Ինֆոքոմ

Իրավիճակը Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանին (21.05.21 - 26․05․21)

Իրավիճակը Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանին (21.05.21 - 26․05․21)

11։41- Աներկբա է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված այս ոտնձգությունն ուղիղ հետևանքն է անցած տարվա սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման և կյանքի իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի, ինչպես նաև այդ գործողությունների ոչ համարժեք միջազգային և տարածաշրջանային արձագանքի: Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ, որոնք չեն բխում տարածաշրջանային կայունությամբ շահագրգիռ երկրների շահերից։ [Արա Այվազյանը՝ Զարիֆի հետ զրույցում]   11։34- Ադրբեջանի զինված ուժերը խուժել են ոչ միայն Հայաստանի սուվերեն տարածք, այլև ՀԱՊԿ-ի սուվերեն տարածք են մուտք գործել: Ունենք մի իրավիճակ, երբ այլևս այլ բան չի մնում, քան անհապաղ ձեռնարկել ջանքեր՝ դիմելու Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին՝ այս իրավիճակին հանգուցալուծում, այլ ճանապարհներ գտնելու ուղղությամբ: [ԱԺ անկախ պատգամավոր Արման բաբաջանյան]   10։01- ՀՀ ՄԻՊ-ի հավաքագրած փաստերը ևս հաստատում են, որ 2021թ. մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղական բնակավայրի տարածքում ադրբեջանական զինծառայողները, անօրինական գտնվելով ՀՀ ինքնիշխան տարածքում, ՀՀ ԶՈՒ ծառայողներին ներկայացրել են իրենց գտնվելու վայրը լքելու բացահայտ անօրինական պահանջներ, տվել սպառնալիքներ, իսկ այնուհետև հրահրել են քաշքշուկ և դիտավորությամբ՝ կրակահերթ արձակելով, սպանել են ՀՀ զինծառայողի: ՀՀ կառավարությունը պարտավոր է ձեռնարկել գործուն քայլեր՝ երաշխավորելու ՀՀ ողջ բնակչության, ՀՀ քաղաքացների իրավունքները, իսկ միջազգային հանրությունը պետք է դադարեցնի կրավորական կեցվածքը։ [ՀՀ ՄԻՊ]   09։43- Արձանագրելով, որ ՀԱՊԿ-ին դիմումը չունեցավ ակնկալված արդյունքը՝ կոնֆլիկտի հետագա խորացումը և անկանխատեսելի զարգացումները կանխելու համար «Հանրապետություն» կուսակցությունը երկրորդում է իր կոչը ՀՀ կառավարությանը՝ անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Անհրաժեշտ ենք համարում նաև, որ ՄԱԿ-ին ուղղված դիմումի մեջ ներառեն Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական հանցագործությունների դատապարտումը և հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց՝ առանց նախապայմանների վերադարձի հարցը: [«Հանրապետություն» կուսակցություն]   25․05․2021թ․ 22։40- Երկարատև խաղաղության հաստատման հեռանկարն ամրապնդվում է ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությամբ և շարունակվող բանակցային գործընթացով։ Հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը պահանջում է անհապաղ միջոցառումների ընդունում, առաջին հերթին՝ քաղաքական-դիվանագիտական բնույթի։ [ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկով] |tert.am|   21։26- ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ՀԱՊԿ անդամ երկրների դեսպաններ Սերգեյ Կոպիրկինին (Ռուսաստան), Ալեքսանդր Կոնյուկին (Բելառուս) և Բոլատ Իմանբաևին (Ղազախստան): Արա Այվազյանը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերի մահաբեր գործողություններին միջազգային հանրության, նախևառաջ՝ ՀԱՊԿ-ի և ՀԱՊԿ անդամ երկրների կողմից համարժեք գնահատական և արձագանք չտալը կհանգեցնի իրավիճակի հետագա էսկալացաիայի, ինչը կարող է վատթարագույն հետևանքներ ունենալ տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից:   20։47- Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում ռազմական գործողությունների իրականացումը իրավունք է տալիս ՀՀ-ին ձեռնարկելու անհրաժեշտ և համարժեք քայլեր՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, բնակչության անվտանգությունն ապահովելու համար: Հատկանշական է, որ Ադրբեջանը փորձում է քողարկել Հայաստանի տարածքում իր այս ապօրինի ռազմական գործողությունները կեղծ տեղեկատվության շրջանառմամբ: Հայկական կողմը պատրաստ է ներգրավել միջազգային հետաքննություն՝ տվյալ մահաբեր միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով: [ՀՀ ԱԳՆ]   20։15- Հորդորում ենք ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Արտաքին գործերի նախարարության, անհապաղ դիմել ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդ` Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի և ՀՀ տարածքային ամբողջականության խախտմամբ միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի առաջացման հիմքով։ Հայտարարությունը բաց է բոլոր քաղաքական ուժերի ստորագրման համար։ [«Լուսավոր Հայաստան» կուսակցություն]   19։35- Հորդորում եմ պետական համապատասխան կառույցներին՝ գործադրել բոլոր ջանքերը և ձեռնարկել ամենախիստ միջոցներն ընդդեմ ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտնձգությունների և սահմանային խախտումների: Դատապարտելով Ադրբեջանի սադրիչ գործողությունները և իրավիճակը սրելու քայլերը՝ միաժամանակ, կոչ ենք անում միջազգային հանրությանը և բոլոր շահագրգիռ պետություններին՝ լինել առավելագույնս անհանդուրժող և կոշտ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի սադրիչ գործողություններին համապատասխան գնահատական տալու և դատապարտելու ուղղությամբ։ [Արմեն Սարգսյան]   18։55- Ադրբեջանական ԶՈՒ զինծառայողներից կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու և ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: [Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան]   18։35- Նիդերլանդների խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որով կոչ է անում կառավարությանը ջանքեր գործադրել, որպեսզի ԵՄ-ն պահանջի Ադրբեջանից՝ անմիջապես դուրս բերել ուժերը ՀՀ տարածքից: Բանաձեւում ասվում է. «Պալատը, լսելով քննարկումները, արձանագրելով, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք, նպատակ ունենալով կանխելու հակամարտության հնարավոր սրումը, կոչ է անում կառավարությանը պնդելու (Եվրոպական) Խորհրդում՝ միանալու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ Ադրբեջանին ուղղված՝ անմիջապես զորքերը դուրս բերելու պահանջին»։ [Նիդերլանդներում Հայաստանի դեսպանություն]   18։27- Տարածվող տեղեկությունները հայ-ադրբեջանական սահմանի՝ Սիսիանի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցների և դրանց հետևանքով հայկական կողմից վիրավորների վերաբերյալ չեն հաստատվում։ Սահմանագծի այդ հատվածում միջադեպեր չեն գրանցվել։ [ՀՀ ՊՆ]   17։14- Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։Իրավիճակն այս պահին վերահսկելի է, կրակոցներ չկան։ [ՀՀ ՊՆ]   16։58- Մայիսի 25-ին՝ ժամը 14։20-ի սահմաններում հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում։ Մասնավորապես՝ հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։ Միջադեպի մանրամասները ճշտվում են։ [ՀՀ ՊՆ]   14։37- ԱՄՆ մի քանի տասնյակ կոնգրեսականները կոչ են անում իշխանություններին դադարեցնել որևէ տեսակի ռազմական աջակցությունն Ադրբեջանին։ «Ամերիկյան հարկերից գանձված անգամ մեկ դոլար չպետք է ուղարկվի՝ զինելու նավթային պաշարներով հարուստ Ադրբեջանի զինված ուժերին՝ մի երկիր, որը Արցախը էթնիկ զտման ենթարկեց, շարունակում է պահել հայ ռազմագերիներին, իսկ հիմա օկուպացրել է տարածք Հայաստանի Հանրապետությունում։ Եթե Բայդենն ուժի մեջ չթողնի 907-րդ ուղղումը, ապա ԱՄՆ Կոնգրեսը պետք է օրենքով արգելի Ալիևի ռեժիմին որևէ տեսակի զենքի կամ աջակցության ցուցաբերումը»,-նշել է Դևիդ Վալադաոն։ |armenpress.am|   13։47- ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին։ Զրուցակիցները մանրամասն քննարկել են ադրբեջանական սադրանքի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը և հայկական կողմի ձեռնարկած գործողությունները։ Հարությունյանը շեշտել է, որ բացարձակ անթույլատրելի է ՀՀ ինքնիշխան տարածքների հանդեպ որևէ ոտնձգություն, և որ այս հարցում ՊՆ դիրքորոշումը հստակ է. ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները պարտավոր են առանց նախապայմանների վերադառնալ իրենց ելման դիրքեր։ Քննարկվել են իրադրության հանգուցալուծման հնարավոր տարբերակները։ [ՊՆ]   13։43- ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: Առանցքային թեման Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ԶՈՒ ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակն էր։ Այվազյանը մանրամասն ներկայացրել է տեղում վերջին զարգացումները՝ վերահաստատելով ՀՀ սկզբունքային դիրքորոշումը, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ և անվերապահ դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից: Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային կայունության և անվտանգության պահպանման անհրաժեշտությունը: [ՀՀ ԱԳՆ]   11։10- Հասկանում ենք, որ մեծ աշխատանք է կատարվում, որի մեծ մասը չի երևում, բայց կարծում եմ՝ սա այն դեպքն է, երբ նաև ճիշտ կլիներ, որ մեր դաշնակիցները հստակ արտահատվեին, որ ՀՀ հանդեպ կատարվող գործողությունները, որ կասկածի տակ են դնում ՀՀ տարածքային ամբողջականությունը, անընդունելի են և հետևանքներ են ունենալու։ [«Իմ քայլը» խմբ․ պատգամավոր Միքայել Զոլյանը՝ սահմանային իրադրության մասին] |tert.am|   10։48- Որոշ պաշտոնյաներ ու հանրային գործիչներ վերջին օրերին ՀՀ սահմանների մասին անում են խիստ վտանգավոր հայտարարություններ, խոսում են մեխանիկական մոտեցումներով՝ հղումներ անելով պարզապես ինչ որ քարտեզների կամ ուղղակի օգտագործելով «սահմանազատում» ու «սահմանագծում» բառերը: Զգուշացնում եմ՝ ձեր մեխանիկական հայտարարություններն ուղղակիորեն հակասում են ՀՀ ողջ բնակչության ու առաջին հերթին սահմանային բնակիչների իրավունքներին ու օրինական շահերին: [ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան]   24․05․2021թ․ 21։45- Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար, Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Միրզոյի հետ։ Հարությունյանը Միրզոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը։ Զրուցակիցները քննարկել են խնդրի հանգուցալուծման հնարավոր ուղիները, անդրադարձել են նաև պաշտպանական ոլորտում հայ-տաջիկական համագործակցության խորացման հետ կապված մի շարք հարցերի։ [ՀՀ ՊՆ]   21։41- Կայացել է Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ադրբեջանական սադրանքի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը և վերջին օրերի զարգացումները։ Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ բացարձակ անթույլատրելի են ՀՀ ինքնիշխան տարածքների հանդեպ ոտնձգությունները և նշել, որ խնդրի հանգուցալուծման հարցում կարևորում է նաև ՀԱՊԿ ակտիվ դերակատարությունը։ Իսկ Ստանիսլավ Զասը հավաստիացրել է, որ ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են ստեղծված իրադրության շուրջ զարգացումներին, և որ կառույցը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր՝ խնդիրը խաղաղ հանգուցալուծելու համար։ [ՀՀ ՊՆ]   16։29- ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին։ Հանդիպման առանցքում էին Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ՀՀ սահմանամերձ մարզերում ստեղծված իրադրությունը: ԱԳ նախարարի պաշտոնակատարը վերահաստատել է ՀՀ պատրաստակամությունը՝ խնդիրը լուծելու քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակում ձեռնարկվող քայլերի շուրջ: [ՀՀ ԱԳՆ]   23․05․2021թ․ 21։25- Տեղ համայնքի Արավուս բնակավայրից 42 խոշոր եղջերավոր անասուն անցել էին թշնամու ձեռքը։ Այսօր, վաղ առավոտից ՌԴ խաղաղապահների, համայնքի ղեկավար Ներսես Շադունցի, Առաջին բանակային կորպուսի հրամանատարի, Արավուս գյուղի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանի կողմից իրականացված բանակցությունների արդյունքում 37 անասունը վերադարձվել է գյուղ։ Մյուս 5֊ի համար բանակցությունները շարունակվում են։ [Տեղի համայնքապետարան]   13։27- Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը, մայիսի 23-ի կեսօրի դրությամբ, համեմատաբար կայուն է, միջադեպեր չեն արձանագրվել։ Մայիսի 22-ի երեկոյան ադրբեջանական ԶՈՒ Հայաստանի տարածք ներթափանցած անձնակազմի մի մասը վերադարձել է ելման դիրքեր: Մամուլում շրջանառվող պնդումը, թե «Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա» չի համապատասխանում իրականությանը: Հայկական ԶՈՒ-երի ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրադրությունը` շարունակելով արգելափակված պահել ադրբեջանցի զինվորականներին։ [ՀՀ ՊՆ]   22․05․2021թ․ 18։05- Եվրախորհրդարանը հստակորեն մատնանշում է, որ մայիսի 12-ին ներթափանցելով Հայաստանի տարածք՝ Ադրբեջանը ոտնահարել է միջազգային իրավունքը և Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Հատկապես մտահոգիչ են որակվել ադրբեջանական ներկայացուցիչների, ներառյալ՝ նախագահի մակարդակով կատարված հայտարարությունները, որոնցում բարձրացվում են տարածքային պահանջներ և ուժի կիրառման սպառնալիքներ: Ադրբեջանի այս գործողությունները Եվրախորհրդարանը որակում է որպես տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանն ուղղված ջանքերի խաթարում: Բանաձևը փաստում է, որ ուժի կիրառմամբ հնարավոր չէ կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը և Արցախի ժողովրդին զրկել իր անքակտելի իրավունքներից, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքից։ [ՀՀ ԱԳՆ]   16։41- ՀՀ ՊՆ-ը մեկնաբանել է ադրբեջանցիների հրապարակած տեսանյութը, թե իբր իրենք հաստատվել են Սևանա լճից ուղիղ գծով 5 կմ հեռավորության վրա և բարձունք են գրավել: ՊՆ-ից ասացին, որ թշնամին Սևանից ուղիղ գծով 30 կմ հեռավորության վրա է գտնվում: ՊՆ-ի փոխանցմամբ նրանք ՀՀ տարածք չեն մտել և որևէ բարձունք չեն գրավել: Այն բարձունքը, որը երևում է տեսանյութում, գտնվում է սահմանագծի վրա: |armenpress.am|   14։32- Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Իլհամ Ալիևը մայիսի 22-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, կարծիքներ են փոխանակել արդիական հարցերի շուրջ։Ադրբեջանի նախագահը մանրամասն տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, ներկայացրել Ադրբեջանի դիրքորոշումը որոշ ժամանակ առաջ տեղի ունեցած հայտնի միջադեպի վերաբերյալ։ Ինչպես ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն, Բելառուսում հույս ունեն՝ իրավիճակն առաջիկա օրերին կկարգավորվի։ |tert.am|   11։07- Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելուն ուղղված գործողությունների ընթացքն ու հետագա քայլերը: [ՀՀ կառավարություն]   10։32- ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սև լճին հարակից տարածքի միջադեպից հետո հոսպիտալում գտնվող ՀՀ զինծառայողներին։ Ադրբեջանական զինված անձինք մայիսի 20-ին, նորից վկայակոչելով ինչ-որ բացահայտ կեղծ քարտեզ, փորձել են զբաղեցնել բլուր, որը ՀՀ Սյունիքի մարզի Սև լճին հարակից տարածքում է՝ Խոզնավար գյուղի ուղղությամբ ավելի խոր հատվածում: ՀՀ զինծառայողներն ադրբեջանական զինվորականներից պահանջել են վերադառնալ իրենց ելման դիրք: Նրանք սկզբում նշել են, թե համաձայն են կատարել պահանջը, բայց երեկոյան ժամին, ագրեսիվ պահվածք դրսևորելով, դիտավորյալ հրահրել են ծեծկռտուք և մի քանի տասնյակ զինծառայողների խմբով հարձակվել ՀՀ զինծառայողների վրա:   21․05․2021 21։17- ԱԳ նախարարի պաշտոնակատարը երկրորդ փաստաթղթի գոյությունը բացառել է։ Այն փաստաթուղթը, որը հրապարակվել է և հայատարարվել, որ կստորագրվի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից, ըստ ԱԳ նախարարի պաշտոնակատարի, բացառապես այդ փաստաթուղթն է, որեւէ այլ հավելված գոյություն չունի։ ԱԳՆ-ում այդ փաստաթղթի վերաբերյալ դիրքորոշումը շատ տարաբնույթ էր։ Առաջին հայացքից դելիմիտացիա, դեմարկացիա պետք է իրականացնել, բայց ինչ է այդ գործընթացի վերջնական արդյունքը, ինչ հետեւանքներ կունենա, դրա հետ կապված կան որոշակի մտահոգություններ։ [Արթուր Վանեցյանը մանրամասներ է հայտնում Արա Այվազյանի հետ «Պատիվ ունեմ» դաշինքի հանդիպումից] |news.am|   20։53- Մենք կողմ ենք հայ-ադրբեջանական սահմանների ճշգրտման խաղաղ և բանակցային տարբերակին։ Մենք գտնում ենք, որ ներկա խնդիրները առաջացել են Արցախում պատերազմի արդյունքների հետևանքով, ուստի սահմանազատման գործընթացը պետք է լինի ոչ թե եռակողմ, այլ հնգակողմ՝ ներգրավվելով ԵԱՀԿ ՄԽ անդամ մյուս երկու երկրներին։ Հետպատերազմյան շրջանի եռակողմ գործընթացներում ոտնահարվել է հայկական շահը՝ նախապատվությունը տալով թուրք-ադրբեջանական կողմին։ Մենք դեմ ենք աշխատանքային փաստաթղթի նման ձևաչափով ստորագրմանը ու անհրաժեշտ ենք համարում սահմանների ճշգրտման գործընթացի հանձնախմբում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներգրավումը։ [«Հանրապետություն» կուսակցություն]   16։57- Մայիսի 20-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինված զինծառայողներ առանց թույլտվության հատել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող Խոզնավար գյուղի հատվածում պահպանվող պետական սահմանը: Նույն օրը՝ ժամը 21:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ մի շարք զինծառայողներ խմբով, կրկին առանց պատշաճ թույլտվության հատել են միևնույն հատվածում պահպանվող պետական սահմանը, վեճի բռնվել նրանց ընդառաջ գնացած, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ԶՈւ մի շարք զինծառայողների հետ: Փոխադարձ ծեծկռտուքի ընթացքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են պատճառվել ՀՀ ԶՈւ 11 ներկայացուցիչների: ՀՀ ԶՈՒ զինծառայողներին այս անգամ ևս հաջողվել է նրանց հետ ուղարկել ելման դիրքեր: [ՀՀ զինվորական դատախազություն]   16։22- ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանագծման և հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի, որի շրջանակներում առաջնային կերպով պետք է հասցեագրվեն ԱՀ տարածքների դեօկուպացիայի և Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Այս իրավիճակում ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերումը մայիսի 11-ի դրությամբ ելման դիրքեր կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել ի հայտ եկող հարցերը քաղաքական-դիվանագիտական գործիքակազմի շրջանակներում դիտարկելու համար: [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]   16։10- Միթե՞ ակնհայտ չէ, որ Ադրբեջանը կանխազգալով առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանի վարչախմբի անխուսափելի տապալումը, փորձում է որքան հնարավոր է շատ բան կորզել Հայաստանից։ Ուստի, քանի որ, բողոքի ցույցերը ակնհայտորեն ավելի են թուլացնում Նիկոլ Փաշինյանին, ստացվում է, որ վերը նշված ուժերը նպաստում են Ադրբեջանի ծրագրերի իրականացմանը։ Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ ցույցերի կազմակերպիչներն առաջնորդվում են ոչ թե պետական շահերով, այլ զուտ նախընտրական քարոզարշավի դրդապատճառներով։ Հետեւաբար, այս պահին ընդդիմադիր բոլոր ուժերի նպատակը պետք է լինի ոչ թե ներքին ցնցումների հրահրումը, այլ Փաշինյանի իշխանության պարտությունն առաջիկա ընտրություններում։ Ուրիշ ոչինչ։ [«Հայ Ազգային Կոնգրես»]   14։47- Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 21-ի կեսօրի դրությամբ, էական փոփոխություններ չի կրել։ Մայիսի 20-ի երեկոյան, հայկական և ադրբեջանական սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներով տարածվող՝ հայ և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ տեսանյութերի պատճառաբանությամբ, Սև լճի մերձակայքում, տեղի է ունեցել վիճաբանություն, որը հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով։ ՀՀ ՊՆ-ն հորդորում է ձեռնպահ մնալ նմանատիպ տեսանյութերի տարածումից։ Դրանք որևէ կերպ չեն օգնում խնդրի խաղաղ հանգուցալուծմանը՝ նպաստելով լարվածության անհարկի ավելացմանը։ Ընդհանուր առմամբ՝ իրավիճակը կայուն է։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրադրությունը՝ շարունակելով արգելափակված պահել ադրբեջանցի զինվորականներին։ [ՀՀ ՊՆ]   14։18- ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ՀՀ տարածքների սահմանագծման առնչությամբ սոցցանցերում տարածված ենթադրյալ «հայտարարության» տեքստը, որը պատրաստվում են ստորագրել Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը․ «Ընդհանուր առմամբ, սա այնքան փխրուն սուբստանցիա է, և այդ իրավիճակը կարգավորելու համար այնքան լուրջ ջանքեր են գործադրվում, որ դուք պետք է շատ զուսպ լինեք նման խենթ հրապարակումների հետ գործ ունենալիս և կենտրոնանաք միայն պաշտոնական աղբյուրների վրա», - ասել է Պեսկովը: |ria.ru| |tert.am|   13։31- Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Խորհրդային Հայաստանը ունեցել է անկլավ՝ Ադրբեջանի կողմից շրջապատված, և հակառակը։ Այս հարցերը հետագայում կարող են քննարկման առարկա դառնալ դելիմիտացիայի շրջանակում, կարող են չդառնալ։ Կարող են ստանալ այս լուծումը կամ այն լուծումը, բայց այստեղ ի՞նչն է կարևոր տարբերակել․ պետք չի ստանալ տպավորություն, որ եթե մեր պայմանները բավարարվեն և այդ հանձնաժողովը ստեղծվի, դա նշանակելու է, որ տեղի է ունեցել դելիմիտացիա և դեմարկացիա։ Ոչ, դա ընդամենը նշանակելու է, որ տեղի ունեցավ հանձնաժողովի ստեղծում և վերջ։ Կարող եմ վստահեցնել, որ ենթադրվող ստորագրելիք փաստաթղթով ՀՀ որևէ տարածք չի զիջվելու։ [Ռուբեն Ռուբինյան]   13։29- Մայիսի 20-ին ՀՀ ՊՆ-ն կազմակերպել է ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների այցելություն Սյունիքի մարզ` Հայաստանի տարածք Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների ներթափանցման արդյունքում ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Ռազմական կցորդներին ներկայացվել են մայիսի 12-ից հետո ստեղծված իրավիճակը և զարգացումները, հայկական կողմի ձեռնարկած գործողությունները, պատասխանել ռազմական կցորդներին հետաքրքրող և ճշգրտող հարցերին: Հրամանատարության ներկայացուցիչների ուղեկցությամբ ռազմական կցորդները եղել են Սև լճի մերձակայքում, արձանագրել ՀՀ տարածքում ադրբեջանցի զինվորականների ներկայությունը, դիտարկել տեղանքում հայկական և ադրբեջանական ուժերի տեղակայումը: [ՀՀ ՊՆ]   13։24- Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։ Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներին դուրս մղելու, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները բացառելու ուղղությամբ իրականացվող գործողությունների ընթացքին: Կարծիքներ են փոխանակվել նաև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ սկսելու հարցով Հայաստանի դիրքորոշման և ներկայացրած նախապայմանների շուրջ։ Ընդգծվել է, որ միայն վերջիններիս բավարարման դեպքում կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ՝ այդ ուղղությամբ համապատասխան քննարկումներ սկսելու համար։   Լուսանկարը՝ Armenian Geographic-ի։   Իրավիճակը Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանին (16․05․21 - 20.05.21)
23:45 - 26 մայիսի, 2021
«Պատիվ ունեմ» դաշինքը ներկայացրեց նախընտրական ցուցակի առաջին 10 համարները

