Ինֆոքոմ

Փոխհրաձգություն տեղի է ունեցել այն դիրքի ուղղությամբ, որտեղ նախորդ գիշեր թեժ մարտեր էին ընթացել․ Գնել Սանոսյան

Փոխհրաձգություն տեղի է ունեցել այն դիրքի ուղղությամբ, որտեղ նախորդ գիշեր թեժ մարտեր էին ընթացել․ Գնել Սանոսյան

Փոխհրաձգություն տեղի է ունեցել գիշերը և լուսադեմին, այն դիրքի ուղղությամբ, որտեղ նախորդ գիշերը թեժ մարտեր էին ընթացել։ Մեկ վիրավոր ունենք, վիրահատել են, նորմալ է ամեն ինչ։ Այս մասին Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գեղարքունիքի մարզպես Գնել Սանոսյանը։ Անդրադառնալով Սոթքի հանքից աշխատակիցների տարհանմանը, Սանոսյանն ասաց, որ աշխատակիցները տարհանվել են և տեխնիկայի որոշ մաս դուրս է բերվել անվտանգության նկատառումներից ելնելով։ «Երբ անվտանգության խնդիր չի լինի, նորից կսկսեն աշխատել»։ Դիտարկմանը, որ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ հատվածների բնակիչները զրկվել են արոտավայրերից, Սանոսյանն ասաց․ «Կան որոշ արոտավայրեր, որոնցից օգտվելու դժվարություն կա, ինչը բերում է նրան, որ սահմանափակվել է որոշ համայնքներում արոտավայրերի չափը։ Նաև այս տարի ոչ միայն մեզ մոտ, ամբողջ հանրապետությունում կա խոտի պակաս, որը ենթադրում է, որ մենք ձմռանը կարող ենք խնդիրներ ունենալ։ Մենք որոշ տեղերում կորպուսի հետ համագործակցված կազմակերպել ենք որոշակի լրացուցիչ ուժեր է դրել բանակային կորպուսը և այն վայրերում, որտեղ ենթադրվում է, որ կարող է անվտանգ չլինել, բնակիչներին աջակցել են, որպեսզի նրանք և՛ անասունների արածեցման պրոցես կազմակերպեն, և՛ խոտի հավաքման պրոցես։ Պարբերաբար նախապես պայմանավորվում ենք, բանակային կորպուսը աջակցում է»։ Անդրադառնալով  Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակին, Սանոսյանն ասաց․ «Անհանգստություն բոլորիս մոտ կա, այդ թվում՝ մեր բնակիչների մոտ, բայց ուզում եմ նաև ասել, որ մեր բնակիչները պատվով, ամուր կանգնած են մեր համայնքներում։ Խուճապ չկա, հակառակը, երբ միջադեպեր են լինում, փոխհրաձգություն է լինում, անպայման գյուղից որոշակի խմբեր հավաքվում են, այցելում են զինվորներին, օգնություն են առաջարկում։ Այնպես որ թող բոլորը իմանան՝ մեր բնակիչները շատ ամուր, պինդ կանգնած են այդ հողի վրա, և որևէ տեղ տեղափոխվելու կարիք չունեն»։ Նա նաև նշեց, որ այդ տարածքներում ռուս սահմանապահներ չեն տեղակայվել։
13:00 - 29 հուլիսի, 2021
ՀՀ-ն ձեռք կբերի «Sinopharm» և «Pfizer» ընկերությունների արտադրության 500.000 դեղաչափ պատվաստանյութ

ՀՀ-ն ձեռք կբերի «Sinopharm» և «Pfizer» ընկերությունների արտադրության 500.000 դեղաչափ պատվաստանյութ

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց «ՀՀ 2021 թվականի «Պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում կատարելու մասին» նախագիծը։ «Կառավարության որոշման նախագիծը միտված է կորոնավիրուսի վարակի կանխարգելման նպատակով պատվատանյութերի անխափան մատակարարումը ապահովելուն։ Ինչպես հայտնի Է, Հայաստանը մասնակից է «Կովաքս» հարթակին և դրա շրջանակներում ձեռք է բերում պատվաստանյութեր, սակայն այն հաշվարկված է մեր բնակչության 10-15%-ի համար։ Մնացած թիրախային ցուցանիշներին հասնելու համար պատվաստանյութերը ձեռք են բերվում երկկողմանի համաձայնագրերի հիման վրա, և, իհարկե, մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ՀՀ-ին հասանելի լինեն նաև նվիրատվությամբ տրվող պատվաստանյութերը։ Այս որոշման շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել «Sinopharm» և «Pfizer» ընկերությունների արտադրության  500.000 դեղաչափ պատվաստանյութ, և, ուղղվող  միջոցները, ընդհանուր առմամբ, 3 միլիարդ  459 միլիոն դրամ է կազմելու»։ Կառավարության անդամները կողմ քվեարկեցին քննարկվող նախագծին։
12:05 - 29 հուլիսի, 2021
Ադրբեջանը իր բոլոր գործողություններով փորձում է խափանել երկխոսության որևէ հնարավորություն. Փաշինյանն անդրադարձավ սահմանային իրադրությանը

Ադրբեջանը իր բոլոր գործողություններով փորձում է խափանել երկխոսության որևէ հնարավորություն. Փաշինյանն անդրադարձավ սահմանային իրադրությանը

Ի հեճուկս ՀՀ Կառավարության և միջազգային հանրության գործադրած ջանքերի իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում։ Այս մասին Կառավարության հերթական նիստից առաջ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նրա անդրադարձը սահմանային իրավիճակին՝ ստորև․ «Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանության և գործողությունների գործադրումը՝ միևնույն ժամանակ անպատասխան թողնելով իրադրության քաղաքական և երկարաժամկետ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության բոլոր առաջարկները։ Որպես այդպիսին ուզում եմ կրկին նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, օրինակ, ապրիլի 13-ի հայտարարությունը, որով նրանք կողմերին կոչ են անում առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո։ Ի հեճուկս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ 8-րդ Ադրբեջանում շարունակվում են հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց շինծու դատավարությունները, որի հետևանքով նրանք դատապարտվում են երկար տարիների ազատազրկումների։ Հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ վերջին շրջանում գրեթե բոլոր դատապարտվածները գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո, խաղաղապահների պատասխանատվության գոտիներում։ Եթե այս փաստը համադրում ենք այն լայնածվալ հակաքարոզչության հետ, որ Ադրբեջանում վարվում է ընդդեմ խաղաղապահների և այն փաստի հետ, որ Ադրբեջանը մինչև օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը ակնհայտ է դառնում, որ սա խաղաղապահների, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղում կայունության ու խաղաղության դեմ իրականացվող գործողությունների շարք է։ Տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաները պետք է բացվեն և ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա այդ թվում՝ դեպի ՌԴ, Կենտրոնական Ասիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա այդ թվում դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան։ Այդ ծրագիրն իրականացնելու համար սահմանի համապատասխան կետերում պիտի ստեղծվեն մաքսային կետեր, որոնց հատումը երկու կողմերից պիտի իրականացվի միջպետական սահմանների անցման միջազգայնորեն, զորօրինակ ԱՊՀ-ում ընդունված կանոններին համապատասխան, մաքսային սահմանային և այլ տեսակի հսկողություններով։ Լինելով ՀԱՊԿ անդամ, ով սույն թվականի սեպտմեբերից ստանձնելու է կազմակերպության նախագահությունը, ՀՀ-ն հասկանում է ՀԱՊԿ-ի համար անվտանգային սպառնալիքներ չստեղծելու, դաշնակից երկրներին ռազմական գործողությունների մեջ չներքաշելու իր պատասխանատվությունը և ես պաշտոնապես բացառում եմ Հայաստանի Զինված ուժերի կողմից որևէ սադրիչ գործողություն։ Միևնույն  ժամանակ կարծում եմ, որ Ադրբեջանի և մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիթորինգային առքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչը նախատեսված Է ՀԱՊԿ-ի գործունեության իրավակարգավորումներով։ ՀԱՊԿ-ի շրջանակներում նման առաքելությունը իրականացնելու անհնարինության պայմաններում մեզ կարող են լինել միջաազգային այլ ընդունելի ֆորմատներ, ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը։ Առկա իրավիճակը հաշվի առնելով, կարծում եմ, իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի։ Այս թեման պատրաստվում ենք քննարկել մեր ռուսաստանցի գործընկերների հետ»։
11:41 - 29 հուլիսի, 2021
Կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը պիտի համապատասխան արձագանք տա այս իրավիճակներին․ Ռուբեն Ռուբինյան

Կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը պիտի համապատասխան արձագանք տա այս իրավիճակներին․ Ռուբեն Ռուբինյան

Այս գործողությունը պետք է դիտարկել ավելի մեծ համատեքստում, մասնավորապես՝ ադրբեջանցիների կողմից արվող ծայրահեղ ապակառուցողական և ծավալապաշտական հայտարարությունների համատեքստում և սույն թվականի մայիսի 12-ից սկիզբ առած Հայաստանի սուվերեն տարածք նրանց ներթափանցման համատեքստում։ Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում ասել է յոթերորդ գումարման Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին։ Ռուբինյանը նաև ասել է, որ միջազգային հանրությունը պիտի համապատասխան արձագանք տա Արդբեջանի՝ տարածաշրջանային կայունությունը պայթեցնել փորձող գործողություններին։ «Մենք օգտագործելու ենք մեզ հասու ամբողջ գործիքակազմը՝ ըստ պատեհության։ Մայիսի 12-իրադարձություններից հետո գործընթաց կա ՀԱՊԿ-ում և մենք շարունակելու ենք օգտագործել մեզ հասու գործիքակազմը, և կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը պիտի համապատասխան արձագանք տա այս իրավիճակներին, որովհետև դա ՀԱՊԿ պարտավորությունն է։ Պետք է նաև ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ սույն թվականի սեպտեմբերի 16-ին ՀՀ-ն ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը, սրանից բխող բոլոր հետևանքներով»։ Խոսելով Պաշտպանության նախարարության այսօր տարածած հայտարարության մասին, ըստ որի Ադրբեջանը Մոսկվայում սպասվող բանակցություններից առաջ նախահարձակ գործողություններ է սկսել, Ռուբինյանն ասել է․ «Մայիսի 12-ից սկսված իրավիճակին, նկատի ունեմ ՀՀ սահմանների խախտման հետ կապված իրավիճակի վերաբերյալ մենք քննարկումների և կապի մեջ ենք, այդ թվում՝ մեր ռուս գործընկերներ հետ։ Մեր պաշտոնապես հնչեցրած առաջարկը եղել է երկու կողմերի զորքերի՝ սահմանից հայելային հետքաշման և ռուս սահմանապահների և/կամ միջազգային դիտորդների տեղակայման վերաբերյալ, ինչը հնարավորություններ կստեղծի ապագայում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսելու, և այս քննարկումները այդ ծիրի մեջ են։ Իսկ առավել մանրամասն կարծում եմ՝ համապատասխան գերատեսչությունը կհայտնի»։ Ռուբինյանը հավելել է, որ ՀՀ զինված ուժերը թույլ չեն տալու որևէ ոտնձգություն ՀՀ սուվերեն տարածքներից ներս։ «Դա այս գիշեր ապացուցվեց»։ Հիշեցնենք՝ այսօր առավոտյան ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ հուլիսի 28-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Ավելի ուշ պաշտպանական գերտեսչությունը հայտարարել էր, որ հակառակորդը, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել ՀՀ սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։  09։20-ի դրությամբ, ըստ ՊՆ-ի, հակառակորդը կորուստներ տալով հետ էր շպրտվել։ Այնուհետև ՊՆ-ն հայտարարեց, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիսարևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմը ունի 3 զոհ, 4 վիրավոր։ 
16:18 - 28 հուլիսի, 2021
Հիմա է ադրբեջանական ագրեսիան արձանագրելու պահը․ Սեդա Գրիգորյան

