Արման Թաթոյան

Արման Հակոբի Թաթոյանը (դեկտեմբերի 18, 1981Երեւան) ՀՀ մարդու իրավունքների 4-րդ պաշտպանը։ Պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 2022թ․ հունվարի 24-ին։

1998-2007թթ. - սովորել եւ գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է, 1 մենագրության եւ 27 գիտական հոդվածների հեղինակ եւ համահեղինակ։ 2012-2013 թթ. ավարտել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանը։

  • 2010–2013 թթ. - ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական։
  • 2011 թվականից - Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեում ՀՀ ներկայացուցիչ։
  • 2013 թ. նոյեմբերի 19-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։
  • 2013 թվականից- ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ։
  • 2016 թ. փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ-ի կողմից 96 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ ընտրվել է ՀՀ ՄԻՊ։
Ապացույց, որ ադրբեջանական զինծառայողները Սյունիքի գյուղերի հարևանությամբ կրակում են խոշոր տրամաչափի զինատեսակներից. Ա. Թաթոյանը տեսանյութ է հրապարակել

Ապացույց, որ ադրբեջանական զինծառայողները Սյունիքի գյուղերի հարևանությամբ կրակում են խոշոր տրամաչափի զինատեսակներից. Ա. Թաթոյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որին կից գրել է. «ապացույց այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից»: Թաթոյանը նշել է, որ այս տեսանյութի կրակոցներն արվել են 2 օր առաջ՝ Կապան համայնքի Ագարակ ու Եղվարդ գյուղերի միջնամասում, այն նկարել են մեր դիրքապահները: «Տարածությունը պատկերացնելու համար նշեմ, որ այս կրակոցների վայրից դեպի Ագարակ գյուղ ուղիղ գծով մոտ 1 (մեկ) կմ է: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Կապանի գյուղերի բնակիչներից պարբերաբար է ստանում զայրույթի ու անհանգստության ահազանգեր ադրբեջանցի զինվորականների կողմից պարբերաբար արձակվող կրակոցների մասին: Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ Սյունիքի համայնքների անմիջական հարևանությամբ, այդ համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանական զինվորական ուժեր չպետք է լինեն. դա լրջորեն վտանգում է խաղաղ բնակիչների իրավունքները, խաթարում է նրանց անդորրն ու խաղաղ կյանքը»,- գրել է նա:
11:38 - 15 փետրվարի, 2021
Անհրաժեշտ է երաշխավորել գյուղացիների իրավունքները. ՀՀ ՄԻՊ

Անհրաժեշտ է երաշխավորել գյուղացիների իրավունքները. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական զինված ծառայողների կողմից 2021թ. փետրվարի 11-ին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի հովիվի 173 գլուխ ոչխարը տանելու փաստը հաստատում է այն, ինչ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արդեն մի քանի ամիս շարունակ նախազգուշացնում է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Մասնավորապես, երեկ Խնձորեսկի համայնքապետարանը հայտարարեց, որ փետրվարի 11-ին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչ գյուղին հարակից արոտավայրերում արածեցրել է ընդհանուր թվով 185 մանր եղջերավոր կենդանիներ: Արածեցնելու ընթացքում կենդանիների մի մասը մոտեցել է ադրբեջանական զինվորների կողմից վերահսկվող տարածքին, որից հետո ադրբեջանցի զինված ծառայողները տարել են 173 գլուխ ոչխար: Կենդանիները վերադարձվել են միայն ՀՀ սահմանապահ զորքերի ծառայողների ու Զինված ուժերի կորպուսի հրամանատարության բանակցություններից հետո: Նշված տեղեկությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հաստատել են գյուղի մի շարք բնակիչներ ու համայնքային մարմինները: Ընդ որում, պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումը պարզել է, որ հովիվն ինքն ուշադիր է եղել, բայց դեպքը տեղի է ունեցել, քանի որ կենդանիները սովոր են այդ տարածքներում արածելու և արոտավայրերն այնպիսին են, որ դժվար է լինելու վերահսկել կենդանիներին: Այս ամենը հաստատում է, որ անհրաժեշտ է երաշխավորել գյուղացիների իրավունքները, այդ թվում՝ կապված արոտավայրերն օգտագործելիս նրանց անվտանգության, ապրուստը հոգալու ու սեփականության իրավունքների վտանգների կամ խախտումների հետ: Նշվածը թույլ չտալու համար անհրաժեշտ են հանձնաժողովային աշխատանքներ ու գյուղացիների կարիքների ճիշտ գնահատում, բոլոր խնդիրների լիարժեք չեզոքացում»,- գրել է Թաթոյանը:  
10:23 - 14 փետրվարի, 2021
Պատերազմի հետևանքով անօթևան է դարձել շուրջ 40,000 մարդ, սպանվել է 72 քաղաքացի. ՄԻՊ-ը հրապարակել է կարևոր փաստեր

Պատերազմի հետևանքով անօթևան է դարձել շուրջ 40,000 մարդ, սպանվել է 72 քաղաքացի. ՄԻՊ-ը հրապարակել է կարևոր փաստեր

