Ինֆոքոմ

Իրանն ուշադիր հետևում է Իրանից Հայաստան ուղևորվող իրանական մեքենաներից գումարների գանձման դեպքերին․ Հայաստանում Իրանի դեսպանատուն

Իրանն ուշադիր հետևում է Իրանից Հայաստան ուղևորվող իրանական մեքենաներից գումարների գանձման դեպքերին․ Հայաստանում Իրանի դեսպանատուն

Մի քանի օր առաջ համացանցում լուսանկար տարածվեց, որտեղ երևում էր, թե ինչպես է ադրբեջանական ոստիկանական կետ տեղադրվել Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ Որոտանի հատվածում։ ՀՀ ԱԱԾ-ն պարզաբանում տարածեց, որ Որոտան բնակավայրի մոտ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի ոստիկանությունն իրականացնում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ Երեկ համացանցում հայտնվեց մեկ այլ լուսանկար, որի հետ տարածվում էր տեղեկություն, թե Ադրբեջանի ոստիկանական կետում ստուգում են Իրանից եկող բեռնատարները և վարորդներից գումար գանձում։ Իրանցի վարորդները «ՍիվիլՆեթ»-ի հետ զրուցում հայտնել էին, որ ադրբեջանական ոստիկանական կետի ծառայողներն իրենցից պահանջում են կանխիկ 130 դոլար վճարել՝ Ադրբեջանի տարածքով անցնելու համար։  Ավելի ուշ Ադրբեջանի պետական մաքսային ծառայությունը մեկնաբանեց այս լուրերը․ «Ադրբեջանի Հանրապետության հարկային օրենսգրքի 210-րդ հոդվածի համաձայն՝ օտարերկրյա պետությունների տրանսպորտային միջոցները, երկիր մուտք գործելով և դուրս գալով, ենթակա են հարկման: Ըստ օրենսգրքի՝ տրանսպորտային միջոցները ենթակա են ճանապարհային հարկման, ինչպես նաև պետական տուրքի` Ադրբեջանում միջազգային ճանապարհային փոխադրումները կարգավորող թույլտվություն ստանալու համար»։ Infocom-ը հարցում էր ուղարկել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն՝ խնդրելով պարզաբանել Ադրեջանի ոստիկանական կետում Իրանից եկող բեռնատարները ստուգելու և վարորդներից գումար գանձելու լուրերը։ Դեսպանատանից, ի պատասխան մեր հարցման, հայտնել են, որ Իրանն ուշադիր հետևում է Կովկասի տարածաշրջանում վերջին ամիսներին տեղի ունեցող զարգացումներին և, մասնավորապես, սեպտեմբերի 12-ից, Իրանից Հայաստան ուղևորվող իրանական մեքենաներից գումարների գանձման դեպքերին։ «Իրանը փորձում է իր կարողություններն օգտագործել բոլոր հարևանների մասնակցությամբ տարածաշրջանային զարգացման, խաղաղության և կայունության համար: Ըստ այդմ՝ օրակարգային է հատկապես բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը և ճանապարհին խոչընդոտների ու խնդիրների վերացումը: Իրանը հետամուտ կլինի հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ առևտրի դյուրացման տարբեր եղանակների»-, ասված է դեսպանատան պատասխանում։ Դեսպանատան փոխանցմամբ՝ Իրանի համար հարևանների հետ հարաբերություններն առաջնային են․ «Նախագահ Էբրահիմ Ռայիսիի կառավարությունում հարևանների հետ հարաբերություններն արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից են: Հետևաբար, Թեհրանն ընդլայնելու է հարաբերությունները բոլոր հարևան երկրների հետ՝ հավասարակշռված, բայց գերակա առաջնահերթությամբ»: Աննա Սահակյան
18:39 - 14 սեպտեմբերի, 2021
Մաքսատուրքից ազատման արտոնություն՝ ՔՊ-ին նվիրատվություն կատարած ընկերությանը

Մաքսատուրքից ազատման արտոնություն՝ ՔՊ-ին նվիրատվություն կատարած ընկերությանը

Կառավարությունը սեպտեմբերի 2-ի նիստում բավարարեց «Նորմեդ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը, որով վերջինիս տրվեց ներկրվող տեխնոլոգիաների մաքսատուրքից ազատման արտոնություն։ Համաձայն կից ներկայացվող հավելվածի՝ ընկերությունը պատրաստվում է Չինաստանից ներկրել երկու տեսակի շարժական վիրաբուժական լույս՝ ընդհանուր 6 մլն 458 հազար դրամ արժողությամբ։ Ու՞մ է պատկանում «Նորմեդ» ՍՊԸ-ն Համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ «Նորմեդ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2006 թվականի փետրվարի 27-ին։ Հիմնադիրները եղել են Ռուզաննա Բարսեղյանը և Գարեգին Ալթունյանը, իսկ տնօրենը՝ Սուրիկ Ալթունյանը։ Այժմ ընկերության 100% բաժնեմասը պատկանում է Սուրիկ Ալթունյանին, ով նաև ընկերության տնօրենն է։ Գարեգին Ալթունյանը ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Գևորգ Ալթունյանի հարազատ եղբայրն է, ինչի մասին վկայում է ՀՀ ընտրողների ռեգիստրը, համաձայն որի՝ Գևորգ և Գարեգին Ալթունյանները գրանցված են միևնույն հասցեում և նրանց հայրանունները նույնն են։ Իսկ ընկերության այժմյան բաժնետերը նրանց հետ ունի բարեկամական կապ։ Սուրիկ Ալթունյանի կապը չի սահմանափակվում միայն Գևորգ Ալթունյանի հետ բարեկամական կապով։ Վերջինս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, այժմ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանի մորեղբայրն է։ Բաթոյանը հայտարարատու պաշտոնատար անձ է, հետևաբար նրա հետ համատեղ բնակվող անձինք նույնպես պարտավորվում են ներկայացնել տարեկան հայտարարագրեր։ Բաթոյանի հետ որպես համատեղ բնակվող անձ հայտարարագիր է ներկայացրել նրա մայրը՝ Աղավնիկ Աշոտի Ալթունյանը։ Վերջինս Սուրիկ Աշոտի Ալթունյանի քույրն է։ Հատկանշական է, որ արտոնություն ստացած ընկերությունը 2020 թվականին 1 մլն դրամի նվիրատվություն է արել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Բացի սրանից հետաքրքիր է այն, որ նշված ընկերությունից պետությունը մեկ անձից գնման ընթացակարգով գնումներ է կատարել սկսած 2017 թվականից։ Հիշեցնենք, որ ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին, սակայն պետական գնումների՝ այն էլ մեկ անձից գնման ընթացակարգով, սկսել է մասնակցել Գևորգ Ալթունյանի՝ վարչության պետ դառնալուց հետո, իսկ նշված ընկերությունից պետական գնումները շատացել են Զարուհի Բաթոյանի պաշտոնավարումից հետո։ «Նորմեդ» ՍՊԸ-ի մասնակցությունը պետական գնումներին Հանրային ռադիոընկերությունն ու Առողջապահության նախարարությունը նշված ընկերության հետ կնքել են 14 գնման պայմանագիր, որից 11-ը եղել է մեկ անձից գնման ընթացակարգով, 1-ը՝ բաց մրցույթով, սակայն առանց հայտարարության, մյուս երկուսը եղել են որպես գնում չհանդիսացող ծախս։ Ընդհանուր առմամբ՝ բոլոր պայմանագրերի արժեքը միասին կազմել է 91 մլն 520 հազար դրամ, որից 84 մլն 601 հազար դրամը՝ 92,4%-ը, եղել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների զգալի մասը՝ 10 պայմանագիր, կնքվել է 2020 թվականին, հենց այն տարում, երբ ընկերությունը 1 մլն դրամի նվիրատվություն է արել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ 2020 թվականի գնումների ընդհանուր արժեքը կազմել է 65 մլն 523 հազար դրամ։  Այսպիսով՝ կառավարության որոշմամբ արտոնություն է տրվել մի ընկերության, որը 2020 թվականին 1 մլն դրամ նվիրատվություն է կատարել ՔՊ կուսակցությանը, որի բաժնետերը բարեկամական կապեր ունի ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետի, ինչպես նաև ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանի հետ, և որից պետությունը մեկ անձից գնման ընթացակարգով գնումներ է կատարել։ Նարեկ Մարտիրոսյան
18:08 - 14 սեպտեմբերի, 2021
Ըստ Սովետական Միության քարտեզի՝ այն հատվածը, որտեղ իրենք տեղակայված են, գտնվում է Սովետական Ադրբեջանի տարածքում․ Աղաջանյանը՝ ադրբեջանական հսկիչ կետի մասին

