Շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է ՀՀ շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների բանական օգտագործման բնագավառներում պետական քաղաքականությունը: 

ՀՀ ՇՄ նախարարն է Ռոմանոս Պետրոսյանը, տեղակալներն են Աննա Մազմանյանը եւ Տիգրան Սիրմոնյանը։

2019 թվականին ՀՀ բնապահպանության նախարարությունը վերանվանվել է Շրջակա միջավայրի նախարարության։

Սևանի կանաչելու գործոնները․ ինչ պետք է անել և ինչ է արվել

Սևանի կանաչելու գործոնները․ ինչ պետք է անել և ինչ է արվել

Սեւանա լճի «կանաչելու» խնդիրը դարձյալ հանրային քննարկման տիրույթում է։ Շրջական միջավայրի նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը նախօրեին ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց կանաչած Սեւանի արբանյակային պատկերները, որոնցից երեւում է, որ լիճը կրկին կանաչում է։ Վերջին տարիներին բազմիցս խոսվել է այս խնդիրը կարգավորելու անհրաժեշտության, դրա լուծման տարբերակների մասին, մասնագետները քայլեր են առաջարկել՝ լճի մակարդակի բարձրացում, ջրառի փոքրացում, եւ այլն, սակայն սայլը տեղից կարծես չի շարժվել։ Դեռեւս 2019 թվականի հուլիսին Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Սեւանի կանաչման գործոնները մի քանիսն են։ Նախկին նախարարն ասել էր, թե այդ պահին կապտականաչ ջրիմուռների՝ վիզուալ տեսանելի աճը առկա է նաեւ Բայկալ լճում, Սեւ ծովում եւ այլն, սակայն խնդիրները մի քանի աղբյուրներից են գալիս, մեկը՝ Գեղարքունիքից կեղտաջրերի եւ կոյուղաջրերի ամբողջ ծավալը հոսում է լիճ, ինչպես նաեւ՝ ափամերձ տարածքների ռեստորաններից, հյուրանոցներից աղտոտող նյութերն են լցվում, մյուս պատճառն էլ, ըստ Գրիգորյանի, ջրածածկ եղած անտառտնկարկներն են, որոնք նույնպես զգալի քանակությամբ օրգանական նյութեր են ներմուծում։ Մասնագետների ու բնապահպանների կարծիքով եւս խնդրի հիմնական պատճառը տարածքի աղտոտումն ու լիճ թափվող կոյուղաջրերն են։ Սեւանի «կանաչելու» պատճառների եւ դրանց հնարավոր լուծումնեի մասին Infocom.am-ը  զրուցեց ջրային ռեսուրսների փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանի հետ։ - Տիկի՛ն Հովհաննիսյան, այս տարի նույնպես նկատվում է, որ Սեւանա լճի որոշ հատվածներ սկսել են կանաչել։ Արդեն մի քանի տարի է՝ այս խնդիրը պարբերաբար կրկնվում է։ Ձեր կարծիքով՝ ո՞րն է հիմանկան պատճառը։  - Կրկին կանաչել է, որովհետեւ ոչինչ չի փոխվել անցյալ տարվանից ի վեր։ Նույն ձեւով 28 գետ լցվում է Սեւան, եւ մեկ Հրազդան է դուրս գալիս, այդ 28 գետերը Սեւանի ջրահավաք ավազանից բերում են ամբողջ կեղտաջրերը՝ լվացքի ջրերը, գյուղատնտեսական, դաշտերից ինչ-որ բաներ են խառնվում ջրի հետ։ Այն, ինչ նպաստում է Սեւանի ծաղկմանը, կոչվում է էտրոֆիկացիա՝ որակի վատացում, դեպի ճահճացման գնալն է։ Այդ բոլոր աղտոտիչները նույն ձեւով լցվում են, մենք ոչ մի տեղ չունենք մաքրման կայան, որը լիարժեք կմաքրի կեղտաջրերը։ Միայն մեխանիկական մաքրում է կատարվում․ Սեւանի ավազանում երեք կայանք կա, իսկ կենսաբանական մաքրում չի կատարվում։ Հիմնական աղտոտիչն այդ կենսաբանական աղտոտվածությունն է։ Սակայն, բացի դրանից, մենք նաեւ ջերմային աղտոտման ենք ենթարկում։ Գետերի բերած ջրերը՝ լվացքաջրերը, աղտաջրերը, առաջ սառն էին ավելի, հիմա դրանց ջերմաստիճանը բարձրացել է, ուրեմն մենք նաեւ ջերմային աղտոտվածության ենք ենթարկում։ Սեւանի շուրջ հանգստի, զվարճանքի 400 եւ ավելի օբյեկտներ կան, որոնք իրենց կեղտաջրերը ամբողջությամբ լցնում են լճի մեջ։ Իսկ մաքրման սարք ունեն այդ օբյեկտենրից միայն 14-ը․ սրանք անցյալ տրվա ստույգ տվյալներ են։ Այդտեղ լուրջ վերահսկողույուն է պետք։ Ոչինչ չի փոխվել, դրա համար էլ շարունակվում է նույն բանը, դեռ անցյալ տարի եմ ասել, որ քանի գնա՝ իրավիճակը կվատանա, հարկավոր է մաքրման կայաններ կառուցել, որպեսզի Սեւան մտնող ջրերը այդքան աղտոտվածություն չբերեն։ Երկրորդ կարեւոր անելիքն էլ՝ Սեւանի առափնյա հանգստյան օբյեկտներին պարտադրել ունենալ մաքրման սարք, հակառակ դեպքում՝ փակել օբյեկտը եւ վերջ։  - Ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը, որ Ձեր նշած կանխարգելիչ միջոցները չեն իրականացվում։ Արդյոք դրանց համար լուրջ ֆինանսական միջոցնե՞ր են անհրաժեշտ։ - Նաեւ քաղաքական կամք է հարկավոր, մտահոգություն է հարկավոր։ Իհարկե, ես հասկանում եմ, որ կառավարությունն ամեն բանի չի կարող հասցնել ձեռքը, բայց էդտեղ ուշանալը մահ է Սեւանի համար։ Չենք կարող ուշանալ, մենք անպայման պետք է կառուցենք այդ կայանները։ Գոնե հիմա այդ առափնյա օբյեկտներին պետք է ստիպենք՝ իրենց եկամուտների մի մասը տրամադրել մաքրման կայաններ ստեղծելուն, դա այդքան թանկ հաճույք չէ։ Ոորովհետեւ լոկ բառեր չեն՝ մենք Սեւան ենք կորցնում։ Շատ խնդիրներ կան, գյուղատնտեսական դաշտերից պարարտանյութերը նույնպես լցվում են լիճ։ Ամենամեծ խնդիրը նաեւ այն է, որ Սեւան մտնող գետերի վրա պետք է ՀԷԿ-եր կառուցված չլինեն, որովհետեւ դրանք խախտում են գետերի ջրային էկոհամակարգի վիճակը։ Այսինքն՝ մենք բերում ենք Սեւան ավելի աղտոտված, ավելի տաք ջրեր եւ սպասում ենք, որ Սեւանը դա կհաղթահարի՞։  - Այս տարիների ընթացքում տարբեր մասնագետներ տարբեր կարծիքներ արտահայտեցին, կային նաեւ պաշտոնյաներ, որոնք նշում էին, թե Սեւանի ջուրը վտանգավոր չէ, երբ կանաչ է։ Ձեր կարծիքն եմ ուզում իմանալ, որքանո՞վ է այն վտանագավոր լողորդների համար։ - Եթե որեւէ մեկը նման բան է ասում, ուրեմն այդ տարածքում բիզնես ունի։ Մանավանդ երեխաներին չի կարելի թույլ տալ լողալ այդ կապտականաչ ջրերում, որովհետեւ այդ ջրիմուռները, որոնց պատճառով ջուրը կանաչում է, թույն են արտադրում։ Եթե երեխան կուլ տա այդ ջուրը, ամենաքիչը կհիվանդանա ստամոքսային հիվանդությունով։ Ես բժիշկ չեմ, բայց գիտեմ, որ դա հնարավոր է։ Նույն կերպ լողալը, շատ զգույշ է պետք լինել։ Մենք պետք է շատ հոգատար լինենք, քանի որ մեր Սեւանը ամբողջ տարածաշրջանում ամենամեծ քաղցրահամ ջրավազանն է։ Եթե մենք դիմենք համայն  հայությանը, շատերը կարձագանքեն, եւ մենք գումարի խնդիր չենք ունենա։ Նախ  «Սեւան ազգային պարկը» պետք է հետամուտ լինի այս գործընթացներին։ Մենք Սեւանի մասին օրենք ենք մշակել, բայց այն խախտվում է մի քանի հոդվածներով։ Սեւանը շատ ուժեղ ինքնամաքրման բնութագիր ունի, եթե 2-3 տարի չբռնաբարենք այդ ջրավազանը, այն կվերականգնվի 100 տոկոսով։ Ամբողջությամբ վերացրել են խեցգետիններին, իսկ դրանք Սեւանի սանիտարներն էին, դա էլ ձկնորոսությունների արդյունքն է։ Ի վերջո, խուսափեք երեխաներին ուղարկել Սեւանի ափ, որ չլողան, դա վտանգավոր է։  Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանն էլ Infocom.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին մասնագիտական ստորաբաժանումները խնդրի շուրջ աշխատանքներ են իրականցնում, եւ շաբաթվա  ընթացքում նախարարության «Հիդրոօթերեւութաբանության» ՊՈԱԿ-ը ջրի նմուշառումներ է իրականացնելու՝ ավելի ամբողջական պատկեր ունենալու համար։  «Մենք ունենք նաեւ արբանյակային տեսանկարահանումների պատկերներ, որոնք այս պահին թույլ են տալիս հասկանալ դրա ծավալների վերաբերյալ նախնական տվյալները եւ տարածման ուղղությունները։ Երբ նմուշառումներն իրականացվեն, առավել ստույգ տեղեկություններ հնարավոր կլինի տարածել։ Դեռեւս 2019 թվականին մենք արդեն հայտարարել էինք, որ 2020-ին նույնպես սպասվում է կանաչում։ Այս պրոցեսը երկու-երեք տարիների պատմություն չէ, այլ երկար տարիների ընթացքում կուտակված խնդիրների՝ ջրի մակարդակի իջեցում, լիճ լցվող կոյուղաջրեր, ափամերձ հատվածներում անառածածկ, եւ այլն»,- ասաց Գրիգորյանը։  Վերջինս տեղեկացրեց, որ նախորդ տարվա ընթացքում  Շրջակա միջավայրի նախարարությունն 98հա ափամերձ անտառածածկ տարածք է մաքրել, ինչը, ըստ Գրիգորյանի, շատ ավելի թեթեւացրել է իրավիճակը, բայց կան նաեւ այլ աշխատանքներ, որոնք հընթացս իրականացվում են։ Գրիգորյանը ընդգծեց, որ Եվրամիության հետ ունենք համաձայնագիր, որի շրջանակներում 5 միլիոն եվրո պետք է տրամադրվի Սեւանի էկոհամակարգային խնդիրներին վերաբերող հարցերն ուսումնասիրելու եւ ճանապարհային երկարաժամկետ քարտեզ մշակելու համար, սակայն միջազգային մասնագետները, որոնք պետք է ժամանեին Հայաստան, համավարակի պայմաններում չեն կարողացել ժամանակին հասնել եւ սկսել աշխատանքները։․ «Ըստ էության, աշխատանքները դեռեւս ուսումնասիրության փուլում են, քանի որ կան ավելի գլոբալ հարցեր, որոնք միայն Շրջակա միջավայրի նախարարության տիրույթում չեն։ Կան խնդիրներ, որոնք մեր լիազորություններից դուրս են, եւ այդ պատճառով միջգերատեսչական ակտիվ քննարկումներ են ընթանում»։ Հարցին, թե արդյոք նախորդ տարիների համեմատությամբ այս տարի կա՞ խնդրի նվազում, Գրիգորյանը նշեց, որ նվազման մասին հստակ տեղեկություն կարող է փոխանցել միայն մոնիտորինգի կենտրոնի տվյալների տրամադրումից հետո։ «Միայն մի փաստ է հնարավոր արձանագրել․ կանաչումը սկսել է մոտ մեկ ամիս ուշ, քան նախորդ տարի․ սա պայմանավորված է օդի ջերմաստիճանի բարձր լինելով։ Այս տարի տեղումները մի քիչ ավելի շատ էին, եղանակը ավելի ցուրտ էր, մեծամասմաբ տաք եղանակն է նպաստում ջրիմուռների ակտիվացմանը։ Եւ քանի որ օդի ջերմաստիճանը նոր է սկսել բարձրանալ, մենք հիմա պետք է սկսենք աշխատանքները՝ ծավալները հասկանալու համար»,- հավելեց նախարարության մամուլի խոսնակը։ Ասպրամ Փարսադանյան
13:08 - 21 հուլիսի, 2020
Սևանա լիճը կանաչել է

