Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Արցախի էկոնոմիկայի նախարարն ընդունել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրակությանը

Արցախի էկոնոմիկայի նախարարն ընդունել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրակությանը

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանը մարտի 10-ին ընդունել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությանը:   Քննարկվել են ԱՀ-ում իրականացվող և նոր ենթակառուցվածքային ծրագրերին առնչվող խնդիրները, ինչպես նաև ռազմական գործողությունների ընթացքում կորուստներ և վնասներ կրած ԱՀ հանրային կազմակերպություններին և ՓՄՁ-ին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները:   Խոսվել է Արցախի գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող աջակցության հնարավորությունների և ձևերի մասին:   Հանդիպման վերջում կողմերը քննարկել են նաև ԱՀ հանրային հատվածի մասնագետների կարողությունների զարգացմանն ուղղված և համատեղ ուսուցման ու վերապատրաստման միջոցառումներին (ինչպես առցանց, այնպես էլ առերես տարբերակով) մասնակցելու հնարավորությունը:   Քննարկումներին մասնակցել են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, ինչպես նաև ԱՀ ԷԳՆ առաջին տեղակալ Ն.Մուսայելյանը, նախարարի տեղակալներ Վ.Ավետիսյանն ու Տ.Առստամյանը, ԱՀ ԷԳՆ աշխատակազմի տնտեսական զարգացման վարչության պետ Բ.Պետրոսյանը:
20:20 - 10 մարտի, 2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը Մոսկվայում մի շարք հանդիպումներ է ունեցել ՌԴ և ԵՏՀ պաշտոնյաների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը Մոսկվայում մի շարք հանդիպումներ է ունեցել ՌԴ և ԵՏՀ պաշտոնյաների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մարտի 9-ից 12-ը գտնվում է Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական և ագրոարդյունաբերական համալիրների զարգացման ծրագիրը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները և ուղղությունները քննարկելու նպատակով։ Մոսկվայում է նաև Enterprise Armenia հիմնադրամի  պատվիրակությունը՝  գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում Արման Խոջոյանը մի շարք հանդիպումներ կունենա Ռուսաստանի Դաշնության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի  (ԵՏՀ) բարձրաստիճան պաշտոնյաների, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի, Մոսկվայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Մարտի 9-ին Արման Խոջոյանն առանձին հանդիպումներ է ունեցել ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Գեղամ Վարդանյանի, ԵՏՀ ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Արմեն Հարությունյանի հետ։ Քննարկման կարևոր դրույթներից էր  պարենային անվտանգության միասնական մոտեցումը ԵԱՏՄ անդամ երկրների միջև։ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը հանդիպել է ՌԴ Մոսկվայի մարզի ներդրումների, արդյունաբերության և գիտության նախարար Ելիզավետա Զինովևայի հետ։ Նույն օրը կայացել է Հայաստանի պատվիրակության հանդիպումը  Մոսկվայի մարզի Ներդրումների, արդյունաբերության և գիտության նախարարի տեղակալ Անտոն Լոգինովի և Արտաքին տնտեսական գործունեության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսեյ Պլետնևի հետ: Հանդիպման ընթացքում ռուսական կողմին ներկայացվել են Enterprise Armenia հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգարվման հիմնական գործիքակազմը, ներդրողներին մեկ պատուհանի սկզբունքով ծառայությունների մատուցման գործընթացը, ինչպես նաև հայկական արտադրանքի արտահանման խթանմանը միտված աշխատանքները:  ՌԴ Մոսկվայի մարզի արտաքին տնտեսական գործունեության աջակցության հիմնադրամի գործընկերների հետ քննարկվել են համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև առևտրատնտեսական կապերի զարգացման նպատակով: Քննարկման առանցքում է եղել նաև օտարերկրյա ուղղակի ներդրումների խթանման և արտահանման աջակցման գործիքակազմը, անդրադարձ է կատարվել համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններին: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ երկկողմ գործընկերային կապերը զարգացնելու և հետագա համագործակցության շրջանակն ընդլայնելու վերաբերյալ:  
18:24 - 10 մարտի, 2021
Կայացել է արդյունաբերական կանեփի մշակության օրենսդրական կարգավորման համար ստեղծված աշխատանքային խմբի հանդիպումը

