ Մենք 100 տարի առաջ տեղի ունեցածը հիշելով մոռացանք, մոռանալով հիշում ենք։ Սա Ստամբուլի հայ համայնքի ընտրությունն է։ Մենք ընտրել ենք այստեղ ապրելը։ Եվ այդ հանգամանքը մեզ Սփյուռքի և Հայաստանի հայերից տարբեր է դարձնում։ Քաղաքական հարցերը, որոնք ծավալվում են Թուրքիայի հայ համայնքից դուրս, կամա թե ակամա մեզ վրա էլ են ազդեցություն թողնում։ Նման հարցերի հրահրումը Թուրքիայում, ավելացնում է ատելության խոսքը»։
08:24 - 16 դեկտեմբերի, 2019
Թուրքիայի պետական այրերի արձագանքը ԱՄՆ-ի Սենատին |ermenihaber.am|

Թուրքիայի պետական այրերի արձագանքը ԱՄՆ-ի Սենատին |ermenihaber.am|

ermenihaber.am: Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ-ի Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Անմիջապես հետևեցին արձագանքները Թուրքիայից: Արագորեն հայտարարություն տարածեց Թուրքիայի արտգործնախարարությունը, արձագանքեցին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը: Եվ արձագանքները դեռ շարունակվում են: Այպիսով ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանն արձագանքեցին Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը, խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը: Վերոնշյալ պաշտոնյաները դատապարտել են որոշման ընդունումը՝ հայտնելով, որ այն Թուրքիայի և թուրք ազգի համար առ ոչինչ է: Նրանք հայտարարություններում կրկնել են վերջին շրջանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած «արխիվների թեզը»: Թուրքիայի փոխնախագահ Օքթայը, նշելով, որ թուրքական արխիվները բաց են գիտնականների և պատմաբանների առջև, շեշտել է. «ԱՄՆ-ի Սենատը այսպես կոչված ցեղասպանության բանաձևի միջոցով փորձում է ստերով նորից պատմություն գրել: Մինչդեռ պատմության իրական վկաները ոչ թե սենատների և խորհրդարանների որոշումներն են, այլ արխիվները»: Պաշտպանության նախարար Աքարը ծայրաստիճան անհիմն է համարել այն, որ պատմական հարցերում որոշումներ են ընդունում քաղաքական գործիչները: Նրա կարծիքով՝ արխիվներն ուսումնասիրելու դեպքում բոլորը կտեսնեն, որ թուրք ազգի պատմությունը մաս-մաքուր է: Արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը համոզմուքն է հայտնել, որ ոչ մի երկիր օգուտ չի քաղի պատմությունը և իրավունքը քաղաքականացնելուց: Նա իր մյուս գործընկերների նման շեշտադրում է արել արխիվներից օգտվելու մտքի վրա՝ նշելով, որ Թուրքիան 1915-ի վերաբերյալ առկա բոլոր տեսակի փաստաթղթերը, արխիվները բացելու պատրաստակամության մասին ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարել է: «Կրկին ասում ենք, որ որպես պետություն բաց ենք այս հարցում գիտնականների առաջ ցանկացած գիտաժողովի և աշխատանքի առումով»: Թուրքիայի խորհրդարանի նախագահ Շենթոփը, անդրադառնալով արխիվների հարցին, հիշեցրել է, որ 2005թ Թուրքիան համատեղ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու և արխիվներն ուսումնասիրելու առաջարկ էր արել Հայաստանին: Ըստ Շենթոփի՝ այդ առաջարկից 15 տարի անց էլ Հայաստանի կարևոր արխիվները փակ են: Նա նաև հարցը դիտարկել է թուրք-ամերիկյան հարաբերությունների համատեքստում՝ նշելով, որ Սենատի որոշումը պետք չէ լուրջ ընդունել, քանի որ ԱՄՆ-ին չեն հետաքրքրում հայերը կամ «1915թ դեպքերը»: Շենթոփի կարծիքով՝ ԱՄՆ-ն ցանկանում է Թուրքիայի հետ բանակցային հարցերում առավելություն ձեռք բերել և դրա համար էլ օգտագործում է ամեն հնարավոր միջոց՝ այդ թվում և հայերին:
06:43 - 14 դեկտեմբերի, 2019
Սա պատմական որոշում է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի համար․ Թուրք ցեղասպանագետ Թաներ Աքչամ |ermenihaber.am|

