ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի շուրջ համագործակցությանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի շուրջ համագործակցությանը վերաբերող հարցեր

Մարտի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հեռախոսային տեսաքննարկում է (WeChat հավելվածի միջոցով) անցկացրել ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիեն Ըրլունի հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանում և Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին, տեղեկատվություն են փոխանակել այս ուղղությամբ երկու երկրների կառավարությունների կողմից ձեռնարկվող քայլերի շուրջ: Երկուստեք գոհունակություն է արտահայտվել նոր տիպի կորոնովիրուսի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանի և Չինաստանի միջև հաստատված սերտ համագործակցության կապակցությամբ: Նախարարի տեղակալ Ադոնցը շնորհակալություն է հայտնել դեսպան Թիեն Ըրլունին ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության օգնությամբ ՀՀ առողջապահության նախարարությանն անհատույց տրամադրված 1008 հատ նոր տիպի կորոնովիրուսի թեստերի համար, որոնք օրերս հասել են Հայաստան: Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ և ՉԺՀ միջև մուտքի արտոնագրի պահանջը ժամանակավոր չեղարկող համաձայնագրի գործողության դադարեցման ներկայիս ժամկետը (ս.թ. մարտի 31) երկարաձգելու կապակցությամբ և պայմանավորվել սերտ կապ պահպանել տվյալ հարցի կապակցությամբ՝ համակարգելով երկու կողմից ձեռնարկվող քայլերը: ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել այն փաստը, որ չինական կողմը շարունակաբար կիսվում է նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումների իր լավագույն փորձով: Նա կարևորել է Չինաստանի կողմից համավարակի դեմ պայքարի վերաբերյալ գիտելիքի առցանց տեղեկատվական հարթակի ստեղծումը (Knowledge Center for China’s Experiences in Response to COVID-19), ինչպես նաև ՉԺՀ Ճըծյանգ նահանգի առաջին բժշկական համալսարանական հիվանդանոցի կողմից նոր տիպի կորոնավիրուսի կանխարգելման և բուժման մասին ձեռնարկի կազմումը, որի վերաբերյալ տեղեկատվությունը վերջին շրջանում փոխանցվել է ՀՀ առողջապահության նախարարությանը: Կողմերը քննարկել են նաև բժշկական հատուկ արտահագուստի, դիմակների և թոքերի արհեստական օդափոխության սարքերի մատակարարումների հետ կապված հարցեր: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը խնդրել է չինական կողմին շարունակել այս ուղղությամբ տրամադրվող աջակցությունը: Դեսպան Թիենը նշել է, որ Չինաստանը պատրաստ է Հայաստանին հավելյալ աջակցություն ցուցաբերել՝ անհատույց տրամադրելով բժշկական հատուկ արտահագուստ և թոքերի արհեստական օդափոխության սարքեր 110.000 ԱՄՆ դոլարի չափով:  Դեսպան Թիենն ընդգծել է չինական կողմի պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը հայկական կողմի հետ նոր տիպի կորոնովիրուսի դեմ պայքարի հետ կապված տարաբնույթ խնդիրների լուծման ուղղությամբ՝ ընդգծելով համավարակի դեմ հաղթանակ տանելու հարցում միջազգային մակարդակում միասնականության և համերաշխության դրսևորումը։
15:22 - 23 մարտի, 2020
ՀՀ քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների մուտքը ՀՀ՝ առանց սահմանափակումների․ ԱԳՆ

ՀՀ քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների մուտքը ՀՀ՝ առանց սահմանափակումների․ ԱԳՆ

Մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ դրությամբ պայմանավորված՝ սահմանափակվում է այն օտարերկրացիների մուտքը Հայաստան, ովքեր ժամանում են կորոնավիրուսի էպիդեմիկ բարձր ռիսկային երկրներից /տարածքներից/ կամ այցելել են այդ երկրներ /տարածքներ/ Հայաստան ժամանելուց առնվազն 14 օր առաջ: Ինչպես հաղորդում է ԱԳՆ-ն, մարտի 22-ի դրությամբ այդպիսի երկրների ցանկում են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ավստրալիայի Միությունը, Եվրոպական Միության անդամ պետությունները (Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իռլանդիա, Իսպանիա, Իտալիա, Լատվիա, Լեհաստան, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Խորվաթիա, Կիպրոս, Հունաստան, Հունգարիա, Մալթա, Նիդերլանդներ, Շվեդիա, Չեխիա, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա), Շվեյցարիան, Նորվեգիան, Թուրքիան, Չինաստանը, Իրանը, Կորեայի Հանրապետությունը, Իսրայելը, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ռուսաստանի Դաշնությունը, Վրաստանը:  «Խնդրում ենք նկատի ունենալ, որ վերը նշված ցանկը ենթակա է փոփոխման: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք թույլ է տրվում առանց սահմանափակումների:  ՀՀ քաղաքացիները չեն կարողանա լքել Հայաստանի տարածքը ցամաքով, բացառությամբ բեռնափոխադրող մեքենաների վարորդները: Հայաստան ժամանելիս սահմանային անցակետերում ՀՀ քաղաքացիները և օտարերկրացիները անցնելու են ինտենսիվ զննման ընթացակարգեր, և համապատասխան համախտանիշների հայտնաբերման պարագայում տվյալ անձի/անձանց նկատմամբ կիրառվելու հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) և/կամ այլ սահմանափակող միջոցառումներ:  Կորոնավիրուսի համաճարակի բարձր ռիսկային գոտու երկրներից ժամանողների նկատմամբ կիրառվելու են պարտադիր ինքնամեկուսացման կամ հատուկ նախատեսված կարանտինային տարածքներում կարանտինային ռեժիմներ»,- ասված է հաղորդագրությունում։
12:42 - 23 մարտի, 2020
Վերին Լարսի անցակետում գտնված ՀՀ քաղաքացիների մեկանգամյա տեղափոխումը իրականացվել է 5 ավտոբուսներով և 4 միկրոավտոբուսներով. ԱԳՆ մամուլի խոսնակ

Վերին Լարսի անցակետում գտնված ՀՀ քաղաքացիների մեկանգամյա տեղափոխումը իրականացվել է 5 ավտոբուսներով և 4 միկրոավտոբուսներով. ԱԳՆ մամուլի խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունը Վերին Լարսի անցակետում իրավիճակի վերաբերյալ: Եվս մեկ անգամ հայտնում ենք, որ Վրաստանի կառավարության որոշման համաձայն` օտարերկրացիները, ներառյալ՝ ՀՀ քաղաքացիները, չեն կարող մուտք գործել Վրաստանի տարածք, այդ թվում Վերին Լարսի անցակետով: Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնատարների, ինչպես նաև ՌԴ և Վրաստանի տարածքից հայրենադարձվող Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացիների համար: Հավելենք, որ Ռուսաստանի և Վրաստանի մեր գործընկերների հետ վարած բանակցությունների և մեր գործընկերների բարի կամքի շնորհիվ հնարավոր է եղել ապահովել մարտի 20-ի ժամը 20:00 դրությամբ Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված մոտ 140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան` Վրաստանի տարածքով: ՀՀ քաղաքացիների մեկանգամյա տեղափոխումը իրականացվել է 5 ավտոբուսներով և 4 միկրոավտոբուսներով, իսկ ՀՀ քաղաքացիների մարդատար ավտոմեքենաները Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով տեղակայվել են շուրջօրյա վերահսկողություն ունեցող հատուկ կայանատեղիում: Կրկին ընդգծենք, որ այս տեղափոխությունը կատարվել է բացառության կարգով, և ՀՀ-ի և Վրաստանի միջև ցամաքային սահմանը փակ է ուղևորների համար: Ինչպես նշել էինք, արդեն երրորդ օրն է Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը գտնվում էր Վերին Լարսի անցակետում, որտեղ համակարգում էր ՀՀ քաղաքացիներին սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու աշխատանքները, պատասխանում էր ՀՀ քաղաքացիներին հուզող հարցերին և աջակցում վերջիններիս առջև ծառացած այլ խնդիրների հասցեագրմանը: Շնորհակալ ենք ճգնաժամային իրավիճակում հայտնված բոլոր այն քաղաքացիներին, որոնք ցուցաբերել են ողջամտություն և ըմբռնում, և դրանով իսկ աջակցել են մեր դիվանագետների աշխատանքին: Կոչ ենք անում նմանատիպ իրավիճակներում հայտնված մեր բոլոր քաղաքացիներին հանդես բերել քաղաքացիական բարձր գիտակցություն, չտրվել առանձին սադրանքների և չխանգարել մեր դիվանագետների աշխատանքը, որը միտված է նախ և առաջ ճգնաժամային իրավիճակի հաղթահարմանը:
20:04 - 21 մարտի, 2020
Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար օգտվել բացառապես օդային ուղիներից

Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար օգտվել բացառապես օդային ուղիներից

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով շարունակում է փակ մնալ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։ Հիշեցնում ենք, որ Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ մարտի 18-ից սկսած բոլոր արտասահմանցիների մուտքը Վրաստան արգելված է: Հետևաբար նույնիսկ եղանակային պայմանների բարելավման և դեպի Լարս տանող ավտոճանապարհի բացման պարագայում ռուս-վրացական սահմանը հնարավորություն կունենան հատել միայն բեռնատարները և իրենց հայրենիք վերադարձող Վրաստանի և ՌԴ քաղաքացիները։ Վերին Լարսի անցակետն անժամկետ փակ է օտարերկրացիների համար։ Եվս մեկ անգամ հորդորում ենք մեր քաղաքացիներին Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար օգտվել բացառապես օդային ուղիներից, մասնավորապես՝ մոտակա Կրասնոդար և Դոնի Ռոստով քաղաքների օդանավակայաններից»:
14:33 - 19 մարտի, 2020
Ֆրանսիայում գտվող ՀՀ քաղաքացիները Հայաստան կարող են վերադառնալ Air France-ի առաջիկա չվերթով․ Աննա Նաղդալյան

Ֆրանսիայում գտվող ՀՀ քաղաքացիները Հայաստան կարող են վերադառնալ Air France-ի առաջիկա չվերթով․ Աննա Նաղդալյան