«Պատիվ ունեմ» դաշինքը ներկայացրեց նախընտրական ցուցակի առաջին 10 համարները

 «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը չափազանց մրցունակ է և բաղկացած է Հայաստանի լավագույն կադրերով։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց  դաշինքի հանրային կապերի և ԶԼՄ-ների հետ հարաբերությունների պատասխանատուն Սոս Հակոբյանը։ «Շատ ներկայացուցչական է ցուցակը՝ կան և երիտասարդներ, և փորձառու անձինք»,- ասաց Հակոբյանը։ «Արմեն Աշոտյանի, Էդուարդ Շարմազանովի և մնացած «Հանրապետական» ակտիվ գործիչների մասով նշեմ, որ իրենք բազմիցս ասել են, թե ինչու ներառված չեն ցուցակում՝ նշելով նաև իրենց ցանկությունը այդտեղ չլինելու մասին։ Ինչ վերաբերում է թիմային աշխատանքին և «Պատիվ ունեմ» դաշինքին, իրենք ակտիվ ներգրավված են, և ինչպես ասվում է մեր կարգախոսում, «ակտիվ կպել են գործին»,- հավելեց կուսակցության անդամ Աննա Մկրտչյանը։  «Մշակում ենք Հայաստանի լավագույն ոլորտային մասնագետների օգնությամբ ծրագիր, որը ամփոփման փուլում է։ Կազմակերպելու ենք միջոցառում, որտեղ ամեն ոլորտի մասնագետ կներկայացնի մեր ծրագիրը»- ասաց Հակոբյանը։ Հակոբյանը ներկայացրեց նախընտրական ցուցակի առաջին 10 համարները․ 1․ Արթուր Վանեցյան 2․ Տարոն Մարգարյան 3․ Աննա Մկրտչյան 4․ Իշխան Զաքարյան 5․Հայկ Մամիջանյան 6․ Թագուհի Թովմասյան 7․ Տիգրան Աբրահամյան 8․ Մարտուն Գրիգորյան 9․ Թեհմինա Վարդանյան 10․ Արման Սահակյան:
18:11 - 26 մայիսի, 2021
ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում․ ՀԱՊԿ երկրները և ՀԱՊԿ-ը հստակ դիրքորոշում չեն արտահայտել, որ Ադրբեջանը պետք է զորքերը այդտեղից հետ քաշի․ Փաշինյան

ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում․ ՀԱՊԿ երկրները և ՀԱՊԿ-ը հստակ դիրքորոշում չեն արտահայտել, որ Ադրբեջանը պետք է զորքերը այդտեղից հետ քաշի․ Փաշինյան

Ազգային ժողովում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ՀՀ սահմաններում  ստեղծված իրավիճակին՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին։ «Ինչպես նախորդ նիստում ես ասել եմ, հիմա էլ ես կարծում եմ, որ Սև լիճ անվանվող մեր տարածքում Ադրբեջանի ձեռնարկած գործողության նպատակը ռազմական բախում հրահրելն է, և ինչպես նախկինում հայտարարել էր Ադրբեջանի նախագահը, ուժի գործադրմամբ միջանցք ստեղծելը Սև լճից դեպի Բիչենեկ տարածք»։ Փաշինյանը հավելեց՝ այս գնահատականն էր պատճառը, որ Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին։ Փաշինյանը անդրադարձավ այն դիտարկումներին, ըստ որոնց Հայաստանի բանակը ուժային գործողություններ չի անում, և դիմում է ՀԱՊԿ-ին։ «Ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ հենց ՀԱՊԿ-ը և այդ կազմակերպության անդամ մեր գործընկեր երկրներն են, որ ՀՀ-ին հորդորել են չգնալ ռազմական ճանապարհով այս իրավիճակի հանգուցալուծմանը։ Հետևաբար, տվյալ դեպքում ՀԱՊԿ-ում ՀՀ-ն ոչ թե հանդես է գալիս որպես խնդրարկու, այլ դա մի գործիք է, որ այդ երկրները միասին ստեղծել են՝ նմանատիպ իրավիճակներում օգտագործելու համար»։ Փաշինյանն ասաց, որ այս պահի դրությամբ ՀԱՊԿ գործողությունների արագությունը իրենց չի բավարարում։ «Մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ, և մեր գործընկերների հետ իրավիճակի հետագա պարզաբանման վերաբերյալ աշխատանքներ իրականացնել։ Այն նախնական մտահղացումը, որը ունի Ադրբեջանը, այդ մտահղացումը այս պահի դրությամբ ես չեզոքացված չեմ համարում։ Այստեղ պետք է այդ մտահղացման վերաբերյալ մեր գործընկերները հստակ տեղեկացված լինեն, և պետք է հստակ դիրքորոշում ներկայացնեն։ Ընդ որում՝ ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ ՀԱՊԿ երկրները, և ՀԱՊԿ-ը հստակ դիրքորոշում չեն արտահայտել, որ Ադրբեջանը պետք է զորքերը այդտեղից հետ քաշի։ Աշխատանքային մակարդակում այդ դիրքորոշումը արտահայտվում է, բայց հրապարակային մակարդակում չի արտահայտվում։ Այս հարցերում հստակություն պիտի մտցվի։ Ասվում է, որ ՀՀ այդ տարածքում դեմարկացիա և դելիմիտացիա արված չի։ Նույն Ռուսաստանի և Ադրբեջանի սահմանները ամբողջությամբ դեմարկացված և դելիմիտացված չեն, ի՞նչ է սա նշանակում, և մենք պետք է այս հարցերում հստակություն մտցնենք»։
17:45 - 26 մայիսի, 2021
Բիզնեսը պետք է տարանջատված լինի քաղաքականությունից ՀՀ օրենքներով սահմանված սկզբունքներով․ Մակունցը՝ ՔՊ ցուցակի մասին

Բիզնեսը պետք է տարանջատված լինի քաղաքականությունից ՀՀ օրենքներով սահմանված սկզբունքներով․ Մակունցը՝ ՔՊ ցուցակի մասին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Խաչատուր Սուքիասյանի՝ ՔՊ ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ հարցին։ «ՀՀ-ում փոքր կրպակ ունեցողներից մինչև մեծ ընկերություն ունեցողները համարվում են գործարարներ այն բոլոր դեպքերում, երբ այդ անձիք՝ անկախ ընկերության կամ բիզնես գործունեության չափերից, հայտ են ներկայացնում քաղաքականությամբ զբաղվել։ Բոլոր նման դեպքերի համար ՀՀ օրենսդրությունը նախատեսում է կարգավորման եղանակներ, այն է ՝ ոչ թե այդ մարդկանց արգելում է զբաղվել քաղաքականությամբ, այլ արգելում է դրանց համատեղումը։ Եթե ի վերջո կլինի այնպիսի իրավիճակ, որ այդ համատեղման արգելքի սկզբունքը կխախտվի, ապա նման դեպքերի համար ոչ միայն գոյություն ունի ԱԺ էթիկայի հանձնաժողովը, այլև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Հենց այդ կառույցը կձեռնարկի անհրաժեշտ գործողությունները, ընդհուպ՝ մանդատից զրկելու գործընթացը»։ Մակունցը հավելեց, որ բիզնեսը պետք է տարանջատված լինի քաղաքականությունից ոչ միայն քաղաքական խոսքով, այլ ՀՀ օրենքներով սահմանված սկզբունքով։ «Այստեղ որևէ հակասություն չկա, այո մենք պնդում ենք, որ այն անձիք, ովքեր հայտ են ներկայացնում զբաղվել քաղաքականությամբ, չեն կարող դրանք համատեղել» Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին ռազմական դրություն հայտարարելու և ընտրությունները չեղարկելու վերաբերյալ քննարկումներ չկան։ «Հուսանք նման առիթ չի լինի»։ Անդարադառնալով հարցին, թե ինչու են յոթերորդ գումարման ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը և Արտակ Մանուկյանը ընտրություններին չմասնակցելու մասին նույն տեքստով հայտնել, Մակունցն ասաց․ «Արտակ մանուկյանը և Նիկոլայ Բաղդասարյանը միգուցե իրար հետ  խորհրդակցել են տեքստերի բովանդակության վերաբերյալ, ամեն դեպքում ես չեմ կարող դրանց բովանդակության վերաբերյալ բան ասել։ Արտակ Մանուկյանը և Նիկոլայ Բաղդասարյանը իրենց որոշմամբ որոշել են չընդգրկվել ցուցակում։ Ես հարգում եմ նրանց որոշումը։ Տիգրան Ավինյանը նունպես, իր որոշմամբ չի ներակռվել ցուցակում»։ Նա նաև ասաց, որ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նույնպես չի ընդգրկվելու ՔՊ ցուցակում։ Հարցին, թե արդյոք Ավինյանը և Մակունցը կդառնան դեսպաններ, վերջինս պատասխանեց, որ չունի տեղեկություն՝ Ավինյանը կլինի դեսպան, թե ոչ։ Իր՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան դառնալու հարցին անդրադառնալով, Մակունցն ասաց,  որ ամերիկյան կողմից հաստատում կա, բայց որոշումը կկայացվի ընտրություններից հետո։
12:48 - 26 մայիսի, 2021
Արշավիր Ղարամյանը սխալվում է․ ադրբեջանցիների տարածած տեսանյութում երևացող բարձունքը Սևանա լճից 5 կմ հեռավորության վրա չէ

Արշավիր Ղարամյանը սխալվում է․ ադրբեջանցիների տարածած տեսանյութում երևացող բարձունքը Սևանա լճից 5 կմ հեռավորության վրա չէ

Մայիսի 22-ին համացանցում ադրբեջանցի օգտատերերը տարածել էին մի տեսանյութ, որտեղից երևում էր Սևանա լիճը։ «Mediaport» տելեգրամյան ալիքը, տարածելով տեսանյութը, գրել էր․ «Թշնամին հաստատվել է Սևանա լճից ուղիղ գծով ընդամենը 5 կմ հեռավորության վրա»: Ավելի ուշ պաշտպանության նախարարությունից «Արմենպրես»-ին հայտնել էին, որ թշնամին Սևանից ուղիղ գծով 30 կմ հեռավորության վրա է․ «Նրանք ՀՀ տարածք չեն մտել և որևէ բարձունք չեն գրավել: Այն բարձունքը, որը երևում է տեսանյութում, գտնվում է սահմանագծի վրա: Այդ սահմանագծի տարբեր հատվածներում` տարբեր բարձունքների վրա, մենք էլ ունենք դիրքեր ու մարտական հերթապահություն ենք իրականացնում»։ Հերքմանն անդրադարձել էր Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդրի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը՝ Պն-ին մեղադրելով ստելու մեջ։ «Դեռևս մինչև 2020 թվականի աշնանային պատերազմը թշնամու պաշտպանական բնագիծը Սևանա լճից՝ Արեգունի բնակավայրի ուղղությամբ, 6,66 կմ էր»- գրել էր նա՝ քարտեզից տարածելով լուսապատճեններ, որտեղ երևում է, որ Սևանա լճից սահման հեղավորությունը 6 կմ է։ Ղարամյանի գրառումը հրապարակել են մի քանի լրատվամիջոցներ և սունկ կայքեր (hraparak.am, lurer.com, hayeli.am, asekose.am, newinfo.am)։ Ավելի վաղ Razm.Info-ին հաջողվել էր տեղորոշել, թե որտեղ է արվել տեսանյութը։ Կայքը գրել էր, որ տեսանյութում երևում է Գեղարքունիքի մարզի Կութ գյուղից շուրջ 6 կմ հյուսիս-արևելք գտնվող լեռնագագաթը։  Razm.Info-ի տեղորոշումը ճիշտ է։ Բարձունքը Հայաստան-Ադրբեջան ներկայիս սահմանի մոտ է։ Սակայն բարձունքի հեռավորությունը Սևանա լճի ամենամոտ հատվածից ոչ թե 5 կամ 6 կմ է, ինչպես նշում են «Mediaport»-ը և Արշավիր Ղարամյանը, այլ ավելի քան 27 կմ։ Այսիքն՝ ՊՆ-ն բարձունքիից Սևանա լիճ հեռավորության մոտավոր ճիշտ թիվ է ներկայացրել։ Իսկ ինչի՞ մասին էր խոսում Արշավիր Ղարամյանը։ Նրա նշած հատվածում՝ Արեգունի բնակավայրի ուղղությամբ, Սևանա լճից սահման երկարությունն իրոք 6 կմ է։ Սակայն սահմանի այս հատվածը տեսանյութում երևացող բարձունքից հեռու է ավելի քան 30 կմ։ Հետևաբար, Ղարամյանի այն պնդումը, թե ՊՆ-ն ստում է՝ Սևանա լճի և բարձունքի միջև սխալ հեռավորություն ասելով, չի համապատասխանում իրականությանը։ Արշավիր Ղարամյանի հայտարարությունն այս համատեքստում մանիպուլյատիվ է․ իրոք կան հատվածներ, որտեղ Սևանա լճից սահման հեռավորությունը 6 կմ է, սակայն կոնկրետ այն բարձունքը, որտեղից արվել էր տեսանյութը, Սևանա լճից 27 կմ հեռավորության վրա է։ Աննա Սահակյան
16:48 - 24 մայիսի, 2021
Գյուղատնտեսական այն հողերը, որոնք չեն մշակվում, պետք է հարկվեն կրկնակի կամ քառակի, իսկ մասնատված հողամասերը անհրաժեշտ է միավորել․ Արթուր Ամիրաղյան

Գյուղատնտեսական այն հողերը, որոնք չեն մշակվում, պետք է հարկվեն կրկնակի կամ քառակի, իսկ մասնատված հողամասերը անհրաժեշտ է միավորել․ Արթուր Ամիրաղյան

Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հանդես է եկել «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծով, որի արդյունքում պետք է կրճատվի գյուղատնտեսական նշանակության չօգտագործվող հողերի քանակը։ Infocom.am-ի հետ զրույցում Նոյեմբերյանի բնակիչ, գործարար Արթուր Ամիրաղյանը պատմեց, որ խնդիրը ոչ միայն մեկ համայնքում է, այլ՝ ամբողջ հանրապետությունում՝ որոշակի տարբերություններով։ «Ես 2012 թվականից գեոդեզիայի չափագրման կազմակերպություն ունեմ, որը զբաղվում է հողերի չափագրումով և համապատասխան ծառայություններ է մատուցում։ Առաջին իսկ օրից այս հարցը ինձ սկսել է հուզել և գնալով դարձել է ավելի ակնառու։ Ցանկացած զարգացում սկսում է հողից։ Ինչ-որ պլատֆորմ է պետք մարդուն, որպեսզի նա ներդրում անի․ այս հողային խնդիրը սկսել է բոլորին խանգարել։ Քանի որ համայնքներից օտարվող հողամասերը գնալով վերջանում են, եթե նախկինում մեկը մի բան էր ուզում անել՝ դիմում էր համայնքին և համայնքը հող էր վաճառում իրենց։ Հիմա համայնքային և պետական սեփականության հողամասերն էլ են բավականին սակավ դարձել․ որոնք էլ դեռ կան, անբարենպաստ դիրքում են և հետաքրքիր չեն բիզնեսմեններին»,- ասաց Ամիրաղյանը։ Վերջինս հավելեց, որ, օրինակ, Նոյեմբերյանի տարածաշրջանում խնդիր է անգամ մանկապարտեզի համար տարածք գտնելը։ Այս հարցը սկսել է դառնալ խոչընդոտ ու խանգարող ոչ միայն բիզնեսին, այլ անգամ երկրին։ «Ես սկսեցի ավելի խորը ուսումնասիրել այս խնդիրը։ Այս խնդրի հիմնական արմատները սեփականաշնորհման սխալ մոտեցումից է, քանի որ սեփականաշնորհումը բավականին մասնատված ձևով են արել․ ենթադրենք 10 հա բերրի հողակտոր է եղել, որոշել են փոքր կտորներով սեփականաշնորհել և ստացվում է, որ այդ հողակտորը, օրինակ, 200 սեփականատեր ունի։ Բնական է, որ յուրաքանչյուր 800 քառակուսի մետր հողակտորի սեփականատիրոջ հետաքրքիր չէ այդ հողամասի վրա որևէ գործունեություն ծավալելը, որովհետև այն շատ փոքր է․ ինչ էլ անում է, եկամուտ չի ստանում, և այդ հողամասերը շարունակում են մնալ չօգտագործվող։ Երկրորդ կոմպոնենտը, որը խանգարում է, ՀՀ-ից ՌԴ կամ այլ երկրներ գնացած մարդիկ են, որոնք ֆիզիկապես այստեղ չեն և չեն կարողանում իրենց հողը մշակել։ Իրենց ինչ-որ առումով նույնիսկ հետաքրքիր չէ։ Այդ մարդկանց 50%-ը նույնիսկ չգիտեն, թե իրենց հողամասը ֆիզիկապես որ հատվածում է, ուղղակի գիտեն, որ իրենք ունեն, օրինակ, 800 քառակուսի մետր հողամաս, բայց եթե ասես՝ այս տարածքում գնա ցույց տուր, թե որն է քո 800 քառակուսի մետրը, մեղմ ասած, չի իմանա»,- նշեց Ամիրաղյանը, հավելելով, որ 1991 թ․-ին այդ հողամասերը սեփականաշնորհվել են, ունեն սեփականության իրավունքի հիմքեր։ Ամիրաղյանը ասաց, որ որոշակիորեն ուսումնասիրել է ոլորտն ու դրանում առկա խնդիրները։ Գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերի մի մասն անգամ 1991 թ․-ից հետո չի եկել Հայաստան և անգամ չունի սեփականության վկայականը, բայց առկա հիմքերով, փաստաթղթերով ինքը սեփականատեր է, և մենք պետք է դրա հետ հաշվի նստենք։ Մենք չենք կարող ասել՝ վերջ, դու էլ սեփականատեր չես։ Մեր զրուցակիցը պատմեց․ «Երրորդ կոմպոնենտը այն է, որ ոռոգման ջրի կամ այլ առկա խնդիրների պատճառով չեն մշակվում։ Մենք փորձեցինք մի փոքր հատվածում միավորել այդ հողերը, բախվեցինք իմ ասած երկու կոմպոնենտներին։ Օրինակ, եթե ուզում ես մեկ հա հողատարածք միավորել, պետք է շփվես 10 հոգու հետ, եթե դրանցից մեկն էլ չի լինի, ստացվում է՝ դու ունենում ես մասնատված հողամաս։ Երկրոդն էլ՝ նրանց մի մասը ՌԴ-ում էին, փորձեցինք բանակցել նրանց հետ․ մարդիկ կան՝ ասում են՝ ոչ վաճառում եմ, ոչ մեկ այլ բան։ Ասում են՝ կարող է մեզ 20 տարի հետո պետք է գալիս, դե, սեփականություն ունի, չես կարող ասել՝ որ այդ ժամանակ պետք գա՝ կառնես էլի։ Դու 30 տարի չես օգտագործել, դրանից հետո անհրաժեշտություն առաջացավ ուսումնասիրել նաև օրենսդրական բացերը, հասկացա, որ բոլոր տեղերում նույն վիճակն է։ Մեկ այլ հարց է և ֆինանսական կոմպոնենտը, երբ հողի սեփականատերը տեսնում է, որ դու մյուսների հետ ընդհանուր հայտարարի ես եկել, գնել և միավորել հողերը, ինքն իր հողի գինը կարող է շուկայականից 5 անգամ ավել թանկ ասել։ Սկսեցինք ուսումնասիրել օրենսդրական դաշտը, այն հնարավորություններ է տալիս այդ ամեն ինչը կարգավորել։ Եթե գյուղատնտեսական նշանակության հողը 3 և ավելի տարի չի օգտագործվում, պետությունը իրավունք ունի վերցնել։ Իհարկե, կան գործընթացներ, բայց տեսականորեն դա հնարավոր է, որովհետև այդ հողերը չմշակելու դեպքում դրանք ենթարկվում են կորոզիայի, և եթե նույնսիկ հետ չեն վերցնում, կարող են նաև վարչական պատասխանատվություն սահմանել»։  Գործարարի խոսքով՝ երբևէ ականատես չի եղել նման պրակտիկայի, երբ գյուղատնտեսական հողը չօգտագործման դեպքում վերցնեն սեփականատիրոջից։ Իրավական տեսանկյունից այս գործընթացը բարդ է, որովհետև կարող են լինել օրենքներին, Սահմանադրությանը հակասող իրավիճակներ։ «Իմ առաջարկը, որն ավելի պրակտիկ է և ավելի մոտ է բիզնեսին, այն է, որ գյուղատնտեսական այն հողերը, որոնք չեն մշակվում, պետք է հարկվեն կրկնակի կամ քառակի, այսինքն՝ հարկերը ավելանան։ Պրակտիկ խնդիր է․ եթե մարդը չի օգտագործում այդ հողատարածքը, պետությանը զրկում է հավելյալ արժեք ստեղծելու հնարավորությունից, ինքը թող հարկվի մի քանի անգամ ավել։ Դրա արդյունքում կամ նա կսկսի մշակել իր հողը, կամ վարձակալության կտա մեկ այլ մարդու, կամ կվաճառի։ Կարծում եմ, որ մինչև օրենսդրական դաշտում փոփոխություններն արվեն և դրանից հետո դրանք սկսեն կիրարկվել ապա մեկ-երկու տարուց ավելի կանցնի, ու դրա համար այս տարբերակն ավելի արագ կգործի և չի էլ խոչնդոտի այլ հողաշինարարակն մեխանիզմների կիրառմանը։ Հողաշինարարական մի քանի մեխանիզմներ կարող են լինել, բայց արդեն խորը քննարկումներ և վերլուծություններ են անհրաժեշտ, քանի որ կապ ունի սեփականության սահմանադրական իրավունքի հետ»,- ընդգծեց գործարարն ու նշեց, որ որոշ դեպքերում գյուղատնտեսական հողերի չմշակումը արդարացված է, քանի որ դրանք կամ մոտ են սահմանին։ Ամիրաղյանը, սակայն, շեշտեց, որ դրանք շատ քիչ են դեպքեր են՝ ամբողջի մեջ մի կաթիլ։ «Չեմ կարծում, որ հողամասերի նման կտրտվածության պարագայում մոտ ապագայում հնարավոր, ինչ որ պարագայում նաև արդյունավետ է, որ պետութունը բոլորին ջուր հասցնի։ Հատկապես 800-1000 քառակուսի մետր հողատարածքի դեպքում դա անարդյունավետ է։ Ես համոզված եմ, որ, եթե, օրինակ, մի բիզնեսմենի հատկացվի 5 հեկտարից ավելի հողամաս, ապա նա կլուծի ջրի հարցը․ կա՛մ ներդրում կանի, կա՛մ պետության կողմից կսուբսիդավորվի։ Հողերի սեփականատերերի մեծ մասը այսօր ունի իր մասնագիտությունը և աշխատանքը․ պետությունը ինչ էլ անի, այդ մարդկանց մեծամասնությունը հողագործությամբ չեն զբաղվելու։ Այսօր գյուղատնտեսության զարգացման ամենամենամեծ խնդիրը հողերի միավորումն է, որովհետև 800 քառակուսի մետրի մշակումը տնտեսապես որևէ մեկին շահավետ չէ»,-եզրափակեց Ամիրաղյանը։»,-եզրափակեց Ամիրաղյանը։ Infocom․am-ը թեմայի վերաբերյալ զրուցեց նաև 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագծի համահեղինակ Նիկոլայ Բաղդասարյանի հետ, ով ընդգծեց, որ նախագիծը բացարձակապես վերաբերում է համայնքի կողմից վարձակալությամբ տրված հողերին, որոնք չեն օգտագործվում իրենց նպատակային նշանակությամբ։ «Ընդունենք իրավիճակ, երբ վարձակալությամբ տվել են հողը, որպեսզի տվյալ դեպքում կոնկրետ իրավաբանական կամ ֆիզիկական անձը կազմակերպի երեխաների համար նախատեսված զվարճանքի հատված, բայց դրա փոխարեն պայմանական ասած այլ գործունեություն է ծավալել, որը չի համապատասխանում վարձակալության պայմանագրում նշված նպատակային նշանակությանը։ Այս դեպքում գործող կանոնակարգերով համայնքը պետք է դիմի դատարան, դատական կարգով շատ երկար ընթացակարգ անցնի և դրանից հետո լուծարի պայմանագիրը։ Մենք առաջարկում ենք, որ նմանատիպ պայմանագրերը լուծարվեն արտադատարանական կարգով։ Ներդրել ենք ծանուցման համակարգ, որ ինքը կարող է ծանուցվել, ներկայացվեն բոլոր հիմքերը և եթե կողմը չի առարկում, պայմանագիրը լուծվում է։ Եթե կողմը ունի առարկություն, ապա կարող է դատական կարգով վիճարկել այդ համայնքի ղեկավարի որոշումը և այդ ժամանակ որոշման գործունությունը կասեցվում է։ Նույն ռեժիմը գործում է նաև գյուղատնտեսական հողերի վրա, որտեղ նույն նախագծով առաջարկվում է, որ հողերը վարձակալության տան ոչ թե 25 տարով, այլ՝ 49։ Այսինքն՝ հնարավորություն է տրվում, որ համայնքը ավելի երկար ժամանակով կարողանա վարձակալության տալ․ տվյալ դեպքում գործում է այն կանոնակարգումը, որ պետությունը հնարավորինս քիչ միջամտի տնտեսվարող-համայնք հարաբերություններին և պայմանագրերի հետ կապված ազատ թողնի։ Նախագիծը սա է»,- մանրամասնեց Բաղդասարյանը։  Խոսելով հնարավոր ռիսկերի մասին՝ պատգամավորը շեշտեց, որ վարձակալության պայմանագրերի առումով որևէ ռիսկ չկա, այսինքն՝ վարձակալության իրավունքը սահմանադրական իրավունքի տեսակետից ամրագրված իրավունք չէ, որպես իրավունք օրենքով է նախատեված։ Մեր զրուցակցի խոսքով՝ օրենքով թույլատրվում է այդ պայմանագրերի լուծումը նախատեսել նաև արտադատարանական կարգով։ Բաղդասարյանի կարծիքով՝ այս նախագծի ընդունումից հետո հնարավոր է մասամբ լուծել նաև արդեն սեփականությամբ տրված հողատարածքների խնդիրները։ «1990-ականներից մասնավորեցրել են հողակտորները, որպեսզի մարդիկ զբաղվեն գյուղատնտեսությամբ, բայց այդ հողերը այնքան փոքր ծավալ ունեն, որ մշակումը ձեռնտու չէ, որովհետև իրենք ո՛չ կարողանում են այդ հողերը իրացնել և եկամուտ ստանալ, ո՛չ էլ կարողանում են այդ հողերը մշակել, քանի որ այդ հողերի ծավալը փոքր է։ Տարբեր խնդիրներ են ի հայտ գալիս, այդ թվում՝ ոռոգման ջրի բացակայության հետ կապված, և այդտեղ ներդրում անելը ձեռնտու չէ, բայց այդ խնդիրը կարելի է լուծել միայն այլ, փոխկապակցված ինստիտուտների հետ միասին։ Այդ ինստիտուտներից մեկն այն է, որ պետությունը մոնիտորինգ է անում, որպեսզի ասի, թե երեք տարի հետո կոնկրետ հողակտորը մշակվում է, թե ոչ, և թե ինչ է նշանակում հողի մշակումը»,- հավելեց Բաղդասարյանը։ Վերջինիս կարծիքով՝ հարկերի ավելացումը ճիշտ ճանապարհ չէ։ Կոնցեպտը կայանում է նրանում, որ, կա՛մ տվյալ անձանց համայնքը տա փոխհատուցում շուկայական արժեքի չափով, կա՛մ տվյալ անձինք հնարավորություն ունենան կոնսեսիոն պայմանագրով կառավարման հանձնել իրենց հողերը որևէ մարմնի, որպեսզի այդ հողերի շահագործման արդյունքում իրենք ունենան իրենց եկամուտը։ «Ես հարկերի ավելացման տարբերակին հակված չեմ։ Ընտրություններից հետո անպայման կանդրադառնանք նաև այն հողամասերին, որոնք սեփականություն են, բայց չեն մշակվում։ Կա նաև նման նախագիծ մշակելու տեսլական, որի արդյունքում մշակվող հողերի քանակը կմեծանա»,- եզրափակեց Բաղդասարյանը։ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում որոշվել է հարցի քվերակությունը հետաձգել։ Ասպրամ Փարսադանյան
15:51 - 24 մայիսի, 2021
Ընդհանրապես չեմ բացառում որևիցե մեկի հետ համագործակցությունը․ Սամվել Բաբայանը՝ գալիք ընտրությունների մասին

Ընդհանրապես չեմ բացառում որևիցե մեկի հետ համագործակցությունը․ Սամվել Բաբայանը՝ գալիք ընտրությունների մասին

Խնդիրը հետևյալն է․ առաջին հերթին պետք է Արցախի խնդիրը լուծել, իրար տարածքային ամբողջականությունը վերականգնել, տալ մանդատային տարածք, նոր անցնել այդ խնդրին։ Այս մասին հայտնել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ խնդիրներ կարող է նախանշել սահմանագծման հետ կապված։ Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանը դա չի անում, ապա որևիցե խնդիր պետք չի քննարկել։ «Տավուշի առնչությամբ ես կասեմ, որ այնտեղ կան խնդիրներ, եթե իրոք գնում են դեմարկացիայի, էնտեղ ահագին տարածքներ կան, որ մերն է իրենց ձեռքին և հակառակը՝ կա մի երկու անկլավ, որ իրենցն է։ Խնդիր է, թե որն է շահողը լինելու՝ ավելի շատ մենք ենք շահելու, թե իրենք»,- նշեց նա։ Բաբայանը ասաց, որ ռազմաքաղաքական ղեկավարության և ռազմական գերատեսչության խնդիրն էր թույլ չտալ, որ դա կատարվեր, բայց այն արդեն կատարվել է։ «2, 3 անգամ սահմանը երկարաձգվել է՝ չհաշված Թուրքիայի ճակատը։ Մարդ էլ չունես՝ կանգնեցնես։ Դրա համար բացատրում եմ, որ պետք է բանակ կառուցել, գլուխդ կախես, ատամներդ սեղմես, կառուցես պրոֆեսիոնալ բանակ։ Էն հեքիաթը, որ պատմում են՝ փող չունենք, էս չունենք, էն չունենք։ Փող չունեք՝ գերի հանձնվեք թուրքին, ռուսին, պարսիկին, ամերիկացուն։ Ինչ խոսում ենք, ասում են՝ փող չունեք։ Ասեք՝ խելք չունենք, կհասկանանք, ասում եք՝ փող չունենք՝ չենք հասկանում»,- նշեց նա։ Անդրադառնալով գալիք ընտրություններին՝ Սամվել Բաբայանն ասաց, որ անպայման մասնակցելու են դրանց։ «Ես ընդհանրապես չեմ բացառում որևիցե մեկի հետ համագործակցությունը․ սա մեկ։ Երկրորդը երեք նախագահները մասնակցում են, թող մասնակցեն, հասարակությունն է որոշում՝ իրենց հնարավորություն է տալիս կառավարել, թե չէ։ Մենք անգամ չգիտենք՝ ինչ ուժեր են մտնելու պառլամենտ, ովքեր են լինելու դրանք»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում երեք նախագահների՝ ընտրություններին մասնակցությունը, և արդյո՞ք կա ուժ, որի հետ բացառում են համագործակցությունը։ Խոսելով նաև վարչական ռեսուրսի կիրառման մասին՝ Բաբայանն ասաց, որ գումարների բաժանումը միանշանակ է․ «Ամեն կուսակցություն իր վստահված անձն ընտրատեղամասում պարտավոր է պահել, եթե մարդ չունես, ապա ինչու ես մտել պայքարի մեջ։ Ոչ մեկը, բացի պետական մարմնից, չի կարող ընտրակաշառքի դեմն առնել։ Ինֆորմացիա ունեմ, որ տեղ-տեղ դրանով զբաղվում են»։ Բաբայանը անդրադարձավ նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը՝ համաձայն որի՝ «մենք ոչ թե Ադրբեջանին ենք պարտվել, այլ ոչմիթիզականությանը»։ «Նորից եմ ասում․ հիմա կարելի է հետ գնալ, ասել՝ գիտեք՝ ես ճիշտ էի այն ժամանակ և այլն։ Ես ասում եմ՝ երկու կողմն էլ սխալ են։ Եթե դուք զենքը առնեիք, բանակը պատրաստեիք, էս վիճակը չէր լինի։ Ոչ մի բան չեք արել, նստել եք թախտին, սպասել բախտին, մեկ էլ պարտվել, ասում եք՝ ես ճիշտ էի։ Այսինքն՝ դա հարցի պատասխան չէ։ Առաջին նախագահին հարգելով՝ ասում եմ 92-ին ամբողջ ազգով՝ ընդդիմությունն էլ հետը քեզ ասում էին, որ դու տարածքները՝ Շահումյան, Մարտակերտ, պայմանավորվել ես հանձնել, հավատայի՞նք։ Խի, որովհետև չէինք կարողանում կռվել, պատրաստ չէինք, ջոկատներ էինք կռվեցնում։ Հենց փոխեցինք իրավիճակը, զարգացանք, գնացինք առաջ, բոլորն ասացին՝ հաղթած նախագահ եք՝ մոռանալով իրականությունը։ Հիմա էլ է նույնը․ եթե չեք կարողացել կազմակերպել, չեք կարողացել այդ խնդիրը լուծել, բերաններդ փակեք։ Ատամներդ սեղմիր, պատրաստիր քո բանակը քո երկրի պաշտպանության համար։ Ավելորդ խոսակցությունն անիմաստ է»,- ասաց Բաբայանը։
13:11 - 24 մայիսի, 2021
Մեկ անձից իրականացվող գնումները վերջին 4 տարիների առաջին եռամսյակներում կազմել են ընդհանուր գնումների 76,6%-ը

Մեկ անձից իրականացվող գնումները վերջին 4 տարիների առաջին եռամսյակներում կազմել են ընդհանուր գնումների 76,6%-ը