Սևանա լիճը կանաչել է

Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումներն ամենօրյա ուշադրության կենտրոնում են պահում Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման խնդիրը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը․ «Այս պահին կապտականաչ ջրիմուռների ակտիվություն է դիտարկվում ինչպես մեծ Սևանի, այնպես էլ փոքր Սևանի հատվածներում։ Մասնագիտական խորհրդակցությունների արդյունքում արձանագրվել է, որ լճում կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճի և ջրի որակի անկման հիմնական պատճառները դեռ ձմռանից սկսած լճի ջրի բարձր ջերմաստիճանն է ու լճում ֆոսֆորի բարձր տոկոսը: 2019-ին մեկնարկած, Սևանի ափամերձ անտառածածկ հատվածների մաքրման աննախադեպ ծավալների շնորհիվ այս տարի լճում ֆոսֆորի կոնցենտրացիան անհամեմատ նվազել է։ Նախորդ տարվա ընթացքում ափամերձ հատվածներից մաքրվել է շուրջ 100 հեկտար անտառածածկ տարածք։ Այս տարի աշխատանքները կշարունակվեն։ Դրան զուգահեռ, սկսվել են Սևանա լճի ափամերձ հատվածներում 1901,5 մետր նիշից ցածր գտնվող, ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների քարտեզագրման և գույքագրման աշխատանքները։ Համայնքապատկան շենք–շինությունները կապամոնտաժվեն պետական միջոցներով։ Մասնավոր շենք–շինությունների սեփականատերերին արդեն իսկ ուղարկվել են համապատասխան ծանուցումներ՝ իրենց պատկանող շինությունները սեփական միջոցներով ապամոնտաժելու համար։ Հավելենք նաև, որ մշակվել է «Սևանա լճի էկոհամակարգի հավասարակշռության վերականգնման և պահպանության հիմնախնդիրները, դրանց կարգավորման անհրաժեշտ և նախատեսվող գործողությունները» փաստաթուղթը, ինչը ներկայացվել է ԵՄ գործընկեր դոնոր կազմակերպություններին՝ ֆինանսավորման նպատակով։ Այդ նպատակների համար հատկացվել է շուրջ 5 միլիոն եվրո գումար։ Շրջակա միջավայրի նախարարության կողմից որպես հրատապ լուծում պահանջող միջոցառումներ ընտրվել են 3-ը. Գեղարքունիքի մարզից դեպի լիճ կեղտաջրերի հոսքի կանխարգելում, Ընդերքօգտագործման թափոններով զբաղեցրած տարածքների ռեկուլտիվացիան Սևանա լճի ջրհավաք ավազանի աղտոտված գետերի հուների մաքրման աշխատանքների իրականացում։ Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդիրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները»,- ասված է հաղորդագրության մեջ։
12:20 - 21 հուլիսի, 2020
ՀՔԱՎ դիրքորոշումը՝ Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՔԱՎ դիրքորոշումը՝ Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Կառավարությունը օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով է ներկայացվել ««Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նախագծով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը նախատեսվում է  լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով. «4. Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկության տրամադրումը կարող է մերժվել, եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում` հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա»։ ՀՔԱՎ-ը ներկայացնում է իր դիրքորոշումը՝ օրենքի նախագծի վերաբերյալ։ Դիրքորոշումը ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով և ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ լրացում նախատեսող օրենսդրական ակտի ընդունման անհրաժեշտությունը, inter alia (ի թիվս այլնի), բխում  է «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ  տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Օրհուսի կոնվենցիա) 4-րդ հոդվածի  «ը» կետի պահանջից, որի համաձայն՝ «Շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվություն ստանալու կապակցությամբ կատարված հարցումը կարող է մերժվել, եթե այդպիսի տեղեկատվության հրապարակումը բացասաբար կանդրադառնա ՝ ը) շրջակա միջավայրի վրա, որին վերաբերում է այդ տեղեկատվությունը, օրինակ՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի մասին։ Մերժման (...) հիմքերը ենթակա են սահմանափակ մեկնաբանման՝ հաշվի առնելով այդ տեղեկատվության հրապարակման հարցում հասարակայնության շահագրգռվածությունը[1] և այն, թե արդյոք հարցվող տեղեկատվությունն առնչվում է շրջակա միջավայր կատարվող արտանետումներին»։ Նախագծով նախատեսված կարգավորման իրավաչափությունը գնահատելու համար անհրաժեշտ է որոշել տեղեկատվության ազատության սահմանափակման հիմքի համապատասխանությունը՝ ՀՀ Սահմանադրությանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, Օրհուսի կոնվեցիային, ինչպես նաև միջազգային փորձին։ Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ ՄԻԵԿ) 10-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։ (...)։ 2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում (...)»։ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը: (...) 3. Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»: ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք։  2. Տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: 3. Տեղեկություններ ստանալու կարգը, ինչպես նաև տեղեկությունները թաքցնելու կամ դրանց տրամադրումն անհիմն մերժելու համար պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմքերը սահմանվում են օրենքով»: Ներկայացված խմբագրությամբ Նախագիծը պարունակում է ոչ իրավաչափ այնպիսի հայեցողության դրսևորման վտանգ, որն անհամատեղելի է ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածով ամրագրված կարծիքի արտահայտման ազատության բաղադրատարր հանդիսացող տեղեկատվություն փնտրելու, ստանալու և տարածելու ազատության, 51-րդ հոդվածով սահմանված տեղեկություններ ստանալու իրավունքի սահմանադրաիրավական բովանդակության, ինչպես նաև Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ներքոնշյալ ներկայացված դիրքորոշումների հետ։ ՀՀ Սահմանադրական դատարանը, թիվ ՍԴՈ-1010 որոշմամբ անդրադառնալով տեղեկություններ փնտրելու և ստանալու ազատության իրավաչափ սահմանափակումների չափորոշիչներին, իրավական դիրքորոշում է արտահայտել, որ, նախևառաջ, այդ ազատության սահմանափակման իրավական հիմքը պետք է բավարարի մատչելիության և կանխատեսելիության որակները: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անդրադառնալով Կոնվենցիայի 10-րդ հոդվածին, արձանագրել է, որ խոսքի ազատությունը թեև կազմում է ժողովրդավարական հասարակության էական հիմքերից մեկը, այն ենթակա է մի շարք սահմանափակումների, որոնք պետք է մեկնաբանվեն սահմանափակ և ցանկացած սահմանափակման անհրաժեշտությունը պետք է հիմնավոր կերպով հաստատվի[2]։ Երբ պետական ​​մարմինները ձեռնարկում են այնպիսի քայլեր, որոնք կարող են սահմանափակել խոսքի ազատությունը, նրանց գործողությունները պետք է բավարարեն ստորև ներկայացված երեք պահանջներին, որոնցից յուրաքանչյուրն առանձին վերցրած անհրաժեշտ է, իսկ բոլորը միասին՝ բավարար սահմանափակման իրավաչափությունը հաստատելու համար։ 1.Իրավունքի սահմանափակման համար անհրաժեշտ է իրավական հիմքի առկայություն, իսկ համապատասխան ազգային օրենսդրությունը պետք է բավարարի մատչելիության և կանխատեսելիության չափանիշներին: 2.Պետության գործողությունները պետք է հետապնդեն Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված շահերից առնվազն մեկը։ 3.Պետության գործողությունները պետք է անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակության մեջ, որը ենթադրում է, որ իշխանությունների կողմից օգտագործվող միջոցները պետք է համաչափ լինեն հետապնդվող նպատակներին։[3] Դատարանը հաստատել է, որ 2-րդ կետում ամրագրված «անհրաժեշտ» եզրույթը ենթադրում է «անհետաձգելի հասարակական պահանջի» (pressing social need) առկայություն[4]։ Դատարանը նաև հաստատված է համարել, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածում ամրագրված ազատության պաշտպանության մակարդակը կախված է կոնկրետ գործի հանգամանքներից (սահմանափակման էությունը, միջամտության աստիճանը և հայցվող տեղեկատվության տեսակը)[5]: Պետական մարմինների կողմից տեղեկատվություն ստանալու և փոխանցելու իրավունքի սահմանափակումը՝ ներառյալ շրջակա միջավայրի հարցերով, պետք է նախատեսված լինի օրենքով և հետապնդի իրավաչափ նպատակ։ Միջամտության միջոցները պետք է լինեն համաչափ՝ հետապնդվող իրավաչափ նպատակին և ապահովեն հանրային և մասնավոր շահերի արդարացի հավասարակշռումը[6]։ Համաչափության և իրավական որոշակիության սկզբունքներն իրենց ամրագրումն են ստացել նաև ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներում։ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»: Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ»: Շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվություն ստանալու կապակցությամբ կատարված հարցումը կարող է մերժվել, եթե այդպիսի տեղեկատվության հրապարակումը բացասաբար կանդրադառնա Օրհուսի կոնվենցիայի 4-րդ հոդվածի 4-րդ կետում նշված շահերին[7]։ Այդ շահերը հանդիսանում են բացառություններ ընդհանուր կանոնից, որ տեղեկատվությունը պետք է տրամադրվի հասարակության անդամների պահանջով: Կողմերից պահանջված չէ ներառել այս բացառություններից բոլորը կամ որևէ մեկը Օրհուսի կոնվենցիայի իրականացումը կարգավորող ազգային նորմերում: Գործնականում ազգային օրենսդրությունում Օրհուսի կոնվենցիայի 4-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված բացառությունները կիրառելու իրավիճակը զգալիորեն տարբերվում է կոնվենցիայի տարբեր Կողմերում: Հայաստանը 2008 թ. Կոնվենցիայի կատարման ազգային զեկույցում նշել է, որ իր ազգային օրենսդրությունը չի նախատեսում շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվությունը բացահայտելու բացառություններ՝ ա), բ), գ) կամ ը) ենթակետերի համաձայն: ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանժնաժողովը դրական է գնահատել Հայաստանի օրինակը՝ 3-րդ հոդվածի 5-րդ կետի ոգուն հավատարիմ մնալու համար, որն ակնհայտորեն թույլ է տալիս Կողմերին ստեղծելու ընթացակարգեր, որոնք ապահովում են տեղեկատվության ավելի մեծ հասանելիություն, քան պահանջվում է կոնվենցիայով։ Ամեն դեպքում, նախքան այս կամ այն ​​բացառության կիրառումը, համապատասխան պետական մարմինները յուրաքանչյուր իրավիճակի համար պետք է հիմնավորեն, որ տեղեկատվության հրապարակումը բացասաբար կանդրադառնա սահմանված հանրային շահերի վրա: «Բացասաբար ազդել» նշանակում է, որ տեղեկատվության հրապարակումը բացասաբար կանդրադառնա համապատասխան հանրային շահերի վրա: Օգտագործել «ազդել» բառը «կարող է ազդել» ձևակերպման փոխարեն՝ այս պարագայում ենթադրում է ավելի մեծ աստիճանի վստահության անհրաժեշտություն, որ հարցումների բավարարումը բացասական ազդեցություն կունենան, քան Կոնվենցիայի այլ դրույթների դեպքում (օրինակ, 6-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի դեպքում): Կողմերը կարող են պետական մարմիններին առաջարկել չափանիշներ՝ որոշելու, թե արդյոք տվյալ դեպքում հայցվող տեղեկատվությունը բացասական ազդեցություն կունենա սահմանված հանրային շահերի վրա[8]: Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ Կողմերը պարտավոր են հաշվի առնել հանրային շահը (public interest) տեղեկատվության բացահայտման հարցում: «Հանրային շահը տեղեկատվության բացահայտման համար» պայմանը հստակ սահմանված չէ Կոնվենցիայում: Այն Կողմերին իրավունք է տալիս ինքնուրույն որոշելու, թե ինչպես պետք է հաշվի առնել հանրային շահը Կոնվենցիայի սկզբունքներին և նպատակներին համապատասխան: Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի՝ բնապահպանական տեղեկության մատչելիության և շրջակա միջավայրի պաշտպանության մասին որոշումների ընդունման գործընթացին հասարակության մասնակցության ապահովման մասին Ղեկավար սկզբունքները Կողմերին տալիս են որոշ ուղենիշներ, թե ինչպես հանրային շահը պետք է հաշվի առնել: Նշված Ղեկավար սկզբունքների համաձայն՝ Կողմերին առաջարկվում է հավասարակշռել շահերը՝ սահմանելով, որ «մերժման նշված հիմքերը պետք է մեկնաբանվեն սահմանափակ՝ յուրաքանչյուր դեպքում համեմատելով առավելությունները, որոնք, փաստաթղթերի բովանդակությունը բացահայտելու դեպքում, կարելի է ձեռք բերել հանրային ​​շահի համատեքստում՝ տեղեկատվության չհրապարակման առավելությունների հետ»: Հետևաբար՝ շահերը հաշվի առնելը պահանջում է շահերի ակտիվ հավասարակշռումը[9]: Այն իրավիճակներում, երբ բնապահպանական որոշակի տեղեկատվության բացահայտումը ներկայացնում է հանրային շահ և նախատեսված շահերին համեմատաբար ոչ էական վնաս է հասցվում, Կոնվենցիան պահանջում է տեղեկատվության բացահայտում»[10]: Միացյալ Թագավորության բնապահպանական տեղեկատվության կանոնակարգի (The Environmental Information Regulations) համաձայն՝ պետական մարմինը կարող է մերժել տրամադրել շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկությունը, եթե տվյալ հանգամանքներում՝ բացառություն չանելու հանրային շահն ավելի մեծ է, քան տեղեկատվությունը տրամադրելու հանրային շահը: Նշված կանոնակարգը նախատեսում է, որ պետական ​​մարմինը, inter alia, կարող է հրաժարվել տեղեկություններ հրապարակել այնքանով, որքանով, որ դրա բացահայտումը բացասաբար է անդրադառնում (է) շրջակա միջավայրի պաշտպանությանը, որին վերաբերում է այդ տեղեկատվությունը[11]: Ներկայացված կանոնակարգի համաձայն՝ Միացյալ Թագավորությունը նախատեսել է իրավունքի սահմանափակման երկու պարտադիր պայման՝ 1) եթե տեղեկատվության բացահայտումը բացասաբար է անդրադառում շրջակա միջավայրի պաշտպանությանը, որին վերաբերում է այդ տեղեկատվությունը և 2) եթե այն չի բխում հանրային շահերից՝ համաձայն «1» (բ) կետի: «Օրհուսի» կոնվենցիայի Յուրաքանչյուր Կողմ պարտավոր է երեք կամ չորս տարին չգերազանցող կանոնավոր ինտերվալներով հրապարակել և տարածել շրջակա միջավայրի վիճակի մասին ազգային զեկույց, ներառյալ տեղեկատվություն շրջակա միջավայրի որակի և շրջակա միջավայրի ծանրաբեռնվածության մասին։ Ներկայացրած հերթական ազգային զեկույցների հիման վրա Կոնվենցիայի իրականացման վիճակի մասին 2017 թ․ պատրաստված ամփոփ զեկույցում ներկայացվում է, որ «Կողմերի կեսը, որոնք իրենց զեկույցները ներկայացրեցին (հիմնականում Կենտրոնական Եվրոպայից), նշում էին յուրաքանչյուր դեպքի առթիվ պաշտոնատար անձանց կողմից «հասարակական շահ» (social interest) թեստի գործածման մասին՝ գերակշռող հանրային շահի առկայության դեպքում սահմանափակ հասանելիությամբ տեղեկատվության տարածումը թույլատրելու համար[12]: Նշենք, որ 2017թ․ ամփոփ զեկույցի համար որևէ տեղեկություն չեն ներկայացրել հետևյալ Կողմերը՝ Հայաստան, Բոսնիա և Հերցեգովինա, Եվրամիություն, Նիդեռլանդներ, Մոլդովայի Հանրապետություն, Շվեդիա, Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետություն, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորություն, Հյուսիսային Իռլանդիա և Ուկրաինա[13]: Կարող ենք եզրակացնել, որ առաջարկվող խմբագրությամբ օրենսդրական նախաձեռնությունը բացասաբար կարող է գնահատվել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի կողմից, քանի որ նախատեսելով իրավական որոշակիության սկզբունքին չհապատասխանող ձևակերպումներ և հաշվի չառնելով հանրային շահի պարտադիր պահանջը, այն հակասում է Կոնվենցիայի նպատակներին և Կոնվենցիայի կիրառման վերաբերյալ ձևավորված իրավական պրակտիկային։ ՀՀ Ազգային ժողովի փորձագիտական և վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնի 2020 թվականի մայսիսի 8-ի եզրակացության համաձայն՝ Նախագծի 1-ին հոդվածով կատարվող լրացումը չի համապատասխանում որոշակիության սահմանադրական սկզբունքին։ Համաձայնվելով Նախագծի առնչությամբ պետաիրավական փորձաքննության բաժնի եզրակացության հետ՝ հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 1-ին հոդվածով ամրագրված կարգավորումը չի բավարարում Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված իրավական որոշակիության, ինչպես նաև օրենսդրության մատչելիության և կանխատեսելիության պահանջների վերաբերյալ Սահմանադրական  դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումներին՝ այն հիմնավորմամբ, որ «կարող է մերժվել» և «կարող է բացասաբար անդրադառնալ» ձևակերպումները բավարար չափով հստակ չեն և գնահատողական հասկացություններ են, իսկ գնահատման չափանիշները նախատեսված չեն Նախագծով: Բացի դրանից՝ Նախագծի 1-ին հոդվածի կարգավորումը տարածական մեկնաբանության տեղիք է տալիս, ինչը հակասում է Օրհուսի կոնվենցիայով նախատեսված այն