Կայացել է արդյունաբերական կանեփի մշակության օրենսդրական կարգավորման համար ստեղծված աշխատանքային խմբի հանդիպումը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մարտի 9-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հեմփի մշակության  իրականացման նպատակով անհրաժեշտ իրավական ակտերը մշակելու համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, որը վարել է նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Աշխատանքային խմբում ընդգրկված են՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի, ՀՀ էկոնոմիկայի, Առողջապահության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ներկայացուցիչները։ Գործընթացն իրականացվելու է 2021 թ․ փետրվարի 4-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված Տնտեսական արձագանքման ծրագրի և գործողությունների պլանով նախատեսված   գյուղատնտեսության ոլորտում բարձր ավելացված արժեք ստեղծող նոր մշակաբույսերի աճեցման ու վերամշակման շրջանակում, ինչն էականորեն կբարձրացնի գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ օգտագործումը։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Տիգրան Գաբրիելյանը տեղեկացրել է, որ հեմփի մշակությունը որպես նոր, բարձրարժեք, արդյունաբերական բազմակի նպատականերով օգտագործվող արտադրանքների համար հումք հանդիսացող մշակաբույս, նախարարությունում դիտարկվել է դեռևս 2017 թվականից։ Ներկայացնելով գործընթացի իրականացման հիմնական փուլերն ու նախատեսվող գործողությունները՝ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետի տեղակալ Վարսիկ Մարտիրոսյանը նշել է, որ ներկայումս աշխարհի գրեթե 47 երկրներում թույլատրված է հեմփի մշակությունը, որպես գյուղատնտեսական մշակաբույս, և Էկոնոմիկայի նախարարությունը հանգամանորեն ուսումնասիրել է հեմփի աճեցման միջազգային փորձը  և տարբեր երկրներում ոլորտը կարգավորող իրավական ակտերն ու առկա վերահսկողական մեխանիզմները։ Նրա խոսքով՝ Հայաստանում հեմփիի մշակությունը լինելու է խիստ վերահսկվող և լիցենզավորված գործունեություն։ Ծրագրի իրականացման առաջին տարում նախատեսվում է իրականացնել հեմփի գիտաարտադրական մշակություն, որի արդյունքում կընտրվեն Հայաստանի բնակլիմայական պայմանների համար առավել նպատակահարմար  և տետրահիդրոկանաբինոլի սահմանված պարունակությամբ սորտեր և լիցենզավորված գործունեության շրջանակներում որոշ ընկերություններ կկարողանան կազմակերպել հեմփի մշակություն։ Ընդ որում, նախապատվությունը կտրվի այն ընկերություններին, որոնք  մշակությունից բացի, կիրականացնեն նաև վերամշակում։ Հանդիպման ընթացքում աշխատանքային խումբը քննարկել է հեմփի մշակության արդյունավետության ապահովմանը, լաբորատոր փորձաքննությունների իրականացմանը, պետական մարմինների համագործակցությամբ վերահսկողության հատուկ մեխանիզմների կիրառմանը, արտադրվող հեմփի վերամշակմանը վերաբերող մի շարք հարցեր։
15:57 - 10 մարտի, 2021
Ակնհայտ է, որ գիտական միտքն օգնում է բիզնեսին, և հենց այս ուղղությամբ էլ մենք պետք է առաջ շարժվենք. Վահան Քերոբյան

