Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ 

Փետրվարի 3-ից սկսվում է պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների գնահատման գործընթացը. նախարար

Փետրվարի 3-ից սկսվում է պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների գնահատման գործընթացը. նախարար

Պետության պարտավորությունն է ապահովել մարդկանց կենսագործունեության անխափան իրացումը։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:    «Պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած անձինք լինելու են պետության բացառիկ հոգածության ներքո՝ որպես մեր հայրենիքի առջև իրենց պարտքը անձնուրաց կատարած նվիրյալներ։   Պրոթեզավորման կարիք ունեցողներին միջազգային չափանիշների պրոթեզավորմամբ ապահովելը իրականացվելիք առաջին քայլերից է։ Սա նվազագույնն է, որ մենք պարտավոր ենք անել հայրենիքի պաշտպանության համար անմնացորդ անձնազոհություն ցուցաբերած անձանց համար։   Այսպիսով, վաղվանից՝ փետրվարի 3-ից, Արցախի մեր գործընկերների հետ համատեղ, սկսում ենք իրականացնել պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների բազմակողմանի գնահատման գործընթացը։   Այն նպատակ ունի հատուկ ստեղծված գնահատման գործիքակազմի միջոցով ոչ միայն ստանալ ամբողջական և համապարփակ տեղեկատվություն անձին անհրաժեշտ պրոթեզի տեսակի, դրա ֆունկցիոնալության մասին, այլև տրամադրել եզրակացություն՝ մասնագիտական վերականգնման, բնակարանի, աշխատավայրի ու հարակից միջավայրի հարմարեցման և նրա անկախ կյանքի հմտությունների զարգացման համար անհրաժեշտ ծառայությունների վերաբերյալ։   Մեր կողմից ստեղծված բազմամասնագիտական խմբերը կապ կհաստատեն պրոթեզավորման կարիք ունեցող անձանց հետ, կքննարկվեն նրանց գտնվելու վայր այցելության օրերը և ժամերը, կկազմակերպվի կարիքների գնահատման ամբողջական գործընթացը։   Որևէ դիմում լրացնելու կարիք չկա։ Մեր մասնագետները ունեն անհրաժեշտ բոլոր կոնտակտային տվյալները և անձամբ կապ կհաստատեն շահառուների հետ։   Երախտապա՛րտ ենք ձեզ ծառայության համար․․․»,- գրել է նախարարը: 
20:02 - 02 փետրվարի, 2021
Պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների գնահատման գործընթացը կսկսվի փետրվարի 3-ից

Պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների գնահատման գործընթացը կսկսվի փետրվարի 3-ից

2020թ․պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների բազմակողմանի գնահատման գործընթացը կիրականացվի փետրվարի 3-ից։ Տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։   Այն նպատակ ունի հատուկ ստեղծված գնահատման գործիքակազմի միջոցով ոչ միայն ստանալ ամբողջական և համապարփակ տեղեկատվություն անձին անհրաժեշտ պրոթեզի տեսակի, դրա ֆունկցիոնալության մասին, այլև տրամադրել եզրակացություն՝ մասնագիտական վերականգնման, բնակարանի ու հարակից միջավայրի հարմարեցման և նրա անկախ կյանքի հմտությունների զարգացման համար անհրաժեշտ ծառայությունների վերաբերյալ։   Բազմամասնագիտական խմբերը կապ կհաստատեն պրոթեզի կարիք ունեցող անձանց հետ, կքննարկվեն նրանց գտնվելու վայր այցելության օրերը և ժամերը, կկազմակերպվի կարիքների գնահատման գործընթաց՝ հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ։ Քաղաքացու կարիքների գնահատման գործընթացը նախարարության առաջնահերթություններից է։
19:38 - 01 փետրվարի, 2021
ԱՀ և ՀՀ սոցապ նախարարներն այցելել են «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամ

ԱՀ և ՀՀ սոցապ նախարարներն այցելել են «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամ

Այսօր՝ հունվարի 29-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը և Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այցելել են «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղ, որտեղ այս պահին ապրում է հայաստանցի և արցախցի շուրջ 60 երեխա։  ՍՕՍ մանկական գյուղեր «Կոտայք» մասնաճյուղի փոքրիկ բնակիչների ցանկություններն ու երազանքները բացահայտելու համար նախարարների նախաձեռնությամբ հանձնարարվել էր գրել շարադրություն՝ «Ես ապրելու եմ Հայաստանում կամ Արցախում և դառնալու եմ..․» թեմայով:«Մեզ համար՝ որպես ոլորտի պատասխանատուների, շատ կարևոր էր հասկանալ, թե ինչի մասին են երազում մեր հոգածության ներքո ապրող երեխաները։ Այն նպատակներն ու նվիրումը, որ ներկայացրել եք Ձեր շարադրություններում, մեր երկիրն ավելի հզոր և ուժեղ են դարձնելու։ Մենք էլ անելու ենք առավելագույնը ձեր երազանքների իրականացման համար՝ այդ թվում նաև ձեր շնորհիվ, քանի որ առանց երազանքի ուժի հնարավոր չէ առաջ շարժվել։ Այն ժպիտներն ու ոգևորությունը, որ տեսնում ենք հիմա, վստահություն է տալիս, որ ճիշտ ճանապարհին ենք»,- բացման խոսքում նշել է Մեսրոպ Առաքելյանը։Մանե Թանդիլյանի խոսքով՝ այս տարբերակը հնարավորություն է տվել ավելի լավ ճանաչել երեխաներին, և հասկանալ, թե ինչպիսի երկիր պետք է կերտել, որ երեխաների մասնագիտական ցանկություններն իրականություն դառնան Հայաստանում կամ Արցախում․  «Այս նախաձեռնության շրջանակում մենք հրաշալի շարադրություններ ենք ընթերցել ու բացահայտել ձեզ, ձեր հայրենասիրությունն ու նվիրվածությունը։ Պատկերացում ենք կազմել, թե ինչի մասին եք մտածում, ինչ եք երազում և այս կամ այն մասնագիտության միջոցով ինչպես եք պատրաստվում ծառայել մեր միասնական հայրենիքին»,- ընդգծել է Մանե Թանդիլյանը։Նախարարները երեխաներին գրքեր են նվիրել՝ յուրաքանչյուրի ընտրած մասնագիտության համապատասխան․ մրցանակներ են ստացել նաև լավագույն շարադրությունների հեղինակները։ Միջոցառման շարունակությունը լինելու է «Մեկ օր՝ երազանքիս հետ» նախաձեռնությունը, որի շրջանակում երեխաներն՝ ըստ մասնագիտության, կայցելեն իրենց նախընտրելի հաստատությունները։   
22:44 - 29 հունվարի, 2021
Պատերազմի ժամանակ վիրավորում ստացածներին 500 հազար դրամ միանվագ աջակցություն կտրվի․ նախարար |armtimes.com|

Պատերազմի ժամանակ վիրավորում ստացածներին 500 հազար դրամ միանվագ աջակցություն կտրվի․ նախարար |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը։ Հարցը զեկուցող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ նախագծով առաջարկվում է պատերազմի հետեւանքով վիրավորում ստացած անձանց միանվագ սոցիալական աջակցություն հատկացնել 500 հազար դրամի չափով։ Խոսքը չի վերաբերում առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց, որոնք արդեն օրենքով սահմանված կարգով ֆինանսական աջակցություն են ստանում։ «Սա վերաբերում է ոչ միայն ժամկետային զինծառայողներին, այլեւ աշխարհազորին, կամավորներին։ Բոլոր անձինք, ովքեր ստացել են վիրավորում եւ որոշ ժամանակով անցել են բուժական գործընթաց ե՛ւ զինվորական, ե՛ւ նաեւ քաղաքացիական բուժական հաստատություններում»,- ներկայացրեց Առաքելյանը։ Նախարարի խոսքով՝ թեեւ որոշ անձանց մոտ վիրավորումները բավականին թեթեւ են եղել, սակայն այդ անձինք որոշակի ժամանակ են կորցրել, աշխատունակության որոշակի խնդիր են ունեցել, եւ սրանով փորձ է արվում այդ սոցիալական խնդիրները կարգավորել. «Համաձայն մեզ փոխանցած տեղեկությունների՝ միջոցառման շահառու կհանդիսանա մոտ 6000 քաղաքացի, բացառությամբ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, որոնց թիվը, մեր առկա տեղեկատվության հիման վրա կատարված ուսումնասիրությունների, չի գերազանցում 1000-ը»։ Առաքելյանը նշեց, որ այս պահին արդեն 200-ից ավելի քաղաքացի անցել է բժշկասոցիալական փորձաքննություն եւ ստացել հաշմանդամության խումբ։ Գործընթացն ամեն օր շարունակվում է։ Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե գործնականում շահառուները ե՞րբ կկարողանան ստանալ այդ գումարները, ի պատասխան՝ Առաքելյանն ասաց, որ առավելագույնը 10 օրվա ընթացքում. «Գործընթացը փորձում ենք բավականին պարզեցնել՝ էլեկտրոնային տարբերակով՝ մեր մնացած միջոցառումների պես։ Բացառապես իրենց անհրաժեշտ է լինելու իրենց անձնական տվյալները եւ բանկային հաշվեհամարը նշել, մենք էլեկտրոնային եղանակով հենց այդ պահին նույնականացնելու ենք իրենց առկա բազայի հետ ու հաստատելու շահառու հանդիսանալը»։ Վարչապետը նշեց, որ հակաճգնաժամային միջոցառումների տրամաբանությամբ մարդը որեւէ տեղ դիմելու եւ գնալու անհրաժեշտություն չի ունենա։ Նախարարն էլ իր հերթին նշեց, որ անհրաժեշտություն չկա նաեւ փաստաթղթեր տրամադրելու, քանի որ բուժհաստատություններից ստացված տեղեկության հիման վրա իրենց մոտ կան բոլոր տվյալները։  
12:39 - 27 հունվարի, 2021
Սոցիալական ապահովության ծառայության հենքի վրա ստեղծվում է միասնական ծառայություն |1lurer.am|