Երեկ ԱԳՆ-ն եւս մեկ անգամ քաղաքացիներին կոչ արեց զերծ մնալ արտասահմանյան ուղեւորությունների իրականացումից, սակայն, ամեն դեպքում, մեր այն քաղաքացիներին, որոնք պետք է կատարեն որոշակի ուղեւորություն, կոչ ենք անում մշտական կապ պահպանել մեր դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, որոնք հասանելի են 24 ժամ։ Կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Նա նշեց, որ այն երկրներում, որտեղ չունենք դիվանագիտական ներկայացուցչություն, մեր քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել ԱԳՆ-ի հետ՝ 055 620 111 հեռախոսահամարով։ Ի դեպ, այսօրվանից ուժի մեջ է մտել ՀՀ եւ ՌԴ կառավարությունների համապատասխան որոշումը, որով սահմանափակվում է երկու երկրների միջեւ ցամաքային եւ օդային հաղորդակցությունը։ Սահմանափակումը, ինչպես շեշտեց Նաղդալյանը, չի վերաբերում բեռնափոխադրումներին։ Որոշմամբ՝ ՌԴ մեր քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաեւ անձինք, որոնք չունեն ՀՀ քաղաքացիություն, սակայն ունեն ՀՀ-ում օրինական հիմքերով բնկավելու իրավունք, կարող են վերադառնալ ՀՀ։ Այսօրվանից ուժի մեջ է մտել նաեւ Վրաստանի կառավարության համապատասխան որոշումը, որով արգելք է դրվում Վրաստանի տարածք օտարերկրյա քաղաքացիների մուտքի վրա։ Իսկ մեր եւ Վրաստանի կառավարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին․ ԱԳՆ խոսնակի պնդմամբ՝ դրանք իրականացվում են անխափան։ Աննա Նաղդալյանը վստահեցրեց, որ Վերին Լարսի անցակետի փակումը պայմանավորված է բացառապես եղանակային պայմաններով եւ առատ ձյան առկայությամբ։ Նա նշեց, որ երբ եղանակային պայմանները կբարելավվեն, հայ բեռնատարները, որոնք բեռնափոխադրումներ են իրականացնում Հայաստան-Վրաստան, Վրաստան-ՌԴ ուղղությամբ, կկարողանան անխափան իրականացնել իրենց գործունեությունը։ ԱԳՆ մամուլի խոսնակն ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ երեկ ԵՄ անդամ երկրների ղեկավարները հավանության են արժանացրել Եվրոպական հանձնաժողովի նախագահի ներկայացրած ծրագրին, որով 30 օր ժամկետով արգելափակվում է օտարերկրացիների մուտքը ԵՄ+ տարածք՝ ԵՄ երկրներ, շենգենյան գոտու անդամ երկրներ, Շվեյցարիա, Իսլանդիա, Նորվեգիա եւ Լիխտենշտեյն․ «Այս սահմանափակման առումով մեր քաղաքացիներին հորդորում ենք ձեռնպահ մնալ վերոնշյալ տարածքներ այցելելու մտադրությունից»։ Իսկ մարտի 19-ին կայանալու է Շարմ Էլ Շեյխ-Երեւան վերջին չվերթը։ ԱԳՆ-ն տվյալներ չունի, թե երբ է կայանալու հաջորդ չվերթը։ Ուստի հորդորում են մեր քաղաքացիներին, որոնք պլանավորում են վերադառնալ այնտեղից, անպայման օգտվել այդ չվերթից։ Հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանն էլ նշեց, որ բոլոր հյուպատոսություններում ունենք թեժ գծեր, որոնք աշխատում են նաեւ Viber, Whatsapp հավելվածներով, որոնցով քաղաքացիները կարող են կապ հաստատել արտակարգ դրության ընթացքում։ Գիծը 52 կետերում գործում է անխափան։ Քաղաքացիներին հորդորում են որեւէ ծանր իրավիճակում գտնվելու դեպքում անհապաղ կապ հաստատել դեսպանությունների եւ հյուպատոսությունների հետ։ Ավետիսյանն ասաց, որ այժմ կանոնավոր չվերթներ են գործում Ռոստովից, Պյատիգորսկից, Մինվոդից, հնարավորության դեպքում նաեւ Մոսկվայից։ Քաղաքացիներին կոչ են անում Վերին Լարսի անցակետին չմոտենալ, օգտվել օդային ճանապարհից։ Հյուպատոսական վարչության պետն ասաց, որ իրենք մշտական կապ են պահպանում Թուրքիայում գտվող մեր քաղաքացիների հետ։ Համապատասխան որոշում գտնելուց հետո կփորձեն աջակցել մեր քաղաքացիներին․ «Թուրքիայում գտնվող մեր քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել ՀՀ ԱԳՆ-ի հետ՝ ցանկացած միջոցներով՝ զանգով կամ առցանց»։ Ի պատասխան լրագրողի հարցի, թե ինչո՞ւ Իտալիայից ոչ բոլոր ՀՀ քաղաքացիները վերադարձան, չցանկացա՞ն, Աննա Նաղդալյանն ասաց, որ այն պահից, երբ հայտարարվել էր, որ Իտալիայից վերադարձող մեր քաղաքացիները ՀՀ-ում անցկացնելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմ, քաղաքացիների մեծ մասը նախընտրել է չվերադառնալ հայրենիք, կամ եղել են դեպքեր, երբ նախընտրել են փնտրել հայրենիք վերադառնալու այլընտրանքային ուղիներ՝ երրրոդ երկրներով, բայց իրենք էլ են վարադառնալուց հետո ենթարկվել կարանտինային ռեժիմի։ Նաղդալյանն ասաց, որ Ֆրանսիայում գտվող ՀՀ քաղաքացիները Հայաստան կարող են վերադառնալ Air France-ի առաջիկա չվերթով։ Այնտեղ դեռեւս կան հասանելի տոմսեր։ Իսկ դրսում գտնվող մեր հայրենակիցներին հորդորում են առաջինը կապ հաստատել նախ հյուպատոսարանների, ԱԳՆ-ի հետ, ապա նոր լրատվամիջոցների, քանի որ իրենք պետք է կարողանան իրականացնել ճիշտ գնահատում եւ կայացնել որոշումներ։
17:14 - 18 մարտի, 2020
ՀՀ քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս խստագույնս զերծ մնալ արտասահմանյան ուղևորություններ իրականացնելուց․ ԱԳՆ

