ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Հայաստանի համար Թուրքիան անվտանգության սպառնալիք է․ նախարար Մնացականյանի ելույթը Բաթումի համաժողովում

Հայաստանի համար Թուրքիան անվտանգության սպառնալիք է․ նախարար Մնացականյանի ելույթը Բաթումի համաժողովում

Հուլիսի 11-ին Վրաստանում մեկնարկեց Բաթումի 16-րդ միջազգային համաժողովը՝ նվիրված Արևելյան գործընկերության 10-ամյակին և վերջին տասնամյակում գրանցված ձեռքբերումների ամփոփմանը։ Համաժողովին բացման խոսքով հանդես եկան Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, ինչպես նաև երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Եվրոպական խորհրդի անունից ելույթ ունեցավ վերջինիս նախագահ Դոնալդ Տուսկը՝ «Եվրոպան նոր տասնամյակի նախաշեմին» խորագրով։ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ ունեցավ երրորդ նստաշրջանում՝ «Արևելյան գործընկերությունը` որպես ժողովրդավարական փոխակերպման գործոն» խորագիրը կրող քննարկմանը։ Արևելյան գործընկերության՝ որպես ժողովրդավարության խթանմանն ուղղված նախաձեռնության համատեքստում նախարար Մնացականյանը նշեց, որ Արևելյան գործընկերությունը պարզապես Եվրոպական հարևանությամբ բնորոշվող ինչ-որ տարածաշրջան չէ, այլ ընդհանուր արժեքների վրա հիմնված Եվրոպայի մասն է: «Դրանք մեր ըդնհանուր արժեքներն են․ արժեքներ, որոնք մենք ընտրեցինք որպես մեր պետականակերտման հիմք 1991թ. անկախության հռչակման առաջին իսկ օրվանից։ Երբ մենք օրինագիծ ենք մշակում, ապա այն ուղարկում ենք հենց Վենետիկի հանձնաժողովին, այլ ոչ թե այլ կառույցի, քանի որ մենք ցանկանում ենք դիտարկել այդ օրինագծի համապատասխանությունը եվրոպական չափանիշներին։ Եվ հենց այս համատեքստում է, որ Եվրոպական միությունը 28 տարի շարունակ եղել է Հայաստանի համապարփակ անվտանգության ճարտարապետության հիմնասյուներից մեկը հենց ժողովրդավարական կառույցների ամրապնդման, արժեքների ներդրման տեսանկյունից»։ Այս համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարը կարևորեց հանրային կառուցների դերը՝ արժեքները կիրառական դարձնելու առումով: Նախարարի խոսքով՝ ԵՄ-ն իր շարունակական աջակցությամբ և ամուր ինստիտուտների կառուցման մեջ ներգրավվածությամբ ստանձնել է Հայաստանում իրապես ուժեղ ժողովրդավարություն կառուցման գործում կարևոր գործընկերոջ դերը. սա է ընկած ԵՄ հետ համագործակցության առանցքում: «Ժողովրդավարությունը Հայաստանի մասին է: 2018 թ. ապրիլին և մայիսին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները ի ցույց դրեցին Հայաստանի կառույցների ուժը և կարողությունը՝ արձագանքելու նմանօրինակ փոփոխությունների և մեզ բարձրացնելու ժողովրդավարության զարգացման առավել բարձր մակարդակի: Սա մի բան էր, որ հնարավոր չէր անել մեկ օրում. սա տարիների ընթացքում պետական կառույցների, քաղաքացիական հասարակության, մամուլի ամրապնդման արդյունք էր»: Իր խոսքում Զոհրաբ Մնացականյանն արձանագրեց, որ առկա են ժողովրդավարության հետընթացի, մարդու իրավունքների արժեզրկման միտումներ, ինչն իրապես մտահոգիչ է և ենթադրում է միասնական ջանքերի գործադրում: ԱԳ նախարար Մնացականայնն ընդգծեց, որ 2018 թ. կարևոր առաջընթացի տարի էր, որը վերաբերում էր բացառապես Հայաստանին և որևէ առնչություն չուներ աշխարհաքաղաքականության հետ․ իրողություն, որը հեշտ չէր գործընկերներին ներկայացնելու առումով: «Մենք շատ համբերատար անդրադառնում էինք այս հարցին. Հայաստանում տեղի ունեցածն աշխարհաքաղաքական զարգացում չէ: Պետք չէ փորձել ինչ-որ արտաքին ենթատեքստ փնտրել Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներում, քանի որ դրանք պարզապես չկան»: Արևելյան գործընկերության երկրների անվտանգության մարտահրավերի համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծեց. «Հայաստանի համար Թուրքիան հանդիսանում է անվտանգության սպառնալիք: Արդեն 27 տարի է՝ Թուրքիան մերժում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել և շարունակում է Հայաստանի շրջափակման քաղաքականությունը, որն ուղեկցվում է արդարության ժխտողականությամբ. սա անվտանգության սպառնալիք է մեզ համար»: Իր ելույթում նախարար Մնացականյանը հույս հայտնեց, որ ընդհանուր եվրոպական արժեքները չեն ստորադասվի նոր գործընկերներ, նոր հնարավորություններ, դիվերսիֆիկացման ուղիներ փնտրելու ճանապարհին, և ԵՄ-ն անսասան կլինի դրանք պահպանելու իր սկզբունքային դիրքորոշման մեջ: Իր ելույթում նախարար Մնացականյանն ընդգծեց նաև քաղաքացիական հասարակության առաջնահերթ կարևորությունը՝ շեշտելով, որ անհնար է հաշվի չառնել նրանց դերակատարությունը, քանի որ նրանք հանրային քննարկման և որոշումների կայացման անբաժան մասն են կազմում։ «Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գորընկերության համաձայնագրի համատեքստում մենք որդեգրել ենք ընդհանուր քննարկումներ անցկացնելու նոր աշխատելաոճ՝ քաղաքացիական հասարակության լայն ներգրավվմամբ»:
06:07 - 12 հուլիսի, 2019
Սոցիալական ցանցերում շփումը գերադասող որոշ դիվանագետներ ստացել են բանավոր նկատողություն. ԱԳՆ խոսնակ

