Ջո Բայդեն

ԱՄՆ 46-րդ նախագահը՝ Դեմոկրատական կուսակցությունից։

Ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում։ Ամերիկացի քաղաքական գործիչ է, 2009 թվականի հունվարի 20-ին դարձել է Միացյալ նահանգների փոխնախագահը։ Մինչ փոխնախագահ դառնալը՝ նա սենատոր է եղել Դելավեր նահանգից՝ 1973-2009 թվականներին։ Նա ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել է 2020 թվականի նախագահական ընտրություններում՝ ընդդեմ գործող նախագահ Դոնալդ Թրամփի եւ նոյեմբերի 7-ին` վերջնական արդյունքներով ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ։

Սովորել է Դելավերի համալսարանում՝ ստանալով իրավաբանի մասնագիտություն։ 1970 թվականին ընտրվել է Նյու Քասլի շրջանի խորհրդում եւ դարձել վեցերորդ ամենաերիտասարդ սենատորը ԱՄՆ-ի պատմության մեջ, երբ 1972 թվականի ԱՄՆ-ի սենատորների ընտրություններում հաղթեց Դելավերում։ Բայդենը երկար ժամանակ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է եղել, նաեւ հանձնաժողովի նախագահ։ Նա դեմ էր 1991 թվականի Իրաք-քուվեյթյան պատերազմին, սակայն կողմ էր ՆԱՏՕ-ի ընդարձակմանը՝ դեպի Արեւելյան Եվրոպա եւ նրա ներքաշմանը 1990-ականների Հարավսլավիայի պատերազմներին։ Նա կողմ էր 2002 թվականի Իրաքի պատերազմի բանաձեւին, բայց դեմ էր 2007 թվականին Իրաքի պատերազմում ԱՄՆ զորքերի ավելացմանը։ Բայդենը ղեկավարել է Սենատի դատական ​​հանձնաժողովը՝ 1987 թվականից մինչեւ 1995 թվականը, զբաղվել թմրանյութերի քաղաքականությամբ, հանցագործությունների կանխարգելմամբ եւ քաղաքացիական ազատությունների խնդիրներով։ 

Բայդենը վերընտրվել է Սենատում վեց անգամ եւ հրաժարվել Սենատորի պաշտոնից 2008 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար՝ որպես Բարաք Օբամայի փոխնախագահ։ Օբաման եւ Բայդենը վերընտրվել են 2012 թվականին։ 

Բայդենի կողմից ցեղասպանություն եզրույթի օգտագործումն անկյունաքարային է միջազգային ճանաչման հարցում. Ավինյան

Բայդենի կողմից ցեղասպանություն եզրույթի օգտագործումն անկյունաքարային է միջազգային ճանաչման հարցում. Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձում ցեղասպանություն եզրույթի օգտագործումն անկյունաքարային նշանակության է համարում՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման համար: Ավինյանը, մասնավորապես, նշել է. «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձում ցեղասպանություն եզրույթի օգտագործումն անկյունաքարային նշանակություն ունի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հարցում: Հարկ է բարձր գնահատել ԱՄՆ նախագահի անձնական ջանքն ու կառավարության քայլը՝ իրերն իրենց անունով կոչելու և համամարդկային այդ աղետի միջազգային ճանաչման գործում ներդրած հսկայական և անուրանալի ավանդի համար»:   Փոխվարչապետը համոզվածություն է հայտնել, միաժամանակ, որ վաղ, թե ուշ Թուրքիան նույնպես ճանաչելու է Հայոց ցեղասպանության փաստը: «Ուստի, անկախ հայ-թուրքական հարաբերությունների զարգացումից, Ցեղասպանության հարցն ու դրա միջազգային ճանաչումը համամարդկային նշանակություն ունեն, և խոսակցությունն այդ մասին պետք է չդադարի»,-ասել է Ավինյանը: Ըստ նրա՝ յուրաքանչյուր պետություն, հանձնառություն ստանձնելով, պիտի առավելագույնն անի՝ այդպիսի արհավիրքների կրկնությունը բացառելու համար:
22:35 - 24 ապրիլի, 2021
Հայոց ցեղասպանության ճանաչումը համարձակ և ոգևորիչ քայլ է. Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բայդենին