Սա պատմական որոշում է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի համար․ Թուրք ցեղասպանագետ Թաներ Աքչամ |ermenihaber.am|

ermenihaber.am: Անվանի թուրք պատմաբան և ցեղասպանագետ Թաներ Աքչամը ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող որոշման կայացումից հետո այդ լուրով կիսվել է «Facebook» սոցիալական ցանցում։ Հրապարակմանը կից Աքչամը հետևյալ գրառումն է կատարել․ «ԱՄՆ Կոնգրեսից հետո Սենատն էլ միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը։ Սա պատմական որոշում է։ Ոչ միայն հայերի համար, ողջ Թուրքիայի մարդկության համար էլ սա կարող է շրջադարձային կետ լինել։ Որոշ տեղեր գրում են, թե որոշումը դեռ պետք է հաստատման ուղարկվի և նման բաներ։ Բայց սա հաստատման ենթակա որոշում չէ։ ԱՄՆ կառավարության երեք կարևոր սյուներից երկուսը՝ Կոնգրեսն ու Սենատը, արդեն ճանաչել են Ցեղասպանությունը։ Եվ եթե անգամ Թրամփը պաշտոնապես չօգտագործի ցեղասպանություն բառը, միևնույնն է, իրավաբանության տեսակետից արդեն կարող ենք ասել, որ ԱՄՆ-ը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչումը տարբերվում է այլ երկրների ճանաչումից։ Կարելի է ակնկալել, որ ԱՄՆ դատարաններում արդեն մեկը մյուսի հետևից դատական գործեր կհարուցվեն, որոնք Թուրքիայի համար շատ գլխացավանք կստեղծեն։ Տեսնենք, թե Թուրքիան ինչպես կարձագանքի»։
10:48 - 13 դեկտեմբերի, 2019
Թուրքական կուսակցությունը Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ առաջարկ է ներկայացրել մեջլիս |ermenihaber.am|

Թուրքական կուսակցությունը Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ առաջարկ է ներկայացրել մեջլիս |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ, մեջլիսի պատգամավոր Դենիզ Յավուզյըլմազը հայտարարել է, որ կուսակցության անունից, 40 պատգավորի ստորագրությամբ առաջարկ է ներկայացվել խորհրդարան՝ Հայաստանում գտնվող Մեծամորի ատոմակայանի վտանգները ուսումնասիրելու համար։ Յավուզյըլմազը մեջլիսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Մեծամորի ատոմակայանը Իգդիրից ընդամենը 16 կմ հեռավորության վրա է գտնվում, և ատոմակայանի անվտագնությունը Թուրքիայի և տարածաշրջանի երկրների համար կենսական նշանակություն է կրում։ «Պարզելու համար, թե Մեծամորի խնդիրը մեր երկրի և հարևան երկրների վրա ինչ կործանիչ հետևանքներ կարող է ունենալ, ինչպես նաև խնդրին միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու համար, մենք ԺՀԿ-ի անունից, 40 պատգամավորի ստորագրությամբ խորհրդարանական հետազոտության առաջարկ ենք ներկայացրել»,- ասել է Յավուզյըլմազը։  
12:02 - 12 դեկտեմբերի, 2019
Թուրք լրագրողը եթերում խոսել է Հայոց ցեղասպանության հետ առերեսվելու անհրաժեշտության մասին |ermenihaber.am|

