Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է կապի, տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության, փոստի, լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման, ռազմարդյունաբերության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն է Մխիթար Հայրապետյանը։

10 մլն դրամի առերևույթ չարաշահումներ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում. հարուցվել է քրեական գործ

10 մլն դրամի առերևույթ չարաշահումներ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում. հարուցվել է քրեական գործ

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում  Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից համակարգչային սարքավորումների ձեռքբերման և ցանցային սերվերների ձեռբերման վերաբերյալ նախարարի ուղեկցող գրությամբ ստացված փաստաթղթերը, որոնց արդյունքում պարզվել է առերևույթ հանցավոր չարաշահման հանգամանք: Մասնավորապես՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կարիքների համար թվով 100 համակարգչային սարքավորումների և 2 ցանցային սերվերների  ձեռքբերման նպատակով  հայտարարված մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված ՍՊԸ-ի հետ 2019թ. դեկտեմբերին կնքվել է ապրանքների մատակարարման 2 պայմանագիր՝ 29.940.000 և 9.740.000 դրամ արժեքով: Պայմանագրերի տեխնիկական բնութագրերով նախատեսված և փաստացի ձեռք բերված ապրանքների համապատասխանության վերաբերյալ նախարարության պատասխանատու անձի կողմից տրվել են դրական եզրակացություններ, կազմվել ապրանքների հանձնման-ընդունման ակտեր ու արձանագրություններ, որոնց հիման վրա  ապրանքներն ընդունվել են: Հետագայում պարզվել է, որ մատակարարված համակարգչային սարքավորումները չեն համապատասխանում պայմանագրերի տեխնիկական բնութագրերի պահանջներին: Մասնավորապես՝ պայմանագրի տեխնիկական բնութագրերով նախատեսված տաք փոխարինման հնարավորությամբ սերվերների փոխարեն մատակարարվել են այլ մոդելի սերվերներ, որոնք արտադրողի կողմից ներկայացվում են որպես սպառողական նպատակների համար նախատեսված արտադրանք և չունեն տաք փոխարինման հնարավորություն: Բացի այդ, պայմանագրի տեխնիկական բնութագրերով նախատեսված լազերային մկնիկների փոխարեն մատակարարվել են օպտիկական մկնիկներ: Պարզվել է, որ փաստացի մատակարարված և ընդունված ցանցային սերվերների գինը ավելի ցածր է պայմանագրերով նախատեսված սարքավորումների գներից: Փաստորեն,  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, համակարգչային սարքավորումների մատակարարման պայմանագրերի հանձնման-ընդունման փաստաթղթերում և իրենց կողմից կազմված եզրակացություններում մտցրել են պայմանագրերի տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող ապրանքների՝ նախատեսված պահանջներին համապատասխանության վերաբերյալ ակնհայտ կեղծ տվյալներ, ընդունել այդ ապրանքները: Դրա հետևանքով պետության իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է 9.740.000 դրամի էական վնաս: Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել առերևույթ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող բավարար տվյալներ և անհրաժեշտ է հանգամանքները պարզել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործը: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:17 - 23 մարտի, 2020
ՏՏ հայ մասնագետների խումբը կմոդելավորի կորոնավիրուսի հնարավոր տարածումը Հայաստանում

ՏՏ հայ մասնագետների խումբը կմոդելավորի կորոնավիրուսի հնարավոր տարածումը Հայաստանում

Կորոնավիրուսի (COVID-19) տարածման տվյալների հավաքագրման, վերլուծության, միջազգային գործընկերների ունեցած տվյալների համադրման, իրավիճակի ընթացքի կանխատեսման նպատակով ստեղծվել է հետազոտական խումբ, որում ներգրավված են  վերլուծաբաններ, տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության մասնագետներ, այլ փորձագետներ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել  ձևավորված խմբի մասնագետների հետ, քննարկել առաջիկա քայլերն ու հնարավորությունները։ Խմբի ձևավորումը նպատակ ուներ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ օջախների քարտեզագրման, մարդկանց տեղաշարժերի վերաբերյալ տեղեկատվության, տարածման գոտիների և այլ տեղեկատվության համադրման արդյունքում կորոնավիրուսի (COVID-19)  ընդհանուր հավանական տարածման մոդելավորում իրականացնելու, ինչը լուրջ աջակցություն կարող է հանդիսանալ առողջապահական ոլորտի ենթակառուցվածքների աշխատանքի համար: Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ հետազոտական խմբի գործունեությունը թույլ կտա իրավիճակի մասին հավաստի և ճշգրիտ տեղեկատվություն ստանալ, ինչը կնպաստի հիվանդության տարածման կանխարգելման աշխատանքների առավել լավ համակարգման իրականացմանն ու  կառավարելի դարձնելուն: Նախարարը կարևորել է գիտահեն այս նախագիծը կյանքի կոչելու ուղղությամբ՝ միասնական նպատակի իրականացման գործում յուրաքանչյուր մասնագետի անհատական ջանքերի ներդրումը։ Հանդիպման ընթացքում ներկայացվել և քննարկվել են նաև խմբի գործունեության ուղղությունները, ռեսուրսների անհրաժեշտությունն ու հնարավոր ժամկետները։ Նախագիծն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ ՀՀ առողջապահության նախարարության հետ փոխգործակցության արդյունքում:
16:27 - 19 մարտի, 2020
Արտակարգ դրության ժամանակ հեռահաղորդակցության ոլորտում որեւէ խնդիր չենք ունենա․ Հակոբ Արշակյան

