Սահման

Անպարտելիները. կրտսեր սերժանտ Եսայի Արզիևի հայտնած տվյալների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Անպարտելիները. կրտսեր սերժանտ Եսայի Արզիևի հայտնած տվյալների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

2022 թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, տանկային և հրետանային ինտենսիվ կրակի աջակցությամբ, թշնամին, ավելի քան 50 հատուկջոկատայինների ուժերով, գրոհ է կազմակերպել N զորամասի պաշտպանության գոտու մարտական դիրքերից մեկի վրա՝ հարձակվելով միանգամից երկու ուղղությամբ: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։    Հակառակորդին մի քանի ժամ դիմադրելուց հետո, մարտի անհավասար պայմանները գնահատելով, մարտական դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Եսայի Յանեսի Արզիևը որոշում է կայացրել ճեղքում իրականացնել և դիրքի անձնակազմի հետ տեղակայվել հարևան դիրքի մատույցներում՝ առավել արդյունավետ կրակ վարելու և հակառակորդին հետ մղելու նպատակով:   Սակայն ճեղքումն իրականացնելուց հետո հայտնաբերել է, որ նշված մարտական դիրքն արդեն հայտնվել է թշնամու վերահսկողության տակ և այնտեղ մեծաքանակ ուժեր կան։   Կրտսեր սերժանտ Արզիևը խելամտորեն իրականացրել է խուսավարում և վերադաս հրամանատարությանը փոխանցել ադրբեջանական զինծառայողների կուտակումների կոորդինատները։   Քիչ անց հրետանային միջոցներով նշանառու հարված է հասցվել թշնամուն, ինչի շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է։   Նշված գործողության ընթացքում իրեն փայլուն է դրսևորել կրտսեր սերժանտ Եսայի Յանեսի Արզիևը, որը շարունակում է փառքով ծառայել Հայրենիքին, ինչպես նաև զորամասի հրետանային ստորաբաժանումը։
19:46 - 19 սեպտեմբերի, 2022
Անուշ Աբետյանի եղբայրը հերքում է լուրը, թե թշնամու կողմից խոշտանգված ու մասնատված կնոջ մարմինը իր քրոջ դին է |armtimes.com|

Անուշ Աբետյանի եղբայրը հերքում է լուրը, թե թշնամու կողմից խոշտանգված ու մասնատված կնոջ մարմինը իր քրոջ դին է |armtimes.com|

armtimes.com: Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով զոհված 36-ամյա Անուշ Աբետյանը երեք անչափահաս երեխա ունի՝ 16 տարեկան դուստր եւ 15 ու 4 տարեկան որդիներ։ Անուշը ծնունդով Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից էր: Անուշ Աբետյանի եղբայրը՝ Գեղամ Աբետյանը, ցավով անդրադարձավ օրեր շարունակ տարածվող այն տեղեկություններին, թե թշնամու՝ խոշտանգած ու մասնատված մարմինն իր քրոջ՝ Անուշ Աբետյանի մարմինն է: Գեղամը նշեց՝ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: «Դա սխալ տեղեկատվություն է, Անուշը «ԱՏԱՆ» ջոկատի դիպուկահարն է եղել, ու իրենց հրամանատարությունը հայտարարել է, որ նման բան չի եղել»,- ասաց նա: Եղբոր խոսքով՝ Անուշի զոհվելուց հետո նրան անմիջապես հանել են հայկական դիրք, ապա՝ իջեցրել: «Սխալ տեղեկություններ են գրում ու տարածում, մենք էլ էն հոգեվիճակում չենք, որ մտնենք, հատ-հատ բոլորին հերքենք: Բայց հրամանատարությունից ասացին, որ ասուլիս կտան, եւս մեկ անգամ էլ կհերքեն: Մեզ համար սա ինչ-որ չափով մխիթարանք է, որ քույրս թշնամու ձեռքը չի ընկել, զոհվել է պատվով»,- ասաց նա: Նկատենք՝ ավելի ուշ «ԱՏԱՆ» ռազմահայրենասիրական հ/կ-ի ֆեյսբուքյան էջում տեղադրվեց ջոկատի անդամներից Եփրեմ Մարգարյանի ուղիղ եթերը, որում նա հայտնում է կեղծ տեղեկատվության մասին: «Պաշտոնապես հայտարարում եմ՝ մարտական գործողությունների ժամանակ Անուշ Աբետյանն իր ստորաբաժանման կազմում գտնվել է մեզնից ձախ (վայրը հատուկ չեմ նշում): Անուշ Աբետյանը հակառակորդի կողմից ո՛չ բռնաբարվել է, ո՛չ քառատվել եւ ո՛չ էլ եղել է որեւէ բան, ինչն այս օրերին մեր լրատվամիջոցները ներկայացնում ու տարածում են: Անուշ Աբետյանը զոհվել է հերոսաբար՝ մինչեւ վերջ կատարելով իր սահմանադրական եւ ծառայողական պարտքը: Նա ընկել է արկի պայթյունից: Եղեգնաձորի դիահերձարանում անձամբ գնացել եմ դիակների ճանաչման: Մեր հերոսներից Սամսոն Կոստանդյանի դիակի հետ մեկտեղ ճանաչել եմ Անուշ Աբետյանի մարմինը: Արկի պայթյունից մարմինը գրեթե անճանաչելի էր, բայց Անուշը ոտքի թաթից ուներ հրազենային վիրավորում ու սպի, կրում էր նաեւ արծաթե մատանի. այդ տեղեկություններն են օգնել, որ մենք առավել վստահ լինենք, որ հենց նա է»,- տեսանյութում ասում է Մարգարյանը: Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
17:40 - 19 սեպտեմբերի, 2022
«Անընդունելի են Նենսի Փելոսիի արած հայտարարությունները, որոնք անհամատեղելի են պատմական և ընթացիկ փաստերի հետ»․ Թուրքիայի փոխնախագահ

