ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Մնացականյանն ու Լավրովը Աշխաբադում քննարկել են ղարաբաղյան կարգավորումը

Մնացականյանն ու Լավրովը Աշխաբադում քննարկել են ղարաբաղյան կարգավորումը

Աշխաբադում ընթացող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի եզրույթներում հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը: «Երկուստեք կարևորվեց բարձր մակարդակում ծավալվող ինտենսիվ երկխոսությունը, և անդրադարձ կատարվեց երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ոլորտային խորհրդակցություններին: «Գոհացնող է մեր երկխոսության, մեր փոխհարաբերությունների բարձր մակարդակը, մենք ակտիվորեն համագործակցում ենք նաև միջազգային օրակարգի հարցերի շուրջ: Երևանում կայացած ԵԱՏՄ գագաթաժողովը լավ հնարավորություն էր ամենաբարձր մակարդակով անդրադառնալու այդ ինտեգրացիոն հարթակի հետագա զարգացման հեռանկարներին»,- նշեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին հայ-ռուսական դաշնակցային օրակարգային, բազմակողմ հարթակներում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ և այլն, ինչպես նաև ինտեգրացիոն գործընթացներում համագործակցությանն առնչվող տարաբնույթ հարցերի շուրջ: Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրներ, այդ թվում՝ Սիրիայում տեղի ունեցող վերջին՝ Թուրքիայի գործողություններով պայմանավորված զարգացումները:Հանդիպմանն արծարծվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը»,- ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։
06:15 - 11 հոկտեմբերի, 2019
Հայաստանը դատապարտում է Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա

Հայաստանը դատապարտում է Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա

Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։ Հատկապես մտահոգիչ իրավիճակ է ստեղծվում ազգային և կրոնական փոքրամասնությունների համար: Այս ռազմական ներխուժումը ստեղծում է նաև ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր և զանգվածային խախտումների անմիջական վտանգ։ Հայաստանը կոչ է անում գործադրել գործուն միջազգային ջանքեր այս ռազմական ներխուժումը դադարեցնելու, զանգվածային վայրագությունները կանխելու և Թուրքիային սահմանակից Սիրիայի բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ։ Հայաստանն աջակցում է Սիրիայի միասնությանը և ինքնիշխանությանը և կոչ է անում զերծ մնալ Սիրիայի և նրա ժողովրդի դեմ ռազմական ոտնձգություններից: Հայաստանը կշարունակի տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերել բարեկամ Սիրիայի ժողովրդին։
05:29 - 10 հոկտեմբերի, 2019
Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային օրակարգին առնչվող մի շարք հրատապ հարցեր

Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային օրակարգին առնչվող մի շարք հրատապ հարցեր

Հոկտեմբերի 9-ին, Աշխաբադում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին ընդառաջ, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Թուրքմենստանի իր գործընկերոջ՝ Ռաշիդ Մերեդովի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը: Արտգործնախարարները շնորհավորել են միմյանց` Հայաստանի և Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 27-ամյակի կապակցությամբ՝ երկուստեք կարևորելով համաժողովի շրջանակում երկկողմ ձևաչափով հանդիպման անցկացումը՝ որպես ևս մեկ քայլ՝ ուղղված երկու երկրների դարավոր բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանը նշել է. «Հայաստանի և Թուրքմենստանի միջև հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և պատմական խորը արմատներ, և դրանք մենք զարգացնում ենք մեծ պատասխանատվությամբ: Մենք ունենք համագործակցության տարբեր հարթակներ, մեր երկրների միջև երկխոսությունը շարունակվում է առաջին դեմքերի մակարդակով»: Հայաստանի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարները գոհունակություն են հայտնել պարբերաբար տեղի ունեցող բարձրաստիճան փոխայցելությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների կապակցությամբ: Կողմերն անդրադարձել են ԱՊՀ գործունեությանը և նրա առջև ծառացած մի շարք օրակարգային խնդիրների: Արտգործնախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Փոխադարձաբար ընդգծվել է առևտրատնտեսական կապերի, ոլորտային համագործակցության ծրագրերի իրականացման և գործարար, մշակութային շփումների աշխուժացման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկումը: Այս գործընթացում կարևորվել է Թուրքմենստանի հայ համայնքի դերակատարությունը: Նախարարները նաև երկուստեք գոհունակություն են հայտնել երկու երկրների տարածքում պահվող համապատասխանաբար հայկական և թուրքմենական պատմամշակութային ժառանգության և հուշարձանների նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի առնչությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքների շուրջ և հույս հայտնել, որ վերջինիս անցկացումը նոր լիցք կհաղորդի երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանը: Զոհրաբ Մնացականյանը և Ռաշիդ Մերեդովը բարձր են գնահատել միջազգային կառույցների շրջանակներում երկու երկրների միջև հաստատված փոխշահավետ համագործակցությունը և փոխադարձ աջակցությունը: Հանդիպմանն արծարծվել են միջազգային և տարածաշրջանային օրակարգին առնչվող մի շարք հրատապ հարցեր:
05:26 - 10 հոկտեմբերի, 2019
ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի ելույթին

ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի ելույթին

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն է տարածել «Վալդայ» համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի վերաբերյալ: «Ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջանի նախագահի խոսքում որևէ նոր բան չկար: Ադրբեջանի որդեգրած առավելապաշտական դիրքորոշումը, որը մշտական և հիմնական վտանգ է հանդիսանում խաղաղ գործընթացի համար, շարունակում է անփոփոխ մնալ՝ չնայած կողմերի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածություններին, որոնք ենթադրում էին ժողովուրդներին խաղաղության նախապատրաստում: Հենց այդ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառությունն առավել գործնական հարթություն բերելու նպատակին էր ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված բանաձևը, համաձայն որի՝ հանգուցալուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Այս բանաձևն ուղղված է բոլոր կողմերի համար փոխզիջումների գաղափարն ընդունելի դարձնելուն, խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման գործում հասարակություններին ներգրավմանը, ինչպես նաև իրենց ժողովուրդների առջև ղեկավարների պատասխանատվության և հաշվետվողականության ամրագրմանը: Պատասխանելով հայկական կողմի այս առաջարկությանը՝ Ադրբեջանի նախագահը որևէ հղում չկատարեց տարածաշրջանի ժողովուրդների համար խաղաղ կարգավորման անհրաժեշտությանը, այլև նույնիսկ կասկածի տակ դրեց սեփական պատմական հայրենիքում ապրող Արցախի ժողովրդի գոյության փաստը: ԼՂ հիմնահարցում իր առավելապաշտական մոտեցման հիմնավորման համար Ադրբեջանը մշտապես գործի է դրել Արցախի և ընդհանրապես հայ ժողովրդի ապամարդկայնացման հռետորաբանություն: Այդ ապամարդկայնացման դրսևորումներից են Ադրբեջանի նախագահի կողմից Ռամիլ Սաֆարովի ներումը և հերոսացումը, Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի ժամանակ խաղաղ բնակչության և զինծառայողների հանդեպ իրականացված վայրագությունները, Արցախի՝ Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող տարածքների հայաթափումը և Ադրբեջանի տարածքում հայկական պատմական ներկայության և հետքի վերացումը: Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները և Արցախի ժողովրդի ապամարդկայնացումն անվտանգության գոյաբանական սպառնալիք են ստեղծում Արցախի ժողովրդի համար: Դրան արդյունավետ դիմակայելը համահայկական խնդիր է, ինչը լավագույնս ձևակերպված է Ստեփանակերտում օգոստոսի 5-ին Արցախի ժողովրդի առջև ՀՀ իշխանությունների ստանձնած հանձնառությամբ: Հայաստանը վստահ է, որ խնդրի խաղաղ կարգավորումը և տարածաշրջանում ժողովրդավարության հաղթանակն այլընտրանք չունեն և այդ տեսակետից կարևորում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացումը»:
12:57 - 04 հոկտեմբերի, 2019
ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Կիևի ձևակերպումները չեն նպաստում խաղաղ կարգավորման գործընթացին. ՀՀ ԱԳՆ |aysor.am|

ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Կիևի ձևակերպումները չեն նպաստում խաղաղ կարգավորման գործընթացին. ՀՀ ԱԳՆ |aysor.am|

aysor.am։ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ պաշտոնական Կիևի ձևակերպումները չեն նպաստում խաղաղ կարգավորման գործընթացին, ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:«ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ բոլոր ձևակերպումները, որոնք հակասում են միջնորդության միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևակերպումներին և միակողմանի բնույթ են կրում, չեն նպաստում խաղաղ կարգավորման գործընթացին», - նշեց Նաղդալյանը:Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը` հաշվի առնելով գործընկերների բազմաթիվ դիմումները, հայտարարություն էր տարածել Արցախ, Աբխազիա կամ Հարավային Օսիա այցելությունների կարգի մասին, վերահաստատելով ավելի վաղ արված հայտարարությունը։Կիևը զգուշացրել էր իր քաղաքացիներին՝ Արցախ, Աբխազիա կամ Հարավային Օսիա այցելելիս առաջնորդվել Ադրբեջանի և Վրաստանի օրենսդրությամբ։ «Ուկրաինայի արտգործնախարարությունը իր քաղաքացիներին հետևողականորեն խորհուրդ է տալիս Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացված տարածքներ այցելելու որոշում կայացնելիս առաջնորդվել Ադրբեջանի և Վրաստանի օրենսդրությամբ: Այդ օրենսդրության խախտումը ենթադրում է վարչական և քրեական պատասխանատվություն», - մասնավորապես ասված է Ուկրաինայի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։Պաշտոնական Կիևի հայտարության մեջ նշված է Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի և Հարավային Օսիայի, համապատասխանաբար, Ադրբեջանին և Վրաստանին պատկանելության մասին։
09:09 - 30 սեպտեմբերի, 2019
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Սիրիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Վալիդ Ալ Մուալեմի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Սիրիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Վալիդ Ալ Մուալեմի հետ

Սեպտեմբերի 27-ին՝ ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Սիրիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Վալիդ Ալ Մուալեմին: Նախարարներն ընդգծեցին հայ-սիրիական բազմադարյա բարեկամությունը՝ երկու երկրների հարաբերություններում մեծապես կարևորելով հայ համայնքի դերակատարությունը: Այս համատեքստում ՀՀ արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց Վալիդ Ալ Մուալեմին սիրիահայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի և հոգատարության համար: Նախարար Մնացականյանը նշեց, որ պայմանավորված մերձավորարևելյան տարածաշրջանում պատմականորեն ունեցած կապերով և տարածաշրջանում հայ համայնքի ներկայությամբ՝ Հայաստանը մշտապես ուշադրությամբ է հետևում տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և փորձում է իր նպաստը բերել խաղաղասիրական նախաձեռնություններին: Այս համատեքստում երկուստեք բարձր գնահատվեց Հայաստանի կողմից Սիրիայի ժողովրդին ցուցաբերված հումանիտար աջակցությունը և տեղում մարդասիրական առաքելության իրականացումը: Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը ողջունում է Սիրիայի սահմանադրական կոմիտեի ձևավորումը՝ որպես կարևոր քայլ Սիրիայի ժողովրդի համար խաղաղության հստատմանն ուղղված քաղաքական գործընթացի համար։ Նախարար Մնացականյանը նաև բարձր գնահատեց դրանում նաև հայ համայնքի ներկայացուցչի ընդգրկում:
06:54 - 28 սեպտեմբերի, 2019
Հայաստանը պատրաստվում է ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացին

Հայաստանը պատրաստվում է ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացին

Սեպտեմբերի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի շրջանակում ներկայացվելիք ՀՀ երրորդ զեկույցի նախագծի քննարկումը՝ ՀՀ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը՝ անդրադառնալով մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված ՀՀ կառավարության քայլերին և վերահաստատելով ՀՀ պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով զբաղվող կառույցների հետ՝ ապահովելու համար երկրի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների լիարժեք կատարումը: ԱԳՆ Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանը ներկայացրեց զեկույցի նախապատրաստման հետ կապված երկրներին ներկայացվող պահանջները: Մասնակիցները քննարկեցին զեկույցի նախագիծն ըստ ներկայացված ոլորտների, այդ թվում, անդրադարձան Հայաստանում իրականացվող օրենսդրական և դատաիրավական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, կայուն զարգացմանն ու մի շարք այլ խնդիրների: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հնչեցրին ուշադրության արժանի մի շարք հարցեր, ինչպես նաև ներկայացրին իրենց առաջարկները զեկույցի նախագծում ընդգրկելու համար: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ զեկույցի վերաբերյալ արված դիտարկումներն ու առաջարկները կներկայացվեն նաև գրավոր: 2020 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կներկայացնի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) իր երրորդ շրջանի ազգային զեկույցը: ՀՊԴ ընթացակարգը հնարավորություն է ստեղծում յուրաքանչյուր երկրի համար ներկայացնելու իր կողմից ձեռնարկած այն քայլերը, որոնք ուղղված են տվյալ երկրում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանն ու այս ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացմանը: Բացի ազգային զեկույցից ՀՊԴ ընթացակարգի շրջանակներում ներկայացվում են ևս երկու զեկույցներ, որոնք հիմնված են հասարակական կազմակերպությունների և մարդու իրավունքների ոլորտում աշխատող միջազգային մոնիթորինգային մարմինների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի պայմանագրային մարմինների և հատուկ ընթացակարգերի կողմից երկրին ներկայացված առաջարկների վրա:
05:48 - 27 սեպտեմբերի, 2019
Զոհրաբ Մնացականյանը ռումինացի պաշտոնակցի հետ քննարկել է Արևելյան գործընկերության զարգացման հեռանկարը

Զոհրաբ Մնացականյանը ռումինացի պաշտոնակցի հետ քննարկել է Արևելյան գործընկերության զարգացման հեռանկարը

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Ռումինիայի նորանշանակ ԱԳ նախարար Ռամոնա Մանեսկուի հետ։ Շնորհավորելով Ռամոնա Մանեսկուին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթելով իր պատասխանատու առաքելությունում՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը արժևորում է Ռումինիայի հետ դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները։ Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց շարունակել գործուն քայլեր ձեռնարկել փոխշահավետ համագործակցության ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ՝ բարձրաստիճան փոխայցերի և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման, խորհրդարանական ձևաչափում շփումների ակտիվացման միջոցով։ Անդրադարձ կատարելով երկկողմ բազմաոլորտ համագործակցությանը՝ զրուցակիցները որպես կարևոր ուղղություններ առանձնացրեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, նորարարության, խելացի զարգացման, մշակույթի, գիտության և գյուղատնտեսության ոլորտները։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն այդ առնչությամբ կարևորեցին Բուխարեստի և Երևանի միջև ուղիղ չվերթների հաստատումը՝ որպես կարևոր քայլ՝ ուղղված երկու երկրների միջև զբոսաշրջային, առևտրատնտեսական, մշակութային կապերի և մարդկանց միջև շփումների ամրապնդմանն ու աշխուժացմանը: Զոհրաբ Մնացականյանը և Ռամոնա Մանեսկուն բարձր գնահատեցին նաև Ռումինիայի հասարակական-քաղաքական կյանքում հայ համայնքի ակտիվ դերակատարությունը՝ որպես երկու երկրները միմյանց կամրջող կարևորագույն օղակ։ Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն հայտնեց Ռումինիայի ԱԳ նախարարին՝ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած հոգատար և ջերմ վերաբերմունքի համար: Հայաստան-ԵՄ փոխգործակցության համատեքստում նախարար Մնացականյանն անդրադարձ կատարեց ԵՄ և ԵՄ երկրների հետ համագործակցության իրավական հենք հանդիսացող փաստաթղթի՝ ՀԸԳՀ-ի կիրարկմանը։ ԱԳ նսխարարները մտքեր փոխանակեցին Արևելյան գործընկերության և նախաձեռնության զարգացման հեռանկարի շուրջ։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իր ռումինացի գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները և հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները։
05:15 - 26 սեպտեմբերի, 2019
Մամեդյարովի հետ հանդիպմանը Զոհրաբ Մնացականյանը անհրաժեշտ է համարել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների հայրենադարձության ապահովումը

