Արման Թաթոյան

Արման Հակոբի Թաթոյանը (դեկտեմբերի 18, 1981Երեւան) ՀՀ մարդու իրավունքների 4-րդ պաշտպանը։ Պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 2022թ․ հունվարի 24-ին։

1998-2007թթ. - սովորել եւ գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է, 1 մենագրության եւ 27 գիտական հոդվածների հեղինակ եւ համահեղինակ։ 2012-2013 թթ. ավարտել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանը։

  • 2010–2013 թթ. - ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական։
  • 2011 թվականից - Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեում ՀՀ ներկայացուցիչ։
  • 2013 թ. նոյեմբերի 19-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։
  • 2013 թվականից- ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ։
  • 2016 թ. փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ-ի կողմից 96 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ ընտրվել է ՀՀ ՄԻՊ։
Սյունիքում և Գեղարքունիքում կան մարդկանց կյանքին սպառնացող իրական վտանգներ. Արման Թաթոյան |tert.am|

Սյունիքում և Գեղարքունիքում կան մարդկանց կյանքին սպառնացող իրական վտանգներ. Արման Թաթոյան |tert.am|

tert.am: Սահմանային խնդիրները կարգավորելիս առաջնային պայման են մարդու իրավունքները: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:«Մարդու իրավունքների միջազգային ուժով ճանաչված՝ սահմանների հետ կապված բոլոր գործընթացների հիմքում պետք է լինեն մարդու իրավունքները, ընդ որում սա ոչ թե այլընտրանքային պահանջ է, այլ պարտադիր պահանջ է, տվյալ հարցում մարդու իրավունքները հիմք են»,- ասաց Արման Թաթոյանը:Մարդու իրավունքների պաշտպանը նաև անդրադարձավ մի քանի կետերի, որոնց պահպանումը կարևոր պայման է և պետք է ստեղծվեին նախապես հանձնաժողովային մարմիններ, որոնք կհամակարգեին այդ կարգավիճակը: «Միջազգային սկզբունքներից են պարտադիր կիրառման ենթակա՝ հարգանք սահմանային բնակիչների ու նրանց պաշտպանվածության նկատմամբ, սահմանային բնակիչների բնակականոն կյանքի ապահովում, անվտանգություն և խաղաղություն, բավարար տեղեկություններ: Այս ամենը պետք է ապահովվի հանձնաժողովային մասնագիտացված աշխատանքներով, որոնք պետք է իրականացվեն նախապես»,- ասաց Թաթոյանը: Արման Թաթոյանը նաև նշեց՝ Սյունիքում և Գեղարքունիքում կան մարդկային արժանապատվության կոպիտ խախտումներ, և կյանքի իրավունքի իրավական վտանգներ:«Սյունիքում և Գեղարքունիքում կան մարդկային արժանապատվության կոպիտ ոտնահարումներ, կյանքի իրավունքի իրական վտանգներ, դուք տեսաք՝ ինչ կրակոցներ են լսվում Սյունիքի անմիջական հարևանությամբ, ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության իրավունքի կոպիտ խախտումներ, օրինակ՝ Ներքին Հանդ գյուղը, Շուռնուխը, Որոտանը, ոչ-ոք չի փորձում հասկանալ՝ ինչ վիճակում են այնտեղի երեխաները, արդյո՞ք որևէ մեկը կարող է ասել, որ սա երեխաների համար կյանքի լավագույն պայմաններն են»,- ասաց մարդու իրավունքների պաշտպանը:Արման Թաթոյանը նաև ընդգծեց՝ առկա են սեփականության իրավունքի կոպիտ խախտումներ, մարդիկ չեն կարողանում իրենց օրինական փաստաթղթերը ձեռքին բնակվել իրենց տանը, քանի որ կան մի շարք խնդիրներ:
12:23 - 05 մարտի, 2021
ՄԻՊ-ը Բունդեսթագում բարձրացրել է Ադրբեջանում պահվող գերիների անհապաղ վերադարձի հարցը

ՄԻՊ-ը Բունդեսթագում բարձրացրել է Ադրբեջանում պահվող գերիների անհապաղ վերադարձի հարցը

Գերմանիայի Բունդեսթագում այսօր կազմակերպվել է օնլայն հատուկ քննարկում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների վերաբերյալ, որի ընթացքում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել առանձին զեկույցով։ Քննարկումը տեղի է ունեցել Բունդեսթագի մարդու իրավունքների և հումանիտար հարցերով մշտական հանձաժողովի նախագահ Միխայել Բրանդթի և Բունդեսթագի պետիցիոն հանձնաժողովի նախագահ Մարիան Վենդթի ղեկավարությամբ։  Քննարկմանը մասնակցել է Գերմանիայի 70-ից ավելի պատգամավոր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը: Պաշտպանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապության հարցը: Արման Թաթոյանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ հայ հասարակությանն ու հատկապես գերիների ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու ու երկրում լարվածություն առաջացնելու նպատակով: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն ներկայացրել է մարդասիրական ու մարդու իրավունքների ոլորտի միջազգային այն կանոնները, որոնք պահանջում են գերիների անհապաղ ազատ արձակում ու անվտանգ վերադարձ: Ընդ որում, միջազգային մարդասիրական իրավունքի ու գերիների իրավունքների կոպիտ խախտում է նրանց իբրև «ահաբեկիչներ» ներկայացնելը, քանի որ խոսքը գնում է շարունակվող զինված հակամարտության մասին: Պաշտպանը նաև ներկայացրել է տեղեկություններ պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքների (գլխատումներ, խոշտանգումներ, մարմինների անարգանք և այլն) մասին: Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի խորհրդարանի պատգամավորներին կազմակերպված քննարկման համար: Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում Գերմանիայում ՀՀ դեսպանության աջակցությունն այս քննարկումը կազմակերպելու հարցում: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից հավաքագրված ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների վերաբերյալ ապացույցները Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը փոխանցել է Գերմանիայում գործող Amnesty international իրավապաշտպան կազմակերպությանը։
22:43 - 04 մարտի, 2021
ՀՀ Ազգային ժողովի շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է այս պահին Բաղրամյան պողոտայում առկա իրավիճակում․ ՄԻՊ

ՀՀ Ազգային ժողովի շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է այս պահին Բաղրամյան պողոտայում առկա իրավիճակում․ ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգեր առ այն, որ ՀՀ Ազգային ժողովի պատուհաններից բացահայտ երևում են դիպուկահարներ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հավաքի ուղղությամբ: Արձանագրվել են նաև նման հրապարակային անհանգստություններ: Պաշտպանի աշխատակազմը դիտարկում է իրականացնում լրատվամիջոցներով և հավաքի վայրում, որտեղ առկա են նաև երեխաներ ու տարեցներ: ՀՀ Ազգային ժողովի շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը, այդ թվում՝ զինվորական համազգեստով դիպուկահարների ցուցադրական ներկայությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է այս պահին Բաղրամյան պողոտայում առկա իրավիճակում: Պետությունը կարող է անվտանգության միջոցներ ձեռնարկել, բայց դրանք յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնեն կոնկրետ իրավիճակը և չպետք է լինեն այնպիսին, որ ստանան խաղաղ հավաքին մասնակցությունը կանխող կամ անհանգստություն պատճառող բնույթ:
18:18 - 03 մարտի, 2021
Ադրբեջանի իշխանությունները քաղաքական շահարկման առարկա են դարձնում գերիների ու անհետ կորածների որոնման հարցերը. հանդիպում նախագահի նստավայրում