Պետական գնումները մշտապես լրագրողների եւ գնումներով հետաքրքրված անձանց ուշադրության կենտրոնում են, քանի որ գնումներում հնարավոր է՝ լինեն կոռուպցիոն գործարքներ, փոխկապակցված ընկերություններից գնումներ եւ այլն։ Գնումների մասին օրենքի 18-րդ հոդվածը նախատեսում է, որ գնումների կատարման նախընտրելի ձեւը մրցույթն է, եթե գնման առարկան ներառված չէ նույն օրենքի մեկ այլ կետով սահմանված ցանկում։ Այս ցանկում հիմնականում ներառված են սննդամթերքներ, վառելիքներ, գրենական առարկաներ, դեղամիջոցներ եւ այլ իրեր։ Ցանկին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։ Օրենքով սահմանված է նաեւ, թե գնումների ընթացակարգերից որը ինչ դեպքում կարող է կիրառվել։ Օրինակ մեկ անձից գնման ընթացակարգը կիրառելի է, եթե գնման համար նախատեսված ապրանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, կամ չնախատեսված իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ, եւ գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, կամ գնումն իրականացվում է ՀՀ սահմաններից դուրս, կամ էլ գնման գինը չի գերեզանցում գնումների բազային միավորը։ Բազային միավորի արժեքը 1 մլն ՀՀ դրամն է։  Այնուամենայնիվ, թեեւ օրենքով նույնպես նախապատվությունը տրվում է գնման մրցութային ընթացակարգին, սակայն պետական կառույցները սեփական կարիքների համար նախապատվություն են տալիս մեկ անձից իրականացվող գնման ընթացակարգին։ Infocom-ն ուսումնասիրել է 2018-ից 2021 թվականների առաջին եռամսյակներում ՀՀ 12 նախարարությունների՝ սեփական կարիքների համար իրականացրած պետական գնումները եւ պարզել, որ նախարարությունները մեծամասամբ գնումներ են կատարել մեկ անձից գնման ընթացակարգով։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսների ընթացքում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սեփական կարիքների համար իրականացրել է թվով 27 պետական գնում, որոնցից 16-ը կամ 59,2%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակա րգով։Սակայն գումարային առումով առավել մեծ է գնանշման հարցումով իրականացված գնումների արժեքը։ Ընդհանուր առմամբ 27 գնման համար հատկացվել է 25,5 մլն ՀՀ դրամ, որից 6,8 մլն ՀՀ դրամը կամ 26,6%-ը  հատկացվել է մեկ անձից կատարված գնումների համար։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում նույն նախարարությունը սեփական կարիքների համար իրականացրել է 36 պետական գնում, որոնցից 12-ը կամ 33%-ն իրականացվել է մեկ անձից գնման եղանակով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 114,7 մլն ՀՀ դրամ, որից 5,6 մլն դրամը կամ 4,9%-ը վճարվել է մեկ անձից գնման համար։ 2019-ին իրականացվել է 25 գնում, որոնցից 14-ը կամ 56%-ը եղել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 217,1 մլն ՀՀ դրամ, որից 146,5 մլն ՀՀ դրամը, կամ 72%-ը վճարվել է մեկ անձից գնման համար։ Իսկ 2018 թ․՝ 37 պետական գնում, որոնցից 23-ը կամ 62%-ը եղել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 940,1 մլն ՀՀ դրամ, որից 709,1 մլն ՀՀ դրամը կամ 75,4%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Այսպիսով՝ վերջին 4 տարիներին, բացառությամբ 2020 թվականի, մշտապես մեկ անձից գնումները  կազմել են ընդհանուր գնումների կեսից ավելին, ինչը խնդրահարույց է։ Առողջապահության նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսներին Առողջապահության նախարարությունը սեփական կարիքների համար իրականացրել է 41 պետական գնում, որից 27-ը կամ 65,8%-ը իրականացվել է օրենքով ոչ նախընտրելի՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 2 մլրդ 549 մլն ՀՀ դրամ, որից 1 մլրդ 708 մլն ՀՀ դրամը կամ 67%-ն իրականացվել է մեկ անձից գնման եղանակով։ 2020 թ․ սեփական կարիքների համար իրականացվել է 991 պետական գնում, որից 960-ը կամ 96,8%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 76 մլրդ 119 մլն դրամ, որից 74 մլրդ 176 մլն դրամը կամ 97,4%-ը հատկացվել է մեկ անձից գնման համար։ Այսինքն՝ Առողջապահության նախարարությունը 2020 թվականի առաջին եռամսյակում գրեթե բոլոր գնումներն իրականացրել է առանց մրցույթի։ 2019 թ․ իրականացվել է 1084 պետական գնում, որից 1069 կամ 98,6%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գումարային առումով ընդհանուր գնումները կազմել են 72 մլրդ 230 մլն ՀՀ դրամ, որից 71 մլրդ 356 մլն ՀՀ դրամը կամ 98,7% գնումն իրականացվել է մեկ անձից։ 2018 թ․ իրականացվել է 1069 պետական գնում, որից 1046-ը կամ 97,8%-ը՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 63 մլրդ 363 մլն ՀՀ դրամ, որից 62 մլրդ 368 մլն ՀՀ դրամը կամ ընդհանուր գումարի 98,4%-ը իրականացվել է մեկ անձից։ Այսինքն՝ Առողջապահության նախարարությունը մշտապես գրեթե բոլոր գնումներն իրականացրել է մեկ անձից գնման ընթացակարգով, ինչը խնդրահարույց է։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Արդարադատության նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում Արդարադատության նախարարությունը սեփական կարիքների համար իրականացրել է 34 պետական գնում, որից 29 գնումը կամ 85,2%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների համար տրամարդվել է 711 մլն ՀՀ դրամ, որից 484,8 մլն ՀՀ դրամը կամ 68,1%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ 2020 թ․ իրականացվել է 56 գնում, որից 33-ը կամ 58,9%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Ընդհանուր առմամբ այս գնումների համար ծախսվել է շուրջ 653,1 մլն ՀՀ դրամ, որից 405,5 մլն ՀՀ դրամը կամ 62%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ 2019 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունը կատարել է 46 պետական գնում, որից 30-ը կամ 65,2%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 702,8 մլն ՀՀ դրամ, որից 450,5 մլն ՀՀ դրամը կամ 64,1%-ը՝ մեկ անձից։ 2018 թ․ նախարարությունը կատարել է 43 պետական գնում, որից 35-ը կամ 81,3%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 295,5 մլն ՀՀ դրամ, որից 101,8 մլն ՀՀ դրամը կամ 34,4%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։  Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Ընդհանուր առմամբ Արդարադատության նախարարությունը նույնպես վերջին չորս տարիների առաջին եռամսյակներում մեկ անձից գնման ընթացակարգով գնումները կազմել են ընդհանուր գնումների մեծամասնությունը։ Արտակարգ իրավիճակների նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսներին նախարարությունն իրականացրել է 34 պետական գնում, որից 9-ը կամ 26,4%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 182,4 մլն ՀՀ դրամ, որից 19,1 մլն ՀՀ դրամը կամ 10,4%-ը՝ մեկ անձից։ 2020 թ․ իրականացվել է 59 գնում, որից 13-ը կամ 22%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Ընդհանուր առմամբ այս պայմանագրերի գումարը կազմել է 371,9 մլն դրամ, որից 51,4 մլն դրամի գնումները կամ 13,8%-ը իրականացվել է մեկ անձից։ 2019 թ․ իրականացվել է 18 գնում, որից 9-ը կամ 50%-ն իրականացվել է մեկ անձից։ գնումների ընդհանուր գումարը կազմել է 135,4 մլն դրամ, որից 13,3 մլն դրամը՝ 9,8%-ը՝ մեկ անձից։ 2018 թ․ առաջին երեք ամիսներին նախարարությունն իրականացրել է 45 պետական գնում, որից 23-ը՝ 51,1%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 452,6 մլն դրամ, որից 379,5 մլն դրամը՝ 83,8%-ը մեկ անձից։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ ԱԻՆ պետական գնումներում մեկ անձից իրականացվող գնումները 2018 եւ 2019 թվականների համեմատությամբ նվազել են։ Արտաքին գործերի նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում Արտաքին գործերի նախարարությունը իրականացրել է 93 պետական գնում, որից 81-ը՝ 87%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով, որի համար տրամադրվել է 52,4 մլն դրամ, որն ընդհանուր գնումների արժեքի 70,4%-ն է։ 2020 թ․ առաջին եռամսյակում նախարարությունն իրականացրել է 78 պետական գնում, որից 65-ը կամ 83,3%-ը իրականացվել է մեկ անձից։ Մեկ անձից գնումների համար տրամադրվել է շուրջ 49,8 մլն ՀՀ դրամ, որը կազմում է ընդհանուր գնումների 56,7%-ը։ 2019 թ․ իրականացվել է 108 գնում, որից 97-ը՝ 89,8%-ը մեկ անձից։ Գնումների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 63,4 մլն դրամ, որից մեկ անձից գնման համար հատկացվել է 24,5 մլն դրամ կամ գնումների գումարի 38,6%-ը։ 2018 թ․ իրականացվել է 92 պետական գնում, որից 85-ը կամ 92,3%-ը՝ մեկ անձից, որի համար տրամադրվել է 37,5 մլն ՀՀ դրամ, որը կազմել է ընդհանուր իրականացված գնումների գումարի 93%-ը։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Արտաքին գործերի նախարարությունը, ինչպես տեսնում ենք, մշտապես գնումներ իրականացնելիս նախապատվությունը տվել է մեկ անձից իրականացվող գնումներին։ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում նախարարությունն իրականացրել է 62 պետական գնում, որից 46-ը կամ 74,1%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 225,6 մլն դրամ, որից 78,3 մլն դրամի գնումը՝ 34,7%-ը, կատարվել է մեկ անձից։ 2020 թ․ իրականացվել է 44 պետական գնում, որից 24-ը՝ 54,5%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 825,4 մլն դրամ, որից մեկ անձից գնման նպատակով ծախսվել է 122,6 մլն դրամ։ Սա ընդհանուր գնումների համար տրամադրված գումարի 14,8%-ն է։ 2019 թ․ նախարարությունն իրականացրել է 34 պետական գնում, որից 20-ը՝ 58,5%-ը՝ մեկ անձից։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 85,1 մլն դրամ, որից մեկ անձի համար ծախսվել է 9,6 մլն դրամ։ Սա ընդհանուր գնումների համար հատկացված գումարի 11,2%-ն է։ 2018 թ․ իրականացվել է 22 գնում, որից միայն 8-ը կամ 36,3%-ն է իրականացվել մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը եղել է 231,1 մլն դրամ, որից 3,4 մլն դրամը՝ 1,5%-ը՝ մեկ անձից։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Այսինքն՝ այս նախարարության սեփական կարիքների համար իրականացված գնումներում միայն 2018 թվականի առաջին եռամսյակի՝ մինչեւ հեղափոխությունն իրականացված գնումներն են, որ մեկ անձից իրականացվել է պայմանագրերի կեսից քիչը։ 2019, 2020, 2021 թվականներին այդ ցուցանիշն աճել է՝ ընդհուպ հասնելով 74,1%-ի։ Էկոնոմիկայի նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում Էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է ընդհանուր 84 պետական գնում, որի գերակշիռ մեծամասնությունը՝ 73 գնումը՝ 86,9%-ը, մեկ անձից գնման ընթացակարգով։ Սեփական կարիքների համար իրականացված պետական գնումների ընդհանուր գումարը կազմել է 579,7 մլն դրամ, որից մեկ անձից գնման ընթացակարգով տրամադրվել է 526,3 մլն դրամ կամ ընդհանուր գնումների 90,7%-ը։ 2020 թ․ Նախարարությունն իրականացրել է 63 գնում։ Այս դեպքում նույնպես մեծամասնությունը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Ընդհանուր՝ 37 գնում կամ ընդհանուր գնումների 58,7%-ը։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 140,9 մլն դրամ, որից մեկ անձից գնումների արժեքը եղել է 58 մլն դրամ` 41.1%։ 2019 թ․ իրականացվել է 41 պետական գնում, որից 25-ը կամ 60,9%-ը՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Ինչպես տեսնում ենք, այս դեպքում նույնպես մեծամասամբ գնումներն իրականացվել են օրենքով սահմանված ոչ նախընտրելի տարբերակով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 93,4 մլն դրամ, որից 8,6 մլն դրամը կամ 9,2%-ը տրամադրվել է մեկ անձից գնումների ընթացակարգով գնման պարագայում։ 2018 թ․ նույն ժամանակահատվածում իրականացվել է 40 պետական գնում, 24-ը կամ 60%-ը՝ մեկ անձից։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 81,1 մլն դրամ, որից մեկ անձից գնման ընթացակարգով գնումների համար տրամադրվել է 26,9 մլն դրամ՝ 33,1%։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Ինչպես տեսնում ենք Էկոնոմիկայի նախարարության պետական գնումները նույնպես մեծամասամբ իրականացվում է մեկ անձից գնման ընթացակարգով, որը 2021 թվականին հասել է 86,9 %-ի։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն 2021 թ․ նախարարությունն իրականացրել է 31 պետական գնում, որից 18-ը կամ 58%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը 201,4 մլն դրամ է։ Մեկ անձից գնման ընթացակարգով տրամադրվել է շուրջ 171,2 մլն դրամ, որն ընդհանուր գնումների արժեքի 85%-ն է։ 2020 թ․ երեք ամիսներին իրականացվել է 40 պետական գնում, որոնցից 21-ը կամ 52,5%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների պայմանագրերի ընդհանուր արժեքը 325,3 մլն դրամ է։ Մեկ անձից գնման ընթացակարգով գնումների համար տրամադրվել է 192,2 մլն դրամ, որն ընդհանուր գնումների 59%-ն է։ 2019 թ․ նույն ժամանակահատվածում իրականացվել է 21 պետական գնում։ 15-ը կամ ընդհանուր գնումների 71,4%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 20 մլն դրամ, որից 3,9 մլն դրամը կամ 19,5%-ը տրամադրվել է մեկ անձից գնման նպատակով։ 2018 թ․ առաջին երեք ամիսներին իրականացվել է 27 գնում, որից միայն մեկն է, որ իրականացվել է գնանշման հարցման ընթացակարգով։ Մնացած 26 գնումն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Դա ընդհանուր գնումների 96,3%-ն է։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 39,5 մլն դրամ, որից 38,5-ը՝ 97,4%-ը՝ մեկ անձից գնման համար։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Այս նախարարության գնումները 2018 թվականի համեմատությամբ նվազել են, սակայն, միեւնույնն է, կազմում են մեծամասնություն։ Շրջակա միջավայրի նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսներին նախարարությունն իրականացրել է 36 գնում։ Մեծամասնությունն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով՝ 24 գնում, որն ընդհանուր գնումների 66,6%-ն է։ Ընդհանուր գումարը կազմել է 29 մլն դրամ, որից 11,5 մլն՝ 39,6%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում Շրջակա միջավայրի նախարարությունը իրականացրել է 42 գնում, որից 30-ը կամ 71,4%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը 14,2 մլն դրամ է։ Մեկ անձից գնման ընթացակարգով գնումների համար տրամադրվել է 8,5 մլն դրամ, որն ընդհանուր պայմանագրերի արժեքի 59,8%-ն է։ 2019 թ․ իրականացվել է 38 գնում, որոնց մեծ մասը՝ շուրջ 68,4%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը 13,8 մլն դրամ է։ Մեկ անձից գնում կատարելու համար տրամադրվել է շուրջ 10,6 մլն դրամ, որն ընդհանուր պայմանագրերի արժեքի 76,8%-ն։ 2018 թ․ երեք ամիսներին նախարարությունն իրականացրել է 55 գնում։ Մեկ անձից գնման ընթացակարգով իրականացվել է 40 գնում, որն ընդհանուր գնումների 72,7%-ն է։ Գնումների ընդհանուր գումարը 81,8 մլն դրամ է, որի զգալի մեծամասնությունը տրամադրվել է մեկ անձից գնումներ կատարելու համար․ շուրջ 78,2 մլն դրամ՝ 95,6%։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Շրջակա միջավայրի նախարարության գնումներից նույնպես պարզ է դառնում, որ այս նախարարությունը նույնպես մեծամասամբ գնումներ է կատարել մեկ անձից, ինչը օրենքով խրախուսելի չէ։ Պաշտպանության նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսներին Պաշտպանության նախարարությունն իրականացրել է 31 պետական գնում, որից միայն 6-ը կամ 19%-ը բաժին է ընկնում մեկ անձից գնումներին։ Պայմանագրերի ընդհանուր գումարը եղել է 716,7 մլն դրամ։ Մեկ անձից գնմանը տրամադրվել է 104 մլն դրամ կամ ընդհանուր գնումների արժեքի 14,5%-ը։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունն իրականացրել է համեմատաբար շատ՝ 173 գնում, որից ընդամենը 12-ը կամ 6,9%-ն է իրականացվել մեկ անձից։ Գնումների ընդհանուր արժեքը եղել է 9 մլրդ 831 մլն դրամ, որից 2 մլրդ 841 մլն դրամը՝ 28,9%-ը, իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ 2019 թ․ երեք ամիսներին իրականացվել է 233 պետական գնում։ Այս գնումներից 20-ը կամ 8,5%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը եղել է 13 մլրդ 687 մլն դրամ, որից մեկ անձից գնման համար հատկացվել է 3 մլրդ 894 մլն դրամ՝ 28,4%։ 2018 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունն իրականացրել է 227 գնում, որից 18-ը՝ 7,9%-ը բաժին է հասնում մեկ անձից գնման ընթացակարգին։ Պայմանագրերի ընդհանուր գումարը 17 մլրդ 674 մլն դրամ է։ Մեկ անձից գնման համար տրամադրվել է 8 մլրդ 300 մլն դրամ, որն գնումների ընդհանուր արժեքի 46,9%-ն է։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Պաշտպանության նախարարությունը տեղեկատվության ազատության եւ բաց աշխատելաոճի առումով երբեք աչքի չի ընկել, սակայն պետական գնումների առումով, ինչպես տեսնում ենք, վերոնշյալ բոլոր նախարարությունների համեմատ ամենաքիչը մեկ անձից գնում կատարել է հենց այս նախարարությունը։  Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում նախարարությունն իրականացրել է 88 պետական գնում, որից 20-ը կամ 22,7%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը 6 մլրդ 425 մլն դրամ է, որից մեկ անձից գնումների համար տրամադրվել է 7,6 մլն դրամ։ Սա գնումների ընդհանուր արժեքի 0,11%-ն է։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունն իրականացրել է 37 պետական գնում, որից 25-ը՝ 67,5% իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը 256,2 մլն դրամ է, որից մեկ անձից գնման համար հատկացվել է 37,4 մլն դրամ, որը գնումների ընդհանուր արժեքի 14,6%-ն է։ 2019 թ․ իրականացվել է 19 պետական գնում, 7-ը՝ 36,8%-ը՝ մեկ անձից։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը՝ 25,8 մլն դրամ, որից մեկ անձից գնման համար հատկացվել է 2,5 մլն դրամ՝ 9,6%։ 2018 թ․ ընթացքում գնումները եղել են 25-ը, որից 15-ը կամ 60%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 134,9 մլն դրամ, որից 16,3 մլն դրամը կամ 12%-ը տրամադրվել է մեկ անձից գնումներ կատարելու համար։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Ֆինանսների նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում Ֆինանսների նախարարությունը սեփական կարիքների համար կատարել է 24 պետական գնում, որից 18-ը՝ 75%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 333,9 մլն դրամ, որից 49,7 մլն դրամը կամ 14,8%-ը հատկացվել է մեկ անձից կատարվող գնումների համար։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունն իրականացրել է 31 գնում, որից 18-ը կամ 58%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 363,5 մլն դրամ, որից 45,1 մլն դրամը՝ 12,4%-ը՝ մեկ անձից կատարվող գնումների համար։ 2019 թ․ ընթացքում իրականացվել է 36 պետական գնում, որից 23-ը կամ 63,8%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների համար ընդհանուր առմամբ հատկացվել է 222,9 մլն դրամ, որից 60,1 մլն դրամը՝ 26,9%-ը՝ մեկ անձից գնումներ կատարելու համար։ 2018 թ․ 52 գնում, որից 23-ը՝ 44,2%-ը՝ մեկ անձից։ Գնումների համար հատկացվել է 184,5 մլն դրամ։ Մեկ անձից գնումներ իրականացնելու համար՝ 108,6 մլն դրամ, որն ընդհանուր գնումների 58,8%-ն է։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Ֆինանսների նախարարության վերջին չորս տարիների առաջին եռամսյակներում կատարված գնումներից իմանում ենք, որ մեկ անձից գնման ընթացակարգով գնումները կազմել են ընդհանուր գնումների մինչեւ 75%-ը։ Ընդ որում՝ մինչեւ հեղափոխությունը մեկ անձից գնումներն ավելի քիչ տոկոս են զբաղեցրել, քան դրանից հետո։ Սակայն գնումներին տրամադրված գումարի առումով պատկերն այլ է։ Ինպես տեսնում ենք երկրորդ գծապատկերում, մեկ անձից գնումներ իրականացնելու համար ամենաշատ գումարը տրամադրվել է 2018 թվականին։ Ընդհանուր առմամբ 12 նախարարությունները 2018-2021 թթ․ առաջին եռամսյակում իրականացրել են 5662 պետական գնում, որից 4338-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Սա կազմում է ընդհանուր գնումների 76,6%-ը։  Այս 4 տարիների առաջին եռամսյակում իրականացված գնումների համար ընդհանոուր առմամբ հատկացվել է 272,1 մլրդ ՀՀ դրամ։ Մեկ անձից գնումներ իրականացնելու համար հատկացվել է 229,8 մլրդ դրամ։ Սա գնումների ընդհանուր գումարի 84,4%-ն է։ Այսպիսով՝ ամփոփելով բոլոր 12 նախարարությունների վերջին 4 տարիների առաջին եռամսյակներում իրականացվող պետական գնումները, կարող ենք եզրակացնել, որ նախարարությունների՝ գնումների ոլորտում ունեցած նախապատվությունը չի փոխվել, ավելին՝ նախարարություններից մի քանիսը մեկ անձից իրականացվող գնումները կրկնապատկել են 2018-ի համեմատությամբ։ Նարեկ Մարտիրոսյան
19:07 - 22 մայիսի, 2021
7-րդ գումարման ԱԺ խմբակցությունների օրենսդրական գործունեությունը

