Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Արցախին նվիրված հայ ռեժիսորի ֆիլմը Մոսկվայի կինոփառատոնում ցուցադրելը ռիսկային են համարել |factor.am|

Արցախին նվիրված հայ ռեժիսորի ֆիլմը Մոսկվայի կինոփառատոնում ցուցադրելը ռիսկային են համարել |factor.am|

factor.am: Հայ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրից։ Արցախին նվիրված ֆիլմը ռիսկային է համարվել ցուցադրության համար, հատկապես՝ սահմանային իրավիճակի սրման ֆոնին, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ֆիլմն իսկապես արտամրցութային ծրագրում էր, այն նվիրված է Լեռնային Ղարաբաղին: Ռազմական գործողությունների սրման ընթացքում մեզ ռիսկային թվաց այս խնդրի հետ կապված ֆիլմ ցուցադրելը»,- մեկնաբանել է կինոփառատոնի ցուցադրության ծրագրերի ղեկավար Կիրիլ Ռազլոգովը: Նա ընդգծել է, որ ֆիլմի ստեղծմանը մասնակցել են մի քանի երկրներ, և հավելել, որ այն հեռացվել է ցուցադրությունից հենց թեմայի պատճառով: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր ռեժիսորի ու կինոլորտի պատասխանատուների հետ կքննարկեն այս ուղղությամբ համատեղ քայլերը։ Այս մասին, հիշեցնենք, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը։ «Տեղեկացվել ենք, որ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը, որ արտադրվել էր Լիտվայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Իտալիայի և Ավստրիայի հետ համատեղ, հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրից: Այսօր ռեժիսորի, կինոլորտի պատասխանատուների հետ քննարկելու ենք այս ուղղությամբ մեր համատեղ քայլերը: Վստահ ենք, սակայն, որ մերժելի և արատավոր մոտեցում է արվեստի պատեհական քաղաքականացումը, մասնագիտական և գեղարվեստական խնդիրների ու չափանիշների ոտնահարումը՝ ինչ-ինչ շահերից ելնելով: Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- նշված է գրառման մեջ։
20:58 - 30 սեպտեմբերի, 2020
Ադրբեջանի համառ ջանքերով բանակցային գործընթացն արդեն տապալված է․ պետք է գնալ Արցախի ճանաչման ճանապարհով․ Տարոն Սիմոնյան

Ադրբեջանի համառ ջանքերով բանակցային գործընթացն արդեն տապալված է․ պետք է գնալ Արցախի ճանաչման ճանապարհով․ Տարոն Սիմոնյան