Հայոց ցեղասպանության ճանաչումը համարձակ և ոգևորիչ քայլ է. Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բայդենին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը համարձակ և ոգևորիչ քայլ է որակել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Այս մասին ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի «Ֆեյսբուք»-ի էջում: «Շնորհակալություն, նախագահ Բայդեն: Հայոց ցեղասպանության ճանաչումը համարձակ և ոգևորիչ քայլ է։ Դա կարևոր է հայ ժողովրդի և ողջ աշխարհում բոլոր նրանց համար, ովքեր արդարություն են փնտրում։ Այն նոր հեռանկարներ է բացում հայ-ամերիկյան հարաբերությունների համար։ Դրա շնորհիվ աշխարհն ավելի լավն է դառնում»,- ասված է գրառման մեջ: Նախագահը հավելել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը կնպաստի ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործության կանխարգելմանն ու անպատժելիության վերացմանն ամբողջ աշխարհում:
22:29 - 24 ապրիլի, 2021
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նամակ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ երախտագիտություն հայտնելով ապրիլքսանչորսյան ուղերձում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից։ Նամակում, մասնավորապես, ասված է.   «Ձե՛րդ Գերազանցություն, Մեծ ոգևորությամբ ծանոթացա Ձեր ապրիլքսանչորսյան ուղերձին: Ջերմությամբ եմ հիշում 2015 թվականի մեր հանդիպումը, երբ Դուք՝ ԱՄՆ փոխնախագահի կարգավիճակում մասնակցություն ունեցաք Վաշինգտոնի ազգային մայր տաճարում տեղի ունեցած՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթքին: Առավել հուզիչ էր այն փաստը, որ Դուք Ձեր կրծքին կրում էիք Հայոց ցեղասպանության հիշատակման խորհրդանիշ անմոռուկ ծաղիկը: Ճակատագրի բերումով վեց տարի անց, արդեն Միացյալ Նահանգների 46-րդ Նախագահի պաշտոնում, Դուք ճանաչեցիք Հայոց ցեղասպանությունը՝ հավատարիմ մնալով մարդու իրավունքների գերակայության վերաբերյալ Ձեր հանձնառությանն ու նախընտրական խոստմանը: Մինչ այժմ դուք հետևողականորեն խոսել և պայքարել եք պատմական այդ անարդարության դեմ՝ զգալով ցեղասպանությունը վերապրած ամերիկահայերի և նրանց սերունդների վճռական պայքարի ոգին, որոնք հսկայական ներդրում ունեն ամերիկյան հասարակության և քաղաքական վերնախավի շրջանում Հայոց ցեղասպանության և պահանջատիրության մասին ամբողջական պատկերացում ձևավորելու հարցում: Այսօր, երբ հայ ժողովուրդը իր պատմական հայրենիքի մեկ այլ հատվածում՝ Արցախում, առերսվում է չպատժված ժխտողականության և այլատյացության նոր արյունալի մարտահրավերներին, չափազանց կարևոր է սեփական հայրենիքում հայ ժողովրդի երաշխավորված արժանապատիվ և խաղաղ կյանքի իրավունքի պաշտպանությունը: Մեծարգո՛ Նախագահ, Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Դուք ոչ միայն արդար և հստակ գնահատական տվեցիք պատմական իրողություններին և անհերքելի փաստերին՝ արդարացնելով միլիոնավոր ամերիկահայերի ու աշխարհով մեկ հենց այդ նույն ցեղասպանության պատճառով սփռված 10 միլիոն հայերի 106 տարի տևած սպասելիքները, այլ նաև կարևոր քայլ կատարեցիք ընդգծելու պետությունների հանձնառությունը մարդկության դեմ ուղղված ցեղասպանության հանցագործության կանխարգելման և վերացման գործում: Ընդունեք խնդրեմ, Ձե՛րդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:
22:04 - 24 ապրիլի, 2021
ՀՅԴ Բյուրոն ողջունել է ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հաստատող ուղերձը

ՀՅԴ Բյուրոն ողջունել է ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հաստատող ուղերձը

