Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Ադրբեջանի նպատակը տարածքներն են՝ ոչ թե բուն ԼՂ հիմնախնդրի կարգավորումը. Ճապոնիայում ՀՀ դեսպան

 |armenpress.am|

Ադրբեջանի նպատակը տարածքներն են՝ ոչ թե բուն ԼՂ հիմնախնդրի կարգավորումը. Ճապոնիայում ՀՀ դեսպան |armenpress.am|

armenpress.am:  Ճապոնական առաջատար լրատվամիջոցներից մեկում՝ «Mainichi» օրաթերթում հոդված է հրապարակվել ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրության վերաբերյալ, որտեղ ներառվել են Ճապոնիայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների մեկնաբանությունները:  «Արմենպրես»-ը ներկայացրում է հոդվածի ոչ պաշտոնական թարգմանությունը։ Հոդվածագրի ներածական հատվածը «Սեպտեմբերի 27-ից Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվում է ռազմական առճակատումը ԼՂ-ի շուրջ, որը գտնվում է նախկին խորհրդային երկիր Ադրբեջանի տարածքում, սակայն փաստացի վերահսկվում է հայերի կողմից։ Խնդրի շուրջ մենք խոսել ենք Ճապոնիայում Ադրբեջանի դեսպան Գյուրսել Իսմայիլզադեի և Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանի հետ։ Ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի և ԼՂ-ի սահմանին։ Թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը հայտարարում են, թե հակառակորդ կողմն է առաջինը կրակ բացել։ Սեպտեմբերի 29-ին Հայաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ հակամարտության գոտում աշխատում են Թուրքիայի կործանիչները, որոնք հարվածել են հայկական գրոհիչին և օդաչուն զոհվել է։ Թուրքիան և Ադրբեջանը հերքում են նշված տեղեկատվությունը։ Կողմերը չեն գնում երկխոսության՝ փոխադարձաբար մեղադրելով իրար և հայտարարելով, որ հարվածներ են հասցվում նաև անմիջապես երկու երկրների տարածքներին։ Ռազմական գործողությունների սկզբից ի վեր կողմերը հայտարարել են ավելի քան հարյուր զոհերի մասին։ Նշված հակամարտությունն սկսվել է դեռևս 1988 թվականին՝ խորհրդային շրջանում։ Այն ժամանակ Ադրբեջանի տարածք հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչության մեծամասնություն կազմող հայերը հանդես եկան Հայաստանին միանալու ցանկությամբ, ինչից հետո կոնֆլիկտ սկսվեց տեղական բնակչության և Ադրբեջանի միջև, որին ներքաշվեց նաև Հայաստանը։ Պատերազմի հետևանքով զոհվեց ավելի քան քսան հազար մարդ։ 1994 թվականին հաստատվեց հրադադար, հայկական ուժերը մինչ օրս շարունակում են վերահսկել նշված տարածքները»։ Ճապոնիայում Ադրբեջանի դեսպանի խոսքը․ «2019 թվականին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղը՝ Հայաստան է» և եղան կոչեր ԼՂ-ից բացի «նոր տարածքներ» վերցնելու։ Հայաստանի կառավարությունը փորձում է ժողովրդի դժգոհությունը, որը ձևավորվել է այդ թվում նաև նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով, տարբեր ձևերով փոշիացնել, ինչպես, օրինակ, դա եղավ հուլիսյան գործողությունների ժամանակ։ Այս պատերազմում մենք սկսել ենք հակահարձակում, որպեսզի պաշտպանենք մեր տարածքը և բնակչությանն օկուպանտներից։ Հայաստանը պնդում է, որ մեր ընկեր Թուրքիան խառնվել է մարտական գործողություններին, սակայն նման փաստեր գոյություն չունեն։ Թուրքիան պարզապես ասել է, որ Ադրբեջանի կողքին է և պատրաստ է աջակցել։ Հայաստանը Սիրիայից ահաբեկիչներ է ուղարկում ԼՂ, որպեսզի ապատեղեկատվություն տարածի և ստանա ՌԴ-ի կողմից ղեկավարվող ՀԱՊԿ-ի աջակցությունը, որի անդամ է հանդիսանում նաև ՀՀ-ն։ Ինչ վերաբերվում է ԼՂ-ին, ապա 1993 թվականին ՄԱԿ ԱԽ-ն չորս բանաձև է ընդունել՝ կոչ անելով դուրս բերել հայկական զորքերը և վերադարձնել ադրբեջանական տարածքները։ Այս պատերազմում հարձակման է ենթարկվել նաև Ադրբեջանի խաղաղ բնակչությունը։ Մենք կողմ ենք միջազգային իրավունքի հիման վրա խնդիրի կարգավորմանը, բայց քանի դեռ հայկական կողմը պնդում է ԼՂ-ի անկախության վրա, բանակցություններն անիմաստ են։ Հայաստանը տեղահանել է ԼՂ-ում բնակվող ադրբեջանցիներին, իսկ մենք չեն տեղահանում տեղացի հայերին։ Միջազգային հանրությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ն ու Ճապոնիան պետք է ավելի շատ ճնշում գործադրեն Հայաստանի վրա»։ Կարդալ ավելին՝ armenpress.am-ում։
23:29 - 02 հոկտեմբերի, 2020
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունները

 |armenpress.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունները |armenpress.am|

armenpress.am: Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը համոզված է` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ամերիկայի ձայն»-ին ասել է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը: Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ խորապես ցավում է, որ կողմերը շարունակում են ռազմական գործողությունները՝ չնայած միջազգային հանրության, այդ թվում` իր և ԵԱՀԿ համանախագահների կողմից հրադադարի բազմիցս հնչեցրած կոչերին: Նա կողմերին կոչ է անում արել դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները: Ըստ խոսնակի՝ գլխավոր քարտուղարը համոզված է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Նա շեշտել է, որ ռազմական գործողությունների շարունակումը միայն ավելի է խորացնելու մարդկային տառապանքները, և, որ երկխոսությունը հակամարտության կայուն և տևական լուծման միակ ճանապարհն է: Գլխավոր քարտուղարը նաև կրկնել է Գերագույն հանձնակատար Բաչելետի սեպտեմբերի 29-ի հայտարարությունը, և կոչ արել բոլոր կողմերին` հարգել միջազգային մարդու իրավունքները և մարդասիրական օրենքները: Գլխավոր քարտուղարը հիշեցրել է երկու կողմերի ղեկավարություններին, որ քաղաքացիական անձինք և ենթակառուցվածքները պետք է մշտապես պաշտպանված լինեն:
23:28 - 02 հոկտեմբերի, 2020
Մենք դեռ չենք կիրառել մեր ողջ պոտենցիալը․ Արծրուն Հովհաննիսյան

Մենք դեռ չենք կիրառել մեր ողջ պոտենցիալը․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանն էլ է քարոզ իրականացնում, իր «հաղթանակները» ներկայացնում, բայց, եթե էդպես լիներ, մենք կտեսնեինք մասսայաբար ժամկետային զինծառայողների ստորաբաժանումների կիրառություն, որը չենք տեսնում։ Հանրային հեռուստաընկերության եթերում տված հարցազրույցի ընթացքում ասաց Արծրուն Հովհաննիսյանը և հավելեց․ «Եթե Ադրբեջանը ունենար գրավված բնակավայր, իր քարոզչական մեքենայով որպես ձեռքբերումը ցույց չէր տա երկու ուրալ մեքենա։ Ուրիշ ի՞նչ են ցույց տվել 7 օրվա ընթացքում»։ Հովհաննիսյանն նշեց, որ մեր բանակը մարտական խնդիրը կատարելու համար անհրաժեշտ բոլոր պարագաներն ունի, պլանավորված ռեսուրսներ ունի։ Իհարկե կորուստներ կրում ենք, արկեր, վառելիք, փամփուշտ օգտագործում ենք։ Բայց բանակը հենց այն կառույցն է, որն այդ ամեն ինչը ժամանակին պլանավորել է, կուտակել է։  «Մենք դեռ չենք կիրառել մեր ողջ պոտենցիալը»-ավելացրեց նա։ Արծրուն Հովյաննիսյանը հայտնեց, որ Մռավի լեռնաշղթայի տարածքում սերժանտը դրսևորել է բացառիկ հերոսություն և մեծ հնարամտություն․ երբ պետք է եղել, իր դիրքից նահանջել է, մոլորության մեջ է գցել հակառակորդին, սպասել է հարմար պահի, նորից հետ է գրոհել, վերցրել է դիրքը։  «Ունենք սպա, որը բացառիկ հերոսություն է ցուցաբերել իր անձնակազմի հետ․ մի միլիմետր չի նահանջել, երբ պետք է եղել, խուսավարել է՝ հակառակորդին պատճառելով մեծ վնասներ, թույլ չտալով, որ հակառակորդը մյուս կողմից շրջանցի և իրեն վերցնի շրջափակման մեջ ու մեր խոշոր ստորաբաժանումներից մեկին վնաս տա։ Մի քանի ժամ հետո ուրիշ ստորաբաժանումները կարողացել են թևից հարվածել և ապաշրջափակել նրան»։- հայտնեց Հովհաննիսյանը։ Իսկ կենդանի գերիների մասին ինֆորմացիա նա չուներ։    
23:04 - 02 հոկտեմբերի, 2020
Արցախի համար ընդհանուր հավաքագրված գումարը գերազանցում է 19 մլն ԱՄՆ դոլարը