Սոցիալական ցանցերում շփումը գերադասող որոշ դիվանագետներ ստացել են բանավոր նկատողություն. ԱԳՆ խոսնակ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կիրառում է սոցիալական մեդիայում վարվելակերպի կանոններ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:«Լինելով արտաքին անվտանգության հետ կապված պետական ծառայության տեսակ՝ ԱԳՆ կողմից կիրառվում են սոցիալական մեդիայում վարվելակերպի կանոններ՝ հիմնված «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի և «Դիվանագետի էթիկայի կանոնների» դրույթների վրա։ Վերջիններս խախտելու համար, մասնավորապես աշխատանքային պարտականությունների կատարմանը սոցիալական ցանցերում շփումը գերադասող որոշ դիվանագետներ, անկախ աստիճանից, արդեն իսկ ստացել են բանավոր նկատողություններ։ Նման կանոնների կիրառումը ընդունված պրակտիկա է շատ երկրներում ու մենք որպես թվային դիվանագիտության միջազգային սանդղակում առաջատար պետություն չենք պատրաստվում անտեսել այդ կարևոր գործոնը:ԱԳՆ-ում կա զրո հանդուրժողականություն ծառայողական կանոնակարգերի խախտման հանդեպ»,-նշում է Նաղդալյանը:
12:22 - 11 հուլիսի, 2019
Կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում բոլոր գործողությունները. ՀՀ ԱԳՆ

Կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում բոլոր գործողությունները. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Թուրքիայի՝ Կիպրոսի ԲՏԳ նոր հորատում իրականացնելու փորձի վերաբերյալ: «Մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Թուրքիայի՝ Կիպրոսի հյուսիս-արևելքում նոր հորատման գործողություն իրականացնելու փորձի կապակցությամբ: Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի շարունակական սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը: Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունն ու համերաշխությունը Կիպրոսի Հանրապետությանը և նրա ժողովրդին և կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ) բոլոր գործողությունները, հարգել Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանությունը և Կիպրոսի ժողովրդի իրավունքները` հետամուտ լինելու իրենց քաղաքական, սոցիալական և տնտեսական զարգացմանն` առանց արտաքին ճնշման»,-ասված է հայտարարության մեջ։
12:08 - 10 հուլիսի, 2019
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ լրատվական ծառայությունը: Հանդիպման առանցքում Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի և ԿԳՄՍ միջև համագործակցությունն էր` Կայուն զարգացման նպատակների իրագործման համատեքստում։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները նշել են, որ նախատեսվում է պետական գերատեսչությունների հետ միասնական հարթակների ստեղծում և այդ շրջանակում մշակվելու են ռազմավարական ուղղությունները, որոնցով առաջնորդվելու է գրասենյակը՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված առաջնահերթություններին համահունչ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ժողովրդագրական խնդիրներ, մասնավորապես, կրթության դերը դրանց հաղթահարման գործընթացում: ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն արտահայտել է իր պատրաստակամությունն աջակցելու նախարարությանը իրականացվող բարեփոխումների և հանրակրթական չափորոշիչների մշակմանը փորձագետներ ներգրավելու հարցում։ Անդրադարձ է կատարվել միջին մասնագիտական կրթության և երիտասարդության ոլորտում առկա համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև ՄԱԿ-ի իրականացրած հետազոտությունները նախարարության կողմից ուսումնասիրելու հնարավորություններին` աշխատանքն առավել արդունավետ ու հետազոտահենք դարձնելու նպատակով։
06:12 - 10 հուլիսի, 2019
Զոհրաբ Մնացականյանը Շվեդիայի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի առկա իրավիճակը

Զոհրաբ Մնացականյանը Շվեդիայի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի առկա իրավիճակը

Սլովակիայում անցկացվող ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակում այսօր՝ հուլիսի 9-ին Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոտ Վալստրյոմի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-շվեդական օրակարգի մի շարք հարցերի շուրջ և վերահաստատել երկկողմ հանձնառությունը՝ գործնական քայլեր ձեռնարկելու այն առավել ընդլայնելու և հարստացնելու ուղղությամբ: Զոհրաբ Մնացականյանը շվեդ գործընկերոջն է ներկայացրել մարդու իրավունքների խրախուսման, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման և դատաիրավական բսրեփոխումներին ուղղված ՀՀ քաղաքականությունը։ Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները բարձր են գնահատել մարդու իրավունքների օրակարգ ունեցող կազմակերպությունների և նախաձեռնությունների, այդ թվում՝ Եվրոպայի Խորհրդում, ԵԱՀԿ-ում, ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի և Շվեդիայի միջև հաջող զարգացող համագործակցությունը։ Շվեդ գործընկերոջ խնդրանքով՝ ԱԳ նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ առկա իրավիճակը, Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները:  
05:57 - 10 հուլիսի, 2019
Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Սերբիայի արտաքին գործերի նախարարի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Սերբիայի արտաքին գործերի նախարարի հետ

ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում հուլիսի 9-ին տեղի ունեցավ Հայաստանի և Սերբիայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Իվիցա Դաչիչի հանդիպումը: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, կողմերը քննարկեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր՝ ուղենշելով քաղաքական երկխոսության առավել ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք առաջիկա քայլերը: Զրուցակիցների ուշադրության կենտրոնում էին նաև միջազգային կառույցներում փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ խնդիրներ: Հայաստանի և Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձ կատարեցին ԵԱՀԿ օրակարգային խնդիրներին, մտքեր փոխանակեցին Կազմակերպության գործունեության և դրա շրջանակներում համագործակցության շուրջ:
12:18 - 09 հուլիսի, 2019
ՀՀ ԱԳՆ-ում քննարկվել է ազգային փոքրամասնությունների պաշտպանության վերաբերյալ հինգերորդ զեկույցը

ՀՀ ԱԳՆ-ում քննարկվել է ազգային փոքրամասնությունների պաշտպանության վերաբերյալ հինգերորդ զեկույցը