Արտակարգ դրության ժամանակ հեռահաղորդակցության ոլորտում որեւէ խնդիր չենք ունենա․ Հակոբ Արշակյան

Այսօր հերթական հանդիպումն ենք ունեցել հեռահաղորդակցության ոլորտի մեծ ընկերությունների հետ եւ հավաստիացել, որ տեխնիկական սպասարկման, ինչպես նաեւ հեռահաղորդակցության ապահովման՝ թե՛ ինտերնետի, թե՛ բջջային ծառայությունների տեսանկյունից որեւէ խնդիր չունենք։ Կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ Նա նշեց որ, ըստ էության, այն խոցելի տեխնիակական օղակները, որտեղ հնարավոր են որոշակի ռիսկեր, ամբողջությամբ բացահայտված են, եւ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարված, որպեսզի մասնագետների փոխարինելիությունն ապահովվի։ Նախարարը վստահեցրեց, որ մենք արտակարգ դրության ժամանակ հեռահաղորդակցության ոլորտում որեւէ խնդիր չենք ունենա։ Արշակյանը հայտնեց, որ հեռահաղորդակցության ոլորտում սպասարկման կենտրոնների աշխատանքի որոշակի սահմանափակումներ կան։ Հաշվի առնելով հանգամանքը, որ սպասարկման կենտրոններում բնակիչները հիմնականում ստացված փաթեթների փոփոխության կամ նոր բաժանորդագրության ծառայություններ են ստանում, որոշ կենտրոնական հատվածներում գործում են սպասարկող գրասենյակներ, բայց դրանց թիվը սահմանափակված է՝ կորոնավիրուսի տարածմանը չնպաստելու համար։ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն եւս ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայության տակ է, եւ այստեղ նույնպես այն օղակներում, որտեղ հնարավոր են ռիսկեր, լուծված է մասնագետների փոխարինելիության հարցը․ «ՀՀ ողջ տարածքում ռադիո եւ հեռուստահաղորդումների տարածման տեսանկյունից որեւէ խնդիր չենք ունենա։ Այս պահին բոլոր ռիսկերը կառավարվում են եւ կառավարելի են»,- վստահեցրեց նախարարը։ Անդրադառնալով փոստային ծառայությունների համակարգին՝ Արշակյանը նախ ընդգծեց, որ փոստը կենսաթոշակների եւ սոցիալական վճարների հիմնական օղակն է եւ Սոցապ նախարարության հիմնական գործընկերը, ապա հավաստիացրեց, որ մենք ընդհատումներ եւ խափանումներ չենք ունենա․ «Փոստային բաժանմունքները կգործեն ըստ իրավիճակի, եւ այս պահին ամբողջ ծավալով գործում են։ Այնուամենայնիվ, որոշակի գործիքակազմ է կիրառված՝ անվտանգության եւ վիրուսի տարածումը կանխարգելելու հետ կապված։ Խնդրել ենք, որ փոստի գրասենյակում կուտակումներ չլինեն։ Բաժանմունքում գտնվողների թիվը սահմանափակվելու է, օրվա ընթացքում ախտահանում է կատարվելու։ Հույս ունեմ՝ քաղաքացիները ըմբռնումով կմոտենան։ Այն տեղերում, որտեղ հնարավոր կլինի թե՛ կենսաթոշակները, թե՛ սոցվճարները տանել-հասցնել քաղաքացիներին, հիմնականում գյուղական համայնքներում, դա կիրականացվի մաքսիմալ հնարավորության սահմաններում»։ Արշակյանը հայտնեց, որ Ժամանակակից տեխնոլոգիական կիրառությամբ օջախների քարտեզագրման, մարդկանց տեղաշարժի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, տարածման գոտիների եւ այլ տեղեկատվության համադրման արդյունքում կորոնավիրուսի ընդհանուր հավանական տարածման մոդելավորման իրականացման համար Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ կազմված գիտնականներից, ՏՏ մասնագետներից, տվյալների վերլուծաբաններից, արհեստական բանականության մասնագետներից։ Առողջապահության նախարարությունում նույնպես տվյալների հավաքագրման եւ մշակման համար խումբ է ստեղծվել։ Խումբն ակտիվ մասնակցում է եւ մասնակցելու է համաճարակի հետ կապված տվյալների հավաքագրման, մշակման, հետագայում որոշակի կանխատեսումների եւ գնահատականների ուղղությամբ աշխատանքներին։ Առաջիկա օրերին որոշակի արդյունքներ լինելու դեպքում կհայտնեն դրանց մասին։ Հակոբ Արակյանը քաղքացիներին կոչ արեց հնարավորության դեպքում օգտվել առցանց վճարային ծառայություններից՝ նշելով, որ բջջային բոլոր օպերատորներն ունեն առցանց վճարման հնարավորություններ։ Նա ասաց, որ մինչ այժմ ներդրված էլեկտրոնային կառավարման գործիքները թույլ են տալիս պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ հաղորդակցվել առցանց եղանակով․ օրինակ՝ E-request.am կայքի միջոցով առանց տանից դուրս գալու՝ կարող եք դիմումներ, բողոքներ, հարցումներ ուղարկել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին։ Վճարումներ կարող եք իրականացնել E-payments.am համակարգի միջոցով, վճարահաշվարկային՝ Mobidram, Telcell, Easypay, Idram տերմինալների միջոցով, Arca.am, Arca, Upay եւ  այլ վճարային համակարգերի միջոցով։
21:04 - 17 մարտի, 2020
Վստահ էինք՝ Հայաստանում լավ է լինելու, բայց որ այսքան, չէինք կարող պատկերացնել. Ալեքսեյ Միլլեր