Մամեդյարովի հետ հանդիպմանը Զոհրաբ Մնացականյանը անհրաժեշտ է համարել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների հայրենադարձության ապահովումը

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Զրուցակիցները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացին առնչվող հարցերի շրջանակ և գնահատեցին ներկա իրավիճակը։ ՀՀ ԱԳ նախարարը բարձր գնահատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը: Քննարկման ընթացքում հայկական կողմը կարևորեց զինադադարի ամրապնդման և լարվածության նվազեցման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրումը՝ ներառյալ համապատասխան մեխանիզմների ներդրման և ամրապնդման միջոցով։ Ընդգծվեց նաև վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ հետևողական քայլերի անրաժեշտությունը, այդ թվում՝ նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման միջոցով: Ադրբեջանի տարածքում կալանքի մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների առնչությամբ՝ հայկական կողմը շեշտեց վերջիններիս հայրենադարձության ապահովման անհրաժեշտությունը: Խաղաղ գործընթացի առաջմղման տեսակետից նախարար Մնացականյանը կարևորեց կարգավորման շրջանակում կողմերի ստանձնելիք հանձնառությունների համաչափության ապահովումը՝ վերահաստատելով գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները։ Կողմերը նախանշեցին այս ուղղությամբ հետագա քայլերը, այդ թվում՝ համանախագահների այցը տարածաշրջան և մոտ ժամանակներում ԱԳ նախարարների մակարդակով հերթական հանդիպման անցկացումը։
08:04 - 24 սեպտեմբերի, 2019
Զոհրաբ Մնացականյանը Եվրահանձնաժողովի ներկայացուցչի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզը

Զոհրաբ Մնացականյանը Եվրահանձնաժողովի ներկայացուցչի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզը

Սեպտեմբերի 19-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովի գլխավորած պատվիրակությանը։ԱԳՆ-ից հայտնում են, որ ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ արձանագրեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Եվրամիության հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը եւ գործընկերության համապարփակ շրջանակը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանն արժեւորում է ԵՄ կողմից երկրի զարգացման օրակարգի խթանմանը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանն ուղղված շարունակական եւ հետեւողական աջակցությունը։Երկուստեք ընդգծվեց Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը՝ որպես ԵՄ եւ ԵՄ անդամ երկրների հետ ՀՀ հարաբերությունների զարգացման կարեւորագույն խթան: Կողմերը մտքեր փոխանակեցին համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։ ԱԳ նախարար Մնացականյանը եւ Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Մատերնովը հանգամանալից անդրադարձ կատարեցին կառավարության կողմից ձեռնարկված բարեփոխումների օրակարգին, Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ ՀՀ տեսակետներին։ Որպես կառավարության գերակա նպատակ՝ նախարարն առանձնացրեց դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ նշելով, որ Հայաստանը բարձր է գնահատում այս ոլորտում միջազգային գործընկերների կողմից ցուցաբերվող փորձագիտական աջակցությունը եւ վերջինիս արդյունավետ համակարգումը:Արեւելյան գործընկերության նախաձեռնության 10-ամյակի առնչությամբ զրուցակիցները համոզմունք հայտնեցին, որ Արեւելյան գործընկերությունն ընդհանուր արժեքների եւ սկզբունքների վրա հիմնված լավ հարթակ է Եվրոպական Միության եւ արեւելյան վեց գործընկեր երկրների միջեւ փոխգործակցության զարգացման եւ ընդլայնման առումով: Այդ համատքեստում կողմերը մտքեր փոխանակեցին նաեւ նախաձեռնության զարգացման տեսլականի շուրջ:
06:52 - 20 սեպտեմբերի, 2019
Հայաստանում Սվիտալսկիին փոխարինեց Անդրեա Վիկտորինին