Հուլիսի 4-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի համաձայն ներկայացվող Հայաստանի հինգերորդ զեկույցի քննարկումը՝ ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդում ներկայացված 11 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԳՆ Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանը: Իր խոսքում նա անդրադարձավ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող այն քայլերին, որոնք բխում են մարդու իրավունքներին վերաբերող միջազգային, այդ թվում` փոքրամասնություններին առնչվող հատուկ նշանակության փաստաթղթերից, այդ թվում՝ ԵԽ ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիան: Նա կարևորեց ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն ապահովող ինստիտուցիոնալ համակարգը, մասնավորապես` ընդգծեց 2019թ. մայիսի 3-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ուժի մեջ մտած Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի վերակազմավորման փաստը: Քննարկմանը մասնակցում էր նաև Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին ԵԽ շրջանակային կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեի՝ Հայաստանի փորձագետ Արայիկ Նավոյանը, ով ներկայացրեց Կոմիտեի աշխատանքը պետությունների կողմից զեկույցների պատրաստման և դրանց հետագա կիրարկման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչն անդրադարձավ Ազգային փոքրամասնությունների մասին ՀՀ օրենքի նախագծի մշակման հարցերին, ինչից հետո մանրամասն քննարկվեց զեկույցի նախագիծը և բանախոսները պատասխանեցին բարձրացված հարցերին: Հանդիպման կազմակերպմանն աջակցություն էր ցուցաբերել ԵԽ երևանյան գրասենյակը:
17:18 - 04 հուլիսի, 2019
Հայ և լեհ պատգամավորները ակտիվացնում են խորհրդարանական համագործակցությունը

Հայ և լեհ պատգամավորները ակտիվացնում են խորհրդարանական համագործակցությունը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը՝ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ հուլիսի 2-4-ը գտնվում է Վարշավայում՝ Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ ԵՄ հարցերով հանձնաժողովի հետ համատեղ նիստի աշխատանքներին մասնակցելու համար:  ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմում են նաեւ «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավորներ Սոս Ավետիսյանը եւ Անուշ Բեղլոյանը, «Բարգավաճ Հայաստան»-ից` Արման Աբովյանը, «Լուսավոր Հայաստան»-ից` Արման Բաբաջանյանը: Համատեղ նիստի ընթացքում հայ եւ լեհ պատգամավորները հանդես են եկել զեկույցներով՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների, տարածաշրջանային անվտանգության եւ Հարավային Կովկասում համագործակցության ու կայունության հարցերի, ինչպես նաեւ հայ-լեհական երկկողմ հարաբերությունների վերաբերյալ: Ողջույնի խոսքում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է հայ-լեհական երկկողմ հարաբերություններին՝ կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը: Այս համատեքստում կողմերը համոզմունք են հայտնել, որ ոլորտային համապատասխան երկու հանձնաժողովների միջեւ համագործակցությունը, օրենսդրական գործունեության հետ կապված փորձի փոխանակումը, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ քննարկումների անցկացումը կնպաստեն Հայաստանի Հանրապետության եւ Լեհաստանի Հանրապետության խորհրդարանների միջեւ երկկողմ կապերի խթանմանը: Նշվել է, որ համատեղ լսումների կազմակերպումը, փոխադարձ այցերը, միջազգային հարթակներում ակտիվ փոխգործակցությունը եւս իրենց նպաստը կբերեն վերոնշյալ նպատակների իրականացմանը: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործակցության օրակարգին՝ հանձնաժողովի նախագահն իր գոհունակությունն է հայտնել Լեհաստանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման առնչությամբ եւ հույս հայտնել, որ ԵՄ մյուս երկրների ազգային խորհրդարանները եւս Համաձայնագիրը հնարավորինս արագ կվավերացնեն: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման հրամայականը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան: Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են համատեղ հայտարարություն՝ հաջորդ համատեղ նիստը նախատեսելով անցկացնել 2020 թվականին՝ Երեւանում:
06:26 - 04 հուլիսի, 2019
Ադրբեջանը հրաժարվել է ապահովել Հայաստանի անվտագությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նիստին |aysor.am|

Ադրբեջանը հրաժարվել է ապահովել Հայաստանի անվտագությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նիստին |aysor.am|