Արցախի համար ընդհանուր հավաքագրված գումարը գերազանցում է 19 մլն ԱՄՆ դոլարը

Արցախում ստեղծվել է վնասների գնահատման հանձնաժողով, արդեն վաղվանից նախատեսում են սկսել նաեւ խաղաղ բնակչության շրջանում բնակելի շենքերի եւ այլ օբյեկտների վերանորոգում եւ վերականգնում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։ Նա հայտնեց նաեւ, որ այս պահի դրությամբ Արցախի համար ընդհանուր հավաքագրված գումարը գերազանցում է 19 մլն ԱՄՆ դոլարը, կա նաեւ իրային օգնություն։ Ի դեպ՝ ՀՀ կառավարության սահմանած կարգի համաձայն՝ այդ օգնության տրամադրումը կլինի ավելի կանոնակարգված, հիմա մշակում ենք այդ պրոցեսի ընթացակարգերը, օգնությունը կտեսակավորվի, ծառայությունների միջոցով կտեղափոխվի Արցախ։  Վաղվանից կգործի նաեւ թեժ գիծ, որը կտա պատասխաններ Հայաստան-Արցախ փոխադրումների եւ ելք-մուտքի մասին։  Արցախի պետնախարարը հայտնեց, որ վճարվում են բոլոր աշխատավարձերը, որ նախատեսված էին պետական բյուջեով, նույն կերպ նաև թոշակներն ու նպաստներն են վճարվելու։ Մարտիրոսյանը հավաստիացրեց, որ այս առումով խնդիրներ չեն լինի։ Նա շեշտեց, որ նույնիսկ պատերազմական իրավիճակում՝ հարկատուները նախորդ 9 ամսում վճարել են նախատեսվածից 200 միլիոն դրամով ավելի։  Պետնախարարի վստահեցմամբ՝ կոմունալների չվճարման դեպքում Արցախում անջատումներ չեն լինի։ Այդ առումով ընկերությունները ցուցաբերել են բավարար օգնություն։  Որոշում է ընդունվել նաեւ, որպեսզի մոտ ժամանակներս հանրության կողմից լայն սպառվող ծառայությունները լինեն անվճար։ Ե՛ւ Ստեփանակերտում, ե՛ւ շրջկենտրոններում տնտեսվարողները, առեւտրի օբյեկտները ցուցաբերում են անհրաժեշտ գիտակցված մոտեցում։  Գրիգորի Մարտիրոսյանը հայտարարեց, որ ամբողջ բնակչության հաշվարկով թաքստոցների հնարավորություն ունեն, անհրաժեշտության դեպքում հավելյալ ռեսուրսներ էլ ունեն։ Նա շեշտեց, որ Ստեփանակերտ քաղաքը չի տարհանվում։ Տարհանվել են որոշ գյուղեր, որոնք սահմանամերձ են եւ մարտի գծից մի քանի կմ հեռավորության վրա են, իսկ Ստեփանակերտ քաղաքի տարհանման որոշումը կընդունվի հիմնավոր հանգամանքների առաջացման դեպքում։ 
22:32 - 02 հոկտեմբերի, 2020
Եվրոպական խորհրդարանի անդամներն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների մասին հարց են բարձրացրել

 |armenpress.am|

Եվրոպական խորհրդարանի անդամներն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների մասին հարց են բարձրացրել |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ստելիոս Կիմպուրոպուլոսի նախաձեռնությամբ խորհրդարանի 24 պատգամավոր գրավոր հարցում է հղել Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբից։  «Եվրապատգամավորները մասնավորապես հարցնում են, թե արդյոք ԵՄ-ը պատրաստվում է պատճամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և թե ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել ԵՄ խորհուրդն Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ ճնշում գործադրելու համար, որպեսզի վերջինս դադարի ռազմական գործողությունները և Արցախից դուրս բերի իր զորքերը: Մեկնաբանելով Եվրոպատգամավորների գրավոր հարցումը՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանն ասաց. «Այս գրավոր հարցումը  Եվրոպական խորհրդարանի անդամների բազում նախաձեռնություններից միայն մեկն է: Եվրախորհրդարանում այլևս գիտակցում են, թե ով է այս պատերազմը սանձազերծել։ Բացի բառացիորեն երկու պատգամավորից, որոնք հարտնի են տարբեր դրդապատճառներով իրենց ադրբեջանամետ դիրքորոշմամբ, Եվրախորհրդարանում Ադրբեջանին սատարող որևէ հայտարարություն չի հնչել»:Եզրափակելով՝ Կարապետեանը նշեց․  «Եվրոպայի Հայ դատի գրասենյակը և իր հանձնախմբերը թե՛ Բրյուսելում, թե՛ տարբեր Եվրոպական երկրներում շարունակում են քաղաքական գործիչների իրազեկման ակտիվ աշխատանքները»»,- ասվում է հաղորդագրության մեջ։
22:32 - 02 հոկտեմբերի, 2020
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում չթիրախավորել քաղաքացիական բնակչությանը

 |armenpress.am|

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում չթիրախավորել քաղաքացիական բնակչությանը |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պահպանել քաղաքացիական բնակչության պաշտպանության միջազգային պարտավորությունները: Այս մասին ասված է հոկտեմբերի 2-ին համանախագահների տարածած հաղորդագրության մեջ: Համանախագահները խստորեն դատապարտում են շարունակվող բռնությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքում շփման գծից հեռու գտնվող օբյեկտների դեմ, և իրենց անհանգստությունն են հայտնում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի ավելացման վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ: «Քաղաքացիական անձանց վրա հարձակումները կամ սպառնալիքներն անթույլատրելի են որևէ պարագայում»,- ասված է հայտարարության մեջ: Համանախագահները կողմերին կոչ են անում լիովին պահպանել քաղաքացիական բնակչության պաշտպանության իրենց միջազգային պարտավորությունները։ Համանախագահները նաև ընդգծում են, որ բռնության էսկալացիային արտաքին կողմերի մասնակցությունը խարխլում է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ջանքերը։ Վկայակոչելով երեք համանախագահ երկրների նախագահների հոկտեմբերի 1-ի հայտարարությունը՝ համանախագահները կրկին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել առարկայական բանակցություններն առանց նախապայմանների: Համանախագահները նաև կոչ են անում անհապաղ հումանիտար հրադադարի հասնել, որպեսզի ապահովվի զոհված զինծառայողների աճյունների վերադարձը ԵԱՀԿ և ԿԽՄԿ հետ համատեղ:
22:30 - 02 հոկտեմբերի, 2020
Կարգավորվել է արտակարգ կամ ռազմական իրավիճակներում տուժած անձանց բժշկական օգնության կազմակերպումը

Կարգավորվել է արտակարգ կամ ռազմական իրավիճակներում տուժած անձանց բժշկական օգնության կազմակերպումը