Հայաստանի Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի պնդմամբ՝ Արդարադատության միջազգային դատարանում (ՄԱԿ) անհապաղ պետք է նախաձեռնել Ադրբեջանի պատասխանատվության հարցը՝ իր միջազգային պարտավորությունների կոպիտ խախտումների հիմքով։ Infocom-ի հետ զրույցում պատգամավորը նկատեց՝ արտաքին քաղաքականության բնագավառում մենք, կարծես թե, դիվանագիտական բոլոր լծակներով անընդհատ տեղեկություն ենք ներկայացնում մեր գործընկերներին, միջազգային կազմակերպություններին, բայց այստեղ, մեր զրուցակցի համոզմամբ, կարեւոր է օգտագործել նաեւ դատաիրավական գործիքները, օրինակ՝ Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանում միջանկյալ գործողություները, ինչն, ի դեպ, արդեն արվել է։ Երեկ ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա որոշում է կայացրել այն կիրառել։ ՄԻԵԴ-ը կոչ է արել ե՛ւ Ադրբեջանին, ե՛ւ Հայաստանին զերծ մնալ այնպիսի միջոցներից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքն ու առողջությունը։  «Սակայն կարեւոր է նաեւ Արդարադատության միջազգային դատարանում գործողություններ սկսել՝ ռասսայական խտրականության բոլոր ձեւերի վերացման կոնվեցիայի շրջանակներում, որը եւս խախտում է Արդբեջանը, երբ հայատյացության քողի ներքո քաղաքացիական անձանց եւ օբյեկների վրա թիրախավորված հարձակում է իրականացնում։ Այս ճակատում մեզնից կախված բոլոր գործողություններն անելու դեպքում մենք արդեն կհասնենք այն հաջողությանը, որ միջազգային հանրությունը ի վերջո կգիտակցի, որ պետք է օր առաջ սանձել ագրեսոր պետության գործողությունները»։ Սիմոնյանի խոսքով՝ մենք պետք է միջազգային հանրությանը տանք օբյեկտիվ տեղեկություն, որպեսզի բոլոր սուբյեկտները հասկանան, որ այստեղ խոսքն ագրեսիայի մասին է, որը սանձազերծել է Ադրբեջանը․ «Այս պետությունը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրության կաեւորագույն սկզբունքներից մեկը՝ ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի արգելքը եւ վեճերը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու՝ պետությունների պարտավորություն։ Եվ բոլոր պետությունները պետք է իմանան, որ էստեղ, փաստորեն, հնարավորություն է առաջացել Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունների վերաճումը դեպի միջազգային խաղաղության եւ անվտանգության սպառնալիքի, ինչը արդեն իսկ բավականին մեծ վտանգ է սպառնում ոչ միայն կոնկրետ փոքր տարածաշրջանին՝ Հարավային Կովկասին, այլ նաեւ ավելի լայն գործողությունների կատարմանը։ Միջազգային հանրությունը պետք է ավելի արագ արձագանքի իրադարձությունների շիկացմանը, որովհետեւ հնարավոր է նաեւ անկանխատեսելի հետեւանքների առաջացում։ Այն, ինչ մեզնից հասել է, մենք արել են, մնում է միջազգային հանրությունը դրան ավելի լուրջ մոտենա»։  Ինչ վերաբերում է Արցախի ճանաչմանը՝ Տարոն Սիմոնյանի ու ԼՀԿ-ի համոզմունքն այն է, որ մենք պետք է որպես նպատակ հռչակենք միավորման գործընթացը, ինչը ամրագրված է մեր Անկախության հռչակագրում․ «Բայց միացման տանող ճանապարհը պետք է գնա անկախության ճանաչումով, որից հետո անմիջապես պետք է սկսի արդեն միավորման գործըթնացը։ Այդտեղ արդեն մարտավարական քայլեր կարող են կատարել»։ Իսկ թե ճանաչման եւ միավորման պարագայում ինչ հնարավոր զարգացումներ կարող են լինել, արդյոք Թուրքիան լայնածավալ պատերազմական գործողությունների չի՞ անցնի Հայաստանի սահմանին, մեր զրուցակիցը շեշտեց՝ Թուրքիան արդեն իսկ ներգրավված է ռազմական գործողություններում եւ, փաստորեն, կոնկրետ աջակցում է հակամարտող կողմին ու արդեն իսկ հակամարտող կողմ է համարվում։  Սիմոնյանը Թուրքիայի ներգրավածությունը Հայաստանի կողմից Արցախի ճանաչմամբ չի պայմանավորում, որովհետեւ ճանաչումը միջազգաիրավական ակտ է, եւ Արցախի ժողովուրդը, ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարող ժողովուրդը արդեն իսկ ճանաչվել է Հայաստանի կողմից՝ որպես միջազգային իրավունքի սյուբեկտ․ «Եթե այդպես չլիներ, մենք չէինք լինի Արցախի Հանրապետության եւ Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության երաշխավորը։ Եվ միջազգային իրավունքի տեսանկյունից արդեն իսկ երկրորդական է դառնում, թե կոնկրետ ինչ փաստաթղթով ենք ճանաչում սա, բայց քանի որ դա արդեն որպես այդպիսին միջազգային հարաբերություններում որոշակի տարաձայնությունների տեղիք է տալիս, մենք քայլերով ենք կազմակերպում աշխատանքը․ օրինակ՝ Ազգային ժողովը հայտարարություն տարածեց, որտեղ նաեւ նշեց Արցախի Հանրապետություն տերմինը, որը եւս ճանաչման ինչ-որ ակտ է, հաջորդ քայլով ճիշտ կլինի արդեն մտածենք եւ կյանքի կոչենք ՀՀ-ի եւ Արցախի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի փաստաթուղթը, վերջում էլ հանդես գանք վերջնական հայտարարությամբ։ Սա է լինելու ճանապարհը»։  Տարոն Սիմոնյանի կարծիքով՝ առաջին խնդիրը, որի պատճառով չէինք գնում այս քայլին, այն էր, որ չէինք ուզում բանակցային գործընթացը տապալել, բայց, փաստորեն, Ադրբեջանի համառ ջանքերով այն արդեն տապալվել է եւ հույս էլ չկա, որ նման գործընթաց կվերականգնվի։ Հետեւաբար, ինչպես նշեց մեր զրուցակիցը, լրացուցիչ մտահոգություններ ունենալ, թե ինչ տեղի կունենա հետագայում՝ տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական առումով, զուր է, որովհետեւ այն, ինչ պիտի տեղի ունենար, եղել է․ «Իսկ այժմ քաղաքացիները պետք է սատար լինեն պետությանը, ինչին բոլորս ականատես ենք լինում, մեկ միասնական բռունցք լինենք, հույսը դնենք միայն մեզ վրա եւ մենք խնդիրը լուծենք։ Եթե մենք տեղում խնդիրը լուծենք՝ ռազմական ագրեսիային պատասխանելով, ամենամեծ ցավը պատճառելով Ադրբեջանին, ապա այդ պարագայում նաեւ դիվանագիտական, իրավական հարթություններում կհասնենք հաջողությունների։ Այսօրեական խնդիրը ռամական հաջողություններն են եւ մեր բանակին աջակից լինելը»,- եզրափակեց պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ Հայարփի Բաղդասարյան
20:38 - 30 սեպտեմբերի, 2020
Առաջին անգամ ռազմադաշտից․ Հայաստանի դեմ կռիվներում Ադրբեջանի կողմից զոհված սիրիացի վարձկանի լուսանկարը․ «Ջիսր»