Պատերազմի հետևանքով անօթևան է դարձել շուրջ 40,000 մարդ՝ զրկվելով իրենց տներից, անձնական իրերից, կենսական տարրական պայմաններում ապրելու հնարավորությունից և այլ իրավունքներից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով. «Կարևոր փաստեր Ադրբեջանի սանձազերծած` 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում Արցախում խաղաղ բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ   Պատերազմի ընթացքում իրենց մշտական, հայրենի բնակավայրերից տեղահանվել է ավելի քան 100,000 խաղաղ բնակիչ: Պատերազմի հետևանքով անօթևան է դարձել շուրջ 40,000 մարդ՝ զրկվելով իրենց տներից, անձնական իրերից, կենսական տարրական պայմաններում ապրելու հնարավորությունից և այլ իրավունքներից: Ադրբեջանական զինված ուժերի հարձակումների հետևանքով` պատերազմի ընթացքում կրթությունից զրկվել է դպրոցական ու մանկապարտեզի տարիքի շուրջ 30,000 երեխա: Վնասվել կամ ավերվել է 12 մանկապարտեզ և 71 դպրոց: 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021 հունվարի 28-ը սպանվել է 72 քաղաքացիական անձ: Վիրավորում է ստացել, այդ թվում՝ հաշմանամություն ձեռք բերել 163 խաղաղ բնակիչ: Տվյալներն` ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների»:
10:23 - 13 փետրվարի, 2021
Սյունիքի մարզի ճանապարհներին ադրբեջանական զինծառայողների, դրոշների ու ցուցանակների առկայությունը պետք է բացառվի և վերջ. Արման Թաթոյան

Սյունիքի մարզի ճանապարհներին ադրբեջանական զինծառայողների, դրոշների ու ցուցանակների առկայությունը պետք է բացառվի և վերջ. Արման Թաթոյան

ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում կամ համայնքներն իրար միավորող ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների (նաև դրոշների ու ցուցանակների) առկայությունը, առավել ևս այդ ճանապարհներով նրանց ցանկացած տեղաշարժ պետք է բացառվի և վերջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Նրանք այդտեղ են հայտնվել Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակիչների և զինվորականների իրավունքների կոպիտ խախտումների, էթնիկ զտումների ու խաղաղ բնակավայրերը զանգվածային ավերելու, ինստիտուցիոնալ շարունակվող հայատյացության, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, գերիներ ապօրինի պահելու ու նոր պատերազմի շարունակվող սպառնալիքների հաշվին: Ադրբեջանական զինվորականների ներկայությամբ շարունակվում են կոպտորեն խախտվել Հայաստանի առաջին հերթին սահմանային բնակիչների իրավունքները կամ դրանք լրջորեն վտանգած են (սեփականության խախտումներ, կրակոցներ և այլն), խաղաղ կյանքն ու անդորրը: Հետևաբար, ինչ էլ ուզում է լինի` նրանց ցանկացած ներկայություն կամ առավել ևս տեղաշարժ ապօրինի է, զուրկ է իրավական որևէ տիտղոսից, հակասում է միջազգային իրավունքում մարդու իրավունքների համակարգի հիմքերին»,- գրել է նա:  
10:20 - 11 փետրվարի, 2021
ՀՀ ՄԻՊ-ը Ուկրաինայի դեսպանի հետ զրույցում շեշտել է Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի անհապաղությունը

ՀՀ ՄԻՊ-ը Ուկրաինայի դեսպանի հետ զրույցում շեշտել է Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի անհապաղությունը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 10-ին հանդիպել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուլեբայի հետ։ Այս մասին տեղեկացնում է Պաշտպանը: Արման Թաթոյանը շեշտել է Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի անհապաղությունը և նշել, որ դա պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների ու մարդասիրական գործընթացի շրջանակում՝ որպես ավտոմատ գործողության միջազգային պահանջ։ Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ հոգեկան տառապանքներ պատճառելու, շահարկումների ու լարվածություն առաջացնելու նպատակով: Կարևորվել է մարդու իրավունքների պաշտպանության խթանման հարցում Ուկրաինայի գերագույն ռադայի Մարդու իրավունքների հանձնակատարի հետ համագործակցությունը։ Հանդիպմանը կողմերը պայմանավորվել են խորացնել համագործացկությունը մարդու իրավունքների պաշտպանության հարցերում։
21:56 - 10 փետրվարի, 2021
ՄԻՊ-ը Հայաստան մշտական բնակության տեղափոխված անձանց համար անձնական օգտագործման ապրանքներ ներմուծելու վերաբերյալ ուղեցույց է հրապարակել

ՄԻՊ-ը Հայաստան մշտական բնակության տեղափոխված անձանց համար անձնական օգտագործման ապրանքներ ներմուծելու վերաբերյալ ուղեցույց է հրապարակել

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց՝ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչված անձանց համար անձնական օգտագործման ապրանքներ արտոնություններով ներմուծելու կանոնների վերաբերյալ:   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումների, ինչպես նաև Պաշտպանին հասցեագրված դիմումների և բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչված անձինք, մեծ մասամբ, ծանոթ չեն նշված արտոնություններից օգտվելու իրենց իրավունքներին և ընթացակարգին։   Ուղեցույցում ներառվել են այն հարցերի պատասխանները, որոնք դիմողներն առավել հաճախ են բարձրացնում իրենց դիմումներում ու բողոքներում։   Հարցերի պատասխանները կազմելիս հիմք են ընդունվել համապատասխան կարգավորումները։
15:56 - 10 փետրվարի, 2021
ՀՀ ՄԻՊ-ը ենթարկվում է Ադրբեջանի ԶԼՄ-ների կազմակերպված հարձակումների. Թաթոյանի ապացույցները

ՀՀ ՄԻՊ-ը ենթարկվում է Ադրբեջանի ԶԼՄ-ների կազմակերպված հարձակումների. Թաթոյանի ապացույցները