Առողջապահության նախարարության առաջարկով` կառավարության որոշմամբ նոր կարգ է սահմանվել, ըստ որի` Հայաստանում կամ Արցախում հայտարարված արտակարգ իրավիճակներում կամ ռազմական կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց հիվանդանոցային և ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Նշենք, որ վերջիններս օգտվում են անվճար հիվանդանոցային բուժօգնությունից, այդ թվում՝ նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից: Տուժած անձինք նաև անվճար պայմաններով կարող են առողջության առաջնային պահպանման ծառայություններ ստանալ իրենց կողմից կամավոր ընտրված ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունում: Ի դեպ, տուժած անձին տրամադրվող պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնությունը և սպասարկումը ներառում է նաև լաբորատոր ախտորոշիչ գործիքային հետազոտությունները և դեղերի տրամադրումը: Տուժածի՝ անձը հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում, հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից տրամադրված ժամանակավոր փաստաթուղթը: Հորդորում ենք Հայաստան տեղափոխված արցախցիներին դիմել ժամանակավոր բնակության վայրին տարածքային առումով մոտ տեղակայված ամբուլատորիա կամ պոլիկլինիկա` անհրաժեշտության դեպքում հիվանդանոցային բուժման ուղեգիր ստանալու համար: «Արտակարգ իրավիճակներում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման  կարգը» հետևյալ հղումով. - ասվում է հաղորդագրության մեջ։    
22:27 - 02 հոկտեմբերի, 2020
ԿԳՄՍՆ-ն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին իրազեկել է ադրբեջանական ագրեսիայի մասին

ԿԳՄՍՆ-ն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին իրազեկել է ադրբեջանական ագրեսիայի մասին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի նիստի ընթացքում խորհուրդը նախագահող ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը հանդես է եկել հայտարարությամբ։ Նա հայտնել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից առ այսօր Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի ամբողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիվ գործողությունների մասին, որոնք թիրախավորել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: «Ադրբեջանի զինված ուժերի կողմից ուսումնական հաստատությունների թիրախավորումն անթույլատրելի է և պետք է արժանանա միահամուռ դատապարտման: Հրետակոծությունների հետևանքով Արցախի քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր ու վիրավորներ: Ադրբեջանի զինված ուժերը հարվածներ են հասցրել նաև Վարդենիսի շրջանի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ»,-նշել է Արկադի Պապոյանը: Առանձնահատուկ կարևորելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերն ու նշանակությունը ժամանակակից աշխարհում՝ արդի մարտահրավերների հաղթահարման, կրթության կայուն զարգացման և երեխաների կրթության իրավունքի ապահովման գործում, ինչպես նաև հաշվի առնելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն զինված հարձակումներից կրթությունը պաշտպանելու Համաշխարհային կոալիցիայի հիմնադիր անդամ է, խորհրդի նախագահը կոչ է արել խստագույնս դատապարտել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ։ Նիստին ընդունվել է 2019 թվականի ֆինանսական հաշվետվությունը, քննարկվել են խորհրդի գործունեության ռազմավարական նոր մոտեցումները, ինչպես նաև նոր տիպի կորոնավիրուսի (Covid-19) համաճարակային իրավիճակով պայմանավորված կրթության ոլորտի նոր մարտահրավերները: Նշենք, որ 2020 թ. հունվարի 21-ին Ժնևում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի որոշմամբ Հայաստանն ընտրվել է Խորհրդի ղեկավար կոմիտեի նախագահ՝ 2020-2021 թթ. համար։
22:21 - 02 հոկտեմբերի, 2020
Մենք բոլորս պետք է սովորենք մեր ժողովրդից՝ միասնականություն և հավատ, որ հաղթելու ենք. ՀՀ նախագահ