Ըստ Սովետական Միության քարտեզի՝ այն հատվածը, որտեղ իրենք տեղակայված են, գտնվում է Սովետական Ադրբեջանի տարածքում․ Աղաջանյանը՝ ադրբեջանական հսկիչ կետի մասին

Ադրբեջանական ուժերը տեղակայված են այն հատվածներում, որտեղ նախկինում այդ խնդիրը առաջացել էր։ Այսինքն՝ իրենց լոկացիայի առումով ոչինչ չի փոխվել, ուղղակի տեղադրել են այդ հսկիչ կետերը։ Խոսքը վերաբերում է այն ելակետային դիրքերին, որտեղ տեղակայվել են թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմերը։ Ըստ Սովետական Միության քարտեզի՝ այդ հատվածը, որտեղ իրենք տեղակայված են եւ ճանապարհի այդ հատվածը գտնվում են Սովետական Ադրբեջանի տարածքի մեջ, իրենք տեղակայված են այդտեղ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։  Լրգարողների այն հարցին, թե ինչու է հայկական կողմն այս պահին առաջնորդվում Խորհրդային Միության քարտեզով Աղաջանյանը նշեց, որ այլ քարտեզներ չկան։ Աղաջանյանի կարծիքով պաշտոնյանների եւ գերատեսչությունների կողմից ադրբեջանական տեղանուններ օգտագործելը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի աշխատանքների վրա։  Աղաջանյանը տեղեկացրեց, որ այսօր հանդիպում է ունեցել Եվրամիության՝ հարավային Կովկասում հատուկ ներկայացուցչի հետ եւ հարցերի ամբողջ շրջանակը մանրամասն քննարկվել է։  «Մեր դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ հետեւյալն է․ ադրբեջանական կողմը, չնայած իր հայտարարություններին, թե իբր կողմ է երկարատեւ խաղաղության սկիզբ կամ մաս կազմելու, գործնականում իր քայլերով էլ ավելի է սրում եւ էսկալացնում իրավիճակը։ Սա մի խնդիր է, որը պետք է մշտապես մեր միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում լինի։ Հույս եմ հայտնել, որ իրենք կօգտագործեն իրենց գործիքակազմում եղած բոլոր այն ճնշման գործիքները, որոնցով հնարավոր կլինի Ադրբեջանին բերել կոնստրուկտիվ դաշտ»,- մանրամասնեց պատգամավորը։ Լրագրողի այն հարցին, թե Սյունիքում ադրբեջանական զինծառայողների կողմից փակած Գորիս-Կապան ճանապարհն ի՞նչ բանակցությունների արդյունքում է բացվել եւ արդյոք այս հենակետն է եղել ճանապարհը բացելու համար։ Աղաջանյանը պատասխանեց․ «Ռուս սահմանապահներն ստանձնել են այդ ճանապարհահատվածի վերահսկողական գործառույթ եւ իրենց բանակցությունների արդյունքում է այդ խնդիրը լուծվել է։ Նման պայմանավորվածություն չի եղել, գինը դա չէր։ Ինչ անում է ադրբեջանական կողմը, ընդամենը նպատակ ունի արժեզրկել խաղաղության օրակարգը։ Մենք գնում ենք տարածաշրջանում երկարատեւ խաղաղության գործընթացի սկիզբ դնելու ճանապարհով, պատրաստվում ենք չտրվել սադրանքներին: Մենք նման գործողությունները գնահատում ենք սադրանք Ադրբեջանի կողմից։ Այդ սադրանքները կարող են ուղեկցվել զոհերով, կարող են ուղեկցվել այլ տհաճ ու անցանկալի երեւույթներով, բայց դա է այն ճանապարհը, որով պետք է մեր քաղաքական ուժը տանի այս գործընթացը՝ առաջին հերթին հաշվի առնելով, որ դրա համար ստացել է ժողովրդի մանդատը»,- եզրափակեց Աղաջանյանը։   
17:33 - 14 սեպտեմբերի, 2021
Երեւանի քաղաքապետարանի մոտից բերման է ենթարկվել «Ֆիզգոռոդոկում» շինարարության հարցով ակցիա իրականացնող  4 քաղաքացի

Երեւանի քաղաքապետարանի մոտից բերման է ենթարկվել «Ֆիզգոռոդոկում» շինարարության հարցով ակցիա իրականացնող 4 քաղաքացի

Երեւանի քաղաքապետարանի մոտ «Ֆիզգոռոդոկում» շինարարության հարցով ակցիա իրականացնող 4 քաղաքացի է բերման ենթարկվել Ոստիկանություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար, այն է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։ Այս մասին Infocom-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։  «Ֆիզգոռոդոկի» բնակիչներն ու նրանց աջակիցներն այսօր կեսօրից ակցիա են իրականացնում Երեւանի քաղաքապետարանի դիմաց։ Վերջիններս պահանջում են, որ քաղաքապետն ու ավագանու անդամները հանդիպեն բնակիչների հետ, լսեն նրանց պահանջը, այն է՝ տրամադրել ՀՀ հողային օրենսգրքի սահմանափակումների մասին տեղեկանք եւ մի շարք այլ փաստաթղթեր, կասեցնել շինարարության ընթացքը (Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում նշված է, որ արգելվում է քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողեր են (հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ, գետափեր, զբոսայգիներ, պուրակներ, այգիներ, լողափեր եւ ընդհանուր օգտագործման այլ տարածքներ),- հեղ․)։ «Ավագանու անդամներից պահանջում ենք դուրս գալ, մեր պատրաստած փաստաթուղթը փոխանցել քաղաքապետին ու ասել, որ չենք հեռանալու՝ առանց շինարարության կասեցման որոշման։ Քաղաքապետը պետք է իջնի ու կատարի պահանջը, որպեսզի հացադուլ իրականացնող քաղաքացիների կյանքին վտանգ չսպառնա»։ Քաղաքացիները տեղեկացրել են նաեւ, որ իրենց ակցիայի արդյունքում քաղաքապետարանի մոտ երթեւեկությունը կաթվածահար է։  «ՖիզԳորոդոկ Երեւան» ֆեյսբուքյան էջում (էջում թարմացումներ են անում թաղամասի բնակիչները,- հեղ․), հրապարակված տեսանյութերից տեղեկանում ենք, որ ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիա իրականացնող քաղաքացիների։  «Երուանի ժառանգության պաշտպանության կոմիտե» նախաձեռնության անդամ Իզաբելա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ բերման ենթարկվածներից են Գարիկ Միսկարյանն ու Արտեմ Սադոյանը։  Հիշեցնենք, որ երեկ «Ֆիզգոռոդոկի» բնակիչները հայտնել էին, որ սեպտեմբերի 14-ին ժամը 11-ին քաղաքացիները հավաքվելու են Կենտրոն ու Նորք Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ, որտեղ քննվելու էր բնակիչների բողոքարկումը՝ նախկինում քրեական գործ չհարուցելու վերաբերյալ։ Այդ գործի` ժամանակին հարուցվելու դեպքում հնարավոր կլիներ կանխել ապօրինի շինթույլտվության տրամադրումն ու շինաշխատանքների մեկնարկը։  Երեկ քաղաքացիները ներկայացրել էին իրենց պահանջները․ «Մեր պահանջը Երուանի քաղաքապետարանից նույնն է՝ անհապաղ կասեցնել ապօրինի շինարարությունը, տրամադրել մի տարի շարունակ պահանջվող փաստաթուղթը, վերացնել ապօրինի տեղադրված պարիսպը։ Ավագանու անդամներից ակնկալում ենք դուրս գալ ու հանդիպել քաղաքացիներին, մեր բողոքը հնչեցնել նիստի ընթացքում ու ստանալ կոնկրետ պատասխաններ, անել հանրային հայտարարություն՝ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ»։   Հիշեցնենք, որ թաղամասի երկու բնակիչ արդեն 20 օր է՝ հացադուլ են հայտարարել, նրանցից մեկը երեկ անցել է ջրադուլի։   Այս թաղամասում խնդրահարույց շինարարության ու բնակիչների բողոքի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այս հոդվածում։   Ասպրամ Փարսադանյան
14:05 - 14 սեպտեմբերի, 2021
Շարունակո՞ւմ եք մնալ կարծիքին, որ Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է, թե՞ ամեն դեպքում «գզրոցում» ինչ-որ բաներ ունեք, կարող է՝ դուրս հանեք․ Ագնեսա Խամոյանը՝ Գագիկ Ջհանգիրյանին