Հիմա է ադրբեջանական ագրեսիան արձանագրելու պահը․ Սեդա Գրիգորյան

«Հայաստանի կանանաց նախաձեռնությունը», որ ստեղծել են տարբեր բնագավառների ներկայացուցիչ կանայք, նախաձեռնել են ստորագրահավաք, որով կոչ են անում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին՝ դիտարկել ՀՀ սուվերեն սահմաններին իրականացվող ադրբեջանական ագրեսիան՝ որպես տարածաշրջանի խաղաղությանը եւ ՀՀ անվտանգությանը սպառնացող վտանգ, եւ քայլեր ձեռնարկել՝ դրա հետագա զարգացումը կանխելու եւ պատժելու ուղղությամբ։ Այս նախաձեռնության անդամ Սեդա Գրիգորյանն Infocom-ի հետ զրույցում պատմեց, որ ստորագրահավաքը միավորեց հարյուրավոր հայերի՝ առցանց ձեւաչափով․ «Հայաստանի կանանաց նախաձեռնությունը» նաեւ պահանջագիր է ներկայացրել ՀՀ-ում հավատարմագրված մի շարք դիվանագիտական պատվիրակություններին, որոնցից շատերի ներկայացուցիչների հետ անձամբ զրուցել են եւ ներկայացրել խնդրի կարեւորությունը եւ, մասնավորապես, արեւմտյան պետությունների կողմից քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։ Մասնագետների հետ զրույցները հաստատել են կանանց համոզմունքը, որ լռելով եւ ՄԱԿ-ին մեր սահմանային իրավիճակի վերաբերյալ հայտ չներկայացնելով՝ ՀՀ իշխանությունները, կարծես, ցույց են տալիս, որ համակերպված են ադրբեջանական ագրեսիայի դրսեւորումների հետ եւ չեն դիտարկում դրանք՝ որպես սպառնալիք ՀՀ անվտանգությանը։ «Այսպիսի լռությունը կարող է մեզ զրկել հետագայում հնարավոր քայլեր անելու հիմնավորումից, քանի որ հիմա է ադրբեջանական ագրեսիան արձանագրելու պահը, եւ դրանից հետո միայն հնարավոր կլինի համապատասխան քայլեր ձեռնարկել կամ ակնկալել միջազգային կառույցներից։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը 2020-ի իր պատերազմական գործողությունները հիմնավորում էր՝ հղում կատարելով 1993թ․ ՄԱԿ-ի ընդուած բանաձեւերին՝ իր հերթին դրանց հաղորդելով միակողմանի եւ մանիպուլյատիվ մեկնաբանություն։ Սակայն փաստն այն է, որ իրենք կարողացան այդ բանաձեւերը վերածել քաղաքական գործիքի՝ սեփական ագրեսիան արդարացնելու համար։ Այսինքն՝ ՄԱԿ ԱԽ հայտ ներկայացնելն ինքնին որպես գործողություն, եւ դրան ի պատասխան՝ հնարավոր բանաձեւերի ընդունումը գուցե տվյալ պահին չլուծեն առկա ռազմական լարվածության հարցը, սակայն էական դեր են խաղում՝ քաղաքական հարթության վրա իրավիճակի արձանագրման, գնահատման եւ որոշակի քայլերի նախատեսման համար»,- մանրամասնեց Գրիգորյանը՝ հավելելով, որ ունեցել են նամակագրություն եւ հաղորդակցություն հայաստանյան եւ միջազգային մի շարք կառույցների հետ։ Գրիգորյանը կարեւորեց հենց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի արձագանքը եւ հանդիպման հրավերը։ Հունիսի 1-ին «Հայաստանի կանանց նախաձեռնության», Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի եւ 2020թ․ տեղահանված արցախցիների ներկայացուցիչները հանդիպել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ տիկին Դենիս Սամպֆի հետ․ «Մենք ներկայացրինք համազգային ստորագրահավաքի նախաձեռնությունը եւ դրա հանրային պահանջը՝ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակին հորդորելով քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ժողովրդի անվտանգության ապահովման եւ ադրբեջանական ընթացիկ ագրեսիան կանխելու ուղղությամբ․Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրեն անվտանգ չի զգում ստեղծված արտաքին լարվածության արդյունքում, եւ նման խոցելի իրավիճակում գտնվող մարդկանց իրավունքների պաշտպանությունն ուղղակիորեն հանդիսանում է ՄԱԿ-ի առաքելության կարեւորագույն դրույթներից մեկը»,- պատմեց Գրիգորյանը։ Մեր զրուցակիցն ընդգծեց, որ հանդիպման մասնակիցները մանրամասնորեն անդրադարձել են նաեւ ռազմագերիների եւ տեղահանված արցախցիների խնդիրներին, ինչպես նաեւ՝ ադրբեջանական օկուպացիայի ներքո հայտնված տարածքներում գտնվող վտանգված հայկական մշակութային ժառանգությանը։ Ներկաները կոչ են արել ՄԱԿ-ին հումանիտար աջակցությունից զատ՝ նաեւ դիվանագիտական գործիքակազմ կիրառել՝ թուրք-ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը պատժելու նպատակով, կիրառել սանկցիաներ, հատուկ պատվիրակությամբ այցելել հայ ռազմագերիներին եւ հետեւողական լինել նրանց իրավունքների վերականգնման, հայրենիք վերադարձի հարցում։ «Տիկին Դենիս Սամպֆն իր հերթին հավաստիացրեց, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը շարունակում է իրականացնել հակամարտությունից տուժած մարդկանց աջակցելու իր հանձնառությունը եւ անում է հնարավորը՝ ՄԱԿ-ի լիազորությունների շրջանակներում հրատապ խնդիրներին դիվանագիտական լուծումներ գտնելու համար: Նա ի գիտություն ընդունեց համազգային խնդրագրի պահանջը եւ խոստացավ քաղաքացիական հասարակության հետ այս ձեւաչափով հանդիպումները դարձնել շարունակական»: Ինչպես նկատեց Գրիգորյանը՝ ի տարբերություն ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի՝ շատ բարկացնող եւ հիասթափեցնող էր ՄԱԿ-ում ՀՀ պաշտոնական ներկայացուցչի արձագանքը․ «Մեր նամակին ի պատասխան՝ օրեր անց իրենց գրասենյակից պատասխան եկավ, որ մենք չենք կարող իրենց ուղիղ դիմել եւ պետք է դիմենք ԱԳՆ խողովակներով։ Այսինքն՝ մարդիկ կարդացել են նամակը, անցել է բավական ժամանակ, հետո երբ ըստ էության չեն կարողացել որոշակի պատասխան գտնել, մեզ ուղղորդել են միջնորդավորված հաղորդակցության դիմել։ Իսկ մենք ընդամենը հարցրել էինք, թե արդյոք նախատեսո՞ւմ են դիմել ՄԱԿ ԱԽ, եւ ինչպե՞ս մենք՝ որպես ՀՀ քաղաքացիական հանրության ներկայացուցիչներ, կարող ենք մեր գործունեությամբ նպաստել իրենց աշխատանքին՝ հաշվի առնելով արդեն իրականացրած քայլերը»,- հավելեց Գրիգորյանը։ Նախաձեռնության անդամները պլանավորում են շարունակել ստորագրահավաքը, ակտիվ պահել ՄԱԿ ԱԽ դիմելու անհրաժեշտության թեման, քննարկումներ ունենալ մասնագետների հետ եւ շարունակել հաղորդակցությունը միջազգային կառույցների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների հետ։ Գրիգորյանն ասաց, որ արեւմտյան երկրների ակտիվությունն ու ներգրավվածությունը տարածաշրջանում եւ Հայաստանում ակնհայտորեն մեծանում է, ինչն արդեն իսկ համահունչ է նախաձեռնության ներկայացրած պահանջների ուղղվածությանը։ «Սակայն առկա գործընթացները դեռեւս որոշակի պատասխան չեն ներկայացնում ՀՀ սահմաններին իրականացվող ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարի, ՀՀ եւ Արցախի բնակչության անվտանգության ապահովման, սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանվածության, սահմանային կետերի վերազինման եւ ամրակայման հետ կապված պահանջներին ու մտահոգություններին։ Այնպես որ, մենք հետեւողականորեն բարձրաձայնելու ենք այս հարցերի մասին եւ շարունակելու ենք ընդլայնել մեր նախաձեռնության շարքերն ու լսարանը»,- եզրափակեց Գրիգորյանը։ Ինչ վերաբերում է նախաձեռնությանը՝ դրա հիմնադիրների գործունեությունն այս կամ այն կերպ ուղղակիորեն կապված է պատերազմի օրերին եւ հետպատերազմյան շրջանում երկրում ընթացող իրադարձություններին եւ դրանց հետեւանքներին․ «Լինելով ակտիվ քաղաքացիներ՝ յուրաքանչյուրս մեր բնագավառում մշտապես արձագանքել ենք, փորձել մասնակցել ու ազդել երկրի ներսում տեղի ունեցող գործընթացների վրա»,- ասաց նախաձեռնության անդամ Սեդա Գրիգորյանը՝ խոսելով իրենց նպատակների մասին։  «Այդպես, օրինակ, տիկին Զարուհի Մուրադյանն իր տնօրինությամբ գործող Սարգիս Մուրադյան պատկերասրահը վերածել էր քողարկող ցանցերի, վերմակ-դոշակների պատրաստման կետի, որտեղ հավաքվում էին տասնյակ կամավորներ, գերազանցապես՝ կանայք, որոնք օրնիբուն աշխատում էին՝ բանակին ու տեղահանված հայրենակիցներին աջակցելու համար։ Նրանց նախաձեռնությամբ հսկայածավալ աշխատանք իրականացվեց՝ անհրաժեշտ պարագաների ձեռքբերման, պատրաստման եւ թիրախային մատակարարման ուղղությամբ։ Տիկին Անուշ Սեդրակյանը կարեւոր հանդիպում-քննարկումների շարք նախաձեռնեց՝ հանրային դիսկուրս բերելով այն կարեւոր հարցերը, որոնք մանիպուլացվում են Ադրբեջանի կողմից եւ պատշաճ ու հիմնավորված արձագանքի չեն արժանանում պաշտոնական Հայաստանից»։ Գրիգորյանը նշեց, որ նախաձեռնության մեջ կան վավերագրող ռեժիսորներ, որոնք պատերազմի օրերին եւ հետո էլ նկարահանել ու լուսաբանել են իրադարձությունները, նպաստել ադրբեջանական պատերազմական հանցագործությունների վերաբերյալ տեղեկությունների միջազգային հանրայնացմանը, հետպատերազմյան օրերին հայկական մշակութային ժառանգության պահպանման խնդրով կամավորական աշխատանքներին եւ այլն։ Մեր զրուցակցի խոսքով՝ նախաձեռնության յուրաքանչյուր անդամ փորձել է առավելագույնն անել՝ լրացնելու պետական ձախողումների թողած բացն այն օղակներում, որտեղ կարող էին որեւէ կերպ օգտակար մասնակցություն ունենալ։ Կանանց նպատակը եղել է Հայաստանի համար այդ օրհասական պահին իրենց ուժերի ներածի չափով նպաստել խնդիրների հաղթահարմանը, թեթեւացնել այն մարդկանց հոգսը, որոնք առաջնագծում էին կամ անմիջականորեն տուժել էին պատերազմից։ «Այս նախապատմությունը ներկայացնում եմ, որպեսզի պարզ դառնա, որ թեեւ նախաձեռնությունն ինքնին ձեւավորվել է միայն մայիսի վերջին, սակայն մենք նախորդ ամիսներին եւս ներգրավված ենք եղել մեծ կամ փոքր սոցիալական, կրթական, տեղեկատվական եւ այլ կամավորական նախաձեռնություններում, պարբերաբար հանդիպել ու քննարկել ենք կարեւոր անելիքները։ Երբ սկսվեցին ադրբեջանական ոտնձգությունները Սյունիքում՝ ՀՀ սուվերեն տարածքում, եւ երբ հասկանալի դարձավ, որ ՀՀ կառավարությունը չի գնալու զինված բախման, մենք հանդիպումներ ունեցանք ոլորտի մասնագետների հետ ու եկանք համաձայնության, որ այս իրավիճակում պետք է ներկայացվեն Հայաստանի ժողովրդի դիրքորոշումն ու կամքը»,- ասաց Սեդա Գրիգորյանը։ Ասպրամ Փարսադանյան
13:09 - 28 հուլիսի, 2021
Հայաստանում սպասվող ՏԻՄ ընտրությունների քարտեզը