Ակնհայտ է, որ գիտական միտքն օգնում է բիզնեսին, և հենց այս ուղղությամբ էլ մենք պետք է առաջ շարժվենք. Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է «Համագործակցային դոկտորական կրթություն․ լավագույն փորձի բացահայտում և ապագայի պլանավորում» խորագրով եռօրյա աշխատաժողովի եզրափակիչ քննարկումներին։ Այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը: Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ Վահան Քերոբյանն իր ելույթում համոզմունք է հայտնել, որ գիտությունը Հայաստանի համար որևէ այլընտրանք չունի, քան զարգացումը՝ հենվելով տեխնոլոգիական առաջընթացի վրա:  «Ակնհայտ է, որ միայն այդ դեպքում մենք կարող ենք բարձրարժեք արդյունք ստեղծել Հայաստանում և, որպես փոքր երկիր, ուժեղ տնտեսություն ունենալ, ինչպես, օրինակ, Իսրայելը, Շվեյցարիան և այլն: Իմ պաշտոնավարման երեք ամսվա ընթացքում, Կրթության,  գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցելով, մենք վերանայեցինք ասպիրանտական տեղերի պետպատվերի հատկացման մոտեցումը. առաջարկեցինք բիզնեսին ներկայացնել ծրագրեր, որոնք պետք է հետազոտվեն, և արդեն իսկ ընտրություն ենք կատարել: Կարծում ենք՝ մեզ սպասվում է շարունակական սերտ համագործակցություն: Ակնհայտ է, որ գիտական միտքն օգնում է բիզնեսին, և հենց այս ուղղությամբ էլ մենք պետք է առաջ շարժվենք», - ասել է Էկոնոմիկայի նախարարը:  Առանձին աշխատանքային քննարկման ընթացքում ARMDOCT ծրագրի ներկայացուցիչները նախարարին և նախարարության աշխատակիցներին ներկայացրել են գիտություն-տնտեսություն կապի խթանման գործիքների վերաբերյալ հետազոտության արդյունքները, նշել խնդիրները և բարելավման հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռքբերվել Էկոնոմիկայի նախարարին կից ստեղծել գիտական խորհուրդ, որը, այլ գերատեսչությունների հետ սերտ համագործակցությամբ, կմշակի գիտություն-տնտեսություն կապի ապահովման ճանապարհային քարտեզ։    Բուհերի ներկայացուցիչները հրատապ լուծման ենթակա խնդիրների շարքում ներկայացրել են գիտական հետազոտությունների համար ձեռքբերվող սարքավորումների և նյութերի հարկման խնդիրները՝ կարևորելով հարկային խթանների տրամադրումը (այդ թվում՝ ավելացված արժեքի հարկից ազատումը), ինչն էապես կխթանի ոլորտում ներդրումները և գործընթացի արդյունավետության բարձրացումը։ Առաջարկվել է նաև որոշակի գիտական բնագավառում գիտական կադրեր պատ­րաս­տելու համար շահագրգռված և համատեղ հետազոտոթյուններ իրակա­նացնող կազմակերպություններին պետության կողմից ֆինանսապես խրախուսման մեխանիզմներ գործարկել, այդ թվում նաև հարկային արտոնություններ։ Կարևորելով առաջարկները՝ Վահան Քերոբյանը նշել է, որ խնդիրն առավել մանրամասն կուսումնասիրվի և համապատասխան նախագիծ կշրջանառվի առաջիկայում։   Նախարարը պատրաստակամություն է հայտնել ներգրավելու ռեսուրսներ և տրամադրելու ֆինանսական աջակցություն ակադեմիական «սփին-օֆ»-ներին։ Իրազեկության բարձրացման և տեղեկատվության տարածման, գիտնականների և գործարար ոլորտի համագործակցությունը խթանելու նպատակով, նախարարության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել առաջիկայում ARMDOCT ծրագրի աշխատանքային խմբի հետ համատեղ կազմակերպել համաժողով։   Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը բուհերի հավատարմագրման ընթացքում բացահայտված հիմնական խնդիրներից նշել է կիրառելի գիտելիքի պակասը։ Նա համոզմունք է հայտնել, որ այս ծրագիրը բավականին լուծումներ կտա՝ դոկտորական դպրոցներ ստեղծելով, ինչպես նաև բուհ-արդյունաբերություն կապի ապահովման միջոցով։ Նա կարևորել է նաև դոկտորական կրթության և մագիստրոսական կրթության հետ կապի ապահովումը:  Աշխատաժողովի ընթացքում բուհերի և սոցիալական այլ գործընկերների կողմից ներկայացվել են համագործակցային դոկտորական ծրագրերի, բուհ-արդյունաբերություն համատեղ իրականացվող հետազոտական ծրագրերի օրինակներ։ Աշխատաժողովն ամփոփվել է համագործակցային դոկտորական կրթական ծրագրերի կազմակերպման վերաբերյալ քննարկումներով։  Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ Վահան Քերոբյանն իր ելույթում համոզմունք է հայտնել, որ գիտությունը Հայաստանի համար որևէ այլընտրանք չունի, քան զարգացումը՝ հենվելով տեխնոլոգիական առաջընթացի վրա: 
12:39 - 09 մարտի, 2021
Վահան Քերոբյանը մասնակցել է եռօրյա աշխատաժողովի եզրափակիչ քննարկումներին