Ադրբեջանական լրատվամիջոցները վերջին օրերին նախաձեռնել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դեմ կազմակերպված հարձակումներ, որոնց ներգրավված են նաև պատգամավորներ: Այս մասին հայտարարությամբ տեղեկացրել է Արման Թաթոյանը։ «Հարձակումներն ուղեկցվում են Արման Թաթոյանին պաշտոնից հեռացնելու գործընթաց սկսելու հայտարարություններով, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ ծայրահեղական բնույթի վիրավորանքներով, սպառնալիքներով ու ատելությամբ:     Դրանից բացի, Մարդու իրավունքների պաշտպանին սպառնալիքներ են ուղարկվում նաև անձնական նամակագրությամբ: Այս հարձակումները կապված են Պաշտպանի այն հայտարությունների հետ, որոնք վերաբերում են ՀՀ սահմանների որոշման գործընթացում մարդու իրավունքների խախտումներին, ՀՀ Սյունիքի մարզում ադրբեջանական զինվորականների (դրոշների ու ցուցանակների) հայտնվելուն ու քաղաքացիական բնակիչների նկատմամբ ադրբեջանական սադրանքներին: Ընդ որում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունները բացահայտ կեղծվում են, որից հետո ենթարկվում են մանիպուլյատիվ շահարկումների:  Օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանը խոսում է Սյունիքում ադրբեջական զինված ծառայողների, դրոշների ու ցուցանակների առկայության անթույլատրելիության մասին, Պաշտպանը խոսում է ադրբեջանական պատերազմական հանցանքների, պատերազմի սպառնալիքների ու էթնիկ զտումների ու պետական աջակցությամբ հայատյացության ֆոնի մասին, մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցները դա ներկայացնում են՝ որպես «հիստերիա», իրենց բառերով ձևակերպված, «այսպես կոչված Սյունիքում»:  Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը բացարաձակ դատապարտելի է համարում ադրբեջանական լրատվամիջոցների այս մանիպուլյատիվ հարձակումները, որ իրականացվում են քաղաքական գործիչների մասնակցությամբ, անձնական նամակագրությամբ ու կեղծում են Պաշտպանի իրական հայտարարությունները, հրահրում են նոր թշնամանք ու հայտյացություն: Դրանք հղի են մարդու իրավունքների նոր խախտումներով»,- ասվում է հայտարարության մեջ:
18:39 - 09 փետրվարի, 2021
ՄԻՊ-ը մշակել է շինարարության թույլտվության տրամադրման վերաբերյալ ուղեցույց

ՄԻՊ-ը մշակել է շինարարության թույլտվության տրամադրման վերաբերյալ ուղեցույց

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ շատ դեպքերում մարդիկ տեղեկացված չեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին, ինչի արդյունքում հաճախ տուժում են պետական մարմինների վարչարարությունից, կայացրած վարչական ակտերից, պետական մարմինների անհարկի քաշքշուկներից և այլն։ Խնդիրն արդիական է հատկապես շինարարության թույլտվության տրամադրման ոլորտում։ Շինարարությունների թույլտվությունների տրամադրման գործընթացի ձգձգումները կամ մերժումները նաեւ խոչընդոտներ են ստեղծում երկրում ներդրումների ավելացման, գործարար միջավայրի զարգացման համար։ Ուղեցույցում ներառվել են այն հարցերի պատասխանները, որոնք դիմողներն առավել հաճախ են բարձրացնում իրենց դիմումներում ու բողոքներում։ Հարցերի պատասխանները կազմելիս հիմք են ընդունվել համապատասխան կարգավորումները։
15:05 - 09 փետրվարի, 2021
Իշխանավեճի թեմաներով ստվերված են երկրում մարդու իրավունքների իրական խնդիրները. Արման Թաթոյան