դրույթին, որ տեղեկատվությունը տրամադրելու մերժման հիմքերը ենթակա են սահմանափակ մեկնաբանման։  Բացի դրանից՝ Նախագծում ամբողջությամբ չի ինկորպորացվում «Օրհուսի» կոնվենցիայի 4-րդ հոդվածի «ը» կետը[14]՝ սահմանելով «կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի վրա» ձևակերպումը։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է Նախագիծը համապատասխանեցնել Օրհուսի կոնվենցիայի պահանջներին՝ հաշվի առնելով ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի իրավական պրակտիկան, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորված նախադեպային իրավունքը։ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Պետական մարմինների տրամադրության տակ գտնվող տեղեկատվության հասանելիության մասին» NR(81)19 հանձնարարականի պահանջների համաձայն. «VII. Տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում համապատասխան պետական գերատեսչությունը օրենքի կամ պրակտիկայի համաձայն պետք է հիմնավորի մերժման պատճառները»: Համաձայն ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի 3 կետի՝ «Տեղեկություններ ստանալու կարգը, ինչպես նաև տեղեկությունները թաքցնելու կամ դրանց տրամադրումն անհիմն մերժելու համար պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմքերը սահմանվում են օրենքով»: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Գրավոր հարցմամբ պահանջվող տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում տեղեկատվություն տնօրինողն այդ մասին 5-օրյա ժամկետում գրավոր հայտնում է դիմողին՝ նշելով մերժման հիմքը (օրենքի համապատասխան նորմը), ինչպես նաև դրա բողոքարկման կարգը»։ Թե՛ Նախագիծը և թե՛ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը չեն նախատեսում պատճառաբանված որոշման կայացման պարտականություն, ինչը խնդրահարույց է տեղեկատվություն ստանալու իրավունքի սահմանադրաիրավական ընկալման և պաշտպանության  տեսանկյունից։ Նախագիծը նախատեսում է շրջակա  միջավայրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը մերժելու պայման, այն է, եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա: Սակայն Նախագծում, ինչպես նաև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում բացակայում է նշված պայմանի իրավաչափ իրացման երաշխիքը՝ պատճառաբանված և հիմնավորված որոշման կայացման պարտականությունը, ինչը հանգեցնելու է այնպիսի իրավիճակի, որ նման խմբագրությամբ Նախագծի ընդունման դեպքում տեղեկատվություն ստանալու դիմումների մերժումներն ընդամենը պարունակելու են օրենքի համապատասխան հոդվածի հղումը։ Պահանջվող տեղեկատության տրամադրումը մերժելու դեպքում տեղեկատվության տնօրինողը պետք է ներկայացնի հայցվող տեղեկատվությունը ստանալու և շրջակա միջավայրի վրա ենթադրյալ բացասական ազդեցության պատճառահետևանքային կապի հիմնավորումը: Ավելին՝ նշված պայմանի սահմանումը ինքնանպատակ չէ, այլ իրենից ենթադրում է այնպիսի իրավիճակներ, որոնց դեպքում անգամ հազվագյուտ տեսակների վերաբերյալ տեղեկատվությունը կարող է տրամադրվել, ինչպիսիք են, դիցուք, գիտահետազոտական աշխատանքների իրականացումը։ Ուստի՝ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության պատճառաբանումը և հիմնավորումը հանդիսանում են նախապայմաններ՝ մերժման նշված հիմքի ամրագրման համար։ Այսպիսով՝ հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածը խմբագրել հետևյալ բովանդակությամբ․ «4․ Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկության տրամադրումը կարող է մերժվել հիմնավորված և պատճառաբանված որոշմամբ, եթե այն բացասաբար է անդրադառնում շրջակա միջավայրի վրա, որին վերաբերում է այդ տեղեկատվությունը, և եթե տեղեկատվության տրամադրման մերժումը գերակայում է տեղեկատվության բացահայտման հարցում հանրային շահի նկատմամբ»։   ————— [1] Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ  տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայում օգտագործվում է «public interest» եզրույթը։ Հաշվի առնելով հայերեն պաշտոնական թարգմանության բացակայությունը և ներպետական օրենսդրությունում օգտագործվող սահմանումները՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը «հասարակայնության շահագրգռվածություն» բառակապացության փոխարեն սույն փաստաթղթում օգտագործելու է «հանրային շահ» («public interest») եզրույթը։ [2]The Observer and Guardian v. The United Kingdom, ECtHR judgment of 26 November 1991, paragraph 59, Hertel v. Switherland, ECtHR judgment of 25 August 1998, paragraph 46. [3]The Observer and Guardian v. The United Kingdom, ECtHR judgment of 26 November 1991, paragraph 59. [4] Տե՛ս նույն տեղում։ [5] Manual On Human Rights And The Environment, Council of Europe, 2012, էջ 78: [6] Տե՛ս Vides Aizsardzības Klubs v. Latvia, կետ 40։ [7] Շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվություն ստանալու կապակցությամբ կատարված հարցումը կարող է մերժվել, եթե այդպիսի տեղեկատվության հրապարակումը բացասաբար կանդրադառնա՝ ա) պետական մարմինների գործունեության գաղտնիության վրա,, եթե այդպիսի գաղտնիություն նախատեսված է ազգային օրենսդրությամբ. բ) միջազգային հարաբերությունների, ազգային պաշտպանության կամ հանրային անվտանգության վրա. գ) արդարադատության իրականացման, անձանց՝ արդար դատական քննության իրավունքի վրա կամ պետական մարմինների՝ քրեական կամ կարգապահական գործերով քննություններ անցկացնելու կարողության վրա. 9 դ) առևտրային և արդյունաբերական տեղեկատվության գաղտնիության վրա՝ այն դեպքերում, եթե նման գաղտնիությունը օրինական տնտեսական շահերի պաշտպանության նպատակով պահպանվում է օրենքով։ Այս շրջանակներում շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող արտանետումների մասին տեղեկատվությունը ենթակա է բացահայտման. ե) մտավոր սեփականության իրավունքի վրա. զ) անձնական տվյալների և/կամ ֆիզիկական անձանց վերաբերող արխիվների գաղտնիության վրա, եթե համապատասխան ֆիզիկական անձը չի տվել համաձայնություն տրամադրել այդպիսի տեղեկատվություն հասարակայնությանը՝ ելնելով ազգային օրենսդրության պահանջներից. է) հարցվող տեղեկատվությունը ներկայացրած երրորդ կողմի շահերի վրա, եթե այդ կողմը չի կրում նման ձևով վարվելու իրավական պարտականություն, կամ եթե այդ կողմի վրա չի կարող դրվել այդպիսի պարտավորություն, և այն դեպքերում, երբ այդ կողմը չի տվել համաձայնություն` հրապարակելու համապատասխան տեղեկատվությունը, կամ ը) շրջակա միջավայրի վրա, որին վերաբերում է այդ տեղեկատվությունը, օրինակ՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի մասին։ [8] United Nations Economic Commission For Europe․ The Aarhus Convention An Implementation Guide, Second edition, 2014, p. 86 [9] Տես նույն տեղում, էջ 90: [10] ECE/MP.PP/C.1/2009/2/Add.1, para. 30 (c). [11] The Environmental Information Regulations, 2004, article 12.1 (b) and 12.5 (g). [12] Economic and Social Council․ Synthesis report on the status of implementation of the Convention․ Meeting of the Parties to the Convention on Access to Information, Public Participation in Decision-making and Access to Justice in Environmental Matters, ECE/MP.PP/2017/6, par. 87 [13] Economic and Social Council․ Synthesis report on the status of implementation of the Convention․ Meeting of the Parties to the Convention on Access to Information, Public Participation in Decision-making and Access to Justice in Environmental Matters, ECE/MP.PP/2017/6, par. 12. [14] Convention On Access To Information, Public Participation In Decision-Making And Access To Justice In Environmental Matters, done at Aarhus, Denmark, on 25 June 1998, article 4.3 (h) A request for environmental information may be refused if the disclosure would adversely affect: The environment to which the information relates, such as the breeding sites of rare species.  
09:41 - 21 հուլիսի, 2020
Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանից Սեւանա լիճ բաց թողնվեց Սեւանի իշխանի 322 հազար հատ մանրաձուկ

Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանից Սեւանա լիճ բաց թողնվեց Սեւանի իշխանի 322 հազար հատ մանրաձուկ

Հուլիսի 17-ին «Սեւանի իշխան» ՓԲԸ Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանից Սեւանա լիճ թափվող Կարճաղբյուր եւ Մասրիկ գետեր բաց թողնվեց Սեւանի իշխանի Գեղարքունի տեսակի 322 հազար հատ մանրաձուկ` 1,5-ից 3 գրամ միջին քաշով։ Մանրաձուկը բաց թողնվեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համապատասխան հանձնաժովի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի, ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբուծության ինստիտուտի, հասարակական կազմակերպությունների ներկայությամբ եւ մասնակցությամբ։ Միջոցառումից առաջ գործարանում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի ղեկավարությամբ քննարկում կազմակերպվեց Սեւանա լճում արդյունագործական ձկնորսության նոր կարգի ներդրման առանցքային հարցերի շուրջ։ «Նոր կարգի ներդրմամբ մենք պետք է նվազագույնի հասցնենք ապօրինի ձկնորսության դեպքերը Սեւանա լճում, օրինականության դաշտ բերենք արդյունագործական ձկնորսությունը Սեւանա լճում։ Չեմ ասում, թե ՀՀ կառավարության կողմից գործողության մեջ դրված նոր կարգը իդեալական է, նոր խնդիրներ ի հայտ չեն գա, սակայն համոզված եմ,որ այն ընթացքում բոլորիս համատեղ աշխատանքի ընթացքում հաջող քննություն կբռնի եւ կատարելագործվի։ Սեւան ազգային պարկը պետք է վերազինվի տեխնիկական միջոցներով, տեսչական ոլորտը պետք է ուժեղացվի, հարկային վարչարարության մեջ որոշակի փոփոխություններ պետք է արվեն։ Մենք պետք է հասնենք նրան, որ մի կողմից կարողանանք երկրի պարենային խնդիրը լուծել, մյուս կողմից Սեւանա լճում ավելացնենք ձկնապաշարը։ Այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերից մեկն էլ Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամի գործունեության ծրագրով է ամրագրված»,- նշեց նախարարի տեղակալը։ «Հիմնադրամի պարտավորությունների մեջ մտնում էր 62 հազար հատ եւ 3 գրամ քաշով Գեղարքունի տեսակի մանրաձկան բացթողումը Սեւանա լիճ։ Մնացած 260 հազար հատ մանրաձկուկը, մինչեւ 3 գրամ քաշով, լիճ է բաց թողնվում հիմնադրամի նվիրատվությամբ»,- ներկայացրեց «Սեւանի իշխան» ՓԲԸ Կարճաղբյուրի ձկնաբուծարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Վարդանյանը։
17:40 - 17 հուլիսի, 2020
Եղեգիսի ՀէԿ-երի ջրօգտագործման թույլտվությունները կվերանայվեն