Հայաստանում սպասվող ՏԻՄ ընտրությունների քարտեզը

Հայաստանում լրացել են բազմաթիվ համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետները, և այդ համայնքներում առաջիկայում սպասվում են ՏԻՄ ընտրություններ։ Մի քանի օր առաջ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, մեր հարցմանն ի պատասխան, հայտնել էին, որ  ՏԻՄ-երի հերթական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն կա 440 համայնքում։ Այս տարվա հուլիսի 7-ի դրությամբ՝ ՏԻՄ-երի արտահերթ ընտրություններ անցակցնելու անհրաժեշտություն կա մոտ 20 համայնքում (այդ թիվը կարող է փոփոխվել)։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անցած տարվա որոշմամբ 2021-ին ՏԻՄ ընտրությունների օրեր էին սահմանվել մարտի 14-ը, սեպտեմերի 26-ը և հոկտեմբերի 17-ը։ Մի քանի օր առաջ, սակայն, ԿԸՀ-ն որոշեց ՏԻՄ ընտրությունների օրեր սեպտեմբերի 26-ի և հոկտեմբերի 17-ի փոխարեն սահմանել հոկտեմբերի 17-ը և նոյեմբերի 14-ը։ Infocom-ը պատրաստել է սպասվող ՏԻՄ ընտրությունների պատկերն արտացոլող քարտեզ։ Կանաչ գույնով նշված են այն համայնքները, որտեղ լրացել են/աշնանը լրանում են և՛ ավագանու, և՛ համայնքապետի լիազորությունների ժամկետները, և այնտեղ կանցկացվեն ընտրություններ։ Կապույտով նշված են այն համայնքները, որտեղ լրանում է միայն ավագանու կամ միայն համայնապետի լիազորությունների ժամկետը, և որտեղ կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ։ Մոխրագույնով նշված են այն համայնքները, որտեղ լրանում է համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը, բայց այնտեղ չեն անցկացվի ընտրություններ մինչև գործող ավագանու լիազորությունների ժամկետի ավարտը (մոխրագույնով նշված համայնքներում ընտրություններ չեն անցկացվի, քանի որ այնտեղ ՏԻՄ ընտրություններն այսուհետ լինելու են համամասնական ընտրակարգով, ինչը նշանակում է, որ պետք է ընտրվի ավագանի, ավագանու կազմից՝ համայնքապետ։ Երբ կլրանա ավագանու լիազորությունների ժամկետը, այն ժամանակ էլ կանցակցվեն ընտրություններ․ առավել մանրամասն՝ այստեղ)։ Նարնջագույնով նշված են այն համայնքները, որոնք միավորվել են՝ ձևավորելով խոշորացված համայնքներ, և այնտեղ առաջին անգամ պիտի միավորված կազմով ՏԻՄ ընտրություններ անցկացվեն։ Մանուշակագույնով նշված են այն համայնքները, որտեղ լրանում են ՏԻՄ լիազորությունների ժամկետները, սակայն ընտրություններ չեն կայանա մինչև այդ համայնքների խոշորացումը։ Աննա Սահակյան
21:24 - 27 հուլիսի, 2021
Արցախի տեղահանված բնակիչների 97%-ը օգտվել է աջակցման ծրագրերից

Արցախի տեղահանված բնակիչների 97%-ը օգտվել է աջակցման ծրագրերից

Արցախի տեղահանված բնակիչների 97%-ը օգտվել են աջակցման ծրագրերից։ Այս մասին Հայաստանում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցիների աջակցման ծրագրերի վերաբերյալ ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբի պետի տեղակալ Սասուն Սավադյանը։ «Արցախի օպերատիվ շտաբը հիմնականում զբաղվում է պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմամբ, հաշվառմամբ և միգրացիոն հարցերով Արցախի տեղահանված բնակիչների 97%-ը օգտվել են բոլոր աջակցման ծրագրերից, որոնք արդեն ավարտման փուլում են»։ Նրա խոսքով՝ այն անձինք, ովքեր դեռևս չեն օգտվել աջակցման ծրագրերից, լրացուցիչ ցուցակներով ընդգրկվում են ծրագրերում։ Նա նաև ասաց, որ կարգավորվում է արցախցիների բնակության հարցը։ «Բոլոր տեղահանվածները եկել են այն եզրակացության, որ պետք է ապրեն վարձով կամ բարեկամի տանը»։
14:02 - 27 հուլիսի, 2021
Որոշում է կայացվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել․ Ալեն Սիմոնյան

Որոշում է կայացվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել․ Ալեն Սիմոնյան

Քննարկեցինք գալիք աշխատանքը, նաև Ազգային ժողովի և կառավարության համագործակցությունը։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի նորընտիր պատգամավորների հանդիպումից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց , որ հանդիպման ընթացքում քննարկել են գալիք աշխատանքը, ԱԺ-Կառավարություն համագործակցությունը»։ «Որոշում է կայացվել, որ քննիչ հանձնաժողով է ստեղծվելու 44-օրյա պատերազմի վերաբերյալ, և կարծում ենք, որ այդ հարցում  նաև արտախորհրդարանական ընդդիմության մասնակցությունը  պետք է լինի․ հանձնաժողովի գործունեությունը չպետք է սահմանափակվի Ազգային ժողովում այսօր ներկայացված կուսակցություններով», -ասաց նա՝ հավելելով, որ փորձել են հասկանալ, թե ինչ օրենսդրական լուծումներ պետք է առաջարկեն, որպեսզի արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները ներառվեն հանձնաժողովում։ Նա ասաց նաև, որ քննարկվել են մի շարք կազմակերպչական հարցեր։
18:44 - 26 հուլիսի, 2021
Աշնան առաջին կեսին ունենք կորոնավիրուսի նոր ալիքի գալու վտանգ․ Անահիտ Ավանեսյան

Աշնան առաջին կեսին ունենք կորոնավիրուսի նոր ալիքի գալու վտանգ․ Անահիտ Ավանեսյան

Կորոնավիրուսային հիվանդության թվերի աճ ունենք։ Աճը կտրուկ չէ, բավականին աստիճանական է, բայց, այնումենայնիվ,  հասկանում ենք, որ առաջիկայում՝ հատկապես աշնան առաջին կեսին ունենք նոր ալիքի գալու վտանգ։ Այս մասին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակառուցված ախտորոշիչ բաժանմունքի բացման ընթացքում լրագրողներին ասաց Առողջապահության նախարարի պաշտոնաակատար Անահիտ Ավանեսյանը։ «Ինչ վերաբերվում է «դելտա» շտամին, նշեմ, որ այս պահին սեկվենավորած օրինակ դեռ չունենք, բայց միանշանակ այն Հայաստանում էլ շրջանառվում է։ Ինչու՞։ Որովհետև մենք ունենք բաց օդային սահմաններ և՛ Ռուսաստանի և՛ Վրաստանի հետ, որտեղ  հայտնաբերված է, և եվրոպական շատ երկրներում էլ այդ շտամը հիմա մեծամասնություն է կազմում։  Ավանեսյանի խոսքով՝ առողջապահական համակարգը շարունակում է շատ լարված աշխատել և սպասարկել բոլոր հիվանդներին։ «Մենք, իհարկե, ամեն ինչ անելու ենք և՛ մեր տեղեկատվական արշավի, և՛ պրոցեսները ավելի դյուրին դարձնելու առումով, որ բնակչության 40-50%-ը պատվաստվի, և մենք ավելի անվտանգ միջավայրում լինենք։ Սա շատ կարևոր հանգամանք է»։
13:44 - 26 հուլիսի, 2021
Հայաստանում կստեղծվի առաջին գեոպարկը