7-րդ գումարման ԱԺ խմբակցությունների օրենսդրական գործունեությունը

Նկարը՝ Iravaban.net-ի ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովը ձևավորվել էր 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում։ Այս խորհրդարանը գործունեություն ծավալեց 2 տարի 5 ամիս, և այս տարվա մայիսի 10-ին արձակվեց իրավունքի ուժով՝ Նիկոլ Փաշինյանին երկու անգամ վարչապետ չընտրելու մեթոդով, որպեսզի հունիսին տեղի ունենան խորհրդարանական արտահերթ նոր ընտրություններ։ 2 տարի 5 ամիս օրենսդիր մարմնում գործունեություն են ծավալել երեք խմբակցություններ՝ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան»։ Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում  Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ, մշակում, նաև փոփոխում է օրենքներ և այլն: Հետևաբար օրենսդիր մարմնում գործունեություն ծավալած երեք ուժերի աշխատանքի գնահատման մեթոդներից մեկն էլ նրանց ներկայացրած և ընդունած օրենսդրական նախագծերն են։ Օրենսդրական նախագծերի ուսումնասիրության համար հիմք է հանդիսացել Ազգային ժողովի պաշտոնական Parliament.am կայքը, որտեղ հրապարակվում են պատգամավորների ներկայացրած բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, որոնք դրվել են շրջանառության մեջ և դեռևս չեն քննարկվել, կամ ընդգրկվել են ԱԺ օրակարգում, բայց դեռ չեն ընդունվել, կամ էլ ընդունվել են ամբողջությամբ։ «Իմ քայլը» խմբակցություն Այսպես, 7-րդ գումարման խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունն ունի 81 պատգամավոր, որոնցից 15-ը այս գումարման Ազգային ժողովում չունեն ընդունված նախագծեր, իսկ նրանց մի մասը պարզապես չեն էլ ներկայացրել որևէ օրենսդրական նախագիծ։ Այս պատգամավորներից ոմանք միայն վերջերս են ստանձնել պատգամավորական մանդատը, սակայն կան նաև պատգամավորներ, որոնք արդեն 2 տարի 5 ամիս է՝ օրենսդիրում են։ Օրինակ՝ Մաթևոս Ասատրյանը խորհրդարանում 2 տարի 5 ամիս աշխատելու ընթացքում համահեղինակության կարգով նախաձեռնել է 2 օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ, սակայն դրանցից մեկը հեղինակը հետ է վերցրել, իսկ մյուսը հանվել է շրջանառությունից։ Այսինքն՝ պատգամավորը 7-րդ գումարման Ազգային ժողովում աշխատել է 2 օրենքի փոփոխության նախագծերի վրա, որոնք չեն ընդունվել։ Պատգամավոր Միքայել Զոլյանը 7-րդ գումարման Ազգային ժողովում չի ներկայացրել ոչ մի նախագիծ։ Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը չունի ո՛չ ընդունված, ո՛չ օրակագում ընդգրկված և ո՛չ էլ շրջանառության մեջ դրած նախագծեր։ Պատգամավոր Սեդրակ Թևոնյանը նույնպես 7-րդ գումարման Ազգային ժողովում որևէ նախագիծ չի ներկայացրել։ Վերջինիս որպես հանձնաժողովի անդամ ներգրավված է եղել «ՀՀ ցամաքային ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը և 2016-2019թթ. ոլորտը սպասարկող, համակարգող և վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին» նախագծի կազմում։ Պատգամավոր Կնյազ Հասանովը Ազգային ժողովում քրդական համայնքը ներկայացնող պատգամավոր է։ Վերջինս այս 2,5 տարիների ընթացքում Ազգային ժողովին չի ներկայացրել և չի համահեղինակել որևէ օրենսդրական նախագիծ։ Պատգամավոր Սասուն Միքայելյանը 7-րդ գումարման Ազգային ժողովում չի ներկայացրել որևէ օրենսդրական նախագիծ։ Վերջինիս ներգրավված է եղել մետաղական հանքարդյունաբերության վերաբերյալ քննիչ հանձնաժողովի աշխատանքներում։ Պատգամավոր Արտաշես Թևոսյանը մանդատը ստանձնել է խորհրդարանի ձևավորման հենց սկզբից։ Վերջինս այս 2,5 տարիների ընթացքում ներկայացրել է միայն մեկ նախագիծ, սակայն հետագայում հետ է կանչել այն։ Պատգամավորը չունի ընդունված ոչ մի նախագիծ, սակայն մեկ նախագիծ ընդգրկված է օրակարգում, որն ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Սա վերջին 2,5 տարիների ընթացքում միակ նախագիծն է, որը դեռևս ամբողջությամբ ընդունված չէ։  Արման Եղոյանը չունի ընդունված օրենսդրական նախագիծ։ Վերջինս մի քանի օրենսդրական նախագծերի համահեղինակ է եղել, որոնք, սակայն, հեղինակը հետ է կանչել։ Նախագծերից մեկը, որի համահեղինակ է եղել Արման Եղոյանը, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին է․ նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ, որից հետո հեղինակը նախագիծը հետ է վերցրել։ Մեկ այլ նախագիծ էլ ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին է, որը նույնպես առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո հետ է վերցվել։ Այս նախագիծը նորից ներկայացվել է ԱԺ․ ընդունվել առաջին ընթերցմամբ։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծում Եղոյանը նույնպես ներառված է եղել․ այս դեպքում էլ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո հեղինակը նախագիծը հետ է վերցրել։ Երկրորդ անգամ ներկայացվել է ԱԺ և ընդունվել առաջին ընթերցմամբ։ Կինեմատոգրաֆիայի մասին մշակված նախագիծը արժանացել է նույն ճակատագրին, ինչ նախորդ երեք նախագծերը։ Այս անգամ ևս ներկայացվել է ԱԺ և ընդունվել առաջին ընթերցմամբ։ Այսինքն՝ այս պահին Եղոյանը օրակարգում ընդգրկված 3 նախագծերի համահեղինակ է։ Նարեկ Ղահրամանյանը պատգամավորական մանդատը ստանձնել է 2020 թվականի սեպտեմբերի 23-ին, որից օրեր անց սկսվեց 44-օրյա պատերազմը։ Սա կարող է պատճառ լինել օրենսդրական բնականոն գործունեության խաթարման, բայց, այնուամենայնիվ, պատգամավորը դեռևս չունի ընդունված օրենսդրական նախագծեր։ Սակայն նա համահեղինակ է օրենսդրական 2 նախագծի, որոնք ընգրկված են օրակարգում, իսկ մեկ նախագիծ էլ դեռ օրակարգում չէ։ Նախագծերից մեկը վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին է, մյուսը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Պատգամավորը նույն օրենսգրքում մեկ այլ փոփոխություն էլ է նախաձեռնել, որը շրջանառության մեջ է։ Պատգամավորներ Գոռ Երանյանը և Կարապետ Մխչյանը պատգամավորական մանդատ են ստանձնել համապատասխանաբար 2020 թվականի հոկտեմբերի 1-ին և 13-ին, սակայն նրանցից մեկն ընդհանրապես չունի նեկայացրած նախաձեռնություն, մյուսն ունի ներկայացրած, սակայն դեռ չեն ընդունվել։ Մասնավորապես Գոռ Երանյանը ընդհանրապես չունի ներկայացրած նախագիծ։ Կարապետ Մխչյանը օրենսդրական երկու [1,2] նախագծերի մշակման աշխատանքներում մասնակցություն է ունեցել, որոնք, սակայն, հեղինակը հետ է վերցրել։ Երկու նախագծերն էլ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին են։ Պատգամավոր Հայկ Ցիրունյանը մանդատը ստանձնել է 2020 թվականի նոյեմբերի 27-ին։ Պատգամավորը համահեղինակ է երկու նախագծերի, որոնք այժմ ընդգրկված են օրակարգում։ Դրանցից մեկը «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին է, մյուսը՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին։ Պատգամավորը մինչ օրս չունի ընդունված օրենսդրական նախագիծ։ Պատգամավորներ Նարեկ Գրիգորյանը, Կարեն Գրիգորյանը և Հակոբ Ասլանյանը պատգամավորական մանդատը ստանձնել են համապատասխանաբար 2020 թվականի դեկտեմբերի 4-ին, 14-ին և 24-ին։ Մանդատը ստանձնելուց ի վեր Նարեկ Գրիգորյանը չի ներկայացրել և համահեղինակության կարգով ներգրավված չի եղել որևէ օրենսդրական նախագծում։ Կարեն Գրիգորյանը մասնակցություն ունի 2 օրենսդրական նախագծում, որոնք հեղինակը հետ է վերցրել։ Նախագծերից երկուսն էլ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին են։ Երկուսի դեպքում էլ նախատեսված են եղել գրեթե նույն փոփոխություններ, սակայն ինչ-ինչ պատճառներով երկու անգամ էլ հեղինակը նախագիծը հետ է վերցրել։ Հակոբ Ասլանյանը պատգամավորական մանդատը ստանձնելուց հետո մինչ օրս չի համահեղինակել և չունի որևէ ներկայացրած նախագիծ։  Պատգամավորներ Էմմա Պալյանը և Վահագն Ալեքսանյանը մանդատը ստանձնել են համապատասխանաբար 2021 թվականի մարտի 22-ին և ապրիլի 6-ին։ Վերջիններս նույնպես օրենսդրական նախագծեր չեն հեղինակել կամ համահեղինակել։ Կան պատգամավորներ, որոնք ընդունված միայն մեկ օրենսդրական նախագիծ ունեն, սակայն նրանցից շատերինը նույն օրենսդրական նախագիծն է, որը մշակվել է շուրջ 55 պատգամավորների համատեղ ջանքերով։ Այսպես՝ պատգամավորներ Սոս Ավետիսյանը, Արման Բոշյանը, Մերի Գալստյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Հովհաննես Իգիթյանը, Արեն Մկրտչյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հայկ Սարգսյանը և Լիլիթ Ստեփանյանը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ օրենքի նախագծի համահեղինակ են։ Այս շարքի պատգամավորներից Սոս Ավետիսյանը, Արման Բոշյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Հովհաննես Իգիթյանը և Արեն Մկրտչյանը չունեն հեղինակած կամ համահեղինակած օրենսդրական նախագծեր։ Վերջիններս չունեն նույնիսկ ներկայացրած օրենսդրական նախագծեր, բացի այս մեկից, որի կազմում իրենք նույնպես ընդգրկված են եղել։ Սերգեյ Մովսիսյանը համահեղինակ է 2 օրենսդրական նախագծի, որոնք դրվել են շրջանառության, սակայն դեռ չեն ընդգրկվել օրակարգում։ Հայկ Սարգսյանը 7-րդ գումարման ԱԺ-ում ներկայացրել է 4 նախագիծ, սակայն բոլորի դեպքում էլ հեղինակը ընթացքից հետ է վերցրել։ Սարգսյանն այս պահին ունի 1 նախագիծ, որը դրվել է շրջանառության, սակայն դեռ ընգրկված չէ օրակարգում։ Մերի Գալստյանը ներկայացված է եղել 15 օրենսդրական նախագծերում․ բոլորի դեպքում հեղինակը ընթացքից հետ է վերցրել նախագիծը։ Այժմ պատգամավորը ներկայացված է 3 նախագծում, որոնք դրվել են շրջանառության, բայց դեռ ընդգրկված չեն օրակարգում։ Պատգամավոր Լիլիթ Ստեփանյան 1 նախագծի հեղինակ է, սակայն ընթացքում այն հետ է վերցրել։ Այժմ կան 6 նախագծեր, որոնք շրջանառության մեջ են, սակայն դեռ օրակարգում չեն ընդգրկվել։ Պատգամավորներ Ալեքսանդր Ավետիսյանը, Տաթևիկ Գասպարյանը և Արթուր Մանուկյանը համահեղինակ են ընդունված միայն մեկ օրենսդրական նախագծի՝ ««Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին»։ Սակայն, բացի այս երեք պատգամավորներից, նախագծի համահեղինակ են ևս 35 պատգամավորներ։ Այս պատգամավորներից Ալեքսանդր Ավետիսյանը և Տաթևիկ Գասպարյանը բացի այս նախագծում ներգրավված լինելուց, չեն ներկայացրել որևէ այլ օրենսդրական նախագիծ։ Արթուր Մանուկյանը ներգրավված է 2 օրենսդրական նախագրեծում, որոնք ընդգրկված են օրակարգում։ 1 օրենսդրական նախագծի համահեղինակ է նաև պատգամավոր Կարեն Համբարձումյանը։ Բացի այս մեկ ընդունված օրենսդրական նախագծից, պատգամավորը ներգրավված չի եղել որևէ այլ օրենսդրական նախագծում։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն Ընդդիմադիր ուժերի պարագան մի փոքր այլ է։ Վերջիններս հնարավոր է չունենան ընդունված օրենսդրական նախագծեր իշխանության ներկայացուցիչների՝ խորհրդարանում մեծ թվով ներկայացված լինելու պատճառով։ Այսինքն՝ լինում են դեպքեր, երբ ընդդիմության ներկայացրած օրենսդրական նախագծերը չեն ընդունվում իշխանության ներկայացուցիչների դեմ քվեարկելու պատճառով, ինչը սովորաբար չի լինում «Իմ քայլի» ներկայացրած նախագծերի պարագայում։ Այնուամենայնիվ ստորև ներկայացնում ենք այս խմբակցության պատգամավորների ներկայացրած, ընդունված և չընդունված նախագծերի մի մասի վերաբերյալ ամփոփ տվյալներ։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գագիկ Ծառուկյանը, Նորա Առուստամյանը, Վարդևան Գրիգորյանը, Վարդան Ղուկասյանը, Կարինե Պողոսյանը և Սողոմոն Սողոմոնյանը 7-րդ գումարման Ազգային ժողովում ունեն ընդունված միայն մեկ օրենսդրական նախագիծ, սակայն այս նախագծի վրա համահեղինակության կարգով աշխատել են շուրջ 38 պատգամավորներ, որոնց թվում էին նաև հիշյալ անձինք։ Նախագիծը COVID 19-ի տարածումը կանխելու, կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին է։ Վերոնշյալ պատգամավորներից Գագիկ Ծառուկյանը և Սողոմոն Սողոմոնյանը բացի այս ընդունված նախագծիչ չեն ներկայացրել որևէ այլ նախագիծ։ Պատգամավոր Նորա Առուստամյանը ներկայացրել է 2 օրենսդրական նախագիծ, սակայն դրանք մերժվել են։ Վերջինս ունի նաև օրակարգում ընդգրկված 1 նախագիծ։ Վարդևան Գրիգորյանը համահեղինակել է 5 նախագիծ, որոնցից 1-ը մերժվել է, 4-ը  հետ է վերցվել։ պատգամավոր Կարինե Պողոսյան ներկայացված է 2 օրեսնդրական նախագծում, որոնք սակայն հետ են վերցվել։ Պատգամավորներ Արայիկ Աղաբաբյանը, Քաջիկ Գևորգյանը, Ջանիբեկ Հայրապետյանը, Հրանտ Մադաթյանը, Տիգրան Ստեփանյանը, Վարդան Վարդանյանը և Իվետա Տոնոյանն ունեն ընդունված 2 օրենսդրական նախագիծ, որից մեկը հիշյալ նախագիծն է։ Այս պատգամավորներից Արայիկ Աղաբաբյանը, Տիգրան Ստեփանյանը և Վարդան Վարդանյանը չունեն ներկայացրած օրենսդրական այլ նախագծեր։ Քաջիկ Գևորգյան համահեղինակ է մի նախագծի, որը դրվել է շրջանառության, սական ընդգրված չէ օրակարգում։ Ջանիբեկ Հայրապետյանը ներկայացրել է 5 օրենսդրական նախագիծ, որոնցից 3-ը հեղինակը հետ է վերցրել, 2-ը՝ մերժվել։ Հրանտ Մադաթյան ներկայացված է 10 օրենսդրական նախագծում, որոնցից 9-ը հետ է վերցվել, 1-ը՝ մերժվել։ Իվետա Տոնոյանը ներկայացրել է 4 օրենսդրական նախագիծ, որոնցից 3-ը հետ է վերցվել, 1-ը՝ մերժվել։ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն Ինչպես արդեն նշեցինք ընդդիմադիր պատգամավորների պարագայում մի փոքր այլ է։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մի քանի անգամ ասել է, որ իրենց խմբակցության ներկայացրած նախագծերը իշխանության ներկայացուցիչները չեն ընդունում՝ դեմ քվեարկելով, որից հետո, ամիսներ անց, որոշակի փոփոխության ենթարկելով իրենց անվան տակ ներկայացնում են նույն նախագծերը և ընդունում։ Հետևաբար ընդդիմադիր պատգամավորների մոտ հաճախակի են դեպքերը, երբ ներկայացվել են նախագծեր, որոնք չեն ընդունվել։ Այսպես, օրինակ, պատգամավորներ Հրանտ Այվազյանը, Սրբուհի Գրիգորյանը, Սարիկ Մինասյանը և Ստեփան Ստեփանյանը չունեն ընդունված օրենսդրական նախագծեր։ Սակայն վերջիններս ունեն ներկայացրած նախագծեր, որոնց մի մասը հենց հեղինակներն են հետ կանչել, մի մասն էլ մերժվել է։ Նշված պատգամավորներից Հրանտ Այվազյանը և Ստեփան Ստեփանյանը չունեն ներկայացված օրենսդրական այլ նախագծեր։ Սրբուհի Գրիգորյանը ներկայացրել է 4 նախագիծ, որոնցից 2-ը հետ է վերցվել, 2-ը՝ մերժվել։ Սարիկ Մինասյանը ներկայացրել է 1 նախագիծ, որը հետագայում հետ է վերցրել։ Սարգիս Ալեքսանյանը, Գուրգեն Բաղդասարյանը, Արմեն Եղիազարյանը, Աննա Կոստանյանը, Անի Սամսոնյանը, Կարեն Սիմոնյանը, Տարոն Սիմոնյանը և Ռուբիկ Ստեփանյանն ունեն միայն մեկ ընդունված օրենսդրական նախագիծ, որը այն նույն նախագիծն է, որի մասին արդեն խոսեցինք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների գործունեությունը ներկայացնելիս։ Այս պատգամավորներից Սարգիս Ալեքսանյանը, Արմեն Եղիազարյանը, Անի Սամսոնյանը, Կարեն Սիմոնյանը, Տարոն Սիմոնյանը, Գուրգեն Բաղդասարյանը և Ռուբիկ Ստեփանյանը չունեն ներկայացրած օրենսդրական այլ նախագծեր, բացի վերոնշյալից։ Պատգամավոր Աննա Կոստանյան ներկայացրել է 8 օրենսդրական նախագիծ, որոնցից 5-ը հեղինակը հետ է վերցրել, 3-ը՝ մերժվել է։ Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հիմնականում նախաձեռնությունները ներկայացնում է խմբակցության և ոչ անհատ պատգամավորների անունից։ Ընդհանուր առմամբ խմբակցությունը ներկայացրել է մի շարք օրենսդրական նախագծեր, որոնցից ընդունվել են 39-ը։  Խմբակցություններում չընդգրկված պատգամավորներ 7-րդ գումարման խորհրդարանում կան 3 խմբակցություններում չընդգրկված 9 պատգամավորներ։ Նրանցից Աննա Գրիգորյանը և Թագուհի Թովմասյանը համահեղինակել են միայն 1 օրենսդրական նախագիծ։ Այս նախագծի համահեղինակ է նաև մեկ այլ անկախ պատգամավոր՝ Վարդան Աթաբեկյանը։ Վերջինս համահեղինակել է նաև մեկ այլ օրենսդրական նախագիծ։ Աննա Գրիգորյանը բացի այս նախագծից համահեղինակության կարգով ընդգրկված է նաև երկու այլ նախագծերում, որոնք դրվել են շրջանառության, սական դեռ չեն մտել օրակարգ։ Թագուհի Թովմասյանը ներկայացրել է 4 այլ նախագիծ, որոնք դրվել են շրջանառության, սակայն ընդգրկված չեն օրակարգում։ Պատգամավոր Վարդան Աթաբեկյանը, բացի 2 ընդունված օրենսդրական նախագծերից, համահեղինակել է մեկ օրենսդրական նախագիծ, որը հետագայում հեղինակը հետ է վերցրել 2 ընդունված օրենսդրական նախագիծ ներկայացնողների շարքում են նաև անկախ պատգամավորներ Գոռ Գևորգյանը, Տիգրան Ուրիխանյանը և Գևորգ Պետրոսյանը։ Գոռ Գևորգյանը, բացի 2 ընդունված նախագծերից, ներկայացրել է նաև 1 այլ նախագիծ, որը դրվել է շրջանառության մեջ, սակայն դեռևս ընդգրկված չէ օրակարգում։ Տիգրան Ուրիխանյանը և Գևորգ Պետրոսյանը ներկայացրել են մի շարք օրենսդրական նախագծեր, որոնց մի մասը հեղինակներն են հետ վերցրել, մի մասն էլ մերժվել է խորհրդարանի կողմից։ Ընդհանուր պատկերը դիտարկելիս տեսնում ենք, որ իշխանության ներկայացուցիչների՝ խորհրդարանին ներկայացված օրենսդրական նախագծերը հիմնականում ընդունվել են առանց խնդիրների, իսկ ընդդիմության ներկայացրած նախագծերի պարագայում կան մերժված շատ նախագծեր։ Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներից ոմանք չեն ներկայացրել և չունեն գեթ մեկ ներկայացված օրենսդրական նախագիծ, ոմանք էլ ունեն ներկայացված նախագծեր, սակայն միայն մեկ կամ երկուսն են ընդունվել խորհրդարանի կողմից։ Քանի որ օրենսդիր մարմնի գործառույթներից մեկն էլ օրենքներ մշակել, լրացնել և հեղինակելն է, հետևաբար, սա ակնառու ապացույց է, որի միջոցով էլ կարող ենք պատկերացում կազմել օրենսդիր մարմնում գործունեություն ծավալած պատգամավորների աշխատանքի մասին՝ այս խորհրդարանի արձակման պահին և նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների շեմին։ Նարեկ Մարտիրոսյան
15:40 - 21 մայիսի, 2021
Ենթադրվող ստորագրվելիք փաստաթղթով ՀՀ որևէ տարածք չի զիջվելու․ Ռուբինյան