«Անընդունելի են Նենսի Փելոսիի արած հայտարարությունները, որոնք անհամատեղելի են պատմական և ընթացիկ փաստերի հետ»․ Թուրքիայի փոխնախագահ

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի՝ Հայաստան այցին, ինչպես նաև վերջինիս հայտարարություններին։ Օքթայը գրել է․ «Բացարձակ անընդունելի են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի՝ Հայաստան այցի ժամանակ արած հայտարարությունները, որոնք անհամատեղելի են պատմական և ընթացիկ փաստերի հետ, առհասարակ հեռու են բարի կամքից, արտացոլում են կողմնակալ տեսակետ և սաբոտաի են ենթարկում դիվանագիտական ջանքերը»։ Փոխնախագահը նաև ընդգծել է, որ «Սպիտակ տան վարչակազմը պետք է հստակեցնի, թե արդյոք Ղարաբաղի հարցում Փելոսիի և մի քանի լոբբիստական քաղաքական գործիչների փաստարկները, որոնք ակնհայտորեն «աչքով են անում հայկական սփյուռքի ձայներին», արտացոլում են ԱՄՆ պաշտոնական տեսակետը»։ «Այն ժամանակ, երբ տարածաշրջանում խիստ անհրաժեշտ են տևական խաղաղությունը և կայունությունը, ես միջազգային բոլոր դերակատարներին արդար, խոհեմ և, առաջին հերթին, պատասխանատու գործելու կոչ եմ անում»,- նշել է թուրք պաշտոնյան՝ իր գրառումը եզրափակելով աջակցություն հայտնելով Ադրբեջանին։
17:23 - 19 սեպտեմբերի, 2022
 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել  Անվտանգության խորհրդի նիստ․ ընդունվել է հայտարարություն

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ․ ընդունվել է հայտարարություն