Առաջին անգամ ռազմադաշտից․ Հայաստանի դեմ կռիվներում Ադրբեջանի կողմից զոհված սիրիացի վարձկանի լուսանկարը․ «Ջիսր»

Քուվեյթական «Ջիսր» թերթը տեղեկացնում է, որ իրեն հաջողվել է ձեռք բերել ադրբեջանական ռազմադաշտից առաջին լուսանկարը։ Կադրում տեսնում ենք «Սիրիական ազգային բանակին» պատկանող վիրավոր մի զինվորի, ում վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ լուսանկարն անելուց րոպեներ անց վերջինս մահացել է։ Ըստ թերթի աղբյուրի՝ լուսանկարում պատկերված զինվորը Աբդուռազզակ Ալ-Մուլկաբ Բաբի Հարիրան է, որը Հոմսի շրջանի Թասնին գյուղից է։ Նշվում է նաեւ, որ իրենց աղբյուրին հաջողվել է բացահայտել երեք օր առաջ տեղի ունեցած կռիվների ժամանակ «Սիրիական ազգային բանակին» պատկանող եւս երեսուն զինվորների մահվան հանգամանքը, որոնք «զոհվել են հարձակման ծրագրի մեջ թերանալու եւ առանց անհրաժեշտ թիկունքային պաշտպանության առաջ մղվելու պատճառով»։ Հաջողվել է ճշտել զոհերից երկուսի անունները, որոնցից մեկը վերեւում հիշատակված Աբդուռազզակ Ալ-Մուլկաբ Բաբի Հարիրան է (ազգությամբ թուրքմեն), իսկ երկրորդը՝ Աբու Շադի ալ-Աքարին, որը Հյուսիսային Հոմսի ազ-Զաֆրանի գյուղից է: Աղբյուրը նաեւ հաղորդում է, որ ինֆորմացիայի եւ լուսանկարների սակավությունը բացատրվում է «Սիրիական ազգային բանակին» պատկանող զինվորների վրա դրված պատժամիջոցներով՝ նրանց վճարվող գումարի զրկումից մինչեւ բանտարկություն եւ վտարում։    
20:32 - 30 սեպտեմբերի, 2020
Դեպի Արցախ օգնություն կազմակերպելու վերաբերյալ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության hայտարարությունը

Դեպի Արցախ օգնություն կազմակերպելու վերաբերյալ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության hայտարարությունը

ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել․ «ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունը հեռախոսազանգեր է ստանում կազմակերպություններից և անհատներից՝ Պաշտպանության բանակի, Արցախի բնակիչների, ինչպես նաև ՀՀ-ում գտնվող Արցախի քաղաքացիների կարիքների համար իրային պարագաներ և սննդամթերք նվիրաբերելու առաջարկով: Գործընթացը կանոնակարգված կազմակերպելու համար խնդրում ենք դիմել հետևյալ հեռախոսահամարներով․ Արցախի Հանրապետության քաղաքացիների հետ կապված հարցերով՝ 010 249910, 010 249920, 010 249960 Oգնության պահեստավորման հարցերով`010 249955 Տրանսպորտային միրջոցների առաջարկների դեպքում՝ 010 249955 Խնդրում ենք, նախքան օգնության նախաձեռնումը, ինչպես նաև այլ հարցերի դեպքում, կապ հաստատել ներկայացուցչության հետ ներքոհիշյալ համարներով՝ 010 249977,  010249988»։
20:10 - 30 սեպտեմբերի, 2020
Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեի հետ

Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեի հետ

Սեպտեմբերի 30-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեի հետ: Նախարարն իր շվեդ գործընկերոջը ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը, այդ թվում տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ խաղաղ բնակչության թիրախավորման և քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծման դեպքերը:   Զոհրաբ Մնացականյանն իր խորը մտահոգությունը հայտնեց Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող բացահայտ ռազմաքաղաքական աջակցության առնչությամբ:  ՀՀ ԱԳ նախարարը հույս հայտնեց առաջիկայում նախարար Լինդեին հյուրընկալել Հայաստանում, ինչը լավ հնարավորություն կընձեռի երկկողմ օրակարգին առնչվող հարցերի քննարկման և համագործակցության հետագա ծրագրերի ուղենշման համար:
20:02 - 30 սեպտեմբերի, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը Ադրբեջանի հրահրած ռազմական գործողությունների վերաբերյալ նամակ է հղել Օմանի սուլթանին