Սոցիալական ապահովության ծառայության հենքի վրա ստեղծվում է միասնական ծառայություն |1lurer.am|

1lurer.am: Սոցիալական ապահովության ծառայության հենքի վրա ստեղծվում է միասնական սոցիալական ծառայություն, որը ներառում է 4 գործող կառույցները: Կառավարությունն այսօրվա նիստին ընդունեց «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին որոշման նախագիծը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ նախագծի նպատակը սոցիալական պաշտպանության բնագավառում ՀՀ կառավարութան որդեգրած քաղաքականության իրականացման արդյունավետ մեխանիզմների ներդրումն է: Մասնավորապես, Կառավարությունը սոցիալական պաշտպանության բնագավառում որդեգրել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականությունը, որը պետք է հիմնված լինի սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի վրա: «Գործող կարգավորումներով նախատեսված է եղել ստեղծել Ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակ, ինչը ենթադրում է այսօր սոցիալական ոլորտում գործող 4 կառույցների՝ սոցիալական ապահովության ծառայության, ընտանեկան նպաստների համակարի, հաշմանդամության և զբաղվածության ոլորտի միավորում: Բացառությամբ Սոցիալական ապահովության ծառայության կենսաթոշակային հատվածի՝ վերջին երեք ոլորտները մաիավորել Ինտեգրված սոցիալական ծառայությունում և նոր պետական գրասենյակի միջոցով իրականացնել գործառույթներ. ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքում առավել արդյունավետ մեխանիզմ է առաջարկվում: Համաձայն դրա՝ նոր կառույցի ստեղծման փոխարեն գործող Սոցիալական ապահովության ծառայության հենքի վրա ստեղծվում է միասնական սոցիալական ծառայություն, որը ներառում է արդեն 3-ի փոխարեն՝ 4 գործող կառույցները, որը հնարավորությւոն է տալիս «մեկ պատուհանի» սկզբունքով քաղաքացիներին մատուցել միասնական սոցիալական ծառայություններ»,- նշեց Առաքելյանը՝ հավելելով, որ համակարգը ներդրվելու է ապրիլի 1-ից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ որդեգրած քաղաքականությունը ոչ միայն սոցիալական, այլև քաղաքացիական ծառայությունների մատուցման ոլորտին է առնչվում, որպեսզի մարդիկ ինչ-որ ծառայությունից օգտվելու համար բազմաթիվ գրասենյակներով անցնելու անհրաժեշտություն չունենան: Հեռանկարում նման գործառույթների թվայնացումն է, իսկ մինչև դա բոլոր գրասենյակները կենտրոնացվում են մեկ վայրում:
12:19 - 27 հունվարի, 2021
Մանկատան նախկին շրջանավարտը հրաժարվել է բնակտարածքից և աշխատանքից. սոցապնախարարության պարզաբանումը

Մանկատան նախկին շրջանավարտը հրաժարվել է բնակտարածքից և աշխատանքից. սոցապնախարարության պարզաբանումը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան բազմաթիվ քաղաքացիների մտահոգությունների: «Տեղեկացնում ենք, որ մանկատան նախկին շրջանավարտ Ա․Ե․-ն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրված բնակարանի գնման վկայագրի (ԲԳՎ) հիման վրա 2020 թ․ սեպտեմբերի 18-ին Երևան քաղաքում ձեռք է բերել 92 քմ մակերեսով անշարժ գույք։ Ա․Ե․-ն՝ որպես մանկատան շրջանավարտ, 09.03.2020 թ․ ստացել էր բնակարանի գնման վկայագիր, որը կորցրելու պատճառով 18․08․2020 թ․ևս մեկ անգամ դիմել է նախարարություն և ստացել փաստաթղթի կրկնօրինակը։ Սահմանված ընթացակարգով՝ գույքի սեփականատիրոջ և գնորդի՝ մանկատան շրջանավարտի միջև կնքվել է բնակարանի առքուվաճառքի պայմանագիր, որը վավերացվել է նոտարի կողմից։   Մինչ բնակարանի գնման կազմակերպումը, քաղաքացուն բազմիցս առաջարկվել է բնակտարածք՝ նախարարության ենթակայության ներքո գտնվող սոցիալական բնակարաններում, ինչից վերջինս հրաժարվել է: Քաղաքացուն առաջարկվել է նաև աշխատանք, որից ևս հրաժարվել է՝ նախընտրելով ապրել դրսում։   Շնորհակալություն ենք հայտնում քաղաքացիներին ցուցաբերած ուշադրության և հոգատարության համար՝ միաժամանակ հայտնելով, որ քաղաքացու կյանքի որակի բարձրացման ուղղությամբ նախարարության կողմից տարվող աշխատանքները շարունակվում են»,- ասված է նախարարության Ֆեյսբուքի գրառման մեջ:    Ավելի վաղ սոցցանցում տարածվել էր մանկատան սանի լուսանկարը, որն աղմուկ էր բարձրացրել օգտատերերի շրջանում:    
20:23 - 25 հունվարի, 2021
Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է Մանե Թանդիլյանի, Հայաստանից և Արցախից մի շարք պաշտոնատար անձանց հետ

Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է Մանե Թանդիլյանի, Հայաստանից և Արցախից մի շարք պաշտոնատար անձանց հետ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը Ֆեյսբուքում գրել է. Արցախ կատարած այցի շրջանակում աշխատանքային քննարկում եմ ունեցել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանի, Հայաստանից և Արցախից մի շարք պաշտոնատար անձանց հետ։   Կարևորելով Հայաստանի և Արցախի գերատեսչությունների միջև սերտ համագործակցության շարունակականությունը՝ քննարկել ենք Հայաստանի և Սփյուռքի ներգրավմամբ արցախցիների սոցիալական խնդիրների լուծման տարբերակները։   Բնակարանային ապահովումը, ներդրումների միջոցով Արցախում աշխատատեղերի ստեղծումը դիտարկել ենք որպես առաջնահերթություն։   Որոշել ենք առաջնորդվել միասնական օպերատիվ աշխատանքային օրակարգով, որը հնարավորություն կտա Արցախում առկա խնդիրներին տալ առավել օպերատիվ լուծումներ, ստեղծել արցախցիների հետագա կենսագործունեության համար անհրաժեշտ նախադրյալներն ու այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացնել առավել թիրախային։    
12:54 - 24 հունվարի, 2021
Բազմաթիվ արցախցիներ շարունակում են բնակվել Հայաստանում․ ի՞նչ փուլում են Արցախի քաղաքացիների համար նախատեսված աջակցման ծրագրերը

Բազմաթիվ արցախցիներ շարունակում են բնակվել Հայաստանում․ ի՞նչ փուլում են Արցախի քաղաքացիների համար նախատեսված աջակցման ծրագրերը