ՀՀ քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս խստագույնս զերծ մնալ արտասահմանյան ուղևորություններ իրականացնելուց․ ԱԳՆ

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) լայն աշխարհագրական տարածումը՝ ՀՀ քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս խստագույնս զերծ մնալ արտասահմանյան ուղևորություններ իրականացնելուց: Ներկայումս արտերկիր մեկնել պատրաստվող ՀՀ քաղաքացիներին հայտնում ենք, որ ձեր ուղևորությունը կարող է ընդհատվել՝ հաշվի առնելով տարբեր երկրների կողմից նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) հետագա տարածման կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները և դրա արդյունքում տվյալ երկրի/երկրների կողմից ներդրվող ճամփորդության սահմանափակումները: ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր պլանավորում են օտարերկրյա պետությունից վերադառնալ Հայաստան, հորդորում ենք մինչ վերջնական որոշում կայացնելը մանրակրկիտ վերստուգել թռիչքների և տարանցիկ հնարավորությունների առկությունը՝ իրավիճակը սթափ գնահատելու և Հայաստան վերադառնալու կամ տվյալ երկրում մնալու վերաբերյալ խելամիտ որոշում կայացնելու համար: ԱԳՆ-ն և արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինները մշտապես կտրամադրեն թարմացվող տեղեկատվություն ճամփորդության հնարավորությունների և տարբեր երկրների կողմից կիրառվող սահմանափակումների վերաբերյալ: ՀՀ-ը իր դիվանագիտական ծառայության ողջ ներուժը ներդնում է արտերկրում գտնվող մեր քաղաքացիների կողքին լինելու և առավելագույնս օժանդակելու համար:  
15:34 - 17 մարտի, 2020
Խորհուրդներ ճամփորդներին՝ կապված նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման ներկա իրավիճակի հետ

Խորհուրդներ ճամփորդներին՝ կապված նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման ներկա իրավիճակի հետ

Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին, առանց հրատապ անհրաժեշտության, սահմանափակել արտասահմանյան իրենց ուղևորությունները:  Այնուամենայնիվ ուղևորություն կազմակերպելիս առաջնորդվել Առողջապահության միջազգային կազմակերպության` վարակի տարածման վերաբերյալ վիճակագրությամբ և ժամանակավորապես խուսափել այցելել վարակի տարածման երկրներ, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Կորեայի Հանրապետություն, Ճապոնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ և ԵՄ և այլ եվրոպական երկրներ (առավելապես՝ Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Շվեյցարիա, Նորվեգիա, Դանիա, Շվեդիա, Նիդերլանդներ, Միացյալ Թագավորություն, Բելգիա և Ավստրիա) այցելություններից:  Վերոնշյալ երկրներում գտնվելու կամ այցելելու պարագայում հորդորում ենք հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ տվյալ երկրի համապատասխան իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին, կապ հաստատել տեղում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ։ Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները, կախված ժամանման երկրից/երկրներից պետք է ենթարկվեն 14-օրյա ինքնամեկուսացման, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում: Միաժամանակ հորդորում ենք արտերկրում գտնվող և/կամ արտերկիր ուղևորություն նախատեսող ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման, որն այժմ հնարավոր է իրականացնել նաև հյուպատոսական հաշվառման ավտոմատացված համակարգի միջոցով https://www.mfa.am/hy/consular-registration/:
12:41 - 16 մարտի, 2020
ՀՀ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս սահմանափակել արտասահմանյան ուղևորությունները

ՀՀ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս սահմանափակել արտասահմանյան ուղևորությունները

Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում է սահմանափակել արտասահմանյան ուղևորությունները, եթե չկա  հրատապ անհրաժեշտության։  Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ուղևորություն կազմակերպելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել Առողջապահության միջազգային կազմակերպության` վարակի տարածման վերաբերյալ վիճակագրությամբ և ժամանակավորապես խուսափել այցելել վարակի տարածման երկրներ, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Կորեայի Հանրապետություն, Ճապոնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ և ԵՄ և այլ եվրոպական երկրներ (առավելապես՝ Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Շվեյցարիա, Նորվեգիա, Դանիա, Շվեդիա, Նիդերլանդներ, Միացյալ Թագավորություն, Բելգիա և Ավստրիա) այցելություններից:  «Վերոնշյալ երկրներում գտնվելու կամ այցելելու պարագայում հորդորում ենք հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ տվյալ երկրի համապատասխան իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին, կապ հաստատել տեղում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ։ Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները, կախված ժամանման երկրից/երկրներից պետք է  ենթարկվեն 14-օրյա ինքնամեկուսացման, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում: Միաժամանակ հորդորում ենք արտերկրում գտնվող և/կամ արտերկիր ուղևորություն նախատեսող ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման, որն այժմ հնարավոր է իրականացնել նաև հյուպատոսական հաշվառման ավտոմատացված համակարգի միջոցով https://www.mfa.am/hy/consular-registration/»,- ասվում է հաղորդագրության մեջ:
12:04 - 15 մարտի, 2020
Պատմությունն ու ժողովրդավարությունն Ադրբեջանի ուժեղ կողմերը չեն. ԱԳՆ խոսնակը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ին |tert.am|

Պատմությունն ու ժողովրդավարությունն Ադրբեջանի ուժեղ կողմերը չեն. ԱԳՆ խոսնակը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ին |tert.am|

tert.am: Խորհուրդ կտամ Հայաստանի հանդեպ պատմական պահանջներ դնելուց առաջ ձեռնպահ մնալ «պատմական Ադրբեջան» արտահայտության կիրառումից: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակին և պատասխանելով վերջինիս հայտարարության հետ կապված հարցին: Հարցն ու պատասխանը ներկայացնում ենք ստորև. Հարց. Ադրբեջանի արտգործանախարարության խոսնակն արձագանքել է Ձեր՝ նախօրեին տարածված մեկնաբանությանը: Այս հայտարարության մեջ կրկին տեղ են գտել տարածքային, պատմական պահանջներ, ինչպես նաև բացասական գնահատականներ են տրվել ՀՀ-ում ներքաղաքական և ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ: Միևնույն ժամանակ Ձեր համառոտ արձագանքները, ըստ ադրբեջանական կողմի, արտացոլում են հայկական կողմի սահմանափակ մտածելակերպը: Կարիք կա մեկնաբանության: Պատասխան. Կա, բայց շատ համառոտ: Ես չեմ համարում, որ բառերի քանակը որևէ ձևով կարող են վկայել արտահայտվող մտքի ճշմարտացիությունը և արժեքը: Դրա լավագույն օրինակը հենց Ադրբեջանի ԱԳ խոսնակի հայտարարությունն է, որտեղ փորձ է կատարվում փաստարկների բացակայությունը քողարկել իրականության հետ աղերս չունեցող բառակույտերով: Այդ տեսակետից կուզենայի անդրադառնալ երկու կետի՝ պատմությանը և ժողովրդավարությանը: Ընդհանրապես կուզենայի խորհուրդ տալ Հայաստանի հանդեպ պատմական պահանջներ դնելուց առաջ ձեռնպահ մնալ «պատմական Ադրբեջան» արտահայտության կիրառումից: Հարավային Կովկասի տարածքում Ադրբեջան անվանումն ունի միայն մեկդարյա պատմություն թե՛ քաղաքական, և թե՛ անգամ աշխարհագրական առումներով, իսկ ադրբեջանցիներ անվանման կիրառումը դրանից էլ նոր է: Մենք հասկանում ենք, որ այդ երկրում վերջին հարյուր տարում ընթացել և ընթանում է նոր ինքնության ձևավորման գործընթաց, որին մենք չենք ցանկանում միջամտել, սակայն դա չի նշանակում, որ ժամանակ առ ժամանակ չենք կարող չհիշեցնել, որ պատմությունն Ադրբեջանի ուժեղ կողմը չէ: Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, ապա հավանաբար այս հարցում ևս մենք ադրբեջանական կողմի հետ ունենք խիստ տարբերվող պատկերացումներ: Օրինակ, մենք չենք կարող համարել, որ իշխանության փոխանցումը մեկ ընտանիքի տարբեր անդամների միջև ժողովրդավարական պրակտիկայի մաս է կազմում: Ադրբեջանի ցածր ժողովրդավարական չափանիշների վերաբերյալ մեր գնահատականը շարունակաբար հաստատվում է նաև տարբեր միջազգային դերակատարների կողմից, որոնք գնահատում են մարդու իրավունքների և ժողովրդավարության վիճակը տարբեր ինդեքսների միջոցով: Այս դեպքում նույնպես պետք է փաստենք, որ ժողովրդավարությունը ևս Ադրբեջանի ուժեղ կողմը չէ: Վերջում կուզենայինք ընդգծել, որ խորապես հավատում ենք, որ անգամ առկա ընկալումների տարբերությունների դեպքում հնարավոր է պահպանել շփումների հարգալից տոնայնությունը և այս մաղթանքը հասցեագրում ենք նաև ադրբեջանական կողմին»:
11:43 - 15 մարտի, 2020
Բաքվի հրաժարումը «տարածքային ամբողջականության» պատրանքներից կօգնի խաղաղ գործընթացին. ԱՀ ԱԳՆ