Իշխանավեճի թեմաներով ստվերված են երկրում մարդու իրավունքների իրական խնդիրները. Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել՝  նշելով, որ քաղաքական համակարգն իր իշխանական և ոչ իշխանական կուսակցություններով ու ուժերով պետք է ծառայի մարդուն, նրա խնդիրների լուծմանը, իրավունքների պաշտպանության իրական գերակայություններին ու մարդու համար լինի կանխատեսելի: Այս մասին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ. «Վերջին ժամանակաշրջանում մեր հանրային քննարկման (public discourse) տիրույթը գրեթե ամբողջությամբ լցված է իշխանավեճի թեմաներով, որի պատճառով ստվերված են երկրում մարդու իրավունքների իրական խնդիրները, անտեսված են մարդկանց վերաբերող իրական գերակայությունները: Պետության քաղաքական համակարգը նրա համար չէ, որ իշխանավեճով զբաղվի: Քաղաքական համակարգն իր իշխանական և ոչ իշխանական կուսակցություններով ու ուժերով պետք է ծառայի մարդուն, նրա խնդիրների լուծմանը, իրավունքների պաշտպանության իրական գերակայություններին ու մարդու համար լինի կանխատեսելի: Պետք է ճիշտ նախանշել այդ գերակայությունները և հանրային քննարկումներն ուղղել այդ ուղղությամբ՝ անկախ քաղաքական զարգացումներից կամ հեռանկարներից: Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը՝ որպես պետության ինստիտուտներ, պետք է իրենց նախաձեռնությունների կամ գործողությունների հիմքում դնեն մարդու իրավունքների արդիական, հանրությանն անհանգստացնող գերակա հարցեր՝ յուրաքանչյուրն իր կարգավիճակի սահմաններում: Այս դեպքում հանրային քննարկումն էլ կշարժվի հենց այդ ուղղությամբ: Այդ կերպ է իշխանությունը հանրությանը ցույց է տալիս իր քայլերն իրական խնդիրների առնչությամբ, իսկ ընդդիմությունը նույն սկզբունքով իշխանության նկատմամբ այդ հարցերով ապահովում է պատշաճ վերահսկողություն: Վերջապես, հասարակությունն էլ տեսնում է, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը զբաղված են իր առօրյա, իրական խնդիրներով, այլ ոչ թե իշխանավեճի նեղ թեմաներով, որ իր իրավունքների հարցերը բոլորի իրական ուշադրության կենտրոնում են, այլ ոչ անտեսված են ու գտնվում են հանրային քննարկման լուսանցքում: Ուստի, բոլորին կոչ եմ անում սթափվել: Մեր երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ. խախտված կամ լրջորեն վտանգված են սահմանային բնակիչների կենսական իրավունքները, նրանց համար իրենց վերաբերող հարցերում այդպես էլ կանխատեսելիություն չի ապահովվում, Հայաստանին ադրբեջանական իշխանությունները սպառնում են նոր պատերազմով ու մեր երկրի բնակչության մասին խոսում են սպառնալիքների լեզվով, անհրաժեշտ է գործադրել պատասխանատվության ընթացակարգեր մեր հայրենակիցների նկատմամբ ադրբեջանական պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքների համար, պետք է երաշխավորել մարդկանց սոցիալ-տնտեսական իրավունքները և այլն: Այս և այլ գերակայություններ պետք է լինեն յուրաքանչյուր կողմի նախաձեռնության կամ ծրագրի հիմքում՝ անկախ քաղաքական որևէ հայացքից կամ կարգավիճակից: Վերջապես, այդ կերպ կհաստատենք, որ մեր երկրում ամեն ինչ արվում է ի շահ մարդու ու իրավունքի գերակայության և որ առաջնայինը մշտապես տարբերվում է երկրորդայինից:
22:00 - 08 փետրվարի, 2021
Մենաշնորհի դեմ արդյունավետ պայքարի նպատակով Պաշտպանն առաջարկել է ներդնել կոմպլաենսի ինստիտուտ․ օրենսդրական ամփոփված փաթեթն ուղարկվել ԱԺ և Կառավարություն

Մենաշնորհի դեմ արդյունավետ պայքարի նպատակով Պաշտպանն առաջարկել է ներդնել կոմպլաենսի ինստիտուտ․ օրենսդրական ամփոփված փաթեթն ուղարկվել ԱԺ և Կառավարություն

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ամփոփել և Ազգային ժողով ու Կառավարություն է ուղարկել օրենսդրական նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է Հայաստանի օրենսդրության համակարգում ներդնել բիզնեսի պաշտպանությանն ուղղված հակամենաշնորհային կոմպլաենսի ինստիտուտ, տեղեկացնում է ՄԻՊ Հանրային կապերի բաժինը։Այն կապահովագրի բիզնեսին տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտումներից և հնարավորություն կտա խուսափել տուգանքներից, մյուս կողմից՝ պետության կողմից կապահովվի երկրում գործարար միջավայրի բարելավման և զարգացմանն ուղղված հակամենաշնորհային քաղաքականության իրականացումը։ Նախագծի մշակման հիմքում դրվել են միջազգային չափանիշների և այլ երկրների փորձի ուսումնասիրության արդյունքները։ Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները․• սահմանել հակամենաշնորհային կոմպլաենսի (տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության պահանջներին համապատասխանության ներքին ապահովման համակարգ) հասկացությունը, • սահմանել, որ հակամենաշնորհային օրենսդրության պահանջներին համապատասխանության ներքին ապահովման համակարգի կազմակերպման համար տնտեսվարող սուբյեկտը կամ տնտեսվարող սուբյեկտի հետ միասին մեկ խմբի մեջ մտնող անձանց ընդունվող ներքին ակտը (ակտերը) պետք է պարունակեն՝ 1) տնտեսվարող սուբյեկտի գործունեության իրականացման հետ կապված տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության խախտման ռիսկերի գնահատման իրականացման կարգի պահանջներ․ 2) տնտեսվարող սուբյեկտի կողմից իր գործունեության հետ կապված տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության խախտման ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումներ․ 3) տնտեսվարող սուբյեկտի կողմից հակամենաշնորհային կոմպլաենսի կիրարկման նկատմամբ հսկողության իրականացմանն ուղղված միջոցառումներ․ 4) տվյալ իրավական ակտին կամ տվյալ փաստաթղթերին (ներքին քաղաքականություն, կանոնակարգ) տնտեսվարող սուբյեկտի աշխատակիցներին ծանոթացնելու մեխանիզմ․ 5) հակամենաշնորհային կոմպլաենսի կիրարկման համար պատասխանատու պաշտոնատար անձի մասին տեղեկություններ: • Որպես պատասխանատվության մեղմացուցիչ հանգամանք հաշվի առնել իրավախախտում թույլ տված կազմակերպության կողմից հակամենաշնորհային կոմպլաենսի արդյունավետ ներդրման հանգամանքը։ Ազգային ժողով եւ Կառավարություն, մասնավորապես, ուղարկվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշակած ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, դրանց ընդունման հիմնավորումները և ամփոփաթերթը։ Կցվում է նախագծերի փաթեթը հիմնավորումներով և ամփոփաթերթը։
12:40 - 08 փետրվարի, 2021
Ադրբեջանը արհեստական ձգձգում և քաղաքականացնում է գերիների վերադարձի գործընթացը՝ նրանց ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու նպատակով. ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ

Ադրբեջանը արհեստական ձգձգում և քաղաքականացնում է գերիների վերադարձի գործընթացը՝ նրանց ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու նպատակով. ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 5-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՄԻՊ գրասենյակը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ կապված Ադրբեջանում պահվող հայ գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապության հետ: Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ հայ հասարակությանը ու հատկապես գերիների ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու ու լարվածություն առաջացնելու նպատակով: Դրանից բացի, Պաշտպանը դեսպանին է ներկայացրել մարդու իրավունքների խախտումները սահմանների որոշման գործընթացում: Մարդու իրավունքների պաշտպանը դեսպանին տեղեկացրել է, որ իրենց ուշադրության կենտրոնում են նաև Արցախից Հայաստան տեղափոխված անձանց իրավունքների երաշխավորման հարցը։ Օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է տեղեկատվական ուղեցույց պատերազմի հետևանքով տեղահանված մարդկանց համար։ Առաջիկայում կհրապարակվի նաև արտահերթ զեկույց, որտեղ տեղ են գտել երկրում ռազմական դրություն հայտարարվելու օրվանից սկսած Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացված և մինչ օրս իրականացվող անհատական դիմումների (գրավոր և բանավոր) քննարկման, սոցիալական ցանցերի մշտադիտարկման, Հայաստանում Արցախից տեղահանված անձանց բնակության վայրեր (կացարաններ, ժամանակավոր կայանման կետ, մասնավոր տներ) իրականացված այցերի արդյունքում արձանագրված կարիքները, ինչպես նաև նրանց իրավունքների ապահովման խնդիրները: Կողմերը ընդգծել են երկու կառույցների միջև բարձր համագործակցությունն ու փոխադարձ վստահությունը, ինչպես նաև պայմանավորվել են խորացնել համագործացկությունը մարդու իրավունքների պաշտպանության հարցերում։
21:34 - 06 փետրվարի, 2021
Ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ ռազմական արարքներով խախտել են Գեղարքունիքի մարզում ՀՀ քաղաքացիների տնտեսական գործունեության միջազգայնորեն երաշխավորված իրավունքը. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ ռազմական արարքներով խախտել են Գեղարքունիքի մարզում ՀՀ քաղաքացիների տնտեսական գործունեության միջազգայնորեն երաշխավորված իրավունքը. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ ռազմական արարքներով խախտել են Գեղարքունիքի մարզում ՀՀ քաղաքացիների տնտեսական գործունեության միջազգայնորեն երաշխավորված իրավունքը: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ստացել է գործարարությամբ զբաղվող ընկերության տնօրենից բողոք այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները 2020թ. նոյեմբերի 25-ին ապօրինաբար, պատերազմի սպառնալիքով ներխուժել են ՀՀ կառավարության որոշմամբ իրենց հատկացված այն տարածքը, որտեղ արդեն 20 տարի իրենք իրականացնում են ձեռնարկատիրական գործունեություն՝ դրանով պատճառելով շուրջ 5,000,000 ԱՄՆ դոլարի վնաս: Բողոքի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է, որ ՀՀ կառավարությունը 2000թ. դեկտեմբերի որոշմամբ ՀՀ-ում իրավական գրանցում ունեցող ընկերությանն է տրամադրել Գեղարքունիքի մարզի Սոթքի լեռնանցքի (Գեղամասար համայնք) շրջանում 200 հա հողամաս և կնքել 30 տարի ժամկետով վարձակալության պայմանագիր՝ ապահովելով գույքային իրավունքների պետական գրանցումը: Հողատարածքը տրամադրվել է էլեկտրական էներգիայի արտադրության համար հողմային էլեկտրակայան կառուցելու և շահագործելու նպատակով։ Նշված 200 հա հողատարածքից 75 հա-ի վրա ընկերությունը կառուցել է 2 հողմակ: Այնուհետև, ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցվել է անշարժ գույքի նկատմամբ ընկերության իրավունքը։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի մայիսի որոշմամբ մինչև 2039 թվականի մայիս ամիսը ընկերությանը տրամադրել է էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա: Դրանից բացի, Սոթք գյուղում գտնող նշված մակերեսով էներգետիկայի գործառնական նշանակությամբ հողամասի նկատմամբ գրանցված ընկերության վարձակալության իրավունքը երկարացվել է մինչև 2048թ. ապրիլ ամիսը: Կարևոր է արձանագրել, որ 200 հա հողատարածքի հատկացմանը «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի հիման վրա, այդ թվում՝ հաշվի առնելով օրենքի այն դրույթը, որը վերաբերում է ՀՀ պետական սահմանային գոտուն և որն էլ սկսվում է ՀՀ պետական սահմանագծից ծավալվել դեպի ՀՀ տարածքի խորքը: 2020թ. սեպտեմբեր-նոյեմբերի պատերազմից հետո՝ նոյեմբերի 25-ին ադրբեջանական զինված ուժերը՝ զինվորական տեխնիկայով ու զինված ծառայողներով, պատերազմի սպառնալիքով անսպասելիորեն ներխուժել են ընկերության տարածք, և ընկերության աշխատակիցներն այլևս չեն կարողացել մուտք գործել այդ տարածք: Արդյունքում՝ ինչպես նշվել է Պաշտպանին հասցեագրած բողոքում, գործարար ընկերությունը զրկվել է իրենց հատկացված՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք գյուղի 200 հա հողատարածքն օգտագործելու, 75 հա տարածքի վրա կառուցված հողմային էլեկտրակայանից՝ 2 հողմակից ու դրանով ընկերությանը պատճառվել է մոտ 5,000,000 ԱՄՆ դոլարի չափով վնաս: Ընկերությունը հաստատված ծրագրով նախատեսել է ընդհանուր առմամբ ունենալ 23 հողմակ մնացած ողջ 200 հա տարածքի վրա, որի ուսումնասիրություններն արդեն արված են եղել: Այսինքն՝ ընկերությունը զրկվել է նաև առանձնապես խոշոր չափի բաց թողնված օգուտներից, ինչպես նաև տնտեսական գործունեությունը զարգացնելու հնարավորությունից: Ստացվում է՝ ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ արարքներով, զենքի կիրառության սպառնալիքով ՀՀ քաղաքացի գործարարներին զրկել են միջազգայնորեն երաշխավորված և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքից այն տարածքում, որը նրանց հատկացվել է  ՀՀ կառավարության որոշմամբ՝ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի հիման վրա, ինչպես նաև հաստատվել Կառավարությունից անկախ ՀՀ մարմինների որոշումներով: Նշվածից բացի, այս ամենի արդյունքում իրական սպառնալիքներ են առաջացել նաև բնակիչների կյանքի, առողջության, սեփականության և կենսական կարևորության մյուս իրավունքների համար: Հարցն այն է, որ այդ տարածքները օգտագործվել են նաև արոտավայրերի և խոտհարքի համար, իսկ ներկայում արդեն դա դարձել է անհնար ադրբեջանի զինված ուժերի նշանառության տակ լինելու պատճառով, ինչը բնակիչների համար լուրջ խնդիրներ է առաջացրել գյուղատնտեսության ու մասնավորապես՝ անասնապահության հարցերով: Գործարարներն օրինական գործունեությունն իրականացնելու համար իրենց հատկացված տարածքին առհասարակ մոտենալ չեն կարող: Այս ամենը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հաստատել են Գեղամասար համայնքի բնակիչները և համայնքային մարմինները, դա հաստատվել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավորած պատվիրակության այցի ու Պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից տեղում շարունակական ուսումնասիրությունների ընթացքում: Ակնհայտ է, որ ադրբեջանական զինված ուժերի այս գործողությունների արդյունքում, որոնք տեղի են ունեցել ուժի գործադրման բացահայտ սպառնալիքով, խախտվել են ՀՀ քաղաքացիների տնտեսական գործունեության միջազգայնորեն երաշխավորված և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը, ինչպես նաև արոտավայրերից ու խոտհարքներից օգտվելու և այլ իրավունքներ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ներկայում ամփոփվում են նշված հարցերը, դրանք կներկայացվեն միջազգային մարմինների ուշադրությանը,ինչպես նաև ՀՀ պետական մարմիններին, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչին՝ կապված Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ ներկայացված գանգատի հետ»,- գրել է նա:
16:47 - 05 փետրվարի, 2021
ՄԻՊ-ն առաջարկում է գրքերի վաճառքը, տպագրության համար անհրաժեշտ հումքի ներմուծումն ազատել ԱԱՀ-ից