Հայաստանում կստեղծվի առաջին գեոպարկը

Այս տարվա փետրվարի 18-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր ՀՀ-ում գեոպարկ ստեղծելու մասին, որի նախաձեռնողը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան է։ Ի՞նչ հնարավորություններ կտա Հայաստանին գեոպարկի ստեղծումը և ի՞նչ փուլում է գտնվում այս նախագիծը։ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Գեոդինամիկայի և երկրաբանական վտանգների լաբորատորիայի ղեկավար, երկրաբանական գիտությունների դոկտոր Արա Ավագյանն ասում է, որ գեոպարկի միջոցով հանրությունը հնարավորություն է ունենում ծանոթանալ կարևոր երկրաբանական օբյեկտների հետ։ «Գեոպարկը որոշակի տարածք է՝ ամբողջապես թափանցելի սահմաններով, որտեղ ընտրվում են երկրաբանական օբյեկտներ, որոնք ունեն գիտական, գեղագիտական արժեք և հազվագյուտ են․ այդ օբյեկտները խմբավորվում են երկրատեղանքներում»։ Արա Ավագյանի խոսքով՝ անկենդան բնությունը շատ հետաքրքիր տեղեկություններ է փոխանցում երկրագնդի, այդ թվում՝ Հայաստանի տարածքում երկրաբանության զարգացման վերաբերյալ․ «Եթե, օրինակ, գրավոր պատմությունը մի քանի հազար տարվա է, երկրաբանական պատմությունը արդեն հարյուրավոր միլիոն, եթե չասենք միլիարդավոր տարիների է։ Մեզ շրջապատող անկենդան բնությունը՝ քարերը, լեռները, գետերը, բնաշխարհի հորինվածքը շատ հետաքրքիր տեղեկություններ են պարունակում, և մենք, վերլուծելով ներկան, կարողանում ենք տեսնել անցյալի գործընթացները»։  Երկրաբանական գիտությունների դոկտորն ասում է, որ Հայաստանում գեոպարկի հիմնումը ունի մի քանի բաղադրիչ․ «Նախ՝ կա գիտական հատված։ Ընտրված օբյեկտներում կշարունակենք գիտական հետազոտությունները, ընդ որում՝ գեոպարկը մասնակիորեն կարող է «ֆինանսավորել» այդ ուսումնասիրությունները։ Կա ճանաչողական, ուսուցողական հատված։ Կարող ենք երիտասարդներին, դպրոցականներին տանել ու ցույց տալ իրենց հարևանությամբ գտնվող երկրաբանական օբյեկտները՝ ներկայացնելով դրանց պատմությունը և նշանակությունը։ Մյուս հանգամանքը բնապահպանական է․ մեր բնակչության, հատկապես երիտասարդների մոտ զարգացնել բնապահպանության կարևորության գիտակցումը, որովհետև սա ահագնացող խնդիր է, և բնությունը, անշուշտ, անպատիժ չի թողնելու մեր վարքագիծը։ Մյուս կարևոր հանգամանքը տնտեսական բաղադրիչն է։ Ենթադրենք՝ տուրիստը գնում է այդ երկրաբանական օբյեկտները դիտելու, նա օգտվելու է շրջակայքում գտնվող ճանապարհներից, հյուրանոցային, ռեստորանային համակարգից, կարող է գնել գյուղացիների արտադրանքը, սննդամթերքը և արհեստագործական իրերը։ Տուրիստը ոչ միայն կգա Հայաստանի ճարտարապետական հուշարձանները դիտելու, այլև բնաշխարհի հետաքրքիր օբյեկտները դիտելու»,- ասում է նա՝ հավելելով, որ զարգացած երկրները կա՛մ ունեն գեոպարկ, կա՛մ մտածում են գեոպարկեր ստեղծելու ուղղությամբ։ Արա Ավագյանն ասում է՝ որոշ հանգամանքներից ելնելով՝ առաջարկել են, որ գեոպարկը ընդգրկի 4 մարզերի՝ Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Կոտայքի և Արարատի որոշ հատվածները․ «Աշխատանքի ընթացքում տեսանք, որ, եթե, օրինակ, Արարատի մարզի հարակից տարածքից ներգրավում ենք փոքր հատված, առնվազն երկու երկրատեղանք ենք կարողանում ընդգրկել գեոպարկի մեջ, որոնք կունենան միջազգային նշանակություն։ Նույնը վերաբերում է Կոտայքի մարզին։ Սա շատ կարևոր է։ Մի հանգամանք էլ նշեմ։ Գեոպարկերը նաև ունենում են մասնագիտացումներ, դա ավելի քիչ տարածված է, բայց շատ ավելի քիչ տարածված են գեոպարկերը, որոնք վերաբերում են երկրաբանական վտանգներին։ Պետք է հստակ պատկերացնել, որ ՀՀ տարածքը գտնվում է երկրադինամիկորեն շատ ակտիվ տարածաշրջանում, և երկրաբանական միջավայրում գործում են ուժեր, որոնք կարող են հանգեցնել վտանգ պարունակող երկրաբանական երևույթների, օրինակ՝ հրաբխականության, երկրաշարժերի, սողանքների, փլուզումների և այլնի։ Այս տեսանկյունից, ցավոք սրտի, Հայաստանը «հարուստ է», և այս պատճառով մեզ մոտ գաղափար ծնվեց, և մենք սկսեցինք աշխատել, որ մեր գեոպարկը մասնագիտացված լինի երկարաբանական վտանգներով»։ Արա Ավագյանը հավելում է, որ այս սկզբունքով էլ ընտրվել են տարածքները․ «Մենք նախ ծանոթացել ենք տվյալ մարզերի բնական անկենդան հուշարձանների գոյություն ունեցող ցանկերի հետ, և ընտրել ենք այն մարզերի տարածքները, որտեղ վտանգավոր երկրաբանական պրոցեսների արդյունքում առկա են հազվագյուտ երկրաբանական օբյեկտներ։ Կարևոր էր նաև ընտրել այնպիսի մարզեր, որտեղ տնտեսության խթանման ավելի մեծ անհրաժեշտություն կա։ Այդ առումով, օրինակ, Գեղարքունիքի հարավային շրջանները և Վայոց Ձորի հյուսիսային հատվածները դրա կարիքն ունեն»։ Նա պատմում է, որ սկզբնական շրջանում 40-ից ավելի երկրատեղանքներ էին ընտրել, բայց աշխատանքների արդյունքում ընտրել են 29․ «Հիմա արդեն աշխատում ենք այդ երկրատեղանքների տեղեկատվական բազայի ստեղծման վրա։ Միջազգային փորձից ելնելով՝ մշակել ենք անձնագրավորման մեր մոդելը և դրա համաձայն կատարում ենք տեղեկության հավաքագրում՝ յուրաքանչյուր երկրատեղանքի համար։ Հուսով եմ, որ նոր կառավարությունը կհարգի գոյություն ունեցող պայմանավորվածությունները, և ծրագրի ավարտին կկարողանանք կառավարության օգնությամբ իրավական բոլոր հարցերը կարգավորելուց հետո, հայտարարել Ազգային առաջին գեոպարկի բացման մասին, դրանից հետո կգնա մյուս էտապը՝ փորձելով Ազգային գեոպարկը դարձնել UNESCO-ի գեոպարկ»,- ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ գեոպարկը կենդանի օրգանիզմ է, հետևաբար դրա համար նախատեսված տարածքը, երկրատեղանքները կարող են փոփոխության ենթարկվել, կարող են հետագայում ստեղծվել այլ գեոպարկեր»։  Արա Ավագյանն ասում է նաև, որ ստեղծվելիք գեոպարկը կարող է ունենալ տարածաշրջանային և միջազգային նշանակություն․ «Տառացիորեն 2 օր առաջ ես ճանապարհեցի ֆրանսիացի համբավավոր գիտնական Մարկ Սոսսոնին, որը կառուցվածքային երկարաբանության մասնագետ է։ Ինքը, երբ սկսում է խոսել ինչ-որ կարևոր զեկույց աշխարհում տեսած կարևոր օբյեկտների մասին, բերում է Ջրովանքի (Վայոց Ձորի մարզ) օրինակը, որը երկրաբանական անկյունային աններդաշնակության բացառիկ օրինակ է։ Այն վկայում է երկրակեղևի բուռն զարգացման մի ժամանակաշրջանի մասին։ Դա բացառիկ օբյեկտ է, և, իր կարծիքով՝ եթե աշխարհում լավագույնը չէ, ապա լավագույն տասնյակի մեջ է։ Բացի դրանից՝ ունենք մի շարք այլ հետաքրքիր օբյեկտներ, որոնք նույնպես ունենալու են միջազգային արժեք, որոնց հետ հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալ»։ Երկրաբանական գիտությունների դոկտորը պատմում է, որ Հայաստանում գեոպարկի  գաղափարը նոր չէ, գործնական քայլեր սկսեցին անել 2014-2015 թթ․-ից, բայց քաղաքական փոփոխությունները և այլ հանգամանքները հետագայում խանգարել են դրա ստեղծմանը։ «Այն ժամանակ տարածաշրջանում չկար գեոպարկ, նույնիսկ Ռուսաստանում չկար։ Մենք, ցավոք սրտի, հետ ընկանք։ Հիմա մեր շատ հարևաններ հիմնել են գեոպարկեր»։ Նրա խոսքով՝ գեոպարկը ստեղծվում է ՀՀ Գիտության կոմիտեի հատկացրած նպատակային ֆինանսավորմամբ։  Ավագյանը տեղեկացնում է, որ ստեղծվելիք գեոպարկը ընդգրկելու է մոտ 4573կմ2 տարածք, որը համապատասխանում է ՀՀ տարածքի 15.3% -ին: Մեր զրուցակցի խոսքով՝ այլևս դանդաղելու իրավունք չունեն։ «Ցանկացած հասարակության զարգացվածության կարևորագույն չափանիշ է բնության նկատմամբ վերաբերմունքի մակարդակը: Գեոպարկի առկայությունը ՀՀ-ում այդ առումով կարևոր ցուցանիշ է և ունի բնապահպանական դաստիարակության մակարդակի բարձրացման միտում»։ Նա լիահույս է, որ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտնականների խմբի աշխատանքը ըստ արժանվույն կգնահատվի և ՀՀ կառավարության օժանդակությամբ Ազգային գեոպարկը կստեղծվի այս տարվա ավարտին:   Գեոպարկը ներառող Նորատուս հրաբուխը Սևանա լճի ափին, որի խառնարանի ամբողջ պարագծով ամրոցի պարիսպներ են Գլխավոր լուսանկարում՝ Նորատուսի հաստվածքը, ուր առկա են հրաբխային ժայթքման մասին վկայող երիտասարդ շերտեր       Նանե Ավետիսյան
22:12 - 23 հուլիսի, 2021
Սահմանադրական դատարանը չի խախտել օրենքի նորմը․ Էդգար Ղազարյանը սխալվում է