Արցախի բազմաթիվ քաղաքացիներ ժամանակավոր բնակություն են հաստատել Հայաստանում Արցախյան վերջին պատերազմի ընթացքում Արցախի բազմաթիվ քաղաքացիներ տեղափոխվեցին և ժամանակավոր բնակություն հաստատեցին Հայաստանում։ Պատերազմի ավարտից հետո նրանց մի մասը վերադարձավ Արցախ (մի քանի օր առաջ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնեց, որ 90-100 հազար մարդ վերադարձել է Արցախ), մի մասն էլ շարունակում է մնալ Հայաստանում։ Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիների կեցության, սննդի և մյուս հարցերն իրենց վրա վերցրին ինչպես պետությունը, այնպես էլ անհատները։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում (ԱՍՀՆ) սկսեց գործել Սոցիալական և նյութական աջակցության շտաբ, նախարարությունը զբաղվում էր Արցախի քաղաքացիներին կացարաններով ապահովելու գործով, սնունդ և հիգիենիկ պարագաներ տրամադրում էին տեղական ինքնակառավարման մարմինները։  ՀՀ տարածքային կառավարարման և ենթակառուցվածքների նախարարությունից (ՏԿԵՆ) մեզ տրամադրված տեղեկության համաձայն՝ Արցախի՝ Հայաստանում ապաստանած քաղաքացիները սննդով և հիգիենիկ պարագաներով ապահովվել են անցած տարվա հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում։ ՀՀ ԱՍՀ նախարար Մեսրոպ Առաքելյանը մի քանի օր առաջ հայտնեց, որ Հայաստանում բնակվող արցախցիների թիվը հասնում է մինչև 40 հազարի։ Նախարարությունից, մեր գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ հունվարի 12-ի դրությամբ Հայաստանի տարբեր մարզերի կացարաններում ժամանակավոր բնակվում է շուրջ 1500 արցախցի (խոսքը չի վերաբերում հյուրանոցներում/հյուրատներում բնակվողներին): Նախարարությունից վստահեցնում են, որ կացարանները ջեռուցվում են և ապահովված են անհրաժեշտ պայմաններով:  Նաև հետաքրքրվել էինք, թե Արցախի քաղաքացիները դեռ որքան կարող են բնակվել ժամանակավոր կացարաններում: «Արցախցիները կարող են բնակվել կացարաններում մինչև կացարանի կարիքի բացակայությունը»,- հայտնել են նախարարությունից: ՏԿԵՆ-ից ստացված տեղեկության համաձայն՝ դեպտեմբերի 24-ի դրությամբ ՀՀ տարբեր մարզրերի ընդհանուր առմամբ 68 հյուրանոցներում և հյուրատներում ժամանակավոր բնակություն է հաստատում 1434 արցախցի, իսկ Երևանի տարբեր վարչական շրջաններում հունվարի 13-ի դրությամբ 57 հյուրանոցներում և հյուրատներում բնակվում է 961 արցախցի։ Սեղմելով դեղին նշաններին՝ Քարտեզ 1-ում կարող եք տեսնել, թե ՀՀ տարբեր մարզերի և Երևանի հյուրանոց/հյուրատներում քանի արցախցի է ապաստանել (տվյալները չեն վերաբերում ժամանակավոր կացարաններում բնակվողներին)։ Քարտեզ 1 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից (ԿԳՄՍՆ) հետաքրքրվել էինք, թե Արցախից ՀՀ տեղափոված քանի երեխա է Հայաստանում դպրոց հաճախում։ Նախարարությունից հայտնել են, որ Արցախի հանրակրթական ուսումնական հաստատություններից ներկայումս շուրջ 7200 երեխա է սովորում ՀՀ դպրոցներում: Երեխաների թիվը փոփոխվում է` պայմանավորված Արցախ վերադարձի գործընթացով: «Երեխաների շարժի և նրանց կրթության շարունակականության ապահովման նպատակով մշտապես մոնիթորինգ է իրականացվում Արցախի Հանրապետության ԿԳՄ նախարարության հետ համատեղ` երեխաների՝ կրթությունից դուրս մնալը կանխարգելելու համար»,- նված է ԿԳՄՍՆ-ի պատասխանում:  Նաև հետքրքրվել էինք, թե պատերազմի ընթացքում փաստաթղթերը կորցրած դպրոցահասակ երեխաները հնարավորություն ունեցե՞լ են Հայաստանի դպրոցներ հաճախելու։ «Նախարարության համապատասխան շրջաբերականով հանձնարարվել է Արցախից ժամանակավորապես տեղափոխված երեխաների կրթության կազմակերպման նպատակով հրամանագրել դպրոց ընդունված երեխաներին: Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում նրանց համար բացվել է առանձին էջ, որտեղ երեխաների տվյալները մուտքագրվել են՝ առանց հանրային ծառայությունների համարանիշի (ՀԾՀ) պահանջի և առանց հաշվի առնելու լիցենզիոն տեղերի սահմանափակումները»,- հայտնել են ԿԳՄՍՆ-ից։   Աջակցության ծրագրեր` Արցախի քաղաքացիների համար Արցախի քաղաքացիների համար պատերազմից հետո նաև աջակցման ծրագրեր մշակվեցին։ Աջակցման առաջին ծրագիրը նախատեսված է Արցախի` պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող քաղաքացիների համար: Միանվագ աջակցության չափը յուրաքանչյուր քաղաքացու համար նվազագույն աշխատավարձի չափով է` 68 հազար դրամ․ ՀՀ-ում անշարժ գույք չունենալու դեպքում գումարվում է  ևս 15 հազար դրամ: Ծրագրի շահառու են նաև արցախցի երեխաները` անկախ նրանից` երեխաների ծնողները շահառու են, թե ոչ: ԱՍՀ նախարարությունից մեզ հայտնել են, որ հունվարի 12-ի դրությամբ այս աջակցման ծրագրի վճարման ցուցակում ներառված է 96,027 քաղաքացի: Ծրագրի 104,857 հնարավոր շահառուներից չի դիմել 7,132-ը։ Աջակցության մեկ այլ ծրագիր նախատեսված է Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչների համար` ընտանիքի յուրաքանչյուր անդամին միանվագ 300 հազար դրամի չափով: Ինչպես հայտնել են ԱՍՀ նախարարությունից, աջակցության այս ծրագրով հունվարի 12-ի դրությամբ վճարման ցուցակում ներառված է 13,550 քաղաքացի: Ծրագրի հնարավոր 34,930 շահառուներից չի դիմել 4,483-ը։ Գծապատկեր 1-ում կարող եք տեսնել Արցախի քաղաքացիների աջակցման առաջին և երկրորդ ծրագրերի շահառուների վերաբերյալ տվյալները։ Գծապատկեր 1 Մեկ այլ ծրագիր նախատեսում է 20 հազար դրամ միանվագ աջակցություն արցախցի նախադպրոցական տարիքի երեխաներին: Այս ծրագրի վճարման ցուցակում էլ ներառված է 14,648 երեխա: Տեղահանված արցախցիներին և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերի բնակիչներին տրվող աջակցման ծրագրերի մասով ՀՀ կառավարությանը և ԱՍՀ նախարարությանը բաց նամակով էին դիմել Բերձորի բնակիչները` դժգոհելով, որ Բերձորը ներառված չէ աջակցություն ստացող բնակավայրերի ցանկում: Այդ օրերին, հիշեցնենք, լուրեր էին տարածվում, թե Բերձորի բնակիչները տեղահանվում են։ Պաշտոնապես ասվում էր հետևյալը. «Բնակիչները տեղահանվում են` միայն անվտանգության նկատառումներից ելնելով, Բերձորը չի անցնելու Ադրբեջանին»: Բերձորն իրոք ընդգրված չէր Արցախի` Ադրբեջանին անցնող բնակավայրերի ցանկում, հետևաբար համայնքի բնակիչները չէին կարող աջակցություն ստանալ մի ծրագրով, որի շահառուներն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքների բնակիչներն են։ ԱՍՀ նախարարությունից մեզ պատասխանել են, որ Բերձորի, ինչպես նաև Սոս, Աղավնո և մի քանի այլ համայնքների բնակիչներ աջակցություն կստանան իրականացվելիք այլ ծրագրի շրջանակներում: Այս մասին, հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էր նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցրերի նախարար Մեսրոպ Առաքելյանը` անդրադառնալով բերձորցիների նամակին: Այս ծրագիրը նախատեսում է 250 հազար դրամ միանվագ աջակցություն Արցախի այն քաղաքացիներին, որոնց անշարժ գույքը պատերազմի հետևանքով կամ այլ պատճառներով դարձել է բնակության համար ոչ պիտանի: Աջակցության միջոցառումներ են նախատեսված նաև Արցախի քաղաքացիներին հյուրընկալելու համար: Այս ծրագրերի դիմումների ընդունման գործընթացը դեռ շարունակվում է, այդ պատճառով շահառուների վերաբերյալ ամփոփ տվյալներ նախարարությունից մեզ չեն տրամադրվել: Նաև հետաքրքրվել էինք, թե ինչ պետք է անեն Արցախի այն քաղաքացիները, որոնք պատերազմի ընթացքում կորցրել են փաստաթղթերը և չեն կարող դիմել աջակցություն ստանալու համար։ «Արցախի հաշվառում չունենալու պատճառով ծրագրերին չդիմած քաղաքացիները կարող են դիմել հաշվառման անձնագրային կենտրոններ (Հայաստանում գտնվելու դեպքում առաջիկայում հնարավորություն կլինի հաշվառման համար դիմել նաև Հայաստանի անձնագրային կենտրոններ)»,- հայտնել են ԱՍՀ նախարարությունից։   Հայաստանում ապաստանած գործազուրկ արցախցիների զբաղվածության խնդիրը ՀՀ կառավարությունը միջոցառումներ մշակեց նաև  արցախցիների զբաղվածության խնդիրը լուծելու համար: Այսպես, միջոցառումներից մեկը նախատեսում է աշխատանքային փորձի ձեռքբերում 3 ամիս ժամկետով, աշխատավարձը 100 հազար դրամ է: Մյուս միջոցառման շահառուները ընդգրկվելու են համայնքներում իրականացվող հասարակական աշխատանքներում և մեկ օրվա համար վճարվելու  են 8000 դրամով (ներառյալ եկամտահարկը և պարտադիր վճարները): Այս միջոցառումների դիմումները նոր են սկսել ընդունվել, մի քանի օր առաջ նաև ընդլայնվել է շահառուների ցանկը։ ԱՍՀ նախարարությունից հետաքրքրվել էինք, թե ինչպես պիտի լուծվի այն գործազուրկ արցախցիների զբաղվածության հարցը, որոնք չեն դառնա այս ծրագրերի շահառու, և արդյո՞ք նախարարությունը ՀՀ-ում մշտական բնակություն հաստատել ցանկացող արցախցիներին կաջակցի աշխատանք գտնելու հարցում: «Արցախի գործազուրկ քաղաքացիները օրենսդրությամբ սահմանված կարգով հնարավորություն ունեն ընդգրկվելու Զբաղվածության պետական գործակալության կողմից իրականացվող կարգավորման բոլոր ծրագրերում»,- ասված է նախարարության պատասխանում: Աննա Սահակյան
20:17 - 23 հունվարի, 2021
Վիրավոր անձանց համար կիրականացվի միջազգային բարձր չափանիշներով ֆունկցիոնալ պրոթեզավորում. նախարար |1lurer.am|