ՄԻՊ-ն առաջարկում է գրքերի վաճառքը, տպագրության համար անհրաժեշտ հումքի ներմուծումն ազատել ԱԱՀ-ից

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ամփոփել և Ազգային ժողով ու Կառավարություն է ուղարկել օրենսդրական նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է գրքերի բոլոր տեսակների վաճառքը, ինչպես նաև գրքերի տպագրության համար անհրաժեշտ հումքի ներմուծումն ազատել ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ)։ Այս մասին հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:  «Նախագծերով առաջարկվում է ավելացված արժեքի հարկից ազատման արտոնություններ չտարածել ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքող, բռնություն կամ պատերազմ քարոզող, ինչպես նաև պոռնկագրական նյութերի վաճառքի նկատմամբ։ Ներկայիս կարգավորումներով ԱԱՀ-ից ազատման արտոնություններ սահմանված են դպրոցական գրքերի և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական և դպրոցական գրականության, բայց ոչ գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական կամ այլ բովանդակությամբ տպագիր կամ էլեկտրոնային գրքերի համար։ Առաջարկվող փոփոխությունը կարևոր խթան կհանդիսանա գրքերի տպագրության ծավալների ընդլայնման և տպագիր կամ էլեկտրոնային գրքերի գների նվազեցման համար։ Նման փոփոխության համար հիմք է հանդիսացել նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժնի միջազգային փորձի ուսումնասիրությունը: Ազգային ժողով եւ Կառավարություն, մասնավորապես, ուղարկվել են նախագծերը, դրանց ընդունման հիմնավորումները եւ ամփոփաթերթերը՝ սահմանված կարգով ընթացք տալու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
10:58 - 04 փետրվարի, 2021
Մեղրիի բնակիչների ջրի միջազգայնորեն երաշխավորված իրավունքը խախտվում է ադրբեջանական ԶՈՒ դիտավորյալ արարքներով․ ՀՀ ՄԻՊ