Շարունակո՞ւմ եք մնալ կարծիքին, որ Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է, թե՞ ամեն դեպքում «գզրոցում» ինչ-որ բաներ ունեք, կարող է՝ դուրս հանեք․ Ագնեսա Խամոյանը՝ Գագիկ Ջհանգիրյանին

Ազգային ժողովում Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ, դարձյալ վերացարկվելով քննարկման բուն նյութից, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, դիմելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին, հարց հնչեցրեց Հոկտեմբերի 27-ի քրգործի մասին։ Խամոյանը, մասնավորապես, ընթերցեց Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիներ առաջ տված հարցազրույցից մի հատված, որտեղ վերջինս ասել էր, թե Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է, եւ ամեն ինչ քրգործի նյութերում է, «Ջհանգիրյանն իր գզրոցում, բարձի տակ որեւէ բան չի պահել»․ «Շարունակում եք մնալ Ձեր այս կարծիքի՞ն, թե՞ ամեն դեպքում գզրոցում պահած ինչ-որ բաներ ունեք, եւ ԲԴԽ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո կարող է՝ դուրս հանեք»,- հարցրեց Խամոնյանը։ Ի պատասխան՝ Ջհանգիրյանն ասաց, որ ինչ ասել է՝ ուժի մեջ է․ «Ամեն ինչ բացահայտված է, պարզ է, հիմա էլ նախաքննությունը շարունակվում է։ Մենք էդ ժամանակ, էդ պայմաններում արել եւ կարողացել ենք անել անհնարինը, եւ էդ բոլորն արձանագրված է քրգործի նյութերում։ Այո, իմ գզրոցներում որեւէ բան չկա, ինչ կա՝ նյութերում է։ Եւ ժամանակին, երբ ինձ հանիրավի մեղադրում էին, նաեւ էդ գզրոցները քրքրել են, չկասկածեք»,- պատասխանեց Ջհանգիրյանը։ Խամոյանն արձագանքեց, որ, փաստորեն, ինչ կա-չկա բացահայտված է։ Նա հարցրեց՝ այդ դեպքում ինչու է Հոկտեմբերի 27-ի թեման շարունակում քաղաքական շահարկումների առարկա լինել՝ նաեւ ԱԺ նիստերի դահլիճում։ Ջհանգիրյանը կարծիք հայտնեց, որ Խամոյանն իր ասածը փորձում է փոքր ինչ այլ կերպ մեկնաբանել․ «Ես չեմ ասել, որ բոլո՜ր հանցակիցները բացահայտված են, պատվիրատուները բացահայտված են, ես ասել եմ՝ ինչ կա-չկա՝ քրգործի մեջ է։ Խնդրում եմ տարընթերցման չտանել, նախաքննությունը շարունակվում է»,- ասաց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը, որը նախկինում ՀՀ զինդատախազ եւ գլխավոր դատախազի տեղակալ է եղել։ Այս թեմային անդրադարձավ նաեւ «Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Արամ Վարդեւանյանը, որը նախկինում Մարտի 1-ի գործով պաշտպանում էր Ռոբերտ Քոչարյանի շահերը։ Դիմելով Ջհանգիրյանին՝ նա ասաց․ «Ձեր պատասխանից ստացվում է, որ Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ քննությունը, որի պատասխանատուն, փաստացի, Դուք եք եղել, կարողացել եք լիարժեքորեն, ամբողջությամբ իրականացնել, եւ քրգործի նյութերը համարում եք առավել քան ամբողջական։ Այդ ժամանակ, ստացվում է, ունեցել եք նաեւ դրա համար անկախություն․․․ Մի խոսքով։ Եթե գտնում եք, որ լրիվ բացահայտված չէ, բայց Դուք նաեւ, երբ հայտարարվեց նախաքննության ավարտ, շարունակել եք պաշտոնավարել։ Ինչո՞վ է պայմանավորված, որ Դուք ավարտին չեք հասցրել»։ Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց․ «Ո՛չ իմ կամքով»։ Նա հիշեցրեց, որ 2004 թվականի գարնանը Գլխավոր դատախազի հանձնարարությամբ Հոկտեմբերի 27-ի գործի անջատված մասի վարույթը Զինդատախազության վարույթից վերցվել եւ փոխանցվել է Գլխավոր դատախազություն, ինչից հետո, Ջհանգիրյանի խոսքով, ինքն այդ գործին այլեւս չի առնչվել։ Արամ Վարդեւանյանը ճշտեց՝ այսինքն՝ 5 տարի քննությունից հետո գործից անջատված մասով դեռ ավարտին չէին գալի՞ս։ Ջհանգիրյանը հաստատեց։
13:31 - 14 սեպտեմբերի, 2021
Առաջարկվում է պետբյուջեի միջոցների հաշվին ապահովել վարչապետի, նախագահի և ԱԺ նախագահի ընտանիքի անդամների բուժօգնությունն ու սպասարկումը

Առաջարկվում է պետբյուջեի միջոցների հաշվին ապահովել վարչապետի, նախագահի և ԱԺ նախագահի ընտանիքի անդամների բուժօգնությունն ու սպասարկումը

Վարչապետի աշխատակազմը մշակել է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրևացումներ կատարելու մասին օրենքի և հարակից օրենքների նախագիծը։ Առաջարկվում է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից և դրա հետագա գործունեությունը շարունակել որպես պետական կառավարման համակարգի մարմին: Նախատեսվում է ՊՊԾ-ն ներառել վարչապետին ենթակա մարմինների շարքում: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայումս օրենքի ուժով Հանրապետության նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ նման երաշխիք նախատեսված չէ բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար՝ վարչապետի աշխատակազմն առաջարկում է պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովել վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահի ընտանիքի անդամների (ամուսին, զավակ, ծնող)՝ Հայաստանում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը։ Այս մասին ասվում է նախագծի հիմնավորման բաժնում։  Նախագծում նշվում է, որ հիշյալ երաշխիքի ընդլայնումը պայմանավորված է վերոնշյալ պաշտոնատար անձանց ունեցած առանձնահատուկ դերակատարմամբ պետական իշխանության համակարգում, ինչպես նաև նրանով, որ ներկայումս հենց այդ պաշտոնատար անձինք են օրենքի ուժով օգտվում պետական պահպանությունից, իսկ առողջության պահպանումը որոշակիորեն փոխկապակցված է նաև անվտանգության հետ: Նախագիծը ներկայացված է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։ 
12:35 - 14 սեպտեմբերի, 2021
«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի քվեարկությանը․ Արծվիկ Մինասյան

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի քվեարկությանը․ Արծվիկ Մինասյան

