Սուրեն Պապիկյան

Սոււրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։ 

Ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին։ 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 2009-2012 թվականներին գլխավորել  է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը: Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի: Ուսմանը զուգահեռ՝ 2010-2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում: 2012-2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2016թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։

2018թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է։

2018թ. մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում և ընտրվել ԱԺ պատգամավոր։

2019թ. հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։

2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ 2021-ի նոյեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

Սուրեն Պապիկյանն այցելել է հարավային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր

Սուրեն Պապիկյանն այցելել է հարավային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր

Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր, հետևել ընթացող վերանորոգման և կառուցապատման աշխատանքներին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, զորամասերի հրամանատարական կազմի հետ հանդիպումների ընթացքում, ծառայության համար պատշաճ կենցաղային պայմանների առկայությունից բացի, առանձնահատուկ կարևորել է զինծառայողների գիտելիքների և մարտունակության մակարդակի կտրուկ բարձրացման անհրաժեշտությունը:Սուրեն Պապիկյանն այցելել է մարտական հենակետեր, տեղում ծանոթացել ընթացող ամրաշինական աշխատանքներին, կենցաղային պայմաններին և մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին։Պաշտպանության նախարարը զորամիավորման հրամանատարական կազմին և ենթակա զորամասերի հրամանատարներին տվել  է հանձնարարականներ և ցուցումներ` աշխատանքային շրջայցի ընթացքում արձանագրված խնդիրները սեղմ ժամկետներում վերացնելու վերաբերյալ:
22:31 - 08 փետրվարի, 2022
Պաշտպանության նախարարը հարավային ուղղության զորամասերում շրջայց է կատարել

Պաշտպանության նախարարը հարավային ուղղության զորամասերում շրջայց է կատարել

Փետրվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային շրջայց է կատարել  հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված  մի շարք զորամասերում: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ Սուրեն Պապիկյանը հետևել է ծառայության կազմակերպման և մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների, զորամասերում ընթացող  շինարարական աշխատանքների ընթացքին:  Պաշտպանական գերատեսչության ղեկավարն  առանձնահատուկ  ուշադրություն է դարձրել  զորամասերի սոցիալ- կենցաղային պայմաններին, ինչպես նաև զինծառայողների սննդի կազմակերպման  խնդիրներին:   Նույն օրը նախարարը եղել է նաև Զանգեզուրի կայազորային հոսպիտալում։ Սուրեն Պապիկյանին ներկայացվել է անհրաժեշտ դեղորայքով ապահովվածության, ինչպես նաև ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցվածության մակարդակը: Պաշտպանության նախարարը զրուցել է հոսպիտալում ապաքինվող զինծառայողների  հետ,  առողջություն և շուտափույթ  ապաքինում մաղթել:
11:39 - 08 փետրվարի, 2022
Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է կոլեգիայի նիստ. նախանշվել են ընթացիկ տարվա ծրագրային առաջնահերթությունները, առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է կոլեգիայի նիստ. նախանշվել են ընթացիկ տարվա ծրագրային առաջնահերթությունները, առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները

Հունվարի 26-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2021 թվականին կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև նախանշվել ընթացիկ տարվա ծրագրային առաջնահերթությունները, առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները։ Այս մասին հաղորդում է ՊՆ-ն: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել արձանագրված թերությունների ու բացթողումների վրա և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ տվել՝ ողջամիտ ժամկետներում դրանք շտկելու և զեկուցելու վերաբերյալ։ Նիստի ավարտին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն, որի ընթացքում գերատեսչական պարգևների են արժանացել զինված ուժերի՝ առավել բարձր արդյունքներ գրանցած ստորաբաժանումներն ու զինծառայողները։
18:01 - 26 հունվարի, 2022
ՄԻՊ թեկնածուն ծպտուն չի հանի, որովհետև նրան հենց դրա համար են նստեցնում այդ պաշտոնին․ Ա. Մանուկյան |hetq.am|