Ադրբեջանի իշխանությունները քաղաքական շահարկման առարկա են դարձնում գերիների ու անհետ կորածների որոնման հարցերը. հանդիպում նախագահի նստավայրում

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 28-ին մասնակցել է Հանրապետության նախագահի նստավայրում 2020 թվականի պատերազմի ընթացքում անհետ կորածների ընտանիքների անդամների հետ հանդիպմանը:   Պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայան՝ հանդիպմանը մասնակցել են նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը: Հանդիպման ընթացքում ընդգծվել է միջազգային կառույցների դիմելու, նրանց արձագանքի կարևորությունը թե՛ գերիների, թե՛ անհետ կորածների որոնման հարցերի լուծմանը՝ թույլ չտալու համար, որ Ադրբեջանը հայկական կողմի գերիների վերադարձի հարցը դարձնի քաղաքական շահարկման ու սակարկությունների առարկա: «Հետպատերազմական գործընթացում մարդու իրավունքների կամ մարդասիրական հարցերը, այդ թվում՝ գերիների ազատ արձակումն ու վերադարձը պետք է ապահովվի ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո և դրանք պետք է զերծ պահվեն քաղաքական գործընթացներից»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը՝ շեշտելով, որ Ադրբեջանի կողմից իրականացված ու իրականացվող մարդու իրավունքների խախտումները մշտապես բարձրաձայնում է և տեղեկացնում միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին:
20:23 - 28 փետրվարի, 2021
Հանցանքների համար անպատժելիությունն առաջ է բերում նոր, ավելի կոպիտ խախտումներ, ավելի դաժան հանցանքներ. ՀՀ ՄԻՊ

Հանցանքների համար անպատժելիությունն առաջ է բերում նոր, ավելի կոպիտ խախտումներ, ավելի դաժան հանցանքներ. ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Սումգայիթի ջարդերի վերաբերյալ գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում, մասնավորապես, ասվում է. «Այսօր լրանում է Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում 1988թ. փետրվարի 27-29-ի հայկական զանգվածային ջարդերի 33-րդ տարելիցը:   1. Սումգայիթի ոճրագործությունն սկսվեց 1988թ. փետրվարի 26-ի երեկոյան ու հենց միանգամից ուղեկցվեց սպանություններով, հայերին կենդանի վիճակում այրելով ու անդամալույծ անելով, նրանց տներն ու անձնական իրերն ավերելով:  2. Սրանով սկիզբ դրվեցին ու շարունակվեցին Գանձակում (Կիրովաբադ), Բաքվում, Մարաղայում, Շահումյանում և մյուս ավելի քան 320 հայաբնակ քաղաքներում ու գյուղերում հայերի նկատմամբ վայրագությունները: Միայն Գանձակ քաղաքում 1988թ. դրությամբ ապրում էր 45 հազար հայ:  3. Նշված բոլոր վայրերում տեղի ունեցան հայ խաղաղ բնակիչների իրավունքների կոպիտ խախտումներ, նրանք դաժանաբար սպանվեցին, այդ թվում՝ կյանքից բարբարոսաբար զրկվեցին երեխաներ, կանայք ու տարեցներ, ենթարկվեցին խոշտանգումների, ինչի արդյունքում նաև տանջամահ եղան, մարմինները ենթարկվեցին անարգանքի: Իրենց մշտական բնակության վայրերից բռնի տեղահանվեցին հազարավոր հայեր: Ավերվեցին ու ոչնչացվեցին խաղաղ բնակիչների տներն ու անձնական իրերը:  4. Ընդամենը 2 օրինակ՝ 1991թ. ապրիլի 29-ից մինչև օգոստոսի կեսերն ադրբեջանական ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը (ՕՄՕՆ) իրականացրեց «Օղակ» գործողությունը, որի արդյունքում բռնագաղթի ենթարկվեց Խանլարի, Շահումյանի, Հադրութի, Շամխորի, Ղազախի, Գետաբեկի շրջանների հայ բնակչությունը: 1992թ. ապրիլի 10-ին Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում Ադրբեջանի զինված ստորաբաժանումներն իրագործեցին խաղաղ հայ բնակչության անխնա ոչնչացումը, որտեղ զոհվածների թիվը հասնում էր 57-ի՝ գերակշիռ մասը՝ կանայք, երեխաներ, ծերեր, որոնց ծեծել, անարգել, բռնաբարել, անդամահատել, այրել են, ինչպես կենդանության օրոք, այնպես էլ մահվանից հետո:  5. Ընդ որում, այս ամենը կատարվել է հրոսակախմբերի կողմից իրավապահ մարմինների ամենաթողության պայմաններում, իսկ առանձին դեպքերում՝ հենց այդ մարմինների անմիջական մասնակցությամբ:  6. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տիրապետում է հավաստի, այդ թվում՝ օբյեկտիվ ապացույցների, որոնք հաստատում են ողջ նկարագրվածը:  7. Ապացուցված փաստ է, որ նշված վայրագությունները տեղի են ունեցել ի պատասխան իրենց կյանքի, անվտանգության ու կենսական կարևորության մյուս իրավունքները պաշտպանելուն, ինքնորոշման իրենց անօտարելի իրավունքը վերականգնելուն ուղղված Արցախի հայերի քայլերի:  8. Փաստերը հաստատում են, որ հայերի նկատմամբ նշված վայրագություններն իրականացվել են բացառապես էթնիկ պատկանելիության հիմքով և կրել են հայրենազրկման և ոչնչացման բնույթ: Այսինքն՝ խոսքն էթնիկ զտումների ու ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասին է, որի հիմքում հայերի նկատմամբ պետական աջակցությամբ հայատյացությունն էր:  9. Ապացույցները հաստատում են, որ հետագա տարիներին հայատյացությունն ու հայերի նկատմամբ թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունն ստացավ նոր զարգացումներ: Հայասպանությունը, ազգությամբ հային խոշտագելը միայն ակնհայտ խրախուսվում էր Ադրբեջանի բարձրագույն իշխանության մարմինների կողմից:  10. Սրա կոնկրետ վկայություն է 2004թ. փետրվարին Բուդապեշտում միջազգային դասընթացի ժամանակ ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը կացնով՝ իր հյուրանոցի սենյակում, քնած վիճակում: Նա հետագայում հանձնվեց Ադրբեջանին ու դրանից հետո ոչ միայն ազատ արձակվեց, այլ նաև ստացավ բարձրագույն մակարդակի հերոսացման:  11. «Մակուչյանն և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» (գանգատ թիվ 17247/13) գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2020թ. արձանագրեց, որ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում ներում շնորհելը, արտոնությունների տրամադրումը, պետական ամենաբարձր մակարդակով քաջալերումը, Ադրբեջանի ողջ հասարակության շրջանակում հերոսացումը եղել են էթնիկ դրդապատճառներով։ Ըստ Եվրոպական դատարանի՝ դրա մասին են վկայել բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որտեղ արտահայտել են իրենց աջակցությունն արարքի կատարման հարցում:  12. Արցախի բնակչության դեմ 2016թ. Ապրիլյան ու 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմների ընթացքում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է ադրբեջանական Զինված ուժերի կողմից էթնիկ պատկանելիության հիմքով վայրագություններ, այդ թվում՝ հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողների դաժան սպանություններ, խոշտանգումներ, մարմինների անարգանքի բազմաթիվ դեպքեր: Այս ամենն իրականացրել են ադրբեջանական Զինված ուժերն ու ներգրավված ահաբեկիչները, որոնք տեսանկարում էին տեսանյութեր ու ակնհայտ վստահ լինելով, որ անպատժելի են, ցինիկաբար բաց դեմքով ցուցադրում, թե ինչպես են, օրինակ, կտրում հայի գլուխ, ականջ կամ անարգանքի ենթարկում մարմիններ:  13. Այդ պատերազմներին նախորդել ու դրանց զուգահեռ առավել մեծ ագրեսիվությամբ շարունակվել են հայատյացությունն ու հայասպանության խրախուսումը: Այս մասին նույնպես առկա են օբյեկտիվ ապացույցների վրա հիմնված զեկույցներ:  14. Մինչ օրս էլ Ադրբեջանում շարունակվում է հայատյացությունը, հայ հասարակությանը տառապանքներ պատճառելու և զգացմունքների հետ խաղալու, լարվածություն առաջացնելու պետական քաղաքականությունը: Այս մասին ակնհայտորեն վկայում է հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողներին գերեվարելը ու նրանց արհեստական պատճառներով չվերադարձնելը, հարցը մշտապես քաղաքականացնելն ու սակարկությունների առարկա դարձնելը:  15. Ցավոք, միջազգային հանրության ու, հատկապես, մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցների խիստ անհամաչափ արձագանքը նկարագրված վայրագություններին, իսկ շատ դեպքերում պարզապես լռությունը՝ միայն նպաստել է նրան, որ հայերի նկատմամբ 1988թ. վայրագություններն ու հայատյացությունը ոչ միայն չբացառվեցին հետագայում, այլ նաև խորացան ու առավել դաժան դրսևորումներ ստացան:  16. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անձամբ իր ու ողջ աշխատակազմի անունից իրենց հարգանքի տուրքն են մատուցում Սումգայիթի ու մյուս բնակավայրերի հայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին և ի գիտություն միջազգային համաշխարհային հանրության՝ հատուկ ընդգծում, որ իրավունքների խախտումների, հանցանքների համար անպատժելիությունն առաջ է բերում նոր, ավելի կոպիտ խախտումներ, ավելի դաժան հանցանքներ»:   
10:12 - 28 փետրվարի, 2021
Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանը քննարկել են գերիների վերադարձի, սահմանամերձ համայնքների բնակիչների իրավունքներին առնչվող հարցեր

Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանը քննարկել են գերիների վերադարձի, սահմանամերձ համայնքների բնակիչների իրավունքներին առնչվող հարցեր

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ «Մարդու իրավունքների պաշտպանը նախագահին տեղեկացրել է վերջին ամիսներին ՄԻՊ աշխատակազմի կողմից կատարված աշխատանքների մասին: Նա մասնավորապես ներկայացրել է Հանրապետության սահմանամերձ մարզեր պաշտպանի և պաշտպանի գրասենյակի աշխատակիցների պարբերական այցերի ընթացքում արձանագրված խնդիրները՝ նշելով, որ Ադրբեջանի իշխանության մարմինների կողմից շարունակաբար և հետևողականորեն իրականացվում են Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների` միջազգայնորեն ճանաչված իրավունքները ոտնահարող ծրագրված գործողություններ: Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանների հետ կապված գործընթացի վերաբերյալ իրենց դիտարկումները՝ հայտնելով, որ մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ուղեկցվող գործընթացի վերաբերյալ ՄԻՊ-ն արդեն իսկ դիմել է համապատասխան միջազգային ատյաններին: Հանրապետության նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանն առանձնահատուկ անդրադարձել են ադրբեջանական կողմում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի ուղղությամբ կատարվող աշխատանքներին: Արման Թաթոյանը նախագահին մանրամասն տեղեկություններ է տրամադրել ՄԻՊ-ի աշխատակազմի կողմից կատարված աշխատանքների մասին՝ նշելով, որ համագործակցում են ներգրավված բոլոր կառույցների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հանրապետության նախագահի ու Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերը համատեղ կաշխատեն ինչպես գերիների վերադարձի, այնպես էլ միջազգային ատյաններում հայկական կողմի մտահոգություններն ու արձանագրված խնդիրները բարձրացնելու ուղղություններով: Այս համատեքստում նախագահը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող աշխատանքները, մասնագիտական դիտարկումներն ու փաստահավաք գործունեությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
11:44 - 27 փետրվարի, 2021
Մտահոգիչ է,որ մի քանի օր է ԱԺ-ում ընդդիմադիրների նախաձեռնած նիստերը չեն կայանում. ՄԻՊ