Նախագահ Արմեն Սարգսյանը Ադրբեջանի հրահրած ռազմական գործողությունների վերաբերյալ նամակ է հղել Օմանի սուլթանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների առնչությամբ նամակ է հղել Օմանի Սուլթանության սուլթան Հայթամ Բին Տարեկ Ալ Սայիդին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ այս օրերին Ադրբեջանը նախաձեռնել է հերթական սադրիչ հարձակումն Արցախի Հանրապետության ուղղությամբ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակչությանը: «Ցավոք, Ադրբեջանի կողմից պատերազմի հրահրումն Արցախի և Հայաստանի դեմ նոր երևույթ չէ. ավելի քան երեք տասնամյակ Ադրբեջանը փորձում է լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմական միջոցներով և արմատախիլ անել հայ բնակչությանը սեփական հայրենիքից»,- ընդգծել է Հանրապետության նախագահը: Նա հիշեցրել է, որ նախորդ ամիսներին Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես բարձրաձայնել է իր մտադրությունը՝ լուծելու հակամարտությունը պատերազմի միջոցով: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է Օմանի սուլթանին՝ օգտագործելու միջազգային հարթակներում ունեցած կապերն ու հեղինակությունը, որպեսզի անհապաղ դադարեցվեն արյունահեղությունն ու մարդկային տառապանքները: «Հակամարտությունը կարող է և պետք է լուծվի միայն բանակցությունների միջոցով: Այն չունի ռազմական կարգավորում: Մենք ապացուցել ենք դա նախկինում և կապացուցենք կրկին»,- ասվում է նամակի եզրափակիչ հատվածում:
19:53 - 30 սեպտեմբերի, 2020
Թանկյանի համահիմնադրած Creative Armenia-ն հայտարարում է «Արվեստագետները հանուն Արցախի» դրամաշնորհ

Թանկյանի համահիմնադրած Creative Armenia-ն հայտարարում է «Արվեստագետները հանուն Արցախի» դրամաշնորհ

Creative Armenia մշակութային հիմնադրամը հայտարարում է «Արվեստագետները հանուն Արցախի» դրամաշնորհների մրցույթ, որին կարող են դիմել, կինոգործիչները, լուսանկարիչները, գրողները և բոլոր արվեստագետները, ովքեր ցանկանում են խթանել Արցախի մասին իրազեկումը։ Այս մասին տեղեկացրին Creative Armenia մշակութային հիմնադրամից։ «Արվեստագետները հանուն Արցախի» ծրագիրը ստեղծարար դրամաշնորհ է կինոգործիչների, լուսանկարիչների, գրողների և բոլոր արվեստագետների համար, ովքեր իրենց ստեղծագործություններով ուշադրությունը սևեռում են Արցախի և նրա ժողովրդի վրա։ «Անկախ նրանից ՝ դուք հիմա Արցախում եք, թե ստեղծագործում եք նրա սահմաններից դուրս, ճշմարտությունը լսելի դարձնելու և իրազեկմանը նպաստելու համար կարող եք դիմել #ArtistsForArtsakh դրամաշնորհներին և ձեր նախագծի համար ստանալ աջակցություն։ «Ֆիլմերի, լուսանկարների, գրականության, երաժշտության և արվեստի միջոցով է, որ աշխարհը կհասկանա, թե ինչ է կատարվում Արցախում», — ասաց Creative Armenia-ի հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանը։ «Ուստի կարևոր է, որ մենք աջակցենք բոլոր ոլորտների ստեղծագործողներին՝ կյանքի կոչելու հարձակման ենթարկված ժողովրդի և երկրի կենդանի տարեգրությունը»։ «Գրեմմի» մրցանակակիր երաժիշտ և ակտիվիստ Սերժ Թանգյանն իր երախտագիտությունը հայտնեց այն արվեստագետներին, ովքեր ամրագրում են «տեղի ունեցողի տեսարանները, հնչյունները, հոտերը և զգացմունքները և դրանք կիսում են աշխարհի հետ, որպեսզի ոչ ոք մենակ չլինի առաջնագծում»։ Creative Armenia-ի հիմնադիր անդամն ու խորհրդատուն ավելացրեց. «Արվեստագետը իր մուսայի, իր և ընդհանուր տիեզերքի հանդեպ մշտապես ճշմարիտ լինելու պարտականություն ունի»։ «Արվեստագետները հանուն Արցախի» ծրագրի մասին ավելին իմանալու և դիմելու համար կարող եք այցելել www.creativearmenia.org/artistsforartsakh կայքէջը։ Այնտեղ կգտնեք նաև հարցազրույցներ, էսսեներ և այլ աշխատանքներ Արցախի մասին կամ Արցախի արվեստագետների կողմից։ Հայտերն արդեն ընդունվում են։ Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը արվեստի տարբեր ոլորտներում գործող նորարար արվեստագետների հայտնաբերելու, զարգացնելու ու խթանելու համաշխարհային մանդատ ունի։ Իմացե՛ք ավելին creativearmenia.org կայքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
19:46 - 30 սեպտեմբերի, 2020
Սիրիան դատապարտում է հայկական հողերի նկատմամբ որևէ հարձակում. ՀՀ-ում Սիրիայի դեսպան |armenpress.am|