Մենք բոլորս պետք է սովորենք մեր ժողովրդից՝ միասնականություն և հավատ, որ հաղթելու ենք. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հիացած է Հայաստանի ժողովրդի միասնականության ոգով, հենց առաջին օրվանից՝ սեպտեմբերի 27-ից: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,  այս մասին նա նշել է Հանրային հեռուստաընկերությանը։ տված հարցազրույցում։ Պետրոս Ղազարյան - Բարի երեկո, պարոն Սարգսյան, շնորհակալություն, որ ժամանակ գտաք զրույցի համար: -Բարի երեկո: Պետրոս Ղազարյան -Ինչպե՞ս եք ընդհանուր գնահատում իրավիճակը, քանի որ այն րոպե առ րոպե փոխվում է: -Եթե սկսեմ գնահատել իրավիճակը, գուցե սկսեմ իմ տպավորություններից Հայաստանի ներսում կամ Արցախում: Եվ, ճիշտն ասած, առաջին զգացմունքներս շատ մարդկային են: Ես հիացած եմ մեր ժողովրդի միասնականության ոգով, հենց առաջին օրվանից՝ սեպտեմբերի 27-ից: Այդ միասնականության ոգին, որ յուրաքանչյուրի մեջ էր՝ մեծից մինչև փոքր, և այս արհավիրքին, այս պատերազմին դիմակայելու վստահությունը, գիտեք, ինչ-որ իմաստով ինձ հիշեցրեց 1988- 89 թվականները, երբ Օպերայի հրապարակում հավաքվում էր մեր ժողովուրդը և անկախության նոր ճանապարհ էր դուրս գալիս, այդ միասնականության զգացումը կար, իր պետականության վերականգնման ճանապարհով գնացող ժողովրդի նոր արթնացած ազատությունը: Իսկապես հիացած եմ: Նախագահ դառնալու հենց առաջին օրերին, երբ իմ առաջին ուղերձն էի գրում, 2018 թվականի ապրիլին էր, իմ ուղերձի մեջ երկու բառ կար, մեկը «հանդուրժողականությունն» էր, որովհետև շարժում էր սկսվել, և երկրորդ բառը՝ «միասնականությունը»: Հետաքրքիր է, որ այս երկուսուկես տարվա ընթացքում այդ երկու բառն անընդհատ կրկնվել են իմ բոլոր ուղերձների մեջ:Այսօր՝ սեպտեմբերի 27-ից հետո, ես հայտնաբերել եմ, որ իմ ուղերձներում միասնականության մասին նշելն անիմաստ է, որովհետև ժողովուրդը մեզ բոլորիս միասնականության դաս տվեց: Ինքնակազմակերպվեց, ցույց տվեց հոյակապ կարգապահություն, ընդ որում՝ կարգապահություն, որով իմ շատ բարեկամներ արտասահմանից, որոնք տեղյակ են, թե ինչ է կատարվում Հայաստանում, զարմացած են և իրենց հիացմունքի բառերն են արտահայտում: Հետևաբար, կարծում եմ՝ իմ հաջորդ ուղերձների մեջ եթե նույնիսկ գրեմ միասնականության մասին, ապա այն պետք է ուղղված լինի միայն քաղաքական դասին կամ վերլուծաբաններին:Պետրոս Ղազարյան - Նրանց միասնականությունը Ձեզ բավարարո՞ւմ է:- Ես խոսում եմ ընդհանրապես ժողովրդի միասնականության և բոլորի միասնականության պատրաստակամության մասին: Այնպես որ, զգացումը, որի մասին ուզում էի Ձեզ հետ կիսվել, հիացմունքն է և հպարտությունը: Այն, որ երիտասարդները, որոնք պատրաստ են կամավոր գնալ և շարունակել 30 տարի առաջ սկսված գործը, միայն հպարտության զգացում է առաջացնում: Կարծում եմ, որ մեր ժողովուրդը մեզ դաս է տալիս, որովհետև շատ հաճախ խոսում ենք ազգային արժեքների, մեր ազգային նպատակների մասին, և մեր յուրաքանչյուր հայ ընտանիք՝ ամենահեռավոր գյուղից սկսած մինչև քաղաքներ, ցույց տվեցին, որ այդ ազգային արժեքներն ուղղակի գտնվում են ընտանիքի ներսում: Կարծում եմ՝ գուցե ճանապարհը մեր մեծ Կոմիտասի ճանապարհն է: Մեր հայկական դասական երաժշտությունը գտնելու համար Կոմիտաս վարդապետը գնում էր գյուղեր, պտտվում էր և գյուղացիների երգերն էր գրառում, որոնք հետագայում վերամշակվելուց հետո դարձան այն, ինչը կոչվում է հայկական դասական երաժշտություն: Հետևաբար մեր ազգային արժեքները փնտրելու համար նորից պետք է, հավանաբար, գնանք դեպի աղբյուրը՝ հայ ընտանիքը, սովորենք, թե որոնք են մեր հայկական արժեքները:Կա նաև ցավի զգացում, որովհետև այս վերջին հինգ օրվա ընթացքում ամեն օր անընդհատ լսում ենք մարդկային կորուստների մասին: Իհարկե, շատ դժվար է, որովհետև իրականում կցանկանայի յուրաքանչյուր ընտանիքի՝ հոր և մոր, որ իրենց զավակին են կորցրել կամ տիկնոջը, որ իր ամուսնուն է կորցրել, կամ երեխաներին, որ իրենց հայրերին են կորցրել, նրանց ձեռքը բռնել և փորձել ասել այն խոսքերը, որոնք կարող են նրանց սփոփել: Չնայած սփոփանքը դժվար է այս պահին: Յուրաքանչյուր զինվոր, անհատ, որ իր կյանքն է կորցրել հայրենիքին ծառայելիս, այդ օրը սկսել է որպես Արցախի Հանրապետության քաղաքացի կամ Հայաստանից եկած կամավոր, սակայն օրն ավարտել է որպես մեր ժողովրդի հերոս: Հպարտությամբ և հիացմունքով ուզում եմ կրկնել, որ այսօր կա նույն ոգին, ինչ 1990-ականների սկզբին: Շատ լավ եմ հիշում, որ 1990-ականների սկզբից, երբ Հայաստանն անկախ դարձավ, դեսպան էի, ընդ որում՝ մի քանի տեղ՝ սկսած ՆԱՏՕ-ից, ԵՄ-ից և մի շարք երկրներում, ընդհանրապես Եվրոպայի հետ կապված հարցերով էի զբաղվում: Այդ ժամանակ մեր այսպես կոչված «բարեկամների» խորհուրդը միայն թվաբանության ոլորտից էր. ասում էին, թե գիտեք՝ հայերը փոքրաթիվ են, Ադրբեջանը շատ ավելի մեծ է, մեծաքանակ զենք, Թուրքիայի անուղղակի աջակցությունն ունի և այլն: Այսինքն՝ թվաբանությունն ասում էր, որ Արցախի ժողովուրդը և, ընդհանրապես հայ ժողովուրդը որևէ հնարավորություն չունի այդ պատերազմում հաղթելու: Պարզվեց, որ մեր կյանքը թվաբանություն չէ: Այն շատ բարձր, բարդ հանրահաշիվ է և, գուցե, ավելին, որովհետև մարդկային բանականությունը և նվիրվածությունը չես կարող թվաբանությամբ հաշվել: Իհարկե, հսկայական դժվարություններ կային այդ տարիներին, նոր էր պետականությունը ստեղծվում, բանակ, կենտրոնական բանկ, ֆինանսավորում, հսկայական տնտեսական դժվարություններ, բայց հայ ժողովուրդը հաղթեց: Ու ճիշտ նույն մարդիկ, որոնք 1990-ականների սկզբին ինձ ասում էին, որ որևէ հնարավորություն չկա, ասում էին, որ Արցախը տարածաշրջանում ունի ամենահզոր բանակը: Պատմությունը կրկնվում է, որովհետև կան մարդիկ, որոնք նորից անելու են իրենց թվաբանությունը, որ այս կամ այն տեխնիկան չունենք, սա է քիչ է, այն է քիչ, դժվար է, սահմանները փակ են, լոգիստիկան է դժվար լինելու, և այլն, և այլն: Այս թվաբանության մեջ մարդիկ հաշվի չեն առնում բարձրագույն «հանրահաշիվը», որը մարդկային էությունն է: Մարդիկ չեն կարող պատկերացնել, որ ամեն հայ ինչ- որ տեղ նաև գերբնական ուժ ունի, որը գալիս է իր անցած ճանապարհից, էությունից, գուցե իր գենետիկայից կամ գուցե նրանից, որ յուրաքանչյուր հայի մեջ կա մի քանի մեծ արժեք: Այդ արժեքները նույնպես ցավոտ են. դրանից մեկը Եղեռնի պատմությունն է, և մեզնից որևէ մեկը՝ փոքրից մինչև զառամյալ ծերեր, չեն ուզում, որ այդ պատմությունը կրկնվի: Սա գենետիկ է, որովհետև կապված է մեր ազգային գոյատևման հետ: Ազգային գոյատևում ասելով նկատի չունեմ միայն Արցախի Հանրապետության գոյատևումը, այլև Հայաստանի Հանրապետության և մեր ողջ Սփյուռքի: Ավելի պատկերավոր, գունային սպեկտորով նկարագրելով՝ ինձ համար շատ հստակ է, որ յուրաքանչյուր հայ իր սրտում և գլխում երեք գույն ունի, որոնք մեր եռագույն դրոշի գույներն են՝ մեր պետականությունն է, Արցախի պետականությունը և մեր ազգային արժեքները: Այսօր դժվարություններն ուրիշ են, որովհետև միաժամանակ մեր ժողովուրդը, նախ և առաջ՝ Արցախի ժողովուրդը մի քանի պատերազմի է մասնակցում: Առաջին պատերազմը արցախյան պատերազմն է, որն Ադրբեջանը վերսկսել է սեպտեմբերի 27-ին, երկրորդը՝ այդ պատերազմում մասնակցում է Թուրքիան, որը նոր պատերազմ է, երրորդ պատերազմը, իհարկե, կորոնավիրուսն է, համավարակը, որը իրականում, եթե պատերազմն էլ չլիներ, մեզ համար հսկայական դժվարություններ էր առաջացնելու առողջապահության ոլորտում, մարդկային կորուստների ձևով: Պետրոս Ղազարյան -Գո՞ւցե նրանք սա էլ էին հաշվարկել:Իհարկե, կան դրանից բխող և հետևող տնտեսական դժվարություններ... Եվ համավարակը, և պատերազմական գործողությունները բերելու են դժվարին, տնտեսության բավականին լարված իրավիճակի, և խնդիրներ ունենալու ենք: Այս բոլորի մեջ կա մեկ այլ կոչ կամ զգացում, դա սթափությունն է: Ես հպարտ եմ, որ մենք ոգևորվում ենք: Հպարտ եմ, որ միասնական ենք, պատրաստ ենք նվիրվելու հայրենիքին, բայց այս բոլորը պետք է կատարել նաև շատ սառը և սթափ ձևով, կազմակերպված, կարգապահ և շատ սթափ գնահատելով բոլոր և՛ դրական, և ՛բացասական կողմերը: Պատերազմական գործողություններում, գործարար կյանքում, քաղաքականության մեջ հաղթանակի տարբեր ճանապարհներ կան: Հաղթանակի ճանապարհներից մեկը հաղթանակը ծրագրելն է: Մյուս հնարավոր ճանապարհներից մեկը հնարավոր պարտությունը կանխատեսելն ու մեկուսացնելն է: Կային մեծ զինվորական առաջնորդներ, որոնցից ամենահայտնին Նապոլեոնն էր, որը իր մարտավարությունը միշտ վարում էր բացառելով պարտությունը և ոչ թե ծրագրելով հաղթանակը: Մեր դեպքում մենք պետք է և՛ հաղթանակը ծրագրենք, և՛ բացառենք պարտությունը: Այսինքն՝ պետք է դիտարկենք, որ այս պատերազմը հնարավոր է կարճաժամկետ պատերազմ լինի և երկարաժամկետ: Պատերա՛զմ, որ ոչ միայն ռազմի դաշտում է, այլ նաև վիրտուալ աշխարհում, դիվանագիտության ոլորտում: Հաղթանակը կապված է մեր միասնականության և ողջ ազգային եռանդի, ոգու և կամքի համախմբման հետ: Պետրոս Ղազարյան -Պարոն նախագահ, պատերազմի, ամեն ինչի մեջ շատ կարևոր է այն մոտիվացիոն, որ ունեն կռվող կողմերը: Որո՞նք են դրանք: -Մեր և Ադրբեջանի նպատակները տարբեր են: Մենք պայքարում ենք մեր կյանքի համար: Նախ և առաջ Արցախի մեր հայրենակիցները և ողջ հայ ժողովուրդը պայքարում են կյանքի համար: Ադրբեջանական կողմը պայքարում է տարածքի, հողի համար՝ ընդ որում, անվանելով դա տարածքային ամբողջականություն:Տարածքային ամբողջականություն կոչվածն իրենց տրվել է որպես նվեր Ստալինի կողմից 70 տարով: Դրանից առաջ Ադրբեջանի կազմում Ղարաբաղը չի եղել, հազարամյակներ եղել է հայկական մելիքություն, հայկական տարածք, հայեր են այնտեղ ապրել և տեսել են ոչ միայն ադրբեջանցիների, այլև Չինգիզ խանի ու մյուսների արշավանքները:Մենք կռվում ենք հայ կյանքի համար և կյանք ունենալու իրավունքի համար, իրավունք ունենալու ապրել այն հողում, որտեղ ծնվել ես, որտեղ ապրել են նախնիները, որտեղ մշակույթ են ստեղծել: Պետրոս Ղազարյան -Ինչի՞ համար է կռվում Թուրքիան: - Հիմա ես կգամ այդ հարցին, բայց ուզում եմ նաև հստակ մի տարբերություն նշել. մեր կյանքի փիլիսոփայության մեջ շատ էական է նաև ուրիշի նկատմամբ հարգանքը, և դա շատ հստակ երևում է: Եթե այսօր գնաք Շուշի քաղաք, եթե գնաք Ղարաբաղ, մուսուլմանական մզկիթներ կամ այլ բաներ չկան: Չկան ոչ թե որովհետև հայերը ոչնչացրել են, այլ չկան, որովհետև ադրբեջանցիները չեն ապրել այդտեղ: Շուշի քաղաքում ադրբեջանցիներն ապրել են հայերի հետ, և այնտեղ մզկիթ կա: Եվ ի տարբերություն ադրբեջանցիների և թուրքերի, մենք՝ հայերս, նաև արտասահմանից մեր բարեկամների միջոցով այդ մզկիթը վերականգնել ենք: Ես անցյալ տարի Շուշիում էի և լուսանկարվեցի մզկիթի առջև ու ուղարկեցի իմ շատ բարեկամների արաբական, իսլամական աշխարհում: Մենք տարբերվում ենք: Ինչպես ասացի, ադրբեջանական կողմի նպատակն է ուղղակի գրավել այդ տարածքն ու ազատել հայերից: Կա միջազգայնորեն ընդունված բառ՝ ethnic cleansing (էթնիկ զտում): Այդ բառը թարգմանության կարիք էլ չունի: Մոտեցումը միջնադարյան է: Փոքր ազգերը, պետությունները կազմավորվելիս միշտ ձգտել են ազատության, իրենց սեփական մշակույթը, արժեքները իրենց սեփական ձեռքերում պահելու նպատակ են ունեցել: Միջնադարում այդպիսի նպատակները միշտ ջախջախվել են պատերազմների միջոցով: Սակայն ժամանակակից աշխարհում՝ 2-րդ Համաշխարհային պատերազմից հետո, 20-րդ դարում, երբ շատ մարդկային արժեքներ սկսում էին բարձրանալ և դառնում էին համընդհանուր, համամարդկային արժեքներ, սկսվում էր մի ուրիշ իրավիճակ, երբ ազգերի ինքնորոշման իրավունքը դառնում էր շատ էական: Պետրոս Ղազարյան -Ունենք այն, ինչ ունենք, պարոն նախագահ: -Իհարկե, ես ինչու եմ ուզում սա համեմատել. մեր՝ հայաստանյան մոտեցումը ժամանակակից մարդու մոտեցում է, իսկ պատասխանը, որ մենք ստանում ենք, միջնադարյան պատասխան է: Պետրոս Ղազարյան -Ինչո՞ւ են թուրքերը խառնվել, ինչո՞ւ են նրանք որոշել հարձակվել մեզ վրա, ինչո՞ւ են որոշել ահաբեկիչներ բերել Սիրիայից: -Նախ ադրբեջանական կողմի մասին երկու բառով ասեմ: Շատ ցավալի է, որ ադրբեջանական կողմը, անցնելով ինչ-որ գործընթաց, որոշեց, որ սեպտեմբերի 27-ին մի կողմ է դնելու բանակցային գործընթացը: Ցանկացած բանակցության ընթացքում, անկախ նրանից, դա քաղաքական, ռազմական բանակցություն է, բիզնես բանակցություն է, միշտ չէ, որ կարող ես ուրախ լինել բանակցության ընթացքից, բայց դա չի նշանակում, որ պետք է դուրս գաս: Բանակցության ամբողջ իմաստն այն է, որ ունի գործընթաց, որի ընթացքում դուք իրար հետ զրուցելով կամ երկխոսությամբ վստահություն եք ներշնչում իրար և ի վերջո գալիս եք մի եզրահանգման, որն ընդունելի է կողմերի համար:Ցավոք սրտի, Ադրբեջանը դուրս եկավ: Եթե փորձենք առաջին հինգ օրվա արդյունքները գնահատել, առաջինը հետևյալն է՝ հինգ օրում ապացուցվեց, որ Ադրբեջանը պատերազմով հաղթել Արցախին չի կարող: Պետրոս Ղազարյան - Ապացուցվե՞ց: - Այս պահին ապացուցված է: Պետրոս Ղազարյան -Այնտեղ են, որտեղից սկսել են: -Այո, ապացուցվեց, որ իրենք չեն կարող հաղթել: Այն նպատակները, որ դրել էին՝ գուցե կարճ ժամկետում գրավել Արցախը, Ստեփանակերտը, դրանք բոլորն ի չիք եղան, և այսօր հինգ օրվա պատերազմի արդյունքի մասին ենք խոսում: Շատ հետաքրքիր ձևով ապացուցվեց, որ այս պատերազմի արդյունքում այսօր Թուրքիան ամբողջովին ազդեցություն ունի Նախիջևանի վրա՝ և՛ ռազմական, և՛ քաղաքական: Կարծում եմ՝ Թուրքիան շատ ավելի մեծ ազդեցություն ունի, քան Բաքուն այսօր: Երրորդը, որ փաստ է, ապացուցվեց, որ Թուրքիան այս հակամարտության մաս է այսօր, բացահայտորեն: Եթե ադրբեջանական կողմի դրդապատճառները մի կողմ դնեմ և անդրադառնամ Թուրքիային՝ ես ամեն օր 4-5 խոշոր լրատվական ընկերությունների հարցազրույց եմ տալիս, և բոլորը տալիս են նույն հարցը՝ թուրքերն ասում են սա, ի՞նչ եք կարծում: Եվ ինչ են ասում թուրքերը՝ ստանդարտ:Առաջին պատճառը, որ բերում են Ղարաբաղում իրենց մասնակցության՝ իրենք եկել են օգնելու իրենց էթնիկ եղբայրներին: Գիտեք ինչ, թուրքերի էթնիկ եղբայրներն Ադրբեջանով չեն վերջանում, կան Իրանում, Հյուսիսային Կովկասում, Ռուսաստանի տարբեր շրջաններում, Միջին Ասիայում՝ մինչև Մոնղոլիա և Չինաստան: Եվ եթե էթնիկ եղբայրների մասին ենք խոսում, ապա էթնիկ եղբայրներ ունեն նաև Գերմանիայում, Շվեդիայում և ուրիշ տեղերում: Ի՞նչ է սա նշանակում: Որևէ տեղ եթե էթնիկ եղբայրների ինչ-որ խնդիր լինի, Թուրքիան պետք է սկսի միջնադարյան ձևով մասնակցե՞լ: Այս բացատրությունը, իրենց պատճառաբանությունը բացարձակ անընդունելի է: Երկրորդը՝ թե Հայաստանում կան քրդական PKK-ի զինյալներ, որը ամբողջովին անիմաստ հայտարարություն է: Եվ ընդհակառակը, Հայաստանում կան քրդական և եզդիական փոքրամասնություններ, և այդ մարդիկ, որոնք Հայաստանում են ապրում, Հայաստանի քաղաքացի են, որոնք Արցախում են ապրում, Արցախի քաղաքացի են, կան ուրիշ փոքրամասնություններ ևս: Եվ նրանք, որպես քաղաքացի, հայերի նման, շատերն ինքնակամ գնում են պաշտպանելու իրենց երկիրը: Երրորդը, որ շատ են փորձում տարածել մանավանդ Արևմուտքի