Մտահոգիչ է,որ մի քանի օր է ԱԺ-ում ընդդիմադիրների նախաձեռնած նիստերը չեն կայանում. ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մի շարք դիրքորոշումներ երկրում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ 1. Մարդու իրավունքներն ու ազատությունները կարող են երաշխավորված լինել միայն ժողովրդավարության պայմաններում: Ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների համակարգն են ընկած նաև երկրի անվտանգության հիմքում: 2. Ժողովրդավարական գործընթացներն են, որ ապահովում են անհանդուրժողականության բացառում, զսպում են լարվածությունը և երաշխավորում են իրադարձությունների զարգացումը համերաշխության պայմաններում:Այս օրերին առավել ևս չպետք է որևէ պարագայում թույլ տալ, որպեսզի տեղի ունենան ծայրահեղական բնույթ ունեցող զարգացումներ: 3. Ուստի, ժողովրդավարական բոլոր հաստատություններն այս օրերին պետք է լինեն ակտիվ, պետք է բացառվի նրանց որևէ պասիվություն կամ առավել ևս անգործություն: 4.Մեր երկրի Սահմանադրության 2-րդ հոդվածն ամրագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:Սա անմիջական ժողովրդավարության հիմնարար իրավական ամրագրում է: 5. Սահմանադրության նույն հոդվածը սահմանում է, որ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:Սա նշանակում է, որ Սահմանադրությունը հռչակել է ներկայացուցչական ժողովրդավարությունը՝ որպես հիմնարար սկզբունքը: 6. Ներկայացուցչական ժողովրդավարության հիմքերից է պառլամենտարիզմը, խորհրդարանը երկրում՝ մանավանդ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում: 7. Հատկապես պետք է նկատի ունենալ խորհրդարանի անփոխարինելի դերը բարդ ու ճգնաժամային իրավիճակներում՝ լինելով հավասարակշռող ու զսպող, առկա ելքերից լուծումներ ապահովող հաստատություն: Մտահոգիչ է, որ արդեն մի քանի օր է խորհրդարանում ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած նիստերը չեն կայանում, օրակարգային արդիական հարցերը քննարկման չեն արժանանում: Ամեն դեպքում, հանրության համար դրանք չունեն տեսանելիություն: Ժողովրդավարական հաստատութունների ու առաջին հերթին խորհրդարանի պասիվությունը բացասական է ազդում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման վրա: Դա ստիպում է, իրադարձությունների զարգացումը մղում է ժողովրդավարական հաստատություններից դուրս, ինչն էլ իր հերթին կարող է մեծացնել լարվածությունը: 8. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է նաև վերջին օրերի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կազմակերպմամբ հավաքների դիտարկումներ: 9. Նախ, հարկ ենք համարում արձանագրել, որ խաղաղ հավաքների ազատությունը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններով:Խաղաղ հավաքների ազատության նպատակներից է ապահովել հանրային քննարկման հարթակ և բողոքի բաց արտահայտման հնարավորություն, հատկապես եթե տեղի է ունենում հանրային նշանակության այնպիսի իրադարձություն, որին հասարակությունը անհրաժեշտ է համարում հրատապ արձանգանքել: 10. Հատուկ եմ ընդգծում, որ խաղաղ հավաքների ազատության լիարժեք ու անվտանգ իրականացումը երաշխավորելը պետության պոզիտիվ պարտավորությունն է: 11. Այս ամենով հանդերձ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է անթույլատրելի երևույթներ՝ վիրավորանքի ու ատելության խոսքի բարձր ծավալ: Այս վիճակն անգամ առավել բարձր ծավալով նկատվում է սոցիալական ցանցերում:Սա խիստ մտահոգիչ է նախևառաջ այն առումով, որ հասարակությանը տանում է բևեռացման ու մոտեցումների ռադիկալացման: 12. Մասնավորապես, վիրավորական ու անհանդուրժողականությունը խորացնող արտահայտություններ են արձանագրվել քաղաքական իշխանությանն աջակցող հավաքի ու երթի ժամանակ, մասնավորապես՝ դրանց մասնակիցների կողմից՝ ուղղված ընդդիմության կազմակերպած հավաքի մասնակիցներին: 13. Նույն անթույլատրելի երևույթներն արձանագրվել են նաև ընդդիմության հավաքների ու երթերի ընթացքում թե՛ մասնակիցների, թե՛ որոշ ելույթ ունեցողների կամ կազմակերպիչների կողմից գործածվող՝ վիրավորանքի ու անհանդուրժողականությունն ավելացնող անթույլատրելի բառապաշար ու գործողություններ: 14. Այս առումով, խիստ դատապարտելի է այսօր Երևանի Բաղրամյան պողոտայում անցկացվող հավաքի ժամանակ մահապատժի բեմականացված ցուցադրումը:Առավել ևս դատապարտելի է, որ բեմականացումը ցուցադրվել է զանգվածային հավաքի ժամանակ ու այն էլ այն պայմաններում, որ հավաքը հեռարձակվել է զանգվածային լրատվության միջոցների ուղիղ եթերներով՝ թիրախում ունենալով լայն հանրությանը, այդ թվում՝ ակնհայտ է, որ դա լայն հասանելիություն էր ունենալու նաև երեխաների համար: Հավաքի կազմակերպիչները պարտավոր էին նկատի ունենալ, որ նման երևույթներն ակնհայտ են ասոցացվում բռնության հետ, ստեղծում են բռնությունն արդարացնելու տպավորություն և ակնհայտորեն չեն բխում հավաքի խաղաղ նպատակներից ու առարկայից, ուստի չեն կարող որէև պարագայում թույլատրելի լինել, այն էլ այս լարված օրերին ու միայն նպաստում են լարվածության աճին (կոնկրետ սույն հայտարարության նպատակը ստեղծագործության ազատության սահմանների քննարկումը չէ): 15. Ուստի, հավաքների կազմակերպիչներն՝ անկախ նրանից իշխանության, թե ընդդիմության կազմակերպմամբ են, պարտավոր են ցուցաբերել առավելագույն զգոնություն, դրսևորել զսպվածություն, ամեն ինչ անել, որպեսզի ապահովվի հավաքի խաղաղ բնույթը և բացառվի որևէ տեսակի լարվածության տանող երևույթ:Պետք է նկատի ունենալ, որ առանց այն էլ երկիրը գտնվում է հետպատերազմական բարդ շրջանում, իսկ հասարակությունը՝ հասկանալիորեն էմոցիոնալ լարված վիճակում: 16. Մեր երկրում բոլոր գործընթացները պետք է ընթանան բացառապես ՀՀ Սահմանադրությամբ ու օրենքներով նախատեսված ժողովրդավարական ճանապարհով՝ մարդու իրավունքների նկամամբ բացառիկ հարգանքի ու համերաշխության պայմաններում:
22:04 - 26 փետրվարի, 2021
Գերիների անհապաղ վերադարձի հարցը ՄԻՊ-ը ներկայացրել է Եվրամիության հատուկ ներկայացուցչին

Գերիների անհապաղ վերադարձի հարցը ՄԻՊ-ը ներկայացրել է Եվրամիության հատուկ ներկայացուցչին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում եւ ճգնաժամի հարցերով Վրաստանում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան տիկին Անդրեա Վիկտորին։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։ «Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապության հարցը: Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ հայ հասարակությանն ու հատկապես գերիների ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու ու երկրում լարվածություն առաջացնելու նպատակով: Պաշտպանը ներկայացրել է հետպատերազմական ժամանակահատվածում մարդու իրավունքների լուրջ խնդիրները, որոնք առաջացել են Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքների ներքո անթույլատրելի արագությամբ ընթացող սահմանների որոշման գործընթացի պատճառով: Արման Թաթոյանն ընդգծել է, որ ոչ միայն չի դադարել, այլ նաեւ նոր զարգացումներ է ստացել Ադրբեջանում հայատյացությունն ու թշնամանքի հրահրումը։ Հանդիպման ընթացքում պաշտպանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համագործակցությունն ու մասնավորապես՝ ընդգծել է համատեղ աշխատանքը մարդու իրավունքների երկխոսության ու մի շարք այլ ծրագրերի ֆորմատով: Պաշտպանը վերահաստատել է համատեղ աշխատանքի հանձնառությունը, որն ուղղված է ԵՄ աջակցությամբ մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը ՀՀ-ում: ԵՄ պատվիրակությունն իր հերթին ընդգծել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի դերը մարդու իրավունքների պաշտպանության հարցերում եւ պաշտպանի հետ համագործակցության կարեւորությունը: Հանդիպման ավարտին կողմերը նախանշել են համատեղ աշխատանքի նոր ուղղություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։    
21:33 - 23 փետրվարի, 2021
ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ զեկույց զինծառայողների և նրանց ընտանիքների արտոնությունների վերաբերյալ

ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ զեկույց զինծառայողների և նրանց ընտանիքների արտոնությունների վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց զինծառայողներին և նրանց ընտանիքներին արտոնություններ տրամադրելու վերաբերյալ։ Այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:  Առաջարկվող արտոնություններից են, օրինակ․ աշխատանքի պահպանման նախապատվության իրավունքը,  չվճարվող արձակուրդի տրամադրման պարտադիր կարգը, ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության արտոնությունը, զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվելու առաջնահերթության իրավունքը և այլն։ Զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների համար Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշակած արտոնությունների ընդունումը կունենա սոցիալական կարևոր նշանակություն եւ կնպաստի զինվորական ծառայության հեղինակության աճին։ Առաջարկվող արտոնությունները նաև կբարձրացնեն ծառայություն անցնող կամ անցած զինծառայողների կարգավիճակը: Ներկայացվող առաջարկությունների իրական շահառուներ կարող են լինել տարբեր կատեգորիայի զինծառայողներ կամ նրանց ընտանիքների անդամներ, այդ թվում՝ ա) ժամկետային պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայություն անցած կամ անցնող շարքային, ենթասպայական, սպայական կազմի զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները, բ) ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներ, գ) ՀՀ պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներ, նրանց և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ, դ) ՀՀ կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցած կամ մասնակցող անձինք կամ նրանց ընտանիքների անդամներ և այլն: Սույն արտահերթ զեկույցն առավել կարևոր է դառնում հատկապես հետպատերազմական շրջանում, երբ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների երաշխավորումը, ամրապնդումն ու պաշտպանությունն առաջնահերթ հրամայականն է: Պետք է ամեն կերպ արժևորել զինվորական ծառայությունը, իսկ առաջարկվող արտոնությունները կնպաստեն, որպեսզի բանակում ծառայությունը դառնա ավելի գրավիչ նաև հենց ծառայության մեջ գտնվողների և նրանց ընտանիքների համար: Զեկույցը մշակվել է՝ հաշվի առնելով համապատասխան միջազգային փորձը։ Զեկույցը հասանելի է հետևյալ հղումով: 
11:57 - 22 փետրվարի, 2021
Նախագծային այս լուծումներն այս ձևով ընդունվել չեն կարող. ՄԻՊ-ը՝ հանրային ծառայողին վիրավորելու կամ զրպարտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող նախագծի վերաբերյալ