ՄԻՊ թեկնածուն ծպտուն չի հանի, որովհետև նրան հենց դրա համար են նստեցնում այդ պաշտոնին․ Ա. Մանուկյան |hetq.am|

hetq.am: Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրված Քրիստինե Գրիգորյանի վերաբերյալ հարցի քննարկմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն անդրադարձավ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանյաց արարողությանը: Նա միացրեց ձայնագրություն, որտեղ Պապիկյանը անդրադառնալով կորոնավիրուսային համավարակին, նշել էր, որ շարունակում է խնդիր մնալ հավաքույթներ և մասնավորապես հարսանյաց հանդեսները: «Յուրաքանչյուրիս գործողությամբ կարող են փրկվել կյանքեր և անգործությամբ կարող են արձանագրվել մահեր: Մեզ պետք է հանրային բարձր գիտակցություն»,-ձայնագրության մեջ ասում էր Պապիկյանը: Պատգամավորի խոսքով` դեռ երեք տարի առաջ Պապիկյանը կերազեր նման օլիգարխիկ հաճույքներին համարժեք հարսանյաց հանդես անել: Այս խոսքերից հետո քաղաքական մեծամասնության պատգամավորներից տեղից արձագանքում էին, սակայն նախագահող Ալեն Սիմոնյանը սաստեց գործընկերներին և զգուշացրեց` դահլիճից կհեռացնի, եթե տեղից խոսեն: «Իմ հիշատակած անձնավորությունը, իր քաղաքական թիմի անդամներն ու իրենց հրահանգավորող ղեկավարը շաբաթ օրը մասնացել են հարսանիքի, հարսանիք, որն իր ճոխությամբ չէր զիջում նախկին իշխանությունների ժամանակ պաշտոնյաների կողմից կազմակերպվող նմանօրինակ միջոցառումներին: Հարսանիք, որն արվում էր նույն ժամանակ, երբ Ադրբեջանը մտել է ինքնիշխան տարածք ու ամիսներով դուրս չի գալիս»,-ասաց Մանուկյանը: Պատգամավորը տարակուսանք հայտնեց, թե հարսանյաց հանդեսի ներկաներից քանիսից են պահանջել պատվաստումը հավաստող տեղեկանք, ինչպես նաև հավելեց` կոռուպցիոն ռիսկի առերևույթ կասկածներ են առաջանում: Շարունակությունը՝ hetq.am-ում
12:38 - 24 հունվարի, 2022
2021 թ․-ի նոյեմբերին մարտական հենկատերից մեկում կորել է պայմանագրային զինծառայող․ այդ մասին նույնիսկ պաշտոնական հաղորդագրություն չի եղել․ Աբրահամյանը՝ Պապիկյանին