Ենթադրվող ստորագրվելիք փաստաթղթով ՀՀ որևէ տարածք չի զիջվելու․ Ռուբինյան

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը այսօր՝ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մայիսի 12-ից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ստեղծված իրավիճակի մասին՝ ներկայացնելով դեպքերի ժամանակագրությունը։ «Որոշ դեպքեր տեղի են ունեցել զուգահեռաբար։ Մայիսի 12-ին ադրբեջանական զորամիավորումները ներս են մտել ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններից, որից հետո մենք մեր հստակ դիրքորոշումն ենք հայտնել առ այն, որ նրանք պիտի վերադառնան իրենց ելման դիրքեր՝ առանց նախապայմանների։ Եվ տեղի է ունեցել գործընթաց։ Մենք գործարկել ենք բոլոր մեխանիզմները, որոնք Հայաստանին հասու են, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակում, այդ թվում՝ հայ-ռուսական երկկողմ պայմանագրի շրջանակներում, այդ թվում՝ այլ գործընկերների հետ,  միջազգային տարատեսակ հարթակներում ճնշում մեծացնելով»։ Նրա խոսքով՝  այդ ընթացքում նաև առաջարկ է ստացվել Ռուսաստանի Դաշնությունից ստեղծել եռակողմ հանձնաժողով՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ։ «Եվ ուշադրություն․ ոչ թե անել դեմարկացիա և դելիմիտացիա հիմա կամ վաղը կամ մեկ ամսից, այլ ստեղծել նման հանձնաժողով։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ օրինակ Հայաստանի և Վրաստանի միջև կա այդպիսի երկկողմ հանձնաժողով, որը 20 տարուց ավելի է գործում է, սահմանի մի մասը դեմարկացված է, մի մասը դեմարկացված չէ։ Մենք, ի պատասխան այս առաջարկի, կրկին մեր հստակ դիրքորոշումն ենք արտահայտել առ այն, որ սա կարող է տեղի ունենալ միայն ադրբեջանական զորամիավորումների՝ Հայաստանի Հանրապետության ինքիշխան տարածքից դուրս գալու և ելման դիրքեր վերադառնալու դեպքում»։ Ռուբինյանն ասաց, որ ստեղծման դեպքում հանձնաժողովը զբաղվելու է միայն ՀՀ-ի և Ադրբեջաննի սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցով։  «Այս գործընթացը կամ այս հանձնաժողովը որևէ կապ չի ունենալու Արցախի սահմանների և կարգավիճակի հետ»։ Անդրադառնալով Հայաստանի որոշ անկլավներ Ադրբեջանին հանձնելու մասին տեղեկություններին, Ռուբինյանն ասաց․ «Գաղտնիք չէ ոչ մեկի համար, որ Խորհրդային Հայաստանը ունեցել է անկլավ՝ Ադրբեջանի կողմից շրջապատված, և հակառակը։ Այս հարցերը հետագայում կարող են քննարկման առարկա դառնալ  դելիմիտացիայի շրջանակում, կարող են չդառնալ։ Կարող են ստանալ այս լուծումը կամ այն լուծումը, բայց այստեղ ի՞նչն է կարևոր տարբերակել․ պետք չի ստանալ տպավորություն, որ եթե մեր պայմանները բավարարվեն և այդ հանձնաժողովը ստեղծվի, դա նշանակելու է, որ տեղի է ունեցել դելիմիտացիա և դեմարկացիա։ Ոչ, դա ընդամենը նշանակելու է, որ տեղի ունեցավ հանձնաժողովի ստեղծում և վերջ։ Կարող եմ վստահեցնել, որ ենթադրվող ստորագրելիք փաստաթղթով ՀՀ որևէ տարածք չի զիջվելու»։ Ռուբինյանը նաև հերքեց Արտաքին գործերի նախարարի հրաժարականի լուրերը։ Անդրադառնալով դիտարկմանը, որ երեկ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը հայտարարել էր, որ ԱԳՆ-ն տեղյակ չի ստորագրվելիք փաստաթղթից, Ռուբինյանն ասաց․ «Փոխարտգործնախարարը կարող է տեղյակ չլինել այս կամ այն բանից, այն պատճառով, որ փոխարտգործնախարները մի քանիսն են, ունեն իրենց ոլորտը, որոնք կուռացիա են անում, նորմալ է, որ մի փոխնախարարը կարող է ամեն ինչից տեղյակ չլինեն»։
13:31 - 21 մայիսի, 2021
Իրավիճակը Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանին (16․05․21 - 20.05.21)

Իրավիճակը Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանին (16․05․21 - 20.05.21)