Քննարկվում է հակակոռուպցիոն քաղաքականության կարևոր ինստիտուտներից մեկի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը, բայց չափազանց սկզբունքային նշանակություն ունի այն քաղաքականության հիմնադրույթը, թե ի վերջո ինչպես ենք մենք պատկերացնում հակակոռուպցիոն քաղաքականությունը մեր երկրում։ Անշուշտ սա բոլոր տիպի երկրների համար հիմնարար հարցերից մեկն է, առավել ևս մեր նման երկրի համար, որն անցնելով խորհրդային կարգերը, որտեղ շատ մեծ էր կոռուպցիայի դերը՝ անցումային շրջանում նույնպես զերծ չենք մնացել այս բացասական երևույթից։ Այս մասին այսօր ԱԺ նիստի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։  Մինասյանը նշեց, որ երկար ժամանակ քննարկումների արդյունքում որդեգրվել է մի մոդել, որտեղ ընդդիմության համոզմամբ հակակոռուպցիոն քաղաքականությունը չի կարող ունենալ դրական արդյունք։ Պատգամավորը մանրամասնեց․ «Նախ այն պատճառով, որ կոռուպցիա ծնող հիմնական շարժառիթը ու պատճառը իշխանական ազդեցության լծակն է թե՛ հանրային ֆինանսական ռեսուրսների հասանելիության, թե՛ այդ ռեսուրսների բաշխման և թե՛ հանրային իրավունքների տրամադրման՝ որոշումների կայացման մակարդակում։ Այս առումով սկզբունքային նշանակություն ունի, թե որոնք են կոռուպցիայի դեմ պայքարի հակահամակարգային տարրերը, որոնք պետք է նպաստեն, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարը արդյունավետ լինի։ Անշուշտ, ինչպես միջազգային փորձն է վկայում՝ դրա կենտրոնական տեղում քաղաքական ընդդիմությունն է, որը ունենալով լծակներ, փոխադարձ զսպման համակարգի միջոցով հասնել այն բանին, որպեսզի իշխանական լծակների տիրապետող անձիք կարողանան հավասարակշռված այս համակարգում զերծ մնալ, կամ նվազեցնել կոռուպցիոն դրսևորումները»։ Մինասյանը նշեց, որ դեռևս 2000-ականների կեսից Հայ հեղափոխական դաշնակցությունը կարևորել է այս հարցը, օրենսդրական նախաձեռնությունների, առաջարկությունների տեսքով ներկայացրել է իր մոտեցումները և կուսակցությունը մեծ դերակատարություն ունի Գրեկոյի՝ Հայաստանի անդամակցության հարցում։ Մինասյանի խոսքով բոլոր ժամանակներում կուսակցության համար սկզբուքնային նշանակություն է ունեցել այն, որ հակակոռուպցիոն քաղաքականության կենտրոնական, արմատական հարցերից մեկը՝ ընդդիմության դերակատարաությունն է։ «Պատահական չէ, որ մեր բոլոր ժամանակների պնդումներում եղել է հիմնավորում՝ հակակոռուպցիոն մարմնի ղեկավարումը կամ առնվազն ազդեցիկ դերակատարությունը այս մարմնի գործունեության մեջ պետք է քաղաքական ընդդիմությունը ունենա։ Այս տեսակետը մենք միշտ հայտնել ենք, սակայն այն մոդելը, որը որդեգրվել է հիմա բացարձակ զրոյացրել է ընդդիմության դերակատարությունը։ Ես ուզում եմ հիշեցնել, որ դեռևս սկզբնական փուլում ընդունված օրենքի մեջ կար հնարավորությւոն, որ գոնե մասնակի ազդեցություն ունենա ընդդիմությունը՝ այն է մրցութային խորհրդում ընդդիմադիր խմբակցությունները ներակայացնում էին մրցութային խորհրդի անդամներ։ Մեր համոզմամբ այս համակարգը, որը ստեղծվել է չի կարող օբյեկտիվորեն իրականացնել կոռուպցիայի դեմ պայքար։ Այս համակարգը վստահություն չի ներշնչում առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ չկան անհրաժեշտ գործողությունները, որոնք կփաստեն, որ կա որոշակի հնարավորություն վստահելու այս համակարգին, մենք չունենք այս համակարգի նկատամբ այն վստահությունը, ինչը դուք ունեք։ Ուզում եմ հայտարարել, որ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու այս քվեարկությանը»,- եզրափակեց պատգամավորը։
11:39 - 14 սեպտեմբերի, 2021
Ես 1,3 տարի հանիրավի անցկացրել եմ բանտում, ինչպե՞ս կարող եմ ճնշել դատավորներին, որ ՀՀ-ն ապագայում եւս հանիրավի դատապարտված մարդիկ ունենա․ Ջհանգիրյան

Ես 1,3 տարի հանիրավի անցկացրել եմ բանտում, ինչպե՞ս կարող եմ ճնշել դատավորներին, որ ՀՀ-ն ապագայում եւս հանիրավի դատապարտված մարդիկ ունենա․ Ջհանգիրյան

ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, դիմելով ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին, հետաքրքրվեց վերջինիս գործունեության մասին այն խոսակցություններով, ըստ որոնց՝ Ջհանգիրյանը դատական իշխանությունը դարձրել է «գրպանային իշխանություն», եւ որ դատավորները ԲԴԽ նախագահի հետ ճշտելով են վճիռներ կայացնում։ Ջհանգիրյանի խոսքով՝ ԲԴԽ-ն, ըստ էության, դատական իշխանության բարձրագույն մարմինն է, եւ ինքը չի կարող մասնակցել ԱԺ դահլիճի ոչ աջ, ոչ ձախ, ոչ էլ կենտրոնում նստած խմբակցությունների քաղաքական քննարկումներին․ «Թեեւ ես դատավոր անդամ չեմ, բայց ինձ վրա տարածվում են դատավորի էթիկայի եւ վարքագծի կանոնները, ուստի ես պետք է ձեռնպահ մնամ քաղաքական գնահատականներից, բայց դուք կոնկրետ մեղադրանք եք հնչեցնում, եւ ես ի պաշտոնե պարտավոր եմ պատասխանեմ։ Նախ՝ ԲԴԽ-ն կոլեգիալ մարմին է, կազմված է տասը անդամից, որի հինգը դատավոր են, հինգը՝ իրավաբաններ։ Խորհրդի նախագահը որեւէ առանձին լիազորությամբ օժտված չէ։ Ավելին՝ ԲԴԽ-ն որեւէ դատավարական գործառույթով օժտված չէ։ Ես դժվարանում եմ պատկերացնել, թե խորհրդի մի անդամն ինչպես, ինչ միջոցներով է ճնշումներ իրականացնում»,- ասաց Ջհանգիրյանը՝ նշելով, որ Խորհրդում իր ներկայությունից ի վեր դատավորների փոփոխություն չի եղել․ «Այսինքն՝ մնացել են նույն դատավորները, որոնք նշանակված են եղել դեռեւս 1-ին, 2-րդ, 3-րդ նախագահների օրոք»։Ջհանգիրյանն ասաց, որ հեռախոսազրույցի ժամանակ մի կալանավոր է Թովմասյանին ասել, թե ինքը ճնշումներ է գործադրում դատավորի վրա։ ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը հիշեցրեց, որ ինքը 2-րդ, ապա 3-րդ նախագահների օրոք 1 տարի 3 ամիս հանիրավի անցկացրել է բանտում, ապա 12 տարի անց արդարացվել, ընդ որում՝ Ջհանգիրյանի իրավունքների խախտումն արձանագրել է ոչ միայն ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը, այլ նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը․ «Եվ ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող եմ ճնշել դատավորներին, որպեսզի ապագայում եւս ՀՀ-ն ունենա հանիրավի դատապարտված մարդիկ»,- եզրափակեց Ջհանգիրյանը։ Իսկ Թովասյանն իր արձագանքի ժամանակ ասաց, որ «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանն է ահազանգել, որ Ջհանգիրյանի ցուցոմով է իր նկատմամբ հետապնդում ու խոշտանգում իրականացվում։
11:33 - 14 սեպտեմբերի, 2021
Խորհրդարանը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը․ ԲԴԽ-ն երեք թեկնածու է առաջադրել

Խորհրդարանը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը․ ԲԴԽ-ն երեք թեկնածու է առաջադրել

Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը։ Սրան զուգահեռ, ի դեպ, պատգամավորները փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, որի թափուր պաշտոնում առաջադրվել է Մարիամ Գալստյանի թեկնածությունը։ Իսկ ահա Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդեւյանի, Հրաչ Այվազյանի եւ Լիանա Հակոբյանի թեկնածությունները։ ԱԺ-ն այս երեք թեկնածուներից պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի դատավոր։ Թեկնածուներին ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։ Հովսեփ Բեդեւյանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։ Հրաչ Այվազյանի կենսագրությանը՝ այստեղ։ Լիանա Բեդեւյանի կենսագրությանը՝ այստեղ։ Հեվսեփ Բեդեւյանն ու Լիանա Հակոբյանը Վերաքննիչ վարչական դատարանի դատավորներ են, իսկ Հրաչ Այվազյանը Վարչական դատարանի նախագահն է։ ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը նախքան թեկնածուներին ներկայացնելը պարզաբանեց, որ քանզի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատում գործում է միայն մեկ վարչական մասնագիտացման դատավոր, ուստի ԲԴԽ-ն գերադասել է հանձնել բացառապես վարչական մասնագիտացում ունեցող դատավորների թեկնածություններ՝ նկատի ունենալով հանգամանքը, որ առաջիկայում նախատեսվում է քաղաքացիական եւ վարչական գործերով դատական պալատը բաժանել երկու մասի եւ Վճռաբեկ դատարնում ստեղծել առանձին մասնագիտացված վարչական գործերով դատական պալատ։
10:54 - 14 սեպտեմբերի, 2021
Հյուսիս-հարավ ավտոճանապարհի նախագծումը կապ չունի անկլավների և ԽՍՀՄ քարտեզների հետ․ Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնում է

Հյուսիս-հարավ ավտոճանապարհի նախագծումը կապ չունի անկլավների և ԽՍՀՄ քարտեզների հետ․ Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնում է