2021 թ․-ի նոյեմբերին մարտական հենկատերից մեկում կորել է պայմանագրային զինծառայող․ այդ մասին նույնիսկ պաշտոնական հաղորդագրություն չի եղել․ Աբրահամյանը՝ Պապիկյանին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում խոսեց 2021 թվականի ընթացքում զինծառաողների անհետացման մասին․ «2021 թվականի մայիսի 18-ին պարտադիր ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանը բառիս բուն իմաստով անհետացել է մարտական դիրքերից։ 2021 թ․-ի մայիսի 24-ին Ռազմական ոստիկանության կողմից հարուցվել է քրեական գործ, հայտարարվել է միջպետական հետախուզում։ Մինչև այս պահը Նորիկ Մկրտչյանը չի հայտանաբերվել, ընտանիքի հետ կապ չի հաստատվել, ինչը փաստում է նաև Մկրտչյանի մոր դիմումները ուղղված Պաշտպանության նախարարությանը»։ Աբրահամյանը նշեց նաև, որ 2021 թ․-ի նոյեմբերին նաև պայմանագրային զինծառայող է անհետացել․ «Այս պահի դրությամբ նրա գտնվելու վայրի հետ կապված որևէ տեղեկություն չկա, կոնկրետ անձի անուն ազգանունը կա, ուղղակի ընտանիքի հետ կապ դեռ չեմ հաստատել, դրա համար անուն ազգանունը չեմ հնչեցնում։ Անկախ այն հանգամանքից, թե ինչ հոդվածներով են քրեական գործեր հարուցվել, հարուցվել են, թե ոչ, մեր զինծառայողների՝ անհայտ պայմաններում անհետանալը արդեն իսկ խոսում է իրավիճակի լրջության մասին։ Եթե առաջին զինծառայողի դեպքում եղել է պաշտոնական հաղորդագրություն, իսկ վերջերս դրա մասին խոսել է նաև նրա փաստաբանը, ապա երկրորդ դեպքում նույնիսկ պաշտոնական հաղորդագրություն չի եղել»։  Աբրահամյանը հետաքրքրվեց՝ ինչ է հայտնի Պաշտպանության նախարարությանը վերոնշյալ երկու զինծառայողների անհետացման հանգամանքների մասին, ձեռնարկվե՞լ են բոլոր հնարավոր միջոցները գործի հանգամանքները բացահայտելու և զինծառայողներին հայտնաբերելու համար։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյաննն էլ արձագանքեց, որ չի կարող նոր տեղեկություններ հաղորդել․ «Ավելի մանրամասն դեպքերի առնչությամբ կարող եմ քննարկել Ձեզ հետ հանդիպման ժամանակ։ Այստեղից բարձրաձայնելու նոր բան չեմ կարող ասել, մնացածը Քննչական կոմիտեի շրջանակներում կարող եք ստանալ ինֆորմացիան»։ Այնուհետև Աբրահամյանը զինված ուժերի վերաբերյալ այլ հարցեր ուղղեց Պապիկյանին․ «Քանի՞ ոչ մարտական կորուստ ենք ունեցել 2021 թվականի  ընթացքում, Ձեր գերատեսչությունը ունի՞ ուսումնասիրություն ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով մահացած զինծառայողների դեպքերի դրդապատճառների մասին, եթե ունեք պատճառահետևանքային կապի մասին վերջնական վերլուծություն, ապա ի՞նչ ուղղություններով եք աշխատում՝ կանխելու կամ էականորեն նվազեցնելու նմանատիպ միջադեպերը»։ «Ինչպես հասկացա հարցերը հնչում են՝ հետո գրավոր արձագանք ստանալու համար, որովհետև դուք ցուցանիշների մասին եք խոսում։ Ես հիմա պատրաստ չեմ ձեզ ներկայացնել ցուցանիշներ։ Այո, կան մտահոգիչ բազմաթիվ հանգամանքներ, դեպքեր, որոնք տեղի են ունեցել 2021 թվականի ընթացքում, ավելին ասեմ՝ դուք խոսեցիք մի շրջանի մասին, որը իմ նախարար լինելու ժամանակաշրջանին չի վերաբերում, բայց, իհարկե, նաև իմ պատասխանատվության տիրույթում է,ես հետամուտ եմ, որպեսզի յուրաքանչյուրի առնչությամբ մանրամասն քննություն իրականացվի, ինտենիվ աշխատում ենք քննչական մարմինների հետ, այսինքն՝ չկա հարց, որ պետք է ծածկել, չկա հարց, որի մասին չպետք է խոսել, բայց պետք է խոսել այն դեպքում, երբ կան արդեն պարզված հանգամանքներ, այսինքն՝ ես այս ամբիոնից չեմ կարող անել հայտարարություններ կամ բերել որևէ պնդում, որը դեռևս հաստատված չի։ Հարցից չեմ խուսափում, պարզապես չկա հստակ պատասխան, այս ամբիոնից որևէ բան ասել չեմ կարող»,-նշեց Պապիկյանը։ Անդրադառնալով վերլուծության վերաբերյալ հարցին, Պապիկյանն ասաց, որ վերլուծություն կա․ «Ավելին ասեմ՝ այդ վերլուծությունը դեռևս իմ կողմից հաստատված չէ, որովհետև այն ինձ դեռևս չի բավարարում, բայց սա այնպիսի աշխատանք է, որը պետք է երկար ու տքնաջան աշխատանքի արդյունքում վերհանել»։ Պապիկյանի խոսքով՝ պատճառահետևանքային պրոբլեմները շատ են․ «Սկսած հոգեբանական խնդիրներից, հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված, պայմանավորված բանակի առնչությամբ բաց հրապարակումներից, որին շատ ջերմ նպաստում է մամուլը, մեր ընդդիմադիր գործիչները։ Այսինքն՝ այն խնդիրները, որոնք կարելի է համատեղ լուծել, դրանք դառնում են բոլորի սեփականությունը, այդ թվում՝ նաև հակառակորդի սեփականությունը։ Առիթից օգտվելով` ուզում եմ կոչ անել մեր ընդդիմադիր խմբակցության գործընկերներին, հասարակությանը, բանակի մասին ինֆորմացիայով կիսվելիս հետևողականորեն ցուցաբերել զգուշավորություն, որովհետև ձեր անզգույշ փոքրիկ քայլը կարող է ճակատագրական հետևանք ունենալ մարդկանց և իհարկե հետևանք ունենալ բոլորիս համար ու երկրի համար»։
18:06 - 19 հունվարի, 2022
Պաշտպանության նախարարն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարին

Պաշտպանության նախարարն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարին

Հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին և Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին՝ նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել խաղաղապահ առաքելության ընթացքում: Կողմերը բարձր են գնահատել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության ջանքերը, ինչպես նաև Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ:
19:07 - 13 հունվարի, 2022
Վարչապետն Ամանորի նախաշեմին այցելել է մարտական դիրքեր և ՊՆ N զորամաս

Վարչապետն Ամանորի նախաշեմին այցելել է մարտական դիրքեր և ՊՆ N զորամաս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է մարտական դիրքեր, ինչպես նաև ՊՆ N զորամաս: Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մարտական դիրքերում ծառայությունն անցկացնող զինվորներին և հրամանատարներին, շրջայց կատարել մարտական հենակետերում և ծանոթացել առաջնագծում իրականացված աշխատանքներին, ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին:Նիկոլ Փաշինյանը խրախուսել է ծառայության ընթացքում անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած մի խումբ սպաների և զինվորների։ Վարչապետը զինծառայողներին մաղթել է բարի ու անվտանգ ծառայություն և առողջություն։ «Պարոնայք սպաներ, սերժանտներ, շարքայիններ, շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ ծնունդի առիթով: Մաղթում եմ ձեզ պատվով և անփորձանք ծառայություն: Խնդրում եմ ձեր ընտանիքի անդամներին փոխանցել շնորհավորանքներ` իմ և կառավարության անունից ու մաղթել լավագույնը 2022 թվականին: Բարով ծառայեք և բարով վերադառնաք ձեր տներ ու ձեր օջախներ», - նշել է վարչապետը և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:Նիկոլ Փաշինյանն Ամանորի նախաշեմին զինծառայողների հետ մասնակցել է տոնական ընթրիքի:
23:24 - 31 դեկտեմբերի, 2021
Սուրեն Պապիկյանը հենց գնացել է բուհական համակարգի ապակուսակցականացումը երաշխավորելու համար․Նիկոլ Փաշինյան
 |armenpress.am|