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն ողջունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հաստատող ուղերձը:  Այս մասին ասված է Բյուրոյի տարածած հաղորդագրությունում: «2021թ. Ապրիլի 24-ը պատմական օր է հայության համար։ Պատմական օր է, որովհետև Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը, Ամերիկայի Միացյալ Նահանգների գործադիր իշխանությունը, հանձին նախագահ Ջո Բայդենի, պաշտոնապես վերահաստատեց Հայոց Ցեղասպանության իրողությունը։ Այսպիսով, փաստորեն, Ամերիկայի Միացյալ Նահանգներն անցավ այն բազմաթիվ երկրների շարքը, որոնց ո՛չ միայն օրենսդիր, այլ նաև գործադիր իշխանություններն են ճանաչել Հայոց Ցեղասպանությունը»,- ասված է հաղորդագրությունում: ՀՅԴ Բյուրոն նշում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի կողմից Ցեղասպանություն եզրույթի գործածությունն այս օրերին հույժ կարևոր է նաև այն պատճառով, որ փաստացի գնահատական է տրվում Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմին ուղղակիորեն ու անթաքույց ներգրավված Թուրքիայի՝ սրանից 106 տարի առաջ կատարած ու առավել քան մեկ դար շարունակվող ցեղասպանական գործողություններին։ «Արձանագրված հաջողությունը արդյունքն է տասնամյակներ շարունակ Հ.Յ.Դ. Ամերիկայի Միացյալ Նահանգների մարմինների, Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների և հազարավոր նվիրյալների անդուլ, անխոնջ ու անկոտրում պայքարի։ Այն՝ արգասիքն է մեր մարմինների, գրասենյակների ու հանձնախմբերի հանդեպ ամերիկահայության հավատքի, հայության հետևողական աշխատանքի, Հայ Դատի ամերիկացի բարեկամների, աջակիցների ու քաղաքական գործիչների։ ՀԴՅ Բյուրոն, իր շնորհակալությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր անվհատ պայքարեցին այս հաջողության համար»,- նշված է ՀՅԴ Բյուրոյի տարածած հաղորդագրությունում: Դաշնակցության Բյուրոն ընդգծել է, որ պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև Թուրքիան ընդունի իր պատմական պատասխանատվությունը և կատարի արդարացի հատուցում: «Ամերիկայի Միացյալ Նահանգների այս հայտարարության պատգամը մեզ համար միանշանակ է. պայքարը շարունակվում է, մինչև Թուրքիան ընդունի իր պատմական պատասխանատվությունը և կատարի արդարացի հատուցում։ Հայ Դատը ժամանցելիություն չի ճանաչում։ Հայության ոտնահարված իրավունքները պիտի՛ վերականգնվեն։ Հայաստանն ու հայությունն իրենց արժանի տեղը պիտի՛ ունենան ազգերի համաշխարհային ընտանիքում։ Հայությունը պիտի՛ ունենա անվտանգ ապրելու և արարելու հնարավորություն  իր բնօրրանում։ Ուրեմն, առաջ՝ դեպի նոր հաջողություններ ու նոր հաղթանակներ»,- ասված է հաղորդագրությունում: Հիշեցնենք, որ 2021թ. ապրիլի 24-ի իր ուղերձում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դարձավ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
21:39 - 24 ապրիլի, 2021
Բայդենը համարձակվեց ասել այն, ինչ միշտ իմացել են իր նախկինները. Ամերիկայի հայկական համագումար |armenpress.am|

Բայդենը համարձակվեց ասել այն, ինչ միշտ իմացել են իր նախկինները. Ամերիկայի հայկական համագումար |armenpress.am|