Նախագծային այս լուծումներն այս ձևով ընդունվել չեն կարող. ՄԻՊ-ը՝ հանրային ծառայողին վիրավորելու կամ զրպարտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող նախագծի վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է կարծիք հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող նախագծի վերաբերյալ: Գրասենյակի հաղորդագրությունը՝ ստորև.«Հաշվի առնելով, որ առաջարկվող փոփոխություններն ուղղակիորեն առնչվում են կարծիքի արտահայտման ազատությանը՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում դրանց ուսումնասիրությունն իրականացվել է միջազգային այն չափանիշներին համապատասխանության տեսանկյունից, որոնք վերաբերում են հանրային գործիչների գործունեության վերաբերյալ քաղաքացիների կողմից կարծիքի արտահայտման ազատության շրջանակներին: Նախ, Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում միանգամից արձանագրել, որ  անընդունելի է ցանկացած տեսակի վիրավորանք ու ատելության խոսք: Ցավոք, այս երեւույթներն այսօր լայն տարածում են ստացել հատկապես սոցիալական ցանցերում ու ընդ որում՝ վտանգավոր հետեւանքներով իրական կյանք տեղափոխվելու սպառնալիքով: Այս ամենն, իհարկե, լուրջ մարտահրավեր է ստեղծում պետության համար, քանի որ ավելացնում է անհանդուրժողականությունը, նպաստում է լարվածությանը եւ, իհարկե, խաթարում է մարդու իրավունքների համակարգն ու խնդիրներ առաջացնում իրավունքի գերակայության համար: Այս պատճառով է նաեւ, որ վիրավորանքն ու ատելությունը չեն պաշտպանվում խոսքի ազատության իրավաչափ շրջանակներով: Նշվածի հետ միասին, նշված ոլորտի խնդիրների համար առաջարկվող ցանկացած լուծում պետք է դիտարկվի կարծիքի արտահայտման ազատության շրջանակների ճիշտ ընկալման, պատասխանատվության մեխանիզմների համաչափության ու հետապնդած նպատակի իրավաչափության, մամուլի ազատության ու բազմակարծության, քննադատական խոսքի հարգման պահանջների տեսանկյունից: Ուստի, սույն կարծիքում նախեւառաջ կբացահայտվի միջազգային կանոնների բովանդակությունը, իսկ այնուհետեւ կարվի նաեւ անդրադարձ նախագծի դրույթներին: Այսպես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք վճիռներում արտահայտել է դիրքորոշում, ըստ որի՝ խոսքի ազատությունը քաղաքացիական հասարակության հիմնարար իրավունքներից է, եւ դրա սահմանափակումը պետք է բխի հանրային խիստ կարիքից: Բացի այդ, ՄԻԵԴ-ը նշել է, որ հասարակության կողմից «քննադատական վերաբերմունք» հասկացությանը առավել լայն մեկնաբանություն պետք է տրվի, եթե այն վերաբերում է քաղաքական ասպարեզում հանդես եկող պաշտոնատար անձանց ու հանրային, այդ թվում՝ քաղաքական գործիչներին (ի համեմատ քաղաքացիների): Ակնհայտ է, որ վերջիններս հանրության համար հետաքրքրություն ու կարեւորություն ներկայացնող անձինք են, հատկապես եթե իրականացնում են հասարակության լայն շրջանակներին հետաքրքրող կամ նրանց վերաբերող գործունեություն: Ենթադրվում է, որ այս անձինք պետք է գիտակցեն, որ իրենց կողմից կատարված գործողությունը կամ արտաբերած յուրաքանչյուր բառ ցանկացած պահի կարող է սուր եւ նույնիսկ բացասական արձագանքի հանգեցնել: Ի տարբերություն մասնավոր անձանց, պաշտոնատար, այդ թվում՝ քաղաքական գործունեություն իրականացնող անձինք անխուսափելիորեն եւ գիտակցաբար իրենց յուրաքանչյուր արարք եւ խոսք հանձնում են հասարակության եւ լրագրողների դատին, հետեւաբար՝ նրանք պետք է ցուցաբերեն հանդուրժողականության բարձր մակարդակ: Ընդ որում, ուսումնասիրված գործերում, որտեղ պաշտոնյայի, այդ թվում՝ քաղաքական գործչի նկատմամբ սուր քննադատությունը երկրի ներպետական դատարանները դիտել էին խախտում եւ այդ անձանց ենթարկել քրեական պատասխանատվության, Եվրոպական դատարանը ճանաչել է կոնվենցիայի 10-րդ հոդվածի, այն է՝ խոսքի ազատության իրավունքի խախտում: Միեւնույն ժամանակ, Եվրոպական դատարանն ընդունել է, որ, օրինակ, քաղաքական գործիչները, ինչպես ցանկացած անձ, ունեն իրենց մասնավոր կյանքի պատշաճ պաշտպանության իրավունք: Օրինակ՝ երբ գործչի անձնական կյանքի հետ կապված վիճարկվող պայմանները  «արդարացված (հիմնավորված) չեն եղել` դրանց հասարակական մտահոգության խնդիր չլինելու հիմքով կամ դրանք ունեցել են ընդհանուր նշանակություն: Ավելին, 2004թ փետրվարի 12-ին Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն արտահայտել է դիրքորոշում, համաձայն որի՝ պետությունը, կառավարությունը կամ գործադիր, օրենսդիր եւ դատական ճյուղերի այլ մարմինները կարող են քննադատության ենթարկվել լրատվության միջոցով: Եվրոպայի խորհրդի մեկ այլ՝ 2016թ. ապրիլի 13-ի հանձնարարականի համաձայն՝ պետությունը պոզիտիվ պարտավորություն ունի երաշխավորելու բազմակարծությունը մեդիա ոլորտում, որը ենթադրում է, որ պետք է լսվեն տարբեր, այդ թվում՝ քննադատող ձայներ: Նախարարների կոմիտեն նույն հանձնարարականով նաեւ արձանագրել է, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված խոսքի ազատության համար բարենպաստ միջավայր ստեղծելու եւ ապահովելու համար պետությունները պետք է կատարեն մի շարք պոզիտիվ պարտավորություններ: Այդ պարտավորությունները պետք է ապահովվեն պետության իշխանության գործադիր, օրենսդիր եւ դատական ճյուղերի, ինչպես նաեւ պետական այլ մարմինների կողմից, այդ թվում՝ այն մարմինները, որոնք ապահովում են հասարակական կարգը եւ ազգային անվտանգությունը: Քանի որ թվարկվածներն ունեն գերակշռող դիրք, հետեւաբար ընդունելի չէ, որ այս ինստիտուտների նկատմամբ վիրավորանքը կամ զրպարտությունը պաշտպանվի քրեական օրենսդրության մակարդակով: Սակայն, եթե այնումենայնիվ, առկա է քրեական պաշտպանություն, ապա այն պետք է գործադրվի միայն խիստ սահմանափակ դեպքերում: Միջազգային փորձի ընդհանուր ուսումնասիրությունից պարզ է, որ հասարակության խոսքի ազատության իրավունքը պետք չէ սահմանափակել բոլոր այն դեպքերում, եթե սուր քննադատությունն ինքնին բխում է քաղաքական տիրող իրավիճակից, քննարկվող հարցի՝ հանրության համար խիստ հետաքրքրությունից ու կարեւորությունից, եւ ամենեւին նպատակ չունի նսեմացնել կամ որեւէ այլ կերպ վիրավորել քաղաքական գործչին՝ որպես առանձին անհատի: Նմանատիպ մոտեցում է դրսեւորել նաեւ ԱՄՆ դատական պրակտիկան: Մասնավորապես, Նյու Յորք Թայմսն ընդդեմ Սուլլիվանի գործով ԱՄՆ Գերագույն դատարանը դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի՝ հանրությունն իրավասու է քննադատել իրեն կառավարող քաղաքական գործիչներին եւ պաշտոնատար անձանց, սակայն միայն իրականացրած քաղաքական գործունեության շրջանակներում: Ուստի, սուր եւ բացասական քննադատությունից ամենաքիչ պաշտպանվածության աստիճանով օժտված են հենց քաղաքական գործիչները: Նրանց հասցեին արված արտահայտությունները երբեմն կարող են նաեւ սխալ լինել եւ չհամապատասխանել իրականությանը: Սակայն պետք է հաշվի առնել այդ արտահայտությունների կատարման նպատակն ու ուղղվածությունը. այն պետք է բխի հասարակության շահից, չլինի ինքնանպատակ ու իր մեջ չար դիտավորություն չպարունակի: Ասվածից զատ, հարկ է նկատել, որ ՀՀ-ում դեռեւս 2010 թվականից ապաքրեականացվել են զրպարտությունն ու վիրավորանքը՝ այդ ինստիտուտները տեղափոխելով քաղաքացիաիրավական հարաբերությունների կարգավորման տիրույթ: Այս արարքների, մասնավորապես՝ զրպարտության ապաքրեականացման համար հիմք դարձավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2007թ. հոկտեմբերի 4-ին ընդունած թիվ 1577(2007) բանաձեւը՝ զրպարտության ապաքրեականացման վերաբերյալ։ Դրանում խոսվում է նաեւ զրպարտության համար ազատազրկման վերացման մասին։ Այս բանաձեւին անդրադարձել է նաեւ ՀՀ սահմանադրական դատարանը 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-997 որոշմամբ՝ նշելով, որ «զրպարտությանն առնչվող օրենքներն այլ անձանց իրավունքների եւ բարի համբավի պաշտպանության իրավաչափ նպատակ են հետապնդում` Վեհաժողովը, այնուամենայնիվ, պետություններին առաջարկեց այս օրենքները կիրառել մեծագույն զսպվածությամբ, քանի որ դրանք կարող են լրջորեն վտանգել արտահայտվելու ազատությունը: Վեհաժողովը նաեւ հստակ մոտեցում որդեգրեց, այն է` զրպարտության համար ազատազրկումը պետք է անհապաղ չեղյալ հայտարարվի: Կոչ արվեց անդամ պետություններին` անհապաղ վերացնել զրպարտության համար որպես պատժատեսակ սահմանված ազատազրկումը, սահմանել ողջամիտ առավելագույն սահման զրպարտության գործերով վնասի փոխհատուցման գումարի չափի առումով, այնպես, որպեսզի պատասխանատու մամուլի կենսունակությունը չվտանգվի, ապահովել համապատասխան իրավական երաշխիքներ իրական վնասին ոչ համաչափ փոխհատուցում սահմանելու դեմ։ Այս առումով, առնվազն միջազգային իրավական մոտեցումներին հակասող տրամաբանությունն է առաջ քաշվում ոչ միայն նախագծային լուծումներում, այլեւ դրանց հիմնավորմամբ: Այսպես, նախագծի ընդունման հիմնավորումներով փորձ է արվում խնդրո առարկա արարքների քրեականացումը հիմնավորել դրանց հանրային իրավական բնույթով ու քրեաիրավական ներգործությունն արդարացնող հանրային շահով. այդ նպատակով էլ շեշտադրվում է, որ խոսքը վերաբերում է հանրային գործչին վիրավորելուն ու զրպարտելուն ոչ թե իբրեւ մասնավոր սուբյեկտի, այլ իբրեւ ծառայողական պարտականություններ կատարողի: Մինչդեռ, միջազգային իրավական ընկալմամբ կարծիքի արտահայտման ազատությունը հակառակ տրամաբանությամբ է երաշխավորվում. հանրային կամ քաղաքական գործչի նկատմամբ քննադատությանը, այն պետք է երաշխավորվի ավելի լայն շրջանակներում, երբ խոսքը վերաբերում է վերջինիս հանրային պետական կամ քաղաքական գործունեությանը: Դրանից զատ, առնվազն ասվածի տրամաբանության շրջանակներում չի տեղավորվում նախագծի հեղինակների այն մոտեցումը, որ «այս գաղափարը չի նույնանում ՀՀ քրեական օրենսգրքից ապաքրեականացված՝ իշխանության ներկայացուցչին վիրավորելու ինստիտուտի հետ (նախկին 318-րդ հոդված), քանի որ նախագծով իրավական պաշտպանության ենթակա անձանց ավելի լայն շրջանակ է ներառված»: Ասվածից, փաստորեն, ստացվում է, որ եթե նախկինում իշխանության ներկայացուցչի կարգավիճակ ունեցող պաշտոնյաներն էին պաշտպանված վիրավորանքից քրեական արգելքով, ապա նախագծով «պաշտպանության տակ է առնվում» ողջ հանրային ծառայության համակարգը, ինչը ներառում է պետական համակարգի նկատմամբ քննադատության հասցեատեր բոլոր պետական մարմիններին ու դրանց ծառայողներին: Ուստի, միջազգային իրավական մոտեցումների հաշվառմամբ՝ սկզբունքային առումով մտահոգիչ են կարծիքի ներկայացված նախագծի լուծումները, որոնք վիրավորանքի ու զրպարտության ապաքրեականացման պայմաններում առաջարկում են քրեականացնել հանրային ծառայության մեջ գտնվող ցանկացած անձի, այդ թվում, որ առավել անթույլատրելի՝ քաղաքական ու, առհասարակ, բարձրաստիճան պաշտոն զբաղեցնողների նկատմամբ նման արարքները: Առավել եւս, կարծիքի արտահայտման ազատության իրավաչափ շրջանակներին համահունչ չեն նման արարքների քրեականացումը՝ պայմանավորված հենց ծառայողական պարտականությունների կատարմամբ: Ասված մտահոգություններն էլ ավելի է ամրապնդում ազատազրկման ձեւով պատժի նախատեսումն այն դեպքերում, երբ խնդրո առարկա արարքները կատարվում են կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով: Հետեւաբար, պետք է արձանագրել, որ նախագծային այս լուծումներն այս ձեւով ընդունվել չեն կարող, հակառակ դեպքում դրանք անխուսափելիորեն կհանգեցնեն կարծիքի արտահայտման ազատության ոչ իրավաչափ սահմանափակման: Ինչ վերաբերում է Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածում փոփոխությանը, առաջարկվում է հոդվածի իմաստով իշխանության ներկայացուցիչ համարել նաեւ «Հանրային ծառայության մասին» օրենքով պետական կամ համայնքային քաղաքական, վարչական կամ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին: Փաստորեն, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրելու համար պատասխանատվություն սահմանող 316-րդ հոդվածում առաջարկվում է ընդլայնել «իշխանության ներկայացուցիչ» հասկացությունը՝ ըստ այդմ նույն եզրույթին տալով տարբեր բովանդակություններ ընդհանուր առմամբ քրեական օրենսգրքի իմաստով եւ խնդրո առարկա դրույթի իմաստով՝ մասնավորապես: Մինչդեռ, հարկ է նկատել, որ նույն եզրույթի տրաբեր իրավական բովանանդակությունների ամրագրումը խնդրահարույց է ոչ միայն քրեական օրենքի եզրութաբանական միասնականության, այլեւ ինքնին հանրային ծառայության որոշ պաշտոններ զբաղեցնող անձանց՝ «իշխանության ներկայացուցչի» կարգավիճակի հետ գործառութային կապ չունենալու առումով:  Այսպես, օրինակ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ինքնավար պաշտոնը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ (կամ) օրենքով սահմանված որոշակի ժամանակահատվածով նշանակովի կամ ընտրովի պաշտոն է, որն զբաղեցնող պաշտոնատար անձը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կոլեգիալ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաեւ անհատական հիմունքներով անկախության սկզբունքի հիման վրա ընդունում է որոշումներ, օրենքով նախատեսված դեպքերում համակարգում դրանց կատարումը, ինչպես նաեւ պատասխանատվություն է կրում իր պաշտոնից բխող նպատակների եւ խնդիրների իրականացման համար», նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Ինքնավար պաշտոններն են Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորների, անկախ պետական մարմինների անդամների, ինքնավար մարմինների անդամների, Վիճակագրական պետական խորհրդի անդամների, Վճռաբեկ, վերաքննիչ եւ առաջին ատյանի դատարանների դատավորների, գլխավոր դատախազի եւ դատախազների, քննչական մարմինների ղեկավարների եւ ղեկավարների տեղակալների, քննիչների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարի պաշտոնները»: Նշված նորմերի վերլուծությունից ակնհայտ է, որ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանցից շատերն ամենեւին էլ օժտված չեն իրենց ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ կարգադրիչ լիազորություններով: Այսպիսի կարգավիճակ ունեցող պաշտոնյաների բավականին լայն շրջանակ գոյություն ունի, եւ այս առումով ամենեւին էլ տեղին չէ նրանց դասել «իշխանության ներկայացուցիչ» հասկացության տրամաբանության շրջանակներում։ Սա համահունչ չէ «իշխանության ներկայացուցիչ» հասկացության էությանը, եթե նույնիսկ ապահովում ենք այս հասկացության «օրենքով նախատեսված լինելու» պարտադիր պայմանը, բայց չենք ելնում դրա էության եւ բովանդակության հիմնական իմաստից»։  
10:30 - 20 փետրվարի, 2021
ԶԼՄ-ներին առնչվող հայտնի նախագծում «անանուն աղբյուր» եզրույթը կփոխարինի «չնույնականացված աղբյուր» եզրույթով |armenpress.am|