Սիրիան դատապարտում է հայկական հողերի նկատմամբ որևէ հարձակում. ՀՀ-ում Սիրիայի դեսպան |armenpress.am|

armenpress.am: Սիրիան դատապարտում է հայկական հողերի նկատմամբ որևէ հարձակում: Այս մասին Ալ-Վաթան լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում Սիրիայի դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: «Սիրիան միշտ կողմնակից է եղել խաղաղ լուծմանը, որն ամրագրված է ՄԱԿ-ի որոշումներում, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներում: Այսօր ադրբեջանական զորքերը շփման գծի վրա ոտնձգություններ են կատարում, հայկական բանակն ինքնապաշտպանվում է, պետք է ընդգծել, որ թուրքական F-16 տիպի ռազմական օդանավերն ու հրետանին էլ աջակցում են ադրբեջանական բանակին»,- ասել է դեսպանը: Նա նշել է, որ առաջիկա զարգացումները կարող են տարբեր լինել, նկատի ունենալով այն, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և ՀՀ սահմանների նկատմամբ ոտնձգության դեպքում կազմակերպության այլ անդամ պետությունները` Ռուսաստանը, Բելառուսը և այլն, պարտավոր են ռազմական աջակցություն տրամադրել Հայաստանին: Հաջ Իբրահիմն ընդգծել է նաև այն, որ Թուրքիան Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և Միջին Արևելքից հետո փորձում է ապակայունացնել նաև Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակը:
19:36 - 30 սեպտեմբերի, 2020
Հայաստան և Ադրբեջան: BBC.arabic-ը զրուցել է երկու երկրների միջև կրակագծում գտնվող սիրիացի զինյալի հետ

Հայաստան և Ադրբեջան: BBC.arabic-ը զրուցել է երկու երկրների միջև կրակագծում գտնվող սիրիացի զինյալի հետ