Վստահ էինք՝ Հայաստանում լավ է լինելու, բայց որ այսքան, չէինք կարող պատկերացնել. Ալեքսեյ Միլլեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է տեխնոլոգիական ոլորտի համաշխարհային առաջատներից մեկի՝ DataArt Solutions ընկերության ներկայացուցիչներին՝  Գործադիր տնօրեն Ալեքսեյ Միլլերին, Ծրագրերի իրականացման գծով տնօրեն (Delivery Director) Դմիտրի Շտիլլերմանին, Շվեյցարիայի DataArt ընկերության կորպորատիվ և բիզնեսի զարգացման գծով ղեկավար Ալեքսանդր Մակեյենկովին, ինչպես նաև ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Արսեն Բաղդասարյանին։   Հակոբ Արշակյանը ողջունել է հյուրերին, մատնանշել այն շոշափելի արդյունքը, որը գրանցել է ընկերությունը Հայաստանում մեկ տարվա ընթացքում, իրագործված նախագծերն ու ներդրումները,  ստեղծված տասնյակ աշխատատեղերը և հայ մասնագետների տաղանդների շնորհիվ ընկերության իրագործած խորքային զարգացման ծրագրերը։ Նախարարը ողջունել է ընկերության՝ գործունեությունը Հայաստանում զարգացնելու, ընդլանելու, խորացնելու, գործնական հարաբերություններն ընդլայնելու հեռանկարային ռազմավարությունը։   «Մենք վստահ էինք, որ Հայաստանում լավ է լինելու, բայց որ այսքան՝ չէինք կարող պատկերացնել»,- ասել է DataArt Solutions-ի գործադիր տնօրեն Ալեքսեյ Միլլերը, շնորհակալություն հայտնել ընդունելության համար, նշել, որ տպավորված է Հայաստանով ու հայ մասնագետներով, ընդգծել, որ Հայաստանը լավագույն երկրներից մեկն է բիզնեսի տեսանկյունից` գրանցումից մինչև բուն գործունեություն ծավալելը։   Նրա խոսքով՝ սպասվածից ավելի արագ աճ ունեցան այստեղ և հաշվի առնելով մեկնարկային տեմպերն ու հայ ինժեներների մասնագիտական ունակությունները՝ համոզված են, որ յուրաքանչյուր տարի առավել մեծ արդյունքներ կգրանցվեն։   Կողմերը անդրադարձել են նաև ֆինանսական ոլորտում տեխնոլոգիաների կիրառման կարևորությանը, այդ ուղղությամբ գործակցության հեռանկարներին։   Նախարարի խոսքով՝ Հայաստանում ոլորտը բավական զարգացած է, բայց դեռ կան բազմաթիվ ուղղություններ, որոնցում կարելի է նոր տեխնոլոգիական լուծումներ ներդնել։ Խոսվել է նաև արևելյան երկրներում համատեղ գործակցության հնարավորությունների մասին,  կոնկրետ առաջարկների մասին, որոնք հնարավոր է համատեղել DataArt Solutions-ի ծրագրերի հետ։   Ալեքսեյ Միլլերը նաև ընդգծել է, որ հատկապես ԱՄՆ-ում, որտեղ իրենց հիմնական գործունեությունն է իրականացվում, առկա է մեծ  հետաքրքրություն և պահանջարկ հայ մասնագետների նկատմամբ, ինչպես նաև՝ Հայաստանում բիզնես սկսելու ցանկություն: Այստեղ, սակայն, շատերը չգիտեն, թե ինչպես հասնել հայկական տաղանդներին և  DataArt Solutions-ը  կարող է կամուրջ  հանդիսանալ Հայաստանի և նման ընկերությունների միջև։   Ալեքսեյ Միլլերը Հակոբ Արշակյանին մանրամասներ է ներկայացրել  իրենց գործունեության  վերաբերյալ՝ նշելով, որ այն 4 հիմնական ուղղություններով է իրականացվում՝ ֆինանսներ, մեդիա, առողջապահություն, զբոսաշրջային գործունեություն։ Ընկերության արտադրանքի 60%-ը շրջանառվում է ԱՄՆ-ում, 30%-ը Անգլիայում, շուրջ 10%-ը՝ Եվրոպայում։ Հիմա արդեն գրասենյակ են բացել Դուբայում՝ նպատակ ունենալով ներկայանալու և հաստատվելու նաև արևելյան շուկաներում։   Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ ծրագրեր իրականացնելու մի շարք ուղղություններ՝ կրթության ոլորտում, «Վիրտուալ կամուրջ» և այլ ծրագրի շրջանակներում։   Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու և զարգացնելու գործակցությունը ներկայացված բոլոր ուղղություններով և հատկապես կրթության բնագավառում համատեղ ծրագրերի իրագործմամբ:   Ալեքսեյ Միլլերն ընդգծել է, որ Երևանն ամենալավ վայրն է բազմաթիվ ծրագրերի խորքային զարգացման և իրագործման համար:
18:10 - 11 մարտի, 2020
«Տիեզերական գործունեության մասին» օրենքը Արմեն Սարգսյանի երազանքի հետ կապ չունի