Հայաստանում Սվիտալսկիին փոխարինեց Անդրեա Վիկտորինին

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին՝ վերջինիս հավատարմագրերի պատճենն ընդունելու առթիվ։ Նախարար Մնացականյանը շնորհավորեց ԵՄ դեսպանին կարևոր և պատասխանատու առաքելության ստանձնման կապակցությամբ՝ ընդգծելով վստահությունն առ այն, որ դեսպանն իր դիվանագիտական ծառայությամբ կնպաստի ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանն ու զարգացմանը։ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը դեսպանին ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից որդեգրված բարեփոխումների հավակնոտ օրակարգը՝ ընդգծելով դրա կյանքի կոչման հարցում ԵՄ աջակցության կարևորությունը։ Զրուցակիցները քննարկեցին ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, անդրադարձ կատարվեց առաջիկա բարձրաստիճան փոխայցերին, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և դրա կիրարկման ճանապարհային քարտեզին։ Ընդգծվեց մարդկանց միջև շփումների խթանմանն ուղղված գործնական քայլերի նախաձեռնման կարևորությունը։ Տեղի ունեցավ մտքերի փոխանակում նաև Արևելյան գործընկերության 2020թ.-ից անդին օրակարգի համատեղ մշակման շուրջ։ ԱԳ նախարարն անդրադարձավ հոկտեմբերի 9-ին Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված երևանյան համաժողովի նախապտրաստական աշխատանքներին։
12:54 - 13 սեպտեմբերի, 2019
Հայաստանը մշտապես բարձրաձայնում է ՀԱՊԿ երկրների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մտահոգությունները |armenpress.am|

Հայաստանը մշտապես բարձրաձայնում է ՀԱՊԿ երկրների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մտահոգությունները |armenpress.am|

armenpress.am։ Ադրբեջանին զենքի վաճառքի հարցում ՀԱՊԿ որոշ անդամ պետությունների ներգրավվածության մասին Հայաստանի մտահոգությունները բարձրաձայնվել են: Սեպտեմբերի 13-ին այս մասին ասաց արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը, պատասխանելով հարցին, թե որն է Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի անդամ պետությունների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցում:«Մենք մշտապես առնչվում ենք այդ հարցին: Ադրբեջանին զենքի վաճառքի հարցում ՀԱՊԿ որոշ անդամ պետությունների ներգրավվածության մասին մեր մտահոգությունները հետևողականորեն բարձրաձայնվել են: Մեր դիրքորոշումն այն է, որ դա բացասական ազդեցություն ունի ինչպես կառույցի հեղինակությանը, այնպես էլ համագործակցության վրա: Կարող եմ վստահեցնել, որ մեր մտահոգությունները լսելի են»,- ասաց Նաղդալյանը:
12:18 - 13 սեպտեմբերի, 2019
ԱԳՆ-ն արձագանքում է ՀԱՊԿ-ում Ադրբեջանի դիտորդ լինելու մասին ՌԴ փոխվարչապետի հայտարարությանը |aysor.am|

ԱԳՆ-ն արձագանքում է ՀԱՊԿ-ում Ադրբեջանի դիտորդ լինելու մասին ՌԴ փոխվարչապետի հայտարարությանը |aysor.am|

aysor.am: Կա ՀԱՊԿ կանոնադրություն, որտեղ հստակ ամրագրված են և՛ դիտորդի, և՛ գործընկերոջ չափանիշները, Արտաքին գործերի նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց խոսնակ Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով նախօրեին Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովի հայտարարությանը, թե Ռուսաստանը դեմ չէ, որ Ադրբեջանը դիտորդի կարգավիճակ ստանա ՀԱՊԿ-ում։«Դիտորդի կարգավիճակին հավակնող երկրները պետք է ունենան դիվանագիտական հարաբերություններ անդամ բոլոր երկրների հետ։ Մենք հետևել ենք բոլոր մեկնաբանություններին և հնչած տարբեր դիրքորոշումներին, բայց հստակ պետք է արձանագրենք՝ կա կանոնադրություն, կան հստակ ամրագրված դրույթներ, և կա ՀԱՊԿ սկզբունքը, որ որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա։ Ուստի առանց Հայաստանի համաձայնության, ցանկացած մեկնաբանություն, դիրքորոշում, կմնա միայն որպես այդպիսին», - ասաց Աննա Նաղդալյանը։ Հարցին, թե այդ հայտարարությունը չի հակասում Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական հարաբերություններին, Նաղդալյանն արձագանքեց, թե կան հստակ չափանիշներ, որոնց պետք է բավարարել։
09:00 - 13 սեպտեմբերի, 2019