Թուրք լրագրողը եթերում խոսել է Հայոց ցեղասպանության հետ առերեսվելու անհրաժեշտության մասին |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) ներկայացնող լրագրող Նեջդեթ Սարաչը «Halk TV» հեռուստաընկերության եթերում խոսել է Հայոց ցեղասպանության և Թուրքիայում բնակվող հայերի վիճակի մասին։ Սարաչը նշել է, որ իր մանկությունն անցել է Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի Քուրթուլուշ թաղամասում, ինչի շնորհիվ նա հայերի խնդիրներին քաջածանոթ է: «Հայերն իսկապես շատ դժվար կացության մեջ են։ Թուրքիայում շատ դժվար է փոքրամասնություն լինելը, հատկապես այն դեպքում, երբ իրականում մեծաթիվ ու ազդեցիկ համայնք ունես։ Մենք մեր ականջներով ենք լսել «Ներողություն արտահայտությանս համար՝ հայ» ձևակերպումը և դա երբևէ չենք մոռանալու»,- նշել է լրագրողը։ Հիշեցնենք, որ վերոնշյալ արտահայտության հեղինակը Էրդողանն է եղել իր վարչապետության օրորք: Նա հեռուստաեթերից ասել էր, որ ընդդիմությունը զրպարտում է իրեն. «Նրանք ինձ վրացի են անվանում: Ներողություն արտահայտությանս համար, բայց իմ հասցեին ավելի վատ խոսք էլ են ասել. նրանք ինձ «հայ» են անվանել»: Ընդդիմադիր լրագրող նաև հավելել է, որ երբեմն մոռանալը ցանկալի էլ չէ, քանի որ որոշ բաներ իսկապես հիշել է պետք: «Մի քիչ պիտի ընդլայնենք մեր մտահորիզոնը։ Գերմանիայի կանցլեր Մերկելը Լեհաստանում այցելել էր Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի հուշահամալիր։ Նա այնտեղ շատ կարևոր մի բան ասաց, բառացիորեն հետևյալը․ «Այս վայրը գերմանացիներն են ղեկավարել, և մենք չպետք է մոռանանք առերեսվել այս պատմության հետ, պիտի հիշեցնենք»,- նկատել է տվել Սարաչը և շարունակել. «Իսկ մեզ մոտ միշտ խուսափում են այս թեմայից, ասում են․ «Աման, էդ հարցերին մի խառնվեք»։ Բայց քանի դեռ չես հիշեցնում, երեսով չես տալիս, այս հարցերը չեն բարձրանում գիտակցության մակարդակ»: Թուրք լրագրողը նաև ուշադրություն է հրավիրել հատկապես այն հանգամանքի վրա, որ Մերկելը նման հայտարարություն է արել՝ լինելով բավական պահպանողական քրիստոնյա–դեմոկրատական կուսակցության առաջնորդ։ Խոսելով սեփական անցյալի հետ առերեսվելու անհրաժեշտությունից՝ Սարաչը նաև հիշեցրել է Գերմանիայի նախկին վարչապետ Վիլլի Բրանդի մասին, ով 1970թ․ դեկտեմբերի 7-ին Վարշավայի հրեական գետտոյի զոհերի հուշարձանի առջև ծնկաչոք ներություն էր խնդրել հրեաներից՝ նացիստական Գերմանիայի իրականացրած Հոլոքոստի համար։  
11:06 - 12 դեկտեմբերի, 2019
Սիրիացի փախստականների համար Թուրքիային տրամադրվել է 2.3 մլրդ եվրո․ Եվրահանձնաժողով |ermenihaber.am|

Սիրիացի փախստականների համար Թուրքիային տրամադրվել է 2.3 մլրդ եվրո․ Եվրահանձնաժողով |ermenihaber.am|

ermenihaber.am: Եվրահանձնաժողովը հայտարարություն է տարածել, որ սիրիացի փախստականների համար նախատեսված 6 մլրդ եվրոյից 2.7 միլիարդն արդեն հատկացվել է Թուրքիային: Ըստ հայտարարության` Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականների համար նախատեսվում է 6 մլրդ եվրո հատկացվել, որից 4.3 մլրդ եվրոյի շուրջ համաձայնագիրն արդեն ստորագրվել է, իսկ 2.3 մլրդ եվրոյի փոխանցումը Թուրքիային արդեն իրականացվել է: Սպասվում է, որ 2019թ. ավարտին ԵՄ-ն Թուրքիային տրամադրվող ֆինանսական աջակցությունը կհասցնի մինչև 3 մլրդ եվրոյի, իսկ 2020թ. ավարտին այդ ցուցանիշը կկազմի 4 մլրդ: Հատկացված գումարի ամբողջական վճարման վերջնական տարեթիվը սահմանվել է 2025 թվականը: 2016թ. Թուրքիայի և ԵՄ-ի միջև ստորագրվել է փախստականների հարցերի շուրջ համաձայնագիր, որով ԵՄ-ն պետք է Թուրքիային տրամադրեր 6 մլրդ եվրո ֆինանսական աջակցություն:
10:31 - 12 դեկտեմբերի, 2019
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկվել են նաև ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր |tert.am|