«Տիեզերական գործունեության մասին» օրենքը Արմեն Սարգսյանի երազանքի հետ կապ չունի

Այս տարվա մարտի 6-ին «Իրավունք» թերթը հրապարակել է «Նախագահ Արմեն Սարգսյանի թռնելու թեման լրջանում է» վերտառությամբ հոդված, որտեղ, մասնավորապես, գրել է, որ նույն օրը Ազգային ժողովում ընդունված «Տիեզերական գործունեության մասին» եւ կից օրենքների փաթեթի նպատակը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին «տիեզերք ուղարկելն է»։ Այս հոդվածը մի շարք կայքեր սկսեցին ակտիվորեն շրջանառել՝ «Նախագահ Արմեն Սարգսյանի թռնելու թեման լրջնում է․ գործի է անցել ԱԺ-ն» վերնագրով։ «Իրավունք»-ի հոդվածի մեջ հիշատակվում է Արմեն Սարգսյանի՝ հունվարի 12-ին ԱՄԷ աշխատանքային այցի շրջանակներում «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումի ժամանակ ունեցած ելույթի հետեւյալ հատվածը. «Երբ շատ մոտ էի երազանքիս իրականացմանը և ունեի բավարար գումար տիեզերք մեկնող զբոսաշրջիկ դառնալու համար, ես դարձա նախագահ։ Սակայն ես շարունակում եմ երազել և գուցե լինեմ առաջին նախագահը, ով կթռչի տիեզերք»: Նշելով, որ ԱԺ-ն մարտի 6-ին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց վերոնշյալ նածագծերի փաթեթը՝ թերթը գրել է, որ, պարզվում է, ԱԺ-ն ամենայն լրջությամբ լծվել է Ա. Սարգսյանին տիեզերք ուղարկելու գործընթացին: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից՝ e-draft.am-ից, տեղեկանում ենք, որ նախագծերի փաթեթը քննարկման է դրվել դեռեւս 2019 թվականի մարտի 14-ին։ Այն Ազգային ժողովի լիագումար նստաշրջանի օրակարգ է մտել 2020 թվականի հունվարի 20-ին։ Իսկ Արմեն Սարգսյանը տիեզերք թռչելու իր երազանքի մասին խոսել է հունվարի 12-ին՝ «Երիտասարդները հանուն կայունության» խորագրով համաժողովում՝ ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։  Ազգային ժողովում փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է հունվարի 24-ին, երկրորդ ընթերցմամբ՝ մարտի 6-ին։ Հաշվի առնելով փաթեթի շրջանառման ամսաթիվը՝ կարող ենք ենթադրել, որ այն Արմեն Սարգսյանին «տիեզերք ուղարկելու» համար չի գրվել, նախագծի հեղինակ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Սարգսյանի երազանքի բարձրաձայնումից շատ ավելի առաջ է սկսել աշխատել օրենքի շուրջ։ Բացի այս, «Տիեզերական գործունեության մասին» օրենքի առաջին հոդվածում նշված է, որ օրենքի նպատակն է տիեզերական գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության տնտեսության, գիտության, տեխնոլոգիայի զարգացումը, անվտանգության ամրապնդումը, Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցության ընդլայնումը: Օրենքը կարգավորում  է Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեության կազմակերպման եւ իրականացման հետ կապված հարաբերությունները: Օրենքում հիմնականում օգտագործվում են «տիեզերական օբյեկտների եւ/կամ տեխնիկայի արտադրություն, վերանորոգում, արդիականացում, օտարում,  տիեզերական տեխնիկայի օգտագործմամբ հետազոտությունների եւ/կամ փորձարկումների իրականացում, երկրի հեռակա դիտարկման արբանյակային  տվյալների ընդունում եւ մշակում, տիեզերական օբյեկտների արձակում, վայրէջքի եւ թռիչքի ընթացքում դրանց նկատմամբ կառավարում, տիեզերական ենթակառուցվածքների ստեղծումը եւ շահագործումը» հասկացությունները: Օրենքի հինգերորդ հոդվածում նշված է, որ տիեզերական գործունեության իրականացման սկզբունքներ են՝ ա) տիեզերական