«Ես չգիտեի, որ մենք գնում ենք կռվելու»,- այս բառերով է սկսում Աբդալլահը (անունը փոխված է նրա խնդրանքով) ինձ հետ երկխոսությունը զրուցարան-հավելվածներից մեկի միջոցով: Մեր երկխոսությունը ծավալուն չէր. զրուցակիցս, գտնվելով Ադրբեջանի բանակի ռազմական հավաքակայաններից մեկում, շտապ ուղարկում էր իր պատասխանները, որպեսզի ռազմական ղեկավարությունից որևէ մեկը դա չնկատեր և խիստ չպատժեր:Այդ հավաքակայանը գտնվում է Հայաստանին սահմանակից գոտում, այստեղ խիստ հսկողություն է սահմանվել ներսում գտնվող զինյալների նկատմամբ՝ հատկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև դարեր շարունակ վիճելի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ընթացող պատերազմի պայմաններում: Սովետական միության ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղը, լինելով Ադրբեջանի կազմում գտնվող ինքնավար մարզ, բնակեցված էր հայերով: Սովետական միության փլուզման ժամանակ՝ 1990-ական թվականների սկզբին, այդ շրջանի բնակչությունը ցանկանում էր միանալ Հայաստանին, ինչը հանգեցրեց երկու ժողովուրդների միջև 1990-ականների սկզբին հակամարտության բռնկմանը, որի արդյունքում սպանվեց մոտ  30000 մարդ: Այն ավարտվեց խաղաղության զինադադարով՝ դարձնելով տարածաշրջանը երկու կողմերի միջև հակամարտության կիզակետ: Ժամանակ առ ժամանակ հակամարտությունն ակտիվանում է, որի հետևանքով երկու կողմից զոհվում և վիրավորվում են մարդիկ, իսկ 2016թ․ ռազմական բախումների հետևանքով մահացել էր ավելի քան հարյուր մարդ։ Անցյալ կիրակի օրը` սեպտեմբերի 27-ին, երկու երկրները հայտարարեցին ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք՝ կողմերի միջև ռազմական էսկալացիայի հետևանքով:Աբդալլահը մեկն է սիրիացի հարյուրավոր քաղաքացիներից, որոնք թուրքական բանակի և Սիրիայի հյուսիսում նրա դաշնակից՝ ընդդիմադիր Ազգային բանակի իմացությամբ անցյալ չորեքշաբթի ուղարկվել էին կռվելու ադրբեջանցիների կողքին: Սիրիայի հյուսիսի այս քաղաքացիները զինվորական պատրաստություն չեն անցել, նրանց տարիքը տատանվում է 17-30 միջակայքում: Հայաստանի կառավարությունը մեղադրել է Թուրքիային Ադրբեջանում չորս հազար սիրիացի մարտիկ տեղակայելու մեջ, սակայն Ադրբեջանի իշխանությունները հերքում են այս մեղադրանքները։ Թուրքական Անադոլու լրատվական գործակալությունը զեկույց էր հրապարակել, որում հերքում էր այդ տեղեկությունը։ Մինչդեռ Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի տնօրեն Ռամի Աբդ ալ-Ռահմանը հաստատում է այդ տեղեկությունը: Նրա խոսքով՝ ընդդիմադիր «Սիրիայի ազգային բանակի» խմբավորումների որոշ ղեկավարներ, ինչպես օրինակ թուրքմենական ծագում ունեցող Սուլթան Մուրադը և Սուլեյման Շահը, Անկարայի հրահանգով մարտիկներ են ուղարկել Ադրբեջան, իսկ Հոմս և Ալ֊-Ղուտա քաղաքների բնակիչները հրաժարվել են մեկնել՝ պատճառաբանելով, որ կոնֆլիկտը շիա ադրբեջանցիների և քրիստոնյա հայերի միջև է։Ճանապարհը դեպի Ադրբեջան Աբդալլահը նման է Սիրիայի հյուսիսի բնակիչների մեծ մասին, որոնք տառապում են ծանր տնտեսական և դժվարին կենսական պայմաններից: «Արձագանքների համակարգման» խմբի կողմից իրականացված տեղական հարցումների համաձայն՝ այս տարածաշրջանում բնակվողների 90%-ը չի կարողանում հոգալ իր կյանքի հիմնական տարրական ծախսերը,  նրանց 81%-ը ամսական 50 դոլարից նվազ աշխատավարձ է ստանում, 78%-ը չի կարողանում գնել այն ամենն, ինչի կարիքն ունի կամ ցանկանում է: Այս ամենից ելնելով՝ Աբդալլահն ընդունել է Ադրբեջանում ամսական 2000 դոլարի դիմաց աշխատելու հնարավորությունը՝ իր և իր ընտանիքի կյանքի պայմանները բարելավելու նպատակով՝ չիմանալով սակայն, թե ինչ է սպասում նրան այնտեղ (Ադրբեջանում):Աբդալլահը ներկայացնում է ինձ իր ուղևորությունը. «Անցյալ շաբաթ Սիրիայի ընդդիմադիր ազգային բանակի Համզա խմբավորման առաջնորդ Սեյֆ Աբու Բաքրը առաջարկեց մեզ մեկնել Ադրբեջան՝ սահմանին գտնվող ռազմական կետերը հսկելու համար՝ ամսական 2000 դոլար վարձատրությամբ: Սիրիայի հյուսիսից մեզ տեղափոխեցին դեպի Հաուար Քիլիս գյուղ, այնտեղ Սիրիայի ազգային բանակի մարտիկները առգրավեցին մեր գումարը, հեռախոսները և հագուստը, որպեսզի մեր ինքնությունը որևէ կերպ չճանաչվի»: Աբդալլահին հաջողվել է վերստին հետ ստանալ իր հեռախոսը՝ ընտանիքի հետ շփումը ապահովելու համար: Նա, սակայն, չգիտի՝ արդյոք նորից կտեսնի՞ նրանց: Աբդալլահն ավելացնում է. «Այնուհետև մեզ տեղափոխեցին Թուրքիայի հարավում գտնվող Antep-ի օդանավակայան, որտեղից 1 ժամ 40 րոպե տևողությամբ թռիչք կատարեցինք դեպի Ստամբուլի օդանավակայան, իսկ հետո արդեն ադրբեջանական ավիաուղիների միջոցով՝ Ադրբեջան: Մեր ժամանման պահին դեռ պատերազմը չէր մեկնարկել, և մենք չէինք պատրաստվում կռվել»: Սա առաջին դեպքը չէ, երբ սիրիացիները Թուրքիայի միջոցով ուղարկվում են կռվելու իրենց հայրենիքից դուրս: Անցյալ տարվա մայիսին հրապարակված ՄԱԿ-ի զեկույցում նշվում է, որ սիրիացիները երկրի հյուսիսից Թուրքիայի տարածքով ուղևորվում են Լիբիա՝ Ազգային համաձայնության կառավարության շարքերում կռվելու՝ ընդդեմ գեներալ Խալիֆա Հաֆթարի ուժերի: Անակնկալ կռիվ Կիրակի օրը՝ սեպտեմբերի 27-ին, երբ հայտնի դարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի բռնկման մասին, գումար աշխատելու և ապրուստի միջոցները բարելավելու Աբդալլահի երազանքները հօդս ցնդեցին: Նա, մասնավորապես, նշում է. «Մեզ  նստեցրին զինվորական փոխադրող-մեքենաներ, մենք կրում էինք ադրբեջանական համազգեստ և յուրաքանչյուրս զինված էր անհատական զենքով (Կալաշնիկով): Այստեղ գտնվողների մեծ մասն աղքատ մարդիկ են, որոնք ցանկանում էին գումար աշխատել․ զինվորականներ չեն: Մեքենան կանգ առավ, և մենք անակնկալի եկանք, որ առաջնագծում ենք ու չգիտեինք անգամ, թե որտեղ է թշնամին: Երբ սկսվեց հրետակոծությունը, երիտասարդները սկսեցին վախից լաց լինել՝ ցանկանալով վերադառնալ, ապա մեր կողքին արկ ընկավ, չորս սիրիացի սպանվեց, երեքը վիրավորվեցին»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի հետ հակամարտության կողմ չէ և միայն բարոյական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին: Աբդալլահն ավելացնում է, որ ռազմական հավաքատեղիում, որտեղ գտնվում է, տեսել է սպանված սիրիացիների 10 դիակ, վիրավորվել են 70-ը, և նրանց չի ցուցաբերվում անհրաժեշտ առողջապահական խնամք: Սիրիայի հյուսիսի տեղական աղբյուրները BBC-ին հայտնել են, որ մի շարք ընտանիքներ սկսել են լուրեր ստանալ իրենց հարազատների մահվան մասին:  Կռիվ կամ բանտ Սիրիացի այս երիտասարդների պայծառ ապագայի ակնկալիքը՝ ամսական երկու հազար դոլար ստանալու հույսը, հանկարծակի վերածվել է խավարի, քանի որ նրանք այժմ ամեն րոպե մահվանը դեմ առ դեմ են ելնում: Այժմ նրանք ցանկանում են վերադառնալ իրենց երկիր։ Աբդալլահը որոշ ժամանակ դադարեց գրել և չէր պատասխանում իմ հարցերին։ Կարծում էի, որ նրան բացահայտել են, սակայն պարզ դարձավ, որ պատերազմական գոտում ինտերնետի թույլ  կապը բարդացնում է հաղորդակցությունը:  Վերջում նա ավելացնում է․ «Պատերազմի մեկնարկից հետո մենք փորձեցինք տեղեկացնել այստեղի ղեկավարությանը, որ ցանկանում ենք վերադառնալ Սիրիա, սակայն մերժում ստացանք։ Նրանք մեզ սպառնում են երկարաժամկետ ազատազրկմամբ, եթե չգնանք ճակատում կռվելու, մենք նման ենք աքսորյալների»։Շուշան Կյուրեղյան
19:25 - 30 սեպտեմբերի, 2020
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այլ լուծում չունի, քան խաղաղ կարգավորումն է. Զախարովա |armenpress.am|