Վահան Քերոբյանը մասնակցել է եռօրյա աշխատաժողովի եզրափակիչ քննարկումներին

Վահան Քերոբյանը մասնակցել է «Համագործակցային դոկտորական կրթություն․ լավագույն փորձի բացահայտում և ապագայի պլանավորում» խորագրով եռօրյա աշխատաժողովի եզրափակիչ քննարկումներին։  Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ Էկոնոմիկայի նախարարն իր ելույթում համոզմունք է հայտնել, որ գիտությունը Հայաստանի համար որևէ այլընտրանք չունի, քան զարգացումը՝ հենվելով տեխնոլոգիական առաջընթացի վրա:«Ակնհայտ է, որ միայն այդ դեպքում մենք կարող ենք բարձրարժեք արդյունք ստեղծել Հայաստանում և, որպես փոքր երկիր, ուժեղ տնտեսություն ունենալ, ինչպես, օրինակ, Իսրայելը, Շվեյցարիան և այն: Իմ պաշտոնավարման երեք ամսվա ընթացքում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցելով, մենք վերանայեցինք ասպիրանտական տեղերի պետպատվերի հատկացման մոտեցումը. առաջարկեցինք բիզնեսին ներկայացնել ծրագրեր, որոնք պետք է հետազոտվեն, և արդեն իսկ ընտրություն ենք կատարել: Կարծում ենք՝ մեզ սպասվում է շարունակական սերտ համագործակցություն: Ակնհայտ է, որ գիտական միտքն օգնում է բիզնեսին, և հենց այս ուղղությամբ էլ մենք պետք է առաջ շարժվենք»,- ասել է Վահան Քերոբյանը:  Առանձին աշխատանքային քննարկման ընթացքում ARMDOCT ծրագրի ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել գիտություն-տնտեսություն կապի խթանման գործիքների վերաբերյալ հետազոտության արդյունքները, նշել խնդիրները և բարելավման հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռքբերվել Էկոնոմիկայի նախարարին կից ստեղծել գիտական խորհուրդ, որը, այլ գերատեսչությունների հետ սերտ համագործակցությամբ, կմշակի գիտություն-տնտեսություն կապի ապահովման ճանապարհային քարտեզ։  Բուհերի ներկայացուցիչները հրատապ լուծման ենթակա խնդիրների շարքում ներկայացրել են գիտական հետազոտությունների համար ձեռքբերվող սարքավորումների և նյութերի հարկման խնդիրները՝ կարևորելով հարկային խթանների տրամադրումը (այդ թվում՝ ավելացված արժեքի հարկից ազատումը), ինչն էապես կխթանի ոլորտում ներդրումները և գործընթացի արդյունավետության բարձրացումը։Առաջարկվել է նաև որոշակի գիտական բնագավառում գիտական կադրեր պատրաստելու համար շահագրգռված և համատեղ հետազոտոթյուններ իրականացնող կազմակերպություններին պետության կողմից ֆինանսապես խրախուսման մեխանիզմներ գործարկել, այդ թվում նաև հարկային արտոնություններ։ Կարևորելով առաջարկները՝ Վահան Քերոբյանը նշել է, որ խնդիրն առավել մանրամասն կուսումնասիրվի և համապատասխան նախագիծ կշրջանառվի առաջիկայում։  Նախարարը պատրաստակամություն է հայտնել ներգրավելու ռեսուրսներ և տրամադրելու ֆինանսական աջակցություն ակադեմիական «սփին-օֆ»-ներին։ Իրազեկության բարձրացման և տեղեկատվության տարածման, գիտնականների և գործարար ոլորտի համագործակցությունը խթանելու նպատակով, նախարարության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել առաջիկայում ARMDOCT ծրագրի աշխատանքային խմբի հետ համատեղ կազմակերպել համաժողով։  Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը բուհերի հավատարմագրման ընթացքում բացահայտված հիմնական խնդիրներից նշել է կիրառելի գիտելիքի պակասը։ Նա համոզմունք է հայտնել, որ այս ծրագիրը բավականին լուծումներ կտա՝ դոկտորական դպրոցներ ստեղծելով, ինչպես նաև բուհ-արդյունաբերություն կապի ապահովման միջոցով։ Նա կարևորել է նաև դոկտորական կրթության և մագիստրոսական կրթության հետ կապի ապահովումը:  Աշխատաժողովի ընթացքում բուհերի և սոցիալական այլ գործընկերների կողմից ներկայացվել են համագործակցային դոկտորական ծրագրերի, բուհ-արդյունաբերություն համատեղ իրականացվող հետազոտական ծրագրերի օրինակներ։ Աշխատաժողովն ամփոփվել է համագործակցային դոկտորական կրթական ծրագրերի կազմակերպման վերաբերյալ քննարկումներով։
10:15 - 07 մարտի, 2021
Լավ բիզնես հնարավորություններ հայ արտադրողների համար. Վահան Քերոբյան

Լավ բիզնես հնարավորություններ հայ արտադրողների համար. Վահան Քերոբյան

Այսօր կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիայի նախարար Վահան Քերոբյանը: «Oրակարգում ընդգրկվել էր նաև ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող զարգացող երկրների ցանկից թվով 76 երկրներ, այդ թվում՝ Թուրքիան հանելու վերաբերյալ առաջարկը, որն ընդունվել է միաձայն և ուժի մեջ կմտնի որոշման հրապարակման պահից 6 ամիս հետո՝ համաձայն գործող ընթացակարգերի: Հայկական արտադրողները հնարավորություն կունենան բարելավել իրենց դիրքերը ոչ միայն հայկական, այլև ողջ ԵԱՏՄ տարածքում։ Էկոնոմիկայի նախարարությունն հաջորդ շաբաթ արդեն կպատվիրի մանրազննին հետազոտություն, որպեսզի ավելի կոնկրետ բացահայտի, թե որ ոլորտներում և որ արտադրողներով մենք կկարողանանք բարելավել մեր դիրքերը»,- գրել է նախարարը։
22:17 - 05 մարտի, 2021
Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է քննարկում խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ

Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է քննարկում խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ, նախարարությունում կազմակերպվել է հանդիպում-քննարկում Հայաստանում գործող խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։Քննարկումը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։ Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, Գործարարության աջակցման գրասենյակի (BSO) ղեկավար Գևորգ Պողոսյանը, Տնտեսական մրցակցաության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ), ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Գործարարության աջակցման գրասենյակի պատասխանատու աշխատակիցները և խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչները: Փետրվարի 19-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացած ՓՄՁ զարգացման խորհրդի նիստի ընթացքում ադրադարձ է եղել խոշոր առևտրային ցանցերին վերաբերող հարցերին, այդ թվում՝ մատակարարումներին, տեղական արտադրանքի իրացմանը և այլ խնդիրների, որոնց հանդիպում են ՓՄՁ սուբյեկտները: Կազմակերպված քննարկման նպատակն էր՝ լսել խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչներին, ներկայացնել վերջիններիս մատակարար ընկերությունների կողմից բարձրաձայնված խնդիրները և համատեղ գտնել առկա խնդիրների լուծման տարբերակներ։   Կարծիքներ են փոխանակվել մատակարարումների դիմաց վճարման ժամկետներ սահմանելու, տեղական արտադրանքի իրացման, առևտրային ցանցերում գերփոքր և փոքր տնտեսվարողների կողմից առաջարկվող ապրանքների իրացման ժամանակ հարկման համակարգերի տարբերության պատճառով առաջացող խնդիրների, հարկման այլընտրանքային համակարգերի կիրառման հնարավորությունների, ապրանքների վերադարձելիության ժամկետների, մատակարարների հետ համագործակցության ընթացակարգերի վերաբերյալ: Հանդիպման մասնակիցները տեղեկացվել են նաև, որ ՏՄՊՊՀ-ի կողմից մշակվել է  խորհրդատվական բնույթի ուղեցույց՝ առևտրային ցանցերի և մատակարար ընկերությունների միջև բարեխիղճ հարաբերությունների կարգավորման նպատակով, որում սահմանվում են համագործակցության ընթացակարգերը:    Հանդիպման ավարտին նշվել է, որ բարձրաձայնված խնդիրները կհավաքագրվեն և կուսումնասիրվեն, նմանատիպ հանդիպում կանցկացվի նաև մատակարարների հետ՝ թե՛ մատակարարների և թե՛ խոշոր ցանցերի համար ձեռնտու լուծումներ գտնելու համար։
11:37 - 05 մարտի, 2021
Վահան Քերոբյանն ընդունել է «Էս Ջի Էս ինսպեքշն սերվիսիս լիմիթեդ» ընկերության ներկայացուցիչներին

Վահան Քերոբյանն ընդունել է «Էս Ջի Էս ինսպեքշն սերվիսիս լիմիթեդ» ընկերության ներկայացուցիչներին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 4-ին ընդունել է «Էս Ջի Էս ինսպեքշն սերվիսիս լիմիթեդ» ԲԸ գործադիր տնօրեն Ալի Էբրահիմզադեհին և հայաստանյան գրասենյակի ղեկավար Համիդռեզա Գոլիին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։ Հյուրերը համառոտ ներկայացրել են «Էս Ջի Էս» (SGS) կազմակերպության գործունեությունը և նշել, որ այն հանդիսանում է աշխարհում ստուգման, զննման, վերահսկողության և հավաստագրման առաջատար ընկերություններից մեկը, որն ունի ավելի քան 2500 մասնաճյուղեր և լաբորատորիաներ ամբողջ աշխարհում: Նախարարին տեղեկացվել է, որ SGS ընկերության աշխատանքային ոլորտը բավականին ընդարձակ է՝ հանքարդյունաբերությունից մինչև տեքստիլ, սնունդ, խմիչք, դեղամիջոցներ և այլն: Ընկերությունը տրամադրում է ինչպես որակի, այնպես էլ քանակի, թե՛ միջազգային և թե՛ պետական չափանիշներին համապատասխանելիության հավաստագրեր: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տարածքով բեռնափոխադրումների արդյունավետ կազմակերպմանը, ՀՀ տարածքում և արտերկրում բեռնման և բեռնաթափման կետերում ապրանքի ստուգման ու վերահսկողության իրականացմանը, մաքսային ընթացակարգերի և ձևակերպումների դյուրացմանը, ինչպես նաև մաքսային արժեքի որոշման էլեկտրոնային համակարգերի ներդրմանն առնչվող հարցեր։ Առանձին անդրադարձ է եղել կազմակերպության կողմից Հայաստանում ներդրումների իրականացմանը և միջազգային չափանիշներին համապատասխան լայնածավալ փորձագիտական ծառայությունների մատուցման հնարավորությանը։
19:10 - 04 մարտի, 2021
Գործարարները կստանան անվճար խորհրդատվական աջակցություն հակակոռուպցիոն համապատասխանության վերաբերյալ

Գործարարները կստանան անվճար խորհրդատվական աջակցություն հակակոռուպցիոն համապատասխանության վերաբերյալ