գիտության ձեռքբերումների եւ տեխնիկայի օգտագործման միջոցով միջազգային անվտանգության եւ խաղաղության պահպանման աջակցումը, բ) տիեզերական գործունեության անվտանգության եւ շրջակա միջավայրի պահպանման ապահովումը, գ) տիեզերական գործունեության բնագավառում ՀՀ-ի համար հավասար եւ փոխշահավետ համագործակցության ապահովումը, դ) տիեզերական գործունեության ոլորտում ՀՀ-ի միջազգային պատասխանատվության ապահովումը, ե) գիտական, սոցիալ-տնտեսական նպատակներով կիրառվող տիեզերական տեխնիկայի ռացիոնալ համադրության եւ հավասարակշռված զարգացման ապահովումը: Այս սկզբունքները, ըստ էության, կապ չունեն Արմեն Սարգսյանի անձնական երազանքի հետ։ Օրենքի համաձայն՝ տիեզերական գործունեությունը իրականացվելու է լիցենզիայի հիման վրա: ՀՀ-ի կողմից իրականացվող տիեզերական գործունեության ֆինանսավորումն իրականցվելու է ՀՀ պետական բյուջեի, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին: Փաթեթի հիմնավորման մեջ նշվում  է, որ ժամանակակից աշխարհում տեխնոլոգիաների զարգացումը, մասնավորապես` տիեզերական տարածությունում առկա տիեզերական օբյեկտների միջոցով մի շարք գործառույթների իրականացումը առաջ է բերել այդ ոլորտի ձևակերպման, դրա հստակեցման, հսկողության ամրագրման, իրականացման համար օրենսդրական կարգավորումներ մշակելու անհրաժեշտություն: «Տիեզերական արդյունաբերության համաշխարհային շուկայի ծավալները կազմում են տարեկան մոտավորապես 270 մլրդ ԱՄՆ դոլար։ Հայաստանի Հանրապետությունում տիեզերական արդյունաբերություն, որպես այդպիսին, գոյություն չունի, չկան կազմակերպություններ, որոնք թողարկում են տիեզերական ոլորտին առնչվող արտադրանք, կամ մատուցում համապատասխան ծառայություններ։ Հետևաբար, տիեզերական արդյունաբերության ոլորտից ՀՀ բյուջե է մուտքագրվում 0 (զրո) ՀՀ դրամ»,- ասվում  է հիմնավորման մեջ՝ հավելմամբ, որ տիեզերական զարգացած արդյունաբերություն ունեցող երկրներում առկա է մեծ մրցակցություն մասնավոր ընկերությունների միջև։  Նշված ընկերությունները որոնում են ազատական և մեղմ հարկային դաշտ ունեցող նոր երկրներ, որտեղ կարող են գործունեություն ծավալել։ Այն երկրները, որոնք խնդիր են դնում զարգացնել տիեզերական արդյունաբերությունը սեփական տարածքում օրենսդրական փոփոխություններ են կատարել ներպետական օրենսդրության մեջ կամ ներկայումս գտնվում են այդ գործընթացում։ Օրինակ՝ Եգիպտոսը, Թուրքիան, Հարավաֆրիկյան հանրապետությունը և այլն։ Միևնույն ժամանակ, հիմնավորման մեջ նշվում է, որ նույնիսկ զարգացած արդյունաբերությամբ երկրները փորձում են հարկային արտոնություններ սահմանել տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար, որպեսզի այդ ոլորտում գործող ընկերությունները շարունակեն տնտեսական գործունեություն ծավալել իրենց տարածքում և չփնտրեն նոր, ավելի մեղմ հարկային կարգավորումներով երկրներ, որտեղ կկարողանան ավելի շահավետ  գործունեություն ծավալել։ ՀՀ կառավարության համոզմամբ՝ օրենսդրական փոփոխությունների արդյունքում ՀՀ-ն կդառնա տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար ամենագրավիչ երկրներից մեկը։ Հայարփի Բաղդասարյան
19:38 - 09 մարտի, 2020
Հակոբ Արշակյանը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է 2020-2023թթ. փոխգործակցության հեռանկարները

Հակոբ Արշակյանը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է 2020-2023թթ. փոխգործակցության հեռանկարները

ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ, GIZ) պատվիրակությանը, որի կազմում էին «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի տնօրեն Կատյա Կամերերը, նույն ծրագրի նորանշանակ տնօրեն Հանս-Յուրգեն Քասսենսը և ԵՄ և Գերմանիայի կառավարության կողմից համաֆինանսավորվող «Նորարարականտուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի թիմի ղեկավար Միխայելա Յոհաննա Վեբերը: Այս մասին տեղեկացնում ք Բարձր տեխնոարդյունաբերության նախարարությունը: Հանդիպման ընթացքում Կատյա Կամերերը ներկայացրել է ԳՄՀԸ կողմից 2020-2023թվականներին իրականացվելիք ծրագրերը, որոնք ֆինանսավորվելու են ԵվրոպականՄիության կողմից: Նշվել է, որ «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը Հայաստանում» (SMEDA – Support to SME development in Armenia) ծրագիրը, որի նպատակն է նպաստել Հայաստանում բիզնես և ներդրումային միջավայրի բարելավմանը, ուժեղացնել մասնավոր հատվածը և ՓՄՁ-֊ների համակարգման գործիքակազմը, հաջողությամբ իրականացվել է 2016-2019թթ.-ին, և կուտակվածփորձառությունը հիմքեր է ստեղծել առաջիկա ծրագրերի կյանքի ընդլայնման համար: Կատյա Կամերերը նշել է նաև, որ առաջիկա տարիներին ԳՄՀԸ-ի կողմից իրականացվող ծրագրերը կլինեն 2 հիմնական ուղղություններով՝ միտված տեխնոլոգիաների և մարզերում տուրիզմի զարգացմանը` դրամաշնորհների միջոցով: ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը ողջունել է հյուրերին և շնորհավորել Հանս-Յուրգեն Քասսենսին նշանակման կապակցությամբ, շնորհակալություն հայտնել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը՝ վերջին տարիներին Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված գործունեության համար: Նշվել է, որ ՀՀ կառավարության կողմից, ի դեմս ԲՏԱ նախարարության, այժմ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում՝ ուղղված տեխնոլոգիական կրթության, ձեռներեցության զարգացմանը: Դրանցից են «Վիրտուալ կամուրջ» ծրագիրը, Դրեյփերի համալսարանում հայ ձեռնարկատերերին կրթաթոշակի տրամադրման, ինչպես նաև դրամաշնորհային բազմաթիվ ծրագրեր: Կարևորվել են թվայնացումը և բարձր տեխնոլոգիաների զարգացումը, որոնք ՀՀ ԲՏԱ նախարարության գերակա ուղղություններից են և ինչի շուրջ համագործակցության նոր եզրեր կարող են ձևավորվել նախարարության և ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի միջև: Հակոբ Արշակյանն ընդգծել է տեխնոլոգիական այն ուղղությունները, որոնք գտնվում են նախարարության համակարգման տիրույթում, մասնավորապես՝ արհեստական բանականություն, ծրագրային ապահովում, ստարտափ էկոհամակարգ, տիեզերական համակարգեր և այլն: ԳՄՀԸ համագործակցության շրջանակներում նախարարը կարևորել է հայկական ստարտափների միասնական պլատֆորմի ստեղծումը, որը հնարավորություն կտա բոլոր շահառուներին, այդ թվում՝ ներդրողներին համակողմանի պատկերացում կազմելու Հայաստանի ստարտափ էկոհամակարգի մասին: Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու և ընդլայնելու համագործակցության շրջանակները:
17:07 - 02 մարտի, 2020
Նախարար Հակոբ Արշակյանի՝ Աբու Դաբի այցի կարևոր շեշտադրումները

Նախարար Հակոբ Արշակյանի՝ Աբու Դաբի այցի կարևոր շեշտադրումները

Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի և Աբու Դաբիի թագաժառանգի հովանու ներքո փետրվարի 22-23-ը Աբու Դաբիում անցկացված «UMEX/SimTEX 2020» հեղինակավոր ցուցահանդես-համաժողովը նվիրված էր պաշտպանական տեխնոլոգիաներին, ռոբոտացված և անօդաչու համակարգերին, դրանց ներուժի առավելագույն օգտագործմանը առաջիկա տասնամյակների ընթացքում: «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության հարցերով պետական նախարարի հրավերով Աբու Դաբիում փետրվարի 22-23-ը մասնակցել է  միջոցառմանը՝ հանդես եկել որպես համաժողովի բանախոս և մի շարք հանդիպումներ ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝  քննարկելով ոլորտում երկու երկրների փոխգործակցության հեռանկարները: Էմիրությունների փոխվարչապետ, Նախագահական հարցերով նախարար Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանիին նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված արհեստական բանականության հիմքով նավիգացիոն համակարգերը: ԱՄԷ Մուբադալա ներդրումային ընկերության խմբի ղեկավարի տեղակալ Հոմմիդ Ալ Շիմարիի հետ հանդիպման ընթացքում հայկական կողմը քննարկել է համագործակցության ակտիվացման հնարավորությունները՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում վենչուրային ներդրումների, ձեռներեցության զարգացման, կրթական ծրագրերի իրականացման և էկոհամակարգի զարգացման հիմնական ուղղություններով: Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության պետնախարար Մոհամմեդ Ահմեդ ալ Բովարդիի հետ հանդիպման ընթացքում նախարար Արշակյանին է ներկայացվել ԱՄԷ զինվորական համակարգում ներդրված «Ապագայի զինվոր» ծրագիրը: Նախարարը կարևորել է Հայաստանի հետ Էմիրությունների գործակցությունը և մատնանշել հարաբերությունների խորացման և զարգացման անհրաժեշտությունը հատկապես ռազմաարդյունաբերական և պաշտպանական ոլորտներում: Նախարար Հակոբ Արշակյանն իր հերթին մատնանշել է նախարարության ակտիվ գործունեությունը ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման ուղղությամբ, ներկայացրել տասնամյակների առաջատար գիտահեն ներուժն ու փորձը, հնարավորությունները, հայաստանյան ռազմարդյունաբերության կայուն և առաջանցիկ զարգացումը: Նախարար Արշակյանը, ԱՄԷ Նախարար Բովարդիին նաև հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու ս․ թ․ մարտի 26-28֊ը անցկացվող սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսին»,- ասված է հաղորդագրությունում:
16:52 - 26 փետրվարի, 2020
Հակոբ Արշակյանը Աբու Դաբիում ներկայացրել է տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու Հայաստանի նպատակը