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այլ լուծում չունի, քան խաղաղ կարգավորումն է. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սկսված ռազմական գործողությունների առաջին րոպեներից հետևում է իրադարձություններին և մշտական կապի մեջ է հակամարտության մեջ ներգրավված բոլոր պետությունների հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ռուսաստանն առաջին րոպեներից աշխատանքներ է տանում, բոլոր կողմերի հետ կապի մեջ է, այդ թվում այն երկրների, որոնք այսպես կամ այնպես ներգրավված են: Ամեն ինչ արվում է, որպեսզի օգնենք երկրներին` կարգավորել այս հակամարտություն և վերադառնալ խաղաղ բանակցություններին»,- ասել է Զախարովան: ԱԳՆ ներկայացուցիչը նշեց, որ խնդիրը չունի այլ լուծում, բացի խաղաղ կարգավորումից: «Պատերազմում են երիտասարդները և, ցավոք, զոհվում են նրանք, ովքեր դեռ չեն էլ սկսել ապրել: Իմ ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին: Եթե ինձ կախարդական փայտիկ տային և հարցնեին, թե ինչ կցանկանայիր, ես կասեի, որ ցանկանում եմ խաղաղ ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը: Սա իմ անկեղծ ցանկությունն է»,- նշել է Մարիա Զախարովան:
19:21 - 30 սեպտեմբերի, 2020
Մոտ 24 ժամվա ընթացքում հակառակորդն իր տապալված գործողությունների արդյունքում ունի 130 զինծառայողի կորուստ, մոտ 200 վիրավոր․ Արծրուն Հովհաննիսյան