Մարտի 4-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Կորպորատիվ Կառավարման Կենտրոն» հիմնադրամի միջև ստորագրվել է մտադրությունների մասին հուշագիր։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հուշագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և «Կորպորատիվ Կառավարման Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Նարինե Մելիքյանը։ Հուշագրի նպատակն է համատեղ ջանքերով նպաստել Հայաստանի գործարար հատվածում հակակոռուպցիոն համապատասխանության պահանջների ընդունմանը, խթանել «պետություն և գործարար համայնք» համագործակցությունը հակակոռուպցիոն համապատասխանության ապահովման հարցերում։ Հուշագրով կողմերը պարտավորվում են աջակցել Հայաստանի գործարար համայնքին հակակոռուպցիոն համապատասխանության պահանջների ընկալման հարցում։ Այդ նպատակով համատեղ կկազմակերպվեն գործարար համայնքի ներկայացուցիչների իրազեկվածության բարձրացմանը միտված միջոցառումներ (դասընթացներ, սեմինարներ, կլոր սեղաններ, համաժողովներ և այլն)։ Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից գործարար համայնքի ներկայացուցիչները կստանան անվճար  խորհրդատվական աջակցություն հակակոռուպցիոն համապատասխանության վերաբերյալ, իսկ Բիզնեսի բարեվարքության ակումբի միջոցով կխթանվի հակակոռուպցիոն հավաքական նախաձեռնությունների զարգացումը Հայաստանում։ Կիրականացվեն նաև այլ գործողություններ և միջոցառումներ, որոնք միտված կլինեն Հայաստանի գործարար համայնքում հակակոռուպցիոն համապատասխանության պահանջների ընդունմանը։ «Էկոնոմիկայի նախարարությունը և Կորպորատիվ կառավարման կենտրոնը՝ ստորագրելով այս հուշագիրը,  մեկտեղում են ջանքերը, որպեսզի միասին ապահովեն բարեվարքության կանոնների լայն տարածումը  և հակակոռուպցիոն համապատասխանության ընկալումը Հայաստանի գործարար միջավայրում։ Հայաստանի համար շատ կարևոր է, որ բիզնեսները վստահեն միմյանց, և վստահեն նաև պետությանը։ Այս առումով Կորպորատիվ կառավարման կենտրոնը շատ մեծ առաքելություն  է ստանձնել, և մենք պատրաստ ենք աջակցել իրեն», - հուշագրի ստորագրումից հետո նշել է Վահան Քերոբյանը։ «Մեր կազմակերպությունն արդեն տարիներ շարունակ իր առաքելությունն է իրականացնում կորպորատիվ կառավարման լավ մշակույթը Հայաստանում տարածելու ուղղությամբ։ Մինչ այս փաստաթղթի ստորագրումը, մենք համագործակցել ենք Էկոնոմիկայի նախարարության հետ, սակայն նման փաստաթղթավորում դեռ չէր եղել։ Մի շատ կարևոր նախաձեռնությամբ է հանդես եկել կենտրոնը, դա  բիզնեսի բարեվարքության ակումբի ձևավարումն է, որում ունենք 23 անդամ՝ բիզնեսի ներկայացուցիչներ, անձինք, ովքեր կորպորատիվ կառավարման հանձնառություն ունեն։   Մենք համատեղ ուժերով, ինչպես փորձագիտական, այնպես էլ պետական ու հասարակական կազմակերպությունների հետ համագործակցելով, պետք է օժանդակենք այդ խնդիրների լուծմանն ու դաշտն ավելի թափանցիկ, պատասխանատու և ազնիվ դարձնենք», - ասել է Կորպորատիվ կառավարման կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը։
18:08 - 04 մարտի, 2021
Վահան Քերոբյանն ընդունել է ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենի պատվիրակությանը

Վահան Քերոբյանն ընդունել է ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենի պատվիրակությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Էկոնոմիկայի նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկայիս զարգացումները և կառավարության կողմից ընդունված առաջնահերթությունները, որի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվող նոր տնտեսական քաղաքականությունը այժմ վերջնականացման փուլում է։ Կողմերը քննարկել են Համաշխարհային բանկի համագործակցությամբ հանրային ներդրումների կառավարման, պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ), ենթակառուցվածքային ծրագրերում իրականացվող համատեղ աշխատանքների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում ծրագրերի ընթացքը։ Սեբաստիան Մոլինեուսի կողմից առաջարկվել է նախանշել այն ոլորտները, իրավական կարգավորումները, ուղղությունները կամ ծրագրերը, որտեղ Հայաստանին Համաշխարհային բանկը կարող է աջակցություն ցուցաբերել։ Հանդիպման ավարտին երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները ջրային ենթակառուցվածքների, ինչպես նաև այլ ուղղություններով՝ համագործակցության նոր համատեղ ծրագրերի իրականացման նպատակով։
16:04 - 04 մարտի, 2021
Ընդլայնվում է հակաճգնաժամային 25-րդ միջոցառման շահառուների ցանկը |1lurer.am|