Սեպտեմբերի 19-ին վարչապետ Ն. Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ ընդունվել է հետեւյալ հայտարարությունը. 2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ:Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետեւանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ: Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա: Ադրբեջանի զինված ուժերը մի քանի ուղղություններով մխրճվել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Հայաստանի Զինված ուժերի համառ եւ հերոսական դիմադրության եւ միջազգային հանրության ներգրավման շնորհիվ Ադրբեջանի հարձակումը կասեցվել է, սակայն ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է մնալ լարված: Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորմանն ուղղված ջանքերը վիժեցնելու եւ Հայաստանի Հանրապետությանն ուժային լուծումներ պարտադրելու նպատակ ունեն: Հայաստանի Հանրապետությունը որդեգրած լինելով խաղաղություն հաստատելու, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգ՝ անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից վարվող սպառնալիքի եւ հարկադրանքի քաղաքականությունը: Անվտանգության խորհուրդը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունն իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանելու է իր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից: Միջազգային հանրությանը կոչ ենք անում Ադրբեջանի վրա շարունակաբար ճնշումներ գործադրել՝ ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիային վերջ դնելու եւ զորքերը ետ քաշելու ուղղությամբ եւ ողջունում ենք բոլոր այն երկրներին եւ կազմակերպություններին, որոնք հանդես են եկել հստակ դիրքորոշմամբ: Միեւնույն ժամանակ վերահաստատում ենք միջազգային հանրության պատասխանատու անդամի պարտավորությանը հավատարիմ մնալու Հայաստանի Հանրապետության հանձնառությունը:
16:57 - 19 սեպտեմբերի, 2022
Խախտվում են զինծառայողների և քաղաքացիական անձանց հիմնարար իրավունքները. ԲԴԽ անդամները՝ ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալին

Խախտվում են զինծառայողների և քաղաքացիական անձանց հիմնարար իրավունքները. ԲԴԽ անդամները՝ ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալին

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը, ԲԴԽ անդամներ Անի Մխիթարյանը և Դավիթ Խաչատուրյանն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ընդունել են Եվրոպայի խորհրդի իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Լեյլա Ժդանովային:   Հանդիպման ընթացքում ԲԴԽ անդամները շեշտել են, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով խախտվում են հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց մի շարք հիմնարար իրավունքներ, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված` կյանքի իրավունքը, 3-րդ հոդվածով սահմանված՝ խոշտանգումների և նվաստացուցիչ վերաբերմունքի արգելքը, և հույս են հայտնել, որ այս փաստը Եվրոպայի խորհրդի գործընկերների կողմից կարժանանա խիստ և հասցեական արձագանքի։   Քննարկման մասնակիցներն անդրադարձել են դատաիրավական ոլորտին առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի և պայմանավորվածություն են ձեռք բերել համանման հանդիպումները շարունակական դարձնելու և առկա համագործակցությունը խորացնելու վերաբերյալ:  
16:46 - 19 սեպտեմբերի, 2022
ՄԻՊ-ը Human rights watch-ին խնդրել է դիտարկել փաստահավաք առաքելություն իրականացնելու և հատուկ զեկույց ներկայացնելու հնարավորությունը |azatutyun.am|

ՄԻՊ-ը Human rights watch-ին խնդրել է դիտարկել փաստահավաք առաքելություն իրականացնելու և հատուկ զեկույց ներկայացնելու հնարավորությունը |azatutyun.am|