Եղեգիսի ՀէԿ-երի ջրօգտագործման թույլտվությունները կվերանայվեն

Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում է։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։  Աշխատանքային այցի նպատակն է ծանոթանալ Եղեգիս գետի վրա գործող փոքր ՀԷԿ֊երի էկոլոգիական թողքին առնչվող խնդիրներին։ Վահե Ջիլավյանն այցելել է նաև Արփա –Սևան ՓԲԸ՝ Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի և ընկերության ներկայացուցիչների հետ քննարկելու առկա խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները։ Նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը մասնագետների հետ քննարկել է նաև գետահատվածում փոքր ՀԷԿ֊երին տրված ջրօգտագործման թույլտվություններին վերաբերող մի շարք հարցեր։ Նշենք, որ Եղեգիս գետի վրա գործող բոլոր փոքր ՀԷԿ֊երի ջրօգտագործման թույլտվություններն այս պահին գտնվում են վերանայման փուլում։
16:46 - 15 հուլիսի, 2020
Աշխատանքային քննարկում Սևանա լճում սիգի արդյունագործական որսի շուրջ

Աշխատանքային քննարկում Սևանա լճում սիգի արդյունագործական որսի շուրջ

Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ ՇՄ  նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանի մասնակցությամբ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում։ Վարդան Մելիքյանն  անդրադարձ է կատարել Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլտվությունների տրամադրման ընթացակարգին, որսի թույլատրելի չափաքանակներին, ձկնորսության թույլտվությունների հայտերի ներկայացման կարգին և պայմաններին, բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացման և այլ հարցերին։ Քննարկմանը ներկա էին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արայիկ Հունանյանը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը, շրջակա միջավայրի նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մի շարք մասնագետներ։ Ոլորտի մասնագետները ներկայացրել են ապօրինի ձկնագողության դեմ պայքարելու, դրանց օրինական դաշտ բերելու և մի շարք այլ հարցերի հետ կապված իրենց առաջարկություններն ու մտահոգությունները։ Քննարկման ընթացքում կարևորվել են պահպանություն իրականացնող աշխատակիցների տեխնիկական հագեցվածության հարցն, ինչպես նաև, «Սևան» ազգային պարկի, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ոստիկանության համատեղ գործողությունները։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանն ու նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանը շրջայց են իրականացրել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի շրջակայքում՝ ձկնորսներին հանդիպելու և կառավարության ընդունած նոր որոշման վերաբերյալ իրազեկման աշխատանքներ կատարելու նպատակով։ Օրենսդրական նախաձեռնության նպատակն է կանոնակարգել Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։
16:55 - 10 հուլիսի, 2020
Կասեցումներ` նաև «ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտե»-ում, «Հայանտառ» ՊՈԱԿ»-ում. ԱԱՏՄ

Կասեցումներ` նաև «ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտե»-ում, «Հայանտառ» ՊՈԱԿ»-ում. ԱԱՏՄ

Հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական աշխատանքները շարունակվում են ՀՀ ողջ տարածքում: Խստացված մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով շարունակվում են նաև կասեցման աշխատանքները:ԱԱՏՄ այսօրվա երկու տասնյակից ավելի կասեցումների ցանկում են նաև «ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեն», «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, վարկային կազմակերպությունների մասնաճյուղեր, անհատ ձեռնարկատերեր:Նաև 48-ժամյա արգելք է կիրառվել Կապանի «Մերի Մաթևոսյան» ԱՁ-ի նկատմամբ։ԱԱՏՄ տեսուչների ուժեղացված ստուգայցերն այսօր ընթացել են Երևանի Էրեբունի վարչական շրջանում: Այս վարչական շրջանում դրանք անցկացվում են արդեն ոչ առաջին անգամ։ Առանձնակի ուշադրություն է դարձվում այն տնտեսավարողներին, որոնց մասին ահազանգեր են ստացվում:Տեսչական մարմնի ներկայացուցիչների այցելած տնտեսավարողների մոտ դեռ շարունակում են արձանագրվել խախտումներ՝ կապված ախտահանիչ նյութերի, դիմակների համար նախատեսված հատուկ փակվող աղբամանների, սոցիալական հեռավորություն պահպանելու նպատակով արվող գծանշումների, ջերմաչափերի և ջերմաչափման գրանցամատյանների հետ:ԱԱՏՄ-ն հորդորում է տնտեսավարողներին` խստագույնս պահպանել կորոնավիրուսով չվարակվելու համար սահմանված անվտանգության նորմերը և հետամուտ լինում դրանց կատարմանը: Պարետի կողմից կասեցման որոշում կայացվում է բոլոր այն տնտեսավարողների նկատմամբ, որոնց մոտ ամենօրյա ռեժիմով ստուգայցերն անվտանգության կանոնների խախտումներ են արձանագրում:ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ կրկնակի խախտումների դեպքում կայացվում են առավել երկարատև կասեցման որոշումներ: Իսկ պարետի որոշման չկատարումը ենթակա է վարչական պատասխանատվության։
19:20 - 07 հուլիսի, 2020
Վահե Ջիլավյանը հանդիպել է որսորդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Վահե Ջիլավյանը հանդիպել է որսորդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանն այսօր ընդունել է մի շարք որսորդական կազմակերպությունների ներկայացուցիչների։ Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Հանդիպմանը մասնակցել է նաև շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանը։ «Որսակ Հայ» որսորդների և ձկնորսների միության նախագահ Տարոն Բրսոյանի, «Հայաստանի որսորդների և ձկնորսների միավորման» նախագահ Գագիկ Խաչատրյանի և «Աղավնաբազե» որսորդների և բնապահպանների միության ներկայացուցիչ Հովհաննես Խնուսյանի և Մուշեղ Հարությունյանի հետ քննարկվել են ոլորտը կարգավորող օրենսդրությունում նախատեսվող փոփոխությունները, ինչպես նաև օգոստոսին մեկնարկող 2020թ. որսաշրջանին վերաբերող մի շարք կազմակերպչական հարցեր։ Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ առաջարկվել է ստեղծել համագործակցության հարթակ, որի հիմնական նպատակը կլինի ապօրինի որսագողության դեմ պայքարը։ Առաջարկվել է համատեղ ուժերը ներդնել որսագողերի հայտնաբերման և դրա շնորհիվ կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ։ Քննարկվել է նաև կենդանական աշխարհի մոնիտորինգին վերաբերող խնդիրը։ Ելնելով վերոհիշյալ կազմակերպությունների բնույթից՝ առաջարկվել է կենսաբազմազանության մոնիտորինգ իրականացնել համատեղ։
17:29 - 07 հուլիսի, 2020
Աղտոտված արագիլների զգալի մասը կերի հայթայթման նպատակով իջնում է որոշ ձկնաբուծարանների տարածք. Նախարարություն

Աղտոտված արագիլների զգալի մասը կերի հայթայթման նպատակով իջնում է որոշ ձկնաբուծարանների տարածք. Նախարարություն