Հակոբ Արշակյանը Աբու Դաբիում ներկայացրել է տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու Հայաստանի նպատակը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության հարցերով պետական նախարարի հրավերով Աբու Դաբիում փետրվարի 22-ին մասնակցել է «UMEX/SimTEX 2020» հեղինակավոր ցուցահանդես-համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Միջոցառումն անցկացվում է Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի և Աբու Դաբիի թագաժառանգի հովանու ներքո: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: Հակոբ Արշակյանը, որպես համաժողովի հիմնական բանախոս, հանդես է եկել ելույթով:   Ողջունելով  ներկաներին՝ նախարարն անդրադարձել է Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի առաջընթացին ուղղված  ՀՀ կառավարության քաղաքականությանը։ Նա  նշել է, որ ի դեմս Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության՝ ՀՀ կառավարությունը տեխնոլոգիական ոլորտը հայտարարել է տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը։ Նախարարի խոսքով՝ մշակված է ոլորտի զարգացման ռազմավարությունը, այն արդեն ներդրվել է, գործում է և նոր թափ է հավաքում։ Նախարարը համաժողովի մասնակիցներին ներկայացրել է հայկական տեխնոլոգիական ներուժը։ Նա նշել է, որ դեռևս ԽՍՀՄ տարիներին տեխնոլոգիական աշխարհում Հայաստանը համարվել է Խորհրդային միության «Սիլիկոնյան հովիտ»-ը։ Հայ գիտնականները բոլոր ժամանակներում իրենց ներդրումն են ունեցել համաշխարհային տեխնոլոգիաների զարգացման գործընթացներում. գունավոր հեռուստատեսության գյուտից մինչև ավտոմեքենաների ավտոմատ համակարգեր,  բանկոմատներից մինչև համակարգչային տամոգրաֆ, դոլարի գույնից մինչև առաջին հաշվիչ մեքենաներ։ Հայ մասնագետների հեղինակած բազմաթիվ այլ գիտական նվաճումների շնորհիվ էականորեն բարելավվել է մարդկանց կենցաղն ու ապրելակերպը, առաջընթաց ապահովել առողջապահության, գյուղատնտեսության, տիեզերագնացության, տրանսպորտի, ռազմաարդյունաբերության, տնտեսության շատ այլ բնագավառներում։ Նախարարն անդրադարձել է նաև բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի ներկա զարգացումներին և ապագայի հեռանկարներին։ Նա նշել է, որ Հայաստանը մեծ ներուժ ու հնարավորություններ ունի այս ոլորտում, ընդգծել է, որ մեր երկրում բարձր է արժևորվում մարդկային տաղանդը: Կառավարությունը հարկային արտոնություն է տրամադրել նորաստեղծ ստարտափներին՝ հնարավորություն տալով նրանց զարգանալու, կյանքի կոչելու իրենց գաղափարները։ Նախարարը խոսել է նաև Հայաստանը՝ որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու նպատակին ուղղված աշխատանքների մասին, ներկայացրել է «Վիրտուալ կամուրջ»  ծրագրի առանձնահատկությունները, նշել, որ ծրագրի շրջանակներում խոստումնալից  ստարտափները հնարավորություն կստանան սովորելու աշխարհի առաջատար  տեխնոլոգիական կենտրոններում: Նրանցից 45-ն այս տարի Սիլիկոնյան հովտում, ունենալով լիարժեք պետական կրթաթոշակ, կմասնակցեն Դրեյփերի համալսարանի ձեռնարկատիրական դասընթացներին։ Նախարարը, կարևորելով կրթության դերն և նշանակությունը մեր երկրի համար, ներկայացրել է «Արմաթ»-ի, «Ազգային ինժեներական լաբորատորիաներ»-ի, «Ինժեներական քաղաք»-ի, «Թումո»-ի գործունեությունը։ Իր ելույթում Արշակյանն անդրադարձել է նաև անցած տարի մեր երկրում տեղի ունեցած  համաշխարհային նշանակություն ունեցող տեխնոլոգիական  միջոցառումներին՝  ՏՏ համաշխարհային համաժողովը, « Summit of Minds», «Global IT Award», «Digitec EXPO» ցուցահանդեսը,  «ArmHiTech EXPO»-ն, «Ինժեներական շաբաթը», «Silicon Mountains» համաժողովը, նշել, որ մեծամասշտաբ տեխնոլոգիական միջոցառումները մեզ կուղեկցեն նաև առաջիկայում։ Նախարարը խոսել է նաև պաշտպանական տեխնոլոգիաների զարգացման մասին, ընդգծել, որ ժամանակակից աշխարհում պայքարը տեխնոլոգիաների միջև է։ Արհեստական բանականությունը, կիբերանվտանգությունը, ավտոմատացված կառավարումը, այլ առաջադեմ տեխնոլոգիաները վճռորոշ դերակատարություն ունեն պաշտպանական արդյունաբերության մեջ։ Նրա խոսքով՝ նախարարության կազմում միավորելով բարձր տեխնոլոգիաները, թվայնացումն ու ռազմարդյունաբերությունը, կառավարությունը վստահ է, որ այս երեք ուղղությունները պետք է զարգանան միասնաբար, իսկ լավ կրթությունը, զարգացած ենթակառուցվածքներն ու էկոհամակարգը բոլոր բնագավառներում տնտեսական հեղափոխության կհանգեցնեն։ Արշակյանն իր ելույթն ավարտել է համաժողովի մասնակիցներին հրավիրելով համագործակցության՝ միանալու խաղաղության և պաշտպանության համար առավել կատարյալ տեխնոլոգիաներ ստեղծելու Հայաստանի ջանքերին։ «UMEX/SimTEX 2020» համաժողովի ընթացքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին շնորհվել է մրցանակ: Նախարարի ելույթին հաջորդել են պանելային քննարկումներ: «UMEX/SimTEX 2020»-ը բաղկացած է համաժողովից, ցուցահանդեսից և ցուցադրություններից։  «UMEX/SimTEX 2020»-ի նպատակն է ստեղծել հարթակ՝ քննարկելու ոլորտի վերջին զարգացումները, միտումները և նորարարական լուծումները: Միջոցառումն ընդգրկում է նաև մոդելավորման և թրեյնինգների (Simulation & Training - SIMTEX) հատված, որը միտված է՝ նպաստելու համագործակցության խորացմանը զինված ուժերի, արդյունաբերության, գիտական և պետական-կառավարական գործակալությունների միջև: Համաժողովն այս տարի նվիրված է պաշտպանական տեխնոլոգիաներին, ռոբոտացված և անօդաչու համակարգերին, դրանց ներուժի առավելագույն օգտագործմանը հաջորդ տասնամյակի ընթացքում: Այն կենտրոնանում է թվայնացվող աշխարհում անվտանգության և խելացի համակարգերի ավելի լայնամասշտաբ կիրառմանը։
11:01 - 23 փետրվարի, 2020
Հակոբ Արշակյանն աշխատանքային այց է կատարել Արցախի Հանրապետություն