azatutyun.am: Սոթք, Կութ, Նորաբակ համայնքները ամենաշատն են տուժել ադրբեջանական վերջին հարձակումից, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը: Ռազմական վերջին գործողությունների հետևանքով կա 7600 տեղահանված: Նա նշեց, որ այդ անձինք հաղորդակցության միջոցների խնդիրներ լինեն, երբեմն օնլայն հարթակներից չեն կարողանում օգտվել` տեղեկանալու, թե ինչ աջակցություն, կացարան և այլն կարող են ստանալ. «Օնլայն հարթակները շատ լավ է, որ կան, դրանք միգուցե մոտ 10 օր հետո ավելի շատ տեղեկատվություն կարողանան հավաքել, բայց այդ պահին անձանց համար օնլայն հարթակները հասանելի չեն, նաև ի թիվս այլնի հմտությունների բացակայության պատճառով»: ՄԻՊ-ը Human rights watch-ին խնդրել է դիտարկել փաստահավաք առաքելություն իրականացնելու և հատուկ զեկույց ներկայացնելու հնարավորությունը։ Տարբեր պետությունների օմբուդսմենները չունեն այլ երկրի տարածքում փաստահավաք առաքելություն իրականացնելու լիազորություն, ասաց Մարդու իրավունքների պաշտպանը` ի պատասխան հարցի, թե արդյոք կարիքը կա՞, որ այլ երկրների պաշտպանները գան և տեղում ծանոթանան եռօրյա բախումների հետևանքները քաղաքացիական բնակչության համար: «Մեր գործընկեր պաշտպանական հաստատությունների հետ մենք աշխատում ենք այլ բանի համար, մենք իրենց փոխանցում ենք ամբողջական տեղեկատվություն, արտահերթ զեկույցն ենք ուղարկել, պիտի հետևողական շարունակենք իրենց հետ աշխատել, որպեսզի հասնենք հայտարարությունների, որոնք կարվեն այդ ցանցերի կողմից, ոչ թե որ իրենք կգան: Բայց մոնիթորինգի տեսանկյունից սա շատ կարևոր ուղղություն է, որի համար արդեն աշխատում ենք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ: Օրինակ` այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Human rights watch-ի հետ և իմ ներկայացրած փաստերի ուժով իրենց խնդրել եմ դիտարկել փաստահավաք առաքելություն իրականացնելու և հատուկ զեկույց ներկայացնելու հնարավորությունը», - տեղեկացրեց Գրիգորյանը: Ինչ է ներառված արտահերթ զեկույցում ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է ներկայացրել: Ըստ կառույցի ղեկավարի` այնտեղ ներառված են հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգման, վատ վերաբերմունքի դեպքերը, զոհերի մարմինների նկատմամբ արգահատելի կտտանքները, վիրավորանքները, ատելության ամբողջ բառապաշարով ուղեկցող տեսանյութերը, քաղաքացիական ենթակառուցվածքներին հասված վնասը, դրանց թիրախային խափանումը, բուժկետների, առնվազն երկու դպրոցի թիրախավորման դեպքերը: «Արձանագրել ենք նաև լրագրողների թիրախավորում», - նշեց ՄԻ պաշտպանը: «Այս պահին մեր գրասենյակն ունի 16 զինծառայողի վերաբերյալ տվյալ, որոնք գերության մեջ են գտնվում» Օգտատերերը հետաքրքրվել էին` ի՞նչ գործողություններ են կատարվում հայ ռազմագերիներին վերադարձնելու համար, և արդյոք վստա՞հ է, որ պաշտոնական հաստատված ռազմագերիների կյանքին ու կյանքի որակին ոչինչ չի սպառնում: «Անկասկած է, որ որևէ մեկը չի կարող նման վստահություն ունենալ, առնվազն ենթադրություն էլ չենք կարող ունենալ: Ցավալիորեն, մենք տեսանք նաև զինծառայողներ, որոնք վիրավոր էին, և վստահ չենք կարող լինել, որ այդ վիրավորում ստացած անձանց տրամադրվում է բժշկական օգնություն: Մեր գրասենյակ նույնպես հարազատները դիմել են, նույնականացրել ենք ռազմագերիներ, այս մասով տեղեկություններն անմիջապես Կարմիր խաչին ենք ուղարկել, միջազգային իրավական ներկայացուցչի գրասենյակի հետ ենք կիսվել մեր տվյալներով, որպեսզի այդ հրատապ միջոցների համար ՄԻԵԴ դիմի ներկայացուցիչը, այդ տվյալները ներկայացրել ենք ամեն օրվա կտրվածքով: Այս պահին մեր գրասենյակն ունի 16 զինծառայողի վերաբերյալ տվյալ, որոնք գերության մեջ են գտնվում, բայց այս թվերը կարող են շատ արագ փոփոխվել»: «Այդ առանձնահատուկ դաժանությունը պատշաճ կերպով ներկայացվել է բոլոր կոմպետենտ մարմիններին» Հարցին, թե ինչու էր կոչ անում չտարածել տեսանյութը, որում երևում է խոշտանգված զինծառայող կնոջ կտտանքների ենթարկված մարմինը, որի վրա գրված է «յաշմա», և արդյոք իրենք բոլոր ելույթներում հենց այդ դեպքից չպիտի՞ խոսեն, Քրիստիննե Գրիգորյանը պատասխանեց, որ միջոցներ արդեն ձեռնարկել է: «Մասնագիտական բժշկական վերլուծության ենթարկված տեսանյութը արդեն իսկ ուղարկվել է թե ՄԱԿ-ի, թե Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնաժողովներին, աշխատանքային խմբերին, և ես հետևողականորեն եմ աշխատելու այս առումով` հետևելով, որ սրան պատշաճ գնահատական տրվի: Կին զինծառայողին թիրախավորել էին, որովհետև ոչ միայն ինքը զինծառայող է, ոչ միայն հայ էր, այլ որովհետև ինքը կին էր, և այդ առանձնահատուկ դաժանությունը պատշաճ կերպով ներկայացվել է բոլոր կոմպետենտ մարմիններին»,- հավելեց նա: Իսկ արդյոք այդ դեպքի մասին հայտնե՞լ է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, ով Հայաստանում էր այցով: ՄԻՊ-ն ասաց, որ խոսնակի հետ հանդիպում չի ունեցել. «Բայց լավագույն ջանքը դրված է եղել, և մեր զեկույցը հասանելի է եղել դիվանագիտական մեր կոլեգաներին, այդ թվում` դեսպանատան անձնակազմին պատշաճ կերպով բարձրաստիճան պատվիրակությանը փաստերը ներկայացնելու համար»:    
15:45 - 19 սեպտեմբերի, 2022
«Տելեգրամ»-ի  ադրբեջանական տիրույթում  ստեղծվել են հայ զինծառայողների, քաղաքացիական անձանց խոշտանգված ու մասնատված մարմինների լուսանկարների Sticker-ներ․ Արման Թաթոյան