Մեղրիի բնակիչների ջրի միջազգայնորեն երաշխավորված իրավունքը խախտվում է ադրբեջանական ԶՈՒ դիտավորյալ արարքներով․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․   «ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակիչների ջրի միջազգայնորեն երաշխավորված իրավունքը շարունակաբար լրջորեն խախտվում է ադրբեջանական զինված ուժերի դիտավորյալ արարքներով: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը Մեղրի համայնքի բնակիչներից ստացել է զայրույթի ու անհանգստության ահազանգեր այն մասին, որ մոտ 5 տարի առաջ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները փոխել են «Մեղրի» գետի «Զվարագետ» վտակի սարերից սնուցվող հունը դեպի Նախիջևան (Օրդուբադի շրջան): Արդյունքում, ստացվել է այնպես, որ Սյունքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, ինչպես նաև Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք գյուղերում լուրջ խնդիրներ են առաջանում՝ կապված խմելու և ոռոգման ջրի հասանելիության հետ: Այս բնակավայրերում Մեղրի համայնքի բնակչության մեծամասնությունն է: Պաշտպանին խնդրի առնչությամբ անհրաժեշտ տեղեկություններ է ներկայացնել նաև Մեղրի համայնքի ղեկավարը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած պատվիրակությունն այդ ահազանգերը ստացել է Մեղրի համայնք 2021թ. հունվար ամսին կատարած այցի ընթացքում: Հարցն այն է, որ Մեղրի համայնքի բնակավայրերի խմելու և ոռոգման ջուրը մշտապես ապահովվել է «Մեղրի» գետի հաշվին: «Զվարագետ» կամ «Այրիջուր» վտակը սկիզբ է առնում ծովի մակերևույթից մոտ 3,500մ. բարձրությունից՝ Զանգեզուրի լեռների հարավարևելյան լանջերից ու հետո միանում է «Մեղրի» մայր գետին: Ձնհալների շնորիվ յուրաքանչյուր տարվա մոտ օգոստոս ամսից սկսած Զվարագետը դառնում է ջրառատ, որի շնորհիվ էլ մշտապես ապահովվել է խմելու և ոռոգման ջրի լիարժեք մատակարարումը Մեղրի համայնքի նշված բնակավայրերի համար: Առանց դրա «Մեղրի» գետն ապահովում է միայն յուրաքանչյուր տարվա սկզբից մինչև հունիս-հուլիս ամիսների ջրամատակարարումը ու հետո «Մեղրի» դառնում է խիստ սակավաջուր, իսկ Մեղրի քաղաքի հատվածում գետն առհասարակ ցամաքում է: Այս կերպ նաև լուրջ վնասներ են պատճառվել արդեն Մեղրի համայնքի շրջակա միջավայրին: Բնակիչները և Մեղրի համայնքի ղեկավարը Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել են, որ ադրբեջանական զինվորականները յուրաքանչյուր ամիս հատուկ ինժեներական տեխնիկայով արգելակներ են ստեղծում ու դրանով փոխում են վտակի հունը դեպի Նախիջևան: Այսինքն՝ ադրբեջանական զինված ուժերի այս դիտավորյալ գործողությունների արդյունքում լուրջ խնդիրներ են առաջ գալիս յուրաքանչյուր տարի օգոստոս ամսից սկսած Մեղրի և Ագարակ քաղաքների, Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք գյուղերի բնակիչների համար՝ կապված խմելու և ոռոգման ջրի հասանելիության հետ: Ընդ որում, այս ամենն արվում է մարդկանց կյանքի համար իրական վտանգավոր ուժի սպառնալիքով, քանի որ «Մեղրի» գետի «Զվարագետ» վտակի առաջացման հատվածը գտնվում է ադրբեջանական զինվորականների ուղիղ նշանառության տակ ու հսկվում է նրանց կողմից: Ադրբեջանական զինված ուժերի ու որ նույնն է՝ իշխանության մարմինների այս արարքներով կոպտորեն խախտվում է միջազգային բացարձակ արգելքներով երաշխավորված Հայաստանի Մեղրի համայնքի բնակիչների համար կենսական կարևորություն ունեցող, այն է՝ ջրի իրավունքը: Ջրի իրավունքը երաշխավորված է միջազգայնորեն: Այս իրավունքը ներառում է մարդու իրավունքն ունենալու բավարար և շարունակական ջուր թե՛ խմելու, թե՛ կենցաղային նպատակների (ոռոգման, հիգիենայի և այլն) համար: Ընդ որում, պետք է լինի ջրից օգտվելու անվտանգ հնարավորություն ու լիարժեք հասանելիություն: Այս իրավունքն ունի բացառիկ արժեք ու ընկած է մարդու կյանքի, առողջության պահպանման, արժանապատվության ու մասնավոր կյանքի և կենսական կարևորության մյուս իրավունքների հիմքում: Այս իրավունքն այնքան հիմնարար է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը ջրի և սանիտացիայի իրավունքը հռչակել է համաշխարհային կայուն զարգացման նպատակ՝ հաշվի առնելով ջրի հիմնարար, անփոխարինելի նշանակությունը մարդու զարգացման ու կյանքի կազմակերպման համար: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այս իրավունքը բնորոշել է՝ որպես հազարամյակի զարգացման նպատակ: Ադրբեջանի զինված ուժերի նկարագրված արարքները կոպտորեն խախտում են նաև «Անդրսահմանային ջրաահոսքերի և միջազգային լճերի օգտագործման և պահպանության» մասին 1992 թվականի մարտի 17-ին Հելսինկիում ընդունված կոնվենցիան և այլ միջազգային փաստաթղթեր: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ներկայում ամփոփվում են Հայաստանի բնակիչների միջազգայնորեն բացարձակ երաշխավորված խմելու և ոռոգման ջրի իրավունքը ադրբեջանական զինված ուժերի կողմից շարունակաբար լրջորեն խախտելու առնչությամբ վերլուծություններն ու գնահատականները, որոնք կուղարկվեն միջազգային ու առաջին հերթին մասնագիտացված կառույցներին, ինչպես նաև ՀՀ իրավասու մարմիններին»:
09:57 - 04 փետրվարի, 2021
Արման Թաթոյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության հարցը