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկվել են նաև ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կողմ են արտահայտվել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարին ուղղված համաձայնեցված ջանքերի ակտիվացմանը: «Հատուկ ուշադրություն է դարձվել Սիրիայում տիրող իրավիճակին: Առաջնորդներն ընդգծել են Իդլիբում և Սիրիայի հյուսիսային շրջաններում փոխգործակցության մասին ռուս-թուրքական պայմանավորվածությունների լիակատար իրագործման անհրաժեշտությունը»,- ТАСС գործակալությունը մեջբերում է Կրեմլի հաղորդագրությունը: Անդրադառնալով երկկողմ գործընկերության հարցերին՝ Պուտինն ու Էրդողանն ուշադրությունը կենտրոնացրել են էներգետիկայի և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության համատեղ ծրագրերի հետագա իրականացման վրա: Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ:
05:17 - 12 դեկտեմբերի, 2019
«Անկարան չի ընդունի բալթյան երկրների պաշտպանությանն ուղղված ՆԱՏՕ-ի ծրագիրը, քանի դեռ դաշինքը չի ընդունել Թուրքիային ահաբեկչական վտանգից պաշտպանելու ծրագիր». Չավուշօղլու |tert.am|

«Անկարան չի ընդունի բալթյան երկրների պաշտպանությանն ուղղված ՆԱՏՕ-ի ծրագիրը, քանի դեռ դաշինքը չի ընդունել Թուրքիային ահաբեկչական վտանգից պաշտպանելու ծրագիր». Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան չի աջակցի բալթյան երկրների և Լեհաստանի պաշտպանությանն ուղղված ՆԱՏՕ-ի ծրագրին, քանի դեռ դաշինքը չի ընդունել «Թուրքիային ահաբեկչական սպառնալիքից» պաշտպանելու մասին ծրագիր: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը: «Մենք ստիպված էինք արգելափակել բալթյան երկրների մասին որոշումը: Ե՛վ մեր ծրագիրը, և՛ բալթյան երկրների ծրագիրը սպասում է հաստատման: Քանի դեռ չի հաստատվել մեր ծրագիրը, մյուս ծրագիրը նույնպես չի հաստատվի: Երկու ծրագրերն էլ պետք է հաստատվեն միաժամանակ: ՆԱՏՕ-ն պարտավոր է պաշտպանել Թուրքիային այնպես, ինչպես բալթյան երկրներին»,-ասել է Չավուշօղլուն:   Նա հավելել է, որ Թուրքիայի անվտանգությունը պակաս կարևոր չէ, քան բալթյան երկրների անվտանգությունը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա լիտվացի գործընկեր Գիտանաս Նաուսեդայի հանդիպումից հետո Անկարան որոշել էր ընդունել Լեհաստանի և բալթյան երկրների պաշտպանությանն ուղղված ՆԱՏՕ-ի ծրագիրը: Այս մասին հայտարարել էր նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:  
11:56 - 11 դեկտեմբերի, 2019
Էրդողանը հայտնել է, որ Պուտինը Թուրքիա կայցելի հունվարի 8-ին |ermenihaber.am|

Էրդողանը հայտնել է, որ Պուտինը Թուրքիա կայցելի հունվարի 8-ին |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ hայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Թուրքիա կատարելիք այցի ժամկետները: Էրդողանը նշել է, որ Պուտինը 2020թ. հունվարի 8-ին մեկնելու է Ստամբուլ, որտեղ կմասնակցի «Թուրքական հոսք» գազատարի բացման արարողությանը: Լրագրողի «Լիբիայի հարցում ի՞նչ դիրքորոշում ունի Ռուսաստանը» հարցին ի պատասխան, Էրդողանը նշել է, որ այդ թեմայի շուրջ այս շաբաթ ցանկանում է հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ: Թուրքիայի նախագահի խոսքով` քանի դեռ Լիբիայի հարցը «նոր սիրիական խնդրի» չի վերածվել, ցանկանում է Ռուսաստանի հետ քննարկել Լիբիայի ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի հարցը: Նշենք, որ Լիբիայում 8 տարի է` երկիշխանությունը է: Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունն ունի Արևմուտքի աջակցությունը, իսկ Հաֆթարի բանակը` Ռուսաստանի:
08:30 - 10 դեկտեմբերի, 2019
«Թուրքիայի ու Լիբիայի միջև կնքված պայմանագիրը սպառնալիք չէ այլ երկրների համար».Թուրքիայի ՊՆ |ermenihaber.am|