Ազգային Ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ վարչապետը եզրափակիչ ելույթում, խոսելով Սյունիքի մարզում առաջացած խնդրից, անդրադարձավ հյուսի-հարավ ծրագրին։ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասաց․ «Բա պատասխանեք՝ ինչի՞ հյուսիս-հարավ ճանապարհը նախագծելիս էդ ճանապարհը Երասխով չի շարունակվել Տիգրանաշեն, հետո Զանգակատուն․ պատասխանե՛ք, ինչի՞։ Որովհետեւ էդ հարցերը մենք չենք բերել օրակարգ։ Ինչի՞ հյուսիս-հարավ ճանապարհը չէր անցնում Որոտան-Շուռնուխ հատվածով, այլ նախատեսված է էնպես, որ թունելներ կառուցվեն։ Մենք ե՞նք վիճարկելի դարձրել, ո՛չ»։ Վարչապետը այսպիսի ձևակերպումներով փորձում է հիմնավորել, որ անկլավների և վիճարկելի այլ տարածքների խնդիրը ոչ թե նոր է օրակարգային դարձել, այլ նախկինում ևս օրակարգային է եղել, ինչի ապացույցը, ըստ նրա, հյուսիս-հարավ ավտոճանապարհի Տիգրանաշենով և Որոտան-Շուռնուխ հատվածով չանցնելն է։ Սակայն վարչապետի պնդումը մանիպուլյատիվ է։ Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի այս ճանապարահահատվածը, որի մասին խոսել է վարչապետը, տրանշ 4-ն է։ Համաձայն հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի պաշտոնական կայքի՝ տրանշ 4-ի նախագծման աշխատանքների խորհրդատուն իտալական ընկերություն է։ Նախագծված ճանապարհը ներառում է Արտաշատ-Ագարակ ճանապարհահատվածը։ Համաձայն Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքի՝ տրանշ 4-ը բաղկացած է 3 ենթահատվածից՝  Արտաշատ-Սիսիան, Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ։  Վարչապետի հայտարարույթան իսկությունը ստուգելու նպատակով կապ հաստատեցինք Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ի ծրագրերի նախապատրաստման և մոնիթորինգի մասնագետ Կարեն Ջեյրանյանի հետ։ Վերջինս մեր զրույցում ասաց, որ առկա նախագիծը դեռևս նախնական է, որը պարզապես հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու, թե մոտավորապես որ հատվածով է ճիշտ ճանապարհի անցկացումը և ինչքան կարժենա։ «Հիմա քանի որ այս հատվածի վերաբերյալ ունենք ընդամենը նախնական նախագիծ, մենք բանակցություններ ենք վարում միջազգային տարբեր կազմակերպությունների հետ, որ ստանանք դրամաշնորհ այդ հատվածի վերջնական նախագիծը պատվիրելու համար։ Գործընթացը քննարկումների փուլում է, հենց դրամաշնորհային պայմանագիրը ստորագրեցինք, մրցույթ ենք հայտարարելու վերջնական նախագծի համար։ Հենց ունենանք վերջնական նախագիծը, նոր հստակ կարող ենք ասել՝ Տիգրանաշենով անցնելու է, թե ոչ։ Հիմա էնքան նախնական է ամեն ինչ, որ չենք կարող սրա հիման վրա մրցույթ հայտարարել»,- նշել է Կարեն Ջեյրանյանը։ Ճշտող հարցին, թե ամեն դեպքում նախնական նախագծով ճանապարհը Տիգրանաշենով անցնելու է, թե ոչ, վերջինս պատասխանեց, որ Տիգրանաշենով անցնելու է, սակայն մանրամասները դեռ հստակ չեն և չգիտեն կամուրջ է լինելու, թունել թե այլ բան։ Ճանապարհային դեպարտամենտի կայքում առկա քարտեզի համաձայն՝ ճանապարհն անցնելու է Տիգրանաշենով, սակայն ոչ թե Երասխ-Տիգրանաշեն-Զանգակատուն ավտոճանապարհով, այլ նոր կառուցվող երթուղիով։  Սակայն պետք է նշել, որ մեր զրուցակցի խոսքով քարտեզում նույնպես կարող են լինել անճշտություններ, քանի որ ծրագիրը նախնական է, իսկ քարտեզը պատրաստել են իրենց IT ոլորտի մասնագետները։ Ինչ վերաբերում է վարչապետի մյուս հայտարարությանը, թե ինչու հյուսիս-հարավ ճանապարհը չէր անցնում Որոտան-Շուռնուխ հատվածով, այլ նախատեսված է այնպես, որ թունելներ կառուցվեն, մեր զրուցակիցն ասաց, որ հաշվի է առնվել Մեղրիի լեռնանցքի բարձրությունը, ինչի հետևանքով ձմռանը կարող են երթևեկության հետ կապված խնդիրներ առաջանալ, բացի դրանից թունելի միջոցով որոշակիորեն կրճատվում է ավտոճանապարհի երկարությունը, և սա ամենաօպտիմալ լուծումն է․ «Նախագծման համար հայտարարված մրցույթով ընտրված միջազգային կազմակերպությունները մեզ առաջարկում են ամենաօպտիմալ տարբերակները, որով էլ նախագծվում է Հյուսիս-Հարավ ճանապարհը»,- նշել է Կարեն Ջեյրանյանը։ Մեր հարցին, թե նախագծումը կարո՞ղ է որևէ կապ ունենալ անկլավների կամ ԽՍՀՄ քարտեզով ադրբեջանական տարածքների հետ, զրուցակիցն ասաց, որ նախագծումը որևէ աղերս չունի այս խնդիրների հետ․ «Ընտրված տարբերակը որևէ կապ չունի անկլավների և Ադրբեջանի ճանապարհի (Որոտան-Շուռնուխ հատվածի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ճանապարհի,- խմբ․) հետ, որովհետև նախագիծը մշակվել է մինչև պատերազմը․ հետևաբար չէր կարող որևէ կապ ունենալ։ Սակայն հիմա վերջնական նախագծման ժամանակ պետք է հաշվի առնենք նոր իրողությունը, որն առաջացել է պատերազմից հետո»։ Բացի Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ի ծրագրերի նախապատրաստման և մոնիթորինգի մասնագետ Կարեն Ջեյրանյանի հետ խոսելուց, փորձեցինք կապ հաստատել տրանշ 4 ծրագրի ղեկավար Կարեն Բադալյանի հետ։ Վերջինս առանց նույնիսկ մեր հարցը լսելու ասաց, որ պատասխան ստանալու համար դիմենք գրավոր հարցմամբ։ Ուստի պաշտոնական գրությամբ դիմեցինք նույն ՊՈԱԿ-ին։ Պաշտոնական գրությամբ ՊՈԱԿ-ին դիմել էինք օգոստոսի 27-ին․ համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի՝ հարցման պատասխանը պետք է ստանայինք 5 աշխատանքային օրվա ընթացքում, այսինքն՝ սեպտեմբերի 3-ին, սակայն մեր հարցման պատասխանը մեզ տրամադրվեց օրենքի կոպիտ խախտմամբ՝ սեպտեմբերի 9-ին։ Նշված ՊՈԱԿ-ից մեր հարցման պատասխանն ուշացնելը հիմնավորում էին տնօրների գործուղման մեջ լինելով, սակայն օրենքը հստակ է, իսկ Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ի վարքն օրենքի խախտում է։ Մեզ տրամադրած պատասխանը լղոզված է և ըստ էության չէ։ Մասնավորապես մենք հարցրել էինք, թե արդյոք «Հյուսիս-հարավ» ներդրումային ծրագրի տրանշ 4-ի նախնական նախագծով նախատեսված եղել է, որ ճանապարհն անցնի Տիգրանաշենով․ պատասխանում նշվում է, որ միջազգային խորհրդատու ընկերությունը 2015-2016 թթ․ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի տրանշ 4-ի Արտաշատ-Սիսիան հատվածի վերակառուցման համար իրականացրել է տնտեսագիտական վերլուծություն և համապատասխան հետազոտություններ։ Ըստ պատասխանի՝ նշված ճանապարհահատվածի վերակառուցման ֆինանսական աղբյուրները հստակեցնելուց հետո պետք է պատվիրվի նախագիծ, որի շրջանակներում կճշտվեն և՛ աշխատակիցների ծավալները, և՛ այլ մանրամասներ։ Այս պատասխանից նույնիսկ հնարավոր է տպավորություն ստեղծվի, թե առայժմ որևէ նախնական նախագիծ չկա և պլանավորվում է առաջիկայում նախագիծ պատվիրել, սակայն և՛ մեր զրուցակիցն ասաց նախնական նախագծի մասին, և՛ ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքում է նշված, որ նախապատրաստվել է նախնական նախագիծ, և՛ Հյուսիս-հարավ ծրագրի պաշտոնական կայքում է նշված նախագծային աշխատանքներն իրականացնող իտալական ընկերության անվանումը։ Այսինքն՝ նախնական նախագիծ եղել է, ինչի մասին խոսել է Նիկոլ Փաշինյանը, սակայն Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ը խուսափում է պատասխանել նախագծով նախատեսված եղել է ճանապարհի Տիգրանաշենով անցումը, թե ոչ։ Գրությամբ ասվում է, որ նախատեսվող ճանապարհի համար սահմանվում է հաշվարկային 100 կմ/ժ արագություն, ինչպես նաև՝ այս արագության համար պահանջվող բոլոր երկրաչափական պարամետրերը, իսկ կայքում առկա քարտեզն ընդհանուր առմամբ պատկերացում տալիս է ծրագրի վերաբերյալ, որը սակայն, նոր նախագիծ պատվիրելուց հետո կարող է ճշգրտման ենթարկվել։ Այսպիսով՝ թեև պաշտոնական գրությամբ խուսափում են հարցին լիարժեք պատասխան տրամադրել, սակայն ծրագրերի նախապատրաստման և մոնիթորինգի մասնագետի հետ զրույցի և կայքում առկա քարտեզի հիման վրա կարող ենք փաստել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում մանիպուլյատիվ  հայտարարություններ է արել, քանի որ հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի 4-րդ տրանշի նախագիծը նախնական է, իսկ երթուղին նախագծվել է հաշվի առնելով օպտիմալ լուծումները։ Մասնավորապես՝ ըստ նախնական նախագծի՝ ճանապարհն անցնելու է Տիգրանաշենով, հստակ չեն միայն ճանապարհի անցկացման տեխնիկական լուծումները, իսկ Որոտան-Շուռնուխ հատվածի թունելը կառուցվելու է հաշվի առնելով ավտոճանապարհի բարձրությունն ու այլ անհարմարություններ։ Նարեկ Մարտիրոսյան
18:05 - 13 սեպտեմբերի, 2021
ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցը

ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցը

Ազգային ժողովը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցը։ ԿԿՀ անդամի պաշտոնում առաջադրվել է Մարիամ Գալստյանի թեկնածությունը։Թեկնածուին ներկայացրեց մրցութային խորհրդի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, որը տեղեկացրեց, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համաձայն՝ Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն առաջանալու դեպքում ձեւավորվում է մրցութային խորհուրդ, որտեղ խորհրդի անդամներ ներկայացնելու իրավասությունը վերապահված է Մարդու իրավունքների պաշտպանին, Փաստաբանների պալատին, Բարձրագույն դատական խորհրդին, Ազգային ժողովի խորհրդին եւ կառավարությանը։ Այս իրավասու մարմինների ներկայացուցիչներից ձեւավորվել է մրցութային խորհուրդը, որը 2021-ի հունիսի 22-ին հայտարարել էր ԿԿ հանձնաժողովի անդամի պաշտոնիի համար մրցույթ։ Հերիքնազ Տիգրանյանը հայտնեց, որ երկու հավակնորդ է եղել, երկուսն էլ անցել են մրցույթի բանավոր քննության փուլը, իսկ մրցութային խորհրդի սեպտեմբերի 3-ի որոշմամբ, ի վերջո, հաղթոր է ճանաչվել Մարիամ Գալստյանը։ Վերջինը մասնագիտության իրավաբան է, իրավագիտության բակալավրի աստիճանը ստացել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանում։ Գալստյանի կենսագրության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Ի դեպ, ԿԿ հանձնաժողովի անդամի պաշտոնը թափուր է 2019-ի դեկտեմբերի 6-ից։ Մրցութային խորհուրդը ձեւավորվել է 2021-ի փետրվարի 19-ին՝ ԱԺ նախագահի կարգադրությամբ։Գալստյանն իր ելույթում նշեց, որ հիմա, առավել քան երբեւէ, արդիական է այն գաղափարը, որ կոռուպցիայի անգամ նվազագույն քանակությամբ առկայությունն ուղղակի վտանգի է ազգային անվտանգությանը, պետության մարտունակությանը, տնտեսությանը․ «Կարծում եմ՝ այս գիտակցումով պետք է առաջնորդվենք յուրաքանչյուրս»,- ասաց նա՝ շեշտելով, որ միշտ հավատացել է, որ համատեղ ուժերով հնարավոր կլինի օրենքի շրջանակներում ագրեսիվ եւ անհանդուրժող պայքար մղել կոռուպցիայի դեմ։
17:32 - 13 սեպտեմբերի, 2021
Հայտնի է, թե որ կուսակցությունները կմասնակցեն ՏԻՄ ընտրություններին և որ համայնքներում

Հայտնի է, թե որ կուսակցությունները կմասնակցեն ՏԻՄ ընտրություններին և որ համայնքներում

Հայաստանում լրացել են մի քանի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետները․ այդ համայնքներում առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են սպասվում։ Ընտրությունները տեղի կունենան 2021 թվականի հոկտեմբերի 17-ին եւ նոյեմբերի 14-ին։ Հոկտեմբերի 17-ին ընտրություններ կանցկացվեն խոշորացված Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ, Դիլիջան համայնքներում, ինչպես նաեւ Գյումրիում։ Հաշվի առնելով, որ առաջին 5 համայնքները խոշորացված են, Գյումրին էլ 4000-ից ավելի բնակիչ ունի, այս համայնքներում ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով։ Գյումրիում ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել տասը քաղաքական ուժեր՝ չորս դաշինք եւ վեց կուսակցություն։  «Բալասանյան» դաշինքը ներկայացրել է ավագանու 42 հոգանոց ցուցակ, ցուցակը կգլխավորի համայնքապետարանի կոմունալ ծառայության բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոյանը։ «Գյումրին Կռնա» դաշինքը ներկայացրել է ավագանու 20 հոգանոց ցուցակ, համամասնական ցուցակի առաջին հորիզոնականում Վարդան Սրտաշյանն է։   «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը ներկայացրել է ավագանու 41 թեկնածու, ցուցակի առաջին համարը Վարդեւան Հակոբյանն է։ «Կոմունիստական կուսակցությունը» ներկայացրել է ավագանու 20 թեկնածու, համամասնական ցուցակի առաջին հորիզոնականում Կոնստանտին Ղավազյանն է։ «Արժանապատիվ ուղի» կուսակցության ցուցակը գլխավորում է Հովհաննես Մարգարյանը, ներկայացվել է ավագանու 22 թեկնածու։   «Հայրաքաղաք» դաշինքը կգլխավորի Լեւոն Բարսեղյանը, ցուցակում ներկայացված է ավագանու 28 թեկնածու։   «Հայաստանի հանրապետական» կուսակցության՝ համայնքապետի թեկնածուն Արտյոմ Ղուկասյանն է, ներկայացված է ավագանու 33 թեկնածու։    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։ Կուսակցությունը ներկայացրել է ավագանու 40 թեկնածու։   «Թասիբով» դաշինքի ցուցակի առաջին համարը Կարապետ Պողոսյանն է, ներկայացված է 22 թեկնածու։    «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացրել է ավագանու 22 հոգանոց ցուցակ, որը գլխավորում է Կարեն Մալխասյանը։  Գորիսում ընտրություններին կմասնակցի 4 քաղաքական ուժ։ «Առուշ Առուշանյան» դաշինքը կգլխավորի Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Վլադիմիր Աբունցն է։  «Հայ ազգային կոնգրես» կուսակցության համամասնական ցուցակը  կգլխավորի ՀԱԿ անդամ, Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիսի գործող ավագանու անդամ Կարեն Լազարյանը։   «Հայաստանի կոմունիստական» կուսակցության ցուցակը գլխավորում է Ալվարդ Իսախանյանը։ Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 3 կուսակցություն։  «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորում է Տաթեւի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Մաթեւոսյանը։   «Շանթ դաշինք» կուսակցության ցուցակը գլխավորում է Սամվել Լալայանը։   «Ապրելու երկիր» կուսակցության Տաթեւ համայնքի ավագանու ցուցակը գլխավորելու է Մարատ Գերասիմյանը, որը Տաթեւ համայնքի նախկին ղեկավարի տեղակալն էր։ Սյունիքի Տեղ համայնքում ընտրություններին կմասնակցեն «Ապրելու երկիր» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ Վերջինի ընտրական ցուցակը գլխավորում է Դավիթ Ղուլունցը։ «Ապրելու երկիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորելու է Արավուսի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը։ Մեղրիում ընտրություններին կմասնակցեն «Հանրապետություն», «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Ազատական» կուսակցությունները։  «Հանրապետություն» կուսակցություն ցուցակը գլխավորում է Բագրատ Զաքարյանը։  «Ապրելու երկիր» կուսակցության ընտրացուցակի առաջին համարը Արմեն Հայրապետյանն է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանը։ «Ազատական» կուսակցության ցուցակը գլխավորում է Խաչատուր Անդրեասյանը։ Դիլիջան համայնքում ընտրություններին կմասնակցեն «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Հայրենիք» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» կուսակցութունները, ինչպես նաեւ «Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն։ «Ապրելու երկիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Արմինե Հովհաննիսյանը «Հայրենիք» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորելու է կուսակցության՝ Դիլիջանի համայնքային կառույցի ղեկավար Արմեն Օրդինյանը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը կգլխավորի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը։ «Հանրապետություն» կուսակցության ավագանու ցուցակը կգլխավորի պահեստազորի գնդապետ Արմեն Ուլիխանյանը: «Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ի ցուցակը դեռեւս հրապարակված չէ։ Նույն օրը՝ հոկտեմբերի 17-ին, ավագանու մեծամասնական ընտրություններ կանցկացվեն ազգային փոքրամասնություններով բնակեցված եւ չխոշորացվող Արագածոտնի մարզի Շամիրամ, Արմավիրի մարզի Ֆերիկ և Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքներում։ Շամիրամում եւ Ֆիոլետովոյում կանցնակցվեն նաեւ համայնքի ղեկավարի ընտրություններ։ ՏԻՄ ընտրությունների օր է նշանակված նաեւ նոյեմբերի 14-ը։ Infocom.am-ը գրել էր, որ այդ օրն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան նոր խոշորացվող համայնքների ՏԻՄ ընտրությունները, եթե խորհրդարանն ընդունած լինի վարչատարածքային փոփոխությունների նախագիծը։ Այդ օրը կանցկացվեն նաեւ Տավուշի մարզի Իջեւան եւ Լոռու մարզի Լերմոնտովո խոշորացված համայնքների ՏԻՄ ընտրությունները, քանի որ այդ համայնքները ներառված չեն հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրությունների ցանկում։ Ասպրամ Փարսադանյան
17:31 - 13 սեպտեմբերի, 2021
Եթե մարդիկ դուրս էին եկել համակարգի դեմ, ո՞նց ստացվեց, որ Մուկուչյան Տիգրանը, Դավթյան Արթուրը, Խաչատրյան Սասունը, էդ համակարգի կարեւորագույն պաշտոնները զբաղեցնողները մնացին անփոփոխ․ Հայկ Մամիջանյան