Բաքվի հրաժարումը «տարածքային ամբողջականության» պատրանքներից կօգնի խաղաղ գործընթացին. ԱՀ ԱԳՆ

Բաքվի հրաժարումը իր «տարածքային ամբողջականությունը» վերականգնելու պատրանքներից կօգնի շարունակել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը։ Այս մասին նշված է Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության՝ հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի սադրանքների արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ մարտի 11-ի հայտարարության վերաբերյալ մեկնաբանության մեջ։  «Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի սադրանքների արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ՝ ս.թ. մարտի 11-ի մեկնաբանության հետ կապված անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը.Պաշտոնական Բաքուն փորձում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությամբ արդարացնելու ադրբեջանական զինված ուժերի կողմից մարտի 6-ին և 10-ին իրականացված սադրանքները, ինչը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանման իրենց հանձնառությունների կատարման հարցում Ադրբեջանի իշխանությունների անպատասխանատու քաղաքականության հերթական օրինակն է: Բաքվի նմանատիպ դիրքորոշումը ևս մեկ անգամ վկայում է, որ սադրանքները կրում էին դիտավորյալ բնույթ և ուղղված էին անկայունության գոտու ընդլայնմանը:Ավելին, Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանությունը պարունակում է մեղադրանքներ, որոնք միտումնավոր աղավաղում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատճառահետևանքային կապերը: Հակամարտությունը ծագել է Արցախի ժողովրդի՝ իր ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման խաղաղ ձգտումն ուժի միջոցով ճնշելու Ադրբեջանի փորձերի արդյունքում: Սկզբից, նպատակ ունենալով ահաբեկել արցախցիներին, ադրբեջանական իշխանությունները Սումգայիթում, Բաքվում, Մինգեչաուրում և Ադրբեջանի այլ քաղաքներում, ինչպես նաև Հյուսիսային Արցախի բնակավայրերում ծրագրել և իրականացրել են հայ բնակչության կոտորածներ, էթնիկ զտումներ և տեղահանություն։ Չկարողանալով կոտրել արցախցիների կամքի ուժը՝ Ադրբեջանի իշխանությունները սանձազերծեցին տոտալ պատերազմ՝ ոչնչացնելու Արցախի Հանրապետությունն ու նրա բնակչությունը։ Այս պատերազմի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը՝ որպես ռազմական գործողությունների և դրանց հետևողական էսկալացիայի նախաձեռնող:Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը, որը սկսվել է Արցախի ժողովուրդի  իրավունքների զանգվածային խախտումներով, շարունակվում է մինչ օրս հենց այն պատճառով, որ ադրբեջանական կողմը չի կամենում հրաժարվել իր ապակառուցողական քաղաքականությունից, որը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության սպառնալիքների հիմնական աղբյուրն է: Բաքվի հրաժարումը իր «տարածքային ամբողջականությունը» վերականգնելու պատրանքներից կօգնի շարունակել խաղաղ գործընթացը»,- ասվում է մեկնաբանության մեջ։
19:56 - 13 մարտի, 2020
Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների առկա խիստ ցածր չափանիշները լրջորեն խոչընդոտում են ԼՂ խաղաղ գործընթացի առաջմղմանը. Աննա Նաղդալյան

Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների առկա խիստ ցածր չափանիշները լրջորեն խոչընդոտում են ԼՂ խաղաղ գործընթացի առաջմղմանը. Աննա Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է  Ադրբեջանի նախագահի՝ խորհրդարանում հնչեցրած ելույթը։ «Ադրբեջանի նախագահը նորանշանակ խորհրդարանի բացման նիստին հանդես է եկել ընդարձակ ելույթով, որում հերթական անգամ տեղ են գտել Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ ատելության խոսքի հստակ դրսևորումներ: Վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքների լեգիտիմության ցածր մակարդակը, քաղաքական և ժողովրդավարական բարեփոխումներ կատարելու անկարողությունը Ադրբեջանի իշխանությունները փորձում են քողարկել ագրեսիվ, անհիմն և մտացածին պնդումներով, որոնք Հայաստանից և հայ ժողովրդից բացի ուղղվում են նաև եվրոպական երկրներին, եվրոպական կառույցներին, Ադրբեջանում ընտրությունները դիտարկած միջազգային դիտորդական առաքելությանը:  Հատկապես մտահոգիչ է, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է իր անհիմն մեղադրանքներում խաղարկել կրոնական քարտը՝ մի կողմից եվրոպական երկրներին մեղադրելով կրոնական հողի վրա միգրանտների իրավունքների խախտումների մեջ, իսկ մյուս կողմից՝ կրոնական համերաշխության կոչեր անելով  ԼՂ հակամարտության համատեքստում:  Ադրբեջանի նախագահի կողմից պատմական և աշխարհագրական նոր ‹‹հայտնագործություններով›› ուղեկցվող հայ ժողովրդի հանդեպ թշնամանքի քարոզը արմատապես հակասում է վերջին շրջանում խաղաղության համար բարենպաստ միջավայր ձևավորելու և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու Ադրբեջանի հանձնառություններին: Այս տեսակետից պետք է փաստել, որ Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների առկա խիստ ցածր չափանիշները լրջորեն խոչընդոտում են ԼՂ խաղաղ գործընթացի առաջմղմանը, մասնավորապես այդ գործընթացի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը:    Սեփական լեգիտիմությունը հարևան ժողովրդի հանդեպ ատելության և միջազգային համայնքի հանդեպ անվստահության վրա կառուցելու Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության փորձերն անպատասխանատու են և կարող են վտանգել տարածաշրջանի խաղաղությունը և անվտանգությունը», - ասված է ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունում։
11:55 - 13 մարտի, 2020
Զսպվածություն դրսևորել և ձեռնպահ մնալ ուժի կիրառումից․ ՌԴ ԱԳՆ կոչը |civilnet.am|

Զսպվածություն դրսևորել և ձեռնպահ մնալ ուժի կիրառումից․ ՌԴ ԱԳՆ կոչը |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մարտի 12-ի ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին տեղի ունեցած միջադեպերին։ «Ցավոք սրտի, սահմանին և շփման գծում շարունակվում են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, ինչի հետևանքով կան սպանվածներ և վիրավորներ։ Կոչ ենք անում կողմերին դրսևորել զսպվածություն, ձեռնպահ մնալ ուժի կիրառումից, խթանել բանակցային գործընթացը, որը միտված է քաղաքական ճանապարհով կարգավորման հասնելուն»,- ասել է Զախարովան։ Նա ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին և նշել, որ ռուսաստանյան կողմը շարունակելու է հետևել այդ թեմային և մեկնաբանել այն։Մարտի 10-ին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի նախիջևանյան հատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վնասվածք էր ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1984թ.):
18:26 - 12 մարտի, 2020