«Տելեգրամ»-ի ադրբեջանական տիրույթում ստեղծվել են հայ զինծառայողների, քաղաքացիական անձանց խոշտանգված ու մասնատված մարմինների լուսանկարների Sticker-ներ․ Արման Թաթոյան

«Տելեգրամ» սոցիալական ցանցի ադրբեջանական տիրույթում չաթ բոթերի միջոցով ստեղծվել են հայ զինծառայողների, քաղաքացիական անձանց խոշտանգված ու մասնատված մարմինների լուսանկարների Sticker-ներ։   Ստիկերները ստեղծվել են 2022 սեպտեմբերի 14-ին, բայց մենք այն հայտնաբերել ենք սեպտեմբերի 18-ին։ Ստեղծվելուց անմիջապես հետո դրանք դարձել են լայն հասանելի՝ ցանկացած անձի հնարավորություն տալով բեռնել և օգտագործել հաղորդակցության ժամանակ։   Մենք արձանագրել ենք 119 լուսանկար, այսինքն՝ 119 sticker, որը 5 օրում ունեցել է առավել, քան 20,000 ներբեռնում: Այսինքն՝ 20,000 ադրբեջանական օգտատեր ընդամենը 5 օրվա ընթացքում ներբեռնել է լուսանկարները Տելեգրամի իր հաշվին: Մեզ աջակցող մասնագետի ջանքերով՝ այդ հնարավորությունը Տելեգրամը փակել է, բայց ակնհայտ է, որ այս նոր գործիքն ադրբեջանական հարթակներն օգտագործելու են հայ հասարակությանն ահաբեկելու, ծաղրելու նպատակով:   Sticker-ներում օգտագործվել են վայրագությունների լուսանկարներ, որոնք տեղի են ունեցել ինչպես արցախյան 44-օրյա պատերազմ, այնպես էլ 2022թ. սեպտեմբերի 13-15-ը Հայաստանի նկատմամբ ագրեսիայի ժամանակ:   Մեր ուսումնասիրությունը վկայում է, որ ադրբեջանական օգտատերերը, որոնք ներբեռնել են այդ լուսանկարները, մեծ ցնծությամբ են ընդունել հայ զինծառայողների, քաղաքացիական անձանց խոշտանգումների, մարմինների մասնատումների լուսանկարները՝ դրանք առօրյա հաղորդակցության, տարբեր քննարկումների ժամանակ օգտագործելու հնարավորության համար:   Այս հանցավոր արարքը ևս մեկ ապացույց է, որ ադրբեջանական իշխանությունների կողմից տասնամյակներով հովանավորվող հայատյացության քաղաքականությունը խորն արմատավորվել է ադրբեջանական հասարակությունում և ադրբեջանական իշխանությունների կողմից հնչող խաղաղասիրության կոչերն ուղղակի շղարշ են միջազգային հանրության աչքերի համար, որով թաքցնում են իրենց իրական մտադրությունները։  
14:55 - 19 սեպտեմբերի, 2022
Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում այսօրվանից արդեն դպրոցները կվերականգնեն իրենց աշխատանքը․ ԿԳՄՍ փոխնախարար

Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում այսօրվանից արդեն դպրոցները կվերականգնեն իրենց աշխատանքը․ ԿԳՄՍ փոխնախարար

Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի պատճառով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի որոշ բնակավայրերում անվտանգային լուրջ հարցեր առաջացան, և, իհարկե, սա բերեց նրան, որ այս բնակավայրերում մեր երեխաները զրկվեցին կրթության շարունակականության ապահովման իրավունքից, կրթության իրավունքից։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։  «Խոսքը վերաբերում է թե՛ դպրոցական, թե՛ նախադպրոցական կրթությանը։ Մենք խոսում ենք շուրջ 25.000 դպրոցահասակ երեխաների կրթության ընդհատման մասին 3 մարզերում և ավելի քան 6000 երեխաների նախադպրոցական կրթության ընդհատման մասին։ Նախորդ ամբողջ շաբաթը այս բնակավայրերում ուղղակի արձակուրդ է եղել, այսինքն՝ ուսումնական հաստատությունները չեն գործել այն հիմնավորմամբ, որ, հաշվի առնելով լրացուցիչ տեխնիկական բարդություններ չունենալու և գործընթացին լրացուցիչ լարվածություն չբերելու հանգամանքները, նպատակահարմար է համարվել լրացուցիչ արձակուրդի գնալը, հետագայում բաց թողնվածը լրացնելու պայմանով։  Մենք հետևել ենք ընթացքին և կապ մեջ լինելով մեր գործընկերների հետ երեք մարզերում՝ ունենք որոշում, և այսօրվանից արդեն դպրոցները կվերականգնեն իրենց աշխատանքը, մենք կունենանք տարբեր իրավիճակ։ Այն դպրոցներում, որտեղ հնարավորություն կա, և անվտանգության ապահովման տեսանկյունից կան համապատասխան հնարավորությունները, կրթությունը կկազմակերպվի առկա եղանակով, և այս պահին մյուս բնակավայրերում, որտեղ տեղում իրավիճակը հասկանալուց հետո, մի շարք հանգամանքներ հաշվի առնելով, դեռևս առկա ուսուցման վերադառնալ հնարավոր չի, գործընթացը կկազմակերպվի հեռավար»,- նշեց նա։ Նա նշեց, որ իրենց ունեցած տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզում հեռավար ուսուցմամբ կրթությունը կվերսկսի 12 դպրոց, որոնք հիմնականում Վարդենիսի տարածաշրջանի դպրոցներ են, Վայոց ձորում 3 դպրոցներ են, որոնք հեռավար կգործեն․ «Սյունիքի մարզում մենք ունենք ավելի ընդհանուր հեռավար ուսուցման իրավիճակ, 5 դպրոցներ են, որտեղ առկա ուսուցումը այս պահին կվերականգնվի, հիմնականում Քաջարանում, և 1 դպրոց՝ Կապանում»։ Հարցին, թե արդյո՞ք հաշվի առնելով հեռավար ուսուցման փորձը՝ կարող ենք ասել, որ գործընթացը սահուն կընթանա, Անդրեասյանն ասաց․ «Դպրոցները կուտակել են մեծ փորձառություն։ Ցավոք, ոչ միայն Քովիդի ժամանակահատվածում։ 2020թ․-ի աշնան պատերազմի ժամանակահատվածում մենք հենց առաջին օրերից սահմանամերձ համայնքներում, որտեղ կար անվտանգության հետ կապված իրավիճակ, հեռավար կրթությանն էինք անցում կատարել, և այս դպրոցները ապահովել էինք անհրաժեշտ սարքավորումներով, որպեսզի կարողանան հեռավար ուսուցումը պատշաճ կազմակերպել։ Դպրոցների կարողությունները՝ հեռավար ուսուցում կազմակերպելու, բավարար են, և կկարողանան այս պահին աշխատանքը այս ձևաչափով իրականացնել։ Իհարկե, խնդիր ունենք, որպեսզի օր առաջ, հաշվի առնելով առաջին հերթին անվտանգային իրավիճակը, դրա հնարավորության պարագայում վերադառնանք առկա ուսուցման»։ «Մենք ունենք տեղեկություն Գեղարքունիքի մարզում երկու դպրոցական շենքերի վնասման մասին, խոսքը Սոթքի և Այրքի դպրոցներին է վերաբերում։ Բնականաբար, շատ արագ կկարգավորենք անհրաժեշտ աշխատանքների  իրականացումը՝ դպրոցներում շենքերին պատճառված վնասի վերացման ուղղությամբ, բայց, ինչ խոսք, սա շատ մտահոգիչ է, որ ուսումնական հաստատությունները թիրախավորվել են և դարձել են ուղիղ կրակի թիրախ, ինչը անթույլատրելի է և կարծում եմ, որ բոլոր կոնվենցիաների և միջազգային իրավունքի տեսանկյունից հնարավոր նորմերի խախտում է»,- նշեց Անդրեասյանը։ Անդրեասյանը հավելեց, որ խոսում է եղած շենքերում վերանորոգման աշխատանքներ կատարելու մասին, և այս պահին վնասի չափերը ճշգրտվում են։ Հարցին, թե ինչ է անում ԿԳՄՍՆ-ն՝ միջազգային գործընկերներին ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկացնելու հետ կապված, Անդրեասյանն ասաց․ «Մենք, բնականաբար, այդ աշխատանքը անում ենք համակարգված՝ ԱԳՆ-ի հետ միասին, որովհետև դա ավելի ընդհանուր քաղաքականության և այդ կոմունիկացիան ապահովելու շրջանակում է իրականացվում։ Բնականաբար, այս տվյալների և համապատասխան նամակի նախագծերը՝ ուղղված միջազգային կառույցներին, տրամադրված են ԱԳՆ-ին, և մենք նրանց հետ սերտ կապի մեջ ենք՝ այս աշխատանքները իրականացնելու առումով»։
14:28 - 19 սեպտեմբերի, 2022
ԿԽՄԿ-ն ներգրավված չի եղել 32 հայ զինծառայողների մարմինները հայկական կողմին փոխանցելու գործընթացին
 |pastinfo.am|