Եթե մարդիկ դուրս էին եկել համակարգի դեմ, ո՞նց ստացվեց, որ Մուկուչյան Տիգրանը, Դավթյան Արթուրը, Խաչատրյան Սասունը, էդ համակարգի կարեւորագույն պաշտոնները զբաղեցնողները մնացին անփոփոխ․ Հայկ Մամիջանյան

Ազգային ժողովում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջյանյանն անդրադարձավ խորհրդարանական մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի քանի պատգամավորների ելույթներին։ Հիշատակելով ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանի ելույթի այն հատվածը, որտեղ պատգամավորը հայտարարել էր, թե 2018-ին քաղաքացիները մերժում էին արատավոր համակարգը Մամիջանյանն ասաց․ «Տիկի՛ն Ջուլհակյան, ըստ Ձեզ՝ 2018-ին մարդիկ դուրս էին եկել համակարգի դեմ։ Թվարկենք համակարգի որոշ մասնիկների․ Մուկուչյան Տիգրան, Դավթյան Արթուր, Խաչատրյան Սասուն․․․ Բա էդ որ համակարգի դեմ էին դուրս եկել, ո՞նց ստացվեց, որ էդ համակարգի հիմնասյուները, կարեւորագույն պաշտոնները զբաղեցնող մարդիկ մնացին անփոփոխ»,- ասաց «Պատիվ ունեմ»-ի պատգամավորն ու անդրադարձավ «արյունոտ ձեռքերի» մասին Ալեն Սիմոնյանի ելույթին, երբ վերջինս հիշատակեց մի պատմություն, թե Պիղատոսի պատիժը դժոխքում այն էր, որ նա անընդհատ լվանում էր ձեռքերը, բայց ձեռքերից արյուն էր թափվում։ Դիմելով ընդդիմադիրներին՝ Սիմոնյանն ասաց, թե չի ստացվելու ձեռքերից լվանալ արյունը։ «Մի՛ արեք էդ արտահայտությունը, ժողովուրդ»,- կոչ արեց Մամիջանյանն ու շարունակեց,- «առնվազն էն մարդիկ, որոնք պատերազմի ընթացքում անկազմակերպվածությունը, ՄՈԲ-ի կազմակերպումը, ապահովման կազմակերպումը, ողջ լոգիստիկան տեսել են, երբեք թույլ չեն տա, որ դուք խոսեք արյունոտ կամ ոչ արյունոտ ձեռքերից»։ Հաջորդիվ, անդրադառնալով ՔՊ-ական Վահագն Հովակիմյանի ելույթին, Հայկ Մամիջանյանն ասաց․ «Խոսում էիք կեղծված ընտրությունների մասին, պարոն Հովակիմյան, բա էդ ո՞նց եղավ, որ Ձեր քաղաքական առաջնորդը կանգնել էր ընտրություններ կեղծող առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին՝ «Իմպիչմենտ» դաշինքի շրջանակներում, նաեւ պատգամավոր էր նստած Կոնգրեսով (ՀԱԿ ցուցակով,- հեղ․)։ Ո՞նց ա ստացվում, որ մի քանի հարյուր հազար ձայն պակաս ստանալու դեպքում ձեր մանդատը հանկարծակի թավիշից դառնում է պողպատ։ Իշխանափոխությունից հետո սկզբից՝ կես-կատակ, հետո՝ լուրջ արտահայտություն կար՝ «բա սրա համար է՞ինք պայքարում»։ Էկեք թվարկենք՝ ինչի համար էիք պայքարում։ Դահլիճում ներկա չէ Վիլեն Գաբրիելյանը, որ Ֆեյսբուքում հայտնի էր որպես Նավակ ճոճող․ Վիլեն Գաբրիելայնը պայքարում էր նրա համար, որ հիմա իշխանությունների վերաբերյալ ստատուս գրելը փողով տուգանքով է դառել, կամ տիկին Նազարյանը (Լենա Նազարյանը,- հեղ․), որպես հայտնի էկոակտիվիստ, պայքարել է նրա համար, որ Ֆիզգորոդոկում մի քանի օր առաջ ցուցարար էին ծեծում, երեկ բուլդոզերներով կանաչապատ տարածք էին քանդում, այ դրա համար եք պայքարել, պարոն Վարդանյանը (Վլադիմիր Վարդանյանը,- հեղ․), պայքարել է նրա համար, որ անցած տարի Սահմանադրությունն այս ամբիոնի վրա բռնաբարում էին, պարոն Արշակյանը (Հակոբ Արշակյանը,- հեղ․), մեծ պայքար էր ծավալել կուտակային համակարգի դեմ, որ հիմա այն ողջ ծավալով ներդրվի։ Այ սրա համար եք պայքարել»,- թվարկեց Մամիջանյանը՝ հավելելով, որ պայքարել են, որ ԱԺ-ն հսկեն մի քանի տասնյակ զինվորականներ, իսկ սահմանները չհսկվեն, իսկ թշնամին մտնի մեր հող։
16:48 - 13 սեպտեմբերի, 2021
Ադրբեջանական կողմը փորձում է Արցախում ռուս խաղաղապահների մանդատի հստակեցման հարցը եռակողմ ձևաչափից տեղափոխել երկկողմ ձևաչափ․ ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանական կողմը փորձում է Արցախում ռուս խաղաղապահների մանդատի հստակեցման հարցը եռակողմ ձևաչափից տեղափոխել երկկողմ ձևաչափ․ ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը օրերս հարցազրույց էր տվել BBC-ի ադրբեջանական ծառայությանը՝ հայտարարարելով, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։ Հաջիևն ասել էր, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը սահմանել է խաղաղապահ ուժերի տեղակայման քաղաքական և որոշ չափով իրավական շրջանակները։ «Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների մանդատի շուրջ հավելյալ համաձայնություններին ու հավելյալ իրավական մեխանիզմներին, ապա կողմերի միջև այդ հարցի վերաբերյալ նախնական շփումներ եղել են, և որոշակի քննարկումներ դեռ շարունակվում են»,- նշել էր նա: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ավելի վաղ` «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, հայտնել էր․ «Ադրբեջանը ոչ միայն մինչ օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը, այլև ուժեղ հակաքարոզչություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության դեմ: Ավելին՝ Ադրբեջանը մշտապես փորձում է կասկածի տակ դնել խաղաղապահ առաքելության նպատակահարմարությունն ու արդյունավետությունը։   Այս համատեքստում պետք է դիտարկել նաև խաղաղապահների պատասխանատվության գոտիներում հայ զինծառայողների գերեվարման դեպքերը»։ Infocom-ը ՌԴ խաղաղապահ առաքելության մասին ՀՀ ԱԳ նախարարի և Ալիևի խորհրդականի հայտարարությունների վերաբերյալ հարցեր էր ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյաին։ Վարչապետի աշխատակազմը մեր հարցումը վերահասցեագրել էր արտգործնախարարություն։ Մեր հարցերն ու ԱԳՆ-ի պատասխանները ներկայացնում ենք ստորև։ Infocom․  «Հաջիևը BBC-ին տված հարցազրույցում խաղաղապահների մանդատի շուրջ հավելյալ համաձայնությունների և իրավական