Ընդլայնվում է հակաճգնաժամային 25-րդ միջոցառման շահառուների ցանկը |1lurer.am|

1lurer.am: Կառավարության այսօրվա նիստում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թ. սեպտեմբերի 22-ի N 1549-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը, որը վերաբերում է կորոնավիրուսի դեմ պայքարի հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառմանը, որը վերաբերում էր տուրիստական ոլորտի տրանսպորտային ընկերությունների վարկերի տոկոսների փոխհատուցման նախագծին: «Ընտրված ընկերությունների շրջանակը բավականին նեղ է եղել, և նախատեսված 250 միլիոն օժանդակության ծրագրից ընդամենը մոտ 36 միլիոնն է տրվել շահառուներին: Այժմ մի փոքր ընդլայնում ենք շրջանակը՝ ընդգրկելով նաև մարդատար ավտոմոբիլների և թեթևաքաշ փոխադրամիջոցների վարձույթ և լիզինգ դասիչի ներքո աշխատող ընկերություններին, որովհետև նրանք նույնպես տուրիստական ոլորտի տրանսպորտային ընկերություններ են»,- նշեց Քերոբյանը՝ հավելելով, որ շտկումներ են իրականացվել նաև գրանցման և ընկերությունների գործունեության ծավալման ժամանակահատվածի մասով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ եթե նախկինում մինչև 7 նստատեղ ունեցող ավտոմեքենաներով բիզնես անողները չէին կարող օգտվել ծրագրից, այս փոփոխությամբ արդեն կարող են:
11:52 - 04 մարտի, 2021
Նախարարությունը հակված է երկարաձգել թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքի գործողության ժամկետը |armenpress.am|

Նախարարությունը հակված է երկարաձգել թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքի գործողության ժամկետը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հակված է գոնե մեկ անգամ ևս երկարաձգել թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի գործողության ժամկետը: Այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Կարծում ենք, որ պետք է արգելքները երկարաձգվեն, եթե քաղաքական և այլ առաջնահերթությունները չխանգարեն: Քանի դեռ մտել ենք այս ջուրը, իմաստ ունի երկարաձգել և մեր տնտեսավարողներին տալ բավարար ժամանակ, որ կարողանան վերադասավորվել, ներդրումներ անել, ստանալ այն ապրանքների արտադրանքի ծավալը, որը թույլ կտա մրցունակ լինել: Այդքան ժամանակ մենք պատրաստ ենք պաշտպանել մեր տեղական արտադրողներին, որ կարողանան ամրապնդվել շուկայում»,-ասաց Քերոբյանը: Նա շեշտեց՝ նախարարությունը հակված է բաց տնտեսությանը, սակայն այս պարագայում ամենալավ լուծումը, որ տեսնում են, գոնե մեկ անգամ ևս երկարաձգելն է: Պետությունը պատրաստվում է տեղական արտադրողներին պաշտպանել ոչ միայն թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով, այլ նաև բազմաթիվ այլ գործիքներով:
17:28 - 03 մարտի, 2021
Վահան Քերոբյանը և Ժոնաթան Լաքոտը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել հայ-ֆրանսիական տնտեսական կապերը

Վահան Քերոբյանը և Ժոնաթան Լաքոտը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել հայ-ֆրանսիական տնտեսական կապերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 1-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Հանդիպմանը ներկա է եղել նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։ Նախարարը ողջունել է դեսպանին և նշել, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն առանձնահատուկ բարեկամական բնույթ են կրում, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային դժվար ժամանակահատվածում Հայաստանի կողքին լինելու և հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար: Հանդիպմանը քննարկվել են հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, այդ թվում նաև ներդրումների ներգրավման ու ֆինանսական հնարավոր օժանդակության առումով: Երկուստեք կարևորվել է տնտեսության բնագավառում համատեղ ծրագրերի իրականացումը: Նշվել է, որ առկա է տնտեսական փոխգործակցության մեծ ներուժ և դրա իրացման գործում կարևորվել է ֆրանսիական բիզնեսի ներկայացվածության ընդլայնումը մեր երկրում, Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության գործունեությունն ու իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովումը: Զրուցակիցները հեռանկարային են համարել փոխգործակցությունը տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ տրանսպորտի, ջրամբարաշինության, գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության, հանրային հատվածի թվայնացման, վենչուրային ֆոնդերի, թվային նորարարությունների, ինչպես նաև տարածաշրջանային կոմունիկացիաների ոլորտներում։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը նշել է, որ պատրաստ է սերտորեն համագործակցել Հայաստանի կառավարության հետ՝ երկկողմ ծրագրերի իրականացման, հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացման և երկու երկրների տնտեսական կապերի ընդլայնման գործում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ:
18:02 - 01 մարտի, 2021
Մեր ազգն ունի իմաստություն, որ որևէ բախում չհանդուրժի. Քերոբյանը քաղաքացիական պատերազմը հավանական չի համարում |armenpress.am|