ԿԽՄԿ-ն ներգրավված չի եղել 32 հայ զինծառայողների մարմինները հայկական կողմին փոխանցելու գործընթացին |pastinfo.am|

pastinfo.am: 32 հայ զինծառայողների մարմինները հայկական կողմին փոխանցելու գործընթացին Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակը ներգրավված չի եղել։ Այդ մասին ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «32 մարմինների փոխանցումն արվել է առանց ԿԽՄԿ-ի։ Մենք աշխատել ու շարունակում ենք աշխատել դատաբժշկական փորձաքննության ընթացքում, այդ թվում խորհրդատվություն են տրամադրում այն իրականացնողներին։ Աշխատում ենք գործընթացը կազմակերպող կառույցների հետ և սպասում ենք, որ նրանց կողմից հետագա քայլերը հստակեցվեն»,-ասաց Ամատունին՝ նշելով, որ պատրաստ են մասնակցել նաեւ մարմինների արտահանձնմանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը հաստատել էր, որ Ադրբեջանը հայտնել է 100 զինծառայողի դի հայկական կողմին վերադարձնելու մտադրության մասին։ Արդեն իսկ արտահանձնված 32 մարմիններն արդյո՞ք այդ թվի մեջ մտնում են, թե ոչ, ԿԽՄԿ-ն տեղյակ չէ։ Նշենք նաև, որ պաշտպանության նախարարությունը այս պահի դրությամբ հաստատել է միայն 32 հայ զինծառայողների մարմինների փոխանցման մասին։
13:40 - 19 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավոր քաղաքացիական անձանցից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավոր քաղաքացիական անձանցից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է

Առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է ներկայացրել վիրավոր քաղաքացիական անձանց առողջական վիճակի մասին։   «Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիական 7 անձից 3-ը, սեպտեմբերի 19-ի, ժամը 10:00 դրությամբ, շարունակում է ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում:   Բուժման մեջ գտնվողներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր` անկայուն, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:   Ծանր գնահատվող 2 վիրավորի վիճակը բարելավվել է` վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել են համապատասխան բաժանմունքներ. այժմ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:   Ստացիոնարում բուժվող 4 տուժածներից 1-ն առողջացումով դուրս է գրվել, 3-ը ստացել են ամբուլատոր բուժօգնություն»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
12:13 - 19 սեպտեմբերի, 2022
Հայաստանը բոլորովին անպաշտպան է և գոյատևելու համար Արևմուտքի լիակատար աջակցության կարիքն ունի․ Բրայան Մեյ

Հայաստանը բոլորովին անպաշտպան է և գոյատևելու համար Արևմուտքի լիակատար աջակցության կարիքն ունի․ Բրայան Մեյ

Queen խմբի կիթառահար Բրայան Մեյն աջակցություն է հայտնել Հայաստանին, ինչպես նաև նշել, որ Հայաստանն Արևմուտքի լիակատար աջակցության կարիքն ունի:  Իր ինստագրամյան էջում Մեյը տարածել է System of a Down խմբի գրառումը՝ հորդորելով կարդալ այն։ System of a Down-ն իր գրառման մեջ խոսել է Ադրբեջանի ագրեսիայի մասին՝ կոչ անելով աջակցել Հայաստանին։ Մեյը նաև հիշեցրել է, որ «Սթարմուս» փառատոնի ժամանակ Հայաստանում ելույթ է ունեցել խմբի վոկալիստ Սերժ Թանկյանի հետ։ «Ես այստեղ խախտում եմ լռությունս, քանի որ կարծես թե հերթական ողբերգությունն է ծավալվում, և վտանգ կա, ինչպես միշտ է պատահում մեր օրերում, որ լրատվամիջոցները ճշմարտացիորեն չհաղորդեն այդ մասին։ Հայաստանը փոքր երկիր է՝ զուրկ նավթից, գազից կամ զգալի հարստությունից, քրիստոնեության և ժողովրդավարության կղզի է՝ բոլոր կողմերից շրջապատված բռնապետություններով: Դա աշխարհի ամենախաղաղ երկրներից մեկն է, որտեղ իր ողբերգական պատմության պատճառով մեծ տխրություն կա»,- գրել է Queen-ի կիթառահարը։ Նա ակնարկել է Հայոց ցեղասպանության մասին՝ խոսելով «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան Կայսրության իրականացրած դաժան էթնիկ զտումներից, որոնք Թուքրիան դեռևս հերքում է»։ «Այսօր Հայաստանին կրկին սպառնում է մի դավադրություն, որի նպատակն է ջնջել նրան աշխարհի երեսից։ Ընդամենը երկու օր առաջ Ադրբեջանը հայ ժողովրդին ահաբեկելու և ապակայունացնելու նպատակով  գնդակոծում էր հայկական սահմանին գտնվող խաղաղ գյուղերը։ Երեք անողոք բռնապետությունների անազնիվ դաշինքի դեմ Հայաստանը բոլորովին անպաշտպան է և գոյատևելու համար Արևմուտքի լիակատար աջակցության կարիքն ունի: Աշխարհը պետք է իմանա այս իրավիճակի մասին։ Խնդրում եմ՝ տարածեք [այս գրառումը]՝ հակազդելու Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից տարածվող կեղծ տեղեկություններին, որոնք տպավորություն են ստեղծում, թե հայրեն ագրեսոր են, ինչպես որ  Ռուսաստանն էր փորձում անմեղ և զարհուրելի բռնությունների ենթարկված ուկրաինացիներին ներկայացնել որպես ագրեսորներ։ Մի աշխարհում, որտեղ գերիշխում է սուտը, մենք բոլորս պետք է բարձրաձայնենք ճշմարտության և արդարության մասին»,- գրել է Մեյը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի լույս 13-ի գիշերը հարձակվել է Հայաստանի վրա՝ օկուպացնելով հայկական տարածքներ և թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ։
09:22 - 19 սեպտեմբերի, 2022