Մոտ 24 ժամվա ընթացքում հակառակորդն իր տապալված գործողությունների արդյունքում ունի 130 զինծառայողի կորուստ, մոտ 200 վիրավոր․ Արծրուն Հովհաննիսյան

Մարտական գործողությունները շարունակվում են։ Ռազմական գործողությունների օդային ղեկավարումը հանձնվել է Թուրքիայի զինված ուժերին։ Այս մասին քիչ առաջ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովյաննիսյանը՝ շեշտելով, որ այսօր ժամը 10:00-ից սկսած կոմբինացված, համակարգված օդային հարվածներ են հասցվում Արցախի ԶՈՒ-երին, խաղաղ բնակավայրերին, խաղաղ բնակչությանը։ Հակառակորդի օդային հարվածների ընթացքում տուժել են նաեւ խաղաղ բնակիչներ՝ Հադրութում, Մարտունիում, քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Օրվա ընթացքում ընդհանուր առմամբ շարունակվել են համառ մարտերը, մեր զորքերը հերոսաբար հետ են մղել հակառակորդի՝ բավականին փոփոխված մարտավարությամբ իրականացված հարձակողական գրոհները տարբեր հատվածներում։ Հովհաննիսյանը հայտնեց, որ մոտավորապես 23-24 ժամվա ընթացքում հակառակորդն իր հարձակողական տապալված գործողությունների արդյունքում կրել է կորուստներ՝ 130 մահացած զինծառայող, մոտ 200 վիրավոր, ՀՀ ԶՈՒ-երը խոցել են 29 տանկ եւ զրահատեխնիկա, 3 ծանր հրանետային ՏՈՍ համակարգ, 1 ՍՄԵՐՉ տեսակի համազարկային կրակի կայանք, 11 ԱԹՍ։ Տվյալները կարող են որոշակիորեն փոփոխվել, քանի որ մարտերը շարունակվում են, դրանք փոփոխական են, տարբեր ինտենսիվությամբ, տարբեր ուղղություններով։ 
19:17 - 30 սեպտեմբերի, 2020
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը:ԱԳ նախարար Մնացականյանն իր ռուս գործընկերոջը համապարփակ ներկայացրեց Արցախի հետ շփման գծի երկայնքով Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության վերջին զարգացումները: Այս համատեքստում նախարար Մնացականյանը խստորեն դատապարտեց Թուրքիայի՝ անմիջական ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ներգրավվածությունն Ադրբեջանի կողմից իրականացվող մարտական գործողություններում ինչպես Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում, այնպես էլ՝ հայ-ադրբեջանական սահմանին: Նախարար Մնացականյանը նաև մտահոգություն հայտնեց Թուրքիայի կողմից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների հավաքագրման, Ադրբեջան տեղափոխման և մարտական գործողություններում ներգրավելու առնչությամբ: Երկուստեք անընդունելի գնահատվեց արտատարածաշրջանային երկրների քայլերը՝ ուղղված տարածաշրջանային խաղաղության և անվտանգության խաթարմանը»:
18:43 - 30 սեպտեմբերի, 2020
Ադրբեջանը  հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին

Ադրբեջանը հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին: Այսօր ժամը 10:00-ից սկսած Թուրքիայի Հանրապետության օդուժի՝ Քյուրդամիրից թռիչքներ իրականացնող երկու F-16 կործանիչները, ինչպես նաև ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 տիպի գրոհիչները, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային ԱԹՍ-ը մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին:Օդուժը գործում է թուրքական E7-T օդային հեռավար հրամանատարական կետի կառավարմամբ Էրզրում Ղարս հատվածից: Հավանական է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարությունը գտնվում է ինքնաթիռի մեջ: Բացի այդ, Հադրութի շրջանի սահմանից որոշակի խորության վրա գործում է թուրքական ԱԹՍ հրամանատարական կետը, որն անմիջական ղեկավարում է ադրբեջանական հարվածային ինքնաթիռների կրակը: Վերոնշյալ ինֆորմացիան անմիջականորեն դիտարկվում է, արձանագրվում ՀՕՊ և ավիացիայի միացյալ հրամանատարական կետից: Շուտով կներկայացնենք օբյեկտիվ հսկման նյութերը»:
18:28 - 30 սեպտեմբերի, 2020