armenpress.am: Ամերիկայի հայկական համագումարն ընդգծում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համարձակվեց ասելու այն, ինչ վերջին 100 տարվա ընթացքում միշտ իմացել են իր նախկինները: Այս մասին ասված է համագումարի տարածած հաղորդագրությունում: «Այս հանգամանքը բեկումնային է ԱՄՆ պատմության մեջ և նշանակալի պահ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից:  30 երկիր և ԱՄՆ 49 նահանգ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Սպասվում է, որ ԱՄՆ այսօրվա գործողությունները հարթակ կստեղծեն, որպեսզի այլ երկրները հետևեն իր օրինակին և Թուրքիային հնարավորություն կտան համակերպվել իր անցյալի հետ»,- ասված է հաղորդագրությունում: Հայկական համագումարն ընդգծել է, որ Ջո Բայդենն այս հայտարարությամբ հավատարիմ մնաց 30 տարվա իր քաղաքական գործունեությանը` Սենատորից մինչև ԱՄՆ նախագահ դառնալու ընթացքում: «Նախագահ Բայդենը համարձակվեց ասել այն, ինչը վերջին 100 տարվա ընթացքում միշտ իմացել են իր նախկինները»,- նշված է հաղորդագրության տեքստում: Ամերիկայի Հայկական համագումարը խորը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին:
21:22 - 24 ապրիլի, 2021
Ջո Բայդենն օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը․ ԱՄՆ նախագահի ուղերձը

Ջո Բայդենն օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը․ ԱՄՆ նախագահի ուղերձը

ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան իր ուղերձում օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։ ԱՄՆ նախագահի ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․ «Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք այն բոլոր կյանքերը, որոնք կորսվեցին Օսմանյան դարաշրջանի Հայոց ցեղասպանության ժամանակ և վերստին պարտավորվում ենք կանխել նման վայրագության կրկնությունը: Օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսում հայ մտավորականության և համայնքի ղեկավարների՝ 1915 թ.-ի ապրիլի 24-ի ձերբակալությունից հետո մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահվան դատապարտվեցին: Մենք հարգում ենք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, որ տեղի ունեցածի սարսափները երբեք չկորսվեն պատմության մեջ: Եվ մենք հիշում ենք, որ միշտ զգոն մնանք ատելության քայքայիչ ազդեցության դեմ։ Ողջ մնացածներից շատերը ստիպված էին գտնել նոր տներ և սկսել նոր կյանքեր ամբողջ աշխարհում, այդ թվում ՝ ԱՄՆ-ում: Ուժով ու տոկունությամբ հայ ժողովուրդը գոյատևեց և վերակառուցեց իր համայնքը: Տասնամյակների ընթացքում հայ ներգաղթյալները անթիվ եղանակներով հարստացրել են Միացյալ Նահանգները, բայց նրանք երբեք չեն մոռացել այն ողբերգական պատմությունը, որը իրենց նախնիներից շատերին բերեց մեր ափերը: Մենք հարգում ենք նրանց պատմությունը: Մենք տեսնում ենք այդ ցավը: Մենք հաստատում ենք պատմությունը: Մենք դա անում ենք ոչ թե մեղադրելու համար, այլ վստահ լինելու համար, որ տեղի ունեցածը երբեք չկրկնվի: Այսօր, երբ սգում ենք կորուստը, եկեք մեր հայացքը ուղղենք դեպի ապագա՝ դեպի այն աշխարհը, որը ցանկանում ենք կառուցել մեր երեխաների համար: Մոլեռանդության և անհանդուրժողականության ամենօրյա չարիքներից չաղտոտված մի աշխարհ, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, և որտեղ բոլոր մարդիկ ունակ են արժանապատվության և անվտանգության մեջ ապրել: Եկեք թարմացնենք մեր ընդհանուր վճռականությունը՝ կանխելու ապագա ոճրագործությունները աշխարհի ցանկացած կետում: Եվ եկեք հասնենք ապաքինման ու համերաշխության աշխարհի բոլոր մարդկանց համար: Ամերիկացի ժողովուրդը հարգում է բոլոր այն հայերի հիշատակը, որոնք զոհվել են 106 տարի առաջ այս օրը սկսված Ցեղասպանության մեջ»:
20:25 - 24 ապրիլի, 2021
Ցեղասպանության ճանաչման հարցում Բայդենի հնարավոր ներգրավումը մեծ ազդակ է աշխարհի համար. ուկրաինացի պատգամավոր |armenpress.am|

Ցեղասպանության ճանաչման հարցում Բայդենի հնարավոր ներգրավումը մեծ ազդակ է աշխարհի համար. ուկրաինացի պատգամավոր |armenpress.am|