Սուրեն Պապիկյանը հենց գնացել է բուհական համակարգի ապակուսակցականացումը երաշխավորելու համար․Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բուհերը կուսակցականացնելու, դիվանագիտական փորձառություն չունեցողներին պաշտոններ տալու, պաշտոնյաների համար թանկարժեք ավտոմեքենաներ ձեռք բերելու հարցերին։ Նիկոլ Փաշինյանը ասուլիսում նշել է, որ իրենք չեն շեղվել նախանշված ուղուց։ Մասնավորապես, իրենց կուսակիցներին բուհեր ուղարկելը, ըստ վարչապետի, ուղղված է հենց ապակուսակցականացումը երաշխավորելուն։ «2020 թվականի իրադարձություններ ցույց տվեցին, որ մենք ամբողջությամբ ապակուսակցականացվել էինք բուհերի համակարգից, այսինքն, մեր կուսակցականներին չենք ներդրել այնտեղ։ Ու պարզվեց, որ բուհերի 90 տոկոսը թաքնված կուսակցականներ են։ Մեր պետականության համար ամենադժվար պահին բուհական համակարգը նետվում էր մեր հայտնի ընդդիմադիրների գիրկը՝ մտածելով, որ իշխանությունը փլուզվում է, գնան տեղավորվեն այնտեղ, որտեղ տեղավորված էին 2000-ականներին։ Հիմա, երբ Սուրեն Պապիկյանը դառնում է ԵՊՀ խորհրդի նախագահ, ինքը հենց գնում է բուհական համակարգի ապակուսակցականացումը երաշխավորելու համար։ Ու ասեմ, որ մեր պետության համար կարևոր պահին, շատ մարդիկ հակապետական գործունեությամբ հանդես եկան ու մեր տված շանսը չօգտագործեցին։ Մենք չենք գնում բուհական խորհուրդներ կուսակցականացնելու համար, այլ գնում ենք մեր ապակուսակցականացման սկզբունքը պահելու համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով դիվանագիտական փորձառություն չունեցողներին պաշտոններ տալու հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2021 թվականի մայիսին դիվանագիտական փորձառությամբ մարդիկ  պետության ողնաշարին թիկունքից հարվածեցին։ «Ես 2018 թվականից հետո և՛ բուհական համակարգին, և՛ դիվանագիտական համակարգին, տվել եմ 100 տոկոսանոց ազատություն։ Ազատություն այն առումով, որ դիվանագիտական համակարգում քաղաքական նշանակումներ չենք արել, բայց, կներեք, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները հունիսին տեղի ունեցած հանրահավաքում դրոշ էին բռնում կանգնում։ Այն, ինչպես պահեցին դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, դա խայտառակություն է։ Երբ իրենք իրենց ձեռքով թղթեր էին զեկուցում ինձ, սակայն հրապարակային ասում էին, որ տեղյակ չէին այդ մասին։ Ո՞վ է ասում, որ այդ պահվածքն անարձագանք է մնալու։ Դեռ այս հարցերի հետևից շարունակելու ենք գնալ»,-ասաց ՀՀ վարչապետը։ Ինչ վերաբերում է պաշտոնյաներին սպասարկող թանկարժեք ավտոմեքենաներ գնելուն, ապա Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մեքենաները հին են, պարբերաբար խափանվում են և դրանց սպասարկման համար մեծ գումարներ են ծախսվում։ «Մեքենաներ ձեռք են բերվել նաև ինձ համար։ Մենք մի քանի անգամ մեքենաներով ճանապարհին ենք մնացել։ Ինձ համար դա խնդիր չէ, ես պարզությունը չեմ կորցրել, բայց 5-6 անգամ վարչապետին սպասարկող մեքենան խափանվել է։ Այդ մեքենաները ձեռք են բերվել 2007 թվականին, ու դրանք նրա համար չեն, որ ինձ տեղից տեղ տեղափոխեն, այլ որ պետական պահպանության ծառայությունը իրականացնի օրենքով իր առջև դրված գործառույթները։ Նույնը տեղի է ունենում ԱԺ նախագահի դեպքում։ Տեսնում ենք, որ 2008 թվականին ձեռք բերված մեքենայի սպասարկման վրա ծախսվում են միլիոնավոր դրամներ»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը։
23:06 - 24 դեկտեմբերի, 2021
Սուրեն Պապիկյանն ընդունել է Ստանիսլավ Զասին․ քննարկել են ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության ընթացքում ՀԱՊԿ գործունեության գերակա ուղղությունները

Սուրեն Պապիկյանն ընդունել է Ստանիսլավ Զասին․ քննարկել են ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության ընթացքում ՀԱՊԿ գործունեության գերակա ուղղությունները

Դեկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ  Զասին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունտը։Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության ընթացքում կազմակերպության գործունեության գերակա ուղղությունները: Սուրեն Պապիկյանը շեշտել է, որ հայկական կողմի առաջնահերթություններից են լինելու ՀԱՊԿ գործունեության արդյունավետության բարձրացումն ու կատարելագործումը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները:Կողմերն ընդգծել են 2022 թվականի կարևորությունը Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի հոբելյանական 30-ամյակի և Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպության 20-ամյակի առումով և հաստատել, որ գալիք տարում պլանավորված միջոցառումներն իրականացվելու են առավել արդյունավետ՝ ի նպաստ ՀԱՊԿ անդամ երկրների փոխգործակցության բարձրացման և Կազմակերպության միջազգային դերակատարության ընդլայման:
16:56 - 22 դեկտեմբերի, 2021
Պապիկյանը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել է սահմանագոտում առկա իրավիճակը և խնդիրների կարգավորման հայկական կողմի մոտեցումները

Պապիկյանը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել է սահմանագոտում առկա իրավիճակը և խնդիրների կարգավորման հայկական կողմի մոտեցումները

Դեկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Դեսպան Թրեյսին շնորհավորել է Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանային իրավիճակին և անվտանգային խնդիրներին առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է սահմանագոտում առկա իրավիճակը և խնդիրների կարգավորման հայկական կողմի մոտեցումները: Տիկին դեսպանն իր հերթին նշել է, որ ամերիկյան կողմն աջակցում է լարվածության թուլացմանը և խնդիրների խաղաղ կարգավորմանը, ընդգծել ԱՄՆ դերակատարումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և կարևորել այդ ձևաչափով ընթացող գործընթացների շարունակականությունը: Զրուցակիցները քննարկել են նաև պաշտպանական բնագավաոռւմ հայ-ամերիկյան փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
20:05 - 02 դեկտեմբերի, 2021
Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն

Նոյեմբերի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ։ Պաշտպանության նախարարը կարևորել է բանակում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումների շարունակականությունն ու արդյունավետ ընթացքը և վստահեցրել, որ երկրի քաղաքական ղեկավարությունը վճռական է՝ զինված ուժերի մարտունակության բարձրացման համար անհրաժեշտ ցանկացած քայլի աջակցելու հարցում։ Միևնույն ժամանակ, Սուրեն Պապիկյանը պահանջել է գործադրել առավելագույն ջանք՝ զինված ուժերում կարգապահական խնդիրների լուծման համար։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է զինվորական մասնագիտության գրավչության բարձրացումը, ինչպես նաև սպայի հանդեպ պետության հոգածության շեշտադրումը, համոզմունք հայտնելով, որ տեսանելի ապագայում այս ուղղությամբ էական քայլեր կիրականացվեն։ Խորհրդակցության ավարտին պաշտպանության նախարարի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ՝ կապված մարտական հերթապահության կրման, ընթացիկ խնդիրների լուծման և առաջիկա ծրագրերի հետ։
13:45 - 27 նոյեմբերի, 2021
Ստանիսլավ Զասի շնորհավորական ուղերձը Սուրեն Պապիկյանին

Ստանիսլավ Զասի շնորհավորական ուղերձը Սուրեն Պապիկյանին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Սուրեն Ռաֆիկի Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ։ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Ձեր հանդեպ ցուցաբերված վստահությունը վկայում է կառավարման ոլորտում Ձեր ունակությունների, մասնագիտական ձեռքբերումների, խորը գիտելիքների և կուտակած գործնական փորձի գնահատման մասին։ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը երկրի անվտանգության ապահովման և պետական ինքնիշխանության կարևոր գործոն է հանդիսանում, ինչպես նաև կարևոր օղակ՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգում։ Հարգելի Սուրեն Ռաֆիկի. Մաղթում ենք Ձեզ առողջություն և հաջողություն Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ամրապնդմանը և ՀԱՊԿ շրջանակում ռազմական համագործակցության զարգացմանը միտված պատասխանատու գործունեության ընթացքում»։ 
16:13 - 26 նոյեմբերի, 2021