համար, էներգետիկ պատճառն է՝ իբր պաշտպանում են գազամուղը: Դա որևէ տրամաբանություն չունի: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի և նոր գազամուղի կառուցումը 20 տարի առաջ էր: Եթե հայկական կողմը, լինի դա Արցախը, թե Հայաստանի Հանրապետությունը, որևէ մտադրություն ունեին ռմբակոծելու այդ գազատարը կամ նավթատարը, ապա ռմբակոծումը պետք է անեին 20 տարի առաջ, երբ առաջին 100 մետրն էին ուզում դնել, որովհետև դրանով կկանխեին կառուցումը: Կկանխեին նաև հետագա 20 տարիների ընթացքում, որ Ադրբեջանը միլիարդներ չսարքեր և այդ դոլարները օգտագործեր զենք գնելու համար և նավթի միջոցով ստացած միլիարդների զենքը օգտագործեր Հայաստանի դեմ՝ սպանելով ոչ միայն հայ զինվորներին, այլև հայ կանանց և երեխաներին: Պետրոս Ղազարյան -Պարոն Նախագահ, իսկ ո՞րն է իրական պատճառը... - Ասել, թե հայերն այսօր ծրագրում են կրակել այդ նավթատարի վրա, բացարձակ անհեթեթություն է: Հիմա իրականի մասին խոսենք: Եկեք նայենք, թե ինչ է տեղի ունեցել վերջին տարիների ընթացքում: Վերջին երկու տասնամյակում Թուրքիան, որը կիսազինվորական երկիր է, անցավ ավելի քաղաքացիական կառավարման, բայց այդ քաղաքացիական կառավարումը որոշակի տեսակի է և որակի: Երկրորդը, Թուրքիան տնտեսական մեծ աճ ապրեց, ընդ որում դարձավ շատ ներդրողների սիրելի վայրը: Սակայն վերջին մի քանի տարիներին այդ ներդրումների մեծ մասը, մեծ ընկերությունները Թուրքիայից հեռացել են, որովհետև ոչ միայն անկում է, այլև պայմաններն իրենց գործունեության, բիզնեսի համար անընդունելի են: Դրա փոխարեն կարծես թե վերադառնում են հետ՝ Օսմանյան կայսրության: Այսինքն, կարծես թե ժամանակի մեջ հարյուր տարի հետ ենք գնում: Ինչո՞ւ, որովհետև կարծես թե այսօր Թուրքիան որոշել է, որ շահեր ունի Հյուսիսային Աֆրիկայում, Եգիպտոսում, Լիբիայում (որտեղ Լիբիան, որտեղ՝ Թուրքիան), Իրաքում, Պարսից ծոցի ամբողջ երկայնքով, Սիրիայում: Այսօր թուրքերը խոսում են իրենց հնարավոր լարումների մասին նույն Բուլղարիայի հետ, և վերջապես արդեն Կովկասում՝ 360 աստիճան: Թուրքիան իրեն պահում է այնպես, կարծես իրենք հին Օսմանյան կայսրությունն են: Ես շատ լավ բարեկամ ունեմ՝ վերլուծաբան, որը համեմատում է, որ եթե Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կամ դրանից առաջ Թուրքիային անվանում էին Եվրոպայի հիվանդ բարեկամը, ապա, իր գնահատմամբ այսօր այդ հիվանդությունը կարելի է անվանել քաղցկեղ, որը տարածվում է, և ամենուր, ուր տարածվում է, մուտացիա է առաջացնում:Իհարկե, ժամանակի իմաստով պատրաստությունը եղել է երկարաժամկետ, և ժամանակը ընտրված է շատ հստակ: Միացյալ Նահանգները զբաղված է նախագահական ընտրություններով, Ռուսաստանը՝ Բելառուսով, Ուկրաինայով և այլն: Պետրոս Ղազարյան - Քովի՞դ: -Չէ, դրանով բոլորն են զբաղված: Որո՞նք են իրական մոտիվները: Կարող ենք ենթադրել, բայց եկեք նայենք արդյունքին: Այո, իհարկե, հայերին դաս տալ՝ մեկ նպատակ: Արցախին դաս տալ և ցույց տալ Ադրբեջանին, որ եթե դուք չեք կարողանում Ղարաբաղի հարցը լուծել, մենք կլուծենք:Երկրորդը, հայերին դաս տալ և հիշեցնել, որ եթե դուք կարծում եք, թե մենք պետք է Եղեռնը ճանաչենք, չարաչար սխալվում եք, զգուշացեք երկրորդ Եղեռնից: Եվ իհարկե, եթե նայելու լինենք տնտեսական իրավիճակին և Ադրբեջանին, այսօր Թուրքիան ունի հսկայական ներկայություն Ադրբեջանում: Եվ այդ ներկայությունը ոչ միայն սպաներն են, ոչ միայն զինվորականները, գեներալները, քաղաքական կամ ռազմական խորհրդականները, ռազմական ուժն է և տեխնիկան, որն իրենք են կառավարում: Ղարաբաղը վերցնելով որպես պատրվակ՝ հսկայական քանակությամբ ռազմական տեխնիկա է տեղակայված նավթատարների երկայնքով: Միաժամանակ, իրենց հետ բերել են վարձկաններ, որոնք իրենց բնույթով ջիհադիստ՝ ահաբեկիչ են, և դրանք ոչ թե մեկ-երկուն են կամ հարյուրը, այլ մի քանի հազար են: Պատերազմը, ենթադրենք, ավարտվեց ինչ-որ օր հետո: Ի՞նչ եք կարծում, թուրքերը հեռանալո՞ւ են Ադրբեջանից, թե ոչ: Պետրոս Ղազարյան -Իհարկե ոչ: -Ի՞նչ եք կարծում, ջիհադիստները հեռանալո՞ւ են, գնալու են տո՞ւն: Նոր տեղ են փնտրելու: Այդ տեղը հաստատ Արցախը չէ կամ Հայաստանը: Կամ պետք է հարավ գնան կամ դեպի արևելք՝ Կենտրոնական Ասիա կամ Ռուսաստան և այլն: Բայց, եթե այս ծրագիրն իրականանա, մի բան հստակ է: Թուրքական ներկայությունն Ադրբեջանում նշանակելու է, որ իրենք հսկայական ազդեցություն են ունենալու քաղաքական որոշումների կայացման հարցում: Պետրոս Ղազարյան -Այսինքն, բոլոր դեպքերում են հաղթած դուրս գալիս: -Բոլոր դեպքերում իրենք հաղթած են դուրս գալիս, և ոչ միայն Ադրբեջանում. իմ մեկ ուրիշ լավ բարեկամն ասում է՝ սրա արդյունքում Ռուսաստանը և Թուրքիան ցամաքային սահման են ունենալու: Պետրոս Ղազարյան -Չեն հաղթի Արցախում, կհաղթեն Ադրբեջանում: -Այո, չեն հաղթի Արցախում, կհաղթեն Ադրբեջանում: Եվ իհարկե, կհաղթեն միջազգային հանրությանը, որովհետև էապես կմեծացնեն իրենց վտանգավոր ներկայությունը, որովհետև պատկերացրեք՝ մի բան է, երբ միջազգային նավթային ընկերությունները ժամանակին բանակցություններ են վարել Ադրբեջանի կառավարության հետ, պայմանագրեր են ստորագրել, սակայն այսօր այդ նավթային ուղիները կառավարվելու են Թուրքիայի կողմից: Եվ ինչ-որ տեղ Եվրոպան, որ ստանում է այդ նավթն ու գազը, ինչ-որ տեղ դառնալու է Թուրքիայի գերին: Պետրոս Ղազարյան -Այսինքն, Ադրբեջանը կորցնում է իր սուվերենությունը: -Ես չեմ կարող դա պնդել: Հրացի պատասխանն այդպիսի ձևակերպումով կարող ենք ունենալ մի շարք վերլուծաբաններից: Որպես Հայաստանի նախագահ՝ ես նմանատիպ պնդում չեմ կարող անել, բայց ես Ձեզ հետ կիսում եմ այն մտքերը, որ վերլուծաբաններն ունեն այսօր:Այսինքն՝ Թուրքիան միշտ էներգետիկ ոլորտում խնդիրներ է ունեցել և դրա պատճառով իր համար շատ էական է եղել, որ ադրբեջանական նավթը, որը միայն ադրբեջանականը չէ, դա Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայից եկող նավթը և գազն է... Այդպիսով, իրենք դառնում են այդ բոլորի կառավարիչը: Եթե նախկինում իրենք ընդամենը ստացող կամ հաճախորդ էին, ապա այս դեպքում դառնում են ինչ-որ իմաստով կառավարող: Մի կասկածեք, որ այդ կառավարման գործիքը իրենք շատ արդյունավետ օգտագործելու են և՛ եվրոպացիների, և՛ միջազգային հանրության, և՛ մյուսների դեմ: Ինձ հարցնում են, թե արդյոք սա էներգետի՞կ պատերազմ է՝ նկատի ունենալով այն, որ թուրքերը եկել են, որ նավթատարը պաշտպանեն արցախցիներից: Իմ պատասխանը հետևյալն է՝ ոչ և այո: Ոչ, որովհետև Արցախը երբեք որևէ էներգետիկ ենթակառուցվածքներն ոչնչացնելու մտադրություն չի ունեցել և չունի, և այո, որովհետև թուրքերն ունեն այդ կառուցվածքները կառավարելու և իրենց խոսքն ունենալու իրավունք:Պետրոս Ղազարյան -Պարոն նախագահ, ի՞նչ վիճակ ունենք հիմա. թուրքերն այսօր հարվածեցին Ստեփանակերտին, ակնհայտ է, որ Ալիևը մտել է խաղի մեջ, Թուրքիայի հետ գնալը իր համար ներքաղաքական շատ լրջագույն խնդիր է ստեղծելու: Մենք ունենք ողջ աշխարհի անդրադարձը: Կարելի է ասել, որ դիվանագիտական ողջ պոտենցիալը, որպեսզի կանգնեցվի պատերազմը, արդեն օգտագործված է: Մենք տեսել ենք եռանախագահող երկրների նախագահների հայտարարությունները, առանձին-առանձին հայտարարությունները, Մակրոնը Բաքվին մեղադրեց...