ԶԼՄ-ներին առնչվող հայտնի նախագծում «անանուն աղբյուր» եզրույթը կփոխարինի «չնույնականացված աղբյուր» եզրույթով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողով են հրավիրվել ՄԻՊ Արման Թաթոյանն ու կառույցի աշխատակազմի ներկայացուցիչներ, քննարկվել են «Զանգվածային լրատվության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները: Ինչպես տեղեկացնում են ԱԺ-ից՝ նախագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը,ներկայացնելով օրենքում նախատեսվող փոփոխությունները, նշել է դրանք կատարելու շարժառիթը. «Արգելվելու է լրատվամիջոցներին տեղեկություն հրապարակելիս հղում տալ անանուն աղբյուրների: Չգովազդել անհայտ ծագում ունեցող լրատվամիջոցներին, ստուգել տեղեկատվությունը մատուցելուց առաջ»: Ըստ ՄԻՊ Արման Թաթոյանի՝ մասնագետների կողմից թյուրըմբռնման տեղիք է տվել «անանուն աղբյուր» տերմինը: Այն ասոցացվում է լրագրողի՝ աղբյուրը չբացահայտելու հայտնի դրույթի հետ. թերի է նաեւ ներկայացված նախագծի հիմնավորումը: Այն չի բացահայտում իրական նպատակները եւ սխալ ըմբռնման պատճառ է հանդիսացել: Պատգամավորները պնդել են, որ փոփոխությունը լրատվամիջոցների գաղտնի աղբյուրներին չի վերաբերում եւ ընդունելով Թաթոյանի դիտարկումը՝ «անանուն աղբյուր» եզրույթը կփոխարինեն «չնույնականացված աղբյուր» եզրույթով: Նրանք ընդգծել են, որ նախագծում չի  լինի դրույթ, որը կսահմանափակի խոսքի ազատությունը: ՄԻՊ-ը նաեւ նշել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող տուգանքները չեն նախատեսում անհատական մոտեցման հնարավորություն եւ կարող են հանգեցնել լրագրողի գործունեության նկատմամբ անհամաչափ միջամտության: ՄԻՊ-ի հետ աշխատանքային քննարկումները կշարունակվեն. նախատեսվում են նաեւ հանրային լսումներ: 
14:32 - 19 փետրվարի, 2021
Ադրբեջանական զինվորականների ցանկացած կրակոց պետք է դիտվի՝ որպես գյուղի ուղղությամբ արձակված ու կանոնավոր կրակոց․ ՄԻՊ