Մեր ազգն ունի իմաստություն, որ որևէ բախում չհանդուրժի. Քերոբյանը քաղաքացիական պատերազմը հավանական չի համարում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով Հանրապետության հրապարակում հավաքվում են քաղաքացիներ. հրապարակում է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նախարարը լրագրողների հետ զրույցում մասնավորապես նշեց՝ չի կարծում, թե քաղաքացիական պատերազմի մասին կարող է խոսք լինել: «Մեր ազգը ունի բավարար իմաստություն, որ որևէ բախում չհանդուրժի»,-ասաց նա: Հավաքված քաղաքացիներից մեկը կառավարության շենքի մոտից բարձրախոսով ասաց. «Համաձայն Սահմանադրության՝ ՀՀ զինված ուժերը պարտավոր են պահպանել քաղաքական չեզոքություն: Զինված ուժերը նաև գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, շատ-շատ նման է ռազմական հեղաշրջման փորձի: Եվ ՀՀ քաղաքացին դա թույլ չի տալու»: Քաղաքացիներից մեկն էլ ասաց՝ թույլ չեն տալու, որ իրենց ձեռքից գողանան իրենց ընտրությունը: «Մենք 27 տարի տեսել ենք նրանց, մենք տեսել ենք նրանց վարած քաղաքականությունը, մենք տեսել ենք նրանց դղյակները: Հայաստանում վարչապետ ընտրվելու է օրինական ընտրությունների շնորհիվ՝ ՀՀ քաղաքացու ընտրության շնորհիվ, ուրիշ ոչ մի ճանապարհով վարչապետ չի ընտրվելու»,-ասաց քաղաքացին: Հրապարակում կան նաև մարդիկ, որոնք դեմ են արտահայտվում իշխանությանը: Ժամանակ առ ժամանակ իշխանության աջակիցները և դեմ արտահայտվողները լեզվակռվի են բռնվում:
13:37 - 25 փետրվարի, 2021
Շրի Լանկայի դեսպանը ՀՀ էկոնոմիկայի նախարարին առաջարկել է միջկառավարական հանձնաժողովի ստեղծել

Շրի Լանկայի դեսպանը ՀՀ էկոնոմիկայի նախարարին առաջարկել է միջկառավարական հանձնաժողովի ստեղծել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը  փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շրի Լանկայի արտակարգ և լիազոր դեսպան Միգահալանդ Դուրաջ Լամավանսային (նստավայրը՝ ք.Մոսկվա): Հանդիպմանը մասնակցել է նաև Շրի Լանկայում ՀՀ պատվավոր հյուպատոս Սարգիս Թարվերդյանը։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վահան Քերոբյանը շնորհավորել է Միգահալանդ Դուրաջ Լամավանսային Հայաստանում Շրի Լանկայի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նաև ողջունել հավատարմագրման նպատակով դեսպանի առաջին այցը Հայաստան՝ մաղթելով հաջող գործունեություն երկկողմ համագործակցության ընդլայնման գործում: Անդրադառնալով Հայաստանի և Շրի Լանկայի միջև փոխգործակցության հնարավոր զարգացումներին, նախարարը առանձնակի կարևորել է համագործակցության ձևավորումը տնտեսության տարբեր ոլորտներում։ Նա առաջարկել է դիտարկել Հայաստանում համատեղ ձեռնարկությունների և շրիլանկյան ընկերությունների մասնաճյուղերի ստեղծման հնարավորությունները, ինչը  թույլ կտա վերջիններիս՝ Հայաստանում թողարկված արտադրանքով մուտք գործել երրորդ երկրների շուկաներ։  Դեսպան Միգահալանդ Դուրաջ Լամավանսան, իր հերթին, ողջունելով նախարարին՝ նշել է, որ երկու երկրների միջև առկա է մեծ ներուժ մի շարք հեռանկարային ոլորտներում փոխշահավետ համագործակցության համար և առաջարկել է դիտարկել միջկառավարական հանձնաժողովի ստեղծման հնարավորությունները՝ տարբեր հեռանկարային ուղղություններով համատեղ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար։ Կողմերը երկուստեք կարևորել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման նպատակով ուղիղ ավիաչվերթների բացման, ինչպես նաև Շրի Լանկայի լրատվամիջոցների՝ Հայաստան ճանաչողական այցերի կազմակերպումը։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել, երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման, ինչպես նաև ներդրումային ոլորտում հնարավոր համագործակցության հաստատման նպատակով աջակցել գործարար պատվիրակությունների փոխադարձ այցերի կազմակերպմանը և գործարար համաժողովների անցկացմանը։ 
18:36 - 24 փետրվարի, 2021