Դիվանագիտական ողջ գործիքակազմն օգտագործված է, բայց ունենք թուրքեր, որոնք ասում են՝ թքած աշխարհի կարծիքի վրա, մենք կռիվ ենք անելու:-Չեմ կարծում, որ դիվանագիտական, քաղաքական կամ ռազմաքաղաքական ողջ պոտենցիալը օգտագործված է: Մինչև սեպտեմբերի 27-ը մենք իրավիճակ ունեինք, երբ Արցախի հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև էր, և կար հավասարակշռություն, որն այսօր էապես խախտված է, որովհետև կա նոր խաղացող, որը Թուրքիան է: Եթե ուզում ենք վերադառնանք հին ձևաչափին, ապա բնական է միայն մի ելք կա, որպեսզի թուրքերը դուրս գան:Պետրոս Ղազարյան -Դուրս չեն գալիս:-Միջազգային հանրության մեծ մասը իներցիայով դեռ կարծում է, որ խոսքը նորից Արցախի հիմնահարցի մասին է, տարածքային ամբողջականությունը ինքնորոշման իրավունքի դիմաց և այլն, և այլն: Հետևաբար, իրենց կոչերը երկկողմանի են, ուղղված են և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին, և՛ Արցախին, ասում են՝ դադարեցրեք ռազմական գործողությունները: Կարծում եմ, որ շատ կարճ ժամանակում մենք պետք է բոլոր հնարավոր և՛ դիվանագիտական, և՛ քաղաքական միջոցները ներդնենք, որ բացատրենք մեր բարեկամներին և ոչ բարեկամներին, ընդհանրապես միջազգային հանրությանը, որ գործ ունենք բոլորովին ուրիշ իրավիճակի հետ, որը վտանգավոր է ոչ միայն Արցախի, Հայաստանի համար, այլև ամբողջ տարածաշրջանի: Վտանգների մասին մենք արդեն խոսեցինք, որոնք թուրքերի հետ միասին գալիս են տարածաշրջան: Ժամանակն է, որ միջազգային հանրությունը տարբեր ձևերով, որոնք սպառված չեն, ճնշում գործադրի Թուրքիայի վրա՝ նրան կանգնեցնելու նպատակով: Իրականում, կարծում եմ, որ ամեն ինչ պետք է անենք ՝և՛ մեր պաշտոնական դիվանագիտությունը, կառավարությունը, Ազգային ժողովը... Պետրոս Ղազարյան -Հայտարարվել է, որ երրորդ ուժ չպետք է մասնակցի, ռուսները բաց տեքստով, իրանցիները ասում են, Միացյալ Նահանգները ասում է, էլ ի՞նչ ասեն:-Ներողություն, իմ դիվանագիտական փորձառությունը ինձ սովորեցնում է, որ ասել էլ կա, ասել էլ: Նույն բանը կարելի է ասել ուրիշ ձևով և կարելի է ցույց տալ, որ դու միայն չես ասում, այլ վաղը կարող է գործողությունների դիմես:Հայաստանը դեռ իր բոլոր քարտերը չի խաղացել դիմելու համար՝ ելնելով երկկողմ իր պայմանագրերից և, միաժամանակ, իր բոլոր քարտերը չի խաղացել, քանի որ Հայաստանը մաս է կազմում միջազգային կառույցների: Մենք անպայման պետք է օգտագործենք զանազան տիպի դիվանագիտական ճնշումները՝ միջազգային կառույցների, կազմակերպությունների՝ սկսած Եվրամիությունից մինչև ՆԱՏՕ: ՊԵտք է անպայման խոսենք և՛ մեր բարեկամների, և՛ նաև ոչ բարեկամների հետ: Այստեղ դիվանագիտության տարբեր ձևեր կան: Կա պաշտոնական դիվանագիտություն, կա նաև քաղաքացիական դիվանագիտություն: Մեր դեպքում քաղաքացիական դիվանագիտությունը մեր Սփյուռքն է:Օգտվելով առիթից, ուզում եմ դիմել մեր Սփյուռքի բոլոր հայրենակիցներին: Ուզում եմ նախ և առաջ շնորհակալություն հայտնել, որովհետև կապված լինելով Սփյուռքի գաղթօջախների, երկրների, անհատների հետ, տարբեր տեղերից անընդհատ արձագանք եմ ստանում՝ հսկայական անհանգստության և աջակցության պատրաստակամության: Ուզում եմ դիմել ձեզ, որ, իհարկե, պարտադիր է, անհրաժեշտ է, որ շարունակեք ֆինանսական աջակցությունը, որն իրականացվում է «Հայաստան» հիմնադրամի կողմից: Եթե կարող եք նյութական աջակցություն ուղարկել՝ նպատակաուղղված: Եթե ուղարկում եք զինվորների համար քնապարկեր, դա ընդունելի է կամ, ասենք, այն, ինչ բանակը, առողջապահության նախարարությունն ուզում է այսօր, այն, ինչ որ բացարձակ անհրաժեշտ է այս պայքարի համար: Միաժամանակ, ձեզնից յուրաքանչյուրն իր երկրում պետք է դառնա Հայաստանի դեսպանը, որ իր իսկ երկրի ղեկավարությանը ներկայացնի այն քաղաքական գործիչներին, որոնք կապված են համայնքին, կամ առանձին բարեկամների՝ իրական իրավիճակը ներկայացնելու համր: Կրկնում եմ՝ իներցիայով շատերի պատկերացման մեջ սա հին արցախա-ադրբեջանական հակամարտություն է, որտեղ պետք է երկու կողմերին ասել, որ այլևս մի կրակեք և այլն: Սեպտեմբերի 27-ից հետո մենք մեր պատմության բոլորովին նոր փուլ ենք մտել: Այդ նոր փուլը պետք է բացատրենք մեր բարեկամներին և նաև նրանց, որոնք ինչ-ինչ պատճառներով ավելի բարեկամական են Ադրբեջանի և Թուրքիայի հետ, չնայած նրանց թիվն այսօր շատ չէ: Կարծում եմ, որ մեր պարտականությունն է՝ և՛ պաշտոնական դիվանագիտության, և՛ ոչ պաշտոնական դիվանագիտության, և քաղաքացիական դիվանագիտության՝ մեր Սփյուռքի միջոցով այս բացատրությունները տանել: Իհարկե, այս պատերազմը մեզ համար ավարտվելու է հաղթական, որովհետև մենք հինգ օր հետո ապացուցեցինք և էլի հինգ որ հետո կապացուցենք և 1990-ականների սկզբին ենք ապացուցել, որ այս ժողովուրդը չի կարող պարտվել: Ցավալի է լինելու, որովհետև ունենալու ենք զոհեր: Արդեն ունենք: Ցավալի է, բայց ուրիշ ճանապարհ չկա, բացի հայրենիքը պաշտպանելը:Պետրոս Ղազարյան -Պարոն նախագահ, ասում եք, որ դիվանագիտական ռեսուրսը սպառված չէ՞:-Կարծում եմ, որ դեռ շատ անելիք ունենք: Եթե ասեի, որ դիվանագիտական, հանրային կարծիք ստեղծելու ռեսուրսը սպառված է, ապա ինչո՞ւ եմ ես օրական չորս-հինգ ընկերության հարցազրույց տալիս՝ Չինաստանում, հնդկական պետական հեռուստաընկերությանը, AlJazeera-ին: Ինչո՞ւ ենք մենք դրանով զբաղվում, եթե պետք է համարենք, որ սպառվել են: Ոչ, չենք սպառվել: Ինչպես ռազմադաշտում մեր զինվորները կանգնած են և պայքարում են ամեն օր, կարծում եմ, որ քաղաքական դաշտում, հանրային կարծիքի ձևավորման դաշտում, միջազգային և պաշտոնական դիվանագիտության ոլորտում մենք հսկայական անելիքներ ունենք և պետք է լարենք մեր բոլոր ուժերը, որ հասնենք մեր հիմնական նպատակին՝ Արցախի ժողովրդի պաշտպանությանը և հաղթանակին: Իսկ մնացածը, թե Ադրբեջանում ինչ կլինի, թե ովքեր կկառավարեն նավթուղին Ադրբեջանում՝ ադրբեջանցիները, թե թուրքերը, դա ավելի շատ նյութ է, որ մենք պետք է խոսենք մեր եվրոպացի կամ արևմտյան, արևելյան բարեկամների հետ, ասենք՝ մտածեք նաև ձեր ապագայի մասին, որովհետև այս փոփոխությունը, այս ալիքը միայն մեզ չի խփելու, հասնելու է նաև ձեզ:Պետրոս Ղազարյան -Ինչպե՞ս եք գնահատում մեր կառավարության և ընդհանրապես, պետության այս հինգ օրվա գործունեությունը՝ դիվանագիտական ոլորտում, ռազմի դաշտում:- Գիտեք, ես Անվտանգության խորհրդի անդամ չեմ, բայց հրավիրված եմ լինում խորհրդի նիստերին և իմ կարծիքը կամ խորհուրդը ասում եմ: Եվ ես կարծում եմ՝ իմ պարտականությունը ոչ թե հանրային կարծիք տալու մեջ է այս պահին, այլ իմ կարծիքը տալ կոնկրետ կառավարությանը, Անվտանգության խորհրդին, և ես պատրաստ եմ իմ ունեցած կապերով, կյանքի փորձառությամբ և իմ պատկերացումներով կիսվել իրենց հետ: Դա չի նշանակում, որ իմ կարծիքը բացարձակ ճշմարտություն է, բայց ամեն դեպքում, երբ ունեք քննարկում, երրորդ-չորրորդ կարծիքը կամ երկրորդ կարծիքը, որը հիմնված է որոշակի փորձառության վրա, կարող է շատ օգտակար լինել: Եվ ես որևէ րոպե կամ վայրկյան չեմ կասկածում և իմ կարծիքը շատ հստակ արտահայտում եմ:Կարծում եմ՝ իմ պարտականությունն այստեղ ոչ թե հենց այս պահին գնահատականներ տալն է, որովհետև մենք բոլորս միասին ենք՝ սկսած նախագահից, կառավարություն, Ազգային ժողով, իշխող կուսակցություն կամ ընդդիմություն, բոլորս միասին ենք:Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ մենք բոլորս պետք է սովորենք մեր ժողովրդից, որ բոլորիս սրտում և բոլորի գլխի մեջ երեք գույն կա՝ մեր եռագույնը: Մենք բոլորս պետք է սովորենք մեր ժողովրդից՝ միասնականություն, նվիրվածություն, ազգային արժեքներ և հավատ, որ հաղթելու ենք: Պետրոս Ղազարյան -Շնորհակալություն, պարոն նախագահ:
22:14 - 02 հոկտեմբերի, 2020
Ֆրանսիան կարևորում է ռազմագործողությունների արագ դադարեցումը. Փաշինյանի և Մակրոնի հեռախոսազրույցը