20․05․2021թ․ 22։44- Քվեարկության արդյունքներով ԱԺ-ն մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «Մայիսի 12-ից ՀՀ տարածքային ամբողջականության խախտման, ՀՀ նկատմամբ ուժի կիրառման արդյունքում առաջացած իրավիճակում կառավարության կողմից իրականացվող գործողությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: Կողմ քվեարկեց 25 պատգամավոր, «Իմ քայլը» չմասնակցեց քվեարկությանը: |1lurer.am|   22։01- Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը խստորեն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի միանձնյա, անպատասխանատու, ընդ որում՝ դավաճանական, որոշումներ կայացնելու հերթական դրսևորումը։ Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարն իր այդ կարգավիճակի բերմամբ չունի նման տիպի պայմանագիր ստորագրելու իրավազորություն և զուրկ է նվազագույն լեգիտիմ հիմքերից։ Սահմանազատման հարցը չի կարող լուծվել ԽՍՀՄ կողմից ապօրինի և կամայական կերպով կատարված վարչատարածքային բաժանման հիման վրա։ Նման մոտեցումը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների վերաբերյալ միակ օրինական փաստաթուղթը այժմյան ՄԱԿ-ի իրավանախորդ Ազգերի Լիգայի 1920 թ․ փետրվարի 24-ի որոշումն է։ [ԱԺԲ]   21։57- Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ ԱԺ փոխխոսնակը կիսվել է կայանալիք արտահերթ պառլամենտական ընտրությունների նախաշեմին պետության ներկայիս ներքաղաքական զարգացումների մասին իր գնահատականներով։ Կողմերն ընդգծել են ԼՂ խաղաղ կյանքի վերադարձման, նաև հայ-ադրբեջական սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված բարեկամական պարտականությունների շրջանակներում ՌԴ կողմից ձեռնարկվող ջանքերի կարևորությունը։ Արձանագրել են, որ Հվ․ Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության պայմանների ձևավորումը բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի շահերից։   21։46- «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրներն ու Հանրապետության հրապարակում հանրահավաքին մասնակցող քաղաքացիները ՀՀ ԱԳՆ դիմաց ակցիա իրականացրին: Այստեղ նրանք դիմեցին նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին և պահանջեցին, որ նա վաղը՝ մինչև ժամը 13:00-ն, իրենց պատվիրակությանն ընդունի և բաց տեքստով ներկայացնի այն անհամաձայնությունները, որոնք, ըստ նրանց, առկա են Նիկոլ Փաշինյանի և Արա Այվազյանի միջև։ |armtimes.com|   21։10- Մենք նշել ենք, որ փաստաթուղթ կա, բայց դեռ քննարկումներ չենք սկսել, քանի որ մինչև դա շատ կարևոր է, որ ադրբեջանական զինուժը լքի ՀՀ տարածքը, այդ իսկ պատճառով հանրության հետ հաղորդակցություն չի եղել: Միակ պատճառը դա է: Հասկանում ենք, որ որոշ շրջանակների դուր չի գալիս նման հաջողությունը, նրանք ցայտնոտի մեջ են: Ադրբեջանական ԶՈՒ գործողությունները նպատակ են ունեցել սպառնալիք ստեղծել ՀՀ-ում սպասվող ընտրություններին, և որքան մեծանում է խաղաղ լուծման հնարավորությունը, ավելի շատ են փորձեր արվում տորպեդահարել այդ գործընթացը: [ՀՀ ԱԽ քարտուղարը՝ ԱԺ հատուկ նիստում]   21։02- Կառավարությունը պարտավոր է դադարեցնել Նիկոլ Փաշինյանի լիազորությունների ապօրինի կատարումը: Փաշինյանի կողմից ժողովրդի թիկունքում հերթական հակապետական փաստաթղթի ստորագրումը լեգիտիմ չի կարող լինել։ Հայ ժողովրդի կենսական շահերը և Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարող են ապահովել միայն առաջիկա արտահերթ ընտրություններով ձևավորվող նոր իշխանությունները: Կառավարության պարտքն է կազմակերպել ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնումը հնարավոր բոլոր միջոցներով։ [«Հայաստան» դաշինք]   20։43- Այդ օրը ես հայտարարել էի, որ սահմանին լարվածությունն աճում է: Այո, հրազենի կիրառում տեղի չէր ունեցել, բայց սահմանի ամբողջ երկայնքով տեղի էին ունեցել զանգվածային ծեծկռտուքներ մեր և ադրբեջանցի զինվորների միջև։ Հիմա ասում են՝ ՊՆ-ն ինչո՞ւ հերքեց, հետո հաստատեց։ Որովհետև դուք գիտեք՝ ՊՆ-ին զեկուցո՞ւմ են, ասում են՝ հարձակվեցին, մենք փախա՞նք։ Չէ, վերջնարդյունքն են զեկուցում, ասում են՝ դեպք եղավ, հետո լուծեցինք։ Երկու ժամանոց միջադեպից Ադրբեջանը 3 րոպե կտրում է ու տալիս է հայաստանյան իր տեղեկատվական ազդեցության գործակալներին, նրանք էլ տարածում են։ [Փաշինյանը՝ ադրբեջանցիների կողմից արված տեսանյութի մասին] |armenpress.am|   20։31- Դեմարկացիան ու դելիմիտացիան մեկ օրվա գործ չեն։ Հետխորհրդային՝ մեր տարածաշրջանի երկրները, չնայած 30 տարի առաջ սկսել են այս գործընթացը, ոչ մեկը ավարտին չի հասցրել։ Անընդհատ խոսվում է, որ մենք ինչ-որ տարածքներ ենք հանձնում․․․ Սիրելի հայրենակիցներ, այսօր արցախյան առաջին պատերազմի հետեւանքով ավելի քան 70 քառակուսի կմ Սովետական Հայաստանի տարածքներից գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Էսօր մենք սահմանամերձ գյուղեր ունենք, որ 30 տարի չունեն վարելահող։ Մենք էլ ունենք Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են մեր ԶՈՒ վերահսկողության ներքո։ Ավելին՝ դեռեւս 90-ականներից կան Ադրբեջանի ԶՈՒ մարտական դիրքեր, որոնք գտնվում են Սովետական Հայաստանի տարածքում։ [Նիկոլ Փաշինյան]   20։06- Այսօր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կրկին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտոնակից Վաղարշակ Հարությունյանի հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցության արդիական թեմաներ, տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի առաջադրանքների իրականացման շրջաններում տիրող իրավիճակը։ [ՌԴ ՊՆ] |tert.am|   19։50- Փաստաթղթի մեջ ամենակարեւոր դրույթն այն է, որ կողմերը պարտավորվում են սահմանային իրադրությունները լուծել ոչ թե զորքերի փոխադարձ շարժերով, այլ միայն դիվանագիտական, քաղաքական ճանապարհներով։ Ադրբեջանն ուզում է սահմանների ճշտման գործընթացը տեղի ունենա երկկողմ ֆորմատով, բայց քանի որ մենք Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք, մեր դիրքորոշումն այն է, որ դա պետք է տեղի ունենա եռակողմ ֆորմատով։ [Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում]   19։36- Հայաստանի հասարակությունը պետք է համակերպվի նոր իրողության հետ: Մենք արդեն առաջարկ ենք արել, սակայն Հայաստանի իշխանությունը չի պատասխանել: Ես բազմիցս ասել եմ, որ պատրաստ ենք սկսելու աշխատել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ՝ վերջ դնելու պատերազմին, հավանական ռազմական առճակատմանը: Մենք պետք է խաղաղության պայմանագիր ունենանք, մենք պետք է Հայաստանի հետ սահմանազատում իրականացնենք։ [Իլհամ Ալիև] |tert.am|   19։21- Մեկ ժամ առաջ ինֆորմացիա ստացա, որ Սև լճի աջ կողմից մեր պետական սահմանը խախտել են։ Չգիտեմ՝ բանակցային փուլն ինչ ընթացք է ունեցել, լավ, թե վատ, բայց այսօրվա դրությամբ արդյունք չկա։ Խնդիրն այն է, որ հակառակորդի ԶՈՒ-ն անընդհատ լարվածություն է առաջացնում։ Այս պահի դրությամբ էլ 30 հոգի խախտել է մեր սահմանը, ու անընդհատ բրդում են կռվի, պատերազմի։ [Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյան]   18։28- ՀՀ վարչապետի պաշտոնակատարը չի կարող իր ստորագրությամբ ուժի մեջ դնել մի փաստաթուղթ, որը կարող է ուժի մեջ մտնել բացառապես խորհրդարանի վավերացման կամ հանրաքվեի արդյունքում: Հայ-ադրբեջանական շփման գծի սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների հետ կապված ցանկացած գործողություն ուղղակիորեն ներառում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու եւ հատկապես՝ սահմանային բնակչության մարդու իրավունքների խնդիրները, որոնց հետ կապված ցանկացած միջազգային փաստաթուղթ պարտադիր վավերացման ենթակա է: Սահմանազատման գործընթացի հետ կապված ցանկացած փաստաթուղթ, որը հաշվի չի առնի մարդու իրավունքները, ուղղակիորեն կհակասի ՀՀ Սահմանադրությանը, մարդու իրավունքների միջազգային իրավունքին եւ իրական կյանքում կհանգեցնի ՀՀ պետական շահի, սահմանային բնակչության հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների շարունակությանը, ինչն այսօր, ըստ էության, տեղի է ունենում․ [Էդմոն Մարուքյանը՝ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում]   18։00- Փաստաթղթից որևէ տեղեկություն արտգործնախարարությունը չունի: Զարգացումները տեղի են ունենում շատ արագ և այնուամենայնիվ հարցերի հասցեատերը Կառավարությունն է: Բանակցությունները հիմնականում տեղի են ունենում ուժայինների միջև, արտգործնախարարությունը տեղյակ է, բայց երեկ ադրբեջանական կողմը ներկա չի եղել բանակցություններին և որևէ նոր տեղեկություն չունի: [ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ավետ Ադոնց] |tert.am|   17։17- Մայիսի 20-ին միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ՀՀ տարածքը հատած ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ։ Ժամը 15.00-ի սահմաններում մի քանի տասնյակ կրակոց է արձակվել, ենթադրաբար՝ օդ, ինչից հետո հայկական ստորաբաժանումները նախազգուշացնող կրակ են բացել։Ադրբեջանցի զինվորականների հրամանատարը կապ է հաստատել հայկական ստորաբաժանման հրամանատարի հետ, խնդրել դադարեցնել կրակը, ներողություն խնդրել և հայտնել, որ կրակոցները պատահականության արդյունք են։ՀՀ զինված ուժերը նախազգուշացնում է, որ նմանօրինակ միջադեպերի կրկնությունը կդիտարկվի որպես առճակատման գնալու միտումնավոր փորձ և կհանգեցնի հայկական կողմի համապատասխան գործողություններին։ [ՊՆ]   17։12- Մոսկվայի համար նշանակություն չունի, թե կմասնակցի արդյոք Ռուսաստանը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի հստակեցման գործընթացին, թե ոչ: Մեզ համար գլխավորն այն չէ, թե քանի մասնակից կա այս գործընթացում, այլ այն է, որ հարցը լուծվի հնարավորինս արագ և խաղաղ ճանապարհով: Մեր խնդիրն է կողմերին միմյանց հետ շփման մեջ դնել: Եթե նրանք կարողանան հարցը լուծել երկկողմ ձևաչափով, մենք միայն կողմ ենք։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերաբերում էր միայն Լեռնային Ղարաբաղին և չէր վերաբերում Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանի սահմանազատմանը և սահմանագծմանը։ Այժմ տեղի ունեցող միջադեպը առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հետ: Հետևաբար, ռուսական խաղաղապահ զորախումբը չի կարող որևէ դեր ունենալ այս հարցում։ [ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկո] |tert.am|   17։03- Վերջին օրերին արձանագրվում են դեպքեր, երբ անհատ քաղաքացիներ, տարբեր պաշտոնյաներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ փորձում են մուտք գործել Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային այն հատվածներ, որոնց ուղղությամբ տեղի են ունեցել ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ համոզիչ կերպով կոչ ենք անում ձեռնպահ մնալ ուղևորություններից հիշյալ տարածքներ, որտեղ ՀՀ ԶՈՒ կողմից շուրջօրյա ռեժիմով իրականացվում է մարտական ծառայություն։ [ՀՀ ՊՆ]   16։57- Այն տղաները, որոնք երեկ տարածված տեսանյութում երեւում են՝ բոլորը ողջ առողջ են եւ այդ միջադեպի արդյունքում մենք գերի չունենք: Գերեվարվելու մասին տարածված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: [ՀՀ ՊՆ] |armtimes.com|   16։50- Ռուսաստանը պատրաստ կլինի, Բաքվի և Երևանի համապատասխան խնդրանքի դեպքում, խորհրդատվական աջակցություն ցուցաբերել սահմանների երկայնքով սահմանազատումներ իրականացնելու գործընթացում: Մենք կուտակել ենք նման աշխատանքի փորձ: Հետևաբար, մենք պատրաստ ենք մասնակցել, բայց ևս մեկ անգամ կրկնում եմ՝ բոլոր կողմերի համապատասխան խնդրանքի ու համաձայնության դեպքում։ Սահմանազատման ու սահմանագծման խնդրի լուծման ուղղությամբ աշխատանքների արդյունքը պետք է լինի պետական սահմանի վերաբերյալ համաձայնագիրը: [ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկո] |tert.am|   16։43- Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի դիրքերի ուղղությամբ եղել են կրակոցներ։ Պաշտոնական հայտարարությունը կտարածվի ավելի ուշ։ [ՀՀ ՊՆ] |tert.am|   16։10- Մայիսի 14-ին մենք հայտարարել էինք, որ  բոլոր կուսակցությունները և հանրային-քաղաքական այլ ուժերը պետք է գան համաձայնության առ այն, որ նախքան ընտրությունների միջոցով նոր և լեգիտիմ Ազգային ժողովի և կառավարության ձևավորումը, գործող կառավարությունը և Ազգային Ժողովն Ադրբեջանի հետ որևէ բանակցային փաստաթուղթ չպետք է ստորագրեն։ Ողջունում ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից տարածված և ըստ էության այս օրակարգը կիսող հայտարարությունը և հայտնում ենք մեր համերաշխությունը այս օրակարգը ընդունող ուժերին։ [ՔՈ կուսակցության մամուլի ծառայություն]   16։05- 1. «Պատիվ ունեմ» դաշինքը պահանջում է անմիջապես դադարեցնել բոլոր ստվերային գործարքները և բանակցությունները Հայաստանին և Արցախին վերաբերող հարցերով:2. Պահանջում է անհապաղ հրապարակել ամբողջական փաստաթղթի նախագիծը՝ իր բոլոր հավելվածներով:3. Կոչ է անում հայաստանյան քաղաքական, հասարակական դաշտի բոլոր ուժերին և ներկայացուցիչներին, մեր երկրի իրավիճակով մտահոգ քաղաքացիներին՝ այսօր, ժամը 19.00-ին հավաքվելու կառավարության շենքի դիմաց ներկայացված դրույթները բավարարելու պահանջով:4. Սույն պահանջները չկատարելու դեպքում Դաշինքը իրեն իրավունք է վերապահում բոլոր հասանելի միջոցներով  պայքարելու անհայրենիք կապիտուլյանտնի ազգադավ քաղաքականության դեմ: [«Պատիվ ունեմ» դաշինք]   15։55- Հանրապետության նախագահը նշած փաստաթղթին առնչվող գործընթացների մեջ ներգրավված չի եղել և չէ: Հետևաբար, բացարձակապես տեղեկացված չէ այդ փաստաթղթի մանրամասների և դրան վերաբերող քննարկումների մասին: Հանրապետության նախագահը համարում է, որ նման գործընթացները պետք է լինեն առավելագույնս հրապարակային և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ։ [ՀՀ նախագահի շախատակազմ]   15։52- Հայկական կողմի դիրքորոշումը հստակ է. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումից հետո միայն պայմաններ կստեղծվեն որևէ ձևաչափով և օրակարգով քննարկումների հնարավորությունը դիտարկելու համար։ [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ սահմանզատմանը վերաբերող հնարավոր փաստաթուղթի և դրա ստորագրման գործընթացի մասին] |aysor.am|   15։35- Այնինչ ես տեսնում եմ՝ ոչ մեկը պատրաստ չէ որևէ քայլ անել՝ սեփական երկրի սահմանները պաշտպանելու համար։ Սյունիքում, Գեղարքունիքում կատարվողի պատճառը միակն է՝ եթե ունես սահման, այն պետք է պաշտպանես քո զինված ուժերով, սահմանապահ ուժերով։ Խոսքն այն մասին է, թե ինչ խտությամբ են քո ուժերը տեղաբաշխված սահմանում, և, ընդհանրապես, որտեղ են քո դիրքերը։ Եթե դիրքը սահմանից 5 կմ հետ ես դնելու՝ քո տարածքի խորքում, ապա հակառակորդն անպայման գալու է քո դիմաց կանգնի։ Ումի՞ց եք բողոքում: Ազատ էր, 3-4 կմ մտել են, դիրքավորվել են, հիմա էլ մեզանից ինչ-որ բաներ են պահանջում։ Իմ պատկերացումներով՝ հաստատ պահանջելու են դեմարկացիա՝ արագացված տեմպերով։ [Ռոբերտ Քոչարյան] |tert.am|   14։33- Մինչ օրս ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր ուժերին առաջարկում ենք միասնական փաստաթուղթ ստորագրել առ այն, որով բոլորս հայտարարում ենք, որ մինչև Հայաստանում նոր իշխանությունների ձևավորումը ոչ մի բանակցություն չպետք է վարվի և ոչ մի փաստաթուղթ չպետք է ստորագրվի առկա իշխանության և նրա ժամանակավոր պաշտոնակատարների կողմից։ Ընտրությունների արդյունքում Հայաստանի ժողովրդի ձևավորած նոր իշխանությունները միայն կբանակցեն կամ կվերաբանակցեն ցանկացած երկկողմանի կամ բազմակողմ փաստաթղթի շուրջ և կկայացնեն համապատասխան որոշումներ։ [Լուսավոր Հայաստան կուսակցություն]   13։19- Կառավարությունը պետք է հրապարակի ՀՀ սահմանազատմանը վերաբերող փաստաթղթի նախագիծը, որը մասնակիորեն երեկ համացանցում հրապարակվեց, ու որի իսկությունը հաստատվեց այսօրվա նիստում: Պետք է առնվազն հրապարակվեն փաստաթղթի բոլոր այն դրույթները, որոնք պատկերացում են տալիս՝ ինչի մասին է իրականում խոսքը: Փաստաթղթի հրապարակումը բխում է հենց պետության շահերից: Այդ կերպ պետությունը կկանխի ոչ պաշտոնական աղբյուրներից նման բացառիկ կարևորության ինֆորմացիայի արտահոսքը և թույլ չի տա, որ տեղի ունենա պետական մարմինների նկատմամբ հանրային վստահության անվերականգնելի կորուստ: [ՄԻՊ Արման Թաթոյան]   13։10- Այս պահին կազմում ենք հայտարարության տեքստ, որը հիմք է ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար։ ՀՀ ժողովրդի թիկունքում հերթական անգամ փաստաթուղթ է նախապատրաստվել, որի բովանդակությունից տեղեկություն չունեն ոչ խորհրդարանի պատգամավորները, ոչ էլ կառավարության անդամների մեծ մասը, ոչ էլ որևէ ընտրված այլ պաշտոնյա։ Քաղաքական բնույթի որևէ փաստաթուղթ, որը վերաբերում է սահմաններին և տարածքային ամբողջականությանը, պահանջում է խորհրդարանի վավերացում, և չի կարող այդ փաստաթուղթը ստորագրվել և հետ չուղարկվել ՍԴ և հետո խորհրդարանում չվավերացվել։ [Էդմոն Մարուքյան]   12։20- Բոլոր մարդիկ, ովքեր գոնե մի քանի պարբերություն կարդացել են ՀԱՊԿ պայմանագրերից, կիմանան՝ ՀԱՊԿ-ը հենց դրա համար է, որ ճգնաժամային իրավիճակները հաղթահարվեն առանց կրակելու, դա կազմակերպություն չէ, որի շրջանակներում պետք է կրակել և մյուսներին հրավիրել կրակելու, դա կազմակերպություն է, որի մեխանիզմները պետք է կիրառվեն էսկալացի թույլ չտալու և էսկալացիան քաղաքական դիվանագիտական ճանապարհով կարգավարելու համար։ [Նիկոլ Փաշինյան]   11։27- Համացանցում հրապարակվում է թուղթ, որի բովանդակության 90%-ը ծածկված է, և դա ներակայացվում է որպես ապացույց, որ ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ։ Այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին, և այո՛, եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածություններն իրագործի այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, այո՛, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև այն 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին։ Այդ թուղթը պարզապես չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չէ, աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում։ [Նիկոլ Փաշինյան]   11։18- Կարող եմ արձանագրել, որ օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի արդեն հայտնի սահմաններում՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, փոփոխություն չի կրել այն առումով, որ իրադրությունը շարունակում է մնալ լարված, այն արձանագրումով, որ դեռևս բավական թվով ադրբեջանցի զինվորականներ գտնվում են ՀՀ տարածքում՝ մոտ 500-600 հոգի։ [Նիկոլ Փաշինյան]   10։52- Մայիսի 19-ի երեկոյան կայացել է ՀՀ և ՌԴ ՊՆ ղեկավարներ Վաղարշակ Հարությունյանի Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցը։ Հարությունյանը ներկայացրել է ադրբեջանական ԶՈՒ սադրանքների արդյունքում ստեղծված իրադրությունը և հայկական կողմի գործողությունները, նա շեշտել է, որ ոտնձգությունները ՀՀ ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի են և ադրբեջանցի զինվորականները պարտավոր են վերադառնալ ելման դիրքեր։ Քննարկվել է նաև ԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելության ընթացքը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք այլ հարցեր։ [ՀՀ ՊՆ]   09։32- ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մի շարք թեմաների հետ մեկտեղ քննարկել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման որոնումների հարցը։ Արկտիկական խորհրդի նախարարական հանդիպման շրջանակում տեղի ունեցած հանդիպման մանրամասները հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը: |armenpress.am|   09։26- Հայաստանի սահմանների երկայնքով լարվածությունը հատկապես մտահոգիչ է: Պետք է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Կարևոր է խուսափել ցանկացած միակողմանի գործողությունից, որը կարող է խաթարել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը: [Հունաստանի ԱԳՆ] |tert.am|   19․05․2021թ․ 22։10- Սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում: Հայտնում ենք, որ միջադեպի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն: Նախարարությունը հետամուտ է լինելու բոլոր հանգամանքների բացահայտմանը և համապատասխան իրավական հետևանքների կիրառմանը: [ՀՀ ՊՆ]   21։06- Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ տեղի է ունեցել հեռախոսազրույց: Փաշինյանը ներկայացրել է ՀՀ եւ ԱՀ սահմանին տիրող ներկայիս իրավիճակը՝ ընդգծելով, որ ադրբեջանական ուժերը, հակառակ միջազգային իրավունքի բոլոր նորմերի, խախտել են ՀՀ ինքնիշխան տարածքը: Վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել այս օրերին ՌԴ կողմից ներդրվող ջանքերի համար, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը: Զրուցակիցները միակարծիք են եղել իրավիճակի հանգուցալուծման ճանապարհների եւ դրա մեթոդաբանության շուրջ:   19։03- Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ: Ուշադրություն է դարձվել վերջերս ադրբեջանա-հայկական սահմանին տեղի ունեցած միջադեպին: Ընդհանուր տրամադրվածությունն այն է, որ կարգավորումը իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով: Ռուսական կողմը կշարունակի միջնորդական ջանքերն ու խորհրդատվական աջակցությունը `ուղղված Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալուն` պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ։ [Կրեմլի մամուլի ծառայություն] |factor.am|   18։46- Հորդորում եմ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ԶՈւ գլխավոր շտաբը, ԱԱԾ-ն իրենց գործառույթների շրջանակում գործադրեն բոլոր ջանքերը և ձեռնարկեն ամենախիստ միջոցներն ընդդեմ ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտնձգությունների և սահմանային խախտումների: Ոչ պակաս կարևոր է մեր դիվանագիտական զինանոցի կիրառումն իր ողջ ուժով: [ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել]   17։44- Կրկին ասում եմ, որ մեզ համար դիրքորոշումը միանշանակ է՝ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից: Ես ուզում եմ ընդգծել, որ այստեղ, տվյալ դեպքում դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին խոսակցությունները տեղին չեն, և կրկին ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը դիվանագիտական ջանքերը շարունակում է՝ հարցը լուծելու համար: Իհարկե, սա չի նշանակում, որ մեր Զինված ուժերն անգործության են մատնված, Զինված ուժերն էլ իրենց հերթին իրականացնում են մարտավարական բնույթի գործողություններ: Բայց մեր առաջնահերթությունը և խնդիրն է՝ թույլ չտալ, որ իրավիճակը որևէ ձևով դուրս գա վերահսկողությունից: [ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան]   16։03- Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք անմիջական սպառնալիք է ներկայացնում ՀԱՊԿ անդամ երկրի անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար, ինչը մարտահրավեր է Կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի համար։ Ներկա պայմաններում արդիական է դառնում ՀԱՊԿ արտակարգ իրավիճակներին արձագանքման կարգը, որով՝ իրադրության մշտադիտարկման, տեղում իրադրության գնահատման և հետագա միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների մշակման նպատակով, ամրագրված են նաև համապատասխան բազմակողմ առաքելության ձևավորման հարցերը: [ԱԳ նախարար Արա Այվազյան]   15։16- Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը քննարկման առարկա է դարձել Դուշանբեում ՀԱՊԿ-ի Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում: ՀԱՊԿ-ը ողջունում է Ռուսաստանի միջնորդությամբ կողմերի միջև սկսված բանակցությունները, ինչպես նաև ստորաբաժանումների մի մասին հետ քաշելու պայմանավորվածությունը: Ընդգծում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի։ [ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զաս] |armtimes.com|   15։09- Հնդկաստանը մտահոգությամբ է հետևում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրադրությանը։ Ռազմական տեղաշարժերի միջոցով սահմանային խախտումները կարող են ապակայունացնել իրավիճակն ու հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսման: Հորդորում ենք խախտած կողմին անհապաղ հետ քաշել զինված ուժերն ու կասեցնել ցանկացած հետագա սադրանք։ Ռազմական տեղաշարժերի միջոցով սահմանային խախտումները կարող են ապակայունացնել իրավիճակն ու հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսման: [Հնդկաստանի ԱԳՆ խոսնակ] |armenpress.am|   14։47- ՀՀ իշխանության մարմիններին որպես ՀՀ ՄԻՊ զգուշացնում եմ, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտի ստեղծելու, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ։ ՀՀ քաղաքացիների ու նախևառաջ սահմանային բնակիչների խաթարված բնականոն կյանքը, իրավունքները նվազագույն պայմաններով վերականգնելու համար Ադրբեջանական զինված ծառայողները, դրոշներն ու ցուցակները պետք է հեռացվեն ՀՀ գյուղերի հարևանությունից ու համայնքների միջև ճանապարհներից:   14։22- Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր, մայիսի 19-ին՝ ժամը 14։00-ին, պետք է շարունակվեին ադրբեջանական ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման շուրջ բանակցությունները։ Չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել։ [ՀՀ ՊՆ]   13։44- Սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու ՌԴ առաջարկությանն ի պատասխան ՀՀ-ն ընդգծել է նման աշխատանքներ նախաձեռնելուց առաջ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչների դուրսբերման անհրաժեշտությունը, որից հետո միայն պայմաններ կստեղծվեն նման քննարկումների համար: Ընդգծում ենք, որ ՀՀ համար տարածքային ամբողջականության լիարժեք պահպանումը քննարկման առարկա չի կարող լինել: [ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան] |armenpress.am|   11։14- Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ստեղծված իրադրությունը մայիսի 19-ի առավոտյան դրությամբ էական փոփոխություններ չի կրել։ Սադրանքի իրականացման բոլոր ուղղություններում թե՛ տարածքները, թե՛ ադրբեջանցի զինվորականները, և թե՛ նրանց ապահովման հնարավոր ուղիները շարունակում են գտնվել հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ։ Նախորդ երկու օրերին ՀՀ ԶՈՒ հավելյալ ստորաբաժանումներ են բացազատվել տեղանքում՝ իսպառ զրկելով ադրբեջանցիներին նույնիսկ տեսականորեն որևէ գործողություն իրականացնելու հնարավորությունից, որպես իրադրության՝ իրենց համար խելամիտ լուծում թողնելով բացառապես վերադարձը ելման դիրքեր։ [ՀՀ ՊՆ]   10։09- Հայաստանի և Ադրբեջանի միջև նախնական պայմանավորվածության համաձայն՝ ՌԴ-ն առաջարկել է օգնություն տրամադրել սահմանազատման, սահմանագծման գործընթաց սկսելու և անցկացնելու հարցում՝ հանդես գալով այդ նպատակով հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որում Ռուսաստանը կարող է մասնակցել խորհրդականի կարգավիճակով, եթե կուզեք՝ միջնորդի։ [ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով] |tert.am|   09։50- ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ՀԱՊԿ արտգործնախարարները երեկ քննարկել են Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանի խնդրանքը։ Լավրովի խոսքով՝ խնդրանքին համապատասխան՝ քննարկվել է իրավիճակը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների առնչությամբ։ |tert.am| 18․05․2021թ․ 21։41- Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 18-ի երեկոյան դրությամբ, փոփոխություն չի կրել։ Իրադրությունը համեմատաբար հանգիստ է։ Ողջամիտ ժամկետներում խաղաղ կարգավորման բացակայության, այն է՝ ադրբեջանցի զինվորականների՝ առանց նախապայմանների իրենց ելման դիրքեր չվերադառնալու դեպքում, ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել այլ, այդ թվում՝ նաև ուժային տարբերակով։ [ՀՀ ՊՆ]   18։23-  «Արմենպրես»-ի տրամադրության տակ է հայտնվել ԽՍՀՄ Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի 1։100 000 մասշտաբով Թիվ J-38-21 քարտեզը, որի համաձայն՝ Սև լիճն (նիշը՝ 2657.5 մ) իր արևմտյան, հարավային և արևելյան ողջ ափեզրով գտնվում է Հայկական ԽՍՀ սահմաններում։ Ադրբեջանական ԽՍՀ տարածքում է գտնվում լճի հյուսիսային ափեզրի մի հատված՝ լճի ընդհանուր հայելու մոտ 10 % մակերեսով։ Սև լճից արևելք անմիջական հարևանությամբ գտնվող Սագի լիճը ըստ հիշյալ քարտեզի ամբողջությամբ գտնվում է Հայկական ԽՍՀ տարածքում։  |armenpress.am|   17։16- Մենք շարունակում ենք սերտորեն հետևել իրավիճակին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային միջադեպի առնչությամբ: Ռուսական կողմն աջակցում է Բաքվին և Երևանին՝ բարձրագույն և բարձր մակարդակի կանոնավոր շփումների միջոցով լարվածությունը թուլացնելու հարցում: Գործառնական հաղորդակցությունը պահպանվում է մեր երկրների ռազմական և սահմանային ծառայությունների միջոցով։ Ռուսաստանը հակամարտության լուծումը տեսնում է սահմանների դելիմիտացիայի գործընթացի մեկնարկում՝ դրան հաջորդող դեմարկացիայով: [ՌԴ ԱԳՆ] |tert.am|   17։05- Հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև երեկ վիճաբանություն է եղել: Վիճաբանությունը եղել է հայկական կողմում արգելափակված ադրբեջանցի զինվորականների հետ, վեճը շատ արագ հարթվել է։ [ՀՀ ՊՆ] |tert.am|   15։28- Սաղ սուտ ա, ոչ մի բան իրականությանը չի համապատասխանում: Թե ով է նման տեղեկատվություն տարածում՝ չեմ կարողանում գտնել: Մի կրակոց անգամ չի եղել։ Պարզապես թեթևակի առաջխաղացում է եղել, հետո հետ են գնացել․հետները զրուցել եմ, իրար հասկացել ենք՝ հետ են գնացել իրենց տեղերը: [Հաթերք համայնքի ղեկավար Վարդան Գրիգորյանը՝ Հաթերքում դիրքեր առաջ տալու վերաբերյալ] |civilnet.am|   11։58- Իրադրությունը համեմատաբար հանգիստ է, հայկական ԶՈՒ ստորաբաժանումները կանխում են ՀՀ տարածք մուտք գործած ադրբեջանցի զինվորականների թիկունքային ապահովման փորձերը։ Թե՛ Սյունիքի, և թե՛ Գեղարքունիքի մարզերի ամբողջ բնագծերով իրադրությունը լիարժեք վերահսկվում է հայկական ԶՈՒ կողմից։ Նախատեսվում է, որ ստեղծված իրադրության լիարժեք հանգուցալուծման շուրջ բանակցությունները կշարունակվեն վաղը։ [ՊՆ] 11։09- ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը մայիսի 17-ի երեկոյան զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Սալիվանն անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության առնչությամբ և ընդգծել այդ տարաձայնությունները խաղաղ տարբերակով կարգավորելու անհրաժեշտությունը: Նա նաև ընդգծել է կողմերի կողմից միջազգային սահմանի դեմարկացիայի հարցի կառուցողական քննարկման անհրաժեշտությունը: Ալիևը համաձայնել է Սալիվանի հետ այն հարցում, որ անհրաժեշտ է սահմանի դելիմիտացիայի բանակցություններ սկսել և ընդգծել այդ գործընթացի՝ 2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարությանը համապատասխանելու կարևորությունը: |tert.am|   10։06- Կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղար, ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահ Նասրուլլո Մախմուդզոդայի հեռախոսազրույցը։ Գրիգորյանը Մախմուդզոդային է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը այս պահին: Վերջինս նշել է, որ Տաջիկստանի նախագահի կողմից արդեն տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ այս խնդրով ՀԱՊԿ ԱԳ նախարարների կոմիտեի նիստի շրջանակներում հարցի համապարփակ քննարկման նպատակով:   17․05․2021 22:45- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ է համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները և տեղեկացրել, որ ԱՄՆ դիրքորոշումը ներկայացվելու է նաև ադրբեջանական ղեկավարությանը՝ պահանջով դուրս բերել իրենց ուժերը ՀՀ տարածքից: Խորհրդական Սալիվանը բարձր է գնահատել տվյալ իրավիճակում հայկական կողմի ցուցաբերած զսպվածությունը և հարցերը ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ճանապարհով լուծելու քայլերը:21:55- Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, նախորդ օրվա համեմատ, էական փոփոխություններ չի կրել։ Մայիսի 16-ին կայացած բանակցություններից հետո ՀՀ տարածք մուտք գործած ադրբեջանական ԶՈՒ-երի ներկայացուցիչների մի քանի խումբ վերադարձել է իրենց ելման դիրքեր։ Այդուհանդերձ, զինվորականների մի մասը շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում։ [ՀՀ ՊՆ]20:07- Տեղի է ունեցել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հեռախոսազրույցը։ Գրիգորյանը Զասին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին այս պահի դրությամբ փաստացի իրավիճակը: Խոսակցության ընթացքում Արմեն Գրիգորյանը ընդգծել է, որ ադրբեջանական կողմի պահանջներն ու հավակնությունները որևէ հիմնավորվածություն չունեն: Կողմերը քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում գոյություն ունեցող մեխանիզմները, որոնք հնարավորություն են տալիս արագ և ամբողջական կերպով հանգուցալուծել ստեղծված իրավիճակը: Զասը հավաստիացրել է, որ իր լիազորությունների շրջանակներում ակտիվորեն կնպաստի խնդրի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված քայլերի իրականացմանը:19:45- Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը կոչ է արել Բաքվին և Երևանին պայմանավորվել Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերը դուրս բերելու շուրջ: Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ծագած վերջին լարվածության հետ կապված՝ ԱԳ նախարարը հիշեցրել է Ֆրանսիայի խորը մտահոգությունն ու հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը: Ֆրանսիան ուշադիր հետևում է իրավիճակին ու կոչ է անում կողմերին շարունակել երկխոսությունը՝ Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի անհապաղ դուրս բերումն ապահովելու նպատակով։ [Ֆրանսիայի ԱԳՆ]  |armenpress.am|19։13- Վաղարշակ Հարությունյանն իր ռուսաստանցի գործընկերոջը ներկայացրել է մայիսի 12-ին և 13-ին ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրությունը։ ՌԴ պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ խնդիրը գտնվում է Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում, և որ պաշտոնական Մոսկվան գործադրելու է անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման համար։ [ՀՀ ՊՆ]   19։00- ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Նիկոլայ Պատրուշևի հետ: Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը և անդրադարձ կատարել այս հարցի առնչությամբ վերջին զարգացումներին: Գրիգորյանը բարձր է գնահատել ռուսական կողմի ակտիվ ջանքերը սույն խնդրի արագ և ամբողջական կարգավորման գործում: Կողմերը կարևորել են մայիսի 19-ին Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների նիստը՝ ՀԱՊԿ շրջանակներում սույն խնդրի համակողմանի քննարկման համար: Ստեղծված իրավիճակին ՀԱՊԿ արձագանքման տեսանկյունից քարտուղար Գրիգորյանը կարևորել է ՀԱՊԿ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի հնարավոր անցկացումը:[ՀՀ ԱԽ գրասենյակ]   17։18- 2021թ. հունվարի 11-ի հայտարարության կետերի համաձայն՝ ստեղծված աշխատանքային խմբում «Զանգեզուրի միջանցքի» կամ որեւէ միջանցքի հարց չի քննարկվել եւ չի քննարկվում: Փոխվարչապետների մակարդակով քննարկումներն ընթանում են տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ: [ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակ] |armtimes.com|   17։14- Կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Հարությունյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը, և սահմանային հատվածներում երկու կողմից էլ մեծ ուժեր են կուտակված, իրավիճակը արագ չհանգուցալուծելու դեպքում հետևանքները կարող են անկանխատեսելի լինել։ Զասը նշել է, որ ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են ստեղծված իրադրության շուրջ զարգացումներին։ [ՊՆ]   16։31- Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին եւ Ադրբեջանին սահմանազատման հարցում: Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ էմոցիաների սրման որեւէ պատճառ չկա։ Ոչ մի կրակոց չի արձակվել, որևէ փոխհրաձգություն տեղի չի ունեցել: Նրանք հանգիստ սկսել են պայմանավորվել, թե ինչպես կարելի է մեղմել իրավիճակը: Մեզնից օգնություն են խնդրել, մեր զինվորականներն օգնություն են ցույց տվել․ պայմանավորվածություն է ձեռք բերվել: [ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ լավրով] |ria.ru|   14։49- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի իրագործումն այլընտրանք չունի, և այժմ ակտիվ ջանքեր են գործադրվում՝ լարվածությունը թուլացնելու և սահմանին իրավիճակը շտկելու համար։ [ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով] |armtimes.com|   14։40- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ անդամ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ։ Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունը և կարևորել խնդրի լուծման նպատակով ՀԱՊԿ գործընկերների դիրքորոշումների համադրումը։ [ՀՀ կառավարություն]   13։23- Ադրբեջանի նախագահը պնդում է, թե հայկական կողմն անհամարժեք է արձագանքում սահմանին ստեղծված իրավիճակին։ Այս մասին Իլհամ Ալիևն ասել է ՀԱՊԿ անդամ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևի հետ հեռախոսազրույցում։ Ալիևը նշել է, որ այս առնչությամբ «ՀԱՊԿ-ին դիմելու Երևանի որոշումը ոչ այլ ինչ է, եթե ոչ խնդիրը միջազգայնացնելու փորձ, ինչը բոլորովին անհիմն է»։ Ադրբեջանի նախագահն ընդգծել է,որ սահմանին բախումներ չեն եղել, բանակցություննեը շարունակվում են։ |azatutyun.am|   12։16- Երեկ մինչև ուշ երեկո բանակցությունները շարունակվել են, չորեքշաբթի օրը բանակցությունները շարունակվելու են: Բանակցություններն ունեն մեկ թեմա՝ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները պետք է դուրս գան ՀՀ տարածքից: Քանի դեռ սա տեղի չի ունեցել, իրավիճակը գնահատում ենք որպես ճգնաժամ, որը սպառնալիք է ստեղծում ՀՀ ինքնիշխանության, կայունության, տարածքային ամբողջականության համար։ [Նիկոլ Փաշինյանը՝ ԱԽ նիստում]   12։19- Մայիսի 12-ից հետո, երբ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողներ հատել են հայ-ադրբեջանական սահմանը՝ իրադրությունը ունեցել է հետևյալ դինամիկան. սկսած ամսի 14-ից՝ զինծառայողների որոշ խմբեր դուրս են եկել ՀՀ տարածքից, նման պրոցես տեղի է ունեցել նաև երեկ երեկոյան, նաև նախանշան կա, որ կարող է այսօր տեղի ունենալ, բայց ընդհանուր առմամբ, ռազմաքաղաքական իրադրությունն ամսի 12-ից հետո համարում եմ անփոփոխ: Նշանակում է, որ պետք է շարունակենք գործարկել ՀԱՊԿ մեխանիզմները և պետք է շարունակենք աշխատել հայ-ռուսական դաշնակցային մեխանիզմների գործարկման ուղղությամբ: Մեր դիրքորոշումը հստակ է․ ադրբեջանցի զինծառայողները պետք է լքեն ՀՀ տարածքը: [Նիկոլ Փաշինյանը՝ ԱԽ նիստում]   12։15- Ուզում եմ շեշտել, որ ՀՀ-ն երբեք միջանցքի հարց չի քննարկել և չի քննարկելու: Այն քննարկումները, որ մենք ունեցել ենք՝ հրապարակային են, դրանք արտահայտված են հունվարի 11-ի համատեղ հայտարարության և եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հետ կապված պաշտոնական տեղեկատվության մեջ: Ուզում եմ ասել, որ տարածաշրջանի կոմունիկացիների բացումը, այո, մեր քաղաքական օրակարգում է, բայց դա որևէ կերպ չի կարող կապ ունենալ «միջանցքային» պրոպագանդայի հետ, որն այսօր շարունակում են քարոզել Ադրբեջանի և Հայաստանի կոնկրետ քաղաքական շրջանակներ: [Նիկոլ Փաշինյանը՝ ԱԽ նիստում]   12։09- Առավոտյան տեղի ունեցած ԱԽ նիստից հետո հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության եւ ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում: Բացի ներքին անվտանգային միջոցառումներից՝ Հայաստանը էլ ավելի է ակտիվացնում Հավաքական անվտանգության պայմանագրով եւ հայ-ռուսական ռազմավարական համակարգով նախատեսված արձագանքման ընթացակարգերը: [Նիկոլ Փաշինյան] 16․05․2021թ․ 23։06- ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Առանցքային թեման ՀՀ սահմանամերձ մարզերում ադրբեջանական զինված ուժերի հրահրմամբ ստեղծված իրադրությունն էր և լարվածության նվազեցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտությանը։ Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցների ձեռնարկման հրամայականը։ [ՀՀ ԱԳՆ]   20։04- ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նամակ է հղել  Տաջիկստանի ԱԽ քարտուղար, ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահ Ն. Ռ. Մախմուդզոդային և ներկայացրել Հայաստանի սահմանամերձ շրջաններ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցման մասին փաստեր: Գրիգորյանն առաջարկել է անցկացնել ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի արտահերթ նիստ: Նամակի պատճենն ուղարկվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ս. Վ. Զասին։ [ԱԽ]   16:08- Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ անդամ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունը և կարևորել խնդրի լուծման նպատակով ՀԱՊԿ գործընկերների դիրքորոշումների համադրումը։12:12- Սահմանային խնդիրների սկզբնապատճառը Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների ապօրինի օկուպացումն է մինչև 2020-ի նոյեմբերը։ Հենց Հայաստանն է խախտում Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Ադրբեջանը վերականգնում է միայն իր միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Հասկանալի է, որ Հայաստանի ոչ ադեկվատ արձագանքը և սադրիչ հայտարարությունները կապված են այդ երկրի նախընտրական իրավիճակի հետ։ Այդ հարցը որպես քաղաքական գործիք օգտագործելու Հայաստանի փորձերն անընդունելի են։ Խորհուրդ ենք տալիս Հայաստանին ճանաչել միջազգային սահմանի երկայնքով միջպետական սահմանային ռեժիմի իրականությունը և կառուցողական կերպով լուծել ադրբեջանական կողմի հետ սահմանային հարցերը երկկողմ խողովակներով։ [Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևա] |civilnet.am|11:11- Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային հատվածներում ստեղծված իրադրությունը մայիսի 16-ի առավոտյան դրությամբ, ընդհանուր առմամբ, չի փոխվել։ Գիշերն ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է հայկական ստորաբաժանումների կողմից։ Հիշեցնենք, որ բոլոր երեք ուղղություններում ադրբեջանական զինուժը զրկված է սպառազինության և այլ միջոցների համալրման հնարավորությունից։ Իրադրությունը կայուն է, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները ամրաշինական որևէ գործողություն չեն իրականացնում և իրավիճակի սրման փորձեր չեն անում։ [ՀՀ ՊՆ]10:33- Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Կութ գյուղում՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, Վարդենիս համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելելով գյուղ։ Արձանագրվել է, որ Կութ գյուղն ու դպրոցը հայտնվել են ադրբեջանական զինծառայողների նշանառության տակ: Մարդկանց մի մասը չի կարողանում օգտվել արոտավայրերից, զբաղվել անասնապահությամբ, որն իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, վտանգված է ոռոգման նպատակով ջրային պաշարների հասանելիությունը: [ՀՀ ՄԻՊ]10:17- Հայաստանի սահմաններին լարված ճգնաժամային իրադրության պայմաններում, Ադրբեջանում այսօր մեկնարկում են լայնամասշտաբ զորավարժություններ: Մեր ունեցած դիվանագիտական բոլոր խողովակներով փոխանցել ենք նաև այս տեղեկությունը՝ որպես թշնամու սադրանքների շարունակություն և տարածաշրջանի խաղաղության ու կայունության սպառնալիք: [Էդմոն Մարուքյան]Լուսանկարը՝ Armenian Geographic-ի։   Իրավիճակը Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանին (21.05.21 - 26․05․21)   Իրավիճակը Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանին (12․05․21 - 15․05․21)
23:57 - 20 մայիսի, 2021
Ունենք Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են մեր ԶՈՒ-երի վերահսկողության ներքո․ Փաշինյան