Սահմանադրական դատարանը չի խախտել օրենքի նորմը․ Էդգար Ղազարյանը սխալվում է

ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե ՍԴ-ն խախտել է օրենքի նորմը՝ ընտրությունների արդյունքները բողոքարկելու վերաբերյալ որոշման ամբողջական տեքստը հրապարակելով 2021 թվականի հուլիսի 20-ին՝ Կուրբան Բայրամի օրը, համաձայնեցնելով իրենց որոշումը մուսուլմանական օրացույցին։ ՍԴ նախկին աշխատակիցը խախտված նորմ է համարել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասը, ըստ որի՝ «Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները հրապարակվում են դատարանի նիստում և կցվում գործին»։  Ղազարյանը, սակայն, սխալվում է։ Բանն այն է, որ Սահմանադրական դատարանը ս․թ․ հուլիսի 17-ի երեկոյան դռնբաց նիստում հրապարակել է արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշումը։ Այնուհետեւ եռօրյա ժամկետում որոշումն ամբողջությամբ հրապարակվել է Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում։ ՍԴ մասին օրենքի 61-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «Սահմանադրական դատարանի ըստ էության որոշումները և եզրակացությունները վերջնական են և ուժի մեջ են մտնում Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակվելու օրվանից։ Սահմանադրական դատարանի որոշումներն ու եզրակացությունները պարտադիր հրապարակվում են նաև նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակման օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև Սահմանադրական դատարանի տեղեկագրում։»: ՍԴ կայացրած հիշյալ որոշումը հուլիսի 20-ին հրապարակվել է կայքում՝ չնայած օրենքի՝ վերը մեջբերված հոդվածում եռօրյա ժամկետում հրապարակելու ուղղակի պահանջ չկա։ Սակայն նույն օրենքի 65-րդ հոդվածի մեջ էլ նշված է՝ «Սահմանադրական դատարանի որոշումներն ու եզրակացությունները դրանց ընդունման օրվանից հետո` եռօրյա ժամկետում, առաքվում են դատավարության կողմերին:»։ Վերը հիշատակած նորմերին համապատասխան՝ որոշումն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում ՍԴ-ն որոշումը հրապարակել է պաշտոնական կայքում։ Սահմանադրական դատարանն իր բոլոր որոշումներն է հրապարակում եռօրյա ժամկետում, երբեմն՝ հենց երրորդ օրը․ որպես օրինակ՝ Սահմանադրական դատարանն այս տարվա մարտի 26-ին հրապարակեց Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին որոշումը, եւ այն ամբողջությամբ տեղադրեց պաշտոնական կայքում մարտի 29-ին։ Այսինքն՝ ՍԴ որոշումը մուսուլմանական տոնի օրը հրապարակելը դիտավորություն համարելն անիմաստ է։ Իսկ ՍԴ մասին օրենքի նորմերը չեն խախտվել, քանի որ որոշումը ե՛ւ ՍԴ նիստերի դահլիճում, ե՛ւ ՍԴ պաշտոնական կայքում հրապարակվել է ՍԴ մասին սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխան: Ի դեպ՝ 2018 թվականի ապրիլի 9-ից՝ ՍԴ մասին սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելուց, հետո ՍԴ բոլոր որոշումները վերոնշյալ նույն կարգով են հրապարակվել: Հայարփի Բաղդասարյան
13:44 - 23 հուլիսի, 2021
Ֆրանսիայի իշխանությունները ամենաբարձր մակարդակով տեղեկացված են, թե ինչ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին․ Ժոնաթան Լաքոտ

Ֆրանսիայի իշխանությունները ամենաբարձր մակարդակով տեղեկացված են, թե ինչ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին․ Ժոնաթան Լաքոտ

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է օրեր առաջ կատարած իր գրառմանը․ «Երբ Երասխը չի կարող քնել, Երևանը նույնպես արթուն է մնում։ «Ֆեյսբուքում այս գրառմամբ երկու բան էի ցանկանում արտահայտել։ Նախևառաջ ցանկանում էի նկարագրել մի իրողություն, որը հետևյալն է։ Երկուշաբթիից երեքշաբթի գիշերը, գիշերը 2-ին բոլորը օնլայն էին, ոչ ոք չէր քնում, բոլորը անհանգստացած էին Երևանում Հայաստանում։ Երկրորդ ուղերձը համերաշխության ուղերձն էր։ Ցանկանում էի ինձ հետևող մարդկանց ասել, որ Ֆրանսիան հետևում է սահմանի իրավիճակին։ Մարդիկ պետք է վստահ լինեն, որ Ֆրանսիայի իշխանությունները ամենաբարձր մակարդակով լիովին տեղեկացված են, թե ինչ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Երասխը միաժամանակ խորհրդանշական և ռազմավարական վայր է, ռազմավարական, քանի որ Ադրբեջանի հետ Երևանին ամենամոտիկ սահմանն է, իսկ խորհրդանշական, քանի որ սա մի վայր է, որտեղ հանդիպում են 4 պետություններ։ Այս պահին այնտեղ լարվածություն կա, բայց պետք է հուսանք, որ ապագայում Երասխը կարող է կրկին դառնալ խաչմերուկը, որ նա եղել է ժամանակին»։ Անդրադառնալով 44-oրյա պատերազմի ընթացքում Ռուսաստանի Դաշնության դերին և կարծիքներին, որ ՌԴ-ն չի կատարել իր պարտավորությունները, դեսպանը նշել է, որ պետք է հայացք նետել ներկա իրողություններին․ «Ներկա իրողություններն այնպիսին են, որ Ռուսաստանն ապահովում է Ղարաբաղի հայերի անվտանգությունը։ Եթե ռուսական ուժերը չլինեին, Ղարաբաղում այլևս հայ չէր լինի։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը հանգեցրեց մի հրադադարի, որը, ընդհանուր առմամբ, պահպանվում է։ Միևնույն ժամանակ, ութ ամիս անց մենք տեսնում ենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի լուծում բոլոր հարցերը։ Դրա որոշ դրույթներ, մասնավորապես՝ ռազմագերիների ազատման դրույթը, լիովին չեն հարգվում։ Եվ ընդհանուր առմամբ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչինչ չի ասում Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին։ Այսպիսով, նոյեմբերի 9-ի հայտարարությունը մի փուլ էր, բայց հիմա պետք է ամրապնդել խաղաղությունը, հրադադարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսել քաղաքական գործընթացը»։  Անդրադառնալով Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանական ոլորտում հնարավոր համագործակցությանը, Լաքոտը նշել է․ «Ինչ վերաբերում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության ոլորտում համագործակցությանը, մենք, բնականաբար, պատրաստ կլինենք քննել հայկական իշխանությունների կողմից մեզ ուղղված բոլոր հայտերը։ Իհարկե պետք է հաշվի առնենք որոշ իրողություններ. Ֆրանսիան և Հայաստանը միևնույն ռազմական ալյանսների անդամներ չեն։ Ընդհանուր առմամբ, մեր դերն ապագա պատերազմին պատրաստվելը չէ։ Մեր դերը նոր հակամարտությունից խուսափելն է և քաղաքական գործընթացում ուղեկցելն է, որը թույլ կտա տարածաշրջանում խնդրահարույց հարցերի վերջնական լուծում»։
11:55 - 23 հուլիսի, 2021
Մարզպետները 2020 թվականին ստացել են նույնչափ պարգևավճարներ, որքան 2019 թվականին