մեխանիզմների վերաբերյալ կոնկրետ ի՞նչ շփումների և քննարկումների մասին է խոսում: Այդ շփումների մասնակից կողմներն ովքե՞ր են, արդյո՞ք Հայաստանը մասնակցում է այդ շփումներին և քննարկումներին»։ ԱԳՆ․ «Այս փուլում եռակողմ ձևաչափով չի քննարկվում Արցախում ռուսական խաղաղապահների մանդատի հարցը, քանի որ ինչպես արդեն նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանը ոչ միայն մինչ օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը, այլև ուժեղ հակաքարոզչություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության դեմ: Ավելին, Ադրբեջանը փորձում է կասկածի տակ դնել խաղաղապահ առաքելության նպատակահարմարությունն ու արդյունավետությունը»: Հաջիևը, հիշեցնենք, հայտարարել է, որ ռուս խաղաղապահների մանդատի շուրջ հավելյալ համաձայնությունների ու իրավական մեխանիզմների վերաբերյալ կողմերի միջև նախնական շփումներ եղել են։ Իսկ ՀՀ ԱԳՆ-ն ասում է, որ Արցախում ռուսական խաղաղապահների մանդատի հարցը եռակողմ ձևաչափով չի քննարկվում։ Այսպիսով, ԱԳՆ-ի պատասխանից կարող ենք եզրակացնել, որ Հաջիևի նշած շփումները եղել են միայն ռուսական և ադրբեջանական կողմերի միջև։ Infocom․ «Եթե Հայաստանը մասնակցում է շփումներին և քննարկումներին, ապա ո՞ր պաշտոնատար անձն է մասնակցում Հայաստանից, եթե ոչ, ինչո՞ւ Հայաստանը չի մասնակցում։ Հաջիևի նշած հավելյալ համաձայնություններն ու իրավական մեխանիզմները լինելու են բանավոր պայմանավորվածությունների հիման վրա՞, թե՞ որևէ փաստաթուղթ է ստորագրվելու, եթե փաստաթուղթ է ստորագրվելու, ապա ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը»։ ԱԳՆ․ «Ադրբեջանական կողմը փորձում է ռուսական խաղաղապահների ներկայությունը Արցախում ներկայացնել որպես ադրբեջանական կողմի «բարի կամքի» դրսևորում, ինչն արտացոլված է նաև Ձեր կողմից հիշատակվող ադրբեջանական պաշտոնյայի հարցազրույցում, երբ վերջինս պնդում է, որ «Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ Ադրբեջանի ինքնիշխան տարածք է»: Այսպիսով ադրբեջանական կողմը փորձում է Արցախում ռուս խաղաղապահների մանդատի հստակեցման հարցը եռակողմ ձևաչափից տեղափոխել երկկողմ ձևաչափ, ինչը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանությանը և հերթական անգամ ի ցույց է դնում Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու ուղղությամբ ներգրավված այլ կողմերի ջանքերին»: Infocom․ «Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը քննարկումներ ունեցե՞լ են/այս պահին ունե՞ն Արցախում ռուս խաղաղապահների առաքելության 5-ամյա ժամկետը երկարաձգելու հարցով, եթե այո, ապա ի՞նչ կոնկրետ արդյունքներ են տվել այդ քննարկումները»։ ԱԳՆ․ «Հայաստանի և ՌԴ իրավասու գերատեսչությունների միջև տարբեր մակարդակներով ընթանում են քննարկումներ ռուսական խաղաղապահների առաքելության հարցերի, ինչպես նաև Արցախում մեր հայրենակիցների անվտանգության երաշխավորման համար գործողությունների շրջանակի վերաբերյալ: Ինչպես արդեն նշվեց, այս պահին եռակողմ ձևաչափով ռուսական խաղապահների մանդատի շուրջ բանակցություններ չեն ընթանում: Համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ խաղաղապահ զորակազմի տեղակայման 5-ամյա ժամկետն ինքնաբերաբար երկարաձգվում է, եթե կողմերից մեկը նախապես չհայտարարի այդ դրույթի իրականացումը դադարեցնելու իր մտադրության մասին»: Infocom․ «ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ Ադրբեջանը մշտապես փորձում է կասկածի տակ դնել խաղաղապահ առաքելության նպատակահարմարությունն ու արդյունավետությունը: Ադրբեջանը կոնկրետ ի՞նչ քայլերով է ցույց տվել խաղաղապահ առաքելության նպատակատահարմարությունն ու արդյունավետությունը կասկածի տակ դնելը: Արդյո՞ք ադրբեջանական կողմը Հայաստանին կամ այլ կողմի հայտնել է, որ չի ցանկանում երկարաձգել Արցախում ռուս խաղաղապահների առաքելության 5-ամյա ժամկետը»: ԱԳՆ․ «Ադրբեջանի՝ խաղաղապահ առաքելության նպատակահարմարությունն ու արդյունավետությունը կասկածի տակ դնելու մոտեցման մասին են վկայում խաղաղապահների պատասխանատվության գոտիներում հայ զինծառայողների գերեվարման դեպքերը, շփման գծին մոտ տեղակայված Արցախի բնակավայրերի ուղղությամբ կրակոցները, շփման գծի երկայնքով լարվածության օջախներ ստեղծելու փորձերը, Հայաստանի սահմանների ու Արցախի՝ ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտու և Լաչինի միջանցքի  մերձակայքում թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը»: Infocom․ «Հայաստանը դիտարկո՞ւմ է, բացի ռուս խաղաղապահներից, այլ երկրների/միջազգային կառույցների խաղաղապահների տեղակայումը Արցախում, եթե այո, ապա ո՞ր երկրի/միջազգային կառույցի մասին է խոսքը:  Արդյո՞ք Արցախում այլ երկրների/միջազգային կառույցների խաղաղապահների հնարավոր տեղակայման վերաբերյալ Հայաստանի և այ կողմերի միջև քննարկումներ եղել են, եթե այո, ապա ո՞ր կողմերի հետ են քննարկումներ եղել»: ԱԳՆ․ «Հայաստանը չի դիտարկում այլ երկրների կամ միջազգային կառույցների խաղաղապահների տեղակայման հնարավորությունը Արցախում»: Այսպիսով, ԱԳՆ-ի պատասխաններից կարող ենք երեք կարևոր կետ առանձնացնել․ այս փուլում եռակողմ ձևաչափով չի քննարկվում Արցախում ռուսական խաղաղապահների մանդատի հարցը,  ադրբեջանական կողմը փորձում է Արցախում ռուս խաղաղապահների մանդատի հստակեցման հարցը եռակողմ ձևաչափից տեղափոխել երկկողմ ձևաչափ,  Հայաստանը չի դիտարկում այլ երկրների կամ միջազգային կառույցների խաղաղապահների տեղակայման հնարավորությունը Արցախում: Աննա Սահակյան
16:33 - 13 սեպտեմբերի, 2021