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մաքսիմ Պաշկովսկու խոսքով՝ ցանկացած ցեղասպանություն, որպես ազգային հատկանիշով բռնության լայնածավալ դրսևորում, անդառնալի ողբերգություն է ինչպես ազգի պատմության մեջ, որը տուժել է, այնպես էլ այն ազգի, որն իր պատմության մեջ թույլ է տվել նման հանցագործություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորը նշել է, որ աջակցում է ցեղասպանության կազմակերպիչների դատապարտմանն ուղղված գործողություններին: «Եթե ապացուցողական բազան հավաքված է, մարդկությունը պետք է սովորի նման ողբերգությունից քաղել առավելագույնը, որպեսզի չկրկնի դրանք ապագայում։ Ինձ, որպես Ուկրաինայի պատգամավոր, դժվար է խոսել թուրքական կառավարության միջազգային որոշումների հեռանկարների մասին, բայց դժվար թե որևէ մեկը վիճարկի հակամարտությունների դիվանագիտական լուծման անհրաժեշտությունը՝ որպես հակամարտությունների լուծման գերակա միջոց: Թե ինչի կարող է հանգեցնել ռազմական սցենարի հետ խաղալը, մենք բոլորս բազմիցս ականատես ենք եղել մարդկության պատմության մեջ։ Ռազմական գործողությունները կարող են հակամարտության մեջ ներքաշել երկիրը մինչև այն ժամանակը, երբ նրանք կգիտակցեն, որ պատերազմն ու մահը բանակցությունների վարման մեթոդ չեն»,- նշեց ուկրաինացի պատգամավորը։ Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ «ցեղասպանություն» եզրույթը արտասանելու հնարավորությանը՝ պատգամավորը նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ նախագահի ներգրավումը նշանակալի ազդակ կլինի աշխարհի համար: «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ նախագահի ներգրավումը նշանակալի ազդակ կլինի աշխարհի շատ ժողովրդավարական կառավարությունների համար՝ իրենց գնահատականը տալու մեկդարյա վաղեմության իրադարձություններին»,- ասաց ուկրաինացի պատգամավորը:
18:15 - 24 ապրիլի, 2021
Ցեղասպանության ճանաչմամբ ԱՄՆ-ը կվերահաստատի այս փոթորկալի ժամանակներում իր բարոյական առաջնորդությունը. ՀՀ ԱԳ նախարար |armenpress.am|

Ցեղասպանության ճանաչմամբ ԱՄՆ-ը կվերահաստատի այս փոթորկալի ժամանակներում իր բարոյական առաջնորդությունը. ՀՀ ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը յուրատեսակ բարոյական փարոս կդառնա շատ այլ երկրների համար: Այս մասին New York Times-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցի տեղեկություններին այն մասին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Խնդիրը Հայաստանին և Թուրքիային չի վերաբերում: Մեր պարտականությունն է ճանաչել և դատապարտել անցյալի, ներկայի և ապագա ցեղասպանությունները»,- հայտարարել է Այվազյանը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմում Թուրքիայի ունեցած ռազմական դերակատարությանը՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պաշտոնական Անկարայի գործողությունները մեկնաբանել է որպես տարածաշրջանում և Միջերկրական ծովի արևելյան ափին «ընդլայնվող անկայունության աղբյուր»: Արա Այվազյանը նշել է, որ ցեղասպանության ճանաչումը կհիշեցնի աշխարհին այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ հակազդեցության չեն արժանանում չար արժեքները: «Ես հավատում եմ, որ վտանգավոր երկրներին միջազգային կանոնակարգի շրջանակ հրավիրելը մեր աշխարհը շատ ավելի ապահով կդարձնի: Դրանով մենք ականատեսը կլինենք ավելի քիչ ողբերգությունների, ավելի քիչ մարդկային կորուստների, իսկ ԱՄՆ-ը կվերահաստատի այս փոթորկալի ժամանակներում իր բարոյական առաջնորդությունը»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
13:24 - 22 ապրիլի, 2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հրամանագիրը
 |1lurer.am|