aysor.am: Հունիսի 30-ից հուլիսի 10-ը Բաքվում կայանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նիստը, որին, որպես դիտորդ, մասնակցելու հրավեր էր ստացել նաև Հայաստանը։ «Հայկական կողմը դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմին՝ հյուրընկալող կողմից ստանալու անվտանգության համապատասխան հավելյալ միջոցներ ՀՀ պատվիրակության մասնակցության համար՝ հաշվի առնելով ՀՀ քաղաքացիների ու, ընդհանրապես, ազգությամբ հայերի այդ երկիր մուտքի հետ կապված անհնարինությունը, հակահայկական քարոզը», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Նա նշեց, որ հայկական կողմը մշտական կապի մեջ է եղել քարտուղարության հետ ու ջանքեր են գործադրվել՝ ստանալու հայկական կողմի համար անհրաժեշտ երաշխիքներ։ «Սակայն, ի հեճուկս գործադրված ջանքերի, միջոցառումից երկու օր առաջ հայկական պատվիրակությունը ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի նամակը, որում Ադրբեջանը հրաժարվել է տրամադրել գրավոր հավելյալ անվտանգության միջոցներ ՀՀ պատվիրակության անարգելք մուտքը երկիր ու մասնակցությունը միջոցառումին», - ասաց Աննա Նաղդալյանը։ ԱԳՆ մամուլի խոսնակի խոսքով՝ սա իր մեջ արատավոր երևույթ է պարունակում։ «Հայաստանը պաշտոնական բողոք է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարութանն ու անդամ պետություններին՝ կոչ անելով ուշադրություն հրավիրել այս արատավոր գործելաոճի վրա ու հանդես գալ դատապարտող դիրքորոշմամբ», - ասաց ԱԳ նախախարության խոսնակը։
10:49 - 03 հուլիսի, 2019
Միակողմանի զիջումների սցենարը բացառվում է. Աննա Նաղդալյան |aysor.am|

Միակողմանի զիջումների սցենարը բացառվում է. Աննա Նաղդալյան |aysor.am|

aysor.am։ Խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումն առաջնահերթություն է Հայաստանի համար, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ «Մենք չենք հավատում, որ հնարավոր է արդյունավետություն արձանագրել բանակցային գործընթացում, եթե տեղում կա իրադրության լարում», - ասաց նա։ ԱԳՆ խոսնակը ընդգծեց՝ այն ենթադրությունը, որ Հայաստանը կարող է բանակցել սպառնալիքի ներքո, շատ վտանգավոր ենթադրություն է։«Որովհետև Հայաստանը մշտապես խոսել է խաղաղության դիրքերից, Հայաստանը մշտապես խոսել է բոլորի համար ընդունելի լուծում գտնելու անհրաժեշտության դիրքերից, սակայն սա չի նշանակում, որ Հայաստանը խաղաղության համար պատրաստ է գնալ միակողմանի զիջումների, որոնք վտանգի տակ են դնում Արցախի ինքնորոշման իրավունքն ու անվտանգությունը։ Այն ենթադրությունը, որ միակողմանի զիջումների սցենարն իրական է, բացառվում է ու իրականությանը չի համապատասխանում», - շեշտեց Աննա Նաղդալյանը։
09:08 - 03 հուլիսի, 2019
Հայաստանում Լեհաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ պարզաբանումների համար |lragir.am|

Հայաստանում Լեհաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ պարզաբանումների համար |lragir.am|

lragir.am։ Հայաստանում Լեհաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ պարզաբանումների համար, այսօր հրավիրած ճեպազրույցում ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Իսկ պարզաբանումը կապված է եղել վիզաների տրամադրման գործընթացի հետ, ինչին օրերս անդրադարձել էր Հետք կայքը: Ըստ հրապարակման՝ Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը արհեստական խոչընդոտ էր ստեղծել լրագրողի վիզայի ստացման գործընթացում, իսկ ՀՀ Արտաքին գործերի նախարարության նոտան դեսպանատան կողմից հաշվի չէր առնվել: «Այս հարցը մենք դիտում ենք առավել լայն՝ ԵՄ հետ վիզաների դյուրացման գործընթացի կատարման համատեքստում: Եվ այդ գործընթացի որևէ դրույթի կատարման թերացումները մեզ համար անընդունելի են: Եվ մենք խստորեն անդրադառնալու ենք այս հարցին: Տվյալ հարցի առնչությամբ Հայաստանում Լեհաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ՝ պարզաբանումնների համար: Եվ իրեն ներկայացվել է ՀՀ ԱԳՆ դիրքորոշումը»,- ասաց Աննա Նաղդալյանը:Ըստ նրա՝ ԵՄ հետ հարաբերություններում հայկական կողմը մշտապես ընդգծում է մարդկանց միջև շփումների խրախուսման կարևորությունը և մշտապես հետամուտ են լինելու այս հարցին:
08:47 - 03 հուլիսի, 2019