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ, նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանի գլխավորությամբ, աշխատանքներին ներգրավված այլ մասնագետների եւ կամավորական խմբի անդամների հետ վերջին օրերին մշտադիտարկում է իրականացվում Արարատի եւ Արմավիրի մարզերի այն բնակավայրերի տարածքներում, որտեղ նկատվում են աղտոտված արագիլներ։ Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ իրականացված դիտարկումների արդյունքում խմբի անդամները ցանցային մշտադիտարկման միջոցով արձանագրել են այն ուղղությունները, որոնք պարբերական են արագիլների թռիչքի համար։ Դիտարկումները թույլ են տվել վերհանել թռչունների կերային բազայի կետերը եւ աղտոտման հավանական օջախները։ Նախնական տվյալներով պարզ է դարձել, որ աղտոտված կենդանիների զգալի մասը կերի հայթայթման նպատակով իջնում է որոշ ձկնաբուծարանների տարածք, որին էլ՝ նախնական տվյալներով, կարող է հաջորդել կենդանիների աղտոտումը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այս պահին աղտոտված են Հովտաշենից Երասխահուն եւ Հայանիստ գյուղերի միջակայքում բնադրող արագիլների մոտ 60 տոկոսը։ Մասնագիտական խումբն արդեն տեղորոշել եւ կազմել է այն ձկնաբուծարանների ցանկը, որոնցում հնարավոր է լինեն աղտոտման աղբյուրներ։ Մշտադիտարկումները շարունակվելու են ողջ շաբաթվա ընթացքում։ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանի կողմից այժմ նախապատրաստվում է նամակ, որը կուղարկվի Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին՝ տեսուչների ուղեկցությամբ ցանկում ներառված ձկնաբուծարաններ համատեղ այցելելու եւ ներսում ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով։ Արագիլների աղտոտվածության խնդրի լուծումը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Մասնագիտական ստորաբաժանումների կողմից իրականացվում են նախարարության լիազորությունների շրջանակում գտնվող բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ առկա խնդրին շուտափույթ լուծում տալու նպատակով։
14:43 - 07 հուլիսի, 2020
Առանց կատալիզատորի մեքենաների շահագործողները կտուգանվեն |civilnet.am|

Առանց կատալիզատորի մեքենաների շահագործողները կտուգանվեն |civilnet.am|

civilnet.am: Շրջակա միջավայրի նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում է տուգանել այն վարորդներին, ովքեր իրենց տրանսպորտային միջոցը կշահագործեն առանց կատալիտիկ չեզոքացուցիչների՝ կատալիզատորների։ Համապատասխան օրենքի նախագիծը տեղադրված է e-draft-ում։ Նախատեսվում է փոփոխություն իրականացնել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում։  Ըստ նախագծի հիմնավորման՝ կատալիզատորների արտադրության համար կիրառվում են թանկարժեք մետաղներ՝ ներառյալ ոսկի, պլատին, պալադիում և ռոդիում և այս պատճառով մեքենաների սեփականատերերը կատալիզատորները վաճառում են։ Առանց այդ սարքավորման շահագործվող մեքենաներից արտանետումները սահմանված չափանիշներից բարձր են և ինչպես նախարարությունն է նշել, մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումը ՀՀ-ում սկսել է կրել զանգվածային բնույթ։  Նախագծով առաջարկվում է 300 հազար դրամի չափով տուգանել մեքենաների սեփականատեր-ֆիզիկական անձանց, եթե նրանց մեքենան ներմուծված է այս տարվա հունվարի 1-ից հետո և շահագործվում է առանց կատալիզատորների։ 500 հազար դրամի չափով էլ կտուգանվեն առանց չեզոքացուցիչների շահագործվող իրավաբանական անձանց մեքենաները։ Եթե խախտումը կրկնվի, ապա նախատեսվում է տուգանքի չափը կրկնապատկել։    Հիշեցնենք, Infocom-ը դեռ անցյալ տարի անդրադարձել էր առանց կատալիտիկ չեզոքացուցիչի ավտոմեքենաների խնդրին։
15:48 - 06 հուլիսի, 2020
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ԳԵՈՊԱՐԿԻ ՍՏԵՂԾՈՒՄ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ԳԵՈՊԱՐԿԻ ՍՏԵՂԾՈՒՄ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարությունը բնապահպանության ոլորտի առաջնահերթ խնդիրների և գերակայությունների, ընթացիկ բարեփոխումների ընդլայնման հնարավորությունների համատեքստում համագործակցության նոր ծրագրերի վերաբերյալ քննարկումներ են իրականացնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության հետ:ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության ծրագրի 2020-2021թթ. երկամյակի շրջանակներում շրջակա միջավայրի նախարարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարություն է ներկայացրել «Վայոց ձորի մարզի երկրաբանական լանդշաֆտների և բնության հուշարձանների արդյունավետ կառավարում՝ երկրաբանական բազմազանության պահպանության և մշակութային-լանդշաֆտային ժառանգության կայուն զարգացման համար»:Ծրագրային հայտով դիտարկվում է մի շարք գործողությունների իրականացում, այդ թվում. բնության երկրաբանական, հիդրոերկրաբանական  և բնապատմական հուշարձանների ցանկի արդիականացում, հուշարձանների հստակ տեղորոշում, դրանց վերաբերյալ ճանաչողական-տեղեկատվական փաթեթների կազմում, բնության հուշարձանների կապակցում տարածաշրջանային բնույթի երկրաբանական, տեկտոնական-կառուցվածքային  երևույթների հետ, տեղական ինքնակառավարման մարմինների, ազդակիր համայնքների և շահագրգիռ հանրության համար սեմինարների և ինֆորմացիոն այցելությունների կազմակերպում, հանրային իրազեկման և էկոլոգիական կրթության զարգացում, մշակութային-լանդշաֆտային ժառանգության համալիր դիտարկում որպես Վայոց ձորի մարզում էկոլոգիական տուրիզմի զարգացման հեռանկարային ուղղություն: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ելակետային տեղեկատվության ապահովման նպատակով ս.թ. հունիս ամսվա ընթացքում շրջակա միջավայրի նախարարության մասնագետները կազմակերպել և իրականացրել են ճանաչողական երթուղիներ՝ ներառելով Վայոց ձորի մարզի երկրաբանական, ջրագրական, տեկտոնական և պատմական-մշակութային հուշարձանների տեղավայրերը: Ուսումնասիրվել և տեղորոշել են երեք տասնյակից ավելի հուշարձաններ, ինչը արտացոլված է ստորև ներկայացված քարտեզում: Հավաքված փաստացի նյութերը հիմք են հանդիսանալու մշակվելիք փաստագրական փաթեթների, բուկլետների համար: Յուրաքանչյուր հուշարձանի համար կազմվելու է տեղեկատվական փաթեթ, որտեղ նկարագրվելու է հուշարձանի նշանակությունը տարածաշրջանի երկրաբանական զարգացման պատմության, հնէաբանական հետազոտությունների, տեկտոնական ակտիվ տեղաշարժերի, հանքայնացման խորքային աղբյուրների բացահայտման և հետազոտական մեկնաբանության տեսակետից:Ծրագրավորվող աշխատանքները խթան կհանդիսանան մարզի դպրոցական տարիքի երեխաներին նոր էկոլոգիական գիտելիքների ուսուցման, դաստիարակության, էկոլոգիական մշակույթի արմատավորման, շրջակա միջավայրի պահպանության, բնօգտագործման և էկոլոգիական անվտանգության բնագավառում անձի ճիշտ և խելամիտ կողմնորոշման, ունակությունների դրսևորման և վարքագծի ձևավորման համար:
16:35 - 22 հունիսի, 2020