Արման Թաթոյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության հարցը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 1-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության վերաբերյալ: Պաշտպանը կարևորել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերով տեղեկությունների օպերատիվ փոխանակման հաստատված համատեղ աշխատանքի համար: Արման Թաթոյանը բարձր է գնահատել ՌԴ-ում մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունները՝ ներկայացնելով նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի ընթացքում ՌԴ իր գործընկերոջ հետ համատեղ աշխատանքի արդյունքները, ինչպես նաև ՌԴ-ում կազմակերպված համատեղ ընդունելությունը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանի ու Ռուսաստանի հայերի միության նախագահի մասնակցությամբ: Այս նախաձեռնությունն ուղղված է եղել ՌԴ-ում աշխատող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը։ Համատեղ աշխատանքի այդ օրինակը դարձել է միջազգային լավագույն փորձ, որը պետք է նշվի միջազգային հարթակներում: ՌԴ դեսպանը կարևորել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ արդյունավետ համագործակցությունը և ընդգծել այն շարունակելու անհրաժեշտությունը: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը և տեղեկությունների փոխանակումը՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը:
21:35 - 01 փետրվարի, 2021
Սահմանների որոշման գործընթացում ՀՀ բնակիչների իրավունքները պետք է դրվեն որոշումների հիմքում․ ՄԻՊ

Սահմանների որոշման գործընթացում ՀՀ բնակիչների իրավունքները պետք է դրվեն որոշումների հիմքում․ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ասվում է․ «Երբ Հայաստանն Արցախից արհեստականորեն անջատելու համար 1923թ. ձևավորվեց (Կարմիր) Քուրդիստանը, ՀՍԽՀ Զանգեզուրի հետ սահմանային վեճերը հատկապես սրվեցին: Այդ ժամանակ զանգեզուրցիների բարձրացրած արդարացի գլխավոր մտահոգություններից են մշտապես եղել հողերի, ձմեռային ու ամառային արոտատեղերի և այգիների նկատմամբ գյուղացիների իրավունքների հարցերը:Օրինակ՝ 1925թ. հոկտեմբերին ՀՍԽՀ հողժողկոմ Ա. Երզնկյանի տեղեկանքում նշվում էր, որ Մեղրիի և Կարյագինոյի (Ջաբրայիլ) հետ կապված՝ սահմանից արևմուտք ընկնող տարածքները հիմնականում ձմեռային արոտատեղեր էին, որոնք փաստացի օգտագործում էին Կապանի և Մեղրիի շրջանների խոտհարքներ չունեցող գյուղերի բնակիչները: Գլխավոր պատճառներից էր բերվում այն, որ առանց այդ արոտատեղերի նշված շրջանների գյուղերի անասնապահությունը կաթվածահար կլիներ: Մեկ այլ դեպքում՝ Զանգեզուրի և Քուրդիստանի գավառների միջև սահմանների գծման տեղական հանձնաժողովի ղեկավար Յա. Կոչետկովն, օրինակ, Թղութ գյուղին վերաբերող ադրբեջանական առաջարկների չհամաձայնելու հիմքում էր դրել այն, որ դա Շվանիձորի թաղամասերից մեկն է և այդտեղի հողերը (այգիներն ու արոտավայրերը) իրար այնպես են կցված, որ այդ գյուղերը մեկը մյուսից բաժանելն անհնար է լինելու: Գյուղացիների իրավունքների մասով նույն վեճերը եղել են նաև Կապանի ու Զանգելանի, Խոզնավարի ու ադրբեջանական գյուղերի միջև: Սահմանային վեճերը լուծող ՀՍԽՀ տեղական ու հատկապես Անդրդաշնության կենտրոնական հանձնաժողովային 1924թ., 1926թ., 1929թ., 1935թ. և մյուս տարիների աշխատանքների նյութերից երևում է, որ ՀՍԽՀ գյուղացիների իրավունքները մշտապես թերի են քննարկվել. օրինակ՝ անտեսվել են Զանգեզուրի սակավահողությունը և գյուղերի միջև կապերը (վարչական, տնտեսական և այլն), հաշվի չի առնվել այն, թե ինչ դժվարություններ կարող էին առաջ գալ գյուղերի բնակիչների իրավունքների համար: Լիարժեք ուշադրություն չի դարձվել գյուղերի անվտանգության հարցերին (Քուրդիստանի տարածքից հայկական գյուղերի վրա տարբեր ավազակախմբերի հարձակումներին, գողություններին և այլն), որն էլ ուղիղ ազդել է գյուղացիների կողմից արոտատեղերի և մյուս հողերի օգտագործման վրա (օրինակ՝ երբ Անդրդաշնության ԿԳԿ-ի նախագահության 1929թ. փետրվարի որոշմամբ Կապանի շրջակայքի` Ողջի և Բասուտ գետերի ավազանի 21 գյուղերը հանձնվեցին Ադրբեջանի Ջաբրայիլ գավառին): Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ ՀՀ բնակիչների իրավունքները սահմանների որոշման գործընթացում պետք է դրվեն որոշումների հիմքում, անհրաժեշտ է հաշվի առնել նախկինում թույլ տված բոլոր սխալները, դրանցից քաղել անհրաժեշտ դասեր ու թույլ չտալ իրավունքների ոտնահարում կամ անտեսում»:
10:08 - 01 փետրվարի, 2021