Ադրբեջանական զինվորականների ցանկացած կրակոց պետք է դիտվի՝ որպես գյուղի ուղղությամբ արձակված ու կանոնավոր կրակոց․ ՄԻՊ

Ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը Սյունիքի մարզի գյուղերի անմիջական հարեւանությամբ կամ մարզի համայնքներն իրար միավորող ճանապարհներին, նրանց ցանկացած տեղաշարժ այդ ճանապարհներով ոտնահարում է Սյունիքի խաղաղ բնակիչների Սահմանադրությամբ եւ միջազգայնորեն երաշխավորված իրավունքները, սպառնալիք է նրանց անդորրի ու խաղաղության համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա, մասնավորապես, գրել է․ «Վերջին օրերին արվում են հրապարակումներ, թե Սյունիքի մարզի սահմանային գյուղերի հարեւանությամբ ադրբեջանական զինվորականների կրակոցներն անկանոն են կամ նրանք պարզապես օդ են կրակում: Տպավորություն կարող է ստեղծվել, թե այս կերպ մեղմվում է կրակոցների վտանգը: 1) Իսկ ինչպե՞ս պետք է որոշվի՝ որոնք են ադրբեջանական անկանոն կրակոցները եւ ինչո՞վ են դրանք տարբերվում կանոնավոր կրակոցներից: Ասենք, 10 րոպեում 5 կրակոցն է կանոնավո՞ր, թե՞ 10 կրակոցը 5 րոպեում: 2) Կամ ո՞նց է գյուղացին որոշելու, թե ադրբեջանական զինված ծառայողը ո՞ր կրակոցն է օդ արձակում եւ ո՞րը գյուղի ուղղությամբ․եթե գյուղացին ենթադրի, որ կրակոցն օդ էր արված, ուրեմն ինչ է՝ ինքն արդեն կարող է հանգի՞ստ լինել: Իսկ ի՞նչ կապ ունի՝ կրակոցն օդ էր արված, թե գյուղի ուղղությամբ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նշաձողը հստակ է՝ անգամ մեկ կրակոցն է խաթարում գյուղացու անդորրն ու խաղաղ կյանքը, վտանգում գյուղացու ու նրա երեխայի կյանքն ու առողջությունը, զրկում գյուղացուն իրեն պատկանող հողամասը մշակելու ու այլ սեփականությունից օգտվելու հնարավորությունից: Կանխավարկածն էլ այն է, որ ադրբեջանական զինվորականների ցանկացած կրակոց պետք է դիտվի՝ որպես գյուղի ուղղությամբ արձակված ու կանոնավոր (պարբերական լինելու իմաստով) կրակոց: Արդեն հաստատված փաստ է, որ փոքր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից ադրբեջանական կրակոցները հայաստանյան գյուղերի անմիջական հարեւանությամբ պարբերական են, արվում են նույնիսկ 1 կմ-ից էլ քիչ հեռավորությունից՝ թե՛ դեպի օդ, թե՛ հենց գյուղերի ուղղությամբ: Ադրբեջանական զինծառայողներն էլ են հստակ գիտակցում, որ իրենց կրակոցները պարզ լսվում են գյուղերում, անհանգստություն են պատճառում խաղաղ բնակիչներին ու առաջին հերթին՝ երեխաներին, խաթարում են նրանց անդորրն ու խաղաղ կյանքը: Հետեւաբար, ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը Սյունիքի մարզի գյուղերի անմիջական հարեւանությամբ կամ մարզի համայնքներն իրար միավորող ճանապարհներին, նրանց ցանկացած տեղաշարժ այդ ճանապարհներով ոտնահարում է Սյունիքի խաղաղ բնակիչների Սահմանադրությամբ եւ միջազգայնորեն երաշխավորված իրավունքները, սպառնալիք է նրանց անդորրի ու խաղաղության համար»։ Վերջին օրերին արվում են հրապարակումներ, թե Սյունիքի մարզի սահմանային գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականների կրակոցներն անկանոն են կամ նրանք պարզապես օդ են կրակում: Տպավորություն կարող է...
23:04 - 18 փետրվարի, 2021
Ադրբեջանական լրատվամիջոցները ՀՀ ՄԻՊ-ին մեղադրում են ադրբեջանաֆոբիա տարածելու մեջ` կեղծելով, ապա՝ շահարկելով նրա հայտարարությունները

Ադրբեջանական լրատվամիջոցները ՀՀ ՄԻՊ-ին մեղադրում են ադրբեջանաֆոբիա տարածելու մեջ` կեղծելով, ապա՝ շահարկելով նրա հայտարարությունները

Ադրբեջանական լրատվամիջոցները, որոնցով տարիներ շարունակ իրականացվում է հայատյացության ու թշնամանքի քարոզ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին մեղադրում են ադրբեջանաֆոբիա տարածելու մեջ` կեղծելով ու հետո շահարկելով Պաշտպանի հայտարարությունները: Այդ հրապարակումները պարունակում են Արման Թաթոյանի նկատմամբ վիրավորանքներ ու ատելության խոսք: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ գրասենյակը: Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել է հերթական նյութը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին՝ ատելություն հրահրելու հաշվին անելով քաղաքական եզրահանգումներ, օրինակ` «Քանի որ երկիրը, որի ապագան կախված է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելուց, «Թաթոյանների» ու նրա համակիրների ջանքերով  շարունակում է ամրապնդվել  հուսահատության փակուղում»։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի  մշտապես հրապարակում է կոնկրետ ապացույցներ, կոնկրետ հղումներով, դրանք արտացոլում են ոչ միայն պետական բարձրագույն իշխանության մարմինների, այլ նաև սպորտային, մշակութային ու հանրային գործիչների, այլ իրական օգտատերերի խոսքերը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գնահատականները ատելության ադրբեջանական քաղաքականության մասին հիմնված են հենց այդ գործոնների վրա։ Ադրբեջանական լրատվամիջոցը հրահրում են նոր ատելություն` առանց, իհարկե, անդրադառնալու ադրբեջանական զինված ուժերի պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններին. հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողներին խոշտանգելը, գլխատելը,  այդ ամենը նկարահանելն ու հետո ծաղրելը, Ստեփանակերտի ծննդատան, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի ռմբակոծումը, երբ նախապես լայնորեն հրապարակված էր, որ եկեղեցու նկուղում երեխաներ, կանայք ու տարեցներ են պատսպարված, Արցախի քաղաքներին ու գյուղերին զանգվածային ավերածություններ պատճառելը, այդ թվում` արգելված զինատեսակներով, գերիների ազատ արձակումն արհեստական ձգձգելն ու քաղաքականացնելը և այլն։ Պատերազմի ընթացքում իրենց մշտական, հայրենի բնակավայրերից տեղահանվել է ավելի քան 100,000 խաղաղ բնակիչ, պատերազմի հետևանքով անօթևան է դարձել շուրջ 40,000 մարդ, կրթությունից զրկվել է դպրոցական ու մանկապարտեզի տարիքի շուրջ 30,000 երեխա: Վնասվել կամ ավերվել է 12 մանկապարտեզ և 71 դպրոց: 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021 հունվարի 28-ը սպանվել է 72 քաղաքացիական անձ: Վիրավորում է ստացել 163 խաղաղ բնակիչ Խոշտանգումների տեսանյութերում ադրբեջանական զինվորականները հայերի տանջելիս օգտագործում են այն նույն բառերը, ինչ տարիներ շարունակ ադրբեջանական պետական քաղաքականության շրջանակում: Բոլոր ապացույցներն արձանագրվում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում և ուղարկվում են միջազգային կառույցներին։ Պատերազմական ու մարդկության դեմ ուղղված ադրբեջանական զինված ուժերի  հանցագործությունների կանխումը պահանջում է խիստ պատասխանատվություն. անպատժելիությունը ծնում է նոր՝ ավելի ծանր հանցագործություններ։ Ուստի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է հայատյացության փաստերի վերհանումը, հրապարակումն ու իր իրավասության սահմաններում անհրաժեշտ իրավական ընթացակարգերի դիմելը` անկախ որևէ ճնշումից:  
15:40 - 17 փետրվարի, 2021
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին հաղորդում ենք ուղարկել, որ ադրբեջանական իշխանությունները ձգձգում են գերիների վերադարձը և խախտում միջազգային պահանջները. Արման Թաթոյան

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին հաղորդում ենք ուղարկել, որ ադրբեջանական իշխանությունները ձգձգում են գերիների վերադարձը և խախտում միջազգային պահանջները. Արման Թաթոյան

Երեկ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին մանրամասն հաղորդում ենք ուղարկել, որ ադրբեջանական իշխանությունները ձգձգում են գերիների վերադարձը և կոպտորեն խախտում միջազգային պահանջները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Հաղորդումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ուղարկվել է առանձին ընթացակարգով: Այսպիսի հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները: Հաղորդման մեջ հատուկ նշում է արված, որ ադրբեջանական իշխանությունները չարաշահում են իրավական ընթացակարգերը և քաղաքականացնում գերիների վերադարձի հարցը: Դրանով մեր հասարակակությանն ու առաջին հերթին` գերիների ընտանիքներին պատճառում են հոգեկան տառապանքներ, խաղում զգացմունքների հետ ու առաջ բերում նպատակային լարվածություն: Հ.Գ. Հաղորդումը նոր է ներկայացված` հաշվի առնելով խորհրդի նստաշրջանի ժամկետները»,- գրել է նա:
10:47 - 16 փետրվարի, 2021