Հակոբ Արշակյանն աշխատանքային այց է կատարել Արցախի Հանրապետություն

ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այց է կատարել Արցախի Հանրապետություն: Այցի շրջանակներում նախարարը հանդիպել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանին, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին, ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանին, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանին, այցելել Արցախում գործող մի շարք ձեռնարկություններ: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարարությունից։ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում գիտատար ոլորտների զարգացմանը և այս համատեքստում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, Արցախի և Հայաստանի զինված ուժերի, ռազմարդյունաբերական համալիրի կոորդինացված մոտեցման մշակման հնարավորություններ: Հակոբ Արշակյանը հանդիպել է նաև ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը: Քննարկվել են մի շարք ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու, ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հաջողված փորձը տեղայնացնելու, Արցախի երիտասարդների մտավոր ներուժը լիարժեք օգտագործելու և այդ ուղղությամբ գործնական քայլերի իրականացմանը վերաբերող հարցեր: Կողմերը կարևորել են նման ձևաչափով հանդիպումներն ու ոլորտային մասնագետների փոխայցելությունները, ինչը հնարավորություն կտա ապահովելու տեխնոլոգիական, ինժեներական կրթության, ռազմարդյունաբերության ոլորտներում և ձեռներեցության զարգացմանն ուղղված ծրագրերում Արցախի երիտասարդների ներկայացվածությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտային փոխգործակցությունը նոր հարթություն տեղափոխելու ուղղությամբ՝ որպես առաջին քայլ նշելով խնդիրները գույքագրելու անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել նաև կապի հասանելիության և փոստային ծառայությունների ոլորտի զարգացման ծրագրերին: Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԲՏԱ նախարարն այցելել է նաև Արցախում գործող մի շարք ձեռնարկություններ, Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն հիմնադրամ, ծանոթացել կենտրոնի սարքավորումների հագեցվածությանը, զրուցել աշխատակիցների հետ: Քննարկվել են ՏՏ ոլորտի մի շարք խնդիրներ, բիզնես ինկուբացիոն ծառայություններին և տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանը վերաբերող հարցեր:
13:21 - 20 փետրվարի, 2020