ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց երեք ընկերությունների

Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց երեք ընկերությունների

Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց երեք ընկերությունների գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար: «ՍԱԹԵՆԿԱՐ» ՍՊ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կարի արտադրության մեջ։ Նախատեսվում է իրականացնել 200 մլն դրամի ներդրում, ներկայումս առկա է 55, կավելացվի նաև 10 նոր աշխատատեղ: «ՏԱՎՈՒՇ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են բանվորական ձեռնոցների արտադրության մեջ։ Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1.5 մլրդ դրամի կապիտալ ներդրում և 8 մլրդ 48 մլն դրամի հումքի ձեռքբերում: Ընկերությունում աշխատում են 600 աշխատակիցներ, կավելացվեն ևս 300-ը 150 հազար դրամ միջին աշխատավարձով: «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊ ընկերության կողմից երկրվելու է կտոր 437 մլն 760 հազար դրամ լրացուցիչ արժեքով:
10:11 - 07 մարտի, 2019
17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին նախագիծը:Ըստ նախագծի՝ նախատեսվում է 17 նախարարությունից ունենալ 12 նախարարություն և ունենալ երկու փոխվարչապետ, չունենալ առաջին փոխվարչապետ:Այսպիսով, ըստ փոփոխությունների՝ նախարարությունները կլինեն այսպիսին՝  1) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,2) Առողջապահության նախարարություն,3) Արդարադատության նախարարություն,4) Արտակարգ իրավիճակների նախարարություն,5) Արտաքին գործերի նախարարություն,6) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,7) Շրջակա միջավայրի նախարարություն,8) Պաշտպանության նախարարություն,9) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,10) Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն,11) Էկոնոմիկայի նախարարություն,12) Ֆինանսների նախարարություն:  Նախատեսվող փոփոխությունների համաձայն, նաև վարչապետի որոշմամբ՝ կառավարության նիստերը կլինեն ոչ միայն մասամբ, այլև ամբողջությամբ դռնփակ:Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն առաջարկեց, որ նախարարությունը կոչվի ոչ թե Բարձր տեխնոլոգիաների, այլ Բարձր տեխնոլոգիական նախարարություն, ինչը ընդունվեց:               Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն առաջարկեց՝ լինի Բարձր տեխնոլոգիաների զարգացման նախարարություն, և կոչ արեց՝ կառավարության անդամները քննարկեն, բայց վարչապետը նշեց, որ քանի ամիս կար, կարող էին քննարկել:   Վարչապետը կարևորեց այնպիսի նախարարություն ունենալը, որ արդյունաբերություն բառը լինի: «Մեր քաղաքական ուղերձը դա է, որ ունենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն»,-ասաց նա:  Այսպիսով, նախագիծը ընդունվեց և կուղարկվի Ազգային ժողով:Ըստ նախագծի՝ Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծի նախնական տարբերակի համեմատ, որը հրապարակվել է 2018 թ.-ի դեկտեմբերի 24-ին, նախարարությունների մասով հետևյալ փոփոխություններն են տեղի ունեցել. Բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարությունը նոր նախագծում դարձել է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն, իսկ Բնապահպանության նախարարությունը՝ Շրջակա միջավայրի նախարարություն: Նոր նախագծով նաև Տնտեսական զարգացման և Գյուղատնտեսության նախարարությունը կրկին վերանվանվում է և կոչվելու է Էկոնոմիկայի նախարարություն: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը միաձուլման ձևով վերակազմակերպվում են՝ ստեղծելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:  Օրենքի նախագծի ընդունումից հետո նախատեսվում է կառավարության որոշմամբ այս նախարարության ենթակայությանը հանձնել ոչ միայն միավորման արդյունքում համատեղ ենթակայությանը փոխանցված Ջրային կոմիտեն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, այլև Պետական գույքի կառավարման կոմիտեն:  Մշակույթի նախարարությունը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ու Կրթության և գիտության նախարարությունը միավորվում են՝ ստեղծելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Իսկ Գյուղատնտեսության նախարարության ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության միացման արդյունքում ստեղծվում է Էկոնոմիկայի նախարարություն:  Սփյուռքի նախարարությունը միանում է վարչապետի աշխատակազմին: Վարչապետի աշխատակազմում ստեղծվելու է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ:
08:47 - 07 մարտի, 2019
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