«Թուրքիայի ու Լիբիայի միջև կնքված պայմանագիրը սպառնալիք չէ այլ երկրների համար».Թուրքիայի ՊՆ |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի ու Լիբիայի միջև կնքված ծովային պայմանագիրը սպառնալիք չէ այլ երկրների համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ անդրադառնալով նշյալ պայմանագրի վերաբերյալ Հունաստանի հակազդեցությանը: «Սա երկրների իրավունքների ոտնահարում չէ: Սա 2 ինքնիշխան պետությունների իրավունքների շրջանակներում ստորագրված համաձայնության հուշագիր է»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը: Աքարը նշել է, որ իրենք շարունակելու են վճռականորեն պաշտպանել իրենց իրավունքներն ու շահերը Էգեյան ծովում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում ու Կիպրոսում: Նշենք, որ Թուրքիայի և Լիբիայի միջև Միջերկրական ծովի տարածքում գազի որոնողական և հորատման աշխատանքների շուրջ ձեռք բերված համաձայնությունը պատճառ է դարձել Հունաստանի և Լիբիայի, ինչպես նաև Հունաստանի ու Թուրքիայի միջև լարվածության աճի։ Փաստացիորեն Թուրքիայի ու Լիբիայի ծովային սահմանները որոշող ու միաժամանակ այդ սահմաններում 2 երկրներին տնտեսական գործունեություն իրականացնելու իրավունք տվող երկկողմանի համաձայնագրում ներառված ջրային տարածքն անցնում է անմիջապես հունական կղզիների կողքով:
11:21 - 09 դեկտեմբերի, 2019
Թուրքիայում դատարանը մերժել է պատրիարքական ընտրության վերաբերյալ Սիմոն Չեքեմի ներկայացրած հայցը |ermenihaber.am|

Թուրքիայում դատարանը մերժել է պատրիարքական ընտրության վերաբերյալ Սիմոն Չեքեմի ներկայացրած հայցը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 24-ին Պոլսի հայոց պատրիարքարան էր ուղարկել պատրիարքի ընտրության նոր կանոնադրությունը, որով սահմանափակվում էր արտասահմանաբնակ եպիսկոպոսների մասնակցությունը ընտրություններին: 85-րդ պատրիարքի ընտրությունը կազմակերպող Նախաձեռնարկ մարմինը որոշում էր կայացրել չբողոքարկել հիշյալ կանոնադրությունը: Կանոնադրությամբ պարտադրվող սահմանափակումը որոշակի դժգոհություն է առաջացրել պոլսահայ համայնքում, ինչպես նաև Նախաձեռնարկ մարմնի կազմում, ինչի հետևանքով վերջինիս անդամներից մի քանիսը հրաժարական են տվել: Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Երեք խորան հայկական եկեղեցուն առընթեր թաղային խորհրդի անդամ Սիմոն Չեքեմը Թուրքիայի ներքին գործերի նախարարության և Ստամբուլի նահանգապետարանի դեմ դատական հայց է ներկայացրել՝ նշելով, որ պատրիարքի ընտրությունները կազմակերպող Նախաձեռնարկ մարմինը չի կատարել իր ստանձնած պարտավորությունները: Աղբյուրի փոխանցմամբ` դատարանը մերժել է Սիմոն Չեքեմի հայցը՝ նշելով, որ Նախաձեռնարկ մարմինը չի ձևավորվել Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից և բողոքը պետք է ներկայացնել Նախաձեռնարկ մարմնի դեմ, այլ ոչ թե նախարարության: Սիմոն Չեքեմի կողմից ներկայացված դատական հայցում նշվել է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարության հրապարակած կանոնադրությամբ սահմանափակվում է արտասահմանաբնակ եպիսկոպոսների մասնակցությունը Պոլսի հայոց պատրիարքի ընտրություններում: «Մինչ այդ նման սահմանափակում չի եղել և թեկնածություն առաջադրելու հնարավորություն էր ընձեռվում այն եպիսկոպոսներին, որոնք հոգևոր ծառայություն էին իրականացնում արտասահմանում և որոնց հայրերը ծնունդով Թուրքիայից էին: Դրանով կանխել են արտասահմանաբնակ թեկնածունների առաջադրումը»,-նշել է նա: Ըստ դատական հայցի` Նախաձեռնարկ մարմինը, չնայած վերոնշյալ սահմանափակմանը, որոշում է ընդունել շարունակել պատրիարքական ընտրությունների գործընթացը և չի կատարել իր պարտավորությունները:
08:11 - 04 դեկտեմբերի, 2019