Վիրավոր անձանց համար կիրականացվի միջազգային բարձր չափանիշներով ֆունկցիոնալ պրոթեզավորում. նախարար |1lurer.am|

1lurer.am: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր Կառավարության նիստին ներկայացրեց «Ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգը հաստատելու մասին հարցը: Նախարարը նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է պատերազմում վիրավորում ստացած անձանց առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում ապահովելու անհրաժեշտությունից: «Գործող կարգավորումների համաձայն՝ պրոթեզավորման կարիք ունեցող անձինք դիմում են նախարարությանը, և բուժատեխնիկական հանձնաժողովի կողմից նրանց տրվում է հավաստագիր, և իրականացվում է պրոթեզավորում: Սակայն առկա կարգավորումները և այն չափանիշները, որոնք սահմանված են, թույլ չեն տալիս առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում իրականացնել: Որոշում է կայացվել ներկայացնել կարգավորումը հետևյալ տարբերակով, որ, ի վերջո, կարգավորման նպատակն այն է, որ պատերազմի այն մասնակիցները, ովքեր ունեն պրոթեզավորման կարիք, նրանց համար կիրականացվի միջազգային բոլոր չափանիշներին առավելագույն համապատասխանող ֆունկցիոնալ պրոթեզավորում»,- նշեց նախարարը: Նախագծով առաջարկվում է առկա բուժատեխնիկական հանձնաժողովի փոխարեն ստեղծել ավելի լայն մասնագիտական կարողություններ ունեցող հանձնաժողով՝ անհրաժեշտության դեպքում արտերկրից հրավիրված մարդկանցով: Կարևորվելու է նաև միջավայրային խնդիրների կարգավորումը, թե, օրինակ, պրոթեզավորման կարիք ունեցող մարդն ինչ մասնագիտություն ունի: Այսինքն՝ պրոթեզի կիրառման անհրաժեշտությունն անհատական կարիքների գնահատման միջոցով է իրականացվելու: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձանագրեց, որ որոշման հիմնական նպատակները երկուսն են՝ նախ պատերազմի պատճառով պրոթեզավորման կարիք ունեցող մեր հայրենակիցների պրոթեզավորման գործընթացի հնարավորինս արագ ու հարմարավետ կազմակերպումը, երկրորդ՝ պրոթեզների որակը բարձր մակարդակի բերելը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց նախագիծն այսօր չքվեարկել, այլ վաղն ընդունել գրավոր քվեարկությամբ: Կիրառման կարգերի հետ կապված նրբություններ կան, որոնք պետք է հստակեցվեն:
12:00 - 21 հունվարի, 2021
Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային քննարկում է ունեցել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ

Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային քննարկում է ունեցել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր աշխատանքային քննարկում է ունեցել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի հետ։Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են երեխաների իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված ծրագրերի անհրաժեշտությունը, կորոնավիրուսի համավարակի և հետպատերազմական իրավիճակում երեխաներին ուղղված աջակցության կազմակերպման, ոլորտում առկա օրենսդրական բարեփոխումների իրականացման կարևորությունը։«Երեխաները մեր ամենախոցելի շահառուներն են։ Կարևորագույն խնդիրը, որին առնչվում ենք, երեխաների աղքատությունն է։ Ընդ որում՝ բազմազավակ ընտանիքներում խնդիրն ավելի նկատելի է»,- նշել է Մեսրոպ Առաքելյանը՝ միաժամանակ մանրամասնելով, որ այս պահին նախարարության առաջնահերթություններից է բազմազավակ ընտանիքների համար սոցիալական երաշխիքներն ավելի հասցեական և արդյունավետ դարձնելը։Նախարարը կարևորել է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքների բացահայտման և նրանց՝ հասարակություն լիարժեք ինտեգրման համար պայմանների ապահովումը:«Հաշմանդամություն ունեցող երեխաներն է՛լ ավելի խոցելի են, և այդ ուղղությամբ մենք անելու ենք առավելագույնը․ մասնավորապես՝ հաշմանդամության նոր օրենքի ներդրման միջոցով առողջության գնահատման մեթոդից անցում կկատարենք ֆունկցիոնալության գնահատման»,- ասել է նախարարը։Շնորհակալություն հայտնելով կառավարությանն ու պատասխանատու մարմիններին ներդրած ջանքերի համար, որոնք զգալի փոփոխություն են մտցրել հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության, վերջիններիս հանդեպ խտրական վերաբերմունքի վերացման հարցում, Մարիան Քլարկն ընդգծել է՝ արդյունքները շատ են, բայց անելիքներ ևս կան։Վերջինս երեխաների իրավունքների հայեցակարգերի մշակման գործում կարևորել է փորձագիտական աջակցությունը՝ այն դիտարկելով միջազգային իրավական ակտերի համապատասխանության կոնտեքստում։Մարիան Քլարկի խոսքով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կորոնավիրուսի համավարակի և հակամարտության հետևանքով տուժած շուրջ 35,000 ընտանիքների կարիքների գնահատում է իրականացրել, որը կարող է օգտակար լինել առաջիկա ծրագրերի իրականացման գործում։Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև արցախայությանն ուղղված աջակցության ծրագրերում այլ գործընկերների ներգրավումն ու համագործակցության ընդլայնումը։
21:39 - 20 հունվարի, 2021
Այս պահին արցախցիների զգալի մասն արդեն իր բնակությունը շարունակում է Արցախում. Առաքելյան
 |1lurer.am|

Այս պահին արցախցիների զգալի մասն արդեն իր բնակությունը շարունակում է Արցախում. Առաքելյան |1lurer.am|

1lurer.am: Սոցիալական ոլորտում կառավարության որդեգրած քաղաքականությունը մնում է առաջնահերթ, սակայն նախորդ տարի երկու ճգնաժամի՝ համավարակի և պատերազմից հետո տեղի ունեցող իրադարձությունները առնվազն սոցիալական ոլորտում, կարճաժամկետ հատվածում փոփոխությունների ենթարկեցին մեր առաջնահերթությունները, որի ուղղությամբ այս պահին մեծ աշխատանքներ են տարվում: Մեծ հաշվով, կարևորագույն սկզբունքները, որը նաև նախարարությունում իմ աշխատանքում ներգրավվելու ժամանակվանից ֆիքսել ենք՝ մաքսիմում իրականացնել պետության կողմից մատուցված ծառայությունները հարմար և արագ, քանի որ խնդիրն այն է, որ ոչ միայն քաղաքացիներին տրամադրենք անհրաժեշտ սոցիալական աջակցությունը, այլ այդ աջակցությունը տրամադրման գործընթացքում ավելորդ քաշքշուկներից և խնդիրներից պահենք: Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: «Այս պահին արցախցիների զգալի մասն արդեն իր բնակությունը շարունակում է Արցախում, և մեր սոցիալական ծրագրերի զգալի մասը Արցախի կառավարության հետ ենք իրականացնում հենց Արցախում, իսկ քաղաքացիների այն խումբը, որը կորցրել է իրենց բնակավայրերը, գտնվելով ՀՀ-ում, ստանում է անհրաժեշտ սոցիալական աջակցություն և կշարունակի ստանալ այնքան, ինչքան դրա կարիքը կա, սակայն երկարաժամկետ հատվածում մեր գլխավոր ռազմավարությունը, որի շուրջ աշխատում ենք ԱՀ կառավարության հետ, այդ մարդկանց վերաբնակեցումն է Արցախում՝ նոր կացարանների կառուցման մրջոցով:  Հարցին՝ քանի՞ արցախցի կա այս պահին Հայաստանում, նախարարը պատասխանեց, որ այդ թիվը հասնում է մինչր 40 հազարի: «Կարելի է ֆիքսել, որ 90-100 հազար արցախցի այս պահին վերադարձել է Արցախ»,- հայտնեց Առաքելյանը:
19:52 - 20 հունվարի, 2021
ՀՀ-ում գտնվող արցախցիները կտեղավորվեն աշխատանքի. մեկնարկել է զբաղվածության երկու ծրագիր |armenpress.am|