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հրամանագիրը |1lurer.am|

1lurer.am: Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է սահմանել Մոսկվայի դեմ, ըստ РИА Новости-ի՝ տեղեկացնում է Սպիտակ տունը: Հունիսի 14-ից ԱՄՆ ֆինանսական հաստատություններին կարգելվի ՌԴ Կենտրոնական բանկից ու Ֆինանսների նախարարությունից պարտատոմսերի ուղիղ գնում իրականացնել: Բացի դրանից՝ Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել ռուսական վեց տեխնոլոգիական ընկերությունների դեմ, որոնք, ինչպես հայտարարված է, «աջակցություն են ցուցաբերում ռուսական հատուկ ծառայությունների կիբեռծրագրին»: Պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են Ռուսաստանի 32 ընկերություններ ու քաղաքացիներ՝ «ԱՄՆ ընտրություններին միջամտելու համար»:  Հակառուսական պատժամիջոցների սահմանումից հետո Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը կանչվել է ՌԴ արտգործնախարարություն: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
20:17 - 15 ապրիլի, 2021
Կրեմլը հայտարարել Է, որ առաջիկայում հնարավոր չԷ կազմակերպել Պուտինի եւ Բայդենի հանդիպումը |armenpress.am|

Կրեմլը հայտարարել Է, որ առաջիկայում հնարավոր չԷ կազմակերպել Պուտինի եւ Բայդենի հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջոզեֆ Բայդենի հանդիպումը հնարավոր չԷ կազմակերպել կարճ ժամկետներում, հարցը գտնվում Է ուսումնասիրման փուլում: Այդ մասին հայտնել Է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Պեսկովին հարցրել են ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մասին, որը նախօրյակին ասել Էր, թե Բայդենը Պուտինին առաջարկել Է հանդիպել «առաջիկա շաբաթներին»:Պատասխանելով այն հարցին, թե խոսք կա արդյոք երկկողմ հանդիպման կամ Կլիմայական գագաթնաժողովի մասին, որն անցկացվելու Է ԱՄՆ-ի նախաձեռնությամբ, Պեսկովն ասել Է. «Ոչ, երկկողմ հանդիպումն, անշուշտ, չի ստացվի այդքան արագ կազմակերպել, հարցն առաջվա պես գտնվում Է վերլուծության փուլում: Սա առաջին: Եվ երկրորդ՝ դե իհարկե, խոսքը, հավանաբար, հաջորդ շաբաթ պլանավորված Կլիմայական գագաթնաժողովի մասին Է»:Նախագահի մամուլի քարտուղարը նշել Է, որ Կլիմայական գագաթնաժողովին ռուսական կողմի մասնակցության հարցը նույնպես գտնվում Է քննարկման փուլում:«Ոչ, առայժմ քննարկվում Է, գտնվում Է քննարկման փուլում»,-ասել Է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե ընդունվել Է արդյոք համապատասխան որոշում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
17:53 - 15 ապրիլի, 2021
ԱՄՆ-ը մտադիր է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառել կիբեռհարձակումների պատճառով. Ռուսաստանն արձագանքել է |1lurer.am|

ԱՄՆ-ը մտադիր է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառել կիբեռհարձակումների պատճառով. Ռուսաստանն արձագանքել է |1lurer.am|

1lurer.am: Միացյալ Նահանգների կառավարությունը մտադիր է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ՝ տեղեկացնում է BBC-ն: ԱՄՆ իշխանությունների որոշումը պայմանավորված է Միացյալ Նահանգների դեմ ուղղված կիբեռհարձակումներով՝ ներառյալ 2020-ին անցկացված նախագահի ընտրություններին ենթադրյալ միջամտությունը: Հինգշաբթի ակնկալվող պատժամիջոցները թիրախավորում են Ռուսաստանի ավելի քան 30 իրավաբանական անձանց և ներառում են առնվազն 10 անձի վտարումն ԱՄՆ-ից: Ակնկալվում է նաև, որ ԱՄՆ նախագահը հրամանագիր կստորագրի, որով ամերիկյան ֆինանսական հաստատություններին հունիսից կարգելվի ռուբլով տրվող պարտատոմսերի գնումը: Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նշել էր, որ երկրի ազգային շահերի պաշտպանության հարցում ԱՄՆ-ը խիստ է գործելու:  Մոսկվան բազմիցս հերքել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի հնչեցրած կիբեռհարձակումների մեղադրանքը: ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դրա համար ապացույցներ չկան, իսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք առնչություն չի ունեցել կիբեռհանցագործության հետ:
12:34 - 15 ապրիլի, 2021