Մարտի 4-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին, որոնք վերաբերում էին մեր երկրում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական փոփոխություններին, ժողովրդավարության զարգացմանը, դատական համակարգի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և այլն: Հայաստանի վարչապետը նշել է. «Ցանկանում եմ առանձնացնել երեք հարց՝ կապված Հայաստանում ընթացող գործընթացների հետ:Նախ, մեզ անհրաժեշտ է ստեղծել ուժեղ ժողովրդավարական ինստիտուտներ: Անշուշտ, պետք է շարունակենք կատարելագործել ընտրական համակարգը, ուստի այդ ուղղությամբ մենք պետք է արդյունավետ համագործակցենք Եվրոպական միության հետ:Մենք տեսնում ենք, որ մեր եվրոպական գործընկերները պատրաստ են աջակցել մեզ: Այստեղ ես կուզենայի ընդգծել, որ մենք պատրաստ ենք ամբողջությամբ իրագործել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, քանի որ համոզված ենք, որ այն լիովին համապատասխանում է մեր ներքին օրակարգին և նպատակներին: Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, պետք է նշեմ, որ այն չափազանց կարևոր է մեզ համար՝ երկրում օրենքի գերակայություն հաստատելու առումով: Հարուցվել են մի շարք քրեական գործեր նախկին պաշտոնյաների նկատմամբ: Այդ ուղղությամբ բացահայտումները կշարունակվեն, և դատարանները պետք է որոշեն այդ քրեական գործերի ճակատագիրը: Այդ առումով չափազանց կարևոր է ապահովել դատարանների անկախությունը:Մեր կառավարությունն սկզբից ևեթ ջանքեր է գործադրել՝ վերջ դնելու դատարանների որոշումների վրա ազդելու արատավոր գործելակերպին: Բայց ես վստահ չեմ, որ նախկին իշխանությունները, կամ եթե կուզեք օլիգարխիան, այլևս չեն օգտվում դատարանների որոշումների վրա ազդելու իրենց լծակներից ու գործիքներից: Այդուհանդերձ, մենք չենք պատրաստվում որևէ կերպ ներգործել դատարանների որոշումների վրա. մեր նպատակն է դատական համակարգը դարձնել իրապես անկախ:Պետությունից թալանված միջոցները պետք է վերադարձվեն, և մենք հուսով ենք, որ մեզ կհաջողվի արդյունավետ համագործակցություն ծավալել Եվրոպական միության հետ այդ նպատակին հասնելու համար: Մեզ համար չափազանց կարևոր է, որ ԵԱՀԿ-ը խոստացել է օգնել Հայաստանի կառավարությանը՝ հանրային միջոցները պետությանը վերադարձնելու հարցում»:Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցերին` վարչապետ Փաշինյանը նշել է. «Լեռնային Ղարաբաղի առնչությամբ պետք է նշեմ, որ չի կարող լինել խնդրի ռազմական լուծում, և մենք պետք է ստեղծենք համապատասխան մթնոլորտ խաղաղ հանգուցալուծման հասնելու համար: Սեպտեմբերին ես աննախադեպ հայտարարությամբ հանդես եկա խորհրդարանում առ այն, որ հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Եվ ես հույս ունեի, որ նմանատիպ հայտարարություն կհնչի Ադրբեջանից, այդ երկրի նախագահի կողմից, սակայն, ցավոք, այդ հույսերը չարդարացան:Ընդհակառակը, Ադրբեջանը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել՝ հայտարարելով, որ իրենք պատրաստ են հակամարտությունը լուծել ուժի միջոցով՝ առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ազգաբնակչության շահերը: Կարծում եմ, որ այս պայմաններում դժվար է ակնկալել խնդրի շուտափույթ լուծում:Կարևոր է նաև բանակցությունների ձևաչափի հարցը: Միջազգայնորեն ընդունված է, որ Ղարաբաղյան հակամարտությունն ունի երեք կողմ, ինչն ամրագրվեց 1994 թվականին Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ: Սակայն մինչ այսօր բանակցություններում ներգրավված է եղել միայն երկու կողմ, և ցավոք, Հայաստանն ու Ադրբեջանը բանակցել են առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության: Այդպես է եղել թերևս այն պատճառով, որ Հայաստանի նախորդ ղեկավարները ծնունդով Ղարաբաղից էին և համարում էին, որ իրենք կարող են ներկայացնել Լեռնային Ղարաբաղի շահերը:Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի վարչապետը: Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն մասնակցում հայաստանյան ընտրություններին և չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ուստի ես չեմ կարող բանակցել նրանց անունից: Հետևաբար, հարցի երկրորդ կողմն այն է, որ պետք է ստեղծել բանակցությունների համապատասխան ձևաչափ, ինչն անհնար է առանց այդ գործընթացում Լեռնային Ղարաբաղի ներգրավման»: ՀՀ կառավարություն
08:58 - 05 մարտի, 2019