Մարզպետները 2020 թվականին ստացել են նույնչափ պարգևավճարներ, որքան 2019 թվականին

Պաշտոնատար անձանց աշխատավարձը սահմանվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով, համաձայն որի՝ սահմանվել է պաշտոնատար անձանց աշխատավարձի հաշվարկման մեխանիզմ։ Ըստ այդ մեխանիզմի՝ պաշտոնյայի հիմնական աշխատավարձը օրենքով նախատեսված գործակցի և բազային աշխատավարձի արտադրյալն է։ Տարբեր պաշտոնների համար սահմանված գործակիցներին կարող եք ծանոթանալ ուսումնասիրելով օրենքի հավելվածները, իսկ բազային աշխատավարձն ամեն տարի սահմանվում է «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով։ 2020 թվականին այն սահմանվել է 66,140 ՀՀ դրամ։ 2020 թվականը մեկնարկեց կորոնավիրուսային համավարակով, որին զուգորդեց 44-օրյա պատերազմը։ 2020 թվականի ընթացքում տարբեր գերատեսչություններ հրաժարվեցին իրենց հատկացվող պարգևավճարներից կամ այն փոխանցեցին պետական ֆոնդերի։ Պատգամավորները 2019 թվականի համեմատությամբ նվազեցրին իրենց հատկացվող պարգևավճարները։ Ինֆոքոմն ուսումնասիրել է մարզպետների հայտարարագրերը՝ պարզելու՝ արդյոք նրանք 2020 թվականի ընթացքում ստացել են նույնչափ պարգևավճարներ, թե ոչ։ Ինչպես արդեն նշեցինք, հիմնական աշխատավարձը բազային աշխատավարձի և գործակցի արտադրյալն է։ Համաձայն այս հաշվարկման մեխանիզմի՝ մարզպետների աշխատավարձը 661,400 դրամ է, որի մեջ ներառված են հարկերը։ Աշխատավարձի հաշվիչի համաձայն՝ մարզպետների մաքուր աշխատավարձը, որում ներառված չեն հարկերը, կազմում է շուրջ 474,000 դրամ։  Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը մարզպետ է նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 16-ին։ Վերջինիս ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա 2019 թվականին ստացել է 12 մլն 79 հազար դրամ աշխատավարձ։ Եթե վերցնենք միջին ցուցանիշը, ապա Գևորգյանն ամսական ստացել է 1 մլն 6 հազար դրամ աշխատավարձ։ Նրա ստացած ամսական եկամուտը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 532 հազար դրամով։ Այսինքն՝ Գևորգյանը 2019 թվականին ամսական ստացել է 532 հազար դրամ պարգևավճար, որը նրա ամսական հիմնական աշխատավարձի 112%-ն է։ 2020 թվականին մարզպետ Դավիթ Գևորգյանը ստացել է 10 մլն 522 հազար դրամ աշխատավարձ, որն ամիսների վերածած կազմում է ամսական 877 հազար դրամ։ 2020 թվականին նրա ստացած ամսական եկամուտը, որը ներառում է նաև պարգևավճարները, նրա հիմնական աշխատավարձից ավելի է 403 հազար դրամով։ Այսինքն՝ Գևորգյանը 2020 թվականին ամսական ստացել է 403 հազար դրամ պարգևավճար, որը նրա ամսական հիմնական աշխատավարձի 85%-ն է։ Երկու տարիների վիճակագրությունները համեմատելիս պարզ է դառնում, որ 2020 թվականին Արագածոտնի մարզպետը չի հրաժարվել իրեն պարգևատրելուց և 2019-ի համեմատությամբ գրեթե նույն չափ պարգևավճար է ստացել։  Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը պաշտոնը ստանձնել է 2020 թվականի դեկտեմբերի 10-ին, հետևաբար կդիտարկենք նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի ներկայացրած հայտարարագիրը։ Սարգսյանը մարզպետի պաշտոնը ստանձնել է 2018 թվականի հունիսի 1-ին։ 2018 թվականին 7 ամիսների ընթացքում Գարիկ Սարգսյանն ստացել է 3 մլն 530 հազար դրամ աշխատավարձ, որը ամիսների վերածած կազմում է 504 հազար դրամ։  2019 թվականին Սարգսյանն ստացել է 11 մլն 614 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նաև ստացած պարգևավճարները։ Եթե վերցնենք միջին ցուցանիշը, ապա Սարգսյանի ամսական եկամուտը կազմել է 968 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 494 հազարով։ Այսինքն՝ 2019 թվականին Սարգսյանն ամսական կտրվածքով ստացել է 494 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 104,2%-ն է։ 2020 թվականին Սարգսյանն ստացել է 12 մլն 217 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նաև ստացած պարգևավճարները։ Եթե վերցնենք միջին ցուցանիշը, ապա Սարգսյանի ամսական եկամուտը կազմել է 1 մլն 18 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 544 հազարով։ Այսինքն՝ 2020 թվականին Սարգսյանն ամսական կտրվածքով ստացել է 544 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 114,7%-ն է։ Ստացվում է, որ Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը 2020-ին 2019-ի համեմատությամբ ավելի շատ պարգևավճար է ստացել։  Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը պաշտոնը ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 16-ին։ 2019 թվականին Մաթևոսյանը Արմավիրի մարզպետարանից ստացել է 10 մլն 754 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են պարգևավճարները։ Նրա ստացած աշխատավարձը ամսական միջին ցուցանիշով կազմում է 896 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատվարձից ավելի է 422 հազար դրամով։ Այսինքն՝ Արմավիրի մարզպետը ամսական ստացել է 422 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 89%-ի չափով է։ 2020 թվականին Մաթևոսյանն ստացել է 10 մլն 324 հազար դրամ աշխատավարձ, որը գրեթե հավասար է 2019 թվականին ստացած աշխատավարձի չափին։ Ամսական միջին ցուցանիշով 2020 թվականին Մաթևոսյանի աշխատավարձը, որում ներառված են նաև պարգևավճարները, կազմել է 860 հազար դրամ։ Սա Մաթևոսյանի հիմնական աշխատավարձից ավելի է 408 հազար դրամով, այսինքն՝ հենց այսքան է կազմել մարզպետի ամսական ստացած պարգևավճարը։ Արմավիրի մարզպետի ստացած պարգևավճարը նրա հիմնական աշխատավարձի 86%-ն է։ 2019 և 2020 թվականների եկամուտները համեմատելիս ակնհայտ է, որ երկու տարիներին էլ դրանք միմյանց գրեթե հավասար են եղել։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը պաշտոնը ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին։ 2019 թվականին Սանոսյանի աշխատավարձը կազմել է 10 մլն 801 հազար դրամ, որում ներառված են նաև ստացած պարգևավճարները։ Եթե վերցնենք ամսական միջին ցուցանիշը, ապա Սանոսյանի ամսական եկամուտը եղել է 900 հազար դրամ։ Սա նրա հիմնական աշխատավարձից ավելի է 426 հազար դրամով։ Այսինքն՝ Սանոսյանն ամսական կտրվածքով ստացել է 426 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 89,8%-ն ։ 2020 թվականին Սանոսյանը Գեղարքունիքի մարզպետարանից ստացել է 10 մլն 672 հազար դրամ աշխատավարձ, որն ամիսների վերածած կազմում է 889 հազար դրամ։ Սա Սանոսյանի հիմնական աշխատավարձից ավելի է 415 հազար դրամով, որը հենց ստացած պարգևավճարն է։ Սանոսյանի ստացած պարգևավճարները 2020 թվականին կազմել է նրա հիմնական աշխատավարձի 87,5%-ը։ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետի պաշտոնը ստանձնել է 2020 թվականի դեկտեմբերի 17-ին, հետևաբար 2019 և 2020 թվականների աշխատավարձերի և պարգևավճարների համեմատությունն անելու համար կդիտարկենք Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հայտարարագրերը։ Ղուկասյանը Լոռու մարզի մարզպետի պաշտոնը ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին։ 2019 թվականին Ղուկասյանի աշխատավարձը և ստացած պարգևավճարները միասին կազմում են 11 մլն 150 հազար։ Եթե վերցնենք ամսական միջին ցուցանիշը, ապա Ղուկասյանը 2019 թվականին ամսական ստացել է 929 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 455 հազար դրամով։ Այսինքն՝ ամսական կտրվածքով Ղուկասյանը ստացել է 455 հազար դրամ պարգևավճար։ Ղուկասյանը 2019 թվականին ստացել է հիմնական աշխատավարձի 95,9%-ի չափով պարգևավճար։ 2020 թվականին Անդրեյ Ղուկասյանը մարզպետի պաշտոնում ստացել է 11 մլն 302 հազար