ՀՀ-ում գտնվող արցախցիները կտեղավորվեն աշխատանքի. մեկնարկել է զբաղվածության երկու ծրագիր |armenpress.am|

armenpress.am: Սպասարկում, ռեստորանային բզինես, արդյունաբերություն, համայնքային ոլորտ և այլն. պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող արցախցիները կտեղավորվեն աշխատանքի այս և այլ ոլորտներում: Այդ նպատակով իրականացվում է երկու ծրագիր՝  «Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» և «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում»: Ասուլիսում ներկայացնելով ծրագրերի մանրամասները՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշեց, որ նախնական հաշվարկներով երկու ծրագրով մոտ երկու հազար շահառու կարող է լինել:   «Եթե պահանջարկն ավելին լինի, ապա մենք խնդիր չենք տեսնում, պատրաստ ենք աշխատել: Ասեմ, որ արդեն 660-ից ավելի դիմում ունենք: Նախնական փուլում կարող են դիմել այն արցախցիները, որոնց տները մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Երկրորդ փուլում արդեն կարող են դիմել այն արցախցիները, որոնց Արցախում գտնվող տները, շինությունները վնասվել են: Այսինքն՝ շահառուների թիվը կընդլայնենք»,- ասաց Ռուբեն Սարգսյանը: Աշխատանքի ուղղորդումը լինելու է շահառուների ցանկությունների ու հնարավորությունների համապատասխան: Մինչ ծրագրի մեկնարկը աշխատանք է տարվել գործատուների հետ՝  հասկանալու, թե որ ուղղությամբ շեշտադրում կատարեն, որպեսզի ձեռնտու լինի նաև գործատուներին: Եթե կան գործատուներ, որոնք ունեն հնարավորություն և ցանկանում են, որ արցախցիներն իրենց մոտ աշխատանքի անցնեն, ապա Ռուբեն Սարգսյանը հորդորեց ակտիվ լինել և դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: «Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագրում շահառուն կարող է ընդգրկվել մեկ անգամ՝ 3 ամիս ժամկետով: Միջոցառման շրջանակում ամսական կտրվի 100 000 դրամ մաքուր աշխատավարձ, իսկ եկամտային հարկը և պարտադիր վճարների գումարը կփոխհատուցվեն գործատուին։ Միևնույն ժամանակ, գործատուի մոտ աշխատանքային փորձ ձեռք բերելու գործընթացը կազմակերպող մասնագետը ևս կվարձատրվի ամսական 34 000 դրամի չափով: «Թեպետ նշվում է երեք ամիս ժամկետը, բայց մենք քաջ գիտակցում ենք, որ քանի դեռ կեցության պայմանների հարցերն Արցախում չեն կարգավորվել, շատերը չեն կարողանա վերադառնալ: Կարծում եմ, որ եթե պահանաջրկ լինի, ապա մենք ծրագրի ժամկետը կկարողանանք երկարաձգել»,- ասաց նախարարի տեղակալը: Հաջորդը «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպումն» է, որտեղ գործատուն համայնքն է: Այս ծրագրի շրջանակում արցախցիները հնարավորություն ունեն ընդգրկվել համայնքներում իրականացվող վարձատրվող հասարակական աշխատանքներում և մեկ աշխատանքային օրվա համար ստանալ 8 000 դրամ՝ ներառյալ եկամտային հարկը և պարտադիր վճարները: Այս ծրագրումհիմնականում բարեկարգման, նորոգման, ձնամաքրման աշխատանքներն են: Քաղաքացիները կարող են դիմել տարբեր եղանակով, գնալ զբաղվածության տարածքային գործակալություններ, դիմել e-reguest.am-ի միջոցով, ինչպես նաև  www.employment.am կայքի օգնությամբ՝ լրացնելով համապատասխան դիմումը: Քաղաքացիները նշում են անուն, ազգանունը, և թե որ ծրագրին են ցանկանում մասնակցել:
15:32 - 19 հունվարի, 2021