 |armenpress.am|

Ֆրանսիան կարևորում է ռազմագործողությունների արագ դադարեցումը. Փաշինյանի և Մակրոնի հեռախոսազրույցը |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումները: Վարչապետը շնորհակալություն է հայտնել պատերազմը սանձազերծելու անթույլատրելիության վերաբերյալ Ֆրանսիայի սկզբունքային և կառուցողական դիրքորոշման համար: Կողմերն անթույլատրելի են համարել օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավումը ռազմական գործողություններին: Ֆրանսիայի նախագահը կարևորել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը և խաղաղ գործընթացի վերականգնումը՝ համաձայն Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հոկտեմբերի 1-ի հայտարարության: Վարչապետ Փաշինյանն անընդունելի է համարել Թուրքիայի և նրա կողմից հովանավորվող ահաբեկիչների ներթափանցումը տարածաշրջան՝ ընդգծելով, որ առանց այդ ապակայունացնող ուժերի դուրսմղման՝ հնարավոր չէ վերականգնել տարածաշրջանային անվտանգությունը: Խաղաղության հաստատման համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և նրանց երկրների սերտ համագործակցությունը:
21:57 - 02 հոկտեմբերի, 2020
Հայերը, վրացիներն ու ադրբեջանցիները խաղաղության կոչերով են հանդես գալիս Վրաստանի Կառավարության շենքի դիմաց
 |armtimes.com|

Հայերը, վրացիներն ու ադրբեջանցիները խաղաղության կոչերով են հանդես գալիս Վրաստանի Կառավարության շենքի դիմաց |armtimes.com|

armtimes.com: Քիչ առաջ Վրաստանի կառավարության շենքի դիմաց էին հավաքվել վրացի, հայ, եւ ադրբեջանցի երիտասարդներ ու խաղաղության կոչերով էին հանդես գալիս՝ դիմելով Ղարաբաղյան հակամարտության կողմերին: Նրանց պարզած պաստառների վրա գրված էր հայերեն, վրացերեն եւ ադրբեջաներեն լեզուներով. «ոչ պատերազմին», «չեմ ուզում պատերազմ», «պատերազմը հանցագործություն է», «Կովկասն իմ տունն է», «Խաղաղությունը շովինիզմին, էթնո ազգայնականությանն ու ռազմատենչությանը ոչ ասելն է»։ Ցույցի մասնակիցների հիմնական ուղերձները սրանք են: Ավելի ուշ նրանք նաեւ հայտարարություններով հանդես եկան: «Մեզ համար շատ կարեւոր է խաղաղություն պահպանել Կովկասի ժողովուրդների միջեւ: Մենք դեմ ենք պատերազմին ցանկացած տարածաշրջանում, դեմ ենք նրան, ինչ տեղի է ունենում այսօր Ղարաբաղում: Վրաստանը համարում է, որ այս կոնֆլիկտը ունի բոլոր հնարավորությունները երկխոսությամբ լուծվելու: Մեր այստեղ հավաքվելու հիմնական նպատակն է, որ կողմերը նստեն քննարկման սեղանի շուրջ: Անթույլատրելի է, որ փոքր երեխաներ, անմեղ մարդիկ ու զինվորներ են մահանում Ղարաբաղում»,- ասաց վրացի ակտիվիստներից Անին: Վերջինս նաեւ հույս հայտնեց, որ այն քաղաքական գործիչները, որոնք շահագրգռված են խնդրի կարգավորմամբ, վերջապես կսկսեն գիտակցել, թե ինչ է կատարվում սահմանի երկու կողմերում:   Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։
21:45 - 02 հոկտեմբերի, 2020
Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 2-ին հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանում տիրող իրավիճակին, հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցներն իրենց մտահոգությունն են հայտնել Հայաստանի սահմաններին և ղարաբաղյան հակամարտության գոտում լարված իրավիճակի առնչությամբ և ընդգծել անհապաղ հանգուցալուծում գտնելու կարևորությունը:Ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների համատեղ հայտարարության կարևորությունը: 
21:32 - 02 հոկտեմբերի, 2020