դրամ աշխատավարձ, որը ամսական կազմում է 942 հազար դրամ։ Սա նրա աշխատավարձից ավելի է 468 հազար դրամով։ Այսինքն՝ Ղուկասյանը 2020 թվականին ամսական միջին ցուցանիշով ստացել է 468 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 98,7%-ն է։  Համեմատելով մարզպետի 2020 և 2019 թվականների աշխատավարձերը՝ տեսնում ենք, որ 2020 թվականին ստացած պարգևավճարները չեն զիջում 2019-ին ստացածին։ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը պաշտոնը ստանձնել է 2021 թվականի մայիսի 27-ին։ Նրանից առաջ Կոտայքի մարզպետը Մեսրոպ Առաքելյանն էր, որին նախորդել է Ռոմանոս Պետրոսյանը։ Հասկանալու համար, թե 2019 և 2020 թվականներին որքան աշխատավարձ և պարգևավճար են ստացել Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցնող անձինք՝ դիտարկենք Ռոմանոս Պետրոսյանի և Մեսրոպ Առաքելյանի ներկայացրած հայտարարագրերը։  Այսպես՝ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզպետի պաշտոնում նշանակվել է 2018 թվականի հունիսի 1-ին։ 2018 թվականի 7 ամիսների ընթացքում Պետրոսյանն ստացել է 3 մլն 396 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նաև նրա ստացած պարգևավճարները։ Այս գումարը ամիսների վերածած կազմում է 485 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձի չափով է։  2019 թվականին Պետրոսյանն ստացել է 11 մլն 522 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նրա ստացած պարգևավճարները։ Ամիսների միջին ցուցանիշով Պետրոսյանն ստացել է 960 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 486 հազար դրամով։ Այսինքն՝ 2019 թվականին Պետրոսյանն ամսական միջինում ստացել է 486 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 102,5%-ն է։ 2020 թվականին Պետրոսյանը պաշտոնավարել է մինչև հուլիսի 30-ը։ Այս 7 ամիսների ընթացքում Պետրոսյանն ստացել է 8 մլն 308 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նաև ստացած պարգևավճարները։ Նրա ստացած աշխատավարձը ամսական կազմում է 1 մլն 187 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 713 հազար դրամով։ Մեսրոպ Առաքելյանը մարզպետի պաշտոնը ստանձնել է նոյեմբերի 26-ին և մինչև տարեվերջ՝ մեկ ամսվա համար ստացել է 985 հազար դրամ աշխատավարձ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 511 հազարով։ Ընդհանուր՝ երկու մարզպետները 2020 թվականի 8 ամիսների ընթացքում ստացել են 9 մլն 293 հազար դրամ, որը ամիսների վերածած կազմում է ամսական 1 մլն 161 հազար։ Սա նրանց հիմնական աշխատավարձից ավելի է 687 հազար դրամով։ Այսինքն՝ հենց այսքան ամսական միջին պարգևավճար են ստացել Կոտայքի մարզպետները, որը նրանց հիմնական աշխատավարձի 145%-ն է։ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը 2018 թվականի հեղափոխությունից հետո երրորդ մարզպետն է։ Նրանից առաջ Շիրակի մարզպետը Տիգրան Պետրոսյանն էր։ Վերջինս մարզպետ է նշանակվել 2019 թվականի փետրվարի 12-ին։ Պետրոսյանը 2019 թվականի ընթացքում մարզպետարանից ստացել է 7 մլն 565 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նաև նրա ստացած պարգևավճարները։ Միջին ամսական կտրվածքով նրա աշխատավարձը կազմել է 720 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 246 հազար դրամով։ Այսինքն՝ Պետրոսյանը 2019 թվականին ամսական միջինը ստացել է 246 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 51,9%-ն է։ 2020 թվականին Հարությունյանն ստացել է 9 մլն 984 հազար դրամ աշխատավարձ, որն ամիսների բաժանած կազմում է ամսական 832 հազար դրամ։ Սա նրա հիմնական աշխատավարձից ավելի է 358 հազար դրամով։ Այսինքն 2020 թվականի ընթացքում Հարությունյանն ամսական միջինը ստացել է 358 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 75,5%-ն է։ Ինչպես տեսնում ենք երկու տարիների համեմատությունից, 2020 թվականին Շիրակի մարզպետի պաշտոնում ավելի շատ են պարգևավճար ստացել, քան 2019 թվականին։ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մարզպետի պաշտոնը ստանձնել է 2020 թվականի դեկտեմբերի 9-ին։ Մինչ այդ մարզպետի պաշտոնում Հունան Պողոսյանն էր։ 2019 թվականին Պողոսյանը Սյունիքի մարզպետարանից ստացել է 10 մլն 166 հազար դրամ աշխատավարձ, որն ամիսների բաժանած կազմում է ամսական 847 հազար դրամ։ Սա նրա հիմնական աշխատավարձից ավելի է 373 հազար դրամով, որը նրա աշխատավարձի 78,7%-ն է։ 2020 թվականին Պողոսյանն ստացել է 10 մլն 808 հազար դրամ աշխատավարձ, որն ամիսների բաժանած կազմում է 982 հազար դրամ։ Ամսական այս աշխատավարձը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 508 հազար դրամով։ Այսինքն՝ 2020 թվականի ընթացքում Պողոսյանն ամսական միջինը 508 հազար դրամ պարգևավճար է ստացել, որը նրա հիմնական աշխատավարձի 107%-ն է։ Ստացվում է, որ 2020 թվականին պարգևավճարի չափը ոչ միայն չի պակասել, այլ ավելացել է։ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը պաշտոնն ստանձնել է 2019 թվականի հոկտեմբերի 30-ին։ 2019 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համար վերջինս ստացել է 1 մլն 800 հազար դրամ աշխատավարձ, այսինքն՝ ամսական 900 հազար դրամ։ Մինչև Գրիգորյանի պաշտոնավարումը Վայոց ձորի մարզպետը Տրդատ Սարգսյանն էր։ Վերջինս 2019 թվականի ընթացքում պաշտոնավարել է 9 ամիս 10 օր։ Այդ ընթացքում Սարգսյանն ստացել է 9 մլն 633 հազար դրամ աշխատավարձ, այսինքն՝ ամսական 1 մլն 36 հազար դրամ։ Ընդհանուր առմամբ 2019 թվականին Վայոց ձորի մարզպետի պաշտոնը զբաղեցնող երկու մարզպետերն ստացել են 11 մլն 433 հազար դրամ աշխատավարձ, որն ամսական կազմում է 1 մլն 12 հազար դրամ։ Այսինքն՝ ամսական միջին ցուցանիշով մարզպետները ստացել են 538 հազար դրամ պարգևավճար, որը նրանց հիմնական աշխատավարձի 113,5%-ն է։ 2020 թվականին Գրիգորյանը Վայոց ձերի մարզպետարանից ստացել է 11 մլն 334 հազար դրամ աշխատավարձ, որն ամսական կազմում է 944 հազար դրամ։ Սա նրա հիմնական աշխատավարձից ավելի է 470 հազար դրամով, այսինքն՝ Գրիգորյանը 2020 թվականի ընթացքում ամսական ստացել է միջինը 470 հազար դրամ պարգևավճար, ինչը նրա հիմնական աշխատավարձի 99,1%-ն է։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը պաշտոնը ստանձնել է 2021 թվականի ապրիլի 8-ից, մինչ այդ Տավուշի մարզպետը Հայկ Չոբանյանն էր։ Վերջինս պաշտոնը ստանձնել է 2019 թվականի փետրվարի 6-ին։ 2019-ի թվականի պաշտոնավարման ընթացքում վերջինս ստացել է 9 մլն 236 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նաև պարգևավճարները։ Ամսական կտրվածքով Չոբանյանի ստացած աշխատավարձը կազմել է 840 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 366 հազար դրամով։ Այսինքն՝ Չոբանյանը 2019 թվականի ընթացքում ամսական կտրվածքով ստացել է 366 հազար դրամի պարգևավճար, ինչը նրա հիմնական աշխատավարձի 77,2%-ն է։ Չոբանյանը չի ներկայացրել 2020 թվականի տարեկան հայտարարագիրը, հետևաբար չենք կարող համեմատել և իմանալ, թե որքան աշխատավարձ և պարգևավճար է ստացել վերջինս 2020 թվականի ընթացքում։ Ընդհանուր առմամբ ուսումնասիրելով բոլոր մարզպետների 2019 և 2020 թվականների հայտարարագրերը՝ պարզ է դառնում, որ 2020 թվականի ընթացքում, թեև շատ գերատեսչություններ և պաշտոնյաներ հրաժարվում էին իրենց պարգևավճարներից, մարզպետները ամենևին չեն հրաժարվել և որոշ դեպքերում նույնիսկ չեն էլ պակասեցրել իրենց ստացած պարգևավճարները։ Բացի այդ՝ մարզպետները իրենց ստացած պարգևավճարները որևէ հիմնադրամների փոխանցելու մասին հայտարարություններ չեն արել։ Նարեկ մարտիրոսյան
14:46 - 22 հուլիսի, 2021