Ունենք Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են մեր ԶՈՒ-երի վերահսկողության ներքո․ Փաշինյան

Ընդդիմությունն ամեն ինչ անում է, որ զորքերը դուրս չգան․ էդ մարդիկ Ադրբեջանի քարոզչական պայքարի գործակալներ են։ Աժ արտահերթ նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ «Ես կասկած չունեմ, իրենք չեն ուզում, որ զորքը դուրս գա, ընդհակառակը՝ ասել են՝ պատերազմ ա լինելու, մի շաբաթ ամեն օր սպասում են, որ էդ պատերազմը կայանա։ Եւ չեն կարողանում տանել էն իրավիճակը, որ իրավիճակը թեկուզ դժվարությամբ, բայց կառավարվում է։ Մի ժամանակ մեզ մեղադրում էին, որ պատերազմը չենք կանխել, հիմա էլ մեղադրում ենք, որ թույլ չենք տվել»,- ասաց նա՝ հայտարարելով, որ բանակցությունների ընթացքում ադրբեջանական կողմից ձեւակերպվող թեզեր կան, որոնք ինքը նախ լսում է մեր ընդդիմության ներկայացուցիչներից, հետո Ադրբեջանից։Փաշինյանը համոզված է, որ որոշ մարդիկ այդ թղթերը ստանում են ադրբեջանական կողմից։Փաշինյանն ԱԺ նիստում խոսեց դեմարկացիայից ու դելիմիտացիայից։ Նրա խոսքով՝ դելիմիտացիան այն է, որ կողմերը համաձայնում են, թե սահմանի նշումն ինչ քարտեզների հիման վրա պետք է անեն, եւ համաձայնությունները գծում են քարտեզի վրա, իսկ դեմարկացիան այն է, երբ այդ քարտեզով գնում են, GPS-ով տեսնում են՝ այս կոորդինատն այն կոորդինատն է, որը քարտեզի վրա է, թե ոչ։ «Դեմարկացիան ու դելիմիտացիան մեկ օրվա գործ չեն։ Օրինակ, հետխորհրդային՝ մեր տարածաշրջանի երկրները, չնայած 30 տարի առաջ սկսել են այս գործընթացը, ոչ մեկը ավարտին չի հասցրել։ Անընդհատ խոսվում է, որ մենք ինչ-որ տարածքներ ենք հանձնում․․․ Սիրելի հայրենակիցներ, այսօր արցախյան առաջին պատերազմի հետեւանքով ավելի քան 70 քառակուսի կմ Սովետական Հայաստանի տարածքներից գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Էսօր մենք սահմանամերձ գյուղեր ունենք, որ 30 տարի չունեն վարելահող։ Մենք էլ ունենք Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են մեր ԶՈՒ վերահսկողության ներքո։ Ավելին՝ դեռեւս 90-ականներից կան Ադրբեջանի ԶՈՒ մարտական դիրքեր, որոնք գտնվում են Սովետական Հայաստանի տարածքում»,- ասաց նա։
20:31 - 20 մայիսի, 2021
Այդ փաստաթղթերը ստացվում են ԱԳՆ խողովակներով․ դա տրվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն, դեսպանատունն ուղարկում է նախարարություն․ Փաշինյան

Այդ փաստաթղթերը ստացվում են ԱԳՆ խողովակներով․ դա տրվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն, դեսպանատունն ուղարկում է նախարարություն․ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում անդրադարձավ այն հայտարարություններին, ըստ որոնց ԱԳՆ-ն տեղյակ չէ ստորագրվելիք փաստաթղթից։ «Արտգործնախարարությունը տեղյակ չի․ այդ փաստաթղթերը ստացվում են ԱԳՆ-ի խողովակներով։ Ես ո՞նց եմ ստանում դա։ Ո՞նց եմ ես դա ստանում, կարա՞ մեկը բացատրի։Այն տրվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն, դեսպանատունն ուղարկում է նախարարություն, նախարարին, նախարարն էլ ուղարկում է ինձ։ Հիմա էնպիսի ժամանակներ են, մարդիկ․․․ Երեւի Միշիկի անունը լսելիս ոտքները թուլանում է, ասում են՝ մենք չենք»։ Հիշեցնենք, որ Արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ԱԳՆ-ն տեղյակ չի ստորագրվելիք փաստաթղթից, որի մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում խոսել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
20:05 - 20 մայիսի, 2021